Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-05-02, 16.25.14
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՉԱՐԵՆՑ,ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
ՉԱՐԵՆՑ,ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.23.16 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ եներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո´չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա´հ-քա´հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին:

«Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: Իսկ մե՞նք,-- հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից - հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը:

«Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում:

Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ:

Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա´յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի´շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները - թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե´ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե´զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ´, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը:

-Եվ նրանք չէ, այո´, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո´ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո´չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն:-Այսպե´ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո´չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո´չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփը:-Հասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո´չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»:

«Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո´, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում:

Եվ ահա - «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, եներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ... Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա´ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը - մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից - եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին:

...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» - ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո´չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին:

նացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, եներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին - եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց եներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը - բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին:

Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի - այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ եներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե´ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... նացե´ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե´ք, մեր քա´ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե´ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի´ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»:

Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո´չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»:

Այսպես խիստ, այսպես տեղի´ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե´ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին:

«Կեցցե´ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ եներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք:

Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության:

Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո´, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու -որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո´չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ եներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին - եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, -Ավետյաց երկիրը - հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր -իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար - միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.24.27 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ

Միթե սա՞ է երկիրը Նաիրի...
Ե. Չ. «ՇՈԵԱԼՈՒՍՏ»

Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարեւորագույն մասին - եւ այստեղ է ահա, սիրելի ընթերցո´ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Եվ ճիշտ որ,- ո՞րն է այդ Նաիրին: Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, եւ մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում- «նաիրցիներ»: Մի՞թե կարող է «ուղեղային մորմոքը» կերպավորվել եւ իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո´ղ, միս եւ մարմին ստանալ «սրտի հիվանդությունը», - եւ քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո´չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, եներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում- որպես մի Համո Համբարձումովիչ- Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն- չէր կարող: Զառանցանք չէր այդ քաղաքը, եւ ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. եւ, այո´, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», եւ ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը- «նաիրյան» մի քաղաք: Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցո´ղ, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին եւս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար: Այո´: Ի՞նչ «Նաիրի»: Եվ ամենից առաջ. ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը. ի՞նչ է նա նշանակում:

Սիրելի ընթերցո´ղ: Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: ուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: ուցե նշանակում է՝ «անքաշ պանիր»- աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի է- պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը- մարդու եւ... Եվ նորից- խոչընդոտ, սիրելի ընթերցող:- Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը- կարող ես հարցնել դու հիմա,- եւ ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո´չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական եւ աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով- այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք- Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո´չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով եւ այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին- «եւ կա, եւ չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն եներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,- ո՞րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միեւնույն ժամանակ, չկա, որովհետեւ... եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր եւ ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե´ք մի նամակ գրել եւ հասցեագրել այսպես՝

«Երկիր Նաիրի- եներալ Ալոշին» - տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո´ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա:- Երեւակայեցեք, որ ո´չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երեւա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-արահիսա՞ր... Իհարկե, ոչ:

Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի... ուղեղը... Ահա´ եւ ամբողջը: Եվ ահա´ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,- առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղը: Այո´:- Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի: Նրան, այո´- Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,- եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»:

Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ:- Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, եւ այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որեւէ հատվածի վրա, տեղավորված կային- գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին- ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա եներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան եւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի եւ վերադառնում էին գործից, ուտում էին եւ արտաքնոց էին գնում.- մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք: Եվ ո´չ միայն նրանք, այլեւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,- եւ ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը եւ ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն- ուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով եւ հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զեւսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը: Այո´: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին եւ քարակերտ վեհությամբ ապրեին դարեր- թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո´ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը եւ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ- Ղահվե- Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»- ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, եւ չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,- որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը- որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ- «ուղեղային մորմոք»- սրտի հիվանդություն... Այո´: Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»- եւ մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք - քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»- եւ մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել: Եվ դո´ւ, ընթերցո´ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր» Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո´ղ, եւ չէի էլ կարող մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից եւեթ, խոսել եմ այդ քաղաքի եւ նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,- ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո´ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է եւ քեզ, միեւնույն է՝ ապրել ես դու թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ- չես իմացել: Այո´, ընթերցո´ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք- եւ կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային- քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի եւ տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»- եւ ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա´ն, այսինքն՝ ո´չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո´, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ- եւ առանց նրա, այսինքն՝ ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջապես հենց ինքը- երկիրը Նաիրի: Չե՞ս հավատում: Նայի´ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը. ո՞ւր են նրա բնակիչները: Ո՞ւր են Մեռելի Ենոքը եւ Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը եւ Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու հիշատակ: Ինչո՞ւ:- Որովհետեւ չկան, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.- չկա. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ:

Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ: Բավական են, կարծեմ, վերեւում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարեւորը եւ ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներեւակայելին: Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը- ահա´ ամենաէականը: Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը- ահա´ հարցը: Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներեւակայելին:-

- Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր- երեւակայո՞ւմ եք- հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ: Չե՞ս հավատում.- իրենի´ց հարցրու. այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը,- ավելին՝ այսպես էր համոզված եւ ամբողջ «Ընկերությունը».- օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող,- ամբո´ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բա´ստա, պրծավ գնաց. ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր: Կար, գոյություն ուներ եւ սնվում էր- հենց ինքն իրենով- ահա´ թե ինչ: Կար, գոյություն ուներ եւ աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում - մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո´չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլեւ կա, գոյություն ունի եւ կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն: Այսպիսի´ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց ավելի լավ է ասել՝ «պերպետուում-մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը. ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով, դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ- ո´նց ասենք... նո´ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, եւ միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա- հազարամյա Նաիրին: Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս.

«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝
Արեւի պես, երկի´ր իմ, կվառվես վառման...»:
Այսպես ենք կարծում, ընթերցո´ղ, եւ մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետեւ նույնը, ճիշտ նույնը, բառացի նո´ւյնն էր մտածում եւ ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր եւ ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն՝ «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած:

Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչեւ բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.- Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները: Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա´ էր, ըղձալին ու երազյալը,- երկիրը Նաիրի: նում էր. փողոցի փոսերից, քարերից ելեւէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելեւէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում- երկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ- Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր գտնում. օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. օրորվում էր, ելեւէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.- Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը- երկիրը Նաիրի: Մտածում էր՝«Ո՞րն է Նաիրին»,- ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա- ո՞ւր, որտե՞ղ սակայն- ո՞ր ափերում... կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում- քաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը- վեց վիլայեթ: Նաիրին էր. հին ու հազարամյա. հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում: Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.- Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում- մի խոշորագույն հանգամանք- եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա Նասր-Էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ- իր նստած երկարականջ քեռուն, այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը- մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: ուցե եւ չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,- այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո´չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն- այլեւ ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից: Եվ Համո Համբարձումովիչը- ոչի´նչ. չէր անհանգստանում: Չնայած, հասկանո՞ւմ եք, բերդին, չնայած Վարդանի կամուրջին եւ Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին- Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.- օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային- երկիրը Նաիրի...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.25.18 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում: Ո´չ.- այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի´նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ. նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Բայց եւ այնպես, ընթերցո´ղ,- ո՞վ իմանա:

Մի՞թե հասկանում է արեւը« որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության© կարծում եմ« որ սխալված չպիտի լինեմ« եթե ասեմ« որ ոչ: Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը եւ հենց ինքը, Մազութի Համոն- ի՞նչ իմանար: Եվ այն էլ- ճակատագրական այն օրը: Ասում ենք ճակատագրական, որովհետեւ այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը- Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց եւ մի այլ, ավելի քան նշանակալից, գեր-ճակատագրական- դե՞պք ասեմ, չգիտեմ, թե- անսպասելի մի տիեզերացնցում, որի հետեւանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել:

Համո Համբարձումովիչը ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն: Ուղեղում- դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ,- նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր,- երկիրը Նաիրի: Այդպես էլ հասավ իր բնակարանը. եւ անցավ իր առանձնասենյակը. առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը- Սեւաչյա Պրիմադոննան: Սեւաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին: Մոտեցավ. գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ եւ ոչ անձնականը. ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի: Մոտեցավ. ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սեւաչյա Պրիմադոննայի. Սեւաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին:- «նա´ այնտեղ»,- ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին: Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի: Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.- Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից- նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա: Եվ այդ տարօրինակ- երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա հետեւը շնչասպառ կռացած, Սեւաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը եւ սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իրա, Սեւաչյա Պրիմադոննայի, մոր- Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի ...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այո´: Ո՞րն էր- «Նաիրին»...

Նա այնտեղ էր- Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած. սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած, ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին: Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»: Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով.- «տիեզերական հոգի»- տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նաիրյան այդ «տիեզերական հոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր- Ընկերությունը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդը, եւ այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան:- Եվ այդտե´ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում: Այդտեղ էր. շինվում էր այդտեղ:- Լրացել էին օրերն ու ժամանակները. ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր. ուղեղայինը պիտի իրականանար:

Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն՝ Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին- ընտանեկան ամենասովորական... պոզերի: Բայց- «Ո՞վ չունի»«- մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,- հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը: Քնեց. կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը. երազում- գնացքն էր նաիրյան ուժերով բեռնավոր.- երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը եւ, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալ- անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին: «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգըստացած. եւ դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջերապոզերը. փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը- կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից- շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրները,- ներողություն՝ պոզերը: «Աղա՜ա՜, մզի տե՜-ե՜-ե՜ղ, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մը՜-զի՜ - խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» «- խոսեցին բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը: «Ո՞րտեղից եք»,- մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն երեւի, գլխի ընկնելով, որ ինչ-որ առնչություն պետք է լինի դրանց եւ իրա, այսինքն՝ Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Ո՞րտեղից եք»,- հարցրեց Մազութի Համոն:

«Բա՜-սե՜-նա՜, Բա՜-սե՜-նա՜-սե նա՜»,- խոսեցին, հազարբերան ասին, խուժեցին ուղեղը:- «աղթական են, սահմանեն են փախե»,- պարզաբանեց կառապանը Մազութի Համոյին. խռնվեց. խառնվեցին իրար. ուղեղից սահելով ետ՝ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը. ուղեղում, հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն- երկրայինը.- կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները- գաղթականներ... Բասեն:

Ձեռքը քաշում էր կառապանի թեւից: Կառքի մեջ- հասակովը մեկ կանգնած- արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը.- ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր...

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը:

Եվ այստեղից է ահա, որ կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը տխուր ու աղետաբեր. գլորվեցին եւ իրականացան 1914, 15, 16 թվականները- ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից եւ իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր:- Իրականացան այդ տարիները դաժան ու անկարելի, այնտեղ- Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,- այնտեղ- Էրզրումում, Սվազում, Երզնկայում,- այնտեղ- արահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ- գետնահարվեց, վերջին պատրանքով շրջավորված հնամյա երազը, գետնահարվեց- արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին- դիեր, դիեր, դիեր,- առտնին զառանցանք: Ու մնացին- ավերակներ: Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի, որպես հավիտենական պերպետուում մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ. թողնում ենք... դարերին: լորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,- բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը» կամ, ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝«սոխը» գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթը» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո´ղ:- Օ, ոչ. իհարկե ոչ: ռոշի արժեք չուներ այդ հարցը մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.- զինվորական չէր Մազութի Համոն եւ ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, եւ ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես եւ «Ընկերությունը»: Եվ ճի´շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների, սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը: Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում... Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը- Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը... Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի եւ ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, եւ չէր էլ վրդովվում... գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան... Մի բան կար թաքնված այս ամենի ետեւը, եւ Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, եւ «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր «Ընկերությունը»: Եկան, աշխարհի չորս կողմից հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. եւ ի՞նչ.- ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին... Իսկ ա՞յն, որ, լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, եւ այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ- ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին... Ամոթ էր, լկտի դավաճանություն- սոխերի կողմից, իսկ «Ընկերության» եւ նաիրյան բանակի կողմից- հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ: Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն

Էրզրումը... «Սրիկանե´ր, լրբե´ր, դավաճաննե´ր»,- փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին Մազութի Համոն. «Ո´չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը»,- գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,- եւ ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) եւ իր անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով:

Չէր վհատում.- Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա եւ հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները. գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին, կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, եւ նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի պայծառ ու երկրային- երկիրը Նաիրի: Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը եւ, երեւակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց- անսպասելին, կատարվեց- հանկարծ...

Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի - Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլեւ ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում- Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը...

Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը:

Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երեւաց, զինվորականի շորերով եւ չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ- ուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, եւ այն էլ ոչ թե կառքով, այլ- չտեսնված երեւույթ- ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից եւ բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ: Մինչեւ երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն: Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները. հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում. այդ օրն ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ- բաց տարածություն: Բայց այդ տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.-
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.26.29 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
- թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում եւս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան: Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ:- «Չե՞ս ճանաչում»,- հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց-նայեց- ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան- իր անզուգական դուստրը՝ Սեւաչյա Պրիմադոննան. նայում էր աչքերին: Աչքերում- մշուշ էր անգո՝ բաց տարածություն:- «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սեւաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը: Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց: Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը: Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը:

Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում- աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաեւ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, եներալ Ալոշը եւ դպրոցի տեսուչը- Արամ Անտոնիչը: Բայց մենք, այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք- բաց տարածություն. թող լցնի, ում երեւակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի եւ Համո Համբարձումովիչի զրույցին.- էականն այդ չէ, ընթերցո´ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը եւ բժիշկը.- ահա´ հարցը:- Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին- երեւակայո՞ւմ եք- «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքեւի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա- ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից- թողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի- երեւակայո՞ւմ եք- ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց եւ զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած- ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.- բայց այդ մասին հետո:

Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետեւից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որեւէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.- իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները. թերահավատ ու կասկածոտ: Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում եւ ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր- պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջեւը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր եւ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը:- «Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»,- հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին՝ սրճարանը մտնելով.- «Ընչի՞ չենք հասկընա օր»,- կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.- «զորքին պրիկազ է էկե, օր ռեւալյուց էնեն»,- վերջացրեց Սեթոն, ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում անհամբեր՝ հիմա կպայթի:- «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» ,- արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ:- «Զեւզեկ-զեւզեկ չխոսես նե, հայվան, քու ի՞նչ խառնվելու գործդ է»,- բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո´ւս»,- ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով- չոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կռթնեց պատին:- Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ- զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն: Դեմը- վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ- Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ- մի քանի սոխ զինվորներ, նրանց մեջ իրան- պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին եւ սրանց մեջտեղը- օ՜, զարհուրանք,- իրան՝ ոստիկանապետին... լուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքեւում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով- վազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս- ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար: «Ո՞ւր, Հաջի´»,- հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «նա´, գնա´, յավրո´ւս. ինծի հետ գործ չունիս»,- հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը- զորքեր, զորքեր, զորքեր- անթիվ բազմություն.- դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաեւ մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,- ինչպես մտածեց Հաջին.- երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին- սոխ սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, եւ Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.- գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետեւից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում- վայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջեւը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: «Ո՞ւր է աղադ»,- հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.- «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,- պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց:

Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե´ զարմանք, թե´ անսպասելի ուրախություն եւ թե´ խորին ակնածանք,- հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը- Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին եւ ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.- «ը՜ս՜ս՜ս՜»,- մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա´վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»: «Վո՞վ կա»,- չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,- դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էին- երեւակայո՞ւմ եք- Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ,- Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,- քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,- ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի եւ բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի եւ քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: «Է´, էրթա´նք, էրթա´նք մեյմեկ թաս օղի առնենք»,- ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ:

Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.- այն, որ կատարվում էր դուրսը- կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր- իրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն...

Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարեւան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ եւ ո´չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց եւ այնպես- «ընելիքդ ի՞նչ, Հաջի´. ընկեր ես- պիտի քաշես»,- մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարեւան սենյակը: Մտան հարեւան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկեր Վառոդյանը փակվեցին հարեւան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր- հարեւան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարեւան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: իտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարեւան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար- ճակատագրական անցքեր:- Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, եւ այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը հարեւան սենյակում- Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ եւ չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, եւ պիտի իմանար նաեւ այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը- Քաղաքային Խորհրդի նախագահ...

Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով- եւ դժվար թե որեւէ մեկին երբեւիցե հաջողվի վեր հանել այդ քողը եւ նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք:- Անցնենք այդ դեպքերին:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.27.25 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն- այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո´չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլեւ փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ եւ նաիրատառ հայտարարություններ: Եվ, կարեւորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային եւ երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլեւ շատ ավելի պատկառելի մարդկանց.- Կարո Դարայանի եւ պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից եւեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի եւս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաեւ ընկ. Վառոդյանը. երեւակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե եւ Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք՝ մատ ունե՞ր, թե՞ չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն՝ ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից. եւ այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից եւ այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց եւ չէինք էլ հավատում, չնայած որ- այդ ես հաստատ գիտեմ- անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն եւ Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)- ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի- ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք- ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.- իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն.- չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երեւան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետեւանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո´, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ- Բարության եւ որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,- մի ավելորդ ապացույց եւս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,- ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երեւակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետեւ ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) - անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»- անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին:- ետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո´ղ,- եւ մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ:

Ինչպես ասել ենք վերեւում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը եւ բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին եւ, առաջին հերթին,- պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչեւ վերջն էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին եւ չէինք էլ հավատա, եւ այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը եւս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին եւ բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը եւ Սերգե Կասպարիչը- բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին- դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն... զարհուրելի զարզանդ... բոլորը քար կտրած սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման կամ ինչպես Զեւսը- կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,- այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.- եբրայական Եհովայի կամ հունական Զեւսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա՝ Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը:- Բայց- երեւակայո՞ւմ եք- կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրեւ, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)- դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն- եւ ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով սոխ զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաեւ,- օ, խայտառակություն,- պ. Մարուքեն,- այո´, ամբողջ դահլիճը քար կտրած ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «Փա՜ստ, փա՜ստ»,- վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար. կար- մթին կասկածանք, միակ փաստանման բանը- Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,- պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով:- Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը:- «Փա´ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն եւ դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո´ղ. փաստ չկար,- կար- մթին կասկածանք: րում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի´ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.- Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, եւ Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված:

Այո´, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, եւ այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, եւ նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը եւ Դարայանին սպանողները), այլեւ շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր եւ չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն- միայն իրան էր հայտնի եւ մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին- երկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ եւ մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի եւ պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն- տղամարդ (ամենաէական տարբերությունը)- եւ ապա- որ ավելի կարեւոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,- այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,- օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին- ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր- անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին- նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում- էլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ- հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, եւ նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի եւ այլոց, ազատ է արձակել, երեւակայո՞ւմ եք- գավառապետին, ոստիկանապետին եւ «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին- ահա´ թե ինչ: Եվ մի՞թե այդ միեւնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն եւս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է- հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում:- Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, եւ այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը եւ վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը:- Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի եւ ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը եւ քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են եւ վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված եւ փակված էին, բայց- «Ո՞ր բանտում»,- հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում» Լավ, լինի զի´նվորական, ի՞նչ տարբերություն,- կարող էր ասել միամիտ խոսակիցը, եւ եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը- օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը եւ արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին- կարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: իտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել եւ ո՞ւմ հետ ի´նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երեւակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.- եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, եւ մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.28.11 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Բայց սուտը՝ սուտ, իսկ ռուսական առածն ասում է. «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը եւս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,- սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին: Օրինակ, այդ առածից ելնելով, կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը»- հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետեւ վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն՝ օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն եւ կարդում էր սրան-նրան, այսինքն՝ նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ եւ դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից եւ պատմում էր մյուսին- ահա եւ ամբողջը:- Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը: Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո´ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին: Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (եւ այս հանգամանքը մինչեւ վերջն էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն- Մազութի Համոյին,- ընկել օր. Սաթոյի ձեռքը. նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: ուցե՞ օր. Սաթոն հենց ի´նքն էր հնարել այդ միֆական նամակը եւ իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն- լեզվին... Ո՞վ իմանա: Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից- օր. Սաթոյից, եւ թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին:

Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից եւ հասցեագրված էր Համո Համբարձումովիչ Ասատուրովին: Նամակի հեղինակն էր- (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից, ու ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)- վերստին ձերբակալված գավառապետը: Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն: Օր. Սաթոն եւս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը- դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն, թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան»,- ինչպես ասում էր օր. Սաթոն: Բայց անցնենք նամակին: Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, եւ ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը եւ ցանցառ մորուքը: Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից եւ, թերեւս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երեւում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները:- Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի´ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո´, ինչո՞ւ նապաստակներ, եւ ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում եւ մնացին այնտեղ- եւ, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ- ընդմիշտ ու հավիտյան:

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի եւ նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը եւ, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը եւ ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի եւ մանավանդ բժշկի - Սերգե Կասպարիչի մասին, այստե´ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին եւ նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը եւ թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում- շնական շրթունքները: «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,- ասվում էր այդ միֆական նամակում,- որ լիզում էիք իմ պնակները եւ բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս- եւ մի՞թե ձեր անզուգական դուստր Սեւաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք,- ասվում էր ապա այդ միֆական նամակում,- որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեեւին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,- ասվում էր նամակում,- որ Տեղական Կոմիտեի կնիքով եւ «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչեւսկուն, որպեսզի վերջինս իսկույն եւեթ թողնի մեր քաղաքը եւ հեռանա սատանաների գիրկը- ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն՝ Մազութի Համոյի. Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ,- ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,- իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.- ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ- էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,- դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,- դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր եւ մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, եւ ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո´ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,- եւ իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»: Այսպիսի´ ահա չլսված ամբաստանություններ կային իրա- Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո´, ես չեմ էլ կասկածում, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի եւս փչացած, ավելի քան շնական ուղեղի- պ. Մարուքեի ուղեղի- ազդեցությունը:

Ինչեւէ, ընթերցո´ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչեւ վերջն էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր: Հիմա էլ, երբ այստեղ նկարագրված դեպքերից անցել են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին եւ մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն՝ անգոյության գիրկն են անցել- հիմա անգամ, ընթերցո´ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ եւ աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները- այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած եւ խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք: Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից եւ ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, բերդի տակ, եւ տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը եւ այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռ ու մուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը՝ մուգ, իսկ ներքեւը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից: Վարի համեմատաբար բաց գույնի մազութը- հորդած գետն էր, ջուրը, որ, լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ: Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը: Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութի մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սեւություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սեւին էր տալիս մազութանման մշուշում: Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ: Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ ճեղքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երեւաց փոքրիկ-փոքրիկ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ: Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը. շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար. այդ ժամանակ մի վերջին անգամ եւս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը. վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը- եւ ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում: Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին- եւ ամբողջ գիշերը մինչեւ լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը, ու այդ սեւասեւ ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը: Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը եւ- օ՜, զարմանք եւ ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել եւ հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած՝ չորացնում էր իր թրջած կողերը ելնող արեւի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որեւէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից եւ անգամ, - օ՜, մանկական անմեղություն,- վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո´չ մի հետք, իհարկե, չկար, եւ չէր էլ կարող լինել այդ բոլորից: Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պայմանները մտաբերելիս: Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն:- Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող- եւ խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, եւ ներկա դեպքում այդ խորագույն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արեւի լույսը: Եվ իրոք. իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո´ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց: Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից եւ, թերեւս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում:- Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի: Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից եւ վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ. նո´ւյնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը. ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը- եւ նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը եւ այլեւս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլեւս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր: Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,- բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրբին» կարեւորություն տվողը: Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ: Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո´, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի եւ Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Բարձրագույն Ատյանի անդամ- եւ այլն, եւ այլն, եւ այլն,- եւ նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.29.37 | Сообщение # 17
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի եւ ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, եւ ամենանշանավորն ու կարեւորը այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաեւ սոխական բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, եւ Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին. երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի: Հավաքել էր «Ընկերությունը» եւ գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նաիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին. գրավել էր շեներ ու քաղաքներ. բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան- Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն՝ ռեալականի) տեսուչը, իսկ եներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը եւ շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ: Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,- եւ ոչինչ՝ գոհ էր իր վիճակից: Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական երագույն Ատյանի անդամ, այսինքն՝ մենակ ինքը՝ Օսեփ Նարիմանովն էր անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը- այդ երագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն:- Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին: Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր եւ ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք: Նաիրի´ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք: Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում եւ շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը: Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ նաիրադավաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության. ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը. ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին՝ երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը- հանուն ինչի՞ կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում- անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոչ՝ «Ընկերությունն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց- «Ազգային դավաճանություն»: Եվ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը.- մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին եւ չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է- անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում- «վերի գլուխը».- արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու եւ անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա´ թե ո՞վքեր էին դրանք եւ ահա թե ո´վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը: Եվ, երեւակայո՞ւմ եք, ընթերցող- այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն՝ անվարտիք շների ղեկավարն է եղել,- հավատո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը: «Շունը շան մահով կսատկի»,- ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ նա, թերեւս, իրավունք ուներ, որովհետեւ պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը: Ահա թե ո´վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո´ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար եւ անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին: Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.- առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհայտացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. րաստամատյանը, եւ ապա- մեզ քաջ ծանոթ «ծամը կըտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն եւ էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն՝ երկաթուղային բանվորներին ու ծառայողներին եւ ֆրոնտից փախած դեզերտիրներին:- Ահա´, ահա´, ընթերցո´ղ, թե ո´վքեր էին նաիրյան այդ քաղաքի եւ նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները. դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ կամ, տեր Հուսիկ քահանա-Խաչագողի խոսքով ասած, «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով՝ ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես եւ հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)- եւ այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,- այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն՝ երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,- երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,- ա´յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում եւ խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ.- Հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,- ինչպես ասում էր Մազութի Համոն,- որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, եւ նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...- Ո´ւշ, շատ ուշ գլխի ընկան (եւ դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) եւ ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,- բայց թե ի՞նչ կարող էին անել այլեւս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, եւ Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...

Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի եւ սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը- եւ մի սուր, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը. ձեռքս կրկին սկսում է դողալ, եւ գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներեւույթ մի հողմ... Սեւ, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո´ղ, եւ չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում: Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո´ղ, որովհետեւ դժվար թե մեր հնամյա արեւի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, եւ այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից: Մենք չենք հավատում, որ դա կհաջողի մեզ, ընթերցո´ղ, եւ բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,- բայց ահա իմ՝ հեղինակիս, ուղեղի խորհըրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգեւոր հայացքիս առջեւ սեւ, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, եւ ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.32.35 | Сообщение # 18
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Այս անգամ եւս պատմությունն սկսվեց նրանից- այսինքն՝ էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, եւ ոչ միայն շուրջը դառնում, այլեւ, ինչպես գիտենք, հառնել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էր- համարյա փաստ... Այո´, այս անգամ եւս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն՝ կազմակերպելու համար: Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը եւ գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման՝ քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին: Այսպիսի´ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, եւ այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում- ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ. քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները եւ տներից դուրս էին բերում- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, եւ ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքեւը- օ՜, զարմանալի զարմանք,- դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, եւ կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ- այդ նաիրատառ հրամանների ներքեւը գրված էր- երեւակայո՞ւմ եք- ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ- երեք տառ միայն, երկու Հ. եւ մի Դ. (Հ.Հ.Դ.)... Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզ եւ Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անունները... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառերից- ահա´ թե ինչ: Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն- հրամանը- սկսվում էր «Նաիրցինե´ր» դիմումով. կարճ ու ազդու: Այո´, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքեւի ստորագրությունը,- բայց հասկացողի համար մի ամբողջ, այո´, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, եւ այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլեւ ամենքը, բառացի ամենքը,- առանց բացառության: Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլեւ մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ- ամենքը. սա´ էր ահա զարմանալին: Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե´ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն ինքը, թե´ ընկ. Վառոդյանը, թե´ Սերգե Կասպարիչը- բժիշկը, թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե´ մանրավաճառ Կոլոպոտյանը, թե´ Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը եւ անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները. այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը:- «Նաիրցիներ,- ասված էր այդ հրամանում,- Hannibal ad portas!...» Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, եւ թերեւս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում- մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն: «Թշնամին մոտենում է մեր դարբասներին,- ասվում էր ապա այդ հրամանում,- ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: «Նաիրցինե´ր,- կրկնված էր ապա տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում.- Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված եւ այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը եւ կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»...- «Նաիրցինե´ր,- երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.- Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք եւ ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,- ծծկեր երեխայից, մինչեւ իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա եւ իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին եւ իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը- մեր դրախտանման Նաիրին» Եվ «Նաիրցինե´ր,, - չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին,- Հասել է վճռական րոպեն եւ Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նաիրյան ժողովրդին. - Դեպի կռի՜վ... Ի զեն, վերջի՜ն անգամ ի զեն, տառապյալ նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը: Հ.Հ.Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին: Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նաիրցինե՜ր,- դեպի ռազմաճակա՜տ...»: Այսպես էր վերջանում հրամանը, եւ ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը- Հ. Հ. Դ. Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն: Այսպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռացավ», ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը: Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել երկիր Նաիրիի եւ այդ քաղաքի վախճանի սկիզբը. եւ դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ եւ ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը. իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը: Պարզաբանենք մեր միտքն օրինակով: Օրինակ՝ «Ո՞րն է ֆայտոնի նպատակը»,- հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, եւ քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը՝ Մեռելի Ենոքը. «Ֆայտոնի նպատակը օսն է,,- պատասխանում է իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու պարզաբանում է հետո.- էն որ չեղնի- ֆայտոնը չի էրթա» Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին.- այդպես էլ տվյալ դեպքում: Երեւակայեցեք, ընթերցող, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինոլոգիայով ասած՝ մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն՝ նրա «օսը» է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի»- այսինքն՝ Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի: Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել: Պատասխանը մեկն է.- ոչինչ ու ոչինչ:- Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր: Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլեւ հոգին: Դե, երեւակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու. ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին:- Սրա էլ պատասխանը մեկն է.- կքայքայվի, կտարրալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ. ոչինչ. կմնա- մահ, մոռացության մշուշ- բաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա եւ ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը եւ գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու...

Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից. հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից- արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը եւ ոչ մի հոգի չէր կարող այլեւս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգեւել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից- ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլեւ շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել- հավիտյան ու անդարձ. փչել- ընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա` Մազութի Համոյի հանճա´րեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.- երկրորդ, բայց առաջինից ավելի կարեւորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ եւ ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.- առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, եւ, ինչպես ասեցինք, ամենակարեւորագույն սխալը- Մազութի Համոյի քաղաքից հեռանալը: Այո´, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, եւ անսպասելի, եղերական ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.33.17 | Сообщение # 19
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիքական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն՝ հրամանը: Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին- ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները եւ հանում տներից- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից: Սխալվեցինք, սկզբներում դեռեւս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց- միմիայն կանանց եւ երեխաներին. եւ ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները: Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աբոմարշը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան եւ ուրիշ շատ շատերը.- բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար. պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները- կանացի շորերով. ահա´ եւ ամբողջը: Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետեւ Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո եւ նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետեւում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետեւում...»- Բայց ո՞նց հետեւեին, երբ քաղաքի պատերից, օր օրի հետեւից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել եւ չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նաիրյան քթներով չդիպչեն որեւէ զարհուրելագույն հրամանի: Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետեւել պ. Աբոմարշի եւ ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,- «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է,- ասվում էր ապա այդ հրամանում,- եւ բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն» Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետեւեք պ. Աբոմարշի եւ ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է որ, չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,- չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի հետեւից նոսրանում էր ու նոսրանում, եւ նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն՝ կենտրոնական թաղերը: Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար Հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ գեներալ Ալոշը, թե´ տեր Հուսիկ քահանա-Խաչագողը,- բոլո´րը, բոլո´րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները: Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկալայը եւ շատ ու շատ նման, թեկուզ եւ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ: Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռեւս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները: Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն՝ բերդի եւ Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին, դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, եւ, ընկ. Վառոդյանի հրամաններին հետեւելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը եւ ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին: Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը- չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթաթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ- խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն: Այո´, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումը հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով. քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին փախել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով եւ տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները: Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին- ահա´ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը: Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին, բայց չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամանների, այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն: Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ: Երեւակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում եւ կատարում իրենց բոլոր բնական առաքումները: Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը. ռազմաճակատից փախչում էին ռազմիկները եւ պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերին եւ նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում: Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով, շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում: Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում եւ Քաղաքային Խորհըրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն. բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում- չայ, սապոն, նավթ, լուցկի եւ էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, եւ Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները: Ինչպես եւ կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները- դուրս եկավ, այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից- խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները: Պատասխան՝ չկային- եւ ուրիշ ոչինչ: Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլեւ իրենք- ապրանքների տերերը. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: ուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը. բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին: Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը եւ ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթեւակի հիշատակեցինք,- դեզերտիրությունը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից եւ նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,- բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, եւ հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն: Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական երագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը եւ Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մուրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, եւ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել. հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց. եւ այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն՝ ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի´ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից: Այո, նա´ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետեւ այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր վերջիվերջո այդ արմատի գտնելը, որովհետեւ նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյան մի քիթ, եւ վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն՝ արմատը: Բայց- մի բան տեսնելը, տարբեր բան- տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը եւ առաջարկեց այն հիմքից պոկել եւ դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի: «Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը,- այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգում Մազութի Համոն.- Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը եւ դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն եւ նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը,- գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում:- Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»,- հրահանգել էր վերջում Մազութի Համոն եւ հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել» Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր- «էշ կտրած».- այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նո´ւ, ինչպես օրվա լույսը: Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն, եւ ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել: Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն եւ դրանց վրա խփեցին երրորդը:- «Էդ ի՞նչ կշինեք, եղբա´յր»,- հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետեւում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին:- «Քյանդրբազի չվան կշինենք, որ դեզերտիրները վրան քյանդըրբազ խաղան»,- պատասխանեց փափախավորը եւ երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով, երեւի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները եւ ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի գլխիվայր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, եւ արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրա- օ, ճակատագրի եղերական հեգնանք,- հարկադրված եղան քյանդրբազություն անել- երեւակայո՞ւմ եք- ինքն՝ ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն... Ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո´ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.35.08 | Сообщение # 20
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
«Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք: Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը եւ եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա: Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները փախել էին ոսոխից եւ լցրել քաղաքը. էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել: Թե ի´նչ էր ներկայացնում քաղաքն արդեն- դժվար է նկարագրել: Երեւակայեցեք, ընթերցո´ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից եւ ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը. վերցնում եք ձեր շապիկը- թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թեւը մի կողմ է գնում, օձիքը՝ մի կողմ, մնացածը- ուրիշ մի կողմ. վերցնում եք ձեր վարտիքը- նույնը. դե հիմա սրան ավելացրեք եւ այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.- ի´նչ պիտի անեք. դո՞ւրս վազեք. բայց դուրսը կանգնած են երկու կանայք եւ երեխաներ. տկլոր հո չե՞ք երեւա կանանց եւ երեխաների աչքին.- նե՞րսը մնաք.- բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, եւ մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի´ ահա անելանելի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս. քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը- հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը եւ մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ կարմիր բոցերը: Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին. փախչե՞լ, մնա՞լ.- բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին եւ իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց. ոչ միայն մնաց, այլեւ իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը. մի վերջին ճիգ եւս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը. բայց դրությունը չփրկվեց.- ուշ էր, բավականին ուշ էր արդեն, եւ դրությունը չէր կարող փրկել այլեւս ոչ մի, թեկուզ եւ գերմարդկային, ճիգ...

Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը, եւ ոչ մի, թեկուզ եւ հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլեւս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլեւ զարմանալի թափով իրարից ######ս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնա######ս ուժերը, որ այլեւս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլեւ չեզոքացնել: Երեւակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,- եւ ի՞նչ. առաջին հերթին դեպի բերդը վազեց Մազութի Համոն եւ նրա աչքերի առաջ պատկերացավ... Օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին բերդում- թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած եւ դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...- Զարթնեցին տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները. ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում- բերդը, նաիրյան այս բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր- պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին:- Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա- նաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա- հնամյա Նաիրին... Ահա´ թե ինչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս... Օրը եկավ: Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին սոխական բանակները նաիրյան աշխարհից. դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի... Եվ ի՞նչ. Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի Թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»,- հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայատիպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը եւ նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, եւ Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո´չ»,- ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի´ լինի» Ցնցվեց. վայրկենական քնից կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը եւ սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ եւ մի քանի նաիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են»,- ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.- «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի եւ ուժի նման, չկային. պարզվեց, որ բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից եւ չի վերադարձել:- «Իսկ ո՞ւր է բերդի գարնիզոնը»,- ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեւիզիան Մազութի Համոն. ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. եւ Մազութի Համոն տեսավ.- այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով: «Ներողություն...,- ասաց Մազութի Համոն- դրանք... թոփ քցել... գիտե՞ն...» «Այո´, ճիշտ այդպես է»,- զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, եւ Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով: Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած էր. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքեկողք ընկավ... երկիրը Նաիրի: Բայց- «Ո´չ,- բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.- Չի´ լինի»: Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները. հետո կառք նստեց եւ վերադարձավ քաղաք:

Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն. ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն եւ գրավել միանգամայն կայուն դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն եւ քշեն թշնամուն- մինչեւ Հայտնի Քաղաքը: Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը եւ նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին. կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, ոնց որ ջնջոցով սրբեցին. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ: Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի. հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին. քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, եւ մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված: Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում- անհնարին է նկարագրել: Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել: Մարդիկ կոխոտում էին իրար եւ իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք եւս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, եւ նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը: Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, եւ այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք եւ առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե´ արտակարգ փափախավորներին եւ թե´ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո´, աներեւակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներեւակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում: Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան: Տեղական իշխանությունը գուցե եւ դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե´ս ասում են՝ խելքը գլխին լիներ: Բայց նրա խելքը գլխին չէր, եւ ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը: Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երեւակայո՞ւմ եք՝ իրա՝ Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ եւ Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով: «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)- եւ Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն եւ հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի, հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո´ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն՝ ընկերության շենքը, հետո- միլիցիատունը: Եվ, ասում եմ, դրանից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում եւ լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն՝ հրով ու ծխով: Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) երագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթեւեկությունը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել եւ ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու: Այս կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով եւս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհըրդի համարյա բոլոր անդամները. ոչ եներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին եւ ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,- այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն,- այո´, ի՞նչ պիտի աներ:- Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը եւ գնալ տուն՝ հանգստանալու. եւ Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը եւ որոշեց տուն գնալ՝ հանգստանալու: Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից, եւ հոգնությունից ուղեղում նվում էր... Նաիրին: Հարկավոր էր քնել, հանգստանալ,- եւ արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային եւ Սեւաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից:- Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի´ր բերդը»,- հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ. քնեց...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՉԱՐԵՆՑ,ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz