Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-04-28, 15.30.10
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Ջիվանի, Дживани
Ջիվանի, Дживани
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.44.05 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՋԻՎԱՆԻ

1846 - 1909

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի) — հայ աշուղ, ժող. երգիչ — ծնվել է գ. Կարծախում (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868-95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում...

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

1870—90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը («Մեծ քեռի», «Ով սիրուն, սիրուն»)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է «հյուսիսից»։

Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է «Գայլածին»)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հո տառը», «Քաջ բազե» ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել» ևն)։

Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։

Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է «Աշըղ-Ղարիբի հեքիաթը» (1887), «Քյարամի և Ասլիի հեքիաթը» (1888), «Մելիք-Շահի հեքիաթը» (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։

Կ. Դուրգարյան

* * *
Առանձին կարևորություն ունի Ջ-ու երաժշտական արվեստը, իր ոտանավորների զգալի մասը նա հորինել է երգելու համար։ Աշուղը սովորաբար հանդես է եկել երեք կամ չորս հոգուց կազմված խմբով, նվազել ծնկին դրվող ջութակ (նաև՝ քաման), երգել զորավոր ու զգայուն ձայնով։ Ջ. շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած ավանդույթը՝ որևէ երգի համար հորինել նրան հատուկ եղանակ («Քո փափագով», «Ընկերը», «Այծյամ», «Ձախորդ օրերը» ևն)։ Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք շարադրել յուրովի։ Ջ. հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժող. (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը։ Առավել բնորոշ երգերում խոսքային և վոկալ ինտոնացիաները միաձուլված են, և զգացմունքի խորությունը զուգորդվում է արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Փորձը մարդուն», «Սարի եղնիկը», «Սպիտակ մազեր», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը» ևն)։ Եղանակները կենսահաստատ են, լավատեսական, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան։ Ջ. ասերգի խոշոր վարպետ է («Խելքի աշեցեք» ևն)։ Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է հարում նրա «Առավոտյան քաղցր հովիկը», քաղաքային ժող. ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է նույնպես մի հին, միջնադարյան նախօրինակից (օգտագործված նաև Պաղտասար Դպիրի և Սայաթ–Նովայի երգերում)։ Ջ. կատարել է նաև այլ հեղինակների գործեր, դրանց համար հարմարեցրել կամ հորինել եղանակներ («Անի քաղաք»)։ Ջ-ու երգերը դեռևս հեղինակի թելադրումից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, առավել հիմնովին՝ Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։ Գրառումների մի մասը պահպանված այլ նմուշների հետ զետեղված են Մ. Աղայանի և Շ. Տալյանի կազմած ու խմբագրած ժողովածուում (Ե., 1955)։ Ջ-ու երգերի կատարման ոճը հարազատորեն պահպանել են Շ. Տալյանը, ապա՝ Վ. Սահակյանը։ Աշուղի երգերը երգչախմբի համար մշակել են Ք. Կարա-Մուրզան և Մ. Եկմալյանը, դաշնամուրի համար՝ Ն. Տիգրանյանը, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Գ. Կազաչենկոն, ձայնի և դաշնամուրի (նաև փողային նվագախմբի) համար՝ սովետահայ շատ կոմպոզիտորներ։ «Քո փափագով» երգի եղանակը Կոմիտասն օգտագործել է իր «Անուշ» անավարտ օպերայում։ «Անի քաղաքի» եղանակը (բացի Կարա-Մուրզայի երգչախմբային մշակումից) օգտագործել են Ա. Տեր-Ղևոնդյանը, մասամբ՝ Կոմիտասը և Ա. Խաչատրյանը։

Ջ-ու երաժշտ. ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղների հետագա սերունդների վրա։

Ռ.Աթայան
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.44.48 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
Ջիվանի

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: (2)

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,
Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: (2)

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: (2)

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,
Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան: (2)

ՄԱՅՐԻԿ

Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր` սուրբ տաճար մայրիկ,
սուրբ տաճար մայրիկ:

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչև մեծանալըս, ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,
անդադար, մայրիկ:

Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ,
անկատար, մայրիկ:

Ո'Վ, ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ

Աշխարհն ընդհանուր քո սիրույդ համար քաշում է փափագ, ո'վ սիրուն, սիրուն.
Չի լինի քեզ պես ամենայն երկիր, փայլուն արուսյակ, ո'վ սիրուն, սիրուն.
Կստանաս համբավ, քիչ էլ սպասե, կուգա ժամանակ, ո'վ սիրուն, սիրուն.
Փարք ու պատիվս քեզի' կըհանձնեն քույրիդ նմանակ, ո'վ սիրուն, սիրուն.
Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով սնված մանուշակ, ո'վ սիրուն, սիրուն.
Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց, մեկ հատ օրինակ, ո'վ սիրուն, սիրուն.

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան` բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ.
Նոքա օտար են, չեն սիրեր սրտով, կեղծ ու պատիր են, արտաքին և վատ,
ՈՒրեմն մոտ եկ, դո'ւ իմ սիրելի, իմ արենակից տիկին հարազատ.
Քո սերդ սուրբ է, ո'վ սիրուն անմեղ, վարքով ու բարքով, սրտով անարատ.
Մաղթում եմ սրտով` մնաս անխափան միշտ վեհ անունով, անկախ ու ազատ,
Խղճալի երգիչ Ջիվանու համար մնաս հաջողակ, ո'վ սիրուն, սիրուն:

ՀՈՐ ԽՐԱՏԸ ՈՐԴՈՒՆ

Որդյակ, առ խրատս, մի լավ օգնական ունեցիր,
Քո անձդ պաշտպանելու՝ ուսիդ հրացան ունեցիր,
Գեղն առանց շուն չի լինի, ձեռիդ գավազան ունեցիր,
Թշնամիդ մտրակելու համար խարազան ունեցիր:

Աշխարհում խեղջ լինողը՝ հողին հավասար կլինի,
Սրտումը վերք կունենա՝ անդեղ ու անճար կլինի,
Երանի այն տղային, լեզվանի ճարտար կլինի,
Իմ հոգիս, առ օրինակ, գովելու բերան ունեցիր:

Նյութական միջոցներդ ապահովացու հարաժամ,
Դժվար է ներկայումս մարդուն ապրել առանց դրամ,
Ոչ մի տեղ չի գտնվի Մամոնայի պոս բարեկամ,
Աշխատիր դու չափաոր, համեստ գանձարան ունեցիր:

Աշխատիր, գուցե ճարես մի քանի օրավար լավ հող,
Հող ունեցողը երբեք չի մնալ քաղցած ու անփող,
Ջիվանս քեզ կաղաչեմ, հիշիր Աստված, ունեցիր դող,
Թե կուզես կարդալու գիրք՝ Սուրբ Ավետարան ունեցիր:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.45.33 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱՇՈԻՂՆԵՐԸ

Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:

Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,
Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:

Զիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։

ԽՐԱՏ

Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,
Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ
Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,
Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:

Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,
Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,
Անմահ հիշատակը բարի անունն է,
Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։

Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,
Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,
Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,
Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:

ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված.
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.
Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի.
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:

1883

ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.46.11 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած,
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցե
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.47.01 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԸՆԿԵՐ

Բարի գեղեցիկ առաքինի ընկերը՝ մարդուն
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյնաքդ նվիրես ընկերիդ լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն.
Ընկեր եմ ասում,հաստատակամ,ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիներ իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ,հարազատ ընկերն է սուսերը մարդուն,
Ով որ ունենա մտերիմ ընկեր,Ջիվան աշուղ,
Չի՛ սպիտակեր ամենևին մեկ հերը մարդուն:

***
Կրոնդ հայի է, լեզուդ էլ` հայի,
Բայց որ գործդ թշնամու է, ի՞նչ օգուտ:
Քո մանուկդ քաղցած կուլա, կնայի`
Կուրծդ այլոց սննդատու է, ի՞նչ օգուտ:

Վատ եղբորից լավ է բարեկամ հյուրը,
Կեցած տանդ վրա չի խոսվի թյուրը:
Օրինակ, որ Կազբեկի սառն աղբյուրը
Թիֆլիսից շատ հեռու է, ի՞նչ օգուտ:

Ցանկանում է Ջիվանիս կլանել,
Պապիս կայքը եղբոր վրա բաժանել,
Ոչ օգնել է ուզում, ոչ էլ պաշտպանել,
Ազնիվ քեռիս ահարկու է, ի՞նչ օգուտ:

***
Ազգ իմ, որքան նըկուն մընաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտս քեզանից չի զատվի:

Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դըրախտն էլ ինձի տան,
Սիրտս քեզանից չի զատվի:

Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծովիդ մեջը հանգչիմ, մայրիկ,
Սիրտս քեզանից չի զատվի:

Ջիվանին եմ քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ ամենայն ժամ,
Հընդկաստանին էլ տեր դառնամ
Սիրտս քեզանից չի զատվի:

***
Ով չի սիրիլ անձը իրան,
Ուրիշին սիրել չի կարող,
Ինչ մարդ չի պահիլ պատվիրան,
Այլոց պատվիրել չի կարող:

Հասուն խելքն է բան շինողը,
Ընտիր խոսքեր հորինողը.
Կամացը տեր չը լինողը
Իր տանը տիրել չի կարող:

Ընկած-ելած մարդն է հարգի,
Նա է զըտած մաքուր ոսկի,
Անփորձ, վախկոտ հարուստն իսկի
Մի փող նվիրել չի կարող:

Ջիվանի, մարդ է բանական,
Դիմացող է մեծ նեղության,
Չի ունենալ բարի վախճան,
Ով որ համբերել չի կարող:

ՄԵԿՆ ՈՒ ՄԵԿԸ

Մարդկանց արարքը տեսնելով,
Խանգարված կարգը տեսնելով,
Նրանց գեշ վարքը տեսնելով,
Թե գիտուն ես, շուտ կմաշվիս,
Խելագար ես` վնաս չունի:

Անգութ, անգզա է աշխարհ,
Մարդիկ իրար ջարդող և չար,
Խեղջն է հողին հավասար,
Զգայուն ես` շուտ կմաշվիս,
Իսկ թե քար ես, վնաս չունի:

Հեղեղն ելել է ահագին,
Քարուքանդ է անում չորս դին,
Կործանում է տունը, ազգին,
Իմաստուն ես` շուտ կմաշվիս,
Թե հիմար ես, վնաս չունի:

Տե'ս եղբայրցդ որբ, Ջիվա'ն,
Ման են գալիս թափառական,
Քաղցած ու մերկ, կիսակենդան,
Թե արթուն ես, շուտ կմաշվիս,
Թե խումար ես, վնաս չունի:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 10.47.31 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ашуг Дживани, "Авах (Жаль)"
http://uk.youtube.com/watch?v=ge9v_JdTP4c

Ашуг Дживани, "Дзахорд орер (Горькие дни)"
http://uk.youtube.com/watch?v=YXD_7Ab8bHU

Ашуг Геворг, "Дживани", (вокал Эдуард Тамарян)
http://uk.youtube.com/watch?v=rs8z28lk2Fo


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Ջիվանի, Дживани
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz