Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2017-06-23, 21.07.23
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ) (ԱՍՏՂԵՐԻՑ ԻՋԱԾ ԿԻՆԸ (ՀՆԴԿԱԿԱՆ))
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ)
NvardДата: Среда, 2010-11-17, 21.20.16 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Հին ժամանակները, երբ դեռ Հնդկաստանում չէին երևացել սպիտակ մարդիկ իրենց հրացաններով, երբ դեռ նրա ճոխ ու ընդարձակ հովիտներում խաղաղ արածում էին գոմեշների երամակները, երբ դեռ աստղերն էլ մոտ էին երկրին ու չքնաղ, կենդանի արարածներ էին, և հաճախ իջնում էին մարդկանց մոտ, ահա էն ժամանակներից եմ պատմում։

Էն ժամանակները կովի գետի ափին ապրում էր մի ջահել որսկան։ Նա սիրում էր կարմիր ծաղիկներն ու կապույտ երկինքը։ Եվ մինչդեռ ուրիշները կաշվե բաճկոններով էին որսի գնում, նա կարմիր հուլունքներով զարդարած կոշիկներ էր հագնում, երեսը նախշում էր կարմիր շերտերով ու շրջանակներով, ինքն էլ էնպես վառ ու նախշուն զուգվում-զարդարվում, ինչպես վառ ու նախշուն զուգված են երկինքն ու երկիրը։ Մազերի մեջ էլ միշտ կրում էր կարմիր կարապի փետուր, դրա համար էլ նրան կանչում էին Բարձր փետրավոր։

Մի անգամ իր նետ ու աղեղով զինված Բարձր փետրավորը գնում էր անտառով։ Մի կանաչ բացատում նկատեց մի հետք՝ մանր ոտնատեղեր, որ երբեք չէր տեսել իր կյանքում։ «Ի՜նչ արարած է սա արդյոք, ո՞րտեղից է եկել և ո՞ւր է գնացել»,— զարմացած հարց տվեց ջահել որսկանը։ Էն հետքը բռնեց ու գնաց։ Ավելի զարմանքը մեծացավ, երբ տեսավ հետքը շրջան անելով եկավ էլի էնտեղ, որտեղից սկսել էր ու գնացել։

— Ինչ ուզում է լինի, պետք է իմանամ ինչ արարած է սա,— վճռեց ու պառկեց էն շրջանի մեջ բարձր խոտերում ու ծաղիկներում և մտածում էր անհայտ արարածի ու նրա ոտնատեղերի վրա՝ հայացքով խորասուզված կապույտ երկնքի մեջ։

Մին էլ նկատեց՝ հենց իր վերևում, երկնքի խորքում, մի փոքրիկ կետ։ Սկզբում արծվի տեղ ընդունեց, բայց հետզհետե իջնելով մեծացավ, մեծացավ կետը, ու մին էլ տեսավ՝ մի զամբյուղ իջավ երկնքից։ Թփերի ետևից նայեց, զամբյուղից դուրս եկան տասներկու հրեղեն-փարեղեն աղջիկներ՝ հագած երկնակապույտ ծփծփուն թափանցիկ հագուստներ։ Զամբյուղից դուրս եկան մինը մյուսի ետևից և դալարի ու ծաղիկների մեջ սկսեցին պարել ու երգել, երգել էն տեսակ հրաշալի երգեր, որ Բարձր փետրավորը իր օրում երբեք չէր լսել։

Էստեղ Բարձր փետրավորը էլ չկարաց համբերի, իր թաքստից դուրս թռավ, ընկավ նրանց շրջանը ու բացականչեց.

— Թողե՛ք, թողե՛ք, ես էլ երգեմ ու պարեմ ձեզ հետ... Աղջիկները վախից ճչացին, վազեցին դեպի իրենց զամբյուղը, իրար ետևից թռան զամբյուղի մեջ, ու զամբյուղը արագությամբ վերացավ դեպի երկնքի խորքը ու հետզհետե փոքրանալով, անհետացավ, կորավ երիտասարդ որսկանի աչքից։

Երիտասարդը վերադարձավ իրենց խրճիթը։ Մերը նրա համար գոմեշի միս էր խորովել, բայց չկարաց ուտի, ուշք ու միտքը էն տասներկու աղջիկների հետ գնացել էր դեպի երկինք։

Շատ խնդրեց մերը, որ պատմե, թե ինչ է պատահել։ Սկզբում չէր ուզում, բայց վերջը պատմեց ամեն բան ու հայտնեց, որ չի հանգստանալ, մինչև էն աղջիկներից մինը կին չբերի իրեն։

— Դրանք անպատճառ աստղաբնիկներից են,— ասավ որսկանի մերը, որ նշանավոր կախարդ էր։— Դու ավելի լավ կանես մեզանից մի հնդիկ աղջիկ ուզես քեզ համար կին։ Էլ մի մտածիր աստղաբնակ աղջիկների վրա, թե չէ գլխիդ մի փորձանք կբերես։

— Ոչ մի դժբախտություն ու ոչ մի դժվարություն ինձ չեն վախեցնում, միայն թե կարենամ Աստղաբնակ ադջկանը ինձ կին առնեմ,— պատասխանեց որդին։— Եվ ես պետք է հասնեմ նրան, թեկուզ էդ քաշի մինչև աշխարհքի վերջը։

— Եթե հաստատ էդպես ես վճռել, թո՛ղ քո ասածը լինի,— ասավ մերը ու մյուս առավոտը մի կտոր արջամկան մորթի կարեց տղի գլխի փետուրին, խրատ տվեց ու էնպես ճանապարհ դրեց դեպի կախարդական շրջանը։

Շրջանը մտնելուն պես երիտասարդը դարձավ արջամուկն ու խոտերի մեջ տապ արավ, սպասեց։

Մի ժամանակ դարձյալ նկատեց նույն կետը երկնքի խորքում։ Հետզհետե մեծացավ կետը, իջավ-իջավ ու վերջապես իջավ գետնին, էլի նույն տեղը։

Աղջիկներից մեծը ուշադրությամբ դիտեց չորս կողմը՝ արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ։

— Կարծես էսօր էստեղ մարդ չկա,— ասավ նա ու բոլորը զամբյուղից դուրս թռան։ Հենց ուզում էին սկսեն իրենց պարը, որ փոքր աղջիկը արջամկանը նկատեց ու ցույց տվեց մեծին։

— Շո՛ւտ, շո՛ւտ, փախե՛ք էստեդից,— ճչաց մեծը.— հասարակ արջամուկը երբեք չէր համարձակվի մտնել մեր նվիրական շրջանը։ Արջամկան կերպարանքի տակ անշուշտ մի կախարդ է թաքնված։

Բարձր փետրավորը վրա չհասցրեց գոնե մի խոսք ասի կամ իրենից ձգի արջամկան մորթին, որ զամբյուղն արդեն՛ թռչում էր երկնքում։

Երիտասարդը տուն վերադարձավ սաստիկ տխուր ու կոտրված։

— Մի՛ հուսահատվիր, ո՛րդիս,— ասավ մերը։— Մսեղեն մի՛ ուտիլ, էդ շատ է վնասում մեզ ու փչացնում է մեր հմայքները։ Գնա՛, եթե սով զգաս, մորի կեր միայն։

Ապա թե մի մկան բեղի ծեր կարեց որդու գլխի կարմիր փետուրին ու ճանապարհ դրեց։

Սոված, ճանապարհին մորի ուտելով հասավ ու կախարդական շրջանը մտավ երիտասարդը։ Մտավ թե չէ, մուկ դարձավ, բարեկամացավ մի մկան ընտանիքի հետ ու իջավ նրանց բունը։ Մկների մերը խոստացավ ամեն բանում օգնել նրան։

Ահա նորից երկնքից իջավ խորհրդավոր զամբյուղը։ Մեծ քույրը դարձյալ դուրս մեկնվեց զամբյուղից ու սկսեց դիտել չորս կողմը. Հարավ նայեց, հյուսիս նայեց, արևելք նայեց, արևմուտք նայեց, ներքև՝ գետնին նայեց։

— Էստեղ, մարդ չկա,— ասավ. —արջամուկն էլ չեմ տեսնում, բայց դարձյալ պիտի զգույշ լինենք։

Եվ ահա դուրս եկան նրանք ամենքը, պար բռնեցին ու սկսեցին երգել ու զարկել փոքրիկ թմբուկները, որ օձի կաշվից էին շինած։ Էսպեսով հասան հենց մկան բնին, մեծ քույրը ձեռքը վեր բարձրացրեց, բոլորը միասին կանգ առան ու շունչները պահեցին։ Ապա թե ոտով գետնին զարկեց, ականջ դրեց ու ասավ.

— Էստեղ առաջվա նման խուլ չի հնչում։ Երևի էսօր օտար հյուր կա մկների մոտ։— Նորից գետինը դոփեց ու կանչեց.

— Դո՛ւրս եկեք, երևացեք դո՛ւք, փոքրիկ դավաճաննե՛ր, թե չէ ձեր բունը կքանդենք։

Բայց մեր մուկը արդեն անցք էր փորել, որ դուրս էր գալիս ուղիղ հենց շրջանագծի մյուս կողմը։ Եվ մինչդեռ աղջիկները նրան շրջանի ներսն էին որոնում, նա իր ճուտերով արդեն փախչում էր շրջանից դուրս մարգերում։

Աղջիկները վազեցին ետևներից, որ սպանեն մկներին, ամենքը վազեցին, բացի փոքրը, որ չէր կարող սպանել՝ ինչ ուզում էր լիներ։ Էս ժամանակ Բարձր փետրավորը դուրս եկավ մկան բնից, առավ իր մարդկային կերպարանքը, մոտեցավ աղջկանը, բռնեց նրա երկու ձեռքից ու ասավ.

— Արի գնանք մեր տունը, սիրուն աղջիկ, ու եղիր իմ կինը։ Էնտեղ պար կբռնես հնդիկ աղջիկների հետ, ես որս կանեմ, կբերեմ քեզ համար, մերս կեփի ու տունը կկառավարի, և դու մեզ մոտ ավելի երջանիկ կլինես, քան էնտեղ՝ երկնքում։

Աղջիկը կամավորվում էր։

Երկնային աղջիկները եկան հավաքվեցին, շրջապատեցին իրենց քրոջը, սկսեցին աղաչել, որ էնպես բան չանի, նորից իրենց հետ գնա վերև երկինք՝ իրենց տունը, բայց նա նայեց, նայեց երիտասարդին ու ասավ.

— Կգամ քեզ հետ, գնանք, ուր որ ուզում ես։

Մնացած քույրերը ցավալի լացով ու սուգով բարձրացան դեպի երկինք, անհետացան կապուտակ երկնքում, իսկ Բարձր փետրավորը իր Աստղ-կնոջը բերեց իրենց վրանը Կովի գետի ափերին։ Իր երկնային հարսին տեսնելով, շատ ուրախացավ երիտասարդ որսկանի մերը, բայց որդու ականջին շշնջաց.

— Երբեք չհեռանաս քո կնոջից, եթե ուզում ես դրան պահես, ուր որ գնաս, հետդ տար անբաժան։

Էնպես էլ արավ երիտասարդ որսկանը։ Իր կնոջ համար էլ նետ ու աղեղ շինեց ու միշտ հետը որսի էր տանում, բայց կինը երբեք չէր հոժարում նետ արձակելու, երբեք չէր ուզում սպանի, ինչ շունչ կենդանի ուզում էր լիներ, և երբեք որսի միս չէր ուտում, եթե սպանում էին ուրիշները։ Նա անտառներում ու մարգագետիններում միայն մոռ, մորի, հաղարջ և ուրիշ պտուղներ էր քաղում ուտում, մին էլ բրինձ։ Էսպես էր ապրում։

Մի անգամ էլ, երբ կինը զբաղված էր իր ձեռագործով և փետուրներից ասղարուր աստղեր էր շինում իր տոնական զգեստի վրա, իսկ որսկանի մերը գյուղի մյուս ծերին զրույց էր անում իր ծանոթների վրանում, որտեղից որ էր ներս թռավ մի փոքրիկ դեղին թռչնակ, վեր եկավ Բարձր փետրավորի ուսին ու ականջին ծլվլաց.

— Ձեր մոտիկ լճի վրա վեր է եկել վայրի կարապների երամը։ Եթե չուշանաս, շուտ հասնես և զգույշ մոտենաս, կարող ես նրանցից բռնել, թե չէ՝ ուր որ է կթռչեն։ Միայն կնոջդ չիմացնես։ Կարմիր կարապները կանանց տանել չեն կարող։ Ձեռաց հոտը կառնեն, թեկուզ մի մղոնի վրա, ու կթռչեն։

Բարձր փետրավորը ոչ թե կարմիր կարապ չէր տեսել իր օրում, այլ չէր էլ լսել, թե կարմիր կարապ կլինի։ Իր գլխի կարապի կարմիր փետուրն էլ ինքն է ներկել։ Մտիկ արավ, տեսավ կինը զբաղված է իր ձեռագործով ու գլուխը քաշ արած աստղեր է ասեղնագործում, կամաց դուրս սահեց, մտածելով, թե էնպես շուտ կվերադառնա, որ նա իսկի չի իմանալ, թե երբ գնաց, երբ եկավ։ Բայց դուրս գնաց թե չէ, վրանը ներս թռավ էն դեղին թռչնակը, թառ եղավ կնոջ ուսին ու ականջի տակին սկսեց երգել մի հրաշալի երգ, թե ինչպես են ապրում նրա քույրերն էնտեղ երկնքում։ Ու չքնաղ կինը, որ մի ժամանակ աստղերի վրա էր ապրել, հիշեց երկնային կյանքն ու իր անցած երջանկությունները, մոռացավ երկրային ամեն բան, վեր կացավ, քամու նման թռավ դեպի նվիրական շրջանը, հենց էնտեղ հասավ, որ քույրերը իջնում էին երկիրը։ Տեսնելով իրենց քրոջը՝ շրջապատեցին ու սկսեցին աղաչել, որ իրենց հետ վերադառնա երկինք — տուն։

— Բայց Բարձր փետրավորը լավ մարդ է ու ինձ շատ է սիրում, ի՞նչպես թողնեմ նրան,— ասավ աղջիկը։

Մեծ քույրը տեսնելով, որ փոքրը դժվարանում է թողնել ամուսնուն, ասավ.

— Դե մնա , եթե չես կարող բաժանվել նրանից, բայց խնդրում եմ, գոնե մի ժամով մեզ հետ երկինք բարձրացիր մեր հորը տեսության։ Էն օրվանից ինչ դու հեռացել-իջել ես երկիր, նա շարունակ դարդ է անում։

Չէր կամենում գնալ փոքր քույրը, բայց էնքան էր հորը կարոտել, որ անունը լսելուն պես մտավ խորհրդավոր զամբյուղը մի անգամ էլ նրան տեսնելու համար։ Հեր ու աղջիկ որ իրար տեսան, երկուսն էլ շատ ուրախացան ու խոսեցին, խոսեցին, էնքան խոսեցին, որ կապուտակ երկինքը մթնաժոռեց, ու աղջիկը հիշեց, որ ուշացել էր, պետք է նորից իջներ երկիր, իր ամուսնու մոտ։

— Էդ երբեք չի լինի,— ասավ հերն աղջկանը. փակեց նրան մի մեծ սպիտակ ամպի մեջ ու հայտնեց, թե դուրս չի թողնելու էն ամպից, մինչև չի խոստանա, որ էլ չի վերադառնալ երկիր։ Աղաչեց, պաղատեց աղջիկը, բայց իզուր։ Ապա թե լաց եղավ, ու սկսեց արտասվել, արտասուք թափել էնքան առատ, որ սպիտակ ամպն էլ մթնեց ու սկսեց արտասուք թափել նրա հետ։ Հերը տեսավ, որ եթե շարունակի փակած պահել, աղջիկն արտասուքով կողողի երկիրը, բաց թողեց։

— Ի՞նչ անեմ,— ասավ,— որ մնաս մեզ մոտ ու երջանիկ ապրես։

— Իմ ամուսնուն էլ բեր երկինք,— պատասխանեց աղջիկը։

Ու երկիր իջեցրեց նվիրական զամբյուղը երկնային ծերունին։

Բայց ի՞նչ եղավ Բարձր փետրավորը։

Լճի ափը գնաց Բարձր փետրավորը, տեսավ կարմիր-կարմիր կարապների մի գեղեցիկ բազմություն։ Երկուսին սպանեց, մնացածը փախան։ Սպանած կարապներն առավ, շտապեց վրանը։ Եկավ տեսավ ձեռագործը կիսատ ընկած ու կինը չկա։ Սկսեց կանչել, պատասխան չկա։ Սպանած կարմիր կարապներն ուսով գցած վրանից դուրս վազեց դեպի խորհրդավոր շրջանը՝ էնտեղ էլ չկար։

Վճռեց հենց էնտեղ էլ մնալ ու սպասել նրա վերադարձին, թեկուզ մինչև աշխարհի վերջը։ Ընկավ գետին, խոտերի մեջ պառկեց ու հայացքը աստղերին սևեռած նայեց, նայեց մինչև հոգնեց, քունը տարավ։

Առավոտը վաղ աչքը բաց արավ, խոտերի մեջ լսեց մի շրշյուն, մտիկ տվեց՝ կողքին ծանոթ զամբյուղը։ Վեր թռավ ու խենթի նման, սպանած կարապներն էլ ուսին, ընկավ զամբյուղը։ Տեսավ զամբյուղը դատարկ, մեջը ոչ ոք չկա, ու մինչև ուզեց դուրս գա, արդեն անցել հասել էր երկնքի ու երկրի մեջտեղը ու արագ սլանում էր դեպի վեր։ Սլացավ, սլացավ, վերջապես հասավ Աստղերի աշխարհքը, որտեղ սպասում էր իրեն սիրելի կինը։ Կնոջ հերը նրանց մի սքանչելի կապույտ վրան նվիրեց։ Էն կապույտ վրանում նրանք ապրում էին երջանիկ։ Բարձր փետրավորը միառժամանակ, հարբած երկնային վայելքներով ու հրեղեն կնոջ սիրով, կատարելապես երջանիկ էր, բայց կամաց-կամաց սկսեց ձանձրանալ ամպեղեն պտուղներից, որոնցով սնվում էին Աստղերի աշխարհքում նրանց բնակիչները, սկսեց կարոտել հաստատուն կանաչ դաշտերին, որսերին, ու թախանձեց կնոջ հորը, որ բաց թողնի իրեն իր կնոջ հետ միասին նորից դեպի երկիր։

— Ոչ, անկարելի է,— պատասխանեց կնոջ հերը,— թե թողնեմ, էլ երբեք չեմ տեսնիլ նրան։ Դու էլ մնա՛ մեզ մոտ ու շուտով կմոռանաս ձեր տխուր երկիրը։

Երիտասարդ որսկանը պատասխանի փոխարեն հագավ իր սպանած կարմիր կարապներից մեկի զույգ թևերը, մյուսի զույգ թևերն էլ կնոջը տվեց ու վար ճախրեցին Աստղերի աշխարհքից դեպի ցած, նորից իջան երկիր, իրենց դաշտերը, իրենց վրանը, ուր Բարձր փետրավորի պառավ մերը ողբում էր իրենց կորուստը։

Երբ տեսավ վերադարձան, անսահման ուրախացավ պառավ մերը, ուրախացան ամենքը գյուղում, մեծ խնջույք սարքեցին, ուրախություն արին ու երկար, երկար երգեցին ու պարեցին։

Որսկանի Աստղ-կինն էլ վերջացրեց իր պատրաստած աստեղազարդ տոնական զգեստը, հագավ, մտավ հնդիկների շարքը և պարում, երգում էր նրանց հետ։ Էլ երբեք չվերադարձավ էն շրջանը, ուր իջնում էին իր հրեղեն քույրերը։ Ապրում էր պտուղներով ու հացահատիկներով, որովհետև չէր սիրում սպանել, բացի մեկից, էն փոքրիկ դեղին թռչնակից։

Մի անգամ էլ, երբ ուրիշ կողմ էր Բարձր փետրավորի ուշքը, նորից ներս թռավ էն փոքրիկ դեղին թռչնակը, թառեց կնոջ ուսերին ու սկսեց շշնջալ, բայց կինը բռնեց, նրա վիզը ոլորեց։ Էն էր ու էն, էն օրվանից էլ չեկավ, չերևաց թևավոր փորձիչը։ Եվ էն ճոխ հովտում, Կովի գետի ափին իրենց խաղաղ վրանում, անբաժան ու երջանիկ իրար հետ ապրում էին ջահել որսկանն ու աստղերից իջած կինը։

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » Հովհաննես Թումանյան Հեքիաթներ (թարգմանություններ) (ԱՍՏՂԵՐԻՑ ԻՋԱԾ ԿԻՆԸ (ՀՆԴԿԱԿԱՆ))
Страница 1 из 11
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz