Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Երկու երեխա ունեին, տղի անունը Հենզել էր, աղջկանը՝ Գրետել։ Առանց էն էլ պակասության մեջ են լինում, թանկությունն էլ, որ ընկնում է էն կողմերում, իրենց օրվա հացն էլ չեն կարողանում ճարեն։ Մի օր էլ, տեղումը պառկած, փայտահատը դես է մտածում, դեն է մտածում, դարդից մի կողքից մյուս կողքի վրա է շուռումուռ գալիս, վերջը կնոջն ասում է.
— Էս ի՜նչպես պետք է անենք, ա՛յ կնիկ, իսկի բան չունենք, ինչո՞վ պիտի պահենք էս երեխաներին։
— Գիտես, ա՛յ մարդ,— պատասխանում է կինը,— արի առավոտը ծեգին երեխաներին տանենք անտառի խորքը, կրակ անենք, մի-մի կտոր հաց տանք ձեռներն ու էնտեղ թողնենք, մենք ետ գանք մեր գործին։ Ճամփեն չեն գտնիլ, որ ետ գան տուն, ու մենք էլ կազատվենք։
— Չէ, ա՛յ կնիկ,— պատասխանում է փայտահատը,— ես էդպես բան չեմ անիլ, իմ սիրտը չի տանիլ, որ ես իմ ձեռքով իմ երեխաներին տանեմ թողնեմ անտառում, վերջապես գազանները կհարձակվեն ու կպատառոտեն նրանց։
— Ը՛հ, հիմար,— ասում է կինը,— էսպես թե էնպես չորսս էլ սովամահ կորչելու ենք, էն ժամանակ գնա ու դագաղների համար տախտակ տաշի...— Ու հանգիստ չի տալի մարդուն, մինչև որ չի համաձայնվում իրեն հետ։
— Բայց էլի մեղքս գալիս է խեղճ երեխաների վրա,— ասում է փայտահատը, կնոջ հետ համաձայնվելուց հետո։
Իսկ երեխաների քունը սովից չի տանում, լսում են ամեն բան, ինչ որ խորթ մերը ասում է իրենց հորը։
Աղի-աղի լաց է լինում Գրետելը ու դառնում Հենզելին.
— Մենք կորանք, Հե՛նզել։
— Սո՛ւս կաց, Գրետել ջան,— ասում է Հենզելը,— դարդ մի անիլ, ես սրա ճարը գիտեմ։
Եվ ահա մեծերը քնում են թե չէ, Հենզելը վեր է կենում, իր շորերը հագնում, դուռը բաց է անում ու ծլկում փողոց։ Լուսինը պայծառ լուսավորում էր ու իրենց տան առջևը ցրված սպիտակ լափուկները արծաթի փողի նման շողշողում էին։ Հենզելը կռանում է, ու գրպանն ինչքան տանում է, էդ քարերով լցնում է։ Հետո վերադառնում է տուն։ Գրետելին ասում է.
— Հանգիստ կաց, քույրիկ ջան։ Քնի՛ր, աստված մեզ չի կորցնիլ։— Ու նորից պառկում է իր անկողնում։
Առավոտը ծեգում է թե չէ, արևածագից առաջ, խորթ մերը գալիս է երեխաներին զարթնեցնում։
— Դե, շուտ արեք, վեր կացեք, ծույլե՛ր, պատրաստվեցեք գնանք անտառը փայտ բերելու։— Հետո ամեն մեկին մի-մի կտոր հաց է տալիս ու պատվիրում.
— Ահա էս ձեզ տալիս եմ ճաշի համար. տեսեք, մինչև ճաշը չուտեք, թե չէ, միևնույն է, հետո էլ ոչինչ չեք ստանալու։
Գրետելը հացը դնում է գրպանը, որովհետև Հենզելի գրպանները բերնե-բերան լիքն էին քարերով։ Հետո վեր են կենում ու ճանապարհ են ընկնում դեպի անտառը։
Մի քիչ որ անց է կենում, Հենզելը կանգ է առնում ու նայում է ետ՝ դեպի իրենց խրճիթը, ու շարունակ էդպես ետ է մնում։ Հերն ասում է.
— Հենզել, ի՞նչ ես դու շարունակ ետ մտիկ տալիս ու ետ մնում, հորանջելու ժամանակ չի, ոտներդ ժաժ տուր։
— Հայրի՛կ, ես մեր սպիտակ կատվին եմ մտիկ տալի, ա՜յ, էնտեղ կտերը նստել է, կարծես թե մեզ վերջին «մնաս բարովն» է ասում։
Խորթ մերը էստեղ խոսքը կտրում է.
— Ապուշ, իսկի էլ էն մեր կատուն չի, էն կտուրի վրի սիպտակ ծխնելույզն է, որ փայլում է արևի տակ։
Իսկ Հենզելը կտուրի վրա նայելու մասին իսկի չէր էլ մտածում, նա ետ ընկնելով իր զրպանի սպիտակ քարերն էր ցանում ճամփին։
Հենց որ հասնում են անտառի խորքը, Հերն ասում է.
— Դե՛, երեխե՛ք, փետ հավաքեցեք, ձեզ համար կրակ անեմ, որ չմրսեք։— Ձեռաց Հենգելն ու Գրետելը ջախ են հավաքում, բերում կիտում։ Զախը վառում են, բոցը վեր է բարձրանում։ Խորթ մերը ասում է.
— Դե երեխեք, դուք կրակի կողքին պառկեցեք ու հանգստացեք, իսկ մենք գնանք մի քիչ հեռու փետ անենք, պրծնենք թե չէ, կգանք ձեզ էլ կվերցնենք, միասին կգնանք տուն։
Հենզելն ու Գրետելը կրակի կողքին նստում են, ճաշելու ժամանակն էլ որ գալիս է, ամենքն իրենց հացի կտորն ուտում են։ Եվ որովհետև կացնի ձեն էին լսում, հավատացած էին, որ իրենց հերը մոտիկ մի որևիցե տեղ է։ Բայց որ թրխկացնում էր, էն կացինը չէր, մի կոճղ էր, որ փայտահատը կապել էր մի չոր ծառի, քամուց գնում էր գալիս, զարկում ծառի բնին ու թրխկացնում։ Ու էսպես, երեխեքը երկար-երկար նստում են, աչքները հոգնածությունից փակվում են իրանց-իրանց, ու խորը քնում են։
Մին էլ վեր են կենում, տեսնում են՝ արդեն մութ գիշեր է։
— Ո՞նց պետք է էս անտառից դուրս գանք, Հե՛նզել։ Հենզելը սիրտ է տալիս.
— Մի քիչ կաց, հրես լուսնյակը դուրս կգա, ճանապարհը կգտնենք։
Հենց որ լուսինը դուրս է գալիս, Հենզելը քրոջ ձեռքը բռնում է ու գնում իր ցանած քարերով, որոնք արծաթի փողերի նման պսպղում էին ու ցույց տալիս ճանապարհը։
Ամբողջ գիշերը էսպես մինչև լույս գնում են ու լուսաբացին հասնում են իրենց տունը։ Դուռը ծեծում են. խորթ մերը թաց է անում, ու թեև շատ է զարմանում, որ տեսնում է Հենզելն ու Գրետելն են, բայց ասում է.
— Ա՛յ դուք չար երեխեք, էսքան ժամանակ ի՞նչ եք անտառում քնել ու մնացել, մենք Էլ կարծում էինք՝ էլ չեք ուզում մեզ մոտ վերադառնաք։
Իսկ հերն ուրախանում է, որովհետև նրա սիրտը ցավում էր, որ իր երեխաներին մենակ անտառում էր թողել։
Մի քիչ ժամանակ անց կենալուց ետը, նորից սով է ընկնում ամեն տեղ, ու նորից երեխաները լսում են, թե ինչպես իրենց խորթ մերը գիշերը հորն ասում է.
— Էլ ետ ինչ ունեինք-չունեինք կերանք։ Մենակ մի կես հաց է մնացել, էն էլ որ կերանք, մեր բանը պրծած է։ Պետք է էս երեխանցը հեռացնենք։ Տանենք անտառն, էս անգամ ավելի խորը, որ էլ չկարողանան ճամփա գտնեն ու ետ գան, թե չէ էլ մեզ փրկություն չկա։
Էս բանը քարի նման ճնշում է հոր սիրտը, ու միտք է անում.
— Ավելի լավ է էն մնացած վերջին պատառն էլ բաժանի իր երեխաների հետ։
Բայց ինչ որ ասում է, կինը ոչ մի բան չի ուզում լսի. հենց մի գլուխ հայհոյում է ու նախատում։ Դե ով որ այբն ասել է, բենն էլ պետք է ասի։ Փայտահատն էլ, որ մի անգամ արդեն կնոջ հետ համաձայնել էր, երկրորդ անգամ էլ պետք է համաձայներ։
Իսկ երեխաները դու մի ասիլ քնած չեն, ու էս բոլորը լսում են։ Մեծերը քնում են թե չէ, Հենզելը տեղից վեր է կենում, ուզում է առաջվա նման էլի դուրս գնա պաշարի համար գրպանը լափուկներով լցնի, խորթ մերը դուռը փակած է լինում, չի կարողանում դուրս գնա, բայց էլի քրոջն ամեն կերպ սիրտ է տալիս.
— Լաց մի լինիր, Գրետել ջան, դու հանգիստ քնիր քեզ համար։ Աստված ողորմած է, մեզ չի կորցնիլ։
Առավոտը ծեգին խորթ մերը գալիս է տեդներից վեր կացնում։ Ամեն մեկին մի կտոր հաց է տալիս, հացի կտորն էլ առաջվա տվածիցն ավելի փոքր։ Եվ ահա անտառը գնալիս ճամփին Հենզելը գրպանում շարունակ մանրում է իր հացի կտորը, շուտ-շուտ ետ մնում ու ցանում ետևներից։ Հերն ասում է.
— Հենզել, դու քա՞նի կանգնես ու չորս կողմի վրա հորանջես. ճամփեդ գնա էլի՜։
—Հայրի՛կ, ես մեր սպիտակ աղավնուն եմ մտիկ տալիս, որ հրեն հա մեր տանիքին նստած՝ կարծես թե ինձ բարև է ղրկում։
— Հիմա՛ր,— կանչում է մերը,— էն իսկի էլ քո աղավնին չի, էն սպիտակ ծխնելույզն է արևի տակ սպիտակին տալիս։
Իսկ Հենզելն էդ ժամանակ հացի փշրանքները հենց գցում է ու գցում իրենց ճամփին։
Երեխաներին տանում են անտառը, էնպես մի խորը տեղ, որ իրենց օրում չէին եղած, էնտեղ էլ կրակ են անում, ու խորթ մերն ասում է.
— Երեխե՛ք, դուք էստեղ նստեցեք, ու, թե քուններդ կտանի, քնեցեք. իսկ մենք մի քիչ ավելի խոր գնանք, փետ հավաքենք, հետո, իրիկունը, երբ որ գործներս կվերջացնենք, կգանք ձեզ էլ կառնենք ու կերթանք տուն։
Ճաշի ժամանակը որ հասնում է, Գրետելը իր հացի կտորը բաժանում է Հենզելի հետ, որովհետև Հենզելն իր հացը ճանապարհին փշրել էր։ Հետո ննջում են. իրիկունն էլ վրա է հասնում, բայց ոչ ոք չի գալիս խեղճ երեխաների ետևից։ Զարթնում են կեսգիշերին։ Հենզելը սկսում է սիրտ տալ իր քրոջը.
—Գրետել ջան, սպասիր մինչև լուսինը դուրս գա, էն ժամանակ կերևան հացի փշրանքները, որ ես ճամփին շաղ եմ տվել. նրանցով կգտնենք մեր ճամփեն ու կգնանք տուն:
Լուսինը դուրս է գալիս թե չէ, երեխեքը ճամփա են ընկնում ետ դեպի տուն, բայց ոչ մի փշրանք չեն գտնում, որովհետև դաշտերի ու անտառների հազարավոր թռչունները վեր էին քաղել: Իսկ Հենզելը շարունակ Գրետելին ասում է.
— Ինչպես որ լինի, մենք կգտնենք ճանապարհը...
Բայց ճանապարհ գտնել չեն կարողանում։ Թափառում են գիշերը մինչև լույս, հետո ամբողջ օրը առավոտից մինչև իրիկուն, ոչ մի կերպ չեն կարողանում անտառից դուրս գան. հետն էլ սովում են, որովհետև ուտելու ոչ մի բան չեն ունենում, բացի մի քանի մորին, որ էստեղ-էնտեղ կարմրին էին տալիս խոտերում։ Վերջապես, երբ որ էնքան հոգնում են, որ երկուսի ոտներն էլ թմրում են, մի ծառի տակի պառկում են քնում։ Բացվում է երրորդ օրվա առավոտը, ինչ որ երեխեքը թողել էին իրենց հորական տունը։ Նորից ճանապարհ են ընկնում դեպի տուն, բայց ամեն մի քայլափոխով միայն անտառի խորքն են մտնում ավելի ու ավելի խորը, և եթե շուտով օգնություն չհստներ, անպատճառ պետք է կորչեին։
Կեսօրին տեսնում են մի ծառի ճյուղին մի սպիտակ սիրուն թռչուն։ Էս սպիտակ սիրուն թռչունը էնպես լավ է երգում, որ երեխեքն ակամայից մարում են տեղներն ու ականջ են դնում նրան։ Լռում է թե չէ, թևին է անում, երեխանց կողքից թռչում նստում մյուս ծառին, երեխաներն էլ նրա ետևից էսպես գնում են, գնում, մինչև որ հասնում են մի տնակի։ Էս տնակի տանիքին թռչունը իջնում է։ Երեխեքը տնակին մոտենում են, տեսնում են, ինքը տունը ամբողջովին հացից է շինած, կտուրը գաթից, իսկ լուսամուտները թափանցիկ շաքարից։
— Ահա՛, հենց սրանից էլ կսկսենք,— ասում է Հենզելը.— մի լավ քեֆ անենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էս լուսամուտից կեր, Գրետել. ով գիտի ի՜նչ անուշ է, չէ՞։
Ու Հենզելը ձգվում է դեպի վերև, տանիքից մի փոքրիկ կտոր է կտրում, Գրետելն էլ կռանում է, սկսում է լուսամուտի ապակին ուտել։ Հենց էս ժամանակ, ներսից մի բարակ ձեն է գալիս.
— Կը՛րծ, կը՛րծ, կը՛րծ, խը՛զ, խը՛զ, խը՛զ,
Էս ո՞վ է կրծում տունըս։
Երեխեքը պատասխանում են.
Էս քամին է անում խիստ,
Չարաճըճին անհանգիստ։
Ու առանց սրանից շփոթվելու շարունակում են ուտել։ Հենզելին տանիքն էնքան դուր էր եկել, որ մեծ կտոր կտրեց, իսկ Գրետելը լուսամուտից հանեց մի ամբողջ ապակի, տեղն ու տեղը նստեց ու անուշ-անուշ ուտում էր։
Մին էլ հանկարծ դռները ետ են բացվում, ու իր գավազանին հենված դուրս է գալիս մի պառա՜վ-պառավ կին։ Հենզելն ու Գրետելը էնքա՜ն են վախենում, էնքա՜ն են վախենում, որ պատառները ձեռներից վեր են գցում։ Իսկ պառավը գլուխը շարժելով առաջ է գալիս.
— Վո՜ւյ, երեխեք ջան, էդ ո՞վ բերեց ձեզ էստեղ։ Ներս եկե՛ք, եկե՛ք ինձ մոտ կացեք, մի՛ վախենաք, ոչ մեկիդ վնաս չեմ տալ։
Ասում է, թաթներիցը բռնում ու ներս տանում։ Տանում է լավ նախաճաշ է տալիս, էլ կաթը, շաքարահաց, էլ խնձոր, էլ ընկույզ։ Հետո երկու տեղ է գցում մաքուր, ճերմակ։ Հենզելն ու Գրետելը պառկում են՝ էնպես է թվում, թե դրախտն ընկան։
Դու մի՛ ասիլ՝ պառավը էսպես բարի փաղաքուշ է ձևանում, բայց իսկապես մի չար կախարդ է եղել, ամեն կերպ հետևում է երեխաներին և դիտմամբ էլ տունը հացից է շինել, որ նրանց հեշտ գրավի դեպի իրեն։ Ով ճանկն է ընկնում, սպանում է, եփում, լափում, էդ նրա համար մի ուրախություն է։
Կախարդների աչքերը սովորաբար կարմիր են լինում ու հեռու չեն տեսնում, բայց զարմանալի սուր հոտառություն են ունենում, ճիշտ գիշատիչ գազանների պես։ Անց կենող մարդու հոտը հեռվից են իմանում։ Երբ որ Հենզելն ու Գրետելը նրա տնակի մոտերքը թափառելիս են լինում, նա հեռվից արդեն նրանց հոտն առնում է, չարախնդաց ծիծաղում ու կռնչում։
— Է՜, սրանք արդեն ճանկումս են... սրանք էլ ինձանից չեն պրծնիլ...
Առավոտը ծեգին, երեխաներից առաջ, չար կախարդը մի շուտով տեղիցը վեր է թռչում ու երբ տեսնում է նրանց էնպես խաղաղ քնած, լիքը, վարդագույն թշերով, իրեն-իրեն մռմռում է.
— Ուխա՜յ, ինչ անուշ պատառներ են...
Հենզելին բռնում է իր ոսկրոտ ձեռներով, քարշ է տալիս, տանում հավանոցը գցում, վանդակավոր դուռը փակում ու թողնում էնտեղ գոռա, հնչքան սիրտը կուզի։ Ինչքան էլ գոռա՝ էլ ի՞նչ պետք է անի։ Հետո գնում է Գրետելի ետևից, հրում ու ճըզճզում.
— Դե՛, շո՛ւտ, վե՛ր կաց, ծո՛ւյլ աղջիկ։ Գնա ջուր բեր, եղբորդ համար մի որևէ համով բան եփիր։ Հրեն հավանոցում փակել եմ, պետք է նրան կերակրել, որ մի լավ չաղանա ինձ համար... Պետք է չաղանա, որ ուտեմ...
Գրետելն ուզում է լաց լինի, բայց էդ բոլորը զուր էին. մնում է սուս ու փուս պառավի հրամանները կատարել։ Ու սկսում է Հենզելի համար համով կերակուրներ եփել, իսկ իրեն, Գրետելին բացի չոր ոսկորներից բան չէր տալիս։
Ամեն առավոտ պառավը գնում է հավանոցի դուռը կտրում ու կանչում.
— Հե՛նզել, մատդ դեսը մեկնիր, տեսնեմ չաղացե՞լ ես թե չէ։
Հենզելը մատի տեղակ միշտ մի ոսկոր է դուրս մեկնում, պառավն էլ որ լավ չի տեսնում, չի կարողանում ջոկի, մտածում է, որ էս Հենզելի մատն է, ու զարմանում է, թե ինչպես է, որ Հենզելն իսկի չի չաղանում։
Էսպես չորս շաբաթը անց է կենում, Հենզելը էլի մնում է նիհար, պառավի համբերությունը հատնում է ու էլ չի ուզում սպասի։
— Դե՛, հա՛յդե, Գրետե՜լ ջան, գնա ջուր բեր. չաղ լինի թե նիհար, միևնույն է, էգուց Հենզելին մորթելու եմ, եփեմ ուտեմ։
Ինչքա՜ն է դարդ անում խեղճ Գրետելը, ինչքա՜ն է դարդ անում ջուր բերելիս, արտասուքը էն ջրի նման աչքիցը թափվում է։
— Ողորմած աստվա՛ծ, դու մեզ օգնության հասնես,— կանչում է նա։— Երանի թե անտառումը մեզ գազանները պատառոտեին, գոնե ես ու Հենզելը միասին կլինեինք։
— Զուր սիրտդ մի՛ մաշիր,— ասում է պառավը,— միևնույն է, էլ ոչ մի բան չի օգնի։
Առավոտը վաղ Գրետելը պետք է վեր կենար, պղինձը կրակին դներ, ջրով լցներ ու տակին կրակ աներ։
— Ամենից առաջ դեռ մի թխվածք անենք, ես արդեն փուռը վառել եմ ու խմորը հունցել։
Ասում է պառավն ու տանում է խեղճ Գրետելին փռան առաջր կանգնեցնում, հրում է դեպի բոցավառ փռան բերանը։
— Մտի՛ր,— ասում է,— գնա տես, փետերը լա՞վ են դարսած, լա՞վ են էրվում, խմորը գնդելու ժամանա՞կն է՝ թե չէ։
Ուզում է Գրետելը կռանա թե չէ, բոթի, գցի փուռը, ծածկոցը դնի, որ Գրետելը փռումը խորովվի, հետո հանի ուտի։ Բայց Գրետելը գլխի է ընկնում, թե պառավի մտքումը ինչ կա, ասում է.
— Ես չեմ իմանում ինչպես անեմ, որ մտնեմ մեջը...
— Հիմար անասուն,— բարկանում է պառավը,— չե՞ս տեսնում ահագին փռան բերանը. ըհը՛, մտիկ արա, քիչ է մնում ես էլ մտնեմ մեջը...
Ու ճիշտ որ, տմբտմբալով մոտենում է փռանը, մինչև անգամ գլուխն էլ փռան բերանից ներս է կոխում։ Էստեղ Գրետելը հանկարծ ետևից էնպես է ներս բոթում պառավին, որ ընկնում է փռան մեջը, իսկույն ետևիցը ծածկոցը ամուր դնում է ու փակիչը ետևից գցում։
Պառավը ոռնում է, ո՜նց է ոռնում... Բայց Գրետելը ետ է վազում, ու անխիղճ վհուկն էլ էնպես էրվում է պրծնում։
Գրետելը իսկույն վազում է Հենզելի մոտ, հավանոցի դուռը բաց է անում ու աղաղակում.
— Հենզե՛լ, Հենզե՛լ, մենք ազատվեցինք, չար պառավը կործանվեց...
Դուռը բացվում է թե չէ, թռչունի նման, որ վանդակում փակված կլինի ու դուռը թաց կանեն, Հենզելը դուրս է թռչում։ Ո՛նց են ուրախանում երկուսով, ո՜նց են ուրախանում... իրար ճտով են ընկնում, թռչկոտում են, համբուրվում են, և որովհետև ոչ ոքից վախ չունեին, գնում են մտնում պառավի տնակը, իսկ պառավի տնակի բոլոր անկյուններում դարսված են լինում մարգարիտով ու անգին քարով լիքը սնդուկները։
— Էս մեր դռան լափուկներից հո ավելի լավն են,— ասում է Հենզելն ու գրպանները ինչքան որ կտանեին՝ լցնում է, իսկ Գրետելն ասում է.
— Ես էլ եմ ուզում մի բան տանեմ տուն,— ու նա էլ գոգնոցն է լցնում պռնկե-պռունկ։
— Դե հիմի գնանք հեռանանք էստեղից,— ասում է Հենզելը։— Քանի լույս է՝ պետք է դուրս գանք էս կախարդված անտառից...
Մի քիչ որ ճանապարհ են կտրում, հասնում են մի գետակի։ — Մենք ի՞նչպես անցնենք էս գետն,— ասում է Հենզելը։— Ոչ անց ունի, ոչ կամուրջ։
— Գոնե մի նավակ էլ չկա,— վրա է բերում Գրետելը։— Ահա մի սպիտակ բադիկ է լողում, արի խնդրեմ, գուցե մեզ օգնի անց կացնի...— ու կանչում է.
Բադիկ, բադի՛կ, սիրուն բադիկ,
Լող տուր դեպ մեզ, արի մոտիկ.
Շվարել ենք Հենզելն ու ես,
Առ քո մեջքին, անց կացրու մեզ։
Բադիկը մոտենում է ափին, Հենզելը նստում է բադիկի մեջքին ու քրոջը կանչում է, որ նա էլ գա գավակին նստի։
— Չէ,— պատասխանում է Գրետելը,— բադիկը չի կարող երկուսիս էլ միասին տանի, ծանր կլինի։ Ջոկ-ջոկ կտանի։
Էդպես էլ անում է բարի թռչունը։
Ջուրը որ անց է կենում ու մի քիչ ճանապարհ են գնում, անտառը հետզհետե ծանոթ է թվում, ու, վերջապես, նկատում են իրենց հորական տունը։ Էստեղ սկսում են վազել ինչքան ոտներումը ուժ ունեին, ներս են թափվում ու ընկնում են իրենց հոր վզովը։
Հերն էլ մի հանգիստ ժամ չէր ունեցել էն օրվանից, ինչ երեխանցը թողել էր անտառում, իսկ խորթ մերը արդեն մեռել էր։
Գրետելը իր գոգնոցը բաց է թողնում ու միջի եղածը հոր առաջին շուռ տալիս, էնպես որ մարգարիտները ու անգին քարերը շաղ են անցնում տանովը մին, իսկ մյուս կողմից էլ Հենզելն է բուռնե-բուռը հանում ու թափում իր գրպանից։
Էստեղ էլ ամեն ցավ ու հոգս վերջանում են, ու ապրում են միասին ուրա՛խ ու անհոգ...