Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-26, 19.07.25
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԻՐԵՔ ԱԽՊՈՐ ՀԵՔԻԱԹԸ
ԻՐԵՔ ԱԽՊՈՐ ՀԵՔԻԱԹԸ
ARTARAMISДата: Четверг, 2010-11-11, 09.44.42 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ժամանակով իրեք ախպեր են լինում։ Իրեքն էլ շատ խելոք ու գիտուն են լինում։ Մի օր սրանք գնում են Բաղդատ, ճամփին պուճուր ախպերն ասում ա.

— Էս ճամփովն,— ասում ա,— մի ուղտ ա գնացել, մի աչքը քոռ ու առաջի ատամներն էլ թափած են եղել։

— Էդ ճիշտ ա,— ասում ա միջնեկ ախպերը,— համ էլ ուղտի բեռի մի կողմում ցորեն ա եղել, մյուս կողմում՝ մեղր։

— Էդ էլ ա ճիշտ,— ասում ա մեծ ախպերը,— ուղտին էլ նստած ա եղել մի էրկուհոգիս կնիկ։

Էսպես խոսելով, մի քիչ տեղ, որ անց են կենում, մին էլ տեսնում են, որ մինը հևիհև վազելով եկավ հասավ սրանց։

— Ձեզ ղուրբան,— ասում ա,— ուղտս կորել ա, չեք տեսե՞լ իմ ուղտը։

— Էն, որ մի աչքը քոռ ա ու առաջի ատամներն էլ թափա՞ծդ— հարցնում ա պուճուր ախպերը։

— Հա, ա՜։

— Բեռի մի թայումը ցորե՞ն էր, մեկելումը` մե՞ղր,–– հարցնում ա միջնակ ախպերը։

— Հա, հա՛։

— Ուղտի վրեն էրկուհոգիս կնիկ էր նստա՞ծ,— հարցնում ա մեծ ախպերը։

— Հա՛, հա՛, հա՛, հենց էդ ա։ որ կա,— ասում ա ուղտատերը, էդ իմ կնիկն էր ուղտին նստած։

Աղաչանք պաղատանք ա անում, որ ասեն, թե ի՞նչ էլավ էդ ուղտը, համա իրեք ախպերն էլ միաբերան ասում են, թե չեն տեսել էդ ուղտը։

Ուղտատերը չի հավատում։ (Ախր ո՞նց հավատա մարդ)։ Գնում ա խալիֆին գանգատ.

— Խալիֆն ապրած կենա,— ասում ա,— էս մարդիկը մին-մին նկարագրեցին իմ ուղտը, գիտեն, թե վրեն ինչ էր բարձած, համա ասում են, թե չեն տեսել ուղտս։

— Թե որ ուղտը չեք տեսել,— հարցնում ա խալիֆը,—որտեղի՞ց գիտեք էդ նշանները։

— Խալիֆն ապրած կենա,— պատասխանում ա պուճուր ախպերը,— որ ուղտի մի աչքը քոռ էր ու առաջի ատամները էլ վեր թափած, ես հասկացա նրանից, որ ուղտը արածելիս ա եղել ճամփի մի կռնից, խոտի մեջտեղն էլ թողած՝ կրծել ա երկու կողքիցը.

— Որ բեռի մի թայը ցորեն էր, մեկելը՝ մեղր, խալիֆն ապրած կենա, ես հասկացա նրանից, որ ուղտի անց կացած ճամփին մի կռնից ճանճեր էին նստած, մեկել կռնիցն էլ ծտեր էին թռչկոտում,— պատասխանում ա միջնեկ ախպերը։

— Որ ուղտի վրեն, երկուհոգիս կնիկ ա եղել նստած, ես հասկացա նրանից, որ էստեղ՝ որ կնիկը վեր ա էկել ուղտիցը՝ գետնին ձեռների տեղն էրևում ա, խալիֆն ապրած կենա,– ասում ա մեծ ախպերը։ Ոտի կանգնելիս, երկու ձեռը գետնին են դեմ տալիս մենակ երկհոգիս կնանիքը։

Խալիֆը մնում ա զարմացած, էս ի՞նչ իմաստուն մարդիկ են, կանչում ա սրանց պալատը՝ ճաշի։ Լավ պատիվ ա տալի, ու իրա պալատականին ասում։

— Սրանց տակը դեռ շատ բան կլի, աչք ու ականջ պահի վրներին։ Ճաշից հետո, էս իրեք ախպորն էլ տանում են մի ջոկ օթախ, որ սրանք հանգստանան։ Պալատականն ականջը դեմ ա անում դռանը, որ իմանա, ի՞նչ են խոսում, ի՞նչ չեն խոսում իրարու հետ, մին էլ, ըհը՛.

— Փլավը, որ մեզ պատվեցին, շատ լավն էր, համա ափսոս, որ բրինձը մեռլահոտ էր տալի,— ասեց պուճուր ախպերը։

— Միսն էլ պակաս միս չէր, ամա ափսոս, որ մի քիչ շան հոտ ուներ,— ասեց միջնեկ ախպերը։

— Մեր խմած գինին էլ շատ պատվական գինի էր, ամա ափսոս, որ մարդու արնի համ ու հոտ ուներ։

Պալատականը գլխապատառ վազեց խալիֆի մոտ, թե՝ խալիֆն ապրած կենա, էսենց, էսենց, էսենց բան են խոսում էն մարդիկը։

Խալիֆը կատաղում ա, արինը աչքերն ա առնում, թե ո՞նց թե ինձ հետ կերած-խմածին էդպես խոսք ասեցին։ Ասեց՝ էս րոպեին քննություն արեք, հետո ես գիտեմ արդարի ու մեղավորի դատը։

Քննություն արին էն րոպեին, ի՞նչ պարզվեց։ Արի տես, որ փլավ գցած բրինձի արտի տակին, վաղ ժամանակ գերեզմաններ են եղել էս մեկ, փլավի մսացու գառը նորածին օրերին շան ծիծ ա ծծած եղել , էս էրկու, սրանց խմած գինու խաղողը քամելու վախտը մշակը ոտը կտրել ա ու նրա արինը խառնվել ա քամածին։

Նոր էստեղ խալիֆը կանչում ա էս իրեք գիտնական ախպորտանցը, էլ ինչ պատիվ, էլ ինչ փեշքաշներ, էլ, էլ, էլ ինչ ասեմ։ Ուղտատիրոջն էլ մի ուղտ ա փեշքեշ անում, որ սիրտը կոտրած չմնա, ասում ա` դե հիմի գնա։ Թե որ կնիկդ քեզանից էր պատճառավոր, կգա, քեզ կգտնի, թե հու չէ, լավն էն ա, որ հենց ինքն ա կորել։ Բա՜։ Տեսնաս ո՞ւր կլինի կորած էն ուղտը։

* * *

— Էդպես ա,— ասեց պապս, ժողովրդի խելքին, փորձին, նրա սուր աչքին հասնող քիչ կլինի։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԻՐԵՔ ԱԽՊՈՐ ՀԵՔԻԱԹԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz