Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 13.58.06
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Հովհաննես Թումանյան (Պատմվածքներ) (ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ)
Հովհաննես Թումանյան (Պատմվածքներ)
NvardДата: Суббота, 2010-11-13, 23.07.18 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
I

Ղ... գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ։ Նա չէր խառնվում գյուղական գործերին, երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել։

Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ` մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դուրեկան չէր նրանց համար։ Եվ իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին:

Սիմոնը չութի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը, լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում։ Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բռնում մոտակա գետից — ծախում, և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր։

Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում։ Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ «շաշ Սիմոն» էին դրել։

«Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի,— պատմում էր նա յուր կյանքից,— գործս վերջացրի, ասեցի՝ դե փողս տվեք, գնում եմ։ Եկան պատին մտիկ արին, ասեցին՝ «Ուստա, էս գշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք՝ մի բան էլ ավելի, վեր կաց գնա», համաձայնվեցի ոչ. վախեցի գշերը պատը վրես քանդվի... պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը»։

Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ: Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս: Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին:

Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից. բայց մարդիկ սրան էլ էին նախանձում:

— Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք... է˜լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում .— ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը խելք...

Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ «շաշ» էին անվանում:

— Շաշ Սիմոնի թայն էլ չկաս,— նախատում էին կանայք իրանց ամուսիններին,— տարենը երկու-երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը... թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի...

— Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի,— կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում:

Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին: Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ, և զվարթ ծաղկում է, ժըպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը* բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաստանում. նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր...

Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավել անունն էլ դրել էին «Եղապատառ»:

___________
* Մի հասարակ, անհոտ ծաղիկ է Հ. Թ.
___________

Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վերա: Քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե՝ աղբրումը ջուր լցնելիս Ղազոյանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց. «ուխա՜յ»... Վարթումանց Փիլոսը իրանց դռնովն անց կենալիս աչքով արավ... Միրզանց Առաքելը ճանապարհին «ղաստի» դիպավ իրան...

— Պտղատու ծառին շատ քար կգցեն... ամեն կնգա էլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել,— հանաք անելով կնոջը պատասխանում էր ուստեն:

Բայց, այսուամենա յնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև պատդիր, խզարչի, ձկնորս և այլն, Սիմոնը հաճախ գյուղից հեռանում, ուրիշ տեղ էր մնում — իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնկա մոտ էր քնում:

Գիշերները երկա՜ր հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու, ութ-տաս տարեկան Մարուշի համար (այսպես էր հարևանի աղջկա անունը) «Զմռուխտ ղուշի» հեքիաթն էր ասում կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր յոթը խորթ աղջիկներին ձգեց հորը և ջաղացաքարը դրեց բերանին, իսկ նրանք օրը մի չամիչ գտան, ապրեցին ու փորելով, փորելով հասան մի ստորերկրյա զարմանալի աշխարհ... և կամ թե «Լիս ու մութ աշխարքների» մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին:
II

Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը` մենակ, առանձնացած, երկու լուսամուտի փեղկերն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից: Գիշերը խաղաղ է, ինչպես՝ քունը և կախարդիչ, քան երազ: Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հի՜ն-հի՜ն հեքիաթ լինի...

Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան... մոտեցան Սիմոնի դռանը:

Թե ինչ էին անում նրանք, դժվար էր ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրըխկալով, և երբ բացվեց, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի ձայն միաժամանակ աղաղակեց՝ «ո՞վ եք, ի՞նչ եք ուզում... ո՞վ եք, ո՞վ, ո՞վ...»: Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բովորովին կտրվեց:

Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու, և, երևի, խորը քնած, մի վատ երազ էր տեսնում յուր տան գլխին:
III

Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից»:

— Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ՝ ես իմ ձեռովը կանեմ...— գոռում էր ուստա Սիմոնը և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից: Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը:

— Հա՛՚, անգաճը կկտրես, էլի,— ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին:

Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը՝ Սանդրոն էր: Մահուդ չուխայով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր բաղդադին վզովը ձգած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա: Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու:

— Կսպանե՛մ, ետո պատասխանը դուք կտաք,— բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին:

— Սպանող ես՝ քու կնիկը պահի, շաշ գետինը մտած,— ձայն տվեց մեկը, և սրան հետևեց ընդհանուր ծիծաղ:

— Սպանիլ մի՛, ուստա Սիմոն ջան, մեղք ա, մուրազի վրա ջահել ա,— հեգնեց մի ուրիշը՝ նոր հռհռոց բարձրացնելով:

Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանաքներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի «կեղտոտ բանից», բայց այդ չէր հաջողվում:

— Ես ասում եմ, ՝որ արին պետք է անեմ... հիմի էս ա, որ ասում եմ...— իբրև հաստատ որոշում շուտ-շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի: Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց, տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց՝ ականջումը փսփսաց.

— Չեմ ուզում,— նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն,— չեմ ուզում:

— Դե՛ որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ,— դեմքը թթվացնելով ասաց տանուտերը և պաշտոնական դիրք ընդունեց:

Սիմոնը չվախեցավ:

— Ա՛յ վկա, — համարձակ ցույց տվեց Մարուշին:

— Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում:

— Իմ կնիկը ճանաչել ա,— իսկույն վրա բերեց ուստեն:

— Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի, գանգատավորի խոսքին չի հավատում,— կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը:

Սիմոնը հուսահատութենից ու կատաղութենից քիչ էր մնում վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն հանդարտությամբ նայող տանուտերին, բայց, իրան զսպելով, հարցրեց.

— Բաս էս ո՞նց պըտի ըլիլ...

— Էնհենց պըտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի...

Սիմոնը մնաց դիք կանգնած, արյունը գլուխը տվեց, ականջները տժժացին, նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած, չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում...

— Ա՛դա, գնացեք սրա կնգանը բերեք,— հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ: Ոմանք տանուտերին էին խընդրում. ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ էին կռվում յուր «շաշության» համար, որ բանն այստեղ հասցրեց, և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից: Փոքրիկ Մարուշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մե՛կ խոսողների երեսին էր նայում, մե՛կ Սիմոնի:

Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն:

— Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում,— ծանր-ծանր հարցրեց աղեն:

Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում:

Գլուխը պտտելով, խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. գետինը մտե՛ք... ձեններուդ կտրեցե˜ք, անաբուռներ, աննամուսնե˜ր...

Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին:

— Սրան մտիկ արեք, սրա՛ն,— գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն,— օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ...

— Բա սուս կենա՛մ... նամուսս գետինն եք կոխել... բա սուս կենա՞մ... — գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը:

— Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ...

— «Ի՞նչ կանե՜մ...»,— արին կանեմ, արի՜ն...

—Ա՛յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք, — տեղիցը վեր թռավ տանուտերը:

— Կացե՛ք,— աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ: Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին:

— Սո՛ւս կացեք,— ձայն տվեց աղեն,— ի՞նչ եք գորտան ժամատուն շինել... Սանդրո՛, էստեղ արի:

Սանդրոն մոտեցավ:

— Մի հինգ մանեթ հանիր էստեղ:

— Ախար զուր ա, է՛, աղա:

— Ես քեզ ասում եմ, հանի՛ր:

— Ախար զուր ընչի՛ հանեմ:

— Ես քեզ ասում եմ զո՛ւր հանիր,— բարկացած հրամայեց աղեն:

Սանդրոն, քթի տակը ժպտալով, մի հնգանոց հանեց, տվեց աղին և ուզում էր հեռանալ:

— Կա՛ց, ո՞ւր ես գնում... դու էլ էստեղ արի, Սիմոն:

— Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա... ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ:

— էստեղ մո՛տիկ արի:

— Ասեցի, որ գալ չեմ:

— Դե գնացեք, ասեցի... ես էստեղ խաղ չեմ անում... Շուտ գնացեք, սրա կնգանը բերեք,— կրկին մեջ ընկավ տանուտերը:

— Կացե՛ք, դեռ չգնաք... Սիմո՛ն, քեզ ասում եմ էստեղ արի:

— Առաջ գնա, է՛լի,— խառնիխուռն աղաղակում էին այս ու այն կողմից:

— Գնա բարըշի, հինգ մանեթն առ, է՛լի...

— Տո, շաշ, գնա, մուֆթա փող ա, առ, ջեբդ դիր. մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան աշխատիլ չես...

—Կասես թե մենձ բան ա էլել... առաջ գնա...

Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց —«պռոշտի՛»:

— Պռոշտի՜, պռոշտի՜,— աղաղակեցին գյուղացիք:

Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց...

— Անո˜ւշ, անո˜ւշ,— ձայն տվին գյուղացիք:

Հաշտությունը կայացավ... Երբ որ սկսեցին արդեն ուրիշ

բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով, փոքրիկ Մարուշի ձեռքը բռնած, էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք կնկատի...

1894

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Հովհաննես Թումանյան (Պատմվածքներ) (ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz