Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСреда, 2024-04-17, 02.03.30
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
NvardДата: Среда, 2010-10-27, 12.57.39 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Գևորգ Մարզպետունի
 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.07.34 | Сообщение # 11
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Բե՞ր իշխանը... Նա՞ էլ այստեղ է:

— Այո՛, նա էլ այստեղ է... հայոց թագավորի տոհմական թշնամին:

— Որի հետ միացել ես դո՛ւ:

— Այո՛, և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը:

— Եվ եթե հաշտվե՞ս:

— Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ: Այս է մեր պայմանը:

— Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիո երիտասարդ իշխանն է, որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով: Ինքդ ասացիր, որ նա արքայի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ: Բայց մյուս իշխաններն ընդդեմ չեն լինիլ, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը:

— Իսկ Սևադա իշխա՞նը, նրա երկու որդինե՞րը, կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրանց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից...

— Սևադա իշխանը ներեց թագավորին:

— Ի՞նչ, Սևադան ներե՞ց,-տեղից վեր թռչելով բացականչևց Ամրամը:

— Այո՛, ես նրա մոտ էի. նա ներեց և հետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը:

Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում, նրա դեմքը այլայլվեցավ, և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը:

Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն հետ դարձավ և, ապա կանգ առնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին.

— Եվ այդպե՛ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը հետ կկանչե, եթե ես հաշտվե՛մ...

— Այո՛, նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը:

Ամրամը ձգեց յուր ձեռը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց.

— Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը:

Այս ասելով, նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով` մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան:

— Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ի՞նչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ, — դարձավ Ամրամը Մարզպետունուն:

— Յուր անձի համար և ոչ մի: Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը:

— Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո՛ւ համար եմ սուր վերցրել ես:

— Պատմեց, ես բոլորը գիտեմ:

— Պատմեց, և դու բոլորը գիտե՞ս... — զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը:

— Այո՛, բայց մի՛ վրդովվիր:

— Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված, կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ...

— Համբերությունը ամենազորավոր զենքն է...

— Ի՞նչ համբերություն՛ից խոսելու ժամանակ է, Մարզպետունի՛ իշխան: Ասում ես, որ Սևադան ներել է նրան, ինչո՞ւ, ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներեր:

— Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից...

— Էլ ո՛չ մի խոսք, Մարզպետունի՛ իշխան: Սևադան թող ներե, նրա որդիքը թո՛ղ ներեն, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի՛ ներիլ... հաշտությո՞ւն... Աշոտ-Երկաթի հե՞տ, երբե՛ք... Եթե կարողանամ` նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար... Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ի՛նչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր...

— Եվ ահա՛ հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցանել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին:

— Ամենից հասարակ և ամենից սինլքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան:

— Սևադան փոքրիկ մարդ չէ. Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն, և սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային միայն հայրենիքի սիրույն համար:

— Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ` սիրտը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել:

— Բայց....

— Տե՛ր Մարզպետունի, այն մարդը, «որ գիտ», թե թագավորն ի՛նչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ...

— Ուրեմն, ես իմ գործը վերջացրի... — ասաց Մարզպետունին իշխանը և տեղից վեր կենալով` ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից:

Հազիվ իշխանը ներքին մուտքից հեռացել էր մի քանի քայլ, սեպուհը բարձրացրեց վարագույրը և ձայն տվավ նրան.

— Տե՛ր Մարզպետունի:

Իշխանը հետ դարձավ և հարցրեց.

— Դու ինձ ուրիշ ասելիք ունի՞ս:

— Ես դեռ ոչինչ չեմ ասել քեզ, — պատասխանեց Ամրամը:

Իշխանն ինքն իրան ուրախացավ: Նրա սրտում նոր հույս ծագեց: «Միգուցե նա զղջաց յուր սառն ընդունելության համար, միգուցե նա կամենում է «հարգել իմ խնդիրը...», վայրկենապես անցան այս մտքերը Մարզպետունու գլխով, և նա հոժարությամբ հետ դարձավ և նորեն ներքին վրանը մտնելով` հարցրեց.

— Ուրիշ ի՞նչ ունիս ինձ ասելու:

— Նստի՛ր այստեղ մի վայրկյան, — ասաց սեպուհը` ցույց տալով իշխանին յուր մահճակալը:

Իշխանը նստեց:

— Տե՛ր Մարզպետունի, եթե դու եկել ես ինձ մոտ իբրև պատգամավոր, ապա ուրեմն պետք է լրիվ պատասխան տանես նրան, ով որ ուղարկել է քեզ, — ասաց սեպուհը:

— Ոչ ոք ինձ չէ ուղարկել: Թագավորը, ինչպես գիտես, նոր է վերադառնում եգերացոց աշխարհից, իսկ Ուտիքում եղած ժամանակ ես նրան չեմ տեսել...

— Ես կարծում էի, թե գուցե թագուհին...

— Եվ ո՛չ թագուհին, և ո՛չ կաթողիկոսը... ես ինքս տեսա, թե ի՞նչ ավեր է սպառնում մեր աշխարհին: Ամեն կողմ անցա, ամեն ինչ դիտեցի. և վերջը որոշեցի գալ և խնդրել ձեզ երկուսիդ` քեզ և Սևադային` խնայել և խղճալ ձեր բազմաչարչար հայրենիքին...: Սևադա իշխանը, շնորհակալ եմ, լսեց ինձ, մոռացավ յուր վիշտը, յուր վրեժխնդրությունը... Դու էլ, ես հավատացած եմ...

— Ո՛չ, տեր Մարզպետունի, մի՛ հավատար, — ընդհատեց հանկարծ սեպուհը. — մի՛ հավատար, թե ես կարող եմ քեզ լսել, թե քո խոսքերը կարող են իմ սիրտը շարժել, թե Ամրամ սեպուհը կարող է հայրենիքի համար մտածել...

— Ինչո՞ւ ուրեմն հետ դարձրիր ինձ. ես այդ համոզմունքով արդեն հեռանում էի քեզանից:

— Հետ դարձրի, որ իմ սիրտը բանամ քո առաջ, ցույց տամ քեզ նրա ժահահոտ վերքերը, որպեսզի թագավորիդ հանդիպած ժամանակ պատմես նրան, թե Ամրամը ինչո՞ւ կործանման սուրը մերկացրեց:

— Նա քեզ չի արդարացնել:

— Մի՞թե ես սպասում եմ, որ նա ինձ արդարացնի...

— Ինչո՞ւ ուրեմն հայտնեմ նրան, թե ի՛նչ պատճառով կործանման սուրը մերկացրիր:

— Որպեսզի, եթե աստված ինձ հաջողե, և ես քո թագավորի զորությունը ջախջախեմ, երկիրն ավերեմ. քաղաքները հրդեհեմ և նրա գահն ու թագը ապականության մոխրով ծածկեմ, նա իմանա, թե որ անարգանաց վրեժը լուծեց Ամրամը իրանից...

— Այդ նա կիմանա... Անշուշտ կիմանա, բայց դու էլ իմացիր, որ այդպիսի անխիղճ գործերի համար բոլոր աշխարհը պիտի քեզ անիծե:

— Այդ անեծքները չեն տանջիլ իմ հոգին ավելի, քան, որքան տանջվում է նա այժմ ապիրատ թագավորի ինձ հասցրած անարգանքի պատճառով... Նույնիսկ օրհնություններն անկարող են բուժել այն վերքերը, որոնք լափում, սպառում են այժմ իմ գոյությունը...

— Բայց եթե կարողանայիր մի վայրկյան սառը ուղեղով դատել, եթե երիտասարդական անփորձ եռանդը տեղի տար խոհեմության և իմաստության... եթե վրեժխնդրության փոխարեն վառվեր քո սիրտը հայրենիքի սիրով... այն ժամանակ հավատացած եմ, չէիր կամենալ մի կնոջ պատճառով հայրենյաց դավաճանի անունը վաստակել:

Սեպուհը մոտեցավ իշխանին, յուր հրավառ հայացքն ուղղեց նրա աչքերին և ներքին հուզմունքից դողացող ձայնով ասաց.

— Մի կնոջ պատճառո՞վ, ասացիր... Օ՛հ, ինչպե՜ս կկամենայի, որ մենք մի անծանոթ դաշտի վրա լինեինք, և ես այդ խոսքը լսեի քեզանից այնտեղ և ոչ թե իմ վրանում... Հավատա՛ ինձ, Մարզպետունի՛ իշխան, որքան էլ դու հզոր, որքան էլ քաջամարտիկ, բայց ես իմ սրով կպատառեի քո կուրծքը, եթե նա մինչև անգամ ծածկված լիներ պողպատե լանջապանով... Դու կարողանում ես ասել մի կին` այն արարածին, որ իմ տան թագուհին, իմ սրտի աստվածուհին էր մինչև այսօր...

— Ների՛ր ինձ, սիրելի Ամրամ, ես չէի կամենում քեզ վիրավորել, ոչ էլ «մի կին» ասելով` ուզում էի Ասպրամ իշխանուհուն նվաստացնել...

— Լռի՛ր, աղաչում եմ քեզ. մի՛ հիշիր նրա անունը, գոնե մի՛ հիշիր իմ առաջ, մի՛ խոսիր նվաստության մասին, ես կարող եմ խելագարվել...- — ընդհատեց իշխանին Ամրամը, ներքին հուզմունքից բոլորովին այլայլվելով:

— Ես պետք է կրկին և կրկին անգամ ներողություն խնդրեմ քո վրանը մտնելուս համար, — մեղմ ձայնով ասաց Մարզպետունին:

Սեպուհը չպատասխանեց: Նա վրդովված սկսավ անցուդարձ անել վրանում և ձեռքը մերթ ընդ մերթ դեպի ճակատը տանելով` շփել նրան, աշխատելով կարծես յուր ուղեղը ծանրաբեռնող մտածությունները ցրել:

Անցան մի քանի վայրկյաններ: Լուռ էին երկուսն էլ: Վրանի մեջ լսվում էր միայն սեպուհի խուլ քայլատրոփը:

Իշխանն աչքերը Ամրամի վրա հառած, հետևում էր նրա քայլերին և միևնույն ժամանակ մտածում, թե ինչպե՞ս անե, որ յուր այցելությունն ապարդյուն չանցնե: Նա պարզ տեսնում էր, որ յուր խոսքերն ազդեցություն չեն անում սեպուհի վրա. բայց և այնպես չէր հուսահատվում: Նրան ծանր էր գալիս մանավանդ այն, որ համառ Սևադային համոզելուց հետո ձեռնունայն պիտի հեռանար Ցլիկ-Ամրամից: Նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե խելք ու սիրտ ունեցող տղամարդը կարող է ընդհանուր հայրենիքի շահը զոհել յուր անձնական չնչին հաճույքին, յուր վրեժխնդրությանը: Այս պատճառով էլ նա սպասում էր, որ Ամրամի զայրույթն իջնե, և ինքը նորից սկսե խոսել նրա հետ:

Վերջապես սեպուհը նստեց յուր մահճակալի ծայրին և կարծես վրդովմունքից հոգնած, լուռ և անթարթ աչքով սկսավ նայել վրանի մուտքին:

— Ամրամ սեպուհ, ի՞նչ անուն կտայիր դու այն մարդուն, որ մի քանի վայրկյան տաքանալու համար հրդեհեր յուր տունը, — հարցրեց հանկարծ իշխանը, չսպասելով սեպուհի խոսելուն:

— Խելագար կանվանեի... — պատասխանեց վերջինս` առանց աչքերը վրանի մուտքից հեռացնելու:

— Ես կարծում եմ` մեզանից ամեն մեկի իսկական տունը և հարազատ ապաստանարանը ապահով հայրենիքն է: Եթե մենք մեր անձնական, մեր անցողական հաճույքի համար վտանգում ենք նրա խաղաղությունը, նմանում ենք այն մարդուն, որ յուր մարմինը տաքացնելու համար վառում է յուր տունը, չմտածելով, թե երբ այդ կրակը հանգչի, երբ հարկի սյուները մոխիր դառնան, ինքը պիտի մնա անտուն, անպատսպարան, միշտ հալածական դառնաշունչ հողմերից կամ թե արևի կիվիչ ճառագայթներից...

— Այդ այդպես է, — պատասխանեց սեպուհը` իշխանին դառնալով. — բայց կա այնպիսի սառնամանիք, որ երբ պաշարում է մարդուն, այն ժամանակ սեփական տունը հրդեհելն անհրաժեշտ է դառնում: Մենք ամեն բանից առաջ մարդ ենք, մսից և արյունից կազմված: Բե՛ր խրեմ այս սուրը կողերիդ մեջ, և տե՛ս, թե մահվան տագնապը կպաշարե՞ քեզ թե ոչ:

— Կպաշարե: Բայց հենց այդ տագնապի մեջ հոգիս ուրախությամբ կբաժանվի իմ մարմնից, երբ մտածեմ, թե մեռնում եմ հայրենիքի համար:

— Իսկ երբ դաշույնը ցցվի հոգվո՞ւյդ մեջ. երբ հոգին ինքը տանջանքների մատնվի՞...

— Եթե դու սիրտ և զգացում ունիս, եթե քո երակներում ազնվական արյուն է հոսում, անկարելի է, որ քո հոգին ավելի չխոցոտվի այն ժամանակ, երբ տեսնես, թե քո ձեռքով անարգանք է հասել հայրենիքին, թափվել է եղբարցդ արյունը, վտանգվել է պետական գահը, և քո բաց արած ճանապարհով մտել է թշնամին, որ ավերում է հայրենի երկիրը...

— Գիտե՞ս ի՛նչ կա, տեր Մարզպետունի:

— Ասա՛, լսում եմ:

— Դու հունաց դպրության ծանոթ ես ինձանից ավելի: Ասում են, որ թագավորի հետ Բյուզանդիոն գնացած ժամանակ կայսեր արքունիքում զարմացել էին քո հունագիտության վրա: Ճշմարի՞տ է այս, թե ոչ:

— Ճշմարիտ է. բայց դու ինչո՞ւ համար ես իմ հունագիտությունը հիշում:

— Ինչո՞ւ համար, ասեմ: Դու հո կարդացե՞լ ես Հոմերոսը:

— Ինչպե՞ս չէ. նրա հանգերգություններից շատը բերան գիտեմ:

— Ուրեմն և գիտես, թե ինչո՛ւ Տրովադան կործանվեցավ, և ինչո՛ւ նրա պարիսպների տակ բազմաթիվ հույն զորավարներ իրանց բյուրավոր զորքերով ջարդվեցան:

— Գիտեմ, մի կնոջ, մի Հեղինեի անհավատարմության պատճառով:

— Ո՛չ, սխալվում ես, մի դավաճան Պարիսի պատճառով:

— Ես այդպես չեմ հասկանում Հոմերոսը:

— Իսկ հին հույներն այդպես էին հասկանում: «Հեղինեն մի կին է, ասում էին նրանք, իսկ կինը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն ինքն թուլությունը, որին առաքինությունն ու մոլությունը միատեսակ են գրավում: Ազնիվ տղամարդի պարտավորությունն է ոչ թե օգուտ քաղել կնոջ թուլությունից, այլ խնամել նրան և պաշտպանել, մանավանդ եթե նա կարոտ է պաշտպանության» Պարիսը հակառակը գործեց, նա դավաճանեց յուր հյուրընկալ Մենելավոսին, հրապուրեց նրա կնոջը` Աստղիկ դիցուհուց ստացած կիթառի նվագներով, և փախցրեց նրան Տրովադա: Այս պատճառով ահա հունաց քաջերը ոտի կանգնեցան, բյուրավոր զորքերով դիմեցին Պոնտոս, տասը տարի շարունակ պաշարեցհն Պրիամոսի ոստանը, առան նրան և հիմնահատակ արին, որպեսզի դրանով լուծեն վրեժն այն անպատվության, որ դավաճան Պարիսը հասցրել էր հույն թագավորի ընտանիքին` հյուրասիրության սուրբ օրենքը պղծելով: Մեզանից երկու հազար տարի առաջ մարդիկ ընտանիքի պատիվն անարգող հրեշներից այդ ձևով էին իրանց վրեժը լուծում և երկու հազար տարուց հետո դարձյալ նույն ձևով պիտի լուծեն: Ի՞նչ կարծիք ունիս դու այս մասին:

— Ես մի Հեղինեի պատճառով նույնիսկ տասը հույնի արյուն չէի թափիլ, ո՛ւր մնաց թե բյուրավոր հույների, զորապետների, թագավորների...

— Հա՞... Ուրեմն դու մեծ մարդ ես... Բայց Հունաստանը քեզ պես չմտածեց: Նա ասաց, «Եթե այսօր Պարիսին թողնենք անպատիժ, վաղն էլ Հեկտորը կգա... ուրեմն լավ է, որ անդրանիկ հարվածն իջեցնենք անդրանիկ հանցավորի գլխին...»

— Եվ դու ուրեմն արդարացնում ես բյուրավոր մարդկանց կոտորածը մի մարդու պատճառո՞վ:

— Պատվի պատճառով...

— Եվ դու նույնը կարող ես անե՞լ:

— Նույնը պիտի անեմ, պարտավոր եմ անել:

— Եվ հանգիստ սրտով կնայես կռվի այն դաշտին, ուր եգերացի նիզակները կպատառոտեն հայ կտրիճների կուրծքը, ուր փայլուն սրերը կկիսեն նրանց գլուխները, ուր հայ զորքը յուր դրոշակի պատիվը փրկելու համար կկռվե աննահանջ և կկոտորվի անընդհատ... Իսկ թափվող արյունը, թավալող դիակները, մեռնողների անեծքը, վիրավորների հառաչանքը չե՞ն կտրտիլ քո սիրտը, մանավանդ երբ մտածես, թե այդ բոլորը լինում է մի կնոջ համար...

— Լսի՛ր, տե՛ր Մարզպետունի: Դու խոսում ես ինչպես մի աբեղա, բայց ես զինվորական եմ...

— Ամրամ սեպուհ, դու մոռանում ես քեզ, — հանկարծ տեղից վեր թռչելով բացականչեց իշխանը, — դու պարտավոր ես զանազանել հայրենասերն աբեղայից:

— Ներողություն, տեր Մարզպետունի, ես աբեղա բառը գործ դրի խաղաղասերի մտքով. Ամրամն անծանոթ չէ Մարզպետունյաց ժառանգի քաջարիության:

Իշխանն ըստ երևույթին հանգստացավ և նորեն նստեց մահճակալի վրա:

— Ասացիր, որ պատերազմի արհավիրները պիտի կեղեքեն իմ սիրտը, եթե մտածեմ, թե այդ բոլորը լինում է մի կնոջ պատճառով... — խոսել սկսավ նորեն Ամրամը, — այդպես է, իշխան, պիտի կեղեքեն, եթե հայրենասիրության մի կայծ գոնե մնացել է իմ սրտի մեջ... Բայց եթե վերջին կայծն էլ մարա՞ծ է արդեն, եթե իմ սիրտը բաբախում է միայն վրեժխնդրությա՞ն համար...

— Դու ուրեմն արժանի չես քաջի և զինվորի անուն կրելու, — վրդովված նկատեց Մարզպետունին:

— Ես չեմ նեղանում այդ խոսքից: Ես պարտավոր եմ հարգել տեր Մարզպետունու աստիճանն ու տարիքը... Բայց պիտի դառնամ նորեն Հոմերոսին: Աքիլլեսը ո՛չ միայն քաջ, այլև դյուցազն էր, այնպես չէ՞, իշխա՛ն:

— Այո՛:

— Հունաց հերոսների մեջ ո՞րն էր նրան հավասար:

— Ո՛չ ոք:

— Նա միակն էր, այնպես չէ՞:

— Այո՛:

— Եվ սակայն նա երկար ժամանակ յուր նավի մեջ անգործ նստած, հանգիստ սրտով նայում էր Հեկտորի հաղթանակներին, տեսնում էր, թե ինչպե՜ս տրոյացիք ջարդում էին յուր հայրենակիցներին, հրդեհում էին հունաց նավերը, անպատվում էին նրանց դիակները, տեսնում էր, թե ինչպե՜ս գոռոզ հելլենացիք կծկվել էին ծովեզրի վրա, և տրովական սուրը հաղթանակում էր ամեն տեղ: Նա գիտեր, որ լոկ յուր` դաշտում երևալը նոր շունչ ու հոգի կտար հույներին, վերջ կդներ նրանց կոտորածին, բայց նա տեղից չէր շարժվում, դորապետների աղաչանքը չէր լսում, կռվի դաշտը չէր իջնում... Ի՞նչ էր պատճառը. ինչո՞ւ յուր եղբարց կոտորածը չէր հուզում նրան:

Իշխանը լուռ էր:

— Պատճառը դարձյալ նույնպիսի մի նախատինք... — հարեց Ամրամը, — Ագամեմնոն արքան, հունաց դաշնակցության գլխապետը, խլել էր Աքիլլեսից Բրիսեիսե սիրուհին, որ նրան իբր մրցանակ էր տրված տրոյական ավարից:

Աքիլլեսը չկարողացավ տանել այդ նախատինքը, նա յուր սուրը պատյանի մեջ դրավ... նա հետ կեցավ պատերազմից, և մի Բրիսեիսեի պատճառով հազարավոր հույներ կոտորվեցան: Այժմ դու կամենում ես, որ Ամրամ սեպուհը ավելի մեծ և ավելի քաջ լինի, քան Թետիսի որդին, դյուցազն Աքիլլե՞սը:

— Չէի՞ր կամենալ նրանից ավելի մեծ և ավելի քաջ հռչակվել:

— Կկամենայի...

— Ուրեմն մոռացի՛ր քեզ հասած նախատինքը ի սեր հայրենիքի, և դու ավելի մեծ կլինես, քան Աքիլլեսը:

— Ինձ ընդհատում ես. կկամենայի, բայց չեմ կարող, բնությունն ինքն է քարացնում մարդու սիրտն այսպիսի դեպքում... Ես հանցավոր չեմ:

— Ուրեմն ի՞նչ ես որոշել անելու:

— Պատերազմել. ուրիշ միջոց ես չգիտեմ անարժան արքային պատժելու համար: Աշոտ-Երկաթը կենդանի չպիտի վերադառնա յուր Ոստանը: Ես որոշել եմ այդպես, և այդպես պիտի լինի:

— Չե՞ս վախենում, որ դու լինիս առաջին զոհը:

— Այդ միևնույն է. կամ ես, կամ նա. մեզանից մինը պիտի մեռնի, երկուսը միասին աստուծո լույսը չպիտի վայելեն:

— Իսկ երբ դու միայնակ մնաս, կարծում ես, թե ուրախությա՞մբ պիտի վայելես այդ լույսը:

— Ոչ, ինձ համար այլևս ուրախություն չկա. իմ ուրախությունը դառնացավ, իմ շուրջն այժմ դժոխքն է թագավորում... Երբեք, տեր Մարզպետունի, երբեք չէի ցանկանալ, որ նույնիսկ իմ թշնամին տանջվեր այն ցավերով, որով այժմ Ամրամ սեպուհն է տանջվում: Դա ցավերից ամենաանտանելին է. դա աստուծո անեծքը, դա հավիտենականի պատիժն է... Դու ինձ ճանաչում ես. ինձ ճանաչում են բոլոր հայերը: Ամենքն էլ ինձ Ցլիկ-Ամրամ են կոչում, բայց ո՛չ իմ չարության կամ անգթության, այլ իմ ուժի և քաջության համար: Դու եղել ես ինձ հետ պատերազմներում, գիտես, թե որքան աներկյուղ էի ես, որքա՜ն ահարկու և կործանիչ` իմ թշնամիների համար: Բայց հայ ժողովրդի, իմ եղբայրակիցների հետ կենակցելիս, ո՞վ է եղել ավելի հեզ, ավելի բարի, ավելի սիրող և անձնվեր, քան Ցլիկ-Ամրամը: Տեսե՞լ ես իմ մեջ մի ամենափոքր չարություն դեպի իմ ազգակիցը, դեպի ամեն մի մարդ, որ հայ անունն էր կրում... Հարկավ ոչ: Բայց այժմ ես դարձել եմ մի վայրագ գազան, սրտիս մեջ վառվում է չարության դժոխքը... էլ չեմ զանազանում, թե ո՛րն է հայը և ո՛րն է օտարը, իմ աչքերը պտրում են միայն մի մարդու, դա Աշոտ-Երկաթն է. հոգիս ձգտում է միայն մի գործի, դա վրեժխնդրությունն է... անողոք, մահաշունչ վրեժխնդրությունը... Եվ ամեն մի պատճառ, որ ուշացնում է այդ վրեժխնդրության ժամը, ես կամենում եմ սրով ու հրով վանել... Եվ այժմ դու ինձ հաշտությո՞ւն ես առաջարկում, դու ինձ խնդրում ես ներե՞լ նրան... Ներել այնպես, ինչպես որ ներեց Սևադա՞ն... և զարմանում ես, որ յուր տեսությունից, յուր զույգ աչքերից զրկված մարդը մոռանում է ատելությունը և ներում չարագործին, իսկ ես չե՛մ ներում... Ո՜հ, ի՞նչ անեմ, ինչպե՞ս հասկացնեմ քեզ, թե որքա՜ն տարբեր է իմ վիշտը Աևադայի վշտից... հանեցե՛ք և իմ զույգ աչքերը, առեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձրեք ինձ ա՛յն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից, վերադարձրեք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամը... Կարո՞ղ եք այդ անել... Ո՜հ, որքա՜ն ծանր, որքա՜ն անտանելի է այս...

Ամրամը, որ խոսելու միջոցին բարձրացել էր տեղից, նորեն ընկավ մահճակալի վրա, հուզմունքից դադրած և գլուխը ձեռքերի մեջ բռնելով` սկսավ ծանր շունչ քաշել:

Լռություն տիրեց վրանում: Չէր խոսում և Մարզպետունին, նա էլ խորասուզվել էր մտածմունքների մեջ:

Անցան մի քանի վայրկյաններ: Հանկարծ ձիաների խրխնջյուն լսվեցավ վրաններից դուրս, և մի պահապան ներս մտնելով` հայտնեց, որ Բեր իշխանը գալիս է սեպուհին այցելելու:

Երկու խոսակիցները միաժամանակ բարձրացրին գլուխները: Երբ պահապանը դուրս գնաց, Մարզպետունին վեր կացավ տեղից և, ձեռքը դեպի Ամրամը պարզելով` հուսահատ ձայնով ասաց.

— Մնաս բարյավ, բարեկամ, երևի հաճելի չէր աստծուն` խնայել այս անգամ մեր ժողովրդին, այդ պատճառով նա քո սիրտը կարծրացրեց: Բայց դեպի քեզ ունեցած իմ պարտքը ես կատարեցի, իմ խիղճն այլևս չի տանջիլ ինձ:

Մնում է այժմ կատարել դեպի ազգն ու թագավորն ունեցած իմ պարտքը, և ես կերթամ այն կատարելու:

— Երթաս բարով: Այս վայրկյանից մենք հակառակորդներ ենք: Ես չեմ նեղանալ, որ դու պաշտպանես քո թագավորին, այլ կհարգեմ քեզ մինչև անգամ ա՛յն վայրկյանին, երբ դու նրան պաշտպանելու համար` քո սուրը կմխես իմ կրծքի մեջ... Բայց կցանկանայի, որ Մարզպետունյաց ազնվարյուն ժառանգը պաշտպան լիներ ավելի ազնվասիրտ թագավորի...

— Ի՞նչ արած, Աշոտ Երկաթն է այժմ գահի վրա, իսկ ես գահի խոնարհ ծառան եմ: Մնաս բարյավ:

Այս ասելով, Գևորգ իշխանը սեղմեց Ամրամի աջը և տխուր սրտով դուրս գնաց վրանից:

Ամրամը ճանապարհ դրավ նրան մինչև մյուս վրանի մուտքը: Այդտեղ Մարզպետունին պատահեց ափխազաց արքայազն Բեր իշխանին: Սա մի նրբակազմ, բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ էր և հենց նոր ձիուց իջնելով` պատրաստվում էր մտնել վրանը:

Իշխանը հառեց յուր աչքերը երիտասարդի վրա. մի ծանր հայացքով չափեց սրան ոտից մինչև գլուխ և առանց ողջունելու անցավ:

«Գեշի հոտ են առել թշվառականները և հավաքվել ինչպես անգղներ... Սպասեցեք, կտեսնվենք մի օր ձեզ հետ»... շշնջաց ինքն իրան Գևորգ իշխանը և դառը ժպիտը բերանին, աշտանակեց յուր նժույգը և հեռացավ:

Եզնիկը հետևեց նրան:

Բ

ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱԽՃԱՆ

Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին: Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս Խրամը, յուր ծոցն առնելով Ձորոգետի վտակը, թափվում էր հանդարտահոս Կուրի մեջ:

Այստեղ, գետի ափին բանակած` նրանք զբաղված էին մոտալուտ հարձակման պատրաստությամբ: Մի քանի օր էր ինչ Զորոգետի կուսական անտառները մերկանում էին իրանց բազմամյա զարդերից: Հինավուրց մայրիներն ու կաղամախիները սրաբերան տապարների հարվածներին չդիմանալով` ահագին ճարճատմամբ խոնարհում, ընկնում էին, ինչպես մեռնող հսկաներ և իրանց ծանրամարմին բուների տակ ճնշում ու ջարդում մատաղ ծառերն ու ընձյուղները: Մոտակա գյուղերից հավաքած եզանց լուծերով շարունակ դեպի Կուրի ափն էին կրում հսկայական գերաններ: Այդտեղ լաստագործ եգերացիք ուռենու դալար ոստերից հյուսած լախտերով կապկպում, միացնում էին այդ գերանները և նրանցից մեծամեծ լաստեր կազմելով` գետն իջեցնում:

Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարներն սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել:

Այսպիսով լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով` կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորն սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել:

Շուտով հասավ և Աշոտ թագավորը եգերացոց վերջապահ գնդերով: Միջօրյա հանգստությունից հետ նա հանդես արավ յուր զորքերին:

Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայր ը բազմաթիվ շարքերով, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազն զորավար:

Այդտեղ էին եգերացիք, խաղտիացիք, քուրյալցիք, մկրելցիք, ապազցիք և Ճորոխի ձորահովտում բնակվող քաջերը: Նրանց միացել էին նաև Տայոց նահանգի հայ հեծելախմբերը: Այսպիսով թագավորն առաջնորդում էր մի հզոր բանակի, որին, ըստ երևույթին, չպիտի կարենային դիմադրել ապստամբները: Դրանք բոլորն էլ հուժկու, հաղթանդամ և քաջամարտիկ զորականներ էին, ամենքն էլ հագած երկաթե զրահներ և պաշտպանված երկաթագամ լանջապաններով, թիկնապահ տախտակներով, խոշոր և ահարկու սաղավարտներով և երկաթե դիմակալներով: Նրանք զինված էին միաժամանակ թե՛ աշտեներով ու սվիններով, որոնց հեռվից ձգում էին թշնամու վրա, և թե՛ երկար նիզակներով, որոնցով կռվում էին հակառակորդի հետ` մոտ եղած ժամանակ: Ունեին թեթե վահաններ և ծանր, քառակուսի ասպարներ. զինված էին սրերով և վաղակավորներով: Կային և նետաձիգ գնդեր, որոնք կռվում էին լայնալիճ աղեղներով և թունավոր նետերով:

Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի՞ նաև ռազմական հմտություն և կարո՞ղ է ուտիացոց ու սևորդյաց զորությունն ընկճել:

Տեղի ունեցող փորձեր ը համոզեցին թագավորին` թե եգերացիք արժանի էին իրանց հռչակին: Նա ուրախ էր, որ ափխազաց այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ Բեր իշխանին, որ Ափխազիայից եկել էր Ուտիք` յուր ապստամբ իշխաններին օգնելու համար:

Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եգերացոց երկրում` ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը:

Այն միտքը, թե ինքը մտնում է յուր երկիրը օտար զորքերով, և մտնում է յուրայինների դեմ կռվելու համար, տանջում էր նրան սաստիկ: Բացի հայ զորաց կոտորածը, որ տեղի պիտի ունենար անշուշտ թե՛ հաղթության և թե՛ պարտության դեպքում և որի մասին մտածելն անգամ վիշտ էր պատճառում նրան, թագավորը ճնշվում էր նաև ամոթից, այն մասին` որ ինքը մենակ էր, որ յուր մոտ չկային գեթ մի քանի հայ իշխաններ, որոնք յուր վանանդացի թիկնապահների հետ միասին արքայական շքախումբը կազմեին: Նա ամաչում էր եգերացի իշխաններից և նույնիսկ նրանց զորքերից: Բայց աշխատում էր միշտ ուրախ երևալ և դեմքի վրա ժպիտ ունենալ:

Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչո՞ւ մինչև այն Մարզպետունին չերևաց: Ի՞նչ դրության մեջ էր արդյոք երկիրը. նոր խռովություն հո չէ՞ փրթել մի տեղ կամ որևէ հարձակում չէ՞ եղել յուր բերդերի վրա:

Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուց ետ` թագավորն զբաղված էր այս մտքերով, երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով` հայտնեց Գևորգ Մարզպետունու գալուստը:

Թագավորն ուրախությունից վեր թռավ տեղից, կարծես մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրան վտանգի վայրկենին:

— Ո՞ւր է, կանչիր այստեղ, — հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում:

Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ: Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն:

— Ոչ ոք յուր կյանքում այսպես տենչանոք չէ սպասել քեզ, իշխան, ինչպես որ այժմ սպասում էի ես, — ասաց թագավորը ժպտալով: -Որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ. մենա՞կ ես, թե զորք ունիս հետդ. ի՞նչ են անում ապստամբները, ի՞նչ դրության մեջ են մեր գավառները... — իրար հետևից սկսավ հարցեր անել թագավորը և ապա, նստելով բազմոցի վրա` իշխանին էլ առաջարկեց նստելու: -Անշուշտ հոգնած ես, շո՛ւնչ առ, հանգստացիր, հետո կխոսես, — հարեց նա, բայց առանց յուր հարցական հայացքը իշխանից հեռացնելու:

— Այստեղ եկել եմ միայնակ, մեծափառ տեր, — պատասխանեց Մարզպետունին, աթոռակի վրա նստելով. — միակ թիկնապահս Աղստևից վերադարձրի Գարդման` Վահրամ բերդակալը յուր վանանդացի հավատարիմներով այստեղ հրավիրելու համար.

— Ինչպե՞ս. Վահրամ բերդակա՞լը, — ընդհատեց թագավորը անհանգստությամբ. — ինչպե՞ս կարող է նա գալ այստեղ, ո՞ւմ պիտի հանձնե Գարդմանը. չէ՞ որ Սևադան նստած է այնտեղ յուր դղյակում և կարող է մեքենայություններ նյութել...

Մարզպետունին սկսավ այնուհետև մանրամասն պատմել թագավորին յուր ճանապարհորդության պատմությունը` սկսած այն օրից, որ ինքը գարդմանացոց ձորում բաժանվել էր արքայից, մինչև այն վայրկյանը, որ վերադարձավ նորեն նրա մոտ:

Նա նկարագրեց երկրի դրությունը այնպես, ինչպես որ տեսել էր. հայտնեց Սևադա իշխանին և Ցլիկ-Ամրամին արած յուր այցելությունը, նրա նպատակը, տեղեկություններ տվավ ապստամբության արտաքին շարժառիթների, նրա ծավալման և ապստամբների ունեցած ուժի և ռազմական ծրագրերի մասին:

Միով բանիվ` հաղորդեց թագավորին այն ամենը, ինչ որ կարևոր էր նրան գիտենալ յուր առաջիկա արշավանքը հաջողությամբ պսակելու կամ վերահաս վտանգներից խուսափելու համար: Բայց չհայտնեց նրան ոչինչ` ապստամբության ներքին շարժառիթների մասին:

Թագավորն ուշադրությամբ լսում էր իշխանին, առանց սակայն ամենափոքր դժգոհության նշույլ երևցնելու յուր դեմքի վրա: Նա լսում էր այդ ամենն այնպես, ինչպես կլսեր ամեն մի սովորական և երկրի դժբախտության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն:

Բայց նրա ներսը հանգիստ չէր: Իշխանը թեպետ չհայտնեց նրան Սևադայի կամ Ամրամի իրան հայտնած գաղտնիքները, բայց թագավորը գուշակում էր, որ Մարզպետունին գիտե անշուշտ մի բան այդ գաղտնիքներից, և որ նա խնամքով ծածկում էր այդ իրանից:

Երբ վերջինս ավարտեց յուր պատմությունը, թագավորը վեր կացավ տեղից և սկսավ լուռ անցուդարձ անել վրանի մեջ: Նրան հայտնի էին Ամրամի ապստամբության իսկական պատճառները, բայց հայտնի չէր այն, թե Մարզպետունին ի՞նչ չափ է ծանոթ այդ պատճառներին: Ուստի ինքնիրան մտածում էր, թե արդյոք խոսե՞ այդ մասին իշխանի հետ, բանա՞ նրա առաջ հին վերքերը և դիմե՞ նրա մտերմական օգնությանը` այդ վերքերը սպեղանիով ծածկելու համար, թե անվթար պահպանե դեռ յուր արքայական վեհությունը...

Առաջին դեպքում նա կունենար մի հավատարիմ խորհրդական, որ կօգներ իրան տագնապի ժամանակ թե՛ գործով և թե՛ խորհուրդներով. իսկ երկրորդ դեպքում` նա ազատ կլիներ այն մտատանջությունից, թե նվաստացրել է իրան յուր ստորադրյալ մի պաշտոնյայի առաջ:

Նա հպարտ էր և անընկճելի: Նա կարող էր կործանվել, բայց կուրանա՞լ — երբե՛ք. այդ պատճառով յուր երկար մտածություններից հետո նա եկավ դարձյալ այն որոշման, որի վրա էր և այդ մտածություններից առաջ, այն է` չխոսել գաղտնիքների մասին ոչինչ և աներկյուղ դիմավորել յուր ճակատագրին...

— Եվ այդպես. մենք ուրեմն վաղ առավոտ ճանապարհ կընկնենք դեպի Աղստև, — խոսեց թագավորը իշխանի հետ: -Եթե ապստամբները չեն կամենում հոգնեցնել իրանց, պետք է այդ նեղությունը մենք հանձն առնենք: Իմ հեծելազորը կարող է կռիվ մղել նաև հոգնած ժամանակ:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.09.18 | Сообщение # 12
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Բայց և այնպես, պետք է խուսափել գաղտնի կամ անսպաս հարձակման ենթարկվելուց, անհրաժեշտ է հետամուտներ ուղարկել թշնամու շարժումը դիտելու համար, — նկատեց Մարզպետունին:

— Իմ հետամուտները վաղուց արդեն ապստամբների բանակումն են: Նրանցից երկուսը երեք օր առաջ եկան և հայտնեցին, որ Ամրամի ծակամուտներն սպասում են ինձ Կողբա ջրի մոտ, Կուրի շամբուտներում: Այդ պատճառով էլ բանակը ես այս կողմից անցրի: Տակավին Աղստև չհասած` ինձ լուր կբերեն մյուսները թշնամու վերջին դիտավորության մասին:

— Պատերազմի համար ի՞նչ ծրագիր ունի կազմած արքան, — հարցրեց իշխանը:

— Հարձակողական: Ճակատել անկարելի է, — պատասխանեց թագավորը: -Այդ պատճառով էլ պետք է խույս տալ լեռնավայրում թշնամուն պատահելուց:

Մեր հեծելազորն անշուշտ կհաղթանակե, եթե պատերազմե արձակ դաշտի վրա:

Նույն օրը ևեթ թագավորը խորհրդի հրավիրեց եգերացի իշխաններին և նրանց ու Մարզպետունու հետ միասին որոշեց հետևյ ալ առավոտն իսկ առաջ վարել բանակը դեպի Աղստև:

Եվ այդպես էլ արին: Հետևյալ օրը, դեռ կեսօր չեղած, արքայական զորքն անցավ Կողբա ջուրը և հանգիստ առավ մերձակա լեռան ստորոտում: Այդտեղ հանդիպեց արքային Վահրամ սեպուհը յուր վանանդացի հավատարիմներով: Նա հայտնեց, թե թշնամին հեռի է իրանցից միայն երկու ժամվա ճանապարհ, և թե նա սպասում է արքային երեք կետերի վրա: Այսինքն` բանակի մի բաժինը բռնել է Աղստևի արևմտյան հովիտը, արքայական զորքի հարձակումը յուր վրա դարձնելու համար. երկրորդ բաժինը ծածկվել է Կուրի մերձակա շամբուտներում. իսկ երրորդը` հանդիպակաց լեռան անտառներում: Եվ այդ այն նպատակով, որ երբ արքայական բանակը ընդհարվի առաջին բաժնի հետ, մյուս երկուսը հասնեն հետևից և շրջապատեն նրան չորս կողմից:

Սեպուհի բերած տեղեկությունները հաստատեցին նաև արքայի հետամուտները:

Նորից խոր հուրդ կայացավ թագավորի մոտ: Վերջինս առաջարկեց զորապետներին խորամանկության դիմել թշնամուն յուր թաքստից հանելու համար, այսինքն` ետ նահանջել մի քանի ասպարեզ, ցույց տալու համար թե իբր արքան կամենում է անցնել Ուտիք հակառակ ճանապարհով: Այս միջոցը կստիպեր ապստամբներին ձգել իրանց դիրքերը և հետևել թագավորին:

Այն ժամանակ արքայական զորքը նորեն կդառնար և կհարձակվեր նրանց վրա: Այդ անսպաս հարձակումը կշփոթեր թշնամուն և կստիպեր նրանց փախչել:

Այս խորհրդին հավանեցին ամենքը, բայց բարվոք համարեցին նահանջը հետաձգել մի օր, որպեսզի, եթե հեծելազորն ստիպված լիներ հանկարծ վերադառնալու և հարձակում գործելու, գոնե հոգնած չլիներ և կարողանար զորեղ դիմադրության թափն ընկճել:

Բայց որովհետև լեռան ստորոտը, ուր այդ միջոցին հանգստանում էր զորքը, զուրկ էր անակնկալ հարձակման ժամանակ պաշտպանվելու հարմարությունից, ուստի որոշեցին անցնել մոտակա կիրճը և գիշերել լեռան լանջին գտնվող ընդարձակ, բայց ավերակ մի բերդի մեջ:

Այդ բերդը, որ «Ավերակ» անունը կրում է վաղ ժամանակներից ի վեր և որը երկրի իշխաններից ոչ ոք չէր նորոգում ռազմական անհարմար դիրք ունենալու պատճառով, ընկած էր Կողբա լեռան լայնալանջ ոստերից մեկի վրա և գրավում էր ընդարձակ տարածություն: Նրա կիսավեր պարիսպներն ու աշտարակները, որոնք տխուր տպավորություն էին անում տեսնողի վրա, տակավին պարունակում էին իրանց մեջ բազմաթիվ տներ ու մարտկոցներ, որոնք կարող էին պիտանի լինել բնակության համար: Բայց որովհետև թշնամու սուրն անխնա մաշել էր մի օր այդտեղի բնակիչներին, ոստի ոչ ոք այլևս բնակություն չէր հաստատում այնտեղ, վախենալով բերդի փակված դրությունից: Նրա ետևից աստիճանաբար բարձրանում էին կոհակավոր լեռները, որոնք ճանապարհ չունեին իրանց վրա և հետևապես անմատչելի էին թե՛ ետևից դարանող թշնամուն և թե՛ բերդից դուրս փախչել ուզողին: Իսկ առաջից ձգվում էր մի անջրդի խորաձոր, որ ծածկված էր թավուտներով, ժայռերով ու խորափիտներով: Այդ ձորը մտնելու և բերդը բարձրանալու միակ ճանապարհը երկու ցածուն լեռների կիրճն էր, դեպի որը դիմում էր թագավորը, իշխանների ընկերակցությամբ, որպեսզի զորքի համար գիշերային կայան որոնի:

Ավերակ բերդը տեսնելուն պես եգերացի իշխաններն ամենաապահով տեղը համարեցին այն, մտածելով մանավանդ, որ բերդի շինությունները կպատսպարեին իրանց աշնանային գիշերվա ցրտից: Մարզպետունին ու Վահրամ սեպուհն, ընդհակառակը, վտանգավոր էին համարում այդտեղ գիշերելը, առարկելով, թե թշնամին կարող է գիշերանց գալ և կրճի բերանը փակելով` բանտարկել իրանց բերդի նամ նույնիսկ ձորի մեջ:

Թագավորը համամիտ էր յուր հավատարիմների հետ. բայց կամենալով շնորհ անել օտար զինակիցներին և դրանով նրանց ինքնասիրությունը գգվել, մանավանդ որ չէր կարծում, թե թշնամին կարող է գիշերանց յուր դիրքերը ձգել և իրանց դեմ արշավել, համաձայնեցավ եգերացի իշխանների հետ:

Սեպուհն ու Մարզպետունին չհակառակեցին արքային, բայց մի գաղտնի երկյուղ սկսավ անհանգստացնել նրանց:

Երեկոյան դեմ հեծելազորը, հետզհետե կիրճը մտնելով, սկսավ դեպի ավերակ բերդը բարձրանալ: Այդտեղ հասավ և թագավորը յուր և եգերացի իշխաններով: Կրճի բերանում թողեցին պահանորդների մի խումբ, որ անքուն պիտի հսկեր գիշերը և թշնամու մոտենալը նկատելուն պես իմաց տար իշխաններին:

Քիչ ժամանակից հետ ավերակ բերդը կենդանություն առավ: Ամեն կողմը սկսան կրակներ վառել, խարույկներ բորբոքել, իսկ զորքը յուր ձիանը դարմանելուց հետո սկսավ արքայի նվիրած ոչխարները փողատել: Պատերազմի նախատոնքը համեղ ընթրիքով կատարելու հրամանը տվել էր ինքը թագավորը:

Բացի այդ, նա կարգադրել էր, որ իշխանները յուր հետ միասին վայելեն ընթրիքը: Նա ուրախ տրամադրության մեջ էր. և այդ հանգամանքը համարում էր մոտալուտ հաջողության նշան:

Անցան ընթրիքի և զվարճության ժամերը. կրակները մարեցին, և թագավորից սկսած մինչև վերջին զորականը ամենքն էլ քնո գիրկը մտան: Անքուն էին միայն դետ կարգված պահապանները և թագավորի թիկնապահներից նրանք, որոնք հերթով պահապանություն էին անում արքայի վրանին:

Ավերակ բերդի շուրջը խոր լռություն էր տիրում: Միայն կուրն սպառող ձիաների փռնչոցը կամ միմյանց ընդհարվող նժույգների խրխնջյունն էր, որ մերթ ընդ մերթ ընդհատում էր այդ լռությունը:

Քուն չէր մոտենում, սակայն, իշխան Մարզպետունու աչքերին: Սկզբում, արդարև, նա մի փոքր նիրհեց: Բայց կռվող ձիաների մի աղմուկից արթնանալով, այլևս չկարողացավ քնել: Իշխանին անհանգստացնում էր տակավին այն կասկածը, որ զորքի ավերակ բերդում գիշերելու պատճառով պաշարել էր նրան: Նա վախենում էր ապստամբների անակնկալ հարձակումից, և այդ երկյուղն անտեղի չէր: Արձակ դաշտի մեջ, արդարև, ապստամբները չէին վնասիլ արքայական բանակին, բայց խորափիտներով ու գահավեժներով պատած այս բերդի մեջ նրանք կարող էին պաշարել այդ զորքը և չարաչար հարվածել նրան:

Երկար այս ու այն կողմը շրջվելուց ետ, իշխանը վեր կացավ տեղից և այծենակաճը վրան առնելով` դուրս եկավ ցածուն տնակից, որի մեջ պառկած էր ինքը: Եզնիկը նույնպես, որ գտնվում էր նրա մոտ, վեր թռավ տեղից և հետևեց իշխանին:

— Ո՞ւր, տեր իմ, — հարցրեց նա` աչքերը տրորելով:

— Անհանգիստ եմ, Եզնիկ, քնել չկարողացա. կամենում եմ դեպի ձորի բերանն իջնել, — ասաց իշխանը:

— Ինձ ևս թույլ տուր հետևել քեզ:

— Չէ, այս երկու օրը դու բավական հոգնեցար, պառկի՛ր և հանգստացիր. վաղը շատ գործ ունիս կատարելու, — ասաց իշխանը:

— Ո՛չ, տեր իմ, ես այլևս հոգնած չեմ. թույլ տուր ինձ հետևել քեզ:

Իշխանը չընդդիմացավ, և նրանք միասին դուրս գնացին տնակից:

Աշնանային ցուրտ գիշեր էր. բայց երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը հանդարտ սահում էր երկնակամարի վրա և յուր արծաթյա շողերով պայծառ լուսավորում շրջակա լեռները, ժայռերն ու գահավեժները և լայնադիր բերդի կիսավեր շինությունները, որոնք այդ րոպեին իրանց տխուր լռությամբ ներկայացնում էին մի խորհրդավոր և երկյուղ ազդող տեսարան:

Բերդի ներսն ու դուրսը խումբ-խումբ պառկած է ին զորքերը, այծենակաճների մեջ փաթաթված և գլուխները պայուսակների կամ թամբերի վրա դրած: Ձիաները նույնպես խմբերով կամ զատ-զատ կապված` սպառում էին իրանց կուրը ախորժանոք. իսկ պահապանները երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակների առաջ և կամ ձորալանջի զառիվայրի վրա, որտեղից անցնում էր կիրճը տանող ճանապարհը: Հեռավոր ավերակների միջից լսվում էր բուի կռիչքը, որ այդ խաղաղական ժամին ծանր տպավորություն էր անում արթուն եղողների վրա:

Իշխանն ու Եզնիկն անցան քնած խմբի միջից կամացուկ քայլերով: Արթնացողներ չեղան, միայն պահապաններից մի քանիսը ձայն տվին հեռվից և պատասխան առնելով` լռեցին: Բանակատեղից անցնելով` խորաձորն իջան նրանք:

— Շա՞տ պիտի հեռանանք բանակից, տեր իմ, — հարցրեց Եզնիկը:

— Ո՛չ, կերթանք կրճի բերանը և կվերադառնանք, — պատասխանեց իշխանը. — կամենում եմ ասել, թե մեր պահապանները հսկո՞ւմ են կրճին, թե քնած են արդեն:

Այս խոսքերը դեռ չէր ավարտել Մարզպետունին, երբ հանկարծ կրճի կողմից հրհրոցի մի աղմուկ լսվեցավ:

— Այս ի՞նչ է. կարծես պահապանները կռվում են, — ասաց իշխանը և կանգ առավ:

— Դեպի մեզ հեծյալներ են գալիս, տեր իմ. ովքե՞ր են սրանք, — կասկածավոր եղանակով հարցրեց Եզնիկը:

Եվ իրավ, այդ վայրկյանին հեծյալների մի խումբ սրարշավ դեպի խորաձորը խուժեց:

— Մեր պահապաններն են, — ասաց իշխանը և մի հանկարծահաս երկյուղ ցնցեց նրան:

— Ուրեմն թշնամին մոտենում է, — գուշակեց թիկնապահը:

Իշխանը չպատասխանեց, այլ դեպի հեծյալները հառաջանալով` բարձր ձայնով հարցրեց.

— Պահապաննե՛ր, ո՞ւր եք դիմում:

— Թշնամին այստեղ, մեր առջևն է, տեր, — պատասխանեց պահապանների պետը և կանգ առավ իշխանի առաջ:

— Թշնամի՞ն, — հարցրեց իշխանը, կարծես չհավատալով յուր ականջներին կամ կամենալով ուրիշ բան լսել բոթաբեր զորականից:

— Այո՛, թշնամին, — կրկնեց վերջինս. — նրա գնդերը կրճի մուտքը փակեցին:

Իշխանն ասես կայծակնահար եղավ: Նրա կասկածները մարմին էին առել:

— Ինչպե՞ս հասան նրանք այդտեղ, մի՞թե ավելի վաղ չկարողացաք նկատել, որ լուր տայիք մեզ, — հարցրեց իշխանը վայրկենական լռությունից հետ:

— Ո՛չ, տեր իմ, դաշտի վրա մենք չտեսանք նրանց:

— Ինչպե՞ս թե չտեսաք, ուրեմն երկնքի՞ց իջան:

— Ճիշտ որ երկնքից: Կրճի բերանը փակող լեռան բարձունքից խուժեցին:

Իշխանը մնաց շվարած:

— Շտապենք զորքը ոտի կանգնեցնել, տեր իմ, — կամացուկ ձայնով ասաց Եզնիկը:

— Ավելորդ է. ապստամբները այս կողմը չեն անցնել. նրանք մեր անզգուշությունը չունին, — նկատեց Մարզպետունին և հանդարտ քայլերով հետ դարձավ դեպի բերդը:

Եվ արդարև` փախստական պահապաններին հալածողներ չեղան: Ամրամի զորքը շատացել էր կրճի բերանը փակելով: Նա այժմ կարող էր նստել այդտեղ հանգիստ կերպով և սպասել հակառակորդի անձնատուր լինելուն:

Գևորգ իշխանը, հասնելով թագավորի վրանին, կանգ առավ այդտեղ: Նա չէր վստահանում մտնել և արթնացնել նրան:

«Սևադայի գուշակությունը կատարվեց, — մտածում էր ինքն իրան Մարզպետունին, — աստված այս անգամ պատժեց հանցավորին, իզուր էինք մենք աշխատում փախչել նրա բարկությունից, այդ բարկությունը հասավ և մատնեց մեզ թշնամուն...»:

Բայց պահանորդ խմբի քայլատրոփը զարթեցրեց զորականներից շատերին: Թշնամու գալստյան լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամեն կողմ և մի քանի վայրկենի մեջ ոտքի հանեց թե՛ զորքերին և թե՛ զորավարներին:

Աղմուկն ու շշուկը զարթեցրեց նաև թագավորին: Այդ ժամանակ ահա ներս մտավ Գևորգ իշխանը և հայտնեց նրան տխուր նորությունը:

— Ի զե՜ն ուրեմն... — գոչեց թագավորը և վեր թռավ տեղից: Նա շտապով ծածկեց սաղավարտը և սուրն ածելով` կամեցավ դուրս թռչել:

— Իզուր է շտապելդ, տեր արքա, թշնամին չէ հառաջանում դեպի մեզ. նա նստած է կրճի բերանում. — հանգիստ ձայնով ասաց իշխանը:

— Ի՞նչ եղանակով ես խոսում, Մարզպետունի իշխան, քնո մե՞ջ ես դեռ, — նկատեց թագավորը` հավատարմի դանդաղկոտությունը տեսնելով:

— Չեմ քնել բնավ և չէի կարող քնել, ես այս դժբախտությանն սպասում էի ամեն վայրկյան:

— Ի՞նչ դժբախտություն... Առաջի՞ն անգամն ենք հարձակման հանդիպում:

— Ո՛չ, տեր արքա, բայց մեր այժմյան դիրքը...

— Դատարկ խոսքեր են,-ընդհատեց թագավորը, չկամենալով որևէ դիտողություն լսել յուր ընտրած դիրքի մասին,-գնա՛ հայտնիր իշխաններին պատրաստվել իսկույն հարձակման:

Իշխանն անխոս դուրս գնաց վրանից և հայտնեց պետերին արքայի հրամանը:

Մի քանի վայրկյանում զորքը պա տրաստվեցավ: Բայց ի՞նչ հարձակում կարող էր գործել հեծելազորը այդ զառիվայրների վրա կամ խորափիտների մեջ: Նրան հարկավոր էր ընդարձակ դաշտ, լայնադիր ճակատ. մինչդեռ նա յուր առաջ ուներ միայն մի խորաձոր և մի փակված կիրճ:

Իշխաններն ու զորքի պետերն եկան թագավորի մոտ խորհրդի:

— Հարձակումն անհրաժեշտ է, չպետք է հանգստանալ ու ժամանակ տալ թշնամուն, — ասաց թագավորն իշխաններին: — Եթե վաղվան սպասենք, ապստամբները լեռան բարձրությունները կգրավեն և մեզ երկու կողմից կպաշարեն: Այն ժամանակ կռվելն ավելի կդժվարանա:

— Մենք անծանոթ ենք մեր այժմյան դիրքին ու շրջականերին, — ասացին եգերացի իշխանները, — հետևապես գիշերանց թշնամու դեմ գնալ չենք կարող: Թողեք առավոտը բացվի, այնուհետև կգործենք, ինչ որ բարվոք կհամարեք: Այժմյանից, սակայն, կարող ենք հետազոտել մեր շուրջը, որպեսզի լույսը բացվելուց գործել սկսենք:

Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը նույնպես այդ կարծիքին էին. թագավորն ստիպված էր զիջանել իշխանների պահանջին` անօգուտ կոտորած չանելու համար:

Բայց որոշվեցավ, որ Վահրամ սեպուհն ու եգերացի մի իշխան գնան իսկույն իրանց թիկնապահներով շրջակա դիրքերը հետազոտելու: Եթե դաշտը ելնելու ճանապարհ գտնվեր, ուրեմն կհանեին զորքն այդտեղից և այդպիսով վտանգը կհեռացվեր. իսկ եթե ճանապարհ չգտնվեր, այնուհետև պիտի կռվեին` պաշարման չենթարկվելու համար:

Արևելքը հազիվ սկսել էր շառագունել, երբ Վահրամն ու եգերացի իշխանը վերադարձան իրանց թիկնապահներով և հայտնեցին թագավորին ու իշխաններին հետազոտության արդյունքը:

— Մենք փակված ենք ամեն կողմից, — ասաց սեպուհը, — այս դիմացի լեռը չունի յուր վրա ոչ մի անցք. եթե մենք ինքներս ճանապարհ բանանք` թավուտը կտրտելով, դարձյալ հեծելազորն անցնել չէ կարող, որովհետև լեռան հետևի ստորոտը ծածկված է ժայռերով ու խոխոմներով: Մեր ետքից բարձրացող այս բլուրները նույնպես խափանում են ճանապարհը, ըստ որում հետզհետե բարձրանալով` միանում են ուրիշ լեռների հետ: Միակ ելքը այն կրճիցն է, որի առաջը բռնած է թշնամին: Մեզ մնում է նետաձիգների գունդը հանել կրճի բարձրությունների վրա և այդտեղից, անընդհատ նետաձգությամբ, վանել ճանապարհը փակողներին: Գուցե այս միջոցով հնար ունենանք թշնամու շարքերը շփոթել և մի քանի գունդ հեծելազոր դաշտը դուրս հանել...

— Բայց դրա համար օրեր են հարկավոր, — ընդհատեց սեպուհին նրան ընկերակցող իշխանը:

— Ամբողջ շաբաթով կարող ենք նետաձիգներին պարապեցնել այդտեղ, — նկատեց թագավորը, — մենք նետերի մեծ պաշար ունինք:

— Այո՛, տեր, նետերի պաշար ունինք, — կրկնեց իշխանը, — բայց ջուր չունինք:

— Ինչպե՞ս թե ջուր չունինք:

— Այո՛, այդպես է,-հաստատեց սեպուհը, — այս շրջականերում չկա ո՛չ առու և ո՛չ աղբյուր: Միակ վտակը, որից զորքը ջուր առավ երեկ, կրճի բերանից դեպի այս խորաձորն է իջնում, իսկ նրա ընթացքը թշնամին արդեն դեպի դաշտն է շրջել:

— Անկարելի է, որ այս լեռներում ուրիշ ջուր չգտնենք, — կրկնեց թագավորը:

— Ամեն կողմը շրջեցինք, ամեն տեղ պտրտեցինք, մինչև անգամ անձրևաջուր չտեսանք, — պատասխանեց եգերացի իշխանը:

— Ուրեմն կորած ենք... — գոչեցին միաբերան նրա ընկերները:

Թագավորը շվարած սկսավ յուր շուրջը նայել:

— Ինչ պիտի անենք, տեր, — հարցվեց երիտասարդ եգերացիներից մինը:

— Ա՛յն, ինչ որ պարտավոր ենք, — պատասխանեց թագավորը խաղաղ ձայնով:

— Բայց ի՞նչ ենք պարտավոր, — կրկնեց երիտասարդ իշխանը:

— Հայերն այսպիսի դեպքում կռվում են... եգերացիք չգիտեմ, թե ի՛նչ են անում... նկատեց թագավորը, կամենալով կշտամբել անժույժ երիտասարդին:

— Ոչ մի ազգի հեծելազոր, ո՛վ արքա, չի կռվում լեռների լանջին կամ ձորակների մեջ, — պատասխանեց եգերացիների առաջնորդը, կամենալով յուր ընկերների պատիվը պաշտպանել:

Թագավորը չպատասխանեց նրան, այլ դառնալով Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին` հրամայեց.

— Գնացեք և մի խմբեցեք այս վայրկենին բոլոր վանանդացիներին և Տայոց հեծյալներին. ասացեք, որ թագավորը պիտի առաջնորդե նրանց և թե մի քանի վայրկենից մենք պիտի հարձակվենք մեզ պաշարող ապստամբների վրա:

Իշխանն ու սեպուհը դուրս գնացին իսկույն, իսկ եգերացի պետերը մնացին կանգնած:

Թագավորը մի քանի վայրկյան լուռ անցուդարձ արավ նրանց առաջ և ապա առաջնորդ իշխանին դառնալով` ասաց.

— Կոստանդին թագավորն ինձ ուղեկցելիս հայտնեց, թե եգերացի իշխանների մեջ ամենից ընտիր և ամենից քաջարի անձինքներին է զինակից կարգել ինձ և թե ամենից աներկյուղ զորագնդերն է հանձնել այդ քաջերի ձեռքը: Ես չեմ պահանջում, որ դուք ինձ օգնեք այս ծանր վայրկենին. կյանքը թանկ պարգև է, ինչպե՞ս կարող եք վտանգի ենթարկել նրան... Բայց պահանջում եմ, որ ձեր աշխարհը վերադառնալուց հետո հայտնեք քաջազն արքային, թե յուր իշխանները հայոց ապստամբների դեմ ճակատել չկարողացան... Այդքանով արդեն Կոստանդին թագավորը կարող է յուր իշխանների քաջության չափը որոշել:

Այս ասելով թագավորը դուրս գնաց վրանից: Եգերացի իշխանների վրա ծանր ազդեցություն արին այդ խոսքերը: Նրանք շվարած նայում էին միմյանց` առանց խոսել կամ տրտունջ հայտնել կարողանալու:

— Այս անպատվությունը մենք պիտի տանե՞նք... — հարցրեց վերջապես երիտասարդ իշխաններից մինը իրանց առաջնորդին:

— Ո՛վ չի կարող տանել, պիտի վերցնե յուր գունդը և հետևե հայոց թագավորին, — ծանրությամբ նկատեց առաջնորդը:

Բայց ոչ ոք չպատասխանեց նրան, որովհետև այդպիսի հանդուգն ձեռնարկության ոչ ոք էլ չէր կամենում մասնակցել:

Իսկ Աշոտ արքան վրանից ելնելով` պատրաստ գտավ արդեն վանանդացոց և տայոց քաջերին, որոնց գլուխ էին անցել Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը:

Թագավորն աշտանակեց իսկույն յուր օդապարիկ նժույգը և առաջ անցնելով` բարձր ձայնով գոչեց.

— Քաջե՛ր, ո՞վ է կամենում ձեզանից կռվել և մեռնել թագավորի հետ միասին:

— Մենք ամենքս... — գոռացին միաբերան հայ կտրիճները և նրանց ձայնի արձագանքը որոտաց հեռավոր լեռներում:

— Օ՛ն, ուրեմն, հառա՜ջ, — գոչեց թագավորը և սուրը հանելով դիմեց թշնամու կողմը:

Հեծելազորը հետևեց նրան:

Ապստամբներից մի խումբ հառաջացել էր արդեն մինչև ձորի բեանը և դիտում էր հեռվից արքայական բանակի շարժումը: Երբ նա` հեծյալների այս գունդը տեսավ, սկսավ դեպի կրճի ներսը նահանջել:

Թագավորը յուր զորքով հասավ նրա ետևից ինչպես մի փոթորիկ և ընդհարվեցավ հետը, կրճի մեջտեղը: Արքայի նպատակն էր հանկարծակի բերելով` փախուստ դարձնել այդ խումբը և այդպիսով շփոթել կրճի բերանը փակող զորքերին: Վանանդացիք ու տայքցիք կռվել սկսան կատաղաբար: Նրանք ձիաներով կոխկռտում և երկար նիզակներով շամփրոտում էին անզոր հետևակներին, որոնք կռվում էին միայն կարճ սրերով: Ընդհարումը տևեց հազիվ կես ժամ, որովհետև արքայականների հարձակումն այնպես անակնկալ և բախումն այնքան զորավոր էր, որ ապստամբների խումբը երկար դիմադրել չկարողացավ: Մի քանի տասնյակ զոհեր տալուց հետո նա թիկունքը դարձրեց և փախավ: Արքայականները հաղթական աղաղակով սկսան հալածել նրանց:

Թվում էր, թե բախտը ժպտում է թագավորին: Կրճի բերանը հասնելուց` փախստականները դեպի լեռան լանջերը ցրվեցան: Արքայի հեծելազորն ընկավ նոր հանդիպող գնդերի վրա, որոնք արդեն շփոթված էին թե՛ փախստականների և թե՛ հալածողների աղաղակից, և սկսավ սաստկապես հարվածել նրանց: Ընդհարումը երկար չէր տևելու, այդ գնդերը նույնպես փախուստ պիտի տային` մաքրելով կիրճը արքայական զորքի առաջ. բայց հանկարծ հասան այդտեղ սեպուհ Ցլիկ-Ամրամը և Գարդմանա Դավիթ իշխանը, նստած ամեհի նժույգների վրա և շրջապատված մինը կատաղի սևորդիներով և մյուսը` հզոր գարդմանացիներով, որոնք և վայրկենապես կռվի կերպարանքը փոխեցին: Ամրամ սեպուհը խրախույս կարդաց յուր քաջերին և սուսերամերկ ու սրարշավ ընկավ արքայական զորքի վրա: Նրա ձայնը որոտում էր կրճի մեջ ինչպես գարնանազայր հեղեղի շառաչ և այդ ձայնին հետևում էր բազմամբոխ զորքի աղաղակը: Նույնպիսի հզոր գոչյունով խրախուսել սկսան իրանց գնդերին թագավորն ու Մարզպետունի իշխանը, և մարտիկները երկու կողմից սկսան ընդհարվել նոր ուժով և ավելի կատաղաբար:

Գնդերից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին: Արքայականներն աշխատում էին վանել հակառակորդներին կրճի միջից, իսկ վերջինները ճգնում էին ետ մղել նրանց դեպի խորաձորը:

Այդպիսով միմյանց դեմ խիզախելով և շարունակ անձուկ կրճի մեջ խառնվելով` փակվում էր հեծելազորի ճանապարհը: Արքայականների դրությունը ծանրանում էր. նրանք հարձակվել չէին կարողանում և իրանց շուրջը զեռող հետևակների դեմ մարտնչելու համար ստիպված էին ձգել երկարաբուն նիզակները և կռվել միայն սրերով: Այս դրության մեջ դարձյալ նրանք աննահանջ խիզախում էին ապստամբների դեմ: Եվ չնայելով, որ վերջինների թիվը հետզհետե աճում և իրանցը, ընդհակառակը, նվազում էր, այսուամենայնիվ արքայականները կանգնած էին այդ հզոր հեղեղի առաջ ինչպես անսասան մի հողաթումբ և կռվում էին հուսահատ կատաղությամբ:

Բայց հանկարծ աջակողմյան լեռնալանջից սկսավ տեղալ նրանց վրա նետերի սաստիկ մի տարափ:

Այդ ափխազցիների գործն էր: Բեր իշխանը, տեսնելով արքայականների համառ դիմադրությունը և այն կոտորածը, որ նրանք անում էին նիզակակից զորքի մեջ, հանեց լեռնալանջի վրա յուր նետաձիգ զորագունդը և սկսավ այդտեղից հարվածել նրանց նետերով: Եվ որովհետև նրանք աջ կողմից էին հարվածում, ուստի արքայականները ասպարափակ անելու հնար չունենալով (ըստ որում աջ ձեռքով սուրն էին կրում և ձախով ասպարը)` մնացին երկու կրակի մեջ: Թագավորը տեսավ յուր հավատարիմ զորագնդի հուսահատ դրությունը, չափեց նրա և հակառակորդի անհավասար ուժը և, անօգուտ համարելով յուրայինների դիմադրությունը, կանչեց Մարզպետունի իշխանին և հրամայեց նրան «նահանջի» փող հնչեցնել:

Այդ հրամանը կարծես կայծակի հարված տվավ քաջ իշխանին: Այն մարդը, որ միշտ աշխատում էր եղբայրասպան կռիվներն արգելել, այժմ այլևս նահանջի մասին չէր ուզում լսել, պատերազմի աղմուկն ու արյան գոլորշին արբեցրել էին նրա հոգին: Այդ վայրկենին նա չէր մտածում, թե կռվում է եղբայրների դեմ, այլ թե` պատժում է ապստամբներին, գահի և հայրենիքի թշնամիներին: Ուստի որքան էլ յուր գունդը նվազ, որքան էլ հակառակորդը զորավոր, այսուամենայնիվ նրա անպարտելի հոգին չէր ընկճվում թվի մեծության առաջ: Նա պաշտպանում էր յուր թագավորին, հայոց գահի վեհ պայազատին, ևւ այդ միտքն արդեն բավական էր, որ նրա սրտում առյուծ դարաներ: Բայց երբ թագավորը հրամայեց նահանջել, նրա մարմնով տհաճության դող անցավ, հզոր բազուկը կարկամեց և արյունոտ սուրը կախվեցավ նրա ձեռքում ինչպես մի անզոր գործիք... Նա մի ծանր հոգվոց հանեց, որ նման էր ավելի խուլ մռնչյունի, և հեծյալների ետևն անցնելով` հնչեցնել տվավ նահանջի փողը:

Արքայական զորքն սկսավ նահանջել, բայց քայլ առ քայլ և առանց թիկունք դարձնելու: Երբ նրանք ձորամեջը հասան, նկատեցին, որ եգերացիք իջնում էին բերդից իրանց օգնելու համար: Նիզակակից իշխանները թագավորի սկզբի հաջողությունը տեսնելով, որոշել էին վերջապես կատարել իրանց զինակցական պարտքը: Բայց երբ արքայական զորքի նահանջը տեսան, կանգ առան լեռնալանջի վրա:

Այս հանգամանքը պատճառ եղավ, որ ապստամբները երկյուղ կրելով եգերացիների հարձակումից, հետ քաշվեցան կռվից, և արքայական գունդը, որ բավական նվազել էր, բանակատեղը դարձավ առանց դժվարության:

— Մենք գալիս ենք ձեզ օգնելու, տեր արքա, — ասաց եգերացիների առաջնորդը, երբ թագավորը լեռնալանջը հասավ:

— Իզուր նեղություն պիտի կրեիք, իշխան. եգերացի քաջերի համար կռվելու տեղ չէր լինիլ կրճում, — պատասխանեց թագավորը դառնությամբ:

— Բայց մենք մեր պարտքը պիտի կատարեինք: Մենք ուշացանք միայն մեր գնդերը կարգավորելու պատճառով:

— Եվ դուք ուշանալով անօգուտ գործ չարիք, դուք փրկեցիք ձեր զորքի պատիվը` հեռացնելով նրան մեր ամոթահար պարտության մասնակցելու դժբախտությունից:

Այս ասելով թագավորը հեռացավ իշխանից` հեգնական ժպիտը շրթունքներին:

Առաջնորդ եգերացին նայեց նրա հետևից վայրենի հայացքով և կարի զայրացած` յուր վրանը դարձավ:

Բաժանման ոգին, որ հետևում է, առհասարակ, ամեն անհաջողության, լուծել էր արդեն թագավորի և յուր նիզակակիցների միությունը: Եգերացի իշխանները, որոնք սկզբում սիրով անսալով Կոստանդին թագավորի հրամանին` եկել էին Աշոտ արքային օգնելու, և այդ արել էին ոչ միայն երկու ազգերի դաշնակցությունը հարգելու մտոք, այլև փայլուն հաղթություն և հարուստ ավար ձեռք բերելու հուսով, այժմ արդեն հուսահատ և սրտաբեկ քաշվել էին իրանց առաջնորդի վրանը և խորհում էին բաժանման կամ փախուստի վրա:

Եվ ուրիշ ի՞նչ կարող էին մտածել այդ օտարականները, քանի որ նրանց հրապուրողը եղել էր ո՛չ թե հայոց գահը անսասան պահելու նախանձախնդրությունը (որ չէր էլ կարող լինել), այլ լոկ անձնական շահը, ավարներով հարստանալու ցանկությունը: Բայց շահու և ավարի փոխարեն այժմ սասանում էր նրանց անխուսափելի կոտորած կամ սովատանջ մահ: Բացի այդ, զորքի մեջ նույնպես սկսվել էր տրտունջ: Թեպետ նրանք ունեին մի քանի օրվա ուտեստ և կարող էին տանել մի շաբաթվա պաշարման, բայց վատթարն այն էր, որ ջուր չունեին: Ծարավը հետզհետե տանջում էր թե՛ իրանց և թե՛ ձիաներին: Այդ ծանրության տոկալ չէր կարող զորականը:

Այս պատճառով, ահա, գունդագունդ գալիս, խռնվում էին նրանք իշխանական կացարանների առաջ և պահանջում` յուր կամ հրաման տան իրանց զինաթափ լինելու և բանակից հեռանալու և կամ հնար ցույց տան ջուր հայթայթելու:

Երկար խորհրդակցությունից հետո եգերացոց իշխանապետը որ ոշեց դիմել թագավորին և խնդրել նրանից, որ գործելու ճանապարհ ցույց տա իրանց:

Նա վերցրեց ընկեր իշխաններին և նրանց հետ միասին մտավ թագավորի վրանը հենց այն միջոցին, երբ վերջինս նստած յուր երկու հավատարիմների, այն է` Գևորգ Մարզպետունու և Վահրամ սեպուհի հետ, խորհուրդ էր անում:

— Զորքի մեջ, տեր արքա, սկսվել է տրտունջ, որ հետզհետե ավելանում և սպառնական կերպարանք է առնում, ինչպե՞ս կհրամայեք գործել դրա դեմ,-հարցրեց իշխանապետը թագավորին:

— Անշուշտ տրտնջում են եգերացի զորականները, այնպես չէ՞,-հարցրեց թագավորը:

— Այո՛, տեր արքա:

— Ի՞նչ է նրանց պահանջը:

— Ամենահասարակ, ամենաբնական պահանջ:

— Այսի՞նքն:

— Ջուր են խնդրում, տեր արքա, և կամ...

— Եվ կամ ի՞նչ:

— Եվ կամ հրաման, որ զենքերնին հանձնեն թշնամուն և ազատ ելնեն այս բանտից:

Թագավորը յուր հայացքը սևեռեց իշխանապետի աչքերին և մի վայրկյան լուռ նայելուց հետ աս աց.

— Զորքի պահանջն անբնական է և անարդար:

— Ինչպե՞ս, տեր արքա. մի՞թե մարդիկ իրավունք չունին ջուր խմելու, — հարցրեց իշխանապետն այնպիսի մի ժպիտով, որի մեջ նշմարվում էր և՛ զարմանք, և՛ հեգնություն:

— Ո՛չ,-պատասխանեց թագավորը խիստ ձայնո՛վ:

Իշխանները աչքերնին սևեռեցին արքայի վրա:

— Գուցե ձեզ զարմացնում է իմ պատասխանը, — ասաց թագավորը, — բայց ես զարմանալի ոչինչ չասացի: Ո՛վ որ անջրդի տեղը ջուր է պահանջում, անբնական պահանջ է անում, ո՛վ որ զինաթափության գնով ազատություն է որոնում, կարի նվաստագույն գործ է կատարում:

— Ի՞նչ անենք ուրեմն. կոտորվի՞նք. ավելի լավ չէ՞ նվաստանալ` քան մեռնել:

— Ո՛չ, ավելի լավ է մեռնել, քան նվաստանալ, — պատասխանեց թագավորը ծանրությամբ:

Մի վայրկյան լռություն տիրեց: Արքայի պատասխանը տպավորություն արավ իշխանապետի վրա. նա գլուխը կախեց և սկսավ մտածել:

Բայց իշխանների խմբից առաջ անցավ մի երիտասարդ և խոսեց.

— Տեր արքա, զինվորականը նվաստանում է ոչ միայն այն ժամանակ, երբ միայն թերանում է քաջության մեջ, այլև այն ժամանակ, երբ թերանում է անկեղծության մեջ: Ուստի աղաչում եմ չվշտանալ` եթե համարձակվեմ անկեղծորեն խոստովանել մի ճշմարտություն, որի ծածկելը, ըստ իմ կարծյաց, հավասար է դավաճանության:

— Խոսի՛ր, — ասաց թագավորը:

— Մենք եկել ենք քեզ օգնելու մեր արքայի հրամանով և մեր պարտքը կկատարեինք, եթե հնար ունենայինք: Բայց բախտը կամ գուցե մեր անհեռատեսությունը փակել է մեզ այժմ մի գառագղի մեջ, որից ազատվելու ոչ մի հնար չունինք: Ծարավը տանջում է բազմամբոխ զորքին, թշնամու սուրը սպանում է ամենքին: Կռվել չենք կարող, որովհետև ասպարեզ չկա. ելնել չենք կարող, զի ճանապարհ չունինք. իսկ մեռնել մենք, իհարկե, չենք կամենում: Ի՞նչ է մնում մեզ անել` եթե ոչ զինաթափ լինել և փրկել մեր անձը մեր ընտանյաց համար...

— Փրկել ուրեմն անպատվության գնո՞վ, — ընդհատեց թագավորը իշխանին:

— Դրանից մեզ անպատվություն չի կարող հասնել: Մենք հյուր ենք ձեր երկրում և պիտի կռվեինք ձեր մեծափառության համար: Հետևապես, ո՛չ հաջողության փառքը և ո՛չ պարտության վնասը մեզ չի վերաբերում:

— Ուրե՛մն...

— Ուրեմն կա՛մ պիտի ճանապարհ ցույց տաք մեզ` մեր պատվավոր պարտքը կատարել կարողանալու համար և կա՛մ պիտի համաձայնիք մեզ հետ զենքերը թշնամուն հանձնելու:

Թագավորը հառեց աչքերը երիտասարդ իշխանի վրա և ապա սկսավ յուր շուրջը դիտել: Ամենքը լուռ էին և սպասում էին նրա պատասխանին:

— Դուք եկել եք այստեղ ձեր թագավորի հրամանով և եգերական դրոշակով, — սկսավ խոսել արքան մեղմ ու հանգիստ ձայնով: — Եկել եք հայոց թագավորին օգնելու, համաձայն ձեր թագավորի և իմ հանգուցյալ հոր կռած դաշնադրության: Հետևապես, կատարելով ձեր պարտքը, պիտի ապացուցանեք, թե գիտեք ձեզ հարգել. և, ընդհակառակը, փախուստ տալով այստեղից, պիտի անպատվեք ձեր թագավորին և արատավորեք եգերական դրոշակը: Այս է իմ կարծիքը ձեր առաջադրության մասին: Իսկ գալով նրան, թե արդյոք ես, հայոց թագավորս, կարո՞ղ եմ համաձայնել ձեզ հետ թշնամուն իմ զենքը հանձնելու, կասեմ, որ անկարող եմ: Աշոտ թագավորը շատ այսպիսի անհաջողությանց է հանդիպել, շատ անգամ է թշնամիներով ու դավաճաններով պաշարվել, բայց երբեք և ոչ իսկ մի վայրկյան չէ մտածել, թե պիտի անձնատուր լինի թշնամուն: Ես կարող եմ սուրը ձեռքիս և աշտեները կրծքումս ընկնել և մեռնել, բայց նվաստանալ և զենք հանձնել թշնամուն, երբե՛ք: Դուք պաշարման ժամանակ մտածում եք ձեր կյանքն ազատելու, իսկ ես` իմ պատիվը փրկելու վրա: Ինչպես տեսնում եք, մենք տարբեր նպատակների ենք ձգտում: Հետևապես չպիտի խանգարենք միմյանց: Երբ մարդ կամենում է ընկնել, անկարելի է կանգուն պահել նրան: Դուք այս վայրկենից իսկ ազատ եք ձեր որոշման մեջ: Հայոց թագավորն ունի դեռ մի քանի տասնյակ քաջեր, որոնց հետ միասին կարող է մեռնել: Բայց երբ դուք ողջամբ ձեր երկիրը հասնեք, հայտնեցեք անպատճառ ձեր կանանց ու որդվոց, որ ձեր կյանքը գնել եք ձեր զենքերի գնով: Այդ նորությունն, անշուշտ, հաճույք կպատճառե եգերացի տիկնանց:

— Տեր արքա, դու նախատում ես քո զինակիցներին... — վրդովված նկատեց եգերացի իշխանապետը:

— Դուք որ անձնատուր լինելու վրա եք մտածում, իմ զինակիցը լինել չեք կարող:

— Ուրեմն և չենք, լինիլ,-զայրացած պատասխանեց իշխանապետը և դառնալով ընկերներին` ասաց. — իշխաններ, հուսահատ զորականը մեզ է սպասում, գնանք մեր վերջին պարտքը կատարելու:

Այս ասելով նա սառնությամբ ողջունեց թագավորին և առաջ անցավ: Ընկերները հետևեցին նրան:

Թագավորը, որ ուշադրություն չդարձրեց ո՛չ իշխանապետի վերջին խոսքերին և ո՛չ իշխանների ողջունին, աչքերը վրանի անկյունին հառած` խորասուզվել էր մի ինչ-որ մտածության մեջ: Երբ նա, զգաց, թե վրանում լռություն է տիրում, դարձավ յուր իշխաններին և ասաց.

— Այո՛, եգերացիները կփրկեն իրանց: Ով որ հանձն է առնում նվաստությունը, նա ձեռք կբերե և այն բարիքը, որ գերադասում է պատվից: Բայց դուք ի՞նչ եք մտածում հայ զորականի մասին:

— Նա պատրաստ է կռվել մինչև վերջին շունչը, — ասաց Վահրամ սեպուհը, — պետք է միայն առաջնորդել նրան:

— Մենք նրան կառաջնորդենք. բայց ի՞նչ շահ այդ կռվից, — նկատեց Մարզպետունի իշխանը, — մերոնք այնքան սակավաթիվ են, որ թշնամին մի քանի վայրկենում կջնջե նրանց:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.53.19 | Сообщение # 13
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Ասում ես, որ պատրաստ են մինչև վերջին շունչը կռվե՞լ, — հարցրեց թագավորը:

— Այո՛, տեր, — պատասխանեց սեպուհը:

— Պետք է ուրեմն օգուտ քաղել այդ պատրաստակամությունից: Այս գիշեր մենք ամենախիստ թափով կընկնենք թշնամու վրա:

— Ընդհարմա՞ն դիտումով, — հարցրեց սեպուհը զարմացած:

— Ո՛չ, բանակը ճեղքելու և անցնելու նպատակով:

Իշխանի դեմքը պայծառացավ: Փրկության այդ միջոցը, արդարև, ամենահեշտը և պատվավորն էր: Մարզպետունին նույնպես համակիր էր այդ մտքին: Պետք էր միայն գաղտնի կերպով պատրաստվել, որպեսզի եգերացիք արգելք չլինեին իրանց:

Թագավորի հրամանով իշխանները դուրս գնացին, որպեսզի հավատարիմներին հարկ եղած հրահանգները տան:

Երեկոյան դեմ մի քանի եգերացի գնդեր բերդի պարիսպներից իջնելով` դեպի խորաձորն իջան: Այդ շարժումը Գևորգ իշխանի ուշադրությունը գրավեց: «Ուրեմն համաձայնություն է կայացել թշնամու և եգերացիների մեջ», մտածեց նա ինքն իրան` ենթադրելով, թե վերջինները, երևի, սկսում են արդեն թշնամու բանակն իջնել:

Դեռ այս մտքի մեջ էր նա, երբ Եզնիկը մոտենալով իրան` շշնջալով ասաց.

— Տե՛ր իմ, եգերացոց իշխանները դավաճանության խորհուրդ են հղացել, պետք է աշխատել թագավորին փրկել:

— Ի՞նչ խորհուրդ, Եզնիկ, — հարցրեց իշխանը վախենալով:

— Պայման են դրել Ցլիկ Ամրամի հետ, որ թագավորին բռնեն և նրա ձեռը հանձնեն: Իսկ Ամրամը դրա փոխարեն խոստացել է արձակել եգերացիներին առանց զինաթափ անելու:

— Ինչպե՞ս իմացար այդ լուրը:

— Խորաձորն իջնող գնդերի ամեն մի զորականն այդ գիտե: Իշխանները նրանց պատվեր են տվել` հսկել կրճի անցքերին ամենայն զգուշությամբ, սպառնալով, որ եթե թագավորը ձեռքից հանեն, այլևս այս բանտից ողջ չպիտի ելնեն:

Այժմ իրանք, զորականները, ամեն հնար գործ պիտի դնեն մեր ճանապարհը փակելու, որպեսզի իրանց խոստացված ազատությունը չկորցնեն:

Եզնիկի բերած նորությունը ծանր մտահոգություն պատճառեց արքայի հավատարմին: Նա պարզ տեսավ, որ փրկության ամեն հույս կորել է, ուստի նորեն Սևադայի խոսքերը հիշեց.

— Նա ասաց, որ այս անգամ աստված պիտի պատժե հանցավորին, ահա՛ նրա գուշակությունը կատարվեցավ: Մի՞թե թշվառ մահկանացուն կարող է հավիտենականի բարկությունից փախչել...

Այս մտածմունքներով նա գնաց Վահրամ սեպուհի մոտ և նրա հետ միասին արքայի վրանը մտավ ` այս տխուր նորությունը նրան հայտնելու:

Բայց ո՛րքան մեծ եղավ իշխանի զարմանքը, երբ թագավորն այդ նորությունը լսելուց հետ անհոգ կերպով ծիծաղեց:

— Այդ թշվառականն, ուրեմն, իմ արյանն է ծարավի, — ասաց նա հանգիստ ձայնով: — Վաղուց ճանաչում եմ ես Ցլիկ-Ամրամին. նա փառասիրություն չունի, ուրեմն և չէր կարող փառասիրական նպատակով ապստամբել յուր թագավորից: Նրան հարկավոր է անշուշտ իմ անձը... Այժմ ուրեմն հանելուկը լուծվում է:

— Քո ա՞նձը, տեր արքա, ի՞նչ թշնամություն ունի Ամրամը քո անձի հետ, — զարմացած հարցրեց Վահրամ սեպուհը:

Թագավորը կարծես շփոթվեցավ: Նա զգաց յուր խոսքերի անպատեհությունը և աշխատեց խույս տալ բացատրություններից:

— Այդպես ուրեմն, մեր փոքրիկ գունդը նույնպես փրկված է: Ինձանից հետո թշնամին հանգիստ կթողնե թե՛ նրան և թե՛ եգերացիներին, — ասաց թագավորը, առանց Վահրամի հարցին պատասխանելու;

Գևորգ իշխանը թագավորի խոսքը չհասկացավ, ուստի խնդրեց բացատրել իրան, թե ի՞նչ է կամենում անել:

— Այս գիշեր ես պիտի հեռանամ այստեղից, — ասաց թագավորը:

— Դո՞ւ, միայնա՞կ, — հարցրեց իշխանը:

— Այո՛:

— Ի՞նչ ճանապարհով:

— Եգերացոց պահանորդ գնդերի և թշնամու բանակի միջով:

Սեպուհն ու իշխանը զարմացած աչքերնին հառեցին թագավորի վրա:

— Պիտի հասկացնեմ եգերացոց ու սևորդյաց իշխաններին, որ Աշոտ Երկաթին բռնելն ու Ցլիկ-Ամրամին հանձնելն իրանց ուժից վեր գործ է:

Իշխանի սիրտն ուրախացավ, իսկ սեպուհի խոշոր դեմքի վրա փայլեց գոհության ժպիտ:

— Ես մինչև այժմ հավատարիմների ապահովության համար էի մտածում, — շարունակեց թագավորը, — բայց այժմ տեսնում եմ, որ հենց իմ անձն է եղել նրանց վտանգողը: Ես, ուրեմն, կհեռանամ այստեղից, որպեսզի ձեր ճանապարհի արգելքը վերացվի:

— Դու հեռացիր միայն քո թանկագին անձը փրկելու համար, որովհետև աշխարհը սպասում է յուր թագավորին: Իսկ մենք կարող ենք մինչև անգամ մեռնել, հայոց երկիրը շատ բան չի կորցնի, եթե մահ հասնե մեզ, — ասաց սեպուհը անկեղծորեն:

— Բայց հայոց թագավորը կկորցնե... — հարեց իսկույն արքան:

Հասավ երեկոն: Թագավորի դիտավորությունը հայտնի էր միայն Մարզպետունի իշխանին և Վահրամ սեպուհին: Արքայի տված հրահանգի համաձայն նրանք կանչեցին իրանց մոտ թագավորի թիկնապահներից երկու երիտասարդների, որոնց հավատարմության ու քաջության վրա վստահություն ուներ ինքը թագավորը և հրամայեցին նրանց պատրաստ լինել թագավորին հետևելու:

Երբ մութը կոխեց, և գիշերվա մի քանի ժամերն անցան, թագավորն ելավ յուր վրանից` ոտից գլուխ պողպատով զրահավորված: Երկու քաջամարտիկ թիկնապահները, որոնք նույնպես զրահավորված էին երկաթով, մոտեցրին արքային յուր ամեհի նժույգը:

Թագավորը քսանամյա երիտասարդի թեթևությամբ թռավ ձիու վրա, թիկնապահները նույնպես աշտանակեցին իրանց նժույգները:

Պետք է անցնենք ինչպես փոթորիկ: Ո՛չ մարդ և ո՛չ դև չպիտի մեզ դիմադրե: Գնդերը պիտի ճեղքենք, վաշտերը կոխոտենք, կանգնածը գլորենք... Մի քառորդ ժամից հետ նուրի հովտում պիտի լինինք... — հրամայեց թագավորը և սուրը հանելով`, Օն ուրեմն, քաջերսե, գոչեց ցած ձայնով և նժույգի կողերը խթելով` թռավ դեպի զառիվայրը:

Թիկնապահները սրարշավ հետևեցին նրան:

Մի քանի վայրկենից հետ երեք հեծյալներն անհայտացան խավարի մեջ:

Արքայի բախտից երկինքն ամպամած էր և լուսինն անհայտացած: Հեռվից ոչ ոք չէր կարող նշմարել նրանց:

Ձորակի մեջ միայն ձիաների քայլատրոփը զարթեցրեց պահանորդ եգերացիներին, որոնք, խմբովին հեծյալների առաջը բռնեցին: Բայց թագավորի նժույգը և ահարկու սրի հարվածները ճեղքեցին խումբը, իսկ թիկնապահների գոռոցը և նիզակների թափը ցրեցին դիմադրողներին: Հանդիպող շարքերից անցան նրանք ինչպես հողմ և մտան կրճի բերանը: Եգերացիք նոր իմանալով, որ իրանց գունդը ճեղքողը ինքը թագավորն էր, սկսան վայրենի աղաղակով նրա հետևից ընկնել: Թագավորը և յուր թիկնապահները նույնպես սկսան գոռալ, երբ հասան ապստամբների գնդերին: Վերջիններս հանկարծակի գալով այս բազմատեսակ աղաղակներից, կարծեցին, թե եգերացիք են հարձակվում իրանց վրա. ուստի շփոթված և իրար կոխկրտելով` սկսան դեպի բանակը փախչել:

Թագավորն օգուտ քաղեց այդ խառնակությունից: Թիկնապահների հետ միասին աջ ու ձախ հարվածելով և հորձանքի նման հանդիպակացները խորտակելով` կտրեց անցավ նա կրճի բոլոր երկարությունը, ճեղքեց վերջին պահանորդ խումբը և ընդարձակ դաշտը դուրս գալով` նույնիսկ Ամրամի բանակի առջևից սլացավ ինչպես կայծակ և անհայտացավ հովտի մթության մեջ:

Հազիվ մի ժամից հետ հայտնի եղավ ապստամբներին թագավորի փ ախուստը: Սևորդյաց և եգերացոց իշխանները մնացին ամոթահար, իսկ Ցլիկ-Ամրամը և ափխազաց Բեր իշխանը զայրույթից գրեթե կատաղեցին:

Հետևյալ առավոտ ապստամբների զորքը խուժեց դեպի ավերակ բերդը: Եգերացիներից խլեցին նրանց բոլոր զենքերը և միայն ձիաներն իրանց տալով` արձակեցին: Իսկ սակավաթիվ հայ հեծյալներին ձեռնամուխ չեղան, որովհետև Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը խնդրեցին Ամրամին` թշնամաբար չվարվել յուր եղբայրակիցների հետ: Ամրամը, թեպետ թագավորի դեմ զայրացած, այսուամենայնիվ, հարգեց նրա իշխանների խնդիրը և նրանցից բաժանվեց առանց գժտության:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա

ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ

Այս հրաշակերտ վկայարանը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնո ամրոցի հյուսիս-արևելյան կողմը: Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուր ախորժալուր աղմուկով ահավոր ձորն ու շրջակաները լցնում: Նախաջրհեղեղյան սասանությունները, երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով` կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բազալտյան սյունաձև բուրգեր, որոնք, միմյանց հաջորդելով կամ իրար վրա ամբառնալով` շրջապատում էին Այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի: Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակներն ի մի ժողովելով` միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը` տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար:

Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով: Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար:

Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը` Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները: Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության ու ճգնության օթևան:

Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո: Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ` յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար:

Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբ անություն, որ բարեկարգել ու ծաղկեցրել էր Այրիվանքը: Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը` Հովհաննես կաթողիկոսը, որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով` թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով ու հայրապետական գանձերով ապաստանել Այրիվանքի ամրություններին:

Երկու օր էր ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Տուսուփից հետո տեղակալ էր կարգված, և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին: Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը: Եվ ահա՛ նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից:

Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան` կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա` կաթողիկոսարանը գրավել:

Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է` անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում:

Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով` կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարառությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալներից ժառանգած թանկագին իրեր էին:

Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում:

Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին:

Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր Դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան` ասելով.

— ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին: Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը:

— Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում. ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր. այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին:

Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության:

Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել: Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր: Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց: Բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը: Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի: Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը պահանջում էր այդ: Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր: Բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և, վերջ ի վերջո, այդ բարեկամության կորուստը խնայում: Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ` որպեսզի յուր փառքը չաղարտե, նա արգելք չէր դնում հասնող չարիքներին: Նա չուներ ո՛չ զորեղ կամք, ո՛չ հաստատ բնավորություն, և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ տկարը և թե՛ զորավորը, թե՛ խարդախ բանսարկուն և թե՛ իմաստուն խորհրդականը: Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա արած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը: Իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե ո՛րն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա:

Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ, նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու: Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ:

Բայց ահա` հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ:

— Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում: Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին` թվով քառասուն հոգի, — ասաց սարկավագը:

Կաթողիկոսը երկյուղից այլագունեց: Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին. ինչպե՛ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին: Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու:

— Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, — հարցրեց կաթողիկոսը սարկավագին:

— Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ, — ասաց սարկավագը, — Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր` Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրան ժառանգությունից և խնդրում էր Նսըրին` օգնել, վերադարձնել իրան հայրենի ժառանգությունը: Ոստիկանն ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին` գալ իրան այցելության: Վերջինս կասկած չունենալով Նսըրից, ընծաներով գալիս է նրա մոտ: Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնե նրանց ժառանգության գործը: Իշխանները համաձայնվում են: Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում ու բանտարկում է:

— Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան, — դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները:

— Այդպես է, վեհափառ տեր. ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր:

— Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել... Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից, սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար... նույնիսկ թագավորի և ինձ համար...

— Իսկ քեզ համար, Վեհափառ տե՛ր... — կցեց սարկավագը:

— Հա՛, ինձ համար ի՞նչ, — շտապով ընդհատեց կաթողիկոսը:

— Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում:

— Այսի՞նքն:

— Կամենում է կալանավորել:

— Ի՞նձ...

— Այո՛, Վեհափառ տեր:

— Ինչպե՞ս իմացար այդ, — հարցրեց կաթողիկոսը երկյուղագին:

— Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ...

— Իմ ետևից, այնպես չէ՞:

— Այո՛, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար:

— Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան, — կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Աստծուն է միայն հայտնի, տե՛ր, — պատասխանեց սրբազանը:

— Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը:

— Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում:

— Այո՛, Վեհափառ տեր:

Կաթողիկոսի գույնը թռավ:

— Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, — ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին:

Վերջինս լուռ էր:

— Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, — հարցրեց կաթողիկոսը:

— Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինես, տեր:

— Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ:

— Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը...-ծանրությամբ հարեց սրբազանը:

Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց:

— Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, — խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո:

— Այո՛, Վեհափառ տեր, ասացի:

— Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե:

— Անշուշտ:

— Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք:

Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց: Նա որոշեց հեռանալ Գառնի: Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը` բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու: Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց հետ, զորք կուղարկե անշուշտ իրան կալանավորելու համար:

Գևորգ սարկավագը փութաց Վեհափառի հրամանը կատարելու:

Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը: Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ Դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է: Այդ նշան էր, թե նա հույս չունի այլևս Հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան:

Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրանց ապահովության համար: Նրանք գիտեին, որ հագարացիք Այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցցնեն միաբանությունը և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրանք էլ նրա հետ հեռանային:

Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար:

Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ: Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ:

Ըստ սովորության` սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ: Նա ընթեռնում էր առաքելոց գործերը: Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետեյալը.

«Ես եմ հովիվն քաջ. հովիվ քաջ զանձն յուր դնե ի վերա ոչխարաց: Իսկ վարձկանն, որ ոչ հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն, իբրև տեսանե զգայլն զի գա` թողու զոչխարսն և փախչի. և գայլն հափշտակե զնոսա և ցրվե: Քանզի վարձկան է, և չէ փույթ նմա վասն ոչխարացն...»:

Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը դենջակը ձգելով` այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց.

— Օ՛ն և օ՛ն, թե վարձկան լինիմ ես, ո՛վ Այրիվանից հավք: Գայլից փախչում էի, Այո՛, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար: Որովհետև այդ զգուշությունը վարձկանի անուն պիտի վաստակե ինձ համար, ապա ուրեմն այս վայրկենից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության: Ես այևս չեմ հեռանում այս ուխտից:

Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած: Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ:

— Աստվածարյալ տեր,-բացանանչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան: Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ:

— Չէ, սիրեցյալ եղբայր, — պատասխանեց կաթողիկոսը. — այդ վարդապետն անպարկեշտ ոչինչ չասաց. նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը. նա հիշեցրեց ինձ իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին Անմահ և Քաջ հովվի պատվերը...: Իսրայելի հանցավոր առաջնորդներին աստված կոչում էր ուղղության ճանապարհը մարգարեների բերանով: Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ: Չդատապարտենք այս մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ:

Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկենին ամբիոնի առաջ լուռ և անշարժ, նրա դեմքը խաղաղ էր և հայացքը հանգիստ: Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած, բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից: Նա գիտեր, թե ինչո՛ւ համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց: Իսկ թե այնուհետև վա՞րձք թե պատ՛իժ կչափեին իրան, բնավ հոգը չէր:

Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերովն անգամ չհանգստացավ որովհետև վախենում էր, թե գուցե Վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը, նա հարցրեց վարդապետին բարձր`

— Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ այդ ավետարանը:

— Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին, — պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով:

— Անշուշտ նա է պատվիրողը, — հարեց Դռան եպիսկոպոսը, — եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ: Աստված կամենում է, որ վեհափառ հայրն ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության ու վշտերին: Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին:

— Ես չեմ հակառակում, — ասաց կաթողիկոսը: -Ես կամենում էի, Այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ալևորությունն արգելվեցավ: Ուրեմն ես կմնամ:

Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց: Եվ եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար:

Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարանը: Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի` հայտնելու համար բերդապահին` չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան:

Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե:

Որոշվեցավ նախ բոլոր մեծագին իրեղենները, եկեղեցական սպասներն ու սրբությունները և մանավանդ Սուրբ Գրոց ու այլ մատենից ժողովածուները ծածկել հեռավոր և խավարչտին այրերի մեջ: Երկրորդ` բոլոր միաբանության մասնակցությամբ կատարել թափոր և ապա մնացորդ օրը անցնել աղոթքով ու հսկումով, որպեսզի աստված խնայե անպաշտպան միաբանությանը և չմատնե նրան յուր թշնամու ձեռքը:

Եվ, արդարև, անապատականների այս ընկերությունը թաքչելուց ու աղոթելուց զատ չուներ պաշտպանության մի այլ զենք: Թագավորն զբաղված էր ապստամբ իշխանների հետ կռվելով, իսկ զորք ունեցող իշխաններն ամրացած էին իրանց բերդերում: Այդ պատճառով վանքերն ու միաբանությունները մնացել էին անպաշտպան: Թշնամու երեսից փախչող խուժանը, որ չէր վայելում արքունական զորաց կամ որևէ իշխանի պաշտպանությունը, խուճապելով խռնվում էր դարձյալ այդ վանքերի մեջ և այդպիսով ավելի ևս ծանրացնում միաբանության դրությունը: Որովհետև վերջինս ստիպված էր լինում ոչ միայն նրանց պաշտպանելու, այլև կերակրելու հոգն ստանձնել, որ շատ անգամ կապված էր լինում մեծամեծ դժվարությունների հետ:

Աշնանային գեղեցիկ առավոտ էր: Վճիտ և անամպ երկնակամարի վրա սահում էր արևի հրափայլ գունդը, կարծես, ավելի լուսավոր և ավելի ճառագայթարձակ, քան ուրիշ օրեր: Գեղա լեռան լանջերն ու բարձունքները, որոնց վրա թոշնել ու դեղնել էին արոտն ու թավուտը` վառվում էին արդեն երփներանգ գունով: Այրիվանից ժայռերը, բուրգերն ու ամբարտակները, որոնք իրանց քարեղեն կրծքում սեղմում էին, կարծես, տխուր մենաստանը, ազատվում էին հետզհետե ժայռապատ լեռան ստվերներից, և առավոտյան անուշ հավերը, որոնք Գեղա լեռան լանջերը քերելով` մտնում էին Այրիվանից ձորը` Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արևի տապը, որ սկսում էր արդեն զգալի դառնալ այդտեղ: Մենաստանի շուրջը բուսած ծառերի և կարկաչահոս գետի ափունքը հովանավորող թուփերի մեջ սկսել էին թռչուններն իրանց վաղորդյան ճռվողյունը, որ խառնվելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մի ախորժալուր աղմուկով:

Եվ ահա վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները անդաստանի քաղցրանվագ շարականը երգելով: Նրանց հետևում էին ուրարակիրները, սարկավագները, աբեղաների խումբը, վարդապետները և վերջապես բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած Վեհափառ հայրապետին: Նրա առջևից դեմ առ դեմ գնում էին երկու սարկավագներ, արծաթե բուրվառները ձեռքներին, որոնք և շարունակ խնկարկում էին կաթողիկոսին: Սկսած աբեղաներից մինչև եպիսկոպոսները` ամենքն էլ ծածկած էին սև փիլոններ, որովհետև ոսկեթել շուրջառները և այլ թանկագին սպասները թաքցրել էին արդեն այրերի մեջ: Միայն կաթողիկոսն էր կրում սպիտակ, ոսկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչություն էր տալիս նրա բարձր ու գեղապատշաճ հասակին և քաղցր ու բարի դեմքին, որ զարդարված էր սպիտակափառ և կուրծքը հովանավորող մորուսով:

Հասնելով վանքի պարսպապատի մեջտեղը, շրջան կազմեց միաբանությունը թափորն սկսելու համար: Բայց հազիվ սկզբնական աղոթքները կարդացին և գրքերի ընթերցումն սկսան, ահա՛ երկնքի վրա կատարվելիք մի հրաշքի նշանները երևացին: Լուսավոր երկնակամարը գորշ-կանաչագույն ստվեր առավ յուր վրա: Նրա մեջ, զանազան կետերում, սկսան աստղեր նշմարվիլ: Օդի մեջ հանկարծ ցրտություն տիրեց, և քամին ընդհատ կերպով սկսավ շառաչել: Թռչունները, որոնք մինչև այն ուրախ ու զվարթ ճռվողում էին, ձայներնին քաշեցին և սկսան վախեցած այս ու այն կողմն ընկնել: Թափոր կազմող միաբանությունը պաշարվեց բնազդական մի երկյուղով, և գիրք կարդացող վարդապետն զգաց, որ յուր աչքերի տեսությունը նվազում է:

Հանկարծ կաթողիկոսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, բացականչեց.

— Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին...

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով, և հրավառ սկավառակը խավարում է արդեն:

Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին: Ամենքն մնացին սառած, և միայն երկյուղի ու զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից:

Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց.

— Վեհափառ տեր. աստված ահա՛ բացահայտ կերպով ցույց է տալիս յուր կամքը Այրիվանից ուխտին, որ ցանկացավ պահել քեզ յուր մոտ և յուր գրկում պատսպարել հայ եկեղեցվո սրբազան հարստությունը: Դու չընդդիմացար և ասացիր. «Եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար»: Եվ ահա՛ աստված լսեց քո խոսքը, նրա ամենակարող աջն սկսեց ստեղծել ցանկալի գիշերը, խավարելով տվնջյան պայծառ լուսատուն: Նա ուրեմն կամենում է, որ դու հեռանաս այս ուխտից և քո անձն ու հայրապետական սրբությունները փրկես վերահաս վտանգից: Հեռացի՛ր, Վեհափառ տեր, հեռացիր այստեղից, որովհետև այդ է աստուծո անքննելի կամքը:

— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը, — գոչեցին ամեն կողմից միաբանները:

— Հնազանդվում եմ աստուծո կամքին, — ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել:

Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին:

Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը:

Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը` թողություն խնդրելու:

— Ես հանցանք գործեցի քո դեմ, Վեհափառ տեր, — ասաց նա արտասվելով, — ինձ թվում էր, թե աստված է ներշնչել ինձ քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ:

Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից:

— Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի, — ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով, — աստված ինքն է ներշնչել քեզ այն` ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը: Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին:

Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից, գլուխ խոնարհեց և հեռացավ:

Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի:

Հայ րապետի հեռանալուց հետո միաբանության երկյուղն ավելի սաստկացավ: Նրանք հավատում էին, որ աստված, երկնքի վրա ցույց տված այդ հրաշքով, հայտնել էր իրանց թշնամիների մոտալուտ հարձակումը: Ուստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու հարձակման կամ նրանից չարչարանք կրելու չափ քաջություն չունեին, խույս տվին լեռները և կամ պատսպարվեցան հեռավոր այրերում: Նրանց հետևեց և Այրիվանքին ապաստանած խուժանը:

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով` թողնել վանքը բարբարոսների ձեռքում:

Թեպետ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող և դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետև գիտեին, որ այդ խուժադուժները եթե ամայի և անմարդաբնակ գտնեին վանքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին նրան, որպեսզի փախչողների սիրտը կսկծացնելով` վրեժ լուծեին նրանցից, ուստի կարևոր համարեցին մնալ վանքում, գուցե թշնամու բռնություններն իրանց վրա դարձնելով ազատեին վանքը նրա բարբարոսություններից:

Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց հետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար:

Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը` թշնամիների հարձակման լուրը գուժելու:

— Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցցնելու համար,-ասաց նա վանահորը. — կաթողիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար:

— Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի, — պատասխանեց վանահայրը, — կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.57.56 | Сообщение # 14
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Գուժկանի հեռանալուց հետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար:

Նրանք դեռ ծնկաչոք աղոթում է ին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց:

Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց.

— «Արիք, երթիցուք, զի հասեալ է ժամ...»: — Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով:

Բոլորը հետևեցին նրան: Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց.

— Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ. այդ ուխտին դրժելու իրավունք չունինք. գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի. գնանք ուրախ և անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ:

— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում:

Վաղ թե ուշ պիտի մեռնեինք. հավիտենական չէր լինելու մեր կյանքը: Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու: Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկվելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները` շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք «ընտրության անոթ» և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար` հավիտենական բարիքը անցավորից գերադասելով:

— Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկի. գնա՛նք մեր պարտքը կատարելու, — բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան:

Հագարացիք հասել էին արդեն վանքի պարիսպներին և շրջապատել նրան: Դռները փակ գտնելով` նրանք զայրացել, կատաղել էին: Այդպիսի հանդգնություն չէին սպասում մի խումբ հոգևորականներից: «Ուրեմն այդտեղ պաշտպանող զորքեր կան», մտածում էին նրանք և իրանց գոռում-գոչումով վանքի այրերը թնդացնում: Նրանք հրամայում, հայհոյում, սպառնում էին: Ահագին ժայռեր գալիս, զարկվում էին պարսպապատի դռանը` նրան ջախջախելու համար: Քարագնացները վանքի ետևից բարձրացող ժայռերի վրա ելնելով` քարեր էին գլորում այդտեղից, իսկ նախահարձակները պարսպին սանդուղքներ հենելով` պատրաստվում էին ելնել նրանց վրա կամ իջնել վանքի բակը:

Վանականների խմբակը կանգնած էր այդտեղ անզեն, անպաշտպան, ինչպես անմեղ էրեների մի խումբ` արյունռուշտ որսորդներով ու բարակներով շրջապատված: Հրոսակների վայրենի աղաղակները և երկաթապատ դռան բոմբյունը դող ու թունդ էին հանում նրանց սրտերը. և որքան էլ նրանք պատրաստված` կամավոր հոգով իրենց անձը զոհելու, այսուամենայնիվ նրանք դողում, սարսափում էին. մսից ու արյունից կազմված մարդը ընկճվում էր նրանց մեջ. բնազդումը գործում էր ավելի, քան հոգեկան կորովը. և նրանցից ամեն մինն աղոթում էր աստծուն` անցնել իրանից դառնության այդ բաժակը: Միայն Մովսես վարդապետը կարծես խլացել, անզգայացել էր. զորքի աղաղակը, դռան ճարճատյունը, լեռնալանջից գլորվող քարերը նրան ո՛չ շփոթում, ո՛չ սարսափեցնում էին. նա անվրդով նայում էր այդ ամենին, կարծես սպանելով, որ հասնե շուտով կատարման ժամը:

— Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց, — դարձավ նա վանահորը. — ավելի լավ է բանանք պարսպի դռները և ընդունենք նրանց, վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք:

— Ոչ, ոչ. գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը... — պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն:

Այդ ժամանակ պարսպի և աշտարակների վրա բարձրացան զորքերը և զարմանալով տեսան, որ բակի մեջ կանգնած էին միայն մի խումբ վանականներ: Չկային այդտեղ դիմադրող զորքեր և ոչ էլ կռվի կամ պաշտպանության պատրաստություն: Այդ անակնկալ հայտնությունն իջեցրեց նրանց կատաղության եռանդը: Մի քանիսը միայն իրանց սվինները ձգեցին դեպի խմբակը, այն էլ կարծես ոչ թե հարվածելու, այլ վանականներին վախեցնելու համար:

Բայց երբ պարսպապատի դուռը, ժայռերի հարվածին չդիմանալով, ահագին ճարճատյունով գլորվեցավ ընկավ, և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը:

Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին: Սրերն ու սվիններն սկսան շողալ: Մի վայրկյան ևս ամենքը պիտի ջնջվեին: Բայց խմբապետներից մինն առաջ անցնելով` զորավոր ձայնով գոռաց.

— Ոչ ոքին չսպանեք, այս է զորապետի հրամանը:

Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին:

— Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին, — գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին:

Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա և վերջ դրավ զորականի վայրենի եռանդին:

Դա մի հաղթանդամ և զորավոր մարդ էր, խոշոր և թուխ դեմքով, հրացայտ աչքերով, հարուստ, գորշախառն մորուքով, որ իջնում էր մինչև, գոտին. գլխին փաթաթած էր սպիտակ ապարոշ, որի մեջ ծածանում էր մի ոսկե ցցունք: Հագած էր թանկագին ասվի և նրա վրա պղնձե զրահ, կողքից կախած ոսկեզարդ, աղեղնաձև թուր, իսկ ձեռքին բռնած փոքրիկ, փայլուն վահանակ:

— Ո՞րն է ձեր մեծը, — հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց:

— Ես, խոնարհ ծառադ, — առաջ անցավ վանահայրը:

— Որտե՞ղ է ձեր կրոնապետը, — հարցրեց Բեշիրը:

— Նա գնաց Գառնի:

— Գառնի՞:

— Այո՛, տեր:

— Ինչպե՞ս համարձակվեցավ: Միթե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու:

Վանահայրը չպատասխանեց, նա տատանում էր և չգիտեր ի՞նչ ասել:

— Ինչպե՞ս չէ, բերին, — հառաջ անցավ Մովսես վարդապետը:

— Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց:

— Նրան կարելի էր խնդրել, բայց երբեք` հրամայել:

— Դու համարձակվում ես այդ լեզվով խոսի՞լ ինձ հետ:

— Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու:

— Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն արմատից հանեմ:

— Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար:

— Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական:

— Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով, մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք:

— Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ, — գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով:

— Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի, — պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց, — որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը:

— Մենք գանձեր չունինք, — պատասխանեց վանահայրը:

— Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ:

— Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ: Մենք գանձեր չունենք, որովհետև անապատականներ ենք. իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ: Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է:

— Դե՛հ ուրմեն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը, — հրամայեց զորապետը:

— Ես իրավունք չունիմ, — պատասխանեց վանահայրը:

— Ես հրամայում եմ քեզ:

— Ես պիտի անսաստեմ քո հրամանին:

— Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն, — հրամայեց զորապետը. — իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարանները, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին:

Զորապետը դեռ չէր ավարտել յուր խոսքը, որ զորքերն իրար անցան: Կարծես ոսկե բեռներ հափշտակելու հրաման տրվեցավ իրանց: Բայց Բեշիրը թույլ չտվավ, որ ամեն ցանկացող ներս մտնե վանքը: Նա գիտեր, որ զորականը խիղճ ու օրենք չունի, հետևապես գտած թանկագին իրերը պիտի ծածկեր և սեփականեր: Ուստի ընտրեց մի քանի խումբ խուզարկուներ և նրանց ուղարկեց դեպի ծածկարանները:

Զորքերը խուժեցին վիմափոր տաճարը, փոքրիկ մատուռները, միաբանական խուցերը, ելան լեռան լանջերում փորված այրերը, միով բանիվ` թափանցեցին ամեն տեղ, ուր որ մի ծածկված հարկ կամ գաղտնի անկյուն գտան: Նրանք տենդային եռանդով խուզարկում էին այդ տեղերը, քրքրում էին ծակամուտները, փորում էին գետինը, թափում էին փայտերի կույտը կամ ցրում աղյուսը, կարծելով, թե նրանց տակ թաղված պիտի գտնեն մեծամեծ գանձեր: Բայց երբ մեծագին ոչինչ չգտան, դուրս բերին և ժողովեցին բակի մեջ եկեղեցու հասարակ շապիկներ, փիլոններ, զանազան հնոտիք և խուցերից հավաքած ցնցոտիներ ու կարպետներ:

Բեշիրն այդ տեսնելով սկսավ կատաղել: Խուզարկուները մինչև, անգամ չէին գտել վանքի մեջ գործածվող պղնձեղենը, որ, յուր իմանալով, ահագին քանակության էր հասնում: Հարուստ Այրիվանքում, ուր մի քանի հարյուր միաբաններ կային, ուր ինքը կաթողիկոսն էր ապրել, չգտան մինչև անգամ մի պղնձե գավաթ, մի սկուտեղ: Բակի մեջ ընկած էին միայն մի քանի հատ փայտյա խաներ, ափսեներ և հողե ամաններ:

— Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկե՞լ եք, — զայրացած հարցրեց զորապետը` դիմելով վանահորը:

— Ծածկել ենք ա՛յն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում, — պատասխանեց ծերունին:

— Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ, — գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրավ վանահոր գլխին:

Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա դալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար: Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին:

Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց.

— Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ չունիս, արժանի չես զորապետի անվան: Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից:

Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին, և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին:

Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության:

— Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել, — սպառնաց Բեշիրը. — հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվեք մահից:

— Մենք չենք մատնիլ ձեզ` ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները, արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ, — պատասխանեց մի ուրիշ վանական:

— Դո՛ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր, — դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին:

— Այո՛, տեր, մատնությունը գարշելի գործ է, և մեզանից ոչ ոք չի մատնիլ ձեզ ոչինչ: Ծածկված մարդիկը մեր եղբայրներն են, ծածկված իրերը` մեր սրբությունները կամ ժողովրդի գույքը: Մենք նրանց ձեզ հանձնելու իրավունք չունինք: Մեր սեփականը, ահա՛, այս մարմինն է. դուք կարող եք նրան անշնչացնել, բայց ընկճել մեր հոգին` երբեք:

Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը, — հրամայեց զորապետը և հեռացավ:

Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի, և ինքը պիտի հափշտակե նրանց: Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը:

Բայց վերջինները համառում էին գլխավորապես այն պատճառով, որ այն ծածկարաններում, ուր վանքի և կաթողիկոսի գույքերն էր զետեղված, պատսպարված էին և շատերը իրանց կարգակիցներից: Իրեղենների տեղը հայտնելով` պիտի մատնեին նրանք և թաքնված մարդկանց, որոնց և թշնամու սուրն անխնա պիտի ջնջեր: Այս պատճառով ավելի լավ համարեցին միայն իրանք զոհվել, քան իրանց եղբայրներին էլ մասնակից անել մահվան:

Անխիղճ զորքերը քաշկռտեցին միաբաններին այս ու այն կողմը: Նրանցից մինին ծառի վրա պրկելով սկսան հարվածել, մյուսին ձիու պոչից կապելով, քաշքշեցին գետնի վրա, երրորդին մերկացնելով` սկսան խարաններով այրել, չորրորդի մարմինը սվիններով ծակծկեցին, հինգերորդինը` աքցաններով պոկեցին, և այլն և այլն: Բայց և այնպես արիասիրտ միաբաններից ոչ ոք հանձն չառավ զորապետի հրամանը կատարելու:

Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ. տեսավ թե ինչպե՜ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին. կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցնել բոլորին:

Զորապետի հրամանը մի ակնթարթում կատարվեցավ. բոլորին էլ միանվագ գլխատեցին: Կենդանի մնաց միայն Մովսես վարդապետը, որին Բեշիրը, ըստ յուր խոստման, հրամայեց ողջ պահել, որպեսզի նա յուր վերքերից տանջվի շարունակ: Բացի այդ, զորապետը հրամայեց նրան շտապել Գառնի և, խարաններով ու աքցաններով կեղեքած յուր մարմինը կաթողիկոսին ցույց տալով հայտնել նրան, որ իրան էլ զորապետը այդ օրին պիտի հասցնե, եթե յուր կամքով չկամենա Դվին վերադառնալ և ոստիկանին հնազանդություն երդվել:

Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր:

Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան. թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները, որոնք խիստ բազմաթիվ էին, և թե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը:

Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ: Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ: Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ:

Բ

ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում: Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված` զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին: Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության: Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա` դրա մասին էին:

— Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշանակությունը,-որոշեց վերջապես թագուհին:

Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ: Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում:

— Արևը ծագում է շատ երկիրների վրա, բայց բոլոր այդ երկրները միաժամանակ չեն դժբախտանում, — նկատեց Սյունյաց Մարիամ իշխանուհին, — եթե արևի խավարումը գուշակ է դժբախտության, ինչո՞ւ ուրեմն միևնույն երկրում թագավորը պիտի հաղթվի, իսկ Ցլիկ-Ամրամը հաղթե, մինը դժբախտության և մյուսը` հաջողության հանդիպե: Այդ ապացուցանում է ուրեմն, թե արևի խավարումը միայն չարիք չէ բերում մարդկանց, այլև երբեմն բարիք:

— Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի, — հարեց Մարզպետունի իշխանուհին:

— Գուցե, — պատասխանեց թագուհին: Բայց նա այդ հույսը չուներ: Նա գիտեր, որ աստված չարիքը չափում է հանցավորին, իսկ բարիքը` արդար մարդուն, գիտեր, որ յուր թագավոր ամուսինը հանցավոր էր Ամրամի առաջ, և հետևապես պիտի հաղթանակեր վերջինը: Բայց նա այդ մասին ոչինչ չխոսեց, որովհետև չէր կարող խոսել:

Մի քանի ժամից այստեղ հասավ Հովհաննես կաթողիկոսը: Ամբողջ Գառնին յուր հոգևորականներով ընդառաջեց հայրապետին: Մուշեղ բերդակալը, որ օգտվում էր ամեն դեպքից յուր հարգանքը Վեհափառին ցույց տալու համար, դուրս հանեց մարտկոցներից ու աշտարակներից բոլոր ամրոցաբնակ զորքերը և կատարյալ սպառազինությամբ ու դրոշակներով տարավ նրանց կաթողիկոսի առաջ: Թագուհին յուր իշխանուհիներով դիմավորեց հայրապետին ամրոցի դռների մոտ և նրա հետ միասին մտավ եկեղեցի:

Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մո ւտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր Հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան:

Վեհափառի ատելությունն ուրախացրել էր գառնեցիներին. ժողովուրդը ցնծության մեջ էր: Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը:

Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը: Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ: Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված` խորհրդածություններ անել: Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը: Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին:

— Գառնին չէր կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը, — ասում էր նա նրանց: — Եթե մեր պահակ գնդերը չկռվին անգամ, դարձյալ Գառնո ամրությունը կմնա անխախտ: Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին, իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին:

Մուշեղ բերդակալը, սակայն, ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել: Նա մինչև անգամ կաթողիկոսի մոտ չմնաց, թեպետ և կցանկանար ամբողջ ժամերով կանգնել նրա առաջ և Հայրապետի սուրբ խոսքերը լսել... Այդ, արդարև, մի մեծ բախտավորություն կլիներ նրա համար: Բայց նա պարտաճանաչ մարդ էր և գիտեր, որ իրավունք չունի յուր պարտքը զվարճության զոհելու: Այդ պատճառով հենց որ նա Վեհափառի բերած լուրն իմացավ, անմիջապես դեպի զորանոցները դարձավ և առանց մի վայրկյան դանդաղելու` սկսավ ամրոցը պաշտպանելու մասին հարկ եղած կարգադրություններն անել:

Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան: Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակի գալով վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները, — թագուհին և կաթողիկոսը:

Նա զինավորեց բոլոր զորքը, բաժանեց նրանց զանազան խմբերի, որոնցից ոմանք պատնեշների, ոմանք աշտարակների և ոմանք պարիսպների վրա պիտի հսկեին կամ կռվեին: Կազմել տվավ մի քանի կետերում ահագին քարակույտներ, որով պետք է պարիսպների վրա բարձրացած զորքը հարվածեին կամ նրանց սանդուխտները ջախջախեին: Պատրաստեց մեծ քանակությամբ ճարպ, կպրաձյութ և ուրիշ դյուրավառ նյութեր, որոնցով պետք է պաշարողների վրա կրակ թափեին: Միով բանիվ` հոգաց այն ամենը, ինչ որ կարևոր էր հանկարծահաս թշնամուն դիմադրելու կամ ամրոցի սահմաններից նրան հալածելու համար:

Բայց անցավ երկու օր, և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին: Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը: Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները:

Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից: Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան:

«Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա», մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու:

Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ: Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի:

Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն: Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին:

Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին:

Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև` թագավորին օգնելու համար: Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու:

Բայց իշխանի գալստյան լուրը թագուհուն ոչ թե ուրախություն, այլ հուզմունք պատճառեց: Մի քանի օր առաջ նա, արդարև, սպասում էր նրան սրտի անձկությամբ: Նա ժամերով նստում էր Տրդատա հովանոցում և դիտում այն ճանապարհը, որով պիտի վերադառնար իշխան Մարզպետունին: Նա կամենում էր, այո՛, տեսնվել և խոսել նրա հետ ժամ առաջ, կամենում էր բանալ նրան յուր սիրտը և դարման խնդրել նրանից յուր վշտերի համար, որովհետև այդ իշխանի մեջ էր տեսնում արքայական ընտանիքի միակ հավատարմին:

Բայց այժմ, քանի որ Սեդան պատմել էր նրան ամեն բան, քանի որ ինքը գիտեր, թե Մարզպետունին վաղուց ծանոթ է եղել յուր վշտերին և սակայն նրանց մասին ոչինչ չէ հայտնել իրան, այժմ այլևս չէր կամենում հանդիպել նրան իբրև մտերմի: Նա մտածում էր, թե այդ իշխանն էլ անշուշտ ծիծաղել է մի օր յուր միամտության վրա, ինչպես այդ արել են յուր պալատի կանայքն ու նաժիշտները, և այդ միտքը ճնշում, նվաստացնում էր իրան յուր իսկ աչքում:

«Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ` իբրև յուր թագուհո՞ւն... իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն... մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ...», մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին:

Բայց մի՞թե այդ հնարավոր էր: Չէ՞ որ ինքը մինչև այն վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից, չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՛նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք թե՞ հաղթվեցավ: Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում` իբրև թագուհի, մյուսում` իբրև ամուսին...

Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել:

— Թող գան, — ասաց սպասուհուն: Բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ, — չէ՛, չէ՛, թո՛ղ միայն իշխանը ներկայանա, — հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու:

Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգստություն պաշարեց նրան, և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ:

Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթի հղկված հայելուն և տեսավ, թե ինչպե՜ս այլայլվել է ինքը: Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին:

— Ի՞նչ պատահեց ինձ... — հարցրեց նա ինքն իրան և սակայն յուր հարցին պատասխանել չկարողացավ: Նրա մեջ այդ րոպեին զարթել էին երկու հակառակ, իրար դեմ մրցող և իրար ճնշող զգացումներ, դրանք թագուհու պատվասիրությունը և ամուսնու անձնասիրությունն էին: Երկուսն էլ իրավատեր, երկուսն էլ զորավոր... Հարկավ, դրանցից մինը պիտի հաղթանակեր, բայց դեռ մինչև այդ` որչափ հուզմունք, որչա՜փ ալեկոծություն պիտի խռովեին նրա հոգվո ծովը...

«Ի՞նչ լուր կբերե ինձ արդյոք իշխանը...», մտածում էր նա. և այս մտածմունքը թունդ էր հանում նրա սիրտը: Նա կամենում էր, այո՛, լսել, թե թագավորը հաղթեց, թե Ամրամի ապստամբությունը` ճնշվեցավ, թե արքայի զորքերը նորեն Ուտիքն ու Սևորդյաց աշխարհը գրավեցին... Այդ լուրը կգգվեր յուր դշխոյական պատվասիրությունը, որովհետև այդ հաղթությամբ թագավորը կզորանար, նրա անունը կփառավորվեր, հայոց զորքը կքաջալերվեր, թշնամիները հետ կքաշվեին: Այդ հաղթությունը կժողովեր նորեն արքայի շուրջը վհատյալ իշխաններին, սիրտ, հոգի կներշնչեր նրանց, դրանով ոստիկանի դեմ ուժ կկազմվեր, որով նորեն Դվինը կգրավեին, կաթողիկոսարանը կազատեին...

Այս բոլորը ճիշտ էր:

Բայց երբ նա հանկարծ մտաբերում էր, թե ի՛նչ պատճառից է առաջացել Ամրամի ապստամբությունը, երբ մտածում էր, որ թագավորն այս հաղթությամբ ավելի ևս պիտի համառի յուր մոլորության մեջ, և Սևորդյաց երկիրը նորեն գրավելով հաճախ պիտի այցելե Ասպրամ իշխանուհուն, և, հետևապես, բոլորովին թողնե, լքանե իրան... այն ժամանակ ցանկանում, ի սրտե փափագում էր, որ Մարզպետունին հայտնե իրան, թե թագավորը հաղթվեցավ, թե արքայական զորքերը ջարդվեցան, թե Ցլիկ-Ամրամը վերջնականապես տիրապետեց Ուտիքն ու Սևորդյաց ձորը, ուր այլևս Աշոտ Երկաթը չի կարող յուր ոտքը դնել, յուր սիրեցյալ Ասպրամին այցելել...

«Օ՛, գուցե այդ զոհաբերության գնով` ես նորեն գտնեմ իմ անգին կորուստը... գուցե նա մտածե` թե յուր հանցավոր սիրո համար պատժեց իրան աստված, և խղճահարվելով վերադառնա նորեն դեպի ինձ, դեպի յուր ամուսինն ու թագուհին, դեպի այն սիրտը, որ այնքան ջերմագին սիրեց նրան և որ տակավին շնչում է` յուր կորած կեսը նորեն գտնելու հուսով...»:

Այս մտածմունքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան:

Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության:

Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն` ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու:

Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա:

— Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ մեզ համար ուրախ լուր ես բերել, — ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով:

— Ուրախ լո՞ւր... Այո՛, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված...

— Ի՞նչ պիտի գուժես, — հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով:

— Թագավորն ազատված է. պետք է փառք տանք աստծուն:

— Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն:

Ամրամը հաղթանակե՞ց...

— Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք:

— Չեմ հասկանում քեզ:

— Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ: Թագավորը փախչելով ազատվեցավ. իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ:

— Պատմի՛ր ավելի մանրամասնորեն, — հրամայեց թագուհին:

Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան` թե՛ իբրև թագուհու և թե՛ իբրև ամուսնու:

Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից` ասաց.

— Ուրեմն արյուն չթափվեցավ... և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր... ամոթահա՞ր... այնպես չէ՞: Փառք ամենակարող աստծուն, նա դատում է արդարությամբ ...

Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը:

— Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես. մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, — հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված:

— Այո՛, Մարզպետունի՛ իշխան:

— Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և...

— Եվ թագուհուն, այնպես չէ՞. այդ չէի՞ր ուզում ասել:

— Այո՛, մեծափառ տիկին:

— Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության...

Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը... Այդ ժամանակ, Այո՛, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ: Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի:

— Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն, — հարցրեց Մարզպետունին տարակուսելով:

— Դժբախտությո՞ւն... Ո՛չ. ես շատ երջանիկ եմ. այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները... Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ.... Այնպես չէ՞, տեր Մարզպետունի, — հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով:

— Ես... չգիտեմ... մեծափառ տիկին, ինչի մասին է խոսքը:

Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց հետ` մեղմ ձայնով ասաց.

— Ուշ է արդեն, իշխան, մի՛ հոգար այլևս իմ սրտի անդորրության մասին: Ես կարող էի տանել իմ վիշտը, եթե իմանայի, թե նա անհայտ է աշխարհին: Բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է ծանոթացել նրան, ծածկելն այլևս օգուտ չի բերիլ: Դու մի՛ զարմանար, որ քո բերած լուրն ինձ ուրախացրեց: Այդ ուրախությունը խավարող հուսո վերջին ճառագայթն էր, որ փայլեց իմ երեսին, գուցե, վերջին անգամ...

— Հուսո՞... ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը:

— Ինչ հո՞ւյս, լսի՛ր քեզ կասեմ: Մինչև այժմ իմ ամուսնու մեջ ես թագավորն էի որոնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքերով պարծենում... Կարծում էի, թե դրանք են միայն, որ երջանկություն պիտի բերեն ինձ: Բայց այժմ... այժմ տեսնում եմ, թե որքա՜ն խաբված եմ եղել ես, թե ինչպե՜ս հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, գահույքի շուքը, արքայական պերճությունները հատել, ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը. թե ինչպե՜ս այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, համայն աշխարհի մեջ միակ սիրածս Աշոտին... Եվ այժմ, երբ տեսնում եմ, թե բախտը երես է դարձրել նրանից, երբ տեսնում եմ, թե հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է ղրկում նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե հաղթված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ վերջապես իմ կորցրած ամուսնուն, զարթեցնեմ նրա մեջ խիղճը... շունչ տամ, թերևս, նրա մեռած սիրուն...

— Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր... — նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել:

— Օ՛, դու զարմանո՞ւմ ես, ուրեմն, սիրելի իշխան, որ ընդհանուր դժբախտության ժամանակ ես իմ անձն եմ տեսնում և իմ թշվառությունը ողբում: Զարմանո՞ւմ ես, որ թագավորի պարտությամբ հայրենիքին հասանելիք վտանգը ինձ չէ սարսափեցնում. որ անտերության մատնվող ժողովրդի թշվառությունն իմ սիրտը չէ հուզում... Մի՛ զարմանար, անբնական ոչինչ չկա այստեղ: Ես մի սիրտ ունեի, որ նվիրված էր Աշոտ դյուցազնին: Նա այդ սիրտը ջախջախեց` իմ սերը դավաճանելով: Այդ դեպքից հետո ես դարձա անզգա. իմ կրծքի տակ, սրտի փոխարեն, թաքնված է այժմ մի դիակ. միթե կարելի՞ է պահանջել, որ դիակը շնչե, կամ զգա... Ես, Այո՛, սիրում էի իմ ժողովուրդը, սիրում էի իմ հայրենիքը ջերմ, անսահման սիրով. պատրաստ էի զոհել նրան ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի. պատրաստ էի զոհել նրան նույնիսկ իմ կյանքը... Բայց այդ ժամանակ Աշոտն ինձ հետ էր. նրա շունչը բոցավառում էր դեպի հայրենիքն ունեցած իմ սերը. նրա հոգին թևապարում էր իմ շուրջը և մարմնավորում իմ լավագույն մտածությունները... Այժմ նա չկա. Աշոտը մեռավ ինձ համար, և նրա հետ միասին կործանվեց այն աշխարհը, փլեց այն երկինքը, որ ամփոփում էի ես այդ դյուցազնի մեջ... Օ՛, մի՛ մեղադրեք ինձ, մի՛ նախատեք իմ թշվառությունը և մանավանդ թե` խնայեցեք... Ոչինչ, ոչինչ մի՛ պահանջեք մի թշվառ, լքյալ և նվաստացյալ կնոջից...

Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել:

Իշխանը նայում էր ն րան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել:

Երկար լուռ սպասելուց հետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու: Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու. ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել:

— Քո վշտերը, մեծափառ թագուհի, վաղուց հայտնի էին ինձ. բայց դրանց մասին քեզ հետ խոսել չէի համարձակվում, որովհետև ինձ արգելում էին նախ` պատշաճից օրենքը և երկրորդ` այն միտքը, թե խոսելով ոչ մի շահ չպիտի բերեմ իմ տիրուհուն: Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով. իսկ եթե ոչ, լսի՛ր քո ծառայի խոնարհ խորհրդին...

— Ի՞նչ ես կամենում ասել, — հարցրեց թագուհին` թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով:

— Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին. ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը: Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք...

 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.59.28 | Сообщение # 15
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել, — ընդհատեց հանկարծ թագուհին:

— Յուր ընտանիքի գի՞րկը, այո՛:

— Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով, նա ինձ չէ սիրում...

Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն:

— Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն, գուցե... ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից:

— Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի:

— Ինչպե՞ս, արքայի մասին չէ՞ քո խոսքը:

— Այո՛:

— Ուրե՞մն...

— Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք, դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք:

— Ասացիր` արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես...

— Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի, բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ. արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում: Նրա գիրկը պիտի դառնա նա:

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց.

— Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ:

— Ո՛չ:

— Ինչպե՞ս, չասացի՞ր, թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ:

— Այդպես ասացի:

— Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞. Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞:

— Այդպես է, մեծափառ տիկին. բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան, նա քաշվել է Կաքավաբերդ` այստեղից երբեք չելնելու պայմանով:

— Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում:

— Թագավորը հուսահատ է սաստիկ. Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան. «Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ. իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ, թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման»:

— Իշխանները... մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան, — դառնությամբ հարցրեց թագուհին:

— Հապա էլ ո՞վ... Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ...

— Ինչպե՜ս մոռացկոտ ես դու, իշխան. — ընդհատեց թագուհին. — մի՞թե չես հիշում մոտիկ անցյալը: Չէ՞ որ երկու ամիս առաջ ամենքն արդեն արքայի հետ էին: Աբաս տագրս ու Աշոտ սպարապետը հաշտված էին, նախարարները բարեկամ էին. և այդ ընդհանուր միության շնորհիվ էր, որ թագավորը կրկին Դվինն առավ և հագարացիներին այդտեղից հալածեց: Դուք մինչև անգամ հաղթության տոներ կատարեցիք Դվինում: Եվ սակայն Ամրամը հենց այս հաջողության ժամանակ ապստամբեց... Ի՞նչն էր պատճառը:

Մարզպետունին լուռ նայում էր գետնին:

— Դու չե՞ս կամենում պատասխանել. — ես կասեմ. — պատճառն այն էր, որ իմ և քո թագավորը հեռացել էր արդեն առաքինության ճանապարհից, որ նա անխղճաբար կործանել էր յուր և ընկերոջ ընտանիքը, և աստված պատժեց նրան հենց այն ժամանակ, երբ նա կարծում էր, թե ինքն արդեն ամենազոր է և թշնամիներից ապահովված, թե նա կարող է գործել ամեն չարիք և մնալ անպատիժ: Նույնիսկ այն միջոցին, երբ բախտը հաջողեց նրան մայրաքաղաքն այլազգիներից թափելու, նա, փոխանակ աստծուն գոհության պատարագ մատուցանելու, փոխանակ դեպի ծրազգավորս, յուր ընտանիքի գիրկը վերադառնալու, և այս թշվառ, խոցոտյալ սիրտը մի փոքր մխիթարելու, նա դարձյալ դիմում էր դեպի Ուտիք, որպեսզի Դվնո մեջ ունեցած հաջողությանց խրախճանին մասնակից անե Ցլիկ-Ամրամի կնոջը, Սևորդյաց Ասպրամին... Եվ ահա հենց այդտեղ աստուծո ձեռը ծանրացավ նրա վրա. դեռ Ուտիքին չհասած` լսեց, որ Ամրամն ապստամբել է իրանից... Այդ գույժը նրան չվախեցրեց. նրա հպարտ հոգին աստուծո առաջ չխոնարհեց, նա դիմեց եգերացիներին և զենքի ուժով կամեցավ վանել այն արդար ձեռքը, որ պատիժ էր չափում իրան... բայց սխալվեցավ. նա չէր կարող կռվել աստուծո հետ: Եվ այդ էր պատճառը, որ վերջ ի վերջո ընկճվեցավ և ամոթահար փախավ յուր իսկ զորքերի ձեռքից: Այժմ, ասում ես, Կաքավաքար նստած` մեղադրական է կարդում յուր իշխանների դեմ: Բայց իզուր, նա իրավունք չունի մեղադրել ուրիշներին, նա ինքն է թե՛ յուր և թե՛ մեր դժբախտության պատճառը... Եվ անշուշտ ինքն էլ խոստովանում է այդ և, երևի, գուշակում, որ աստված այլևս չպիտի հաջողի յուր ոչ մի ձեռնարկությունը. այդ պատճառով ինքն իրան դատապարտել է անգործության...

— Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին, բայց ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք: Չէ՞ որ երկիրը տագնապի մեջ է:

— Արեք, ինչ որ կարող եք:

— Կանենք, բայց դու մեզ պիտի օգնես:

— Ե՞ս:

— Այո՛, մեծափառ թագուհի:

— Ի՞նչ կարող եմ անել: Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի՛ պահանջեք ինձանից:

— Իսկ ես միայնակ կարո՞ղ եմ գործել: Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում. Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում. Աբաս արքաեղբայրը Քաշվել է Երազգավորս. Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները. Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին. դու էլ ահա՛ հրաժարվում ես գործակցությունից, իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ... էլ ի՞նչ ունինք մտածելու, կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ:

Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ:

— Ի՞նչ է իմ անելիքն, իշխան, — հարցրեց նա ճնշված ձայնով:

— Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ:

— Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող: Ասա՛ պարզ` ի՞նչ է իմ անելիքը:

— Ես վերադարձել եմ այստեղ Գարդմանա բերդակալ Վահրամ սեպուհի հետ: Մեզ հավատարիմ մնացող իշխանների մեջ դա ամենից անձնվերն է. աչքի առաջ ունենալով մեր արդի ճգնաժամը, մենք որոշեցինք սեպուհի հետ միասին դիմել ամրոցաբնակ իշխաններին և ամեն մեկից մի կամ երկու գունդ զորք առնելով` բանակ կազմել և դաշտն իջնել: Ինչպես գիտես, բերդերի մեջ եղողներն ապահով են թշնամու հարձակումից, բայց անամրոց քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան, երկրի ժողովուրդը գտնվում է ուղղակի մերկ սրի առաջ. պետք է շտապել օգնության հասնելու նրան:

— Ես չեմ խանգարում ձեզ. գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը:

— Աստված կօրհնե. նա մեզ կաջակցե. բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից:

— Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ:

— Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրությունը յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ:

— Թշնամու զորությունը մեծ է. նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել:

— Նա այդ չի կարող անել, մենք թույլ չենք տալ նրան, — պատասխանեց իշխանը վստահաբար:

Թագուհին լռեց և սկսավ մտածել. «Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ»:

Մի քանի վայրկյանից հետ նա հարցրեց.

— Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու:

— Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից...

— Իսկ եթե նրանք մերժե՞ն:

— Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակիլ:

— Ես չեմ մերժում, դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին, — վճռաբար պատասխանեց թագուհին:

Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան:

Ապա իրավունք խնդրելով` հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ: Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել:

Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով` հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան:

— Թո՛ղ շնորհ բերե, — ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց. — անշուշտ Վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով:

— Անշուշտ, — հարեց Վահրամ սեպուհը:

Բայց Մարզպետունին չպատասխանեց: Նա նկատել էր, որ սպասուհին ներս մտավ դահլիճ այլայլված դեմքով և այդպես էլ դուրս գնաց: Երևի կաթողիկոսը գալիս էր հայտնելու մի տխուր նորություն, որ հայտնի էր արդեն դրսում եղողներին: Նա սկսավ անհանգստանալ: Բայց այդ անհանգստությունը ոչ թե յուր, այլ թագուհու համար էր: Նա վախենում էր, թե միգուցե Վեհափառը հայտնե տիկնոջը այնպիսի մի նորություն, որ իսկապես պիտի ծածկվեր նրանից:

— Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել Հայրապետին, — ասաց Գևորգ իշխանը` տեղից վեր կենալով: Նա կամենում էր շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ:

— Ընդառաջեցեք, — ասաց թագուհին:

Բայց հազիվ թե իշխանն ու սեպուհը հասան դահլճի դռանը, և ահա՛ ներս մտան Վեհափառի գավազանակիրը, ավագ, սարկավագները, ապա ինքը` կաթողիկոսը, Դռան եպիսկոպոս Սահակը և մի քանի ուրիշ վարդապետներ: Դրանց հետ միասին գալիս էր և մի անապատական` դեմքն ու ձեռները արյունոտ, վիրակապերով փաթաթած և վեղարն ու քուրձը պատառոտած: Նրա տխուր, գունաթափ դեմքը ծանր տպավորություն էր անում տեսնողի վրա:

— Այս ի՞նչ է, — բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելել:

— Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե, — արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը:

— Այդ ի՞նչ է, — առաջ գալով բացականչեց թագուհին:

— Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են: Միայն սրան` այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե, — խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա:

— Ինչպե՞ս պատահեց այդ. ինչո՞ւ ոստիկանը բերդերը թողած` Այրիվանքի վրա է հարձակվում, — շտապավ հարցրեց Մարզպետունին:

Կաթողիկոսը չպատասխանեց, նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան:

— Ինչպե՞ս պատահեց այդ — բոլորը, պատմիր, — դիմեց թագուհին վիրավոր անապատականին:

— Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը, — հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով:

Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխուժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին:

Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին` հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան` հեռացնել դահլճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից:

Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը:

Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից` հետևյալը խոսեց.

— Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու: Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար: Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն «դնել սանձինս ի վերայ ոչխարաց...»: Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ... Այս բոլորը լավ. բայց մենք ի՞նչ ենք անում. մե՛նք, ժողովրդյան առաջնորդներս. մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք:

Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն, նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա:

— Մենք ոչինչ չենք անում,-շարունակեց նա եռանդով. — կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը: Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան կամ ավելի ճիշտն ասած, մատնել նրան թշնամու սրին... Ա՞յս է արդյոք առաջնորդի իրավունքը:

Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա:

Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը` շտապով հարցրեց.

— Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքին:

— Ուր է թագավո՞րը, — վրդովված բացականչեց Մարզպետունին. — կասեմ, թե ուր է նա: Թագավորը յուր իշխաններից թողված, ապստամբներից հալածված` նստած է Կաքավաքար: Նա այնտեղից դուրս չի գալ, նա է՛լ սուր չի մերկացնիլ, էլ դրոշ չի բարձրացնիլ. հուսահատությունն ընկճել, խոնարհել է նրան... Բայց ո՞ւր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը...

— Իշխան... տեսնում ես, որ նա քո առջևդ է... — ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը:

— Իմ առջև, այստե՛ղ, Գառնիում. այնպես չէ՞... Բայց ինչո՞ւ համար...

— Ո՞ւր կկամենայիր, որ նա լիներ:

— Դվինում, մեր կաթողիկոսարանում:

— Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը. նա կամենում է ինձ սպանել:

— Նա հետևում է քեզ միայն այն պատճառով, որ դու խույս ես տալիս նրա երեսից: Նա քեզ չէր վնասիլ, եթե դու փառոք նստած լինեիր հայրապետական գահի վրա, և, մինչև անգամ, միջնորդ հանդիսանայիր նրա և հալածվող ժողովրդի մեջ: Քո երկչոտ փախուստով դու գրգռել ես նրա զայրույթը և ստիպել, որ նա բարկության թույնը թափե անպաշտպան անապատականների վրա:

— Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց:

— Աստվա՞ծ, — զարմացած հարցրեց իշխանը:

— Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն. այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան:

— Այո՛, իշխան, աստված հրամայեց, — խոսեց Դռան եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը:

Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց.

— Հավատում եմ այդ հրաշքին և խոնարհում աստուծո զորության առաջ: Բայց դուք էլ պիտի հավատաք, որ եթե աստված այսպիսի օրում խնայում է առաջնորդի կյանքը, խնայում է միայն նրա համար, որ այդ կյանքը նա գործ դնե ժողովրդի օգտին: Իսրայելացի մանկանց ընդհանուր կոտորածի ժամանակ նա Նեղոսի ալիքներից հրաշքով ազատեց մանուկ Մովսեսին և պատսպարեց նրան փարավոնի պալատում միայն նրա համար, որ վերջը նա եգիպտացոց գերությունից յուր ժողովուրդը փրկե: Այսպե՞ս է թե ոչ:

— Այդպես է, իշխան, — պատասխանեց կաթողիկոսը, — բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց. և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց, իսկ ես չունիմ այդ շնորհը, չեմ կարող հրաշք գործել:

— Կարող ես, Վեհափառ տեր. Մովսեսը գավազանը օձ էր շինում, դու էլ նույնը կանես: Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել: Թո՛ղ այսօրվանից Գառնին և դարձիր Երազգավորս, իջի՛ր Բագարան, անցի՛ր Աղձնյաց ու Մոկաց երկիրները, մտի՛ր Վասպուրական. խոսիր Աբասի, Աշոտի, Արծրունի եղբարց և այլ իշխանների հետ, խրատիր ու հորդորիր նրանց. համոզիր, որ առնեն իրանց զորքերը և գան հավաքվին արքայի դրոշակի տակ, կռվեն միասնական ուժով և վանեն թշնամուն երկրի երեսից, փրկեն ժողովուրդը վերահաս վտանգից. այդպիսով նրանք ուժ կտան արքային և ուժ կառնեն իրանք. կհալածեն մեջտեղից բաժանման ոգին և ընդհանուր հայրենիքը պաշտպանելով` կպաշտպանեն նաև իրանց երկիրները, հայրենի կալվածները, տունն ու ընտանիքը...

— Բանավոր է իշխանի խորհուրդները, Վեհափառ տեր, — ասաց Սահակ սրբազանը:

— Եվ անհրաժեշտ` հետևել անմիջապես այդ խորհրդին, — հարեց թագուհին:

Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած:

— Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից, — խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով:

— Թող Վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ «արյուն ձեր ի գլուխ ձեր» ասելով կհեռանա, — նկատեց Մարզպետունին:

— Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղնձյաց երկիրը, — պատճառաբանեց կաթողիկոսը:

Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխուժով բացականչեց.

— Ես կընկերակցեմ քեզ, Վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով. ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա:

Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց.

— Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի, միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ: Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան:

— Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, Վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը, — ասաց Մարզպետունին: -Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել` զոհաբերության ի՛նչ գնով ուզում է լինի:

— Կաշխատեմ, — ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ: Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը:

— Բնավ հույս չունհմ Վեհափառի վրա, — ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ:

— Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ, — պատասխանեց թագուհին. — նա արդեն զգում է, որ Դվինից հեռանալով` դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ:

Բայց կաթողիկոսը, որ վիրավոր վարդապետին բերել էր թագուհու և իշխանների մոտ` իրական փաստով ապացուցանելու համար, թե ի՛նչ մեծ վտանգից է փախել ու ազատվել ինքը, շատ տխրեց, երբ տեսավ, թե հակառակ կերպարանք առավ գործը: Նա կամենում էր Այրիվանքի սրածությունը առիթ առնելով յուր փախուստն արդարացնել, այլև, յուր Գառնիում մնալն ապահովել, այժմ ընդհակառակը, նոր պաշտոն էին հանձնում իրան և ուղարկում, համարյա, թշնամու հանդեպ: Չէ՞ որ յուր ուղևորության միջոցին հագարացիք կպատահեին նրան մի որևէ տեղ և կձերբակալեին: Ի՜նչ կարող էր անել այդ բանի դեմ Վահրամ սեպուհը յուր մի խումբ վանանդացիներով: Հարկավ` ոչինչ: Կաթողիկոսը ձերբակալելուց ետ` կաթողիկոսարանն էլ կգրավվեր: Այնուհետև ամեն ինչ կկորչեր անդարձ:

Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան: Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ:

Ոչ ոք չընդդիմացավ Վեհափառի կամքին, որովհետև արևի խավարման հայտնի հրաշքը տեսնելուց հետ, նրա ցանկությունները երկնքից ներշնչված էին համարում: Բայց որովհետև հիշյալ առաջարկությունը մերժելով` նա այլևս չէր կարող մնալ Գառնիում, ուստի որոշվեցավ, որ Վեհափառը հեռանա Սևան, ուր անապատականների մեծ միաբանություն կար: Այդտեղ նա կլիներ յուր հոգևոր զինվորների հետ. նրան այլևս չէին բամբասել: Բացի այդ, Սևանը ուներ անառիկ բերդ և ջրապարփակ լինելու պատճառով` անմատչելի էր թշնամիներին:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան: Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց: Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ.

— Դու որ այդքան հոգում ես քո անձի համար, — ասաց նա կաթողիկոսին, — կփրկես միայն քեզ: Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինեն նրան պաշտպանել:

— Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար, — ասաց կաթողիկոսը:

— Չէ՛, Վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի` բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը: Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից:

Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց:

Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ:

Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառ նի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ: Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում, ուստի ի՛նչ կերպ էլ որ լիներ` նա պետք է գլուխ բերեր այդ գործը: Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու:

— Այժմ մենք պետք է մեզ վրա դնենք մեր հույսը, — ասաց նա յուր խորհրդակիցներին և որոշեց, որ թագուհին առաջվա նման մնա Գառնիում, որպեսզի արքունական տունը գոնե համարվի Ոստանում: Այդ անհրաժեշտ էր միության գործի համար: Որովհետև եթե իշխաններն իմանային, թե Ոստանը, որ երկրի սիրտն էր, ամբողջապես գտնվում է հագարացոց ձեռքում, այն ժամանակ հազիվ թե համաձայնվեին միանալ նրանց դեմ:

Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին` որ ինքը դիմեր Աթաս արքաեղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը` Աղձնյաց ու Մոկաց իշխաններին: Դրանց համաձայնությունն առնելուց հետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին:

Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան Գառնիից Մարզպ ետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմբով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը:

Գ

ՄԻ ԴԱԼԱՐ ԲՈՂԲՈՋ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՄՈՏ

Մարզպետունի իշխանի հեռան ալուց հետո թագուհու վրա մի տարօրինակ անտարբերություն եկավ: Նա, որ մինչև այն աչալրջությամբ հսկում էր ամրոցի պահպանության, անձամբ այցելում էր պահականոցները, ներկա էր լինում զորականի վարժությանց կամ թե դիտում էր պաշտպանության պատրաստությունները, հանկարծ հեռացավ, քաշվեցավ այդ բոլորից և է՛լ ուշադրություն չէր դարձնում ոչ մի բանի վրա:

Բնակակից իշխանուհիները զարմանալով հարցնում էին իրար, թե «ի՞նչ է պատահել արդյոք թագուհուն»:

Եվ նրանք իրավունք ունեին զարմանալու, որովհետև այդ կինը, որ այնքան շատ հոգում էր թե՛ յուր և թե՛ ամրոցականների ապահովության համար դեռ այն ժամանակ, երբ ո՛չ մի տեղից վտանգ չէր սպառնում երկրին կամ երբ թագավորը դեռ չէր հանդիպել ձախորդության, ինչո՞ւ ընդհակառակն, անուշադիր էր թողել ամրոցը այն միջոցին, երբ ոստիկանն արդեն նստած էր Դվինում և ամեն վայրկյան կարող էր հարձակվել յուր վրա:

Պատճառը պարզ էր: Հուսահատությունն ընկճել էր նրա կանացի հոգին:

Մինչև այն, որքան էլ ծանր վշտերի մեջ, նա դարձյալ հոգում էր յուր և շրջապատողների վիճակի մասին, որովհետև նա սպասում էր արքայի վերադարձին, որովհետև հույս ուներ, թե գուցե Ամրամի ապստամբությունը մի նոր և յուր համար շահավոր փոփոխություն առաջ բերե թագավորի մեջ... Բայց Մարզպետունու բերած լուրերը նրա հույսերը փշրեցին: Մանավանդ թագավորի Կաքավաքար քաշվիլը և երկիրը բախտի կամքին թողնելը նրան ավելի վհատեցրեց: Եթե Աշոտ-Երկաթը հուսահատվում ու հեռանում էր, ո՞վ էր ինքը, որ համարձակվեր ավելի երկար տոկալու: Նա նմանվում էր այժմ մի խեղդվող մարդու, որ ալիքների հետ երկար կռվելուց ու ոգորելուց հոգնած, հանձնում է իրան վերջապես հոսանքի կամքին...

Ճշմարիտ է, Մարզպետունու` Գառնիում եղած ժամանակ նա համակերպվեց նրա խորհրդներին, ցանկություն հայտնեց գործակցել նրան, բայց այդ ամենը նա արավ առանց ինքն իրան հաշիվ տալու, առանց մի ներքին բնական եռանդից առաջ մղվելու: Կյանքը նրա աչքում կորցրել էր արդեն յուր նշանակությունը, նա նրան այլևս չէր հրապուրում. էլ ինչո՞ւ ուրեմն նոր հոգսերի ենթարկվեր, նոր ցավերով բեռնավորվեր: Թող կատարվի, ինչ որ կատարվելու է, ինչ որ նախասահմանված է... Մարդկային ձեռը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենականի ձեռքը...

Այսպես էր մտածում թագուհին և մի տեսակ թմրության անձնատուր եղած` փակվում օրերով դղյակի սենյակներում և կամ միայնակ զբոսնում Տրդատա հովանոցում:

Մյուս կողմից, սակայն, Մուշեղ բերդակալն ու Գոռ իշխանիկը ծանր հոգսերի մեջ էին. պատրաստություններ էին տեսնում ապագա հարձակմանց դիմադրելու համար, ավելացնում էին ամրոցի պաշտպանության պարագաները և ամբողջ օրերով աշխատեցնում էին զորքը:

Այդ ամենը տեսնում էր թագունին, նայում էր այդ աշխատությանց վրա սառն, անտարբեր աչքով և երբեմն հարցնում ինքն իրան, թե «ինչո՞ւ համար է այս ամենը. ինչո՞ւ մարդիկ կամենում են երկար ապրել, քանի՞ օր կարող են նրանք բախտավոր լինել իրանց կյանքում... և միթե վերջ ի վերջո չպիտի՞ մեռնին»:

Մի լուսընկա երեկո, երբ թագուհին Տրդատա հովանոցում, յուր սովորական բազմոցի վրա նստած` հենց այսպիսի մտքերով էր զբաղված, հանկարծ հովանոցի աստիճանների մոտից անցնողի մի շշուկ յուր ուշադրությունը գրավեց: Նա բարձրացավ բազմոցից և նայեց դեպի վար:

Այնտեղից մի նեղ կածան, որ փորված էր ժայռերի մեջ, իջնում էր դեպի մի փոքրիկ, տափարակ գահավանդ, որ տարվա մեծ մասը ծածկված էր լինում կանաչով: Նրա շուրջը գտնվում էին հինավուրց ուռենիներ, որոնք արևի ժամանակ գեղեցիկ հովանի էին անում նրա վրա. իսկ գահավանդի կողքից բխում էր մի վճիտ աղբյուր, որ հեզասահ ոռոգում էր ուռենիները և ապա քաղցրակարկաչ դեպի ժայռերը գահավիժելով` թափվում էր խորաձորում շառաչող Ազատի մեջ: Այդ գահավանդակը յուր գեղեցիկ դիրքի պատճառով վաղուց արժանացել էր հոգածու ձեռքերի խնամքին: Ո՛վ գիտե, գուցե հենց հովանոցի անդրանիկ տիրուհու` հայոց թագածին օրիորդ Խոսրովդուխտի հրամանով հարդարված էր նա իբրև զբոսանոց ճեմարան: Գուցե նա ինքն այդտեղ անցուցել էր մենավոր մտածությանց ժամեր, կուսական նվիրական հափշտակության վայրկյաններ կամ, թերևս, չարաբաստիկ սիրո տանջանաց օրեր... սիրո, որ դատապարտեց նրան հավերժական կուսության...

Ինքը` Սահականույշ թագուհին, սիրում էր հաճախ նստել այդտեղ և զրույց անել իշխանուհիների հետ կամ վայելել երբեմն մի բացօթյա նախաճաշ:

Անցնող անձը, հովանոցի ստորոտը քերելով, խոտորեց դեպի այդ գահավանդակը տանող ուղին: Թագուհին զարմացավ` տեսնելով, որ դա մի նորատի աղջիկ է, անշուշտ դղյակի բնակչուհիներից մինը և այն` իշխանազուն օրիորդ, որովհետև ծածկած էր մետաքսյա շղարշ և գլխին ուներ ասեղնագործ հյուսկեն, որի ծակոտիներից երևում էր լուսնի առաջ փայլող նրա ոսկե ծամակալը: Բայց ո՞վ էր նա իսկապես և ինչո՞ւ միայնակ դեպի ժայռերի գահավանդն էր առաջանում, թագուհին չիմացավ, որովհետև նա անցավ ինչպես այծյամ, և ինքը նրա դեմքը չնշմարեց:

«Միգուցե գաղտնի վշտերից տանջվող թշվառի մեկն է, որ գնում է իրան դեպի քարաձորը գահավիժելու. անշուշտ ե՛ս չեմ աշխարհում միակ թշվառը...», մտածեց ինքն իրան թագուհին և առաջացավ դեպի հովանոցի աստիճանները: Նա կամեցավ նախ կանչել սպասուհիներին, որոնք հովանոցից հեռու սպասում էին յուր հրամանին, և ուղարկել նրանց հեռացողի ետևից. բայց մեկ մտածելով, թե գուցե այդպիսով շտապեցնե վտանգը, որոշեց անձամբ հետևել անցնողին: Նա շտապ-շտապ իջավ սանդուղքներից և կամացուկ քայլերով ուղղվեցավ դեպի ժայռերի գահավանդակը:

Չնայելով որ աշնանավերջ էր, սակայն օրը մեղմ ու տաքուկ լինելով, ախորժելի էր կացուցել երեկոն: Երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը պայծառ շողերով լուսավորում էր Գեղա լանջերը և Գառնո ձորը, թույլ չտալով, որ սեպացած ժայռերն ու ամբարտակները թաքցնեն ստվերի մեջ Ազատի հոսանքը; Գիշերային տեսարանը գեղեցիկ էր և հրապուրիչ. բայց թագուհին չէր հետաքրքրվում նրանով: Այդ րոպեին իրան զբաղեցնողը խորհրդավոր երիտասարդուհին էր, որ ստվերի նման անցավ ժայռերի վրայից և ծածկվեց մթության մեջ:

Հազիվ հասել էր թագուհին նրբուհու կեսը և ահա՛ մի խոսակցության շշուկ հասավ յուր ականջին:

«Ուրեմն ժայռերից գահավի ժելու չէր գնում անծանոթուհին», մտածեց թագուհին և քայլերը ծանրացրեց: Պարզ էր, որ գաղտնի մի ժամադրության պիտի հանդիսատես լիներ ինքը: «Բայց հառաջանա՞լ, թե վերադառնալ», մտածեց նա և կանգ առավ մի վայրկյան:

«Տեսնենք ովքե՞ր են և ի՛նչ են խոսում», շշնջաց թագուհու ականջին «կնոջ հետաքրքրությունը» և նա առաջ անցավ: Բայց յուր քայլերը փոխում էր այնպես, որ խոսակիցները ոչինչ չլսեն և մանավանդ, թե իրան չնշմարեն:

Երբ հասավ հաստաբուն ուռենուն, որի խիտ ճյուղերը ծածկում էին իրան գահավանդակի խոսակիցներից, նստավ նա ժայռի վրա:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ խոսակիցների մեջ նա ճանաչեց երիտասարդ Գոռ իշխանին և օրիորդ Շահանդուխտին:

Նրանք սիրում էին միմյանց. այդ գիտեր թագուհին, գիտեին և դղյակի մյուս բնակիչները: Բայց որ մենավոր ճեմանոցում ժամադիր լինեին կամ թաքուն տեսակցեին, այդպիսի բան չէր սպասում նրանցից թագուհին:

Այդ հանգամանքը ա՛յն աստիճան գրգռեց տիկնոջ հետաքրքրությունը, որ նա որոշեց ականջել նրանց:

«Երևի կարևոր գաղտնիք ունեին միմյանց հաղորդելու», մտածեց թագուհին և լսողությունը լարեց:

Բայց մենք թողնենք նրան յուր ժայռի վրա և ծանոթանանք օրիորդ Շահանդուխտի հետ:

Ո՞վ էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում:

Դա արքայի հորաքեռ թոռը, Սյունյաց մեծ իշխան Վասակի դուստրն էր, որ հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում:

Մի քանի տարի առաջ ամիրապետը Յուսուփ ոստիկանին կալանավորելով` վերակացու էր կարգել յուր մասի հայկական գավառներում Ըսբուք անունով մեկին, որ յուր նախորդներից ավելի թույլ և խաղաղասեր մարդ էր:

Դրա ժամանակ դեռևս Սյունյաց Նահանգի Գողթն գավառը յուր Երնջակ ամրոցով գտնվում էր մի պա րսիկ ամիրայի ձեռքում: Յուսուփ ոստիկանը Սմբատ թագավորին նահատակելուց հետ` Երնջակ ամրոցը գրավելով հանձնել էր այդ ամիրային` Գողթան գավառի հետ միասին:

Արդ` երբ Յուսուփի տեղ Ըսբուքը նշանակվեցավ, Սյունյաց իշխանները հարմար ժամանակ գտան հայրենի կալվածքը ամիրայի ձեռքից ազատելու: Ուստի բոլոր չորս եղբայրները` Վասակ, Սահակ, Սմբատ և Բաբգեն միանալով զորք ժողովեցին և հարձակվեցան ամիրայի վրա: Պատերազմի ժամանակ սյունեցի զորքերը ջարդեցին հագարացիներին: Բայց Վասակ իշխանի հետ եղող սկյութացի զինվորները, որոնք իբր հայերին օգնելու էին եկած, բայց իսկապես կաշառված էին ամիրայից, ետևից զարկելով սպանեցին իշխանին, որ կռվում էր աննահանջ:

Երեք եղբայրները թողեցին իսկույն ճակատը և քաջ ու աննման եղբոր մարմինն առնելով Գեղարքունիք դարձան և մեծ սուգ արին նր ա վրա:

Լսեցին այդ գույժը Աշոտ թագավորը ու Սահականույշ թագուհին և լացին դառնապես:

Բայց ինքն արքան, որ իշխանի կենդանության ժամանակ անիրավաբար բանտարկել էր նրան Կայյան բերդում, ծանր վշտից զատ տանջվեցավ նաև խղճից: Նա հիշեց Վասակ իշխանի արած բարիքները, յուր և Աշոտ բռնավորի մեջ հաշտություն ստեղծելը, արքայական գահին ցուցած ծառայությունները և ի վերջո յուր նրան փոխարինած ապերախտությունը և վշտացավ: Նա որոշեց քավել մի բանով յուր հանցանքը: Եվ այդ որոշման արդյունքն եղավ այն, որ նա որդեգրեց նրա դուստր Շահանդուխտը, որին և յուր մոր` Մարիամ իշխանուհու հետ միասին առավ յուր խնամոց ներքո:

Այնուհետև օրիորդը ապրում էր արքունիքում իբր արքայադուստր. նրան սիրում և փայփայում էին ինչպես մի հարազատ զավակի թե՛ թագավորը և թե՛ թագուհին: Նրան սիրում էին նույնպես իշխանուհիները:

Բայց այդ բոլոր սիրողների մեջ մինը պաշտում էր նրան:

Այդ Գևորգ Մարզապետունու որդին` Գոռ իշխանիկն էր:

Ինչպե՞ս սկսվեցավ նրանց սերը, այդ ոչ ոք չգիտեր և նույնիսկ, իրանք չգիտեին: Գոռը առաջին անգամ պատահեց այդ սևաչյա, գանգրահեր, գեղեցկադեմ և աշխույժ աղջկան Երազգավորսի արքունիքում, երբ դեռ նոր էին բերել նրան Սյունիքից, և սիրեց նրան, բայց սիրեց ինչպես մի քրոջ և առաջին անգամից էլ քույր անվանեց նրան: Շահանդուխտը, որ եղբայր չուներ, հաճությամբ լսեց այդ քաղցր անունը և Մարզպետունյաց միամոր ժառանգ, գեղահասակ, գեղեցկադեմ և գեղաչյա Գոռին եղբայր ընդունեց իրան: Այնուհետև նրանք քույր և եղբայր էին և երկուսը միասին կազմում էին արքունիքի զարդը:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 15.03.59 | Сообщение # 16
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Բայց որքան էլ սկզբնական այդ սերը անմեղ էր ու մանկական, այսուամենայնիվ արքունիքում գուշակում էին, որ մի օր նրանք «քույր» և «եղբայր» անուններից ավելի գողտր ու անուշ անուն պիտի տան միմյանց: Այդ գուշակությունը ուրախացնում էր նրանց մայրերին, որովհետև ո՛չ Գոհար իշխանուհին կարող էր ավելի լավ հարսնացու ընտրել յուր Գոռի համար ե ո՛չ Սյունյաց տիկինը` լավագույն փեսա յուր դստեր համար:

Բայց և այնպես մայրերից ոչ մինը չէր ցանկանում, որ այդ խանդը վառվեր նրանց սրտում պատշաճավոր տարիքին հասնելուց առաջ: Գևորգ իշխանը, մանավանդ, շատ խիստ էր այդ մասում. նա պահանջում էր, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ` լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա, հետևապես և օրինավոր մարդ: Այդ պատճառով, բացի խիստ կրթությունից, որ տվել էր որդուն, նա աշխատեցնում էր նրան ծանր գործերի մեջ, ընկերացնում էր շատ անգամ հասարակ զինվորներին, իսկ յուր բացակայության միջոցին` հանձնում էր նրան կշիռ ունեցող պաշտոն, որպեսզի որդին չվարժվի անգործության, որ մայր է ամեն չարյաց:

Գոռը կատարում էր իրան հանձնված ամեն մի պաշտոն արիությամբ, առանց տրտնջալու: Նա հնազանդում էր հոր հրամանին` ինչպես յուր աստուծո ձայնին: Հետևապես նա պարապ չէր մնում երբեք:

Բայց և այնպես այդ բոլորն արգելք չեղավ երիտասարդ սրտերին մոտենալու և մտերմանալու միմյանց այնքան, որ չիմանային, թե իրանք ստեղծված են իրար պաշտելու համար: Վաղուց նրանց հայացքները դադարել էին «եղբոր ու քրոջ» հայացքներ լինելուց. վաղուց նրանց աչքերում ցոլանում էին սիրո այն կայծերը, որոնք այրում, տոչորում են սրտի թաքուն խորշերը... Սակայն արքունիքում դեռ չէին նշմարում այդ:

Բայց երբ ձախողակ հանգամանքների շնորհիվ արքայական ընտանիքը տեղափոխվեց Գառնի և Գևորգ իշխանը գնաց դեպի Ուտիք, երիտասարդ զույգի ազատության համար բացվեց լայն ասպարեզ, և նրանց հարաբերության պայմանները դյուրացան: Նրանք երկուսն էլ ապրում էին այժմ դղյակում և տեսակցում ավելի հաճախ: Չնայելով, որ Գոռը օրվա մեծ մասը գտնվում էր աշխատությանց մեջ, բայց և այնպես նա չէր զրկում իրան և այն այցելություններից, որոնք միջոց էին տալիս իրան յուր սիրուհին տեսնելու կամ գեթ նրա հետ մի լուռ հայացք փոխանակելու: Շատ անգամ նա այցելում էր թագուհուն կամ Սյունյաց տիկնոջը առանց կարևոր պատճառի: Նրա նպատակն էր լինում պատահել Շահանդուխտին մեկի կամ մյուսի մոտ և երբ այդ չէր հաջողում իրան, նա սաստիկ տխրում էր, չկարողանալով հաղորդ անել նրանց յուր ներքին զգացմունքներին:

Այդ ամենը տեսնում էր թագուհին և լուռ զվարճանում: Երբեմն նա կատակով հիշեցնում էր երիտասարդին Շահանդուխտի անունը: Գոռը շառագունում և գլուխը կախում էր, ինչպես մի ամոթխած աղջիկ: Նա չէր համարձակվում հայտնի կերպով յուր սերը խոստովանել, որովհետև այդ սերը ուրիշ բնավորություն ուներ այժմ, և իրան թվում էր, թե այլևս իրավունք չունի նրա մասին խոսելու:

Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը: Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և չլսել նրանց:

Բայց ի՞նչ էին խոսում ժամադիր սիրահարները:

— Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ, — ասում էր Գոռին Շահանդուխտը. — առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ:

— Երկյո՞ւղ. ինչո՞ւ համար, մի՞թե հանցանք գործեցիր:

— Անշո՜ւշտ. չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան: Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր-թագուհին ինձ չտեսնե:

— Թագուհի՞ն, մի՞թե նա հովանոցումն էր:

— Այո՛. նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ... Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գո՛ռ, սիրտս ճմլվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան:

— Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի և այդ վիշտը ծածկում են մեզանից:

— Ծածկո՞ւմ են. ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնագույն լինել. քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը...

— Անշուշտ չկա դառնագույնը:

— Եվ չի կարող լինել. այդ ամենից սարսափելին է:

«Չի կարող լինե՞լ... Օ՛, ինչպե՜ս անմեղ, ինչպես երջանիկ եք դուք, սիրասուն զավակներ, երանի՜ թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այդ դառնությունը չճաշակեք...», շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր:

— Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ, — շարունակեց Գոռը, — աշխարհի ամենամեծ փառքերը չէին — կարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում: Բայց եթե այդ շնորհն ինձ անելու պատճառով քո սիրտն անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ:

— Չհանդիպե՞լ... մի՞թե կարող էի. մի՞թե համբերություն կունենայի... Այն օրից ի վեր, որ դու պահականոցներից հեռացել և աշխատում ես կրճերում, ես գրեթե այլևս չեմ տեսնում քեզ: Դու առավոտը վաղ հեռանում ես դղյակից, ամբողջ օրը հոգնում ու վաստակում ես դրսում և երեկոյան ուշ վերադառնալով` հազիվ խոնջացած մարմնիդ հանգիստ ես տալիս: Էլ ե՞րբ և ո՞ւր տեսնեմ քեզ...

Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և ժամերով կանգնած նայում եմ կրճերին, ուր զորականի հետ միասին աշխատում ես դու: Լարում եմ տեսությանս ուժը, աշխատում եմ քեզ տեսնել... սակայն հազիվ նշմարում եմ քո սաղավարտի ցցունքը և արծաթե Գարդմանակը, որ փայլում է արևի առաջ: Օ՛, ինչպես այդ վայրկենին կամենում եմ ես թռչել դեպի քեզ. կամենում եմ գալ և նայել միայն քեզ վրա կամ... սրբել իմ ձեռքով քո քրտնաթոր ճակատը... Եվ սակայն թռչում է միայն հոգիս, որ չի կարողանում բերել քեզ իմ սիրտը, նա մնում է աշտարակի մեջ փակված, ինչպես վանդակի թռչնիկը, որին թույլ չեն տալիս օդի մեջ ճախրելու... Դժվար դրություն է այս, Գո՛ռ, այնպես չէ՞. խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում...

— Խոսիր դու, իմ աննման Շահանդուխտ. խոսի՛ր միայն դու. քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սոխակի առավոտյան մեղեդին...

— Այո՛, ես այլևս չկարողացա համբերել. տեսա, որ եթե բախտի կամքին հանձնվեմ, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս հանդուգն քայլն անել... Օ՛, ների՛ր ինձ, Գո՛ռ, եթե մեղանչեցի ես համեստության դեմ... չգիտես, թե որքա՜ն շատ տանջվել եմ ես:

— Ներե՞լ, մի՞թե հանցանք է սիրելը. դու հնազանդել ես քո սրտին:

— Այո՛, իմ սրտին: Ահա՛, մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով` բարձրանում ես ժայռերը և այս գահավանդակից անցնելով` քերում մեր աշտարակի ստորոտը... Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում. պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ...

— Տեսնում ես, որ հայացքս վեր սևեռած` անցնում եմ համրաքայլ...

— Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել: Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է... Եվ ահա՛ այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա. որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին:

— Իսկ դղյակի սպասուհինե՞րը...

— Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա:

— Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ. այստե՞ղ... մենա՞կ... Օ, որքա՜ն բարի, որքան սիրելի ես դու...

Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան` ասաց ժպտալով.

— Ո՛չ, սիրեցյալդ իմ Գոռ, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին...

— Շահանդո՛ւխտ...

— Այո՛, մենք մենակ ենք. դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ:

— Օ՛, ինչպե՜ս խիստ, ինչպե՛ս ահավոր ես դու:

— Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում... Ես իսկույն պիտի վերադառնամ:

— Ա՛խ, ինչպե՛ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին...

— Այո՛, միայն մի խոսք... Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն... որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել...

— Միայն ա՞յդ:

— Այո՛, միայն այս. և այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ...

— Մինչև որ ի՞նչ...

— Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես և կվերադառնաս դղյակ:

— Օ՛, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ...

— Քանի որ ի՞նչ:

— Քանի որ Շահանդուխտը գտնվում է Գառնո ամրոցում:

— Ի՞նչ կնշանակե այդ:

— Այդ կնշանակե ա՛յն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար:

— Ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցո՞ւմ:

— Ոչ. այս բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի, բայց քեզ համա՛ր... ի՞նչ ասեմ...

— Խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում:

— Այո՛, իմ անգին օրիորդ, եթե թշնամու հրոսակները Գառնին շրջապատելով` ոչ մի կռվան չգտնեն ժայռերի վրա բարձրանալու, եթե նրանց սանդուղքների ու փայտակերտ մարտկոցների տակ հողը փլչելով` վերեն վայր կործանե ամենքին, եթե կպրաձյութի կրակված հեղեղները լափեն խիզախներին ոչ միայն պարիսպների տակ, այլև զառիվայր ճանապարհներում, եթե հագարացհք ամիսներով շարունակ պաշարեն մեր բերդը և սակայն վերջին գյուղացուն չկարողանան յուր խորակից ղրկել կամ իշխանուհիների սովորական զբոսանքը խանգարել, իմացիր, որ այդ ամենը լինում է քո շնորհիվ... որ Գառնին անպարտելի է դարձնում Սյունյաց օրիորդը, որ շատերն այստեղ իրանց կյանքը պարտական են մնում իմ հարսնացուին...

— Ի՞նչ կնշանակե այդ, Գո՛ռ, ես քեզ չեմ հասկանում:

— Այդ կնշանակե այն, որ քանի դու Գառնիումն ես, Գոռը հանգստություն չունի: Գեղամ նահապետի գտած այս հսկայական ժայռերը փխրուն են երևում իմ աչքում: Տրդատա կառուցած հաստահիմն պարիսպները թվում են ինձ անզոր. մեզ շրջապատող այս խորաձորը երևում էր իբրև հովիտ, դյուրամատույց ամենքին... վերջապես մեր զորքերի թիվը ես գտնում եմ նվազ. մարտիկների եռանդը` ոչ բավական դյուրավառ, բերդակալի աշխույժը` գրեթե մարած... Այդ պատճառով ահա՛ դադար չունիմ օր ու գիշեր, աշխատում եմ ինքս, աշխատեցնում եմ զորականին: Այն միտքը, թե Շահանդուխտը գտնվում է Գառնիում և թե պետք է նրա թանկագին կյանքը ապահովել, լցնում է իմ սիրտը արիությամբ: Երբ արշալույսին ելնում եմ դղյակից, զգում եմ իմ մեջ մի անպարտելի ուժ, մի անսպառ զորություն: Ես հասնում եմ աշխատությանց վայրը զորականից շատ առաջ: Դիտում, քննում, հետազոտում եմ այն բոլոր անցքերը, որոնք կարող են մատչելի լինել թշնամուն և աշխատում եմ, որ այդ բոլորը կորստյան գուբեր ու անդունդներ դարձնեմ նրա համար: Կամենում եմ, որ Գառնո պարիսպները կրկնապատիկ ստվարացնեմ, որ բուրգերն ու աշտարակները կրկին չափով բարձրացնեմ, որ ամեն ինչ և ամեն վայր դառնա անառիկ ու անմատչելի... Եթե դու մի անգամ մեր ամրոցն ու պահակավայրերը շրջագայես, կտեսնես, թե որքա՜ն շատ գործեր են կատարվել, որքա՛ն մեծ զորություն է ամբարվել դրանց շուրջը... Եվ այս բոլորը միայն քեզ համար... իմ անգին, իմ աննման Շահանդուխտ...

Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղածությամբ սեղմեց յուր շրթունքներին: Նա չընդդիմացավ:

«Միայն քեզ համար... աննման Շահանդուխտ... Օ՛, որքան երջանիկ եք դուք...», շշնջաց դարձյալ թագուհին, և արտասուքի կաթիլները գլորվեցան նրա դալկահար դեմքի վրա:

— Բայց ինչո՞ւ միայն ինձ համար. չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք ու օրիորդներ և, վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով, — նկատեց օրիորդը ժպտալով:

— Այո՛, դրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար, նույնիսկ վերջին գեղջկուհին պիտի վայելե իմ պաշտպանությունը, ինչպես իմ հարազատ քույրը. բայց ոչ մեկը դրանցից չէ ներշնչում իմ հոգուն այն բարձր զորությունը, որով կարծում եմ, անպարտելի պիտի մնամ ես թշնամու առաջ. այն զորությունը, որ հասարակ արարածին հերոս և աննշան զինվորին` դյուցազն է դարձնում... Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ. մեր մայրերի համար` անձնազոհ որդի. ժողովրդի և հայրենիքի համար` աներկյուղ զինվոր: Բայց քեզ համար... չգիտեմ, ի՞նչ անուն տամ ինձ... Քեզ համար չեմ զոհիլ իմ անձը... բայց չէ՛. ի՞նչ եմ ասում, իհարկե կզոհեմ. նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե այդ հարկավոր է... Բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելու համար: Ինձ թվում է, որ եթե հագարացիների ամբողջ բանակն անգամ հարձակվի ինձ դեմ` քեզ իմ գրկից հանելու համար, դարձյալ անզոր պիտի լինի ինձ հաղթահարելու: Երբ մտածում եմ, թե Շահանդուխտը այստեղ Գառնիումն է, և նա հույս ունի իմ պաշտպանության վրա, կարծես առյուծ է ծնվում իմ սրտի մեջ, և բազուկներս դառնում են երկաթ: Ինձ թվում է, թե ամեն խոչ ու խութ պիտի կործանեմ, ժայռ ու ամբարտակ փշրեմ, տապալեմ, եթե համարձակվին երբևիցե արգելել ինձ քեզ պաշտպանելու... Այո՛, ուզում եմ ապրել միայն քեզ համար և սիրում ամենքին` միայն քո պատճառով...

— Միայն իմ պատճառո՞վ... Օ՛, Գոռ. չէի կամենալ, որ այդպես խոսես դու... Մի՞թե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի...

— Ա՛խ, ոչ. այդ չէի կամենում ասել...

— Հապա ի՞նչ:

— Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան` և՛ ապրելու իղձը, և՛ հոգվո արիությունը, և՛ սրտի կորովը, և՛ դեպի իմ եղբայրակիցներն ու հայրենիքն ունեցած սերը... Քեզմով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն` ավելի հրատապ, լուսինը` ավելի պայծառ... Դու ամեն ինչ ես ինձ համար` և՛ կյանք, և՛ գանձ, և՛ զորություն, և՛ փառք...

«Ո՜վ, բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել... Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ` իմ ծանր վերքերը նորոգելու համար», մրմնջաց թագուհին և բարձրանալով տեղից` հուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը:

Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց, փակվեցավ յուր առանձնարանում:

Քիչ ժամանակ անց բաժանվեցան նաև սիրահարները: Գոռը իհարկե խոստացավ յուր հարսնացուին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ:

Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը: Նրա վերքերը, արդարև, նորոգվեցան: Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին, նա կարծես տակավին ուռենու մոտ նստած` լսում էր նրանց և մերթ ընդ մերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էին Գոռը կամ Շահանդուխտը:

«Ապրեցեք, ապրեցե՛ք միմյանց համար, երջանի՛կ արարածներ, ապրեցեք, զի սիրում եք կաթոգին, զի աստծո աջը հովանի է ձեր սիրույն... — խոսում էր ինքն իրան թագուհին: — Ավա՜ղ. ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ, թե նա ցամաքել, չորացել է ամենի սրտում, ինչպես հովտի այն ծառերը, որոնց զարնում է խորշակ, որոնց չէ ջրում առուն կամ ցող չէ տալիս երաշտի գիշերը... այդպես եղավ մեր սերը. չորացավ, գոսացավ... ի՞նչ էր մնում մեզ անել,եթե ոչ` «հաստանել զայն և ի հուր արկանել...»: Բայց ահա՛ հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ` ոստիկներով ու տերևով զարդարուն. ի՞նչ անել նրան. մի՞թե չորի հետ միասին կտրել ու այրե՞լ... Ո՜հ, ոչ. թո՛ղ նա ապրի, խնամվի, թող արևը ջերմություն և առուն ջուր պարգևե, թող խորշակը յուր թունավոր շնչով երբեք նրան չզարնե. թո՛ղ նա մեծանա, ուռճանա, գուցե նրա հովանվույն ներքո ապրին ու սնանին սիրո ուրիշ բողբոջներ... Այո՛, սերը չէ մեռել աշխարհում, նա կա, նա ապրում է: Բայց էլ ինչո՞ւ ծաղրում են ինձ. ինչո՞ւ ամենքը միացած կամենում են խեղդել այդ զգացմունքը իմ չարաբաստ սրտում. ինչո՞ւ զարմանում են, որ ես նրա մասին ավելի եմ մտածում քան այն բոլորի` ինչ որ կատարվում է իմ շուրջը. ինչո՞ւ ինձ հեգնում են, երբ իմ կյանքն ու երկինքը նրա մեջ եմ տեսնում, նրա մեջ որոնում. ինչո՞ւ կամենում են, որ իմ աշխարհի այդ միակ արևը խավարի. չէ՞ որ այնուհետ՛և հուսահատությունը պիտի ինձ տիրե...

Բայց ի՞նչ եմ ասում. նա արդեն ինձ տիրել է... ահա՛ ես քաշվել, ապաստանել եմ այս խորշերին. լռությունն ու միայնությունը դարձել են իմ միակ ընկերները, անգործությունը` իմ միակ զբաղմունքը... ի՞նչ եմ անում ես, տեր աստված. ոչինչ այլևս ինձ չէ հետաքրքրում. ոչինչ իմ սիրտը չէ ջերմացնում... թշնամին հասել, նստել է իմ դռան մոտ. բայց այդ էլ ինձ չէ սարսափեցնում. աշխարհի վրա նայում եմ կարծես դագաղի միջից... Մի՞թե ես ապրում եմ...»:

Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց:

«Այսպես չէի ապրում ես. այսպես չէր անցնում իմ կյանքը. քանի նա սիրում էր ինձ...», — շշնջաց նա և լռեց:

Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին: Երևացին Գեղա լեռան լանջերը` լուսնի լուսով լուսավորված: Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, Շահանդուխտի սիրախոսությունը, Գոռի ոգևորությունը և ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ (թեպետ երիտասարդ էր, և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել):

«Չէ՛, այդպես չպետք է լինի, դեռ կարելի է ապրել, կամ, գոնե, ուրիշներին ապրեցնել: Մենք իրավունք չունենք մեզ շրջապատող մահը տարածել ամեն տեղ, կամ ամենքին մեզ հետ միասին մեռցնել: Ի՞նչ իրավունքով պիտի զրկեմ իմ Շահանդուխտին սիրո անուշ վայելքներից կամ պատանի Գոռին` կյանքի բարիքներից: Ես տեսա իմ աչքով, լսեցի իմ ականջով... նրանք սիրում են և երջանիկ են... Ինչո՞ւ չօգնել նրանց, որ երկար, շա՜տ երկար երջանկանան... Նրանք մեր սիրելիները, մեր որդիներն են, բայց մի՞թե մենք մի կամ երկո՞ւ որդի ունինք... քանի՛-քանի՛ նմանօրինակ բախտավորներ կան մեր աշխարհում, որոնք կամենում են ապրել, կյանքի քաղցրությունները վայելել... Ինչո՞ւ զրկել, ինչո՞ւ չօգնել նրանց... Բայց մենք զրկում ենք, բարբարոսություն ենք անում. «Մենք դժբախտ ենք, դուք էլ դժբախտ եղեք...», այսպես ենք ասում, այսպես ենք մտածում... Մեր անձնական վշտերի պատճառով մենք ձեռքներս լվացել, հետ ենք քաշվել. թագավորը նստել է Կաքավաբերդ, իսկ ես փակվել եմ այս դղյակում. «Թշնամին թո՛ղ անե, ինչ կամենում է. թո՛ղ նա հարվածե, հալածե. երկիրը տակն ու վրա անե, մեզ ի՞նչ փույթ, մենք հո չենք ապրում, ուրիշներն էլ թո՛ղ դժբախտանան...»: Այո՛, այդպես ենք մտածում: Բայց չէ՞ որ սա մի ոճիր, մի չարագործություն է, երկնային անեծքի արժանի...»:

Այս նորածին մտքերն այնպես հուզեցին թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրան անծանոթ ոգևորություն եկավ վրան: Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում: Բայց ի՞նչ պիտի աներ, դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա:

Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ:

«Ես կերթամ Աշոտի մոտ. կառնեմ նրան նորեն իմ գիրկը. կջերմացնեմ նրա սիրտը իմ հրատապ շնչով... Կհիշեցնեմ նրան մեր անցալը. կոգևորեմ յուր քաջության և փառքի նախկին հիշատակներով... Այո՛, կհանեմ նրան Կաքավաբերդից և կդարձնեմ Ոստան... Նա նորեն կանցնի հայ քաջերի գլուխը, նորեն կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկե յուր թշնամիներին... Այն ժամանակ խաղաղության հովանվույն ներքո թո՛ղ ծլին, ծաղկին սիրո բույսերը... Թո՛ղ մեր աշխարհի երիտասարդ սրտերը վայելեն նրա անուշ պտուղները... Այո՛, որոշված է, ես կերթամ: Ոչ ոք ինձ չի խանգարիլ: Ամեն մարդու առաջնորդում է մի միտք: Մարզպետունի իշխանը ոգևորվում է ընդհանուր հայրենիքի սիրով, նա աշխատում է նրա ամբողջության, գահի հարստության և հետևապես, ժողովրդի բարօրության համար: Նրա որդին` Գոռը, ոգևորվում է այդ ամենով` միայն Շահանդուխտի համար. թո՛ղ ուրեմն ինձ էլ ոգևորե Գոռի և Շահանդուխտի բախտը, թո՛ղ ես էլ աշխատեմ այն սրտերի համար, որոնք սիրում են և ցանկանում են սիրազուրկ չլինեի...»:

Եվ թագուհին վեր կենալով, իսկույն ձայն տվավ նաժիշտներին:

Նրանք ներս եկան:

— Կանչեցեք այստեղ Սեդային, — հրամայեց նա:

Մի քանի վայրկենից ներս մտավ դայակը:

— Սե՛դա, պատրաստվիր, մենք վաղը ևեթ պիտի ճանապարհվենք:

— Ո՞ւր, մեծափառ տիկին, — զարմանալով հարցրեց դայակը:

— Կաքավաբերդ:

— Կաքավաբե՞րդ. թագավորի մո՞տ:

— Այո՛:

— Ինչո՞ւ, տիրուհի:

— Ինչպե՞ս թե ինչո՞ւ, գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ. մի՞թե տարօրինակ ցանկություն է այս:

— Բնա՛վ. աստված թո՛ղ օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը... կամենում էի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ...

— Այսպիսի որոշումն արի...

— Այո՛:

— Դրա համար հետո, խոսելու ժամանակ շատ ունենք:

— Իսկ այժմ ի՞նչ կհրամայես:

— Կարգադրիր, որ վաղ առավոտվանից պատրաստ լինին երկու պատգարակ, զույգ ջորիներով: Մեզ հետ կլինեն երկու սպասուհի և երկու ծառա: Իմ պահանորդները թող ժամ առաջ ելնեն ամրոցից և սպասեն մեզ ճանապարհին: Դղյակում լինելիք կարգադրությանց մասին հարկ եղածը կհանձնարարեմ Գոհար իշխանուհուն: Իսկ ամրոցում բերդակալից զատ ո՛չ ոք չպիտի իմանա մեր հեռանալը:

Սեդան գլուխ խոնարհեց թագուհուն և դուրս գնաց:

Դ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՌՈՒՄԸ

Դե ռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ և ս. Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը:

Հովհաննես կաթողիկոսը, որ չորրորդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ: Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ բլրի գագաթը: Չնայելով, որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններից մինն էր կազմում: Նա կանգ առավ Սևանա անդրանիկ եկեղեցու, այն է` ս. Հահարության տաճարի առաջ, օր կառուցած էր բլրի գագաթին, և սկսավ դեպի արևելք նայել: Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկենին և միապաղաղ, ինչպես բյուրեղ: Միայն փոքրիկ մկանունքները գալիս, կոծում էին ժայռապատ եզերքը: Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ ու երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրանց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին:

Եվ ահա Այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա: Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը և արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը: Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը: Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագույնի. ժապավենները նվազում կամ անհետանում էին. ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ-արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները, որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխվում, փայլփլում էին արևի առաջ ինչպես ադամանդ և կամ ջրածին, շրջուն աստղիկներ:

Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում էր և զմայլում:

— Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը, — բացականչեց նա հանկարծ. — ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ...

Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության:

Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր Տրդատը հրամայում էր այդ երկրին. երբ Լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին. երբ քրիստոնեության նորընծա զինվորները Սևան ամրոցը մտնելով` հալածեցին այդտեղից քրմերի խումբը և Սյունյաց տոհմական զռոց տաճարը ճշմարիտ աստուծո տուն դարձնելով` «Սուրբ Հարություն» անունը տվին նրան: Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ Հայաստանյաց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով` նրա հովանվույն ու խնամոցը հանձնեց Գեղամա ծիծաղախիտ ծովակը` յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով...

Իսկ ա՞յժմ... Այո՛, այժմ էլ այդ ծովակն ու կղզին Սյունյաց տերերի կալվածն էին. նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո: Բայց եթե հանկարծ հագարացիք շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցներ միաբանությունը, գերի վարեր իրան` կաթողիկոսին, ո՞վ արդյոք պիտի դիմադրեր նրանց...

Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան:

— Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, — հարցրեց նա Սահակ սրբազանին:

— Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ... — պատասխանեց եպիսկոպոսը:

— Բայց հովանի՞ է արդյոք:

— Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ: Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից:

— Այո՛. «եթէ գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն», այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամհի, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու: Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ:

Դեռ Վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին:

— Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտանց, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Գուցե ուխտավորներ, — պատասխանեց վերջինս:

Բայց Վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՞վ լինելն իմանալ:

Կես ժամից հետ ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկա վագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց Վեհափառին` թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ:

Կաթողիկոսը գույնը նետեց:

— Այստե՞ղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, — բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց. — տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ;

— Գուցե... Բայց ինձ թվում է, թե աստված «կորուսանե զարդարն ընդ ամբարշտին», — կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը:

— Ո՞վ է այդ ամբարիշտը, — հարցրեց կաթողիկոսը:

— Ո՞վ գիտե. գուցե ես. գուցե նա, որ իրան արդար է համարում, — պատասխանեց սրբազանը. — անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով...

— Բայց ո՞վ է այդ Հովնանը. ո՞ւր է գտնվում նա. ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

— Ինչո՞ւ լռել ես, սրբազան, — հարցրեց կաթողիկոսը:

— Հովնանի տեղը ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է Հովնան լինելուց: Բայց ես մի բան գիտեմ. այդ այն է, որ Վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե:

Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց.

— Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ... ուր հանգչելու իրավունք ունենամ...-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին` հարցրեց. — ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում:

— Քո որոշումները, Վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց, ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել:

— Իմ աթոռավայրո՞ւմ... Լավ. ես երկու օրից այնտեղ կլինեմ.... Կհասնենք, այնպես չէ՞, սրբազան, — դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Դվի՞ն:

— Ո՛չ, Բյուրական ամրոցը. չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է: Այդտեղ լինելով ես մոտ կլինիմ կաթողիկե եկեղեցուն: Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում:

— Կարող ենք երկու օրից հասնել:

— Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվենք: Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից: Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ:

Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը` Բյուրական:

____

Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին` թանկագին ընծաներ:

Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով` խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ` թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար.

Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները:

Բեշիրը այնք ան տագնապով հետևում էր Հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել: Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ:

Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց Հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել` ուր որ ինքը ցանկանում էր:

Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից: Որովհետև, գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին:

Բայց Բեշիրը կատակեց, երբ Նսըրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին:

Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ: Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար. չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով` նա որոշնլ էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր` ապա Բյուրականից:

Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան: Ի՞նչ անել ուրեմն:

Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության:

Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին` ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել:

Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է` Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից` դեպի մի ուրիշը:

Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն, և խոսքն ու հորդորը պտուղ չէր բերում:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 15.07.12 | Сообщение # 17
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Աղձնյաց իշխանն, օրինակ, խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ նրան Աշոտ սպարապետի զորքը և Աբաս արքաեղբոր գնդերը: Մոկաց իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը: Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի հինգ գավառները: Աբաս արքաեղբայրը, ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ-Երկաթի դրոշի տակ: Նրա կարծիքով թագավորն արդեն վհատված ու հեռացած էր. պետք էր ուրեմն թույլ տալ նրան հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է` իրան: «Այնուհետև, ասում էր, կարիք չի լինիլ, որ Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, զի քաջ թագավորին կմիանան միշտ քաջերը»:

Այս բանակցություններն ամիսներ տևեցին: Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը:

Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին:

Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զ որապետին արած յուր խոստումը կատարեց: Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին:

— Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես ու ջախջախես: Բայց դու, ընդհակառակը, խնամում ու հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան ղուռանի անարգող մարդուն:

Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին` հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին:

Բեշիրի ցանկությունն էլ այդ էր: Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից: Այժմ ահա՛ գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը: Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական:

Այդպես էլ նա արավ: Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը:

Գարնան սկիզբն էր: Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Անբերդու գավառը ծածկվել էր կանաչով: Նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդներն ու լեռնալանջերը զարդարվել էին ընտիր ու գույնզգույն ծաղիկներով: Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին: Խաշնարածները իրանց ձմեռային հանգիստը թողնելով` բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրանց հոտերն ու նախիրը արածացնեն:

Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբավիլ դաշտային աշխատություններով:

Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Անբերդ: Նորեն փախուստն ու թաքուստը սկսավ:

Կաթոողիկոսը սակայն դեռ հանգիստ նստած էր Բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով: Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին Բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տեր անձինք, այլև, աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին` ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության:

Ահեկի (ապրիլի) գեղեցիկ առավոտներից մինն էր: Վեհափառը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր ու ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն Բյուրականը: -Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր ու քառագագաթ Արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինքներով: Հյուսիս-արևելյան կողմից երևում էր Արայի լյառը յուր կանաչազարդ լանջերով: Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարդողի ձյունապատ կատարները, իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը բերելով` հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով` տարածվում մինչև Մասիս: Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր ու ավաններ, որոնց իշխում էր հիշատակաց արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ Հայաստանյաց երկրորդ լուսատուի, այն է` սրբույն Մեսրոպա թանկագին նշխարները: Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին` նախաթոռ Էջմիածինը, սուրբ Գայանեի վանքը, Մարիանե կույսի Շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը: Այս բոլորից հետ ամբառնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկված հավիտենական ձյունով ու սառույցով, որ կարծես իշխում էր Արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր ու անպարտելի միապետ:

Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը: Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը:

Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ Բյուրական: «Բեշիրը գալիս է» խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ: Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտցող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները:

Բայց ի՞նչ. մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ. իհարկե ոչ. դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր:

Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե Բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու: Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց Վեհափառի փախստյան համար: Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք, ձգելուց հետ իրանց էլ պիտի կալանավորե, խորհուրդ տվին նրան Բյուրականից հեռանալ: Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես վարդապետը և տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին:

— Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել, — ասում էին նրանք,-կաթողիկոսի փախստյան համար տեղ չի պակսիլ. բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն: Եթե աստված Վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշման հնազանդել. ըստ որում ո՞ւր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան, իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան:

Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը: Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց Բյուրականի բախտը, այն է` համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել յուր անձը վտանգից: Սպարապետը ոչ միայն մեծ զորք ու անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը: Հետևապես Վեհափառը կապահովեր իրան, եթե ապավիներ այդ իշխանին:

Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան «խույս տալ աստուծո բարկությունից» յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց.

— Ես կմնամ իմ ժողովրդի հետ: Ե՛րբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին...

Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր` Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր` Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ:

Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը, յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան:

Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաջանում էին դեպի Բյուրական: Ամրոցականները, հեռվից նրանց տեսնելով` կարծեցին, թե թշնամու հառաջապահներն են և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել: Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և ուրախությամբ լցվեցան: Եկողները ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին. բայց ո՛ր իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր:

Երբ նրանք Բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց:

Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց.

— Այս ի՞նչ եմ տեսնում... հայր Սոլոմոն: Ճգնավորը զորապե՞տ է դարձել...

— Այո՛, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, — պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպե՞ս էր ժողովել այդ զորագունդը:

Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով` վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցկացնում էր ճգնությամբ:

Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը:

Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ, որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին: Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է Բյուրական` կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին` գնալ հայրապետին օգնության, որովհետև, նա էլ նույնչափ լքյալ ու անօգնական էր, որքան գեղջուկ ժողովուրդը:

Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից:

Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք «մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք» ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական:

Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ Վեհափառը ելնե և օրհնե իրանց: Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու: Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե Վեհափառը խույս է տվել Բագարան:

— Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին, — նրանք եկել են այստեղ Վեհափառին պաշտպանելու: Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին:

— Ի՞նչ անենք ուրեմն. մենք կարոտ ենք այդ զորքի օգնության, — հարցրեց եպիսկոպոսը:

Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց.

— Պետք է հայտնել նրանց, թե Վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող:

Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ:

— Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա, — նկատեց եպիսկոպոսը, — ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող: Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին:

— Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն:

— Ի՞նչ անենք ուրեմն, — հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով:

— Ոչինչ այլևս անելու չունենք, մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, — ասաց ճգնավորը: Ապա դուրս գալով Վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե «վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը»:

Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին:

Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը:

Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին: Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց` աշտարակների մեջ, ոմանց` պարիսպների վրա և մնացյալներին` դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում:

Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա` Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա` Սոլոմոն ճգնավորը:

Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ նստաջանում էր Վաղարշապատի կողմից:

Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց:

Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկումն կատարեն: Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր: Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ: Այդտեղ էին ինչպես հսկումն կատարողները, նույնպես և այն կանայք ու ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող: Ինքը` եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին:

Թշնամու զորքը մոտենալուն պես հարձակումն սկսավ: Բեշիրը կարծելով, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և ստիպել նրան ինքնակամ անձնատուր լինելու: Գոռոզ հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ: Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային. ի՞նչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ դնելու:

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Բյուրականում այնպես չեն հանդիպում իրան, ինչպես Այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից ու աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ և հարյուրավոր սվիններ ու գեղարդներ օդի մեջ թռչելով` շամփրում են հարձակվողների կրծքերն ու թիկունքը: Այս դեռ բոլորը չէր: Բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց:

— Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ, — ասաց Բեշիրը յուր մերձավորներին. — ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք:

Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց, և զորքերը պարիսպներից հեռացան: Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց «երկչոտ ու կնամարդի»:

Թշնամին ոչինչ չէր պատասխանում, նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում:

Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել:

Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին: Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով: Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ: Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը` Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա:

Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել, և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում: Բայց այդ բաներից նրանք չվախեցան, այլ իրանք էլ իրանց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել: Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով` կրիան այրելու կամ աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգա: Դարբիններն զբաղված էին երկաթե կարթեր կամ ջախջախող գործիքներ կռելով: Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի կամ ձյութի մեջ թաթախում: Զորքն այդ ամենը փոխադրում էր պարիսպների կամ աշտարակների վրա: Ամեն տեղ աշխատանքը եռում էր. ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի:

Երեք օրից հետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները: Մի հարյուր հոգի զբաղված էին տափարակ ու լայնադիր կրիան գլանների վրա գլորելով, մի հարյուրը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը: Մի խումբ բերում էր բաբանն ու խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը` ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին, իսկ զենք շարժող զորականն սկսում էր ամրոցի շուրջը պատել:

Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպո սը: Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը: Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու ս. Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու:

Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը:

Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից.

— Չորս հարյուր յոթանասուն տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու վարդանանց քաջերը: Նրանք էլ ձեզ նման նախ աստուծո օգնության և ապա իրանց բազկի զորության դիմեցին: Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում, այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, հայ ազգն ստրկացնել, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան այդ անելու: «Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք», ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրանցից: — «Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից, — ասում էր Վարդանը յուր զորքերին, — զի եթե աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա: Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք...» Եվ նրանք քաջաբար կռվեցին, բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրանք էլ քաջությամբ մեռան` սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ... բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյան... Ո՞վ կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրանց անձն ապրեցնեին: Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում: Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել ու մեռել են ամենասուրբ գործի` հայրենիքի ազատության համար: Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց, դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշապանելու, դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ... Ուրեմն մի՛ վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից: Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ աստված զորավիգ է լինում արդարության: Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում. ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք: Այս հանդիսավոր ժամուն ս. աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին. «Մի՛ թուլությամբ լքանիցեմք, եղբարք, այլ պնդությամբ սրտիվ և հաստատուն հավատով կամակար հարձակեսցուք ի վերա թշնամյացն, որ հարուցյալ գան ի վերա մեզ: Մեր հույս մեզ կրկին երևի. եթե մեռանիմք` կյանք, և եթե մեռուցանեմք, մեզ նույն կյանք առաջի կան...»: Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին ու արյանը. հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, ուժ տա ձեր բազկին և հաղթություն` ձեր սրին...

Երբ պատարագիչ սրբազանը ս. հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան: Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի:

Փոքր ժամանակից հետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին:

Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները: Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով:

Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի-մի շարքը ասպարափակ անելով` ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին: Վերջիններս այդպիսով պատսպարված` նետաձիգ էին լինում անընդհատ: Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները:

Մի առ ժամանակ հակառակորդներն զբաղված էին այս հանգիստ տուրևառով: Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից և գլխին հագցրած մի հաստ ու սրածայր երկաթ: Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով` նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ և հանկարծ բաց թողնելով` երկաթե գլուխը զարկում պատին: Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին պարիսպը կործանել:

Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ` լարած արջառի ամուր ջիղերով: Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին:

Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր: Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում:

Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները և ահա պարսպի վրայից թափեցին ն րա վրա կրակված կպրի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրձիկներ, որոնք խոյի տախտակե ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին: Չնայելով որ հրշեջները իրանց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկն ու կախարանը և գործին անպիտանացած ընկավ գետնի վրա:

Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով: Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով:

Իսկ քարեր արձակող պալիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք, այն է` չվաններով կապում ու կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով` պալիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար: Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով` վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց:

Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպներն ու պատնե շները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու վերելակներ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ: Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած` մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով` աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը:

Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին: Երկաթե ահագին ձողերով, սվիններով ու նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով` դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում: Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով` գետին էին թոթափում վրան մագլցողներին:

Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր: Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ: Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին: Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ, սվիններ ու գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ. սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին:

Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լանածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները:

Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը: Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով` հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ:

Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին, նա փրփրում և ատամները կրճտում էր: Բայց ի՞նչ կարող էր անել: Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար:

Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ: Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան: Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը:

— Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, — ասաց նա, վերջապես և հրաման տվավ զորքին` նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի բերդը դիմեց: Նորեն նետաձիգներն ու պարտզահարները իրանց գործն սկսան: Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակն ու ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու (որովհետև հույս ունեին ավելի թեթև գործիներով պարիսպները փլցնել), արդեն մոտեցնում են` առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը` բուրգերից մինին: Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի ու կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտադրությունից, թե չլինի՞ այդ գործիները չմոտեցնեն այն տեղերին, ուր ցանկալի էր, այսինքն` ուր որ դարան էին լարել իրանք: Այս պատճառով ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի այն մասին, որ ամենից թույլն ու դյուրամատույցն էր, կամենալով մոլորեցնել թշնամուն: Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր ինչպես այդտեղի հարմարությունը` աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էր այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը, և այդ է պատճառը, որ զորք չէ կանգնում այդտեղ: Ուստի շուտով եռհարկյան մարտկոցը անիվների վրա տատանելով սկսավ մոտենալ պարսպի այդ մասին: Պաշարյալների ուրախությանը չափ չկար: Որովհետև նա կանգ պիտի առներ հենց այնտեղի վրա, ուր իրանք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերին երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով: Այդ գետնափորի մեջ տեղ-տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ ու խրձիկներ: Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրանք հենարանները հանելով` տախտակամածը պիտի քանդեին: Այդպիսով հողի ծածկը աշտարակի ծանրության չդիմանալով` պիտի փլչեր, որով և մարտկոցը վայրահակ կործաներ: Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով` պիտի այրեին նաև աշտարակը:

Պաշարյալների ակնկալությունն ի դերև չեղավ: Փայտակերտ մարտկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա: Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով իրանց գործն սկսան: Նրա ներքին հարկից սակրերով ու նիգերով փորփրում էին պարսպի հիմքը: Երկրորդ հարկից` փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը: Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով` կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին:

Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրոր դ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել:

Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ: Նետերը տեղում էին աջ ու ձախ. նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին:

Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը:

Այստեղ փրթեց հուսահատ կռիվ. ներսինները դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն: Նիզակներ էին` որ փշրվում, վահաններ` որ ջախջախվում, սրեր` որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի ու պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր: Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր: Որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնության հասնել չէին կարող. ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ: Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան ժամանակ կանգուն է մնում յուր տեղը:

Փոքր մի ևս և հայ կտրիճները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց, պիտի խուժեին պարսպից ներս: Բայց ահա` հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով ու տատանելով սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հակվելով` զարնել պարսպին: Կամուրջն ու ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որ առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց:

Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերն ուրախության ու ցնծության ձայներ էին արձակում: Թեպետ հրշեջների խումբը շրջապատեց իսկույն վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ: Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին ու մոխիր դարձրին նրան` յուր մեջ ունեցած զենքերով ու զորքերով:

Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրիան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով` կամենում էին նրա ներքին հարկը խրամատել: Կրիան մի քառակուսի և լայնադիր տախտակամած էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված ութ ստվար անիվների վրա և չորս կողմից պատած անեփ ու թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից: Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով: Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց հետ, նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և թրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց:

Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար: Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրանք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ: Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ. ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում: Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ: Պարսպահար գունդն սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրիան մնաց բոցեղեն լեզուների մեջ: Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կարթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային` կրակների մեջքից նրան ազատելու համար: Այդ անել, իհարկե, թույլ չտվին նրանց հայերը, և կրիան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ:

Զորապետի կատաղությանը չափ չկար: Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը, և ահեղ որոտալով` առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր. հայ կտրիճներին օրինակ էր տալիս նրանց, վառում, բորբոքում էր պատերազմը: Բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն: Հայոց նետերն ու կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ: Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 15.11.47 | Сообщение # 18
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից ու խիզախ հարձակումից հետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու և բանակատեղը դառնալու:

Այդպես էլ կատարվեցավ:

Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց:

Այդ գիշեր թշնամո ւ բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված` հաղթության տոն էր կատարում:

Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով:

Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետ վերադառնում էր բանակ:

Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել: Ութերորդին` նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց:

Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից երկու հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ: Վեճը կռվի փոխվելով` բյուրականցիները նորեկներին ծեծեցին: Վերջիններս առանց իրանց առաջնորդի խնդիրն ու թախանձանացը ուշադիր լինելու` դիմեցին վեհարան` կաթողիկոսին գանգատվելու: Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով ու հորդորներով աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին, նրանք կամենում էին կաթողիկոսին տեսնել:

Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան:

«Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ, բյուրականցիների՞ համար...», ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան:

Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ երկու հայերը, որոնք, դժբախտաբար, պահանորդ լինելով` ո՛չ եկեղեցումն էին գտնվել, ո՛չ եպիսկոպոսի քարոզը լսել և ո՛չ հաղորդություն առել: Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում: Ընդհակառակը, դեռ ավելի խստացել ու անգթացել էին թե՛ պատերազմի արյան գոլորշիներով և թե՛ կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով:

— Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավո՞ր բան է այս, — հարցնում էր զինվորներից մինը մյուսին:

— Իհարկե, ոչ:

— Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս: Բեշիրը երբ էլ լինի Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու: Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին: Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք: Իհարկե` ոչ ոք:

— Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից, — հարցրեց ընկերը:

Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց.

— Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին:

— Ինչպե՞ս:

— Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել...

— Բայց ի՞նչ պիտի անենք:

— Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե:

— Այո՛:

— Հո բոլորին պիտի կոտորե:

— Այո՛:

— Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս:

— Իհարկե ոչինչ:

— Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ:

— Հետո՞:

— Կխոսեմ նրա հետ: Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան...

Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին: Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության ու երջանկության հուսով:

— Գնա՛, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը... Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին... չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ...

Ասացին և կատարեցին:

Կես-գիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում: Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին, և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակի մոտենալ բերդին, սարսափահար վեր թռան տեղներից: Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. հագարացիները կոտորել սկսան... Չնայելով, որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով որ Թեոդորոս սարկավագն ու Սոլոմոն ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները բացված էին արդեն և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում:

Անցան մի քանի ժամեր օրհասական կռիվն ու հուսահատ ընդ դիմությունը վերջացավ... Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով, փողոցներն ու տները լցվեցան դիակներով, որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան. բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր` մեռնելուց առաջ` սատակում էր մի քանիսին:

Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ: Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք: Աղոթք ու պաղատանք, լաց և կոծ իրար միախառնված դղրդեցնում էին տաճարը: Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկու դեմքերով, արյունռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով:

Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին: Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք: Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ:

— Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը:

— Գնաց Բագարան, — պատասխանեցին նրան:

— Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռքից...— գոչեց Բեշիրը կատաղությամբ... և ապա ատամները կրճտելով մռմռաց, — հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք... Այժմ դեռ դուք տուժեցեք:

Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց:

Զին վորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը: Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին:

Այդ օրը, որ 924 թվականի ապրիլ 17-ն էր, միաժամանակ նահատակվեցան բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում: Դրանց թվումն էին Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը:

Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից:

Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին:

Ներկայացնե լով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին` վարձատրել նրանց:

Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանվույն գնահատնց այդ թշվառականների մատուցած ծառայությունը:

— Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները, — ասաց նա զինվորներին. — դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք:

Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց:

Ե

ՀԵՐՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Մի քանի օր էր ին չ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի: Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել: Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել: Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ` նրանց նայելով` մնացել էին ձեռնպահ:

Ի՞նչ պետք էր անել այժմ:

Այս մասին էր մտածում իշխ. Մարզպետունին, երբ լուր հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցրել:

Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա:

Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջն առ նել...— մտածեց նա և խորը հառաչեց:

Դղյակի լուռ և մենավոր մի առանձնարանում ճեմում էր նա տխուր և մտախոհ: Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները` բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար... հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան:

Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին: Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե «որ հայցե` գտանե, որ բախե` բացցի նմա...»: Իսկ ինքը շարունակ հայցեց և սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան...

«Ուրեմն աստված կամենում է, որ այս ազգը կորչի, որ նրա հիշատակը երկրի երեսից ջնջվի... Այո՛, և այդ է պատճառը, որ նա իշխանների սիրտը կարծրացրել, թագավորին մոլորեցրել, թագուհուն վհատեցրել է... Թողնենք ուրեմն ամեն ինչ բախտի կամքին, հեռանանք, քաշվենք մենք էլ մի անկյուն և տեսնենք, թե աստված ինչպե՞ս է պատժում այս ապաբախտ ու նահատակ ժողովրդին...»:

Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով` հայտնեց նրան մի ուրիշ նորություն:

— Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ, — ասաց նա Մարզպետունուն:

— Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան, — նկատեց իշխանը տխուր ժպտալով. — ի՞նչ է հայտնում զինվորը:

— Թագավորը Կաքավաբերդից հեռանալով` եկել, նստել է Սևան...

— Սևա՞ն, — զարմանալով հարցրեց Մարզպետունին:

— Այո՛, Սևան. և որոշել է չելնել այլևս այնտեղից:

— Իսկ թագուհի՞ն:

— Նա էլ թագավորի հետ է:

Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ: Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք:

Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով` հարցրեց.

— Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու:

Սեպուհը չպատասխանեց, նա միայն ուսերը շարժեց:

— Ի՞նչ ես մտածում անելու. պատասխանի՛ր, — կրկնեց իշխանը:

— Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային...

— Զորք չունինք, և իշխանները չեն միանում... այդ արդեն գիտենք... Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա:

— Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք, «Մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ»:

Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով` հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա:

— Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել, — հարցրեց նա կրկին:

— Ոչինչ, — պատասխանեց սեպուհը:

— Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»:

Սեպուհը ժպտաց:

— Անկարելի է, տեր Մարզպետունի:

— Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա:

— Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ:

— Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք. բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի, ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու:

— Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու:

— Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակավ, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ:

Սեպուհը, ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու. բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության:

Հետևյալ առավոտ, իշխանի հրամանով, ժողովվեցան Տրդատա հովանոցի առաջ Գառնիում գտնվող բոլոր զորքերը` իրանց պետերով ու առաջնորդներով: Այստեղ հավաքվեցավ և Գառնո ժողովուրդը յուր հոգևորականներով: Եկան և բազմեցին հովանոցում նաև դղյակի իշխանազուն տիկնայքն ու երիտասարդները: Միով բանիվ, Գառնին ամբողջապես ամփոփվեցավ արքայաշեն հովանոցի առաջ գտնվող հրապարակում, իսկ դղյակը` հովանոցի մեջ:

Մարզպետունի Գևորգ իշխանը հագած էր այդ օրը տոնական զգեստ և զրահավորված ամբողջապես: Նա ծածկած էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ, սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով, հագած էր պողպատյա վերտ, պղնձյա, փայլուն լանջապանակով և նույնպիսի բազպաններով, սրունքներին ամրացրած երկաթահյուս զանկապաններ և ոտքերին կարմիր, երկաթագամ կոշիկ: Ծանր, ոսկեպատ սուրը, որ քարշ էր ընկած նրա կողքից, լրացնում էր իշխանի զինվորական զարդարանքը: Եվ այդ ամենի մեջ նրա բարձր ու թիկնավետ հասակը` գեղեցիկ և պատկառելի դեմքով, իմաստուն և թափանցող հայացքով, հպարտ և շնորհալի շարժվածքով երևում էր ավելի հրապուրիչ` քան ուրիշ օրերն առհասարակ:

Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց.

— Ազնիվ իշխաններ և իշխանուհիք, սիրելի զինակիցներ և ժողովուրդ: Անցան ահա մի քանի ամիսներ, հորմե հետե թագավորը բացակա է Ոստանից: Ապստամբ իշխաններին նվաճելու, համար նա հեռացավ այստեղից, բայց որովհետև անհաջողության հանդիպեց, ուստի քաշվեցավ Կաքավաբերդ և սպասում էր իշխանների օգնության: Ոչ ոք տեղից չշարժվեցավ, ոչ ոք յուր թագավորին չհիշեց: Ինձ թվում էր, թե եթե մինը մեզանից հանձն առնե միջնորդի պաշտոն և հորդորե բաժանված իշխաններին միանալու, անշուշտ նրանք արքայի շուրջը կժողովվին: Եվ ահա՛ այդ պաշտոնը հանձն առանք ես և ազնիվ սեպուհ Վահրամը: Երկար ճանապարհորդեցինք, ամբողջ Շիրակը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը և Վասպուրականը շրջեցինք, բոլոր իշխաններին այցելեցինք, ամենքին խնդրեցինք. հորդորեցինք, որ միանան և թև ու թիկունք լինին արքային, պաշտպան` հայրենիքին ու գահին. բայց ո՛չ ոք մեզ լսեց և ո՛չ ոք մեր խնդիրը հարգեց: Ամեն մի իշխան յուր զորքերով ու պաշարով ամրացած է մի անառիկ բերդի մեջ. ամեն ոք այդտեղ ապահով ապրում է յուր համար: Բայց թե երկրի ժողովուրդը մնացել է անխնամ ու անպաշտպան, թե գահը մնացել է թափուր և արքան դարձել աստանդական, այդ մասին ոչ ոք չէ մտածում: Նույնիսկ կաթողիկոսը միայն յուր փրկության համար հոգալով, շարունակ մի ամրոցից դեպի մյուսն է փախչում: Նա էլ զլանում է հասարակաց օգտի համար հոգալու: Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ ոստիկանը գրավում է մայրաքաղաքը, որ Բեշիրը քանդում ու ավերում է Այրիվանքը, գրավում է Բյուրականը, կոտորում ժողովուրդը, նահատակում է հոգևորականներին, և այսուհետև էլ գնալով ավելի պիտի ընդարձակե յուր ավերումների շրջանը:

Այս ամենը տեսնելով թագավորը, ավելի ես հուսահատվում և Կաքավաբերդից քաշվում է Սևան: Այն դյուցազնը, որ մի օր թշնամու ահն ու սարսափն էր, որ չէր ընկճվում ո՛չ մի զորության առաջ, որ չէր խուսափում ո՛չ մի վտանգից, այժմ ապաստան է որոնում հոգևոր հայրերի խուցերում, որովհետև այլևս հույս չէ տածում յուր զինակիցների վրա... Ամո՛թ մեզ, հայեր, ամո՛թ, ո՛վ զինակիցներ...

— Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել... — ձայն տվին այս ու այն կողմից:

— Ի՞նչ կարող ենք անել... լավ հարց է. լսեցեք, ես պիտի պատասխանեմ: Մեր արդի դրությունը հայտնի է ձեզ բոլորիդ: Հայրենիքը, ժողովուրդը, արքայական և կաթողիկոսական գահերը վտանգի մեջ են. այդ գիտեք: Գիտեք և այն, որ ես ձեր բոլորի կողմից, ողջույն հայության կողմից դիմեցի կարող իշխանների օգնության, աղաչեցի, պաղատեցի նրանց` սպառնացող վտանգի առաջն առնել, ոչ ոք ինձ լսեց, ոչ ոք ինձ ընկերացավ: Դատապարտո՞ւմ եք այդ մարդկանց թե ոչ:

— Այո՛, Այո՛, դատապարտում ենք, — ձայն տվին այս ու այն կողմից:

— Բարի: Այժմ ուրեմն դառնում եմ դեպի ձեզ, ո՛վ Գառնո զինվորք և ժողովուրդ, դառնում եմ նույն խնդիրքով ու առաջարկությամբ, որ մեր իշխանները մերժեցին. այդ իմ վերջին պարտքն է, որ կատարում եմ. լսեցե՛ք: Գառնին ամուր է և անառիկ, թշնամին նրան վնասել չէ կարող, եթե միայն մատնիչները չդավաճանեն, և եթե պաշարը չսպառի: Մատնիչներ չեմ ճանաչում այստեղ, իսկ պաշար շատ ունինք: Թողնենք ուրեմն Գառնո մեջ միայն մի հարյուր պահակ. Մուշեղը նրանցով կարող է շատանալ: Իսկ մնացյալ զինվորներին, պետերին ու առաջնորդներին առաջարկում եմ հենց վաղվանից ընկերանալ ինձ և դաշտն իջնել: Ես ձեզ բոլորիդ խմբերի կբաժանեմ, առաջնորդներ կկարգեմ, հրահանգներ կտամ: Բեշիրը հրոսակների խմբեր է պատրաստում արքայական, գավառներն ավարելու համար, մենք դրանց կհանդիպենք և զատ-զատ կջարդենք: Չի անցնիլ մի ամիս, և մեր բանակը կստվարանա: Առաջին հաղթանակին կհաջորդե երկրորդը, երրորդը և հազարավոր զինվորներ ինքնակամ հոժարությամբ կգան, կժողովվին մեր դրոշակի տակ... Այնուհետև մեր հաջողությունը հույս կներշնչե նաև թագավորին, նա նորեն դեպի յուր գահը կդառնա, նորեն յուր զորքի գլուխ կանցնի, և իշխանները իրանք կմիանան նրան... Այս փառքը, օ՛ գառնեցիք, մենք կարո՛ղ ենք ժառանգել. օ՛ն ուրեմն, դեպի գործ...

Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ո՞վ է արձագանք տալիս իրան:

Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ: Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված` բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան: Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը` Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում:

Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում, նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում: Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել մեղմ ձայնով շարունակեց.

— Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ: Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք:

— Տե՛ր իշխան ի՞նչ կարող է անել հարյուրը: Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե, և մենք միանանք նրան, — ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ:

— Ո՛վ որ շատերի ուժն է պտրտում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է, — գոչեց Մարզպետունին: — Ո՛չ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում: Ո՛վ որ ուժ ունի կռվելու, ո՛վ որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է: Կամենո՞ւմ եք ապրել, կամենո՞ւմ եք կյանք վայելել, բարի. էլ ինչո՞ւ համար եք զենք կրում, ինչո՞ւ անպատվում եք սուրն ու երկաթը: Դե՛ն ձգեցեք դրանց, առեք ձեռքներիդ մուրացկի եղեգը և գնացեք կանգնեցեք ամիրաների դռանը, գուցե նրանք շնորհ անեն ձեզ իրանց ստրուկների թվում կարգելու...

Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին: Ոչ ոք մինչև այդ չէր լսել իշխանից որևէ ծանր խոսք կամ մի վիրավորանք, ի՞նչ էր պատահել այժմ, ինչո՞ւ այդ աստիճան վրդովվել էր նա: Չգիտեին: Շատերն սկսան իրար նայել, մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին առաջ գալու և նրան իրանց դժգոհությունը հայտնելու: Բայց իշխանի հրացայտ հայացքը ամեն մի շարժում յուր տեղը մեխեց: Նա լռեց մի վայրկյան, շուրջ հածեց աչքերը և Վահրամ սեպուհին դառնալով գոչեց.

— Տե՛ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե «մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ», քո խոսքը կրկնում են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել: Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք:

Այս ասելով իշխանը սուրը հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց:

— Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ. ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա:

— Ե՛ս, հայր իմ, — որոտաձայն գոչեց Գոռը և սուրը հանելով դիմեց դեպի նրան:

— Ի՛մ քաջ... — շշնջաց իշխանը և գրկախառնվելով որդուն, որ հուզմունքից շառագունել էր, համբուրեց նրան ջերմագին:

— Եվ ե՛ս, տեր Մարզպետունի, — ասաց Վահրամ սեպուհը և մոտեցավ նրան խաղաղ ժպտալով:

— Ազնիվ սեպուհը մի գունդ արժե ինձ համար, — պատասխանեց իշխանը և ձեռքը պարզեց դեպի նրան:

— Եվ ե՛ս, տեր իմ, — խոնարհությամբ մոտեցավ Եզնիկը:

— Եվ մե՛նք, — առաջ անցան սեպուհի չորս թիկնապահները:

— Ե՛վ ե՛ս... և մե՛նք... — այս խոսքերով հետզհետե մոտեցան իշխանին մի քանի գառնեցի, բասենցի և ոստանիկ զինվորներ:

Ընդհանուր թիվը եղավ տասնինը:

Վերջապես մոտեցավ Մուշեղ բերդակալը և գլխանոցը հանելով ասաց.

— Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ անցնեն: Այժմ տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ, ընդունի՛ր ուրեմն ինձ ևս իբրև վերջին ծառա այս անձնվեր և քաջասիրտ խմբի, որ քո հրամանի և դրոշի տակ պիտի կռվի:

— Արի՛, իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, արի, տո՛ւր ինձ քո ձեռը: Քո աջակցությունը թանկագին է ինձ, զի դու ծերացել ես կռիվների մեջ: Անշուշտ, աստված մեզ կօգնե հայրենիքի թշնամուն հաղթահարելու, քանի քեզ նման արդարներն ընկերակցում են մեզ:

Իշխանի զինվորների թիվը եղավ քսան:

— Դուք արդեն բավական եք. ես հազարներ կջախջախեմ ձեզմով, — բացականչեց Գևորգ իշխանը և դիմելով Վահրամ սեպուհին` ասաց. — գնանք այժմ երդվելու:

— Ո՞ւր եք դիմում, եկեղեցին այս կողմն է, — նկատեց սեպուհը:

— Ո՛չ, մեր երդման սեղանը այստեղ է, — ասաց իշխանը և մոտեցավ Մաշտոց կաթողիկոսի շիրմին, որ գտնվում էր հովանոցի արևելյան անկյունում:

— Սիրելի զինակիցներ, — դիմեց իշխանը յուր խմբին, երբ վերջինս շիրիմը շրջապատեց, — մեզ պիտի երդվեցներ, մեր սրերը պիտի օրհներ հայոց հայրապետը, եթե նա յուր անձի փրկությունը որոնելով թափառում չլիներ այս ու այն կողմը: Բայց նա հավատարիմ չմնաց յուր կոչման, նա չնմանեց քաջ և անձնվեր հովվին, այդ պատճառով մենք այլևս նրա հոտը լինել չենք կարող: Այստեղ հանգչում են ամենից առաքինի և ամենից անձնվեր հովվի նշխարները: Դրե՛ք ձեր սրերը այս սրբազան շիրմի վրա և հենց այստեղ էլ երդվեց՛եք հավատարմություն ձեր ուխտին, որ է` այս վայրկենից իսկ լինել անձնվեր զինվոր և նահատակ հայրենիքի փրկության: Ձեր սրերը թո՛ղ օրհնե սուրբ Մաշտոցը և ձեր օգտին ու երդման թո՛ղ վկա լինին նրա նշխարները:

Զինակիցները հանեցին իսկույն սրերը և կաթողիկոսի շիրմի վրա դնելով` հավատարմություն ուխտեցին իշխանին, արքային և հայրենիքին:

Երբ ամենքը իրանց երդման խոսքն արտասանեցին, Գևորգ իշխանն առաջ անցավ և բարձր ձայնով ասաց,

— Սիրելի զինակիցներ, ես ձեր երդումը լսեցի, այժմ էլ դուք իմը լսեցեք. «Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից: Թո՛ղ կործանե ինձ աստված, թո՛ղ քրիստոնյան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը: Ես պիտի ապացուցանեմ, որ ամրոցների և իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ. պիտի ապացուցանեմ, որ քսան անձնազոհ նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմած բանակը... Օ՛ն ուրեմն, հառա՛ջ... Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ ապավե՜ն...»:

Տակավին իշխանը չէր վերջացրել խոսքը, երբ օրիորդ Շահանդուխտը իշխանուհիների խմբից ելնելով իջավ հովանոցից և մոտենալով ս. Մաշտոցի շիրմին, մեղմ ու անուշ ձայնով բացականչեց.

— Տեր իշխան. ներիր իմ համարձակությանը, որ, սակայն, ներշնչեց քո հրավերն ու երդումը... Կանանց հրամայված չէ խառնվել արանց գործերին և ոչ էլ մասնակցել մարտի արհավիրներին... Բայց ոչ ոք չի արգելիլ նրանց հայրենիքի համար մեռնել... Ընդունիր և ինձ, աղաչում եմ քեզ, քո մարտիկների խմբում: Դու ասացիր, թե «ով կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է...», արդ` ես կարող եմ և՛ հարվածել, և՛ նետահարել, ուրեմն և չեմ թաքչիլ պարսպի տակ: Ընդունի՛ր ինձ քո խմբում, տեր ի՛շխան, եթե ես պիտանի չլինիմ իբր զինվոր, պիտանի կլինեմ իբր հոգածու քույր, ես կկապեմ քո զինվորների վերքերը, երբ երանք վիրավոր վերադառնան դաշտից...

Օրիորդը, որ հուզմունքից շառագունել էր, արդեն նմանում էր այդ վայրկենին մի հրաշագեղ դիցուհու, որ իջնում էր երկնքից յուր սիրած մահկանացուի անիրավ ճակատագիրը ջնջելու...: Նրա գեղանի աչքերը կրակ էին թափում, կարմրալար շուրթերը դեռ դողում էին, և պարկեշտ կուրծքը բարձրանում ու իջնում էր` տեղի տալով սրտի անհանգիստ տրոփյունին:

Այս անսպաս դիմումը այն աստիճան հուզեց իշխանին, որ նրա քարեղեն աչքերում արցունք ցոլացին: Նա բացավ թևերը, առավ գեղանան և սեղմելով կրծքին` ճակատը համբուրեց:

— Ո՛վ իմ դյուցազնասիրտ զավակ,-բացականչեց նա, հուզմունքից արտասվելով, — դու պսակեցիր մեր ուխտը, դու անպարտելի կացուցիր մեր սուրը... Եթե հայոց աշխարհը քեզ նման ծաղիկներ ունի, ապա այս քաջերը թույլ չեն տալ, որ թշնամին նրա սահմանը կոխոտե... Քեզ իմ խմբի մեջ, սիրեցյալ զավակս, ընդունել չեմ կարող, որովհետև քո քնքուշ սիրտը, որ այդպես շուտ հաղթահարվեց իմ խոսքերից և մանավանդ թե առ հայրենիքդ ունեցած սիրուց, անկարող կլինի տոկալ մարտի արհավիրքներին: Բայց ես քեզ կհանձնեմ մի պաշտոն, որ նույնչափ ծանրակշիռ է, որչափ և զինվորությունը, դու արժանի ես նրան:

Այս ասելով իշխանը բռնեց օրիորդի ձեռքից, և մինչդեռ ամենքը հիացած նայում էին դյուցազնուհուն, նա հանեց նրան աստիճանների վրա և դառնալով ժողովրդին, բարձրաձայն հայտարարեց...

— Զինվորք և ժողովուրդ Գառնո, այս մանկամարդ իշխանուհին ձեր ամենքի հանցանքը քավեց. հայրենիքի «փրկության համար նա յուր անձն է առաջարկում ողջակեզ... Անշուշտ դուք էլ ինձ նման չեք կամենալ, որ այդ զոհն ընդունենք, բայց նրա քույրերին խրախուսելու համար մենք նրան պիտի վարձատրենք. նա ապացուցեց, որ հարազատ ժառանգ է Սյունյաց դյուցազնոգի նախարարաց. մենք էլ պիտի ապացուցանենք, որ գիտենք մեծարգել հայկազանց հարազատ նախարարազնի անձնվիրությունը: Արքայի հրամանով ես Գառնո տերն ու բերդակալն եմ: Իմ բացակայության ժամանակ այդ պաշտոնը ես հանձնեցի Մուշեղին. իսկ Մուշեղը, որովհետև մեր ուխտի մեջ մտավ արդեն, ուստի բերդակալության պաշտոնը հանձնում եմ այժմ Սյունյաց դյուցազնասիրտ օրիորդ Շահանդուխտին, որ կհսկե և կհրամայե այս ամենոցին դղյակի իշխանազունների խորհրդակցությամբ: Շահանդուխտը իմ Գոռի հարսնացուն է, հետևապես և իմ տան ժառանգորդը, Գառնո այն զինվորը կամ բնակիչը, որ կհամարձակի նրա հրամանին անսաստեք այս սրին պատասխանատու կլինի...

Այս ասելով` իշխանը յուր սուրը կամարաձև բռնեց օրիորդի գլխին:

«Եվ մեր սրերի՛ն», բարձրաձայն որոտացին ուխտի զինվորները և սրերը միանվագ շողացրին օդի մ՛եջ:

— Ապրի՛ Սյունյաց օրիորդը, — գոչեց ժողովուրդը և նրան մասնակցեցին Գառնո զինվորները, որոնք այս դեպքերից հետո մնացել էին ամոթահար:

Երբ իշխանը հրաման առավ նրանց հեռանալ, մի խումբ երիտասարդ զինվորներ մոտեցան նրան և խնդրեցին ընդունել իրանց ուխտի մեջ:

Իշխանը մերժեց նրանց խնդիրը` ասելով.

— Դուք հետևեցիք ոչ թե իմ, այլ օրիորդի օրինակին, ուրեմն մնացեք ամրոցում և ծառայեցեք նրան հավատարմությամբ: Ապագայում, եթե նա կմիջնորդե ձեր մասին, ես դարձյալ կընդունեմ ձեզ իմ դրոշի տակ:

Երբ իշխանի հրամանով ժողովուրդն ու պահակ զինվորները ցրվեցան, ուխտի անդամները բարձրացան հովանոցի սրահը: Այստեղ իշխանազունների խումբը շրջապատեց նրանց և սկսավ գովություններով քաջերի նվիրումը դրվատել: Տիկին Մարզպետունին և Մարիամ իշխանուհին գրկեցին և համբուրեցին Գոռին ու Շահանդուխտին, հայտնելով նրանց իրանց հիացումը այդպիսի անվեհեր ընթացքի համար:

Իսկ պատանի Գոռը, որ մինչև այն մի անբացատրելի հուզման, մի երանական հափշտակության մեջ էր գտնվում յուր հարսնացուի ցույց տված արիական վարմունքից, մոտեցավ հորը և համեստությունից շառագունելով, ասաց նրան.

— Սիրեցյալ հայր իմ, բոլոր Գառնո առաջ դու հանդիսաբար հայտարարեցիր, թե Շահանդուխտը իմ հարսնացուն է և նրան պատվելու համար մեծագույն պաշտոնը տվիր իրան և քեզ ժառանգորդ հռչակեցիր. իմ երախտագիտությունը այդ մասին անսահման է դեպի քեզ. դու ինձ աշխարհի մեջ ամենաբախտավորը և ամենազորավորը կացուցիր... Այժմ իրավո՛ւնք տուր ինձ, որ ես էլ իմ կողմից իմ նշանտուքի նվերը տամ իրան իբր առհավատչյա այն միության, որ դու պիտի օրհնես:

— Տո՛ւր, սիրեցյալ զավակս, նվիրի՛ր քո հարսնացուին ինչ որ հաճելի է քեզ... — պատասխանեց իշխանը խանդակաթ ձայնով:

Գոռը առաջ անցավ և լուծելով յուր մեջքից փոքրիկ ոսկեպատյան վաղակավորը, որ նվեր էր ստացել հորից, կապեց օրիորդի մեջքը` ասելով.

— Իմ սուրը բավական է ինձ. իսկ այս վաղակավորը թող ծառայե մեզ իբր նշանտուքի առհավատչյա և պաշտպանն իմ բերդակալ հարսնացուին դարանամուտ թշնամիներից:

— Կանայք սուր չեն կրում, Գոռ, բայց ես այս նվերը կկրեմ իբր հիշատակ քո սիրույն և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու քո արշավանքից կվերադառնաս հաղթական փառքով... — ասաց Շահանդուխտը ժպտալով և շառագունելով:

Գևորգ իշխանը, մայր-իշխանուհիները և ուխտի բոլոր անդամները օրհնեցին երիտասարդների նշանադրության այս հանդեսը և բարեմաղթություններ արին նրանց համար:

Իսկ Վահրամ սեպուհը, որ բարյացակամ էր ամեն մի հայի երջանկության, այնքան զգացվեցավ այս անակնկալ ու սրտաշարժ տեսարանից, որ տարածեց յուր հաղթ բազուկները և գրկելով երկուսին միասին, բացականչեց.

— Եթե հայրենիքն անգամ ինձ չոգևորե, ձեզ երջանիկ տեսնելու ցանկությունս արդեն բավական է, որ անպարտելի հարված դառնամ ես թշնամու համար: Եթե մեր երկրում շատ կան ձեզ նման սրտեր, ապա թո՛ղ բոլորը երջանկանան: Վահրամ սեպուհը չի մեռնիլ, մինչև որ սուրբ պսակի խաչը, ձեր գլխին չբռնե. իսկ ես այդ կանեմ այն ժամանակ, երբ վերջին հագարացին կհալածեմ այս երկրից...

— Այո՛, այո՛, վերջին հագարացին, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները, և ուրախությունն ու ոգևորությունը ամենքի սրտերը գրավեցին:

Երբ Մարիամ ու Գոհար իշխանուհիները իրանց օրհնության վերջին խոսքն ավարտեցին, Գևորգ իշխանը սուրը պատյանը դրավ և դիմելով զինակիցներին` ասաց.

— Սիրելի ընկերներ. մեզ մնում է դարձյալ մի վերջին պարտք կատարելու.-տիրասիրության և հավատարմության պարտք, այդ այն է, որ մենք, թշնամուն որոնելուց և նրան պատահելուց առաջ, գնանք մեր թագավորի մոտ և նրա հրամանն ու օրհնությունն առնենք մեր արշավանքն սկսելու համար: Որքան էլ նա հուսահատ, որքան էլ մեզանից հեռու, այսուամենայեիվ նա մեր թագավորն է, և նրա հրամանն ու ցանկությունը պիտի առաջնորդե մեր սրերին:

— Կեցցե՛ թագավորը, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները:

Եվ նույն ավուր երեկոյան ամենքը միասին զրահավորված ու զինվորված ելան Գառնո ամրոցից և ուղղվեցան դեպի Սևա ն:

Գեղանի բերդակալուհին, սյունեցի նժույգի վրա նստած և զրահավոր շքախմբով շրջապատած` ճանապարհ դրավ ուխտի զինվորներին մինչև մոտակա հանգրվանը, ուր, սիրահարներին սիրելի առանձնության մեջ, գրկախառնելով փեսացուին, ուղեկից տվավ նրան յուր անդրանիկ համբույրը և արտասվաթոր աչքերով նրա ճանապարհն օրհնելով վերադարձավ:

Ձ

ՎՇՏԵՐԻՑ ԾԱՆՐԱԳՈՒՅՆԸ

Լուսնի շառագույն սկավառակը երևաց Ա յծեմնասարի ետևից, և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորել: Երերուն դաշտի արևելյան կողմը հետզհետե վառվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր:

Սևանի վրա լռություն էր տիրում: Շարժումը դադարել, ճրագները հանգել էին: Անապատականները, օրվա բազմանվագ ժամասացություններից հոգնած, փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել: Մատուռներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես և ծովակի ափնածիր ծփանքը օրոր էր երգում նրանց համար:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 15.14.50 | Сообщение # 19
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Միայն կղզու արևելյան կողմը բարձրացող բլրակի վրա, ուր ս. Հարության տաճարն էր և ուր ցիրուցան ընկած էին մամռապատ խաչարձաններ, լուռ անցուդարձ էր անում մի բարձրահասակ մարդ: Կղզու աշխարհական բնակիչների՞ց էր նա, թե՞ հոգևոր, անկարելի էր որոշել, որովհետև ծածկած էր լայնաքղանց վերարկու, նման հոգևոր հարց գործածական սքեմին, և գլխին դրած հասարակ խույր, որպիսին ծածկում էին անապատականները իրանց խուցերում: Պարթև հասակը և սիգաճեմ գնացքը միայն ցույց էին տալիս, որ անծանոթը վանական մթնոլորտին անընտել մի անձնավորություն էր:

Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով` կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով, պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը, և այդպիսով անմատչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լողորդին:

Լուսինը այդ ժամանակ հուշիկ բարձրանում էր երկնակամարի վրա, և ծովակի մութ բոսոր գույնը փոխվում էր հետզհետե փայլուն արծաթի և ծավալելով տարածվում դեպի հեռավոր ափերը, որոնք շրջապատված էին` մի կողմից բարձրագագաթ բեռներով ու բլուրներով և մյուս կողմից` դաշտերով ու սարատափերով: Ամեն տեղ տիրում էր լուսնի խաղաղավետ լույսը: Խարակների բարձրության վրա նստած` անծանոթը դիտում էր ծովակի այդ տեսարանը, որ ակնապարար ու հանգուցիչ լինելուց զատ, դյութիչ էր և խորհրդավոր: Նրան թվում էր, թե հենց այդ վայրկենին, երբ աշխարհը նիրհում է խաղաղական քնով, ելնում են թաքստից չարության ոգիները կամ աշխարհ իջնում բարվո հրեշտակները և տկար մահկանացուի վիճակը տնօրինում` մինին բախտ և երջանկություն, մյուսին վիշտ կամ տանջանք սահմանելով... Նրան թվում էր, թե հենց այդ խորհրդավոր ժամերումն էլ ճակատագրվեցան իրան վշտեր ու դժբախտություններ... Եվ տխուր մտքերը պաշարեցին նրան. անցյալի հիշատակները կենդանացան յուր առաջ և երևակայությունը վառվելով` հանդես բերավ նախ գողտր ու հաճոյական և ապա դաժան ու հոգետանջ պատկերներ...

— Ինչո՞ւ, ինչո՞ւ հասա ես նվաստության այս աստիճանին... — գոչեց հանկարծ անծանոթը և ձեռքը դեպի ճակատը տանելով` կամեցավ կարծես վանել տխուր մտածմունքները, որոնք սևաթույր ամպերի նման` գալիս ժողովվում էին այդտեղ` յուր սիրտը հուզելու, յուր հոգին վրդովելու համար: Սակայն այդ մտածմունքները չէին ցրվում. տանջող պատկերները չէին հեռանում, ընդհակառակը, անհայտանում էին բնության հանգուցիչ տեսարանները — ծովակը` յուր արծաթե ալիքներով, լեռները` իրանց խրոխտ գագաթներով, լուսինը, յուր մեղմ, աղոտ շողերով... Նույնիսկ անուշ զեփյուռը, որ ծովակի ալիքները քերելով` գալիս, գուրգուրում էր քարափի խոտերն ու ծաղիկները, ոչ մի զովություն չէր բերում նրան. ժայռերի ստորոտը կոծող ալիքների ձայնն անգամ չէր լսում նա, որովհետև յուր հոգին այդտեղ, Սևանում չէր. նա թռչում, թափառում էր հեռավոր տեղեր, հեռավոր գավառներ...

Եվ ահա՛ մի քանի քայլ հեռավորության վրա լսվեցավ մի թույլ քայլատրոփ: Կարծես մոտեցողի կողմից մի գաղտնի զորություն եկավ, ցնցեց անծանոթին: Նա, որ ոչինչ չէր զգում և ոչինչ չէր լսում, սթափվեցավ հանկարծ և գլուխը դարձնելով տեսավ, որ մոտենում է իրան շղարշով ծածկված մի կին:

— Ո՞վ է սա... — ձայն տվավ նա և ապա իսկույն ճանաչելով` վեր թռավ տեղից. — թագուհի՛, այս դո՞ւ ես... — հարցրեց մեղմ ձայնով:

— Այո՛, իմ սիրեցյալ թագավոր... — պատասխանեց վերջինս գրեթե շշնջալով:

— Այստե՞ղ... միայնա՞կ, այս գիշերաժամի՞ն...

— Մի՞թե միայնակ եմ ես... չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը...

— Բայց մինչև այստեղ գա՞լդ... Ո՞ւր են քո նաժիշտները:

— Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ: Կամենում էի անպատճառ քեզ տեսնել: Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր, բարապաններն ասացին... որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ...

Ես այդ չգիտեի...

— Այո՛, գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները... Բայց դու ինչո՞ւ կամենում էիր տեսնել ինձ անպատճառ... մի՞թե մի նորություն ունիս հաղորդելու:

— Նորությո՞ւն... ո՛չ:

— Հապա՞:

— Կամենում էի քեզ տեսնել:

— Ինձ տեսնե՞լ, ի՞նչ կնշանակե այդ:

— Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան:

— Չեմ հասկանում... չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ. կարող ես խոսել ամեն վայրկյան: Ինչո՞ւ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել:

— Հանգի՞ստ... մի՞թե հանգիստ ունեմ ես, մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ...

— Թագուհի՛...

— Այո՛, վաղո՜ւց կորել են ինձ համար հանգստյան ժամերը...

— Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն:

— Այո՛, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա` բոլորը դարձյալ իրանց հանգստությունը կվայելեն...

— Նրանց հետ և դու:

— Ե՞ս... Ո՞ւր էր թե այդպես լիներ...

— Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից: Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չէ սպասում քեզ. Սևանն անառիկ է և անմատչելի:

— Իմ բերդն ու ամրությունները վաղո՛ւց առել ու կործանել է թշնամին... իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան...

— Ինչի՞ մասին է խոսքը. դու դարձյալ հին ցավե՞րն ես ակնարկում:

— Օ՛, թույլ տուր, որ խոսեմ քեզ հետ, գոնե այս անգամ. թո՛ւյլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ...

— Թագուհի՛, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս:

— Թո՛ղ, աղաչում եմ քեզ. թո՛ղ որ հուզվիմ ու տանջվիմ. հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես...

— Բայց ի՞նչ է պատահել. մի՞թե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ:

— Նոր վիրավորա՞նք, ոչ: Հին վերքը, հին վիշտն է, որ շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը... և, ավա՜ղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա, ես լքված, միայնակ եմ աշխարհում... բոլորովին միայնակ... Օ՛հ, չգիտես թե ինչպե՜ս ծանր, ինչպես դժվար է միայնակ ապրել աշխարհում...

Այս խոսքերի հետ թագուհին փղձկեցավ և սկսավ լալ:

— Այդ ի՞նչ է թագուհի, դու արտասվո՞ւմ ես... Այդ տղայություն է, ի՞նչ կասեն` եթե լսեն: Արի՛, արի՛ առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը, դու պետք է հանգստանաս:

— Թո՛ղ որ մնամ ես այստեղ, և դու, ո՛վ սիրեցյալ թագավոր, մի՛ հեռանար ինձանից, նվիրիր քո թագուհուն, քո ապաբախտ ամուսնուն, գոնե մի ժամ. նա կամենում է խոսել քեզ հետ. մի՛ մերժիր նրան այդ չնչին խնդիրը:

— Սիրելի՛ Սահանույշ...

— Սիրելի Սահանո՞ւյշ... աստվա՛ծ իմ. մի՞թե դու ինձ այդ անունով կոչեցիր... արդյոք իմ ականջները սխալ չլսեցի՞ն... «Սիրելի» ասացիր, այնպես չէ՞. օ՛, ինչպես ուրախանում եմ այդ չնչին, այդ աղքատիկ խոսքով... սիրո մի փշրանքով... Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան տկար է ստեղծել մեզ աստված... և դու, անշուշտ, խղճում ես ինձ, այնպես չէ՞. ասա՛, մի՛ ծածկիր... խղճում ես ինչպես մի մուրացկի... Օ՛, եթե գիտենայիր, թե որքա՜ն ծանր է այդ ինձ համար, որքա՛ն դժվարատա՜ր...

— Այսուամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում. դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել: Գնանք, գնանք այստեղից:

— Օ՛հ, ոչ. ես այլևս չեմ հեռանալ այստեղից, չեմ հեռանալ իմ սերելի Աշոտից... Օ՛հ, ների՛ր ինձ. թույլ տուր, որ այս անունով անվանեմ քեզ... Այո՛, այժմ արդեն հանգիստ եմ. այժմ կարող եմ խոսել. ես այլևս չեմ հուզվիլ. միայն թե տո՛ւր ինձ քո ձեռը և խոստացի՛ր, որ համբերությամբ ականջ դնես ինձ:

Արքան աջը պարզեց առանց խոսելու:

Թագուհին առավ այն, սեղմեց յուր դողդոջուն ձեռներում և շարունակեց.

— Շնորհակալ եմ... Տեսնո՞ւմ ես, թե որպիսի փոքր շնորհով եմ ես գոհանում... Իմ անզուգական դյուցազնի, իմ վեհապանծ թագավորի սերն ու սիրտը կորցնելուց ետ, ուրախանում եմ, որ ներվում է ինձ նրա սառն ու անտարբեր աջը սեղմել... Եվ ես կարողանում եմ այդ քեզ ասել... Եվ գոռոզ Սահականույշը այդ խոստովանությունն անում է յուր թագավորին... Օ, ինչո՞ւ այսքան շատ նվաստացա...

Թագուհին նորեն հեկեկաց, և այլևս իրան զսպել չկարողանալով` բացավ դողդոջուն բազուկները և փարվեց թագավորին:

— Սահանո՛ւյշ... սիրելի՛ Սահանույշ, — շշնջաց թագավորը և սեղմեց նրան յուր կրծքին:

— Աղոթի՛ր, որ մահ հասնե ինձ այս վայրկենեն... Կամենում եմ մեռնել քո գրկի մեջ... Այս է իմ միակ տենչանքը... — մրմնջաց թագուհին, և արտասուքը նրա ձայնը խեղդեց:

Տիկնոջ հեկեկանքն ու արտասուքը հուզեցին թագավորին. նա մնաց տարակուսի մեջ և չգիտեր ինչո՞վ սփոփել ապաբախտ թագուհուն: Նա սկսավ ավելի ևս քնքշությամբ սեղմել նրան յուր կրծքին, զգալով, կարծես, որ այդ է միակ դարմանը, որ կարող է սիրող սրտի հուզումը դադարեցնել:

Երկար այս դրության մեջ մնալուց ետ, վերջապես թագավորը լռությունն ընդհատեց.

— Ինչո՞ւ, սիրելիս, այդքան շատ հուզվեցար:

Այս խոսքը, որ թեպետ մեղմով ու գրեթե շշնջալով արտասանեց թագավորը, այսուամենայնիվ կոշտ հնչեց թագուհու ականջին, նա յուր գլուխը արքայի գրկից հեռացրեց:

— Ինչո՞ւ... Եվ դու այդ հարցնո՞ւմ ես... Մի՞թե չգիտես, թե ինչից են թշվառ սրտերը հուզվում... մի՞թե իմ արտասուքները ամեն ինչ քեզ չպատմեցին...

Թագավորը ոչինչ չպատասխանեց: Նա զգուշանում էր թագուհու սիրտը նորեն հուզելուց: Ուստի դեպի խարակները հառաջանալով` նստեց ժայռի վրա և լուռ սկսավ դեպի ծովակը նայել:

— Դու ինձ այլևս չե՞ս կամենում լսել, — բեկված ձայնով հարցրեց թագուհին:

— Խոսի՛ր, սիրելիս, ինչ որ հաճո է քեզ. բայց անցյալից մի հիշեցնիր ինձ ոչինչ:

— Ոչինչ էլ չպիտի հիշեցնեմ, — հարեց իսկույն թագուհին, և կարծես գոհ թագավորի այս խոսքից (որի մեջ նա նրա խոստովանությունն էր կարդում` յուր դեմ գործած հանցանքների համար), մոտեցավ նրան և ինքն էլ ժայռի վրա նստելով շարունակեց.

— Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, և սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ այն, ինչ որ անհրաժեշտ էր խոսել և ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու: Այժմ, սակայն, համարձակություն առա և կարող եմ խոսել: Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչև անգամ իմ զրույցն անհաճո լինի քեզ:

— Խոսիր, ես լսում եմ:

— Գառնիում կարծում էի, թե հաշտվել եմ արդեն իմ վիճակի հետ. ուստի որոշեցի մոռանալ իմ անձը և նվիրվել հասարակաց բարվույն: Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն այն էր, որ գայի և միանայի քեզ հետ, սփոփեի անհաջողություններից ու իշխանների տիրադրուժ վարմունքից վշտացած քո սիրտը և ստիպեի քեզ վերադառնալ Ոստան, դեպի քո գահն ու արքունիքը... Այնուհետև արդեն հեշտ կլիներ վերսկսել խանգարված գործերը. ժողովուրդն ու զորքը քո դարձին էին սպասում, դու կարող էիր օգտվել նրանց ձեռնտվությունից:

Այս մտքով ահա՛ ոգևորված` ես եկա Կաքավաբերդ: Բայց քո սառն ընդունելությունը ինձ վշտացրեց: Դու կարծեցիր, թե ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը Ցլիկ — Ամրամից... Քո այդ կասկածը բավական եղավ, որ նորեն իմ սիրտը տակնուվրա լինի, որ հին վերքերը նորոգվին... Եվ քանի դու շարունակում էիր քո սառնությունն ու անտարբերությունը, այնքան ավելի վառվում ու բորբոքվում էր իմ մեջ նախանձի դժոխքը... Եվ դրա հետևանքն եղավ այն, որ ես քո սիրտը ցավեցնել ուզելով` պատմեցի, թե ինչպե՛ս մեր բոլոր աշխարհը գիտակ է քո հանցավոր սիրույն, թե զորքն ու ժողովուրդը գրգռված են քո դեմ, թե իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից, թե հոգևորականությունը դատապարտում է քո վարմունքը... Ավա՛ղ, ես կարծում էի, թե այս հայտնություններով պիտի զգաստացնեմ քեզ... բայց չարաչար սխալվեցա: Խոստովանում եմ` ես գործեցի իբրև թույլ կին, իբրև սիրող սրտի տեր: Չկարողանալով տանել քո սառնությունը, ես մոռացա իմ ուխտն ու նպատակը, ես խաղալիք դարձա նախանձի խռովյալ ալիքներին, որոնք անգթաբար կոծում, հարվածում էին իմ թշվառ սիրտը... Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ դու հուսահատվելով` ոչ միայն Ոստան չվերադարձար, այլև Կաքավաբերդից ելնելով` եկար Սևան, խարազանազգեստ կրոնավորների հետ ապրելու...

Ես ճանաչեցի իմ սխալը. տեսա իմ անխորհուրդ վարմանց հետևանքը և չարաչար զղջացի. բայց արդեն ուշ էր: Միակ միջոցը իմ հանցանքը քավելու այն էր, որ ես հետևեի քեզ, տեսնեի ամեն օր քո` դեպի ինձ ունեցած սառնությունը, դիտեի քո անտարբեր հայացքները և տանջվեի... Քանի՛-քանի՛ անգամ կամեցա մոտենալ և խոսել քեզ հետ, խոստովանել իմ հանցանքը և ներումն հայցել... Եվ սակայն դու շարունակ խույս էիր տալիս ինձանից, չէիր կամենում միայնակ ինձ հանդիպել, առանձնության մեջ իմ ձայնը լսել, իմ արտասուքը տեսնել... 0, եթե գիտենայիր, թե որքա՜ն տանջվել եմ ես...

Ամիսներ անցան այսպես և ես չկարողացա դեռ քեզ հետ խոսելու մի վայրկան գտնել: Բայց երբ գուժկան հասավ այստեղ և Բյուրականի առումն ու կոտորածը գուժեց, ես սարսափեցի. կարծես երկնային մի շանթ հարվածեց իմ հոգին. ես հիշեցի իմ ուխտն ու որոշումը. հիշեցի և իմ գործած հանցանքը... «Եթե նախանձի կիրքը ինձ չհաղթահարեր, Աշոտն այժմ յուր գահի վրա կլիներ, հայոց զորքը նրա շուրջը կգտնվեր, իշխանները զինակից կլինեին, թշնամու դեմ արդեն բանակ կշարժվեր...», մտածեցի ես, և հուսահատությունը, քիչ մնաց, դեպի ծովակի խորը պիտի մղեր ինձ... Բայց հետո զգաստացա և որոշեցի գտնել քեզ անպատճառ քո միայնության մեջ և հարկ եղածը խոսել: Այս է ահա՛ պատճառը, որ այժմ եկա քո մենավոր զբոսանքը խանգարելու: Գուցե այս հետապնդությունը տհաճություն է պատճառում քեզ, բայց ես ստիպված այդ էի անելու, որովհետև վտանգը դռան մոտ է և հապաղել այլևս անկարելի է:

— Ի՞նչ է քո խնդիրն ինձանից, — հարցրեց թագավորը:

— Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացդ, շուրջդ հավաքես ավագանին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատես...

— Միով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ-Երկաթը թագավորե նորից:

— Այո՛, թագավորե այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ...

— Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես:

— Ինչո՞ւ:

— Պատճառները բազմաթիվ են:

— Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց:

— Թագավորը չպատասխանեց: Նա դեմքը դեպի ծովակը դարձրած մտածում էր:

— Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ-Երկաթի կամքը, — խոսեց նորեն թագուհին, կամենալով արքայի ինքնասիրությունը գրգռել:

— Աշոտ-Երկաթի կա՞մքը... Օ՛, նա այժմ ավելի անզոր է` քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը:

— Ինչո՞ւ, հուսահատեցնում ես ինձ, տեր իմ և թագավոր,-շշնջաց թագուհին սրտահույզ ձայնով:

— Քա՜վ, թե կամենամ քեզ հուսահատեցնել. ճշմարտությունն եմ խոստովանում:

— Բայց դու զորավոր էիր մի օր ինչպես անապատի առյուծը...

— Որի մռնչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը, — ընդհատեց թագավորը:

— Այո՛:

— Եվ սակայն առյուծն էլ տկարանում ու մեռնում է:

— Անշուշտ. բայց այդ այն ժամանակ, երբ անցնում են նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը:

— Իսկ երբ որսորդի երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սի՞րտը:

— Ո՞ր աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին կարողացավ քեզ հարվածել, — հարցրեց թագուհին խորհրդավոր եղանակով:

Թագավորը չպատասխանեց. տխուր ժպիտը միայն նրա շուրթերը շարժեց:

— Դու չե՞ս կամենում խոսել — հարցրեց թագուհին:

— Չեմ կամենում քո սիրտը վշտացնել, — պատասխանեց թագավորը` շարունակ ծովակին նայելով:

— Աստվա՛ծ իմ, — բացականչեց թագուհին. — մի՞թե դու իմ սրտի մասին ես մտածում... այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին, ես ուրախությունից կարող եմ խելագարվել:

— Այո՛, մտածում եմ... Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ դառնագույն, այսուամենայնիվ, տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժիլ նրանց:

— Օ՛ն ուրեմն, փորձի՛ր իմ քաջությունը:

— Բարի, լսի՛ր ուրեմն ինձ:

Այս ասելով թագավորը դեմքը դարձրեց թագուհուն և շարունակեց.

— Մի փոքր առաջ հարցրիր, թե ո՞վ է այն որսորդը, որ այնքան ուժգին առյուծի սիրտը հարվածեց... այժմ պիտի ասեմ, թե ո՛վ էր նա: (Թագուհին լսողությունը լարեց): Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր...

— Ո՞ր կնոջ...-ընդհատեց հանկարծ թագուհին:

— Դու արդեն քո քաջությունը կորուսիր, — նկատեց թագավորը:

— Շարունակի՛ր, ես այլևս չեմ խանգարիլ, — հարեց թագուհին և գլուխը կախեց:

— Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում, — շարունակեց թագավորն. — իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում` կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե և որի միահեծան տիրապետն է նա... Մարդկային սրտերի մասին է խոսքը... Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞:

— Ինչո՞ւ համար է այդ հարցը:

— Պատասխանի՛ր, սիրո՞ւմ ես թե ոչ:

— Սիրում եմ անսահման սիրով:

— Բար՛ի. ի՞նչ կարող է անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը:

Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես:

— Օրենքն` ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև ես սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն:

— Այդ մի դիպված է: Իսկ եթե հանկարծ սիրում լինեիր մի ուրիշի՞ն:

— Քրիստոնեական առաքինությունը, որին հետևլ եմ միշտ, չէր թույլ տալ ինձ մտածել ապօրինի սիրո մասին: Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չէ կատարում երբեք:

— Մտածության համար սահման որոշելն անկարելի է: Ի՞նչ անե այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում:

— Այդ միևնույնն է, եթե ասես, «ի՞նչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը...»: Կարո՞ղ ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ:

Այդ խոսքերը խոցեցին թագավորի սիրտը, որովհետև հարվածն ուղղված էր բուն վերքին... Նա լռեց մի քանի վայրկյան:

— Էլ ուրիշ ասելիք չունի՞ս, — հարցրեց թագուհին մեղմությամբ:

— Ուրիշ ասելի՞ք, ինչպե՛ս չէ, ունիմ:

— Խոսի՛ր ուրեմն:

— Լսի՛ր. դատավորը աչառո՞ղ պիտի լինի, թե՞ անաչառ:

— Անշուշտ` անաչառ:

— Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ վարձատրել:

— Իհարկե պատժել:

— Ինչո՞ւ ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել:

— Ի՞նչ ես ուզում ասել, չեմ հասկանում:

— Չե՞ս հասկանում, բայց ես պարզ խոսեցի:

— Ո՞վ է ավազակը և ո՞վ դատավորը, ո՞ւմ համար եմ ես վարձատրություն պահանջում... — հարցրեց թագուհին տարակուսելով:

— Ես եմ այդ ավազակը. և ինքս էլ, ահա, իբր անաչառ դատավոր, պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից և ապավինելով այս անապատին... Ինչո՞ւ կամենում ես հանել ինձ այստեղից և նորեն դեպի Ոստան առաջնորդել:

— Դու չափազանցում ես:

— Չափազանցո՞ւմ... Բնա՛վ:

— Չափազանցում ես, իմ սիրեցյալ թագավոր:

— Մի՛ անվանիր ինձ ո՛չ սիրելի և ո՛չ թագավոր, ես մի չարագործ եմ, աստուծուց և մարդկանցից անիծված, ինչո՞ւ համար ես դու ինձ սիրում, ինչո՞ւ ինձ փառք հայթայթելու մասին ես մտածում:

— Հավիտյան պիտի սիրեմ... Մի՞թե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն...

— Ամուսնո՞ւն... Օ՛հ, մի՛ տանջիր ինձ: Ես չեմ կարող այդ նախատինքը տանել:

— Նախատի՞նք... մի՞թե ինձանից սիրվիլը նախատինք է քեզ համար:

— Ոչ, մեծափառ թագուհի, այլ նախատինք է այն, որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում... Ես հպարտ եմ. ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար:

— Ինձ ոչ մի չարիք չէ հասել քեզանից:

— Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ սփոփել: Ես այնքան անարի չեմ, որ իմ գործած հանցանաց չափով պատիժ կրել չկարողանամ: Եթե դու կամենում ես սփոփանք բերել իմ սրտին, ապա ատիր ինձ քո հոգվո բոլոր զորությամբ:

Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին:

— Ես չեմ կարող քեզ ատել:

— Ատի՛ր, որովհետև ես չեմ սիրում քեզ:

— Օհ, մի՛ ասիր այդ...

— Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ:

— Օ՛հ, անգութ...

— Միակ սիրածս կինը աշխարհում...

— Օ, մի՛ արտասանիր նրա անունը, — բացականչեց թագուհին` գրեթե ճչալով:

— Այո՛, միակ սիրածս կինը — այդ Ասպրամ իշխանուհին է, Սևորդյաց նահապետի աղջիկը:

— Անսի՛րտ... անգո՜ւթ, ի՞նչ շահ ունիս ինձ տանջելուց... Ինչո՞ւ չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ... չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի...

— Կամենում եմ սիրտդ խոցոտելով` դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ. այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը:

— Մի՛ հուսար... ես չեմ կարող քեզ ատել, իզուր տեղը մի՛ տանջիր իմ հոգին... Ասա՛ միայն ո՞րն է քո ծանրագույն վիշտը, ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու:

— Ավելի վատ:

— Մի՛ համառիր, իմ սիրեցյալ թագավոր. ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը և ամեն մի վիշտ` յուր սփոփանքը: Հարկավոր է միայն բժշկող ձեռք և սիրող սիրտ:

— Ո՞վ կարող է, օրինակ, բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից: Ո՞վ կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից հառաջացած չարիքի մեծությունը և գտնում է իրան անզոր ու անկարող` այդ չարիքը դարմանելու...

— Ամենքը սխալական են աշխարհում:

— Եվ ամենին կարելի է ներել...

— Հետևապես և քեզ:

— Մի՛ ընդհատիր ինձ. ամենքին կարելի է ներել, բացի նրան, որ կոչված է մարդկանց բախտը կառավարելու, որ պաշտոն ունի ժողովուրդ հովվելու, առաքինության օրինակ ու առաջնորդ հանդիսանալու... հասարակաց բարվույն ու երջանկության հսկելու...: Ես այդպիսի մի պատասխանատու անձն էի. աստված ինձ պետ ու առաջնորդ էր կարգել այս ժողովրդյան: Բայց միթե պատկառ մնացի՞ ես իմ կոչման. մի՞թե իմ սրբազան պաշտոնը չանարգեցի, մի՞թե բազմաթիվ չարյաց պատճառ չդարձա... Ո՞վ կարող է ինձ ներել, և ինչո՞ւ պիտի ներե:

— Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ, — ասաց թագուհին. — մոռացի՛ր այն և աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել:

— Անցյալը մոռանա՞մ... մի՞թե կարելի, մի՞թե հնարավոր է այդ. — բացականչեց թագավորը: -երկնքի աստղերը կկողոպտեի` վարձատրելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը... որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար կգտներ իմ հիշողությունները բթացնելու: Մոռանա՞լ... Այո՛, այդ եմ կամենում. այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը: Բայց ո՞վ կարող է լրումն տալ այդ ցանկության: Օ՛, ինչպես երջանիկ կլինեի, եթե կարողանայի չհիշել այլևս այն, ինչ որ կատարվել է... Այն, որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում, կեղեքում է իմ խիղճը... Կարո՞ղ եմ միթե մոռանալ, որ ես Սևադայի, իմ բարյացապարտ ազգակցի տունն ավերեցի` հորն ու որդուն միասին կուրացնելով... Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես Ամրամի, իմ հավատարիմ զինակցի ընտանիքը կործանեցի, նրա խաղաղության օթևանը դժոխքի փոխարկելով... Կարո՞ղ եմ մոռանալ որ ես քո կյանքը թունավորեցի` կաթոգին սերդ անարգելով, երջանկությունդ կապտելով... Ո՞րը նրանցից կարող եմ ես չհիշել կամ ո՞րն արդյոք մոռանալ... Գուցե ա՞յն` որ այս չարիքների շնորհիվ իմ իշխանների առ գահն ունեցած հավատարմությունը կորուսի և նրանց միությունը խանգարեցի, թե՞ այն, որ Ամրամի ապստամբությունը գրգռելով` հյուսիսային գավառներից զրկվեցա և թե վերջապես, այն, որ ռազմական ուժերս թուլացնելով` իմ երկրի սրտում հագարացոց բռնապետությունը հաստատեցի... Ասա՛, իմ սիրելի, սրանցից ո՞րը մոռանամ. կամ ինչպե՞ս չհիշեմ, որ այս ամենը կատարվել է մի հանցավոր սիրո, մի տմարդ օրինազանցության պատճառով... Ո՛չ, ես արժանի չեմ ներման. մի՛ աշխատիր մոռացնել տալ ինձ մեղքերով լի իմ անցյալը: Ես քրիստոնյա եմ և խիղճ ունիմ. այդ խիղճը տանջում է ինձ. նրա ձայնը խլացնում է իմ հոգվո լսելիքը, նա հրամայում է ինձ` հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից և քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը և խստամբեր ճգնությամբ քավել նրանց: Եվ ես ահա եկել, մտել եմ Սևան` իմ ապաշխարության վայրը: Իզուր ես կարծում, թե ես հեռացա Կաքավաբերդից նրա համար, որ դու իմ սառն ընդունելությունից վշտացած` պատմեցիր, թե աշխարհը գիտակ է իմ հանցավոր սիրույն, թե ժողովուրդը գրգռված է իմ դեմ, թե իշխաններն ու հոգևորականությունը դատապարտում են ինձ և այլն: Ո՛չ, դրանց պատճառով չհեռացա. ոչ էլ հուսահատությունն ինձ հալածեց: Այլ խիղճը, իմ ներքին մարդը... Հանգիստ լիներ խիղճս, արդար լինեին իմ գործերը, այն ժամանակ թեկուզ բոլոր աշխարհը կանգներ իմ դեմ, ես չէի ընկճվիլ. ոչ էլ հուսահատությունը կարող էր իմ հոգին հաղթահարել... Բայց խղճի անողոք խայթերին ես դիմադրել չկարողացա: Ինձ հալածեցին, մանավանդ, քո տխուր աչքերը, վշտալի հայացքը, դալկահար դեմքը... Ես փախուստ էի տալիս քեզանից. այո՛, բայց ոչ թե նրա համար, որ ատում էի քեզ, այլ նրա համար, որ ամեն մի քեզ տեսնելիս սիրտս տակնուվրա էր լինում, ամոթն ու խիղճը տանջում էին ինձ չարաչար: Վերջապես, ես եկա այստեղ իմ վշտերը թաքցնելու և հանցանքները լալու: Կարծեցի, թե այս անգամ կհեռանաս ինձանից և կերթաս Ոստան, ուր դու դեռ հավատարիմներ ունիս: Բայց իմ հույսը պարապ ելավ. դու չկամեցար թողնել ինձ իմ վշտերի հետ, դու հետևեցիր ինձ իբրև ամուսնասեր կին և ապացուցեցիր հարյուրերորդ անգամ, թե ես արժանի չէի քո սիրույն, թե բախտը իզուր էր կապել մեզ միմյանց հետ... Այս բոլորը գիտենալուց ետ, սիրելի տիկին, անկարելի է ինձ այլևս մտնել այն աշխարհը, որտեղից խիղճս ինձ հալածեց. թո՛ղ ինձ այս ապաշխարանաց վայրում. գուցե կարողանամ իմ մեղքերը քավել. գուցե կարողանամ իմ հոգին գեհենից փրկել...

— Միթե ավելի հաճելի չի՞ լինիլ աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով, — հարցրեց թագուհին:

— Ինչպե՞ս չէ, այդ ավելի հաճելի կլինի նրան. զի լավ է բարիք գործել` քան անօգուտ տեղը լալ:

— Է՛հ, ուրեմն դարձի՛ր աթոռդ, ձե՛ռքդ առ կառավարության ղեկը և փրկի՛ր ժողովուրդը` սպառնացող վտանգներից:

— Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ՞:

— Անշուշտ:

— Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը և հայրենասեր ու առաքինի Սմբատը բազմեցին. Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ:

— Իսկ արքայական գա՞հը:

— Թո՛ղ Աբասը պայազատե. նա է իմ օրինական ժառանգը:

Կարծես մի երկնային շանթ հաովածեց թագուհուն: Այդ խոսքը նա առաջին անգամէր լսում: Յուր սիրո կորստյան վրա, Այո՛, մտածել էր շատ, բայց դշխոյությունը կորցնելու մասին նա երբեք չէր երազել:

«Ինչպե՞ս թե Աբասը թագավորե. ուրեմն և Գուրգենդուխտը լինի թագուհի՞... Սևադայի դստեր կենդանության ժամանակ` ափխազաց Գուրգենի աղջիկը հռչակվի հայոց գահի դշխո՞... և հպարտ Սահականույշը փակվի Սևանի մեջ իբրև մի հպատակ, իբրև ափխազուհու մի թշվառ գերի՞ն... Եվ տեսնե, թե ինչպե՛ս հայոց իշխանները շրջապատում են նոր արքային, հաջողություններ են ստեղծում նրա համա՞ր... խոնարհում են գլուխները նոր թագուհու առաջ և քծնում ու խնկարկում են նրա՞ն... Օ՛, այդ արդեն ամենից ավելի դժվարատարն է...», մտածեց ինքն իրան թագուհին, և կնոջ փառասիրությունն ու հակառակորդի ինքնասիրությունը նրա էությունը պաշարեցհն: Նա մոռացավ, մինչև անգամ յուր իսկական վիշտը, անարգանաց զգացումը գերակշռեց նրա մեջ սիրո զգացման և կնոջ հատուկ սրամտությամբ նա չափեց իսկույն յուր ներքին վշտի և արտաքին անպատվության մեջ եղած անջրպետը և համոզվեց, թե ավելի հեշտ է ներքին վշտերով տանջվիլ, քան արտաքին անարգանքներից նվաստանալ...

— Ո՛չ, իմ մեծափառ թագավոր. այդ որոշումը չպիտի կատարվի. Սևանում դու չպիտի մնաս. գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, և դու պիտի վերադառնաս Ոստան, — խոսեց թագուհին վճռաբար:

— Անկարելի է... Այդ անելու համար նախ պետք է սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից... Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող:

— Չէ՛, դու պիտի գթաս քո ժողովրդին. նա նմանում է այժմ հովվից զրկված և անապատներում ցրված անտիրական մի հոտի. գայլերը չորս կողմից հալածում են նրան. մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը...

— Այդ հոտը կժողովե Աբասը, նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին` քան ես:

— Մի՛ ասիր այդ. մի՛ տար Աբասի անունը. հայոց թագավորը կենդանի է դեռ:

— Ո՛չ, նա մեռել է վաղուց. նա մեռավ այն օրը, երբ Ցլիկ-Ամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար...

— Մի՛ ասիր այդ խոսքերը. մի՛ հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ...

Այս ասելով թագուհին բռնեց թագավորի ձեռքը և քնքշաբար նայելով նրա աչքերին, որոնք անթարթ ուղղված էին լուսնին, կամացուկ ձայնով մրմնջաց.

— Աշո՛տ, իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամոսին. մի՛ թույլ տար, որ ափխազուհին ծաղրե քո Սահականույշի հպարտությունը, թո՛ղ որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան...

— Ա՛խ... ինչպե՛ս քիչ ես ծանոթ իմ վշտերին... — շշնջաց թագավորը և դեմքը դեպի ծովակը դարձուց:

— Խոսի՛ր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բա՛ց արա իմ առաջ սրտիդ վարագույրը...

Թագավորը չպատասխանեց, նա լուռ նայում էր ծովակին:

Եվ ի՞նչ պիտի պատասխաներ. ինչպե՞ս կարող էր նրա յուր սրտի վարագույրը բանալ... այն վարագույրը, որի ետևը ծածկված էր վշտերից ծանրագույնը... Կարո՞ղ էր միթե ասել` թե ինքը դեռ մտածում է Սևորդյաց իշխանուհու, յուր հանցավոր սիրո թշվառ զոհի վրա... թե ծանոթ է նրա ընտանեկան տանջանքներին, թե լսում է ամեն վայրկյան նրա արտասվող սրտի անեծքը, նրա ոգետանջ հառաչանքները... Ինչպե՞ս կարող էր նա այլևս գահի վրա բազմել, փառքի ու հաջողության հետևել, քանի որ ամեն վայրկյան պիտի հնչեին յուր ականջին նրա տխուր հեծությունները. քանի որ շարունակ նա պիտի տեսներ յուր առաջ նրա արտասուքները և ինքն իրան ասեր. — բոլոր աշխարհը փառաբանում է ինձ, հաջողությունները պսակում են իմ վերադարձը. ժողովուրդը ցնծության տոն է կատարում... Բայց այնտեղ, Սևորդյաց լեռների մեջ, Տավուշի մրապատ խորշերում հեծում է մի դժբախտ կին, սիրո հարվածներից ջախջախված մի սիրտ, որին թողել են ամենքը, որ կտրված, բաժանված է աշխարհից, որ ապրում է միայն յուր անարգանքի, յուր նվաստության հետ... Այդ կնոջ մրմունջը հասնում է մինչև իմ գահույքը, նա շշնջում է իմ ականջին դառն և սրտահույզ խոսքեր. «Մի՛ ծիծաղիր դու, երբ լալիս եմ ես, մի զվարճանար` երբ սգում եմ ես...», ասում է նա ինձ, արդ ի՞նչ իրավունքով ես պիտի նորեն աշխարհ մտնեմ, կյանքի բարիքները վայելեմ, քանի որ յուր սիրտն ու էությունը ինձ նվիրող կինը կենդանի թաղված է անհայտության մեջ:

Այս մտքերը, որոնք վաղուց ի վեր տանջում էին թագավորին, այդ միջոցին այն աստիճան հուզեցին նրան, որ նա ինքն իրան մոռանալով բացականչեց.

— Ո՛չ, անկարելի է. ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է-...:

— Ո՞ւմ համար է խոսքդ, ո՞վ է մեռնողը... — հարցրեց թագուհին:

Թագավորը ցնցվեցավ և տեղից բարձրանալով աջը պարզեց թագուհուն.

 
NvardДата: Среда, 2010-10-27, 15.16.11 | Сообщение # 20
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Գնա՛նք. լուսինն արդեն խոնարհում է... — ասաց նա խրոխտ ձայնով:

— Բայց ո՞ւմ համար էիր խոսում, — հարցրեց կրկին թագուհին:

— Անհայտության մեջ մեռնողի համար, — պատասխանեց թագավորը և առաջ անցավ:

Թագուհին հետևեց նրան, առանց այլևս խոսել իշխելու:

Է

ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ

Կեսօր էր: Ցամաքաբերդի ձկնորսները ուռկան էին ձգում ծովակը` Գեղամա համեղ ու բազմազան ձկներից որսալու, երբ Գևորգ Մարզպետունու հեծելախումբը հասավ այդտեղ: Իշխանը զարմացավ` տեսնելով, որ ձկնորսները փոխանակ լաստերով դեպի լճի խորը գնալու, շարունակ նրա եզերքն են պտտում, որով հաջողակ որս չպիտի կարենային անել: Բացի այդ, լճի վրա կամ եզերքում ոչ մի լաստ կամ նավակ չէր երևում: Այդ հանգամանքը շարժեց նրա հետաքրքրությունը, մանավանդ որ իրան այն միջոցին լաստ էր հարկավոր դեպի կղզին ուղղվելու համար:

Իշխանի հարցին` թե «ո՛ւր են ձեր նավակները», ձկնորսները պատասխանեցին.

— Արքայից հրաման եկավ, որ ոչ ոք եզերքում լաստ կամ նավակ չպահե, այդ պատճառով ամեն ոք յուր ունեցածը ծածկել է գյուղում:

Իշխանը գուշակեց, որ թագավորի հրամանը տրված է` թշնամիների մուտքը դեպի Սևան արգելելու նպատակով: Այսուամենայնիվ պատվիրեց, որ իրանց համար նավակ իջեցնեն ծովը, բայց ձկնորսները դժվարացան:

— Թագավորը մեզ կկախե, եթե համարձակվենք նրա հրամանն անարգելու, — ասացին նրանք և խնդրեցին` չստիպել իրանց անհնազանդ, գտնվել արքայի առաջ:

Իշխանը չպնդեց, բայց հրամայեց նշան տալ կղզեցիներին` լաստ ղրկել իրանց համար, իսկ մինչ այդ հյուրսաիրել յուր հեծյալներին Գեղամա թարմ ձկներով:

Ծովափը պատող ժայռերի վրա ձկնորսները կրակ վառեցին իսկույն: Բոցը բորբոքվելով ծառացավ, բարձրացավ դեպի վեր: Այդ էր այն նշանը, որով կղզեցիներից լաստ էին խնդրում եզերքում եղողները: Շուտով կղզու պարիսպներից դուրս ելան երկու սևազգեստներ, որոնք դեպի նավամատույցը հառաջանալով` լուծեցին այդտեղ կապած լաստերից մինը և դեպի ծովի խորը մղեցին:

Մինչև լաստի մոտենալը, ձկնորսները իրանց որսած ընտիր «իշխաններից» ու «գեղարքունիներից» պատրաստեցին համեղ նախաճաշ և հյուրասիրեցին իշխանի հեծյալներին:

Միջօրեի ժամերգությունը նոր էին ավարտել կղզում, երբ իշխանը յուր խմբով հասավ այդտեղ:

Թագավորը զարմացավ` տեսնելով յուր առաջ Գևորգ Մարզպետունուն:

— Դո՞ւ էլ քո թագավորի հետ ճգնելու եկար, — հարցրեց նա իշխանին ժպտալով:

— Ո՛չ, տեր արքա. այժմ հանցանքներ գործելու և ոչ թե ապաշխարելու ժամանակ է, — պատասխանեց Մարզպետունին:

— Հանցանքներ գործելո՞ւ... — հարցրեց թագավորը. — մի՞թե հանցանք գործելու համար էլ որոշ ժամանակ է լինում:

— Այո՛, տեր արքա: Տասը պատվիրաններից մինը «մի սպանաներ» խոսքն է: Այժմ հասել է այդ պատվիրանի դեմ գործելու ժամանակը, մենք շարունակ պիտի սպանենք:

— Հույս ունիս` ինձ քո հանցանքին մասնակից անելու համար չես եկած:

— Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր, ես քսան տարավ կերիտասարդանայի:

— Քո զորքի՞ն. մի՞թե զորք ունիս ժողոված,- — զարմանալով հարցրեց արքան:

— Այո՛, մեծափառ տեր:

— Որտե՞ղ է գտնվում բանակդ:

— Այստեղ, Սևանում:

— Սևանո՞ւմ, — ավելի ևս զարմանալով հարցրեց թագավորը:

— Այո՛, տեր արքա, Սևանում...

Թագունին, որ ներկա էր իշխանի խոսակցությանը, ընդհատեց նրան.

— Ես նայում էի իմ դիտանոցից, երբ քո լաստը մոտենում էր կղզուն. քեզ հետ միայն մի խմբակ կար, հազիվ քսան մարդուց բաղկացած, իսկ մնացածները ե՞րբ հասան այստեղ:

— Իմ բանակը կազմված է հենց քսան մարդուց, ես ավելին ձեռք բերել չկարողացա, — պատասխանեց իշխանը:

— Դու հիվա՞նդ ես, Մարզպետունի իշխան, — հարցրեց թագավորը` աչքերը նրա վրա սևեռելով:

— Գուցե կասկածում ես, թե խելագարվա՞ծ եմ, — ժպտալով հարցրեց իշխանը:

— Այո՛, ինձ այդպես է թվում, — հարեց թագավորը լրջությամբ: -Ասում ես, որ քսան մարդուց է բաղկացած բանակդ, և միևնույն ժամանակ փափագում, որ քո թագավորն առաջնորդե նրան: Ծա՞ղր է այդ, թե երգիծանք...

— Քա՛վ լիցի, եթե համարձակվեմ այդ չափ լրբանամ քո առաջ, տեր արքա... — պատասխանեց իշխանը հուզվելով:

— Ի՞նչ զորք է ուրեմն այն, որի անունով խոսում ես դու:

— Հենց հիշածս քսան հոգիներն են: Նրանք են իմ զորքն ու բանակը կազմում:

Թագավորն ու թագուհին զարմացած նայեցին իրար, կարծես կամենալով հարցնել միմյանց, թե «արդյոք այս մարդը չէ՞ խելագարվել...»:

Մարզպետունին թափանցեց նրանց սրտի խորքը և դառը ժպտալով ասաց.

— Իրավունք ունիք ինձ խելագար անվանելու: Այս ընդհանուր տագնապի օրերում, երբ զորեղ իշխանները իրանց հազարավոր զորքերով փակված են ամրոցներում, խելագարություն է, իհարկե, քսան հոգով բաց դաշտն իջնել` թշնամու հետ ընդհարվելու համար: Բայց ես այդ անում եմ, որպեսզի կարողանամ ամոթի կնիք դրոշմել բոլոր այն իշխանների ճակատին, որոնք հայության անունով խոսում, հայ տոհմականությամբ հպարտանում են, բայց հայրենիքը ճգնաժամում եղած միջոցին մատը չեն շարժում նրան օգնելու համար:

— Այդ դու կարող ես անել, եթե հաղթությամբ պսակես հանդուգն ձեռնարկությունդ, — նկատեց թագավորը. — բայց ի՞նչ կարող են անել քսան հոգիները թշնամու ահավոր զորության առաջ:

— Իմ քսան հոգիներից յուրաքանչյուրը կարող է վանել հարյուր հագարացի: Եթե հոգնախումբ բանակների դեմ կանգնել չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ:

— Այդպիսով շատ փոքր օգնություն կարող ես անել հայրենիքիդ:

— Ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում:

— Ուրեմն դու հույս ունիս, թե վերջ ի վերջո պիտի հաղթանակե՞ս:

— Երկուսից մինը. կա՛մ կհաղթանակեմ, կա՛մ թե իմ խմբով ի սպառ կջնջվեմ: Ես չեմ կարող նստել իմ բերդում և իմ կյանքը խնամել այնպիսի մի ժամանակ, երբ թագավորը գահը թողած` ճգնում է Սևանում, երբ կաթողիկոսը աթոռը կորցրած` թափառում է աստանդական, երբ ժողովուրդը, հազարներով ճարագ է դառնում թշնամուն... Եթե իմ եղբայրակիցները մեռնում են, ես ինչո՞ւ պիտի ապրեմ. մի՞թե նրանց կորուստը ողբալու համար: Այդ վայել է կանանց, երբե՛ք այն մարդուն, որի բազուկը դեռ կարող է սուր շարժել, որի ձայնը դաշտում կարող է որոտալ...

Թագավորն աչքերը հառած նայում էր իշխանի վրա, որ խոսում էր ինչպես մարմնացյալ հայրենասիրություն. նրա սիրտը հուզվում էր, նա կամենում էր գրկել և համբուրել այդ քաջին և միևնույն ժամանակ կամենում էր ասել. — «Որքան երջանիկ ես դու, Գևորգ իշ՛խան, որ կարող ես իբրև հասարակ զինվոր մարտնչել հայրենիքի համար... իսկ ես զրկված եմ նույնիսկ այդ մխիթարությունից...»:

— Ինչո՞ւ ուրեմն եկար Սևան, — հարցրեց թագավորը յուր հուզումը ծածկելով:

— Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունն ստանալու եկա:

— Իմ քա՛ջ և հավատարիմ իշխան. դու ուրեմն փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանին վայելել... Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավա՛ղ, քեզ անարժան թագավոր...

— Մի՛ ասիր այդ, տեր արքա. բախտը կարող է վանդակի մեջ փակել առյուծին, բայց նրա սիրտն ու կորովը կապտել չի կարող: Ապրիր դու այստեղ, մինչև որ քո ծառան վանդակը դարբնող ձեռքերը կփշրե...

— Իմ քաջ, իմ ազնիվ իշխան, վանդակը դարբնել են...

Նա կամենում էր ասել` «այնպիսի ձեռքեր, որոնց եթե փշրեիր, ինձ հավիտենական վիշտ պիտի պատճառեիր...», բայց նա ընդհատեց խոսքը և վեր կացավ տեղից հանկարծ.

— Ո՞ւր են քո քաջերը. գնանք նրանց մոտ: Այդ հերոսներն արժանի են, որ թագավորը նրանց ընդառաջե և ոչ թե իրանք գան նրա կոչին:

Այս ասելով թագավորն առաջ անցավ և իշխանը հետևեց նրան:

Բարապանն արդեն ուրիշ ճանա պարհով վազեց դեպի ուխտավորների կացարանը` խմբի անդամներին արքայի գալուստը հայտնելու:

Վահրամ սեպուհի հրամանով նրանք դուրս եկան իսկույն իրանց խուցերից և սպառազինված շարվեցան կղզու ծ առազարդ տափարակի վրա:

Թագավորն ու իշխանը իջնում էին բլրի կողմից: Երբ նրանք հասան ս. Աստվածածնի տաճարին և խոտորվեցան դեպի տափարակը, ուխտի զինվորները միաձայն որոտացին` «Կեցցե՛ թագավորը»:

Այդ գոչյունը հուզեց արքային: Որքա՜ն ժամանակ էր, որ նրա ականջին չէր հնչել այդ ձայնը, որքա՜ն ժամանակ էր, որ նրան ոչինչ չէր հիշեցնում, թե ինքը` հայոց թագավորը, Հայաստանի իշխանապետն է, թե դեռ այդ երկրում կան մարդիկ, որոնք հավատարիմ են իրան և որոնց ինքը կարող է հրամայել... Ճգնազգյաց միաբանների ընկերակցությունը, նրանց հանապազօրյա պաշտամունքները, որոնց գրեթե միշտ ներկա էր լինում ինքը, կղզու անշարժ ու խաղաղիկ կյանքը և նրա հետ միասին էլ յուր ծանրագույն վշտերը` ամեն ինչ մոռացրել, ամեն կենդանություն մեռցրել էին յուր մեջ: Նրան թվում էր, թե բոլոր աշխարհը քնած է Սևանի պես, թե ոչ մի տեղ այլևս չկա կենդանություն, թե մահը յուր թևերը տարածել է արդեն համայն հայոց վրա...

Բայց ուխտի զինվորների աղաղակը կարծես վայրկենապես սթափեցրեց նրան. մի հաճոյական և կենարար դող նրա մարմինը ցնցեց և քաջազնական զգացմունքով հոգին ու սիրտը լցվեցան:

Թագավորը թեպետ ուներ կղզու մեջ հարյուրի չափ զինվոր, բոլորն էլ ընտիր, զինավարժ մարդիկ, բոլորն էլ քաջասիրտ և դիմագրավող, բայց նրանք էլ կղզում անգործ մնալով և արքայի նման հոգևոր պաշտամանց հաճախելով` թուլացել, թմրել էին արդեն և զենքերն ու զրահը մի կողմ ձգել: Նա տեսնում էր դրանց ամեն օր խուցերի առաջ նստած և կամ ուռկանը ձեռքներին կղզու շուրջը թափառելիս, և չէր վրդովվում, կարծելով թե` հենց այդ էլ պիտի լիներ դրանց զբաղմունքը: Բայց երբ նա տեսավ յուր առաջ Մարզպետունու սակավաթիվ, բայց գոտեպինդ, զրահազգեստ և զինավառյալ այդ խմբակը, պատրաստ, կարծես հարձակվելու և ամեն զորություն ու ընդդիմություն ընկճելու և կործանելու, նա մի տեսակ աշխույժ ստացավ և քայլերն արագացնելով հասավ զինվորներին:

— Ապրի՛ք, իմ քաջեր, — բացականչեց նա և խումբը նորեն որոտաց.

— Կեցցե՜ թագավորը:

Վահրամ սեպուհն առաջ անցնելով սաղավարտը հանեց և գլուխ խոնարհեց արքային:

Վերջինս աջը պարզելով` ողջունեց նրան ջերմագին:

Սեպուհին հետևեց Մուշեղ բերդակալը, որին թագավորը բարեհաճ խոսքերով ընդունեց:

Առաջ անցավ ապա Գոռ իշխանիկը: Թագավորը նրան տեսնելուն պես բացականչեց:

— Դու է՞լ այստեղ, իմ սիրեցյալ Գոռ... Դու է՞լ անձնվեր քաջերի խմբում:

Այս ասելով թագավորը թևերը բացավ և գրկախառնելով պատանուն, որ սաղավարտը ձեռին մոտեցել էր իրան, համբուրեց նրան սրտագին:

— Որի՞ պաշտպանության հանձնեցիր հարսնացուդ, Գոռ, — հարցրեց թագավորը ժպտալով:

— Յուր իսկ պաշտպանության, — պատասխանեց պատանին շառագունելով:

— Այո՛, հայրդ ինձ պատմեց: Նրա պաշտպանության է հանձնված և Գառնին: Սյունյաց օրիորդը արժանի է այդ պաշտոնին: Երբ այր մարդիկ կռվում են դաշտում, կանայք կարող են բերդերը պաշտպանել... Թեպետ ցավալի է, որ հայոց երկիրը միայն քսան տղամարդ է դաշտը հանում այսօր. բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ այդ քսան քաջերին հետևում է մի կին. և որ այդ կինը իմ որդեգրուհին և Գոռի հարսնացուն է... Գնա՛, ի՛մ քաջ, արժանի՛ եղիր քո մրցանակին:

Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապա դառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը:

Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը:

— Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել, — ասաց նա նրան, — բայց արքան այս կղզում խույս տալու տեղ չունի. անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից:

Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին` ավելացրեց.

— Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի: Եթե դուք կհաջողիք ձեր ձեռնարկության մեջ և կկարողանաք սրբել այն արատը, որ դրին մեր դրոշի վրա տիրադրուժ իշխանները, այն ժամանակ ես նորեն կելնեմ իմ բանտից և կպսակեմ ձեր հաջողությունը իմ արշավանքներով: Այս օրվանից իմ դրոշը ես կհանձնեմ ձեր խմբին, թո՛ղ նա ամեն տեղ ոգևորե այս քաջերին և հիշեցնե, որ թագավորը կալանավոր է Սևանում...

Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը:

Խոր լռություն տիրեց: Ուխտի զինվորները ակնածությամբ սպասում էին թիկնապահների դարձին: Երբ դրոշը երևաց, ամենքն իսկույն սաղավարտները հանելով միաբերան գոչեցին. «Կեցցե՛ թագավորը»:

Վերջինս առավ դրոշակը թիկնապահների ձեռքից և հանձնելով այն Մարզպետունուն, ասաց.

— Այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք` գործել ամեն տեղ իմ կողմից և անունից: Այս դրոշը իմ փոխարեն կլինի քո խմբին և՛ առաջնորդ, և՛ զինակից:

Նույն օրը ուխտի զինվորներին սեղանակից արին իրանց թագավորն ու թագուհին: Իսկ հետևյալ առավոտ հեռացավ խումբը Սևանից` տանելով յուր հետ արքայական դրոշը և թագավորի, թագուհու և բոլոր միաբանության օրհնությունը:

Հասնելով Ցամաքաբերդ` ուխտի զինվորները ձիաները հեծան և Արարատյան դաշտի ճանապարհը բռնեցին: Նրանց նպատակն էր հանդիպել Բեշիրի հրոսակներին, որոնք զանազան խմբերի բաժանված` շրջում էին այդ դաշտի անպաշտպան գյուղերը և ավարի տալիս նրանց: Բյուրականի առումը և անխիղճ կոտորածն ավելի էր նրանց համարձակություն տվել և բարբարոսությունները գրգռել: Այժմ անարգել առաջ էին գնում նրանք, չակնածելով բնավ հայ իշխաններից, որովհետև գիտեին, որ դրանք բերդերից չպիտի իջնեն և շինականի գույքն ու կյանքը պաշտպանելու համար իրանց անձը վտանգի մատնեն:

Արդ, Մարզպետունի իշխանը կամենում էր հանդիպել այդ հանդուգն հելուզակներին, որովհետև հույս ուներ, թե առանձին-առանձին պատահելով նրանց` կարող է շատերին ոչնչացնել:

Բայց հազիվ յուր հեծելախումբը Հրազդան գետն անցավ և ահա՛ գաղթականների մի բազմություն ընդառաջեց նրան:

— Որտեղացի՞ եք և ո՞ւր եք գնում, — հարցրեց նրանց իշխանը:

— Գեղա բերդիցն ենք, տեր, — պատասխանեց հաղթանդամ ու բարձրահասակ առաջնորդը. — գնում ենք Սյունյաց լեռներում ամրանալու:

— Ուրիշները դիմում են դեպի Գեղ, իսկ դուք փախչո՞ւմ եք այնտեղից, ի՞նչ է պատահել. ո՞վ է հարձակվում ձեզ վրա:

— Բեշիրը, տե՛ր:

— Ո՞վ ասաց ձեզ:

— Դվինից լուր ղրկեց կաթողիկոսարանի վերակացուն:

— Է՜, լավ, էլ ինչո՞ւ եք փախչում, չէ՞ որ Գեղա բերդն ամուր է բավական:

— Ամուր է, բայց զորք քիչ ունի:

— Թշվառականնե՛ր, եթե ամենքդ այդպես կփախչեք այնտեղից, իհարկե զորք չեք ունենալ, ինչի՞ համար է այդ հաղթ հասակը, եթե տագնապի րոպեին տուն տեղ պիտի ձգես. ե՛տ դարձեք այս վայրկենին, թե չէ ամենքիդ սուր քաշել կտամ:

Առաջնորդը նայեց յուր ընկերներին, կանայք ծածկոցները բանալով սկսան դիտել խոսող իշխանին, իսկ երեխաները վախկոտ նայվածքով նրանց շուրջը կծկվեցան:

— Ե՛տ դարձեք, — կրկնեց իշխանը, — այստեղ եղող բոլոր տղամարդկանց պահակ պիտի կարգեմ Գեղա պարիսպների վրա:

Գաղթականներն սկսան աղաչել իշխանին` թույլ տալ իրանց շարունակել ճանապարհը, բայց Մարզպետունին մնաց անողոք:

— Տե՛ր, դու մեզ, ուրեմն, մատնում ես Բեշիրին, նա մի երկու օրից Գեղա բերդը պիտի գրավե, — խոսեց պառավ մի կին:

— Ես թույլ չեմ տալ, մայրիկ, որ Բեշիրը հասնե Գեղ. բայց եթե աստծուց վիճակված է քեզ մահ, ապա լավ է, որ տանդ մեջ մեռնես, քան թե օտարության մեջ:

— Ես ցավում եմ ոչ թե ինձ, այլ երիտասարդների համար:

— Նրանք թող իրանք պաշտպանեն իրանց:

Այս ասելով նա հրամայեց գաղթականների առաջնորդին ետ դարձնել ամենքին. իսկ ինքը յուր խմբին դառնալով ավելացրեց.

— Մեր ծրագիրը փոխվեցավ: Ուղեկցենք այս փախստականներին մինչև Գեղա ստորոտը, իսկ այնուհետև կդիմենք ուր որ հարկավոր է:

Հետևյալ ավուր երեկոյան իշխանը յուր հեծելախմբով բաժանվեց գաղթականներից. նրանք բարձրացան դեպի Գեղա լանջերը, իսկ ինքը բռնեց Դվնո դաշտի ճանապարհը:

Որովհետև մութը կոխում էր, իշխանն ու սեպուհը որոշեցին շատ չհեռանալ Գեղա սահմաններից: Ուստի ուղղվելով դեպի Ուրծաձոր, բարձրացան մի փոքրիկ լեռնագոտու վրա, որ ծածկված էր անտառով ու մացառուտով: Այդտեղ գտան նրանք ծառերով հովանավոր մի անքույթ ծածկարան, ուր և իջան հանգստանալու և գիշերելու:

Զինվորներից մի քանիսը զբաղվեցան իսկույն խմբի սակավապետ կերակուրը պատրաստելով, իսկ մի քանիսը փութացին ջուր բերելու: Լեռան լանջերի վրա աղբյուր չգտնելով, նրանք վայր իջան դեպի հովիտը այդտեղ հոսող գետակից ջուր վերցնելու: Դա Վեդիի վտակներից մինն էր, որ խոխոջալով իջնում էր Գեղա բարձունքներից: Հազիվ մացառուտից ելան զինվորները և ահա՛ հանդիպակաց լանջերի վրա զարկած տեսան բազմաթիվ վրաններ, որոնցից շատերի առաջ խարույկներ էին վառվում:

Դա հագարացիների բանակն էր:

Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին:

— Դրանք ուրեմն Գեղն առնելու են գնում, — գուշակեց սեպուհը:

— Անշուշտ, — պատասխանեց Մարզպետունին:

— Ի՞նչ պիտի անենք այժմ մենք:

— Մի՞թե դեռ չգիտես:

— Գիտեմ. պիտի խանգարենք... բայց...

— Ուրիշ անելիք չունինք: Վայելենք մեր ընթրիքը և գործի սկսենք, — վճռաբար ասաց իշխանը և բազմեց խոտերի վրա, ուր բացված էր անպաճույճ սեղանը: Նրանք բոլորեցին ամենքը միասին, որովհետև, նրանց մեջ չկար այլևս իշխան ու ծառա. նրանք ամենքը եղբայրներ էին, մի խաչի ու դրոշի զինվորներ: Նրանց կերակուրը կազմում էին Սևանի եփած ձկները, մի քանի կտոր խաշած միս և Գեղարքունյաց ընտիր պանիր:

Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում. ամենքը լուռ ուտում էին: Բայց այդ` ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրանց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր:

Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց.

— Սիրելի քաջերս. աստված թշնամին մատնել է մեր ձեռքը, պիտի օգուտ քաղենք այս հաջողությունից: Առավոտը` դեռ լույսը չբացված մենք կհարձակվենք թշնամու վրա: Այս արդեն վճռված է: Պառկեցեք ուրեմն և հանգստացեք, որպեսզի հոգնություններդ առնեք և վաղվա համար ուժերնիդ կազդուրեք, իսկ ես և Վահրամ սեպուհը կերթանք նախ թշնամու դիրքն ու բանակը հետազոտելու և ապա կբարձրանանք Գեղ, տեղացիներից հարկ եղած օգնությունը հայթայթելու:

— Թո՛ւյլ տուր, հայր իմ, որ ես ևս հետևեմ ձեզ, — ասաց Գոռ իշխանիկը:

— Ո՛չ, զավակս. դու էլ պառկիր և հանգստացիր, զինվորը չպիտի զատվի յուր ընկերներից, — պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով հասկացնել որդուն, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և, հետևապես, պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները:

Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց: Իշխանն ու սեպուհը թողնելով զինվորներին` ուղղվեցան դեպի բանակի կողմը:

Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր երեք բարձրության մեջ: Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին Գեղա դարևանդները. արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները, արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը:

— Եթե հարձակվենք այս կողմից, — ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը, — այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ:

Մեր գործը պիտի լինի հանկարծակի բերել նրանց: Ուրեմն ամեն հնար գործ պիտի դնենք` շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է մեր գործը խանգարել:

— Գլխավորը ջահեր ձեռք բերելն է. հենց որ մի երկու վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին, — խոսել սկսավ սեպուհը, — սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարվածեն:

Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց հետ` իշխանն ու սեպուհը վերադարձան զինվորների մոտ: Նրանք ամենքն էլ քաղցր քուն էին մտել, բայց մի քանիսը եկողների քայլատրոփը լսելուց վեր թռան տեղներից: Արթուն էր միայն մի զինվոր, որ պահպանություն էր անում ձիաներին:

Գևորգ իշխանը տեսնելով Գոռին, որ գլուխը մի կոճղի հենած` անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ: Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով` լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, որ հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ:

Պղնձե զրահը, որ պատում էր նրա առողջ կուրծքն ու թիկունքը, ոսկեդրոշ սաղավարտը, որ ծածկում էր տակավին նրա գեղեցիկ գլուխը, բայց չէր կարողանում ամփոփել յուր մեջ նրա հարուստ խոպոպիները, որոնք զարդարում էին պատանու ճակատն ու պարանոցը, և վերջապես կմբավոր, արծաթազարդ վահանակը, որ բռնած էր ձախ ձեռքում և որով, քնի մեջ անգամ, պաշտպանում էր նա յուր կուրծքը, փայլում էին լուսնի առաջ մեղմ ճաճանչներով:

Իշխանը սկսավ նայել որդուն, ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից, և մի տխուր զգացում սկսավ նրա սիրտը ճնշել:

«Գուցե իմ ձեռնարկությունը հաճելի չէ աստծուն, գուցե նա բարկանում է, որ ես հանդուգն մտքեր եմ հղանում և խաղաղ քուն վայելող արարածների վրա անակնկալ հարձակումն եմ գործում... Գուցե նա ինձ պատժելու համար հագարացիներից մինի սուրը մխե իմ այս միամոր որդու կողը և նրա կենաց արևը խավարեցնե... եվ ես հավիտյան զրկվեմ նրանից... իմ կյանքի այս միակ մխիթարությունից... Օ՛, և տեսնեմ նրան արյունաշաղախ, ժպիտը գեղեցիկ դեմքի վրա սառած և սիրուն աչքերը հավիտյան փակված... Ո՛չ, անկարելի է. ո՞ր աստվածը այնուհետև կարող է իմ կսկիծը փարատել... և ի՞նչ լուր տանեմ ես նրա մորը, ի՞նչ երեսով նրան երևամ... Արդյոք մի անգութ, մի բարբարոս չե՞մ ես. ինչո՞ւ չարգելեցի նրան Գառնիում... ի՞նչ ուժ պիտի ավելացներ նա ինձ համար, մի՞թե մի հասարակ զինվոր չէր կարող նրա գործը կատարել, ինչո՞ւ կամեցա Մարզպետունյաց Տան վերջին ճրագը խավարեցնել... Չէ, սա պիտի հեռանա այստեղից. և կամ մեր արշավանքը պիտի հետաձգենք»...

Այս մտքերն էին հուզում Մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով` զորավոր ձեռքը դրավ նրա ուսին և ասաց.

— Մենք ուշանում ենք, տե՛ր Մարզպետունի, այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի Գոռ իշխանիկը, գնա՛նք:

Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին և նա կարծես անուրջից սթափվելով` բացականչեց.

— Գնա՛նք. թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն:

Համաձայն կանխավ արած որոշման` իշխանը պիտի բարձրանար Գեղ, նրանցից օգնական մարդիկ բերելու, իսկ սեպուհը պիտի իջներ Վեդի ավանը և, եթե այդտեղ չհաջողեր, անցներ ճերմանիս և այնտեղից մարդիկ հրավիրեր: Նրանց նպատակն էր` հայթայթել ոչ թե կռվող զորք, այլ միայն գոռացող ու աղմուկ հանող ամբոխ, որ գիշերային ժամում կարողանար սարսափ ազդել թշնամուն:

Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան: Իշխանը լեռան լանջերը բարձրանալով, դարձյալ սկսավ Գոռի վրա մտածել: Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրենասիրտ զինվոր:

«Մինչև այսօր բյուր մեզ նմանները զո՛հվել են թշնամու սրին. դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան, յուր տոհմն ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով` ձեռնպահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց: Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացմունքներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը: Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա... Բայց ես հրապարակական խոստում արի. ես ահավոր երդում երդվեցա. ինչպե՞ս կարող եմ այդ երդման դրժել... Իմ Գոռը հավիտյան հո չի ապրելու, մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը, կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից... Ինչո՞ւ ուրեմն չկամենալ, որ այդ մահը հանդիպե նրան հայրենիքի համար մղած կռվի դաշտում: Ինչու չցանկանալ, որ անփառունակ մահվան փոխարենը` նա մարտիրոսական պսակը ստանա. ինչո՞ւ չմխիթարվել այն քաղցր մտքով` թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատության նվիրեցի... և վերջապես մի՞թե իմ Գոհարը որդվո մահն լսելուն պես` չի կարող հերոս հելլենուհու նման ասել, թե «հենց դրա համար ծնեցի որդիս...»:

Այս մտքերն այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպես անցավ Գեղա դարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին:

Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որձաքար և զարկեց երկաթապատ դռներին: Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ: Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց:

— Բացե՛ք դուռը: Ինչ քնելու ժամանակ է, հիմարներ, թշնամին ձեր առջևն է, — գոչեց իշխանը:

Մարզպետունու ձայնը ծանոթ էր Գեղա պահակներին: Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց դուռը բանալու:

Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել:

— Ի՞նչ կա, տեր իմ, մի՞թե թշնամին մոտենում է արդեն, — սրտատրոփ հարցրեց բերդակալը:

— Ամեն մեկի հետ զատ-զատ խոսելու ժամանակ չունիմ. հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թո՛ղ ամենքը լսեն, — պատասխանեց իշխանը:

Բերդակալի հրամանով զինվորներն իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում: Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց:

Կես ժամվա մեջ արդեն Գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց ու երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը: Նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով ու նիզակներով:

Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին: Իշխանը հրամայեց նրանց ջահեր վառել, որպեսզի կարենային միմյանց երես տեսնել: Ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել.

— Այսօր վերադարձրի Գեղ այստեղից փախչող բազմաթիվ անձանց: Նրանք պատմած կլիեին ձեզ, որ մենք արքայի հրամանով եկած ենք թշնամու դեմ, որ բանակած է այժմ Վեդիի հովտում: Այսքան մոտ չկարծելով թշնամուն, մենք բուն բանակից առաջ անցանք (իշխանը դիտմամբ ստեց` ամբոխին սիրտ տալու համար). բայց որովհետև թշնամին վաղը պիտի հարձակվի ձեզ վրա, ուստի ես իմ խմբով որոշեցի շփոթել նրա բանակը հենց այս գիշեր: Այդ մենք կանենք մեր անակնկալ հարձակումով: Դուք ամենքդ մեզ պիտի օգնեք այս գործում, հավատացած լինելով, որ հաղթությունը մեր կողմը պիտի լինի: Հակառակ դեպքում Գեղը վաղվանից ավերակ կդառնա:

— Մենք այստեղից ելնել չենք կարող... մենք կռվելու ուժ չունինք... մենք զինվոր չունինք... — սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից:

— Լռեցեք. ինձ լսեցեք, — հրամայեց իշխանը:

Ժողովուրդը լռեց:

— Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք և ոչ զենք: Այլ միայն այն, որ բոլոր այստեղ եղողներդ հետևեք ինձ և Վեդիի հովիտը պատող բլուրների վրա կենալով ձեր գոռոցն ու աղաղակը միացնեք հարձակում գործող մեր զինվորների ձայնին: Եվ եթե կգտնվեն ձեր մեջ մի քանի քաջեր, որոնք կցանկանան թագավորի ու թագուհու շնորհակալության արժանանալ, նրանք էլ ջահերով թշնամու վրանները կկրակեն: Հենց որ աղաղակն ու հրդեհն սկսվին, թշնամին շփոթված պիտի փախչի: Այն ժամանակ կոտորածը կանեն իմ զորքերը, իսկ ավարը կմնա գեղացոց:

Իշխանի խոսքերն ազդեցին ժողովրդի վրա: Թեպետ նրանցից ոմանք դարձյալ ընդդիմության աղմուկ հանեցին, բայց իշխանի առաջարկությունն ընդունողների թիվը շատ մեծ էր: Մի հասարակ աղաղակի կամ որևէ մի վրան կրակելու համար արքայական շնորհաց արժանանալու հույսը շատերի եռանդը վառեց: Իսկույն խմբեր կազմվեցան. զենք չունեցողը զենք առավ վրան. պահակներից շատերը ջահեր պատրաստեցին, ոմանք էլ հողե ամաններով կամ փոքր տիկերով կպրաձյութ վերցրին: Կային և մարդիկ, որոնք զինվեցան տապարներով կամ բահերով, և այսպես ամենքը միասին խմբվելով` լուռ ու մունջ դուրս եկան բերդից և հետևեցին իշխանի ձիու սմբակներին:

Առաջին պայմանը անձայն ու անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ: Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով` թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել:

Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելով` տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրան և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում:

Իսկույն սկսան իրանց կարգադրություններն անել: Ամբոխը բաժանեցին երեք հավասար մասի: Նրանցից ամեն մինը պետք է բռներ հովտի մի զառիվայրը: Ջահավոր պահակները գաղտուկ պիտի մոտենային վրաններին: Հարձակման նշանը պետք է տար Մարզպետունին, իսկ առաջին կրակը պիտի վառեր սեպուհը: Այնուհետև պիտի փրթեր սոսկալի աղաղակ, որին կմասնակցեին բոլորը, առանց ընդհատելու: Կոտորածը կսկսեին միայն ուխտի զինվորները, աշխատելով սակայն չփակել փախչողների ճանապարհը:

Գիշերից բավական անցել էր. առավոտյան աստղը ծագում էր արդեն և արևելքի մեջ խավարն սկսում էր լուսից բաժանվել:

Հագարացիների բանակը ընկղմած էր խոր քնո մեջ: Կրակները վաղուց հանգել, և շարժումն ու շշուկը դադարել էին: Չէր լսվում նույնիսկ պահապանների քայլատրոփը: Ըստ երևույթին ոչ մի երկյուղ չունեին նրանք հայերից: Եվ ո՞վ պիտի համարձակեր հազար մարդուց բաղկացած այդ բանակի հանգիստը վրդովել: Նույնիսկ Բեշիրի վրանի առաջ պահապաններն անուշ խռմփում էին, երազելով անշուշտ Գեղա ամրոցի առումը, բնակիչների կոտորածը և գեղեցիկ հայուհիների գերումը...

Հանկարծ հովտի մեջ որոտաց Մարզպետունու ձայնը.

— Հառա՛ջ, քաջերս, աստված մեզ օգնական...

— Կեցցե՛ թագավորը, — գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան:

Բլուրների վրա և լեռնալանջերում ամբոխն սկսավ գոռալ: Արձագանքը որոտաց հովտի մեջ և բանակի վրանները սկսան վառվել: Հագարացիք սարսափահար եղած դուրս թռան վրաններից, աղմուկն ու շփոթը տիրեց ամեն տեղ և ուխտի զինվորները իրանց կոտորածն սկսան: Հետզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց ամբոխի խմբերը, որոնք իրանց գոռյուն-գոչյունով և զանազան շարժումներով նմանում էին այդ բարձրություններից իջնող ստվար բանակների: Հագարացիք կարծելով թե շրջապատված են արդեն բազմաթիվ զորքերով, սկսան իրար կոտորելով փախուստ տալ դեպի Վեդիի հովտաբերանը, ամեն ոք աշխատում էր յուր անձը փրկել, ձի ունեցողը ձիով էր փախչում, հետևակը հետիոտն էր վազում, ամենքը թեպետ սրերը մերկացրած, բայց գրեթե ոչ ոք հարված չէր կշռում, այլ վահանը գլխին բռնած` հարվածներից ազատվիլ էր աշխատում:

Չնայելով, որ Բեշիրը կատաղած դուրս թռավ վրանից, հեծավ իսկույն յուր ձին ու սկսավ գոռալ և կարգի հրավիրել զորքը, բայց լսող չկար: Կրակի և մթության խառնուրդում չէր որոշվում որոնք են հայերը և որոնք հագարացիք: Բեշիրին այնպես թվաց, թե մի հսկայական զորություն սեղմել է յուր գրկում հագարացոց բանակը, բայց և այնպես մի քանի թիկնապահների օգնությամբ նա սկսավ վանել յուր վրանի վրա հարձակվող քաջերին, որոնց թվումն էր Գոռը:

Արի պատանին, կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև զորապետի վրանը: Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ Մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց.

— Թշվառական, ո՞ւմն ես հարվածում:

Այս ասելով նա պողպատիկ սուրը իջեցրեց Բեշիրի զրահապատ թիկունքին այնպես սաստկագին, որ նա սասանելով գլորվեցավ ձիուց: Իշխանն առաջ վարեց նժույգը նրան կոխկրտելու համար, բայց Բեշիրի թիկնապահները յուր դեմն արձանացան, և նա ստիպված էր յուր սրի հարվածները նրանց գլխին իջեցնել:

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
  • Страница 2 из 3
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz