Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2021-04-19, 22.36.42
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ #7
ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ #7
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.16.50 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ՂՕՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ

Ա՜խ եթէ դա էր...
Գթառատ տէրը
Թո՛ղ որ ազատի իր ազատելուց...

Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝
Մոսացան նրա ճարտա՜ր մատները...
Ինքը Բանկալթու իր տան մէջ, այստե՛ղ,
Եւ Չանկըրըի բանտի պատերը
Արդէն նրանից շատ-շատ են հեռու,
Բայց ուղեղի մէջ...բայց ուղեղի մէջ,
Կարծես թէ կպած նրա թաղանթից՝
Մթան մի քուլայ եռո՜ւմ է եռո՜ւմ,
Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,
Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի, –
Պտոյտ էր տալիս ծանր ու բոլորշի,
Պտոյտ էր տալիս
Ու պոկ չէր գալիս...

Երբ անցնում էր նա Բանկալթու մայթով
Մի ձայն էր հնչում
Յաճախ ականջում.
Թւում էր՝ ձայնեց իր Սիամանթօն,
Թւում էր՝ իրեն Դանիէլն է կանչում...

Իրիկնանալիս իր տան սրահում
Թւում էր՝ տեսաւ զէնք ու զրահում
Այն վարազադէմ տաճիկ ասկեարին,
Որ ձեռքը տարաւ շիկացող քարին,
Ո՜ւ ճչում էր նա,
Ճչում սոսկալի
Եւ իսկոյն վառում մոմեր ու կանթեղ,
Վառում էր, նստում, ու մէկ էլ յանկարծ
Աչքերն էր շրջում այստեղից-այնտեղ.
Արի՜ւն էր թւում բոցը կանթեղի...
Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ...

Վեր-վեր էր թռչում յաճախ անտեղի,
Աւելի յաճախ... լինում էր այնտեղ,
Լինում էր... այնտեղ՝ իր Հայաստանում՝
Կարինում, Մուշում, Վանայ ոստանում...

Ինքը Պոլսո՛յ մէջ,
Իսկ մի՜տքը այնտղ՛...

... Ասում են՝
Այնտեղ՝
Հայաստան կոչւած անհայ աշխարհում
Կուժկոտրուկները, որոնց մոմագոյն ծաղկաթերթերից
Փռւում էր չորս կողմ գինու թանձր բոյր,
Հիմա
(Եւ ընդմի՛շտ)
Կարմիր են հագել
Ու գինու բոյրը փոխարկել արդէն մի ծանր հոտի,
Որ գրգռում է քոչւոր քրդերի նախրի պնչերը:

Իսկ գեղեցկապաշտ բաղեղը կանաչ,
Որ չի ախորժում տգեղութիւններ,
Լուռ մագլցում է քարափներն ի վեր,
Որ իր սեփական կանաչ թևերով
Արեամբ ողողւած ժայռերը ծածկի,
Շղարշի քերծեր,
Որոնց դուրս պրծած ցցերից քարէ՝,
Ինչպէս ժանիքից,
Թէպէտ չուզելով, բայց ծածանւում է պատմաբան քամուց
Հայ հարս ու կանանց երբեմնի գունեղ տարազից մի մաս՝
Արևի՞ց արդեօք,
Թէ՞ իրենց կրած անլուր սարսափից
Այժմ գունաթափ, այժմ ճերմակած, –
Թէպէտ չուզելով, բայց ծածանւում է պատմաբան քամուց,
Իբրև պատւաւոր ինքնասպանութեան սպիտակ դրօշ...

Իսկ այն ծերպերը,
Որտեղ մագլցել չի կարողանում բաղեղը նոյնպէս,
Ու տեղ չի գտնում քարաքոսն անգամ,
Կարմի՜ր ծերպերը՝
Մէկ՝ երկար, մէկ՝ կարճ սիւներով ճերմա՛կ,
Նման վիթխարի քարէ բացօթեայ մի երգեհոնի
Հայոց լեռների ամֆիթատրոնում, –
Իսկ այդ ծերպերը տնքում են խեղճ-խեղճ
Լսողութիւնից բոլորովի՜ն զուրկ,
Երգ ու նւագից բա՜ն չհասկացող
Բարբարոս քամու պաղ մատների տակ,
Երգեհոնի պէս նոյն տակտն են տնքում,
– Այս ի՞նչ պատահեց...
Այս ի՞նչ պատահեց...

Իսկ յիմար կկուն,
Որ իր թռչնային անթռիչք խելքով
Զգում է թէպէտ բայց չի հասկանում, թէ ի՛նչ պատահեց,
Միամի՜տ կկուն
Ամէն գարնան հետ ընդմիջումներով եթէր կճամփի
Իր հայրենականչ ազդանշանը հեռագրային.
Կո՛ւ-կո՛ւ-կո՛ւ (լսէ՜ք),
Կո՜ւ-կո՜ւ (ի՞նչ եղաք)...
Ա՜խ, իզո՜ւր կկուն կազդանշանի.
Ովքեր մեռել են՝ չեն լսի նրան.
Ովքեր կցրւեն աշխարհի վրայ
Մի բուռ գարու պէս՝ հաւերի առաջ.
Մի կուց արեան պէս՝ պղտոր ջրերում,
Թէկուզ և որսան աղդանշանը՝ սրտերով իրենց,
Բայց չէ՞ որ, աւա՜, չէ՞ որ կարող են լոկ պատասխանել
Կարօտից մարող սրտի բաբախմամբ,
Կսկիծից թացւող թարթումով կոպի,
Զաւրոյթից ուռչող երակի զարկով,
Սակայն ո՛չ երբէք
Ուրախ ու զւարթ վերադարձողի քայլով կենսաթինդ.
– Դո՜փ-դո՜փ (գալի՜ս ենք)
Դըփ-դըփ-դըփ (եկանք)...

-Դէմ ե՜յ Վարդաօետ
Մի խելագարւիր...

...Այնտեղ՝
Երկնաչու Սասնայ լեռներում,
Ժայռեր ու ծերպեր մագլցելու մէջ
Ընկուզենիներն անգամ մրցում են իշայծեամի հետ՝
Նրանց ճիւղաւոր եղջիւրների պէս
Բուսնելով ժայռի մազոտ ճակատին...
Եւ այնտեղ
Սասնայ սարում ու ձորում՝
Ծառի տերևին,
Փշերի վրայ,
Մանանայի պէս գազպէն էր ծորում,
Որ շինականը գար ու հաւաքէր,
Սակայն...երկնային մանանան փոխւեց
Երկրային ահեղ մի պատուհասով...
Եւ հիմա այնտեղ՝
Հին ծովասարի քարերի վրայ
Գառնարած Դաւթի երկաթ տրեխի թողած հետքերում,
Ինչպէս խաղալիք – փոքրիկ գուռի մէջ,
Անձրևաջուրն է քմծիծաղ տալիս
Պաղ կիսալուսնի ներում ակնարկող բառերի վրայ...
Սասնայ վիպական Մարութայ վանքում
Ուխտաւորի տեղ բուերն են տնքում՝
Այս փուչ աշխարհի բանը խորհելով...
Ընկոյզի վրայ ընկոյզն է փտում,
– Հաւաքո՜ղ չկայ...
Ոչխարներ վայրի ու վայրենացած
Բարձրիկ սարերից անվախ իջնում ցած,
Հասնում են մինչև Մշոյ բաց հովիտ.
– Կրակո՜ղ չկայ,
Նոյնիսկ գո՜ղ չկայ...
Խմորի տաշտում ցնկնում է կատուն,
– Նկատո՜ղ չկայ...
Եւ տանու կովեր,
Թէպէտ մոռացած գոմեր ու մսուր,
Ըստ սովորութեան
Տանջւում են սաստիկ
Իրենց սափորւած լեփլեցուն կրծից.
– Որ կթո՜ղ չկայ, –
Եւ խուլ բառաչով քարերի չեչոտ ափին են քսում,
– Որ խտո՜ւտ չգայ...
Արջերն են լիզում Սասնայ մանանան
Եւ փորկապ ընկած՝
Թաւալ են տալիս հին տաճարների սուրբ խորաններում՝
Իրենց ոռնոցոմ Ձէնով Օհանի տնազն անելով,
Էլ չե՜ն վախենում Սասնայ ծռերի ուրւականներից...

-Դէ ե՜կ, Վարդապետ,
Եկ ու մի՛ ծռւիր...

Լուսաստղն այնպէս պայծառ է շողում Նեմրութի վրայ,
Ասեղ աստըղ չէ,
Սյլ մի պղնձէ նոր կլայեկած թառ է հովւական,
Իսկ Կաթըն-Ծիրը
Օտարերկրացուն պարզապէս ճերմակ մի ամպ է թւում...
Եւ հայի որդին,
Հրաշքո՛վ փրկւած հայի խեղճ որդին
Օտար ճամբորդի իր անձնագրով
Եթէ երբևէ ոտքով համբուրի փէշը Սիփանայ,
Թերևս պիտի Վահագնի ճամբան
Նո՛յնպէս շփոթի ճերմակ ամպի հետ...

- Դէ ե՜կ Վարդապետ,
Ու մի ցնորւիր...

-Իջել է այնտեղ մի ծոյլ լռութիւն սարդոստայնային,
Որ յօրանջում է՝ ականջ դնելսվ,
Թէ ե՞րբ կշտացած գայլերը գոնէ պիտե զկրտան,
Ինչքան չլինի՝ ձայն է կենդանի,
Եւ որովհետև գայլը սակաւ է յագեցած լինում,
Էլ ի՞նչ է մնում,
Թէ ոչ մրափել
Քուն բերող «շարքու» նւագի ներքոյ
Երբ բախտը բերի՝
Տարւայ մէջ մի օր
Այս բնակազուրկ վիլայէթը գան
Զաբիթ-ոստիկան...
Տարին մէկ անգամ մրափ յարուցող նւոցը «շարքու».
Ո՛չ Ծիրանի ծառ,
Ո՛չ Մոկաց Միրզա,
Եւ ո՛չ Փեսին գովք.
Չպիտի ծորայ Հորովել-ն այստեղ,
Ո՛չ Լուսնակն անուշ,
Ո՛չ էլ Կալի երգ.
Հայաստան կոչւած անյայտ աշխարհում
Չպիտի՜ հնչի հայ պարեղանակ,
Հայ երգ
Ու Խաղիկ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.18.24 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
- Դե ե՜կ Վարդապե՛տ,
Եկ ու մի՛ ցնդիր...

- Եւ գէշ գոմշի պէս
Գիշերը պիտի ծանրօրէն պառկի՝
Իր եղջիւրներին երկինքը պահած,
Ու լուռ որոճայ մի կերպ կուլ տւած նախճիր ու ոճիր,
Որ հեշտ չի մարսում անասունն անգամ...
Մութի թանաքը
Պիտի ողջ գիշեր եղեռնի մասին եղերերգ գրի,
Բայց առաւօտեան թանձր թանաքը կը ջնջւի այնպէս ,
Ինչպէս...արիւնը և Հարցը Հայոց...

Իսկ առաւօ՜տը...
Նա ամէն անգամ
Երեխայի պէս աչքը կբացի միամտօրէն,
Եւ ամէն անգամ այնպէս կթւայ,
Թէ ոչի՜նչ-ոչի՜նչ կեանքում չի փոխւել.
Ուր որ է մայրը բակից ձայն կտայ իր քնկոտ որդուն՝
Ցմփոր խնոցու շրմփ-շրմփոցը մի պահ կտրելով...
Եի գիւղի վրայ նորից կալիքւի նախրի բաառաչը,
Այգիների մէջ հովի հառաչը ծաղիկ կթափի
Ջուրը՝
Մարգերի փխրուն թմբերը մկան պէս ծակած՝
Լորտուի նման առաջ կսողայ...
Մօտիկ արտերից,
Առը շուռ տալիս,
Խոփը կփայլի հայելու նման,
Եւ շողքը կընկնի դրացու հարսի շարմաղ երեսին՝
Նրան մի վայրկեան ահաբեկելով,
- Ամա՜ն, այ ամա՜ն, –
Այդ ո՞ր ջահելն է սիրտ անում նրա դէմքին շողք գցել,
Իսկ թէ իր մարդը իմանա՜յ յանկարծ
– Ամա՜ն, այ ամա՜ն, –
Իսկ թէ իր մարդը իմանա՜յ յանկարծ՝
Արիւ՜ն կթափւի...
Իսկ առաւօտը,
Երբ ամէն անգամ աչքերը բացի,
Մի պահ խաբւելով երեխայի պէս՝
Քիչ յետոյ արդէն նա իրեն կզգայ հայի որբ մանուկ.
Կուզենայ կանչել,
Բայց ձա՛յն չի ելնի,
Կուզենայ լացել՝
Արցունքներ չկան,
Կուզենայ գոնէ – վերջապէս – մեռնել,
Բայց...մա՜հ էլ չկայ,
Չէ՞ որ սերում է փոքր Մհերի անիծւած սերմից...

– Դէ ե՜կ Վարդապե՛տ,
Ու մի խենթանայ...

Մշոյ լայն դաշտում,
Ծայրից մինչև ծայր,
Անվերջ կը սուրայ կարօտեալ քամին
Եւ մէն մի հատիկ երդիկ չի գտնի,
Որ դուրս պոռթկացող ծուխը խլելով՝
Վայրի կատւի պէս քինոտ գզգզի կծիկը նրա...

– Դէ ե՜կ Վարդապե՛տ,
Եկ ու մի գժւիր...

Բիւրակն էր կոչւում,
Օսմանցին եկաւ
Եւ թարգմանելով, Բինգեօլ անւանեց.
Տաս հազար աղբիւր,
Տաս հազար լճակ,
Եւ հիմա... հիմա
Այդ տաս հազարն էլ մարդ են երազում,
Որ գայ և թեքւի իրենց ակունքին,
Իրենց ափունքին,
Իրենց հայելում իրեն տեսնելով՝
Ծարաւը կոտրի՝
«Օխա՜յ» ասելով, –
Թէ չէ ի՞նչ աղբիւր,
Թէ չէ ի՞նչ լճակ,
Թէ չէ աղբիւր ես՝ լճակ կդառնաս,
Թէ չէ լճակ ես՝ կդառնաս ճահիճ,
Կդառնաս տանը պառաւած օրիորդ,
Մինչդեռ հարսնութեան առողջ բնազդը խտուտ է տալիս,
Մինչդեռ մայրական սուրբ հիւանդութեան
Նոյնիսկ ծաղիկը ծեծելուց յետոյ
Քորը չի՜ անցնում...

Եփրատ էր կոչւում
Եւ...Մուրազ ասւեց,
Ջհանդամի գեօ՜ռը, թող կոչւէր Մուրազ,
Միայն թէ գետը գետութիւն անէր՝
Գերաններ տանէր,
Եւ ոչ թէ դիակ,
Առվոյտի խրձեր, կոճղեր ափ հանէր,
Եւ ոչ թէ գանգեր, ուսեր ու թիակ...
Միայն թէ գետը գետութիւն անէր.
Գեղջուկը բանէր,
Տնկէր ու ցանէր,
Գետն էլ իր ջրով մէկը տասն անէր,
Խոր քարափների ամայութեան մէջ
Նրա ջրերով աղորիք բանէր...
Բայց հիմա... հիմա
Էլ ի՜նչ վար ու ցանք,
Էս ի՜նչ բան ու ջանք
Եւ էլ ի՜նչ ջրտուք,
Էլ ի՜նչ ջրաղաց,
Ինչպէս մտքի մէջ հասուն աղջիկն է տեսնում մատանի,
Գետն էլ կամուրջ է միայն երազում:
Ու... խեղճ Եփրատը կամուրջ է տեսնում... լոկ երազի մէջ...

- Դէ ե՜կ, Վարդապե՛տ,
Մի՛ խելագարւիր...

- Քանի՜ ժողովուրդ Վանայ լիճ ունի, –
Օտար գրքերում և օտար լեզւով
Օտար մարդիկ են այս հարցը տալիս,
Եւ ոչ թէ Վանից զրկւած Վանեցին,
Որ հար՛ց չի տալիս, այլ հաստա՛տ ասում,
– Էս կեանքում մեր Վան,
Էն կեանքում դրախտ...

Ա՜խ, Բիայնայի ու Բզնունիքի,
Տուշպայ և Վանայ սրտաձև՜ ծովակ:
Վարագայ սուրբ սար,
Սիփան ու Նեմրութ
Իրենց ստւերը – ուռկանի նման – նետում են այնտեղ,
Եւ տառեխի տեղ
Որսում են գոյներ, որ անո՛ւն չունեն,
Որ անո՜ւն չունեն...

Իսկ այգեստանի բոյրերից արբշիռ
Եւ Արտամետի հոտերից գինով՝
Խոր քուն է մտնում քամին Ոստանում,
Այն խնձորենու հոծ սաղարթի մէջ,
Որի պտուղը թափահարելիս
Լսում ես նորից
Ձոյլ կորիզների իրար զարնումը՝
Դեղին սաթերի հատիկների պէս:
Փրկւած Վանեցին այսուհետ միայն իր երազի մէջ
Կարող է լսել այդ ձայնը ծանօթ և օտարոտի...

- Եթէ խելք ունես՝
Եկ մի թռցըրու...

Նոյն Այգեստանում
Ու նոյն Ոստանում
Եթէ զարթնում է գինովցած քամին,
Ապա զարթնում է ծոցւոր ծառերից կաթող մրգերի
Թմփոցից միայն,
Եւ գինովցածի մոլոր քայլւածքով լճակ է նետւում,
Որ նրա ջրով քիչ զգաստանայ:
Ու տաքուկ քամու մօտիկութիւնից
Լիճը – կնոջ պէս – սրսփում է լուռ
Եւ, ամաչելով սուրբ Աղթամարից,
Մեղայ է գալիս՝
Իր ալիքները ձեռքի պէս մեկնած...

Ա՜խ, ալիքնե՜րն այդ,
Այդ ալիքնե՜րը...
Ձիգ ամիսներով ջուր ու օճառի երես չտեսած
Տաւարածն անգամ
Թէ մերկանալով մտնի Վանայ ծով,
Իրեն լաւ թրջի ու դուրս գայ ջրից՝
Կեղտի ո՜չ մի հետք.
Եւ մաշկը մէկէն թաւիշ է դառնում՝
Անցուլ երինջի կռնակի նման...
Վանեցին ուրեմն օճառ չէր առնում
Եւ հարստացաւ ա՞յդ դրամներով,
Թէ՞ Շամիրամի դարաւոր առուն
Այգիների մէջ,
Արտերի վրայ,
Հանդում ու ձորում
Ոսկի էր փռում...

Ա՜խ, Վանայ ծովակ...
Երբ մութն էր թառում Սիփանայ գլխին,
Նեմրութի լանջին
Եւ ուղղահայաց քարափին Վանայ, –
Ջնջելով անջինջ սեպագրերը, –
Ծովակի վրայ երբ մութն էր թառում՝
Երկինքը համակ հեզ շուռ էր գալիս ջրերում ծովի,
Եւ ալիքների աշխոյժ խայտանքը չէր թւում ծփանք.
Կարծես թէ ջուրը
Իր կաթսան ընկած շէկլիկ աստղերի հրից էր եռում:
Բայց աստղե՞րն էին բոցկլտում այնտեղ,
Թէ՞ ազատւելու յուսահատ ճիգով
Լող էին տալիս հազա՜ր ու հազա՜ր Վանայ կատուներ՝
Վառւող աչքերով,
Թէ՞ ցոլում էին հազա՜ր ու հազա՜ր քարեր թանկագին՝
Շարժելով Վանայ ակնագործների նախանձը անկուշտ...
Իսկ ամէնից վերջ՝
Երկնի ջատագով Մեծ Արջը իր մեծ փլավքամիչով
Ցած էր կռանում,
Անծայր ճողփիւնով թաքուն ներսուզւում Վանայ լճի մէջ,
Որ...բազմացընի նրա լազուրով
Գոռոզ երկնքի գոյները խամրած,
Սակայն... քամիչի ծակոտիքներից
Լազուրը նորից թափւում էր ներքև,
Եւ Վանայ լճի համեմատութեամբ
Երկինքը դարձեալ խամրած էր մնում
Ու մի՜շտ կը մնայ...

Ա՜խ, Վանայ ծովակ,
Բայց ախր քե՜զ ինչ երկնքի խամրելն ու չխամրելը,
Եթէ քո շուրջը և քո քաղաքում
Ծնրադրել է խաւարը խոժոռ՝
Աղօթարարի ջերմեռանդութեամբ,
Որ չյամենա՛յ, այլ յարատևի՛
Իր շողահալած իշխանութիւնը,
Իսկ քո հեռաւոր-մօտաւոր քոյրը՝
Լիճը Սևանա՜յ...

Վարդապետ իմ խե՜ղճ,
Բայց և բախտաւո՛ր,
Բայց և բախտաւոր, որ չգիտէիր,
Թէ իր սեփական արիւնի գնով
Սևանայ լիճը լոյսեր պիտի տայ
Ծերպերի՛ն անգամ՝
Յարուցանելով քարայծեամների
Դժգոհութիւնը և փռշտոցը.
Բայց և ո՛չ մի կերպ չկարողանայ
Լոյս տալ մթնախեղդ քաղաքին Վանայ,
Վանայ ծովակի խաւար ափերին, –
Նրա հեռաւոր – մօտաւոր քոյրը՝
Իր թանկ արիւնը լոյսի վերածած
Լիճը Սևանայ...

- Դէ ե՜կ, Վարդապե՛տ, խեղճ ու բախտաւոր,
Եթէ կարող ես՝ եկ մի խևանայ...

- Համայն աշխարհում
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, –
Ո՛վ էլ որ չասի՝
Աստւածաշունչը իր մագաղաթէ դէմքը դէմ կանի
Ու կ'ասի՝ կարդա՛,
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,
Իսկ Արարա՜տը...
Է՜հ անունը կայ-ամանում չկայ...

Վարդապետ իմ խե՜ղճ,
Բայց և բախտաւո՜ր,
Բայց և բախտաւո՜ր, որ չգիտէիր,
Թէ հայ կորովի երիտասարդներ՝
Լեռնագնացներ բարձունքներ սիրող,
Մասիսի դիմաց կնստեն գնացք,
Որ գնան Կազբեկ,
Էլբրուս գնան,
Լեռներ մագլցեն
Նոյնիսկ հեռաւոր սահմանի վրայ հնդկառուսական,
Մինչդեռ Մասիսի լանջը կուսական
Մատնե՜ր է տենչում՝
Հայի տա՛ք մատներ,
Որ հպւե՛ն իրեն,
Իրեն գուրգուրե՛ն,
Իրեն ունենա՛ն...

Ու դեռ կան հայեր,
Որ հաւատում են գոյութեանն Աստծոյ,
Թող գիտութիւնը նոյնիսկ պապանձւի՛,
Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝
Աստւածաշնչի սրբազան լեռը՝
Բախտո՜վ իր դժխեմ...

- Դէ՜, մի թռցրու խելքդ Վարդապե՜տ...

Վարդապետ թշւա՜ռ, բայց և բախտաւո՛ր.
Քո մտքով անցա՞ւ, որ Մասիսն, այո՛,
Մեր նոր ու վերջին ոստանի առաջ,
Մեր հայրենաքաղց աչքերի հանդէպ,
Կարծես թէ դիտմամբ ու միտումնօրէն
Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜,
Մեր փակւած վէրքը նորից-նոր բանայ,
Մագնիսի նման անվերջ ձգելով՝
Գէթ մօտիկանալ թոյլ չտայ բնաւ...

Ի՞նչ կայ աւելի ծանր ու խղճալի,
Քան թէ կսկիծը որդեկորոյս մօր:
Իսկ եթէ դա էլ քիչ են համարո՞ւմ
Եւ սպանւածի դիակը դիտմա՛մբ,
Տնկում են թշւառ մօր աչքի առջև՝
Ո՛չ թէ մի շաբաթ,
Այլ ձի՜գ տարիներ...

Դէ՜, եթէ մայր ես, եկ մի՛ ցնորւիր...

Մեզ լաւ է ծանօթ ծաղրուծանակը սյս հոգեխաբիչ,
Դա ծանօթ է մեզ քանի դար արդէն,
Մեր հայրենասէր թագաւորներին և հերոսներին
Այսպէս պարսկական դահիճներն էին մորթազերծ անում,
Մէջը լցնելով դարման ու չոր խոտ՝
Խրտւիլակ շինում
Ու բռնի դնում
Մորթազերծւածին պաշտողի առաջ,
Որ... սքանչանան իրենք իերենցով...

Արարատն – այսպէ՛ս դրել են ահա Երևանի դէմ...

– Դէ ե՜կ, Վարդապետ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.19.13 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ՂՕՂԱՆՋ ՑՆՈՐՄԱՆ

Եւ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական
Նախ ցնորւեցին աչքե՜րը նրա
Եւ ապա մի՛տքը, Մի՛տքը տիրական...
Վայրի աղմուկի,
Խօլ աղաղակի,
ժխորի տեղակ
Մի գերեզմանւող լռութիւն տիրեց նրա հոգու մէջ. –
Գլուխը նրա,
Որ մի երկնային լուսատու էր ցարդ,
Հիմա փոխարկւեց մի մոլորակի.
Նոյնն էր արտաքուստ,
Բայց ինչպէ՞ս, ինչպէ՞ս, ինչպէ՞ս էր նոյնը,
Եթէ լուսատուն... էլ լո՜յս չէր տալիս...

– Նա չհասցրեց զոհել Վարդանին
Գոռ Աւարայրի ճակատամարտում,
Եւ ինքը զոհւեց.
Ա՜խ, ո՜ւր էր գոնէ Վարդանի նման,
Մեր խաղ ու տաղի զօրաւարն ուժեղ
Վախճան ընդունեց որպէս նոր Մուշեղ,
Ում վերջին խօսքը նա գիտէր անգիր
Դեչ ճեմարանի առաջին տարուց,
– Բայց իբրև եհաս ինձ մահս վատթար,
Ո՛հ, թէ՜ դիպեալ էր ի վերայ ձիոյ...

Մեր խարդախ բախտից՝
Նա չընկաւ մարտում ու ձիու վրայ,
Այլ զոհւեց անլուր դաւաճանութեամբ.
Մեր դժխեմ բախտից՝
Նա չըհասցրեց իր օպերայում
Թշւառ Անուշին խելացնորել,
Եւ ի՜նքը, ի՛նքը, ի՜նքը ցնորւեց...
Մեր դաժան բախտից՝
Սասնայ ծռերին երգել չտւած,
Նա ինքը դարձաւ նոր փոքըր Մհեր
Ու դեռ կենդանի՛, ո՜ղջ-ո՜ղջ զնդանւեց
Հոգեբուժական – Ագռաւաքարում...

– Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ.
Քեզ կորցընելու ցաւից ահաւոր
Աչքերս լիքը լաց ա... մրմնջաց,
Առանց խօսքերի և անեղանակ
Էրւում եմ, էրւում այրւելով երգեց,
Սակայն... անօգո՜ւտ:

Ով առուփախով, գաղթսվ էր փրկւել,
Անդորութիւնից կրկին մոռացած
Հայի անարդար Աստծոյ հանդէպ
Իր քէնը արդար՝
Երկնքին նայեց լուռ պաղատանքով,
Սակայն... ապարդի՜ւն:

Ինչ եկեղեցի որ չէր աւիրւել,
Եւ ամէն տաճար,
Որ ժամերգւում էր դեռ հայ աշխարհում,
Պատարագիչի դողդողջ շուրթերով
Պահպանիչ ասաց՝ կեանքիդ ի խնդիր,
Սակայն... չփրկե՛ց.
Հայացքըդ կրկին անկենդան մնաց,
Գլուխդ որ ցարդ լուսատու էր մի,
Դարձաւ մոլորակ՝ պաղած ու անլոյս...

ՂՕՂԱՆՋ ԱՆԱՆՑ ՍՈՒԳԻ

Պոլսին մօտիկ Շիշլի գիւղում,
Երկու տարի զնդանւեց նա,
Որին մի ողջ ազգ էր պաշտում:

Բժշկո՜ւմ են...
Ի՞նչ են բուժում,
Ուղեղի՜ վէրք,
Մթագնած մի՜տք,
Որ մնում է թանձր մուժում...

Ովքեր նրա միտքը պաշտում
Եւ կորստին դեռ չեն հաշտւում,
Ուղարկում են նրան Փարիզ:

Փարի՜զ, Փարի՜զ...

Երկու տարի դեռ չի անցել,
Ինչ նա այդպէս քեզ էր գալիս,
Որ իր ձայնով, սրինգ-փողով,
Որ իր մտքով, խելքով պայծառ
Գերէր մի ողջ Համաժողով:

Փարի՜զ, Փարի՜զ...

Հիմա դարձեա՛լ,
Վերստին է նա քեզ գալիս,
Ո՛չ հիացմունք հաւաքելու,
Նա՝ մարմրող ու վիրաւոր՝
Էլ թև չունի որ յաղթ սուրայ,
Էլ հուր չունի որ հուրհրայ...

Ո՛չ «բռաւո»
Ծափուն «ուրա».
Եւ ո՛չ էլ «բիս»

Փարի՜զ, Փարի՜զ...
Գալիս է նա, որ միտք մուրայ...

Փարի՜զ, Փարի՜զ...
Եղիր բարի՛,
Ի սէր Աստծոյ գթա՛ծ եղիր,
Այս ծուռ ճամբից նրան շեղի՛ր
Ու բեր շիտակ ճանապարհի.
Այնպէ՛ս արա, որ նա դարձեալ
Քեզ ողողի մտքով պայծառ,
Որ երգերով սիրտդ վառի,
Նւագի փող,
Շորոր պարի...

Բայց խեղճ Փարիզն ի՞նչ դեղ ճարի,
Ինչպէ՞ս փրկի քո հանճարին,
Թէ մեկնելիս նաւի վրայ,
Աշակերտներն իր սիրասուն
Ծաղկեփունջ են տալիս նրան,
Իսկ նա... նրանց բառ չի ասում,
Ոչ էլ ժպտում բարի՜-բարի՜,
Իսկ նա... փունջը չի հոտոտում,
Այլ – անտարբեր – ծովն է նետում՝
Պաղ հայացքը՝ սար ու քարին...

Տարւայ հետքով սողաց տարին, –
Բուժում չկա՜յ քո հանճարին...

Տարւայ հետքով տարին գնաց, –
Եւ խաղերը մեր հինաւուրց,
Որոնց ամբողջ տաժանակիր քսան տարի
Նա մայրական իր ջանքերով
Անխոնջօրէն ոտքի հանած՝
Քայլելու էր վարժեցըրել,
Դրել ուղիղ ճանապարհի, –
Նոյն խաղերը հիմա դարձեալ
Քար կտրեցին ու կոնդացան.
Ինչ արւած էր երկար ու ձիգ քսան տարում՝
Չար մի հողմով ցրիւ եկաւ քար ու սարում...

Տարիների ոտնահետքով
Նոր տարիներ վրայ հասան.
Մէկ-տասնըմէկ՝ դարձան քսա՛ն:

Տարւայ հետքով տարին գնաց,
Իսկ նա՝ մեռած անթաղ մնաց:
Քսա՜նի տարի անթաղ մնաց
Մի սո՜ւրբ դիակ,
Սուրբ ու միա՛կ...

Տարւայ շունչը տարւայ հևքին՝
Մէկը մէկից սկիզբ առան,
Իսկ նա՝ նման Զմրուխտ հաւքին,
Նման հաւքին մեր Հազարան՝
Ո՛չ գնդակւած,
Ո՛չ էլ մորթւած,
Այլ ճակատի բութ հարւածից ուշակորոյս.
Քսան տարի լուռ թպրտաց՝
Գոնէ...
Գոնէ չթողնելով հնարք ու յոյս
Փարատելու մեր ցաւը խոր,
Աւարտելու կոծն ու սուգը,
Մեր հոգու մէջ չորացնելու
Սանդեր փորող արտասուքը...

Քսա՜ն տարի մեռած-անթաղ.
Ե՛ւ մահացած, և՛ ողջանդամ
Մի սո՜ւրբ դիակ,
Սուրբ ու միա՛կ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.20.00 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
(Դասական Ուղղագրութեամբ)

VI. ԱՀԱԳՆԱՑՈՂ ԱՐՁԱԱՆՔ

ՂՕՂԱՆՋ ՎԵՐԱԾՆՄԱՆ

Ա՜խ, Վարդապե՛տ,
Մեռած դանդաղ,
Մեռած թէպէտ.
Բայց և անթագ.
Բայց և անփուտ մեր սրբութիւն.
Կարելի էր եաթաղանով,
Ջարդով,
Խարտով,
Դաւով-անդաւ
Բնաջնջել մի ո՜ղջ անտառ, –
Անմարդկային մի լրբութի՜ւն, –
Եւ այդ մտքից զարհուրելի
Չխենթանալ չէ՛ր կարելի:

Սակայն չարի խոփը դիպաւ ժեռ քարերի,
Եւ ժանգոտած խոփը նրա չդիմացաւ:

Դու՝ Փարիզեան Վիլ-Ժուիֆում,
Այդ չիմացար...

Դու չիմացար, որ աշխարհով
Կայծակեցին ահեղ շանթեր.
Եւ ազգը քո որբ ու անտէր,
Բզի՜կ-բզի՜կ,
Ծւա՜տ-ծւա՜տ.
Լքւած աստծուց և մարդկանցից.
Զրկւած անգամ յուսոյ գանձից.
Ի դէմս ամէն բարեկամի
Լոկ տեսնելու ծախու կաւատ,
Մինչև մրուր դատարկելով
Վհատութեան գաւ ու գաւաթ, –
Նոյն ազգը քո յանկարծ մեկէն
Վերստացաւ նոր մի հաւատ.
Հոգևարքի իր մահիճում
Հոգեդարձը վերածնւեց,
Մի նոր կեանքի յոյսով զինւեց...

Իմ ժողովուրդ հնամենի,
Ինչպէ՞ս գտնել դեռ չստեղծւած
Բառն այն, Որով հնար լինի
Քեզ ճշտօրէն անւանելու...

Դու՝
Պատմութեան մութ առեղծված,
Դու՝
Մարդկութեան բարդ հանելուկ,
Տեղն ու տեղդ՝ զարմանալի...
Քեզ որտեղի՞ց այն բանալին,
Որով կեանքի դուռն ես բացել,
Այն դարաւոր
Հաստ դուռը, որ
Ճակատի դեմ քո լուսաւոր
Փակւել է միշտ, շրխկացել:

Քեզ դարեդար հալածելով,
խուժդուժօրէն սրածելով՝
Սպանեցին,
Խաչ հանեցին,
Սակայն մնաց դեռ հայությունն,
Առանք նորից մենք յարություն,
Եւ ո՛չ իբրև մի նոր Յիսուս,
Այլ... հայի՛ պէս :

Դարեր ի վեր վառում են մեզ,
Այրում են մեզ,
Դարձնում մոխիր
Հնոցի մէջ խուլ չարութեան,
խարոյկի մէջ քէն ու ոխի,
Ու տաք մոխիրն անգամ թրջու՜մ...
Սակայն ոգին մեր հայութեան
Թե այրւեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.
Ելք է ճարում նո՛ր յարութեան,
Եւ... ո՛չ որպէս փիւնիկ թըռչուն,
Այլ... հայի պէս...
Սակայն ոգին մեր հայության
Ավելի ճիշտ՝ չի՜ մոխրանում, –
Միևնոյնն է, թէ չարութեան
Հուրը թէժ է կամ մարմանդ է,
Չի մոխրանում,
Այլ ճախր անում,
Սաւառնում է ոգին հայի,
Եւ... ո՛չ իբրև հեքիաթային
Կախարդական սալամանդըր,
Այլ... ի՛ր նման՝
Հայ ոգո՜ւ պէս ...

Դիակներով ձորն է լցվում,
Դիակներով վիհն է խցվում,
Արյուն հագնում սարաւանդը...
Հարվածում են մեզ մահազու,
Վէրքի վրայ նոր վէրք բացում...
Ջարդեր հայտնի, դաւեր ծածուկ,
Կործանումներ գունակ-գունակ...
Դժխեմ բախտի մատեանի մեջ
Սպառումի հազա՜ր սիւնակ...
Իսկ մենք տոկուն ու կենսունակ,
Ինչի՞ նման, – դե եկ ասա...
Իսկ մենք՝ տոկուն ու կենսունակ
Հենց... որպէս հա՜յ,
Հենց... որպէս հա՜յ...

Արցունքն՝ աչքին,
Վէրքը՝ կրծքին,
Պատա՜ռ-պատա՜ռ, ծւատ թէպէտ,
Քո ժողովուրդը, վարդապե՛տ,
Զնդանումիդ քսան տարում
Ջանաց ասել մնաս բարև
Ամէն բանտի ու զնդանի,
Մտաւ հզօր մի ընտանիք,
Ուր յոյսը նոյն
Դարձել էր սիւն,
Նոյն երազը՝ ծածկող տանիք...

Մեր կեղեքման ու մեր տանջման,
Մեր վերահաս բնաջնջման
Ահեղ մտքից ցնորւելով,
Դու չիմացար, որ հորւելով՝
Հանձնւելով խաւար հողին,
Չփտեցինք մենք հողի տակ,
Այլ վազի պէս մեր խաղողի,
Երբ որ հասաւ գարունը տաք,
Հողի մէջ էլ մեզ ուղղեցինք,
Գարնան շնչով ընձուղեցինք
Ու կանգնեցինք՝ նորից շիտակ,
Իսկ գարո՜ւն էր,
Ի՜նչ գարուն էր...

Եւ դարաւոր մեր արիւնը
Պատանօրէն տաք պղպղջաց,
Հին աւիշը, նոր աւիւնը
Կրկին եռաց մեր բնի մէջ,
Անցաւ ջարդած ճիւղքի միջով,
Ու մեր ծերուկ հողին ճչաց
Նորածինի զնգուն ճիչով:

Չլիացանք փրկված քիչով,
Թէ պաղ էինք, շուտ հալւեցինք
Ու շատացա՜նք, ծաւալվեցի՜նք,
Եւ ուր կուզես՝ հայ մի անուն,
Որ մեր պատիւն է պահպանում,
Մեր մեծութիւնն է վեր հանում,
Դռներ բանում պանծացումի,
Հեռու տանում համբաւը մեր...

Երեկ դեռ որբ ու սովագար՝
Մենք շողացինք անբաւ գանձով
Ծովից զրկված, մի ազգ անծով՝
Եւ տւեցինք մենք...ծովակալ...

Արդէն վաղո՜ւց, վաղո՜ւց թէպէտ
Կորցրած զօրք, սպարապետ,
Ոտնահարւած՝ բանակներից,
Ապրած գրոհ, ջարդ ու արշաւ,
Եւ... քո աւեր տնակներից
Ծնունդ առան բիւր զօրապետ,
Գեներալներ ու հայ... մարշալ...

Դարեր ի վեր
Մարմինը մեր,
Մարմինը մեր խեղճ ու տոկուն
Յիսուսի պէս չարչարեցին,
Բայց քիչ էր դա,
Հասան հոգուն,
Նաև հոգուց մեզ զրկելու
Մի անհոգի ճար ճարեցին.
Ո՛չ մի երգիչ՝ մեզ երգելու,
Մեր մահն անգամ ողբերգելու
Ո՛չ մի երգիչ...
Եւ չարեցի՞ն:
Այն էլ ինչպէ՜ս, ի՜նչ արեցին...
Բայց - ո՛վ հրաշք - պէտք չէր մի դար,
Ոչ էլ կէս դար, որպէսզի մենք
Ծնունդ տաինք մեր... Չարենցին,
Որ... չծնւեց մօրից արդար
Եւ ուժ չառաւ նրա կաթից,
Այլ... դուրս թռաւ մեր հեքիաթից՝
Իբրև եղբայր մի արժանի
Սիամանթօ-Վարուժանի,
Կրտսեր եղբայր, կրտսեր զաւակ,
Որ պիտի գայ և այն անի,
Ինչ չարեցին միջնեկ-աւագ...:

Մենք մատնըված ջարդ ու գաղթի,
Անբախտներից անբախտ կեանքում,
Բազմաստեղեան հոծ երկնքում
Մենք՝ զուրկ նոյնիսկ աստղից բախտի,
Հիմա փրկւած չար ու անգութ
Սամում-խորշակ ուրագանից,
Ողջ աշխարհին երեկ անյայտ
Մեր երկնասէր Բիւրականից
Ոչ թէ անյայտ կամ դեռ հեռու
Աստղի ծինն ենք ազդարարում,
Արև գտնում հազարաբիւր
Աստեղնաբոց
Աստղասփիւ՜ռ, –
Եւ գիտութեան յոգնած դէմքով
Անց է կենում թարմ մի զէփիւռ...

Նոյն երկնի տակ, նորից այնտեղ՝
Արագածի ձնոտ լանջին,
Ուր չէր վառւել Լուսաւորչի
Առասպելեայ ոչ մի կանթեղ,
Վերին կամքով ոչ արարչի,
Այլ հայորդու
Մտքով արթուն,
Փնջւում են արդ,
Դառնում կանթեղ
Կոսմիկական ճառագայթներ...

Դու մեր անթաղ, բայց և անփուտ,
Տրոփասիրտ մեր սուրբ մումիա,
Թէկուզ մարած, բայց վառւելիք
Մեր հոգու ջահ հազարամեայ,
Դու չիմացար և որտեղի՞ց իմանայիր,
Թէ Մասիսի սուրբ փեշերից
Մինչև լանջը Հիմալայի,
Անունովդ հպարտացող մի Կվարտետ՝
Քեզ իւրովի կրկնելով,
Քո հարկադիր կաշկանդումն է, որ կաւարտէր՝
Սկիզբ տալով քո վերահաս արձակ կեանքին,
Հետզհետէ ահագնացող անլռելի արձագանքին՝
Երկրից երկիր,
Սրտերից սիրտ,
Շուրթերից շուրթ՝
Արևաշատ հայրենիքիդ երկնքից լուրթ
Մինչև Կարպատ ու լանջերը Հիմալայի...

Դու՝ երազկոտ, և չիմացար,
Ա՜խ, որտեղի՞ց իմանայիր,
Որ այն, ինչ քո ազգամեծար
Ու մեծ հոգով դո՛ւ կամեցար՝
Որպէս երա՜զ մտքի շշո՜ւնջ,
Պիտի մի օր ստանայ շո՛ւնչ,
Ստանայ ձև՛...

Դու չիմացար,
Եւ որտեղի՞ց իմանայիր:

Մինչդեռ հիմա, հիմա... Նայի՜ր...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.20.42 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ՂՕՂԱՆՋ ՄԱՐՄՆԱՒՈՐՒԱԾ ԵՐԱԶԻ

Քանի՜ աչիկներ, մանչուկնե՜ր քանի,
Քանի՜ նորատի, պարման-պատանի
Աչքերը սևսաթ, դէմքերը սուտակ,
Ձեռքերին սրինգ, շեփոր ու ջութակ,
Դպրոցից գալիս դպրոց են գնում՝
Պայուսակներում ու թևերի տակ
Քո երգ ու տաղի պրակները տաք...

- Դեհ ե՜կ, Վարդապե՛տ, եկ ու հաւատա՜:

Որպես նորորակ հոյակապ տաճար
Եւ մեր պատմութեան ու մեր քերթութեան
Օջախ մի անշէջ ու սուրբ մի կաճառ,
Մատենադարա՜ն ահա, խազագէ՛տ,
Մի շէնք փառակազմ ու հրաշակերտ,
Ամենապարփակ մի շտեմարան,
Որտեղ պահւում է հունձքը մեր հոգու՝
Մեսրոպեան տառի կնիքը վրան, –
Եւ նրա կողքին՝
Մէկ այլ շինութիւն
Անցուդարձողի ուշք ու միտք գերող,
Հայոց Առաջի՜ն Կոնսերվատորիան՝
Քո ամենասուրբ անունը կրող...

- Դեհ ե՜կ, Վարդապե՛տ, ու խոսքեր ճարիր...

Մկրտւած ոգով քո սուրբ հանճարի՝
Քանի՜ երգչուհի, քանի՜ հայ երգիչ,
Եւ քանի՜- քանի՜ հայ երաժիշտներ՝
Գոյասիրահար ու գոյապաշտներ,
Ելած քո ազգի բեղուն ընդերքից՝
Բեմերի վրայ համայն աշխարհի
Մեր տաղ ու պարի
Թովչանքն են ցրում,
Բուրմունքը փռում
Մեր բան ու բառի:

Դեհ ե՜կ Վարդապե՛տ, մի՛ ժպտա բարի...

Մեր երգի հունը լայնացընելով,
Համանւագի շարքեր ծնելով՝
Ճախրում են Նորքից մինչևիսկ Նիւ-եօրք,
Սևանից մինչև գոռ Նիագարա
Քանի՜ երգաստեղծ ու նւագարար:
Ու նրանց ամէն նոր համերգի մէջ,
Ու նրանց իրե՛նց – և ամենքի՜ մէջ –
Դո՜ւ ես, հոր նման արիւն ես դարձել,
Փոխարկւել ջղի, նոր ձև ստացել:
Դո՜ւ ես, նահապե՛տ, դու ես այն եան-ը,
Որ հայութիւն է հաղորդում նրանց
Իսկոյն ճանաչւող հայ ազգանւանը,
Հայկական շունչն ու անտես ա՛յն ոգին,
Որ համակում է նրանց ամենքին,
Եւ որ աշխարհն է զգում-հասկանում,
Ինչպէս Եւրոպա՛ն, այնպէս էլ Ասիան,
Այն շունչն ազգային, մշտառկայ ոգին,
Որ կեանքում նո՛յնպէս ունի ազգանուն՝
Քո՜ անունը սուրբ, քո՛ – Կոմիտասեա՜ն...

- Դեհ ե՛կ, մահացա՜ծ, ու մի համբառնայ,
Դեհ արի՛, պանդո՜ւխտ,
Երկիր մի՛ դառնայ...

ՂՕՂԱՆՋ ՎԵՐԱԴԱՐՁԻ

Ու վերադարձա՜վ...

Նրանից առաջ
Աշխարհասփիւռ մազապուրծ հայեր,
Դիպվածն էր որոնց չար մահից պահել,
Որպէսզի յետոյ տայ լաց ու հառաչ
Եւ – ի տրիտուր – իր հերթին տանջի՜, –
Աշխարհասփիւռ – մազապուրծ հայեր
Կրկին հայրենի հողն էին դառնում,
Մարած շէների կրակը խառնում,
Որ ծուխը փնչի,
Երդիկը շնչի
Սէգ Մասիսների աչքի յանդիման,
Փէշերի վրայ Արագածների՝
Ի հանգստութիւն բիւր ընկածների:

Վերադառնում էր, գալիս էր հիմա
Նա՝ անթաղ զոհը նոյն առուփախի,
Խելաբորբոքը նոյն սառ ու պաղի,
Մեր պար ու խաղի,
Մեր երգ ու տաղի,
Այն միակ յոյսը և ապվէնը,
Մեր հինն ու նորը իրար շաղկապող
Ծիածանակերպ այն ժապաւէնը,
Որ հատվեց մի օր դանակով չարի,
Եւ որին ահա քսա՜ն ձիգ տարի
Նախ՝ վերափոխման ակնկալիքով
Եւ ապա տենչով հանգստանալու,
Սպասում էինք՝
Սիրով բանալու
Մեր վէրքն՝ սպիով, ներկան՝ գալիքով.
- Գալուստիդ մեռնի քո կարօտ եարը
Ախպէր ջան, արի՜, դեհ արի երթա՛նք...

Նա՝
Հեռագնաց մեր կարօտեալը,
Նա՝
Մինուճարը, զաւակը մեր թանկ,
Նա՝
Հէգ պանդուխտը մեր քսանամեայ,
Վերադառնում էր, գալիս էր հիմա.
– ...Քո գալո՛ւն մեռնեմ,
... Կարօ՜տըս առնեմ...

Աև էր գնացել՝ բեղ մօրուքը սև,
Վարդապետական սև սքեմ հագած:
Սև էր գնացել՝ եկաւ ճերմակած...
... Ա՜խ շատը կուլ տամ, գոնէ քիչն ասեմ,
Անաստւած Աստւած, բա քո ինչն ասեմ.

Գնացել էր նա,
Հիմա բերեցին.
նաց՝ սեփական ոտքերի վրայ,
Իսկ հիմա բերին
Իսկ հիմա նրան
Մեր տաղերեցին
Ահա բերեցին... ձեռքերի վրայ...
– Վախ, մէրդ մեռնի,
Ծաղկաթափ նռնի...

Գնաց այն պահին,
Երբ ահի՛,
Մահի՛
Շունչն էր մոլեգնում որպէս չար խորշակ,
Երբ կուլ էր գնում ողջ ցեղը հայի,
Ու դեռ չէր փակւել մի գազանային
Մարդակերական անկուշտ ախորժակ, -
Երբ հիմա հեռւից դառնում էր նա տուն,
Մի տուն
Որ փրկւած ամեհի հողմից
Շինւել էր կրկին և ամէն կողմից
Խաղողի վազով երեսն էր պատում:
Գարուն է, արի,
Վա՜խ, քեզ ի՜նչ արին...

Ու վերադարձաւ հողն իր հայրենի,
Որին առյաւէտ կորցըրած կարծեց,
Եւ հենց ա՛յդ, հենց ա՜յդ միտքը վայրենի
Որդի պէս նրա ուղեղը կրծեց...

Ու վերադարձաւ Արարատներին,
Արագածներին իր քառակատար,
Իր հող ու ջրին, անարատներին,
Իր տաճարներին ու պալատներին,
Իր արտին, այգուն և արօտներին,
Անցեալ,
Ապառնի,
Ու յարակատար
Բոլորանւէր ա՛յն կարօտներին,
Որ մնում էին յաւէտ անվթար,
Որ կիտւել էին քսանհի՜նգ տարի
Իր մթար սրտում,
Վթար մտքի մէջ՝
Ա՛յն դժբախտ օրից, երբ Մայր տաճարի
Գաւիթը թողած, ցաւած ու խռով
Նա գնաց Պոլիս
Եւ ապա... Փարիզ...
- Ա՜խ գալըդ լինէր,
Գնալ չլինէր...

Ու վերադարձաւ մեր սուրբ հեռական...

Ահաւոր մտքից ինքը խելագար՝
Չգիտէր թէկուզ, որ քսան տարում
Իր վերածնւած ու նոր աշխարհում
Վառ ղօղանջումը իր զնգուն զանգի
Արձագանքել էր խելագար թափով՝
Լացով հիացման,
Որոտուն ծափով
Ելել էր, յորդել և նոր մի ափով
Հասել, խառնըվել ուրիշ հոսանքի:
- Ումուդ ջան, նանին
Քո ցաւը տանի...

Ու վերադարձաւ,
Որ էլ չգնայ,
Որ մրսած հոգին նորից տաքանայ,
Ժողովրդական սիրոյ տաք օդով,
Որ չիմանալով, դառնայ սեգ կոթող՝
Ողորկ գրանիտ ու բրոնզ հագած,
Եւ այնտեղ... նրա հերքը ճերմակած
Առաջւայ նման - ընդմի՜շտ - մգանայ,
Հայացքի մուժը այնտեղ չքանայ
Աչքերը փայլեն իրենց հին ցոլքով,
Ու նորից ցրեն
Ու փռեն
Չորս կողմ
Մարդեղացումը աստւածայնության,
Եւ սուրբ բերանի մնջախաղ-երգով,
Շարժումով ձեռքի
Կրկին տայ դասեր
Դասեր մեներգի
Բազմաձայնութեա՜ն...
- Աչքերըդ պայծառ,
Բերանըդ՝ տաճար...

Նա վերադարձաւ.
Եւ ողջ մի երկիր,
Ժողովո՜ւրդ մի ողջ սրտով վշտառու
Ելաւ հերթ ի հերթ,
Եկաւ շար ի շար՝
Իր խաղ ու պարի, իր տաղ ու երգի
Կախարդիչ մոգին հրաժեշտ տալու...
- Իմ կանաչ արև,
Ի՜նչ մնաս բարև...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.21.56 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ՂՕՂԱՆՋ ՀՐԱԺԵՇՏԻ

Արագածի, Արարատի
Հայացքի դէմ սգաւոր,
Սև տուֆակերտ մի պալատի
Տրտմահանդէս դահլիճում
Պառկած էր նա՝
Որպէս անթագ, բայց յիրաւի թագաւոր,
Որ ունի գահ.
Բայց ոչ երբէք իր սէգ գահից վար իջնում:

Եւ գահազուրկ մի ժողովուրդ,
Որն, իբր արդար հատուցում,
Յեղափողել մի ողջ աշխարհ
Ու ջարդել էր հին գահեր,
Հիմա ուրիշ մի արքայի
Ծով յարգանք է մատուցում, –
Ու փղձուկն են հազիւ պահել
Կին, տղամարդ, ծեր, ջահել:
Քարացել են ակնածանքից
Սև երիզով դրոշներ,
Լսո՞ւմ ես դու, Վարդապե՛տ:
Եւ մի ամբողջ մայրաքաղաք,
Մայրաքաղա՜ք, ո՛չ գաղութ,
Իր հոգու մէջ – վերջի՜ն անգամ –
Աշխատում է դրոշմել
Կերպարանքը քո սիրելի,
Քո դէմքը թանկ, որ թէպէտ
Երգերիդ պէս չի շողշողում,
Որ ցոլուն չէ ու ջղուտ,
Բայց գունատ է ո՛չ որբի պէս,
Այլ մի արդար սրբի՜ պէս...

Ու կանգնում են պատւոյ պահակ
Մասի՜ս, Սիփա՜ն, Արագա՜ծ՝
Ճերմակահեր գլուխն իրենց աճիւնիդ դէմ վար յակած...

Ու կանգնում են պատւոյ պահակ
Հայոց պետեր,
Վարպետներ,
Հայ աշխարհի մեծերն ամէն,
Ամէն երեց ու աւագ...

Եւ քեզ ծնած մի ժողովուրդ՝
Հիմա դարձած քեզ զաւակ,
Հրաժեշտի խոր տրտմութեամբ միաժողով ու հաւաք,
Կքված ցավից հայրակորույս,
Կիզված վշտի խոր տապից՝
Գալիս է լուռ, գալիս հերթով,
Որ հոգու մէջ խոր տպի
Մասունքներիդ սրբազան տեսքն ու դէմքը քո,
Դէմքը սուրբ...

ՂՕՂԱՆՋ ԹԱՂՄԱՆ ԵՒ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Թաղման թափորն անվերջ ձգւեց
Աբովեանից մինչ Պանթէոն,
Որտեղ արդէն, ամենից վաղ,
Հրազդանն էր նրան կոծում՝
Եղերական եղանակով:
Եւ մարդկային ծովի վրայ յանկարծ ճօճւեց
Պսակներով առագաստւած մի սուրբ նաւակ...

Դարձել էին յուղարկաւոր
Բազմահազար Երևանցիք,
Եւ... ոչ միայն վերջին ու նոր մեր ոստանի
Բնակիչներն արտասւաթոր,
Եւ ոչ միայն մի ժողովուրդ,
Որ ապրում էր իր պետութեան սահմաններում,
Եւ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ փռւած էր ողջ աշխարհի լայնքի վրայ,
Այլև... բոլոր մեր զոհե՜րը միլիոնաւոր,
Մեր բիւրաւոր մեռելն՜րը,
Որ մինչևիսկ չարժանացան... թաղման ծէսի, –
Բոլո՛ր նրանք, որոնց բախտից ահազարհուր
Կորաւ և սա՜,
Սա՝ զոհը մեր ամենամե՛ծ...

Հայաստանեան լեռներն էին յուղարկաւոր
Եւ գերեվար լեռները մեր՝ Կարսից-Զէյթուն...

Բուրվառում էր հայրենաշունչ բուրիչ քամին...

Զանգակաձայն իր դուստրերից
Նա՛, որ ունէր Հայկից առած անուշ անուն,
Շիրիմ կոչւած այն փոսի մօտ,
Որ յիրաւի պիտի կոչւեր նոր Խոր Վիրապ,
Անմարդկային լռութեան մէջ սկիզբ տւեց
Պահիպատշաճ Չինար ես-ին.
– Կեռանա՜լ մի...
Ու կեռացան-խոնարհւեցին բիւր գլուխներ...
Արցունք կաթեց պսակներին,
Լսւեց փղձուկ համատարած՝
Իբրև երգի մի իւրատիպ նւագակցում...
Եւ չէր ճարւի բոլորի մէջ մի անձ գոնե,
Որ ակամայ և մեկուսի չմտածեր.
– «Չի կեռանայ».
Վկան, նաև առհաւատչեան՝
Արարատն էր՝ երկնաձիգը,
Արագածն էր՝
Իր չորս անկոր կատարներով,
Ինչպէս նաև այս երգը նոյն,
Որ հայցում էր
– ... Հեռանա՜լ մի:

Հեռանում էր:
Բայց հեռանում
Ահաւասիկ այս իրիկւայ արևի պէս.
Որ բնաւ էլ մայր չի մտնում,
Այլ իր լոյսով ողողելու
Ուրիշ ու նոր կողմեր գտնում:

Հեռանում էր:
Բայց հեռանում, որ մօտիկից հեռանալով՝
Հեռուներում լայն ծաւալւի ու տարածւի,
Որ կիսատը նոր լրացւի
Եւ տարածւած ու լրացւած՝
Երբևիցէ չմոռացւի:

Եւ իզուր էր երգը խընդրում.
Մոռանալ մի...

... Երբ սկսեց աճիւնն իջնել
Շիրիմ կոչւած այն փոսի մէջ,
Որ յիրաւի պիտի կոչւէր նոր Խոր Վիրապ,
Նոյն այդ պահին հայ երկնքից
Յանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգատիպո՜ւմ.
Թէ՞ իսկապէս երկինքն անգամ
Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգստարա՜ր իր անձրևով...

...Երբ սկսեց աճիւնն իջնել
Շիրիմ կոչւած այն փոսի մէջ,
Որ յիրաւի պիտի կոչւէր նոր Խոր Վիրապ,
Այդ վայրկեանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մէկ
Փռւած բոլոր եկեղեցիք հայահաւատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դէպի երկինք ղողանջեցին.
– Դռներըդ բա՜ց...
Եւ հայկական տաճարների բիւր բեմերից
Կոմիտասեան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս:
- Երբեմն էի լուս, և այժըմ
Խաւար եմ և ստւեր մահու...

Ո՛չ, այս անգամ սխալւեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լոյս էր վառ ու լոյս է արդ,
Ու կմնայ միշտ լոյս զւարթ,
Լոյս՝ աչքերում հայ մանուկի,
Լոյս՝ մտքի մէջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրօր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մէջ,
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատրոփ:

Քեզ, Վարդապե՛տ,
Անփոս հողին ի պահ տալիս
Իզո՜ւր էին պատարագում թաղման երգով,
– Ի վերինըն Երուսաղեմ...

Ո՛չ թէ թաղման երգն էր պատշաճ,
Այլ յարութեան վառ մեղեդի՜ն.
– Փառք ի բարձո՜ւնս...
Օրհնեա՛լ ես դու...

Օրհնեա՜լ ես դու,
Եւ չես թաղւում ու հող դառնում,
Այլ թաղւելիս յարութի՜ւն ես կրկին առնում...

– Օրհնեա՛լ ես դու.
Գա՜ռն աստուծոյ...

Ա՜խ, գա՛ռն արդար, որ զոհ գնաց
Եւ անդանա՜կ զոհւեց չարին՝
Արհաւիրքի այն սև տարին,
Երբ հայ երկրում հայ չմնաց...

– Ելն ի բարձունս...
Բաշխեալ պարգևս... որդւոց մարդկան...

Պարգև բաշխեց
Որդիներին իր տարաբախտ ժողովրդի
Եւ... մարդկութեա՜ն:

Պարգև բաշխեց
Աստծո՛յ նման՝ շռայլօրէ՜ն,
Եւ բաշխելով՝ հարստացա՛ւ...
– Գովե՛մք զքեզ,
Բարեբանե՜մք...

Բայց դրւատման ի՞նչ խօսքերով
Բարեբանենք և քեզ գովենք,
Թէ աղքատ է յանկարծ թւում
Բառարանը մեր հայկազեան...
Ի՞նչ խօսքերով բարեբանենք
Քե՜զ Վարդապե՛տ...

Դո՜ւ՝ Վարդապ՞տ...
Դու ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի
Ե՛ւ ակօսն ու խորունկ առն ես,
Ե՛ւ մատընտիր սերմը նրա,
Ե՛ւ խոստումը գալիք բերքի...

Եւ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըւել է ու բար տւել,
Ու... մեր դարդը իրար տւել...

Եւ հայրենի այն ծիծառը,
Որ յաւիտեան բոյն է դրել
Մեր հոգու մէջ,
Մեր կիսաւեր ու դեռ կանգուն տաճարների
Ու մեր երկնի գմբէթի տակ...

Դու՝ մեր տաւիղ,
Եւ քո լարը
Մինչ անգամ և հատւելիս
Հայերէն է նորից ճնգում:

Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատւելիս
Հայերէն ես դարձեալ տնքում...

Դու ես քարը
Եւ սրբատաշ մեր պատշարը.
Հացը օրւայ
Եւ նեղ ժամի մեր պաշարը.
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործւած մեր նշխարը.
Եւ մեր ճարը՝
Օտարամուտ ախտի դիմաց.
Խնկածաւալ մեր տաճարը՝
Օտարահոտ աղտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահաւաք մեր հանճարը՝
Ազգասփիւռ բախտի դիմաց...

Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բիւրակեան ակունքն ես մեր,
Մեր արնոտւած հաւքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան եարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛ղը-նոտա՛ն-ձայնատա՛ռը
Ձայնասփի՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը, –
Մեր հայկական երգարա՜նը...

Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,
Յարդը մեզնից՝ ցորենը դու,
Հարթը մեզնից՝ կատար դո սէգ.
Լուրթը մեզնից՝ երկինքը դու,
Շուրթը մեզնից՝ դու համբոյրը,
Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,
Իսկ դու՝ օջախ,
Իսկ դու՝ թոնիր...

Եւ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:

Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նւագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հաւաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի աւազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գաւազան,
Որ ուր դիպաւ՝ աղբիւր հանեց.
Դու մեր կարօտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատուն...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.22.50 | Сообщение # 17
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ՄԱՆԿԱԿԱՆ ՃՈՃԻ

(Անտիպ)
(Դասական Ուղղագրութեամբ)

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Կապոյտ կապարի մենակութեան մէջ անծէր երկնքի
Թռչնակները իրենց երգն են չստացնում:
Մինչդեռ լեռների պղնձապատ մթութեան մէջ
Աւելացնում եմ ես էլ աչքերից թացութիւնը տաք:

Եւ հորիզոնը ամառւայ տաքից՝
Դարձել է կարծես մանկական մի ճօճի:
Ա¯խ, երանի թէ նա ինձ քնացնէր.
Եւ կամ ստիպէր,
Որ ուրախութեան ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճօճքից
Ուժեղանում է միայն ու միայն գլխապտոյտը
Որով մի հսկայ զէրօ է գծւում՝
Իր մէջ առնելով ինձ,
Թռչուններին, երկինք ու երկիր,
Եւ դուրս թողնելով լոկ հորիզոնն ու մենակութիւնը,
Որպէսզի... մէկը ճօճւի ու ճօճւի,
Միւսն էլ քարանայ ու յաւերժանայ...
Ոչ մի ժամանակ, ոչ մի ժամանակ,
Մենք այնպէս մենակ ու մենակ չէինք,
Ինչպէս որ հիմա, երբ միասին ենք բոլորս առաւել,
Քան թէ որեւէ ուրիշ ժամանակ.
Ասում եմ քեզ, երկրորդելով երրորդում,
Որ երկնքում իրօք չկան աստւածներ.
Նրանք վաղուց երկրի վրայ են բազմած
Բայց ոչ ուղտի սապատի պէս, այլ ուղտի
Անտանելի բեռի նման, որ մի օր
Ցած կնետի համբերատար ուղտն անգամ:
Խռովութեան սերմն իբրեւ մանանեխ,
Տարածւում է արտաշմչմամբ մեր բերնի,
Տարածւում է երկրից երկիր, վարակում
Մինչեւ անգամ աստւածներին հողեղէն,
Որ մեր հոգում ոտնագնդակ են խաղում,
Որ խրւել են մեր կոկորդում՝ իբրրւ խորխ,
Որ մեր լեզւից կախ են տւել կեռերով
Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ...

Խռովութեան սերմը, իբրեւ մանանեխ,
Իբրեւ որոմ փրկարար, իբրեւ ախտ,
Ահաւասիկ եւ նրանց է վարակում,
Եւ ահա ես՝ մանանեխի մի պտղունց,
ՄԻ բառ՝ որոմ, ախտի մանրէ մի սրւակ,
Ուզում եմ քեզ ուրախացնել ասելով
---Երբ աստւածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում...

ՄԱՆԿԱԿԱՆ ՃՈՃԻ

(Անտիպ)
(Նոր ՈՒղղագրությամբ)

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Կապույտ կապարի մենակության մեջ անծեր երկնքի
Թռչնակները իրենց երգն են չստացնում:
Մինչդեռ լեռների պղնձապատ մթության մեջ
Ավելացնում եմ ես էլ աչքերից թացությունը տաք:

Եւ հորիզոնը ամառվայ տաքից՝
Դարձել է կարծես մանկական մի ճոճի:
Ա¯խ, երանի թէ նա ինձ քնացներ.
Եւ կամ ստիպեր,
Որ ուրախության ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճոճքից
Ուժեղանում է միայն ու միայն գլխապտույտը
Որով մի հսկայ զէրո է գծվում՝
Իր մեջ առնելով ինձ,
Թռչուններին, երկինք ու երկիր,
Եւ դուրս թողնելով լոկ հորիզոնն ու մենակությունը,
Որպէսզի... մեկը ճոճվի ու ճոճվի,
Մյուսն էլ քարանա ու հավերժանա...
Ոչ մի ժամանակ, ոչ մի ժամանակ,
Մենք այնպէս մենակ ու մենակ չեինք,
Ինչպես որ հիմա, երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թէ որևե ուրիշ ժամանակ.
Ասում եմ քեզ, երկրորդելով երրորդում,
Որ երկնքում իրոք չկան աստվածներ.
Նրանք վաղուց երկրի վրա են բազմած
Բայց ոչ ուղտի սապատի պես, այլ ուղտի
Անտանելի բեռի նման, որ մի օր
Ցած կնետի համբերատար ուղտն անգամ:
Խռովության սերմն իբրև մանանեխ,
Տարածվում է արտաշմչմամբ մեր բերնի,
Տարածվում է երկրից երկիր, վարակում
Մինչև անգամ աստվածներին հողեղեն,
Որ մեր հոգում ոտնագնդակ են խաղում,
Որ խրվել են մեր կոկորդում՝ իբրև խորխ,
Որ մեր լեզվից կախ են տվել կեռերով
Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ...

Խռովության սերմը, իբրեւ մանանեխ,
Իբրեւ որոմ փրկարար, իբրեւ ախտ,
Ահավասիկ և նրանց է վարակում,
Եւ ահա ես՝ մանանեխի մի պտղունց,
ՄԻ բառ՝ որոմ, ախտի մանրե մի սրվակ,
Ուզում եմ քեզ ուրախացնել ասելով
---Երբ աստվածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.23.31 | Сообщение # 18
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ԽՕՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ
(Դասական Ուղղագրութեամբ)

Մաշտոցի Ծննդեան 1600-Ամեակի Առթիւ
Ոչ միայն որ գործենն պարտական են,
այլև որ յանձն առնուն "

Ա

Քեզ հետ այս պահին զրուցել էր պէտք
Միայն նախդըրիւ - ոսկեղնիկով
Եւ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,
Որոնց կերպը դու առել ես գուցէ
Հին գործիքներից մեր դարբինների
Եւ այն կեռերից ամենատարբեր,
Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գիւտարարիդ համեմատութեամբ
Ես` Դանիելեան թերատ այբուբեն,
Զուրկ եօթնաղողանջ ձայնաւորներից,
Չեմ կարող զնգալ
Ու չեմ էլ զնգում,
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
Թե պե՞տք է արդեօք, որ Քո անունով
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,

Ա՛զգ,
Որ ապրելու մտադրութեամբ մեռել է յաճախ,
Սակայն մեռնելու մտադրութեամբ չի ապրել երբե՜ք`
Թեկուզև մի օր...

Եւ պե՞տք է արդեօք,
Որ արձաններդ յառնեն աստ ու անդ,
Եթէ Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդէն –
Քանդակում ես միշտ
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին
Երեսուն և վեց կերպերով անքանդ:

Պէ՞տք է ուրեմն ...
Ու պէտք է եթէ`
Քեզ... պէտք չէ բնա՜ւ,
Պէտք է ... միայն մե՛զ:

Բ

Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին,
Վերաքննութեամբ պիտի մեզ ներես,
Եթե խօսում ենք քանդակ-արձանից
Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում,
Եւ միաստվածներ կան նոր ու նորեկ,
Որ չեն տարբերւում կռապաշտներից:
Եւ այն պատճառով պիտի մեզ ներես,
Որ հնուց անտի սովոր լինելով
Հարկի և տուրքի,
Բաժի և սակի
Ու վճարելով միշտ ճարահատեալ,
Մենք հոգով լոկ մէ՛կ հարկ ենք ընդունել`
Հարկը հոգեկա՜ն:
Եւ Դու` եզակի մի հարկահաւաք,
Որ ընտրւած է – ոչ նշանակւած,
Ա՛ռ ու մթերի՜ր,
Ա՛ռ ու պաշարի՜ր
Տասնըվեցդարեայ հարկը մեր հոգու,
Որպէսզի կրկին վերաբաժանես`
Մեր նեղ օրերին,
Բայց... իբրև նպաստ
Եւ ոչ մուրածոյ ողորմաբաժին...

Գ

Աշխարհազբոսիդ համեմատութեամբ
Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
Ի լրո՛յ գիտեմ,
Որ քեզ ծին տված բնիկ գաւառում
Կար մի մենաստան`
«Սուրբն Կարապետ»,
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դէմ:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Սակայն անօրէն մի նոր օրէնքով
Փակ է մեր առջև
Ոչ միայն դուռն ու գաւիթը վանքի,
Այլ գաւա՜ռն ամբողջ
Եւ ո՜ղջ մի երկիր,
Որի անունից զրկւած է նոյնիսկ քարտէզը հիմա:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Եւ ընդդէմ այս բաց անարդարութեան
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
Բայց փակում այնպէս,
Ինչպէս փակում են մարդիկ մատները,
Եւ ստացւում է դրանից ... բռունցք:

Ուստի իզուր է խօսքը երդումի:
Բնիկ գաւառըդ հենց որ ոտք դնենք`
Քո Հացեկացը կպեղենք բրչով,
Եւ տարոնական պարզած երկնի տակ
Սրբատաշ վէմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի:
Եւ դա կդառնայ Նո՛ր Էջմիածին...

Դ

Սակայն... Եւ սակայն
Կայ սուրբ Օշական,
Որ ազգի համար մի շատ վաղեմի
Հավասար է Նոր Երուսաղեմի:

Աշուն է հիմա:
Եւ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին
Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր,
Իր տերևները, որ շատ են նման
Անյայտ ձիերի սմբակից պոկւած ժանգոտ պայտերի:

Այս հողի վրայ օտար սմբակներ չեն դոփում հիմա:
Եւ եթէ կաղնու անտառն է սակաւ այս հողի վրա,
Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապէս անչափ նման են իրար:

Գաղտնասացութեան համար չեմ ծնւել,
Ես գիտեմ սակայն,
Որ օշականեան բանուկ այս ճամբով քայլող ամէն ոք
Անխօս – լռելեայն երդում է տալիս
Մի՜շտ զուգաշաւիղ ընթանալ Քեզ հետ:
Անձնադատօրէն նա յանձն է առնում
Արդիւնաւորւել մի՛միայն այնպէս,
Որ հողագնդի բիւր լեզուներից
Անարտաքսելի մնայ յաւիտեան
Մեր այն բարբառը,
Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել:
Բայց մեխե՜ր նաև`
Գամելու համար հին ու նորորեայ պիղատոսներին:

Կանխասացութեան համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ սրբատեղի տանող այս ճամբով քայլող ամեն ոք
Եւ վաղը պիտի դառնայ մասնակից
Քո անկշռելի որքանութեանը,
Իր հոգում զգայ Քո մշտակայուն ներկաիւթիւնը,
Քո իսկութեան հետ ինքն իրեն ձուլի`
Փոխելով քայլն իր մոլորագընաց,
Բեռնակիր դառնայ մեր բեռ ու բարձին,
Դասալիք լինի բանակից վարձու:
Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք
Ավանդակորոյս իրենց վարքի դէմ
Վերստին պիտի աչքերը բանան:
Հայոց աշխարհի այրերից նրանք,
Ովքեր հուլաբար ճամբայ են ընկել
Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ`
Օտար հովերի ապտակին հլու,
Պիտի դառնօրէն դարձի գան դարձեալ`
Խորհե՛ն հայերէն,
Ապրե՛ն հայօրէն...

Ե

Հոռետեսութեան համար չեմ ծնվել
Եւ դէմ եմ յիմար լաւատեսութեան,
Սակայն շատերից մէկն էլ ես` գիտե՛մ.
Դու էիր , որ մեզ անըստգիւտ գիւտովդ ուսուցանեցիր,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար:
Ուստի հավատա, ո՜վ Հնարաւոր,
Որ եթէ մի օր – Աստվա՜ծ չարասցէ –
Գտած հնարըդ դառնայ գործազուրկ,
Ասպարէզ կիջնի մէկն էլ, անկասկած,
Որ սկիզբ կտայ մի նո՛ր սխրանքի:

Թէ ճիշտ է, որ Դու հայր ունենալով`
Չունեցար որդի,
Ճիշտ է առաւել,
Որ զաւակի տեղ ժառանգներ ունես`
Սերունդ ու սերուցք,
Որոնք անըստգիւտ գիւտովդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...

Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում:

Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
- Դու ... գործն ես արել,
- Մենք ... յանձն ենք առել ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 08.24.17 | Сообщение # 19
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ
(Նոր Ուղղագրությամբ)

Մաշտոցի Ծննդյան 1600-Ամյակի Առթիվ
Ոչ միայն որ գործենն պարտական են,
այլև որ հանձն առնուն “

Ա

Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք
Միայն նախդըրիվ - ոսկեղնիկով
Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,
Որոնց կերպը դու առել ես գուցե
Հին գործիքներից մեր դարբինների
Եվ այն կեռերից ամենատարբեր,
Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գյուտարարիդ համեմատությամբ
Ես` Դանիելյան թերատ այբուբեն,
Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից,
Չեմ կարող զնգալ
Ու չեմ էլ զնգում,
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,

Ա՛զգ,
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք`
Թեկուզև մի օր...

Եվ պե՞տք է արդյոք,
Որ արձաններդ հառնեն աստ ու անդ,
Եթե Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդեն –
Քանդակում ես միշտ
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին
Երեսուն և վեց կերպերով անքանդ:

Պե՞տք է ուրեմն ...
Ու պետք է եթե`
Քեզ... պետք չէ բնա՜վ,
Պետք է ... միայն մե՛զ:

Բ

Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին,
Վերաքննությամբ պիտի մեզ ներես,
Եթե խոսում ենք քանդակ – արձանից
Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում,
Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ,
Որ չեն տարբերվում կռապաշտներից:
Եվ այն պատճարով պիտի մեզ ներես,
Որ հնուց անտի սովոր լինելով
Հարկի և տուրքի,
Բաժի և սակի
Ու վճարելով միշտ ճարահատյալ,
Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել`
Հարկը հոգեկա՜ն:
Եվ Դու` եզակի մի հարկահավաք,
Որ ընտրված է – ոչ նշանակված,
Ա՛ռ ու մթերի՜ր,
Ա՛ռ ու պաշարի՜ր
Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու,
Որպեսզի կրկին վերաբաժանես`
Մեր նեղ օրերին,
Բայց... իբրև նպաստ
Եվ ոչ մուրածո ողորմաբաժին...

Գ

Աշխարհազբոսիդ համեմատությամբ
Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
Ի լրո՛ գիտեմ,
Որ քեզ ծին տված բնիկ գավառում
Կար մի մենաստան`
«Սուրբն Կարապետ»,
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Սակայն անօրեն մի նոր օրենքով
Փակ է մեր առջև
Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի,
Այլ գավա՜ռն ամբողջ
Եվ ո՜ղջ մի երկիր,
Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Եվ ընդդեմ այս բաց անարդարության
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
Բայց փակում այնպես,
Ինչպես փակում են մարդիկ մատները,
Եվ ստացվում է դրանից ... բռունցք:

Ուստի իզուր է խոսքը երդումի:
Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք`
Քո Հացեկացը կպեղենք բրչով,
Եվ տարոնական պարզած երկնի տակ
Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի:
Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին...

Դ

Սակայն... Եվ սակայն
Կա սուրբ Օշական,
Որ ազգի համար մի շատ վաղեմի
Հավասար է Նոր Երուսաղեմի:

Աշուն է հիմա:
Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին
Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր,
Իր տերևները, որ շատ են նման
Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի:

Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա:
Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա,
Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար:

Գաղտնասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք
Անխոս – լռելյայն երդում է տալիս
Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ:
Անձնադատորեն նա հանձն է առնում
Արդյունավորվել մի՛միայն այնպես,
Որ հողագնդի բյուր լեզուներից
Անարտաքսելի մնա հավիտյան
Մեր այն բարբառը,
Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել:
Բայց մեխե՜ր նաև`
Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին:

Կանխասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք
Եվ վաղը պիտի դառնա մասնակից
Քո անկշռելի որքանությանը,
Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը,
Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի`
Փոխելով քայլն իր մոլորագընաց,
Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին,
Դասալիք լինի բանակից վարձու:
Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք
Ավանդակորույս իրենց վարքի դեմ
Վերստին պիտի աչքերը բանան:
Հայոց աշխարհի այրերից նրանք,
Ովքեր հուլաբար ճամփա են ընկել
Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ`
Օտար հովերի ապտակին հլու,
Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ`
Խորհե՛ն հայերեն,
Ապրե՛ն հայօրեն...

Ե

Հոռետեսության համար չեմ ծնվել
Եվ դեմ եմ հիմար լավատեսության,
Սակայն շատերից մեկն էլ ես` գիտե՛մ.
Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար:
Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր,
Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե –
Գտած հնարըդ դառնա գործազուրկ,
Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած,
Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի:

Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով`
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես`
Սերունդ ու սերուցք,
Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...

Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում:

Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
- Դու ... գործն ես արել,
- Մենք ... հանձն ենք առել ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ #7
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz