Ասում են, որ մի մարդ ա եղել, սրան ունեցել ա մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավել ա սիրել, ինքը չի կերել, որդուն ա տվել, ինքը ծարավ ա մնացել, շուրը որդուն ա հասցրել, ինքը չի հագել, որդուն ա հագցրել։ Էդպես սուրբ-սուրբ անելով, հույսը աստծուն տված, տղին մեծացնում ա, պսակում, մուրազին հասցնում։ Օրերը գալիս են իրար ետևից, գալիս են անց են կենում, գնում։ Տղեն տարիք ա առնում, հերն ավելի մեծանում, պառավում ա, աչքի լիսը խավարում, ձեռնուոտից ընկնում ա, չի կարենում մի բան էլա անի։
Տղեն տեսնում ա, որ հերը իրա վզին բեռ ա դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ ա վեր ունում, էդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում ա մեջը, շալակում, տանում իրանց սարը, էնտեղ մի քերծով վեր գցում։
Ժամանակը չէ՞ որ գալիս ա, անց ա կենում, գնում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ ա հասնում, սա էլ հոր նման պառավում, ձեռուոտից ընկնում ա։
Հիմի սրա տղան ա։ Տեսնում ա, որ հերը ծանրություն ա տալիս իրան, գցում ա ջվալի մեջ, շալակում բերում սարը, քերծովը վեր գցի, ասում ա,
— Ապեր, էստեղ կաց, ես էս ա գալիս եմ։
— Որդի,— ասում ա հերը,— ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ։ Ամա տեղը էս չի, էն կողմն ա տեղը, էն քերծովը վեր գցի, ես իմ հորը, հրեն այ, էն քերծովն եմ վեր գցել։
Հոր խոսքերը որ լսում ա տղեն, ոնց որ՝ թե ուշքի ա գալիս, մտածում ա՝ թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետք ա բերի սարի քերծովը վեր գցի, բան հոգի անի։
Սուս ու փուս վեր ա ունում հոր ձեռը պաչում։ Մենակ մի բան ա ասում.
— Ապի,— ասում ա,— թե կարաս բախշի իմ էս արարմունքը։
— Այ որդի,— ասում ա հերը,— մեղավորը դու չես։ Ես որ իմ հորը իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չէր բերի։
Տղեն լավ հասկանում ա հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում ա տուն, պատվով պահում-պահպանում։ Երբ որ ժամանակը գալիս ա, հերը մնացած ումբրը որդուն ա տալի՝ մեռնում ա։ Տղեն մեծ պատվով թաղում ա հորը ու իրա երեխանցն էլ սովորացնում մեծի պատիվը պահելը։
— Հայրիկ,— ասեց մեր մեծ հարսը,— մի քանի տարի առաջ Հալեպ քաղաքի պատմությունն էիր արել, ի՞նչ կլինի, որ մեկ էլ ասես։
— Քյոսի, թոփալի ու քոռի պատմությո՞ւնը։
Լավ։ Պատմեմ։