Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 09.19.12
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԱՆԶԱՎԱԿ ՀԵՐ, ՅՈԹ ՈՐԴՈՑ ՏԵՐ
ԱՆԶԱՎԱԿ ՀԵՐ, ՅՈԹ ՈՐԴՈՑ ՏԵՐ
ARTARAMISДата: Четверг, 2010-11-11, 09.45.23 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Մի կտրիճ մարդ ա լինում։ Սա ունենում ա մի սիրուն, համեստ ու հավատարիմ կին, ամա ո՞վ կհասկանա աստծու բանը։ Սրանք յոթ տարի պսակված՝ մնում են անժառանգ։ Էս մարդը սրտի նեղությունիցը, թողնում ա տուն ու տեղը, ընկնում ա աշխարքե-աշխարք, պատահածին պատմում իր դարդն ու ցավը։ Ամենն էլ խղճում են սրան, ասում ա.

— Աստվածը ինձանից էրես ա դարձրել. ինչքան աղաչեցի, ինչքան մատաղ արի՝ չօգնեց։

Վերջը սրան պատահում ա մի դերվիշ, դառնում են ճամփի ընկեր, զրից անելով՝ երկար ճամփեն կարճացնում։ Էս մարդը դերվիշին էլ ա պատմում իր դարդը, գնում են՝ շատ ու քիչը աստված գիտի, անց են կենում մեծ ու պստիկ գեղեր, շեն քաղաքներ, վերջը հասնում են մի էն տեսակ քաղաքի, որի պատերը, շենքերը, տներն ու դռները նորաշեն են, բայց միջին ապրող չկա, ամեն ինչ ամայի ա։ Հասնում են մի մեծ շենքի, տեսնում դռան առաջին մի շեղջ ոսկի, մի շեղջ էրծաթ ա կիտած։

Դերվիշը հարցնում ա.

— Թե որ աստված էս քաղաքը քեզ տա, բայց զավակ չտա, դու քաղաքը կընտրե՞ս, թե՞ զավակը։

Մարդը թե՝ քաղաքը կուզեմ։ Դերվիշն ասում ա.

— Թե, որ աստված էս ոսկին ու էրծաթը քեզ տա ու զավակ չտա, դու ոսկին ու էրծաթը կընտրես, թե՞ զավակը։

Մարդը թե՝ ոսկին ու էրծաթը։

Նոր էին դուրս էկել քաղաքի մեկել դռնովը, տեսան՝ հազարավոր մարդիկ սպանած-կոտորած, նրանց կնանիքն ու էրեխեքը գերի առած՝ քշում են երկրից դուրս։ Թշնամու զորքը թափվեց ոսկու ու էրծաթի վրա, առան, թալանեցին, կրակ տվին քաղաքը, տեղումը մնաց նրա մոխիրը։

Մարդը իր աչքովը տեսավ էս զուլումը։

Գնացին հասան մի պալատի, որ արևի տակ շողշողում էր անգին քարերով զարդարված, շուրջ բոլորը՝ մեղրահամ մրգի ծառեր ու անուշահոտ ծաղիկներ։ Քառասուն ոտք մարմարե սանդուղքով վեր ելան, աչք պիտի լիներ, որ միջի արք ու փառքը տեսներ ու խելքահան լիներ. լուսարձակ ոսկե սները, սարքած-պատրաստ կեր ու խումի սեղանը, գոհար ու մարգարտի աման-չամանով։

Չորս կողմը ման էկան, մարդ չկար։

Դերվիշը էլ ետ հարցրեց.

— Թե, որ աստված էս բոլորը տա քեզ ու զավակ չտա, դու էս բոլո՞րը կընտրես, թե զավակը։

Մարդն ասեց.

— Իմ սիրտը կպավ էս հարստությանը։

Ման գալով էկան ներքև, բակի միջին՝ մի ծով-հավուզ էրծաթի շղթայով քաշած, էստեղ-էնտեղ՝ փղի ոսկորից նստարաններ շարած, հավուզի միջին՝ ձկներ, ծառերի ու թփերի վրեն՝ ամեն տեսակի հավք ու թռչունք թառած ծլվլում են, շուրջ բոլորը ռանգ-ռանգ անուշահոտ ծաղիկներ, մի կռանը՝ շարբաթի կարմիր շատրվան, մեկել կռանը՝ դեղին շատրվան։

Էս դրախտի միջին մի արեգակի նման սիրուն աղջիկ էր նստած, մարգարտե շապիկը հագին։

Դերվիշը էս հետ էլ հարցրեց.

— Թե, որ աստվածը կամենա էս աղջիկը քեզ կին տա, նրա հերն էլ իրա ունեցած-չունեցածն էլ հետը քեզ բաժինքի տեղը տա, բայց զավակ չտա, դու ո՞րը կընտրես՝ էս ամե՞նը, թե՝ զավակը։ Մարդն ասեց.

— Քառասուն զավակ ունենամ, քառասուն կնիկ՝ բոլորին կթողնեմ, թե էս աղջիկը ինձ առնի։

Սրանք հենց որ դուրս էկան էդտեղից, մին էլ վրա տվին ձիավորները, թրավորները։ Նրանց մեծը ձեն տվեց.

— Աղջկա հորը սըպանենք, ծառաներին կոտորենք, աղջկան տանենք։

Ամեն ինչ ավերեցին, փչացրին, ջարդ ու փշուր արին, շենքն ու շինվածքը կրակ ավին, էրեցին։ Մինչև մարդը ուշքի եկավ, ամեն ինչ վերջացած էր. մենակ թեթև քամին էր դես ու դեն ցրում կրակի տակի մնացած մոխիրը։

— Տեսա՞ր, ինչ էր ու ինչ եղավ,— ասեց դերվիշը մարդուն։–— Շատ ունենալուն, մեծ ունենալուն, գեղեցիկ ունենալուն. էս ա, էս իրեք բանին տիրապետելուն դեմ ա թշնամին ու աշխարքը։ Չափը անցկացնողի գլխին ուշ թե շուտ էս փորձանքը պետք ա պատահի։ Դու շատ սխալ ես,— ասեց,–— դու չգիտես էն քաղցրությունը, որ մարդը վայելում ա իրա չափավոր վիճակի մեջ, իրա տանը, իրա համեստ ու հավատարիմ կնկա հետ։ Զավակն ա աշխարքի ամենամեծ մխիթարանքն ու երանությունը։ Աստված գիտեր քու սիրտը, դրա համար ա, որ զավակ չի տվել քեզ։ Էս բոլորը տեսնելուց հետո,— ասում ա դերվիշը,— գնա փառք տու քու աստծուն՝ աստվածը կարող ա զավակ տա քեզ։

Էդ օրվանից էս մարդու աչքի փառը վեր ընկավ, հասկացավ աշխարքի խերն ու շառը. մտածեց, տեսավ, որ անցկացրած յոթը տարումն էլ տանջվում էր նախանձից, որ ուրիշները որդիք, ժառանգ ունեն, ինքը՝ չունի, էլած հարստությունը գնալու ա կորչի։

Մարդը՝ կես մարդ էր։ Հիմի իսկական, խելոք մարդ դառավ։ Գոհ մնաց իր օր ու կյանքից: Օրենը յոթ անգամ փառք էր տալիս իր աստծուն։ Աստվածն էլ, մեռնեմ նրա արդարությանն ու զորությանը, քաղցր աչքով նայեց վերևից։ Էս մարդու համեստ ու հավատարիմ կնիկը յոթ անգամ, իրար հետևից ծունկը գետինը տվեց, յոթ հատ թառլան տղա բերեց։

Կատարվեց դերվիշի խոստացածը՝ աստվածը զավակներ տվեց։

Էսպես էլավ էս պատմությունը, որ
Կար մի անժառանգ անզավակ հեր
Աստծով դառավ յոթը որդու տեր։

* * *

Հարստությունը, շատ անգամ մարդուն քոռացնում ա, մարդավարությունը կորցնել ա տալիս, համա հալալ կաթնակեր մարդը իրա մարդավարությունը չի կորցնում։

Այ, պատմեմ, լսեք։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԱՆԶԱՎԱԿ ՀԵՐ, ՅՈԹ ՈՐԴՈՑ ՏԵՐ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz