Իմ Արամիսին Գիտե՞ս, սիրելի՛ս, ծովն ինքն էլ ծով չէ,
Թե իրեն եկող կաթիլն անտեսի.
Այն կաթ–կաթ լցված կաթիլն է ջրի...
Ծովն ամուր պահող՝ ափն ի՜նչ էլ չասի,
Ավազն ինչքա՜ն էլ լռի, չխոսի,
Միշտ նա է, հիշի՛ր, նեցուկն այդ ուժի...
Միշտ չէ, որ ճչալ, կամ ասել է պետք.
Ներկայությունն հավատն է հույսի,
Շատ հաճախ նաև քար լինել է պետք...
Հանդուրժել, դոգալ, դիմանալ կյանքում,
Հենց այնպես ոչինչ չկա աշխարհում.
Քարն հաճախ խաչքար, տաճար է դառնում...
Ա՞յն, ինչ չես տեսնում, մի՛ կարծիր՝ չկա,
Ամեն ինչի մեջ հրաշքն՝ ինքը, կա,
Երբ իր ժամն գա, չուզես էլ, կգա...
Քեզ կախվել, խաչվել պետք չէ, ես մեղա՜,
Ների՛ր, որ քեզ հետ ես անկեղծ եղա,
Ների՛ր, որ մեկից ես ամրոց չեղա...
Շրթիս՝ մայրենիս, անվերջ կդողա,
Կուզեմ՝ հայ առ հայ, ազգն իմ ծովանա.
Բուռ առ բուռ եկող՝ խոնջանքն է այն իմ...
...Թե դեռ մթնում եմ՝ աստղն իմ չի շողա.
Գերյալ է Անիս, Զվարթնոցս՝ ավեր,
Դա այն չէ, թե ես մի վանք էլ չեղա...
Արյուն չէ, որդան կարմիրն է իմ մեջ,
Իմ ազգի ցավն է՝ եկունքն իմ ուխտի,
Իմ մեջ ապրում օրը մեր վաղվա...
Հասկացա՞ր արդյոք, թե դու ի՞նչ արիր.
Հայ «Կոտորած» –ի մատուռն իմ չեկա՛ր,
Մի՞թե աշխարհում կարևորն էլ կար...
Թե՞ իրա՛վ, հնար, ժամանակ չկար,
Կամ կար՝ ավերի կարևորն պատվար,
Դա էլ հերիք էր, որ անունդ կար...
...Մեկն իր գրչով, մեկն՝ իր շնչով,
Մեկն իր կյանքով, իր մահով նաև,
Գրել են ազգի պատմությունն մեր...
Ես քեզ կանչեցի,– ինձ սատար եղի՛ր
–Իմ կողքին եղի՛ր,– կանչեցի, չեկար,
Անունդ էլ, ասես, նշխարք էր, տարա՜ր...
Թողի՛ր, գնացիր, վանքերն իմ չեկար,
Դեռ չեկած, չեկած գնացիր, ավա՜ղ,
Թղթին թողեցիր արցունքներն իմ պաղ...
Իմ «Հայոց տուն»–ն, «Արարատ»–ն իմ,
Իմ «Պարույր», «Շիրազ», վանքերս «Նարեկ»,
Գնացի՜ լքած «Մայր» տաճարն իմ...
Քեզ պես բոլորն էլ, թե լքեն կյանքում,
Ո՞րն է մեր ճամփան, ո՞ր էլ չեմ ջոկում,
Ու՞ր գնանք, արյան մեր աղն է չոքում...
Ի՞նչ հրաշքներ էլ հորինենք կյանքում,
Մենք ու՞ր էլ հասնենք, թե՛ այդպես գնանք,
Մեղքի մատուռում ծնկած կմնանք...