Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 15.28.10
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Апрель » 28 » Այո, մենք հարցեր ունենք ՌԴ-ին և Ադրբեջանին խաղաղ լուծում կպարտադրենք Ադրբեջանի խորքերում
01.45.01
Այո, մենք հարցեր ունենք ՌԴ-ին և Ադրբեջանին խաղաղ լուծում կպարտադրենք Ադրբեջանի խորքերում
Այո, մենք հարցեր ունենք ՌԴ-ին և Ադրբեջանին խաղաղ լուծում կպարտադրենք
Ադրբեջանի խորքերում
Հարցացրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, վերջերս հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ լարվածություն է առաջացել: Նախկինում երբեք Սերժ Սարգսյանը եւ իշխանության այլ ներկայացուցիչներ նման կոշտ տոնայնությամբ ռուսական կողմի հետ չեն խոսել: Սա նշանակո՞ւմ է, որ վարկածը, թե Ադրբեջանը հարձակվելուց առաջ ունեցել է ՌԴ-ի «դաբրոն», նաեւ պաշտոնական տեսակետ է:

- Ես չէի ասի լարվածություն է հայ-ռուսական հարաբերություններում: Լարվածությունը շատ մեծացել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ՝ ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ ռազմական առումով, իսկ մնացած բոլոր խնդիրները ածանցվում են դրանից: Հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն պետք չէ փնտրել, հայ-ռուսական լարված հարաբերություններ գոյություն չունեն, գոյություն ունեն հայ-ռուսական ուղիղ հարաբերություններ: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց դա նաեւ չի նշանակում, որ մեր անվտանգության եւ տարածաշրջանի անվտանգության եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր մտահոգությունները դադարում եմ գոյություն ունենալ: Մեր մտահոգությունները միշտ եղել են, կան եւ լինելու են, եւ դա առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի գործողություններով: Այս առումով կարծում եմ, որ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով արվող բոլոր հայտարարությունները ունեն բավարար հիմքեր եւ կոնկրետ նպատակներ:

- Սերժ Սարգսյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից ըստ էության պատասխան պահանջեց կատարվածի համար: Ինչո՞ւ Լավրովից:

- Ռուսաստանի Դաշնությունը բանակցային գործընթացում միշտ ակտիվ միջնորդական ջանքեր է կիրառել, եւ շատ տրամաբանական է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս կարողանա ունենալ լիարժեք պատասխան` ինչու Ադրբեջանը բավականին հանկարծակի գնաց նման ծավալների ռազմական ագրեսիայի, եւ ինչպես է այդ գործողությունը գնահատում ռուսական կողմը: Նախագահի հարցադրումը շատ հստակ եւ պարզ հարցադրում էր, որպես խաղաղ բանակցության կողմ ղեկավարի:

- Ռազմաքաղաքական շրջանակներում շշուկներ կան, որ Ռուսաստանը տեղյակ էր եւ պետք է նախապես Հայաստանին զգուշացներ այդ օրը այդ վայրում ծրագրվող հարձակման մասին, ինչը չի արել: Հիմնավո՞ր են այս շշուկները:

- Ես կդժվարանամ ասել, թե այդ շշուկները ինչ են հատկապես ենթադրում: Բայց շշուկներից զատ, հայ-ռուսական ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը, այո, նաեւ ենթադրում է, որ մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության պարագայում իրականացնել համագործակցություն: Խնդիրը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծին, բայց Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր պետություն, բնականաբար, ԼՂ բնակչության դեմ ցանկացած ոտնձգություն համարում է նաեւ իր անվտանգության բաղադրիչը: Հետեւաբար, այո, այս առումով մենք ունենք որոշակի հարցադրումներ:

- Երեկ Սարգսյանը «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասաց. «Ռուսաստանը վարում է, գոնե մեդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով` հավասարակշռված քաղաքականություն մեր նկատմամբ եւ Ադրբեջանի նկատմամբ»: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

- Ռուսաստանը միշտ հայտարարել է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունների, դրանց բարելավման, զարգացման եւ խորացման մասին, եւ մեզ համար դա միշտ ընկալվել է որպես երկկողմ նորմալ ձեւաչափ: Բայց երբ այդ հարաբերությունները գալիս եւ խաչվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ թե ռազմական լուծման հարցին, բնականաբար, մեր կենսական շահերով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում հասկանալ՝ ինչ նախընտրություններ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում: Պետք է կարողանալ լիարժեք գնահատել՝ այդ համաչափությունը նպաստո՞ւմ է տարածաշրջանում խաղաղ կարգավորումներին, թե՞ այդ համաչափությունը չարաշահելով, Ադրբեջանը փորձում է խախտել տարածաշրջանի կայունության բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները: Այսինքն, եթե հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների համաչափությունը շահագործվում է Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի դեմ դառնում սպառնալիք, բնականաբար, մենք իրավունք ունենք հետեւություններ անելու այս ամենից: Ամբողջությամբ հասկանալով եւ ընդունելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների գոյության իմաստը, մենք պետք է կարողանանք այն ծառայեցնել ոչ թե ի վնաս եւ ի վտանգ տարածաշրջանի, այլ ընդհակառակը` հանուն տարածաշրջանում անվտանգ եւ խաղաղ զարգացումների: Սա, կարծում եմ, նաեւ Ռուսաստանի հանձնառություններից մեկը պետք է լինի:

- Ի՞նչ պայմաններով Հայաստանը կհամաձայնի, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, եւ Ադրբեջանը կարո՞ղ է անդամակցել ԵՏՄ-ին առանց Հայաստանի համաձայնության եւ վավերացման:

-Ես չգիտեմ՝ նման խնդիր կա՞ դրված, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ դրա արդեն իրական նախադրյալների առկայության դեպքում Հայաստանի դիրքորոշումը խիստ որոշիչ պետք է լինի:

- Տպավորություն կա, որ Հայաստանի վրա ինտենսիվ ճնշումներ են գործադրվում, որպեսզի գնա զիջումների եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, նախկինում միշտ Ադրբեջանն էր մերժում, հիմա Հայաստանն է մերժում եւ նախապայմաններ դնում, որ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն:

- Ճնշումներ, որպես այդպիսիք, չկան: Կա պարզ իրողություն, որ Ադրբեջանը ամեն կերպ ձախողում է բանակցային գործընթացը: Այդ իրավիճակում փնտրել մեխանիզմներ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար՝ ուղղակի անտրամաբանական է եւ ծիծաղելի: Կան Հայաստանի կողմից հայտարարված հստակ սկզբունքներ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ եւ կա հանձնառություն: Բայց եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք չենք կարող պատրաստվել խաղաղության: Հետեւաբար, մենք եւս կպատրաստվենք պատերազմի, իսկ պատերազմում մեղմ դիրքորոշումներ չեն լինում: Պատերազմում լինում են կոշտ դիրքորոշումներ:

- Հնարավո՞ր է, որ այս զարգացումների արդյունքում Հայաստանը ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

- Ի՞նչ է դա տալու Հայաստանին. այս իրավիճակում` ոչինչ: Իհարկե, մենք շարունակելու ենք ԵՄ-ի հետ լայն համագործակցությունը, ընդլայնված օրակարգերով բանակցությունները, բայց դա պատերազմի կամ Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների կանխման առումով որեւէ նշանակություն չի կարող ունենալ:

- Սերժ Սարգսյանը հիմնականում Ռուսաստանին, որոշ չափով նաեւ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին անթաքույց մեղադրում է ժամանակին Ադրբեջանին կարգի չհրավիրելու մեջ: Այսօր ո՞ր երկրից է ՀՀ-ն ակնկալում դա` Ռուսաստանի՞ց, Ֆրանսիայի՞ց, թե՞ ԱՄՆ-ից:

- Բոլոր կողմերից, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահներից: Այն բոլոր նախազգուշացումները, որ ժամանակին արվում էին, որ անհրաժեշտ է հասցեական մոտեցում, անհրաժեշտ է հստակ Ադրբեջանին ասել, որ ռազմական գործողությունները դատապարտելի են, որ Ադրբեջանն է սրում տարածաշրջանում իրավիճակը, Ադրբեջանն է սեպ խրում խաղաղ կարգավորման գործընթացում, հավատացեք, մենք այսօր կունենայինք բոլորովին ուրիշ Ադրբեջան: Այո, ստեղծված իրավիճակի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն միջնորդները: Ժամանակին մենք փորձել են հասկանալ միջնորդներին, նրանց ջանքերը ընկալել ենք որպես դիվանագիտական պարիտետի պահպանման անհրաժեշտություն, բայց նման մոտեցում չի եղել Ադրբեջանում, Ադրբեջանը շարունակաբար օգտվել է միջնոդների հավասարակշռող հայտարարություններից, եւ այսօր արդեն փաստ է, որ միջնորդները նաեւ իրենց բաժին պատասխանատվությունն ունեն այս լարվածության համար: Այսուհետ մենք պահանջելու ենք, որ միջնորդները լինեն հստակ եւ կոնկրետ: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը դիմում է 1994-1995 թթ. համաձայնագրերից դուրս գալու համար, լավագույն հեգնանքն է միջնորդների գործողությունների նկատմամբ:

- Դատելով նրանից, որ այս պահին էլ համանախագահող երկրները առանձին- առանձին եւ Մինսկի խումբը չեն շտապում դատապարտող հասցեական հայտարարություններ անել, փաստորեն, գործընթացները լավատեսական հունով չեն ընթանում:

- Առայժմ՝ այո: Մեր անելիքները մենք հստակ գիտենք եւ պետք է պատրաստ լինենք ամեն ինչին: Պատերազմը եւս իրավիճակ է, որին պետք է պատրաստ լինել: Եթե նույն Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ լուծում, մենք նրան կպարտադրենք խաղաղ լուծում, այս անգամ արդեն Ադրբեջանի խորքերում:

- 80-ականների զենքերով ինչպե՞ս կարող ենք Ադրբեջանին խորքում բան պարտադրել:

- Առաջին պատերազմի ժամանակ որսորդական զենքերով էին չէ՞ կռվում հետեւակի մարտական մեքենաների դեմ: Մի անհանգստացեք, որ զենքերը 80-ականների կամ 90-ականների են, մեր զինանոցում բոլոր տիպի զենքերն առկա են: Եվ 80-ականների զենքերն էլ վատ չեն կրակում, եթե 80-ականների զենքերը 4 օրում Ադրբեջանին այդպես խեղճացրին, պատկերացրեք, թե 90-ականներինն ինչ կանեն:
Просмотров: 317 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz