Հրադադարի ռեժիմի խախտում՝ հունվարի 21-ի գիշերը. Ադրբեջանական կողմը դիպուկահար կրակոցներ է արձակել
Ադրբեջանական կողմը հունվարի 21-ի գիշերը 8 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ դիպուկահար կրակոցներ արձակելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշեց, որ հրադադարի խախտման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ինչ վերաբերում է նախօրեին՝ հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքին, որի ժամանակ հայ զինվոր էր զոհվել, ապա այդ մասին նոր մանրամասներ հայտնի չեն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տեղական ժամանակով ժամը 10-ին Հորադիզի շրջանում ադրբեջանական կողմը սկսել էր կրակել հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:
ԼՂՀ ՊԲ համարժեք պատասխանից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել էր գնդակոծությունը: Նախնական տեղեկություններով, ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են: «Թե ադրբեջանական կողմը քանի զոհ եւ վիրավոր է ունեցել՝ չեմ կարող ասել»,-նշել էր Հասրաթյանը։