ՀՈՎ ԵՄ ԱՐԵԼ Հով եմ արել սրան-նրան,
Հով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են,
Չեմ ճանաչել հուն ու սահման,
Ծով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են:
Բախտն ինձ շատ է խփել քարի,
Բայց այնքան եմ եղել բարի,
Որ նրա հետ այսքան տարի
Խոով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են:
Մեկն իմ աչքի փուշն է հանել,
Մեկն իմ խոսքից մեղր է քամել...
Մեկն էլ անվերջ միսս ծամել,
Համով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են:
Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ,
Ոչ ոքի հետ ոչ մի անգամ,
Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ
Ով լինելս չեմ զգացել,
Ինձ ասել են:
ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ
Մորս ծաղիկ ծոցի մեջ
Կար մի ծիվ-ծիվ Հայաստան,
Ամեն ծալքում մեր ծխի
Կար մի ծիլ-ծիլ Հայաստան:
Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ,
Ձեր ամեն մի հատիկում
Ծլարձակում կար մի լուռ
Եվ կար մի ծիլ Հայաստան:
Երազներ իմ ձյունեղեն,
Մաքուր, մաքուր երազներ,
Ձեր ամեն մի փաթիլում
Կար մի փաթիլ Հայաստան:
Արտասուքներ իմ վճիտ,
Որ ծորացիք ամենուր,
Ձեր ամեն մի կաթիլում
Կար մի կաթիլ Հայաստան:
Երամներ իմ կարոտի,
Ձեր ամեն մի կանչի մեջ
Կար մի տատրակ, մի կռունկ,
Մի արագիլ Հայաստան:
Զարկերակներ իմ զարմի,
Ձեր ամեն մի զարկի մեջ
Զնգում էր մի զրեհիկ,
Զվարթ ու զիլ Հայաստան:
Հավերժություն, աչքդ լույս,
Ուղևորդ է մի նորոգ,
Կանաչ-կարմիր, ծիրանի,
Ճերմակ ու բիլ Հայաստան:
ԾՆՆԴԱՎԱՅՐ
Մի դատարկված ամպի նման
Եկել եմ ես,
Որ ջուր տանեմ քո ձորերից
Դաշտի ծարավ ծաղիկներին:
Եկել եմ, որ մի անգամ էլ
Նստեմ քեզ հետ,
Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ,
Ելնեմ գնամ,
Մի խոսք ասեմ քո անունից,
Մի լուր տանեմ գալիքներին:
ՆԵՂՎՈՒՄ ԵՄ...
Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ
******
Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:
Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:
Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա...
Ո՞ւՐ ԵՍ ՇՏԱՊՈՒՄ ԴՈՒ ԱՅՍ ԼԵՌՆԵՐՈՎ
- Ո՞ւր ես շտապում դու այս լեռներով,-
Ասաց մասրենին փեշս բռնելով,-
Ի՞նչ է պատահել, չե՞ս մտաբերում,
Մոռացե՞լ ես ինձ հեռու ափերում:
- Միայն ցավերն եմ մոռացել այն հին,
Որ քո փշերն ինձ պատճառել էին,
Իսկ շշուկներդ, տեսքդ ծաղկածուփ
Սրտիս մեջ են միշտ, հայրենի իմ թուփ:
__________________