Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-12-22, 15.49.01
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Հովհաննես Թումանյան (Հեքիաթներ)
NvardДата: Воскресенье, 2010-11-14, 22.16.26 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ։

Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։

Սա տեսնում է, թե ինչպես ամենքը սիրում են Լուսիկին, ու նախանձը, օձի նման բույն է դնում սրտի մեջ։ Սկսում է Լուսիկին բամբասել ու լացացնել ամեն օր, ամեն օր...

Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ հագուստ։

Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:

Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։

Մտածում է, մտածում է. ու մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։

Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել։

— Ա՛յ,— ասում է.— էս էլ քո սիրած քույրը, տանը ինչ ունեինք-չունեինք՝ ջարդեց։

— Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն էլ առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։

Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։

— Ա՛յ,— ասում է,— էս էլ քո սիրած քույրը, քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ արել։

Մարդը ասում է.

— Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։

Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անցկացավ, ավելի է կատաղում իրեն կրծում։

Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը։

Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում.

— Վա՜յ, երեխես, երեխես...

Տանըցիք վեր են թռչում, տեսնում են երեխեն օրորոցում մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ...

Հարսն ասում է.

— Էլ ո՞վ պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք, նա կլինի։

Համաձայնում են։ Ման են գալի, ու... արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։

Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ...

— Է՛ս էլ քո սիրած քույրը,— ճչում է չար կինը ու երեսը պոկում,— երեխես, երեխես...

Առավոտը լուսի հետ աշխարհքով մին լուրը տարածվում է։ Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը։ Դատում են վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ տանում, հեռացնում, կորցնում են հեռո՜ւ, հեռո՜ւ անտառներում։

Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։

Օրերից մի օր թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։

Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել։

— Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,— ձեն է տալի աղջիկը ծառի փչակից,— ես մարդ եմ, գազան չեմ։

— Թե մարդ ես, դե դուրս արի։

— Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։

Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալիս իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա. դուրս է գալիս մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։

— Ո՞վ ես դուն, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ինչո՞ւ ես մտել ծառի փչակը...

— Ես մի էսպես աղջիկ եմ. աշխարհքումը մի ախպեր ունեմ, բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ...

— Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ,— ասում է արքաորդին ու առնում է Լուսիկին տանում իրենց տունը։

Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։

— Թե սրա հետ կպսակվեմ, լավ, թե չէ հո՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերն ասում են.

— Ա՛յ որդի, աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն. թագավորի աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ... Էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես։

— Չէ՜, որ չէ...

Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։

Խելոք մարդիկ ասում են.

— Մարդ ու կնկա բախտը որ կա՝ սրտիցն է։ Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել։

Էս որ լսում են՝ հերն ու մերն էլ համաձայնվում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տդեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։

Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի՝ իրեն տեղեկություն գրեն։ Պատվիրում է ու գնում։

Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում։

Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ, էս նամակը տանողը գնում է ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե՝ հապա, էսպես-էսպես մի բան է պատահել ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։

Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը։ Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ հապա չես ասիլ, քո գնալուց ետը կինդ ծնեց՝ մի շան լակոտ բերավ... էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ. հիմի քեզ իմացնում ենք՝ գրի ինչ անենք, ինչ չանենք։

Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շա՜տ-շատ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ աստված տվել է՝ իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։

Գրում է, նամակը տալիս սուրհանդակին, ետ ղրկում։ Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։

Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ ինձ մի փորձանքի կտամ։ Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են.

— Էս ի՞նչ բան է. ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե՝ դուրս արեք...

Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր՝ պետք է կատարեին։

Բերում են երեխին կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում։

Երեխեն դոշիցը կապած՝ Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ։

Էս անապատում՝ ծարավ, ջրչոր՝ գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է։ Կռանում է թե ջուր խմի՝ երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի.

— Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՛ վախիլ, հանի...

Ետ է նայում, տեսնում՝ սպիտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է.

— Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։

— Հա´նի, հա´նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի... Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է։

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է, ու էլ տուն չի մտնում, դռնից ետ է դառնում, գնում է աշխարհքե-աշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։

Գնում է ման գալի, էս կողմը հարց ու փորձ, էն կողմը հարց ու փորձ, մի տեղ պատահում է մի մարդու։

— Բարի օր։

— Աստծու բարին։

— Ո՞ւր առաջ բարի։

— Իմ քրոջն եմ ման գալի։

— Դէ մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան... երեխիս եմ ման գալի։

Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, երկու տարի երեք տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկություն։ Էս թագավորի տղեն վերջը գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան։

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.

— Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է.

— Քուններս չի տանում, քույրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անցկենա։

— Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ,— պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեք։

— Լավ, էդ պատմի։

Ու աղքատ կինը սկսում է պատմել։

— Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։

Տանտիկինը էն կողմից բարկանում է.

— Հը´, սկսեց գլխիցը դուրս տալ։

— Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի.— նեղանում է մարդը։— Պատմի, քույրիկ, դու պատմի...

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը.

— Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։

— Հը, դե տեսեք ինչ է ասում է՛ս անզգամը...— կրկին մեջ է ընկնում տանտիկինը։

— Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։

Աղքատ կնիկը շարունակում է.

— Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը...

— Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,— ճչում է տանտիկինը։

— Ի՞նչ ես ընդհատում,— գոռում է մարդը կնոջ վրա։— Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։

Աղքատը շարունակում է.

— Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ...

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել...»

— Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,— կատաղում է տանտիկինը։

— Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում,— խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։

Աղքատը շարունակում է.

— Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ «Նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքին կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։

— Էս ո՞րտեղից եկավ էս շունը,— աղաղակում է տանտիկինը։

— Բավական է,— գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։— Պատմի, քույրիկ, հետո՞... հետո՞...

Աղքատը շարունակում է.

— Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում...

— Սուտ է ասում,— գոչում է տանտիկինը։

Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին.

— Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը... Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար...

— Վա՜յ...— ուշաթափվում է տանտիկինը։

— Լուսիկ ջա՜ն... մի՞թե դու ես...— վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,— Լուսիկ ջան...

— Հա, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը...

Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։

Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։

 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz