Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСреда, 2017-04-26, 19.33.20
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Forum » POLITICS » ՋԱՎԱԽՔ. ДЖАВАХК » ՆՈՐ ԳԻՐՔ ՋԱՎԱԽՔԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՆՈՐ ԳԻՐՔ ՋԱՎԱԽՔԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
AIVAZOVSKIДата: Понедельник, 2010-03-22, 18.40.24 | Сообщение # 1
Рядовой
Группа: Пользователи
Сообщений: 17
Статус: Offline
Օրերս լույս է տեսել “Միտք” վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանի երկրորդ գիրքը` “Ջավախքը 1988-2008թթ.” խորագիրը կրող հոդվածների ժողովածուն (նշենք, որ հեղինակի առաջին մենագրությունը` “Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում /1980-ական թթ. Վերջ – 1990-ական թթ./”, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատ., լույս էր տեսել դեռևս 2006թ.): Ներկա գիրքն իր մեջ ներառում է հեղինակի` թվով շուրջ 29 հոդվածները, որոնք իրենց բովանդակությամբ և ներկայացվող իրադարձությունների ժամանակագրությամբ ընթերցողին հնարավորություն են ընձեռում լիարժեք և հիմնավոր պատկերացում կազմել Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի հետխորհրդային ողջ ընթացքի մասին: - Պարոն Սարգսյան, շնորհավորում ենք նոր գրքի հրատարակման կապակցությամբ, խնդրում ենք ընդհանուր գծերով ներկայացնել գրքի հրատարակման անհրաժեշտությունը: - Շնորհակալություն: Ինչպես տեսնում եք` Ջավախքի հարցը գնալով ավելի ու ավելի սուր բնույթ ընդունելով` իր հաստատուն տեղն է գրավում տարածաշրջանային քաղաքական գործընթացներում և մամուլում: Եթե նույն խնդրի մասին 1990-ական թթ. հիշատակվում էր տարին մի քանի անգամ, այն էլ` որոշ մարդկանց սիրողական հարցադրումներում, ապա ներկայումս գրեթե օր չի լինում, որ խնդիրը չարծարծվի ինչպես ՀՀ-ի, այնպես էլ` հարևան երկրների տարբեր հրապարակումներում: Սակայն այս ամենն այնքան էլ չպետք է ուրախացնի մեզ, քանի որ խնդիրն արծարծող յուրաքանչյուր շրջանակ ձգտում է յուրովի մեկնաբանել այն, իսկ հաճախ` ելնելով անտեղյակությունից կամ հետապնդելով տարբեր նպատակներ, այս կամ այն շրջանակներ (դրանք կլինեն ՀՀ-ի, ռուսաստանյան, վրացական կամ թուրք-ադրբեջանական) հարցին տալիս են այնպիսի երանգավորում, որը ոչ միայն օգտակար բան չի կարող խոստանալ տարածաշրջանին, այլև անընդհատ արհեստական սրության տանելու միջոցով խոչընդոտում է հարցի արդարացի լուծման գործընթացին: Այս ամենի պատճառը նրանումն է, որ Ջավախքի հիմնախնդրի շուրջ գոյություն չունի պետականորեն մշակված հայեցակարգ, որը կդրվեր հասարակության առջև, որը կլիներ յուրաքանչյուր հայի սեփականությունը, որով կառաջնորդվեին հայ հասարակության ամենատարբեր շերտերն ու շրջանակները: Վերոնշյալ հայեցակարգի բացակայությունը վերջին շրջանում ազատություն է տվել բոլոր նրանց, ովքեր կարող են խնդիրն օգտագործելով` հասնել իրենց ծրագրերի իրականացմանը: Այս չարաբաստիկ գործընթացները կանխելու համար մեր կողմից փորձ է արվել Ջավախքի հարցին անդրադառնալ գիտական և ակադեմիական մակարդակով` ներգրավելով այս ամենի մեջ գիտության բարձրաստիճան գործիչների, հեղինակավոր քաղաքագետների և պատմաբանների: Մեր նպատակն է` Ջավախքի խնդիրը փողոցից տանել ակադեմիական դաշտ, որտեղից էլ վերջինս, մանրակրկիտ մշակման ենթարկելուց հետո, դնել հայ և օտարերկրյա հասարակական շրջանակների առաջ: Գիրքը ծառայելու է այդ գործին: - Ինչու եք ընտրել հենց 1988-2008թթ. ժամանակահատվածը: Այն ինչ-որ բան նշամակո՞ւմ է: - Միանշանակ` այո: 1988թ.` ԽՍՀՄ ամբողջատիրական վարչակարգի փլուզման սկզբի և ազգային զարթոնքի վերելքի տարում շատ գործընթացներ սկիզբ առան Ջավախքում, որոնք իրենց զարգացումը, վախճանն ու վերածնունդն ապրեցին, և, որոնց մանրակրկիտ ուսումնասիրումը կարող է նոր լույս սփռել իրադարձությունների ներկա ընթացքի մասին մեր պատկերացումների վրա: 2008 թվականով ավարտվեց Ջավախքի պատմության ամենահետաքրքրական ու փոթորկալից շրջանի 20-ամյակը, որն ակադեմիական լուսաբանում է ստանում մեր գրքի միջոցով: - Ի՞նչ կարող է վերցնել ընթերցողը գրքից: - Գիրքն իր բնույթով բազմաֆունկցիոնալ է: Նախ նշեմ, որ այն երկու լեզուներով է լույս տեսնում` հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այն ՀՀ-ի ընթերցողին լիարժեք հնարավորություն կտա իմանալու ոչ միայն Ջավախքի պատմության նշված 20-ամյա շրջանի մասին, այլև` նրա միջոցով վերջինս կտիրապետի Ջավախքի խնդրին` ամբողջովին: Գիրքը Ջավախքի ժողովրդին կօգնի հասկանալ իր առջև ծառացած հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերի ողջ շղթան, հասկանալու այն ամենը, ինչին տարբեր պատճառներով հաղորդակից չի եղել նա: Այս անտեղյակությունն ու տարբեր հարցերի մասին համատարած դարձած թերըմբռնումը հիմք են հանդիսացել, որ Ջավախքի բնակչությունը սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված իր քայլերում լինի վախվորած ու ոչ հաստատուն, իսկ շատ դեպքերում այդպիսի քայլերն իսպառ բացակայել են: Այսպիսի իրավազուրկ և բարոյազուրկ միջավայրում ջավախքցին մտածում է ժամ առաջ հեռանալ այնտեղից` սեփական հայրենիքն այդպիսով վերածելով յուրատեսակ ուխտատեղիի: Ջավախքի ժողովրդին այսօր անհրաժեշտ է ամբողջական, խիստ անաչառ և դասակարգված տեղեկատվություն, որը նրանք կարող են գտնել գրքում: - Գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների միջև ինչ-որ տարբերություն գոյություն ունի: - Ոչ, տարբերություն չկա: Միակ այսպես ասած տարբերությունն այն է, որ ռուսերեն տարբերակը նախատեսված է ռուսալեզու հատվածի համար: Ռուսերեն տարբերակում, վրացի ընթերցողը նույնպես նախևառաջ տեսնելու է ամբողջական և ճշգրիտ տեղեկություն Ջավախքի մասին, և ամենակարևորը` վրացի ընթերցողը վերոնշյալ ճշգրիտ տեղեկությունները պետք է օգտագործի` Ջավախքի և ջավախքահայության հետ հարաբերություններ հաստատելիս: Մեր օրերում ինչպես վրացական քաղաքական և ազգային շրջանակները, այնպես էլ ռուսական առանձին շրջանակներ ջանք չեն խնայում մամուլի միջոցով թշնամանք հրահրելու Ջավախքի ու Թիֆլիսի միջև, և այդ պրովակացիոն բնույթի նյութերը միմիայն արջի ծառայություն են տալիս վրացական և հայկական շրջանակներին, ուստի մեր հրատարակությունը գալիս է վերացնելու ստեղծված քաոսը: Մի կարևոր հանգամանք ևս. գրքի յուրաքանչյուր տողը հիմնված է փաստերի վրա, և, տեսնելով այնտեղ տարաբնույթ սուր հարցադրումներ, թող այդ ամենը բնավ որպես վիրավորանք չդիտվի վրացական շրջանակներում: Սուր հարցադրումներից խուսափելն ու աղբը ձյունով ծածկելու հին “ավանդույթն” արդեն սպառելն են իրենց: Ինչպես Թիֆլիսի վրացիները, այնպես էլ Ջավախքի հայերը հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ և երկուստեք ապրում են իրենց պատմական հայրենիքի վրա, ուստի ոչ մեկն իրավունք չունի առավելություն տալով մեկին, ստորացնել և իրավազրկել մյուսին: Եվ վերջապես` գրքի ռուսալեզու ընթերցողը հնարավորություն կստանա անաչառ հողի վրա իրազեկվել Ջավախքի խնդրի մասին: Ի վերջո ժամանակն է, եթե ոչ ուշացած` աշխարհին ներկայացնել Ջավախքը հայկական տեսանկյունից: Մեր պասսիվությունը հնարավորություն է տվել վրացական, ռուսական, եվրոպական և ամերիկյան շրջանակներին` Ջավախքը ներկայացնել իրենց տեսանկյունից: Այս գիրքը իրականությունն է Ջավախքի մասին` առաջին անգամ ներկայացվելով հայկական ակադեմիական մակարդակով: - Ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված Ջավախքում առկա և հետզհետե խորացող լարվածությունը: - Այդ լարվածությունն առաջին հերթին հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում գոյություն ունեցող մշտնջենական ճգնաժամի վկայությունն է, երկուստեք դրսևորվող քաղաքական կամքի բացակայությունը: Եթե հարցադրմանը մոտենանք իդեալական միջավայրում, հայկական կողմի միջամտության կարիքը բնավ էլ չպետք է զգացվեր, եթե Վրաստանը Ջավախքը “խնամեր” այնպես, ինչպես պահանջում է արդարությունը: Սակայն այսօր այդպես չէ ամեն ինչ, և մենք ստիպված ենք մեղադրել նաև ՀՀ-ին` Ջավախքի հարցերին միայն “քաղաքավարի” կերպով միջամտելու համար: Իսկ երկու երկրների միջև հարցերի խորացման պայմաններում, շուտափույթ հայտնվում են այլ ուժեր, որոնց տարածաշրջանային քաղաքականության համար այսպիսի օջախները դառնում են ամենահարմար թիրախները: Տվյալ դեպքում Ջավախքը այդպիսի թիրախ է դարձել տարբեր “սպիտակ” և այլ գերտերությունների համար, որոնք, թվացալ “ազատարարի” դերում հանդես գալով, իրականում արհեստական լարվածություն ստեղծելուց բացի`ներկայումս ոչ մի իրատեսական բան չեն խոստանում Ջավախքին: Այս դեպքում խոսքը Ռուսաստանի մասին է: Ավելին, Վրաստանն այս ամենն անխնա օգտագործում է Ջավախքի հայերի դեմ` մեղադրելով վերջիններիս այսպես կոչված` “անհնազանդության” մեջ: Իրավիճակը բոլորովին այլ էր, երբ Ջավախքում կար ռուսական 62-րդ ռազմաբազան. վերջինիս դերը սոցիալ-տնտեսականից զատ` մեծ չափով քաղաքական էր: Այն զսպում էր վրացական գործողությունները: Զավեշտական է, սակայն փաստ, որ վերջինիս ներկայության օրերին լրտեսական և ոչ մեկ մեղադրանք գոյություն չուներ վրացական իրավապահների մոտ, դա այն պարագայում, երբ Ջավախքի յուրաքանչյուր ընտանիք այս կամ այն կերպ “կապված էր” բազայի հետ: Ներկայումս այդ մեղադրանքները դառնում են սովորական: Ներկա և այսպիսի իրավիճակում, երբ ՌԴ-ն լքեց Ջավախքը, վերջինիս քայլերը կարելի է որակել պրովակացիոն: ՌԴ-ն այլևս չունի այնպիսի ծրագրեր, որոնք արդարացիորեն կպաշտպանեն ջավախքցու իրավունքը: Վերջինիս հետ հույսեր կապելն այլևս միամտություն է: Եթե ունենար` չէր լքի Ջավախքը, ինչքան էլ Վրաստանը պահանջեր: Չունենալով Ջավախքի հարցում երկկողմ մոտեցումների մշակված փաթեթ, Վրաստանը դարձել է ՀՀ-ին անընդմեջ “գերտերությունների գործակալ լինելու” մեղադրանք ներկայացնելու գերին, երբ Ջավախքի հանդեպ ՀՀ-ում իրականացվող ցանկացած քայլ որակվում է որպես ռուսական քայլ: Իրականում` Վրաստանի համար աններելի և անբարոյական է Ջավախքը դուրս հանել միջպետական քաղաքականության ծիրից և դարձնել այլ պետության հետ իր “հարցերը պարզելու” միջոց: Իր հերթին ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ Ջավախքի հարցը հայ-վրացական հարաբերությունների, միաժամանակ նաև` համազգային/համահայկական խնդրի շրջանակներից դուրս գա և դառնա գերտերությունների ոտքերի գնդակը:
 
КаралинаДата: Понедельник, 2012-10-08, 22.56.13 | Сообщение # 2
Сержант
Группа: Друзья
Сообщений: 27
Статус: Offline
Ներիր ինձ, Ջավա՛խք

Գեթ դու ներեիր, Ջավա՛խք իմ անգին,
Քո ծոցից ելած դավաճան հայիս,
Որ թողել եմ քեզ անտեր, անխնամ
Եվ նվիրվել եմ լոկ Հայաստանիս:

Ների՛ր ինձ, Ջավա՛խք,
Ների~ր զավակիդ փախուստի համար,
Քո գիրկն եմ գալու, Ջավա՛խք, սիրելի~ս,
Ու քո փառքով պիտ մենք մի օր խնդանք:
 
КаралинаДата: Понедельник, 2012-10-08, 22.58.19 | Сообщение # 3
Сержант
Группа: Друзья
Сообщений: 27
Статус: Offline
Ահա Ջավախքիս լեռները բազում,
Գագաթների վեհ թռիչքը հզոր,
Դարավոր երթը կարծես երազում,
Դեպի ամպերն է սլանում այսօր:

Ահա Ջավախքիս դաշտերը խաղաղ,
Փռված Աբուլից մինչև Փարվանա,
Ուր կյանքն է ազատ, սերը անվաճառ,
Ուր սիրտն է գերող, հոգին համբերող:

Ահա Ջավախքիս ջրերը զուլալ,
Շուրթերին երգը ծաղկած դաշտերի
Ահա Ջավախքիս օդը կենարար,
Մաքուր երկինքը, արևը պայծառ:

Եղիր ամեն տեղ, ամեն հանգրվան,
Շրջիր դու թեկուզ աշխարհից աշխարհ,
Չկա ավելի գեղեցիկ այնքան,
Քան իմ Ջավախքն է, բարձր ու անահ:
 
Forum » POLITICS » ՋԱՎԱԽՔ. ДЖАВАХК » ՆՈՐ ԳԻՐՔ ՋԱՎԱԽՔԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Страница 1 из 11
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz