Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 17.55.31
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ
ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ
NvardДата: Среда, 2010-11-10, 00.01.44 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Ժամանակով մի մարդ կար։ Դրան ուներ մի կնիկ, մի հատ էլ էծ։ Էլ բան չուներ։ Էծը կթում էին, ուտում։ Օրերի մի օրը դրա կնիկն ասեց.

— Տար էծը ծախի, համ էծը բեր, համ փողը բեր։

— Այ կնիկ,— ասեց մարդը,— ես ո՞նց էծը ծախեմ, որ համ էծը բերեմ, համ էլ փողը։

— Ոնց ուզում ես արա,— ասեց կնիկը,— հո առանց կաթի չենք մնալու։

Մարդը ծոծրակը քորեց, էծն առաջ արեց քշեց քաղաք: Առավոտ էր, մարդն ընկավ քուչեքը բղավելով,

— Էծ եմ ծախում, լավ էծ եմ ծախում։

Խաշ ծախողը նոր էր դուքանը բաց արել, խաշ էր ծախում։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց։

— Մի աման խաշ տուր, էծը տամ քեզ։

— Որ էդպես ա,— ասեց խաշատանը,— արի կեր։

Էս մարդը նստեց, մի աման խաշը ախորժակով կերավ, մատները լիզեց, էծն առաջ արավ, որ գնա։

Խաշ ծախողը դրա յախիցը բռնեց

— Էդ ո՞ւր ես քշում իմ էծը։

— Մի աման խաշ ես տվել,— ասեց մարդը,— ուզում ես էծս ձեռիցս առնե՞ս։

Նա սրան ուշունց տվեց, սա՝ նրան, կռվեցին։ Ժողովուրդ հավաքվեց, ասեցին.

— Ամոթ չի՞, խի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— էս անիրավը մի աման խաշ ա տվել, ուզում ա տասը-տասնհինգ մանեթանոց էծը ձեռիցս առնի։

Էս ու էն կողմից բամփեցին խաշ ծախողի գլխին.

— Ամոթ չի,— ասին,— մի աման խաշի համար ուզում ես էդ խեղճ մարդի էծը ձեռիցը առնե՞ս։

Իծատերը բեղերը սրբելով, էծը քշեց գնաց, «էծ եմ ծախում, այ լավ էծ եմ ծախում»։

Գաթա ծախողը ձեն էր տալիս բազարում.

— Այ լավ գաթա, տաք-տաք գաթա, ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի։

Իծատերը ձենը բարձրացրեց.

— Այ լավ էծ, այ չաղ էծ, կթողը գիտի, չկթողը ի՞նչ գիտի։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց գաթա ծախողը։

— Իմ փորով մին գաթա տուր, ուտեմ,— ասեց էծատերը,— էծը տամ քեզ։

— Որ էդպես ա, արի կեր։

Մարդը նստեց գաթան անուշ արավ իր փորովը մեկ, փշրանքներն էլ հավաքեց բերանը գցեց, էծը քշեց, որ գնա։ Գաթա ծախողն ասեց,

— Էդ ո՞ւր ես տանում իմ էծը։

— Իմ էծն ա,— ասեց էծատերը,— ուր ուզում եմ, տանում եմ։

— Բա գաթեն խի՞ կերար, որ էծը չես տալիս ինձ։

— Անխիղճ, անիրավ, մի կտոր գաթա ես տվել կերել եմ, ուզում ես էս եքա էծը ձեռիցս առնե՞ս։

Կռվեցին։ Իրար տվին։ Մարդիկ հավաքվեցին՝ էդ ի՞նչ ա, ինչի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— մի կտոր գաթա ա տվել, կերել եմ, ուզում ա էս եքա էծը ձեռիցս առնի։

— Տո, բա դու ամոթ չունե՞ս,— ձեն տվին գաթա ծախողին էս ու էն կողմից գլխին բամփեցին, էծը խլին, տվին տիրոջը՝ գնաց։

Գնաց, գնաց, բազարի մեկել ծերին տեսավ հալվաչին հալվեն գլխին դրած գոռում ա,

— Հալվա, այ լավ հալվա, այ քաղցր հալվա` ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի։
Մարդն էլ էն կողմիցը գոռաց.

— Էծ եմ ծախում, էծ, այ լավ էծ, այ չաղ էծ, կթողը գիտի, չկթողը ի՞նչ գիտի ։

— Ինչ տամ էդ էծիդ.

Թե.

— Մի փոր հալվա տուր ուտեմ, էծը տամ քեզ։

— Հա , որ էդպես ա, արի կեր։

Մարդը հալվեն փորով մեկ կերավ, կշտացավ, բեղերը սրբեց պատռած չուխի թևերով, էծը քշեց որ տանի, հալվաչին յախիցը բռնեց։

Էլի խոսք ու կռիվ, իրար տվին, կռվեցին, էլի մարդիկ գլխներին հավաքվեցին, էծը խլեցին հալվաչու ձեռիցը, տվին իծատիրոջը, դուրս բերին բազարիցը։

Իրիկնացել էր, մթնել։ Տեսավ, հրենիկ մի տուն, ասավ,

— Ես պետք ա մնամ էդ տանը։ Կես գիշերով ո՞ւր գնամ։

Մտավ էդ տան գոմը, ուզեց քնի, մին էլ տեսավ, որ դրանց դուռը ծեծեցին, մի կնիկ դուրս եկավ, դուռը բաց արեց։ Էս իծատերը տեսավ, որ տուն մտնողը խաշ ծախողն էր։ Սա մատը կծեց, ասեց.

— Էստեղ մի բան կա, սպասենք տեսնենք սրա վերջն ինչ կլի։ Մի քիչ էլ անց կացավ, դուռը մեկ էլ ծեծեցին։

— Վո՜ւյ, մարդս կլի,— ասեց էն կնիկը,— գնա մտի գոմը, թե չէ մարդս որ գա, քեզ տեսնի, կտա կսպանի։

Խաշ ծախողը վռազ մտավ գոմը, դիպավ իծատիրոջը.

— Ո՞վ ես, որ էկար էստեղ,— ձեն տվեց իծատերը։

— Սուս, ես եմ, մի գռռա։ Ի՞նչ ես անում էստեղ։

— Էծ եմ ծախում։ Էծ, այ լավ էծ, այ չաղ էծ...

— Ձենդ կտրի՛։ Իծիդ գինը ի՞նչ ա։ — Տասը մանեթ։

— Առ տասը մանեթդ, ձենդ կտրի։

Իծատերը փողը դրեց ծոցը, թինկը տվեց խաշ ծախողին, մթամ քնում ա։ Դուռն էլի ծեծեցին։ Հիմի էլ գաթա ծախողը տուն մտավ։ Մի կես ժամ անց, որ դուռը նորից ծեծեցին, էս գաթա ծախողը գլխապատառ իրան գցեց գոմը դիպավ իծատիրոջը։

— Էդ ո՞վ ես։ Ինչի՞ ես ինձ խփում։

— Ձենդ կտրի, հանկարծ դիպա, ի՞նչ ես անում էստեղ, անամոթ, սուտասան։

— Ամոթովն ու դրուստ խոսողը դու ե՞ս, որ մտնում ես ուրիշի կնկա ծո՞ցը, ես էծ եմ ծախում։ Է՜ծ, այ լավ է՜ծ, այ...

— Ձենդ կտրի՛, ես կառնեմ էծդ, ի՞նչ ա դրա գինը։

— Տասնհինգ մանեթ։

Իծատերը փողն առավ, դրեց ծոցը, ոտները մեկնեց, պառկեց գոմի դռան առաջին։ Խռմփում ա, մթամ թե քնած ա։

Դրանց դուռը էլի ծեծեցին։ Էս անգամ հալվաչին տուն մտավ։

— Տենաս, էդ անառակ կնիկը քանի սիրեկան ա պահում,— միտք էր անում իծատերը։ Մինչև սա մտքումը հաշիվ էր անում, դուռը նորից ծեծե-

ցին, էս հետ գոմի դուռը շրխկալեն բաց էլավ ու հալվաչին լեղապատառ իրան ներս գցեց, դեմ ընկավ էծ ծախողի ոտներին ու երեսի վրա փռվեց գետին։

— Էծս կառնե՞ս, թե գռռամ, էն կնկա մարդը գա ձեր ջանին։

— Ամա՜ն, մի՛ գոռա,— աղաչեց հալվաչին,— էծիդ գինն ի՞նչ ա, ասա տամ։

Քսան մանեթը դրեց ծոցը, թինկը տվեց, դողը բռնած հալվաչուն ասեց՝ տեսնես սրա վերջը ի՞նչ ա լինելու։

Վե՞րջը... վերջը էս կնկա մարդը էկավ տուն։ Ճամփից եկած, բեզարած, նստեց մի թիքա հաց կերավ, ասեց,

— Այ կնիկ, քնելու վախտն ա, ամա էթամ գոմը, տավարին մտիկ տամ, գամ քնենք։

— Տո, բա մեղք չե՞ս,— ասեց կնիկը,— ճամփուց էկած, ջարդված, բեզարած ես, էդուց կգնաս գոմը։ Տավարդ հո չի սատկիր:

— Ո՞նց կլինի,— ասեց մարդը,— առանց տենալու ո՞նց քնեմ, անլիզու անասուն են, բալի մի բան պակաս ա։

Ասեց ու մտավ գոմը։

Իծատերը գոռաց,

— Էդ ո՞վ ես։

Էս մարդը մնաց սառած.

— Ես էս տան տերն եմ։ Դու ո՞վ ես, որ իմ գոմումը իմ վրեն գոռում ես։

— Ես էծ ծախող եմ։

— Տո, հեռ լսողանց, քու էսենցն ու էնենցը,— ասում ա տանտերը,— խի՞, էս էծ ծախելու տեղ ա, էս բազա՞ր ա։

Սա թե՝

— Բազար չի, ինչ ա։ Բա էն խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծա խողը էստեղ ի՞նչ են՝ անում, որ բազար չի։

— Ես դրանց դատը էգուց կտեսնեմ,— ասեց մարդը,— իմ լիրբ կնկանն էլ դրանց հետ։ Ի՞նչ տամ,— ասեց,— որ մարդի բան չասես, ինձ չխայտառակես։

— Քսանհինգ մանեթ։

— Առ, — ասեց,— էս քսանհինգ մանեթը, էծդ էլ գլխովդ դիպչի, առ կորի էստեղից։ Ամա թե մեկին էլա պատմես տեսածդ, իմացի, ես պատվով, փափախս գլխիս մարդ եմ՝ թիքա-թիքա կանեմ քեզ։

* * *

Իծատերը եկավ տուն, էծն էլ բերեց, փողն էլ բերեց, տվեց կնկանը։ Թե էն լիրբ կնկա ու նրա երեք սիրեկանների գլուխը ինչ բերեց էն փափախ դնող մարդը, էդ էլ հո ինքներդ գիտեք, էլ ինչ ասեմ։

* * *

— Դե բոլոր հարսներն էլ հո էն գոմատիրոջ կնկա նման չեն։ Շատ համեստ ու պատվական հարսներ էլ կան։

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz