ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998 - Forum
Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВторник, 2017-02-28, 14.02.20
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 712367»
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.47.03 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ(ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ)
1919-1998


____1919թ. սեպտեմբերի 30-ին Աշտարակ քաղաքում ծնվել է Գևորգ Էմինը:
____1940թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան (այժմ ՀՊՃՀ) պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական բաժինը: Այնուհետև երկու տարի աշխատել է Մատենադարանում:
____1942-1944թթ ծառայել է սովետական բանակում:
____1949-1950թթ սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում:
____1951թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 
____1951-1954թթ եղել է «Литературная газета» թերթի թղթակիցը Հայաստանում:
____1953թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
____1954-1956թթ մասնակցել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացին:
____1968-1972թթ եղել է « Литературная Армения» ամսագրի խմբագիրը:
____1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիան Էմինի սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի փառատոնի գլխավոր («Պրոմեթևս-69») և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին: Երևանի Էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման:
____1976թ. «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 
____1979թ. եղել է Չարենցի անվան մրցանակի դափնեկիր:
____1979թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
____1979թ. պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
____1984թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
____1998թ. հունիսի 11-ին մահացել է Երևանում:

____Էմինի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
____Իր գրական անվան մասին Էմինը գրել է. «Մինչև առաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպագրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կարլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրական կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սևակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին... Գևորգ Էմին... Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.47.51 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՄԵՆՔ

1.
Եվ ի՜նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտա՛կ.-
Եթե նավ՝ ապա չո՜ր ժայռի վրա,
Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
Եթե հող՝ապա քարացա՜ծ ահից,
Եթե քար՝ ապա ճչացո՜ղ ցավից,
Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝ առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝ հնի ու ավերակի...

Եվ ի՜նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թե շիտակ նստած՝ ծու՜ւռ խոսենք անգամ,-
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.
Գետ, որի լոկ մի՛ ափին ենք տիրում,
Լեռ, որ հեռվի՜ց է միայն երևում,
Անժողովուրդ հո՜ղ,
Անհող ժողովո՜ւրդ
Եվ ցրված հուլունք,
որ չէ՜ր... ժողովվում:

2.
Մենք խո՛ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն, թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝
Փնտրելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա՛ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,-
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
Եվ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ...

Մենք կո՛ւյր ենք կիսով.
Միշտ թա՛ց է եղել մեր աչքն արցունքից,
Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զե՛նք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա՛մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,-
Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգա՜նք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝ մեր հո՜ղն ենք լքում
Եվ... վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՛ց,
Ցավի՛ց...

Մենք կես,
Կես ենք մենք,

Չլինեինք կես՝
Հա՛յ կը լինեինք,
Եվ ո՛չ թուրքահայ,
Կամ արաբահայ,
Կամ ֆրանսահայ.
(Իսկ վաղն աստղահայ
Եվ կամ լուսնահայ...)

____Կե՜ս ենք,-
____Երկճեղքվա՜ծ,
____Կիսվա՜ծ,
____Երկգագա՜թ
____Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լեռան նման...

Բայց վկա ճեղքված Մասիս լե՛ռը մեր,
Վկա մեր կե՛սը մորթված Տէր-Զորում
Եվ այն կե՛սը,
Որ ե՛ս եմ, դո՛ւ և նա՛,-
Մենք կմիանա՜նք
Մենք կամբողջանա՜նք,
Կգտնե՜նք մի օր 
Լրի՜վ դառնալու
Հնար՛ն անհնար...

3.
Մենք փո՜քր ենք, այո՛,
Փո՛քր,-
Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.
Փո՛քր,-
Լեռնային մեր գետերի պես,
Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,
Անծանո՜թ՝
Հովտի ծո՜ւյլ-ծո՜ւյլ գետերին:

Փո՜քր ենք-
Բայց ինչպես գնդակը՝ փողո՛ւմ,
Ինչպես կաղնու սերմն՝
Արգավանդ հողո՛ւմ,-
Ոսկու մի հատի՜կ,
Որ վերևի՜ց է նայում
Կապարի՛ ու թուջի քաշի՛ն.

Մենք փո՛քր ենք,-
Սակայն համեմո՜ւնք ենք մենք,-
Ա՜ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս 
Մի ամբողջ ճաշի...

Մենք փո՜քր ենք, այո՛,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմե՛ք այնքա՛ն,
Որ մենք ստիպված...ադամա՛նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պես ցիրուցա՜ն անեք,
Որ միշտ մե՜զ տեսնեք՝
Ո՜ւր էլ որ գնաք...

Մենք փո՜քր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականի՛ց մինչ Լուսի՛ն է հասնում,
Եվ Լուսավանից՝ մինչև Ուրարտո՛ւ...
Փո՜քր,-
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դա՛ր ու դարե՛ր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.48.31 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԵՐԳ-ԵՐԳՈՑ

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս բիբլիական,
Թա՜ց են ոտքերըս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հո՛ղն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը՝ սատակել իմ սրից:

Իմ մատների հե՛տքն է կրում հնադարյան
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով անցավ,
Եվ, միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վե՛մ դարձավ:

Սուրբ մեհյանի, որտեղ արեգակից առաջ,
Ես վառեցի հո՜ւրն իմ ատրուշանում խալդաց,
Երբ Մասիսը ինձ պես դեռ չէ՜ր լսել հառաչ
Եվ ծաղկով ու սոսյաց անտառո՛վ էր պատած:

Իմ նահատակ որդոց արյունից է բուսել
Ամեն ծաղիկ ու ծառ, և այս անտա՛ռն անգամ,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրի՜մ է լուսե,
Եվ կոթողի բեկոր՝ դաշտի ամեն մի քար:

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս Արարատյան,
Հազար տե՜գ է բախվել իմ վահանին ահեղ,
Փշրե՜լ եմ ես սակայն ամեն սուր ու պատյան
Եվ լեռներիս նման գլուխըս վե՛ր պահել:

Ամեն դար իմ հոգում մի կնճիռ է պեղել,
Որդիներիս ցրել աշխարհով մեկ արար,
Կտրե՛լ ընձյուղ տվող ամեն ծառ ու եղեգ՝
Արարատս սուզել հեղեղներում արյան.

Բայց հեղեղից փրկված տապանի պես Նոյի,
Արարատից իջած հայրենիքն իմ քարե,
Որբի համառությամբ ես ապրե՜ եմ նորից,
Արյունըս յուղ արած՝ կանթեղներըս վառել

Եվ, վերստին պանդուխտ որդիներիս գտած,
Աչքերըս լիքն արցունք, ինչպես վերքը՝ արնով,
Ավեր բո՜ւյնս եմ շինել, կռել խոփ ու գութան,
Նոր «Մատյա՜նըս» երկնել՝ նոր Նարեկիս ձայնով...

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս բիբլիական,
Չէ՜ր դիմանա լեռը տառապանքիս հանդեպ,-
Ի՛նձ է խոցել ամեն բռնակալ ու արքա,
Ամեն ելնող Աթիլլ իմ երկի՜րն է քանդել...

Ես, դարերով սովոր կոտորածին, գաղթին,
Ինչպես հավերժ ձյունին գագաթների Մասյաց,
Մի բուռ ցորյան՝ փրկված անցյալի մեծ արտից
Եվ գալիքի բերրի ու խոր հերկին հասած,

Դրած հիմքերն անխախտ վերածնված իմ տան,
Սահմաններըս փռած Բյուրականից... Լուսին,
Այս դարի նոր երգին խառնած երգըս Գողթան,
Գո՜ւյն ու ձև՜ եմ տալիս իմ դարավոր հույսին...

Ես հա՛յ եմ. հին, ինչպես լյա՛ռն այս Արարատյան,
Ես՝ դարերով պանդուխտ իմ հայրենի տնում,
Հայրենական հողում գտած տուն ու ոստան,
Հաղթության ու փառքիս Ոսկեդա՜րն եմ տոնում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.49.03 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
«ԾՆԱԾ ՏԵՂՍ` ԱՇՏԱՐԱԿ...»

Աշտարակցի՛ եմ ես,
Լա՜վ իմացեք,
Եվ Գևո՜րգ է իմ տոհմիկ անունը.
Աշտարակն ա՛յն է,
Ինչ բա՜րձր է ու սե՜գ.
Սուրբ Գևորգն ա՜յն,
Որ... օձն սպանո՜ւմ է...

Որթատունկի պես
Բա՜րձր չեմ ես էլ,
Բայց արմատներս խո՛րն ու ամո՜ւր են.
Իմ նախնիք
Այնքան գինի՜ են խմել,
Որ... ոգելի՜ց է ամբողջ արյունս.-
Եվ,-
Ի՜նչ դավ ու թույն արյունիս խառնեն,-
Նա ինքը իրեն... ախտահանո՜ւմ է...

Իմ տունն ի՛մը չէ-
Տունս նրա՛նն է,
Ով պատի՜վ կանի` դուռը կբացի.
Բայց
Վա՜յը եկավ-տարավ այն շա՛նը,
Ով պղծի՜
Նշխարն իմ աղ ու հացի:

Հաճախ համա՜ռ եմ` նման հարբածի,
Բայց միշտ`
Ճակատին ասո՛ղ ու շիտա՜կ,-
Սուր խոսքի համար կտամ իմ հոգի՜ն,
Սուտ խոսքի համար... կտամ ոտքիս տա՜կ...
Քե՞ֆ...-
Պատրա՜ստ եմ ես գիշեր ու ցերեկ.
Աշխատա՞նք.-
Ինչքա՜ն ուզում եք, բերե՛ք.
Կռի՞վ.-
Սակայն լա՜վ չափեք ու ձևեք.-
Թե չէ,
Վկա է Դառաբավո՛րը,
Իմ Կարմրավո՛րն ու Ծիրանավո՛րը`

Ձեր մեռելներն իմ հողո՜ւմ կթաղեք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.49.34 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ

Ավելի՜ կարճ բառ,
Քան «Ո՛չ»-ն ու «Այո՛»-ն,
Չկա՛,
Չե՜ս գտնի աշխարհում համայն.

Բայց հաճախ,
Կյանքդ հերիք չի՜ անում,
Մի «Այո՛»,
Կամ «Ո՛չ»
Ասելու համար:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.50.23 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՊԱՏԳԱՄ

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում.-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա՜նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...

Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռները, ակնածանքով 
Կխոնարհվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չա՜ր են` լեռները մեր,
Հրաբխի բեռնե՛ր անմեռ,
Որ լռե՜լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե՜ր է քշում-տանում...

Զգո՜յշ խոսիր Հայաստանում:

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չե՛ն անում,
Թե դեմ- դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավո՛վ ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-
Մենք գահ ու թագ չե՜նք ունեցել,
Եվ... արքա է ամեն մի հայ.

Զորք ու բանակ չե՜նք ունեցել,
Եվ... սպա՛ է ամեն մի հայ.

Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան-
Բաժա՜ն-բաժա՜ն,
Անմիաբա՜ն,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի՛,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենի՜ք ենք անվանում...

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.51.04 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՂՈԹՔԸ
(1915թ.)

«Ո՞վ հղացավ այս միտքը դիվական-
Մասիսը ճերմա՜կ,
Մասիսը անբի՜ծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղո՛ւմ,
Ուր դա՜ր ու դարե՜ր
Պիտի արյունեն լանջե՛րը նրա
Եվ գագա՜թն անգամ.

Ո՞վ միտք հղացավ-
Դժո՜խք արարել
Եղյալ ու չեղյալ դրախտի տեղում-
Արարատ լեռան հովհանու ներքո,-
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հի՜ն, ոտնակո՜խ ճամփա
Հողի տեղ՝ չոր քա՛ր,
Ջրի տեղ` արյո՜ւն...

Ո՞վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վա՜ ղ արշալույսին
Այս արարչագո՜րծ
Հի՜ն ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
Արնոտ սրի տակ,
Մյուսի աջով`
Պահանջել, որ նա... ծախի՜ հոգին,
Եթե ուզում է մարմինը փրկե՛լ...

Եվ եթե դարերն 
Անզո՜ր են եղել նրան ազատել,
Եվ եթե գալիք
Դարերն անզո՜ր են ազատել նրան
Եվ հրա՜շքն է լոկ
Հնա՛րն անհնար.

Տե՜ր, տո՛ր ինձ Մովսես մարգարեի պես
Հանե՛լ ու տանե՛լ ցեղն իմ հալածված
Այս Հայաստանի՜ց.-
Ո՛չ,- 
Քարաստանի՜ց,
Ո՛չ,-
Մահաստանի՜ց,
Դեպի ապահով, ուրի՜շ մի եզերք.
(Կա՞ այդպիսի տեղ...)

Ցե՜ղն իմ մշտատև-
Նրա սե՛րմը նոր,
Արմատնե՛րը հին,
Վեպ, կոթող ու երգ...

Տո՛ւր պերճաբանիս
Թլվատությո՛ւնը նրա մոգական,
Եվ սո՛ւրը նրա`
Աղբյուր հանելու հանդիպած քարից.
Եվ գավազա՛նը`
Ճեղքելու կարմիր ծո՛վը մեր բախտի.
(Լացի՛ ու արյա՛ն...)

Թեկուզև Մովսես մարգարեի պես
Իմ մա՛հը գտնեմ,
Օտար հո՛ղ մտնեմ,
Այդ Երանելի՜ ափին չհասա՛ծ,
Բաղձալի շեմի՜ն նրա փակ դռան...
Տե՜ր,
Չե՞ս լսում դու
«Կարմիր լուրե՜րը» ջարդի ու արյան...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.52.14 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
***

Երբ դու կայի՜ր,
Երբ դու կայի՜ր,

Դո՛ւ էիր լոկ 
Իմ աշխա՛րհն ու գո՛րծը միակ.

Եվ թվում էր,
Թե քե՛զ համար,
Քեզնով տարվա՛ծ,
Ես լքե՜լ եմ
Իմ ամենից լո՜ւրջ գործերը...

Հիմա չկա՛ս,
Հիմա չկա՛ս,

Եվ ժամանակ` ինչքա՜ն ասես,
Եվ բան ու գործ` ինչքա՜ն ասես,

Բայց... նստել ու բան չե՜մ անում...

Եվ ի՞նչ անեմ,-
Ինչո՞ւ անեմ,-
Երբ անիմա՜ստ
Ու անմի՜տ են դարձել հանկարծ
Իմ ամենի՜ց լուրջ գործերը,

Երբ դու չկա՛ս,
Երբ դու չկա՛ս,

Երբ լքե՜լ է ինձ քո սերը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.52.50 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ

Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ,
Այնքան նո՜ր է ու ցանկալի.
Ամեն գարուն մի նո՛ր ձայնով
Ու նոր սիրո պե՛ս է գալիս.

-Տե՛ս, հավքերը հազարերանգ
Հին բնե՛րն են վերադառնում,
Ամե՜ն տեղ են դառնում նրանք՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում.-
Հայաստանում նրանց նման
Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում,
Ու բույն հյուսում, որ միշտ մնան
Հայության բո՛ւյն Հայաստանում...

-Տե՛ս, իր փեշերը հավաքած,
Ձմեռը սա՜րն է բարձրանում,
Ամե՜ն տեղ է սա անկասկած՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում,-
Ձյունից ծնված ամեն առվակ,
Մի գետի չափ գո՜րծ է անում,
Որ քա՛րն անգամ ծաղիկ դառնա
Մեր քարաշա՜տ Հայաստանում...
-Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ,
Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ.
Ամե՜ն տեղ է գարունն այսպես՝
Բայց ուրի՜շ է Հայաստանում.

Դարավոր սի՜րտն է հայկական.
Իմ աչքերի դեմ մանկանո՛ւմ...

Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛-
Հավե՜րժ է նա Հայաստանում...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.53.36 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ

Իրինդցի Ափո Գալուստի հիշատակին...
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք:

... Թող Սասունն իր պարը պարի,
Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացի՛ր, թե այս պարով՝
Մերթ Անդոկից գրոհ տալով,
Մերթ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում...
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն...

Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,
Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,
Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամեն քարից ջո՛ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.
Երկնուց իջնում էր մանանա՛...
Ի՜նչ մանանա` 
________լավ մահանա՜,-
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնեին խունջի՜կ-մունջի՜կ,
Գազպայի տեղ՝ նա՜զ քաղեին,
Հոտաղ տղի սիրտ դաղեին.
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մեջ, ժայռի գոգին,
Մի նոր քողտի՛կ ավելանար,
Մի խորոտիկ հա՛րս մայրանար,
Նոր օրորո՛ց գնար ու գար.
Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր...

Հեյ վա՜խ, Սասնա բանձրի՜կ սարեր,
Հեյ վա՜խ, Սասնա քաղցրի՜կ ձորեր.
Զուռնան էսօր թե նվագեր՝
Եկող ամռան կարձագանքեր
Սասնա ամեն թուփ ու քարից.
Ու թե դհոլն էսօր թնդար,
Մինչև աշուն, առանց դադար,
Ամեն գիշեր ու ամեն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր...

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր...
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՜ր,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜...

Եվ դեռ «գաթեք թոնիրն ի կախ»,
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր-գլոր գնա՜ց,
Ինչհայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը` գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր,
Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա.
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա...

Եկա՜ն, դրին քարը քարին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Մինչև արյունը թանձրացավ,
Կարմիր գույնի դրոշ դարձավ,
Մինչև մանգաղն ելավ հողից,
Մուրճը պոկվեց սալի կողից,
Ու երկուսն էլ, եղբոր նման,
Այդ դրոշի վրա ելան
Ու նոր արև ծագեց հողին,
Հող վարողի՛ն, հող սիրողի՛ն:

Մինչև նորից օջա՛խ դրին՝
Ծուխը սողա՜ց.
Մինչև նորից տաք թոնիրին
Բոցը շողա՜ց.
Մինչև նորից, խունջի՜կ-մունջի՜կ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հոտաղ տղի սիրտը դաղեն,
Հոր արտի մոտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա՛րս մայրանա,
Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա,
Նոր օրորո՛ց գնա ու գա,
Բարին՝ տևի՛, չարը չգա՜...

...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝
Էլ չի՜ թափվում հողին արյուն,
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց ահի՛, կոտորածի՛,
Բա՜ց արեցին սուփրեն հացի,
Զուռնեն խոսե՜ց բերանացի
Եվ Արագած լեռան գոգին
Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին...

Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնա՛ն, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամե՜ն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհո՛լը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի... 
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...

Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.

Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես...

1957


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
Страница 1 из 712367»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz