Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 14.19.22
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 08.25.01 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ

«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվելՙ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառՙ ծանոթ եւ  ճանաչել 

Արդի հայերենի բառարաններում  ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ  ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որեւէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա  ծանոթ եւ  ճանաչել բառերի միջեւ:

Ծանոթ եւ  ճանաչել երկու բառերն էլ ծագում են նույն  ծան արմատից: Զարմանալի է, որ ճանաչել բառի նախավոր ձեւն է  ծանաչել : Այստեղ  ծ -ն, ազդվելով  չ -ից, վերածվել է  ճ -ի:
Հետաքրքիր է, որ  ծան արմատի հետ է կապվում նաեւ ծանակ «խաղք, խայտառակություն» բառը: «Նոր հայկազյան բառարանը» բառի իմաստը ներկայացնում է հետեւյալ կերպ. «Իբր բոլոր մասերը ճանաչված, ծանոթ մորե մերկ ծնածի պես»: Այսինքնՙ ում բոլոր մասերը ճանաչված են կամ ծանոթ են, նա խայտառակված է, ծանակված է:

Կարծիք կա, որ  խրախճան, դավաճան, ճակաճան, տիրաճան բառերի մեջ նույնպես ճանաչել բառի  ճան արմատն է:  Խրախճան ՙ «խրախ (ուրախություն) ճանաչող»,  դավաճան ՙ «դավ ճանաչող, դավին ծանոթ», ճակաճան ՙ «էգին ծանոթ, իգամոլ»,  տիրաճան ՙ «տիրոջը ճանաչող, սիրող»:

Ծան -ը բնիկ հայերեն բառ է: Այլ լեզուներում եւս պահպանվել են հնդեվրոպական նախալեզվից եկող այս արմատի զանազան դրսեւորումներըՙ հնդկերեն  ջանը , զենդերենՙ  զանը, գերմաներենՙ  քենեն , ռուսերենՙ  знать եւ այլն:
Այս արմատով հնում ունեցել ենք հետաքրքրական նշանակություններով բառեր, որոնք հանիրավի դուրս են մղվել, բայց այսօր էլ շատ լավ կծառայեն մեզ: Օրինակՙ  դյուրածան , որ նշանակում է «դյուրին ճանաչվող, հեշտ վերծանվող»:
Ծան արմատի «հայտնի դարձնել», «ճանաչել տալ» նշանակությունները նկատի ունենալովՙ այսօր կարելի է, օրինակ,  ռասկրուտկա անել անհեթեթությունը հայերենում արտահայտել  ծանել բառով. որեւէ երգչի, երգչուհու ձայներիզը, ձայնասկավառակը գովազդով ճանաչել տալըՙ  գովածանում , նաեւՙ երգչի, երգչուհու  գովածանում : Այսինքնՙ գովազդելով հայտնի դարձնել, ճանաչել տալ,  գովածանել :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 08.29.16 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ

Հայի բախտ ունենալ նշանակում է «բախտ չունենալ, անբախտ լինել»: Ինչո՞ւ է այսպես ստացվել. մի՞թե մեր ճակատագիրն է այդպիսինՙ բախտ չունենալ: Փորձենք պարզել պատճառը:

«Մարդու ընդհանուր բախտի եւ ճակատագրի, հաճելիի եւ ախորժելիի, համարձակության, երախտիքի եւ շնորհակալության հետ կապված բնիկ հնդեվրոպական նշանակումները հին հայերենում բացակայում են» , - գրում է Գեւորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» նշանավոր գրքում:

Տեսնենք, թե այս մասին ինչ է գրում Հրաչյա Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան» կոթողային գրքում:

Բախտ - «բարի կամ չար պատահմունք, հաջողություն, ճակատագիր»: Բառի մյուս ձեւն է բաստ , որից ունենք չարաբաստիկ բառը: Փոխառություն էպահլավերենից:

Ճակատ բառը եւս փոխառություն է պահլավերենից, իսկ  ճակատագիր -ը հայերեն կազմություն է:
Հաճելի, ախորժելի բառերը նույնպես փոխառություններ են իրանական լեզուներից, ինչպես նաեւ  համարձակ -ը,  շնորհ -ը եւ  երախտիք -ը:

Ինչո՞ւ է այսպես:  «Զգացմունքի եւ խառնվածքի հետ կապված նշանակումները, բնականաբար, նախնական բնույթի են եւ լայնորեն ներկայացված են հայերենի բնիկ հնդեվրոպական բառերի մեջ:

Վաղնջահայերենում լայն գործածության մեջ գտնվող մի շարք բառեր հետագայում փոխարինվել են ավելի տարածված նշանակումներով եւ իմաստափոխության են ենթարկվել…կամ այդ բառերի փոխարեն հանդես են եկել փոխառյալ եւ անհայտ ծագման բառեր» , - գրում է Գ. Ջահուկյանը:

Կարող ենք եզրակացնել, որ  բախտ բառի հայերենը կորցնելովՙ մենք զրկվել ենք նաեւ բախտից,  համարձակ բառի հայերեն նախնականը կորցնելովՙ մենք կորցրել ենք նաեւ մեր համարձակությունը:
Այնպես որ, սիրելի հայեր, պետք չէ հայերենը խճողել օտար բառերով, մոռանալ մերը. հենց մոռանում ենք մերըՙ աստվածատուրը, Աստված էլ մոռանում է մեզ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 08.48.01 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ

Հայերս Նոր տարվա սկիզբը նշելու համար գործածել ենք եւ հիմա էլ գործածում ենք նավասարդ, ամանոր, կաղանդ, տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ եւ, վերջապես,  նոր տարիբառերը: Սրանցից մեզ համար առաջին հայացքից հասկանալի չեն  նավասարդ եւ  կաղանդբառերը: Այժմ մանրամասն անդրադառնանք դրանց թե՛ ստուգաբանությանը, թե՛ պատմությանը:

Նավասարդ - հին հնդկերեն  նավա-սարատա , պարսկերեն  նավասարհատու ՙ «նոր տարի»: Հին հայկական տոմարի առաջին ամիսը` նավասարդը, ավետել է նոր տարվա սկիզբը: Հայկ Նահապետը մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին սպանել է Բելին: Այդ ժամանակներից էլ հայերը նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Որոշ աղբյուրներ համարում են, որ Նավասարդը եղել է Հայկի առաջին որդու անունը: Կա նաեւ այսպիսի ստուգաբանությունՙ  Նավասարդ ՙ «նավաստ ավարտ», այսինքնՙ «նավելը ավարտվեց, ջրհեղեղը վերջացավ»: Նավասարդի առաջին օրը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը: Ուխտավորներըՙ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորականությունը տոնել են Նոյ Նահապետի եւ Ջրհեղեղի ,Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր հիշատակները: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով, պարերով, թատերախաղերով, ռազմախաղերով, զանազան մրցություններով, գուշակություններով եւ այլն: Այդ մեծ տոնահանդեսի հիշատակը մնացել է Արտաշես թագավորի այս խոսքերում.

Ո՜ տայր ինձ զծուխ Ծխանի,Եւ զառաւօտն Նաւասարդի.Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք,Որպէս օրէն է թագաւորաց:
Բնականաբար, Ձմեռ պապի եւ Ձյունանուշիկ չեն եղել: Դրանք ավելի ուշ մտան մեր մեջ: 18-րդ դարում Սիմեոն կաթողիկոսի տոմարով հունվարն ընդունվեց որպես նոր տարվա սկիզբ: Իսկ ավելի վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին տոնել են գարնանային գիշերահավասարի օրըՙ մարտի 21-ին: Կապվում է նաեւ մշտապես մեռնող եւ հարություն առնող Արա աստծու պաշտամունքի հետ: Գիտնականների մի մասը պնդում է, թե Նավասարդ ամիսը համապատասխանում է այսօրվա մարտ ամսին:

Կաղանդը հնում գործածվել է «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» նշանակություններով: Բառն այժմ արեւմտահայերն են գործածում եւ միայն «տարեգլուխ, ամանոր» նշանակությամբ: Փոխառված է հունարեն  կալենդաե «ամանոր, ամսամուտ» բառից, որը ծագում է  calo ՙ «կոչել» բայից: Մեզանում գործածական է նաեւ  կաղանդացոյց բառը, որ նույն  կալենդարն է, այսինքնՙ  օրացույցը : Հետաքրքիր է, որ  աքաղաղ բառի արմատն է հնխ. kel («կանչել») բայը: Հայերենում կար  քալ ՙ «կանչել» բայը, որ նույն  քաղ -ն է, կրկնությամբՙ քաղքաղ ՙ  աքաղաղ : Ստացվում է, որ օրը բացում է աքաղաղը, ամիսըՙ աքաղաղը, տարին նույնպեսՙ աքաղաղը:

Մյուս բառը  ամանորն է, որ կազմված է հայերեն  ամ «տարի» եւ  նոր բառերից: Երբեմն շփոթում են արմատները, եւ, բառը կարծելով  օր բառից, գրում են ամանօր , որն, իհարկե, սխալ է:

Տարեգլուխ, տարեսկիզբ, տարեմուտ բոլոր բառերն էլ նշանակում են տարվա սկիզբը, նոր տարվա առաջին օրը:

Վերջում նշենք, որ ինչպես էլ կոչենք նոր տարին եւ գարնանը սկսենք, ամռանը, թե ձմռանը, թող բարի լինի այն մեր ժողովրդի համար, թող երկրագնդի ամեն մի պտույտի հետ իմաստության մի ծալք ավելանա մեր իշխանավորների ուղեղում եւ երջանկության մի նշույլ ավելացնի մեր ժողովրդի կենսասեր ու տագնապոտ սրտում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 08.52.18 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ

Ինչպես գիտենք,  ավետիս, ավետիք նշանակում է «ուրախ լուր»: Արմատն է  ավետ , որ գրաբարում գործածվել է իբրեւ անկախ բառ եւ նշանակել է «բարի լուր, բարեւ, ողջույն»: Ավելի հաճախ գործածվել է  ավետիք ածանցյալ ձեւով եւ, իբրեւ բայՙ  ավետել : Բառի ծագման վերաբերյալ կան բազմաթի վստուգաբանություններ: Կան կարծիքներ, որ բառը լծորդ է լատիներեն  ave, avete «ողջ կամ ուրախ եղիր» բառին, հնդեվրոպական նախալեզվի  vid«գիտենալ» արմատից է, սանսկրիտերեն  av «գոչել» կամ  vadami «ասել, խոսել» արմատներից է, հնդկական  Վեդա -իցՙ  Ավետարան եւ այլն:

Դիտարկելով այդ կարծիքներըՙ Հր. Աճառյանը այդպես էլ չի ստուգաբանում բառը:

Իսկ Էդ. Աղայանը համարում է, որ  ավետ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հնդեվրոպական նախալեզվի  aud «խոսել» արմատից: Բառը պահպանված է նա եւհունարենումՙ աւդո «փառաբանել», հին հնդկերենումՙ  vadati «խոսում է, ողջունում է» նշանակություններով:

Ավետիս բերողին պարգեւ են տալիս ինչպես հիմա, այնպես էլ տվել են հնում, եւ այդ պարգեւը անվանել են  ավետչեայ :  Ավետչեայ բառը, ձեւափոխվելով, դարձել է  ավետչեայք , ապաՙ  ավետչեք , բառարաններ է մտել  ավետչեք ձեւով: Իսկ այսօր  ավետչյա բառը շատ լավ կարող է փոխարինել  մաղարիչ բառին, քանի դեռ կա այդ սովորույթը: Ասենք նաեւ, որ ավետչեք բառի վերջի  չեք -ը, ինչպես կռահում եք, ոչ մի կապ չունի ռուսերենից մեզ հասած չեկ բառի հետ, որի համար արդեն գործածում են  վճարագիր բառը: Իբրեւ կրոնական բառՙ պահպանվել է  ավետարան եւ  ավետիս ձեւերով:

Գիտենք, որ Ավետարանը Աստվածաշնչի այն մասն է, որ պարունակում է Քրիստոսի վարդապետության ու նրա կյանքի պատմությունները:  Ավետիս -ը, բացի ընդհանրապես «բարի լուր» նշանակելուց, նշանակում է «Ծննդյան գիշերը տնից-տուն ման գալով «Խորհուրդ մեծ» երգելը եւ տոնը շնորհավորելը».  «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» :
Ավետիս -ի հականիշն է  բոթ -ը, որ նշանակում է «գույժ, վատ լուր»: Կարծիք կա, որ առաջացել է  ավետ -ի  աւ արմատիցՙ  բ բացասականովՙ  բաւթ = բօթ : Գիտենք, որ  աւ -ն դառնում է  օ : Սրա համար իբրեւ ապացույց կարող է ծառայել վրացերեն  բավթի «բոթ» բառը, որ վրացերենը փոխառել է հայերենից:
Ավետիք -ը նաեւ շատ տարածված հայերեն անձնանուն է:
Հր. Աճառյանը իր «Հայոց անձնանունների բառարանում» թվարկում է Ավետիք անունով 116 նշանավոր մարդու: Օրինակ, նշանավոր է եղել Ավետիք մեքենագետը, որը, պարսպակործան մեքենա հնարելով, օգնեց խաչակիրներին, որոնք հետո «առատապես վարձատրեցին զվարպետն Աւետիք»:
Ոսկան Երեւանցու եղբոր անունը նույնպես Ավետիս էր, որը 1660 թվականին Հոլանդիայում հիմնել է տպարան եւ հետո նվիրել Էջմիածնին:
Ավետիք անունից են  Ավետիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո անձնանունները: Հիշենք հերոս Ավոյինՙ Մոնթե Մելքոնյանին, եւ զօղորմի տանք: Չհիշենք եւ ողորմի չտանք մարդակեր Ավիսին:
Եվ վերջում ավելացնենք. թող մեր ժողովրդի կյանքում բազում լինեն ավետիսները:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 18.44.37 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չկա  էգուց եւ  ինքնահող բառերի միջեւ: Տեսնենքՙ իրո՞ք այդպես է, թե՞ ոչ:

Գիտենք, որ  այ -ը շատ բարբառներում դառնում է է. օրինակՙ  հայր - հէր, մայր - մէր, այծ - էծ եւՙ այգ - էգ : Այսինքնՙ  էգուց -ի արմատը  այգ -ն է, որ նշանակում է «առավոտ»:  Այգ բառը բարբառներում չի պահպանվել, բայց կան այդ արմատի հնչյունափոխված ձեւերով կազմված մի շարք բառերՙ  էգուց, էգլաց, էգվան, էքսի, էքսը եւ այլն:

Ինչպես գիտենք,  էգուց նշանակում է «վաղը»: Եթե բառի մեջ վերականգնենք  այգարմատը, կստանանքՙ  այգուց , որը նշանակել է «թաղման երկրորդ առավոտը հանգուցյալի վրա կատարված մի կարգ», որն այսօրվա խոսակցական լեզվում հանդես է գալիս  ինքնահողսխալ կազմությամբ բառով: Իսկ ինչպե՞ս է առաջացել  այգուց բառի «վաղը» նշանակությունը: Ց նախդիրով բառը դարձել է  ցայգ ՙ «մինչեւ այգ, մինչեւ առավոտ եղած ժամանակամիջոցը», այսինքնՙ գիշեր: Այդպես է կազմված նաեւ  ցերեկ բառըՙ «մինչեւ երեկո», այսինքնՙ առավոտից մինչեւ երեկո եղած ժամանակամիջոցը: Իսկ ե՞րբ է բացվում այգը. մյուս օրը, այսինքնՙ վաղը: Ի միջի այլոց,  առավոտ եւ  վաղ նշանակությունների նույնացումներ կան նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերեն  завтра (վաղը) բառը նշանակում է նաեւ «առավոտ»ՙ «за утро»: Նույնը գերմաներենում.  morgen նշանակում է եւ՛ «վաղը», եւ՛ «առավոտ»:

Այժմ տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել այսօրվա մեր խոսակցական բառապաշարում լայն գործածություն ստացած  ինքնահող բառը:Մի հնագույն ծեսիՙ թաղման հաջորդ օրը ննջեցյալի գերեզմանի վրա կատարվող սգի համար ստեղծվել են  այգալաց, այգուց, այգահող բառերը: Լեզվում երբեմն լինում են բառերի իմաստափոխություններ թյուրըմբռնման հետեւանքով: Այսինքնՙ բառերը կամ դրանց բաղադրիչները սխալ հասկանալու, բառերի ճիշտ նշանակությունն ու գործածությունը չիմանալու, հարանունները (նմանահունչ բառերը) իրար հետ կամ բառի բաղադրիչներից մեկն իր հարանվան հետ շփոթելու, բառի կազմությունը չիմանալու հետեւանքով:

Օրինակՙ  վարկաբեկել «անվանարկել» բառը կազմված է վարկ «հեղինակություն» եւ  բեկել«կոտրել» բաղադրիչներից: Խոսակցական լեզվում  վարկ բառը անգործածական է, ուստի եւ խոսողները  վարկաբեկել -ի առաջին բաղադրիչը կապում են  վարք բառի հետՙ բառը դարձնելով  վարքաբեկել :

Այստեղ  այգահող -ը հետագայում դարձել է  էգնահող, էքնահող , իսկ սա էլ դարձել է ինքնահող , իբր թե «իր հողին այցելելը»:

Կա նաեւ մեկ այլ կարծիք, որ  ինքնահող բառն առաջացել է  այգողք գրաբարյան բառից: Իսկ այս բառը կազմվել է  այգողբք -ի  այգ եւ  ողբք բաղադրիչներիցՙ  բ -ի անկումով: Քանի որ  այգ -ը բարբառներում չի պահպանվել, ապա  այգողք -ը կապվել է  ինքը բառի հետ, իսկ  ողբքբաղադրիչի մնացած մասըՙ  ողք -ը, կապվել է հող բառի հետ եւ ստացվել է  ինքնահող :

Ազգագրական շատ հետաքրքիր մի արարողություն է նշանակում  էքպարեվ - էգբարեւ - այգբարեւ բառը: Պսակի հաջորդ առավոտը նորապսակ զույգը նվագածուների հետ բարձրանում էր կտուրՙ երգով ու նվագով արեւածագը ողջունելու համար: Սա եւս մի վկայություն է մեր արեւապաշտ նախնիների մասին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 19.14.53 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ

Գիտենք, որ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց, այսինքնՙ Ադամին կողակից ստեղծեց, որ միասին ընկողմանեն անկողին, լինեն իրար կողմնակից: Ի՞նչ կապ ունեն իրար հետ այս նախադասության մեջ գործածված  կող, անկողին, կողակից, կողմնակից, ընկողմանել բառերը:

Գիտենք, որ  անկողին նշանակում է «պառկելու եւ քնելու պարագաները» (վերմակ, ներքնակ, բարձ եւ այլն), ինչպես նաեւՙ «ամուսինների քնելու տեղ», փոխաբերական առումովՙ «ամուսնական կապ, հարաբերություն»:
Իսկ ի՞նչ ծագում, ի՞նչ կազմություն ունի  անկողին բառը: Արդյո՞ք բնիկ հայերեն բառ է:
Անզեն աչքով էլ  անկողին բառի մեջ նկատում ենք  կող բառը. պատահակա՞ն համընկնում է, թե՞ հենց  կող բառն է  անկողին բառի արմատը: Պարզվում է, որ անկողին բառը կազմված է կողն հնագույն արմատի սեռական  կողին ձեւիցՙ վաղնջահայերենի  ան (թեք հարթության վրայով, վրա) նախամասնիկով:

Իսկ ի՞նչ է նշանակում կող.

«1. Կրծքի վանդակը կազմող աղեղնաձեւ ոսկորները, 2. Մարդու իրանի աջ եւ ձախ մասերըՙ թիկունքից մինչեւ ազդրերը, 3. Մի տեղի կամ մի բանի մոտը եւ այլն»:

Կող բառից ունենք կողակից բառըՙ «ամուսին» նշանակությամբՙ հատկապես կին ամուսինը: Սա էլ երեւի գալիս է այն բանից, որ կինը (Եվան) ստեղծվել է մարդու (Ադամի) կողից, կամ էլ պառկել է (ի կող է եղել, կողնել է) Ադամի կողքին, այսինքնՙ կողին կից է, կողակից է:

Շատ հետաքրքիր է  ի կողի մոռացված ձեւը, որ նշանակում է «կռացած, մինչեւ կողը կորացած», ասենքՙ լվացվելիս:  Կող բառից ունեցել ենք  կողաքակ բառը, որ նշանակել է «կուսակցությունից բաժանված»: Նկատի ունենալով, որ հիմա կուսակցություններից բաժանվածներ շատ կան, կարելի է վերականգնել կողաքակ բառը. ասենք, «կողաքակ կուսակցականների հետագա վարքի համար կուսակցությունը պատասխանատու չէ»: Հիշենք, որ  կողմ եւ  կույս բառերը նույն բանն են նշանակում, եւ  կուսակցությունը նույն կողմնակցությունն է: Այսինքնՙ կուսակցականները կողմնակից են իրար, բայց ոչ բոլորին, ոչ ամբողջ ժողովրդին:
Մի մոռացված բառ էլ կաՙ կազմված  կողն բառի սեռականից.  կողինավոր , որ նշանակում է «զրահապատ կող ունեցող»: Այս բառով հնարավոր է անվանել զրահամեքենաների տարատեսակներից որեւէ մեկը: Կամ մարդու համար ասում ենՙ  կողը հաստ է , այսինքնՙ համառ է, ինքնասածի: Կարող ենք ասել, օրինակ,  կողինավոր ղարաբաղցի :Կող արմատից  մն մասնիկով կազմված է  կողմն բառը, որը նշանակում է «կողմ, գավառ, երկիր, կողքին, եզերքը» եւ այլն
:  Կողմն արմատից ունենք ընկողմանել «կողքի վրա ընկնել, մի կողքի վրա թիկն տալ, պառկել» բառը, որն, ըստ երեւույթին, առաջացել է  ընդ կողմանել ձեւից, ինչպես  ընկղմել բառըՙ ընդ մասնիկով  կղմել ձեւից:

Վերջում նշենք, որ  անկողին բառն ունի  մահիճ հոմանիշը, որն ավելի ուշ փոխառություն է արաբերեն  մահիճ բառից, որն ունի «քնել, հանգստանալ» իմաստները: Թեեւ կա նաեւ այն կարծիքը, որ  մահիճ բառը  մահ բառից է եւ նշանակում է «մահ իջնել», կամՙ  մահ եւ  նինջբառերից:

Այսինքնՙ անկողին մտնելուց առաջ մեկ-մեկ արժե հիշել, թե մեր նախահայրերը ինչպես են ստեղծել, պահել ու պահպանել մեր լեզուն, հասցրել մեզ եւ ավանդել, որ մենք էլ հասցնենք մեր սերունդներին: Եվ ոչ թե վայրենի հրճվանքով մոռանանք մեր լեզուն, արհամարհենք եւ օտարալեզվասեր դառնանք:

Հիշենք, որ ճիշտ էՙ  քանի լեզու գիտես, այնքան մարդ ե ս, բայց, եթե չգիտես քո հայրերի լեզուն, չգիտես քո մայրենին, ապա քանի լեզու գիտես, այդքան մարդ չես: Խոսքս, մասնավորաբար, այն մտավորական կոչվածներին է վերաբերում, որոնք, ապրելով Հայաստանում երկար ու ձիգ տարիներ, նեղություն չեն կրում սովորելու իրենց մայրենին եւ հեռուստատեսությամբ հպարտորեն ասում են, թե իրենք ավելի ազատ են արտահայտվում օտար լեզվով, սակայն պակաս հայրենասեր չեն: Հիշենք Գարեգին Նժդեհի ասածը նման ստամտավորականների մասին. «Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 20.42.27 | Сообщение # 17
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ

Տեսնենք, թե  ար արմատի մասին ինչ են գրում լեզվաբանները, պատմաբանները, հայագետները:

«Ոչ մի կասկած, որ  Հարք անունը պարզ եւ անաղարտ պահում է հայերի  ար ցեղանունը, որը արերի  Ար աստծու անունն է:  Հարք անվան սկզբի  հ -ն արմատական չէ եւ աճել է որպես սաստկացուցիչ: Ուստի  հարք -ը  արք էՙ արեր, այսինքնՙ հայեր, կամ հայերի երկիր», - գրում է Մարտիրոս Գավուգչյանը :Գրիգոր Ղափանցյանը  Արագած լեռնանվան մասին գրում է. «…Բաղկացած է  Արա եւ  գած չպահված հասարակ անունից, որ նշանակել է «գահ», այսինքնՙ Արագած նշանակել է տառացիՙ Արայի գահ»:

«…Ար-մա-նի անունը  բարդ բառ է, որի առաջին  Ար բաղադրիչը հենց արմենների ազգային արեւի (գլխավոր) աստված  Ար -ն (Արան) է (շումերերեն  ar եւ  ara արդեն նշանակում են «ճառագայթել, լույս տալ»), անվան  մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել, շինել», որով  Արմա նշանակում է «Արածին, Արիՙ սերունդ, Ար-որդի, արեւորդի»: Անվան  նիմասնիկը շումերա-հայկական հոգնակերտ մասնիկն է», - գրում է Գավուգչյանը:

Խորենացին գրում է. «Փութով Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որը Արայի անունով կոչվում է Այրարատ»: «Այս հին վկայությունը նույնպես կասկած չի թողնում, որ  Ու-արտու (Ուր-արդի) նշանակում է Արայի երկիր», - գրում է Մ. Գավուգչյանը: Սա ապացուցում է նրա իսկ կռահած փաստը, որ Ուրարտու նշանակում է «վայր կամ երկիր կրակ - արեւ աստծու, Արա - Արդի աստծու»: Ընդ որում,  Ու-արտու - Ուր-ատրու տեղանվան վերջին  ատր մասը նշանակում է «կրակ» եւ, ըստ Գավուգչյանի, պահլավերենից փոխառություն չէ, ինչպես նշում է Հր. Աճառյանը, այլ հայերեն է, որի համար ապացույց է մեր  այրել բնիկ հայերեն բառը ( ատրել - այրել ): Որ  տ -ն կարող է փոխվել  յ -ի, ցույց են տալիս հայերեն մի շարք բառեր.  pater - հայր, mater - մայր եւ այլն:

Արմեն անվանման մասին կան տարբեր կարծիքներ: Որոշ գիտնականներ համարում են, որ այն բաղկացած է  ար եւ  ման բաղադրիչներից,  ար ՙ «քաջ» եւ  ման ՙ «մարդ» ( մանուկ ՙ «փոքր մարդ»): Մերժելով սաՙ Գ. Ջահուկյանը տալիս է իր ստուգաբանությունը, ըստ որիՙ  Արմենանվանումը ստուգաբանորեն կազմված է արմ(ն) ՙ «արմատ»,  զ-արմ ՙ «ցեղ, սերունդ» բառից: Հայերեն  արմ -ը, թերեւս, պահպանված է ուրարտերեն  armuzi «ընտանիք» բառի մեջ:

Գ. Ջահուկյանը նշում է նաեւ, որ ուրարտական  Menua անվան մեջ առկա է հայերեն  մանուկ-ի առանց փոքրացուցիչ ածանցի ձեւը ( մանու - հնդեվրոպական նախալեզվի մենուՙ «փոքր» իմաստից):

Գր. Ղափանցյանը նշում է նաեւ ուրարտական  Ara եւ հայերեն  Արա զուգահեռը:

Հայերենում ունենք  արարել, արարիչ, արարած բառերը: Արդյո՞ք դրանց արմատը  ար -ն է: Պարզվում էՙ այո: Ունեցել ենք  առնել բառըՙ «անել, գործել, կատարել, ստեղծել, վերածել, շինել» իմաստներով: Սա  առնել ՙ «գնել, ստանալ, վերցնել, խլել» բառի նույնանիշն է:  Առնել -ի կատարյալն է  արարի , հրամայականըՙ  արա : Սրանք ցույց են տալիս, որ բուն արմատը ար-ն է, որի կրկնությամբՙ  արար :

Ըստ Հր. Աճառյանիՙ  ար -ը հնդեվրոպական նախալեզվի  ar արմատից է, որ նշանակել է «հարմարել, կազմել, շտկել, պատրաստել»:

Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք  Ար աստվածը եւ հնարավոր է, որ այդ բոլոր իմաստներն, ի վերջո, նրանից են եկել:

Հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել գրաբարյան  առնել բառը. միջին հայերենում դարձել է  արնել, այրնել, այնել, անել , եւ այսօր ունենք նաեւ  էնել ու  ընել ձեւերը:

Առաջին հայացքից լեզվական հնչյունափոխությունները արհեստական ու սարքովի են թվում: Բայց մեր աչքի առաջ այսօր էլ են դրանք տեղի ունենում: Չնայած այն բանին, որ արդեն 1600 տարի մենք ունենք գրավոր խոսք: Օրինակՙ  այստեղից բառից  էստեղից - ստեղից - ըստիցճանապարհով ստացվել է  ստուց : Եթե իրար կողքի դնենք սկիզբըՙ  այստեղից , եւ վերջըՙ  ստուց, ապա խիստ անհավանական կթվա, որ դրանք նույն բառն են: Կամՙ  այստեղ - էստեղ - ըստեղ - ըստե - ստե :  Որովհետեւ բառն այսօր շատերի բերանում հնչում է  որտեւ , եւ այլն, եւ այլն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 20.52.23 | Сообщение # 18
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն

Արմենիա -ն,  Արմանի -ն որպես երկրանուն առաջին անգամ հիշատակվում է աքքադական թագավորներ Սարգոնի եւ Նարամսինի (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) հին սեպագիր արձանագրությունդների մեջ: Պարսիկ Դարեհ թագավորը եւս իր արձանագրությունների մեջ նշում է  Արմինիա, Արմինա երկրանունը: Կան նաեւ ուրարտական հիշատակումներ:

Հայ ժողովրդի  Արմեն անվան ստուգաբանությամբ կամ ծագման հարցերով զբաղվել են մի շարք հայ եւ օտար գիտնականներ, բայց որեւէ մեկը դեռեւս չի տվել վերջնական լուծում:

Բերենք ստուգաբանության մի քանի օրինակ:

Արմեն անվան առաջին բաղադրիչըՙ  ար -ը, պիտի հասկանալ «քաջ, արի», իսկ երկրորդ մասըՙ  ման ՙ «մարդ»: Հայերենում  ման բառը չի պահպանվել, բայց պահվել է  մանուկ «փոքր մարդ» բառում: Այնպես որ,  Արմեն նշանակում է «արի մարդ»: Այս ստուգաբանությունը չի ընդունում Գեւորգ Ջահուկյանը, համարելով, որ, իրականում,  արի բառը  այր բառից է առաջացել («տղամարդ, կենսուժ»):  Ման բաղադրիչը մանուկի հետ չի կապվում, այլ գալիս է մեն «փոքր» արմատից: Եվ տալիս է իր ստուգաբանությունը.  Արմեն անունը կապված է  արմ (ն)«արմատ»,  զ-արմ «ցեղ, սերունդ» բառերի հետ:

Կան կարծիքներ, որ  Արմեն անունը առաջացել է ուրարտական առաջին թագավոր Արամեի անունից:

Բոլոր ստուգաբանողները բաժանվում են երկու խմբի. մի մասը  արմ -ը համարում է արմատական, մյուս մասը  արմ -ը տրոհում էՙ  Ար-մա : Օրինակ, պնդում են, որ  Արամ -ը բաղկացած է երկու բառիցՙ  Ար եւ  ամ , որտեղ  Ամ -ը կամ  Ամա -ն Մայր աստվածուհին է, իսկ  Ար-ըՙ արեւը, երկնքի աչքը, որով  Ար-ամ նշանակում է «աչքը Մայր աստվածուհու»:

Ռաֆայել Իշխանյանը գրում է, որ  Արամ -ը առաջացել է  Ար եւ  արմ բառերից:  Ար -ը  այրբառի տարբերակն է. նշանակել է «արի, քաջ, խիզախ, տղամարդ», նաեւՙ «հայ»:  Արմ -ը եւս բնիկ հայերեն բառ է, նշանակում է «սերունդ, զարմ, արմատ»: Արարմ նշանակել է «արի մարդ» կամ «հայի սերունդ»: Հետագայում Արարմ -ի  ր -ն ընկել է, եւ  Արարմ -ը դարձել է  Արամ :

Կան կարծիքներ, որ  Արմեն, Արամ անունները ծագել են հայերի գլխավոր Արա աստծու անունից:  Պլատոն ի վկայությամբ Էրը (Էրոսը, այսինքնՙ Արան) Արմենիոսի որդին էր: Շատ հին ժամանակների հեթանոսական աստվածները, հետագայում անձնավորվելով, դարձել են անձնանուններ, ուստի հասկանալի է, թե ինչու Էրը (Արան) համարվել է Արմենիոսի որդին:

Ավելացնենք, որ Արան Արամ նահապետի որդին էր, որն իր չքնաղ գեղեցկության համար ստացավ  գեղեցիկ մակդիրըՙ  Արա Գեղեցիկ : Իսկ Արամը ուրարտացիների (հայերի) նշանավոր Արամե թագավորի անունից է:

Արմեն անձնանունը, ըստ Հր. Աճառյանի,  Արմենակ անվան կրճատ ձեւն է, որը Հայկ նահապետի որդին էր եւ փոխարինեց նրան:

Ընդհանրապես, կարելի է ասել, որ առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից եւ ցեղային միություններից մեկը ներկայացնող  Արմենիա անունը ծագել է այդ անունը կրող ցեղի վաղնջական եւ գլխավոր Աստծու  Ար կամ  Արա անունից:

Հենվելով մի շարք փաստերի վրաՙ Մարտիրոս Գավուգչյանը եզրակացնում է, որ  Ար-մա-նիանունը բարդ բառ է, որի առաջին  Ար բաղադրիչը հենց արմենների ազգային աստծու  Ար -ն է, մա բաղադրիչը շումերերեն նշանակում է «ծնել, սերել»:  Ար-մա նշանակում է «Արածին, Արի սերունդ, Արորդի», իսկ  -նի վերջավորությունը հոգնակերտ է: Հետեւաբար,  Արմանի նշանակում է «Արածիններ, Արորդիներ, արեւորդիներ»:

Ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա էլ կարծիքները բախվում են, իրարամերժ են: Ինչ էլ լինի, մի բան պարզ է.  Արամ, Արմեն, Արմենակ, Արամե, Արգիշտի, Արարատ, Արագած անունները հայերինն են, եկել են անհիշելի ժամանակներից, երբ հին աստվածները դեռ չէին լքել Հայաստանը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 21.11.07 | Сообщение # 19
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ

ԱՆԱՀԻՏ անունը ներկայացրել է իգական մի աստվածություն ինչպես իրանական, հունական ժողովուրդների մեջ, այնպես էլ Հայաստանում: Ըստ որոշ գիտնականներիՙ բուն նշանակությունն է «անբիծ, անարատ», կազմված է  ան- ժխտական մասնիկից եւ  ահիտա ՙ «պիղծ, կեղտոտ» բառից: Կարծիք կա, որ կազմված է  ան- ժխտականով  ահ բառից, այսինքնՙ «անվախ, արի»:

Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական  Նիիթ անունը, որը եւս համարվում է զգոնության, արիության, բեղմնավորության եւ նյութական առատության դիցուհի:

Անահիտ անունը բխեցնում են նաեւ հնդկերեն  անահուտ բառից, որ նշանակում է «արյան եռանդ, եռք»:

Նշանակել է նաեւ Արուսյակ մոլորակը, փոխառել են հույներըՙ Անաիտիս (համապատասխանում է նրանց Արտեմիսին), արաբներըՙ Անըհիդ, հռոմեացիներըՙ Դիանա:

Մեր մեջ հին ժամանակներում հատուկ էր միայն աստվածուհուն, իսկ վերջին շրջանում դարձավ սովորական իգական անուն, եւ մեր գեղեցկագույն անուններից մեկն է համարվում:

Անահիտը հայոց գերագույն աստծուՙ Արամազդի դուստրն է, մայրության, զգաստության, պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Նրա մասին Տրդատ թագավորը, երբ դեռեւս քրիստոնյա չէր, Գրիգոր Լուսավորչին ասում էր, որ նա Անահիտ մեծն տիկինն է, մեր ազգի փառքը եւ կեցուցիչը, բոլոր թագավորներն են նրան պատվում, նա է մայրը ամենայն զգաստությունների, բոլոր մարդկանց բարերարը, Մեծն Անահիտն է, որով կա եւ գոյություն ունի Հայոց երկիրը:

Անահիտի պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից եւ սերտորեն առնչվում է մայրության պաշտամունքին: Ըստ որոշ դիցագետներիՙ տարբեր ժողովուրդների մեջ տարածված բոլոր
Անահիտների նախատիպը հին հայոց Անահիտն է:

Անահիտի գլխավոր սրբատեղին եղել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որի համար էլ գավառը կոչվել է Անահտական: Քրիստոնեության տարածման շրջանում ավերվել են Անահիտի տաճարները: Նավասարդ ամսվա 15-ի մեծ տոնական օրը ուխտավորները, Անահիտի կուռքը վերցնելով, թափորակերպ պտտվում էին մեհյանի շուրջը: Աշխարհիկ հանդիսություններ ու պարեր էին կատարվում, կերուխումից հետո լինում էին հեթանոսական անկարգություններ: Եվ, ըստ Ստրաբոնի, ազնվականները մինչեւ իսկ իրենց դուստրերի կուսությունն էին նվիրում Անահիտի պաշտամունքասերներինՙ սա համարելով սրբազան արարողություն:

«Այլ երկրներում Անահիտի ունեցած մեծ պաշտամունքն էլ հիշելը մեզ համար ավելորդ է: Բայց չենք կարող զանց առնել Ս. գրքի նշանավոր հիշատակությունըՙ ի վկայություն Եփեսոսի աշխարհահռչակ տաճարի, որի համար մանր մեհյաններ շինող մի արծաթագործ, վախենալով, որ Պողոս առաքյալի քարոզությամբ իր արվեստը կխափանվի, ժողովրդին գրգռեց նրա դեմ, եւ ամբողջ քաղաքը ոտքի ելավ: Քաղաքապետերից մեկը հազիվ կարողացավ հանդարտեցնել նրանց, ասելով. «Ո՞վ է ի մարդկանէ, որ ոչ գիտէ զԵփեսացւոց քաղաքնՙ մեհենազարդՙ մեծին Արտեմեայ դիցն», որին, ինչպես արծաթագործն էլ էր ասում, «ամենայն Ասիա եւ տիեզերք պաշտեն»: Այս ձայները կարող են լինել հայոց Անահիտի ջերմեռանդ պաշտամունքի արձագանքը», - Անահիտի մասին իր գրվածքն այսպես է ավարտում Ղեւոնդ Ալիշանը:

Ներկայացնեմ մի ակրոստիքոս, որ նվիրել եմ Անահիտին:

Ամեն գիշեր տեսլաժամին խորհրդավոր ու սիրով
Նայում է քեզ քո ծննդյան աստղը հեռու երկնքից,
Առկայծում է գորով ու խինդ, ու քո ամեն ժպիտից
Հազար տարով երկարում է կյանքը նրա հեռավոր ...
Ինչքան կարոտ ունի իր մեջՙ լույսի ճիչով քեզ պարզում,
Տառապում է կրակի մեջ, փոթորկվում է հրածին,
Իջնում է ցած լույսի միջով ու աչքերդ համբուրում,
Նորից ելնում դեպի երկինքՙ թրթռում է քո շնչից ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 21.16.05 | Сообщение # 20
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ

ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է  աստղ բառից:  Աստղ -ը բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական  ster ձեւից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարենՙ  աստեր, սանսկրիտերենՙ  սթար , պահլավերենՙ  սթար , իտալերենՙ  ստելլա , ֆրանսերենՙ  աստրե , իսպաներենՙ  աստրո , գերմաներենՙ շտերն , անգլերենՙ  սթար եւ այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակՙ իտալական  Ստելլա -ն:

Իբրեւ սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրեւ սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է:

Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության եւ ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեինեւ ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:

Ըստ Ղ. Ալիշանիՙ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից եւ Նանեից հետո): Մեծարվել է, եւ թերեւս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրըՙ ծնված ջրհեղեղից հետո:

Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, եւ սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետեւանքով Աֆրոդիտեի եւ Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, եւ Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլեւ սիրո եւ մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի եւ այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երեւում, եւ, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էրՙ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ: Նա ոսկեծղի էր եւ վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլՙ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի եւ պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնովՙ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելըՙ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելըՙ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:

Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ  վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում եւ  վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքնՙ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ  վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրեւ տեղա: Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկիՙ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմՙ Մուրադչայ) գետի հետ:

Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդՙ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդՙ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:

Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկըՙ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան եւ Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, եւ Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՜խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»:

Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»:

Այսպիսի պատմություններ ներկայացրինք  Աստղիկ անվան մասին. ինչքա՜ն խոր հնությունից է գալիս այդ անունը եւ ինչքա՜ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz