1 Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։
Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։
Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։
Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։
Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։
Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։
Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։
Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։
Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։
Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։
Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.
— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։
Հերը նայում է իր աթոռին ու գոռում.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։
Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։
Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։
— Էս ո՞վ է... գտել եմ... հրես բռնեցեք... վայ... վայ... բռնեցեք։
Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։