Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 14.50.32
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ) (ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ (ԻՌԼԱՆԴԱԿԱՆ))
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ)
NvardДата: Среда, 2010-11-17, 23.27.18 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Լինում են, չեն լինում, լինում են մի պառավ մարդ ու կնիկ, ունենում են երեք աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է, արևը ձեզ է բաշխում, մնում է կնիկը։ Էս կնիկը գիտենում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել, ու մտքումը մխիթարվում Է, ասում է. «Հերները մեռավ, գոնե աղջիկներս քաղցած չեն մնալ»։ Բայց ինչպես կարգն ու օրենքն է՝ մեռելը դեռ հողավորած, թաղած չեն լինում, որ աղքատի կերպ մտած մի կախարդ գալիս է, իբրև թե ողորմություն է խնդրում, աջողեցնում է՝ քսակը ձեռք է գցում ու ծլկում, էնպես որ չեն էլ կարողանում իմանան, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։

Էսպես խեղճ կնիկը երեք որբ աղջկանով աղքատանում է ու, ճարը կտրած, օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխանցը պահի, մեծացնի։

Ժամանակ է անցնում, էս աղջիկները մեծանում են, ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է.

— Ա՛յ մեր, ես էս է մեծացել, մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար էսպես անբան ու անգործ տանը նստեմ։ Մի բաղաճ թխիր, տուր ինձ, գնամ աշխարհքե-աշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ։

Մերը բերում է մի բաղաճ է թխում ու ադջկանը հարցնում, թե ի՞նչպես է ուզում, կես բաղա՞ճն է ուզում մոր օրհնանքս հետը, թե՞ ամբողջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։ Աղջիկը ամբողջն է ուզում՝ առանց մոր օրհնանքի։

Բաղաճն առնում է ճամփա ընկնում։ Ասում է. «Մի տարուց ու մի օրից ետը թե եկա եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։

Գնում է, գնում է, դուրս է զալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնակ է լինում։

Էս տնակին մոտենում է, տեսնում է շեմքումը նստած մի պառավ-զառամ կախարդ կնիկ։ Էս կախարդը հարցնում է, թե՝ ո՞ւր ես գնում։ Թե՝ գնում եմ բախտս գտնելու։

— Ինձ էլ հենց էդպես մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա,— առաջարկում է կախարդը։

— Որ քեզ մոտ մնամ՝ ի՞նչ պետք է անեմ։

— Պետք է ձեռիս ջուր ածես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայել ես։

Աղջիկն ասում է՝ համաձայն եմ։

Առավոտը կախարդը որ վեր է կենում, էս աղջիկը ձեռին ջուր է ածում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքովն անց է կենում, թե՝ ինչ պետք է լինի, մի մեծ բան հո չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջ նայեմ։ Նայում է, ի՜նչ է տեսնում, տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջը կախ արած։ Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն։

Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ քորես. էս օխտը տարի է՝ ոչով ինձ քորել չի։

Աղջիկը ձեռի փետովը ձիուն տալիս է, ճամփիցը դենն է անում ու անց կենում, գնում։

Առաջն է գալիս մի ոչխար։ Ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ խուզես, էս օխտը տարի է՝ ոչով ինձ խուզել չի։

Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփիցը դենն անում ու անց կենում։

Մի քիչ էլ գնում է, տեսնում է մի օրիգած էծ։ Էս օրիգած էծն աղաչում է, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ տեղփոխ անես։ Էս օխտը տարի է՝ ինձ տեղփոխ չեն արել։

Աղջիկն իծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։

Գնում է պատահում մի խափան ջաղացի։ Էս խափան ջաղացը խնդրում է, ասում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ. Էս օխտը տարի է խափան եմ, ոչով ինձ բան չի գցում։

Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում։

Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը փախել է։ Ակն է տալի ծխնելույզին, տեսնում է էնտեղ էլ քսակը չկա։ Կատաղում է, ընկնում է աղջկա ետևից։

Ճամփին պատահում է ձիուն։

— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ ադախնին արդյոք չե՞ս տեսել։

— Հենց նոր էստեղից փախած անց կացավ,— պատասխանում է ձին։

Կախարդը վազում է։ Պատահում է ոչխարը։

— Ա՛յ ոչխար,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Տեսել եմ,— պատասխանում է ոչխարը։— Մի քիչ առաջ դեսը վագելով անց կացավ։

Գնում և պատահում է իծին։

— Ա՛յ էծ,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Ի՞նչպես չէ,— տեսել եմ,— պատասխանում է էծը.— հենց նոր դեսը անցկացավ, դեպի էն խափան ջաղացը։

Գնում է խափան ջաղացի մոտ։

— Ա՛յ խափան ջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին արդյոք չե՞ս տեսել։

— Ի՞նչպես չեմ տեսել, ներս արի, հրես իմ դռան ետևը քնած է,— պատասխանում է խափան ջաղացը։

Կախարդը ներս է մտնում, տեսնում է աղջիկը հրես՝ քսակը գլխի տակին՝ դռան ետևը քնած։ Ձեռքի կախարդական գավազանով զարկում է քնած աղջկանը, դարձնում է քար, իր ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում, ետ գնում իր տունը։

Սրա վրա մի տարին ու մի օրն անց է կենում, միջնակ աղջիկը տեսնում է, որ քույրը ետ չեկավ, մորն ասում է.

— Ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում, ամոթ չի՞, որ հենց ես տանը նստեմ պարապ-սարապ։ Մի բաղաճ թխիր տուր ինձ, գնամ աշխարհքե-աշխարհք ման գամ, իմ բախտը գտնեմ։

Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում, բաղաճի կեսն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն ես ուզում առանց իմ օրհնանքի։

— Ամբողջ բաղաճն եմ ուզում՝ առանց քո օրհնանքի,— պատասխանում է աղջիկը, ամբողջ բաղաճն առնում է ու ճամփա ընկնում, ասում է.— Մի տարուց ու մի օրից ետը թե եկա եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։

Գնում է։ Սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին արժանանում։

Մի տարին ու մի օրն անց են կենում, ետ չի գալիս։ Փոքր աղջիկն ասում է.

— Իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին, մի՞թե հենց ես պետք է մնամ էսպես անբան ու անգործ նստած, անպետք ինձ համար էլ, ուրիշների համար էլ։ Մի բաղաճ թխիր, մա՛յրիկ, ես էլ գնամ իմ բախտի ետևից ման գամ։

Մերը հարցնում է, թե՝ ո՞րն ես ուզում, կես բաղաճն ես ուզում իմ օրհնանքի հե՞տ, թե՞ ամբողջ բաղաճն՝ առանց իմ օրհնանքի։

Փոքր աղջիկը, թե՝ կես բաղաճն եմ ուզում, քո օրհնանքը հետը։

Մերը կես բաղաճը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։

Իր քույրերի նման սա էլ երկար դես ու դեն թափառելուց հետո գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելույզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը։

Ճամփին պատաոում է ձիուն։ Ձին աղաչում է.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ քորես, օխտը տարի է՝ ինձ քորել չեն։

— Վա՜յ, խեղճ ձի,— ասում է աղջիկը, քսակը մի կողմն է դնում ու քորիչով քորում է ձիուն։

Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի ինձ խուզես, էս օխտը տարի է՝ ինձ խուզել չեն։

— Վա՜յ, խեղճ ոչխար,— ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին։

Մի քիչ էլ գնում է, օրիգած էծն է կանչում.

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի տեղփոխ անես ինձ. էս օխտը տարի է մի տեղ օրիգած եմ, ոչով ինձ տեղփոխ չի անում։

— Վա՜յ, խեղճ էծ,— ասում է աղջիկը ու տեղփոխ է անում սոված իծին։

Վերջը հասնում է խափան ջաղացին։

— Ա՛ղչի ջան, ա՛ղչի, ի՜նչ կլինի բան գցես ինձ,— խնդրում է խափան ջաղացը.— էս օխտը տարի է էսպես կանգնած եմ, ոչով բան չի գցում ինձ։

— Վա՜յ, խեղճ ջաղաց,— կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում, ու ջաղացը գռռում է։

Եվ որովհետև օրը հատել էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևը պառկում քնում։

Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը չկա։ Ծխնելույզն ակն է տալիս, տեսնում է քսակն էլ չկա։ Կատաղում, փրփրում է, ընկնում է աղջկա ետևից։

Հասնում է ձիուն, ձիուն հարցնում է.

— Ա՛յ ձի,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ ադախնին չե՞ս տեսել։

— Դուն էլ օհենց իմանում ես՝ ես էլ բան ու գործ չունեմ, բան ու գործս էն է, քո աղախիններին հսկեմ,— պատասխանում է ձին։— Ես ի՞նչ գիտեմ՝ ո՞րտեղ է քո աղախինը, գնա, մա՛ն արի, գտիր։

Գնում է հերթով հասնում է ոչխարին, իծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջաղացին։

— Ա՛յ ջաղաց,— ասում է,— ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռին իմ աղախնին չե՞ս տեսել։

— Ի՞նչ ես ասում, էս գռռոցի մեջ լավ չեմ լսում,— պատասխանում է ջաղացը.— մոտիկ արի, ականջումս ասա։

Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջումն ասի, ջաղացը սրան բռնում է, պտտում, կոլորում, տակովն անում, շինում ալուր-աղցան ու շպրտում, ցրում դես ու դեն։

Կախարդը վեր ընկնելիս ձեռքի գավազանը վեր գցած է լիանում։ Ջաղացն ադջկանն ասում է. «Էդ գավազանը վերցրո՛ւ, դրանով զարկի՛ր դռան տակի երկու քարին»։ Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի երկու քարին, մին էլ տեսնում է՝ առաջը կանգնեցին իր երկու կորած քույրերը։ Փաթաթվում են իրար, համբուրվում, ու ոսկով, արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ։ Տանը պառավ մերը իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սուգ անելիս է լինում, որ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մին են լինում, ու էն օրվանից ապրում են ուրախ ու ապահով։

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ) (ԿԱԽԱՐԴԻ ՏՆԱԿԸ (ԻՌԼԱՆԴԱԿԱՆ))
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz