Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-12-30, 22.05.44
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ)
NvardДата: Среда, 2010-11-17, 23.35.15 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Մի աշուղ է լինում։ Օրերից մի օր էս աշուղը մենակ վեր է կենում գնում անտառը։ Անտառում դես է մտածում, դեն է մտածում, մինչև որ մտածելու բանը հատնում է։ Որ մտածելու բանը ուսանում է՝ «Օ ֆ, ասում է, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակը էստեղ։ Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...»

Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ջութակի ձենը հնչում է անտառում։ Էս ձենի վրա անտառի խորքից վազեվազ դուրս է գալիս մի գել։

— Ախ, գելը...— հառաչում է աշուղը։— Բայց ես սրան չէի ուզում... Ես գելի հետ ի՞նչ անեմ...

Իսկ գելը մոտ է գալիս ու սկսում է խոսել։

— Էդ ի նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։

— Սրա սովորեցնելն ինչ բան է որ,— պատասխանում է աշուղը։— Կսովորեցնեմ, միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս գելը։— էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Գնում են։ Գնում են, գնում, տեսնում են ճանապարհին մի պառավ կաղնի, մեջը փուչ, ինքը ճղված։

— Դե հիմի լսի՛ր, տես ինչ եմ ասում,— դառնում է աշուղը գելին։ — Եթե ճշմարիտ սրտով ուզում ես նվագել սովորես, ամենից առաջ պետք է առջևի թաթերդ էս ծառի ճեղքումը դնես։

Գելը լսում է վարպետին, առջևի թաթերը դնում է ծառի ճեղքում։ Վարպետը ձեռաց կողքի մեծ քարը վերցնում է էնպես ուժով զարկում աշակերտի ջուխտ թաթերին ու էնպես խորը մխում ծառի մեջ, որ խեղճը տեղն ու տեղը նստում է ու մնում է գերի էն ծառին։

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու գնում։ Մի քիչ որ գնում է, դարձյալ սկսում է ինքն իրեն հետ խոսել.

— Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...

Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Մին էլ տեսնում է ծառերի արանքից դուրս եկավ աղվեսը։

— Հիմի էլ աղվեսը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Աղվեսի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ աղվեսը գալիս է առաջը կտրում։

— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։

— Ինչու չէ, կսովորեցնեմ,— պատասխանում է աշուղը,— միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս աղվեսը։— էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Աղվեսն ուրախ-ուրախ ընկնում է վարպետի ետևից ու գնում են։ Գնում են, գնում, մտնում են մի նեղ կածան, երկու կողմից բարձր թփեր։ Վարպետն էստեղ կանգ է առնում, ճամփի մի կողմից մի փոքրիկ ընկույզի ծառի ծեր է կռացնում դեպի գետին ու ոտը դնում վրեն, մյուս կողմից էլ մի ուրիշ ծառ ու կանչում է աղվեսին։

— Հապա դե ե՛կ, սիրելիս, եթե ուզում ես բան սովորես՝ դեսը բեր առջևի ձախ թաթդ։

Աղվեսը լսում է, թաթը մեկնում է։ Վարպետը բոնում է կապում ձախ ծառի կատարին։

— Դե հիմի էլ աջը բեր։

Աջն էլ կապում է աջ կողմի ծառի կատարին։ Հետո մտիկ է, անում՝ ամուր են կապված թե չէ, ու բաց է թողնում ծառերի կատարները։ Ծառերը ետ են գնում, վերև են թռցնում աղվեսին ու սկսում են ճոճել օդի մեջ։

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու շարունակում իր ճամփեն։

Մի քիչ որ անց է կենում, նորից սկսում է ինքն իրեն խոսել.

— Օ՜ֆ, ի՜նչ երկար ու ձանձրալի է ժամանակն էստեղ... Պետք է մի լավ ընկեր գտնեմ ինձ համար...— Ասում է, ջութակն ուսից վեր է բերում ու նվագում։ Ոստոստալով առաջ է ելնում մի նապաստակ։

— Համեցեք. հիմի էլ նապաստակը... բայց ես սրան էլ չեմ ուզում... Ես նապաստակի հետ ի՞նչ անեմ,— հառաչում է աշուղը, իսկ նապաստակը մոտ է գալի։

— Էդ ի՜նչ լավ ես նվագում, վարպետ։ Ի՞նչ կլինի ինձ էլ սովորեցնես։

— Ինչու չէ, կարելի է, և հեշտ էլ կսովորես։ Միայն թե ինչ որ ասեմ, պետք է լսես։

— Աչքիս վրա,— խոսք է տալիս նապաստակը։— Էնպես լսեմ, ինչպես աշակերտը վարպետին կլսի։

— Դե որ էդպես է՝ ետևիցս արի։

Գնում են։ Գնում են, գնում, դուրս են գալիս անտառի մեջ մի բացատ։ Բացատի մեջտեղը կանգնած է լինում մի բարդի։ Վարպետը մի թոկ է հանում, թոկի մի ծերը ծառից է կապում, մյուս ծերը նապաստակի վզից ու կանչում է.

— Հապա, իմ խլուշիկ, դե մի քսան անգամ էս ծառի բոլորքով պտուտ արի, տեսնեմ քո ճարպկությունը։

Նապաստակը լսում է. քսան անգամ պտուտ է գալի ծառի բոլորքով։ Թոկը փաթաթվում է ծառին, խեղճը մնում է ծառին կպած ու քանի ձիգ է տալիս, քաշում, քաշքշում, էնքան թոկը վիզը կտրում է։

— Էստեղ կաց, մինչև մին էլ ետ կգամ,— ասում է վարպետն ու իր ճամփեն շարունակում։

Վարպետի գնալուց ետը դես է ձիգ տալի, դեն է ձիգ տալի գելը, քարն է կրծում, ծառն է կրծում, էնքան անում է, մինչև թաթերը հանում է կաղնու ճեղքից։ Հանում է ու, թե չորս ոտն ուներ՝ չորսն էլ փոխ է առնում, կատաղած, գազազած ընկնում է վարպետի ետևից, որ հասնի պատառ-պատառ անի։ Օդում ճոճվող աղվեսը հեռվից ազատ գելին տեսնում է թե չէ՝ սկսում է լաց լինել ու աղաղակել.

— Գել ախպե՜ր, գել ախպե՜ր, հասի՜ր օգնիր ինձ, էն վարպետը ինձ խաբեց։

Գելը հասնում է. ծառերը կռացնում, թոկերը կրծոտում, կտրատում, աղվեսին ազատում, ու երկուսով միասին ընկնում են վարպետի ետևից, որ իրենց վրեժը հանեն։

Գնում են, գնում, ճամփին պատահում են ծառին փաթաթված նապաստակին։ Սրան էլ էստեղ են ազատում ու երեքով միասին լարվում են ընդհանուր թշնամու՝ վարպետի ետևից։

Վարպետը շարունակում է իր ճանապարհն անտառում։ Մի անգամ էլ նվագում է, ու էս անգամ բախտը բանում է։ Ջութակի ձենը լսում է մի աղքատ փայտահատ, գործը թողնում է, կացինը դնում է կռնատակին՝ գալիս է կանգնում երգը լսելու։

— Վերջապես եկավ իմ ընկերը,— բացականչում է վարպետը։— Ես մարդ էի որոնում, ոչ թե վայրենի գազաններ։— Ու սկսում է նվագել էնքան սրտառուչ, էնքան հրաշալի, որ փայտահատը զմայլվում է, սիրտը կրծքում ուրախությունից խաղս է լինում։

Հենց էս ժամանակ վրա են հասնում գելը, աղվեսն ու նապաստակը։ Փայտահատը նկատում է, որ նրանց մտքում չար բան կա վարպետի դեմ, իսկույն առաջ է անցնում, բարձրացնում իր սուր կացինն ու ասում.

— Ով սրա վրա գա, իմացած կենա, որ ինձ հետ է գործ ունենալու։

Գազանները էս որ տեսնում են՝ սարսափում են ու, պո՛ւկ, ետ են փախչում դեպի անտառի խորքերը։ Վարպետը փայտահատին շնորհակալություն անելու համար մի երգ էլ նվագում է ու գնում։ Գնում է հասնում է իր տունը, ջութակը պատին կախում ու պառկում։ Գիշերը գալիս է. ուզում է քնի, քունը չի, տանում։ Շարունակ գելը, աղվեսն ու նապաստակն են մտքի միջին։ Մին էլ հանկարծ գիշերվա մի ժամանակը հենց լուսամուտի տակին գելն ու աղվեսը սկսում են ձեն ձենի տալ ու ոռնալ, իսկ նապաստակը նրանց ետևից ծվծվում է.

— Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ.
Մեզ տանջել էիր ուզում դուն,
Տանջվիր հիմի դե զարթուն.
Մինչև լուսը մենք էսպես
Հանգիստ քուն չենք տալու քեզ...
Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ...

Երգում են, երգում են անասունները։ Ջութակն էլ պատի վրիցն է սկսում իրեն-իրեն նվագել նրանց հետ, ու էնպես աղեկտուր, էնպես ողբալի, որ խեղճ վարպետը չի իմանում ուր կորչի էն երգի ու երաժշտության ձենից։ Ամբողջ գիշերը չի կարողանում աչքը կպցնի, տանջվում է ու տանջվում։

Ծերերն ասում են, թե իբրև վարպետը էն օրվանից ետը ինչքան ապրեց աշխարհքում՝ ամեն գիշեր նրա լուսամատի տակ հնչում էր էս տխուր, սրտաճմլիկ երգը.

Ճը՛զը, վը՛զը, քաջ վարպետ,
Էս ի՞նչ արիր դու մեզ հետ...

Ու ջութակը ողբում էր հետը։ Ամեն գիշեր, ամեն գիշեր մինչև լուսը, մինչև իր մահը։

 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz