Էս, որ պատմելու եմ ձեզ, զատկի ազիզ կիրակի օրն ա լինում։ Մարդու մեկը թագավորի դռնովն անց կենալիս տեսնում ա, որ հրեն թագավորի կնիկը խաս ու ղումաշ հագած-կապած, զուգված–զարդարվա ծ նստել ա պատուհանի առաջ. — Ախ,— ասում ա,— էրնեկ սա իմ կնիկը լիներ... Թագավորի կնիկը էս որ լսում ա, ձեն ա տալի, թե,
— Այ տղա, հլա մի արի վերև։
Էս մարդու թուք ու մուքը կպչում ա, ասում ա, «էս ա որ կա, նեղացել ա իմ խոսքի վրա թագուհին, ի՞նչ պետք ա լինի իմ ճարը»։ Գալիս ա դողդողալեն կանգնում թագավորի կնկա առաջ, թե,
— Թագուհին ապրած կենա, ի՞նչ կհրամայես։
Թագավորի կնիկը, բաց արած սուփրիցը իրեք հատ ռանգ֊ռանգ ներկած ձու ա դնում էս մարդու առաջը, թե,
— Էս ձվերից, որի ռանգը քեզ դիր ա գալիս, էն վեկալ։ Էս մարդը ներկած ձվերից մեկը ջոկում ա, ՛որ վեր ունի՝
— Համբերի,— ասում ա թագավորի կնիկը, վեր ա ունում, իրեք ձուն էլ կպճում ա, դնում էդ մարդու առաջ, թե.
— Դե հիմի, որ ձուն որ դիր ա գալի քեզ, էն վերկալ։
Էս մարդը մնում ա շվարած։
— Թագուհին ապրած կենա,— ասում ա,— ես ո՞րը վեր ունեմ, իրեքն էլ աչքիս մի տեսակ են երևում։
Նոր էստեղ թագավորի կնիկն ասում ա,
— Աշխարքի կնանիքն էլ ձվերի պես էն, նրանց ռանգ-ռանգ շորերը որ չլեն` բոլորը մեկ են։ Հրես ես թագավորի կնիկ եմ, դու էլ «ախ» ես քաշում, «էրնեկ» տալի, համա, որ էս շորերը վրիցս հանեմ, ես էլ քու կնկա պես մի կնիկ եմ։ Կնկանդ թողած ուրիշ կնկա աչք մի գցի՝ ուրիշի հարսը սիրուն կերևա անփորձ մարդի աչքին։
Լիս գա հոգուդ, տատի ջան։ Էս խրատ-հեքիաթը ես իմ տատիցս եմ լսել։ Հիմի էլ ձեզ պատմեցի, որ դուք էլ ձեր տղերանցը պատմեք։
Ամա դե, խելոքին՝ խրատ, անխելքին մկրատ։ Խելոքն էն ա խրատը հասկանում ա, ամա անխելքը կարծում ա, թե ներկած կլեպի տակին էլ՝ ձուն ուրիշ ռանգի ա։ Հա շորեր ա, որ հանում ա կնանոնց վրիցը։