Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-12-22, 05.16.02
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 3 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
ՉԱՐԵՆՑ,ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.36.01 | Сообщение # 21
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետեւ այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից եւ ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,- լսեց հրացանների տրաքտրաքոց եւ թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ: Ոչ մի ուժ այլեւս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին: Հսկա, տասնյակ եւ հարյուր հազարավոր գլուխներով հաշվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու: Քաղաքի տները մեկը մյուսի հետեւից սկսեցին վառվել, եւ այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները: Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետեւ, ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը եւ դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլեւս ոչ մի իշխանություն: երագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները: Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն՝ կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք եւս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում: Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին:- Տելեֆոն Սեթոն եւս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի եւ նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը եւ իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան: Հարկավոր է ասել, որ մինչեւ սրճարանն այրելը, մինչեւ վերի թաղը վազելը եւ «չոլուխ-չոճուղն» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն. թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից: Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել: Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես եւ «չոլուխ-չոճուղին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել եւ այդ աներեւակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ: Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղային կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ: Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել: Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը եւ թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը. թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը». հետեւից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի հետեւից- Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն՝ մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի երկու գրվանքա-քարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին եւ ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան- գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից եւ ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ: Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը եւ, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել- Հաջի Մանուկոֆ էֆենդին եւ վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երեւում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («է. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)- որոշել էին իրենք եւս միանալ ընդհանուրին: «Տուր տեսնիմ պզտիկդ»,- ասաց Հաջին Սեթոյին, եւ Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան. հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին եւ Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք: «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»,- խորհուրդ տվեց Հաջին, որովհետեւ իրենց մոտ ոչ միայն նրանց, այլեւ ասեղի տեղ չկար: նացին. երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն՝ բուֆերների վրա. կանգնեցին կողք կողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց: Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը- տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից: Թշնամին, ինչպես երեւում էր, արդեն մոտեցել էր բերդին: Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը եւ Մեռելի Ենոքը, ինչպես եւ այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած, նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»,- ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած:- Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ երկու վայրկյան չանցած, ինքը՝ Քոռ Արութը, չկար: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու:- Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը, Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց. գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը. խուրջինը պոկվեց: Քոռ Արութը ձեռից ընկնող խուրջինի հետեւից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ:- «Յա՜, Հարո՜ւթ...»,- վախեցած ու լացակումած կանչեց նրա հետեւից Մեռելի Ենոքը.- ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ:- Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ...

Եվ այսպես Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, եւ թշնամին, ոսոխը, մտավ քաղաք: Մենք չենք պատմի, ընթերցո´ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցո´ղ. էականն այն է, որ, բացի, ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին, եւ սա է ամենաէականն ու սարսափելին,- ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Մազութի Համոն... Մինչեւ վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում եւ հենց բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,- ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,- այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, որոնք եւ- երեւակայո՞ւմ եք- կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին- բժշկին, ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ- օ՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,- իրա՝ ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք եւս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել եւ մեծագույն շուքով տարել են քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, եւ նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՝ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից՝ բժշկին, իսկ մեջտեղից- իրան՝ Մազութի Համոյին,- եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին:- Ամենազարհուրելին եւ ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը,- ու գրում վրան, երեւակայո՞ւմ եք, նաիրյան տառերով.

Մ. Հ. Ա. Ն.
ր նշանակում է՝
«Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.36.40 | Сообщение # 22
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - ՎԵՐՋԱԲԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆ

Ահա´ եւ ամբողջը, ընթերցո´ղ, ահա եւ մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան:- «Այլակերպ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետեւ այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ հայտնի անգլիախոս նաիրցին, եթե նա կենդանի լիներ եւ սույն այս վեպս կարդար: Այո´, այսպես պիտի ասեր Հաջին, եւ մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետեւ նա, իբր հմուտ անգլիախոս եւ պատկառելի նաիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձեւի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության եւ հազար ու մի այլ թերությանց մասին, ու՝ մեր բազում քանքարավոր քննադատներին ի խրատ՝ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ եւ պատկառելի... նաիրիասիրությամբ... Բայց- ավա՜ղ, ավա՜ղ,- մեր ստացած ստույգ տեղեկությանց համաձայն, կենդանի չէ այլեւս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձեւի խնդիրը եւ անցնենք բովանդակությանը, այսինքն՝ մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո±րն է, վերջապես Նաիրին:

- Ընթերցո´ղ:

Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը. բայց, չնայած դրան, մինչեւ իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում եւ ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,- եւ ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով եւ գլխի ընկա, որ «Նաիրի» բառը ոչ թե գոյական է, այլ- եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել- «մազութի համոյական»... Երեւակայում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեղյանը, երբ իմ այս քերականական նոր տերմինս կարդա. ոչ, չպիտի´ ծիծաղի, բարկանա պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետեւ մեր գործը չէ քերականությունը, եւ իր, Մանուկ Աբեղյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ:- Մյուս կողմից, կարծում ենք, որ մեզ վրա եւս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նաիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն՝ իբր բառ գոյություն ունենալուց առաջ՝ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու լեզվագիտությունը. այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ եւ ոչ թե քերականություն... Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնությամբ.- բժիշկ չենք մենք, ընթերցող, եւ ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն այս վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք:- Բայց ի´նչ էլ լիներ դոխտուր Արշակի կարծիքը՝ մի բան պարզ է մեզ համար. եւ այդ պարզ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,- պրակտիկայում կիրառել է վերոհիշյալ միջոցը, եւ չենք կարծում, որ պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել. արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից եւ այսօր իրենց երկիրն են շինում- մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետեւ այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ եւ ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նաիրոմազութի համոյական» գարու, որ ըստ նաիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում...

Ահա եւ բոլորը:
1920-1923
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
  • Страница 3 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz