Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 18.30.01
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 13 из 13
  • «
  • 1
  • 2
  • 11
  • 12
  • 13
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.12.19 | Сообщение # 121
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20-րդ դարի կեսերից ինֆորմացիայի մասին գիտությունըՙ ինֆորմատիկան, մինչ այդ չտեսնված ուժեղ թափով սկսեց եւ այժմ էլ շարունակում է զարգանալ: Ինֆորմատիկայի զարգացումը բնականաբար նշանակում է նրա հասկացությունների համակարգի, դրա հետ կապված էլՙ տերմինների համակարգի զարգացում: Դժբախտաբար, մենք զգալիորեն հետ մնացինք այս բնագավառում, եւ այդպես էլ չմշակվեց ինֆորմատիկայի հայերեն տերմինների այնպիսի համակարգ, որը բավարարեր ժամանակակից պահանջներին:

Լեզվի ինստիտուտի քառահատոր բացատրական բառարանի 2-րդ հատորում (1972) ինֆորմացիա բառը հղվում է  հաղորդագրություն եւ  հաղորդում բառերին, որոնք բնավ պիտանի չեն ինֆորմացիա գիտական հասկացությունը նշանակելու համար:  Լրատվություն, տեղեկատվություն, իրազեկում բառերի բացատրությունների մեջ նույնպես արտացոլված չէ ինֆորմացիայի գիտական ըմբռնումը: Է. Աղայանն իր բացատրական բառարանում (1974) տալիս է ինֆորմացիայի գիտական ըմբռնումն արտահայտելու կոչված,  իրազեկ արմատով կազմված բառերի մի համակարգ, որը, սակայն, անընդունելի է:

«Ինֆորմատիկայի հայ-ռուսերեն համառոտ տերմինաբանական բառարանում» (1983, 44 էջ), «Ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի հիմքունքների հայ-ռուսերեն համառոտ տերմինաբանական բառարանում» (1985, 52 էջ) եւ «Ռուս-հայերեն ինֆորմատիկայի տերմինաբանական բառարանում» (1985, 384 էջ) ինֆորմացիա տերմինը չի թարգմանվում, информирование տերմինը թարգմանվում է «իրազեկում», իսկ  ինֆորմատիվություն, ինֆորմատիզացիա կարեւոր տերմիններն ընդհանրապես չկան, չկա հայերեն տեղեկատվություն տերմինը, վերջին բառարանում  дезинформирование բառի դիմաց տրվում է «դեզինֆորմացիա», իսկ փակագծերում տրվում է «մոլորեցում» անհաջող տարբերակը, փոխանակ, գոնե, «ապատեղեկատվություն»:

Այսպիսովՙ  ինֆորմացիա տերմինի եւ նույն արմատով կազմված այլ տերմինների հայերեն համարժեքների համակարգը, որը պետք է կազմի ինֆորմատիկայի հայերեն տերմինաբանության հիմքը, առայսօր մնում է չմշակված:

Այստեղ հիմնական դժվարությունը բուն  ինֆորմացիա տերմինի հայերեն թարգմանությունն է: Եղած տարբերակներն ենՙ «տեղեկություն», «տեղեկատվություն», «լուր», «լրատվություն», «իրազեկում»:  Լուր բառը տեղեկության համեմատությամբ ավելի պարզունակ է, ունի ավելի նեղ իմաստային դաշտ, ավելի շեշտված կենցաղային երանգ, ուստի  լուր եւ լրատվություն բառերը պակաս պիտանի են  ինֆորմացիա տերմինի թարգմանության համար: Իսկ  իրազեկում բառը ոչ թե  տեղեկություն բառի համեմատությամբ պակաս պիտանի է, այլ ընդհանրապես պիտանի չէ  ինֆորմացիա -ի թարգմանության համար: Իրար հետ համեմատելով այս բառերի  տեղեկ եւ  իրազեկ արմատները (մենք այստեղ վերանում ենք  տեղեկ = տեղյակ= տեղ +ի +ակ, իրազեկ = իր + ա+զեկ ստուգաբանություններից)ՙ տեսնում ենք, որ  իրազեկ -ն ունի բառիմաստ, ինքնուրույն բառ է եւ նշանակում է «տեղյակ»,  իրազեկություն -ը նշանակում է «տեղյակություն», ոչ թե «տեղեկություն»,  իրազեկում -ն էլ նշանակում է «տեղեկացում», չի նշանակում եւ չի էլ կարող նշանակել «տեղեկություն», ուստի պիտանի չէ որպես  ինֆորմացիա -ի համարժեքը: Մինչդեռ  տեղեկ -ը ներկայումս բառիմաստ չունի, բառ չէ, եւ դա այստեղ նրա առավելությունն է:  Տեղեկություն -ը չի նշանակում «տեղյակություն» (չնայած ստուգաբանորեն պետք է նշանակեր), ուստի կարող է դառնալ  ինֆորմացիա -ի համարժեքը: Կարող է, բայցՙ ոչ այնքան լիարժեք համարժեք:

Այստեղ հարկ է նշել մի արտառոց իրողություն:  Ինֆորմացիա բառը ռուսերենում եւ այլ օտար լեզուներում ունի երկու իմաստ. առաջինՙ հիմնական, իմաստով նշանակում է «сведение» , «տեղեկություն», իսկ երկրորդՙ ածանցյալ, իմաստովՙ «տեղեկության հաղորդում, տեղեկատվություն» (ռուսական բառարանն այս իմաստով  ինֆորմացիա -ի համար գրում է. «То же, что информирование» :  Տեղեկատվություն -ը հաջող կազմված բառ է երկրորդ իմաստի համար: Բայց այս բառը հետզհետե սկսեց ընկալվել որպես առհասարակ  ինֆորմացիա-ի համարժեք, այսինքնՙ գործածվել այդ բառի նաեւ մյուսՙ հիմնական, իմաստով. սովորական են դարձել այնպիսի կոպիտ լեզվական սխալները, ինչպեսՙ  «Այս թերթը տալիս է կեղծ տեղեկատվություն» , փոխանակ, գոնե, «տեղեկություն»: Հայերեն քառահատոր բառարանն էլ, ինչպես նշեցինք,  ինֆորմացիա բառը փաստորեն թարգմանում է «հաղորդագրություն», «հաղորդում», որ նույն սխալն է: Կարծես թե  ինֆորմացիա -ն բոլորովին  տեղեկություն չի նշանակում, միայն  տեղեկության հաղորդում է նշանակում: Սրան ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ չկա  տեղեկություն գոյականից կազմված ածական ( տեղեկային բառ չունենք), որով թարգմանենք  ինֆորմացիոն բառը: Արդեն այս հանգամանքները նշանակում են, որ  տեղեկություն բառը չի ընկալվում եւ չի էլ կարող ծառայել որպես  ինֆորմացիա -ի հիմնական իմաստն արտահայտող լիարժեք տերմին:

Բայց այստեղ կա մի ուրիշՙ ավելի նշանակալից, հանգամանք: Ժամանակի ընթացքում ինֆորմացիա հասկացությունը բարդացավ, նրա առարկայական դաշտը խիստ ընդլայնվեց, եւ նրա սահմանման հարցը խիստ դժվարացավ: Աննախադեպ աճեց ինֆորմացիայի դերը գիտության մեջ եւ հասարակական կյանքում. 21-րդ դարն արդեն կլինի ինֆորմացիայի դար, այդ դարում պատերազմները կդառնան ինֆորմացիոն պատերազմներ: Խորհրդային մեծ հանրագիտարանը գրում է.  «Ինֆորմացիա - սկզբնապեսՙ տեղեկություններ (сведения), որոնք հաղորդվում են մարդկանցից մարդկանց բանավոր, գրավոր կամ այլ ձեւերով: Բայց 20-րդ դարի կեսերին, ինֆորմացիոն պայթյունից հետո, առաջ եկավ ինֆորմացիայի նկատմամբ գիտական մոտեցման անհրաժեշտություն: Դա հանգեցրեց նրան, որ այդ հասկացությունն ընդլայնվեց, սկսեց ներառել տեղեկությունների փոխանակումը ոչ միայն մարդու եւ մարդու միջեւ, այլեւ մարդու եւ ավտոմատի, ավտոմատի եւ ավտոմատի միջեւ, ազդանշանների փոխանակումը բուսական եւ կենդանական աշխարհում, ինչպես նաեւ հատկությունների փոխանցումը գեների միջոցով բջջից բջիջ, օրգանիզմից օրգանիզմ: Ինֆորմացիա հասկացությունն առայժմ մեկ-միասնական սահմանում չունի» (ԽՄՀ, հ. 10, 1972): Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրում խորհրդային հանրագիտարանը 1972 թվականին, եւ ինչ է գրում նույն թվականին մեր բացատրական բառարանը, որն ինֆորմացիան համարում է ընդամենը հաղորդագրություն, այսինքնՙ տեղեկատվություն: Մի այլ հեղինակ էլ գրում է.  «Ինֆորմացիան նյութական առարկաների եւ գործընթացների հատկությունն էՙ առաջ բերելու, փոխանցելու, պահպանելու բազմազան վիճակներ, որոնք կարող են արտացոլման տարբեր ձեւերով հաղորդվել մի օբյեկտից մյուսին եւ դրոշմվել նրա կառուցվածքում» : Ընդհանրացնելով այս հարցադրումըՙ խորհրդային ինֆորմատիկներն ինֆորմացիան դիտում էին իբրեւ ընդհանրապես մատերիայի հատկություն, իսկ  ինֆորմացիայի հասկացությունըՙ որպես ընդհանուր գիտական (եւ ոչ թե մի կոնկրետ գիտության) հասկացություն: Ի վերջո, մի հեղինակ էլ հուսահատված հայտարարում է. «Ինֆորմացիան գիտության անսահմանելի հասկացություն է»:

Արդ, մենք կարո՞ղ ենք ասել. «Գեների միջոցով մի բջջից մյուսին, մի բույսից մյուսին են անցնում զանազան լուրեր (ուրախ կամ տխուր), իրազեկումներ, հաղորդագրություններ, տեղեկություններ», կամՙ «Երբ մուրճով հարվածում ենք քարին, երկուսի վրա էլ (երկուսի մասին էլ) մնում են որոշակի լուրեր, տեղեկություններ»: Տեղեկություն չի մնում, իսկ ինֆորմացիա մնում է: Պարզ է, որ այստեղ կա որոշակի լեզվական անբավարարություն:

Այս իրավիճակում մենք կարծում ենք, որ  ինֆորմացիա -ի դիմաց պետք է գործածել մի նոր բառ: Այդ բառն արդեն կազմված է եւ կազմված է նույն  տեղեկ արմատով եւ  ույթ վերջածանցովՙ տեղեկույթ :  Տեղեկույթ -ը պիտի նշանակի ոչ միայն տեղեկություն, այլեւ տեղեկության կարգի, բայց ավելի բարձր կարգի, համընդհանուր կարգի մի այլ բան, հենց այն, ինչ պետք է ժամանակակից ըմբռնմամբ ինֆորմացիան արտահայտելու համար:  Տեղեկույթ -ի կիրառությունից հետո էլ  տեղեկատվություն, տեղեկացում, տեղեկատու, տեղեկունակ եւ այլ բառեր կընկալվեն որպես  տեղեկույթ -ից կազմված, եւ կստացվի համակարգ:

Այսպիսով ինֆորմացիա նշանակում է «1.տեղեկություն, 2. տեղեկատվություն»: Տեղեկատվություն բառը այժմ լայն կիրառում ունի: Իսկ  տեղեկություն բառի փոխարեն, ինչպես արդեն ասացինք, կիրառում են  լուր, իրազեկում, հաղորդագրություն եւ այլն, որոնք բնավ էլ ինֆորմացիա չեն նշանակում: Պարզապես ինֆորմացիայի տեսակներ են: Ինչպես ժամանակին կար  սովորություն , այնուհետեւ առաջացավ  սովորույթ, ավանդություն-ավանդույթ, բնություն-բնույթ եւ այլն: Առաջարկն է, որ  տեղեկության փոխարեն այս դեպքում գործածվի  տեղեկույթ , որն ավելի չեզոք բառ է, ընդգրկուն կերպով արտահայտում է ինֆորմացիա բառի բոլոր իմաստները եւ հեշտ բառածանցվում ու բառաբարդվում է:

Օգտվելով առիթիցՙ ասենք, որ այժմ ասում եւ գրում են  զանգվածային լրատվության միջոցներ (ԶԼՄ) , որը ճիշտ չէ, պետք է լիներ ԶՏՄ, քանի որ ամեն մի տեղեկություն չէ, որ լուր է: Երբեմն համառոտում եւ ասում են  զանգվածային լրատվամիջոցներ , որն արդեն կոպիտ սխալ է, քանի որ զանգվածայինը ոչ թե միջոցներն են, այլ տեղեկույթը, տեղեկությունը: Այնպես որ, ճիշտ կլինի ասել  զանգվածային տեղեկատվության միջոցներՙ ԶՏՄ :

Այժմՙ  տեղեկույթ բառի վերաբերյալ ՀԲԽ-ի նախագիծըՙ ներկայացված Վլադիմիր Բաղդասարյանի եւ իմ կողմից:

информация 1.  տեղեկույթ (տեղեկությունը գիտության համակարգում), 2. տեղեկատվություն (տեղեկույթի հաղորդում)

информационный 1.  տեղեկութային, տեղեկային (օր.ՙ տեղեկութային տեխնիկա, պատերազմ, լեզու), 2. տեղեկատվական (օր.ՙ տեղեկատվական ծառայություն), 3. տեղեկատու (օր.ՙ տեղեկատու բյուլետեն)

средства массовой информация  զանգվածային տեղեկատվության միջոցներ (ոչ թե զանգվածային լրատվության միջոցներ)

информировать տեղեկացնել

информирование 1.  տեղեկացում, տեղեկատվություն (նույնն է  информация ),

информированный 1. տեղյակ, 2.տեղեկացված

информативный տեղեկունակ

информативнисть տեղեկունակություն (օր.ՙ տեքստի տեղեկունակություն)

информатизировать տեղեկութավորել, տեղեկավորել

информатизация տեղեկութավորում, տեղեկավորում (օր.ՙ հասարակության տեղեկութավորում, երբ հասարակությունը հիմնավորապես ապահովվում է տեղեկույթով եւ տեղեկութային միջոցներով)

информатика տեղեկագիտություն

информатический տեղեկագիտական

информатик տեղեկագետ

дезинформация 1. ապատեղեկույթ, 2. ապատեղեկատվություն, 3. ապատեղեկացում

дезинформировать ապատեղեկացնել

дезинформирование 1. ապատեղեկատվություն նույնն է  дезинформация 2) , 2. ապատեղեկացում (նույնն է  дезинформация 3 )


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.15.27 | Сообщение # 122
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
«Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարի հաղորդումներից մեկում ես ասացի, որ ճիշտը «ձեռնոց դնել» ասելն է: Եվ որպես փաստարկ մեջբերեցի «Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի» առածը: Մի տիկին, իրեն համարելով շատ գիտակ, համարելով, որ ինքը անգիր գիտի հայերեն բոլոր առածները, զանգահարեց եւ բավականին կոպիտ վիրավորանքներ հասցրեց նվաստիս, ասելով նաեւ, որ Ա. Ղանալանյանի«Առածանի»-ում այդպիսի առած չկա: Տիկնոջը ասենք, որ «Առածանիում» շատ ուրիշ առածներ էլ կան. օրինակՙ  «Օձի սատկելը որ գա, կգնա ճամփի մեջտեղը կպառկի», «Լսել է, որ Բաղդադ խուրմա կա, չգիտիՙ ինչպես են ուտում», «Սուտ ասողի երեսն ի սեւ, հոգինՙ ի դեւ», «Ինքը չկա թիզ ու կես, արարմունքըՙ գազ ու կես», «Մի սել սիսեռ ունենա, Աստծուն Ասատուր կասի» : Մասնավորապես կա նաեւ այդ նշածս առածը: Սա առիթ հանդիսացավ հետեւյալ զրույցին, որն էլ ներկայացնում եմ ձեզ:

Ո՞ր արտահայտությունն է ճիշտՙ  ձեռնոց դնե՞լ , թե՞  ձեռնոց հագնել : Պարզաբանենք հարցը: Ընդհանրապես,  հագնել բառը առաջացել է գրաբարյան ագանիմ բառից (արմատն է ագ ), որն ունեցել է մի քանի նշանակություն.

«1.  ագուցանել - հագցնել, օղակի մեջ անցկացնել,

2.  ագոյցք - օղակ, օղակի մեջ անցկացնելով բառնալու ձող,

3.  ագանելիք - զգեստ, հագուստ»:

Նշենք, որ նույն  ագ արմատից է նաեւ  առագաստ բառըՙ  առ եւ  աստ ածանցներով կազմված:

Ըստ ժամանակակից բառարաններիՙ  հագնել առաջին հերթին նշանակում է «զգեստը մարմնի վրա զգենալ»: Իսկ  դնել բառի համար ունենք մեզ համար հետաքրքրական հետեւյալ նշանակությունըՙ «մարմնի որեւէ մասին ագուցանել, հագցնել». օրինակՙ «գլխին գլխարկ դնել, մատին մատանի դնել» եւ այլն:

Պարզելու համարՙ  ձեռնոց դնել պետք է ասենք, թե  ձեռնոց հագնել , դիտարկենք մի այսպիսի նախադասություն. «Դու ձմռանը ձեռնոց դնու՞մ ես»: Ոչ մեկը չի հարցնիՙ «Դու ձմռանը ձեռնոց հագնո՞ւմ ես». խորթ է: Իսկ ընդհանրապես, տրամաբանորեն սխալ չէ ձեռնոցները ձեռքերին հագցնել արտահայտությունը, ինչպեսՙ  մատանին մատին հագցնել : Բայց ճիշտ են  գլխարկը գլխին դնել, մատանին մատին դնել, ձեռնոցները դնելարտահայտությունները:

Մի վերջին եւ շատ վճռական փաստարկ հօգուտ  ձեռնոց դնելու : Ինչպես արդեն նշեցի, Արամ Ղանալանյանի «Առածանի» գրքում կա այս հիանալի առածը. «Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռնի» : Սա արդեն ժողովրդական ընդհանրական մտածողության արտահայտություն է, որն, ըստ իս, անվիճելի է: Ոչ ոք չէր ասի. «Ձեռնոց հագնող կատուն մուկ չի բռնի» : Այնպես որՙ ձեռնոց դնենք, իսկ շապիկՙ հագնենք, այնպես որ, «Հորթը որ կովի առաջն ընկնիՙ գելը կուտի»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.19.29 | Сообщение # 123
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծու, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից եւ օտար բառերից: Լեզվի զարգացման միտումը, պայմանականորեն ասենք, «տերմինային է», այսինքնՙ աշխարհում օրական ստեղծվում են բազմաթիվ տերմիններ գիտության ամենատարբեր բնագավառներում: Եթե մենք չդիմադրենք անխուսափելի տերմինախուժությանը մեր լեզու, ապա մի հարյուր տարի հետո շատ տարօրինակ վիճակում կհայտնվենք: Հայերենը կդառնա կենցաղային մի լեզուՙ հագեցած զանազան լեզուների շիլաշփոթ բառերով:

Ամեն օր անհրաժեշտ է լինում անվանել նորանոր իրեր, առարկաներ, երեւույթներ ու հարաբերություններ: Այս երեւույթը տեղի է ունենում միշտ: Գիր ունեցող լեզուների մեջ նոր արմատներ սովորաբար չեն ստեղծվում, բայց չէ՞ որ ստեղծվում են բազմաթիվ նորանոր բառեր: Ովքե՞ր են ստեղծում այդ բառերը, ինչպե՞ս են ստեղծվում դրանք: Յուրաքանչյուր մարդ ազատ է նոր բառ ստեղծելու մեջ: Բայց որքանո՞վ նրա ստեղծած բառը համընդհանուր ճանաչման կարժանանա, դա է խնդիրը:

19-րդ դարում հայ մտավորականներն ստեղծեցին բազմաթիվ բառեր, որոնց մի մասը մերժվեց, մի մասն ընդունվեց: Այսպես, թվում է, թե շատ հին բառ է քարափ բառը, բայց այն ստեղծվել է 1890-ական թվերին: Նույնըՙ  հեծանիվ, լուցկի, բացառել, հոմանիշ, նույնանիշ եւ այլ բառերի դեպքում:

Անհատական հզոր կամքով Մանուկ Աբեղյանը ստեղծեց բազմաթիվ բառեր եւ կյանքի կոչեց: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ  կերպար բառը ստեղծվել է 20-րդ դարում: Նույնըՙ ապար բառը: Աբեղյանի ստեղծած բառերի մեծ մասը մտել է հայ լեզվի գանձարանը:

Ինչպես տեսնում ենք, օտար տերմինները չթարգմանելն անհնար է, եթե չենք ուզում, որ լեզուն դառնա մասնագիտական ժարգոնների մի համախմբություն:

Ամեն օր գիտության, տեխնիկայի, մշակույթի բազմաթիվ նոր հասկացություններ են ծնվում եւ անուն ստանում օտար բառերով, որոնք այդ հասկացությունների հետ ներխուժում են մեր կյանք: Եթե չթարգմանվի, չհայացվի դրանց գոնե մի մասը, ապա լեզուն պարզապես կաղտոտվի  կոնգրուենտ (համընկնելի), կոնդոմինիում (համատիրություն), քլիրինգ (չի թարգմանվել), կոմպյուտեր (համակարգիչ), միսըս (գեղեցկուհի), պոպուլիզմ (ամբոխահաճություն) եւ այլ անճոռնի, անբարեհունչ բառերով:

Երկու ծայրահեղությունՙ ամեն ինչ թարգմանել եւ ոչինչ չթարգմանել, միշտ կռվել են իրար հետ, այժմ էլ կռվում են, եւ հաղթում է ոսկե միջինը, եւ դա լավ է: Շատ անբարեհունչ բառեր, տերմիններ նորացվել են, զորօրինակՙ

կոլեգիա վարչանի

կապիլյար մազական

ֆոկուս կիզակետ

շկալա սանդղակ

տրաեկտորիա հետագիծ

մախավիկ թափանիվ

պարալելոգրամմ զուգահեռագիծ

կոնդոմինիում համատիրություն

եւ այլն, եւ այլն:

Նույնիսկ Տերյանի եւ Րաֆֆու պես մարդիկ պնդում էին, որ կարիք չկա թարգմանելու պալտո, վելոսիպեդ, գաստրոլ, փեչ, տելեֆոն, տելեգրաֆ բառերը: Բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում հեծանվին վելոսիպեդ ասել:

Օտար բառը ոչ միայն անբարեհունչ է, այլեւ մեզ համար հասկանալի ոչ մի տեղեկույթ չունի իր մեջ: Օրինակՙ  համատիրություն բառի մեջ  կոնդոմինիում տերմինի նշած հասկացության իմաստը կաՙ «միասին տիրել»: Երբ ասում ենք  կոնդոմինիում , ապա հայ մարդու համար որեւէ տեղեկույթ չի պարունակում այդ բառը, իսկ երբ ասում ենք  համատիրություն , ապա բառի մեջ կա հասկանալի տեղեկույթՙ «միասին տիրել», որն օգնում է պատկերացնել նշվող հասկացությունը: Կամ խիստ արմատացած մի տերմինՙ  կոլեգիա , որն անընդհատ աղավաղված է արտասանվել, շփոթ առաջացրելՙ  կոլեգյա, կոլեգիյա, կոլեգա եւ այլն, հիմա դրա փոխարեն ավագանի բառի համանմանությամբ ստեղծվել է  վարչանի բառը:  Բագաժնիկ -ի փոխարենՙ բեռնոց բառը:

Քանի որ կյանքը շատ է արագացրել իր ընթացքը, ապա օտար բառերն էլ շատ արագ են մուտք գործում մեր լեզու: Եվ մեզնից մի մասը փորձում է դրանք թարգմանել, հայացնել, մի մասը վախենում է օտար բառին եւ նրա արտահայտած իմաստին ձեռք տալ. հանկարծ մի բան չպատահի: Մի մասը զուտ քաղքենիությունից է օգտագործում օտար բառըՙ տպավորություն թողնելու, ամբոխահաճ տրամադրություն ստեղծելու համար, մի մասըՙ օգտապաշտությունից, մի մասըՙ պարզապես ծուլությունից, մի մասըՙ չհասկանալուց եւ այլն:

Կան մարդիկ, ովքեր լեզուն ուզում են հարստացնել փոխառություններով, լիովին ժխտելով թարգմանելու անհրաժեշտությունը: Եվ ստացվում է այսպիսի հայերեն.

«Հայաստանում վերջին տարիներին քլիրինգային եւ ինվեստիցիոն ոչ կոռեկտ քաղաքականության հետեւանքով էկոնոմիկայում ուժեղացավ կոռուպցիան, ստեղծելով ստագնացիոն կոնյունկտուրա, ինֆլյացիա, վալյուտային ռեսուրսների կոնվերսիա, բյուջեի դեֆիցիտ, վաուչերների ու սերտիֆիկատների դեֆլյացիա, դիվիդենտների մինիմիզացիա, կոնդոմինիումի անկիրառելիություն, էքսպերտների եւ էքսպերտիզայի անտեսում, բորսաների ու բիրժաների լիկվիդայնության էնտրոպիա, էկոնոմիկայի դիվերսիֆիկացիոն լեգիտիմ քաղաքականություն, ստվերային բիզնեսի մաքսիմիզացիա, որը նաեւ մարկետինգի եւ մենեջմենտի թույլ դրսեւորման հետեւանք է, անհարիր մեր ռեյտինգին եւ իմիջին, առավել եւսՙ մենթալիտետին»:

Կան մարդիկ, ովքեր ուզում են ամեն գնով թարգմանել յուրաքանչյուր բառՙ հասնելով ծայրահեղության եւ ընկնելով ծիծաղելի վիճակի մեջ: Եվ ստացվում է այսպիսի հայերեն. «Օրիորդապնդիչը հագավ պոչազգեստը, վերցրեց մի շիշ փրփրագմփիկ եւ, պոզահանրակառք նստելով, հասավ դրամատան մոտ գտնվող իր տունը: Տանը նրան սպասում էր կինըՙ փեշի երկար գրգռաճեղքով ու մազագանգրափաթաթանները գլխին: «Ի՞նչ կա ուտելու», - հարցրեց ամուսինը: «Կլորախմորաերկարածակերով փլավ», - պատասխանեց կինը:

Այնպես որ, եկեք քարը փեշներիցս թափենք եւ ծայրահեղությունների մեջ չընկնենք: Չնայած այդ ծայրահեղությունները, ի վերջո, հավասարակշռում են միմյանց:

Կա միակ ճիշտ ճանապարհը. ամեն մի գիտական նոր հասկացության համար 1. գտնել հայերեն անվանումՙ հին բառի նորիմաստ գործածություն, 2. եթե դա չի հաջողվում, հայերենի միջոցով ստեղծել նոր անվանում, 3. եթե դա էլ չի հաջողվում, օտար անվանումը ենթարկել հայերենի հնչյունաբանական եւ բառակազմական կանոններին, 4. օտար անվանումը նույնությամբ գործածելՙ չբացառելով դրա թարգմանությունը հետագայում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
  • Страница 13 из 13
  • «
  • 1
  • 2
  • 11
  • 12
  • 13
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz