Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2017-06-26, 23.08.47
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 6 из 13«12456781213»
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 04.09.38 | Сообщение # 51
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
Այս զրույցը մեր բանավոր խոսքում քիչ գործածական, բայց բավականին հին եւ ընտիր երկու բառիՙ  աղանդեր -ի եւ  դոն -ի մասին է:

Եթե առաջին բառը քիչ թե շատ գործածվում է, ապա երկրորդը հանիրավի մոռացության է մատնվել: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում  աղանդեր բառը եւ ինչ ծագում ու պատմություն ունի: Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ  աղանդեր նշանակում է «ճաշից հետո մատուցվող մրգեղեն, քաղցրեղեն եւ այլն (դեսերտ)»: «Արմատական բառարանը» տալիս է նաեւ երկրորդ իմաստՙ «թեթեւ ուտելիք»: Այս բառարանում Հր. Աճառյանը չի ստուգաբանում աղանդեր բառը: Բերում է միայն  աղանդ բառի հետ նրա կապի մասին մի կարծիք: Ինչպես աղանդ նշանակում է «սուտ կրոն», այնպես էլ  աղանդեր ՙ «սուտ, թեթեւ, խաբուսիկ ուտելիք»:

Աղանդեր բառի շատ հետաքրքիր ստուգաբանություն է տալիս Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ աղանդեր նշանակում է «կերակրից հետո տրվող թեթեւ ուտելիքներ, չարազ»: Ըստ նրաՙ  աղանդեր բառը խեթերենում էլ կա եւ նշանակում է «աղանձված հացահատիկ, աղանձ», որն, ինչպես գիտենք, մեզ մոտ մատուցվում է ճաշից հետոՙ կանեփով, չամիչով խառն: Հիշենք մեր ամանորի սեղաններն այսօր:

Իսկ  աղանձ բառի մասին Հր. Աճառյանը գրում է, որ այն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի  լենդ արմատից, որը նշանակել է «կերակուր պատրաստել, խորովել»: Դ-ն  ձ -ի փոխվելը սովորական է. օրինակՙ փոխին դ - փոխին ձ , խան դ ել - խան ձ ել եւ այլն: Ա հնչյունը ավելացել է  դ հնչյունի պատճառով,  լ -ն հայերեն ղ -ն է, եւ հնդեվրոպական նախալեզվի  լենդ -ը դարձել է  աղանձ:

Վրացիները հայերից փոխառել են  ալանձվա բառը, որը նշանակում է «խարկել, բովել, կերակուրն այրել»:

Ի վերջո, անկախ ծագումից, կարեւոր է, որ այսօր այդ գեղեցիկ եւ հնամենի բառն իր տեղը գտնի ոչ միայն բառարաններում, այլեւ մեր բանավոր եւ գրավոր խոսքում, փոխարինի օտար դեսերտ բառին:

Այժմ անդրադառնանք  դոն կամ  դոնիկ բառին:

Տեսնենք, թե  դոն -ի համար ինչ նշանակություններ են տալիս բառարանները:

Դոն - մի տեսակ հաց, պաքսիմատ (Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան»):

Դոնիկ - կես կանգուն երկարությամբ եւ մի մատ հաստությամբ մի տեսակ տափակ հաց (նույնը):

Դոն - երկայնաձեւ հաց, բոքոն (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»):

Դոն - երկայնաձեւ հաց, բոքոն (Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան»):

Ինչպես նշում է Աճառյանը, հնում այս բառն օգտագործել են  պաքսիմատնշանակությամբ: Եվ  դոն -ը շատ կենդանի, ժողովրդական բառ է եղել:

Հետո մի կարգին մոռացել ենք մերը եւ օտարից վերցրել օտար բառը: Ու եթե հիմա առաջարկենք  պաքսիմատ -ի փոխարեն  դոն ասել, շատերը կառարկեն, թե դոն -ը չունի պաքսիմատ -ի լրիվ նշանակությունը:

Որ չմոռանայինք, կունենար, որ օգտագործենք, էլի կունենա:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 04.12.55 | Сообщение # 52
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
Այս զրույցի ընթացքում մենք կպարզենք, թե ինչ կապ ունեն իրար հետ  աղալն ու  ալյուրը, մալն ու մատաղը : Հայերենում կան բառեր, որոնք, չգիտես թե ինչու, մոռացության են մատնվել կամ կորցրել են իրենց նախնական, հիմնական իմաստը եւ ձեռք են բերել նոր իմաստ։ Ինչպես նշում են լեզվաբանները, բառերն էլ են ծերանում, մաշվում, վերաիմաստավորվում, եւ դա լեզվի զարգացման բնականոն ճանապարհն է։ Այդուհանդերձ, կան հանիրավի մոռացված բառեր, որոնց կարիքը մենք այժմ շատ ենք զգում։

Իսկ այժմՙ մի պատմական փոքրիկ արշավ դեպի հազարամյակների խորքը:

Ի թիվս հնդեվրոպացիների, մենքՙ հայերս էլ  աղալ գաղափարի համար ունեցել ենք երկու բառՙ  mel եւ  al : Հայերենում պահպանվել են երկու արմատն էլՙ  mel- մալ եւ al - աղալ :

Տեսնենք, թե ինչ են նշանակել այս արմատները եւ որքանով են պահպանված մեր ներկա լեզվում:

Սկզբում անդրադառնանք  մալ արմատին:  Մալ -ի հիմնական իմաստն էՙ «մանրել, փշրել», որից ունեցել ենք  մալել բառը հետեւյալ նշանակություններով. «1. Ճմլել, տրորել, 2. Ջախել, լեսուլ: 3. Ատամներով կերակուրը մանրացնել, ծամել: 4. Ցորենը մանրել աղալով, աղալ: 5. Որձ անասունը կրտել, ամորձատել, կամ մարդունՙ ներքինացնել: 6. Ոլորելով փափկացնել: 7. Ոլորել, դարձնել»: Ինչպես տեսնում ենք, բավականին բազմիմաստ եւ լայն զարգացում ստացած բառ է: Հետաքրքիր է, որ  մալ նշանակել է նաեւ «ամորձատած արու աչխար»: Թե  մալ -ի «մանրել, փշրել» իմաստից ինչպես է առաջացել «ամորձատած արու աչխար» փոխաբերական իմաստը, պարզ է դառնում, եթե նկատի ունենանք  մալել բառի «որձ անասունը կրտել» իմաստը: Իսկ արաբերենում  մալ բառը նշանակում է «ապրանք, հարստություն», ինչպես նաեւ «խոշոր եղջյուրավոր անասունների խումբ»: Մեր  մալ բառի դուրս մղմանը, ամենայն հավանականությամբ, նպաստել է այս օտար  մալ -ը:

Այդուհանդերձ,  մալ բառը, կարծում ենք, հնարավոր է կյանքի կոչել: Մանավանդ որ նրա մյուս արմատական  մուլ ձեւը դեռեւս կա «ջաղացք» նշանակությամբ, որից  մլաղաց«ջրաղացպան», կրկնությամբՙ  մամուլ : Ահա թե ուր են հասնում «չորրորդ իշխանության»ՙ մամուլի արմատները. մինչեւ ջրաղացքարերի ճնշումը, մինչեւ ճզմելու, ամորձատելու գործիք: Մամուլը նյութերը ճնշումով մշակելու հարմարանք է: Իսկ ինչպես հայտնի է, Գուտենբերգն ու Մեղապարտըայդ եղանակով էին տպագրում գրքերը:

Նախալեզվի  mel (հայերեն  մալ «մանրել, փշրել») արմատից են նաեւ ռուսերեն  мельница, мелькомбинат, молотить բառերը:

Մալ արմատի մյուս դրսեւորումն է  մեղ -ը, որից էլ կազմված են  մեղկ -ը եւ  մեղմ -ը:  Մեղկնշանակում է «կակուղ, թույլ, լխկած եւ թուլամորթ, իգասեր»:  Մեղմ նշանակում է «չափավոր, թույլ, հանդարտ»: Այս փոխաբերական իմաստները առաջացել են  մալ արմատի տարբեր իմաստներից:

Ինչքան էլ զարմանալի է, այդ բառարմատից է նաեւ  մատաղ -ը: Մատաղ նշանակում է «չափահասության չհասած, նորածին», ինչպես նաեւ «ջահել կենդանիՙ զոհ»:  Մատաղ -ը  mladձեւից է առաջացելՙ  մաղատ, շրջմամբՙ  մատաղ : Նույնանում է ռուսերեն  младший, молодойբառերի հետ:  Մալ -ը «մանրել, փշրել» իմաստով նույնանում է ռուսերեն  молотить բառի հետ:

Մյուսը  աղալ բառն է: Սա եւս բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «հացահատիկը մանրել, ալյուր շինել», եւ ընդհանրապես, «որեւէ նյութ փշրել, որոճալ»: Հիշենք  մալել բառի նույն իմաստները:  Աղալ եւ  ալյուր . պարզ է, որ  ալյուր -ի արմատը եւս հնդեվրոպական  al արմատն է, ինչպես որ  աղալ բառի դեպքում. չէ որ ալյուրը աղալու արգասիք է:

Լեզվաբանների մի մասը պնդում է, որ հայերեն  ալյուր բառը փոխառություն է, որ հին հայերը ծանոթ չեն եղել ալյուրին, նրանք օգտագործում էին կորկոտ կամ ձավար, այսինքնՙ ցորենը սանդի մեծ ծեծում էին եւ այդպես խոշոր եփելով ուտում: Իսկ մյուս մասը պնդում է, որ այդպիսի հասարակ ու սովորական մի բան փոխառություն լինել չի կարող, մանավանդ, որ հայերենում ունենք բնիկ հայերեն  աղալ, աղորիք, երկանք եւ այլ բառեր, որոնք ցույց են տալիս, թե ջրաղացպանության արհեստը սկզբից ծանոթ էր հայերին:

Ինչքան բազմազան կապեր կան առաջին հայացքից իրարից խիստ տարբեր բառերի միջեւ ( ալյուր եւ մամուլ ), ինչքա՜ն շատ գաղտնիքներ եւ խորություններ ունի իր մեջ թաքցրած հազարամյակներից եկող հայերենի յուրաքանչյուր բառ:

Իսկ  մալ արմատն այժմ հիանալի կդրսեւորեր իրեն, եթե չմոռանայինք նրա հիմնականՙ «մանր», իմաստը։ Իսկ հիմա տեխնիկական գիտության մեջ որքան է պետք  մալ -ը «մանր» իմաստով, «միկրո» իմաստով։ Այս գեղեցիկ բառի դուրս մղմանը, ամենայն հավանականությամբ, խիստ նպաստել է  մալ «եզ, տավար »համանունը, որը արաբերեն բառ է։ Օտարը այս անգամ էլ է հաղթել։

Այժմ  դետալ բառի դիմաց ունենք  մանրակ , լավ կլիներ, օրինակ,  միկրոսխեմա -ն անվանել մալակ :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 04.16.00 | Сообщение # 53
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
Վերնագրի  խաշ, խորոված, խաշմիս եւ  խարույկ բառերը, բնականաբար, պատահականորեն չեն հայտնվել կողք կողքի: Պարզ է, որ դրանք կապված են իրենց ծագմամբ: Տեսնենք, թե որն է այդ կապը: Դրանց բոլորի արմատն է  խար բնիկ հայերեն բառը: Առաջին հայացքից  խաշ -ի եւ խաշմիս -ի նմանությունը ակնհայտ է, եւ զգացվում է, որ  խաշել բառից են երկուսն էլ: Իսկ  խաշ, խարույկ, խորոված բառերի նմանությունն այդքան էլ ակնհայտ չէ եւ պարզաբանման կարիք ունի:

Եկեք պարզաբանենք: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակել  խար արմատը:  Խար նշանակել է «այրել, դաղել, կիզել»: Այստեղից անմիջապես երեւում է  խարույկ բառի կազմությունըՙ  խարարմատից եւ  ույկ ածանցից:  Խար -ից է նաեւ  խարան բառը, որ նշանակել է «երկաթով դաղված, դրա հետեւանքով առաջացած վերքը»: Իսկ քանի որ խարանում էին հանցավորին, դրանից էլ առաջացել է փոխաբերական իմաստըՙ «անարգանք, հանդիմանություն, մեղադրանք»: Առաջին խարանակիրը Կայենն էր, որ սպանեց իր եղբորը, եւ կրում էր Աստծու խարանը:

Խար արմատի մյուս ձեւն է  խոր -ը, որից  ով մասնիկովՙ  խորով , որ նշանակել է «կրակի վրա այրելը»: Սրանից մինչեւ  խորոված արդեն մի քայլ է: Ահա թե ինչ ներքին կապ կա խարույկի եւ խորովածի միջեւ:  Խոր արմատից է  խորովու բառըՙ «թոնրում անբոց կրակով խորոված գառ, ուլ եւ այլն» նշանակությամբ:

Մնաց մեր բոլորի սիրած  խաշը : Ինչպե՞ս է  խար արմատից ստացվել  խաշ : Պարզվում է, որ խար -ի վրա ավելացել է  շ աճականը եւ ստացվել է  խարշ, խարշել ՙ «այրել, վառել, ջրի մեջ եփել, խաշել»:  Խար -ը ծնել է  խարշ , այնուհետեւ  խարշ -ի մեջ  ր -ն ընկել է, եւ բառը դարձել է  խաշ : Այստեղից էլՙ  խաշել «ջրի մեջ եռացնելով եփել»: Եվ խաշ ճաշատեսակը եւ  մեկի խաշը եփել -ըՙ ծեծելը:

Խարշել բառն ունի նաեւ փոխաբերական իմաստՙ «սիրտը մաշել, գութից, խղճմտանքից սիրտը այրել, կտրտվել»: Հիշենք  աղեխարշ «աղիքները խաշող, կսկծեցնող, մորմոքող»:  Խաշ -ից ունենք  խաշու բառը, որ նշանակել է «արգանակ, մսաջուր»: Այժմ գործածվում է նաեւ բոզբաշ ճաշատեսակի համար (ոչխարի մսով եւ զանազան համեմունքներով պատրաստվող ջրիկ կերակուր): Իսկ ինչու՞  բոզբաշ անճոռնի, անբարեհունչ բառի փոխարեն չօգտագործվի մեր բնիկ հայերեն գեղեցիկ խաշու բառը:

Նույնը  խաշմիս բառի համար, որ նշանակում է «խաշած միսՙ խաշլամա»: Օտար  բուղլամա-ի փոխարեն հիմա արդեն կիրառվում է  շոգեխաշած հիանալի բառը, եւ լավ կլիներ  խաշլամա -ի փոխարեն էլ կիրառել  խաշմիս հայերեն բառը:

Մեր կերակուրների անվանումների մեծ մասը փոխառություններ են, քանի որ մենք մոռանում ենք մերըՙ բնիկ հայերենը, եւ, չգիտես ինչու, սկսում ենք գործածել օտարինը, որը հաճախ շատ ավելի երկար է, շատ ավելի անբարեհունչ:  Արգանակի փոխարեն ասում ենք բուլյոն, բույլոն, թանձրուկի, եփահյութի փոխարենՙ  պոդլիվկա, պադլիվկա, աղցանիփոխարենՙ  սալաթ, սմբուկի փոխարենՙ  բադրիջան, լոլիկի փոխարենՙ  պոմիդոր, պամիդոր, պամադոր եւ այլն, եւ այլն:

Ժամանակը չէ՞ հետեւողականորեն մաքրելու մեր կերակրատեսակների անունները, ավելի հայեցի, ավելի բարեհունչ եւ դրանով ավելի… մարսելի դարձնելու դրանք:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 04.18.29 | Сообщение # 54
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
Ինչքան էլ այժմ տարօրինակ թվա մեր ասածը,  դեղ բառի առաջին եւ հիմնական նշանակությունը եղել է «խոտ»:  Դալար դեղ բառակապակցությունը նշանակել է «կանաչ խոտ»: Հնում բժշկությունը հիմնականում զանազան խոտերի միջոցով էին կատարում, եւ  դեղբառն էլ սկսեց կամաց-կամաց գործածվել «բժշկական խոտ» նշանակությամբ: Այնուհետեւ, ավելի ընդհանրանալով, սկսեց նշանակել «ամեն տեսակի դարման, դեղ»: Եվ քանի որ կար  դեղ-ի  խոտ հոմանիշը, ապա դեղ -ը ասպարեզը զիջեց  խոտ -ինՙ ինքը մնալով միայն այսօրվա իմաստով: Հետագայում  դեղ -ը ձեռք է բերում զանազան նոր իմաստներ.  թույն ՙ իբրեւ վնասակար դեղ կամ խոտ, որից էլՙ  դեղել ՙ «թունավորել, կախարդել»: Շատ զարմանալի է, որ լեզվական նույն երեւույթը կա նաեւ ռուսերենում.  отрава - խոտ (դեղ),  отравить - դեղել , թունավորել:  Դեղ բառը հետագայում սկսում է նշանակել «հուռութք, կախարդությունՙ որպես բժշկության միջոց», այնուհետեւՙ «մարմինն օծելու անուշահոտ յուղ, ներկ, աչքի ծարիր (սուրմա), թանաք, մելան, աբեթ, կպչան» եւ այլն: Հետաքրքիր բառ է  դեղուն -ը, որը նշանակել է «թունավորված»:

Դեղ բառի հետ ծագմամբ նույնն է  դալար բառը ( դալ արմատիցՙ  ար մասնիկով), որ նշանակել է «խոտ, կանաչ, մատղաշ, բանջար»: Նույն  դալ արմատից է դալուկ -ը (դեղնացավ): Դաղձ -ը (վայրի անանուխ) կազմված է  դալ արմատից  ձ աճականով, որի պատճառով էլ  լ -ն դարձել է  ղ : Այստեղ տեղին է հիշել նաեւ դալի մասին, որը կնոջ եւ կաթնասուն կենդանիների ստինքներում ծնելուց անմիջապես հետո առաջացած  դեղնավուն կաթն է, եւ այդ կաթից պատրաստած պանրանման ուտելիքը:

Դեղ արմատից են նաեւ  դեղին (դեղին գույնը),  դեղձ, դեղձան, դեղբ բառերը:  Դեղձ -ը կազմված է դեղ արմատից  ձ աճականով. բուն նշանակությունն էր «դեղին», որ հետո կորել է: Դեղձան նշանակել է «դեղնագույն, ոսկեգույն, կարմիրի երանգով դեղին»: Արդյո՞ք այս նույն գույնը չէ Դեղձուն Ծամիՙ մեր դյուցազներգության Սանասարի կնոջ մազերի գույնը: Այսինքնՙ հայերն էն գլխից սիրել են շիկահերներին, դեղձուն ծամ ունեցողներին:  Դեղբ նշանակում է «դեղին, դեղնավուն»:

Նույն  դեղ արմատից է նաեւ դեղձանիկ թռչունի անունը:  Թմբրադեղ -ը (թմբիր տվող դեղ), որ թե նախկինում, թե հիմա բժշկության մեջ էլ է օգտագործվում,  բ -ի անկումով դարձել է թմրադեղ , եւ, ցավոք, ունենք նաեւ թմրամոլներ:

Վերջերս նաեւ դարձվածներ են կազմվել.  դեղի վրա նստել կամ  ասեղի վրա նստել, այսինքնՙ «դառնալ թմրամոլ, թմրադեղեր օգտագործել»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 04.21.22 | Сообщение # 55
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
Մեր լեզվում լայն գործածություն ունեն  ճակնդեղ, շաղգամ, տակ, բազուկ եւ  բողկ բառերը: Տեսնենք, թե ինչ ծագում ունեն սրանք եւ ինչ նշանակություն են ստացել այժմ:

Նախ ասենք, որ այս բառերից  ճակնդեղ -ը,  բազուկ -ը եւ  տակ -ը հոմանիշներ են, եւ բոլորն էլ նշանակում են նույն բույսը, ռուսերենՙ  свекла : Չնայած  տակ -ը ունի մասնավոր նշանակություն եւս, որը ռուսերենում արտահայտվում է  бурак բառով: Այժմ այս բառերի ծագումնաբանության մասին:

Հր. Աճառյանը, ինչպես նաեւ Գր. Ղափանցյանը ընդունում են, որ  ճակնդեղ բառը հայերեն է, եւ բառը մեզանից են փոխառել պարսիկները, քրդերը, թուրքերը, աֆղանները եւ այլն: Դրա համար հիմք է այն փաստը, որ հայերենում կա  ճակն առանձին արմատը, իսկ, ինչպես պարզեցինք նախորդ զրույցում,  դեղ բառը առաջին հիմնական իմաստով նշանակել է  խոտ, բույս : Այսինքնՙ  ճակնդեղ նշանակել է «ճակն խոտը, բույսը»:

Տակ նշանակում է «հատակը, խորքը, տակը», ինչպես նաեւՙ «բույսի տակի մասը, արմատը», որից էլ փոխաբերական իմաստով նշանակել է «ցեղ, տոհմ, զարմ»:  Տակ բառի բոլոր իմաստներն, ըստ Հր. Աճառյանի, փոխառություն են պարսկերենից:

Ինչ վերաբերում է  բազուկ բառին, ապա սկզբնապես այն նշանակել է «թեւ, ճյուղ»:

Հր. Աճառյանը տարակուսում է.  բազուկ -ը բնիկ հայկակա՞ն բառ է, թե՞ փոխառություն պարսկերենից: Եվ, ի վերջո, որոշում է համարել փոխառություն: Չնայած այն բանին, որ բազուկ բառը «ճակնդեղ» իմաստով հայերենից փոխառել են թե՛ պարսիկները, թե՛ թուրքերը, թե՛ հույները: Չնայած այն բանին, որ կարող էր շատ հիմնավորված համարել, որ այդ բառը հնդեվրոպական նախալեզվից ուղիղ անցել է հայերենին եւ փոխառություն չէ:

Բազուկ բառը «ճակնդեղ» իմաստով եւ բազուկ բառը «թեւ» իմաստով նույնն են, քանի որ այդ բույսը երկար թեւեր ունի: Ինչպես գիտենք, ճակնդեղի պիտանի մասերն են տակը (արմատը) եւ բազուկները (թեւերը): Այս պատճառով էլ որոշ տեղերում ճակնդեղին բազուկ են ասում, որոշ տեղերումՙ տակ:

Շաղգամը բոլորովին այլ բույս էՙ խաչածաղկավորների ընտանիքի, ի տարբերություն ճակնդեղի եւ բողկի, որոնք թելուկազգիների ընտանիքից են:  Շաղգամ -ը ռուսերեն  рена -ն է եւ, ըստ «Արմատականի», փոխառություն է պարսկերենից:

Բողկը, ինչպես ասացինք, խաչածաղկավորների ընտանիքի բանջարաբույս է, ռուսերենՙ редька, редиска : Ըստ «Արմատականի»ՙ բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հայերեն  բող «բույս, ծիլ» արմատից: Հետաքրքիր է, որ բառի նախնական եւ հիմնական նշանակությունը կորել է եւ պահպանվել է միայն երկրորդական նշանակությունը:  Բող -ի «բույս, ծիլ» նշանակությունից արմատի կրկնությամբ առաջացել է հայերեն շատ գեղեցիկ  բողբոջ բառը, ինչպես  դող բառիցՙ դողդոջ -ը,  պաղ բառիցՙ  պաղպաջ -ը:

Նույն  բող բառից է գավառական  բոխի բառը: Այդպես է կոչվում մի դաշտային դառնահամ բույս, որի թթուն շատ հարգի է Հայաստանում: Որոշ բարբառներումկարմիր փոքրիկ բողկը անվանում են  բոլոկի : Ինչպես կռահում եք, այստեղ նույն  բողկ բառն է, որ մեզանից փոխառել են վրացիները, հետագայումՙ վրացերենից վերցրել են հայերըՙ որոշ գավառներում:

Ինչպես տեսանք, ստուգաբանությունն օգնում է նաեւ, որ շատ ու շատ բառերի այսօրվա իմաստներ ճշտվեն, անվանումները հայացվեն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.35.53 | Сообщение # 56
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
Այսօր հայերս սկսել ենք գործածել  սմբուկ եւ  լոլիկ բառերը: Եվ շատ էլ լավ ենք արել, որ սկսել ենք: Այդուհանդերձ, տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը եւ ինչ ծագում ունեն:

Սմբուկ (բադրիջան) բառի համար Հր. Աճառյանը գրում է. «Իբր մեր երկրի համար օտար եւ նորամուտ բերք, պետք է որ ունենա օտար ծագում: Ըստ իս արաբերեն anab (անաբ) «պատինճան» բառն է, որ տվել է նախ հայերեն  ամբուկ եւ հետո  ա եւ  ս տառերի նմանությունից շփոթվելով`  սմբուկ »: (Հիշենք  շերամ բառը, որն առաջացել է  շերաս բառից.  ս -ի վրա բութ է դրված եղել, հաջորդ արտագրողները գրել են  շերամ եւ ստեղծել նոր բառ: Նույն ձեւովՙ շագանակ, արձագանք եւ այլն: Այս մասինՙ հաջորդ զրույցներում):

Այսպիսով, օտարահունչ, դժվար արտասանելի, հաճախ շփոթություն առաջացնող պատինճան, բադրիջան, բակլաժան եւ այլ բառերի փոխարեն կամա-ակամա ստեղծվել է  սմբուկհայերեն բառը, որն, ի դեպ, Հայկական հանրագիտարանում գործածված է  բադրիջան բառի փոխարեն: Դրանից անցել է արդեն մոտ 30 տարի, եւ մինչեւ օրս էլ լեզվաբանները վիճում ենՙ ընդունե՞լ սմբուկ բառը, թե՞ ոչ: Այստեղ տեղին է հիշել մի խընդուկ. թեեւ բժիշկները շատ չարչարվեցին, այնուամենայնիվ, հիվանդը առողջացավ: Հիմա լեզվաբաններինն է. այնուամենայնիվ,  սմբուկ -ը կյանք է մտնում:

Սա մի օրինակ է, թե լեզվում պատահականորեն ինչպես են ստեղծվում բառեր:

Ամերիկայի հայտնագործումը աշխարհի շատ ժողովուրդների տվեց լոլիկ բանջարեղենըՙ տոմատը, պոմիդորը կամ ոսկեխնձորը: Ամերիկայի բնիկներիՙ ացտեկների լեզվով թարմ պոմիդորը կոչվում էր  տոմատ : Երբ իսպանացիները թարմ պոմիդորը բերեցին Եվրոպա, այնտեղ նրան կնքեցին  պոմի-դ-օրո ՙ «ոսկեխնձոր», իսկ տոմատ սկսեցին ասել նրա մածուկին:

Հայերը պոմիդորը կոչեցին  լոլիկ : Եվ լավ է, որ թե՛ հանրագիտարաններում, թե՛ բառարաններում այդպիսի անվանումով է ամրագրված այդ բանջարեղենը: Լավ է, որ այժմ օտարախառն  տոմատի մածուկ -ի փոխարեն ասում ենք  լոլիկի մածուկ, պոմիդոր -ի փոխարենՙ լոլիկ : Հուսանք, որ մոտակա տարիներին լոլիկ -ը վերջնականապես դուրս կմղի  պոմիդոր -ին, իսկ  սմբուկ -ըՙ  բադրիջան -ին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.39.16 | Сообщение # 57
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
Կարծիք կա, որ մետաղների հայերեն անուններից բնիկ հայերեն է միայն  արծաթ -ը:  Ոսկի, պղինձ, արույր, երկաթ, կապար, արճիճ, անագ բառերի ծագումը կարոտ է լուսաբանության: Եվ սա այն դեպքում, երբ 5-6 հազար տարի առաջ մենք մետաղաձուլարաններ ենք ունեցել Մեծամորում: Նորից գալիս ենք այն մտքին, որ լավ չենք պահում մեր ստեղծածը, խանդ չունենք մեր ստեղծածի վրա, ներողամտորեն կամ անօգնական զիջում ենք մերը, փոխարինում ուրիշի տվածովՙ սկսած աստվածներից, վերջացրած գույների անվանումներով: Այնուամենայնիվ, տեսնենք, թե որտեղից են եկել մետաղների հայերեն անվանումները: Սկզբում անդրադառնանք երկաթ բառին:

« Երկաթ, կապար, ոսկի բառերի աղբյուրը կարող է ուրարտերենը լինել», - վկայակոչելով Հ. Աճառյանինՙ նշում է Գ. Ջահուկյանը:

Երկաթը արծաթի, ոսկու եւ պղնձի պես մաքուր չի լինում, եւ երկաթ ստանալու համար պետք է երկաթահանք գտնել, հալել, այսինքնՙ տիրապետել բավականին բարդ տեխնոլոգիաների: Միայն վերջերս են հայտնի դարձել Մեծամորի մետաղաձուլարանները, որոնք հինգհազարամյա պատմություն ունեն, եւ լեզվաբանները չեն էլ մտածել, որ հենց հայերը կարող էին անվանել երկաթը, ինչպես անվանել են երկինքն ու երկիրը: Չէ՞ որ երկաթի գյուտը նոր դարագլուխ է բացում քաղաքակրթության պատմության մեջ: Ուշագրավ է, որ  երկաթ արմատից է կազմված հայերեն  խաչերկաթ բառը:

Հայերեն  խաչերկաթ (թոնրի բերանին դրվող խաչաձեւ երկաթ, թոնրի վրա կաթսաներ, ամաններ դնելու եւ մեջը շամփուրներ կախելու համար) բառը հայերեն շատ բառերի նման ծառայում է նաեւ այլ լեզուների:

Մինչեւ վերջերս գյուղական դարբինները պատրաստում էին խաչերկաթ. երբեմնՙ նախշերով, երբեմնՙ շատ հասարակ: Այն գյուղական կենցաղի ամենաանհրաժեշտ եւ ամենապարզ գործիքներից էր: Չէ՞ որ թոնրի վրա էին եփվում բոլոր տեսակի ճաշերը, թոնրի մեջ էր թխվում հացը, թոնիրը տաքության, ջերմացման միակ աղբյուրն էր, թոնրի մեջ վառվում էր աթարը, քակորը` անասունների չորացած թրիքը:

Կեսարիայի թուրքերը, այնուհետեւՙ թաթարները, հայերենից փոխառում են  խաչերկաթբառը եւ տարածում աշխարհով մեկ: Օրինակ` հայերենից է փոխառյալ ռուսերեն  кочерга (փռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթյա կեռ) բառը: Նույն նշանակությամբ այդ բառը հայերենից փոխառել են նաեւ ուկրաինացիները, լեհերը, սերբերը եւ այլն:

Առաջին խաչերկաթը պատրաստող հայ մարդու մտքով չէր անցնի, թե քանի՜-քանի ժողովուրդ կվերցնի թե՛ այդ գործիքը եւ թե՛ գործիքի անունը:

Հուսանք, որ մենք կրկին նոր գործիքներ, նոր սարքեր կարտադրենք, կկնքենք հայերեն բառերով, եւ այդ բառերը կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ, ինչպես նաիրիտ -ը,  արմենիկում-ը եւ այլն:Ոսկի բառի համար ճշգրիտ ստուգաբանություն չկա. Հ. Աճառյանը մերժում է բոլոր ստուգաբանությունները: Հետաքրքրական է, որ ուգրո-ֆիննական լեզուներում  պղինձհասկացությունը նշելու համար գործածվում է  vaski (վասկի) բառը, որը հնչողությամբ բավականին մոտ է մեր  ոսկի բառին:

Պղինձ բառը փոխառություն է համարվում իրանյան լեզուներից: Զարմանալի է, քանի որ պղինձը ոսկու եւ երկաթի համեմատ ավելի ցածր ջերմաստիճանում է հալվում: Մետաղագործության հազարամյակների ընթացքում հայերը դժվար թե պղնձի համար չունենային իրենց բառը եւ փոխառեին ուրիշներից: Դարձյալ պատմական իրողությունների ոչ ճիշտ գնահատումը տվել է նաեւ բառի ոչ ճիշտ ստուգաբանություն:

Միայն  արծաթ բառն են համարում բնիկ հայերենՙ ծագած հնդեվրոպական նախալեզվի areg «փայլել» արմատից: Տարբեր մասնիկներով այն տվել էհունարենումՙ  արգորս , սանսկրիտերենումՙ  րաժաթա , պարսկերենումՙ  արդաթա եւ այլն:

Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, մետաղների անունները կարոտ են լուսաբանման: Գիտության նոր տվյալների օգտագործումը, կանխակալ զանազան կարծիքներին տուրք չտալը, հայերի եկվորության վարկածի բացառումը հաստատապես նոր էջ կբացեն նաեւ հայերեն բառերի, մասնավորապեսՙ մետաղների անվանումների ստուգաբանության համար:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.42.34 | Сообщение # 58
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
Ի՞նչն է ստիպել այսպիսի տարօրինակ վերնագիր դնել այս զրույցին, այսպիսի նախադասությունը անհեթեթություն չհամարելու ի՞նչ հիմքեր կան: Կա մի շատ պարզ եւ, միաժամանակ, զարմանալի բացատրություն. վերնագրի  թռչող, թիթեռ, թիթեղ, թերթ բառերը ծագել են միեւնույն  թիռ արմատից: Այո, շատ զարմանալի է լեզվաշխարհը, շատ հետաքրքրական եւ աներեւակայելի բաներ կան այնտեղ: Պետք է ներս մտնել եւ տեսնել: Ամենակարեւորը, որ լեզվատրամաբանական հենքը համոզիչ լինիՙ լեզվական օրինաչափություններից գիտական մեթոդներով բխող:

Եվ այսպես. ի՞նչ է նշանակել բնիկ հայերեն  թիռ արմատը եւ ինչպե՞ս է ձեւափոխվել  թիթեղ -ի ու  թերթ -ի:

Նախ տեսնենք, թե քույր լեզուներում ինչ տեսք ունի այս արմատը: Առաջացել է հնդեվրոպական նախալեզվի  pter արմատից, որիցՙ հունարեն  պտերոն «փետուր, թռչունի թեւ, ծառի ճյուղ կամ տերեւ»,  պտերոս «թռչունի թեւ, թռչուն, ծառի տերեւ»: Նույն շարքից են սանսկրիտերեն  patra «թեւ, փետուր» ,գերմաներեն  feder «փետուր», լատիներեն  penna«փետուր», ռուսերեն  перо «փետուր» բառերը:

Հայերենում  թիռ նշանակել է «թռչել, թռիչք» կամ «սաստիկ փափագ»: Ն եւ  չ ածանցներով ստացվել են  թռնել, թռչել, թռչուն բառերը: Արմատի կրկնությամբ կազմվել է  թռպռտալ«թռչկոտել» բառը, այժմ խոսակցականՙ  թպրտալ :

Ունեցել ենք նաեւ  թռչան եւ  թռիչ ՙ «աստղ», «ասուպ» բառերը:  Թիռ կամ  թիր ձեւերի կրկնությամբ ունենք  թրթռել «թռչկոտելով գնալ»,  թռթռալ «սրտի թպրտալը»,  թրթռում «լույսի տատանում»,  թրթրակ «շուտ դարձող, ճարտարախոս (լեզու)» բառերը: Նույն  թիռ արմատի թեռ ձայնդարձի կրկնությամբ ունենք  թիթեռն «թիթեռնիկ» բառը, որը նշանակում է «թռչկոտող»:  Թիռ -ի մյուս ձեւն է  թեր , որի առաջին նշանակությունն է «թռչունի թեւ, փետուր», որը խիստ սերտորեն առնչվում է թռչելու գաղափարին: Իմաստի ընդարձակմամբ կամ փոխաբերությամբ բառն այնուհետեւ ստանում է «տերեւ, կողք, կողմ, թերի» նշանակությունները: Հիշենք, որ արմատը հունարենում նույնպես ուներ թե՛ «թեւ», թե՛ «տերեւ» նշանակությունները: Հայերենում  թեր «փետուր» նշանակությունը պահպանված չէ, եւ  թեր -ը, որպես «տերեւ», պահպանվել է բարբառներում: Ավելի գործածական է  թ մասնիկով աճած  թերթձեւը, որ նշանակում է «ծաղկի, բույսի, տերեւի, թղթի, որեւէ բարակ թիթեղի թերթ»:

Անչափ հետաքրքրական են  թեր բառի «կողմ», «կողք» նշանակություններով կազմված բառերը: Օրինակ, ունենք  յափսիթերս բառըՙ կազմված  ափ եւ  թեր բառերից: Գործածվում է յափսիթերս գնալ արտահայտության մեջ եւ նշանակում է «ոտքերի եւ ձեռքերի վրա թավալվել, գլորվել»: Հիշենք  հափսաթաթիկ անել գավառական արտահայտությունը, որ գործածվում է երեխաների պարագայումՙ «չորեքթաթ գնալ, չոչ անել» նշանակությամբ:

Ընդ մասնիկով  թեր -ը դառնում է  ընդեր , որից էլՙ  ընթեր «կողքին»: Այսօր ունենք ընթերակա բառը «օգնական, կրտսեր պաշտոն զբաղեցնող» իմաստներով, որը եկել է բառի «կողքը, մոտը գտնվող» իմաստից:  Առ նախդիրովՙ  առընթեր «կողքին, կից»: Հիշենքՙ կառավարությանն առընթեր մարմին :  Թեր -ը կիրառվում է նաեւ «պակասավոր, քիչ» իմաստներովՙ  թերի , որը գալիս է նրա «կողմնակի» իմաստից: Այսինքնՙ եթե կողմնակի է, «կողքից է», ուրեմն պակասավոր է, թերի է, հիմնականը չէ:

Թեր բառը թե՛ իմաստով, թե՛ հնչողությամբ զարմանալիորեն համընկնում է արաբերենից եկող թուրքերեն  թերեֆ «կողմ» բառի հետ: Լատիներեն  terminus «սահման» բառը եւս համեմատելի է «կողմ» նշանակող մեր  թեր բառի հետ: Այնպես որ  տերմին բառի փոխարեն կարող ենք ասելՙ  թեր , ինչպես ասում ենքՙ եզր :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.47.38 | Сообщение # 59
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸՍԿԻԶԲ
Տեսնենք, թե ով է մեր նախագահը, ովքեր են նախարարները, պատգամավորներն ու պաշտոնյաները:

Նախագահ բառն այժմ նշանակում է «պետության գլուխ, գերագույն գահը ներկայացնող (պրեզիդենտ)»: Ինչպես գիտենք, այս բառը բազմաթիվ նշանակություններ ունիՙ «ժողովը ղեկավարող անձ, մի քանի կազմակերպությունների ղեկավար պաշտոնյա եւ այլն»: Այս բառը ծագել է  գահ արմատից, որ փոխառություն է պարսկերենից եւ նշանակում է «բարձր նստարան, պատվի աթոռ»: Չնայած կա նաեւ մեկ այլ  գահ բառ, որ նշանակում է «դատ, բարձր տեղ, ժայռերի գլուխ»: Հր. Աճառյանն ասում է, որ դրանք հավանաբար նույն բառերն են, բայց չի մեկնաբանում  նախագահ բառի  նախ ածանցը, որը «առաջ, առաջուց, գլխիվայր, հինը, առաջինը» նշանակություններով նախ նախածանցն է, կամ  նախարար բառի  նախ -ը, որը պարսկերեն է եւ նշանակում է «պորտ, ցեղ»: Այսինքնՙ  նախագահ -ը օտար է: Այժմ դառնանք նախարարին:

Նախարար բառի համար «Արմատականը» տալիս է «իշխանական մի աստիճան հին հայոց մեջ, իշխան, ավագանի» նշանակությունները: Համարվում է իրանական փոխառություն նաֆադարա ձեւից, որի առաջին բաղադրիչըՙ  նաֆա , նշանակում է «պորտ, ցեղ», իսկ երկրորդ բաղադրիչըՙ  դարա , նշանակում է «պետ»: Այսինքնՙ  նախարար նշանակել է «ցեղապետ»: Սկզբնապես իրանյան բառը հայերենում դարձել է  նահարար , բայց հետո ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է  նախարար , իբր «արարոց կամ կալվածների առաջինը կամ գլխավորը»: Նույնատիպ բառ է  նահապետը , որը գրվել է նաեւ նախապետ : Վրացիները փոխառել են մեզանիցՙ  նախպետի :

Այսպիսով,  նախարար -ն էլ է օտար:

Դառնանք  պատգամավոր բառին:  Պատգամ բառը, ըստ «Արմատականի» նշանակում է «հրաման, պատվեր, վճիռ, լուր, համբավ»: Առաջացել է իրանյան պատգամ նույն նշանակությամբ բառից: Նշանակում էՙ  պատգամավոր -ն էլ է օտար:

Նույն ճակատագիրն ունի նաեւ  պաշտոնյա բառը, որը հայերս դարձյալ փոխառել ենք պարսկերենից: Առաջացել է  պաշտել բառի «ծառայել, սպասավորել, հոգ տանել» նշանակություններից: Պարսկերենում նախապես նշանակել է «պաշտամունք, երկրպագություն»:

Այսինքնՙ  պաշտոնյա -ն նույնպես օտար է մեզ:

Այժմ տեսնենք, թե  նախագահ, նախարար, պատգամավոր եւ ընդհանրապես  պաշտոնյահասկացությունները միավորող բառ կա՞ հայերենում: Նախկինում (խորհրդային շրջանում) դա նոմենկլատուրա -ն էր, որը օտար էր: Շատ ավելի վաղ ժամանակներում դա  գահնամակ բառն էր, որը նշանակում էր «նախարարների պատվո աստիճանների ցուցակը», ինչպես որ «նոմենկլատուրան»ՙ բարձրաստիճան պաշտոնյաների հաշվեցուցակը:

Գահնամակ -ը կազմված էր պարսկերեն  գահ «գահ, պատվո աստիճան» եւ  նամակ«գրություն, գրվածք» բառերից: Այսինքնՙ  գահնամակ -ն էլ է օտար: Եվ գահնամակի մեջ մտնողները պետք է լավ հիշեն, որ կա նաեւ  գահավիժել բառը, որը նշանակում է «բարձունքից շեշտակիորեն ներքեւ իջնել, ընկնել»:

Այս ամենը կազմում է  պետություն -ը, որը պարսկերեն  պետ բառից է, այսինքնՙ էլի օտար է: Մի՞թե սա է պատճառը, որ մենք մեզ օտարի պես ենք պահում նախագահի, նախարարի, պատգամավորի, պաշտոնյայի եւ պետության հանդեպ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 05.50.30 | Сообщение # 60
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1374
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
Կյանքում դժվար է այս պատվիրանը պահել: Իսկ լեզվի մեջ, պարզվում է, այնքան էլ դժվար չէ: Քննեն քգրաբարից եկող մեր զույգ  կույսերին , գրաբարյան գրելաձեւովՙ  կոյս : Այս բառը մի դեպքում նշանակում է պարզապես «կույս»ՙ այսօրվա մեր ըմբռնողությամբ, այսինքնՙ «չամուսնացած աղջիկ, մաքուր», գլխավորըՙ «անփորձ, չփորձած»: Փոխաբերական իմաստով իրերի վրա էլ է տարածվում, «խորհրդավոր, փակ, կնքված» նշանակությամբ, ասենքՙ  կույս առագաստ, կույս մեռոն եւ այլն: Մյուս դեպքում  կոյս նշանակում է «կողմ»: Ահա այս իմաստն է, որ այժմ առանձնապես չի գիտակցվում եւ տեղիք է տալիս զանազան զվարճախոսություններիՙ կապված  կույս եւ  կուսակցական բառերի հետ:

Բավականին լայն գործածություն ունեցող արմատ է եւ բառաբարդմամբ տվել է շատ ու շատ բառեր.  կուսակալ «կողմը պահող»,  մեկուսի «մի կողմ գտնվող, առանձին»,  քառակուսի«չորս կողմանի»,  կուսակցական «կողմը պահող, կողմնապահ» (եթե բոլոր կուսակցականներն էլ կողմնապահ են այսօրվա իմաստովՙ միայն իրենց կուսակցության շահերն են պաշտպանում, իրենց կողմն են պահում, վկան Հայաստանի 100-ից ավելի կուսակցությունները եւ մի քանի հազարի հասնող հասարակական կազմակերպություններն են):

Երեւի թե  տարակույս բառի կազմության մեջ էլ  կոյսի մատը խառն էՙ որպես տարբեր կողմեր, տարակողմ ձգտումների արտահայտություն տվող բառ: Կարծիք կա, որ կույս բառը մեզանից փոխառել են վրացիներըՙ կուսի , եւ թուրքերըՙ  կըզ : Թուրքերը մեզնից ոչ միայն մեր կույս աղջիկներին էին փախցնում, այլեւ բառը: Վերջում ավելացնենք, որ, ըստ Նոր Հայկազեան բառարանի,  կոյս -ի «անփորձ աղջիկ» իմաստը առաջացել է  կոյս -ի «կողմ» իմաստից, որպես «կյանքից մի կողմ քաշված աղջիկ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Страница 6 из 13«12456781213»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz