Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2017-10-20, 20.04.23
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 7 из 13«12567891213»
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.53.20 | Сообщение # 61
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ
Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում  կեր բառըՙ «կերակուր, ուտելիք»: Տեսնենք, թե ինչ հետաքրքրական բառեր ենք ունեցել հնում այս արմատով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են այլ բառերով կամ մոռացության մատնվել:

Շատ ուշագրավ բառ կաՙ  այլոցկերություն ՙ «ուրիշի ինչքը, ապրուստը ուտելը»: Կարծում ենք, այս բառը այժմյան հարաբերությունների լավ արտահայտիչներից կլիներ: Գործածվել են նաեւ հետեւյալ բառերըՙ  կերեւուրաց ՙ «ապերախտ, ուտող-ուրացող»,  կերղի ՙ «կաշառք», այսինքնՙ կողմնակցության համար տրված վարձք: Ամեն ինչ կապվում է ուտելու հետՙ այլոցկերություն, կերեւուրաց, կերղի : Միայն այս բառերով բնորոշվող որքա՜ն մարդիկ կան, որոնց համար բնորոշ է նաեւ  անասնակեր ժամանակակից բառը:

Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Իսկ կոռուպցիա այլանդակ բառը դուրս կգա մեր լեզվից այն ժամանակ, երբ նրա արտահայտած այլանդակ հարաբերությունները դուրս կգան մեր կյանքից:  Կոռուպցիա -ի հայերեն համարժեք կարող են լինել  կաշառախտ -ը, շահածախվածություն -ը,  կերղի -ն,  կաշառահարություն -ը, կաշառամոլություն -ը,  կաշառագարություն -ը,  կաշառակուրություն -ը: Ինչքան լավ են հնչումՙ (բայց միայնՙ հնչում)  կաշառագարված պաշտոնյա, կաշառահար պաշտոնյա, շահածախված պաշտոնյա, կաշառախտված պաշտոնյա, կաշառակուր պաշտոնյա, կերղված պաշտոնյա, կերղվել, կերղված : Թե չէՙ  կոռումպացված . շատ պաշտոնյաների թվում է, թե դա նույնիսկ լավ բան է, չէ՞ որ օտար բառով է հնչում ու այլ զուգորդություններ առաջացնում:

Կեր -ը մեզ ուղեկցել է շատ վաղուց: Այնքան վաղուց, որ գավառներն ու թեմերն անվանել են  կերվածք , որը նույն  կեր արմատից է: Որեւէ գյուղ կամ շրջան իշխանության կողմից տրվում էր աշխարհական կամ հոգեւորական այս կամ այն անձինՙ կառավարելու եւ, միաժամանակ, նրա տուրքերով ապրելու: Այսինքնՙ ուտել բայը ստացել է նաեւ «կառավարել, իշխել, հովվել» իմաստները:  Կերվածք բառն այժմ ինչքա՜ն բնորոշ է մեր մարզ բառին: (Այս մարզը տալիս եմ. գնա, կե՛ր:)

Այս արմատի երկրորդ ձեւն է  կուր ՙ «անասունների ուտելիք» իմաստով: Այստեղից էլՙ կերակուր, կերակրել: Կուր արմատով կան բավականին հետաքրքրական բառեր.  գետակուր ՙ «գետի բաժին դարձած»,  սատանայակուր ՙ «սատանայի բաժին դարձած» եւ այլն:

Կեր բառը բնիկ հայերեն բառ է: Նրա մյուս ձեւն է  կոր -ը, որից էլ կրկնությամբՙ  կոկորդ«ըմպանին կից մսուտ պարկը»:

Ովքեր «ուտելու» հնարավորություն ունեն, պետք է հիշեն, որ հայոց լեզուն ունի  կեր -ով կազմված այսպիսի արտահայտություններ.  կերկոխ լինել ՙ «շատ ուտելուց հիվանդանալ, մահվան դուռը հասնել»,  կեր գնալ ՙ «զոհ դառնալ»,  կեր ընկնել ՙ «քաղցկեղով հիվանդանալ» եւ այլն:

Այսինքնՙ ուտելը պաշտամունք չարժե դարձնել, թե չէ կերկոխ կլինեք:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 06.18.12 | Сообщение # 62
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
Տեսնենք, թե ինչ մեկնաբանություններ ունի  ստահակ բառը, որն այժմ ունի «անկարգ, թոկից փախած, սրիկա» իմաստները: Սկզբնապես այն նշանակել է «անառակ, ըմբոստ»:

Աճառյանը եւ այլ լեզվաբաններ բառը համարում են փոխառություն պարսկերենից: Իսկ ահա հայ մեծանուն լեզվաբան Էդուարդ Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում, վերլուծելով իր նախորդների ստուգաբանությունները, տալիս է շատ անսպասելի մի մեկնաբանություն: Ըստ Է. Աղայանի, բառը սկզբնապես նշանակել է «մոլար, ստամետ»: Ուրեմն  ստահակ -ը ոչ թե արմատ է, այլ  բարդ բառ էՙ կազմված  սուտ եւ  հակարմատներից, այսինքնՙ ստուգաբանորեն նշանակում է «ստելու հակում ունեցող»։ Ընդ որում, դա բառի այժմյան իմաստի մեջ էլ մտնում է։

Հաշվի առնելով այս հանգամանքներըՙ մենք պետք է  ստահակ բառի ավանդական ըստահակ արտասանությունը փոխարինեք  սըտահակ արտասանությամբ։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 06.21.07 | Сообщение # 63
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
Այս զրույցում քննարկենք բարոյական մի քանի հասկացություններ նշանակող  առաքինի, պարկեշտ, ազնիվ, բարի բառերը: Տեսնենքՙ սրանցից որոնք են օտարամուտ, որոնքՙ բնիկ հայերեն:

Առաքինի բառի համար «Արմատականը» որոշակի ստուգաբանություն չի առաջարկում: Իսկ Էդ. Աղայանը նշում է, որ առաքինի բառի նախնական իմաստն է «քաջ», «կտրիճ», որից ստացվել են. կրոնական առումովՙ «բարեպաշտ», բարոյական առումովՙ «անբասիր, բարոյապես մաքուր» նշանակությունները:

Արմատն է  քեն , որ նշանակում է «ոխ, վրեժ, նախանձ», ինչպես նաեւՙ «հանցանքի քավության համար նշանակված գինը»: Այստեղից էլՙ ընդհանրապես «գին, արժեք», նաեւՙ «պատիվ»:  Առա եւ  ի ածանցներով այնուհետեւ կազմվել է  առաքինի բառը: Այսինքնՙ  առաքինիբառը բնիկ հայերեն բառ է, եւ արժե լինել առաքինի:

Պարկեշտ բառի համար տրվում են «ժուժկալ, համեստ, ողջախոհ, մաքուր, անարատ» իմաստները: Իսկ ծագման մասին որեւէ առաջարկ չկա: Այնուամենայնիվ, պարկեշտ լինելն էլ չէր խանգարի:

Ազնիվ բառի արմատն է  ազն , որ նշանակում է «ազգ, ցեղ, սերունդ»: Այստեղիցՙ դյուցազն, հայկազն, արքայազն եւ այլն:  Ազնիվ նշանակում է «լավ ազգից, ընտիր տեսակի, նվիրական, ազնվածնունդ, ազնվական»: Հետաքրքիր է, որ կա  չազնվություն բառը, որը հիմա շատ ավելի է հարգի մարդկային հարաբերություններում: Սակայն հիշենք. ազնիվ լինելը մեծ առաքինություն է:

Բարի նշանակում է «լավ, ընտիր, ոչ չար» եւ, երկրորդաբար, «բարօրություն»: Կազմված է բարք բառիցՙ ի մասնիկով: Նույն  բարք բառից է  բարոյական -ը: Իսկ եթե արդեն առաքինի ես, պարկեշտ ու ազնիվ, ապա բարի լինելը հեշտ է: Թեեւ  բարք նշանակել է «ներքին բնածին հատկություն, բնություն, բնավորություն, վարք, սովորություն»: Այսինքնՙ բարի լինելն այնքան էլ խելքի բան չէ. պետք է սրտից գա, այսինքնՙ ի ծնե:

Հետաքրքիր է  բարք -ի մեկ այլ նշանակություն եւս: Այն դարձել է  բար մասնիկ, որը դրվում է բառի վերջում եւ ցույց է տալիս «պես, նման»: Օրինակՙ  հայկաբար «Հայկի նման»,  գազանաբար«գազանի նման»,  տիրաբար, ազնվաբար եւ այլն:

Առավել ուշագրավ է, որ  ի «ինչ» եւ  բար «բարք, եղանակ» բառերից կազմվել է իբար բառը, այնուհետեւ շեշտն ընկել է առաջին վանկի վրա եւ  ա -ն սղվել էՙ տալով մեր այսօրվա իբր բառը:

Այսօր ահավոր չափերի է հասել սխալ շեշտադրությամբ խոսելը. հատկապես հեռուստահաղորդավարները շատ հաճախ են հայերենի վերջադիր շեշտը դնում բառերի առաջին կամ երկրորդ վանկերի վրա: Թվում է, թե մանրուք է, բայց տեսեք, թե այդ «մանրուքը» ինչպես է փոխել բառըՙ  իբար -ը դարձրել  իբր :

Այնպես որ պետք է յոթ մտածել ու նոր մեկ խոսել, այն էլՙ շեշտը ճիշտ դնել


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 06.27.13 | Сообщение # 64
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
Մեր կյանքում կենսական նշանակություն ունի կենդանի բառապաշարից ծնված կենարար խոսքը, մեր կեցության, կենցաղի անբաժան մասն են «լուռ հանճարները»ՙ գրքերը. թող կեցցեն դրանք մեզ հասցնողներըՙ գրիչներն ու տպագրիչները, նրանց կենացն արժե խմել հայոց կենսաբեր գինով:

Այս ամենասովորական նախադասության մեջ գործածված են առաջին հայացքից շատ սովորական բառերՙ  կյանք, կենսական, կենդանի, կենարար, կեցություն, կենցաղ, կեցցե, կենաց, կենսաբեր : Սակայն այս բառերն առաջին հայացքից են սովորական, իրականում նրանք անչափ զարմանալի բառեր են: Դրանք բոլորն էլ նույն «մորից» են ծնվել եւ այդ «մայրը» գրաբարյան  կեալ արմատն է, որ նշանակում է «ապրել»:

20-րդ դարի ուղղագրական փոփոխությունը բավականին աղճատեց բառի պատկերը.  եաերկբարբառի փոխարեն գրելով  յա երկհնչյունըՙ հեռացանք նրանով կազմված բառերի առաջնային բառապատկերներից, եւ  կեանք -ը դարձավ  կյանք : Բայց սա խոսակցության այլ թեմա է:

Ասենք, որ  կեալ -ից ստացվել են տարբեր ձեւեր: Օրինակՙ  կեաց , որից կազմվել են բազմաթիվ բառերՙ  մենակեաց (մենակյաց),  կարճակեաց (կարճակյաց), երկակեաց (երկկենցաղ) եւ այլն:  Կեաց ձեւի անշեշտ ձեւն է  կեց -ը: Սրանից էլ ստացվում են  կեցուցանել, բարեկեցիկ, բարեկեցություն, կեցություն եւ այլն:

Կեալ բայի ապառնիի եզակի երրորդ դեմքն է մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի  կեցցե բառը, որը նշանակել է «ապրի»: Նույն ձեւովՙ  կեցցես «ապրես»: Ահա թե որտեղ է թաքնված  կեցցեբառի արմատը, որը մենք պատրաստի գործածում ենք, առանց մտածելու, որ դա հնում մի սովորական բայաձեւ է եղել:

Մյուս ձեւն է  կեան , որիցՙ  կեանք : Սա մեր  կյանք -ն է, որը նշանակել է նաեւ «վարք, ինչք, ապրանք, հարստություն»:  Կեան -ի անշեշտ ձեւն է  կեն , որից ստացվում են  կենակից, կենարար, կենատ եւ այլն բառերը: Վերջինՙ  կենատ բառը նշանակում է «նետ», այսինքնՙ կյանքը հատող, կյանքը կտրող: Այստեղ է թաքնված նաեւ մեր այսօրվա  կենաց -ը, այսինքնՙ երբ ասում ենքՙ կյանքի կենացը , ապա ասում ենքՙ թող կյանքը կյանք ունենա:

Կեանք բառի հոգնակի հայցականն է  կեանս -ը, որը, զրկվելով շեշտից, տվել է  կեն ս, որից ունենքՙ  կենսական, կենսունակ, կենսաթոշակ եւ այլն:

Հաջորդ ձեւը  կեանք -ից ստացված  կենց ձեւն է, որից էլՙ  կենցաղ, կենցաղավարական եւ այլն:

Եվ վերջին ձեւըՙ  կենդ : Կազմված է  կեան -ից  դ մասնիկով: Շատ հին եւ ընտիր բառ ունենք զոդիակ բառի դիմացՙ  կենդակ , այսօրՙ  կենդանակերպ :  Կենդ -ի վրա ավելացել է  ան մասնիկը եւ ունենք  կենդանի, կենդանություն բառերն ու սրանցով կազմված հարյուրավոր բառեր:

Հետաքրքիր ժողովրդական մեկնաբանություններ կան  կեանք բառի վերաբերյալ: Մեկը պնդում է, որ  կեանք -ը առաջացել է  կին բառից, ինչպես Եվայի դեպքում, որ եբրայերեն նշանակում է  կյանք : Մյուսը պնդում է հակառակը, որ  կին -ը առաջացել է  կեանք բառից, քանի որ Ադամը իր կնոջ անունը  կեանք դրեց: Բայց ինչ էլ լինի, մեկ էՙ առանց կնոջ կյանք չկա:

Ահա թե ինչքան շատ բան է սովորեցնում մեզ մի հատիկ գիրքըՙ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»: Բառարան, որի նմանը չկա ամբողջ աշխարհում, բառարան, որը ժամանակի մեքենա է կարծես, որով կարող ես դարեր, հազարամյակներ հետ գնալ, տեսնել ինչպես են ապրել, ինչպես են խոսել հնագույն ժամանակներում քո ապուպապերը, ում հետ են նստել-վերկացել, եւ ոչ միայն հաց ու ջուր փոխ տվել ու առել իրարից, այլեւ բառեր, բառեր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 06.57.42 | Сообщение # 65
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
Կծու, կծել, կսկիծ, կճմթել . կապ կա՞, արդյոք, այս բառերի միջեւ: Նախՙ տեսնենք, թե մեր այսօրվա լեզվում ինչ են նշանակում այս բառերը:

« Կծու - կծու համ ունեցող, այրող հատկություն ունեցող, բարկ, դառն:

Կծել - ատամներով սեղմելով վիրավորել, խոցել, ատամները խրել մի բանի մեջ, ատամներով կտրել:

Կսկիծ - 1. սուր, ծակող ֆիզիկական ցավ, 2. դառն վիշտ, մրմուռ, ցավ:

Կճմթել - բթամատով ու ցուցամատով մարմնի որեւէ մասը սեղմել, ոլորել, ճմլել»:

Ինչպես տեսնում ենք, իրար բացարձակ չառնչվող նշանակություններով իրարից տարբեր բառեր են: Այժմ տեսնենք, թե ինչ ծագում ունեն այս բառերը, ինչպես են առաջացել եւ, այնուամենայնիվ, ինչ կապ են ունեցել իրար հետ: Հենց սկզբից ասենք, որ այս բոլոր բառերի արմատն է  կիծ , որի ընդհանուր իմաստն է «խածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցավեցնել, մարմաջեցնել»:  Կիծ արմատից  ու -ի հավելումով առաջացել է  կիծու բառը, ինչպես հատու, աղու, թթու, ազդու բառերը: Ի-ի սղմամբ ստացվել է  կծու : Նոր լեզու առած երեխաներն ավելի մոտ են բառի նախնական ձեւին եւ ասում ենՙ «Մամա, կիծու է»:

Կիծու նշանակում է «խայթող, կծող», որ սկզբում համի համար է ասվել, այնուհետեւ փոխաբերական նոր առումով տարածվել է մարդու հոգեւոր աշխարհի վրաՙ  խայթող խոսք, կծու հանդիմանանք եւ այլն: Ընդհանրապես, մարդու ֆիզիկականին վերաբերող բազմաթիվ բառեր հետագայում տարածվել են նաեւ հոգեւոր աշխարհի վրաՙ  ցավ, տանջանք, մրմուռ, տառապանք եւ այլն: «Սրտի ցավ, դառն վիշտ» փոխաբերական իմաստներով գործածվել է կիծկիծ բառըՙ կիծ արմատի կրկնությամբ, որիցՙ  կծկիծ : Այս բառում էլ  ծ -ն հաջորդ բաղաձայնի պատճառով հնչյունափոխվել է  ս -ի, եւ ստացվել է այսօրվա  կսկիծ բառը: Ինչպես այսօրվա  կասկածել բառի նախաձեւը  կածկածել -ն է:

Կիծ արմատի զուգաձեւն է  կիճ , որիցՙ  կճել «խայթել»,  կճան «եղինջ»,  կճիչ «խայթոց» եւ այլն:

Այս  կիծ եւ  կիճ արմատներից կազմվել են  կծմթել եւ  կճմթել բառերը: Իսկ  կծմթել բառից էլ հնչյունափոխությամբՙ  կսմթել բառը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.04.38 | Сообщение # 66
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
Ինչպես գիտենք,  ատյան -ը պատմականորեն նշանակել է «ժողովատեղի (դահլիճ, հրապարակ)»: Երկրորդ իմաստովՙ «նիստ, ժողով»: Եվ երրորդ իմաստով հիմա նշանակում է «խորհրդակցական մարմին»: Այժմ բազմաթիվ բառեր կան, որոնք կազմված են  ատյան բառից:

Տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել  ատյան բառը: Նախՙ դասական ուղղագրությամբ այն գրվում է  ատեան :  Եա երկբարբառի գոյությունը բառի մեջ թույլ չի տվել քմայնացնել  տբաղաձայնըՙ այն դարձնելով  ծ , ինչպես հիմա շատերը աղավաղված արտասանում են  ածյան , փոխանակՙ  ատյան : Սա, մասամբ, նաեւ հայ ռուսախոսների «շնորհիվ» է այսպես դարձել եւ դառնում:

Եվ այսպեսՙ  ատեան : Բառի սկզբնական, առաջին իմաստն է եղել «1. ժողով, ժողովի նիստ, 2. դատավորների ժողովը, 3. ժողովասրահ, դատարան, 4. դատաստան, դատարանի առաջ հարցաքննությունը»: Այնուհետեւ  ատեան նշանակել է «ժամանակ»: Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս է տեղ ցույց տվող բառը հանկարծ սկսում ժամանակ ցույց տալ: Ճիշտ այնպես, ինչպես  առաջբառի դեպքում, որը տեղ է ցույց տալիս: Ինչպես հիշում եք,  առաջ -ը կազմված է  աջ բառիցՙ առնախդիրով:  Աջ -ը նշանակել է «հաջողություն», իսկ որտեղ հաջողությունը, այնտեղՙ առաջադիմությունը: Իսկ առաջադիմությունը առանց ժամանակի գաղափարի անհնար է: Այդ պատճառով ընդհանրապես լեզուների մեջ այն բառերը, որ նշանակում են «առջեւ», նշանակում են նաեւ «նախ, նախապես, առաջուց», այսինքնՙ ժամանակ են ցույց տալիս:

Ճիշտ այդպես էլ  ատեան -ը, որը տեղ էր ցույց տալիս, հետզհետե սկսել է նաեւ ժամանակ ցույց տալ, որովհետեւ այս բառի հետ կապված է եղել որոշակի գործողության ժամանակըՙ նիստ եղած կամ լինելու ժամանակը: Եվ հետո, ընդհանրացմամբ, առհասարակՙ ժամանակ: Արեւմտահայերենում  ատեն ուղղակիորեն նշանակում է «ժամանակ»: Հակառակն է տեղի ունեցել  ժամ բառի դեպքում, որն սկզբում ցույց է տվել ժամանակՙ եկեղեցական արարողության ժամանակը, այնուհետեւ տեղՙ եկեղեցի:

Հետաքրքիր բառեր ենք ունեցել, որտեղ  ատեան -ը նշանակել է «ժամանակ». ատենահասՙ «ատենինՙ ժամանակին հասնող»: Այս բառը տրվել է Ս. Սարգսին: Ունենք  ատեան հողմոյբառակապակցությունը, որ նշանակում է «քամի փչելու ժամանակը»:

Այսօր  դիսերտացիա օտար բառի դիմաց ունենք ատենախոսություն հայերեն բառը: Այս բառը բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) առաջարկած բառն է, որը հաստատեց եւ կյանք մտցրեց Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհուրդը:  Ատենախոսություն բառն, իհարկե, շատ վաղուց կար եւ նշանակում էր եւ է «ատյանում խոսող, ճառող», «հրապարակային տեղերում հասարակության առաջ որեւէ հարցի մասին խոսող»:

Ատյան բառի առաջին նշանակությունից (այսինքնՙ ժողով, ժողովի նիստ) են բխում ատենակալ, ատենաքարշ, հանդիսատյան բառերը:  Հանդիսատյան բառը հիմա էլ շատ լավ կարող է ծառայել  մրցահանդեսի ժյուրի բառակապակցության փոխարեն: Ընդհանրապես ժյուրի բառի փոխարեն ես վաղուց առաջարկել եւ գործածել եմ  մրցատյան բառը, որը, կարծում եմ, գոյության իրավունք ունի:

Հետաքրքիր է, որ  ատեան բառը, ինչպես նաեւ  նիստ բառը ծագել են հնդեվրոպական նախալեզվի esd «նստել» արմատից:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.08.03 | Сообщение # 67
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
Ժամանակակից բառարանները  առակ եւ  առասպել բառերի համար տալիս են հետեւյալ նշանակությունները.

Առակ «1.Արձակ կամ չափածո ոչ մեծ այլաբանական երկ բարոյական, երգիծական կամ ծաղրական բովանդակությամբ: 2.Դժվարիմաց այլաբանություն, մեկնության կարոտ հանելուկ: 3.Իմաստալից խոսք, առած»:

Առակ «1.Խայտառակություն, նախատինք: 2.Նախատական խոսք, հայհոյանք»:

Առասպել «1.Հին ժողովրդական զրույց: 2.Անհավատալի, չափազանցված, մտացածին բան: 3.Առակ: 4.Առած»:

Ինչպես տեսնում ենք, այս բառերը ինչ-որ տեղ նույնանում են: Ո՞րն է այս նույնության հիմքը, ի՞նչ ծագում ունեն այս բառերը: Դիտարկենք նաեւ  առած բառը, որն, ըստ ժամանակակից բառարանների, նշանակում է «կարճ, իմաստալից ասացվածք»: Իսկ այժմ դիմենք ստուգաբանությանը, տեսնենք, թե այդ մասին ինչ է ասում «Արմատականը»:

Առած «1.Երկնային ներշնչում, հայտնություն, տեսիլ: 2.Աստվածային սպառնալիք, պատգամ»: Ինչպես նաեւՙ «սուրբ հայրերի պատվերները, բարոյական վճիռ կամ իմաստասիրական ճշմարտություն»: Տեսնու՞մ եք, թե ինչ իմաստներ է պարունակել իր մեջ այսօր մի քիչ խեղճացած, երբեմնի հզոր բառը:  Առածը կազմված է  ած մասնիկով  առ (առնուլ)բայից, որը նշանակել է «առնել, գրավել, ձեռք բերել, կրել, ձեռնարկել» եւ այլն: Նշանակել է «մարգարեական շնորհներից ազդված, Սուրբ Հոգուց առնված»: Այսինքնՙ խոսում էին այն, ինչ առել էին Հոգուց, խոսքերը առած էին, ձեռք բերված էին: Այժմ մնացել է բառի միայն փոխաբերական, վերոնշյալ իմաստը:

Ինչպես նշեցինք սկզբում, առակը ինչ-որ իմաստով նույնանում է առածին: Տեսնենք, թե ինչ բան է առակը: Դարձյալ դիմենք «Արմատականին»:

Առակ - առաջին եւ նախնական նշանակությունն է «դիտելու բան, տեսնելու առարկա, օրինակ»:

Ուրիշներին իբր օրինակ դրված առարկան սովորաբար բացասական տիպ է լինում. գողին, անառակին, ավազակին ման էին ածում ժողովրդի մեջ, որպեսզի նրանից օրինակ առնելովՙ չարից հեռանային եւ բարուն հետեւեին: Այսինքնՙ որպես օրինակ դրված առարկան (գողը, անառակը, ավազակը եւ այլն) լինում էր ծանակ, նշավակ, ամոթալի, նախատական մի բան, լինում էր առակ: Հետագայում օրինակը, փոխանակ թանձրացյալ (նյութական) մի առարկա լինելու (գող, անառակ, ավազակ եւ այլն), կարող էր նրա պատկերը լինել, այսինքնՙ «փոքր պատմություն, որտեղ կա մի բարեխրատ օրինակ»: Ահա թե ինչպես օրինակը դարձավ այդ օրինակի մասին պատմող պատմությունՙ առակ:

Ունենք  առակ դառնալ «ամոթալի վիճակի մեջ ընկնել, ծաղր ու ծանակի առարկա դառնալ» դարձվածը: Այսօր առակը, խայտառակությունն այն է, որ գողը, ավազակն ու անառակը ինքնակամ են իրենց օրինակ դնում, որ մարդիկ իրենցից օրինակ վերցնեն:

Երբ առակը պարզ չէ եւ նմանությունը դժվարըմբռնելի է, այդ ժամանակ նա դառնում է առեղծված, հանելուկ: Իսկ երբ ամփոփված է մի կարճ ձեւի մեջ, համարվում է առած, ասացվածք: Առակի նշանակություններից բխում են զանազան բառեր:  Առակել «առակով պատմել, նշավակել, խայտառակել»:  Անառակ «անբարոյական, շվայտ, զեխ», սակայն բարբառներից մեկում  անառակ նշանակում է «խելոք, իմաստուն, ամաչելու բան չունեցող»: Ինչպես այժմ մեր անօրինակը , որ նշանակում է «օրինակը, նմանը չունեցող»:

Բարբառներում կա  առկվել «իրար հետ անճոռնի կատակներ անել» բառը:

Առակ բառը կազմված է  ակն «աչք» բառից  առ նախդիրով, որն այստեղ նշանակում է «կողքին, դեմը, առջեւը»: Այսինքնՙ  առակ ՙ «աչքի առաջ, աչքի դեմ, աչքի ընկնող, աչք ծակող»: Հայերենից առակ բառը փոխառել են վրացիներըՙ  արակի «առակ, պատմություն», արակոխանի «առասպելական»:

Այժմ վերջին բառըՙ  առասպել , որ նախնական իմաստով նշանակել է «մտացածին, սուտ պատմություն, առակ» եւ, ինչպես  առակը , «առեղծված, հանելուկ»:

Սա եւս շատ հետաքրքիր կազմություն ունի: Բնիկ հայերեն բառ էՙ  առ նախդիրով եւ  սպել«խոսել, պատմել» արմատով: Այս արմատը կա միայն հայերենում եւգերմաներենում: Հետաքրքիր է, որ  առասպել բարբառներում նշանակել է նաեւ «լկտի պատմություն, անբարոյական, անպարկեշտ»:

Ահավասիկ երեք բնիկ հայերեն բառ եւ որքա՜ն հետաքրքիր ստուգաբանություններ, որքա՜ն տեսանելի եւ անտեսանելի կապեր, իմաստային խաչաձեւումներ, նշանակությունների զարգացում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.10.26 | Сообщение # 68
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է խայտառակությունը. «ամոթալի, զազրելի գործ, ծաղր ու ծանակի առարկա դարձած արարք, վատ, տգեղ, անպատվաբեր վարքագիծ» եւ այլն: Ի՞նչ կազմություն ունի խայտաբղետ իմաստներ ունեցող այս բառը:

Խայտառակ բառն ստացվել է  խայտ եւ  առակ արմատների միացմամբ եւ նշանակում է «նշավակ, առարկա ծաղրի, նշան առակի»:

Մի արմատն է  առակ -ը, որի մասին նախորդ զրույցում խոսեցինք: Ավելացնենք միայն, որ թե՛  խայտ -ը, թե՛  առակ -ը բնիկ հայերեն բառեր են:

Խայտ -ը հնդեվրոպական արմատ է, սկզբնապես նշանակել է «լույս, փայլել, երեւալ, այրել»: Հետագայում նշանակել է «խատուտիկ, պիսակավոր». հիշենք կարմրախայտը եւ խատուտիկը:

Նշենք նաեւ, որ  խայտ -ի փոխարեն այժմ, չգիտես թե ինչու, գործածում են օտար  խալբառը:

Խայտալ հայերենում նշանակում է «ուրախությունից թռչկոտել, սաստիկ ուրախանալ»: Գերմաներենում կա  heiter «ուրախ» բառը, որը թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ գրեթե նույնն է մեր բառի հետ:

Խայտ բառից է նաեւ  խայծ -ը, որի բուն եւ առաջին նշանակությունն է «պիսակ, բիծ»:  Խայծնշանակել է նաեւ «չորս կողմը պատող սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղՙ մարմնի վրա»: «Արտի մեջ մի փոքր չվարած մասը» նույնպես խայծ է: Սրանցից էլ փոխաբերաբար բխում է սակավության, նվազության գաղափարըՙ «մի քիչ, փոքր ինչ, մի պատառ»: Հենց այս վերջինից էլ առաջացել է «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր կարթի ծայրին են ամրացնում ձուկ բռնելու համար» իմաստը: Չնայած խայծ կարող էին դառնալ հենց սպիները եւ ոչ թե սպիների մեջ մաքուր մնացած մի կտոր տեղը: Չէ՞ որ տղամարդիկ սիրում են հպարտանալ իրենց սպիներով, որոնք կանանց համար կարող են լինել խայծ:

Փոխաբերաբար  խայծ նշանակում է «մեկին հրապուրելու, իր կողմը գրավելու, որեւէ ծուղակի մեջ գցելու միջոց»: Ասենքՙ  օձի լեզուն խայծ է կնոջ սիրտը գրավելու համար: Ճիշտ է, օձի լեզու ունենալը կարծես թե քիչ է, պետք է նաեւ այդ  լեզուն թափել :

Վերջում նշենք, որ գավառական  խատուտիկ, խատուլիկ «գույնզգույն, սիրունիկ» բառերը դարձյալ  խայտ -ից են:  Խատուտիկ ծաղիկը իր անունն ստացել է, ամենայն հավանականությամբ, կամ դեղին ծաղկապսակի պատճառով, կամ սպիտակ սերմնագլխիկի:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.12.39 | Сообщение # 69
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
Ի՞նչ է գայթակղությունը, որը նաեւ մեղք է համարվում: Մեղք է համարվում, եթե նույնիսկ մտքով ես գայթակղվում: Տեսնենք, թե ինչ բացատրություններ կան բառարաններում: Ըստ Հայկազյան բառարանիՙ  գայթակղվել նշանակում է «գայթել, գլորվել մեղքի մեջ, պղտորվել մտքով եւ կամքով»: Ըստ Ստ. Մալխասյանցի «Բացատրական բառարանի»ՙ նշանակում է.

«1. Ոտքը խոչի դիպչել, սայթաքել, քթահարել: 2. Չար օրինակից մոլորվել, սխալմունքի մեջ ընկնել»:

Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» գայթակղություն նշանակում է.

«1. Մոլորություն, մեղսալի արարք: 2. Գայթակղիչ պատճառ: 3. Հրապուրանք: 4. Խոչ, խութ, խոչընդոտ»:

Այժմ տեսնենք, թե այս բառի մասին ինչ է գրում Հր. Աճառյանը «Արմատական բառարանում», եւ ինչ կազմություն ունի բառը: Ըստ այդ բառարանիՙ գայթակղվել նշանակում է «գլորվել ընկնել, մոլորվել, սխալվել, ոտքը քարի զարնվել»:

Գայթակղել բառը, որի ավելի հին եւ ճիշտ ձեւն է  գայթագղել , կազմված է  գայթ եւ  գիլարմատներից:

Գայթ -ը նշանակում է «ոտքը գայթելըՙ սահելը, սխալվելը կամ մոլորվելը, որոգայթ»: Իսկ գիլ -ը  գլոր, (գլորվել) բառի արմատն է:  Գայթակղել -ի մեջ նույն  գիլ -ն է, որտեղ  գ -ն դարձել է  կ,  լ -նՙ  ղ : Այսպես պարզ է դառնում, թե ինչու է  գայթակղվել նշանակում «սայթաքելով գլորվել»:

Գայթակղության քար նշանակում է «հրապուրվելու առարկա, գայթակղվելու պատճառ»: Գայթակղությունը զսպել ՙ «կարողանալ չգայթակղվել, չսայթաքել, ճշմարիտ ճանապարհից դուրս չգալ»:

Մեծ է գայթակղությունը մեղսալի արարքներ գործելու, բայց պետք է պայծառ պահենք մեր միտքը եւ կամքըՙ զորեղ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 07.24.13 | Сообщение # 70
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1380
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,Առնական է, կոպիտ, բայց միեւնույն պահինՊայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,Վառված հրով անշեջ դարերում հին:Ե. Չարենց

Ի՞նչ է նշանակում բարբարոս բառը, որը Ե. Չարենցը օգտագործել է հայոց լեզուն բնութագրելու համար: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ բարբարոս -ն ունի մի քանի նշանակություն. «1.Հույներն ու հայերը այդպես էին կոչում օտարներին: 2.Քաղաքակրթության ստորին աստիճանի վրա գտնվող մարդ: 3.Վայրենի: 4.Կոպիտ, անտաշ, գռեհիկ»:

Եղիշե Չարենցն, ամենայն հավանականությամբ, վերջին իմաստով է կիրառել բարբարոս ածականը հայերենի համար: Եվ, իրոք, հարկ եղած դեպքում մեր լեզուն կոպիտ է, անտաշ ու գռեհիկ.  «Աղքա՛տ, աղքա՛տ. քիթդ սրբի՛, էլի աղքատ եղիր», «Ցռան կովը նախրի անունը կավիրե», «Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի», «Ձենը որ ձվով լիներ, հավի ո....ը բլբուլի ձեն կհաներ», «Չունես փող, մտի հող», «Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում»եւ այլն, եւ այլն:

Իսկ ի՞նչ ծագում ունի  բարբարոս բառը:

«Արմատականը»  բարբարոս -ի համար տալիս է «այլազգի, օտարազգի, վայրենի ժողովուրդ», «վայրենաբարո» նշանակությունները: Ծագել է հունարեն բարբարոս «ոչ հույն, այլազգի, օտարազգի, վայրենի» բառից: Այս անունով էին հույները որակում բոլոր այն ազգերին, որոնք հունարեն չէին խոսում, որոնց լեզուն իրենց հասկանալի չէր: Բառը հետո ստացավ «վայրենի» նշանակությունը եւ փոխառությամբ տարածվեց շատ ուրիշ լեզուների մեջ: Այսինքնՙ մենք կարող ենք կրկնակի վայրենի անվանել այն մարդուն, ով ապրում է իր հայրենիքում ու չգիտե իր մայրենի լեզուն: Գիտնականների մի մասը պնդում է, որ բառը ծագել է սանսկրիտերենի  կակազել բառից, մի մասըՙ հայերենի  բարբառ բառից, որից էլ փոխառել է հունարենը, իսկ հունարենիցՙ այլ լեզուները: Եթե նկատի ունենանք, որ  բարբարոս -ի նախնական իմաստը եղել է «այլ լեզվով խոսել», ապա հայերենից փոխառություն լինելն ավելի նախնական է թվում: Իսկ  բարբառ -ը հայերենում նշանակել է «հնչյուն, խոսք, լեզու»: Կազմված է  բառ բառիցՙ կրկնությամբ:

Իսկ ի՞նչ ծագում ունի  բառ բառը: Հայերենում կա բնիկ հայերեն  բալ «խոսել, ասել» բառը, որի պարզ արմատն է  բա :  Բալ -ի ներկայի երեք դեմքերն են  բամ, բաս, բայ , այսինքնՙ «ասում եմ, ասում ես, ասում է»:  Բա արմատի մյուս ածանցներն են. 1.  Բայ «խոսք, մարդկային բան»: Հետաքրքիր է  խաբեբա(յ) բառը, որը նշանակում է «խաբեական բաներ ասող»: 2.  Բան«խոսք»: Այս ձեւից է անբան «անխոս, անասուն, առանց բանականության» բառը: 3.  Բառ «բառ, լեզու»: Եվ հենց բառ բառի կրկնությամբ էլ ստեղծվել է մեր  բարբառ -ըՙ չորրորդ ձեւըՙ «հնչյուն, խոսք, լեզու» նշանակություններով:

Իսկ  բամբասանք -ը ( բա արմատի հինգերորդ ձեւը) կազմված է  բամ եւ  բաս «ասում եմ, ասում ես» բայաձեւերից, ինչպես  ասեկոսե -նՙ  ասե ,  կոսե բայաձեւերից:

Տեսնու՞մ եք, բամբասանքը իրոք բարբարոսություն է:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Страница 7 из 13«12567891213»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz