Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-19, 10.18.03
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » RELIGION » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Армянская Апостольская Церковь » «ՀԻՆ ՑԱՎԸ»` ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
«ՀԻՆ ՑԱՎԸ»` ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
AdminДата: Четверг, 2010-01-21, 02.52.06 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
«ՀԻՆ ՑԱՎԸ»` ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)» թեմայով: Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 թ. աշխատում է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում որպես դասախոս:
Հովհաննես Հովհաննիսյան

Հայ առաքելական եկեղեցու կյանքում հոգևորականության դերի արժեքային վերլուծությունն ինչպես տեսական, այնպես էլ պատմական տեսանկյունից հետազոտական հսկայական դաշտ է, որն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Քննարկվող հիմնահարցն առավել սրությամբ ներկայացավ հատկապես 20-րդ դարասկզբին, երբ միմյանց հակադրվեցին պահպանողական և ժամանակաշրջանի ազատական հոսանքների տեսակետները:

Հարկ է նկատել, որ գաղափարական բախում տեղի էր ունենում ոչ միայն հոգևորականների և աշխարհիկ-քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այլև հենց հոգևորականության ներկայացուցիչների միջև: Այդ բախումն առավել սուր բնույթ էր ստանում հատկապես եկեղեցու բարենորոգության հարցերի քննարկման ժամանակ, որոնցից առավել հակասականը հոգևորականներին, մասնավորապես քահանաներին վերաբերող հարցերն էին:
Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իրականացնում էր նաև հասարակական կյանքը կարգավորող բազմաթիվ գործառույթներ, որոնց իրականացնողները տեղերում հիմնականում ցածրաստիճան հոգևորականներն էին կամ քահանաները: Հոգևորականի անձի մեջ հասարակական-քաղաքական և հոգևոր գործառույթների համատեղ իրագործումը հակազդեցություն էր գտնում հասարակական-քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք անզիջում պայքար էին ծավալել հայ հասարակական կյանքի ազատականացման, աշխարհականացման, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր ոլորտների զատորոշման համար:
Հայ ազատախոհական և ժողովրդավարական մտքի ներկայացուցիչները եկեղեցու և հատկապես նրա սպասավորների քննադատությունն իրականացնում էին հիմնականում արժեքային և աշխարհայացքային կողմնորոշիչների հիման վրա: Արժեքային դաշտում հիմնահարցի քննարկումը հետաքրքրական էր հատկապես այն տեսանկյունից, որ հոգևորականի` ժողովրդի հոգևոր կարիքների բավարարմանը կոչված այդ անձի ընտրությունները ծխական համայնքներում հաճախ վերածվում էին զավեշտալի բախումների, որոնց պատճառով այդ կոչումը և այդ կոչման ետևում կանգնած կառույցը զրկվում էին իրենց իրական իմաստից և վերածվում քաղաքական գործառույթներ իրականացնող մի մարմնի :
Փաստորեն, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու կյանքում իր բարձիթողի վիճակով աչքի էր ընկնում քահանաների խնդիրը, որի լուծմանն էլ ուղղված էին 20-րդ դարասկզբի եկեղեցական կյանքում ի հայտ եկած բարենորոգչական ուղղությունները: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ այս ոլորտում բարենորոգության պահանջը գալիս էր ինչպես հայ հասարակական-քաղաքական շրջանակներից, այնպես էլ ազատամիտ և պահպանողական հռչակված հոգևորականության ներկայացուցիչներից:
Ավելորդ չէ հիշատակել նաև, որ «եկեղեցի» եզրը մշտապես զուգորդվել է «հոգևորական» կամ «քահանա» հասկացության հետ: Պպտահական չէ, որ 20-րդ դարասկզբի բոլոր բարենորոգչական նախաձեռնությունների առանցքը կազմում էր Հայ եկեղեցու նվիրապետական դասի բարենորոգությունը : Սխալված չենք լինի, եթե ասենք, որ գործնական կյանքում նվիրապետական դասի կարևորագույն օղակը համարվում է քահանայական դասը, քանի որ քահանան է եկեղեցու ներկայացուցիչը ժողովրդի մեջ, և շատ դեպքերում նրա բարոյական նկարագրից է կախված ժողովրդի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հանդեպ:
Խնդրո առարկա հարցի կարևորությունը ապացուցում է նաև այն հանգամանքը, որ 20-րդ դարասկզբին Հայ եկեղեցու բարենորոգության հարցերով զբաղվող թե' պահպանողական և թե' լիբերալ հեղինակներն իրենց հոդվածներում ու վերլուծություններում բավականին մեծ տեղ են հատկացրել հատկապես քահանաների խնդրին: Այնքան մեծ են եղել հարցի սրությունը և նշանակությունը, որ ժամանակի հայկական մամուլում այն ստացել էր «Հին ցավ» անվանումը` դրանով իսկ ևս մեկ անգամ շեշտելով խնդրի վաղեմությունը և կարևորությունը հայ ժողովրդի և Հայ եկեղեցու կյանքում: Խնդիրն առավել էր բարդանում այն պատճառով, որ Հայ եկեղեցու կյանքի կարևորագույն ոլորտներից մեկը մշտապես ենթարկվում էր իրավիճակային լուծումների, դրա համար էլ չէր լուծվում եկեղեցու համար համակարգային նշանակություն ունեցող այդ հարցը:
20-րդ դարասկզբի հայ հասարակական կյանքում տեղ գտած երևույթների համատեքստում եկեղեցու բարենորոգության հարցը կարելի է բաժանել երկու հիմնական ոլորտների` քահանայական հարց և Ս. Էջմիածնի միաբանության հարց: Սրանք այն հիմնական հարցերն էին, որոնք փոթորկել էին Հայ եկեղեցու անդորրը և եկեղեցին կանգնեցրել բարդ հիմնախնդիրների առջև: Ընդունելով, որ վերոնշյալ երկու խնդիրներն առաջնային նշանակություն են ունեցել եկեղեցու կյանքում, այնուամենայնիվ, դարասկզբի նշանավոր բարենորոգիչների հոդվածները քննական վերլուծության ենթարկելիս տեսնում ենք, որ բարենորոգության առաջարկվող հարցերի շրջանակն իրականում եղել է առավել ընդգրկուն: Այն ներառել է եկեղեցու վարչական կառույցին, թեմերին, կաթողիկոսական ընտրությանը, կուսակրոնությանը, ծեսերին և մի շարք այլ խնդիրների առնչվող հարցեր:
Բարենորոգության կողմնակիցների տեսակետների վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն հետևությանը, որ նրանք բոլորն էլ միահամուռ շեշտադրում էին քահանայական դասի կրթվածության աստիճանը և վարքագիծը, քանի որ քահանան անմիջականորեն շփվում էր ժողովրդի հետ, ժողովրդին էր ներկայացնում եկեղեցին և իր անձով պայմանավորում համայնքի վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ : Քահանաների խնդրի քննարկումն առավել բարդանում էր նրանով, որ ժողովուրդը նրանց դիտում էր ոչ միայն հոգևոր խնդիրների, այլև նյութական պետքերի բավարարման տեսանկյունից. «Քահանան պիտի լինէր և Աւետարանի քարոզիչ, եկեղեցու պաշտօնեայ, և ուսուցիչ և գիւղատնտես և բժիշկ և փաստաբան ... » :
Այս առումով` քահանաների խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումով և առաջադրած լուծումներով առանձնանում էր մշակական հոսանքին պատկանող Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը: Վերլուծելով խնդրո առարկա հարցը` եպիսկոպոսը բարենորոգություն իրականացնելու համար առանձնացնում էր փոխկապակցված հետևյալ հարցերը. ա) ունենալ կրթված քահանաներ, բ) կրճատել քահանաների թիվը. 2-3 գյուղի համար ձեռնադրել մեկ քահանա, գ) վերացնել կամավոր տուրքերը և ռոճիկ նշանակել, դ) եկեղեցիներում վերացնել գանձանակ շրջեցնելը, ե) վերացնել ժողովրդի մեջ մնացած հեթանոս սովորույթները, զ) եկեղեցիները զարդարել և բարեկարգել միօրինակ, է) աստվածապաշտությունը եկեղեցում դարձնել միօրինակ և այլն : Այս տեսակետից, եթե Կարապետ Տեր-Մկրտչյանի և Երվանդ Տեր-Մինասյանի հայացքների ձևավորման գործում դեր է խաղացել բողոքականությունը, ապա Արիստակես Սեդրակյանի հայացքներում ակներև է ուղղափառ (նիկոնական) եկեղեցու օրինակով բարենորոգումներ անցկացնելու ոգին:
20-րդ դարասկզբին խնդրո առարկա հարցն այնքան էր սրվել ու խորացել, որ հարցի անմիջական կարգավորմամբ զբաղվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը: Եկեղեցու «անապականությամբ» շահագրգիռ ամենակարևոր անձը լինելով` կաթողիկոսը որոշակի հոգևոր սահմանափակումներ հաստատեց հոգևորականների համար` օտարների աչքում պատկառանք ներշնչած Հայ եկեղեցու պատիվը պաշտպանելու համար: 1904 թ. նոյեմբերի 25-ին Խրիմյան Հայրիկը մի կոնդակ է հրապարակում, որով ապօրինի կենակցող քահանաներին արգելեց եկեղեցական հաղորդություն ստանալ և եկեղեցական ծեսի համաձայն թաղում կատարել: Այս կոնդակով վերահաստատվեց Ներսես Ե Աշտարակեցու հաստատած այն կանոնը, որով ապօրինի կենակցողները զրկվում էին հաղորդությունից և միայն զղջման դեպքում էին թոշակ ստանում: Նման մարդկանց մահվան դեպքում քահանան որևէ արարողություն չէր իրականացնում, այլ միայն հետևում էր դագաղին` երգելով «Ողորմած Աստուած»-ը: Կոնդակի հրապարակումից իսկ ակնհայտ է, թե ինչպիսի լրջություն էր ներկայացնում խնդիրը Հայ եկեղեցու համար, որ կաթողիկոս Խրիմյանին դրդել էր դիմել նման քայլի : Ցավոք, այս կոնդակի հրապարակումից հետո էլ խնդիրը վերջնականապես լուծում չստացավ, քանի որ այն կապված էր համակարգային նշանակություն ունեցող հոգևոր, կրթադաստիարակչական, բարոյական մի շարք խնդիրների հետ:
Այս տեսակետից հետաքրքրական է հատկապես սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը, որտեղ քահանաների խնդրով զբաղվող հեղինակների մեծամասնությունն անվերապահ պնդում էր, թե խնդրի բարդությունն առաջին հերթին պայմանավորված էր իրավական նորմերի և կանոնների բացակայության փաստով: Այնուամենայնիվ, նման մոտեցում դավանող հեղինակներն անվերապահ ընդունում էին, որ առանց եկեղեցական կանոններին և բարոյական նորմերին հավատարիմ հոգևորականության անհնար են օրենքի պահպանությունն ու գործադրությունը: Չնայած գրեթե բոլոր բարենորոգիչներն անընդհատ շեշտում էին անձնականացումից վեր կանգնելու գաղափարը, այնուամենայնիվ, նրանք չէին կարող չընդունել, որ առանց բարեխիղճ հոգևորականների Էջմիածնի Մայր Տաճարը դատապարտված է: Առանց օրենքը հարգողի և գործադրողի այդ օրենքը սին է և փուչ. «… Օրէնք ու կանոն ապակիէ շրջանակներու մէջ դնելով պատէ կախելը, չփոխեր կացութիւնը, եթէ օրէնքը գործադրողները խղճամիտ և պարտաճանաչ չըլլան: Օրէնք և գործադրող իրար կը լրացնեն և առանց մէկ միւսին չըլլար, և ասոնցմէ մէկը առանձին արդիւնք չկրնար չարտադրել» :



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Четверг, 2010-01-21, 03.15.18 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Այս առումով` եկեղեցու բարենորոգության հարցով մտահոգ բոլոր գործիչները միահամուռ և համոզված վկայում են, որ եկեղեցու բարենորոգությունը վերաբերում էր նվիրապետական դասին և նրա ամենաստվար հատվածին` քահանաներին: Ավելորդ չէ նշել, որ եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է , իսկ ժողովրդին եկեղեցի տանող կամ եկեղեցուց վանող նվիրապետական դասը ժողովրդին ամենից մոտ կանգնած հոգևորականներն են: Եկեղեցու և եկեղեցականության հարաբերակցության մասին ահա թե ինչ է նշում Մ. Սերոբյանը. «Եկեղեցի մը, թէ իսկ ըլլայ բարեկարգեալ, առանց արժանաւոր պաշտօնէի, անխօս արձան մըն է, որ կրնայ արուեստին մասնագէտները հրապուրել, բայց ոչ ամբողջ ժողովուրդ մը: Եւ որովհետեւ ժողովրդի մեծ զանգուածն է, որ կենդանի եկեղեցին կը կազմէ, պէտք է անոր մէջ արթընցնել իր հաւատին գիտակցութիւնը, իր եկեղեցիին սէրը, և անոր նուիրելու խանդն ու շունչը» :
Քահանաների խնդրի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դարասկզբին հասարակական կյանքում եկեղեցու ունեցած ազդեցության համատեքստում նորովի արժևորման կարիք էր զգում նաև հոգևոր դասի նկատմամբ ժողովրդական զանգվածների և աշխարհիկ-հասարակական գործիչների վերաբերմունքը: Պետք է, անշուշտ, նշել, որ հասարակական կյանքում եկեղեցու ունեցած գերիշխող դիրքը չէր կարող դրական գնահատանքի արժանանալ հասարակական կյանքում առաջնայնության ձգտող հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչների կողմից, և այդ պատճառով էլ աշխարհիկ տեսաբանների, ժամանակաշրջանի պատմագիրների և հրապարակախոսական մամուլի ներկայացուցիչների մեծ մասը քննադատական սլաքն ուղղում էր հոգևոր դասի և նրա ամենախոցելի ներկայացուցիչների` քահանաների դեմ:
Քահանաների խնդիրը կամ «հին ցավի» հետ կապված հարցերը քննելիս բոլոր հեղինակներն առաջին հերթին փորձ են կատարում վերլուծել դրանց առաջացման պատճառները և արժևորման միջոցով մատնանշել խնդրի լուծման արդյունավետ ուղիներն ու տարբերակները: Այսպես, ականավոր եկեղեցական գործիչ Կարապետ Տեր-Մկրտչյանը խնդրի առաջացման մեղավոր է համարում ոչ միայն ժողովրդի խավար մտածողությունը, այլև հոգևոր բարձրագույն իշխանությանը :
«Մեղավորներ որոնելու հարցում» Կարապետ Տեր-Մկրտչյանի տեսակետն էապես տարբերվում էր աշխարհիկ գործիչների տեսակետից: Մասնավորապես խնդրո առարկա հիմնահարցի վերաբերյալ Լ.Սարգսյանի` «Մշակ»-ում տպագրված հոդվածաշարում հիմնական մեղավոր էին հռչակվում «կղերականները»` ի դեմս նրանց երևելի ներկայացուցիչների` աստվածաբանների : Այս առումով` Կ.Տեր-Մկրտչյան - Լ.Սարգսյան հակադրությունը դրսևորվում էր ոչ միայն եկեղեցու բարենորոգության հարցի ըմբռնման շուրջ, այլև «աստվածաբան» հասկացության շուրջ ընդհանրապես: Աշխարհիկ բարենորոգչի կարծիքով` աստվածաբանությունը ոչ միայն չի օգնում, այլև խոչընդոտում է եկեղեցու առաջընթացին: Ոչնչով չհիմնավորված այս տեսակետը հեղինակը փորձում էր «ապացուցել» Ներսես Աշտարակեցու կամ Խրիմյան Հայրիկի աստվածաբանության մեջ խորամուխ չլինելու հանգամանքով: «Տէրտէրն իր ծէսերն է կատարում առանց աստուածաբանութեան, քարոզիչն առանց այդ «աստուածաբանութեան» աւելի կենդանի, սրտառուչ և ժողովրդի ցաւերին մօտ լեզուով է խօսում» ,- գրում է Լ. Սարգսյանը: Իրականում Հայ եկեղեցու և հայ հասարակության կյանքում «հին ցավ» կոչվող երևույթը տեղ էր գտել առավելապես հասարակության և հոգևորականության ոչ կրթյալ վիճակից, իսկ կենդանի խոսքի քարոզիչն առանց համակարգված գիտելիքների անկարող էր ժողովրդի մեջ լուրջ քարոզչական աշխատանքներ իրականացնել: Ի տարբերություն Լ. Սարգսյանի հակաաստվածաբանական ըմբռնումների` ժամանակի եվրոպական կաթոլիկ և բողոքական համալսարաններն օրավուր ավելի էին կարևորում աստվածաբանական գիտությունների ուսումնասիրությունը:
Աստվածաբանների դեմ ուղղված իր հարձակումը Լ. Սարգսյանը բացատրում էր այն բարձիթողի վիճակով, որ պատել էր հայոց եկեղեցական թեմերը. գրասենյակային «անմիտ» աստվածաբանական բանավեճերը պետք է փոխարինվեին կենդանի քարոզով` ժողովրդին մոտ կանգնած լինելով, նրանց վերքերին դարման դնելով: «Մեր ճեմարանական և արմաշական կուսակրօններին պէտք է յիշեցնել, որ կուսակրօնութիւնը սուտ ճգնավորութիւն չէ և մանաւանդ անդորրասիրութիւն, այլ մի կամաւոր զինուորութիւն, որի նպատակն է` անձնազոհութեամբ նուիրվել իր հօտի բարօրութեան համար, գործադրելով այն միջոցները, որ տալիս է ազգային եկեղեցին» : Հատկապես ողբերգական համարելով Ատրպատականի թեմի վիճակը` նա կոչ էր անում հայ հոգևորականությանը զբաղվել այդ գործերով և ոչ թե «դատարկ» գիտությամբ :
Այդ կապակցությամբ Լ.Սարգսյանի հոդվածների անաչառ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա հատկապես սկզբնական շրջանում նվիրապետական դասի վերլուծությանն անդրադարձել է միակողմանիորեն: «Ալտրուիզմը» որպես ելակետային գաղափարախոսություն ունենալով` նա վերլուծում է եկեղեցական կառույցը և հոգևոր դասի վարքագծային նորմերը: Տուրք տալով ալտրուիստական մոտեցմանը` նա պնդում էր, որ եկեղեցին և հոգևորականությունը կոչված են ծառայելու ընդհանուրի շահերին, քանի որ Քրիստոս ևս ընդհանուրի համար իրեն զոհեց: «Որտեղ ընդհանրութիւնը, ժողովուրդը կամ նրա ընտրածները չեն քննում օրէնքները, այլ մէկի կամ մի քանիսի քմահաճութիւնը օրէնք է յայտարարվում և կամքը` անսխալական, այնտեղ կամայական րեժիմ է տիրապետում, որը ձեռնտու է միայն այն անձանց, որոնց ձեռքումն է իշխանութեան ղեկը կամ որոնք իշխանաւորի մերձաւորներն են» ,- եզրակացնում է Լ.Սարգսյանը: Այս տեսանկյունից նրա հիմնական քննադատությունն ուղղված էր ժողովրդին ծառայելու կոչված փոքրամասնությանը, որը, նրա համոզմամբ, պետք է լիներ ժողովրդի հավատարիմ սպասավորը և ոչ թե նրա վրա իշխողը կամ տիրողը, նա պետք է լինի ժողովրդի իրավունքների պաշտպանը և ոչ թե նրա իրավունքները ոտնակոխ անողը : Այս կապակցությամբ էլ Լ.Սարգսյանը պնդում է, որ ժողովրդական կառույցի չվերածվելու դեպքում ինչպես եկեղեցին, այնպես էլ հոգևոր դասը կբռնեն քայքայման ուղին. «Ամէն մի րեժիմ, որը փոքրամասնութեան շահերին է ծառայում և արդարութեան և գիտութեան փոխարեն կամայականութեան ու նախապաշարմունքի վրա է հիմնված` արդէն ինքն իր մէջ կրում է քայքայման ու մահվան կնիքը» :
Քահանայական խնդրին վերաբերող իր գրքույկում հեղինակը, հոգևորականությանը մեղադրելով ապաշնորհության, ընչաքաղցության և այլ արատների մեջ, այնուհանդերձ, հանդես գալով միակողմանիության դիրքերից, համարում է, թե ժողովրդին պետք չեն «գերմանական աստվածաբաններ», Արմաշ, Գանձասար, Երուսաղեմ, Աղթամար և այլ վանքեր, այլ պետք է աշխատող ուժ` անմշակ այգիները մշակելու և բնակավայրեր կառուցելու համար: Այս առումով` համոզված պետք է պնդել, որ նման մտածողությամբ առաջնորդվելու դեպքում հայ ժողովուրդը ոչ միայն չէր դիմանա պատմության քննությանը, այլև վաղուց դուրս պիտի մղված լիներ այդ պայքարից: Գիտության, կրթության բացակայության պայմաններում, որոնք այդ ժամանակաշրջանում ապահովում էին վանքերը, նրանց կից կամ նրանց կողմից ֆինանսավորվող դպրոցները, չէին լինի ո'չ հողագործություն և ո'չ էլ այգեգործություն :
Գաղափարական զարգացման հաջորդ փուլերում, սակայն, Լ. Սարգսյանը կարծում էր, որ «վեղարը» դեռևս իրեն չի սպառել, և այն ևս գործոն է ազգի բարեկեցության և առաջընթացի գործում: Այդ առաջընթացին նպաստող բաղադրիչներից մեկը նա համարում էր կղերականի հրաժարումը դասակարգային շահերից և «աստվածաբանությունից» : Այդ դիրքերից էլ անդրադառնալով իր հաջորդ մտահոգությանը` «ազատական բարենորոգիչը» պնդում է, որ մտավորականության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները չպետք է անտարբերություն ցուցաբերեն Էջմիածնի հոգևոր բոլոր պաշտոնյաների ընտրության նկատմամբ, այլ պետք է աչալուրջ հետևեն և ազդեն այդ ընտրությունների վրա, քանի որ «այդ պաշտօնեաներից կարող է ազգի համար և չարիք և բարիք առաջանալ» :
Հետաքրքրական է հատկապես քրիստոնեական և իսլամական միջավայրերում հոգևորականների տեղի և դերի վերաբերյալ Լ. Սարգսյանի դիտարկումը, որի համաձայն` Թուրքիայի և Պարսկաստանի իսլամական միջավայրում հայ հոգևորականները, հոգևոր գործառույթներից զատ, վերցրել են նաև աշխարհիկ իշխանության տարրեր: Համաձայնելով այս տեսակետին, այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս դիտարկման մեջ հեղինակը դիտավորյալ բացթողում է կատարում` չանդրադառնալով Ռուսաստանում հայ հոգևորականության ունեցած դերին: Այս առումով, հարկ է նշել, որ ռուսահայերի կյանքում Ս. Էջմիածինը, որպես ազգային կառույց, պակաս դեր և հեղինակություն չի ունեցել, ինչպես Կ. Պոլիսն արևմտահայերի կյանքում: Չնայած եկեղեցու նկատմամբ ցուցաբերվող անսքող թշնամանքին` Լ. Սարգսյանն ընդունում է մեկ անխախտ սկզբունք. եթե եկեղեցին պահպանում է իր գոյությունը, և եթե ժողովուրդը պահանջ ունի եկեղեցու, ուրեմն այն անհրաժեշտ է ժողովրդին, և պետք է մտածել ոչ թե այն փոխելու, այլ բարեփոխելու մասին:
Հոգևոր դասի կանոնական բարենորոգությունը ժամանակի պահանջն էր, մասնավորապես հասարակության ու հոգևորականության առաջադեմ գործիչների պահանջը: Ազդվելով դարասկզբի եվրոպական և ռուսական մշակույթից` հայ մտավորականությունը պահանջում էր անհապաղ քայլեր ձեռնարկել Հայ եկեղեցին կղերից մաքրելու, սնոտիապաշտական դրսևորումները Հայ եկեղեցուց հանելու և բարեկարգ կառույց ձևավորելու համար: Ցավոք, «Մշակ» և «Մեղու» պարբերականներում հրապարակված հոդվածների մեծ մասը հետապնդում էր ոչ թե հզոր հոգևոր-նվիրապետական կառույց ձևավորելու նպատակ, այլ «բարենորոգության» միջոցով նվիրապետական կառույցը զրկել ազգային-հասարակական կյանքում ունեցած դերից ու նշանակությունից: Դրանով իսկ աշխարհիկ բարենորոգիչների մեծ մասն ինքնին աղավաղում էր «բարենորոգություն» հասկացությունը: Այլ էր խնդիրը հոգևորական բարենորոգիչների պարագայում, որոնց նպատակն ավելորդություններից զերծ հզոր Հայ առաքելական եկեղեցի ունենալն էր:
Հոգևորականների խնդրի բարենորոգության հարցերով զբաղվող բոլոր բարենորոգիչները փորձում էին տալ այն կրոնա-հասարակական, հոգևոր-բարոյական գնահատականները , որոնք կարող էին հոգևորականության անկման պատճառ դառնալ: Սկզբնաղբյուրների ուսումնասիրությունն անվերապահորեն ցույց է տալիս, որ գրեթե բոլոր բարենորոգիչներն անկման հիմնական պատճառ էին համարում թե' հասարակության և թե' հոգևորականության կրթական ցենզի խնդիրը: Այս առումով` ամենևին էլ սխալ չենք լինի, եթե պնդենք, որ այս երկու խնդիրները սերտորեն շաղկապված են, քանի որ թե' գյուղերում և թե' քաղաքներում երիտասարդ սերնդի ազգային կրթության գործի մեծ մասը դրված էր հենց հոգևորականության վրա:
«Արարատ» հանդեսում տպագրված հոդվածում Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյանը զարգացնում էր այն տեսակետը, թե ճշմարիտ ուղուց շեղվածն ինքնին այնքան վտանգավոր չէ, որքան ժողովրդի շրջանում նրա քարոզները. «Կոյրք են կուրաց առաջնորդք, - գրում է նա, - կոյր կուրի յորժամ առաջնորդէ` սխալէ, եւ երկոքին ի խորխորատ անկանին» : Դիտարկելով խնդիրն այս հարթության մեջ` հեղինակը ժողովրդի մեջ բարոյական անկման պատճառ է համարում նախ և առաջ հավատի բացակայությունը, որն առավել հաճախ պայմանավորված է կղերականի անձով և կղերականի կերպարով: Հավատքի վերակենդանացման և ամրապնդման գործում մեծ դեր է վերապահվում հոգևորականի անձին, նրա պատրաստվածությանը, հոգևոր և մտավոր նկարագրին: Հոգևոր նկարագրի առումով, հայ հոգևորականի հիմնական խնդիրներից էր կղերականի ոգին, սակայն, բարեբախտաբար, «նա (Հայ եկեղեցին-Հ.Հ.) հաւատարիմ, իրենց կոչումն ըմբռնող պաշտօնեաներ միշտ ունեցել է, եւ կղերական ոգին նրա մէջ երբէք իշխող չի եղել» : Հոգևոր կրթության պակասը պետք է լրացնեին հոգևոր կրթօջախները, որոնք ևս անհաջողության մատնվեցին իրենց գործառույթների իրականացման մեջ: Անհաջողության պատճառ են համարվում ոչ թե ծուլությունը, ապիկարությունը, հակաբարենորոգչական հակումները, այլ համապատասխան ունակություններ և որակներ ունեցող մարդկանց ընտրության իրական մեխանիզմների բացակայությունը: Այս տեսանկյունից ճշմարիտ հոգևորականին վերածնելու համար հոդվածագիրը մատնանշում էր երեք հիմնական բաղադրիչներ` Քրիստոսի ոգին, բարոյական կրթությունը և բեղուն, բազմաբովանդակ ուսումը:
Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ դարասկզբի հայ հասարակության բարոյական վիճակը լիովին համահունչ էր հոգևորականության բարոյական կացությանը: «Ինչպէս անհատի, այնպէս եւ իւրաքանչիւր հասարակութեան բարոյական վիճակը ամենամեծ կախումն ունի նորա բարոյական աշխարհայեցողութիւնից» ,- գրում է Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյանը: Նրա կարծիքով` օրավուր աճող հակաբարոյական մթնոլորտի առաջացման պատճառն ընդհանուր գաղափարի բացակայությունն էր: Սկզբունքների առաջնայնությունը փոխարինվել էր շահերի գերակայությամբ, պնդում է աստվածաբանը, ինչը հասարակության բարոյական նկարագիրը խաթարող ամենամեծ գործոններից էր: «Փողի» գաղափարախոսությունը հասարակական շրջանակներից սկսում է դուրս մղել «հավատքի» գաղափարախոսությանը, որի տարածմանն իր նպաստն է բերում յուրաքանչյուր անհատ` գիտակցաբար կամ անգիտակցորեն: «Նյութապաշտական ոգուն» մշտապես պետք է հակադրվի «բարոյական ոգին», որի կրողն էլ քրիստոնեությունն է :
Հասարակության բարոյական նկարագիրը խաթարող գործոններից մեկն էլ «ընտրողների խավար մտածողությունն» էր: Այդ կապակցությամբ Կարապետ վարդապետը գրում է. «Այդպիսի մարդիկ սիրում են, որ քահանան ստոր լինի իրենցից, որ կարողանան նրա գլխին պոպոք ջարդել, սիրում են այնպիսի քահանայի, որը իրենց կեղծաւորաբար շողոքորթում է» :
Մյուս կողմից, իհարկե, Կարապետ վարդապետը մատնանշում է նաև քահանաների խավար մտածողության և տգիտության առկայությունը: Նա կարծում է, որ միայն ուսումը չի կարող բավարար պայման լինել, քանի որ երբեմն պատահում են այնպիսի դեպքեր, երբ ուսում առած քահանան չի կարողանում պատշաճորեն կատարել իր գործառույթները, քանի որ նրա մեջ բացակայում է ինչպես կարեկցելու ընդունակությունը, այնպես էլ մարդկանց լսելու ունակությունը: Հոգևորականը պետք է գիտակցի իր պարտավորությունը, ինչը բազմակի կարևոր է մի քանի գիրք ավել կարդալուց: Բոլոր մարդիկ պետք է համոզված լինեն, որ «աւետարանը հասկացող, նորա ճշմարտութիւններին հաւատացող եւ իւր կոչման վերաբերեալ բոլոր պարտականութիւնները կատարելու պատրաստ անձը միայն կարող է հոգեւորական լինել: Միջին ճանապարհ չկայ» : Այս առումով` կարծում ենք` հեղինակն իրավացի է, երբ պնդում է, թե բացարձակորեն չի կարելի կրթությունը կապել մարդկային հատկանիշների հետ, թեև առավել հաճախ կրթված հոգևորականներն են, որ աչքի են ընկնում նման ունակություններով:
Այդ տեսանկյունից քահանաների խնդրի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն չափազանց կարևոր հանգամանքը, թե ովքե՞ր են քահանաները և ի՞նչ ազդեցություն ունեն եկեղեցու բարգավաճման կամ վարկաբեկման գործում: Այստեղ հարկ է մեկ անգամ ևս նշել, որ եկեղեցու հեղինակության և բարգավաճման գործում առավել մեծ խնդիր, քան «հին ցավը», դժվար է պատկերացնել: «Մեր եկեղեցու պայծառութեան, նորա բարոյական հեղինակութիւնը վերականգնելու անհրաժեշտ պայմաններից մէկն է քահանայութեան բարեկարգութեան խնդիրը». խնդրի լուծումը դրանում էր տեսնում Գարեգին Հովսեփյանը: Հիսուս Քրիստոսով սկզբնավորություն ստացած նվիրապետական դասը առաջին հերթին կոչված էր դաստիարակություն տալ իր հոտին, զերծ պահել նրան աշխարհիկ գայթակղություններից և մեղքերից, սակայն ցավալին այն է, որ 20-րդ դարասկզբին քահանայական դասը, իր հիմնական առաքելությունն անտեսելով, երբեմն կատարում էր նաև տրամագծորեն հակառակ դեր, այն է` աշխարհիկ գործառույթներ: Այս երևույթը նախ բացատրվում է նրանով, որ ժողովրդի շրջանում քահանայի պաշտոնը հաճախ դիտվում էր իբրև ապրուստի միջոց, նոր աշխատատեղ, սակայն ոչ երբեք հոգևոր պաշտոն, որը կոչված էր պատասխանելու բնակչության հոգևոր պետքերին ու կարիքներին: Հավանաբար, այստեղ դեր են ունեցել նաև օբյեկտիվ պայմանները, քանի որ գյուղատնտեսական, բժշկական և այլ գիտելիքների կրողն էր համարվում քահանան, որին հաճախ դիմում էին գյուղացիները: Մեր կարծիքով` ամեն հարցում քահանային դիմելը իր մեջ հնուց եկող սնոտիապաշտական տարրեր էր պարունակում, որոնք սովորույթի ուժով շարունակվում էին նաև քննարկվող շրջանում:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Четверг, 2010-01-21, 03.17.59 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Քահանայական դասի ոչ բավարար վիճակի պատճառը քահանաներին վերաբերող կանոնների չլինելն ու դրանից բխող ոչ պատշաճ ընտրություններն էին: Չնայած այդ ամենին` պետք է օբյեկտիվորեն նշել, որ քահանաների հետ կապված բարդությունները պայմանավորված էին ոչ թե իրավական-եկեղեցական համապատասխան նորմերի բացակայության, այլ քահանաների կրթական, բարոյահոգեբանական համապատասխան պատրաստվածություն չունենալու փաստով: Նվիրապետական այս դասի կարևորությունն ամենից առաջ այն էր, որ նա անմիջականորեն կապ էր հաստատում ժողովրդի հետ և, որպես այդպիսին, միջնորդ օղակ էր դառնում ժողովրդի և բարձրագույն նվիրապետության միջև: «Բարձրագոյն նվիրապետութիւնն առանց քահանայական դասակարգի նման է մի զօրապետութեան առանց զինուորների» . քահանաների դերի մասին այսպես է գրում Գարեգին վրդ. Հովսեփյանը: Իսկ ո՞րն է Հայ եկեղեցու «զինվորների» զենքը. ուսումը և հավատքը: Մեր կարծիքով`դարասկզբին Հայ եկեղեցու ամենամեծ բացն այն էր , որ ծխական քահանաների մեծ մասը զուրկ էր վերը նշված երկու հատկանիշներից էլ: Չնայած նշված սուբյեկտիվ պատճառներին, այնուամենայնիվ, կարծում ենք` գերակայում են օբյեկտիվ պատճառները: Այդ պատճառներից մեկը ժողովրդի սոցիալական գերլարված վիճակն էր, որի պայմաններում քահանաները ևս ստիպված էին հոգալ իրենց սոցիալական վիճակի մասին: Մյուս օբյեկտիվ պատճառներից էր ճեմարանի կարողությունը ոչ բավարար քանակի կրթյալ հոգևորականների պատրաստման գործում, իսկ ճեմարանի շրջանավարտներից շատերը չէին համաձայնում գյուղերում և շրջաններում անցնել քահանայական ծառայության:
Դարասկզբի մամուլը և սկզբնաղբյուրները վկայում են, որ հայկական ծխերում բարձիթողի վիճակի առաջացման պատճառներից էր բնականոն ընտրական կանոնակարգի բացակայությունը: Քահանայի ընտրությունը կախված էր ծխական համայնքից, որի տրամադրվածությունը միշտ չէ, որ հստակ էր արտահայտվում,և այն իր հետ ծնում էր մի շարք արատավոր երևույթներ: Առաջին թերությունն այն էր , որ ծխական քահանայի ընտրությունը կատարվում էր ստորագրություններ հավաքելու միջոցով ,և քահանա էր համարվում 100-ից ավելի ստորագրություն հավաքած յուրաքանչյուր մարդ: Այդ պատճառով ծխականների մեծ մասը շատ անգամ անտեղյակ էր լինում ընտրված քահանայից, ինչն էլ վեճերի և կռիվների տեղիք էր տալիս: Ավելին, համապատասխան ստորագրություններ հավաքած թեկնածուներից չէին պահանջվում ո'չ կրթական ցենզ և ո'չ էլ այլ չափորոշիչներ: Այս առումով` սխալված չենք լինի, եթե ասենք, որ միայն քահանային մեղադրելը ճիշտ չէր, քանի որ փողոցում, տանը ստորագրություններ «բաշխողները» ծխի անդամներն էին, ժողովրդի ներկայացուցիչները: Այդ պատճառով մեղքի իրենց բաժինն ունեին նաև հավատացյալ զանգվածները, որոնք, պատասխանատվությունից խույս տալու համար, իրենց ստորագրությունն էին դնում «համախոսական» կոչվող փաստաթղթի տակ: Կարծում ենք` երևույթն ինքնին արատավոր էր, իսկ այս հարցում , առավել, քան երբևէ, զգացվում էր հոգևոր բարձրագույն իշխանության անգործությունը կամ ոչ բավարար վերահսկողությունը: Համոզված ենք` այս վերահսկողությունը կարելի էր իրականացնել թեկնածուներին ներկայացվելիք չափանիշների և, առաջին հերթին, կրթական ցենզի հարցում:
Քահանայական դասի նորովի արժևորումն առավել կարևորվում է դարասկզբին հայ հասարակական կյանքում գործառնող սնոտիապաշտական երևույթների ֆոնի վրա: Ժողովրդի համար քահանան ոչ թե հոգևոր գործիչ էր, այլ ավանդույթների կրող և պահապան: Գյուղացին սարերի, թռչունների, ծառերի, քարերի, ջրերի մեջ գտնվող ուժերի գերին էր, և եթե քահանային դիմում էր, ապա միայն այդ օրենքներն ի կատար ածելու համար : «Մոմ թափել, գարի գցել» և նմանատիպ այլ երևույթներ ոչ միայն խոր արմատ էին գցել գյուղացու կյանքում, այլև դարձել էին քրիստոնեությանը հակակշռող յուրօրինակ մի ուժ: Ծխական դպրոցները չէին կարողանում ապահովել անհրաժեշտ կրթական մակարդակ դպրոցների հալածման, նյութական անբավարար վիճակի, անպատրաստ ուսուցչության և այլ պատճառներով: Գյուղացու և բանվորի օտարվածությունը եկեղեցուց մեծ չափով ուժգնացավ հատկապես դարասկզբին տեղ գտած ուրբանիզացիայի պատճառով: Այդ առումով` պետք է պնդել, որ նշված իրավիճակը եկեղեցուն կարող էր սպառնալ գոյության հիմնահարցով: «Գիւղացին ու բանւորը ներքին անհրաժեշտութեան ու գիտակցական պահանջի հետեւանքով չեն եկեղեցու հետ կապւած, այլ միայն աւանդական սովորութեան, իսկ այդ էլ վերջ ի վերջոյ կդադարի ոյժ ունենալուց, որովհետեւ երբ իրական պահանջը աւանդութեան ոյժով միայն պահւելու վիճակին է հասնում, ժամանակի ընթացքում տեղի է տալիս ու դադարում է գոյութիւն ունենալուց» . իրավիճակն այսպես էր նկարագրում Գյուտ եպիսկոպոսը:
Վերոնշյալ պայմաններից զատ, գյուղերում և քաղաքային կենտրոններում տեղ էր գտել առավել արատավոր մի երևույթ, որը կարելի է անվանել «կուսակցական ախտ»: Հաշվի առնելով այն փաստը, որ եկեղեցական առաջնորդը հաճախ նաև ազգային առաջնորդ էր համարվում, քահանաների ընտրությունը վերածվում էր իսկական կուսակցական ընտրապայքարի: «Կուսակցական ոգին մի քաղցկեղ է, որ ճարակում է մեր գիւղական ժողովրդի լաւագոյն զգացմունքները, խոչընդոտ դառնում ամեն մի բարի ձեռնարկութեան» , - ցավով գրում է Գարեգին վրդ. Հովսեփյանը: Քահանաների ընտրությունը վերածելով սեփական կուսակցությունն ընդլայնելու հնարավորության` ազգային կուսակցություններն իսկական կենաց և մահու պայքար էին մղում միմյանց միջև` ստորագրություններ հավաքելու քահանայի տեղի համար: Քահանայի պաշտոնը վերածվում էր ոչ թե հոգևոր, այլ քաղաքական և ավելի ճիշտ` կուսակցական գործառույթներ իրականացնողի, որը, մեր կարծիքով, հղի էր ծանր հետևանքներով:
Համանուն դիրքերից էր դիտարկում քահանաների խնդիրը նաև «Մուրճի» խմբագիր Լ.Սարգսյանը, որը խնդրո առարկա հարցի առաջացման և չլուծվելու մեջ, առանց որևէ լուրջ հիմնավորման, մեղադրում էր Կարապետ Տեր-Մկրտչյանին և Գարեգին Հովսեփյանին: Իրականում, եվրոպական կրթական համալսարաններում ուսանած հոգևորականներն իրենց ուսերին էին վերցրել ողջ բեռի ծանրությունը, քանի որ զբաղվում էին ոչ միայն ուսումնագիտական գործունեությամբ, այլև գնում էին հեռավոր գյուղերը քահանայական ծանր աշխատանք կատարելու :
Հիրավի, 20-րդ դարասկզբին հայ հասարակական կյանքում ժողովրդի շրջանում կատարվող առավել բարդ գործ, քան քահանայական ծառայությունն էր, դժվար է պատկերացնել: Մաղաքիա արք. Օրմանյանը, իր դասախոսություններից մեկում անդրադառնալով քահանաների շրջանում ի հայտ եկած բացասական դրսևորումներին, նշում էր, որ քահանային թույլատրելի է այն ամենը, ինչը թույլատրելի է աշխարհիկ անձին: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ քահանան պետք է հարգանք ունենար ժողովրդի մեջ, ինչն էլ, իր հերթին, ենթադրում էր անխուսափելի զրկում. «Ասիկա տարրական պահանջ մըն է. եթէ զըրկում չըլլայ, հաւասարի աստիճանին պիտի իջնէ քահանան: Զրկումը պահանջ մըն է անոր սքեմին, կարգին, պաշտօնին նուիրապետականութեան և առաւելութեան» , - պնդում է Մաղաքիա արք. Օրմանյանը: Աստվածաբանի կարծիքով` բոլոր տեսակի զրկումներն առաջ են գալիս օրենքների պահպանումից, իսկ քահանաները, առավել քան որևէ մեկը, պետք է պահպանեն գրված և չգրված օրենքները: Վերլուծելով քահանայի գործառույթները` նա մատնանշում է երեք հիմնական կետ` խոստովանահայր, ծիսակատար և խորհրդակատար: Այստեղ կարելի է հստակորեն տեսնել, որ Մաղաքիա արք. Օրմանյանը ևս բաց է թողնում քահանայի հիմնական` ուսուցչի, դաստիարակողի և կրթողի գործառույթը:
Այսպիսով, դժվար չէ հետևեցնել, որ 20-րդ դարասկզբին կանոնական հարցերի վերաբերյալ նոր թափ ստացած բարենորոգչական շարժման անկյունաքարը ցածրաստիճան նվիրապետական դասին առաջադրված պահանջներն էին: Իբրև ժողովրդին մոտ կանգնած մարդ` քահանան իր անձով պետք է ներկայացներ եկեղեցին, հարգանք սերմաներ նրա նկատմամբ, իր վարքագծով և գիտական ու կրթական պատրաստվածությամբ առավել ամրապնդեր հավատքը, ինչը չէին կարող անել թերուս և անկիրթ քահանաները: Այս առումով` կարծում ենք` քահանայական դասի բարենորոգումների հիմնական պահանջները պետք է դառնային ժողովրդի արդար ընտրությամբ արժանի թեկնածուի ընտրությունը և հաստատումը բարձրագույն նվիրապետի կողմից: Այդ ճանապարհով ընտրված քահանան իր հերթին պետք է արմատավորեր հավատքն Աստծու և իր գործի հոգևոր ներշնչվածության նկատմամբ, ինչպես նաև դրսևորեր բարոյական բարձր հատկանիշներ և կրթական բավարար պատրաստվածություն:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Четверг, 2010-01-21, 03.20.29 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
1. Այդ մասին մանրամասն տե'ս Ա.Սարգսյան, Հակակղերական միտքը Հայաստանում XIX դարի կեսերին, Երևան, 1983:
2. Օբյեկտիվության համար հարկ է նշել, որ դեռևս 19-րդ դարի վերջին Մկրտիչ Խրիմյանն Արշեն երեց ծածկանվամբ անդրադառնում է քահանաների բարենորոգության հարցին` քննադատելով քահանաների ժառանգորդության և համախոսական կոչվող երևույթները, որոնց պատճառով էլ ժողովրդի անմիջական մասնակցությամբ գյուղերում քահանաներ են դառնում ոչ պատշաճ կրթական մակարդակ ունեցող մարդիկ: Այդ մասին մանրամասն տե'ս Արշէն էրէց, Գիւղական քահանայի քարոզ, «Արարատ», մարտ 1894, էջ 71-74: Տե'ս նաև Է. Կոստանդյան, Մկրտիչ Խրիմյան (Հասարակական-քաղաքական գործունեությունը), Երևան, 2000, էջ 360:
3. 1895 թ. Ռուսաստանից Էջմիածին վերադառնալու ճանապարհին հայկական գյուղերի բնակիչները Խրիմյան Հայրիկին բողոքում էին քահանաների անգրագիտությունից ու հետամնացությունից: Այդ մասին տե'ս Է. Կոստանդյան, Մկրտիչ Խրիմյան (Հասարակական-քաղաքական գործունեությունը), էջ 377:
4. Գիւտ եպիսկոպոս, Հայ եկեղեցու բարենորոգութեան խնդիրը եւ ազգային եկեղեցական ժողովը, Փարիզ, 1926, էջ 9:
5. Տե'ս նույն տեղում, էջ 12:
6. Տե'ս ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 92, թ. 134-135: Տե'ս նաև «Լոյս», 21 սեպտեմբեր 1906 (Nօ. 38):
7. Գրիգորիս ծ. վրդ. Պալագեան, Ս. Էջմիածնի բարեկարգութեան պէտքը, Կ. Պոլիս, 1911, էջ 18:
8. Տե'ս Մաղաքիա արք. Օրմանեան, Տեղիք Աստուածաբանութեան (Տեսական Աստուածաբանութիւն), Երուսաղէմ, 1985, էջ 4-6:
9. Մ. Սերոբյան, Բարեկարգութիւն Հայ Ազգային եկեղեցիի, Պէյրութ, 1938, էջ 85:
10. Տե'ս Կարապետ վարդապետ, Կրթուած քահանաները եւ ժողովուրդը, «Արարատ», փետրվար 1899, էջ 64-67:
11. 1906 թ. Մոսկվայում Լևոն Սարգսյանն իր հոդվածները տպագրեց մեկ գրքույկի մեջ: Տե'ս Լ. Սարգսեան, Հին ցաւ, Մոսկուա, 1906:
12. Նույն տեղում, էջ 38:
13. Նույն տեղում, էջ 46:
14. Այս տեսանկյունից պետք է նշել, որ Լ. Սարգսյանի կողմից «պախարակված աստվածաբան» Կարապետ Տեր-Մկրտչյանին հաջողվեց իր բարձր կրթական ցենզի շնորհիվ մեծ հաջողությունների հասնել Ատրպատականի թեմում և կանոնակարգել թեմի նորմալ գործունեությունը:
15. Լ. Սարգսեան, Հին ցաւ, էջ 2:
16. Տե'ս նույն տեղում, էջ 2-3:
17. Նույն տեղում, էջ 4:
18. 20-րդ դարասկզբի արևմտահայության կյանքը նկարագրող հեղինակը, հակասելով իր իսկ մոտեցմանը, պնդում է, որ եթե գոյություն չունենար Արմաշի դպրեվանքը, թե' եկեղեցականությունը և թե' հասարակությունը պիտի հասնեին մտավոր և բարոյական սնանկության վերջին աստիճաններին: Տե'ս Մ. Սերոբեան, Բարեկարգութիւն Հայ Ազգային եկեղեցիի, էջ 85-86: Արմաշի դպրեվանքի ազգանպաստ գործունեության մասին տե'ս նաև Արմաշու դպրեվանքին 25-ամյա հոբելեանին առթիվ 1889-1914, Կ. Պոլիս, 1914:
19. Տե'ս «Մշակ», մայիս 1898 թ.: Տե'ս նաև Լ. Սարգսեան, Հին ցաւ, էջ 25:
20. Լ. Սարգսեան, Հին ցաւ, էջ 24:
21. Կարապետ վարդապետ, Հակակրօնական եւ դաւանափոխական շարժումը մեր մէջ, «Արարատ», մայիս 1899, էջ 189:
22. Նույնը, Ի՞նչպէս պէտք է վերակենդանացնել հաւատը մեր ժողովրդի մէջ, «Արարատ», հուլիս 1899, էջ 286:
23. Նույնը, Մեր ժողովրդի բարոյական վիճակը, «Արարատ», օգոստոս 1899, էջ 338:
24. Տե'ս նույն տեղում, էջ 338-340:
25. Կարապետ վարդապետ, Կրթուած քահանաները եւ ժողովուրդը, «Արարատ», փետրուար 1899, էջ 64:
26. Նույն տեղում, էջ 67:
27. Գարեգին վրդ. Յովսէփեան, Քահանաների ընտրութեան եղանակը, « Արարատ», մարտ 1900, էջ 101:
28. Տե'ս Գիւտ եպիսկոպոս, Հայ եկեղեցու բարենորոգութեան խնդիրը եւ ազգային եկեղեցական ժողովը, էջ 127:
29. Գարեգին վրդ. Յովսէփեան, Քահանաների ընտրութեան եղանակը, «Արարատ», մարտ 1900, էջ 102:
30. Տե'ս Կարապետ վարդապետ, Հին ցաւ, «Արարատ», հուլիս 1900, էջ 339:
31. Նախատարերք Հայ եկեղեցագիտութեան, էջ 139:

VZYATO OTSYUDA



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » RELIGION » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Армянская Апостольская Церковь » «ՀԻՆ ՑԱՎԸ»` ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz