Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-19, 04.14.18
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
NvardДата: Среда, 2010-10-27, 12.57.39 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Գևորգ Մարզպետունի
 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.15.13 | Сообщение # 2
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա

ԳԱՌՆՈ ԱՄՐՈՑՈԻՄ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատ մեծի ձեռքով ավելի շքեղ վերաշինվելով, հայտնի պատերազմների ժամանակ ծառայել էր պետությանը իբրև անառիկ ամրոց և թե՛ խաղաղության միջոցին պատսպարել յուր մեջ արքունական գանձերն ու հարստությունները, ինչպես և վտանգների երեսից փախչող իշխանական ընտանիքներին, ընդնմին մնալով և ապահով ձմերոց հայ զորքերի համար, — չնայելով ապիրատ Վասակի ձեռքից Վարդանանց օրերում կրած հիմնական ավերմունքներին — տակավին շեն էր և կանգուն այն օրերում, որոնցից սկսվում է մեր պատմությունը:

Նա գտնվում էր Այրարատ նահանգի Մազազ ու Ոստան գավառները միմյանցից բաժանող Գեղա լեռան մի ոստի վրա, որը վերջին դարերում, յուր ծոցում գտնվող Ս. Գեղարդի անունով Գեղարդասար կոչվեցավ:

Բարձրադիր սարավանդակը, որի վրա կառուցած էր ամրոցը, շրջապատված էր բնության փառահեղ և ահարկու տեսարաններով: — Հսկայակերպ ժայռեր, անհեթեթ հողազանգվածներ, ահավոր անդունդներ, իսկ ավելի հեռվից՝ գեղատեսիլ լեռներ խրոխտ ու կոհակավետ գագաթներով՝ ծածկում էին նրա շրջակայքն ու հանդիպակաց հորիզոնը:

Ամրոցի առջևից` փրփրադեզ ալիքները դարևանդներից գահավիժելով՝ հոսում էր Ազատ գետի սրընթաց մի վտակը, որ սարավանդակն ընդգրկող ձորակից անցնելով՝ միանում էր Ազատի երկրորդ վտակի հետ և ապա օձապտույտ գետահետելով՝ դուրս գալիս Դվնո ընդարձակ դաշտը` Ոստան գավառի այգեստաններին ջուր ու զովություն մատակարարելու:

Հինավուրց ամրոցը, որ յուր հինգ եկեղեցիներով, բազմաթիվ շինություններով ու պահականոցներով հանգչում էր միապաղաղ ժայռերից ու ամբարտակներից զանգված բարձրության վրա, պատսպարված էր ամեն կողմից թե բնության և թե արհեստի ամրություններով: Հյուսիսային կողմից՝ պաշտպանում էին նրան, բացի կիսաբոլոր պարիսպներն ու աշտարակները, այլև Գեղարդասարի այն գահավանդները, որոնք աստիճանաբար բարձրանալով` կցվում էին Գեղա լեռան հետ: Արևելյան և արևմտյան կողմերից շրջապատում էին հսկայական պարիսպներ և հզոր աշտարակներ, որոնք շինված էին կոփված ու հղկված խանձաքար ժայռերից և ամրացրած կապարով ու երկաթով: Իսկ հարավային և մասամբ արևելյան կողմից` բարձրանում էին միակտուր քարաժայռերի բնական պատնեշներ, որոնք խորաձորի միջից հսկայական բուրգերի նման դեպի վեր ձգվելով, ընդգրկում էին ամրոցի այս շրջապատը և այդպիսով դարձնում նրան ահարկու և անմատչելի:

Հարավ-արևելյան այս բարձրության վրա, ամրոցի գրեթե ծայրին, իբրև զույգ օդաչու հսկաներ, կանգնած էին առաջին արքունական դղյակը յուր մռայլ շինություններով ու ատամնավոր աշտարակներով, և երկրորդ՝ Տրդատա հոյակապ հովանոցի քսանչորս հոնիական բարձրաբուն սյուներով, տակավին անեղծ արձաններով և բարձր ու քանդակազարդ ձեղունով, որ հովանավորում էր արքայական դաստակերտի հռովմեական արհեստի ստեղծագործած ուրիշ բազմաթիվ զարդարանքները: Նրա սյունազարդ և ընդարձակ սրահից երևում էին, ինչպես ափի մեջ, թե՛ ամրոցը յուր բնակարաններով ու պահականոցներով և թե՛ շրջակա լեռներն ու ձորերը իրանց գեղեցիկ կամ անհեթեթ տեսարաններով. այսպիսով, արքայաշեն սարավույթը զվարճալի զբոսավայր մի լինելուց զատ, ծառայում էր նաև ինչպես մի գեղեցիկ դիտարան թե՛ վտանգի և թե՛ խաղաղության ժամանակ:

923 թվականի աշունն էր: Գեղարդասարը մերկացել էր արդեն այն աղքատիկ կանաչներից, որոնք հազիվ գարնան վերջերին համարձակվում են ծածկել յուր ժայռապատ լանջերը: Նա այժմ ամբողջապես փոխարկվել էր քարակարկառ թմբերի ու ամբարտակների, որոնց խոշորագեղ խստությունը չէին մեղմում նույնիսկ Գառնո գեղեցիկ շինությունները:

Օրը տարաժամել էր: Սարի կրճերից անցնող ճանապարհների վրա շնչավոր էակ չէր երևում: Դվնո դաշտից դարձողները վաղուց հասել էին տուն և կամ դադարել Այրիվանից խորշերում, ուր հոգեվոր հայրերը օթևան և կերակուր էին տալիս ուշացած հայ անցորդներին, թույլ չտալով, որ նրանք մութը կոխելու վրա անցնեն Գառնո կրճերից, որովհետև հագարացի ավազակախմբերը հետևում էին այդպիսիներին ամեն տեղ:

Այս պատճառով շրջակա ձորերի ու անդունդների վրա թագավորում էր ահարկու լռություն, որ հազիվ երբեմն ընդհատվում էր լեռների մեջ շառաչող աշնանային քամուց կամ դարևանդներից գահավիժող Ազատ գետի խոխոջներից:

Բազմամարդ Գառնո մեջ անգամ դադարել էր շարժումը: Աշնանային խոնավ ու լեռնային ցրտությունը հավաքել էր ամրոցի բնակիչներին իրանց բնակարանները: Երևում էին միայն մի քանի պահապաններ, որոնք երկաթե գլխանոցներով, ծանր սրերը գոտիներից կախած և պղնձապատ վահաններն ու երկար նիզակները ձեռքներին՝ անցուդարձ էին անում, ոմանք ամրոցի դռների մոտ կամ պահականոցների առաջ, և ոմանք դղյակի շուրջը, ուր այդ ժամանակ ապրում էր Աշոտ — Երկաթի ամուսինը՝ Սահականույշ թագուհին:

Չնայելով որ թագավորը դեռ նոր էր հաշտվել յուր հորեղբոր որդի Աշոտ Բռնավորի հետ և նրա հետ միասին էլ Դվին մայրաքաղաքը նորից նվաճելով` այլազգիներից մաքրել այն, այսուամենայնիվ, ժամանակի վատթարության պատճառով, անկարելի էր թագավորական ընտանիքը Դվինում պահել, հագարացի բռնավորները ամեն ժամանակ կարող էին հարձակվել այդ քաղաքի վրա, որ ժամանակի կռվածաղիկն էր: Եվ որովհետև թագավորը շարունակ զբաղված էր յուր տերության այս ու այն մասում բռնկող ապստամբությունները նվաճելով, ուստի թշնամիների հասած ժամանակ թագավորական ընտանիքը կարող էր մայրաքաղաքում վտանգի ենթարկվել: Ահա՛ այդ պատճառով Սահականույշ թագուհին էլ ապրում էր Գառնո ամրոցում, և նրա հետ էլ ուրիշ շատ ազատանի կանայք:

Չնայելով եղանակի ցրտության և օրվա տարաժամելուն, այնուամենայնիվ թագուհին դեռ չէր հեռացել Տրդատա հովանոցից: Վերջին մի քանի օրը նա անց էր կացնում այդտեղ երկար ժամեր, գրեթե միայնակ, երբեմն սյունազարդ սրահի մեջ ճեմելով, իսկ հաճախ դեպի խորաձորը նայող պատշգամբի վրա բազմելով: Այդտեղից նա լուռ և մտախոհ դիտում էր` մերթ ձորի, մերթ շառաչող Ազատի ալիքները, որոնք գետափնյա ուռենիները քերելով և հանդիպակաց ծառերը կոծելով առաջ էին վազում, և մերթ Գեղա լեռան բարձունքներից իջնող ճանապարհը, ուր ամեն մի հեծյալ անցորդ գրավում էր նրա ուշադրությունը: Թագուհին աչքերը հառելով աշխատում էր վայրկյան առաջ այդ անցորդի ո՛վ կամ ի՛նչ ազգից լինելն իմանալ, և նայում էր այնքան, մինչև որ վերջինս Ազատի խորաձորն իջնելով՝ խոտորում էր դեպի Գառնո արահետը և աչքից ծածկվում:

Արդեն լրանում էր երկրորդ շաբաթը, ինչ թագուհին սրտի անձկությամբ սպասում էր մեկին, բայց նա չէր երևում: Այդ հանգամանքը տանջում էր նրան սաստիկ և ավելացնում մանավանդ այն վիշտը, որ վաղուց ի վեր կրծում էր յուր սիրտը:

Կար ժամանակ, երբ թագուհին ինքը հեռանում էր մարդկանցից, ոչ ոքին չտեսնելու, երբեք չխոսելու և միայն յուր հոգետանջ մտածմունքներին անձնատուր լինելու համար: Այդ ժամանակ նա մինչև իսկ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր խանգարել յուր մենավոր մտածությունները կամ հոգեկան հուզմունքներից առաջացող տանջանքները: Իսկ ա՞յժմ. այժմ նա հոգնել, վաստակել էր հարատև տխրության տանջանքներից, այժմ նա որոնում էր մինչև անգամ մեկը, որին կարողանար յուր սիրտը բանալ, յուր վշտերը պատմել: Նրան թվում էր, թե այդ միջոցը կմեղմի յուր ցավերը... բայց ավա՜ղ, ամբողջ դղյակում չկար մինը, ո՛չ կանանց և ո՛չ օրիորդների շրջանում, որին նա յուր սիրտն ու գաղտնիքը հավատալ կարողանար: Եվ ցավալին այն էր, որ եթե գտնվեր իսկ այդպիսին, դարձյալ ինքը չէր հայտնիլ նրան ոչինչ, որովհետև, չէր հավատում ոչ մի կնոջ անկեղծության, մանավանդ, եթե այդ կինը իշխանական ցեղից էր, և հետևապես, ծագմամբ իրան հավասար: Թագուհին հավատացած էր, որ այդպիսիները եթե առերես իսկ կարեկցեին իրան, այսուամենայնիվ ներքուստ կուրախանային յուր թշվառության վրա, որովհետև նրանցից ամեն մինն ուներ դրա համար յուր սրտին մոտիկ պատճառներ: Նա հույս ուներ միայն մի մարդու վրա, որ, կարծում էր, ոչ միայն կվշտակցե իրան սրտի անկեղծությամբ, այլև գուցե կկարողանա թեթևացնել այդ վշտերը: Ահա՛ այդ մարդուն էր սպասում թագուհին այնքան անձկությամբ, որ, սակայն, հակառակ յուր խոստման և սուրհանդակի բերած տեղեկության, չէր երևում տակավին:

Բայց, ահա՛, մոտենում էր թագուհուն տարիքավոր մի կին միջին հասակով, բարի դեմքով, աղու աչքերով, ժպիտը շրթունքներին և կարծես վախենալով՝ թե միգուցե յուր մոտենալը գրգռե թագուհու զայրույթը:

Այս կնոջը հայտնի էին թագուհու ցավերը, տանջող վշտերը: Նա սկզբից արդեն ամեն բան տեսել, քննել և ստուգել էր: Նա անկեղծ սրտով վշտացել և արտասվել էր մեծ տիկնոջ համար դեռ այն ժամանակ, երբ նա ինքը, տիկինը, անտեղյակ յուր դժբախտությանը, զվարճանում էր արքայական զբոսանքներով մերթ Սյունյաց և մերթ Գուգարաց լեռներում: — Այդ կինը սեղան էր, թագուհու գորովագութ դայակը, դղյակում եղող կանանց մեջ ամենից բարին և ազնվասիրտը: Նրան, Այո՛, հայտնի էր ամեն ինչ վաղուց, բայց նա այդ մասին ոչինչ չէր խոսել մինչև այժմ թագուհու հետ, այն պարզ պատճառով, թե երբ մարդ չէ կարող (տակավին իրան անհայտ) յուր դժբախտության առաջն առնել, ապա լավ է, որ նա երբեք այդ դժբախտությունը չիմանա և կյանքը իզուր չդառնացնե: Իսկ այժմ, երբ արդեն թագուհին ամեն բան գիտեր, Սեդան հո կարող էր նրա հետ խոսել, ցավակցել նրան կամ մխիթարել: Չէ՞ որ նա մի օր յուր կաթնասունն է եղել, յուր գրկումն է մեծացել:

Այսպես էր մտածում Սեդան, բայց և հետո իսկույն խելաբերում, որ Սահականույշը՝ Գարդմանա իշխանի դուստրը, այլևս կաթնասուն չէ, որ նա այսօր յուր թագուհին է, որ ինքը կարող է միայն նրա ոտքերը համբուրել, բայց հավասար նստել նրա հետ կամ վշտակցել նրան, իհարկե չի պիտի համարձակեր: Այն օրից, երբ Սեդան իմացավ, թե թագուհին ծանոթացել է արդեն յուր դժբախտությանը, խեղճ կինն այլևս հանգստություն չուներ: Ճշմարիտ է՝ սա ոչնչով չէր կարող օգնել յուր թագուհուն, բայց միակ խնամքը, որ նա կարող էր և պարտավոր էր տանել, տանում էր: Այդ այն էր, որ նա շվաքի պես հետևում էր մեծ տիկնոջը ամեն տեղ, և աշխատում կարելույն չափ հաճախ խանգարել նրա մենավոր մտածությունները, որով, կարծում էր, թե կարող է փոքր ի շատե պահպանել նրա առողջությունը:

— Օրը տարաժամել է, սիրելի թագուհի, չէի՞ր հաճիլ դղյակը վերադառնալ, — մոտենալով պատշգամբին հարցրեց դայակը:

— Դու այստե՞ղ ես, Սեդա, — անհանգստությամբ դարձավ դեպի նրան թագուհին:

— Այո՛, մեծափառ տիկին. եկա հայտնելու...

— Եվ վաղո՞ւց ես դու այստեղ, — ընդհատեց նրան թագուհին կասկածոտ եղանակով, վախենալով, կարծես, որ դայակը լսած լինի յուր վշտերը մատնող մի որևէ խոսք կամ հառաչանք:

— Հենց որ արևը ետևն անցավ:

— Իսկ ես պատվիրել եմ, որ ոչ ոք իմ միայնությունը չխանգարե:

— Այո՛, մեծափառ տիկին, քո պատվերը ես զանց անել չէի համարձակիլ, բայց օրը տարաժամել էր և քամին բարձրացել, դու կարող էիր մրսել, եկա հիշեցնելու, որ դղյակը վերադառնալու ժամանակն է:

— Հիշեցնե՞լ, ի՞նչ է նշանակում այդ, Սեդա, — կես զարմացած և կես բարկացած հարցրեց թագուհին:

Բարի դայակը շփոթվեցավ: Նա իրավունք չուներ ասել թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը ճշմարտություն էր համարում: Նա զգաց յուր սխալը, ճնշվեցավ, և յուր քաղցր աչքերը կարծես թաքնվեցան արդեն կկոցված փոսիկների մեջ. մի թեթև շառագույն փայլեց յուր դալկացած այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն արշալույս, որ զարկում է ձյունապատ ժայռին: Բայց յուր անուշ ժպիտով, որից անբաժան էին մայրական խանդն ու գորովը, նա ծածկեց շուտով յուր ներքին ճնշման արտաքին պատկերը: Թագուհու լուրջ և անթարթ հայացքը, որ տակավին սևեռած էր յուր վրա և դեռ, կարծես, բացատրություն էր պահանջում իրանից, յուր այդ քաղցր ժպիտի շնորհիվ հետզհետե մեղմացավ. Սեդան համարձակություն առավ խոսելու: Եվ իրավ, չէ՞ որ նա սիրում էր թագուհուն և նրա գաղտնիքներն իմանալու համար չէր, որ հետևում էր նրան, այլ պահպանելու նրա թանկագին առողջությունը, որի վրա դողում էր ինքը, իբրև որդեգորով մայր: Մի՞թե, արդար և, անկեղծ սիրո այս արտահայտությամբ նա մի հանցանք էր գործում: Հարկավ ոչ, ուստի և հաստատուն ձայնով պատասխանեց.

— Եկա հիշեցնելու, որ ցուրտ է, և թագուհին կարող է մրսել:

— Այդ ես ինքս կարող էի իմանալ, — նկատեց թագուհին:

— Ո՛չ թագուհի, երբ դու ընկղմում ես տխուր մտածմունքների մեջ, այլևս չես զգում, թե ի՛նչ է կատարվում քո շուրջը...

— Սեդա՛, մայր Սեդա, դու զառանցում ես,-ընդհատեց թագուհին զարմացմամբ:

— Այդպես է, իմ սիրելի թագուհի,-կրկնեց Սեդան ավելի հաստատ ձայնով, — անցյալ օրը սաստիկ տեղատարափի ժամանակ ամենքը քաշվել էին տուն, նույնիսկ դղյակի առաջ ոչ մի պահնորդ չէր երևում, իսկ դու դարձյալ ճեմում էիր այստեղ, կարծես գարնան օրեր լինեն, և դու՝ մեր Գարդմանա դրախտներում...

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ. նրան թվաց, թե դայակը կշտամբում է իրան` անօգուտ գաղտնապահության համար, թե նա այդ անում է գուցե հակառակորդ իշխանուհիներից մեկին հաճոյանալու մտքով, թե ուրեմն յուր դժբախտությունը հայտնվել է արդեն բոլորին և նախանձոտ հակառակորդուհիներն սկսում են անարգել իրան, վիրավորելով յուր դշխոյական հպարտությունը յուր իսկ ստորադրյալների ձեռքով:

Այս մտքերը վայրկենապես վրդովեցին թագուհու սիրտը, բայց նա յուր հուզմունքը ծածկելով մեղմ ձայնով հարցրեց.

— Սեդա, ո՞վ ասաց քեզ, թե թագուհին ընկղմում է տխուր մտածմունքների մեջ, և թե այդպիսի ժամանակները նա չէ իմանում, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը:

— Ոչ ոք, իմ սիրելի տիկին, այդ ես ինքս եմ տեսնում: Սեդան պետք է կույր լինի, որ յուր տիրուհու դեմքի մշտական թախիծը և նրա ճակատի տխուր կնճիռները չտեսնե... Վաղուց, վաղուց գիտեի, թե ի՛նչ վիշտ է կրծում քո ազնիվ ու բարի սիրտը, բայց ոչինչ չէի համարձակվում ասել քեզ, որովհետև գիտեի, որ քո ցավերի մասին խոսելով` միայն քնքուշ սիրտդ պիտի վշտացնեի, առանց սակայն իմ թագուհուն մի օգուտ տալ կարողանալու:

Թագուհու սիրտը շարժվեցավ: Նախկին կասկածոտ մտածմունքները տեղի տվին հանկարծ մի վստահության, որ կարծես հենց նույն րոպեին ծնվեց յուր մեջ դեպի բարի դայակը, նրա ձայնի մեջ նա այնքան անկեղծություն ու գորով գտավ, որ նրան թվաց, թե իրա հետ խոսողը հարազատ մայրն է և ոչ յուր ստնտուն:

Բայց և այնպես ոչինչ չպատասխանեց, այլ լուռ և մտախոհ բարձրացավ բազմոցից և ուղղվելով յուր սեգ ու վայելուչ հասակի ամբողջ վեհությամբ, նայեց դայակի վրա քաղցր և վստահությամբ լի աչքերով: Այդ րոպեին նա կցանկանար լսել նրանից ամենը, ինչ որ նա գիտեր յուր վշտերի մասին, կցանկանար ստուգել նորից այն բոլորը, ինչ որ վաղուց և ավելի ստուգությամբ հայտնի էր իրան: Բայց յուր դշխոյական հպարտությունը չէր ներում իրան այդ թուլությունը. նա մինչև այժմ ոչ ոքի հետ չէր խոսել այդ մասին, ուրեմն և դայակի հետ չէր խոսիլ, բայց կցանկանար, որ սա ինքը սկսեր խոսել, առանց իրանից հրաման առնելու:

Սեդան չհասկացավ թագուհու լուռ և մտախոհ հայացքի նշանակությունը, նրան թվաց, թե յուր համարձակ խոսքերից վշտացել է նա արդեն. ուստի և թագուհու հայացքից խուսափելու համար շտապեց վերցնել և ձգել նրա ուսերին պերճ սամուրենին, որ թագուհու բարձրանալու ժամանակ սահել, ընկել էր բազմոցի վրա:

— Դրա համար դու արդեն անցել ես տարիքդ, մայր Սեդա, ո՞ւր են իմ նաժիշտները... — հարցրեց թագուհին մեղմությամբ:

— Օ՛, թո՛ւյլ տուր, որ միայն ես ծառայեմ քեզ, իմ քաղցր, իմ աննման թագուհի, մի՞թե Սեդան պառավել է այնքան, որ այլևս ոչ մի բանի պիտանի լինել չի կարող:

— Մայր Սեդա, ա՛յդ չէի կամենում ասել...

— Թե իմ ներկայությունը հաճելի չէ թագուհուն:

— Սեդա, դու ինձ ընդհատում ես...

— Կամ գուցե անզգույշ խոսքեր արտասանեցի, որոնք վշտացրին իմ թագուհուն:

— Ո՛չ, ո՛չ, իմ Սեդա՛, քո ներկայությունը միշտ հաճելի է ինձ, ապացույց, որ ես իմ մենավոր զբոսանքների ժամանակ ոչ ոքին թույլ չեմ տալիս լինել ինձ հետ, բայց դու միշտ կաս և, ամեն անգամ, երբ կամենում ես, խանգարում ես ինձ, առանց նայելու, թե թագուհին ցանկանո՞ւմ է այդ, թե ոչ:

— Այդպես էլ պիտի անեմ, մեծափառ տիկին, բարկացի՛ր ինձ վրա, եթե հաճելի է քեզ, բայց թույլ տալ, որ ժամերով տխուր մտածմունքների մեջ խորասուզվես, չեմ կարող, այդ կվնասե քո թանկագին առողջությանը:

— «Թանկագի՞ն»... այո, գուցե քեզ համար, իմ բարի Սեդա. միայն քեզ համար... — շշնջաց թագուհին ինքն իրան և ապա դայակին դառնալով հարեց.— իրավունք ունիս, մայր Սեդա, ես քեզ վրա չեմ բարկանում... Բայց ես արդարև երկար մնացի բացօթյա, ո՞ւր են նաժիշտներս:

— Դու հրամայել ես, որ նրանք չերևան, մինչև կոչի ձայն չառնեն:

— Կանչի՛ր ուրեմն, թող գահավորակս բերեն:

Այս ասելով թագուհին առաջացավ դեպի հովանոցի անկյունը և սյունաշարի մոտ կանգնելով սկսավ դիտել շառագույն լուսինը, որ կամաց-կամաց բարձրանում էր հանդիպակաց լեռների ետևից: Թեպետ ցուրտն արդեն զգալի էր, և քամին փչում էր հաճախ, բայց երկինքը վճիտ էր և անամպ, աստղերն սկսել Էին փայլել, և լուսնի սկավառակը, որ կարծես կախված էր լեռան գագաթին իբր մոգական մի լապտեր, սկսում էր լուսավորել պարեխավոր լեռներն ու բլուրները: Դարևանդներից գահավիժող Ազատ գետի փրփրախառն ալիքները տեղ-տեղ փայլփլում Էին ինչպես արծաթի սահանք:

Թագուհին գրավվեցավ լուսնկա երեկոյի գեղեցկությամբ և կրկին խորասուզվեց մտածո ւթյունների մեջ: Փոքր մի ևս և նա նորեն դեպի պատշգամբը պիտի դառնար և բազմոցի վրա ընկնելով անձնատուր լիներ երևակայության տանջող թռիչքներին, բայց նաժիշտների ձայնը և լույսը ջահերի, որ դղյակի սպասավորները ձեռքներին բերում Էին, սթափեցրին նրան:

Թագուհին ետ նայեց: Նաժիշտների և դայակի հետ միասին գալիս էր նաև տիկին Գոհար, Մարզպետունի իշխանուհին, որ հառաջանալով` ակնածությամբ գլուխ խոնարհեց թագուհուն և հաճոյական խոսքերով տրտունջ հայտնեց նրան յուր չափազանց մենասիրության համար:

— Այստեղ նստած դիտում եմ Գեղա լեռան ճանապարհը, որպեսզի Գևորգ իշխանի գալստյան լուրն ամենից առաջ հաղորդեմ քեզ, — պատասխանեց թագուհին անուշ ժպտալով:

— Շնորհապարտ կլինեմ, եթե միայն ուրախ լուր բերե նա մեզ, — հարեց Գոհար իշխանուհին և ձեռքը տվավ թագուհուն օգնելու նրան հովանոցի աստիճաններից իջնելու:

— Իսկ եթե ուրախ լուր չբերե՞,-հարցրեց թագուհին:

— Այդ ժամանակ կցանկանայի, որ ամրոցի դռները չբանային նրա առաջ, — կատակեց իշխանուհին:

Թագուհին ժպտաց և ոչինչ այլևս չխոսեց:

Հովանոցի առաջ կանգնած էին չորս հուժկու սպասավորներ, ձեռներին բռնած թագուհու ոսկեզօծ գահավորակը, զարդարված ծաղկանկար մետաքսով և ոսկեթել փնջերով:

Նաժիշտների օգնությամբ թագուհին բազմեց նրա վրա: Ջահընկալ սպասավորները լուսավորեցին ճանապարհը, որի տարածությունը մինչև դղյակը հազիվ մի քանի տասնյակ քայլ էր: Գահավորակն առաջ անցավ իշխանուհու և նաժիշտների ընկերակցությամբ:

Դղյակի լայնակամար դռան առաջ նույնպես վառվում էին դամբարներ, և մի խումբ զրահավոր պահապաններ անցուդարձ էին անում այդտեղ: Երբ թագուհու գահավորակը մոտեցավ, նրանք իսկույն շարվեցան կարգով և ի նշան հպատակության, նիզակները խոնարհեցին այնքան, որ նրանց տեգերը կպան գետնին:

— Ձեր հիսնապե՞տը, — հարցրեց թագուհին, մոտենալով պահապաններին:

— Այստեղ եմ, մեծափառ տիկին, — այս խոսքերով մոտեցավ թագուհուն մի բարձրահասակ և գեղադեմ երիտասարդ, որ մյուսներից զանազանվում էր յուր զենքերի փայլունությամբ և գլխանոցի վրա ծածանող ցցունքով:

— Բերդակալից լո՞ւր...

— Տեր բերդակալը պատվիրեց հայտնել, որ աղեղնավորներն ու գեղարդավորները զրկված են մարտկոցները, բերդապահները հսկում են պատնեշները, պահակախմբերը գտնվում են աշտարակներում:

— Ամրոցի բանալիները...

— Սպասում են թագուհու հրամանին փականքները դնելու համար:

— Ինչո՞ւ այսքան ուշ. արդեն մթնել է:

— Այրիվանքից բանբեր եկավ և հայտնեց, որ այս գիշեր Վեհը պիտի ժամանե այստեղ: Տեր բերդակալը ցանկանում է իմանալ, թե արդյոք բանալիները յուր մոտ պիտի մնան մինչև Վեհի գալը:

— Հայտնի՛ր բերդակալին, որ փականքները դնե և շտապե ինձ մոտ:

Հիսնապետը գլուխը խոնարհեց և ուղղվեցավ դեպի ավագ դռան փողոցը:

Հասնելով դղյակի դռանը, թագուհին իջավ գահավորակից և ներս մտավ կամարակապ սրահը: Սա մի ընդարձակ և բոլորշի սենյակ էր, համակ քարաշեն: Նրա աջ ու ձախ կողմԷրից բացվում Էին չորս փոքրիկ և խորշավոր դռներ, որոնցից ամեն մինը տանում էր դեպի դղյակի ներքին հարկերի զանազան բաժանմունքները կամ ծածկարանները: Դռների մեջտեղից բարձրանում էր որձաքարե լայնադիր սանդուխտ, որ յուր վերին մասում բաժանվում էր երկու ճյուղերի դրանցից մինը հանում էր միջին հարկը, ուր իշխանազուն տիկնանց և օրիորդների կացարաններն Էին, իսկ մյուսը՝ դեպի վերին դստիկոնները, ուր ապրում էր թագուհին յուր նաժիշտներով: Սանդուխտները վերից ի վայր ծածկված Էին սյունական գորգերով և լուսավորված կամարներից կախած պղնձե կանթեղներով:

Թագուհին նաժիշտների օգնությամբ սկսավ սանդու խտները բարձրանալ և խոտորելով դեպի աջ, հասավ վերնասրահին, որ լուսավորված էր կրկին աշտանակներով: Սա մի գեղեցիկ և գմբեթարգ շինություն էր, զարդարված որմնասյուներով, խորշավոր անկյուններով, քանդակազարդ ձեղունով և մյուսիոն քարերից կերտած հատակով: Սրա վրա նույնպես բացվում Էին կամարակապ դռներ, որոնք հանում Էին դեպի այդ հարկի զանազան բաժանմունքները:

Ամենից մեծ դռնով մտնելով թագուհին անցավ երկու փոքրիկ սենյակներ, որոնց պատերը շինված Էին ապակեբուռ գույնզգույն աղյուսներից և գեղեցիկ կերպով փայլփլում Էին արծաթե կանթեղների լուսի առաջ: Այդ սենյակները զարդարված գորգերով ու օթոցներով ծառայում Էին սենեկապան նաժիշտներին:

Այդտեղից թագուհին անցավ մի ընդարձակ զարդարուն դահլիճ, որ լուսավորված էր մեծամեծ արծաթե ճրագարաններով: Դահլիճի պատերն ամբողջապես շինված Էին նրբատաշ, սպիտակ քարերից, գարդարված հարուստ դրվագներով և կարմրաքարե որմնասյուներով ու գոտիներով: Ձեղունը նույնպես քարաշեն էր և քանդակազարդ: Նրա չորս անկյունները պաճուճած Էին գույնզգույն քարերի գոգավոր և ուռուցիկ մյուսիոններով, իսկ միջավայրը, ուր լուսանցքն էր գտնվում, բարձրանում էր գմբեթաձև, գոտևոր շրջակներով ու նույնպես զարդարված գույնզգույն և խորշավոր մյուսիոններով: Դահլիճի հատակն ամբողջապես ծածկված էր գորգերով, պատերի տակ շարված էին բազմոցներ ու տախտեր, վրաները ծածկած դիպակե բարձեր ու մետաքսյա օթոցներ:

Թագուհին բազմեց դահլիճի ճակատին դրված դիպակազարդ բազմոցի վրա, և նաժիշտներից մինը խոնարհելով` դրավ նրա ոտքերի տակ մետաքսյա փնջազարդ բարձը:

Բ

ԱՆՀԱՃՈ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

— Արդյոք թագուհին չէ՞ գուշակում Վեհի գիշեր ժամանակ մեր ամրոցը գալու պատճառը,-հարցրեց Մարզպետունի իշխանուհին, կամենալով կարծես ընդարձակ դահլիճի նորեկներին շրջապատող անհաճո լռությունն ընդհատել և ապա իսկույն էլ նստելով թավշապատ եռոտանու վրա, որ գտնվում էր թագուհու բազմոցի հանդեպ, ուշադիր աչքերը հառեց թագուհու վրա, սպասելով նրա պատասխանին:

— Անշուշտ արտաքո կարգի մի նորություն ունի հոգևոր հայրը մեզ հաղորդելու, — պատասխանեցը թագուհին տարակուսական եղանակով:

— Թե՞ թագուհուն այցելության է գալիս:

— Դրա համար, կարիք չկար գիշերանց ելնել վանքից. փառք աստուծո, Այրիվանքը հեռու չէ մեզանից:

— Չափազանց անհանգստացնում է ինձ այս լուրը:

— Իսկ ինձ անհանգստացնում է Գևորգ իշխանի ուշանալը: Արդեն երկու շաբաթը լրացավ, ինչ նա հեռացել է մեզանից: Եթե կաթողիկոսի գալը կապ ունի մի նոր դժբախտության հետ, ապա ուրեմն իշխանի բացակայությունը կրկնակի վտանգի մեջ է դնում մեզ:

— Մի՞թե դու, մեծափառ տիկին, կասկածում ես թագավորի հաջողության վրա:

— Ուտիքի կուսակալին նվաճելը մեծ գործ չէ, բայց հաջողությունը աստված է տալիս: Եթե թագավորը հանդիպած չլիներ անհաջողության, ապա Գևորգ իշխանն այստեղ կլիներ կամ գոնե սուրհանդակը լուր կբերեր, թե Ցլիկ-Ամրամը հաղթված կամ գերեված է:

— Անհաջողությա՞ն... Ո՜հ, մի՛ ասիր, սիրելի թագուհի: Աստված չանե, որ թագավորը Ցլիկ-Ամրամի հետ ունեցած ընդհարման մեջ անհաջողության հանդիպե. այդ արդեն մեծ նախատինք է թե՛ թագավորի և թե՛ զորքերի համար:

— Ամենից առաջ ա՛յն իշխանների, որոնք անօգնական են թողել թագավորին և զբաղված են միայն սեփական ամրոցները պահպանելու հոգսերով, — դառնությամբ նկատեց թագուհին:

— Հարկավ, ամրոցների պահպանությունը նույնիսկ կանանց կարող էին հանձնել,-հարեց իշխանուհին, ցանկանալով ուղղել յուր սխալը:

— Ուրեմն հաջողության սպասելու իրավունք չունինք:

— Բայց եթե աստծուն հաճելի լինի...

— Այո՛, եթե միայն հաճելի լինի...-հեգնական ժպիտով ընդհատեց թագուհին:

Այդ միջոցին ներս մտավ սենեկապան սպասուհին և հայտնեց թագուհուն, որ բերդակալը թույլտվություն է խնդրում ներկայանալու:

— Թո՛ղ ներս գա,-հրամայեց թագուհին: Մի քանի րոպեից ներս մտավ բերդակալը: Դա մի տարիքավոր, բարձրահասակ, լուրջ ու պատկառելի դեմքով և ալեխառն մազերով տղամարդ էր, գոտեպինդ հագնված, արծաթապատ սուրը ազդրին և պղնձե սաղավարտը ձեռին: Նա համաչափ ու հաստատուն քայլերով մոտեցավ թագուհուն և խոր գլուխ տալով խնդրեց ընդունել ամրոցի բանալիները, որ յուր հետ եկող սպասավորը ներկայացնում էր արծաթե սկուտեղի վրա:

Թագուհին վերցրեց բանալիները և հանձնեց դայակին, որ կանգնած էր իրանից փոքր ինչ հեռու: Վերջինս առնելով այն, տարավ թագուհու առանձնարանը:

Սա մի ծես էր, որ կատարվում էր ամեն երեկո միևնույն կարգով:

Քանի Մարզպետունի իշխանը՝ Աշոտ թագավորի հավատարիմը, գտնվում էր Գառնո մեջ, բերդակալական պաշտոնը վարում էր նա անձամբ և ամրոցի բանալիները գտնվում էին նրա ձեռին: Բայց այն օրից, որ նա թագուհու հրամանով գնաց Ուտիք՝ Աշոտ թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու, և, եթե կարիք կար, օգնական զորք հասցնելու, այդ օրից թագուհին բերդակալության պաշտոնը հանձնեց Մուշեղ անունով այս հինավուրց զորականին: Նա իշխանական ծագումից չէր, բայց թագավորական տան բազմամյա և հավատարիմ ծառայողներից մինն էր: Թագուհին թեպետ կարող էր ամրոցի բանալիներն ընդմիշտ հավատալ նրան, իբրև բերդակալի, բայց որովհետև ժամանակը չար էր, և շարունակ լուրեր էին հասնում, թե այս ու այն բերդը գրավվել է թշնամուց բերդակալի թուլությամբ կամ պահնորդների մատնությամբ, ուստի թագուհին, որքան էլ որ մեծ հավատ ուներ Մուշեղի վրա (որ հենց յուր հավատարմության շնորհիվ էլ արժանացել էր այդ բարձր պաշտոնին), այնուամենայնիվ, որպեսզի գիշերը հանգիստ քուն վայելե, կարգադրել էր, որ ամրոցի դռները փակելուց հետո բանալիները դղյակ բերվեն:

— Դու կամենում էիր, որ մինչև Վեհի գալը բանալիները քե՞զ մոտ լինեին, — հարցրեց թագուհին բերդակալին:

— Այո՛, մեծափառ տիկին:

— Ինչո՞ւ:

— Որպեսզի գիշերանց բանալիներն ստանալու պատճառով թագուհու քունը չխանգարեի:

— Իսկ դու չգիտե՞ս, որ բերդի դռները բացվելիս թագուհին քնած լինել չէ կարող:

— Այդպես է, մեծափառ տիկին, ների՛ր քո ծառայի միամտությունը:

— Միամտությունը հանցանք չէ, իմ բարի Մուշեղ, բայց թուլություն է: Իսկ մենք չար ժամանակներում ենք ապրում և ամեն մի քայլերնիս զգուշությամբ պիտի փոխենք: Ո՞ր ժամին պիտի գա Վեհը.

— Պատվիրակը ժամը չորոշեց, այլ հայտնեց միայն, որ պիտի հաճի ժամանել այս գիշեր և խնդրեց, որ ամրոցի դռները բանալու պատրաստ գտնվինք:

— Իսկ դու չե՞ս կարողանում նրա գալստյան պատճառը գուշակել:

— Անշուշտ նա գալիս է թագուհուն այցելելու:

— Բայց ինչո՞ւ գիշերանց:

— Նորին սրբությունը շատ անփառասեր է. նա փախուստ է տալիս հանդիսավոր ընդունելությունից և ժողովրդյան ցույցերից:

Այս միջոցին կրկին ներս մտավ սենեկապանը և հայտնեց, որ Գոռ իշխանը ցանկանում է ներկայանալ թագուհուն:

— Թո՛ղ գա, — ասաց թագուհին ժպտալով, և նրա դեմքն ուրախ արտահայտություն ստացավ:

Մարզպետունի իշխանուհին սկսավ ծիծաղադեմ դեպի դուռը նայել: Զվարթ արտահայտություն ստացան նաև օրիորդ նաժիշտների և դայակի երեսները: Երևում էր, որ ներս մտնողը բոլորին էլ սիրելի մի անձնավորություն էր:

Եվ, ահա՛, ներս եկավ քսանամյա մի պատանի, բարձրահասակ, գեղեցկադեմ, վառվռուն աչքերով, համակ զրահազգեստ, ոսկեզարդ սուրը մեջքին, նույնպիսի բազպաններ ու սռնապաններ հագած, և փայլուն սաղավարտը ձեռին:

Ժպտալով նա մոտեցավ թագուհուն և համբուրեց նրա ձեռը: Ապա մոտեցավ յուր մորը` Մարզպետունի իշխանուհուն, համբուրեց նույնպես նրա աջը և կանգնեց բերդակալի կողքին:

— Ամեն անգամ, երբ քեզ տեսնում եմ, Գո՛ռ, ինձ թվում է, թե կա՛մ պատերազմ ես գնում, կա՛մ ճակատամարտից վերադառնում: Ինչո՞ւ միշտ զրահազգեստ ես,-հարցրեց թագուհին ժպտադեմ:

— Այդպես պատվիրել է ինձ իմ հայրը, մա՛յր-թագուհի:

— Բայց այս ժամի՞ն... փակված ամրոցո՞ւմ, թագուհու դղյակի մե՞ջ... Մի՞թե կարիք կա:

— Ամեն վայրկյան պատրաստ պիտի լինեմ դիմագրավելու: Ո՞վ գիտե, գուցե հենց այստեղ, դղյակի դստիկոններից մինում, թաքչող մի ապիրատի հետ պետք է լինում մենամարտել:

— Օ՛, վտանգավոր մարդ ես դու, Գո՛ռ իշխան, — նկատեց թագուհին:

— Իմ թագուհու և թագավորի թշնամիների համար:

— Որոնց երևի դու չես ճանաչում:

— Եվ որոնց երբեք չէի կամենալ տեսնել այս դղյակում:

Մարզպետունի իշխանուհին, որ մայրական խանդով լցված նայում էր որդուն, նրա վերջին խոսքից հրճվեցավ իսկ թագուհին ուրախ-ուրախ ծիծաղեց:

— Բայց գիտե՞ս, սիրելիս, որ այդպիսի մի թշնամի գտնվում է այժմ մեր դղյակում,— ասաց թագուհին կեղծ լրջությամբ:

— Անո՞ւնը, — եռանդով հարցրեց Գոռը:

— Որ թաքնված ներքին խուցերից մինում, անշուշտ հարմար առիթի է սպասում մեզ վնասելու...

— Բայց ո՞վ է դա, — անհամբերությամբ հարցրեց պատանին:

— Օրիորդ Շահանդուխտը:

Իշխանիկը ժպտաց և շառագունեց, բայց թագուհին ու իշխանուհին սկսան ծիծաղել:

— Իսկ այժմ ո՞րտեղից ես գալիս, ուրախ լուր չե՞ս բերել մեզ, — հարցրեց կրկին թագուհին:

— Այո՛, տխուր լուր չէ հաղորդելիքս, — պատասխանեց իշխանիկը: — Վեհից երկրորդ պատգամավոր եկավ, որ հայտնում է, թե հայրապետն այլևս չէ գալիս մեր ամրոցը:

— Եվ պատճառը:

— Պատճառը չհայտնեց պատգամավորը. որովհետև ամրոցի դուռը փակ էր, ես աշտարակի պատուհանից էի խոսում նրա հետ:

Թագուհու ուրախ տրամադրությունը կրկին խանգարվեց, նա ընկավ մտածության մեջ: «Արդյոք ի՞նչ տարօրինակ և գուցե տխրառիթ նորություն էր պատահել, որ կաթողիկոսը գիշերանց գալիս էր Գառնի և այժմ ի՞նչն է ստիպում նրան` յուր մտադրությունը թողնելու, — մտածում էր նա ինքն իրան, — արդյոք Ուտիքից մի տխուր լո՞ւր առավ, թե թշնամիների մոտալուտ հարձակման մասին մի բան է լսել»...

— Բայց ինչո՞ւ համար ասացիր, թե տխուր լուր չէ հաղորդելիքդ`մի՞թե Վեհի գալուստն անհաճո է քեզ, — հարցրեց թագուհին:

— Այո՛, թագուհի,-կտրուկ պատասխանեց իշխանիկը:

— Զարմանում եմ... — ասաց թագուհին և մի տարակուսական հայացք ձգեց պատանու վրա:

Իսկ բերդակալը դեմքը խոժոռեց, կարծես վախենալով Գոռի նոր ասելիքներից, որոնք կարող էին յուր առ կաթողիկոսն ունեցած սրբազան զգացմունքը վիրավորել, հրաման խնդրեց թագուհուց և ողջունելով նրան հեռացավ դահլիճից:

Մարզպետունի իշխանուհին այդ նկատեց և վշտանալով որդու անհամեստ պատասխանի վրա, շտապով հարցրեց նրան.

— Ինչո՞ւ կաթողիկոսի գալուստը անհաճո է քեզ:

— Եթե մայր-թագուհին կհրամայե ինձ անկեղծորեն խոսել...

— Խոսի՛ր, ամեն հանցանքներից թեթևը անկեղծորեն խոսելն է, — ասաց թագուհին:

— Տխրում եմ, որովհետև նա գալիս է մեր ամրոցը ո՛չ մայր-թագուհուն այցելելու և ո՛չ մեզ օրհնելու...

— Գո՛ռ, զգուշությամբ խոսիր,-ընդհատեց մայրը որդուն՝ հանկարծական հուզմունքից շառագունելով:

— Գոհար իշխանուհի, թո՛ղ որ նա յուր միտքն ազատորեն հայտնե, — նկատեց թագուհին ծանրությամբ:

— Անկեղծորեն խոսելու համար չպետք է զգուշության ուշ դարձնել մայրի՛կ, ես խոսում եմ իմ թագուհու և մոր առաջ: Այո՛, կրկնում եմ, կաթողիկոսը գալիս է ո՛չ թե մեզ օրհնելու, այլ Գառնիում ամրանալու:

— Ինչպե՞ս թե ամրանալու,-հարցրեց թագուհին:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.21.03 | Сообщение # 3
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Անշուշտ նա լսել է, որ հարձակում է պատրաստվում մեր լեռների վրա, և ահա ապաստանում է Գառնիին:

— Եթե նա լսել է այդպիսի բան, ապա ուրեմն խոհեմություն է անում մեր ամրոցը գալով, — նկատեց իշխանուհին:

— Ոչ, մայրի՛կ, նա չպետք է յուր միաբաններին անհույս ու անօգնական ձգե Այրիվանքում և միայն յուր անձի փրկության համար հոգա:

— Իսկ դու այդպիսի մի բան լսե՞լ ես,-հարցրեց թագուհին անհանգստությամբ:

— Ոչ, թագուհի, ես այդպես ենթադրում եմ:

— Բայց պետք է խոսել ապացույցների և ոչ թե ենթադրությունների վրա հիմնված, — ծանրությամբ նկատեց իշխանուհին:

— Մայր-թագուհի, կհրամայե՞ք ինձ պատասխանել, — դարձավ Գոռը թագուհուն:

— Խոսի՛ր, — պատասխանեց վերջինս:

— Ապացույցն այն է, մայրի՛կ, որ Վեհը Յուսուփի տեղակալից, մի որևէ Նսըրից վախենալով, անտեր է թողել Գվինի կաթողիկոսարանը և ապաստանել Այրիվանքի ծործորներին: Իսկ Նսըրը վաղ թե ուշ կմտնե Դվին և կգրավե թե՛ կաթողիկոսարանը և թե՛ նրա կալվածները:

— Եթե ոստիկանը կտիրե մայրաքաղաքին, որի պաշտպանը բացակա թագավորն է, ի՞նչ կա զարմանալու, եթե նա գրավե նաև կաթողիկոսարանը, որի պաշտպանը մի անզեն հոգևորական է, — հուզված խոսեց իշխանուհին, առանց մտածելու, որ այդ խոսքերով վշտացնում է թագուհուն:

Իսկ վերջինս ոչ միայն խոցվեց իշխանուհու խոսքերից, այլև ներքին վրդովմունքից գրեթե այլագունեց: Բայց չկամենալով երևան հանել յուր հուզմունքը կամաց-կամաց բարձրացավ բազմոցից և անուշադիր դեպի իշխանուհին` մեղմ ձայնով ասաց դայակին:

— Մայր Սեդա, ես հոգնած եմ. պատրա՞ստ է արդյոք հանգստարանս:

— Այո՛, սիրելի թագուհի, — պատասխանեց դայակը:

Թագուհին մի բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իշխանուհուն և իշխանիկին և բարի գիշեր մաղթելով նրանց ուղղվեցավ դեպի առանձնարանը: Սեդան և նաժիշտները հետևեցին նրան.

— Ի՞նչ արիր դու այդ, մայր իմ, ինձ էիր զգուշացնում ազատ խոսելուց, իսկ դու սուր ցցեցիր թագուհու սիրտը,-վրդովված բացականչեց Գոռը:

Գոհար իշխանուհին, որ յուր պատասխանը տվել էր միայն յուր որդու համարձակախոսությունից գրգռված և ոչ թե թագուհուն վշտացնելու մտքով, հիշեց նորից յուր խոսքերը և մնաց կարծես շանթահար:

— Ես չէի կամենում նրան վիրավորել ... ես չմտածեցի... հանկարծ դուրս թռան իմ խոսքերը... -ընդհատելով և նվաղած ձայնով պատասխանեց որդուն Գոհարը և սաստիկ տխրեց:

Իշխանիկը բարկացած անցուդարձ էր անում դահլիճի մեջ: Հանկարծ նա կանգ առավ և դիմելով մորը՝ հարցրեց.

— Մայրիկ, բոլո՞ր կանայք մոռացկոտ են քեզ պես:

— Ինչո՞ւ համար ես հարցնում:

— Ինչո՞ւ համար... Հիշո՞ւմ ես. հայրս յուր հրաժեշտի ժամին խնդրեց քեզ և դղյակի մյուս կանանց՝ աշխատել ուրախ պահել թագուհուն. ասաց, որ նա ծանր վշտեր ունի և թե պետք է մոռացնել տալ նրան այդ վշտերը... Ես ծանոթ չեմ թագուհու վշտերին, որովհետև այդյոք ծածկում են ինձանից. բայց դու և քո բարեկամները, անշուշտ, ծանոթ եք, դու չպետք է մեղանչեիր ո՛չ թագուհու հանգստության և ո՛չ հորս պատվերի դեմ:

— Դո՛ւ էիր հանցավորը, Գո՛ռ. ինչպես կարողացար լոկ ենթադրության վրա հիմնված, թագուհու ներկայությամբ ասել թե կաթողիկոսը փախչում է Այրիվանքից ...

— Ենթադրության վրա չէի հիմնված, մայրի՛կ, այլ իսկության, -ընդհատեց Գոռը:

— Իսկությա՞ն. ինչպե՞ս:

— Այո՛, ճշմարտությունը ես ծածկեցի թագուհուց, որովհետև չէի կամենում անհանգստացնել նրան:

— Ի՞նչ ճշմարտություն:

— Այն, որ շուտով մեր լեռների վրա հարձակում կլինի:

— Ի՞նչ ես ասում, Գո՛ռ, և ո՞վ պիտի հարձակվի:

— Ինքը Նսըրը: Նա արդեն դուրս է եկել Նախիջևանից և գալիս է Դվին:

— Աստվա՛ծ իմ, ի՞նչ ասացիր, — բացականչեց իշխանուհին:

— Այո՛, և այդ պատահում է հենց ա՛յն ժամանակ, երբ բացակա են Ոստանից թե՛ թագավորը և թե՛ զորքերը:

— Ինչ պիտի անենք ուրեմն:

— Դու պիտի ծածկես թագուհուց այս նորությունը և ուրիշ ոչինչ. իսկ մենք կանենք այն, ինչ որ պարտավոր ենք: Այժմ ես գնում եմ բերդակալի մոտ:

Սա ասելով իշխանիկը ողջունեց մորը և շտապ քայլերով դուրս գնաց դահլիճից:

Գոհար իշխանուհին շվարած և մտամոլոր ուղղվեցավ դեպի յուր կացարանը:

ԴԱՅԱԿԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ

Դահլիճից հեռանալով` թագուհին մտավ յուր առանձնարանը հոգեպես հուզված: Առաստաղից կախած արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց նրան, թեպետ յուր հրամանովն էր, որ միայն մի ճրագ էր վառվում յուր քնարանում: Ուրիշ անգամ այդպիսի թերություն նա չէր նշմարիլ այդտեղ. բայց այժմ չկարողացավ հաշտվել փոքրիկ ճրագի հետ:

— Լո՛ւյս տվեք, առանց այն էլ սիրտս մթապատ է, — բացականչեց թագուհին և դիմեց դեպի նեղ, կամարակապ պատուհանը, որ նայում էր լուսնի լուսով լուսավորված Գեղա լեռան բարձունքներին, և որտեղից հով էր առնում սենյակը:

Կանգ առնելով այդտեղ, նա սկսավ անհագաբար շնչել թարմ օդը, կարծես կամենալով մեղմել նրա զովությամբ յուր սիրտը վառող կրակի տապը:

Նաժիշտներից մինը ներս բերավ իսկույն ոսկեզօծ հնգճյուղյան ճրագարանը և դրավ ընկուզենուց շինած և սադափով ու փղոսկրով զարդարած նգույրի (բոլորշի սեղան) վրա:

Սենյակը լուսավորվելով` երևան հանեց հինավուրց արհեստի նրբաճաշակ զարդարանքները, որոնցով գեղարվեստասեր Տրդատը դարեր առաջ պաճուճել էր տվել յուր սիրարժան քեռ, հայոց թագածին օրիորդի և, հավերժական կուսի գիշերային հանգստարանը: Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը, միայն այն զանազանությամբ, որ սա կերտված էր ընտիր, գույնզգույն քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանվում էր չորս կամարամասի, հնգական զույգ որմնասյուներով, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա: Նրանց հոնիական խոյակները միավորում էին չորս կիսաբոլոր կամարներ: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները դեղնագույն քարից, իսկ պատվանդաններն ու խոյակները հրաշեկ պորփյուրից: Որմնասյուներով բաժանված մասերում մեջընդմեջ շինված էին կամարազարդ խորշեր, որոնց ներսը կերտված էր հախճապակյա գույնզգույն աղյուսներից, իսկ եզերքը զարդարած ծիրանաքարի մանեկաձև գոտիներով: Յուրաքանչյուր երկու խորշերի մեջտեղը գտնվող հարթ տարածության վրա քանդակված էին դրասանգներ ու ծաղկանկարներ:

Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածներով. իսկ առաստաղը պատերի հետ միավորող քառանկյունները պճնված խորշխորշյա ոսկեզօծ մյուսիոններով:

Պատերից երկուսի վրա շինված էին երկ-երկու նեղ, բայց երկար ու կամարավոր պատուհաններ, եզերված պորփյուրյա մանեկաձև գոտիներով:

Համակ քարաշեն այդ սենյակի հետ գեղեցիկ հակադրություն էր կազմում թագուհու քնարանը, որ բռնած էր սենյակի աջ անկյունը սքողված մետաքսյա ծիրանեգույն առագաստներով և զարդարված ոսկե թել ծոպերով ու փնջերով: Դայակը մոտենալով մահճին բացավ նրա ծանր առագաստները և երևան հանեց հարուստ դիպակներից ու նրբահյուս բեհեզներից պատրաստված անկողինը, գգված պարսկական թավշյա ծաղկանկար բարձերով: Ապա դառնալով թագուհուն` մեղմ ձայնով հարցրեց.

— Կկամենայի՞ր, մեծափառ, այժմեն իսկ հանգստանալ:

— Այո՛, այժմեն իսկ, սաստիկ հոգնած եմ, — պատասխանեց թագուհին և երեսը պատուհանից դարձնելով, հրամայեց նաժիշտներին յուր հանդերձը հանել:

Բայց նրա երեսն այդ միջոցին արտահայտում էր ոչ թե հոգնածություն, այլ ներքին, հոգեկան հուզմունք, որ սակայն մի գրավիչ փայլ էր տալիս նրա գեղանի դեմքին, լուսալիր աչքերին, նազելի հասակին և դշխոյական սիգաճեմ շարժմանը:

Երկու նաժիշտները միաժամանակ մոտեցան նրան: Հանեցին նախ թագուհու սովորական զարդերը, որոնք էին` յուր բյուզանդական ծանրագին ապարանջաններն ու գինդերը, ապա ոսկեհուռ մանյակը, որ գրկում էր նրա փղոսկրյա պարանոցը, գոհարազարդ գոտին, որ սեղմում էր նազիկ իրանը մետաքսե նուրբ պատմուճանի մեջ, և ձախ ուսի վրա փայլող հակինթե ճարմանդը, որով կոճկված էր յուր հարուստ կուրծքն սքողող ոսկենկար բաճկոնակը: Արձակեցին նույնպես մարգարտյա վարսակալը, որ ամփոփում էր նրա մազերը հունական տարազով: Հարուստ հյուսերը ոսկե կապերից ազատվելով ալեծածան սփռվեցան նրա կիսամերկ ուսերի և կրծքի վրա:

Կիսով չափ հանվելով, թագուհին նստեց մահճի վրա և պահանջեց յուր սաղմոսարանը:

Նաժիշտներից մինը մոտեցավ քնարանի սնարին և այդտեղ դրված փոքրիկ դարակից հանելով ոսկեկ ազմ և ակունքներով զարդարած մի գիրք, համբուրեց այն և տվավ թագուհուն, ընդնմին մոտեցնելով նրան ճրագարանը:

— Այժմ արդեն գոհ եմ, գնացեք և հանգստացեք, այս գիշեր ինձ մոտ կմնա Սեդան, — ասաց թագուհին նաժիշտներին:

— Բայց մի՞թե չէիր կամենալ մի բան ճաշակել, — գորովալից ձայնով և հոգատար եղանակով հարցրեց Սեդան, մոտենալով թագուհուն:

— Ճաշակե՞լ... Ո՛չ:

— Կամ ըմպել մի գավաթ օշարակ:

— Լա՛վ. բերեք ինձ զովացուցիչ մի բան, — ասաց թագաուհին, կարծես կամենալով շնորհ անել դայակին:

Նաժիշտները դուրս գնացին թագուհու հրամանը կատարելու:

Առանձնարանի մեջ լռություն տիրեց: Թագուհին բացավ սաղմոսարանը՝ իբր թե կարդալու համար, բայց նրա աչքերը խաղում էին դրվածքի վրա մեքենայաբար, նա ոչինչ չէր կարդում, այլ միայն այդպիսով կամենում էր հեռացնել յուր աչքերը Սեդայից, որպեսզի մինչև նաժիշտների գալն ու վերադառնալը ո՛չ մի զրույց չսկսե նրա հետ: Բայց նա շնչում էր անհանգիստ և յուր կուրծքը, փոթորկելու մոտեցած ալիքի նման, անընդհատ բարձրանում և իջնում էր:

Վերջապես վերադարձան նաժիշտները, բերելով իրանց հետ արծաթե սկուտեղի վրա ոսկե գավաթով զովացուցիչ օշարակ, որ պատրաստված է մրգերի հուզից ու մեղրաջրից, այլև Արարատյան այգիների ընտիր պտուղներ:

— Այժմ ազատ եք, — ասաց թագուհին նաժիշտներին, երբ նրանք բերածները դրին սեղանի վրա:

Նաժիշտները գլուխ խոնարհեցին թագուհուն և «հանգիստ նինջ» մաղթելով նրան հեռացան:

Թագուհին խորը շունչ քաշեց, որպես թե մի ճնշող ծանրությունից ազատված: Ապա գիրքը դնելով նգույրի վրա և երեսը դարձնելով դեպի Սեդան, որ ձեռքերը խաչած կանգնած էր յուր սնարի մոտ, հարցրեց.

— Սեդա, դու լսեցի՞ր ի՛նչ ասաց Գոհար իշխանուհին:

— Այո՛, տիկին, լսեցի:

— Բայց հասկացա՞ր այն ակնարկությունը, որ քո թագավորին էր վերաբերում:

— Ա՛յն, որ ասաց, թե «բացակայում է Դվինի՞ց»:

— Եվ թե՝ «շարունակ շրջում է Ուտիքում»:

— Ո՛չ, թագուհի, նա Ուտիքի մասին ոչինչ չասաց:

— Ինչպե՞ս թե չասաց, ուրեմն ես սխա՞լ լսեցի:

— Նրա բոլոր խոսքերը մի առ մի կարող եմ կրկնել: Նա Ուտիքի անունը չտվավ:

— Ի՞նչ ես խոսում. ա՛յ կին, ուրեմն ես... բայց անկարելի է, ես հիշում եմ, որ նա Ուտիքի մասին էլ ակնարկեց: Մի՞թե դու չտեսար, թե ի՛նչպես այլայլվեցա ես:

— Այո՛, սիրելի թագուհի, ես տեսա թե «թագավորի բացակայության» մասին իշխանուհու արած ակնարկությունն ի՛նչպես տակնուվրա արավ քեզ: Բայց Ուտիքի մասին խոսք չէ եղել: Երևի իշխանուհու ակնարկությունից դու այն ես եզրակացրել, թե իբր նա ասում է` «թագավորը բացակայում է մայրաքաղաքից», որովհետև «ցանկանում է Ուտիքում լինել...»: Եվ ահա՛ այժմ քեզ թվում է, թե վերջին խոսքը նույնպես լսել ես նրանից, բայց ես լավ հիշում եմ, որ նա այդ խոսքը չարտասանեց:

Դայակի դիտողությունը լուսավորեց թագուհու միտքը, նրա հիշողությունը բացվեցավ, նա զգաստացավ և միևնույն ժամանակ սաստիկ ամաչեց, տեսնելով, թե ո՛ր աստիճան ինքն անձնատուր է եղել յուր երևակայության:

Բացի այդ, նա մտաբերեց հանկարծ, որ ինքը Սեդայի հետ դեռ ոչինչ չունի խոսած յուր վշտերի մասին, ուրեմն ինչո՞ւ Ուտիքի վերաբերմամբ խոսում է այժմ այնպես ազատ, որ կարծես թե նրանից ծածուկ ոչինչ չունի այլևս: Այդ հանգամանքը ճնշեց նրան սկզբում: Բայց հետո մտածելով, որ բաժակն արդեն լցվել է և որ այսուհետև գաղտնի կերպով տանջվելը ոչ մի օգուտ չի բերելու իրան, հարցրեց հանկարծ դայակին.

— Սեդա, դու ի՞նչ գիտես Ուտիքի մասին:

Սեդան նայեց թագուհու աչքերին մի հայացքով, որ թե՛ զարմանք և թե՛ անվստահություն էր արտահայտում, և ոչինչ չպատասխանեց:

— Սեդա, քեզ հարցնում է թագուհին, ինչո՞ւ ես լռում:

— Ուտիքի մասին, սիրելի թագուհի, ես շատ բան գիտեմ, ես ամեն բան գիտեմ...

— Այո՛, հիշում եմ, մի երկու ժամ առաջ հովանոցումն էլ նույնը ասացիր... Ասացիր, թե վաղուց հայտնի է քեզ, թե ի՛նչ վիշտ է կրծում իմ սիրտը, բայց թե չես համարձակվել այդ մասին խոսել ինձ հետ, որովհետև հավատացած ես եղել, որ դրանով միայն իմ վերքերը պիտի նորոգես, առանց ինձ մի օգուտ տալ կարողանալու... Այդպես չասացի՞ր, Սեդա՛:

— Այո՛, իմ սիրելի թագուհի, այդպես ասացի:

— Է՛հ, խոսի՛ր այժմ համարձակ, քո խոսքերով դու այլևս չես նորոգիլ իմ ցավերը, այլ գուցե և մեղմես նրանց:

— Իսկ եթե...

— Ոչ, ասում եմ քեզ. այժմ ես կարոտում եմ մի հավատարիմ բարեկամի, մի ընկերուհու, որին սիրտս բանալ կարողանամ. դո՛ւ եղիր այդ բարեկամը, մայր Սեդա, ես արդեն հոգնել, թուլացել եմ իմ վշտերս միայնակ տանելուց:

— Բայց չէ՞ որ ամեն ինչ հայտնի է քեզ արդեն. ինչո՞ւ ինձանից ես կամենում քո ցավերի պատմությունը լսել:

— Ինչո՞ւ, այդ մի՛ հարցնիր, մայր Սեդա, կամենում եմ լսել նորից այն բոլորը, ինչ որ ինքս գիտեմ. այլև այն՝ ինչ որ մինչև այժմ ծածկված է մնացել ինձանից:

— Բայց... չգիտեմ թե ո՛րտեղից սկսեմ:

— Սկզբից. բոլորովին սկզբից: Գիշերը երկար է. ես չպիտի կարողանամ քնել:

— Բայց... ի՞նչ ասեմ... այդ բոլոր պատմությունը կարելի է ամփոփել մի քանի բառերի մեջ: «Թագավորը սիրում է Ցլիկ-Ամրամի կնոջը...». այս չէ՞ բոլորը:

Թագուհին րոպեապես ցնցվեցավ: Մի գաղտնի հուզմունք անցավ նրա սրտից ինչպես մի կայծակ, և նրա հոգին խռովվեցավ նման ծովափյա ջրին, որի մեջ հանկարծ գլորվում է լեռան կողմերից պոկված մի քարաժայռ: Մի թեթև, վարդագույն նրա այտերը ծածկեց և ճակատը տամկացավ աննշմարելի ցողով: Ըստ երևույթին նա չէր սպասում դայակի այս կարճ և ամեն ինչ մերկացնող պատասխանին: Նա կամենում էր, Այո՛, լսել նրանից բոլորը, բայց այսքան շուտ, այսքան մերկապարանոց... Չէ որ յուր ականջները դեռ սովոր չէին այդ բանին... Հանկարծ մի դայակ համարձակվի յուր ներկայությամբ անպատշաճ խոսքեր ասել յուր թագավոր ամուսնու մասին, մի՞թե այդ հնարավոր էր, մի՞թե թագուհին այդ կարող էր լսել...

— Լռի՛ր, Սեդա, ոչինչ մի՛ խոսիր, — հանկարծ հրամայեց նա, ինքն էլ չիմանալով, թե ինչո՛ւ համար է լռեցնում խեղճ կնոջը:

Դայակը մնաց ապշած: Նա երկյուղագին ու անթարթ աչքերով նայում էր թագուհուն, առանց նրա բարկության պատճառը գուշակել կարողանալու:

Բայց թագուհին լուռ էր: Նա գլխակոր և աչքերը խոժոռած նայում էր հատակին:

Անցան մի քանի վայրկյաններ: Հուզմունքը տեղի տվավ առողջ դատողության: Թագուհին բարձրացրեց աչքերը և նայեց Սեդային, որի երկչոտ հայացքը և այլայլված դեմքը ճնշեցին յուր քնքուշ սիրտը:

«Արժե՞ միթե նրա պատճառով վիրավորել այս խեղճին: Ինչո՞ւ կեղծության քողը այսքան համառությամբ սեղմել իմ երեսին...», մտածեց ինքն իրան թագուհին և ձեռքը պարզելով դեպի դայակը, գորովալից ձայնով ասաց.

— Սեդա, մոտեցի՛ր, տո՛ւր ինձ քո ձեռքը:

Սեդան մոտեցավ բռնազբոսիկ քայլերով, բայց ձեռքը թագուհուն տալ չհամարձակվեցավ:

— Մոտեցի՛ր, ասում եմ, և տո՛ւր ինձ քո ձեռքը:

Սեդան մոտեցավ և յուր փափուկ ու սպիտակ աջը պարզեց դեպի թագուհին:

Վերջինս բռնեց այն քնքշությամբ և սիրալիր հայացքով նայելով դայակի աչքերին, ասաց.

— Մայր Սեդա, ես քեզ վշտացրի, ների՛ր ինձ, — և այս ասելով ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը, բայց այնպես արագ, որ դայակն արգելել չկարողացավ:

— Իմ թագուհի, իմ մեծափառ տիկին, ի՞նչ ես անում, — այլայլված բացականչեց Սեդան և խոնարհելով թագուհու առաջ, փարեց նրա ծնկներով և սաստիկ հուզմունքից սկսեց արտասվել:

— Մայր Սեդա, մի հուզվիր, մի՛ վրդովվիր. ես համբուրեցի այն ձեռքը, որ շատ անգամ համբուրել եմ մանկությանս ժամանակ, որ այնքան շատ գգվել, գրկել ու պահպանել է ինձ, համբուրեցի այն կնոջ ձեռքը, որ ինձ կաթ է ջամբել, ինձ երկրորդ մայր է եղել... Վե՛ր կաց, Սեդա, գրկի՛ր քո Սահանույշին, հիշո՞ւմ ես, որ ասում էիր, թե Սահականույշը խիստ երկար է. դու Սահանույշ պիտի անվանես... Ո՜հ, ինչպե՞ս անդառնալի անցան մանկական այդ քաղցր օրերը. և որքա՜ն փոքրիկ երջանկություններ կորան անհիշատակ... Այդ բոլորից միայն դու մնացիր ինձ, իմ բարի Սեդա, վե՛ր կաց, գրկիր և համբուրի՛ր ինձ...

Սեդան բարձրացավ և բազուկները տարածելով, յուր գիրկն առավ թագուհու գեղեցիկ գլուխը և սկսավ համբույրներով ծածկել նրա շուշան ճակատը և մարմարիոնի պես սպիտակ ուսերը, որոնք կիսով չափ սքողվում էին յուր հարուստ, ալեծածան մազերով:

— Ա՜խ, այսպես ուրեմն, քաղցր են մայրական համբույրները...-շշնջաց թագուհին և ջերմությամբ փարելով դայակին՝ «ես մայր չունիմ, Սե՛դա, դու ինձ մա՛յր եղիր», — ասաց նա և, հեկեկաց:

— Մի՛ լար, իմ անգին Սահանույշ, ես քո մայրն եմ, քո աղախինն եմ, քո ստրուկն եմ, մի՛ լար, իմ աննման թագուհի...

Երկար նրանք գրկախառնված մնացին և հորդ արտասուքներով իրար կուրծքը թրջեցին: Ապա դայակը առաջինը հեռանալով, մոտեցավ սեղանի վրա դրած օշարակին և ոսկե ըմպանակն առնելով, լցրավ ու բերավ թագուհուն:

— Խմի՛ր այս ջրից մի բաժակ, սա կհանգստացնե քո հուզմունքը, — խնդրեց նա թագուհուն:

Բայց նա, կարծես օշարակը չտեսնելով և նույնիսկ Սեդային չլսելով, սկսավ խոսել նրա հետ մի տեսակ ինքնամոռացության մեջ.

— Լսի՛ր, Սեդա, մի՞թե ես ավելի բախտավոր չէի լինի, եթե մի հովվի կին լինեի...

— Ի՞նչ ես ասում, թագուհի,-հարցրեց Սեդան տարակուսած:

— Այո՛, այն ժամանակ մեր իշխանները կծաղրեին Սահակ Սևադային. կասեին թե՝ Գարդմանա հզոր իշխանը յուր դուստրը տվել է լեռներում ապրող մի հովվի. այնպես չէ՞ ... Այո՛, և այն ժամանակ ես, հայոց թագուհին, Աշոտ-Երկաթի ամուսինը չէի լինիլ. ինձ չէին շրջապատի այս հոյակապ զարդարանքները, այս ոսկեճամուկ դիպակները, այս արծաթե ու փղոսկրյա կարասիները... այո, և զորախմբերը չէին խոնարհիլ իմ առաջ իրանց դրոշն ու նիզակները... Բայց հովվական խրճիթի մեջ իմ հոգին խաղաղ և սիրտս հանգիստ կլիներ... իմ հայրն ու սիրելի եղբայրը աչքերի լուսից չէին զրկվի, և ես շարունակ գաղտնի հառաչանքներով, թաքուն արտասուքներով չէի ողբալ մեկի ծերությունը և մյուսի ծաղիկ հասակը ... Եվ այս բոլորը մի անզգամի, մի նվաստ ազգի կնոջ համար... Օ՛հ, խելքս թռչում է, երբ սկսում եմ մտածել...

— Թագուհի, դու դարձյալ վրդովվում ես. խմի՛ր այս բաժակը, աղաչում եմ, նա կհանգստացնե սիրտդ, — խնդրեց Սեդան, օշարակի բաժակը մոտեցնելով նրան:

Թագուհին բաժակը վերցրավ և խմեց միանվագ: Զովարար ըմպելիքը մեղմացրեց նրա սրտում վառվող կրակը: Նա լռեց մի վայրկյան: Սեդան հանգամանքից օգտվելով, ընտրեց նաժիշտների բերած մրգերի ծիրանեգույն խաղողի մի գեղեցիկ ողկույզ և բերավ թագուհուն:

— Այս նույնպես կհանգստացնե սիրտդ. ճաշակի՛ր մի քանի հատ, — խնդրեց նա թագուհուն:

— Լա՛վ. բայց նստի՛ր դու այստեղ, իմ առաջ, և պատմի՛ր բոլորը, ինչ որ գիտես, -հրամայեց թագուհին:

Սեդան հնազանդվեցավ, և մոտեցնելով թագուհու մահճակալին մի եռոտանի աթոռ, նստեց նրա վրա:

— Այդպես. այժմ սկսի՛ր:

— Դու հուզված ես, իմ սիրելի թագուհի. ավելի լավ կլիներ, եթե մենք ցավերից չխոսեինք... — հոգատար եղանակով աղաչեց Սեդան:

— Ես կամենում եմ անպատճառ իմանալ, թե որքա՛ն բան գիտեն ուրիշները իմ ցավերի մասին. այդ անհրաժեշտ է. այդ կարող է օգնել գործին, և հենց այդ պատճառով դու պիտի պատմես ինձ ոչ միայն քո գիտեցածները, այլև լսածներդ:

— Եթե այդ կարող է օգնել գործին...

— Այո՛, անպատճառ կօգնե, — ասաց թագուհին այնպիսի մի եղանակով, որի մեջ նկատվում էր նրա անդառնալի հրամանը`չկրկնել տալ իրան այլևս միևնույն պատվերը:

Սեդան գլուխը խոնարհեց և սկսավ մտածել: Ըստ երևույթին նա վերադառնում էր դեպի անցյալը և աշխատում էր զարթեցնել յուր մեջ հին հիշողությունները: Դրա համար, իհարկե, ժամանակ չէր հարկավոր. այն, ինչ որ նա պիտի պատմեր, կատարվել էր ընդամենը չորս կամ հինգ տարվա ընթացքում. ուրեմն, հազիվ թե Սեդան մի որևէ դեպք մոռացած լիներ: Բայց նրան տանջում էր այն միտքը, թե արդյոք պատմե՞ թագուհուն այն ամենը, ինչ որ ինքը գիտե, թե՞ միայն այն, ինչ որ կարող է գոհացնել նրա հետաքրքրությունը, առանց, սակայն, նրա սիրտը խռովելու:

Թագուհին գուշակեց Սեդայի տարակուսանքը և դիմելով նրան՝ տխուր ժպտալով ասաց.

— Գիտեմ, իմ բարի Սեդա, թե ինչո՛ւ համար ես դժվարանում խոսել: Այո՛, չես կամենում ինձ վրդովել, այնպես չէ՞. բայց ծածուկ վերքն ավելի ցավ ու տանջանք է պատճառում, քան հայտնին: Խոսի՛ր ազատ և անկեղծորեն: Դրանով դու ավելի թեթևություն կբերես իմ սրտին. և ես խոստանում եմ լսել քեզ սառնասրտությամբ:

— Այո՛, իմ մեծափառ թագուհի, ինձ պաշարել է այն երկյուղը, թե գուցե իմ պատմածներով վրդովմունք պատճառեմ քո սրտին: Այժմ՝ որովհետև դու այդ գուշակեցիր և խոստանում ես սառնասրտությամբ լսել ինձ, ապա ուրեմն կպատմեմ քեզ գիտեցածներս, առանց որևէ մի բան թաքցնելու, մանավանդ որ ասում ես, թե իմ տված տեղեկությունները օգուտ պիտի բերեն գործին:

Այս ասելով Սեդան ուղղեց յուր դիրքը, ծնկների վրա բերավ կապույտ պճղնավորի քղանցքները և աչքերը մի քանի վայրկյան գետնին հառելուց հետո նորից բարձրացրեց նրանց և թագուհու սպասող հայացքին ուղղելով՝ սկսավ մեղմ և հանգիստ ձայնով շարունակել:

Դ

ԹԵ Ե՞ՐԲ ՈՐՈՇՎԵՑ ՍԱՀԱՆՈՒՅՇԻ ԲԱԽՏԸ

— Այն, ինչ որ պիտի պատմեմ, սիրելի թագուհի, շատ տարվա բաներ չեն. նրանցից շատերը գուցե և հիշում ես դու, — այսպես շարունակեց Սեդան յուր զրույցը: — Թեպետ անցյալը նորոգելը շահ չունի քեզ համար, բայց քո վշտերի արմատը նրա մեջ է թաքնված, ուստի եթե կամենում ենք այդ վիշտը մեղմել, պետք է որ մի փոքր անցյալով զբաղվենք:

— Այո՛, Սեդա, անցյալից պիտի սկսես, որովհետև իմ ներկան մեռել է այդ անցյալով... Գուցե քո պատմածների մեջ ես գտնեմ ապացույցներ, որոնք արդարացնեն նրան իմ առաջ... Օ՛հ, ինչպես կկամենայի որ նա արդար լիներ...

— Թագավորի համար է խոսքդ, այնպես չէ՞:

— Զրո՜ւյցդ շարունակիր, Սեդա, այդ մասին հետո...

— ... Այո՛, այն ժամանակ դու դեռ նորատի աղջիկ էիր և ապրում էիր հորդ ապարանքում ուրախ ու անհոգ, ինչպես գարնան առավոտի նորաստեղծ մի թիթեռնիկ... Հանգուցյալ մայրդ սիրում էր քեզ կաթոգին, իսկ Գարդմանա իշխանը յուր ամենաքնքուշ գգվանքները միայն քեզ համար էր պահում: Դու էիր նաև եղբարցդ հրճվանքի միակ առարկան: Ի՜նչ զվարճություններով ասես չէին շրջապատում նրանք քեզ: Սահակ Սևադայի ապարանքը մի զարդ ուներ միայն, այդ գեղանի Սահանույշն էր. ամբողջ Աղվանքը մի աստղ ուներ, այդ Գարդմանի օրիորդն էր:

Հիշո՞ւմ ես դու այն խնջույքներն ու հանդեսները, որ հաճախ արվում էին քո հոր ապարանքում, այն ձիարշավներն ու զինախաղերը, որ կատարվում էին մեծ բերդի առաջ... Դրանք բոլորը պատրաստվում էին միայն քո պատճառով:

— Ինչո՞ւ իմ պատճառով, մայր Սեդա, հայրս զբոսասեր էր ի բնե:

— Ո՛չ, ի՛մ սիրելի. այդպես համարում էին նրան ուրիշները:

Նույնիսկ դրացի իշխանները բամբասում էին հորդ անտեղի զբոսասիրությանց համար: Բայց Գարդմանա տերը ո՛չ վատնող էր և ո՛չ զբոսասեր: Ընդհակառակը, նա միակ իշխանն էր հայոց երկրի մեջ, որ խոհեմության, չափավորության և քաջության հետ միասին ուներ նաև ուսումնասեր ոգի, որ յուր տան մեջ դպրոց հաստատեց, դպրապետներ կարգեց և Գարդմանա վանքերում ուսումը ծաղկեցուց. դրանք հո քաջ հայտնի են քեզ:

— Անշուշտ:

— Բայց միևնույն ժամանակ նա հյուրամեծար և շքադիր մարդ էր: Հաճախ նրան այցելում Էին Արցախու, Սյունյաց, Վասպուրականի և ուրիշ շատ տեղերի ազնվատոհմ իշխաններ, նույնպես և Ոստանի արքայազունք: Գարդմանա տերը չէր կարող չընդունել նրանց յուր անվան ու հռչակին վայել շուքով: Մանավանդ որ դրանցից շատերը նրա գեղանի դստեր փեսայության պարծանքը վաստակելու նպատակով էին հաճախում Գարդման: Ծնողներդ և ես այս մասին ոչինչ չէինք հայտնում քեզ. բայց տեղի ունեցող հանդեսները, զինախաղերն ու ձիարշավները պատրաստվում էին նրա համար, որ դու միջոց ունենաս մրցող իշխանազունների միջից քո սրտի սիրելին և քո սիրույն արժանի փեսացուն ընտրելու:

Հայրդ չէր կամենում խտիր դնել իրան ներկայացող և քո ձեռը խնդրող երիտասարդների մեջ, որովհետև նրանք բոլորն էլ քաջ, բոլորն էլ գեղեցիկ, հարուստ և համբավավոր իշխաններ էին: Մեկին ընդունելով և մյուսին մերժելով նա կարող էր նախանձի և թշնամության գրգիռ հարուցանել այդ քաջերի մեջ, հետևապես և վտանգի ենթարկել թե՛ յուր և թե՛ նրանց երկրների խաղաղությունը: Նա տեսնում էր, որ մեր աշխարհի կործանիչ խռովության մեծագույն մասը նմանօրինակ չնչին պատճառներից է առաջացած:

Այդ իսկ պատճառով պայման էր դրել, և, ամենքին էլ պարզ ասում էր, թե «իմ Սահականույշը հարս կլինի ա՛յն իշխանին, որին նա ինքը կհավանե»: Այս պայմանին նախապես և անտրտունջ համաձայնվում էր ամեն մի իշխան:

Բայց դու, հիշո՞ւմ ես, չհավանեցիր ո՛չ Սյունյաց Սմբատ իշխանին, ո՛չ արքաեղբայր Գուրգեն Արծրունուն, ո՛չ քաջ Ատոմ Անձևացուն, ո՛չ մոկաց տեր Գրիգորին և ո՛չ աղվանական զարմի որևէ մի սեպուհի:

— Հիշում եմ, այո. չհավանեցի և ոչ մեկին... Ես հպարտ էի այդ ժամանակ, ինչպես լեռան կրծքին բուսած բարձրաբուն կաղնին, որ արհամարհում է յուր կողքերը քերող սղոխներն ու քամին, բայց որին վերջապես կործանում է բքաբեր հողմը... Օ՛հ, ինչպես չարաչար պատժվեցա ես իմ հպարտության համար...

— Թագուհի, եթե դու վրդովվում ես, ապա հրաման տուր, որ լռեմ:

— Չէ՛ , Սեդա, խոսի՛ր, բայց այդքան հեռվից մի սկսիր:

— Այդպես հարկավոր է, սիրելի տիկին. ավելի լավ է` կարգով պատմել և ոչինչ չմոռանալ, քան շտապել և կարևորը չասել:

— Երևի դու կամենում ես, որ ես իմ ցանկացածները դեռ քեզանից չլսած քո՞ւն մտնեմ... այնպես չէ՞, Սեդա, — հարցրեց թագուհին ժպտալով:

— Ոչ, ես... Բոլորը կպատմեմ... — դժվարանալով պատասխանեց Սեդան և նույնպես ժպտաց:

— Հասկացա, նպատակդ հասկացա... Բարեսիրտ կին, ինչպե՜ս շատ ես հոգում դու իմ մասին... բայց միևնույն է, ես չպիտի քնեմ այս գիշեր. ուրեմն պատմի՛ր` ինչ որ գիտես, ես սպասում եմ:

— Այդպես, սիրելի թագուհի, դու բոլոր փեսացուներին մերժեցիր, և մենք մնացինք շվարած: Մայրդ դժգոհ էր, որ իշխանը ընտրության իրավունքը տվել է քեզ: Ես էլ, ի՛նչ մեղքս թաքցնեմ, համաձայն էի մեծ իշխանուհու հետ: Բայց հայրդ գլուխը շարժեց և ասաց. — իմ Սահանույշը կգտնե յուր արժանավոր փեսացուն. նրա ամուսինը երևի իշխանականից մի փոքր ավելի բարձր տիտղոս կունենա:

— Խե՜ղճ մարդ. մարգարեացել է... բայց եթե կարողանար գուշակել նաև այն, թե իշխանականից ավելի բարձր կոչում ունեցող այդ փեսացուն ի՛նչ ձյուն պիտի բերեր յուր, խեղճ հորս գլխին...

— Թողնենք, ուրեմն, թագուհի, այս պատմությունը: Ես տեսնում եմ, որ որքան էլ զգուշությամբ խոսեմ, դարձյալ պիտի վրդովեմ քեզ, դու սառնասրտությամբ լսել չես կարողանում... Կուզե՞ս, ես պատմեմ Գնունի իշխանների, ողբացյալ Դավթի ու Գուրգենի նահատակության պատմությունը... Ո՜հ, ինչպես սրտաշարժ և միևնույն ժամանակ ոգևորող է նա... Այդ կատարվեց Դվինում, ութ տարի սրանից առաջ... դժոխային գազան Յուսուփի, ձեռքով...

— Սեդա՛, սկսածդ շարունակիր, նահատակությանց պատմություններ լսելու ցանկություն չունեմ. շարունակի՛ր, ես այլևս չեմ վրդովվիլ:

— Լա՛վ, տեսնենք, — ասաց Սեդան ժպտալով և նորից սկսավ յուր զրույցը: -Եվ այդպես` մեծ իշխանի գուշակությունը կատարվեցավ: Հիշում եմ, ինչպես այսօր... Այո՛, երջանիկ օրեր էին... և անցան: Բայց ի՞նչը չէ անցնում այս աշխարհում... Ունայնություն ունայնությանց, ամենայն ինչ ընդունայն է, ասել է Սողոմոնը:

Թագուհին ժպտաց: Սեղան կանգ առավ և նայեց նրան: Նա կամենում էր իմանալ, թե ինչո՞ւ համար է թագուհին ժպտում: Վերջինս գուշակեց դայակի տարակուսանքը և ծիծաղելով ասաց.

— Ինչպե՜ս ծանր ես պատմում դու, Սեդա՛:

— Իսկույն, իսկույն, իմ սիրելի թագուհի, այլևս չեմ ծանրացնի, — ասաց Սեդան նույնպես ժպտալով, — բայց մի՛ ձանձրանար, եթե մի քիչ հեռվից սկսեմ... Ի՞նչ անեմ, չեմ կարողանում մոռացության տալ հիշատակաց արժանի պատմությունները:

— Խոսի՛ր, չեմ ձանձրանում:

— Հա. երբ Սմբատ թագավորին խաչեցին Դվինի առաջ... օ՛, ի՜նչ ծանր օրեր ենք անցրել. հիշել անգամ սարսափում եմ... այդ ժամանակ Աշոտ դյուցազնը դեռ գտնվում էր Ուտիքում...

— Դարձյա՞լ Ուտիքում... Ա՜խ, Սե՛դա, այդ անունը մի՛ տար, չեմ կարող լսել...

— Թա՛գուհի:

— Այո՛, կործանվի՛ Ուտիքը, որ ես նրա անունը այլևս չլսեմ... — նյարդային ցնցումից վրդովված բացականչեց թագուհին և ներքին հուզմունքից բոլորովին այլայլվեց: Մի երկու վայրկենի մեջ նա այնպես փոխվեցավ, որ Սեդան քաշվեցավ, ճնշվեցավ ինչպես մի հանցավոր. նա լռեց և դիտում էր թագուհուն երկչոտ հայացքով: Վերջինս, սակայն, էլ չէր նայում դայակի վրա: Յուր գեղանի, բայց թախիծով լի աչքերը ուղղել էր պատուհանին, որի նեղ ու երկար անցքի միջից թափանցում էին լուսնի կաթնագույն շողերը: Թվում էր, թե նա դիտում է լուսանցքի պատի վրա այդ շողերի նկարած կամարազարդի պատկերը կամ հեռվում աղոտ կերպով նշմարվող մթապատ լեռների արտևանունքը... Բայց նա իսկապես ոչինչ չէր տեսնում և մինչև անգամ ոչինչ չէր մտածում, նրա սիրտը հուզված, հոգին խռովված էր, ուստի և միտքը սլանում էր խավար ու անպարունակ դատարկության մեջ, ուր մերթ ընդ մերթ հանդիպում էին նրան լուսավոր շերտեր, որոնց վրա նկարված էին լինում յուր վշտերի զանազան պատկերները, բայց նա կանգ չէր առնում նրանց առաջ, և շարունակ թռչում էր հեռո՜ւ, հեռո՜ւ, դեպի խավար, անսահման տարածությունը, ուր հետզհետե նվազում էին անհաճո պատկերները, ուր թագավորում էր միայնություն, լռություն և մոռացումն...

Երկար այս դրության մեջ մնաց թագուհին և ապա վերջապես խոր հոգոց հանեց: Կարծես ծանր աշխատությունից վաստակաբեկ նա յուր աչքերը դարձրեց դեպի Սեդան հոգնած ձևով, նայեց և գլուխը շարժեց:

Խեղճ դայակը դեռ լուռ, անշշունջ և ձեռքերը կրծքին խաչած` նայում էր թագուհուն: Մի փոքր առաջ նրան թվացել էր, թե յուր սիրասուն Սահանույշը` չդիմանալով վշտերի ծանրության, խելագարվում է արդեն... չէ՞ որ նրան յուր հոր տանը պահել, մեծացրել էին այնպես փափուկ, այնպես քնքուշ, ինչպես արքայական բուրաստանի այդ գողտրիկ շուշան, որին միայն գարնան հովը կարող էր շարժել և այգածին ցողը` կամ մեղմով ճնշել, բայց երբե՛ք գեղջուկի կոշտ, կոպիտ ձեռքերը... Սակայն այդ բուրաստանի ծաղիկը, այդ ձյունաթույր շուշանը կքում է այժմ յուր գլուխը դառնաշունչ հողմի, ծանր վշտերի հարվածների տակ, մի՞թե կարող էր նա դիմանալ... Այդպես էր մտածում Սեդան:

Բայց երբ տեսավ, որ թագուհին նայում է իրան խաղաղ և անվրդով հայացքով, որովհետև նյարդերի գրգռումն անցել էր արդեն, նա հանգիստ շունչ քաշեց և ձեռքերի խաչը լուծեց:

— Սեդա՛, շարունակիր պատմությունդ, — ասաց թագուհին մեղմ և հանգիստ ձայնով:

— Շարունակե՞մ... բայց... չգիտեմ, չեմ հիշում, թե ո՛րտեղ մնացի. այնպե՜ս շփոթեց ինձ քո վրդովմունքը...

— Պատմում էիր Սմբատ թագավորի մասին, թե խաչեցին Դվինի առաջ...

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.23.21 | Сообщение # 4
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Այո՛, հիշում եմ. բայց... ի՞նչ ասեմ, ի՛մ թագուհի, ի՛մ հրեշտակ, դու նեղանում ես, վրդովվում ես... քո Սեդան պառավել է, չի կարողանում այնպես հարմարեցնել յուր զրույցները, որ հաճույք պատճառե քեզ... ինչպե՞ս անեմ...

— Չէ, Սեդա՛, այդպես լավ է. այժմ տեսնում եմ, որ զրույցներն օգնում են ինձ. ես կամաց-կամաց ընտելանում եմ իմ վշտերը հիշեցնող ակնարկներին. այդ լավ է. երևի ես այժմ կսովորեմ հաշտվել իմ դրության հետ, դու շարունակի՛ր:

— Իհարկե, իհարկե. չպետք է հո միշտ տանջվել. աստված ոչ ոքի առանց ցավերի չէ ստեղծել... Բայց դու, իմ հրեշտակ, խմի՛ր դարձյալ մի բաժակ օշարակ, նա ավելի ևս կհանգստացնե քեզ, — ասաց Սեդան, սիրտ առնելով թագուհու խոսքերից, և ապա վեր կենալով բերավ նրան օշարակ:

Թագուհին թեպետ ախորժանքով չվայելեց առաջարկված ըմպելիքը, բայց դայակի սիրտն ամոքելու համար տրտունջ չհայտնեց: Բաժակը դարձնելով Սեդային նա հենվեցավ թավշյա բարձերին և սկսավ լուռ նրա զրույցը լսել:

— Այո՛, այդպես. անխոհեմ և ամբարիշտ իշխանների շնորհիվ այդ զարհուրելի և անարգ հարվածը հասավ մեր գլխին. սուրբ և առաքինի թագավորին խաչեցին փայտի վրա, յուր իսկ մայրաքաղաքի առաջ...

Բայց այդ գազանային վրեժխնդրությունը տեղի չէր ունենալ, եթե հայ իշխանները միանային, թև ու թիկունք լինեին իրանց դյուցազնասիրտ թագավորին և ընդհանուր ուժով դեմ դնեին հայրենիքի թշնամուն... Այդ թշվառությունը չէր պատահիլ, եթե տիրանենգ և դավաճան Գագիկ Արծրունին Վասպուրականում թագավորելու փառամոլությամբ կուրացած` չմիանար Յուսուփ ոստիկանի, յուր հայրենիքի անհաշտ թշնամու հետ, չկրկնապատկեր նրա կործանիչ ուժը, չբանար նրա առաջ փակված ճանապարհները, որի արդյունքը եղավ բազմաթիվ հայ զորքերի կոտորածը, բերդերի և ամրոցների առումը, ժողովրդյան ջարդը... Այս ամենը տեսավ առաքինի թագավորը, որ ամրացած էր Կապույտ բերդի մեջ, և որին, հարկավ, թշնամին վնասել չէր կարող. բայց չդիմացավ. չկարողացավ սառնասրտությամբ նայել բյուրավոր զոհերին, անընդհատ հոսող արյանը, և մտածեց. «Թշնամին իմ անձին է հետամուտ, ինչո՞ւ թույլ տամ, որ իմ պատճառով հայրենիքն ավերվի... Ավելի լավ չէ՞, որ նրա փրկությունը գնեմ իմ արյամբ, քանի որ դավաճան իշխանները ջլատել են մեր ուժը, թուլացրել մեր բազուկը և մենք զենքի ուժով թշնամուն դիմադրել չենք կարող...»: Եվ ահա նա դուրս եկավ բերդից և հանձնեց իրան թշնամուն, ճիշտ այնպես, ինչպես Հիսուս, սիրո և խաղաղության վարդապետը, հանձնեց իրան հրեից գազանամիտ ամբոխին` Գողգոթայի վրա անարգանաց խաչին բևեռելու...

Այդտեղ էր այդ ժամանակ և Գագիկ Արծրունին, հայոց Հուդան... Բայց ոչ. նրան Հուդա անվանել չէ կարելի, Հուդան խիղճ ուներ, սիրտ ուներ. նա երբ տեսավ, որ յուր անմեղ ու բարի վարդապետին մատնել է երեսուն արծաթի համար, գարշեցավ յուր անձից և գնաց կախվեցավ: Բայց Գագիկ Արծրունին` երբ տեսավ, թե յուր շնորհիվ հայրենիքի պաշտպան, անձնվեր և քաջ թագավորը մատնված է թշնամու ձեռքը, հոգաց յուր անձի անդորրության մասին, ձի նստեց և շտապեց յուր երկիրը, որպեսզի Յուսուփից ստացած և ազգից անիծված թագի փառքը ապահովության մեջ վայելե... Օ՛, և այդ հրեշը դեռ ապրում է աշխարհում. արքայական շուքով զբոսանքներ է կատարում Վասպուրականի մեջ... և Աղթամարում, ասում են, հոյակապ եկեղեցի է կառուցանում... Ինչո՞ւ համար: Արդյոք հավիտենականի ա՞չքն է ուզում խաբել, թե՜՞ ապագա սերունդների անեծքից է կամենում ազատվել... Ինչո՞ւ, ո՜վ բարերար աստված, ինչո՞ւ այդ եկեղեցու կամարները չես փլեցնում նրա գլխին. միթե դու պիտի ընդունե՞ս այն աղոթքն ու պատարագը, որ դավաճանի ձեռքով կառուցած եկեղեցում պիտի վերառաքեն քեզ...

Սեդան այդ հիշատակներով այնպես հուզվեցավ, որ վերջին խոսքերն արտասանելիս նրա շրթունքները դողում և աչքերը փայլում էին անսովոր կրակով:

— Մի՛ հուզվիր, մայր Սեդա, — ասաց թագուհին, — Արծրունյաց տոհմը հարուստ է դավաճաններով. բարիք սպասել նրանցից անկարելի է: Մեհրուժան Արծրունին Շապուհի հետ միացավ, որպեսզի քրիստոնեությունը Հայաստանից բառնա և Արշակունյաց գահը հափշտակե. բայց այդ ժամանակ ազգը ուժ ուներ և դավաճանին չարաչար պատժեց: Վաչե Արծրունին յուր արբանյակներով Վռամա հետ միացավ և հայոց թագավոր Արտաշիրը նրա ձեռքը մատնելով, Արշակունյաց տերությունը կործանեց: Գագիկ Արծրունին էլ հագարացիների հետ էր միացել` Բագրատունյաց հարստությունը ջնջելու հուսով. և այդ միայն նրա համար, որ Սմբատ թագավորը մերժել էր նրա ապօրինի խնդիրը, այսինքն` Նախիջևանը չէր տվել իրան, որ Սյունյաց Սմբատ իշխանի հայրենական կալվածքն էր... Չպետք է զարմանալ և վրդովվել, որովհետև ո՛չ փշից խաղող կքաղվի, ո՛չ տատասկից` թուզ:

— Բայց ինչպե՞ս չվրդովվես, երբ տեսնում ես, թե նա այդ բոլոր ոճիրները գործելուց հետո դեռ ապագա սերունդը խաբելու համար էլ հիշատակարաններ է կառուցանում...

— Այդ եկեղեցին հավիտյան չի ապրիլ, Սեդա՛,-ընդհատեց թագուհին, — բայց մատնչի անունը կմնա անմոռաց:

— Դրա համար էլ հոգացել է Գագիկը: Ասում են, որ յուր ազգից Թովմա Արծրունի անունով մի վարդապետ գրում է այժմ Արծրունյաց ցեղի պատմությունը: Հարկավ, այդ վարդապետը պաշտելի դյուցազանց կարգը կդասե յուր ազգակցին:

— Ուրիշներն էլ կգրեն, Սեդա՛, ճշմարտությունը չի թաքչիլ... Բայց դու մեր զրույցի նյութից հեռացար:

— Հա՛, այն էի ասում, երբ դյուցազն ամուսինդ լսեց յուր հոր` Սմբատ արքայի մարտիրոսական մահը, Երնջակի առումը և Սյունյաց տիկնոջ, այլև ուրիշ ազատանի կանանց Յուսուփից գերվիլը, կայծակի արագությամբ իջավ Բագրևանդ: Նա վառված, բորբոքված էր վրեժխնդրության բոցով:

Պետք է տեսնեիր դու նրան այն ժամանակ, երբ յուր զորքերով անցնում էր Գարդմանից: Այդ օրերը դու մեծ տիկնոջ հետ հյուր էիր Խաչենում: Ինչպես լեռնային մի հեղեղ, ինչպես գարնանազայր մի փոթորիկ, այնպես անցավ նա մեր դաշտերից: Մեծ չէր յուր զորքի թիվը ընդամենը վեց հարյուր հոգի. բայց նրանցից ամեն մինը կվաներ հարյուր հագարացի: Բոլորն էլ հաղթանդամ, հաստաբազուկ, զրահազգեստ, երկաթակուռ վահաններով, հզոր նիզակներով, ծանր սրերով, ամենքի աչքերիցն էլ կրակ ու կայծակ Էին թափվում. նրանց տեսնողը կա՛մ պիտի սարսափեր, կա՛մ ոգևորվեր: Իսկ ինքը արքայորդին... Կարո՞ղ եմ միթե նկարագրել, — կատարյալ հին դարերի մի դյուցազն: Երբ գալարափողերը յուր գալուստը հայտնեցին և նա սյունեցի նժույգի վրա նստած` հառաջապահ գնդի հետ միասին մոտեցավ բերդին, Գարդմանը կարծես տեղից դղրդաց... Բոլոր ժողովուրդը շունչը բռնած` նրան էր հետևում, բոլորը մի աչք դարձած` նրան Էին նայում: Եվ քանի՛-քանի՛ բերաններ այդ րոպեին օրհնանք կարդացին և բարեմաղթություններ արին նրա համար...

Երբ դղյակի առաջ հասավ, իջավ ձիուց: Այդ ժամանակ ահա՛ երևան եկավ բուն դյուցազնը: Բարձրահասակ, թիկնավետ, թխադեմ, բայց գեղեցիկ կենդանի աչքերով, որոնց մեջ շողում էր բարություն` երբ խոսում էր մեզ հետ և փայլում կրակ` երբ զորքին էր հրամայում: Հոր մահվան պատճառով նա սևազգեստ էր տակավին: Չկար վրան ո՛չ ոսկու և ո՛չ արծաթի զարդ: Նույնիսկ սաղավարտը սև պողպատից էր, իսկ դեմքը համակված անուշ տխրությամբ: Այսուամենայնիվ, այս բոլորը ոչինչ չէին պակսեցնում նրա առնական գեղեցկությունից:

Սահակ իշխանի հետ գրկախառնվեցավ նա դղյակի մուտքի մոտ. նրանք համբուրվեցան և արտասվեցին, հարկավ ապաբախտ արքայի մահը հիշելով...

Հազիվ մի քանի ժամ մնաց մեզ մոտ արքայորդին: Իշխանի աշխատությունը` գոնե մի օր պահել նրան մեզ հետ, ապարդյուն անցավ: -«Հյուրասիրելու և հյուրասիրվելու ժամանակ չէ, իշխան, ասաց նա հորդ, երկիրը ոտնակոխ է լինում, պետք է փրկության հասնել»: — Իմ քաջերից կտամ քեզ մի գունդ, եթե կխոստանաս արշավանքդ հաջողությամբ պսակելուց հետո վերադառնալ Գարդման` գեթ մի շաբաթ ինձ հյուր լինելու, — ասաց իշխանը արքայորդուն:

— «Խոստանում եմ վերադառնալ երկիրս ազատելուց հետո, ասաց արքայորդին. իսկ քո օգնության համար կմնամ` շնորհապարտ, որովհետև Գարդմանա զորաց քաջությանը կարող եմ վստահանալ:

Եվ իշխանը արքայորդու ձեռքը տվավ հինգ հարյուր քաջերից կազմած այն բանակը, որ հսկում է Գարդմանա մուտքին:

Երեկոյան դեմ հեռացավ արքայորդին յուր և իշխանի տված զորքերով: Չեմ կարող մոռանալ երբեք այն վայրկյանը, որ նա Սահակ իշխանի հետ համբուրվելով` յուր օդապարիկ նժույգն աշտանակեց: Գարդմանացի աղջկերանց հարյուրավոր աչեր գերեց նա յուր հետ, երբ պողպատյա սուրը օդի մեջ շողացնելով բարձրագոչ որոտաց. «Հառա՛ջ, քաջերս...»: Գարդմանա ձորը արձագանք տվավ. կարծես Հարյուր մարդ միասին գոռացին, այնքան ահեղ էր դյուցազնի ձայնը:

«Կեցցե՜ արքայորդին, կեցցե՜ ընդ համայր ամս», — որոտընդոստ ձայնով պատասխանեց զորքը և առաջ խաղաց:

Իշխանը ճանապարհ դրավ արքայորդուն մինչև Գարդմանա կամուրջը, և երբ վերադարձավ, ասաց ինձ առանձին, — Սեդա՛, գոհ եմ, որ Սահանույշն այստեղ չէր այսօր. սա աստծու տնօրինությունն է: — «Ինչո՞ւ», — հարցրի ես իշխանին:

— Արքայորդին գեղեցիկ է բոլոր այն իշխաններից, որոնք երբևիցե խնդրել են իմ դստեր ձեռը: Եթե Սահանույշը այստեղ լիներ, անկարելի է, որ այս քաջը նրա սիրտը չգերեր:

— Ավելի լավ, ասացի ես իշխանին. մի՞թե դու կմերժեիր քո դստեր ձեռը հայոց ապագա թագավորին:

— Ոչ, Սեդա, չէի մերժիլ. բայց դեռ հարց է, թե կժառանգե՞ նա հոր գահը: Գիտե՞ս, թե որքան արգելքներ ունի բառնալու: Արտաքին թշնամիները պիտի վանե, ներքինները` նվաճե. իսկ դրա համար հսկայական ուժ, հզոր աշխատություն և մեծ փորձառություն է հարկավոր: Տեսնենք, թե երիտասարդ արքայորդին կունենա՞ այդ բոլորը:

— Եթե չունենա՞, — հարցրի ես:

— Այն ժամանակ կընկճվի և հոր գահը կկորցնե: Այդ դեպքում, հարկավ, կդժբախտանար իմ դուստրը, եթե նա սիրում լիներ արքայորդուն: Իսկ այժմ նա ազատ է այդ երկյուղից: Եթե Աշոտը կհաջողի հոր գահը պայազատելու, այն ժամանակ ես դարձյալ կփեսայացնեմ նրան:

— Գուցե հաջողության ժամանակ Գարդմանա օրիորդը նրան չգրավե, — ասացի ես իշխանին:

— Բայց Սահակ Սևադայի հզոր աջակցությունը կգրավի, — պատասխանեց իշխանը վստահությամբ, — քաջերի այն գունդը, որ ես տվի նրան, մեր նշանտուքի գրավականն է: Նա ասաց, թե «այս օգնության համար կմնամ քեզ շնորհապարտ»: Մենք իրար հասկացանք և արքայորդին յուր խոստումը կկատարե. մանավանդ որ ապագայում պիտի կարոտի իմ աջակցության:

— Ուրեմն հարցը վճռվա՞ծ է, իմ Սահանույշը ապագա թագուհի՞ն է, — հարցրի ես հորդ:

— Այո՛, այդպես որոշեցի ես, հենց որ արքայորդին մտավ Գարդման, — ասաց իշխանը հաստատուն ձայնով: Եվ, ահա՛, այդ օրը, իմ սիրելի Սահանույշ, քո ապագա բախտը որոշվեցավ:

Ե

ԹԵ Ի՛ՆՉ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԷԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԱՅԴ ԲԱԽՏԻՆ

— Արքայորդու զորքը մինչև Գարդման հասնելը, — շարունակեց Սեդան, — ընդհարում էր ունեցել Բերդաձորում գտնվող հագարացի զորաց մի գնդի հետ, որին և ջարդել ու ցրել էր: Այդ կռվի մեջ, սակայն, ծանր վերք էր ստացել արքայորդու զինակիցներից մինը, որ ստիպված էր մի առ ժամանակ մնալ մեր ամրոցում, մինչև յուր վերքը կբուժվեր: -Դա Մարզպետունի իշխան Գևորգն էր: Իշխան Սևադայի հրամանով այլև իմ սրտագին ցանկությամբ, ինքս սկսա խնամ տանել մեր հիվանդ հյուրին, որին դարմանում էր բանակի հմուտ վիրաբույժը: Իշխանի վերքը աջ թևի վրա էր: Նա թեպետ անվտանգ, բայց առողջանալու համար ժամանակի պետք ուներ: Եվ ահա՛ այդ պատճառով, որպեսզի պարապությունը ձանձրույթ չպատճառե նրան, ես հաճախ մոտը նստում և ժամերով հետը խոսակցում էի: Գևորգ իշխանը սիրելի և բարեսիրտ անձն էր. շուտով նա մտերմացավ ինձ հետ: Պատերազմական շատ անցքերի ու դեպքերի պատմություններն անելուց ետ, նա շատ տեղեկություններ հաղորդեց ինձ նաև արքայորդու մասին, տեղեկություններ, որոնք իմ համակրությունն ու հիացմունքը հետզհետե գրավում էին դեպի մեր ապագա թագավորը:

Մի օր, այսպիսի մի զրույցի ժամանակ, ասացի ես Գևորգ իշխանին.

— Կարծեմ Գարդմանա օրիորդը ապագա արքայի ամուսինը պիտի լինի:

— Ինչո՞ւ համար ես այդպես կարծում, — հարցրեց նա:

— Իշխան Սևադան այդպիսի մի ցանկություն հայտնեց, — ասացի ես, — իսկ մեր իշխանը մինչև որ հաստատ հույս չունենար, այդ զրույցը չէր անիլ:

— Այդ ցանկությունը չի իրագործվիլ, — նկատեց Մարզպետունին խորհրդավոր եղանակով:

— Ինչո՞ւ, — հարցրի ես զարմացած:

— Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող, — պատասխանեց նա:

Ճշմարիտն ասած, ես շատ տխրեցի: Գևորգ իշխանը արքայորդու մտերիմն էր. և որքան որ կարողացել էի ճանաչել` նա լուրջ և խոհեմ մարդ էր. ուրեմն թեթևամտությամբ չէր կարծիք հայտնում: Այս հայտնությունն ինձ մտատանջության մեջ ձգեց: Ի՞նչ պատճառ կարող էր արդյոք արգելք լինել այս միությանը` մտածում էի ինքս ինձ, և սակայն մի բան գուշակել չէի կարողանում: Շատ մտածելուց ու մտատանջվելուց հետո վերջապես որոշեցի, ի՛նչ կերպ ուզում է լինի, իմանալ իշխանից այդ գաղտնիքը:

Մի օր, երբ վիրաբույժի կարգադրած դարմանը իշխանի վերքին դնելով թևը խնամքով փաթաթում էի, նա ժպտալով ասաց.

— Չգիտեմ, թե ինչո՛վ պիտի փոխարինեմ քո երախտիքը. քույր Սեդա:

— Ոչ մի երախտիք չունիմ քեզ վրա, իշխան, — ասացի ես, — եթե հայ զինվորը կռվի դաշտում վերք է ստանում, հայ կնոջ պարտավորությունն է` կապել ու դարմանել նրան: Այդ պարտքը մենք պիտի կատարենք մինչև անգամ կռվի դաշտում: Իսկ մեր տան մեջ այդ անելը ոչ մի նեղություն չէ պատճառում մեզ:

— Չէ, քույր Սեդա, ես շնորհապարտ մնացի քեզ, և շատ գոհ կլինեի, եթե ինքդ ասեիր ինձ, թե ինչո՛վ փոխարինեմ այդ շնորհը:

Ես ժպտացի:

— Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ՞, քույր Սեդա, — հարցրեց կրկին իշխանը:

— Ես իմ արածների մեջ ուշադրության արժանի մի շնորհ չեմ տեսնում, — ասացի ես, — բայց եթե դու ցանկություն ունիս մի բարիք անելով շնորհապարտ կացուցանել ինձ, ապա ես կասեմ թե ի՛նչ բարիք եմ սպասում քեզանից:

— Ասա՛, քույր Սեդա, ասա՛, աղաչում եմ, — թախանձեց իշխանը:

— Հայտնի՛ր ինձ այն գաղտնիքը, որ արգելում է արքայորդուն ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ, — խնդրեցի ես նրան:

Իշխանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց:

— Կարծեմ խնդրածս ծանր շնորհ չէ, այնպես չէ՞, հարցրի ես:

— Օ՛, ծանր, շատ ծանր խնդիր է, քույր Սեդա. կրկնապատիկ շնորհապարտ կմնայի, եթե ետ առնեիր խնդիրդ:

— Ո՛չ, կա՛մ այդ խնդիրը, կա՛մ ոչինչ, — թախանձանոք պնդեցի ես:

Իշխանը գլուխը շարժեց և ժպտալով ասաց.

— Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ իմ ամուսնուն` Գոհար իշխանուհուն: Ների՛ր ինձ, քույր Սեդա, դու պատվական կին ես, բայց ես կասեմ, որ առհասարակ վախենում եմ գաղտնիքներ հայտնել կանանց:

— Ա՜խ, իշխան, այդ հին նախապաշարմունք է, որ շարունակ ժառանգություն է մնում հորից որդուն, — ասացի ես, — կանայք իսկապես ավելի գաղտնապահ են, քան տղամարդիկ:

Իշխանը ծիծաղեց:

— Դու այդպես չես ընդունում, — հարցրի նրան:

— Մենք այնպես մտերմացել ենք, քույր Սեդա, որ ես. ազատ կարող եմ իմ մի քանի կարծիքները հայտնել քեզ, — ասաց իշխանը ժպտալով, — կանայք պինդ պահում են միայն իրանց սիրային գաղտնիքները, իսկ մնացյալի համար նրանց բերանը դուռ չունի:

Ես ծիծաղեցի, որովհետև համաձայն էի իշխանի հետ, բայց միևնույն ժամանակ ավելացրի.

— Կապացուցանեմ քեզ, իշխան, որ մինչև այսօր ճանաչածդ ոչ մի կնոջ չեմ նմանում ես:

— Բոլոր ինձ պատահած կանայք այդպես են խոսել իրանց մասին, — նկատեց իշխանը շարունակ ծիծաղելով, — նրանցից ոչ մինը չի կամեցել նմանվել յուր քրոջը, բայց ես իմ կյանքում դեռ չեմ պատահել մի կնոջ, որ տարբեր լինի մյուսից որևէ մի բանով: Միակ տարբերությունը եղել է այն, որ ամենից լավագույնը հենց ամենից թույլն է եղել:

— Դու այդպես խիստ ես խոսում. որպեսզի ես վշտանամ և ետ առնեմ խնդիրս, — ասացի իշխանին, — բայց ես չեմ վշտանում այլև իրավունք եմ տալիս քեզ ճշմարտությունը խոսելու և միևնույն ժամանակ պնդում եմ` որ ես իմ օրինակով կապացուցանեմ, թե կա՛ն աշխարհում կանայք, որոնց վրա կարելի է վստահիլ:

— Ես սպանում էի քո այդ խոստման, քույր Սեդա, որ խնդիրդ կատարեմ և պարտքից ազատվեմ, — ասաց իշխանը լրջությամբ. — այժմ կհաղորդեմ քեզ այն գաղտնիքը, որ հայտնի է միայն ինձ, իբրև արքայորդու մտերմին ու նիզակակցին և, հուսով եմ, որ այդ գաղտնիքը քո սրտի մեջ էլ կմեռնի:

— Անշուշտ, — հարեցի ես:

— Արքայորդին չի կարող ամուսնանալ իշխան Աևադայի դստեր հետ այն պարզ պատճառով, որ նա սիրում է ուրիշին, որին և նվիրված է հոգով ու սրտով, — ասաց իշխանը գրեթե շշնջալով:

— Ո՞ւմ, մայր Սեդա, ո՞ւմ Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞. ասա՛ շուտ այնպես չասա՞ց իշխանը... -տեղից վեր թռչելով կարծես շնչասպառ բացականչեց թագուհին:

— Իսկույն, սիրելի, իսկույն. մի՛ շտապիր, մի՛ վրդովվիր. այդպիսով եղածից ոչինչ չես փոխիլ, այլ միայն քեզ կտանջես:

— Ա՜խ, Սե՛դա, համբերությունս սպառում ես, ասա՛, ի՞նչ ես ծանրացնում:

— Ասու՛մ եմ, էլի՜:

— Ուրեմն Ցլիկ-Ամրամի կնոջը, այնպես չէ՞:

— Ո՛չ:

— Հապա՞:

— Ցլիկ-Ամրամն այն ժամանակ մինչև անգամ ամուսնացած չեր:

— Ո՞ւմն էր սիրում ուրեմն:

— Սևորդիների նահապետ Գևորգ իշխանի դստերը:

— Գևորգ իշխանի՞. ա՛յն, որ յուր Արվես եղբոր հետ միասին Ափշինի ներքինապետից Փայտակարանում նահատակվեցա՞վ:

— Այո՛, թագուհի:

— Էհ, այդ միևնույն անձն է: Գևորգ նահապետի դուստրը, որ մի օր արքայորդու հարսնացուն էր, այսօր արդեն Ցլիկ-Ամրամի կինն է...

— Այո՛, այդպես է...

— Եվ իմ թագավոր ամուսնու սիրուհին...

— Կամաց... սիրելի թագուհի, մեզ կարող են լսել: Նաժիշտները շատ անգամ լրտեսում են:

— Ա՛խ, Սեդա, այսուհետև այլևս ի՜նչ զգուշություն... իմ վիշտը ուրեմն հայտնի է ամենքին...

— Դեռ ոչ, թագուհի՛ ... դեռ...

— Լա՛վ, պատմի՛ր. հետո ի՞նչ ասաց իշխանը:

— Այն ասաց, որ արքայորդին սիրում էր այդ աղջկան:

— Այդ իմացա: Բայց հետո չհարցրի՞ր թե ինչպե՞ս է սկսվել այդ չարաբաստիկ սերը:

— Ինչպե՛ս չէ, հարցրի և նա հետևյալն ասաց.

— Գևորգ Նահապետի մահվանից առաջ Աշոտ արքայորդին դեռ պատանդ էր Ափշինի մոտ: Նույն այն ներքինապետը, որ Սևորդյաց նահապետին սպանեց, մտերիմ բարեկամ էր Սմբատ թագավորին: Վերջինս երբ Նահապետի մահվան լուրը լսեց, մեղադրական դրեց ներքինապետին՝ այնպիսի անմեղ մարդը սպանելուն համար: Ներքինապետը որպեսզի թագավորի սիրտն ամոքե, Ատրպատական վերադառնալուն պես, Ափշինից ծածուկ, ազատեց Աշոտ արքայորդուն և մի քանի իշխանազն հայ կանանց և ուղարկեց Սմբատին: Թագավորն իհարկե շնորհակալ եղավ ներքինապետին: Իսկ Աշոտ արքայորդուն անմիջապես ուղարկեց Ուտիք՝ Սևորդյաց սգավոր իշխանուհուն մխիթարելու: Այստեղ ահա երիտասարդ Աշոտը տեսնում է Սևորդյաց գեղանի օրիորդին և վրան սիրահարվում:

— Եվ հաստատապե՞ս սիրահարվում:

— Այո՛, և իբրև ապացույց՝ Մարզպետունի իշխանը հիշում է մի դեպք, որ արժանի է ուշադրության:

— Այսի՞նքն:

— Երբ Յուսուփի հրամանով բռնավոր Գագիկ Արծրունին յուր և հագարացի զորքերով ընկնում է Սմբատ թագավորի ետևից՝ նրան բռնելու կամ սպանելու համար, Սմբատ թագավորը յուր զորքերը տալիս է Մուշեղ և Աշոտ որդիների ձեռքը և ուղարկում նրանց Գագիկի դեմ: Երկու եղբայրները հանդիպելով բռնավորին՝ սկզբում զորավոր ջարդ են տալիս հագարացի զորքերին: Բայց վերջը Սևորդիների գունդը, որին զորավարում էր Աշոտը, դավաճանում է յուր զորապետին և խույս տալիս կռվի ճակատից: Այդպիսով հայոց բանակը թուլանում է և հաղթվում է, իսկ Մուշեղը, որ առյուծի պես էր կռվում, գերի է ընկնում թշնամու ձեռքը:

Մարզպետունի իշխանն ասում էր, թե այդ դեպքը մինչև անգամ չսառեցրեց Աշոտին դավաճան Սևորդիներից և նա նրանց հետ միասին վերադարձավ Ուտիք, չնայելով որ եղբայրը գերի էր տարվել Դվին:

— Ուրեմն այդպես, վաղո՞ւց է սկսվել իմ դժբախտությունը...

— Հապա ես որ ասում էի, թե անցյալի մեջ են ծածկված քո ցավերի արմատները:

— Բայց հետո՞, հետո ինչպե՞ս եղավ, որ Աշոտը թողեց Սևորդյաց օրիորդին և ինձ, դժբախտիս հետ ամուսնացավ:

— Պետական շահերը, սիրելիս, պետական շահերն այդպես էին պահանջում... Աշոտը միայնակ էր զորավոր թշնամիների առաջ: Իսկ Սահակ Սևադան յուր գարդմանացի զորքերով կարող էր արքայական բանակն ստվարացնել...

— Եվ ուրեմն Սևադայի աղջիկը զոհ պետք է լիներ այդ պետական հաշիվների՞ն...

— Աստուծո տնօրինությունն էր այդ:

— Ի՞նչ աստուծո տնօրինություն, մայր Սեդա, իսկապես դու ես իմ դժբախտության պատճառը:

— Ե՞ս. ի՞նչ ասացիր թագուհի, Սեդան յուր Սահանույշի դժբախտության պատճա՞ռը... Օ՛ մի՛ ասիր... մի՛ ասիր... այդ մի անեծք է...— հուզված բացականչեց Սեդան:

— Այո՛, մայր Սեդա, դու ես պատճառը, բայց մի՛ վշտանար: Եթե դու Մարզպետունի իշխանից լսածդ իսկույն ևեթ հայտնեիր հորդ, նա կզգուշանար և Աշոտ թագավորի պետական հաշիվներին չէր զոհիլ յուր աղջիկը:

Սեդան լուռ և խորհրդավոր նայեց թագուհուն և ոչինչ չպատասխանեց:

— Այնպես չէ՞, Սե՛դա:

Դայակը լուռ էր:

— Ինչո՞ւ չես պատասխանում, — հարցրեց թագուհին:

— Երանի՜ կլիներ, թագուհի, թե այդ լիներ իմ հանցանքը:

— Հապա, ուրիշ ի՞նչ ես արել:

— Դժբախտաբար ես խոստմնազանց եղա, Մարզպետունի իշխանին տվածս խոսքը չպահեցի, և նրա հաղորդած գաղտնիքը հայտնեցի հորդ հենց այն օրը, որ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից: Ի՞նչ անեմ, խնդիրը քո ապագա բախտին էր վերաբերում, չկարողացա լռության տալ:

— Եվ ի՞նչ ասաց հայրս:

— Ծիծաղեց. մանավանդ երբ ես երկյուղ հայտնեցի, թե Սահականույշը ապագայում կդժբախտանա, եթե այդ միությունը կայանա:

— Ինչո՞ւ համար ծիծաղեց:

— Ասաց, թե բոլոր երիտասարդները մինչև ամուսնությունը ունենում են հազար և մի այդ տեսակ կապեր, որոնք ոչնչացնում են օրինավոր ամուսնության սուրբ պսակի զորությամբ. թե արքայորդու այդ սերն անցողական տպավորության արդյունք է և անշուշտ առաջացել է նրանից, որ Սևորդյաց օրիորդը՝ տխրության օրերում, սգավոր հանդերձների մեջ, ներկայանալով արքայորդուն՝ շարժել է նրա գութը, իսկ սերը շատ անգամ ծնվում է, ասաց, այնտեղ, ուր ապրում է կարեկցությունը: Եվ թե վերջապես արքայորդին կզբաղվի շուտով յուր պետական գործերով և կմոռանա այդ օրիորդին: Իսկ մինչև այն՝ ես կպատրաստեմ ճանապարհը այնպես, ինչպես հաճելի է ինձ:

— Եվ հետո ի՞նչ արավ նա:

— Անմիջապես գնաց Ուտիք՝ Սևորդյաց գավառը և համոզեց Գևորգ նահապետի կնոջը՝ ամուսնացնել յուր դուստրը մի քաջ իշխանի հետ, որպեսզի նա խնամի յուր կալվածները, որովհետև Գևորգ նահապետի միակ ժառանգը սյդ աղջիկն էր:

— Հետո՞:

— Սևորդյաց իշխանուհին ընդունեց այդ խորհուրդը շնորհակալությամբ: Միևնույն ժամանակ նա խնդրեց մեր իշխանին, որ նա ինքը տնօրինե այդ գործը: Իսկ Սևադա իշխանը ժամանակ չկորցրեց. նա համոզեց Տաշրաց սեպուհ Ցլիկ-Ամրամին և ամուսնացրեց նրան այդ իշխանազնուհու հետ:

— Իսկ այդ աղջիկն ինքը ի՞նչ արարած էր ուրեմն, որ արքայորդու նման դյուցազնի սերը փոխում էր Ցլիկ-Ամրամի հետ...: Իմ թագավոր ամուսինը նվաստանում է իմ աչքում, Սեդա, երբ մտածում եմ, թե նա այդ կնոջն է սիրում...

— Այդպես չպետք է դատել, թագուհի: Առաջին՝ ամեն իշխանազն օրիորդ այնպես ազատ չէ մեծանում, ինչպես մեծացել է Գարդմանա օրիորդը, որին մինչև անգամ տրված էր փեսա ընտրելու իրավունքը, երկրորդ` Ամրամ սեպուհը մի հասարակ մարդ չէ. թե՛ քաջությամբ, թե՛ գեղեցկությամբ և թե՛ հարստությամբ նա ետ չի մնալ մեր արդի ամենանշանավոր իշխաններից, երրորդ՝ եթե Սևորդյաց օրիորդը մինչև անգամ խելագարված սիրում լիներ արքայորդուն, այնուամենայնիվ, դժվար չէր նրա սերը սառեցնել, քանի որ մեջտեղ Սևադա իշխանը կար՝ յուր ճարտար ու համոզիչ լեզվով...

— Նրա սերը չէին կարող սառեցնել. Աշոտին մի անգամ սիրողը չէր կարող այլևս դադարել սիրելուց. երևի այդ աղջկանը հուսահատեցրել են, անհնարին համարելով նրա ամուսնությունը արքայորդու հետ:

— Երևի:

— Այդ հաստատ է, և ապացույցն այն է, որ նույն սերը շարունակվում է տակավին, չնայելով որ ամուսնացած են թե՛ Աշոտը և թե՛ նահապետի աղջիկը:

— Ինձ էլ այդպես է թվում:

— Եվ այդպես, ուրեմն, Սահակ Աևադան ինքը յուր ձեռքով սեփական տունը քանդեց. «զգուբն, զոր փորյաց և պեղյաց՝ ի նույն անկցի ի խորխորատ, զոր և գործյաց»... ահա՛ սրա համար է ասել մարգարեն:

— Այո՛, դժբախտաբար, այսպես եղավ վախճանը... Բայց ո՞վ կկարծեր...

— Ա՜խ, Սեդա, գոնե մի կերպով հասկացնեիր ինձ այդ գաղտնիքը:

— Թագուհի՛ ... հապա իմ տված խոստո՞ւմը... Կարո՞ղ էի միթե դրժել նրան:

— Ա՛յ կին, չէ՞ որ հորս հայտնելով՝ դրժել ես արդեն:

— Հո՞րդ... Այդ ուրիշ է, թագուհի, նա տղամարդ էր. նա հեռատեսություն ուներ:

— Եվ ա՞յս է հեռատեսությունը. ինքդ հո տեսնում ես վախճանը:

— Մենք կանայքս շատ մոռացկոտ ենք. ներկայի փոքրիկ դառնությունները հեշտությամբ մոռացնել են տալիս մեզ անցյալի բյուրավոր քաղցրությունները... Սևադա իշխանը մեծ փառք պատրաստեց յուր դստեր համար. այդ փառքը վայելեց իմ թագուհին...

— Այո՛, և, սակայն, ներկան մոռացնել տվավ անցյալը:

— Ինձ թվում է, թե առավել արդարացի կլիներ, եթե ներկայի փոքրիկ վշտերը աշխատեինք մեղմացնել անցյալի քաղցր հիշատակներով:

— Որո՞նք են դրանք, Սեդա, ես չեմ հիշում. ես քաղցրություն չեմ տեսել իմ ամուսնական կյանքում:

Սեդան խորհրդավոր եղանակով ժպտաց:

— Դու ծիծաղո՞ւմ ես, մայր Սեդա. հապա հիշի՛ր, թվի՛ր այդ քաղցրությունները, գուցե ես այնոնք մտաբերելով իմ այժմյան ցավերը մոռանամ:

— Օ՛, շատ երկար կտևե այդ, թագուհի. դու պետք է հանգստանաս:

— Ոչ, ասա՛, պատմի՛ր. իմ հանգստությունը քո զրույցների մեջ եմ գտնում. այս գիշեր քունը չի մոտենալ աչքերիս. պատմի՛ր, ես լսում եմ:

Այս ասելով թագուհին նորից պառկեց՝ հոլանի թևը բարձերին և ձեռքը ծնոտին հենելով: Սեդան վեր կացավ և ծածկեց նրան մի նրբագործ շղարշով:

— Եվ այդպես, ուրեմն, մոռացել ես դու բոլորը, իմ սիրելի թագուհի, այժմ կհիշեցնեմ...

— Հապա՛:

— Մտաբերո՞ւմ ես այն օրը, երբ դու և մեծ իշխանուհին վերադարձաք Խաչենից:

— Հիշում եմ. երկու օր էր ինչ Մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից:

— Եվ ես պատմեցի քեզ բոլորը, ինչ որ ձեզանից հետո անցել էր Գարդմանում:

— Այո՛, և ես շատ վշտացա, որ արքայորդուն չէի տեսել:

— Եվ ինչպե՜ս նրա մասին արած իմ նկարագրությունները ոգևորում էին քեզ:

— Հիշում եմ:

— Հենց այդ օրը սուրհանդակ հասավ Բագրևանդից, որ հայտնում էր, թե Յուսուփը Աշոտի գալը լսելով խույս է տվել դեպի Ատրպատական. իսկ արքայորդին հասնելով Բագրևանդ՝ զորեղ կռիվ է ունեցել Յուսուփի թողած զորքերի հետ, որոնց և իսպառ ջարդել ու ցրել է. իսկ նրանց գլխավոր իշխաններին բռնելով՝ տիկ է հանել և ամրոցների աշտարակներից կախել: Այս առաջին վրեժն էր, որ քաջ որդին լուծեց յուր հոր սպանիչներից: Այս լուրը սարսափ էր գցել հագարացիների վրա:

— Հիշում եմ. և ինչպե՜ս մեզ ամենքիս ոգևորում էր այդ: Ես ինքս մեծագին նվեր տվի սուրհանդակին այդ անդրանիկ բարելուրի համար:

— Այնուհետև հետզհետե գալիս էին լուրեր, թե արքայորդին մտավ Շիրակ, անցավ Գուգարք, թե ամեն տեղ զորավոր կռիվ է մղում հագարացիների դեմ, ջարդում, ոչնչացնում է նրանց, բերդերն ու քաղաքներն առնում, գերիներն ու բանտարկյալներն ազատում, ավերակ ամրոցները վերանորոգում, ամեն տեղ պահապան զորքեր կարգում և արշավանքը առաջ է տանում:

— Հիշում եմ... Ասում Էին, որ Յուսուփը, լսելով արքայորդու քաջագործությունները, սարսափել էր, վախենալով թե գուցե նա յուր սուրը դարձնե դեպի Ատրպատական, ուր որջանում էր ինքը:

— Այդպես ասում Էին. բայց արքայորդին դեռ սեփական երկիրը պետք է մաքրեր հագարացի հրեշներից: Այդ էր պատճառը, որ Գուգարքը նվաճելուց և Վասակ ու Աշոտ Գնթունի իշխաններին հանձնելուց հետո՝ նա անցավ Վրաստանի սահմանը, Տփխիսն ազատելու: Այդտեղ էլ հագարացիք մեծ ուժ ունեին: Վրացի ազգերը հեծում Էին նրանց բարբարոսական լծի տակ: Մեր դյուցազնը ինչպես մի կատաղի փոթորիկ հասավ Տփխիս: Նրա հուժկու բանակի առաջ, որ ստվարացել էր հետզհետե, հագարացոց զորությունը չկարողացավ դիմանալ:

Հայերը ջարդեցին նրանց, ցրեցին, արաբացի իշխանները գերելով՝ շղթայի զարկեցին, իսկ Տփխիսը ազատելով՝ վերադարձան Ուտիք:

Այստեղ էլ, ինչպես գիտես, ուտիացիք Էին ապստամբել: Սակայն նրանց նվաճելու համար մեծ աշխատանք գործ չդրավ արքայորդին: Մի քանի սրիկայական գնդեր ցրելուց հետո ամենքը խաղաղեցան, մանավանդ որ վիթխարի Մովսեսը վերակացու կարգվեցավ նրանց վրա:

Փառավոր էր արքայորդու հաղթությունը Աղստևի խորաձորում, ուր ընդհանուր բանակից վերցրած վեց հարյուր զինվորներով միայն սպառսպուռ ջնջեց այդտեղ թաքնված հագարացիների վերջին զորաբանակը: Ասում Էին, որ նրանցից չէր ազատվել մինչև անգամ մի զորական, որ գույժ տաներ Յուսուփին իրանց կրած պարտության համար:

— Այդ բոլորը ես բերան գիտեմ, Սե՛դա, դու ինչո՞ւ համար ես կրկնում, — հարցրեց թագուհին:

— Ցույց տալու համար այն բնական ճանապարհը, որով առաջացել է Գարդմանա օրիորդի դժբախտությունը, — պատասխանեց Սեդան խորհրդավոր եղանակով:

ՔԱՂՑՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱԳԱԴՐՈԻԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

— Շարունակի՛ր, — ասաց թագուհին:

Սեդան առաջ քաշեց աթոռակը, և յուր դիրքը նորից ուղղելով` շարունակեց զրույցը:

— Արքայորդու հաջողությունները ոգևորում Էին քեզ: Առանց նրան տեսած լինելու, դու հիանում էիր այդ դյուցազնով: Քանի-քանի անգամ կրկնել տվիր ինձ այն պատմությունները, որ լսել էի Մարզպետունի իշխանից: Երևում էր, որ մի գաղտնի զորություն շարունակ քո սիրտը քաշում էր դեպի նրան: Արքայորդու ձեռնարկությանց ամեն մի հաջողությունը լցնում էր հոգիդ ցնծությամբ: Հիշո՞ւմ ես, Աղստևի հաջողության լուրը բերող գարդմանացի զորականին մի արտավար հող ընծայել տվիր:

Հարկավ, իշխան Սևադայի սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ այս բոլորը: Եվ նա, որ յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում, անուշադիր չպիտի թողներ քո զգացումները, մանավանդ որ նրանք չէին հակառակում յուր փառասիրական նպատակներին:

— Եվ երևի այդ պատճառով էլ շտապեց նույն նպատակներին հակառակող արգելքը բառնալու…

— Այո՛, Սևորդյաց օրիորդը ամուսնացրեց Ցլիկ-Ամրամի հետ: Եվ ճշմարիտ, սա, մինչև անգամ, մի հայրենասիրական գործ էր: Արքայորդին միանգամ ընդմիշտ այդ աղջկա կապանքներից ազատվելով` ավելի եռանդով զբաղվեց յուր գործերով: Սիրո շղթաները շատ անգամ ամենածանր կապանքներն են, որոնք արգելում են տղամարդուն փառքի ասպարեզում շահատակելու…

— Բայց շատ անգամ էլ նրանք թևեր են տալիս նրան, — ընդհատեց թագուհին:

— Այո՛, միայն թույլ արարածներին, նրանց, որոնց մեջ մաքրած է բնական աշխուժի կրակը և որոնց դեպի գործունեություն մղում է միայն արհեստական գրգիռը, ինչպես երկչոտ զորականին քաջություն է տալիս գինին… Այո՛, իմ թագուհի, արքայորդուն չվնասեց այդ դեպքը, նա շարունակեց յուր հաղթական արշավանքները, մինչև որ բոլոր թմրածներին ցնցեց: Նրա օրինակից խրախույս առան և ա՛յն իշխանները, որոնք հագարացոց սրից ահաբեկ, իրանց փրկությունը միայն բերդերի մեջ Էին որոնում.-Գագիկ բռնավորը, Սյունյաց տերերը դուրս եկան ամրություններից և սկսան նույնպես հալածել թշնամուն: Հայոց երկրին տիրեց ընդհանուր ոգևորություն, խաղաղության արևը ծագեց, ժողովուրդը շունչ առավ…

— Երջանիկ օրեր Էին…

— Այո՛, մանավանդ որ այդ փայլուն հաղթանակներից հետո արքայորդին հոր գահն ու գավազանը ժառանգեց:

— Ա՜խ, ինչո՞ւ հիշեցրիր ինձ այդ բոլորը, Սեդա… Ինչո՞ւ հիշեցրիր երջանկության այն ժամերը, որ ես անցրել եմ այնտեղ …

— Դվինում, այնպես չէ՞:

— Օ՛, և ինչպե՛ս բախտավոր էի ես… Ինչո՞ւ, Սեդա, ինչու՞ աստված մարդուն տալիս է երջանկություն, և հետո խլում այն նրանից …

— Աստուծո կամքն անքննելի և խորհուրդներն անհասանելի են:

— Հիշում եմ: Երբ առաջին անգամ հայրս հայտնեց, թե հայոց իշխանները վրաց թագավորի և ափխազաց Գուրգենի հետ միասին պիտի ժողովվին Աշոտ արքայորդուն թագավոր պսակելու և թե մենք, իբրև Գարդմանա տան տյարք, ներկա պիտի լինինք այդ հանդիսին, ուրախությունից, քիչ մնաց, խելքս պիտի թռչեր… Օ՛, միայն այդ ժամերը… ո՛չ, նրանցից գոնե մի քանի վայրկյան վերադարձնեին այժմ ինձ… Ինչպիսի՜ ուրախությամբ, ի՜նչ աննման ոգևորությամբ էի պատրաստվում ես արքայի թագադրության ներկա լինելու, երևակայել չես կարող: Երբ բերին ինձ այն գոհարներն ու ոսկյա զարդերը, որ հայրս պատրաստել էր տվել հատկապես այդ հանդեսի համար, հրճվեցա ինչպես մի մանուկ, որ հանկարծ գեղեցիկ խաղալիքներ է ստանում, և վազելով փարեցի հորս պարանոցով և համբույրներով նրա երեսը ծածկեցի: Ես, հո գիտես, կարոտ չէի այդ զարդերին և դրանք գին չունեին իմ աչքում իբրև քարեղեն, այլ ուրախացա այն պատճառով, որ գիտեի, թե նրանց շնորհիվ ավելի շքեղ և ավելի վեհ պիտի երևամ այն հանդիսում, ուր ներկա պիտի լինի համայն հայոց իշխանապետությունը և ուր շուքով ու պերճությամբ պիտի փայլեն վրաց ու ափխազաց արքայազուն ընտանիք… Օ՛, ինչպե՜ս ցանկանում էի, որ բոլոր իշխանազն կանանց մեջ ամենից բարձր հանդիսանայի ես, որ ամենքի աչքերն ինձ վրա նայեին, որ ամենքը ինձնով զբաղվեին և որ այդ ամենը Աշոտ-Երկաթը տեսներ…

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.34.24 | Сообщение # 5
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Եվ հայրդ այդ բոլորը նկատում էր. ուստի և ինքն էլ աշխատում, որ Գարդմանա տունը հայոց մյուս իշխանական տներից ավելի գերազանց երևա Դվինում` թե՛ հարստության և թե՛ զորության կողմից: Այդ էր պատճառը, որ նա Գարդմանա հզոր բանակը յուր հետ միասին բերավ Ոստան: Գարդմանում միայն բերդապահ գնդերը մնացին:

— Եվ, իրավ, Սեդա, Դվինում արքայավայել ընդունելություն արին մեզ: Ծնողներս ոչինչ չէին հայտնում, բայց ինձ թվում էր, թե արքայի մերձավորներին հայտնի է անշուշտ մի խորհուրդ մեր ապագա միության մասին: Աչքի էր ընկնում մանավանդ այն հանգամանքը, որ հայոց իշխանական ընտանիքներից միայն մեզ հարմար էին բնակության տեղ պատրաստել արքունական պալատում: Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորին կաթողիկոսարանում ընդունեցինք իսկ ափխազաց Գուրգեն իշխանին` Աբաս արքաեղբոր ապարանքում:

— Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ:

— Այո՛, ինչպես որ իմ տագր Աբասի բարեկամությունը` ափխազաց Գուրգեն իշխանի հետ: Բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ:

— Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ: Եթե Աբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ, ծանր հետևանքները տեղի չէին ունենալ:

— Հարկավ. հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ: Բայց մի ափխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը: Բայց թողնենք այդ... ի՞նչ էի ասում:

— Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում...

— Այո՛, այնտեղ ընդունեցին: Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի անձկությամբ էի փափագում տեսնել երիտասարդ թագավորին, ա՛յն դյուցազնին, որ այնքան կարճ ժամանակում ընկճեց, խորտակեց թշնամու զորությունը, մաքրեց երկիրը բռնավորներից, ազատեց ժողովուրդը ստրկությունից, գրավեց ու գերեց իշխանների սիրտը և նրանց բոլորին ոգևորեց, այնքան, որ միմյանց դեմ ունեցած ամեն գժտություն մոռանալով՝ եկան ժողովվեցան յուր շուրջը, արքայական թագով յուր արժանավոր գլուխը պսակելու: Առաջին անգամ, երբ պիտի ներկայանայինք իրան, սիրտս տրոփում էր ուրախությունից և երկյուղից: Ուրախ էի, որ վերջապես պիտի տեսնեմ այնքան ժամանակներից ի վեր ցանկացածս դյուցազնին և... վախենում էի, թե միգուցե նա անտարբերությամբ ընդունե ինձ... Օ՛, Սեդա, չգիտե՜ս, թե ո՛րքան հպարտ էի ես այն ժամանակ. ամոթից կարող էի մեռնել...

— Եվ ինչո՞ւ, թագուհի, միթե արքայորդին կզլանա՞ր յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու:

— Բայց ես, Սեդա, չէի կամենում հասարակ հյուրերի կարգը դասվիլ. ես ուրիշ ընդունելություն էի սպասում նրանից. ինչո՞ւ, չգիտեմ, ես այնպես էի համոզված՝ թե անպատճառ նրա ապագա ամուսինը պիտի լինիմ... Հպարտ, հանդուգն միտք էր այս, այնպես չէ՞. բայց իմ երազներն իրականացան... Արքայական դահլճի ավագ դռան առաջ ընդունեց նա մեզ: Եվ հանկարծ, ի՞նչ պատահեց ինձ, գիտե՞ս… այժմ եմ միայն կարողանում պատճառը բացատրել… — երբ արքայորդուն տեսա կանգ առա մուտքից մի քանի քայլ հեռու. նա հորս հետ գրկախառնվեցավ, մորս ձեռքը համբուրեց, բայց ես չմոտեցա նրան. սպասեցի, որ ինքը հառաջեր դեպի ինձ… Ի՞նչ զգացում էր այս, Սեդա, կարո՞ղ ես բացատրել:

— Ինձ թվում է, թե Գարդմանա Տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ:

— Չէ, սխալվում ես. հոգիս երևի գուշակեց, որ նրա սիրտը, ուր կամենում էի մուտ գործել, գրավված է ուրիշի սիրով… և այդ էր պատճառը, որ այդ պերճահասակ, վեհադեմ, դյուցազնոգի և քաջությամբ ու իմաստությամբ այնքան հառաջադեմ արքայազնի հանդիպումն ինձ չճնշեց: Սկզբում, ճշմարիտ է, իմ աչքերը գրավվեցան նրանով. մի քանի վայրկյան ես հափշտակված դիտեցի նրան, որովհետև ավելի գեղեցիկ և ավելի աննման էր, քան որքան նկարագրել էիր դու. բայց հենց որ յուր հայացքն ուղղեց ինձ, ես նորեն իմ նախկին հպարտ դիրքն ընդունեցի: Սակայն նա մոտեցավ ինձ սիրաժպիտ և քաղցրահայաց. ողջունեց այնքան հարգանոք և այնպես վայելչաբար, որ ես իսկույն զինաթափ եղա… Եվ մենք, մայր Սեդա, համարձակվում ենք հպարտությունից խոսել… Ի՞նչ. կի՞նը. մի՞թե կարող է նա հպարտ լինեի մի՞թե կարող է նա արժանապատվության զգացումով դյուցազնանալ: Մի քաղցր հայացք, մի անուշ ժպիտ` ա՛յն տղամարդու կողմից, որին յուր սրտի խորքում սիրում է կինը, և, ահա՛, ամեն բան վերջացավ. նա կդառնա այդ տղամարդու և՛ գերին, և՛ ստրուկը … Այնպես չէ՞, Սեդա:

— Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի, — ասաց Սեդան խոր հառաչելով:

Խեղճ կինը, երևի, հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից:

— Արքայորդին առաջնորդեց մեզ դահլիճ, ուր նստած էր մայր-թագուհին: Ի՜նչ բարի, ի՜նչ հրաշալի կին էր նա: Թեպետ թագավոր ամուսնու նահատակությունը ժամանակից առաջ ընկճել էր խեղճին, սակայն նախկին գեղեցկության հետքերը նշմարվում Էին տակավին յուր ազնվաշուք և վեհապանծ դեմքի վրա: «Ե՛կ, իմ հպարտ օրիորդ, վաղուց կամենում էի տեսնել քեզ, որ այնքան համառությամբ մեր բոլոր իշխաններին մերժեցիր…», ասաց նա ծիծաղադեմ և գրկելով ինձ` ջերմությամբ համբուրեց: Մինչև այսօր էլ իմ միակ սիրելի զարդը այն ոսկի մանյակն է, որ նա տվավ ինձ, իբրև նշանտուքի առհավատչյա… Տո՛ւր ինձ այդ մանյակը, Սեդա, ես կամենում եմ նորից նայել նրան, — հրամայեց թագուհին:

Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի երկու ժամ առաջ հանել Էին նաժիշտները թագուհու պարանոցից:

— Տե՛ս, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ: Երբե՛ք, երբեք չպիտի բաժանվեմ նրանից, և երբ մեռնեմ. Սեդա, անպատճառ ասա՛, որ դնեն այդ իմ դագաղում…

— Սիրելի թագուհի, ինչ տխուր բաների վրա ես մտածում. թող մեռնեն քո թշնամիները կամ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար:

— Բայց չէ, ի՛նչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում: Այո՛, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր: Օ՛, երբե՛ք, երբե՛ք չպիտի մոռանամ սրան:

— Ինչպե՞ս. մայր-թագուհին հենց առաջին այցելության ժամանա՞կ նվիրեց այդ,-հարցրեց Սեդան հետաքրքրությամբ:

— Ոչ. ես դեռ չպատմեցի: Երկու օրից հետո կատարվեց արքայական հանդեսը: Սուրբ Գրիգոր կաթողիկեն լծված էր ծայրե ի ծայր: Այդտեղ Էին` Հովհաննես կաթողիկոսը, բոլոր նախաթոռ եպիսկոպոսները, արքայազուններ, նախարարներ, իշխաններ, ազատ տիկնայք, իշխանուհիք և իշխանազն օրիորդներ: Բայց այդ բոլորի մեջ միակ ընտրյալը, միակ գեղանին Աշոտ դյուցազնն էր: Բոլորի հայացքը նրան էր հառած, բոլորի ժպիտը նրան էր ուղղված, բոլորի միտքը նրանով զբաղված: Եվ հանդեսի սկզբից մինչև վերջը գեղանի իշխանուհիների աչքերը չհեռացան նրանից: Օ՛, ես դեռ չգիտեիք թե ի՜նչ իրավունք ունիմ նրա վերաբերմամբ, բայց և այնպես նախանձում էի, որ նա գեղեցիկ և հրապուրիչ էր այդքան շատ աչքերի համար… Օրհնության վսեմ աղոթքները միտքն մեղմեցին մի փոքր մեր հափշտակության խանդը և ստիպեցին մեզ սուրբ հայրերի հետ միասին աղոթել նորապսակ թագավորի կենաց և հաջողության համար: Օ՛հ, ի՜նչպես վսեմ, ի՜նչպես ջերմեռանդություն ներշնչող Էին այդ աղոթքները:

— Երանի՜ քո աչքերին, թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին` որոնք լսել են այդ օրհնությունները. չմեռնեի և արժանանայի մի օր… Բայց ի՞նչ եմ ասում. աստված թող իմ թագավորի կյանքը երկարե…

— Այո՛, Սե՛դա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա: Զարմանում եմ, թե ինչպե՛ս այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպե՜ս այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան:

Երբ կաթողիկոսը արքային յուր հարցերն անելուց հետո դարձավ և, հարցրեց ժողովրդին` «Խնդրե՞ք կալ ի ներքո սորին իշխանությանն, որպես խոստացավն պահել զձեզ. և ուղիղ հավատով կամի՞ք հաստատել զսորա թագավորություն. և կատարիցե՞ք զսորա հրամանն` հնազանդությամբ», — -բոլոր եկեղեցին միաբերան գոչեց. «Այո՛, այո՛, տեր մեր է և թագավոր մեր»:

Բայց այսօր քանի՞սն են նրան, հնազանդ և ո՞ր իշխանը չէ ապստամբ:

— Ախ, սիրելի թագուհի, պատմի՛ր, աղաչում եմ, ինչպե՞ս են թագավոր պսակում. իսկ աղոթքներից ոչ մեկը չե՞ս հիշում…

— Դրանք շատ երկար են, Սեդա, պատմել անկարելի է. պետք է տեսնել, լսել: Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին…

— Սո՞ւրը:

— Այո՛, անպատճառ սուրը. հետո արքայական մատանին, ապա թագը:

— Իսկ աղոթքնե՞րը:

— Ամեն մեկի համար առանձին են կարդում:

— Օրինակ` ի՞նչ են ասում սուրը տված ժամանակ. այդ շատ հետաքրքրական է. իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞:

— Անշուշտ: Բայց… Ի՞նչ էի ուզում հիշել, մոռացա… Սպասի՛ր… Հա՜, նրա հայացքը. այդ էի ուզում հիշել, Սե՛դա: Չէ՞ որ նա ոչ ոքի չէր նայում. բոլորը կամենում էին նրա առաջին հայացքը հափշտակել. բայց ո՞վ էր այն ընտրյալը, որին արքան յուր անդրանիկ հայացքը պիտի նվիրեր. հայտնի չէր: Երբ եպիսկոպոսները սուրը մատուցին և կաթողիկոսը բարձր ու հնչեղ ձայնով կարդաց «Ընկալ զսուրս զայս ի ձեռանե առաքելական եպիսկոպոսացս, և սովավ թագավորեսցես ի փրկություն եկեղեցվո և ժողովրդյանս, որ ընդ ձեռամբ քո հովվին: Ա՛ծ զսուր ընդ մեջ քո, հզոր, և թագավորյա՛ այսու ճշմարտությամբ. և բարձրասցիս սովավ ի վերա անիրավաց և անհավատից և խնդրեսցես զվրեժ քո հայնցանե, որք զչարն գործեսցեն… և փրկեսցես սովավ զազգ քո և զեկեղեցի և օգնական լիցիս այրյաց և որբոց, և ազատարար գերելոց և մխիթարիչ վշտացելոց…» և այլն, թագավորը բարձրացրեց աչքերն առաջին անգամ և յուր հայացքը սևեռեց ինձ վրա… Ինձ թվաց, թե նա ասում էր ինձ. «Այս բոլորը քեզ հետ միասին պիտի կատարեմ…»: Եվ ամենքն այդ տեսան, և շատերն ինձ նախանձեցին… Այո՛, նրա այդ միակ, ինձ բարձրացնող և հպարտացնող հայացքի համար արքայազուն իշխանուհիները իրանց կյանքը կտային. և սակայն նա միայն Գարդմանա օրիորդին ընծայեց այդ պարծանքը… Ի՛նչ էի զգում ես այդ վայրկյանին, չեմ կարող բառերով արտահայտել. երկինքը կարծես երկրի վրա իջավ կամ թե ես վերնային գավառները բարձրացա…

— Տեսնո՞ւմ ես, թագուհի, այդ բոլորը մոռացել էիր դու…

— Սպասի՛ր, մի՛ ընդհատիր ինձ… Այնուհետև, Սեդա, ես այլևս ոչինչ չէի լսում, բոլոր էությունս պատել էր մի երանական և հափշտակող զգացում: Մայր-թագուհու շշունջը հանկարծ սթափեցրեց ինձ. ես նրա մոտ էի կանգնած. — Ծունր իջիր ինձ հետ և աղոթի՛ր աստծուն, որ նա երկարե իմ և քո թագավորի կենաց օրերը, — ասաց նա ինձ մայրական սիրաշունչ ձայնով… Եվ մենք միասին ծունր իջանք. ես աղոթեցի ջերմեռանդությամբ. աղոթեցի այնպես, որպես չեմ աղոթել երբեք իմ կյանքում. և արտասուքը հոսեց աչքերիցս ինչպես աղբյուր… ուրախությա՞ն արցունք էր դա, թե՞ ապագա վշտերի նախազգացման, չկարողացա իմանալ:

Երբ հանդեսն ու պատարագը վերջացավ և դպիրներն սկսան մեղեդիները երգել, թագավորին մոտեցան համբուրելու նախ եպիսկոպոսները, հետո մայր -թագուհին, վրաց թագավորը, ապա իշխանները և վերջը իշխանազուն տիկնայք և օրիորդները: Օրիորդների մեջ առաջինը ես համբուրեցի թագավորի աջը և շրթունքներս դողդողացին… Երբ հեռացա, զգում էի, որ երեսս վառվում է, շտապեցի մորս հետ միասին խույս տալ դեպի ժողովրդի հետին շարքերը, որոնք վայրկենաբար ճանապարհ Էին բանում մեր առաջ և օրհնանքներ ուղղում իմ անվան: Թագավորը դուրս եկավ եկեղեցուց` շրջապատված եպիսկոպոսներով ու իշխաններով: Հեծավ արքայական ոսկեսար երիվայրը, որի վրա բարձրացրած պահում Էին ծիրանեգույն ոսկեկար հովանին: Թագավորին շրջապատեցին առաջին սպարապետը, աջ ու ձախ կողմից թագակիրն ու նշանակալը և ապա թիկնապահների զրահազգեստ գունդը: Նրանց հետևեց արքայազուն և իշխանազուն ազատանին: Իսկ թե ի՛նչ էր կատարվում կաթողիկեից դուրս, քաղաքի փողոցներում, անկարելի է նկարագրել. ամբողջ Դվինը մի աչք, մի շունչ և մի հոգի դարձած` յուր թագավորի ելնելուն էր սպասում: Երբ սպարապետի դրոշը երևաց, մի որոտընդոստ դղրդյուն կարծես Դվինը շարժեց. որոտում էին փողոցները, որոտում Էին հրապարակները, բուրգերը, աշտարակները և մինչև անգամ քաղաքից դուրս գտնվող մարտկոցները, և ամենքը միաբերան օրհնում և փառաբանում Էին նրան: Երբ վերադարձանք պալատ, գնացինք իսկույն թագավորին շնորհավորելու: Այդտեղ Էին բոլոր նախագահ իշխանները և արքայազուն տիկնայք: Մեր շնորհավորանքը մատուցանելուց հետո մայր-թագուհին նստեցրեց ինձ յուր կողքին. ոսկեկար օթոցի վրա և մտերմական զրույցով սկսավ ինձ զբաղեցնել: Ի՛նչ էր գտել նա իմ մեջ. չգիտեի, բայց տեսնում էի, որ հոգվով ու սրտով կապված է ինձ հետ: Ընդունված սովորության հակառակ երկար պահեց նա մեզ յուր մոտ: Եվ երբ հեռանում Էինք հանեց պարանոցից այս մանյակը և անցնելով իմ պարանոցը` ասաց. «Սա Վասիլ Արշակունի կայսեր ընծան է Աշոտ առաջնո թագուհուն. ես նվեր ստացա այս նրանից, և ինքս էլ հանձնում եմ քեզ` իբրև ապագա թագուհուն: Քո հաջորդը թող քեզնից ժառանգե այն և Արշակունյաց վերջին շառավղի նվերը թող անկորուստ մնա Բագրատունի թագավորաց ընտանիքում»: Այս ասելով գրկեց ինձ և ջերմագին համբուրեց: Արդեն ամեն բան որոշված էր: Ես ուրեմն արքայի նշանածն էի: Այնուհետ և, ինքդ կարող ես գուշակել, թե երջանկության ի՛նչ հովեր Էին գուրգուրում ինձ Դվնո արքայական պալատում: Բայց, ավա՜ղ, վախենում եմ հավատալ, թե այդ բոլորից միայն մնալու են քաղցր հիշատակներ… և այս մանյակը, որ առաջին անգամ գրկեց իմ պարանոցը կենացս ամենաերջանիկ վայրկյաններում…

Է

ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԻ ԿՐԱԾ ԵՎ ՀԱՐՍ ԹԱԳՈՒՀՈՒՆ ԱՆՀԱՅՏ ՄՆ ԱՑԱԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թագուհին լռեց: Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ ընդհակառակը, նորոգեցին նրանց: Գլխակոր և ձեռքը ճակատին հենած` նա մի քանի վայրկյան մնաց լուռ. ապա սրտի հուզմամբ ու հոգեկան խռովությամբ դիմադրել չկարողանալով` սկսավ արտասվել:

Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց.

— Այդ ի՞նչ էր, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես. ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը` տխրում ես ...

— Մտածում եմ, թե այս բոլորը կորել է անդարձ, թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ... և չպիտի լինի ...

— Մի՛ ասիր այդ, թագուհի՛, մի՛ ասիր, եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն. նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբը մի վախճան ունի. տխրության հաջորդը ուրախությունն է. սիրած դյուցազնը քոնն է և կվերադառնա դեպի քեզ ...

— Ա՜խ, Սեդա, ավելին մի՛ ասի՛ր...

— Կամենում էի ասել, թե պետք է համբերել, օրինակ հենց մեր թագավորից հենց քո ամուսնուց. քանի՛-քանի՛ տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի՜ անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի՜ համբերությամբ ու տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության:

— Ա՛խ, Սե՛դա, ինչպե՜ս քիչ ես զգում... բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չէ ունեցել, նա յուր երջանկությունն ու երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից...

— Եվ դու, թագուհի, ինչպե՜ս քիչ ես զգում... Ների՛ր համարձակությունս ...

— Ի՞նչ, Սեդա:

— Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում:

— Այսի՞նքն:

— Դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին. այնպես չէ՞:

— Այո՛:

— Բայց հետո, ամիսներ չանցած, ի՜նչ ծանր վշտեր չպաշարեցին նրան:

— Գիտե՞ս, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ:

— Այո՛, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից:

— Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձան Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել:

— Այո՛, միայն այդքան. և նրանից հետո է՛լ ուրիշ տեղեկություններ չհաղորդեցին քեզ:

— Երբեմն հարցնում էի, թե ինչո՞ւ Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե...

— Ե՞րբ պիտի կատարվի մեր հարսանիքը: Այդ հարցը ինձ արիր մի օր և՛ ծիծաղելով, և՛ շառագունելով:

— Այո՛, հիշում եմ:

— Եվ իշխան Սևադան երբեմն կցկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս. մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ:

— Եվ իրա՛վ, այդ բոլորի մասին ինձ հետո բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել:

— Այո՛. բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը, երեք երկար տարիների ընթացքում, որպիսի ծանր չարիքների ու վտանգների դեմ է մաքառել. թե՛ մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ի՞նչ հերոսական կռիվներ է մղել:

— Պատմի՛ր մի քանի խոսքով, ի՞նչ էր պատահել թագադրությունից հետո:

— Թագադրությունից հետո՞, օ՛, մեծ բաներ: Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր:

— Ե՞ս:

— Այո՛, իմ թագուհի, դո՛ւ:

— Ինչպե՞ս, Սեդա, պատմի՛ ր, այդ հետաքրքրական է:

— Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպե՞ս մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ-Երկաթը թագավորացնելու:

— Այո՛. և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ:

— Բայց շատ շուտով նրանցից մի քանիսի ուրախությունը փոխվել էր տխրության: Այն իշխանները, որոնց դու մերժել էիր քո ձեռը, որքան որ ուրախ էին Աշոտի թագավորելուն, այնքան էլ հակառակ` որ նա ամուսնանար քեզ հետ: Նրանք կցանկանային, որ Սահակ Սևադայի հպարտ աղջիկը, որ մի օր մերժել էր իրանց յուր ձեռը, դառնար մի հասարակ ազնվականի կին և ոչ թե հայոց թագուհի: Եվ սակայն արքայի մայրը Դվին եկած բազմաթիվ իշխանազն օրիորդների մեջ միայն քեզ էր հարսն ընտրել յուր համար: Բացի մերժված իշխաններից, թագավորի դեմ գրգռվել Էին նաև նրանք, որոնք հարսնացու օրիորդներ ունեին և գգվել Էին իրանց այն հուսով, թե գուցե թագավորը կփեսայանա իրանց: Սակայն այդ մանյակը, որ այժմ այդքան սիրելի է քեզ, բոլորի հույսը ի դերև էր հանել: Եվ, ահա՛, երբ նրանք ցրվում են իրանց գավառները, սկսում են հետզհետե լարվել թագավորի դեմ. մայր-ի խանո հիները մանավանդ սկսում են ամուսինների պատվասիրությունը գրգռել և հնացած բարկությունը փոխել ատելության: Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մի քանի անկյուններում միաժամանակ մի քանի խռովություններ փրթեցան: Մի քանի իշխաններ ուղղակի թագավորի դեմ գնալ չհամարձակվելով, սկսան հավասարագահ իշխանների հետ կռվել հաշվելով, թե միևնույն է, այդպիսով էլ թագավորի հանգստությունը կվրդովեն: Այսպես` Արծրունյաց Գուրգեն արքաեղբայրը օգուտ քաղելով Սյունյաց Սմբատ իշխանի բացակայությունից, գրգռեց եղբորը` բռնավոր Գագիկին, պաշարել Նախիջևանը և առնել: Վերջինս լսեց եղբորը: Սմբատ իշխանն այդ իմանալով` մեծ պատրաստությամբ եկավ Արծրունիների վրա` յուր կալվածքն ազատելու հուսով: Երկու կողմից էլ կատաղի ընդհարում, մեծ վնասներ և կոտորածներ եղան: Ուրիշ մի քանի իշխաններ, որոնք, ըստ օրինի պարտավոր Էին միաբանել իրանց թագավորի հետ և հարկավոր ժամանակ զորք հասցնել նրան, հայտնի կերպով բաժանվեցան թագավորից և մի քանիսն էլ ապստամբության փորձ արին: Թագավորն ստիպված եղավ շատ քաղաքներ ու բերդեր նորից պատերազմով նվաճելու, շատ տեղեր ավերելու և յուր իսկ երկրի մեջ կոտորածներ անելու, պետության խաղաղությունը վերականգնելու համար: Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորը հայ իշխանների գրգռմամբ թշնամացավ Աշոտ արքայի հետ և մեր հյուսիսային գավառներից մի քանիսը փորձ արավ սեփականելու: Այս փորձը իսկապես ուղղված էր Սևադա իշխանի, իբր արքայի աներոջ, դեմ: Թագավորն ստիպված էր Վրաց մի քանի գավառներն ավերելով` Ատրներսեհին խրատել: Վերջապես խռովությունները խռովություններ հարուցին: Շատ իշխաններ էլ թագավորի խառնված դրությունից օգուտ քաղելով սկսան իրար դեմ զինվել, հին տոհմական վրեժների ծարավը հագեցնելու կամ միմյանցից երկրներ հափշտակելու համար: Այսպիսով բոլոր երկիրը տակնուվրա եղավ և թագավորը մնաց համարյա միայնակ: Այս խռովությունների լուրը հասավ հագարացոց Յուսուփ ոստիկանին, որ սկզբում, Աշոտ թագավորի քաջագործություններից զարհուրած, կծկված էր Ատրպատականում: Բավական ժամանակ էր ինչ նա յուր ատամները կրճտում էր Աշոտ թագավորի վրա, որովհետև չէր կարողանում յուր զորաց կոտարածը մոռանալ, բայց միևնույն ժամանակ վրեժ առնելու էլ առիթ չէր ներկայանում: Թագավորը հաջողության մեջ էր և բոլոր իշխանները հետը միաբան: Ի՞նչ կարող էր անել: Բայց այժմ, երբ արդեն տեղեկացավ, թե հայ իշխաններից շատերը հեռացել են թագավորից և շատերն էլ միմյանց դեմ ելած ջարդում են իրար և միանալու միջոց չունին, հարմար առիթ համարեց թագավորի երկիրը արշավելու: Իսկ թե այնուհետև հագարացիք ինչե՜ր կատարեցին մեր գավառներում, նկարագրելն անկարելի է: Աստված չտա, որ այդպիսի տարիներ նորից վերադառնան:

— Բայց ինչի՞ր կատարեցին, Սեդա՛. քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ:

— Օ՛, ո՞ր մեկը պատմել, ո՞ր մեկը հիշել... Այդ տարիների թշվառության պատմությունը գրքեր կլցնե. միթե ես կարո՞ղ եմ բոլորը պատմել... Ինչպես սովալլուկ գազաններ ներս խուժեցին դրանք մեր երկիրը. դիմացները արգելք չգտնելով ազատ -համարձակ տիրեցին ո՛ր տեղին որ կամեցան. գյուղերն ու ավանները քանդեցին, քաղաքներն ավերեցին, եկեղեցիները հրձիգ արին, ժողովրդի մի մասը կոտորեցին, մի մասն ուրացության ստիպեցին, ընդդիմացողներին նահատակեցին, իսկ շատերին գերի տարան հեռավոր երկրներ: Ոչ մի գեղեցիկ կին կամ աղջիկ չազատվեցավ նրանց ձեռքից. պաշտպանող մայրերին սպանում էին աղջկերանց առաջ, հայրերին` որդիների առաջ. ստնտու կանանց գրկից հափշտակում էին ծծկեր երեխաները և գետին խփելով ջախջախում... ամեն տեղ արյուն, ամեն տեղ կրակ և պղծություն. անկյուն չկար, որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից... Երբ անպաշտպան ավաններն ու քաղաքներն ավերեցին, այնուհետև դիմեցին բերդերի և ամրոցների վրա: Մի քանի տեղ, ճշմարիտ է, պաշարյալները քաջությամբ դեմ դրին թշնամուն և մեծ կոտորած արին նրա զորքի մեջ, բայց շատ տեղ էլ բռնությամբ կամ մատնությամբ գրավեցին նրանք ամրոցները և միջի բնակիչները անխնա կոտորեցին:

— Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը:

— Ի՞նչ — Ինչ պիտի աներ, իշխաններ՛ի մի մասը միացել էր թշնամու հետ կամ անձնատուր էր եղել նրան, մի մասը եղբայրասպան կռվով էր զբաղված յուր դրացու կամ ազգականի հետ, այսինքն, այն միջոցին, որ օտարը մի կողմից ավերում էր իրանց երկիրը, իրանք էլ մյուս կողմից էին ավերում: Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինին: Մի քանի` ուժ ունեցող իշխաններ ամրացել էին իրանց բերդերում և կռվի դաշտ չէին իջնում: Մնացել էին թագավորի հետ հայրդ` յուր Գարդմանացի գնդերով, Սիսակյան իշխանները` սյունեցի վաշտերով և Մարզպետունի իշխանը` պետական զորքերով: Իսկ այս միության ուժը համեմատելով թշնամու զորության հետ, մի ոչնչություն էր: Հարցնում ես` ի՞նչ էր անում թագավորը. համարյա թե ոչինչ կամ այն՛, ինչ որ կարող էր և պարտավոր էր անել.-յուր սակավաթիվ զորքի մի մասը զինակից իշխաններին հանձնած և մյուս մասը հետը վերցրած ինչպես մի վիրավոր առյուծ` արշավում էր երկրի այս կամ այն կողմը: Թշնամու հետ ճակատ առ ճակատ պատերազմել չէր կարող ուստի երբեմն հանկարծական հարձակումներով շփոթում էր նրա զորքերի կարգը, երբեմն մենավոր գնդերի վրա ընկնելով` ջարդում նրանց, երբեմն պաշարված բերդերին օգնության հասնելով` հարվածում պաշարողներին, միով բանիվ` գործում էր իբրև ասպատակ գնդերի հրամանատար, հուսալով, թե այսօր կամ վաղը կգան իշխանները և յուր հետ միաբանելով կանոնավոր ճակատամարտով կարտաքսեն հայրենիքից ընդհանուր թշնամուն: Բայց արքայի համար ամենամեծ հարվածն եղավ այն, որ յուր հորեղբորորդի` Աշոտ սպարապետը յուր ձեռքն ունեցած պետական զորքերով անձնատուր եղավ Յուսուփին և նրա հետ միասին մտավ Դվին, իբրև ոստիկանի հլու հպատակը: Մյուս կողմից էլ մեր կաթողիկոսը փոխանակ սրան և նրան դիմելու, իշխանները հաշտեցնելու և դրանց բոլորին միացնելով` թագավորին թև ու թիկունք կանգնեցնելու, երկիրը թողեց տագնապի մեջ, ժողովուրդը` հուսահատության մեջ, զորքը` մահու և կյանքի հետ կռվելիս և ինքը յուր անձի անդորրությունը խնդրելով հեռացավ Վրաստան, Ատրներսեհ թագավորի մոտ ապահովության մեջ ապրելու: Ի՞նչ աներ այդ ժամանակ թագավորը. ի՞նչ կարող էր անել նա:

— Տե՜ր աստված. և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել... Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա Գարդմանում չէր մնում, երբեմն գնում էր Սյունիք, երբեմն` Գուգարք, երբեմն` Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով...

— Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս. ասում էր, որ թագավորն զբաղված է Կարսա բերդը և Երազգավորսը ամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն:

Այո՛, և նրա այդ պատասխաններն ինձ հանգստացնում Էին: Իշխանը հրամայել էր մեզ ամենիս` ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ. մանավանդ պատերազմի արհավիրքներից բնավ չխոսել քեզ մոտ: Աղախինները մի անգամ սխալվել` լուրեր էին բերել քեզ: Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ:

— Հիշում եմ. այդ` Դվինում նահատակված երիտասարդների մասին էր: Բայց ինչո՞ւ այդ բոլորը ծածկում էիք ինձանից:

— Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր. ամենաանշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում և երբեմն հոգեպես այնպես ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել:

— Եվ, իրավ, Սեդա, լավ է, որ այդ բոլորն այն ժամանակ չեք հայտնել ինձ. ես սրտի կսկծից կարող էի մեռնել...

— Օ՛, և դեռ չգիտես, թե ուրիշ ի՞նչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից:

— Ի՜նչ, Սեդա, — վախեցած հարցրեց թագուհին:

— Սովը, սարսափելի սովը. հետո վայրենի գազանների, գայլերի ու բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը:

— Սովի մասին ես լսել եմ:

— Ի՞նչ ես ասում, թագուհի, ինչպե՞ս կարելի էր իսկությունը քեզ հայտնել. սիրտդ կտոր-կտոր կլիներ: Դու ծանոթ էիր մեր Գարդմանա սովի հետ. բայց դա սով չէր, այլ հացի թանկություն: Տրտու գետը և Գարդմանա քաջերը թույլ կտայի՞ն, որ մեր երկրում սով լիներ: Սովը, սարսափելի սովը տիրում էր Գարդմանից այս կողմը գտնվող երկրներում:

Ամբողջ երկու տարի բուն Հայաստանը կռվի և արյան դաշտ էր դարձած, բոլոր այդ ժամանակ գյուղացիք վարել, ցանել ու հնձել չէին կարողացել: Եվ ինչպե՞ս կարողանայինք քանի որ դաշտ ու ձոր, լեռ ու անտառ հագարացի զորքերով ու հելուզակներով Էին բռնված, իսկ ազատ անկյուններումն էլ հայ զորքերն Էին միմյանց կոտորում, հայ իշխաններն իրար ջնջում: Այս պատճառով երկրագործները ցրվեցան, այգիներն ու դարաստաններն անխնամ մնացին, ժողովրդի վերջին պաշարը վայրենի զորքերն սպառեցին և սովը յուր զարհուրելի հետևանքներով բռնացավ Հայաստանի մեջ: Կարոտությունն իբրև մի վարակիչ ժանտախտ աղքատների խրճիթից հարուստների ապարանքը մտավ. ամեն, տեղ տիրեց քաղցը, թշվառություններից դառնագույնը ... Օ՛, երանի՜ նրան, ով աչքերով չէր տեսել այդ աղետը... Մարդիկ քաղաքների ու գյուղերի մեջ ունեցածնին սպառելով` ցրվեցան դաշտերը, ձորերն ու լեռները, որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարակելով քաղցերնին անցնեն: Չնայելով, որ շատերը այդ խոտաճարակներից մեռնում Էին վնասակար խոտեր ուտելուց, այսուամենայնիվ քիչ ժամանակի մեջ դաշտերի ու լեռների կանաչն սպառեցին: Այնուհետև սկսան անսուրբ կենդանիներն ուտել, այն է` Էշ, ձի, կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ...:

— Ա՜խ, Սեդա, ինչե՜ր ես ասում, դադարի՛ր, լսել չեմ կարող...

— Այո՛, իմ տիրուհի, ուտում Էին... բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա... Օ՛, կին արարածի ականջը լսել չէ կարող...

— Ի՞նչ, Սեդա:

— Կսարսափես, չեմ կարող ասել:

— Ասա՛, Սեդա, պատմի՛ր, դու արդեն այդ տեսակ բաներ լսելն ինձ սովորեցրիր:

— Ասում էին, թագուհի՛, որ հրապարակները լցվել էին մերկ կամ հազիվ ցնցոտիներով ծածկված սովատանջ մարդկանցով, որոնք շրջում էին իբրև ուրվականներ և միմյանց դիպչելուց` անշնչացած ընկնում փողոցի մեջ... Փոքր ի շատե ուժ ունեցողները հարձակվում էին այդ դիակների վրա և նրանց միսը ատամներով հոշոտելով լափում: Ամեն մի ընկած դիակի վրա հավաքվում էին բազմաթիվ գիշատիչներ, ինչպես դժոխային չարատանջ ոգիներ...

— Օ՛, զարհուրելի է...

— Իսկ ի՞նչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվազած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինքները. փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով հա՜ց գոչելով օդը լցնում էին աղեխարշ աղաղակներով, իսկ շատերը նվաղած` գետին գլորվում և անշնչանում...

— Օ՛, սիրտս մաշվեցավ, Սեդա, բավական է:

— Եվ հետո... բուն զարհուրելին դեռ չասացի... Գտնվեցան մայրեր, ո՛չ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրանց մանուկների տանջանքը չտեսնելու համար, մորթեցին նրանց և կերան...

— Լռի՛ր, Սեդա. այլևս ոչ մի խոսք...

Եվ թագուհին սաստիկ հուզումից այլագունելով ընկավ բարձերի վրա:

Ը

ՀԱՐՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՈՅՈՒՆԸ ՓԵՍԱՅԻ Ն ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Գիշերից բավական անցել էր. հավերը խոսել էին վաղուց. Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած` կպառկե վերջապես հանգստանալու և իրան էլ կհրամայե հեռանալ:

Բայց նրա հույսը չարդարացավ: Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը և այդ պատճառով մի առժամանակ լռությունը նրանց զրույցն ընդհատեց, բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգներն ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց.

— Այդ ժամանակ չէ՞ր, Սեդա, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց:

— Այո, թագուհի, հենց այդ թշվառությունների ժամանակ, — պատասխանեց Սեդան և, ապա նորեն նստելով` շարունակեց.

— Ես որ ասում էի, թե վշտերը հավիտենական չեն, թե խավար գիշերին հաջորդում է լուսավոր օրը և բուքին ու փոթորկին պայծառ արևը... Դու քո վշտերից, քո տանջանքներից ես խոսում. բայց դրանց կարելի է համեմատել այն շատերի հետ, որոնց տանում էր թագավորը... Անցյալ պատերազմների և սովի արհավիրների լոկ պատմությունը ճնշում է քո սիրտը. հապա ի՞նչ աներ նա, որ այդ ցավերի դառնությունը կրում էր անձամբ, իբրև թագավոր, իբրև ժողովրդյան հայր, դեպի որը դիմում էին բոլոր տառապյալները, դեպի որը բյուրավոր թշվառներ կարկառում էին իրանց ձեռքերը... Բայց և այնպես նա այդ նեղությունները տարավ հերոսաբար, և որովհետև յուր հույսը դրել էր աստծու վրա, ուստի նա չթողեց արքային: Այն միջոցին, որ յուր իշխանները հեռացած էին իրանից, և երկիրը հեծում էր թշնամու և սովի արհավի բների երեսից, հունաց կայսրը և պատրիարքը կարեկցական և մխիթարական նամակ գրեցին թագավորին, նույնպես և կաթողիկոսին, հորդորելով սրան աշխատել, միացնել հայոց իշխանները թագավորի հետ, և հորդորել նրանց ընդհանուր ուժով դեմ դնել հասարակաց թշնամուն: Կաթողիկոսը այդ նպատակով շատ աշխատեց, բայց իշխաններն անսաստեցին նրա խրատներին և մերժեցին Վեհի խնդիրները: Վերջինս մինչև անգամ իջավ Տարոն և աշխատեց այդտեղի մի քանի հզոր իշխաններին հաշտեցնել իրար կամ թագավորի հետ, սակայն այդ աշխատանքն էլ անցավ ապարդյուն: Վերջն ստիպված եղավ յուր իշխանների` ազգի համար անպատվաբեր հակառակության մասին զեկուցանել կայսրին և պատրիարքին, և նրանց օգնությունը խնդրել թագավորի համար ներքին թշնամիների դեմ: Օտարները արգահատեցին մեր թշվառության վրա և կայսրը հրավիրեց թե՛ թագավորին և թե՛ կաթողիկոսին գնալ յուր մոտ, որպեսզի անձամբ խորհրդակցեն իրանց անելիք օգնության համար: Կաթողիկոսը չուզեց գնալ, որովհետև վախեցավ, թե հայոց եկեղեցին հունաց եկեղեցու հետ միացնելու առաջարկություն կանեին իրան: Ուստի հրավերը չընդունեց: Բայց թագավորն այդպիսի բանից քաշվելիք չուներ, ուստի և յուր իշխաններով ու շքադիր խմբով ելավ գնաց Կոստանդնուպոլիս: Այնուհետև արդեն հայտնի է քեզ, թե ի՛նչ փառավոր ընդունելություն արին նրան Բյուզանդիոնում, թե ի՛նչ տոնախմբություններ կատարեցին հայոց թագավորի պատվին, թե ինչպե՛ս արքայական թագով ու ծիրանիով պսակեցին նրան, թե ի՜նչ մեծագին ընծաներով մեծարեցին թե՛ իրան և թե՛ յուր իշխաններին:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.39.59 | Сообщение # 6
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Այո՛, այդ ամենի մասին պատմել է Գևորգ իշխանը, — հարեց թագուհին:

— Այս հաջողությունների լուրն արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրանց թմրությունից, — շարունակեց Սեդան:

— Բոլորը կարծես միաժամանակ ոգևորվեցան: Գագիկ Արծրունին Վասպուրականից սկսավ վռնդել հագարացիներին: Անձևացյաց և Մոկաց իշխանները իրանց երկրներից հալածեցին Յուսուփա զորքերը: Հյուսիսային նահանգներից էլ մեր ասպատակները քշեցին նրանց: Այնպես որ Յուսուփը հանկարծակիի եկածի նման մնացել էր շվարած: Երբ իմացավ, որ Աշոտ թագավորն էլ հունաց օգնական զորքերովն է վերադառնում Հայաստան, էլ սարսափը պատեց նրան. առանց ժամանակ կորցնելու ելավ և յուր մնացած զորքերով փախավ Դվինից դեպի Ատրպատական: Թագավորը վերադարձավ հաջողություններով պսակված: Առանց աշխատության տիրեց կրկին հագարացիների գրաված երկրներին: Մի քանի տեղ, ճշմարիտ է փոքրիկ ընդդիմություններ եղան, բայց հունաց և հայոց միացյալ ուժի առաջ ամեն արգելքներ հարթվեցան: Մեր աշխարհը կրկին խաղաղվեց, ժողովուրդը շունչ, առավ, արտերն ու այգիները կանաչեցին, երկիրը բերքերով լցվեցավ և մարդիկ սկսան ոչ միայն առօրյա հանգստություն վայելել, այլև ուրախության տոներ կատարել.

— Կարծեմ ամենից առաջ իմ տագր Աբասն սկսավ:

— Արքաեղբա՞յրը... Այո՛: Թագավորը դեռ չէր վերադարձել՝ որ նա գնաց և ափխազաց Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ: Չէ՞ որ վաղուց սիրում էին նրանք իրար:

— Գիտեմ. թագավորի թագադրության օրերից: Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը...

— Այո՛, Դվինում. մի փոքր առաջ պատմում էիր: Բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվիցավ:

— Իզուր: Երևի Ափխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ Սևադայի աղջիկը, ինչ կա այդտեղ բամբասելու:

— Ո՛չ, իմ թագուհի, անակնկալ դեպքերն ուշացրին ձեր հարսանիքը: Չէ՞ որ Յուսուփ ոստիկանը թագավորի` հունաց հետ միաբանելը լսելով` շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ: Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան:

— Այո՛, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով` երկուսին էլ ուժասպառ անե:

— Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով` անաշխատ տիրե մեր երկրին:

— Հասկանալի է: Այդպես էլ նա արավ Գագիկ Արծրունու հետ, որպեսզի Սմբատ թագավորի ուժը ջլատե: Բայց վերջում, որովհետև Գագիկը հեռացել էր իրանից, սպարապետին առաջ քաշեց: Դա մի հին խաղ է, որով մեր թշնամիներն աշխատել են միշտ մեզ տկարացնել: Չէ՞ որ ավելի ձեռնտու է նրանց, որ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրանք սեփական զորքեր բերեն այստեղ հայերի հետ կռվելու: Ի՞նչ է պակասում թշնամուն, մեկին թագ կընծայե, մյուսին իշխանություն կտա, այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե և միմյանց դեմ կզինե: Իսկ երբ նպատակին կհասնե, թագն էլ կխլե, իշխանությունն էլ: Այդպես անում են բոլոր խարդախ տիրապետները. իսկ փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրում կան:

— Այո, թագուհի. սպարապետը գիտեր Յուսուփի խորամանկ նպատակը, բայց և այնպես չխղճահարվեցավ հայրենիքի շահը յուր փառամոլության զոհելու: Իբր հակառակաթոռ թագավոր` սկսավ եղբայրասպան կռիվ մղել յուր հորեղբոր որդու և ազգի օրինավոր թագավորի դեմ: Կոտորածներ արավ, գյուղեր ու ավաններ քանդեց, քաղաքներ առավ, մինչև որ վերջապես Վաղարշապատի մոտ թագավորական զորքերից չարաչար հաղթվելով փախավ Դվին: Ահա` Աշոտ բռնավորի այս չարիքներն էին պատճառ, որ արքայական հարսանիքն ուշացավ: Թագավորը կամենում էր երկիրն ամեն կերպ խաղաղացնել և ապա թե տոնական հանդեսներով զբաղվիլ:

— Եվ դու, Սեդա, հիշում ես բոլորը, այնպես չէ՞...

— Օ, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ:

— Եվ, իրավ, որքա՜ն քիչ ժամանակ է անցել, ընդամենը երկու տարի... աստված իմ... Եվ այս կարճ ժամանակում այսքան երկա՜ր ապրել...

— Ի՞նչ, երկա՞ր ապրել ասացիր...

— Այո՛, Սեդա, շատ երկար տանջվեցի... Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել: Քսանհինգամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես...

— Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ:

— Հա՜, հա՜, հա՜... խեղճ Սեդա... գեղեցիկ եմ, բայց ո՞ւմ համար, ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը:

— Դու դարձյալ տխրում ես...

— Հիշում եմ ինչպես այսօր: Ես կանգնած էի դղյակի վերին դստիկոնում. ինձ հետ էին մանկահասակ նաժիշտներս... Ներքև, ամրոցի բակում, հայրս պատվերներ էր տալիս մի խումբ գարդմանացի հեծյալների, որոնք նույն գիշեր ևեթ պիտի ճանապարհվեին դեպի Աղստև, որպեսզի այնտեղ գտնվող մեր մի զորագունդը առաջնորդեին դեպի Վաղարշապատ, թագավորին օգնություն հասցնելու: Հանկարծ հեռվում, Գարդմանա կամուրջից այն կողմը, մի կարմիր դրոշակ նշմարեցի, որ կարծես թռչում էր օդի մեջ: «Աղջիկներ, ի՞նչ բան է այն», հարցրի նաժիշտներիս: Բոլորը միասին այն կողմը նայեցին: Եվ մինը, որ ամենից սրատեսն էր, հանկարծ աղաղակեց. «Ավետաբերն է»: — Ավետաբե՞ր... — հարցրի մեքենայաբար և սիրտս սկսավ տրոփել... Սա ուրեմն թագավորի կողմիցն է, — մտածեցի ես, և ուրախությունից շունչն բռնվեցավ... Եթե հիշում ես, քիչ ժամանակ առաջ ապստամբեցան Գուգարաց վերակացու Գնթունի իշխանները: Թագավորը Աբաս տագերս հետ միասին գնաց և նվաճեց նրան: Ապա երկուսը միասին հյուր գնացին ափխազաց Գուրգեն մեծ իշխանին: Ահա՛, թագավորի այդ բացակայությունից օգտվելով` բռնավոր Աշոտը եկավ և Վաղարշապատը գրավեց: Թագավորը և Աբաս եղբայրն անմիջապես վերադարձան Ափխազիայից և դիմեցին Վաղարշապատ: Գարդմանից նրանք անցել էին գիշեր ժամանակ: Հորս հետ տեսնվել էր թագավորը միայն մի քանի վայրկյան, իսկ ինձ թույլ չէր տվել, որ արթնացնեին: Նույնիսկ ձեզանից ոչ ոք չէր իմացել թագավորի գալն ու Գարդմանից անցնելը:

— Այո՛, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ բռնավորի վրա: Ոչ ոք չպետք է այդ իմանար:

— Այդպես է. բայց ճանապարհվելուց հայտնել էր հորս, թե՛ «եթե սուրբ կաթողիկեն օգնե ինձ այս անգամ բռնավորը յուր պարիսպներից վանելու, ավետաբեր կուղարկեմ քեզ կարմիր դրոշով, և ապա կվերադառնամ Գարդման մեր հարսանիքը տոնելու»: Եվ այդ գիտեի ես, Սեդա, հայրս հայտնել էր ինձ արդեն. ուրեմն կարող ես երևակայել, թե ի՛նչ հրճվանք, ի՛նչ ուրախություն տիրեց իմ հոգուն, երբ կարմիր դրոշը նշմարեցի...

— Երևակայում եմ:

— Եվ այս բանը հորս հայտնել չկարողացա. լեզուս կարկամել էր ուրախությունից: Վերջը, երբ նաժիշտներից մինը ճչաց վերևից. «Իշխան, ավետաբեր է գալիս», և հայրս կարծես չհավատալով նրան` հարցական հայացքով նայեց դեպի ինձ, ես ուրախությունից կիսահագած` «Այո՛, Այո՛, կարմիր դրոշով», ճչացի նույնպես և վազեցի ներքև: Երեսս հրճվանքից վառվում էր: Հիշո՞ւմ ես դու այդ օրը, Սե՛դա:

— Եվ կարելի՞ է մոռանալ այն: Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից: Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին: Նա մեր այժմյան բերդակալը` Մուշեղն էր, այնպես չէ՞:

— Այո՛, նա ինքն էր: Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի. խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի:

— Եվ երկու օրվա մեջ, — հարակցեց Սեդան, — ամբողջ Գարդմանը տոնական կերպարանք առավ: Աղստև գնալու նշանակված հեծյալները զրկվեցան Գուգարք, Սյունիք, Արցախ և ուրիշ հեռավոր տեղեր` հայոց իշխաններին հարսանիքի հրավիրելու: Թագավորը դիտմամբ ուշացավ Վաղարշապատում: Եվ երբ նա եկավ, արդեն բոլոր իշխանները, սեպուհները, նախարարական տանուտերերը և բոլոր իշխանական ընտանիքները գտնվում էին Գարդմանում. Ափխազիայի իշխանը միայն մի օր առաջ հասավ. իսկ վրաց թագավորը դիտմամբ ուշացել էր Գանձակում, որպեսզի մեր թագավորի հետ միասին մտնե Գարդման, չնայելով, որ ինքը նրա երկրորդն էր: Բայց Արծրունյաց Գուրգեն իշխանը, չնայելով քեզանից մերժված լինելուն, այսուամենայնիվ, յուր բարյացակամությունը թագավորին ցույց տալու համար` ոչ միայն շքադիր խմբով եկավ հարսանիքին, այլև Գանձակ գնալով` հնարներ գործ դրավ, որ վրաց Ատրներսեհին թագավորից գոնե կես օր առաջ բերե Գարդման: Եվ հաջողեց էլ: Ատրներսեհը երեկոյան եկավ, իսկ թագավորին հետևյալ առավոտը ընդունեցինք:

— Ընդունեցիք... Այո՛, դուք ընդունում էիք թագավորին: Գարդմանը երիտասարդացել էր. լեռներն ու բլուրները հրճվում էին. ժողովուրդը շլանում էր հայոց իշխանապետության փառահեղ պերճությամբ, իսկ իշխաններին շլացնում էր Սահակ Սևադան յուր հարուստ և մեծավայելուչ հանդերձանքներով... Իսկ ե՞ս, Սեդա, ես ընդունում էի ո՛չ միայն հայոց թագավորին, հայոց իշխանապետության պարծանք Աշոտին, այլև... Ա՜խ, ... և այժմ ես կարողանում եմ այս բառերն արտասանել... Այո՛, Սեդա, ես ընդունում էի նրան, որ բերում էր յուր հետ իմ վարդածին հույսերի պսակը, իմ անսահման երջանկությունը, իմ երանության երկինքը... Ընդունում էի նրան, որ կրում էր յուր մեջ իմ սիրապատար սիրտը, իմ սիրաշունչ հոգին... որի հայացքը հափշտակում էր իմ էությունը, որի ձայնը հնչում էր իմ ականջին ինչպես գերոբեների մեղեդին... և այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, Սե՛դա, իմ փեսան, իմ ամուսինն էր... Օ՛հ, մի՞թե կարելի էր այդքան երջանկության դիմանալ...

Եվ այն բոլոր փառահեղ պատրաստությունները, իշխանների ցույց տված հարգանքը, գարդմանացոց ու հայ զորաց ոգևորությունը շատ փոքր բաներ էին երևում իմ աչքում: Ես կամենում էի որ Աշոտ-Երկաթի համար այդ ամենը կրկնապատկվեր, եռապատկվեր. չէ՞ որ նա բոլոր ընտիր հայերից ընտրելագույնն էր, համայն հայ իշխաններից բարձր ու գերազանցն էր... Ա՜խ, Սեդա. եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպե՜ս մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպես կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ` երբ կապվում է նա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ... Օ՛հ, այն ժամանակ նրանք երբեք չէին իջնիլ սեղանի այն բարձրությունից, որի վրա մեր բարեպաշտ սիրտը երկրպագում է նրանց...

— Խեղճ կին... — շշնջաց ինքն իրան Սեդան:

— Հայրս պահանորդ գնդով թագավորին դիմավորելուց առաջ պատվիրել էր, որ ես, իբրև արքայի հարսնացու և Գարդմանա հզոր իշխանի աղջիկ, չելնեմ իմ դստիկոնից և չերևամ ժողովրդին, մինչև որ ինքն արքան դղյակը գալուց հետո չպատրաստվեր ինձ ընդունելու: — Պատշաճից օրենքը այս է պահանջում, — ասում էր նա: Բայց ես... ո՜վ երջանկության անդարձ վայրկյաններ... չկարողացա դիմանալ և պատշաճից օրենքներին չանսաստել: Բոլոր Գարդմանը իմ արքայի ու փեսայի ընդունելության փառքը պիտի տեսներ, ինչպե՞ս կարող էի ես զուրկ մնալ այդ հաճույքից: Եվ ահա փակել տվի ես իմ դստիկոնի մուտքը, նաժիշտներին հրամայեցի ոչ ոքի չընդունել և ես նրանցից մինին վերցնելով, դղյակի գաղտուկ նրբանցքով բարձրացա մեծ աշտարակի գլուխը: Այնտեղ բարձրացե՞լ ես դու, Սե՛դա:

— Ո՛չ. կինն ինչպե՞ս կարող է բարձրանալ: Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից:

— Բայց մենք բարձրացանք` ինչպես այծյամ: Գարդմանա շրջակաները երևում են այնտեղից` ասես թե ափի մեջ: Դաշտը, գետակը, լեռները, բոլորը մեր առջևն էին: ժողովուրդը խռնված էր ամեն տեղ: Երբ առաջին անգամ դեպի կամուրջը նայեցի, հառաջապահ հեծյալների գունդը տեսա, որոնք սպիտակ դրոշը ծածանելով թռչում Էին հողմի պես: Նրանց հետևում էր արքան, շրջապատված յուր գեղահասակ թիկնապահներով, որոնց փայլուն զրահները շողշողում էին արևի առաջ և կարծես իրանց շուրջը կայծակներ թոթափում: Թագավորը նստած էր սպիտակ և ոսկեսար նժույգի վրա, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկած նույնպիսի սաղավարտ, որի վրա ծածանում էր` արծվաձև Գարդմանակը հովանավորող` ձյունաթույր ցցունքը: Արքային հետևում էր հայրս` զուր գարդմանացի ասպետներով. ապա Սիսական իշխանները, ոստանիկների խումբը, Աղվանից սեպուհը, Գուգարաց բդեշխը, Արծրունյաց ու Մոկաց իշխանները, Արցախու և Խաչենի տանուտերերը, և այլն, և այլն: Այնուհետև գալիս էին պետական ու տանուտիրական զորքերը, սեպուհ, դրանիկ և ոստանիկ գնդերը, և վերջապես շրջականերից հավաքված ժողովրդի ստվարախումբ ամբոխը: Երբ հառաջապահ հեծյալների խումբը մոտեցավ բերդին և փողերը արքայի գալուստն ավետեցին, Գարդմանը հեղեղող իշխանների, զորքի և ժողովրդյան բազմությունն անհետացավ իմ աչքից: Իմ աշխույժ ու անհագ հայացքը հառեցի միայն իմ փեսայի և սիրարժան թագավորի վրա: Թիկնապահների խումբը բերդի դռանը հասնելով` կանգ առավ երկու կարգի վրա: Թագավորն առաջ անցավ: Նրա ահիպարանոց նժույգը` զգալով կարծես թե ի՛նչ դյուցազն է կրում յուր վրա, մոտենում էր դարբասին ավելի սիգապանծ և որոտաձայն խրխնջյունով: Եղբայրներս իրենց հետևորդներով ընդառաջեցին թագավորին բերդի հանդիպակաց դռներում. իսկ մայրս ընդունեց նրան դղյակի մուտքի առաջ, շրջապատված Գարդմանի ավագանիներով և նրանց տիկիններով: Եթե համոզված չլինեի, որ այս շլացուցիչ փառքին հաղորդակից պիտի լինիմ ես, եթե չգիտենայի, որ ինձ է պատկանում այն անձը, որին ամենքն աշխատում են մոտենալ, որի հայացքը այնպես ճգնում են հափշտակել, և ես միևնույն ժամանակ տեսնեի ինձ այնքան նրանից հեռու, աշտարակի մեջ բանտարկյալ, օ, գուցե այդ բարձրությունից իսկ գլորեի ինձ ներքև... բայց երբ մտածում էի, թե նա իմն է, թե այդ բազմամբոխ զորքի ու ժողովրդյան հրամայողը իմ ապագա ամուսինն է, երբ տեսնում էի, որ երբեմն իմ ձեռքը խնդրող իշխաններն այժմ անհուն մեծարանքով ու ակնածությամբ գլուխ են խոնարհում նրա առաջ, և այդ բոլորը ես տեսնում եմ, ներքին հրճվանքից սիրտս կամենում է դուրս թռչել... և այդ միևնույն սիրտը, եթե գտնվեր այդ րոպեին իմ ձեռքում, հավատացիր, իմ բարի Սեդա, ես կգլորեի նրան, այդ դյուցազնի ոտքերի առաջ...

Թ

ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով, կարծես, յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակեց.

— Այո՛, Սե՛դա, դու իրավունք ունիս: Արդարև, կարելի է անցյալ քաջությունները հիշելով մոռանալ մի փոքր ներկայի դառնությունները... Եվ ինչպե՛ս սիրելի է ինձ այժմ անցյալը... Մտաբերում, եմ այն երջանիկ վայրկյանը, երբ առաջին անգամ ներկայացա թագավորին, նա նստած էր այդ ժամանակ դղյակի մեծ դահլիճում, շրջապատված յուր ավագանիներով և իշխաններով: Բոլորն էլ ինձ էին սպասում: Հենց որ հորս հետ դահլիճի դռներում երևացի, թագավորն իսկույն բարձրացավ աթոռից և դիմավորելով մեզ վայելչաբար ողջունեց: Անշուշտ ես շառագունեցի, որովհետև երեսս սկսավ այրվել... Ինչպե՜ս լավ հիշում եմ այդ վայրկյանը... Հայրս հանձնեց նրան իմ ձեռը՝ ասելով. «Ահա՛, արքա, իմ դուստրը և քո հարսնացուն»: Թագավորն ուրախ և ժպտադեմ առավ իմ աջը, ջերմությամբ համբուրեց և առաջնորդելով ինձ տարավ մինչև յուր գահույքը, որի քիչ հեռու պատրաստված էր ինձ համար ծիրանիով ծածկած աթոռ: — «Ներկայացնում եմ ձեզ, իշխաններ, ձեր ապագա թագուհուն» — հանդիսավոր եղանակով ասաց թագավորը, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՛ թագավորը, կեցցե՛ թագուհին»... Հետո բոլոր իշխանները մոտեցան և ողջունեցին ինձ ավագության կարգով: Այդտեղ էին, Սեդա, ինձանից մերժված բոլոր իշխանները... Օ՛, ինչպես կամենում էի, որ այդ րոպեին լինեի ես աշխարհի միակ գեղեցկուհին, որ ամենքը հիանային ինձնով և ասեին, թե հայոց թագավորը ընտրել է, արդարև, յուր անվան արժանի հարսնացու:

— Դու գեղեցիկ էիր ինչպես ավետաբեր քերոբեն ...

— Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային:

— Այո՛, նա հայտնել էր Մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրան, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն: Ափխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը:

— Երբ պսակի ժամանակ եպիսկոպոսը առնելով իմ ձեռը՝ տվավ արքային, ես բարձրացրի աչքերս և նայեցի նրան... Օ՛հ, ինչպե՜ս վեհաշուք երևաց նա ինձ այդ րոպեին, և ես որքա՜ն նրանով բարձրացած... — «Ահա վերջապես մարմին առան իմ հույսերը, ես երջանիկ եմ», — մտածում էի ինքս ինձ և ապա հանդուգն մտքեր հղանում. «Սա, այս Աշոտը, այս երկաթի թագավորը իմն է. ոչ ոք այլևս չի կարող խլել նրան ինձանից. մենք արդեն պսակվում ենք. մեր միության դաշնագիրը վավերանում է աստվածային կնիքով... » «Զոր աստված զուգյաց, մարդ մի՛ մեկնեսցե», — ասում է եպիսկոպոսը: Բայց այսօր, Սեդա, ես զրկված եմ նրանից, նա այլևս իմը չէ. ինչպե՜ս դառն է հավատալ այդ ճշմարտությանը... Բայց չէ՞ որ «աստված մեզ զուգեց», ո՞վ եղավ բաժանողը, ինչպե՞ս պատահեց այդ. ասա՛, Սե՛դա, ասա՛, չէ՞ որ դու էլ այդ գիտես, չէ՞ որ խոստացար պատմել...

— Ես շատ բաներ պատմեցի, սիրելի թագուհի:

— Ո՛չ. դու ինձ չպատմեցիր, թե ինչպե՛ս սկսվեցավ մեր դժբախտությունը. չէ՞ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ:

— Այո՛ պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ...

— Ո՞վ:

— Յուսուփը:

— Ինչպե՞ս:

— Հիշո՞ւմ ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին:

— Այո՛, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր:

— Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր, իբրև արքունական բանակի սատար:

— Այո՛, հիշում եմ:

— Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը:

— Ասում էին, որ Յուսուփը Պարսկաստանին ինքնագլուխ տիրելու համար կամենում է ամիրապետից ապստամբել: Եվ որովհետև այդ ժամանակ հայոց թագավորը հաջողության մեջ էր, հունաց կայսրը դաշնակից էր նրան, հայոց իշխանները միաբան էին հետը, հաշտվել էր նա, մինչև անգամ, Գագիկ Արծրունու հետ, իսկ նրա միակ թշնամին, Աշոտ բռնավորը չարաչար հաղթվելով փախել էր Դվին, ահա՛ այդ պատճառով կամենում էր նա թագավորի բարեկամությունը վաստակել: Եվ մեր հարսանիքը հարմար առիթ եղավ նրա համար: Յուր այդ հարուստ ընծաներով, արդարև, Յուսուփը թագավորի սիրտը շահեց:

— Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ի՛նչ գաղտնիք էր թաքնված: Հագարացոց ոստիկանը, հարկավ, հայոց թագավորի հաջողության ցանկացող չէր, սակայն խնդրում էր նրա բարեկամությունը, որովհետև այդ միջոցին հաջողության մեջ էր Աշոտ թագավորը: Բայց այն հեծելազորը, որ Յուսուփը ուղարկել էր թագավորին, իբր նրա բանակին օգնություն, պատճառ դարձավ մեծ դժբախտության: Թագավորը չէր կարողանում համբերել Աշոտ բռնավորի ապստամբական շարժումներին: Ուստի, երբ հարսանյաց տոները վերջացան, նա որոշեց գնալ Դվին և հալածել նրան մայրաքաղաքից: Եթե հիշում ես, այդ մտքին հակառակ չէր Սահակ իշխանը: Ուստի նրանք միասին բանակ կազմեցին. արքայական զորքին միացրին գարդմանացի գնդերը և Յուսուփի հեծելազորը և այդ միացած ուժերով դիմեցին Դվին: Կաթողիկոսը, սակայն, ընդդեմ էր այդ կռվին. ուստի շտապեց, պատերազմն արգելելու: Չէ՞ որ երկու կողմից էլ հայ զորքերը պիտի ջարդվեին: Վեհի բոլոր ջանքը, հաշտեցնելու հակառակորդներին, անցավ ապարդյուն: Թագավորը մի կողմից յուր ուժի վրա վստահացած և մյուս կողմից, ասում են, քո եղբորից՝ Գրիգոր իշխանից՝ գրգռվելով, սկսում է պատերազմը: Բայց որովհետև Յուսուփը դեռ գաղտնի բարեկամ էր Աշոտ բռնավորին, ուստի նրա զորքերը, համաձայն իրանց զորավարի թաքուն հրահանգի, դավաճանեցին թագավորին: Կռվի ամենատաք ժամանակը նրանք թողեցին ճակատը և թիկունք դարձնելով՝ փախան: Այդ հանկարծական դիմադարձությունը շփոթել էր թագավորական զորքերին, որով նրանք բռնավորից չարաչար հաղթվեցան: Ահա՛, Յուսուփի խարդախության շնորհիվ ստեղծված այդ անհաջողությունը եղավ պատճառ, որ թագավորը նոր պատերազմ սկսելու պատրաստություններ տեսավ: Նա օգնական զորք բերել տվավ ափխազաց իշխանից, ապա մեծ բանակ կազմեց սեփական զորքերից: Մտադիր էր ահավոր կռիվ սկսել հակառակորդի հետ: Բարեբախտաբար, այս անգամ կաթողիկոսը կարողացավ յուր աղերսախառն թախանձանքներով համոզել նրան և հաշտեցնել բռնավոր հակառակորդի հետ...

— Սե՛դա, բոլոր այդ պատմածներդ հայտնի են ինձ. բայց դրանք կապ չունեն իմ դժբախտության հետ:

— Ընդհակառակը, թագուհի՛, շատ մոտիկ կապ ունին:

— Ինչպե՞ս:

— Հապա՛: Թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ Ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից:

— Եվ հետո՞:

— Թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու ...

— Եվ նվաճեցին: Թագավորը կռվի մեջ արդեն սիով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել:

— Այո՛, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին:

— Ցլիկ-Ամրամի՞ն... Այո՛, հիշում եմ. ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա՞...

Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով, հառեց աչքերը դայակի վրա:

Սեդան ոչինչ չէր խոսում. ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր՝ չլինի թե թագուհին նորից վրդովվի:

— Ինչո՞ւ լռեցիր, Սե՛դա, — հարցրեց թագուհին:

— Չգիտեմ, թե ուրիշ ի՛նչ խոսեմ, — պատասխանեց դայակը տխուր ժպտալով:

— Ասացիր, որ թագավորը Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին, այնպես չէ՞:

— Այո՛:

— Ինչո՞ւ անպատճառ նրան և ո՛չ մի ուրիշին: Ի՞նչ գիտես դու այդ մասին:

— Ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ:

— Այո՛, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում: Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը:

Սեդան լուռ էր:

— Պատմի՛ր ինչ որ գիտես, առանց մի կետ թաքցնելու, — հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը.

— Մովսեսի ապստամբությունը Ուտիքում ճնշելուց հետո եղբայրդ Գրիգոր իշխանը` վերադարձավ Գարդման միայնակ, առանց մեծ իշխանի: Մորդ հարցին՝ թե ո՞ւր մնաց Սևադա իշխանը, նա պատասխանեց, թե թագավորի հետ միասին պիտի գնա Երազգավորս՝ թագուհուն տեսնելու: Բայց որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեծ իշխանը երկու օրից հետո վերադարձավ նույնպես Գարդման, վերին աստիճանի տխուր և հուսահատ: Իշխանուհին շատ անհանգստացավ, կարծելով թե որևէ մի տխուր լուր է առել նա քեզանից: Բայց իրան, իշխանին սիրտ չարավ բան հարցնել, որովհետև, ինչպես գիտես, հայրդ սովորություն չուներ, յուր տխրության մասին բացատրություններ տալ մարդկանց և շատ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր հարցեր անել նրան դրա համար: Երկու օր շարունակ իշխանը դղյակից դուրս չեկավ: Երրորդ օրը գաղտնի խորհուրդ ուներ մորդ և եղբարցդ հետ: Այնուհետև, համարյա, բոլոր տունը տխրեց: Այդ հանգամանքը անհանգստացնելու չափ ինձ հետաքրքրեց: Սակայն իշխանուհին, որ ինձանից ծածուկ ոչինչ չուներ, հայտնեց շուտով իրանց տխրության պատճառը. «Իմ Սահականույշը, Սե՛դա, դժբախտացավ արդեն ...», — ասաց նա ինձ մի օր:

— Ինչո՞ւ, — հարցրի ես զարմանալով:

— Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան, — ասաց, նա տխրությամբ: — Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին Ցլիկ-Ամրամի հետ ամուսնացնելով, կջնջե արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց սխալվել է չարաչար. նախկին սիրո կայծերն սկսել են արդեն երևան գալ և, գուցե, հրդեհ առաջացնեն...

— Ինչպե՞ս,-վախենալով հարցրի ես:

— Մովսես ապստամբին նվաճելուց հետո թագավորն իջել է Սևորդյաց ձորը՝ զորքին հանգստություն տալու: Այդտեղ դիմավորել է նրան Ցլիկ-Ամրամը Սևորդյաց իշխաններով և հրավիրել թագավորին յուր ամրոցը` Տավուշ: Սևադան աշխատել էր, որ նա այդ հրավերը չընդունե, որովհետև գուշակել է գալիք դժբախտությունը, բայց յուր ջանքն ապարդյուն է անցել: Ասում է, թե թագավորը, որ մինչև այն շտապում էր թագուհուն տված յուր խոստումը կատարելու, այն է` նշանակած ժամանակին Երազգավորս վերադառնալու, սիրով ընդունեց Ամրամի հրավերը և գնաց Տավուշ:

— Հետո՞, — հարցրի ես:

— Իշխանն ընկերացել է նրան, — շարունակեց մայրդ, — և ահա՛ թե ի՛նչ է պատմում, — այնտեղ էր, — ասում է, — արքայի նախկին սիրելին` Ցլիկ-Ամրամի կինը: Սա ինքը դիմավորեց թագավորին ամրոցի դռների մոտ: Այնպես գեղեցկացել և հրապուրիչ էր դարձել, որ անկարելի էր տեսնել նրան և չհիանալ: Երբ առաջին անգամ հանդիպեց թագավորին, ես տեսա, թե ինչպե՜ս նա այլայլվեցավ և շառագունեց: Նայողները կկարծեին, թե ամաչելուց կամ թագավորի ներկայությունից ճնշվեցավ, բայց ինձ հայտնի էր պատճառը: Իմ փորձված աչքերից, — ասաց հայրդ, — չթաքնվեցավ նույնիսկ թագավորի հուզմունքը: Ամրամի կինն այդ վայրկյանին այնքան հրապուրիչ էր, որ ես չէի զարմանալ, եթե թագավորը գրկախառնվեր նրա հետ: Ես պարզ տեսա, որ նախկին սիրո կայծերը ցոլացին երկուսի աչքերումն էլ և նրանց խորհրդավոր հայացքները հասարակ աչքերի համար աննշմարելի մտքեր հաղորդեցին միմյանց... Բայց թագավորը կարողացավ զսպել իրան. նա այնուհետև այլևս իշխանուհուն չէր նայում, և երևի Ցլիկ-Ամրամը նեղանում էր, որ յուր տիկինը թագավորի ուշադրությունը չէր գրավում: Սակայն շուտով իմ կասկածները մարմին առան: Թագավորը, որ մտադիր էր Ուտիքի վերակացությունը հանձնել իմ որդուն՝ Գրիգորին, հանկարծ միտք հղացավ այդ իշխանությունը տալ Ցլիկ-Ամրամին: Ես չհակառակեցի նրա այդ դիտավորությանը, որովհետև պարզ տեսա, որ գեղեցիկ իշխանուհու մի լուռ հայացքն ավելի շատ բան պիտի ասեր և ավելի շուտ համոզեր նրան, քան իմ ճարտարախոսությունը: Հետևյալ առավոտ թագավորն ստորագրեց «Ուտիքի իշխանությունը» Ամրամին հանձնող հրամանը: Իշխանուհին անձամբ եկավ արքային յուր շնորհակալությունը հայտնելու` զրահավորված յուր բոլոր գեղով և կանացի գրավչությամբ: Ինչ վերաբերում է Ցլիկ-Ամրամին. ուրախությունից քիչ էր մնում թագավորի ձեռքերը համբուրեր: Նույն ավուր երեկոյան ես հիշեցրի թագավորին թագուհուն արած յուր խոստումը Երազգավորս դառնալու մասին և զարմացա, որ նա հայտնեց, թե ցանկություն ունի երկու օր ևս Տավուշ մնալու, որպեսզի կարգադրություններ անե Ուտիքի մասին և կարևոր հրահանգներ տա Ցլիկ-Ամրամին: Ես այլևս չէի կարող մնալ այդտեղ, — ասում է իշխանը, — և հանդիսատես լինել, թե նախկին սիրահարներն ինչպե՛ս են նորոգում իրանց բարեկամությունը, ուստի վեր կացա և եկա այստեղ, որովհետև Երազգավորս գնալու այլևս սիրտ չէր մնում. ի՞նչ երեսով երևայի ես իմ աղջկան, Սահականույշին և ինչպե՞ս արդարացնեի թագավորի Տավուշ բերդում ուշանալը: Երկու օրից հետո մեծ իշխանը կանչեց ինձ և ասաց. «Սե՛դա, իմ դուստրը և քո Սահանույշը միայնակ է, այսուհետև նա ավելի կարոտ է քո խնամքին. պատրաստվի՛ր վաղը ևեթ ճանապարհվել Շիրակ»: Ես ուրախությամբ համաձայնեցա, որովհետև ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան իմ թագուհուն ծառայելը: Իշխանն արդեն իմացել էր, որ մայրդ պատմել է ինձ ամեն բան: Ուստի ճանապարհվելուս ժամին կանչեց ինձ իշխանուհու մոտ և ասաց. «Սե՛դա, դու արդեն գիտես, թե ի՛նչ վտանգ է սպառնում իմ դստեր ընտանեկան երջանկությանը. նա դեռ երիտասարդ է և կարող է յուր վարմունքով շտապեցնել վերահաս վտանգը: Գնա՛ և հսկիր նրա ամեն մի քայլին: Դու փորձված և կյանքը ճանաչող կին ես: Աշխատի՛ր, որ քո թագուհին զինված լինի միշտ կնոջ ամենանուրբ հրապույրքներով, որ նրա ամեն մի քայլը, խոսքը, հայացքը սեր զարթեցնե յուր ամուսնու մեջ և մոռացնել տա նրան Ամրամի կնոջ հրապույրները, նրա դյութող ու կախարդող աչքերը... ճշմարիտ է, արհեստական միջոցներով դժվար է սեր զարթեցնել, բայց նույն այդ միջոցներով կարելի է հանգցնել հին սիրո կայծերը կամ արգելել նրա բոցավառվիլը նորից: Պսակը չի ապահովում ամուսնու սերը. և ամուսնացյալները չպետք է երբեք բարձիթողի անեն միմյանց սիրելի լինելու և շարունակ միմյանց հրապուրելու` միջոցները: Ամուսնական կյանքի ընթացքում հարկավոր է շարունակել նույն մրցությունը, որով որ մարդ ձեռք է բերել յուր սիրած անձին. և պետք է շարունակել այդ ավելի եռանդով, որովհետև բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ ցանկալի նպատակին հասնելուց հետո դադարում է այլևս նույն նպատակով գրավելուց և ոգևորելուց: Եվ ահա՛ հենց այս ժամանակն է, որ փորձությունը վրա է հասնում: Քո թագուհին այս բաները չգիտե և երանի թե՝ երբեք էլ չփորձե... նա, արդարև, սիրում է անկեղծությամբ. և հենց այդ պատճառով էլ մեծ հավատ ունի թագավորի վրա: Բայց ով որ անկեղծությամբ է սիրում, նա էլ հեշտությամբ այնպիսի սխալ քայլեր է անում, որոնք հեռացնում են իրանից յուր սիրած անձին, մանավանդ եթե վերջինի մեջ բուռն չէ փոխադարձ սերը կամ պատրաստ կա մի հակառակորդ, որ կարող է հրապուրել նրան: Շատ անգամ մի անզգույշ խոսք, մի անվայել ծիծաղ, մի կոպիտ շարժում, նույնիսկ հագուստի մի տգեղություն բավական է լինում, որ քեզ սիրող սրտի մեջ կաթե զզվանքի թույնը. առաջին կաթիլին հետևում է երկրորդը, երրորդը, և այնուհետև այլևս հեռացող սիրտն անհնար է լինում գրավել: Այս բոլորը գիտես դու, Սեդա, գնա և պատսպարի՛ր քո Սահանույշը վերահաս վտանգներից: Թագավորի սիրտը սասանած է արդեն. այդ ես հաստատ տեսա. աշխատիր, որ իմ դուստրը վերջին հարվածը չտա... Իսկ ես իմ կողմից հնարներ կմտածեմ սպառնացող վտանգի առաջն առնելու...» Այս խրատներով ճանապարհ դրավ ինձ մեծ իշխանը: Այնուհետև, ինչպես գիտես, ես եկա Շիրակ: Թագավորն արդեն քեզ մոտ Երազգավորսումն էր: Բայց նա գուրգուրում էր քեզ ջերմ սիրով: Դու գոհ էիր բախտից: Իշխանի հայտնած կասկածները չէին արդարանում, գոնե ես ոչ մի փոփոխություն չէի նշմարում թագավորի մեջ, որովհետև նրան միշտ քաղցր և սիրալիր էի տեսնում քեզ հետ: Բայց երբ նա նույն ամռանը զբոսանքներ պատրաստեց քեզ համար Սյունյաց և Գուգարաց լեռներում և ընկերուհիներ կարգեց քեզ Սյունյաց իշխանուհիներին, իսկ ինքը գնաց Սևորդյաց կողմերը, իբր թե Ուտիքի մեջ կարևոր կարգադրություններ անելու, այն ժամանակ արդեն կասկածը պաշարեց ինձ: Իհարկե ես քեզ ոչինչ չհայտնեցի. դու այնպես ուրախ և երջանիկ էիր... որ ոչ մի ապառաժ սիրտ չէր հանդգնիլ կասկածի անմաքուր շնչով քո անարատ հոգին թունավորելու, քո հաստատուն հավատը սասանելու... Բայց թե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես հավատում էի արդեն... Այնուհետև թագավորի այցելությունները Ուտիքին կրկնվում էին հաճախ. դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն` ծնողներդ` Գարդմանում, իսկ ես՝ արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում: Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն ասում էին, թե «թագավորը սիրահարվել է Սևորդյաց աշխարհի վրա...»:

— Եվ իհարկե դրանք բոլորը գիտեին, թե ինչո՞ւ թագավորը հաճախում է Ուտիք, այնպես չէ՞, — հարցրեց թագուհին, գրեթե հուզմունքից դողալով:

— Ո՛չ... կարծեմ միայն երկու հոգի յուր թիկնապահներից...

— Ա՜խ, Սեդա, էլ ինչո՞ւ համար ես ծածկում, երկու հոգին էլ բավական են երկու հարյուրին իմացնելու համար: Իսկ արքունիքի կանանցից որի՞ն էր հայտնի իմ դժբախտությունը:

— Այն ժամանակ կարծեմ ոչ ոքի: Բայց երբ Աբաս արքաեղբայրը յուր աներոջ՝ ափխազաց Գուրգեն իշխանի հետ միանալով` դավադիր եղավ արքային և կամենում էր բռնել նրան կամ սպանել, թագավորը խույս տվավ նրանցից: Դավադիրները պտրեցին նրան. նախ Շիրակում և ապա զորքերով դիմեցին Երազգավորս: Անշուշտ հիշում ես, որ մինչև նրանց գալը թագավորը մեզ բոլորիս վերցրավ և շտապով հասցրեց Ուտիք. Սևորդյաց ձորը: Այդտեղ մենք ամրացանք Տավուշ բերդում, Ցլիկ-Ամրամի մոտ: Ահա՛ այդ ժամանակ մեր տիկիններից երկուսը նկատել էին թագավորի և իշխանուհի Ասպրամի մտերմական հարաբերությունը և բամբասում էին, որ նա այդ տագնապի ժամանակ մեզ յուր սիրուհու տանն է պատսպարել և ոչ թե Սյունյաց բերդերից մինում:

— Ովքե՞ր էին այդ տիկինները, Սեդա, ասա՛, ես կամենում եմ անպատճառ իմանալ, — հարցրեց թագուհին:

— Մինը մեր Շահանդուխտի մայրը, մյուսը` Գոհար իշխանուհին:

— Եվ նրանք քեզ հետ խոսեցի՞ն այդ մասին:

— Այո՛, բայց գաղտնի: Մեզանից զատ ոչ ոք չգիտեր այդ բանը: Սակայն ես իմ կողմից աշխատեցի ցրել նրանց կասկածները:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.41.31 | Сообщение # 7
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Իզո՜ւր. դու նրանց աչքերը փակել չէիր կարող... Բայց դու, Սե՛դա, ինչո՞ւ նույնիսկ այդ ժամին չհայտնեցիր ինձ այդ գաղտնիքը: Եթե ես գիտենայի, թե ինձանից զատ ուրիշներն էլ են նկատել այդ բանը, այն ժամանակ ես դաշույն կցցեի նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը. այն ժամանակ Աշոտ-Երկաթի իշխանությունը չէր վտանգվիլ, Սահակ Սևադան և յուր որդին չէին կուրանալ...

— Ինչպե՞ս, թագուհի՛, մի՞թե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար:

— Այո՛, Սեդա. նույնիսկ այն անզգամի ապարանքում, մեր այնտեղ հասնելուց մի քանի օր հետո:

— Ինչպե՞ս:

— Այն օրը, որ մենք հյուր էինք Ամրամի մոտ, և այդ իշխանը գինով ոգևորված մոռացել էր յուր կոչումը և հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ եղող իշխանուհիների հետ, հիշո՞ւմ ես, հեռացա ես նրա դահլիճից: Մի ինչ-որ տխրություն պաշարել էր հանկարծ իմ սիրտը չգիտեի ինչո՛վ փարատել այն, իշխանուհիներից ոչ մեկին չէի կամենում ընկերացնել ինձ: Ուստի միայնակ ելա և սկսա Ամրամի ապարանքը շրջել: Հույս ունեի պատահել մի տեղ թագավորին, որովհետև նա առանձնացել էր` Ոստանից հասած նամակները կարդալու համար: Մի նրբանցքից անցնելու ժամանակ հանկարծ իմ ականջին հասավ թագավորի ձայնը. ես ուրախությամբ դիմեցի դեպի հանդիպակաց դուռը, որ Ասպրամ տիկնոջ դստիկոնն էր հանում: Այդտեղ լսեցի նրա ձայնը: Ասպրամին յուր տանտիկնության հոգսերով զբաղված էի կարծում, բայց զարմացա, որ նա այստեղ խոսակցում է թագավորի հետ: Մի տխուր նախազգացում պաշարեց իմ սիրտը. շունչս կարծես բռնվում էր. առաջ անցա հուսո և երկյուղի մեջ, բացի այն դուռը, որտեղից զրույցի ձայնն էր գալիս... և ի՞նչ տեսա, Սե՛դա... Օ՛, ինչպե՜ս այդ ժամին շնչասպառ չեղա ես, ինչպե՜ս չմեռա... Ասպրամ իշխանուհին, Սեդա... թագավորի գրկում...

— Աստվա՜ծ իմ...

— Այո՛, իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն Ցլիկ-Ամրամի կնոջ հետ... Ա՜խ, Սեդա, զգո՞ւմ ես արդյոք, թե ի՛նչ հարված էր սա ինձ համար... Ո՞ր շանթը, ո՞ր կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել...

— Եվ հետո ի՞նչ արիր:

— Ոչինչ: Նրանք երկուսն էլ մեռելի գույն առան. իսկ ես համր ու անխոս դուրս եկա այդտեղից և ապաստանեցի մոտիկ սենյակներից մինին:

— Այդ երևի այն ժամանակն էր, որ դու հիվանդացար:

— Այո՛, հիվանդացա հենց այդ չարագուշակ դեպքի պատճառած ցավից... երկու ամիս շարունակ տանջվեցա իմ այդ ծանր վշտի գաղտնի վերքերից...

— Զարմանալի է. և մեզանից ոչ ոքի չհայտնեցիր:

— Չհայտնեցի, որովհետև չկամեցա հայոց թագավորի ընտանիքը կործանել. չկամեցա Սահակ Սևադայի դստեր ձեռքով հայոց թագին ու գահին անարգանք դրոշմել և... ա՜խ, ինչո՞ւ թաքցնեմ, Սե՛դա, չհայտնեցի, որպեսզի իմ հակառակորդուհիները չուրախանան, որպեսզի հաչաղկոտ իշխանուհիները ցնծության տոն չկատարեն և իմ նախկին փեսացուները իմ հպարտությունը չծաղրեն...

— Իմ խեղճ տիրուհի... — շշնջաց Սեդան ինքն իրան:

— Եվ սակայն իմ հպարտությունն ինձ չարաչար պատժեց...

— Աստված ողորմած է, տիրուհի՛. դու, որ այդպես հերոսաբար տարել ես այդ ցավերը, անկարելի է, որ նախկին երջանկությունը նորեն չճաշակես:

— Խե՛ղճ Սեդա, ինչքա՜ն բարի ես դու... Բայց մի՞թե լսած կաս, որ մեր օրերում մեռելները հարություն առնեն... Վե՛ր կաց, մայր Սեդա, վե՛ր կաց և գնա՛ հանգստացիր, քեզ շատ հոգնեցրի. պիտի ներես ինձ...

Սեդան, որ վաղուց սպասում էր այդ հրամանին, մոտեցավ թագուհուն, հանեց նրա մնացորդ շորերը, ուղղեց մահճի անհարթությունները և «բարի գիշեր» մաղթելով նրան՝ քաշվեցավ քնարանի մոտ գտնվող խուցը:

Թագուհին նույնպես պառկեց քնելու: Բայց տխուր մտածմունքները երկար տանջեցին նրան: Լույսը բացվելու մոտ էր, որ նրա աչքերը ծանրացան, մինչդեռ Սեդան վաղուց վայելում էր խաղաղության հրեշտակի բարիքը:

Ժ

ԿՈԻՅՐ ՎՐԻԺԱՌՈԻՆ

Արևը մայր մտնելու վրա էր: Երկու հեծյալներ արշավասույր անցնում էին Գանձակու դաշտից: Նրանցից մինը տարիքավոր և ազնվական դեմքով տղամարդ էր, ծածկած պղնձե թեթև սաղավարտ և զինված արծաթապատ սրով ու փոքրիկ, փայլուն վահանակով. մյուսը՝ զրահազգեստ, պողպատե գլխանոցով, ծանր ասպարով, վաղակավորն ազդրին և երկար նիզակը ձեռին հաղթանդամ մի երիտասարդ: Տարիքավոր տղամարդը, որ ըստ երևույթին իշխան էր, ընթանում էր առաջից, իսկ երիտասարդը, որ նրա թիկնապահն էր, հետևում էր նրան: Երկուսի ձիաներն էլ սաստիկ քրտնած էին և փրփուրով ծածկված: Երևում էր, որ նրանք երկար ճանապարհ էին կտրել:

Երբ հեծյալներն ընդարձակ դաշտն անցնելով Գարդմանա ձորը մտան, իշխանը թիկնապահին դառնալով ասաց.

— Ե՛զնիկ, արևն արդեն մայր մտավ, պետք է շտապել հասնել ամրոց դեռ մութը չկոխած. ես չեմ կամենում, որ բերդապահներն աղմուկ հանեն դռները բանալու պատճառով:

— Ինչի՞ց ես քաշվում, տեր, — հարցրեց թիկնապահը:

— Չեմ կամենում, որ, մեր այստեղ գալը Սահակ իշխանն իմանա, մտադիր եմ ներկայանալ նրան իբրև՝ մի անծանոթ:

— Բայց մի՞թե նրա դղյակում ոչ ոք չի ճանաչում քեզ:

— Կարծեմ՝ ոչ ոք: Ութ տարուց ավելի է ինչ ես Գարդման չեմ մտել: Նույնիսկ թագավորի հարսանիքին չկարողացա ներկա լինել: Ո՞վ կարող է ուրեմն ինձ հիշել: Իշխանի տան հին ծառայողներից մեկը Սեդան է, որ մեզ մոտ Գառնիումն է: Ինձ կճանաչեր իշխանուհին, բայց նա էլ կենդանի չէ: Իշխանի Դավիթ որդին Ամրամի բանակումն է. մնում է ինքը իշխանը և յուր Գրիգոր որդին: Իսկ նրանք երկուսն էլ կույր են, հետևապես չեն կարող ճանաչել ինձ, թե ես ո՞վ լինելս ծածկեմ նրանցից:

— Եթե այդպես է, ուրեմն ես չպետք է բերդը բարձրանամ, այլ պետք է գիշերեմ ավանում:

— Ինչո՞ւ, -հարցրեց իշխանը:

— Որովհետև ինձ ճանաչում են ոչ միայն Սևադա իշխանի ծառաները, այլև բերդապահ զինվորները:

— Ի՞նչ վնաս:

— Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ իշխան Մարզպետունուն, ուրեմն և իմ պատճառով կճանաչեն նաև քեզ:

— Եթե այդպես է, մնա՛ ավանում:

— Ծառա եմ հրամանիդ:

— Այդ լավ է. գուցե քեզ հաջողվի նաև տեղեկություններ հավաքել Սևադա իշխանի մասին, թե ի՞նչ չափով նա մասնակից է այս ապստամբության գործին:

— Անշուշտ. Եզնիկը չի հանգստանալ, մինչև որ ամեն բան տեղն ու տեղը չիմանա: Այստեղի քահանան շատախոսի մեկն է, ես նրա մոտ կիջնեմ:

— Բայց քի՛չ խոսիր և շա՛տ լսիր:

— Կարող եմ բոլորովին չխոսել, սակայն առատ աջհամբույր կտամ:

— Այդ էլ լավ է. պատրաստ արծաթ ունի՞ս:

— Գեղջուկ քահանային պղնձե դրամներով էլ կգոհացնեմ:

Հեծյալները խոսակցելով հասան Գարդմանա վտակին:

— Դե՛հ, է՛լ մի՛ ուշանար. անցի՛ր գետակը, — հրամայեց իշխանը:

Թիկնապահը ողջունեց տիրոջը և մտրակելով ձին՝ անցավ վտակը և ուղղվեցավ դեպի ձախ, Գարդման ավանը գնալու համար, իսկ իշխանը բռնեց ամրոցի ճանապարհը: Երբ հասավ բերդասարի ստորոտին, երևաց Գարդմանը յուր սպիտակ պարիսպներով և հզոր աշտարակներով, որոնք ամբառնում էին բերդի արևմտյան կողմից և աջ ու ձախ ձգվելով` միանում հյուսիսային մասի անմատչելի լեռնալանջին և հարավային ու արևմտյան կողմերի վիմահերձ ժայռերի բնական պատնեշներին:

Լեռան գագաթին թառած այդ անառիկ ամրոցը, որ մութը կոխելու վրա, մանավանդ, ահարկու տպավորություն էր անում ամեն մի անցորդի վրա, մոտեցող իշխանի սիրտը տխրությամբ համակեց: Նա հիշեց ութ տարի առաջ յուր և արքայորդի Աշոտի մուտքն այս ամրոցը: Այդ ժամանակ, արդարև, նույնպես ուրախ չէր յուր սիրտը. հայոց թագավորը նահատակված, իշխաններն անմիաբան, արքայորդին անօգնական, ինքը վիրավոր... հարկավ, ուրախ լինել չէր կարող: Բայց Գարդմանն այդ ժամանակ հույս ու հոգի էր ներշնչում մոտեցողին. Սահակ Սևադան հսկում էր այդտեղ ինչպես մի հզոր առյուծ. նրա համբավը ահաբեկում էր թշնամիներին և խրախուսում լքվածների սիրտը: Իսկ այժմ... այժմ կարծես թե ամրոցը սուգ էր մտել և նրա արտաքին պատկերը ոչ թե զորություն, այլ լքումն ու հուսահատություն էր արտահայտում:

Օրը տարաժամել էր: Չնայելով որ իշխանի նժույգը հոգնած, և ճանապարհը զառիվայր էր, այսուամենայնիվ նա շտապեցնում էր խեղճ կենդանուն, որպեսզի ամրոց հասնե մի քանի վայրկյան առաջ:

Չնայելով իշխանի այդ ջանքերին, բայց դեռ ամրոցի ստորոտին չհասած, նա լսեց, որ միջնաբերդից փողը փչեցին: Այդ արդեն ամրոցի դռները փակելու նշանն էր: Ուրեմն էլ շտապելու հարկ չէր մնում: — «Անիծյալնե՛ր, ի՞նչ դռնփակի ժամանակ է...»-քրթմնջաց ինքն իրան իշխանը, և ձիու սանձը ձգեց: Կենդանին կարծես զգաց, որ տիրոջ եռանդը մարեց, ուստի ինքն էլ իր ծանր քայլափոխն սկսավ:

Դղյակում արդեն ճրագները վառել էին, երբ իշխանը հասավ ամրոցի դռանը, որ գտնվում էր արևմտյան կողմից բարձրացող երկու աշտարակների մեջտեղը:

Իջնելով ձիուց, նա մոտեցավ աշտարակի դրսի պահարանին և վերցնելով այդտեղ պահվող փայտե մեծ մուրճը, երեք անգամ ամուր զարկեց պատի վրա ամրացրած տախտակե կոչնակին:

— Ո՞վ է, — խռպոտ ձայնով հարցրեց մի պահապան:

Իշխանը վարանեց պատասխանելու, որովհետև չէր մտածել, թե ի՞նչ անուն պիտի տա իրան:

— Ո՞վ է կոչ անողը,-հարցրեց կրկին պահապանը փոքր ինչ զայրացած և այս անգամ աշտարակի նեղ պատուհանից դուրս հանեց իր ահագին գլուխը:

— Արքայի բանբերը ... — պատասխանեց իշխանը առանց մտածելու:

— Արքայի բանբերը չի կարող մտնել մեր ամրոցը, — զայրացած պատասխանեց պահապանը.-մի՞թե թագավորը չգիտե, որ Գարդմանն արդեն իր հին տիրոջն է պատկանում: — Այս ասելով նա իր գլուխը ներս տարավ դեպի աշտարակը և լռեց:

Իշխանը մնաց շվարած: Նա չէր սպասում, որ գարդմանացիք միաբանած լինեին ուտիացիների հետ: Թեպետ հաստատ գիտեր, որ Ցլիկ-Ամրամի ապստամբության գործում խառն է նաև Սահակ Սևադան, մանավանդ որ նրա Դավիթ որդին հայտնի կերպով միացած էր Ամրամի հետ, այսուամենայնիվ հույս ուներ, որ Գարդմանա ամրոցի բերդակալը, որ կարգված էր թագավորից, չի դավաճանիլ յուր տիրոջը, որովհետև նրա բազմամյա հավատարիմներից մինն էր: Բայց երբ պահապանի պատասխանը լսեց, համոզվեցավ, որ բոլոր երկիրն ուրեմն Ամրամի հետ է:

«Ի՞նչ անել այժմ», — մտածեց ինքն իրան իշխանը և ապա որոշեց խորամանկության դիմել: Նա կրկին մուրճը առավ և առաջվանից ավելի ամուր զարկեց կոչնակին:

— Բարեկամ, երևի քո թագավորի սպասավորները սիրում են աշտարակներից կախվել, — հանդգնությամբ գոչեց վերևից պահապանը և գլուխը կրկին պատուհանից հանելով` ավելացրեց, — ցանկանո՞ւմ ես որ մի փքին ուղղեմ կրծքիդ:

— Հիմա՛ր, քեզ փորձում էի, քեզ նման անասունը միայն կարող է անօրեն թագավորին սպասավորել:

— Ո՞վ ես դու ուրեմն, — հարցրեց պահապանը ձայնը մեղմացնելով:

— Ամրամ իշխանի համհարզը: Սևադա իշխանին կարևոր լուր եմ բերել:

— Իսկ եթե սուտ լինի այդ:

— Տխմար. ձեր բերդն ուրեմն մի զորակա՞ն էլ կարող է առնել. ինչի՞ց ես վախենում:

— Սպասի՛ր, պետք է բերդակալից հրաման առնենք, — այս ասելով պահապանը հեռացավ:

Մի քառորդ ժամից ետ աշտարակի պատուհանից կախեցին մի վառած ղամբար, տեսնելու համար, թե արդյոք ուրիշ մարդիկ չկա՞ն դռան առաջ, և երբ ստուգեցին, որ սպասողը միայն մի հեծյալ է, եկան և ամրոցի դուռը բացին:

Պահապանները տեսնելով, որ ներս մտնողը իշխան է և ոչ հասարակ զինվոր, պատշաճ հարգանք մատուցին նրան, բայց միևնույն ժամանակ խնդրեցին, որ բարեհաճե նախ բերդակալին ներկայանալ որովհետև իրանց այդպես էր հրամայված:

Իշխանի նպատակն էլ այդ էր: Նա կամենում էր ստուգել, թե արդյոք բերդակալն իսկապես միացա՞ծ է ապստամբների հետ, թե՞ ստիպված և առերես է հպատակում նրանց ճնշումներին:

Պահապաններն առաջնորդեցին իշխանին դեպի մոտիկ դիտանոցներից մինը, որի վերնահարկում սպասում էր նրան բերդակալը: Փոքրիկ և ցածր դռնից ներս մտնելով՝ նա սկսավ բարձրանալ քարյա նեղ և օձապտույտ սանդուղքներով: Առաջնորդ պահապանը կանգ առավ վերնահարկի մուտքի առաջ և խնդրեց իշխանին, որ բարեհաճե նախ հանձնել իրան յուր սուրը և ապա մտնե ներս:

Իշխանը հնազանդվեցավ զգուշության համար ընդունված այդ սովորությանը և հանձնելով զին վորին յուր սուրն ու վահանակը, մտավ բերդակալի մոտ: Վերջինս մի բարձրահասակ, խոշորադեմ, խելոք աչքերով և ըստ երևույթին բարեսիրտ տղամարդ էր, որ փոքրիկ, կամարակապ սենյակի մեջտեղը կանգնած սպասում էր յուր խորհրդավոր հյուրին:

Հենց որ իշխանը ներս մտավ, բերդակալը գրկաբաց վազեց դեպի նրան և բացականչեց.

— Գևորգ իշխան, այս դո՞ւ ես, ի՞նչ հողմ, ի՞նչ դիպված: — Այս ասելով, նա գրկախառնվեցավ իշխան Մարզպետունուն և համբուրվեցավ նրա հետ:

Իշխանն այս սիրալիր ընդունելությունից արդեն գուշակեց, որ բերդակալն ապստամբների հետ չէ, ուստի նշանացի հայտնեց նրան, որ պահապանը կանգնած է դռան առաջ, և խնդրեց, որ հեռացնե նրան:

— Ո՞վ կա այդտեղ, — գոչեց բերդակալը դեպի դուռը գնալով:

— Ես եմ, տեր, — պատասխանեց պահապանը և ներս մտավ:

— Դի՛ր այստեղ իշխանի սուրն ու վահանակը և իջի՛ր ներքև, — հրամայեց բերդակալը և պահապանը կատարելով նրա հրամանը՝ հեռացավ:

Երբ նրանք միայնակ մնացին, բերդակալն առաջինն սկսավ խոսիլ.

— Չէի կասկածում, որ այստեղ եկողը արքայի մարդկանցից է, պահապաններն ասացին, որ դու քեզ նախ արքայական և ապա Ցլիկ-Ամրամի համհարզն ես անվանել: Սկզբում շփոթվեցի, կարծելով, թե եկողը Ամրամի մարդկանցից է, բայց հետո իմացա, որ մեր պահապանի՝ արքայի հասցեին ուղղած անզգույշ խոսքերից հետո ես խոսքդ փոխել, իսկույն գուշակեցի, որ մեր հավատարիմներից մինն է եկողը:

Այժմ ասա՛, որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ, ինչո՞ւ միայնակ ես, ո՞ւր են թիկնապահներդ. ինչ լուր ունիս արքայից. արդյոք եգերացիներից հույս կա՞, թե՞ Ոստանում պետք է զորաժողով անել... — շտապով և իրար ետևից հարցեր արավ բերդակալը:

Մարզպետունի իշխանը, ըստ երևույթին, հեղինակավոր անձն էր բերդակալի համար: Վերջինի հարցերին նա չշտապեց պատասխանել, այլ նստելով տախտակե աթոռակի վրա, որ այդտեղի միակ կարասին էր, առաջարկեց խոսակցին նույնպես նստել յուր հանդեպ՝ դիտանոցի պատուհանին:

— Դու դեռ երիտասարդ ես, Վահրամ, իսկ ես տարիքս անցրած: Ճանապարհի երկարությունն ինձ հոգնեցրել է, թող որ մի փոքր հանգստանամ և ապա խոսեմ,— նկատեց Մարզպետունին:

— Ա՜խ, ների՛ր ինձ, իշխան, քո ներս մտնելով ես այնպես ուրախացա, որ մինչև անգամ շփոթվեցա և տանուտիրական պարտավորությունս մոռացա... նույնիսկ նստել չառաջարկեցի քեզ... Ների՛ր ինձ, աղաչում եմ: Բայց մենք ինչո՞ւ այստեղ ուշանանք. շնորհ արա ինձ, ե՛կ իմ տուն, այնտեղ հոգնությունդ կառնես և ավելի հանգիստ կխոսակցես:

Այս ասելով բերդակալը վեր կացավ և կամենում էր առաջնորդել իշխանին: Բայց նա տեղից չշարժվելով, նրան էլ առաջարկեց նստել:

— Վահրամ, ես քո տունը գալ չեմ կարող, — ասաց իշխանը, — ինձ չպետք է տեսնեն քո տանը: Մի քանի տեղեկություններ ունիմ քեզանից առնելու և փոխարենը քեզ հաղորդելու. այդ վերջացնենք, և այնուհետև ես պիտի գնամ Սևադա իշխանի մոտ: Մենք այժմ այնպիսի տագնապի մեջ ենք, որ հյուրասիրական իրավանց պարտավորությանց ուշադիր լինել չենք կարող:

— Շատ լավ, արա՛, ինչ որ հաճելի է քեզ, — պատասխանեց բերդակալը և տեղը նստեց:

Մարզպետունի իշխանը հառեց աչքերը բերդակալի վրա և մի խորհրդավոր հայացքով նայելով նրան ոտքից մինչև գլուխ, լուրջ ձայնով հարցրեց.

— Վահրամ իշխա՛ն, կարելի՞ է այժմ վստահանալ քեզ վրա այնպես, ինչպես վստահանում էինք տարիներ առաջ Վահրամ սեպուհի վրա:

— Իշխան, շնորհակալ եմ այդ անկեղծ հարցի համար: Այժմ այնպիսի ժամանակում ենք ապրում, որ Մարզպետունի իշխանն իրավունք ունի կարծելու, թե նախկին Վահրամ սեպուհը դարձել է արդեն մատնիչ, մի տիրադրուժ, մանավանդ որ այժմ ծառայում է ապստամբների դրոշակի տակ: Բայց ես կարող եմ հավատացնել քեզ, որ ո՛չ տարիները և ո՛չ հանգամանքները չեն փոխել իմ մեջ ոչինչ: Արքայի նախկին հավատարիմը այսօր էլ նրա հավատարմագույն ծառան է: Թե ինչու ապստամբների հետ եմ այժմ, դրա պատճառը ոչ թե իմ, այլ արքայի շահն է, որ ես չկարողացա անտեսել:

— Ինչպե՞ս, բացատրի՛ր ինձ:

— Երբ լուր հասավ այստեղ, թե Ցլիկ-Ամրամը ապստամբության դրոշ է պարզել, Սևադա իշխանը հարմար առիթ համարեց օգուտ քաղել այդ դեպքից՝ յուր վաղուց գուրգուրած նպատակն իրագործելու համար: Անմիջապես նա հրավիրեց յուր մոտ Գարդմանա ազնվականները և ժողովրդի գլխավորները: Հրավիրվածների մեջ էի և ես: Իշխանն այնպիսի ճառ խոսեց մեր առաջ, որ գարդմանացի հայրենասերները բոլորովին խելագարվեցան...

— Ի՞նչ էր ասում:

— Չեմ կարող բոլորը հիշել, բայց ինչ որ չեմ մոռացել, այն կհաղորդեմ: Ազնվականները խմբված էին իշխանի պատշգամում, իսկ ժողովրդի գլխավորները ապարանքի բակում: Երկու ծառաներ թևերից բռնած դուրս բերին Սևադա իշխանին. երկու ուրիշ ծառաներ էլ՝ Գրիգոր իշխանին: Ծանր, սարսափելի ծանր տպավորություն արավ մեր վրա կույր հոր ու որդու երևալը: Դեռ Սևադա իշխանը բերանը չբացած, բակում խռնված ժողովրդի մեջ թագավորի անվան ուղղված անեծքներ լսվեցան: Սևադա իշխանը դեպի պատշգամբի եզերքը հառաջանալով, հենվեցավ գավազանի վրա և մոտավորապես հետևյալը խոսեց.

— Իշխաննե՛ր և ժողովու՛րդ. ձեր աչքերով ահա՛ տեսնում եք, որ հզոր Սևադան, գարդմանացոց պարծանքը և թշնամիների սարսափը, ապիրատ փեսայից կուրացած` յուր ծառաների շնորհիվն է միայն ձեր աչքին երևում: Չէի կամենալ, որ իմ ժողովրդի ամենից սինլքոր անդամը հանդիպեր այսպիսի դժբախտության, որ ծերունի հոր և երիտասարդ որդու համար ստեղծեց հարազատի ձեռքը: Ծանրատար մի վիշտ է այս: Դուք տեսնում եք Գարդմանը. նրա երկինքն ու արևը, լեռներն ու դաշտերը, նրա ծաղիկն ու գարունը... Ես զրկված եմ այդ բոլորից, բայց այդ չէ միայն իմ ցավը: Ես չեմ կարողանում իմ ժողովուրդն անձամբ խնամել, նրա վշտերն ամոքել, իմ հիվանդներին այցելել, իմ որբերին պատսպարել, իմ այրիների արտասուքը սրբել, իմ գերյալներին վերադարձնել... Սևադան կարոտ է այժմ յուր ծառաների շնորհին. եթե նրանք չկամենան, ո՛վ գարդմանացիք, ես չեմ կարող մինչև անգամ արևի ճառագայթներով իմ սառած մարմինը ջերմացնել... Իմ տունը, որ մի օր կենդանության հնոց էր, այժմ կույր բվիճակների կացարան է դարձել: Այս ամենը տանում եմ ես, որովհետև զրկված եմ աստուծո լույսը տեսնելու կարողությունից: Բայց դուք, գարդմանացի քաջեր, դուք, որ առողջ աչքեր, զորեղ բազուկներ, աննկուն կորով ունեիք և ունիք, ինչպե՞ս եք կարողանում տանել այն անարգանքը, որ Աշոտ-Երկաթը դրոշմեց ձեր ճակատին, ձեր հայրն ու առաջնորդը կուրացնելով, ձեր ազատությունը շղթայելով...

«Ժողովո՛ւրդ Գարդմանա,-բացականչեց իշխանը, — ես բարձրացրի քո անունը իմ հաղթություններով, դու ստորացրիր նրան քո անմռունչ հպատակությամբ... Եթե քաջություն չունիս դեն ձգել այդ անարգանաց լուծը, քաջություն ունեցիր գոնե մի սուր ցցել իմ կրծքին, որպեսզի Սահակ Սևադայի վշտերը գոնե նրա մահվամբ անհետանան աշխարհից, որպեսզի քո որդիները Սևադայի բողոքը չլսեն և քեզ չանիծեն...»:

Իշխանը դեռ չէր վերջացրել խոսքը, որ բոլոր ավագանին և նրա հետ էլ ժողովուրդը միաբերան աղաղակեց.

«Կորչի՜ բռնավորը, Գարդմանն ազատ է այս վայրկյանից և մեր իշխանն է Սահակ Սևադան...»:

Մի քանի րոպեից հետո ամբողջ ամրոցը խռովյալ ծովի կերպարանք առավ. ժողովուրդը դուրս եկավ զենքերը ձեռին, կարծես թե թագավորի բանակը պաշարել էր նրան: Պատնեշներից դուրս վռնդեցին վանանդացի պահապաններին, սպառնալով կոտորել բոլորին, եթե չէին հնազանդիլ Սևադայի հրամանին: Իսկ կատաղած ամբոխը դղյակի բարձունքից հափշտակելով արքայական դրոշը, նրա տեղ Գարդմանա վիշապանիշը պարզեց ...

— Օ՛, այդ արդեն չափազանց է, — բացականչեց Մարզպետունին:

— Այո՛, և ուրիշ մեծամեծ ավերումներ կանեին, եթե ես իսկույն իմ պահնորդների խումբը հավաքելով՝ հպատակության երդում չերդվեի Սևադային:

— Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե քո խմբով հեռանայիր ամրոցից, քան հպատակություն երդվեիր:

— Ոչ, այն ժամանակ արքայի օգտին գործելու կամ ուտիացոց շարժումները դիտելու հնարավորությունից կզրկվեի: Իսկ այժմ ապստամբների մեջ գտնվելով՝ կարողանում եմ շատ բան տեսնել և իմանալ:

Բերդակալի պատմածները ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա. նա գլուխը կախեց և ընկավ մտածության մեջ:

— Մի՞թե դու ինձ մեղադրում ես, — հարցրեց բերդակալը փոքր լռությունից հետո:

— Այո՛, մեղադրում եմ, — պատասխանեց իշխանը գլուխը վեր բարձրացնելով:

— Բայց չէ՞ որ ես տեղի եմ տվել ստիպողական հանգամանքներին:

— Միշտ և ամեն տեղ լինում են այդպիսի հանգամանքներ: Եթե ամեն մի բերդակալ տեղի տա ստիպողական հանգամանքներին, այն ժամանակ բոլոր պետական ամրոցները թշնամու ձեռը կանցնեն:

— Ես տեղի եմ տվել ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներին: Ես չէի կարող իմ փոքրիկ գնդով դեմ դնել բազմաթիվ ամրոցականներին. չէի կարող նաև եղբայրասպան կռիվ մղել իմ հարազատների դեմ, բավական է, որքան միմյանց արյուն թափեցինք...:

Բերդակալը վերջին խոսքերն արտասանեց ջերմությամբ:

Մարզպետունին նայեց նրան մի խորհրդավոր հայացքով և գլուխը շարժեց:

— Մի՞թե ինձ վրա բարկանում ես դու, կամ, գուցե, անկեղծ չե՞ս գտնում իմ պատասխանը:

— Ընդհակառակը, շատ անկեղծ եմ գտնում. ինքս լավ ըմբռնում եմ մեր դրության ծանրությունը: Թշնամին աչքերը հառած սպասում է հարմար առիթի՝ մեր երկիրն արշավելու, մենք էլ մեր ձեռքով պատրաստում ենք այդ առիթը: Դու, բարեկա՛մ, չես կամենում եղբայրասպան կռիվ մղել հարազատիդ դեմ, մի՞թե ես կարող եմ այդ արդար իրավանց հակառակիլ. չէ՞ որ եղբայրասպանությունը նույնիսկ անձնասպանություն է...

— Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ: Ես իրավունք կտայի քեզ սուր ցցել իմ կրծքի մեջ, եթե այդպիսի թուլություն արտաքին թշնամու դեմ անեի. բայց ի՜նչ մեղքս թաքցնեմ, հարազատի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող:

— Եվ երբեք էլ չպիտի բարձրացնես... Բայց գուցե կարողանայիր խոհեմության ճանապարհով այս պառակտման առաջն առնել: Պետության ամբողջությունը պահպանելու համար, այո, չպետք երբեք հարազատի արյուն թափել, բայց ապստամբ հարազատին զինաթափ անելու նպատակով կարելի է խորամանկել: Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով՝ նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն. իսկ վերջինս, պահապան շները խեղդելուց, ետ, սկսել է հիմար ոչխարները կոտորել: Կախելու արժանի են այն իշխանները, որոնք հարստահարում են ամբոխի այդ անմտությունը: Մեզանից ամեն մինը յուր բոլոր զորությամբ պիտի զինվի այդ դավաճանների դեմ: Ով որ հայրենական գահի թշնամին է, նրան ամեն մի հայ յուր իսկ անձի թշնամին պիտի համարել: Որովհետև այնքան ծանր զոհաբերություններով ձեռք բերած այս հարստությունը կորցնելուց ետ, մեզ դարձյալ գերություն և ստրկություն են սպասում:

— Այդ ամենը գիտեմ. բայց ես խորամանկելու էլ ճանապարհ չունեի, սիրելի՛ իշխան:

— Լավ, քեզ չեմ մեղադրում. անցածն անցել է: Այժմ ինչպե՞ս, ի՞նչ ձևով միացնենք մեր այս պառակտումները. մտածե՞լ ես երբևիցե սրա մասին, չէ՞ որ շարունակ դեպի կործանումն ենք գնում:

— Մտածել եմ, այն էլ երկար ժամանակ: Մինչև անգամ որոշ ծրագիրներ եմ կազմել, թե ի՞նչ դեպքում ինչ ձևով պիտի գործենք: Բայց դու, իշխան, ամենից առաջ պատմիր ինձ, թե ի՞նչ դրության մեջ է այժմ Ոստանը. ովքեր են թագավորի հետ միաբան. որքա՛ն զորք կարելի է անջատել բերդերից և հետո, թե ինչո՛ւ դու միայնակ գտնվում ես այժմ այստեղ. միով բանիվ, ծանոթացրու ինձ մանրամասնորեն մեր արդի դրության հետ, որովհետև այս հեռավոր անկյունում ես շատ քիչ տեղեկություն եմ առնում ձեր կողմերից, և այնուհետև ես իմ խորհուրդները կհայտնեմ քեզ. եթե բանավոր կգտնես նրանց, կգործադրենք միասին, եթե ոչ, կանեմ այն, ինչ որ դու կհրամայես:

Բերդակալի հետաքրքրությունն ու արած հարցերը կարծես տարակուսանքի մեջ ձգեցին Մարզպետունի իշխանին, նա կասկածում էր, թե չլինի՞ յուր ծրագիրները խանգարելու նպատակով է բերդակալն այդ հարցերն ուղղում իրան:

Այս մտքերն ստիպեցին իշխանին լռել մի քանի վայրկյան:

Բ երդակալը գուշակեց նրա լռության պատճառը և ժպտալով նկատեց.

— Թող կասկածները սիրտդ չպղտորեն, սիրելի իշխան. իմ հավատարմությունը մի՛ չափիր այն դրությունից, որի մեջ գտնում ես ինձ, այլ չափիր ա՛յն անցյալից, որ ծանոթ է քեզ և արքային: Ասացի, որ խոնարհել եմ Սևադային` իմ թագավորի շահն ունենալով ի նկատի, և այս է միակ ճշմարտությունը, որ հայտնեցի քեզ. ուրիշ դիտումներ մի որոնիր վարմունքիս մեջ: Եթե ամբողջ գարդմանն ինձ նվիրելու լինեին, դարձյալ այդ նվերը իմ աչքում չէր գերակշռիլ այն անարգանքին, որին ես արժանի կհամարեի ինձ, եթե իսկապես դավաճանած լինեի իմ արքային...

Այս խոսքերն արտասանվեցան այնքան անկեղծորեն, որ Մարզպետունի իշխանի կասկածները փարատեցան:

— Այո՛, Վահրամ, չեմ ծածկում քեզանից իմ կասկածը. վախենում եմ ամեն բան հայտնել: Ժամանակը և մարդիկ կործանել են իմ հավատը: Բայց քեզ վրա, այս վայրկյանից սկսած, տածում եմ արդեն մեծ վստահություն: Այսուամենայնիվ, շատ բան չպիտի խոսեմ քեզ հետ, որովհետև ժամանակը կարճ է. պետք է շտապել Սևադայի մոտ: Կաշխատեմ կրկին վերադառնալ այստեղ, իսկ եթե այդ չհաջողի, այսուամենայնիվ պիտի հավատամ, որ Գարդմանի մեջ արքան յուր հավատարիմն ունի:

— Ամենաանձնվեր հավատարիմը:

— Շնորհակալ եմ, լսի՛ր: Ոստանն այժմ խաղաղ է: Ինչպես գիտես, թագավորը վաղուց հաշտված է Աբաս եղբոր հետ՝ շնորհիվ Սյունյաց Վասակ իշխանի: Միակ չարիքը Աշոտ սպարապետի գժտությունն էր, այդ էլ մեջտեղից վերացավ: Ես և կաթողիկոսը ամեն հնար գործ դրինք, մինչև որ հաշտեցրինք նրան թագավորի հետ: Երկուսը միասին մինչև անգամ Դվինը պաշարելով` գրավեցին և հագարացիներին դուրս քշեցին նրա սահմաններից: Սպասում էինք, որ երկար ժամանակ այլևս ոչ մի խռովություն չի ծագիլ մեր սահմաններում: Մինչև անգամ տոնախմբություններ սարքեցինք Դվինում և քանի օր էր, որ դրանով էինք զբաղված: Եվ ահա` հանկարծ Ցլիկ-Ամրամի ապստամբության լուրն առանք: Թագավորը չէր հավատում, թե ապստամբությունն այդքան մեծ ծավալ կլիներ ստացած, ուստի միայն յուր թիկնապահների խմբով դուրս եկավ Շիրակից: Նա այն կարծիքին էր, թե Ուտիք հասնելով` տեղական բանակի գլուխը կանցներ և, գուցե առանց արյունահեղության, ապստամբը կնվաճեր: Բայց գնալով այդտեղ, գտնում է ամբողջ նահանգն ապստամբած: Երբ նա լուր տվավ ինձ այդ մասին, ես արդեն թագավորական ընտանիքը բերած էի Գառնի, որովհետև Երազգավորսի ամրությանն այլևս վստահանալ չի կարելի: Աբասն ու ափխազաց Գուրգենը բավական անխղճորեն, ավերել են նրան: Այդտեղ, սակայն, ես թագուհուն չհայտնեցի ապստամբության վտանգավոր կերպարանք առնելու լուրը, որպեսզի չանհանգստացնեմ նրան, բայց բանն այնպես սարքեցի, որ նա ինքն առաջարկեց ինձ գնալ Ուտիք` թագավորի արշավանքի մասին տեղեկություն առնելու և, եթե հարկավոր էր, օգնական զորք հասցնելու նրան: Եվ ես եկա: Բայց ի՞նչ տեսա. ոչ միայն ամբողջ Ուտիքը, այլև Արցախու և Գուգարաց մեծ մասը ապստամբած: Արքային հանդիպեցի Գարգարացոց ձորում: Նա հուսահատված էր և կամենում էր վերադառնալ Ոստան: Բայց այս մի վտանգավոր ձեռնարկություն էր: Եթե առանց Ցլիկ-Ամրամը նվաճելու նա մտներ Շիրակ, հավատացած եմ, ապստամբությունն ավելի լայն ծավալ կստանար, և պետության ամբողջությունն անդարմանելի կերպով կքայքայվեր: Բայց ի՞նչ անեինք, զորք չկար. երկրի բերդերն ու ամրությունները փակած էին թագավորի առաջ. հավատարիմ ճանաչվածներն անգամ միաբանել էին Ամրամի հետ: Այսուամենայնիվ, հարկավոր էր ցույց տալ, թե թագավորն անօգնական չէ Ուտիքում, և ապստամբին պետք էր տեղն ու տեղը նվաճել: Ահա այս նպատակին հասնելու համար խորհուրդ արինք, որ թագավորը շարունակե յուր ճանապարհը դեպի եգերացոց աշխարհը է ցույց տալու համար, թե այցելության է գնում նրանց թագավորին և թե Ուտիքում կանգ առնելու նպատակ բնավ չէ ունեցել: Իսկ եգերացոց թագավորը, հավատացած էինք, օգնական զորք կտար արքային, որովհետև նա շնորհապարտ էր նրան այն բարության համար, որ նա արավ իրան, ափխազաց Գուրգեն իշխանը եգերացոց սահմաններից հալածելով և նրա ասպատակները ցրելով:

Թագավորը յուր թիկնապահներով ճանապարհ ընկավ: Իսկ ես սկսա Ուտիքը շրջել իմ մի հավատարմի հետ միասին: Բոլոր շեներն ու ավաններն անցա, բերդերը դիտեցի, ապստամբության սահմանները քննեցի և եկա այն եզրակացության, որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործը խաղաղության միջոցներով ավարտելու համար: Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապստամբի դեմ: Այս միջոցում ահա եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, թե եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը:

— Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ, — ուրախացած հարցրեց բերդակալը:

— Այո: Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրամի ապստամբությունը պիտի ճնշենք. բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության:

— Կարիք էլ չկար: Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը:

— Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր` մինչև նրա հասնելը` մի վերջին գաղտնիք ևս բանալ. այն է, թե ի՞նչը դրդեց Ցլիկ-Ամրամին ապստամբել արքայի՝ յուր բարերարի դեմ: Չէ՞ որ Աշոտ-Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսային բանակի հրամանատարն է: Ինչո՞ ւ նա չարությամբ է փոխարինում բարությունը:

— Այո՛, Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ:

— Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս, — հարցրեց Մարզպետունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ:

— Ո՛չ:

— Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրդով:

— Իսկ ես ընդհակառակը կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին` միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով:

— Եվ չե՞ս սխալվում

— Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում: Սևադան նրան գրգռել չէր կարող:

— Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ. ես կասկածում էի Սևադայի վրա. և մի քանի տեղեկություններ էլ, որ քաղեցի իմ ճանապարհորդության ժամանակ, հաստատեցին իմ կասկածները: Ես տակավին չգիտեի, թե նա գարդմանն էլ է արքայից ապստամբեցրել, որովհետև, ի՛նչ մեղքս ծածկեմ, չէի կարող հավատալ, թե Վահրամ բերդակալը թույլ կտար նրան այդ քայլն անել...

— Ես բացատրեցի քեզ, թե ի՛նչ հանգամանքներ ստիպեցին ինձ վարվել այդպես...

— Մի՛ ընդհատիր. ես քեզ չեմ մեղադրում. արդեն ծանոթացա այդ հանգամանքներին և տեսնում եմ, որ Գարդմանն էլ ապստամբների հետ է. և որ մեզ մնում է բարեկամ միայն Վահրամ բերդակալը:

— Որի վրա կարող է թագավորը վստահանալ ամեն դեպքում:

— Անշուշտ: Այժմ ուրեմն դու մնա այստեղ և հրամայիր, որ պահապաններիցդ մինն առաջնորդե ինձ դեպի Սևադայի ապարանքը: Ես նրան պիտի ներկայանամ իբրև մի անծանոթ կամ օտարական. և ամեն հնար գործ պիտի դնեմ ինձ համար այդ անհայտ գաղտնիքը պարզելու:

— Բայց դրանից ի՞նչ օգուտ: Միևնույն չէ՞ քեզ համար, թե ո՛վ ո՛ւմն է գրգռել. ապստամբությունն ակներև է. դրա դեմ պետք է գործել:

— Դրա դեմ, Այո՛, պետք է գործել եռանդով. բայց կարևոր է նաև այս գաղտնիքը լուծել, որպեսզի չարիքը կարողանանք արմատից խլել:

— Ավելին հարցնելու իրավունք չունիմ. արա՛, ինչ որ հաճելի է քեզ: Հարկավ, քո փորձառությունը չի կարոտում իմ խորհրդին, — պատասխանեց բերդակալը, և պահապաններից մինին կանչելով` հրամայեց առաջնորդել իշխանին մինչև Սևադա իշխանի ապարանքը:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.45.53 | Сообщение # 8
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Մութը կոխել էր և ամրոցի նեղ ու մանվածապատ ուղիներն անտեսանելի դարձրել: Բնակիչները քաշվել էին տուն, լռությունը տիրում էր ամեն տեղ և մենավոր անցքերում լսվում էր միայն իշխանի ձիու քայլատրոփը, որ մի-մի տեղ ստիպում էր պահապան շներին հարձակվել անցորդների վրա և իրանց աղմկարար հաչյունով խանգարել ամրոցականների խաղաղությունը:

Սահակ Սևադայի ապարանքին հասնելով, իշխանը հրամայեց յուր առաջնորդին վերադառնալ և ինքը միայնակ առաջ անցավ:

Իշխանի ապարանքը, որ միևնույն ժամանակ զորավոր մի դղյակ էր, գիշերվա այդ ժամին փակած չէր ոչ մի կողմից: Ըստ երևույթին նրա կույր տերերը չէին սպասում ոչ մի հարձակման և չէին իսկ երազում, թե կգտնվի մի տմարդ թշնամի, որ սիրտ կանե գիշերվա այդ ժամին երկու դժբախտների գիշերվա խաղաղությունը վրդովելու:

Իշխանը մտավ ապարանքի բակը դղյակի մեծ դռնով: Երկհարկյան այդ ընդարձակ շինությունը յուր մեծամեծ դահլիճներով, բազմաթիվ սենյակներով և աջ ու ձախ թևերին գրկած հզոր աշտարակներով թաղված էր համարյա խավարի մեջ: Չնայելով որ Սևադան այդ միջոցին արդեն յուր երկրի ու ամրոցի տերն էր, այսուամենայնիվ նրա ապարանքում կենդանություն չէր երևում, ձայն ու շշուկ չէր լսվում: Ապարանքի մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս. իսկ ստորին հարկի խցերում խլրտում էին ծառաները:

Իշխանը նայեց այդ հսկայական շինության վրա և նրան շրջապատող տխուր լռությունը ճնշեց յուր սիրտը: Նա հիշեց այն երջանիկ օրը, երբ ինքն առաջին անգամ ոտք դրավ այդ տան դռանը: Ի՛նչ կյանք, ինչ աշխույժ, ի՛նչ ոգևորություն էր թագավորում այն ժամանակ այդ տան շուրջը. իսկ ա՞յժմ. որպիսի՜ մեռելություն... Կարծես թե իրոք մահվան ավերիչ ձեռքը ծանրացել էր այդ իշխանական դղյակի վրա:

«Եվ այս բոլորի պատճառը մի ապօրինի քայլ, ողջախոհության դեմ մի հանցանք...», — շշնջաց ինքն իրան իշխանը և խոր հոգոց հանեց: Ապա մոտենալով ներքին հարկի խցերից մինին, մտրակի կոթով դուռը բախեց:

Դուրս եկողն իշխանի հին ծառաներից մինն էր. Մարզպետունին իսկույն ճանաչեց նրան, որովհետև ճրագը նրա ձեռքումն էր: Այդ անհաջող հանդիպումը տխուր տպավորություն արավ իշխանի վրա, որովհետև եթե իրան ճանաչեին, այլևս յուր ծրագիրներն առաջ տանել չպիտի կարենար: Մի նվազ հույս էր միայն մնում, այն է՝ թե գուցե այդ ծառան մոռացած լինի իրան:

Վերջինս, որ իշխանի արտաքինից արդեն տեսավ, թե հասարակ մարդ չէ իրանց այցելողը, իսկույն դուրս կանչեց ընկերներին, որոնք ու այն կողմերից հավաքվելով` վառեցին բակի մեջ պատրաստ եղող կպրաձյութի ղամբարը, և սկսան իրենց ծառայությունը մատուցանել իշխանին:

Լուր հասցրին իսկույն ևեթ իրանց տիրոջը, որ մի նշանավոր հյուր է եկել իրանց:

Իշխան Սևադան հրամայեց հայտնել հյուրին, որ «սիրով սպասում է յուր հին բարեկամ և ամենաազնիվ իշխան Գևորգ Մարզպետունուն»:

Իշխանը շեմքի վրա մնաց զարմանքից սառած:

— Որտեղի՞ց իմացավ իշխանը, թե Մարզպետունին է յուր հյուրը, — հարցրեց նա լուր բերող ծառային, փոքր-ինչ այլայլված:

— Օ՛, ե՛ս տվի նրան այդ ավետիքը. կամեցա ուրախացնել իմ իշխանին,-ինքնագոհ ժպիտով պատասխանեց ծառան:

— Իսկ դո՛ւ, տղա՛, ճանաչո՞ւմ ես ինձ:

— Սա իմ որդին է, տե՛ր, — մոտենալով իշխանին ժպտալով խոսեց հինավուրց ծառան, — ես հայտնեցի նրան, թե մեզ հյուր եկողը փառավոր Մարզպետունին է... Տեսնո՞ւմ ես, իշխան, որդիս մեծացել է. այն ժամանակ, որ դու հիվանդ պառկած էիր մեզ մոտ սա դեռ փոքր էր. խելոք, պատվական տղա է...

Իշխանը տեսավ, որ էլ ծածկելու տեղ չմնաց:

— Այո՛, երևում է, աստված պահե, — արագ-արագ պատասխանեց նա շատախոս ծառային և ներքին դժգոհությամբ բարձրացավ վերին դստիկոնը:

«Ապարդյուն այցելություն... գուցե և իմ ձեռնարկությանց համար խափանարար հանդիպումն...», — մտածեց ինքն իրան իշխանը և ներս մտավ Սևադայի առանձնարանը:

Գարդմանա հինավուրց իշխանը նստած էր այդտեղ առանձնարանի անկյունում դրված և թավիշներով զարդարած մի տախտի վրա ծալապատիկ, համակ սևազգեստ, համարիչը ձեռքին: Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած, ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը: Հենց որ ներս մտնող քայլերի ձայնն առավ, ժպտալով հարցրեց.

— Իշխա՞նն է եկողը:

— Այո՛, քո խոնարհ ծառան, — պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ:

— Ե՛կ, իմ սիրարժան հյուր. ե՛կ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող քեզ ընդառաջել. աստված զրկել է ինձ այդ ուրախությունից. ե՛կ և գրկիր ինձ...

Այս խոսքերի հետ նա բացավ յուր գիրկը և Մարզպետունի իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմագին գրկախառնվեցավ նրան:

Սևադան սեղմեց նրան յուր կրծքին, համբուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց.

— Կերպարանքդ չեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռոված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտասվում են արդեն: Եվ իրավ, Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան. Սևադայի գրկում արդեն նա փղձկեցավ և լուռ, անմռունչ արտասվում էր:

Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ:

— Նստի՛ր այստեղ, ինձ մոտ, քաջ եղիր, արհամարհի՛ր ճակատագրի հարվածները, միայն թե... նստի՛ր, սիրելիս (այս ասելով նա իշխանին նստեցրեց յուր կողքին), միայն թե` մի՛ արհամարհիր երբեք առաքինությունը... Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չէ մնում... Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք...

— Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես, — նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը:

— Չէ՛, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը լցրել է իմ սիրտը ուրախությամբ... Եվ այդպես, Գևորգ իշխան, դու ուրեմն ինձ մոտ, իմ տանն ես, մենք դարձյալ միասին ենք... Ինչպե՛ս ուրախ եմ... Տո՞ւնդ, ընտանի՞քդ, որդի՞դ առողջ են բոլորը, այնպես չէ՞: Գոռը անշուշտ մեծացել է, սուր ու վահան է կրում...

— Այո՛, տեր, քո բարի օրհնությամբ:

— Աստուծո օրհնությամբ... Եվ բոլորն այժմ գտնվում են Երազգավորսո՞ւմ...

— Ո՛չ, Գառնիում, թագուհու մոտ:

— Թագուհո՞ւ... իմ Սահականույշի՞...

Այդ րոպեին Սևադա իշխանի դեմքը վայրկենապես այլայլվեց, կարծես, թե հանկարծ մի սուր ցցեցին նրա թոքերի մեջ, բայց իսկույն էլ իրան զսպելով` նախկին հանգիստ կերպարանքն առավ և շարունակեց.

— Իմ Սահականույշն էլ առողջ է, այնպես չէ՞ ...

— Այո՛, իշխան, ես նրան շատ առողջ թողեցի Գառնիում:

— Շատ առո՞ղջ... այդ լավ է, շատ լավ է... ես չէի կարծում... — ընդհատելով պատասխանեց Սևադան, կարծես թե չկամենալով, որ Մարզպետունին այդպիսի լուր հաղորդեր իրան: Որովհետև ծանր էր գալիս նրան լսել, թե յուր Սահականույշը առողջ է այնպիսի մի ժամանակ, երբ նրա հայրն ու եղբայրը կուրացած, նստած են Գարդմանում... Չէ՞ որ այդ դժբախտության հանդիպել էին նրանք նույնիսկ այդ Սահականույշի երջանկության արգելքները բառնալու պատճառով...

Հազվագյուտ են աշխարհում այնպիսի մարդիկ, որոնք իրանց կոչման վերաբերյալ մի որևէ պարտավորություն բարեխղճաբար կատարելուց ետ, եթե մանավանդ այդ պարտավորությունը լինում է բոլորանվեր մի անձնազոհություն, չպահանջեին, որ մարդիկ անմոռաց պահեն հիշողության մեջ իրանց արածը կամ հավիտյան երախտագետ լինին իրանց: Մեծամասնությունը, ընդհակառակը, անում է այդ պահանջը նույնիսկ յուր հասարակ պարտավորությունները բարեխղճաբար կատարած ժամանակ: Եվ կարծես հենց մարդկանց այդ բնական ցանկությունը խեղդելու համար է, որ աշխարհում, ընդհանրապես, ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ:

Սևադա իշխանի համար ծանր էր, արդարև, հավատալ, թե Սահականույշը կարող էր մի վայրկյան անգամ հոգվո խաղաղություն ունենալ այն օրից ետ, որ յուր հայրն ու եղբայրը կուրացել էին յուր պատճառով, թե նա կարող էր ժպտալ, ծիծաղել, ուրախանալ... թե ամեն առավոտ ծագող ոսկեշող արևի ճառագայթները չէին համակիլ նրա սիրտը տխրությամբ, հիշեցնելով նրան, որ յուր հայրն ու եղբայրը զրկված են այդ ճառագայթներից հավիտյան...

Ահա՛, այդ պատճառով նրա վրա անախորժ տպավորություն արավ Մարզպետունու այն պատասխանը, թե «Սահականույշին շատ առողջ թողեցի Գառնիում»:

Բայց Գևորգ իշխանը ոչ մի հուզման նշան չնկատեց Սևադայի վրա: Նրան զբաղեցնողն այդ րոպեին Սևադայի հոգեկան աշխարհը չէր, այլ այն միտքը, թե ի՞նչ պիտի պատասխանե իշխանին, եթե նա յուր այստեղ գալու մասին հարցնե: Արդյոք սուտ պատճառնե՞ր հորինե, թե անկեղծությամբ խոստովանե ամեն բան: Եվ ահա նա դեռ այդ վարանման մեջ էր, որ Սահակ իշխանն ասաց.

— Մի լավ սովորություն կա մեր ժողովրդի մեջ, իշխա՛ն. երբ հեռու երկրից մի հյուր է գալիս դրանց մոտ, չեն հարցնում ո՛չ անունը, ո՛չ գյուղն ու քաղաքը` որտեղից գալիս է նա, ո՛չ գործը` որի համար եկել է, մինչև որ մի հարուստ ճաշով կամ ընթրիքով չեն հյուրասիրում նրան: Այդ սովորությունը յուր շահավոր պատճառներն ունի, որոնք հայտնի են քեզ: Բայց ես այժմ հյուրասիրական այդ պարտավորության պատկառ մնալ չեմ կարող. առաջին` որ մենք օտարներ չենք, և շատ տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չկամենայինք տեղեկություն առնել միմյանցից այն խնդիրների մասին, որոնք հետաքրքրում են մեզ. և երկրորդ` այն օրից ի վեր, որ այս դժբախտությունն ինձ պատահեց, ես դյուրագրգիռ և անհամբեր եմ դարձել... Անհամբեր, չե՞ս զարմանում. կույրն իրավունք ունի՞ անհամբեր լինելու... Բայց ես այդպես եմ. և ինձ թվում է, թե դրա պատճառն ա՛յն է, որ իմ հոգին աշխույժ և աննկուն է դեռ, ուստի իմ անգործունեությունն ավելի ևս գրգռում է իմ մեջ գործելու եռանդը... Այո՛, այդ օրից ի վեր, ասում եմ, ես անհամբեր եմ դարձել. ուրեմն ասա՛, սիրելի իշխան, ի՞նչ դիպված, ի՞նչ պատահար բերավ քեզ իմ ամրոցը, և այն` այս տարաժամին... Անշուշտ քեզ առաջնորդել է դեպի իմ տունը մի բարի նպատակ: Մարզպետունի իշխանին, գիտեմ, չեն զբաղեցնում անձնական գործերը: Հայրենիքն ու նրա ցավերն են, որ ուժ կամ հուսահատություն են բերում նրա վրա, այժմ ասա՛, ի՞նչ ցավ դարմանելու համար ես շնորհ բերել մեզ մոտ:

Գևորգ իշխանի տխրամած դեմքը պայծառացավ. կարծես թե Սևադան յուր ձեռքը պարզելով դուրս հանեց նրան մի խավարչտին անդունդից. իշխանի խոսքերը բացին նրա առաջ փակված ճանապարհը և նա որոշեց ազատորեն խոսել:

— Շնորհակալ եմ, տեր իշխան, որ այդքան լավ կարծիք ունիս իմ մասին, դու արդեն գուշակեցիր իմ գալստյան պատճառը և լավ ասացիր, թե անձնական գործերն ինձ չեն զբաղեցնում: Այո՛, անձնական գործի համար չեմ այժմ Գարդմանում Երկիրը, իշխան, դարձյալ տագնապի մեջ է. թշնամիների հարձակման համար դարձյալ մեր հարազատները ճանապարհներ են պատրաստում. եկել եմ քո օգնությունը խնդրելու առաջիկա ընդհարումների առաջն առնելու համար:

— Իմ օգնությո՞ւնը... իշխա՛ն:

— Այո՛, քո օգնությունը:

— Դու առողջ աչքեր ունիս, տեր Մարզպետունի, անկարելի է, որ ճանապարհից մոլորված լինիս, — ժպտալով պատասխանեց Սևադան:

Իշխանի այդ հեգնությունը խոցեց Մարզպետունու սիրտը, բայց նա չվրդովվեցավ:

— Եթե մինչև անգամ զուրկ լինեի այդ պիտանի զգայարանքից, այնուամենայնիվ կարող էի դարձյալ իմ հոգվո աչքերով գտնել այն ճանապարհը, որ հանում է դեպի Գարդմանա իմաստուն և հայրենա սեր իշխանի դղյակը: Ես, գուցե, շատ անգամ մոլորվել եմ ճանապարհից, բայց այս անգամ ճիշտ հասել եմ այնտեղ, ուր որ իմ ցանկությունն ու սրբազան պարտքը առաջնորդում էին:

— Գարդմանա իշխանը խելազուրկ մարդ չէ, Այո՛, և դու չէիր հավատալ, եթե ես այդ անունը տայի ինձ. բայց նա, իշխան, այլևս հայրենասեր չէ. մի՛ պատվիր նրան այդ անունով:

— Նա չի կամենալ, որ հայոց արքայական գահը վտանգվի. ես այդ հաստատ գիտեմ, և եթե ինքդ իսկ հակառակը պնդես, ես չեմ կարող հավատալ:

— Սևադան մի չարագործ է այժմ, իշխան, հավատա՛ ինձ:

— Ոչ. նա միայն վրդովված է, նա սրտմտած է հավաստի անիրավության դեմ... բայց նա այդ ժամանակավոր զայրույթի պատճառով չի պատժիլ հայրենիքը, զլանալով նրա ծառաներին յուր իմաստուն խորհուրդները:

— Խորհուրդնե՞ր, դու ինձ մոտ խորհրդի՞ ես եկել իշխան, — կարծես զարմանալով հարցրեց Սևադան:

— Այո՛, տեր իշխան. Ցլիկ-Ամրամը, Ուտիքի վերակացուն, ապստամբել է արքայից: Բոլոր Ուտիքը, Արցախու և Գուգարաց մեծ մասը զենք են բարձրացրել իրանց թագավորի դեմ: Եկա խորհուրդ հարցնելու հինավուրց զորավարից, թե ի՞նչ միջոցներ գործ դնենք, որպեսզի կարողանանք ճնշել այս ապստամբությունը առանց եղբայրասպան կռիվ մղելու:

— Դու ծաղրո՞ւմ ես ինձ, իշխան, — լրջությամբ հարցրեց Սևադան:

— Ինչպե՞ս կհամարձակիմ:

— Լսիր, տեր Մարզպետունի, ես իրավունք չունիմ ստիպել քեզ` բանալ քո սիրտն իմ առաջ: Դու հայրենիքիդ նվիրված մարդ ես, քո թագավորի հավատարիմ պաշտոնյան ես, Սևադան պարտավոր է քեզ հարգել: Ես չեմ նեղանում, մինչև անգամ, որ դու ազատորեն չես կշտամբում ինձ, թե ինչո՞ւ միացել եմ ես Ցլիկ-Ամրամի հետ... քաղաքավարությունը, գիտեմ, օտար ունակություն չէ Մարզպետունյաց նախարարական տան ժառանգի համար: Բայց Սահակ Սևադան իրավունք չունի ծածկել յուր գործերը, Գարդմանա տերը չի կարող յուր թշնամությունը բարեկամությամբ վարագուրել... Ես, այո՛, Ցլիկ-Ամրամի հետ եմ, դու այժմ թեպետ քո անձնական բարեկամի, բայց քո թագավորի թշնամու տանն ես, խոսի՛ր ինձ հետ ինչպես արքայի հակառակորդի հետ, դրա համար ես միայն կարող եմ շնորհակալ լինել քեզ:

Մարզպետունի իշխանը հանգիստ շունչ քաշեց. նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ:

— Եվ այդպես, ուրեմն, Գարդմանա տերը ապստամբների հե՞տ է, — հարցրեց իշխանը խաղաղ ձայնով:

— Ո՛չ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառել, բորբոքել:

— Այդ անկարելի է: Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրամտությամբ վառված Սևադային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծի՛լ:

— Այո՛, ես ինքս ստեղծեցի:

— Դու ի՞նքդ:

— Այո՛:

— Պատճա՞ռ:

— Որպեսզի իմ վրեժխնդրության ծարավը հագեցնեմ:

— Ի՞նչ էր մտածում Աշոտ-Երկաթը, որ կուրացնում էր Սևադային: Մի՞թե կարծում էր, թե մարմնո կուրությունը կարող է արգելել նրա հոգուն տեսնել ամեն օր յուր առաջ չարագործի արյունաշաղախ ձեռքերը և վրեժխնդրության բոցով չբորբոքվել... Ի՞նչ չարիք էի հասցրել ես նրան. ինչո՞ւ նա իմ տեսությունը խավարեցրեց. ինչո՞ւ ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու...

— Բայց դու, իշխան, չէ՞ որ ապստամբեցիր նրանից և քեզ հետ էլ միասին բոլոր հյուսիսային գավառներն ապստամբեցրիր. դու սպառնում էիր պետության ամբողջությունը քայքայել, դու արքունական գահի պատվանդանն էիր փորում. մի՞թե թագավորը պարտավոր չէր պաշտպանել աշխարհը քո փառասիրական ոտնձգությանց դեմ... ների՛ր, որ ես այս խոսքն արտասանում եմ, բայց դու սիրում ես անկեղծությունը:

— Այո՛, Այո՛, անկե՛ղծ եղիր. իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ. բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ...

— Զրպարտությո՞ւն, աստված մի արասցե:

— Այո՛, դու ինձ զրպարտեցիր, հենց այս վայրկյանին:

— Ինչպե՞ս, ասա՛, ես ներողություն կխնդրեմ:

— Ասացիր, որ քո թագավորը պաշտպանում էր աշխարհը իմ փառասիրական ոտնձգությանց դեմ:

— Այո՛, ասացի. դու անարգեցիր նախկին հաշտության ժամանակ տված քո երդման գիրը և երկրորդ անգամ ապստամբեցար: Մի՞թե փառասիրությունը չէր մղում քեզ դեպի այդօրինակ ուխտադրժություն:

— Ուրախ եմ, որ կարողանում ես այդպես անկեղծորեն խոսել. երկչոտ մարդկանց տանել չեմ կարող, բայց միևնույն ժամանակ, տխրում եմ, որ այդքան անծանոթ ես դու ճշմարտությանը: Անդարմանելի մի վիշտ է այդ ինձ համար... Ես չեմ վշտանում, որ հայոց աշխարհն այդ կարծիքն ունի իմ մասին, բայց վշտանում եմ, որ արքունիքի ամենամոտ անձը, Աշոտ թագավորի մտերիմը, Մարզպետունյաց Գևորգ իշխանը նույն կարծիքն է պաշտպանում... Եվ ուրեմն Սևադան ապստամբել էր այն ժամանակ թագավորի դեմ յուր փառասիրական ձգտումներին հետևելով... մի՞թե պիտի զարմանամ, եթե հայոց ազգի պատմությունը գրող վարդապետներն էլ անարգանաց այդ դրոշմը դնեն իմ հիշատակի վրա... Օ՛, ծանր, շատ ծանր զրպարտություն է այդ իշխան:

— Ի՞նչն էր ուրեմն քո այն ժամանակվա առաջին և երկրորդ ապստամբությանդ պատճառը:

— Ի՞նչը ... Այո՛, այդ պիտի հարցնես, այդ դու պարտավոր ես իմանալ, եթե դեռ չգիտես: Բայց ամենից առաջ ասա` ինձ. կկամենայի՞ ես դժբախտացնել իմ հարազատ դուստրը, որ հայոց թագուհին էր և որին սիրում էի ես ավելի, քան իմ զույգ աչքերի լույսը:

— Ո՛չ:

— Կկամենայի՞ խռովել նրա հանգստությունը, նրա արքունիքը, և, վերջապես, վտանգել իմ թագավոր փեսայի գահը: Մի՞թե անձնասպանության հավասար մի հանցանք չէր լինիլ դա ինձ համար:

— Անշուշտ: Մենք էլ հենց դրա համար էինք զարմանում, որ Սևադա իշխանը ապստամբության դրոշ էր պարզում յուր դստեր և փեսայի դեմ:

— Եվ դրա պատճառն էլ իմ փառասիրական ձգտումնե՞րն էիք համարում:

— Ուրիշ բան մտածել չէինք կարող:

— Լավ. ուրիշ ի՞նչ փառք էր ինձ հարկավոր... Աղջիկս` թագուհի, փեսաս`՝ թագավոր, ինքս Գարդմանում ազատ, հարուստ և զորեղ իշխան: Մի՞թե իրավունք ունեի այս բոլորից հետո մի ուրիշ պահանջ անել իմ բախտից:

— Հարկավ ոչ:

— Եվ վերջապես, մի՞թե Սահակ Սևադան մի հասարակ զինվորի չափ էլ հայրենասիրություն չուներ. մի՞թե ես անծանոթ էի իմ ազգի պատմության և չգիտեի, թե որպիսի՛ թանկ զոհաբերության գնով ձեռք բերվեց Բագրատունի թագավորության գահն ու թագը, որ ես թույլ տայի ինձ փառասիրության ձգտումներով այդ գահի հաստատությունը խախտելու:

— Բայց ի՞նչն էր, վերջապես, այն ժամանակվա քո ապստամբության պատճառը:

— Իմ ապստամբության պատճա՞ռը, Այո՛, այդ կարող ես հարցնել. այժմ այլևս ծածկելու կարիք չկա... Բայց, կարծեմ, այդ մասին դու շատ բան գիտես:

— Դեռ ոչինչ չգիտեմ:

— Ոչինչ չգիտես, ուրեմն լսի՛ր: Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա` նրան չար ճանապարհից զգուշացնելու համար. երկրորդ անգամ ապստամբեցա հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար. իսկ այժմ` ապստամբել և Ցլիկ-Ամրամին էլ ապստամբեցրել եմ` իմ և իմ որդվո անձնական անարդանաց վրեժը լուծելու համար:

— Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը: Ի՞նչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել. ի՞նչ չար ճանապարհ էր այդ:

— Ինչ չար ճանապա՞րհ...

— Այո՛:

— Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան:

— Այո՛, մի ժամանակ. բայց այդ շատ առաջ էր:

— Ամուսնությունից առաջ, այնպես չէ՞:

— Այո՛:

— Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա յուր ամուսնական պարտավորությանց, աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին. այնպես չէ՞:

— Անշուշտ:

— Եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղջուկը, որքանն ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը. նա՛, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով ասում է.

«Ա՛ռ զմատանի` առհավատչյա արդարության թագավորության քո, քանզի այսօր օրհնյալ ես իշխան և թագավոր ժողովրդյանս: Հաստատ լեր և օգնական քրիստոնեության և քրիստոնեից հավատո, զի փառավորեսցիս ընդ թագավորին թագավորաց...»: Արդ, նա, որ կոչված է ո՛չ միայն քրիստոնեական հավատո մեջ հաստատ մնալու, այլև այդ հավատո պահպանության հսկելու և յուր ժողովրդի համար արդարության ու առաքինության օրինակ հանդիսանալու, կարո՞ղ է և իրավունք ունի արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար:

— Հարկավ ո՛չ:

— Բայց թագավորն այդպես էր անում: Նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Սևորդյաց նախկին օրիորդին չմոռացավ: Այն օրից, որ նա Ցլիկ-Ամրամին կարգեց Ուտիքի վերակացու, ոտի տակ տվավ աստուծո և աշխարհի առաջ արած յուր երդումը, նա մոռացավ յուր օրինավոր ամուսնուն, անարգեց նրա մաքուր, անարատ և խանդակաթ սերը, նա դարձավ Ցլիկ-Ամրամի կնոջ սիրահարը... Հայտնի չեն միթե քեզ այս պատմությունները:

— Հայտնի են. բայց...

— Բայց դատապարտելի չեն քո աչքում, այնպես չէ՞:

— Աստված մի՛ արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ... բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու:

— Երբ ես կխնդրեմ քեզ պաշտպանել քո թագավորին, այն ժամանակ կպաշտպանես. այժմ դեռ ինձ լսիր: Հայ լինելուց առաջ, բարեկամ, ես մարդ եմ և միևնույն ժամանակ` սիրող հայր: Չեմ ծածկում իմ փառասիրական փափագը. ես կամենում էի, որ հայոց թագավորը փեսայանար ինձ, մանավանդ որ տեսնում էի, թե իմ գեղանի դուստրը հիացած է նրանով. իսկ իմ աղջկան սիրում էի ես կաթոգին և իմ ուրախությունը գտնում էի նրա ուրախության մեջ. այդ պատճառով էլ աշխատեցի, որ Աշոտ-Երկաթը ամուսնանար նրա հետ: Աշոտը կարող էր բացեիբաց մերժել այդ միությունը, ոչ ոք իրավունք չէր ունենալ շղթայել նրա սիրտը յուր կամքի հակառակ: Բայց երբ մի անգամ կապվեցավ նա իմ դստեր հետ սուրբ ամուսնության կապով, ապա պարտավոր էր պատկառ մնալ աստուծո և մարդկանց բերանով օրհնված այդ միությանը: Բայց նա անարգեց այդ միությունը: Կներե՞ նրան աստված թե ոչ, այդ ես չգիտեմ. դուք էլ, մարդիկդ, տեսնում եմ, չեք կամենում խստությամբ դատել նրան. բայց ե՞ս... Ես հայր եմ. սիրտ և զգացմունք ունիմ. հայրական գութ ու գորով ունիմ. և դրա հետ միասին էլ Գարդմանա Տան հպարտ իշխանն եմ... Ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ դստեր դժբախտության վրա և, միևնույն ժամանակ, երբե՛ք և ո՛չ մի պայմանով թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվության դրոշմ դներ իմ ճակատին: Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որ կմոտենար իմ տոհմական անարատ անունը արատավորելու: Ես այդ կարող էի անել: Բայց ամենից առաջ լսեցի խոհեմության ձայնին: «Ոչ ոքին դեռ հայտնի չէ իմ դստեր դժբախտությունը, — մտածեցի ես, — նա ինքը, նույնպես, ոչինչ չգիտե այդ մասին. ինչո՞ւ ուրեմն հրապարակ հանենք ժամահոտ վերքը. նրան կարելի է բուժել նաև մի ծածկարանում. թող հանգիստ մնա իմ դստեր սիրտը և անարատ արքայական գահի պատիվը»: Այսպես մտածեցի ես և դիմեցի արքային: Խոսեցի նրա հետ հայրաբար. հորդորեցի նրան չափավորել յուր խանդն ու ավյունը, սանձահարել կրքերը, հեռանալ անպատվության ճանապարհից և աղաչեցի, թախանձեցի, որ նա խնայեր իմ դստեր քնքուշ, դյուրաբեկ և վշտերի անսովոր սիրտը, որ նա խնայեր, վերջապես, հայոց արքայական թագի պատիվը... Նա առաջ չկամեցավ խոստովանել յուր հանցանքը. ծիծաղեց դառը փորձերից խրատված հոր կասկածների վրա և կամեցավ յուր ճարտար լեզվով նկարել իմ առաջ կասկածի ճիվաղային կերպարանքը` նրանից ինձ հեռու փախցնելու համար...: Այն ժամանակ ես ապացույցներ դրի յուր առաջ: Նա չկարողացավ հերքել դրանք և շառագունեց: Օ՛, չկա ավելի ծանր պատիժ առաքինի մարդու համար, քան հանցապարտ ու ամոթահար տեսնել յուր առաջ այն տղամարդին, որի մեջ հարգում էր նա երբեմն առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, որի մեջ ամփոփում էր նա յուր լավագույն հույսերը, որին նա յուր հերոսը, յուր դյուցազն էր համարում... Ես այդ ծանր վիշտը կրեցի իբրև հայ մարդ. իսկ հետո տանջվեցա իբրև ծնող` երբ իմ դստեր տկար սրտին հասնելիք հարվածի ծանրությունը կշռեցի: Վերջապես թագավորը խոստովանեց ինձ յուր թուլությունը և խոստացավ խզել Ցլիկ-Ամրամի տան հետ ունեցած բոլոր կապերը: Ես ուրախացա և վերադարձա Գարդման: Բայց ահա՛ գալիս է ամառը և նա թագուհուն ուղարկում է Սյունյաց ամառանոցները, իսկ ինքը գնում Ուտիք, շաբաթներով նստում Սևորդյաց լեռներում Ցլիկ-Ամրամի վրանների տակ, Ասպրամ իշխանուհու զբոսավայրերում... Ես այնուհետև համբերել չկարողացա: Նախատական մի գիր գրեցի նրան և սպառնացի, որ եթե անմիջապես չի հեռանալ Սևորդյաց աշխարհից, ես ինքս իմ գարդմանացի գնդերով կերթամ և կհալածեմ նրան յուր սիրած հովիտներից: Քո թագավորը ո՛չ միայն անուշադիր էր թողել իմ նամակը, այլև ծիծաղել էր իմ սպառնալիքի վրա, — Այդ ինչ է. միթե գարդմանացիք սիրահարների դեմ էլ են պատերազմում, — հեգնելով ասել էր նա իմ հավատարիմին: Բայց ես, որ ի բնե կատակ անել չէի սիրում, որոշեցի խրատել իմ ստահակ փեսային: Միայն թե իսկույն ևեթ չգործադրեցի այդ որոշումը, որովհետև դեռ պետք է խեղճ աղջկանս սիրտը պատրաստեի յուր դժբախտությունը լսելու: Եվ այս մի ծանր պարտավորություն էր սիրող հոր համար` գուժել ինքն իրեն բախտավոր համարող զավակին յուր դժբախտությունը: Մինչ այս, մինչ այն, Աբաս արքաեղբոր և նրա աներոջ դավադրությունը երևան եկավ, որից ստիպված, ինչպես գիտես, թագավորը քաշվեցավ Ուտիք: Եվ, ահա՛, մի դժբախտ օր նամակ եմ ստանում իմ դստեր դայակից, թե թագուհին մերձիմահ հիվանդ է Տավուշ բերդում և կամենում է ինձ տեսնել: Իսկույն ևեթ շտապում եմ Տավուշ: Տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ: Հարցնում եմ հիվանդության պատճառը. և նա տանջվելով դառնապես արտասվելով պատմում է ինձ յուր դժբախտությունը....: Ի՞նչ անեի ես. չէ՞ որ է՛լ համբերելու տեղը չէր: Հասկացրի աղջկանս, որ չվրդովվի, եթե իմ և արքայի մեջ բռնկող մի պատերազմի լուրն իմանա: «Այս միջոցը, ասացի, գործ եմ դնում ամուսինդ ուղղության բերելու համար, բայց արյունահեղություն չպիտի անեմ»: Եվ այդ նպատակով էլ հենց Տավուշի մեջ կշտամբեցի թագավորին ամենածանր, նախատական խոսքերով և յուր երկիրն ավերելու սպառնալիք կարդալով նրան` հեռացա: Ահա՜, այդ էր պատճառը, որ Գարդման հասնելով զորքերս ժողովեցի և եկա Ուտիքի մի քանի գավառները գրավելու: Բայց որպեսզի համոզվես, թե ես այդ ցույցն անում էի միմիայն թագավորին ուղղության բերելու նպատակով, կասեմ, որ թագավորը դեռ նոր էր յուր բանակը Շիրակից հանել, որ ես ծածուկ սովորեցրի Սյունյաց Սմբատ և Բաբգեն իշխաններին` գալ և իրանց կողմից հաշտության միջնորդ հանդիսանալ մեր մեջ: Նրանց հետ միացել էիր և դու, այլև մի քանի ուրիշ իշխաններ: Եթե մինչև ձեր հասնելը ինքս հնարներ գործ չդնեի ընդհարումը դիտմամբ ուշացնելու, Ախայան գյուղի առաջ երկու կողմից էլ մեծ կոտորած պիտի լիներ: Բայց դուք հասաք և գործն ուրիշ կերպարանք առավ: Սյունյաց իշխանները ոչինչ չէին հայտնել ձեզ իմ գաղտնի նպատակի մասին, ուստի ձեզանից շատերն ա՛յն կարծիքին էին, թե Սահակ Սևադան փառասիրական ձգտումներից մղվելով է ապստամբել թագավորի դեմ: Ես հարկավոր չհամարեցի հերքել այդ կարծիքը, որովհետև ավելի գերադասում էի այն, որ իմ դստեր դժբախտությունն անծանոթ մնար հայ իշխանական տներին և արքայի անունը չարատավորվի, քան թե ազատ լինիմ այն մեղադրանքից, թե փառասիրական ձգտումներ ունիմ: Եվ ես հրապարակով մշտական հաշտության երդումն արի և դաշնագիր ստորագրեցի: Այդ դուք բոլորդ տեսաք: Բայց դուք չլսեցիք այն խոստովանությունը, որ Աշոտ թագավորն արավ իմ և Սյունյաց եպիսկոպոսի առաջ, և այն երդումը, որ նա երդվեց` թողնել հավիտյան Ասպրամ իշխանուհու հետ ունեցած մտերմական հարաբերությունները և ուղիղ սրտով ու մաքուր սիրով վերադառնալ յուր օրինավոր ամուսնու գիրկը: Այո՛, ինչպես որ իմ այս ապստամբության իսկական պատճառը ոչ թե փառասիրությունս, այլ թագավորն ուղղության բերելու ցանկությունս էր, այնպես էլ մեր հաշտության իսկական պայմանը, և ավելի սրբազան երդումը ո՛չ թե այն էր, որ դուք իշխաններդ վավերացրիք, այլ այն, որ կնքվեցավ արքայի, Սյունյաց եպիսկոպոսի և իմ մեջ:

— Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին պատմության շարժառիթների հետ. երկրո՞րդն ի՛նչ պատճառներից հառաջացավ, — հարցրեց Մարզպետունի իշխանը:

— Երկրո՞րդը:

— Այո՛:

— Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են:

— Պատմի՛ր համառոտ, թե չես ձանձրանում:

— Ձանձրանա՞լ, ոչ. Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ, — պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը:

— Ես կարծում եմ, — ասաց Սևադան, — կարելի է միշտ ներել այն հանցավորին, որ կա՛մ հանգամանաց բերմամբ, կա՛մ սեփական թուլությունից գործում է մի հանցանք, բայց ունի կենդանի խիղճ, դյուրազգաց սիրտ, ճանաչում է յուր հանցանքը և զղջում է սրտանց: Բայց ներել այն հանցավորին, որ ոչ միայն չէ խոստովանում հանցանքը, այլև, դրվատում է նրան իբր մի առաքինություն, գայթակղեցնում է անփորձ սրտերը` յուր օրինակին հետևելու կամ յուր հանցանքի մեծությունը ծածկելու համար զրպարտում է յուր շրջապատողներին` մեղադրելով նրանց ծանրագույն հանցանքների մեջ, այդպիսի հանցավորին, ասում եմ, ոչ միայն չպետք է ներել, այլև անհրաժեշտ է պատժել ամենածանր պատիժներով. հակառակ դեպքում մի հատ չարիքը հարյուր նոր չարիքներ կծնե...: Իմ և քո թագավորը, բարեկամ, այս վերջին տեսակի հանցավորների թվին էր պատկանում: Ես պարտավոր էի նրան պատժել. այդ պահանջում էր իմ արժանապատվությունը, իմ ծնողական և մարդկային պարտավորությունը: Ես պետք է միանգամայն վերցնեի նրան աշխարհի երեսից. այդպիսով գայթակղության քարը վերցված կլիներ մեջտեղից... Եվ այդ դժվար գործ չէր ինձ համար: Եվ մի՞թե կարծում ես, թե մեծ կորուստ կունենայինք. բնա՛վ. հայոց արքայական գահը, միամիտ եղիր, թափուր չէր մնալ: Թագավորը, միևնույն է, ժառանգ չունի. նրա աթոռը վաղ թե ուշ պիտի յուր եղբայր Աբասը պայազատե. ուրեմն որքան շուտ, այնքան լավ: Գուցե այդպիսով շատ բան դեպի լավը փոխվեր: Բայց ես հիմարացա: — «Պաշտպանե՛նք դեռ գահը վտանգից, մտածում էի ինքս ինձ. վատ գործը. ամեն վայրկյան կարող ենք անել. պատիժը ամեն րոպե կարող ենք չափել. աշխատենք դեռ գահի փրկության համար...»: Եվ ես հետաձգեցի պատիժը: Կարծում էի, թե դժվարին չէ «ընծու փախել զխայտուց և եթովպացվո` զսևություն»... Կարծում էի, թե իմ ներողամտությամբ, իմ անհիշաչարությամբ կարող եմ կակղեցնել ապառաժ սիրտը կամ հարություն տալ մեռած ու դիակնացած խղճին: Եվ ահա՛, երբ ես այս մտքերով էի զբաղված, Աշոտ Երկաթը կալանավորեց Սյունյաց Վասակ իշխանին, իմ բարեկամին, և դրավ նրան յուր Կայյան բերդում: Ի՞նչն էր նրան կալանավորելու պատճառը, ասա՛, տե՛ր Մարզպետունի. անշուշտ քեզ, իբրև արքայի մտերմին, հայտնի է այդ խորհրդավոր պատճառը:

— Իսկ քեզ մի՞թե անհայտ է:

— Ես կամենում եմ, որ ինքդ ասես:

— Սյունյաց վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի դեմ լարված դավադրության մեջ:

— Ո՞ր դավադրության:

— Այն, որ Աշոտ բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներ ափխազաց Գուրգենը կազմել էին միասին:

— Բարեկամ, խիղճը մի կողմը թողնենք և խելքով դատենք: Աբասը և Գուրգենը վաղուց միացած էին թագավորի դեմ. այդ հայտնի է, ինչպես և հայտնի է դրա պատճառը. — Գուրգեն Ափխազի դուստրը, Աբաս արքաեղբոր կինը, կամենում էր թագուհի դառնալ դեռ իմ դստեր կենդանության ժամանակ: Հպարտ ափխազուհին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե հայոց թագուհին հայ իշխանական տան աղջիկ պիտի լինի և թե ինքն արդեն գոհ պիտի լինի նրանով, որ թագավորի հարսը և նրա եղբոր ամուսինն է: Չէ, ինչպե՞ս կարելի է. նա կամենում էր անպատճառ թագուհի լինել: Իսկ տղամարդիկ, հո գիտես, կանանց ստրուկներն են. այդ ստրկության պայմանն արդեն նախահայր Ադամն է ստորագրել: Եվ ահա երիտասարդ Աբասը միանում է յուր աներոջ հետ` հարազատ եղբորը գահընկեց անելու կամ նրան սպանելու համար: Արքայազնը, անշուշտ, շատ էր սիրում կնոջը. չէր կարող անկատար թողնել նրա խնդիրը: Դրա հետ էլ միացրու այդ երիտասարդի բնական փառասիրությունը, և այնուհետև կպարզվի դավադրության պատճառը: Փեսա ու աներ, ինչպես գիտես, իրենց զորքերով դիմեցին Երազգավորս` թագավորին բռնելու կամ սպանելու: Այդ չհաջողվեց նրանց: Աշոտը օր առաջ տեղեկացել էր դավադրության մասին և յուր ընտանիքով խույս տվել Ուտիք: Դավադիրներն եկան և իրանց «խոփը քարին առած» տեսնելով` Երազգավորսը ավարի առան և հեռացան: Այդպե՞ս է թե ոչ:

 
NvardДата: Среда, 2010-10-27, 13.47.16 | Сообщение # 9
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
— Այո՛, այդպես է:

— Է՛. Աշոտ Երկաթը հո չէր կարող այդ անարգանքը տանել. նա էլ գնաց ափխազաց իշխանի երկիրներն ավերեց: Երկու կողմից կռիվն անընդհատ շարունակվում էր: Ճշմարիտ է, ամեն ճակատամարտումն էլ Աշոտ թագավորը հաղթող էր հանդիսանում, բայց այդ միևնույն է. չէ՞ որ հայոց զորքերից էլ շարունակ ջարդվում էին. մանավանդ որ Աբաս արքաեղբայրն էլ աներոջ հետ էր, և յուր զորքերն էլ հայ կտրիճներից էին: Ահա՛ այս ավերմանց ու կոտորածի առաջն առնելու համար իմ բարեկամ Վասակ իշխանը միջնորդ դարձավ երկու պատերազմող կողմերի համար և ամեն ջանք գործ դնելով` հաշտեցրեց թագավորը յուր եղբոր և նրա աներոջ հետ: Այսպե՞ս է թե ոչ:

— Այո՛, այդպես է:

— Արդ, նույն վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, տասն անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել ու հաշտություն էր կայացրել, միթե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանա՞ր. այսինքն` այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ բռնավորի ընկերակցությամբ...

— Ոչ, չպետք է ընկերանար. չէր կարող ընկերանալ. այդպես էլ մենք ամենքս էինք մտածում: Բայց փաստը հակառակն ապացուցեց: Վասակ իշխանի մոտ գտան Աշոտ բռնավորի նամակը, որով նա շնորհակալություն էր անում իշխանին այն բանի համար, որ նա աշխատել էր կայացնել այդ հաշտությունը ա՛յն նպատակով, որ միջոց տա Ափխազիո իշխանին և իրան ու Աբասին հզորապես պատրաստվելու և միանգամայն Աշոտ թագավորին հաղթահարելու, որովհետև մինչև այն` իբրև թե թագավորի զորքերը հակառակորդների անպատրաստությունից էին օգտվում և հաղթություն տանում:

— Դե՛հ, այժմ քեզ եմ հարցնում, իշխան, կարելի՞ էր հավատալ այդ նամակի իսկությանը: Աշոտ բռնավորը պատերազմում էր թագավորի դեմ, որովհետև ինքն էր կամենում երկրին տիրել: Աբասն ու Գուրգենը պատերազմում էին, պատճառը բացատրեցի, թե ինչո՛ւ: Վասակ իշխանն ի՞նչ թշնամություն ուներ յուր թագավորի և քեռու հետ: Միևնույնը չէ՞ր նրա համար, թե քեռիներից ո՞րն է թագավորում, Աշո՞տը թե Աբասը: Չէ՞ որ նա ավելի անդրանիկ եղբոր և օրինավոր թագավորի կողմը կլիներ:

— Այդ այդպես է. բայց նամակն ինքս կարդացի: Նա Աշոտ բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանակից հանեցին:

— Դու բոլորն ասացի՛ր. դե՛հ, այժմ ինձ լսիր: Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն: Թագավորը կամենում էր առակել թագուհուն` իմ աղջկան. կամենում էր արատավորել Գարդմանա տան անբիծ անունը, և, ահա՛, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը:

— Ինչպե՞ս. այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ:

— Ձեզ համար, այո՛, միայն Վասակի դավադրության խնդիրը կար. բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր:

— Ի՞նչ:

— Թագավորը հայտնում էր ինձ, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ...

— Ի՞նչ հարաբերություններ:

— Սիրային... տե՛ր Մարզպետունի, սիրային հարաբերություններ... Իմ աղջիկը, իմ սուրբ, անարատ Սահականույշը... լսո՞ւմ ես, իշխան:

— Այդ անկարելի է:

— Անկարելի՛ է. այնպես չէ՞... Բայց մի՞թե միայն անկարելի, ուրիշ խոսք չե՞ս ասում, չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է...

— Այո՛, լսողի սարսափման արժանի:

— Եվ նա այդ զրպարտությունը հնարեց, հասկանո՞ւմ ես. կարողացավ հնարել. խիղճը յուր սիրտը չկեղեքեց... Եվ այդ խորհուրդը վաղուց էր հղացել: Հիշո՞ւմ ես, հենց հիշածս հաշտությունը կայանալուց հետ Վասակ իշխանը դադարեց արքունիք հաճախելուց: Կաթողիկոսը հարցրել էր նրան, թե ինչո՞ւ թագավորի մոտ չէ գնում, Վասակը պատասխանել էր, թե «Թագավորը կասկածում է իմ հավատարմության վրա»: Եվ այդ այդպես էր: Մի օր իշխանը թագուհու հետ միասին ելած է լինում Դվնո շուրջը զբոսանքի: Ի դարձին թագավորը դիտողություն է անում նրան, թե Մարիամ իշխանուհին գանգատվում է միշտ, թե դու զբոսասեր չես և թե երբեք չես ընկերանում իրան զբոսանքների ժամանակ: Հայտնի՛ր իմ կողմից իշխանուհուն, որ դրա պատճառը ոչ թե քո անզբոսասիրությունն է, այլ այն, որ ինքն ավելի գեղեցիկ չէ թագուհուց...

— Եվ այդ խոսքերը կարողացե՞լ է թագավորն ասել:

— Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով:

— Ա՞յդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար:

— Այո՛. իշխանն ասել էր Վեհափառին, թե «Մինչև որ թագավորը երդմամբ չխոստանա, թե վստահանում է ինձ վրա իբրև յուր հարազատի և հավատարմի վրա, ես ոտքս արքունիք չեմ դնիլ»: Եվ կաթողիկոսն այդ երդմնագիրն առավ նրանից: Իշխանն այնուհետև ազատ ու անկախ ելումուտ էր անում թագավորի մոտ: Բայց, ահա՛, մի օր հրամայեց կալանավորել իշխանին և տանել Կայյան բերդը: Լսելով այդ լուրը, ես վրդովվեցա: Իսկույն ևեթ նամակ գրեցի նրան և հարցրի, թե ինչո՞ւ իմ բարեկամին և յուր հորաքեռորդուն բանտարկել է նա: Ո՞րն է արդյոք իշխանի հանցանքը: Եվ նա ահա թե ի՛նչ է գրում ինձ:

Այս ասելով իշխանը ծափ զարկեց:

Ներս մտավ իսկույն մի ծառա:

— Կանչի՛ր այստեղ գրագրին, — հրամայեց իշխանը:

Մի երկու վայրկյանից ներս եկավ գրագիրը:

— Գնա՛, հանի՛ր իմ գրպանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ:

Գրագիրը գնաց և քիչ ժամանակից հետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին:

— Այժմ դու գնա, — հրամայեց իշխանը գրագրին, և նա հեռացավ: -Ա՛ռ, բա՛ց արա այս նամակը և կարդա՛: Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա, — ասաց իշխանը, նամակը Մարզպետունուն տալով:

— Քո խոսքն ինձ համար ճշմարտություն է. ի՞նչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու, — պատասխանեց Մարզպետունին, չկամենալով նամակը բանալ:

— Չէ՛, իշխան, դու թագավորի մտերիմն ես, իմ էլ, անշուշտ, անկեղծ բարեկամը. կվայելե, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար` ավելի հիմնավոր միջոցների դիմես և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գնալ` Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու:

— Կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ, — ասաց իշխանը, և նամակի երիզն ու կնիքը լուծելով` բացավ մագաղաթը:

— Բարձր կարդա. ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել:

Իշխանը կարդաց հետևյալը.

«Աշոտ շահնշահ Հայոց թագավորից`

Գարդմանա տեր և իշխան Սահակ Սևադայ ին ողջույն:

Ստացա քո սիրալիրության գիրը, որով խնդրում ես ինձ տեղեկացնել քեզ իմ ազգական և քո բարեկամ Սիսակ Վասակ իշխանին կալանավորեյու և Կայ յան բերդը ղրկելու պատճառը: Այդ պատճառը որքան որ ծանր է և բարյացապարտ մի հոր սրտի խաղաղությունը վրդովող, դարձյալ ես ստիպված եմ հայտնելու, որովհետև այդ խնդրում է ինձնից իմ թագուհու հայրը: Վասակ իշխանին կալանավորեցի և մահվան պիտի դատապարտեմ յուր այն անարժան վարուց համար, որով նա իմ արքայական տան պատիվն արատավորեց, վաղուց ի վեր անպատշաճ հարաբերության մեջ լինելով քո դստեր և իմ ամուսնու հետ: Նրա հանցանքը ինքս ստուգեցի անձամբ, ուստի և կալանավորել հրամայեցի` չարին չարով կործանելու համար: Բայց որպեսզի արքայական ընտանիքի պատիվը և Գարդմանա հզոր իշխանի անունը չարատավորվի աշխարհի առաջ, ես այդ իշխանին հրատարակեցի իբրև մասնակից Աբասյան դավակցության և պատրաստել տվի դրա համար օրինական ապացույց: Շնորհակալ պիտի լինիս, որ այսքան հոգատար եմ քո տոհմական անունն անաղարտ պահելու մասին: Իսկ Վասակ իշխանի մեղսակցին և քո դստերը պատժելու իրավունքը հանձնում եմ քեզ, իբրև մի արդարադատ հոր:

Աշոտ բ. թագավոր հայոց»:

Մարզպետունի իշխանի վրա արքայի այս նամակը ամենածանր տպավորություն արավ: Այն թագավորը, որ մինչև այդ այնքան բարձր և վեհ էր երևում յուր աչքում, կարծես մի ակնթարթում գլորվեցավ. ընկավ այդ բարձրությունից. նրա վեհությունը ոչնչացավ. նա երևաց այժմ իրան իբրև մի հասարակ, սինլքոր արարած, որին կրքերը շրջում, տարուբերում են ամեն կողմ, որ գերի և ստրուկ է դարձած մարդկային արժանիքը անասնական բնազդին ստորադրող զգացմունքներին...

Մինչև այդ, Մարզպետունի իշխանը, արդարև, ներողամիտ էր լինում երբեմն դեպի թագավորը` նրա թուլությունը յուր բնական խառնվածքին վերագրելով: Նա շատ ընտիր մարդիկ էր ճանաչում, որոնք ազատ չէին այդ արատից: Բայց նա երբեք չէր կարող հավատալ, թե թագավորը յուր այդ հանցավոր թուլությունը վարագուրելու համար կդիմեր ոճրագործության, կզրպարտեր անարատ և առաքինի թագուհուն, որին ինքը` Մարզպետունի իշխանը, շատ լավ էր ճանաչում, թե նա Վասակ իշխանի նման հայրենասեր մարդուն զուր տեղը կկալանավորեր` զրպարտելով նրան չգործած հանցանքների մեջ:

— Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան, — հարցրեց Սևադան Մարզպետունուն, տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց հետ:

— Ոչ մի բանի վրա:

— Այդ զարմանալի է:

— Այո, երբ սուրը խոցում է սիրտը, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց... Դու սուր ցցեցիր իմ սիրտը, իշխա՛ն:

— Վշտացար, այնպես չէ՞. կարեվեր խոցվեցար... Օ՛, այդ դեռ դու ես, դու, որ միայն թագավորի զինակիցը և հայրենիքի մի զինվորն ես. դու վշտացար այնքան, որ ուղեղդ դադարեց մտածելուց: Հապա եթե զինակից ու զինվոր լինելուց զատ լինեիր նաև սիրող հայր... Եթե հանկարծ տեսնեիր, որ տարիների ընթացքում մեծամեծ աշխատությանց ու զոհաբերությանց գնով սիրածդ դստեր համար ստեղծած փառքն ու երջանկությունը ջախջախված ընկած են քո առաջ... թե դրա հետ միասին փշրված են նաև քո լավագույն հույսերը, անդարձ կորած` սրտիդ անդորրությունը, հոգվույդ ուրախությունը, արատավորված` տոհմիդ պատիվը... ի՞նչ կանեիր դու այն ժամանակ...

— Մի՞թե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը:

— Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և ա՞յս վշտերը...

— Հարկավ անտանելի կլինեին նրանք...

— Այո՛, իշխան, ես պակաս հայրենասեր չէի. և հենց այդ էր պատճառը, որ այդ անխիղճ ու զրախոս նամակն ստանալուց ետ ձի չնստա իսկույն, չթռա դեպի Շիրակ և սրի մի հարվածով չջախջախեցի մեղապարտի գլուխը, այլ երկրորդ անգամ ապստամբության դրոշ պարզեցի, հեռատեսությամբ որոշելով, թե այս անգամ մի փոքր ավելի խստությամբ կվարվեմ արքունական կալվածների և ժողովրդի հետ, գուցե դրանով կարողանամ ազդել թագավորի քարացած սրտի վրա, ճանապարհ բերեմ մոլորյալին և ազատեմ գահը վերահաս վտանգից: Եվ ահա՛ այդ նպատակով, ինչպես գիտես, վերցրի Գարդմանում պատրաստ ունեցած զորքս, որոնց թիվը ութ հազարի էր հասնում, և դիմեցի ուղղակի Ձորափոր: Առաջին գործս եղավ Կայյան բերդը պաշարելն ու առնելը: Այդտեղ Վասակ իշխանի հետ միասին պահեստի մեջ գտնվում էին նաև մի քանի ապստամբ նախարարաց կանայք: Վասակ իշխանի հետ միասին նրանց էլ ազատեցի, և մտադիր էի շատանալ միայն այդքանով, մինչև թագավորը Ափխազիայից կվերադառնար յուր զորքերով: Բայց Կայյան բերդից հեռացած զինվորները միացան մոտակա գյուղերի բնակիչների հետ և իմ հանդեպ գտնվող լեռան մեջ ամրանալով, սկսան իրանց ասպատակներով անհանգիստ անել իմ զորքերին: Ստիպված հարձակվեցի դրանց վրա, և որովհետև դրանք տեղի չտվին, ուստի մի քանի հարյուր հոգի ջարդեցի. իսկ գյուղացիներին խրատելու համար, որ մյուս անգամ չհամարձակվին իշխանների կռվին խառնվելու, հնձել տվի նրանց արտերը, կրակի մատնեցի և ապա հեռացա Գուգարաց լեռները: Ահա՛ այս գործի համար էր, որ մեր իշխանները սկսան ինձ մեղադրել, թեպետև իրանք այդպիսի դեպքում տասնապատիկ ավելի չարիքներ են հասցրել:

— Ո՛չ, քեզ ավելի մեղադրում էինք նրա համար, որ ապստամբության դրոշ էիր պարզել այնպիսի մի ժամանակ, որ թագավորը Ափխազիայում զբաղված էր Գուրգենի դեմ կռիվ մղելով: Մենք արդեն հաղթել էինք նրան: Վրաց Ատրներսեհը միջնորդում էր խաղաղության համար, և արդեն դաշնագիրն ստորագրելու վրա էին, երբ գուժկան հասավ և հայտնեց, թե Սահակ իշխանը կրկին ապստամբելով` պետության գավառներն ավերում է: Թագավորը և մենք, առհասարակ, մնացինք շվարած, ոչ ոք չէր կարող հավատալ, թե դու կդրժեիր քո երդման և բոլորիս ներկայությամբ կնքած ուխտին, բայց իրողությունն անհերքելի էր: Ատրներսեհ թագավորն ինքը խորհուրդ տվավ արքային կիսատ թողնել Գուրգենի հետ կապելիք դաշնադրության գործը և շտապել Գուգարք, քո ավերումների առաջն առնելու:

— Ես սպասողական դիրք էի առել և ոչ մի ավերմունք չպիտի անեի, իզուր էր ձեր շտապելը: Բայց թե ինչո՞ւ արքայի բացակայության ժամանակ ապստամբության դրոշ պարզեցի, դրա պատճառն այն էր, որ չէի կամենում որևէ ընդհարում ունենալ արքայական զորքերի հետ, չէի կամենում կոտորածի պատճառ դառնալ: Ես մինչև անգամ հույս ունեի, թե Ատրներսեհ թագավորը կամ դուք իշխաններդ կհամոզեք թագավորին բանակ չշարժել իմ դեմ, այլ խորհուրդ կտաք իրան միայնակ տեսնվել ինձ հետ և հաշտվել իբրև որդի` յուր հոր հետ: Այն ժամանակ իհարկե ես նրա հետ կխոսեի ինչ որ պետք էր, և, գուցե, շահավոր ընթացք առներ գործը: Բայց թագավորը զայրացած հեղեղի նման հասավ Գուգարք, նրան այլևս քաղցրությամբ դիմավորել անկարելի էր:

— Այդ կետում դու անարդար ես, իշխա՛ն: Առաջին` մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք...

— Այդ ինձ հայտնի չէր. ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել:

— Ասում եմ այդպես է. եկանք միայն մի քանի գնդերով: Եվ երկրորդ` թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց. ինչո՞ւ չկամեցար հաշտվել, այլ ասել էիր եպիսկոպոսին, թե «Դու կա՛ց այստեղ իմ վրանում, ես կերթամ և նրան իմ սրով կտամ պատասխան»:

— Այդ ճիշտ է. այդպես ասացի եպիսկոպոսին: Բայց ինչո՞ւ. իմացի՛ր, այժմ այո, զղջում եմ, բայց ես էլ մի մարդ էի, չկարողացա վայրկենական զայրույթս զսպել — եպիսկոպոսն ինձ մատնացույց արավ իմ երդման գիրը, որ թագավորը կապել էր տվել բլրի վրա յուր զորքի առջև կանգնեցրած խաչի պատվանդանին: «Տե՛ս, — ասում էր ինձ եպիսկոպոսը, — դու դրժում ես այն երդմնագիրն. և եթե չհաշտվես, աշխարհը քեզ պիտի դատապարտն իբրև ուխտադյւուժ...»: Ես զայրույթից կատաղեցի. քո թագավորը յուր ձեռքում ուներ իմ երդման հետկարը և նրան տարածում էր խաչի վրա. դրանով կամենում էր աշխարհի առաջ դատապարտել ինձ իբրև ոճրագործի, ես ի՞նչ անեի, ասա՛ որտեղի՞ց գտնեի Սյունյաց եպիսկոպոսին և նրա ներկայությամբ թագավորի արած երդումները գրի անցնելով` տարածեի իմ խաչի վրա, որպեսզի աշխարհը տեսներ, թե ո՞վ է ուխտադրուժը, ո՞վ է ոճրագործը: Ի՞նչ անեի, կարո՞ղ էի նույնիսկ այս նամակը բանալ և կարդալ նրա զորքի և իշխանների առաջ... Թագավորը շոշափելի և տեսանելի ապացույցներ ուներ ձեռքին. ես ոչինչ չունեի. ինձ մնում էր գալ և սրով պատառել նրա սիրտը, որպեսզի այնտեղից դուրս հանեի յուր ինձ տված երդման հետկարը և ցույց տայի աշխարհին. ուրիշ բան չէի կարող անել: Միթե արդեն անխոհեմ զայրույթի ապացույցը չէր այն, որ ես փոխանակ իմ բազմաթիվ զորքն առաջ մղելու և ձեր մի քանի հարյուրից կազմած գունդն սպառսպուռ ջնջելու, սուսերամերկ զորքի առաջն ընկա և միայնակ դեպի բլուրը բարձրացա: Վերևից հարձակվող զորագունդն ինձ շրջապատեց: Որդիս թողեց ճակատը և վազեց դեպի ինձ. նա տեսնում էր, որ ես զայրույթից խելագարված` մահվան դեմ էի գնում, եկավ ինձ ազատելու, բայց ձեր սեպուհ գունդն ավելի քաջ գտնվեցավ. նա մեզ երկուսիս էլ մեջ առնելով գերի բռնեց. իսկ վանանդացի հրոսակները խառնեցին գարդմանացիների ճակատը: Աստված, Այո՛, աստված ինքը մատնեց ինձ իմ թշնամու ձեռքը, նա կամեցավ պատժել ինձ իմ գործած հանցանքների համար... Այո՛, աստված և ոչ թե Աշոտ թագավորն ընկճեց Սևադային: Ինքդ ասում ես, որ ձեր բանակը թողել էիք Ափխազիայում և միայն մի քանի հարյուր հոգվով եկել Գուգարք. ուրեմն այդ մի քանի հարյուր հոգին չէին կարող գարդմանացոց ութ հազար հոգուց կազմված բանակը ջախջախել: Բայց աստված ինձ և իմ որդուն մատնեց ձեր ձեռքը, և զորքն անառաջնորդ մնալով ցրվեցավ: Այդպե՞ս է թե ոչ:

— Այդպես է:

— Լա՛վ, այժմ ինձ ասա՛, եթե թագավորը կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա փախուստ էր տալիս արյունհեղությունից, ինչո՞ւ ուրեմն շաղախեց յուր ձեռքերը արյունով հենց այն ժամանակ, երբ այլևս ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում նրան: Նա արդեն գերի էր վերցրել ինձ և որդուս. Գարդմանա զորքերը ցրվել էին անհովիվ ոչխարների պես. ի՞նչն ուրեմն ստիպեց նրան կուրացնել ինձ և Գրիգորին` յուր հորը և եղբորը... Մարդո՞ւ թե գազանի սիրտ էր ապրում նրա կրծքի տակ...

— Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից:

— Ինչո՞ւ էր վախենում: Փառք աստուծո, հայոց թագավորը շատ ամրոցներ ուներ, կարող էր մեզ դնել նրանցից մեկի մեջ և պահապաններ կարգել մեզ վրա. ինչո՞ւ անպատճառ կուրացնել. ինչո՞ւ երկու մարդու, յուր իսկ հարազատների արևը հավիտյան խավարեցնել... Ինչպե՞ս կարողացավ նա դահճին այդ անագորույն հրամանը տալ... Ես դեռ ոչինչ, հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել, երջանիկ ժամեր եմ անցրել և վերջապես հանցանքներ եմ գործել, որոնց համար գուցե արժանի էի պատժի, բայց իմ խեղճ զավակը, երիտասարդ, ծաղիկ հասակում, դեռ նորապսակ, դեռ սիրտը հույսերով լի, դեռ փառքի հետամուտ, ինչո՞ւ, ինչո՞ւ նրան էլ կուրացրավ. չէ՞ որ նա ո՛չ մի հանցանք, ո՛չ մի մասնակցություն չուներ այն դժոխային խռովությունների մեջ, որոնք ալեկոծում էին իմ թշվառ և յուր դաժան սիրտը, և որոնք մեզ միմյանց դեմ զինեցին: Մի՞թե, վերջապես, նա ամենափոքր գութ անգամ չուներ յուր թագուհու և ամուսնու, իմ ապաբախտ դստեր վրա, նրա, որ այնքան ջերմագին սիրում էր իրան... Ասում ես, որ կասկածում էր ապագա ապստամբությունի՞ց... Լավ, միթե կույրը չէ՞ր կարող վրեժխնդիր լինել:

— Չէր սպասում:

— Չէ՞ր սպասում. լա՛վ, այժմ թող տեսնե, թե ի՛նչ կարող է անել կույր վրիժառուն: Գնա՛ և հայտնի՛ր թագավորիդ, որ ես տանջվում էի յուր հաջողությունները լսելով: Երբ իմացա, որ յուր Աբաս եղբոր և Աշոտ բռնավորի հետ հաշտվել է և նրանց հետ միասին նորեն Դվինը գրավելով` ուրախության տոնախմբություններ է կատարում, բորբոքվեցա չարախնդության կրակով. սիրտս «վրեժ» էր գոռում, և ես լսեցի նրա ձայնին: Հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ Ամրամին, հայտնեցի նրան յուր կնոջ և թագավորի` միմյանց հետ ունեցած սիրահարական գաղտնիքները, վառեցի, բորբոքեցի նրա սրտում թունավոր նախանձի, թշնամության ու վրեժխնդրության անշիջանելի բոցը, ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ. միացա նրա հետ և ես: Իսկ մեզ հետ կմիանան շուտով ուրիշ շատերը: Այն ժամանակ թող քո թագավորը պինդ բռնե յուր գահը և տեսնե, թե կույր վրիժառուի բազուկները կսասանե՞ն նրան թե ոչ...

— Այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից, — վշտահար նկատեց Մարզպետունի իշխանը:

— Ո՛չ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից:

— Թագավորը չի հաղթահարվիլ: Ահա՛ նա գալիս է եգերացոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ-Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են: Գուցե նա կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել:

— Ո՛չ, արդարադատ աստվածը չի հաջողիլ նրան, ես գուշակում եմ, և դու կտեսնես, որ այս անգամ, գոնե, աստուծո բազուկը կպատժի նրան...

Ա

ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ

Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա: Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե «ահա՛ թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ-Ամրամին կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն», այնուամենայնիվ, Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին: Նա որքան քաջ, նույնչափ և բարեպաշտ ու երկյուղած էր. նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է, օրհնությամբ կամ անեծքով, նրանց հայցած խնդիրները: Այս պատճառով մի գաղտնի և, մինչև այն իրան անծանոթ, կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգացմո՞ւնք էր այս թե նախապաշարման ազդեցություն, հարկավ նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորներին... Նա մտածում էր, որ թագավորը կարող էր հաղթվել, որ ապստամբները կարող էին ցրել եգերացիներին... Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու օտար զորքերով... Իսկ այս անպատվության կհաջորդեին, անշուշտ, նոր կոտորածներ, նոր ավերումներ...

Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ, նստած սպասում էր` թե ուրիշ ի՛նչ պիտի ասե Սևադան: Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել վիրավոր հոգին, այլ խոնարհիլ և խոսել հետը ողոքանոք: «Գուցե այդպիսով ամոքեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ...», — մտածում էր նա:

Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը և ջուր բերավ հյուրին` լվաց վելու համար: Մարզպետունին ակնարկեց նրան` նախ Սևադա իշխանին մատուցանել կոնքը, որովհետև իրան, իբրե տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել:

Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց.

— Զարմանում եմ, որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից:

— Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները... — մեղմությամբ պատաս|սանեց Մարզպետունին:

Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին Մարզպետունու և մյուսը Սեադայի առաջ:

Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու. իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպեսև հյուրին:

Բայց Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում: Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց.

— Տեսնո՞ւմ ես, իշխա՛ն, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում: Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում: Բայց ես չկամեցա նրանց նմանվիլ: «Մենք օտարներ չենք. ասացի. տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չցանկանայինք տեղեկություններ առնել իրարից` մեզ հետաքրքրող խնդիրների մասին...»: Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ: Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը:

— Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող, — պատասխանեց Մարզպետունին, — լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին:

— Այո՛, համաձայն եմ քեզ հետ. այդ խրատները սուրբ խրատներ են. երբեք չպիտի մոռանանք նրանց:

— Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մինը այն է, որ ասում է. «Զուգություն է մայր բարյաց, անզուգություն` ծնող չարյաց...»:

Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին.

— Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի, և իրավունք ունիս: Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես, այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե «զուգություններից» առաջացող բարիքները. որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...

Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել: Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի` ծառայի օգնությամբ կերակրվելը: Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մտած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր յուր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վեհ արտահայտությամբ... Իսկ ա՛յժմ... Այժմ կծկված էր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերուկ, նիհարած, դալկադեմ, և միայն հոգին էր, որ չէր ճնշվում նրա մեջ մարմնով կրած զրկանքներից:

Երբ ընթրիքը վերջացավ, Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրանց մոտ:

— Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, — պատասխանեց Սևադան: — Դավիթ որդիս առաջնորդում է աղվանցի գնդերին, իսկ Գրիգորը` գարդմանացիներին:

— Առաջնորդում է գարդմանցիների՞ն... — զարմացած հարցրեց Մարզպետունին:

— Այո՛, առաջնորդում է: Մի՞թե այդ խոսքը զարմացնում է քեզ: Դու անշուշտ մտածում ես, թե ինչպե՛ս կարող է կույրը առաջնորդել. այնպես չէ՞: Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունին: Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրանց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը: Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ զորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը... Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ, մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից:

Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան, մինչև անգամ, յուր նախահոգակ դիտավորությունները, և այդ անում էր առանց քաշվելու կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքն ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին:

— Եվ այդպես, դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը` համաճարակ և կործանի՞չ, — հարցրեց իշխանը հուսահատ ձայնով:

— Այո՛, տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող, անիծի՛ր ինձ, եթե կամենում ես, բայց գիտակցիր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի...

Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը` գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել. — այդ զենքերը յուր խնդիրներն ու աղաչանքներն էին: Այդպիսի զենքերով, իհարկե, նա չէր հայցիլ օտարից, նույնիսկ հայրենիքի փրկությունը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքում: Այդ պատճառով ասաց.

— Եթե ես ծունր չոքեի քո առաջ, Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը... արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե... Եթե հիշեցնեի քեզ նախ` քրիստոնեի և ապա` հայ մարդու սրբազան պարտքը, որ է` չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել... Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ...

— Ո՛չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Ապստամբած սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին, իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում, մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերը կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են, չեն կարողանում «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» փոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունին փոխարինելու` փոխարինում են զրկանքը և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը:

— Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու և սակայն ներում են...

— Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում:

— Դու եղի՛ր նրանցից մինը, Սևադա իշխան, մի՞թե քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր, քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով` շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե ո՛րն է բարին և լավագույնը և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզանից մինը համարձակվի նրան այդ անունը տալ:

— Գարդմանա տերը, դժբախտաբար, մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ դրել է այնպիսի մի սիրտ, որպիսին ունին և ուրիշները. նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները:

— Ո՛չ, Գարդմանա տերը մի սինլքոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը, նա գիտե, թե որքան քաղցր է ներելն և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդիներն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը:

— Տե՛ր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերանալու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը` ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտեմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ, բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածեմ, որ քո թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին... երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը... Երբ Գրիգորի որդին` փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու թե` «Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...», ասա՛, տե՛ր Մարզպետունի, երբ այս բոլորը գան և աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա` «վրե՜ժ, վրեժ անզգամին...», ի՞նչ անեմ ես այն ժամանակ...

— Ի՞նչ անես այն ժամանակ:

— Այո՛, ասա՛, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել:

— Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով` իջավ Կապույտ բերդից և յուր անձը մատնեց թշնամուն. ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով` վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով` չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռներ գլխին թափելով` տասնյակ հոգի վրան նստեցրին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատեցնել չկարողանալով` նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել...

 
NvardДата: Среда, 2010-10-27, 14.05.18 | Сообщение # 10
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Սևադան լուռ էր:

— Ոչինչ չարավ. նա ասաց. «Տե՛ր, ընդունի՛ր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և փոխարեն` փրկի՛ր իմ ժողովուրդը պատուհասից...»: Նա ասաց. «Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդնանս և մի՛ ամենայն ազգս կորիցե...», և հոժարությամբ հանձն առավ նահատակությունը: Դու էլ, իշխան, ընդունիր, թե չարագործ հագարացու մինն է քեզ կուրացրել, և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու... Հագարացի գազաններին աղաչել, համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել. ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքին և հավատա, որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ:

Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց.

— Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան:

— Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և հետ կանչես Ուտիքից թե՛ Աղվանից և թե՛ Գարդմանա գնդերը:

Աևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց:

Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնության:

Եվ ահա՛, վերջապես, Սևադան խոսեց.

— Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում, ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թո՛ղ այդպես լինի, ես թողնում եմ վրեժխնդրությունը... Բայց բռնկած ապստամբությունը խաղաղելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող, այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես:

— Ամենայն ուրախությամբ, աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա՛ ո՞րն է արգելքը:

Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ-Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում, այժմ ինչպե՛ս հակառակ խորհուրդ տալ նրան:

— Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, — ասաց Մարզպետունին:

— Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի հետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանհլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա Ամրամի մոտ, աշխատի՛ր համոզել նրան, որ հնազանդե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկիր ինձ, և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որդվոց, որ հեռանան Ուտիքից իրանց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր, որ աստված չի կամենում անցնել փորձության բաժակը, և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն...

Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա ա ջը և համբուրեց: Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր: Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա՛, համոզվել էր. ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ-Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով:

Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մինում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը:

Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշարար քունը նրա աչքերը փակեց:

Լույսը դեռ նոր էր բացվում, որ Մարզպետունի իշխանը հագնվելով` իջավ դղյակի բակը և ծառաներից մինին զարթեցնելով` հրամայեց յուր ձին թամբել: Եղանակը ցուրտ էր և երկինքն ամպամած: Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և. հիշեցնում էր մոտալուտ ձմեռը: Ծառան, որ նոր էր տաք անկողնից ելել, ցրտի ազդեցությունից կծկված, դժվարանում էր շտապով ավարտել գործը: Իշխանը համբերել չկարողացավ, վայրկյանները թանկ էին նրա համար. «Այդպե՞ս են գործ կատարում այստեղ», — կշտամբեց նա ծառային և նժույգն առաջ քաշելով` արագ-արագ ամրացրեց թամբի կապերը:

Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը` զարթեցրեց Սևադայի բարապանին` իմանալու համար, թե արդյոք կարո՞ղ է տեսնել իշխանին: Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը և դուրս եկավ միջանցքը: Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով:

— Ի՞նչ եք հրամայում, իշխան, — հարցրեց նա Մարզպետունուն:

— Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնի՛ր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրան, — ասաց իշխանը:

Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկյանից վերադառնալով, հայտնեց, որ իշխանն սպասում է իրան:

Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով` մտավ Սևադայի ննջարանը և սաղավարտը հանելով մոտեցավ իշխանի մահճակալին:

Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյա կանթեղը, իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով:

— Ինչո՞ւ այսպես վաղ, սիրելի՛ իշխան,-հարցրեց Սևադան:

— Կամենում եմ այսօր ևեթ հասնել Ամրամի բանակը, ժամանակը թանկ է, պետք է շտապել:

— Բայց դու գիտե՞ս, թե որտե՛ղ է նա բանակած:

— Երբ շրջում էի Ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ: Իսկ այժմ որտե՛ղ լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից:

— Երկու օր առաջ մեր գնդերը բանակած էին Սադամի ափին, իսկ Ամրամը գտնվում էր դեռ Տավուշի մոտ: Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինին, ուրեմն բանակները կմիացնեն... Գնա՛ և այդ կողմերը կպատահես նրանց:

— Իսկ դու չե՞ս կարող հայտնել, թե որտե՛ղ պիտի միանան բանակները, — հարցրեց իշխանը ժպտալով:

— Ոչ. ես իրավունք չունիմ հայտնելու: Եվ դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձանից: Դու ինձ համոզեցիր, և ես տվի քեզ իմ համաձայնությունը` հաշտվել թագավորի հետ: Այդ ես կարող էի անել: Գնա՛ այժմ համոզիր Ցլիկ-Ամրամին. եթե կհաջողիս, լավ. եթե ո՛չ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է. ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալն` անկարելի:

— Շատ լավ: Թո՛ղ այդպես լինի: Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար: Այժմ տո՛ւր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ: Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը:

— Աստվա՛ծ թող օրհնե այդ ճանապարհը: Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես, անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ: Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին...

— Ես կանեմ այն, ինչ որ հրամայում է ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ աստուծո կամքը... մենք միայն կարող ենք օրհնել:

Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով` հեռացավ:

Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր:

Թանձր ու երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած` անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ, երբ մոտեցավ նրան Մարզպետունին:

— Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու, — ասաց բերդակալը իշխանին և մոտենալով նրան, հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացա՞վ անծանոթ մնալ Սևադայից կամ թե տեղեկացա՞վ ցանկացած գաղտնիքներին:

Իշխանը պատմեց նրան համառոտ ինչ որ պատահել էր իրան կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսե լ նրանից, ծածկելով, իհարկե, այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող «ընտանեկան գժտություններին ու սիրային գաղտնիքներին» էր վերաբերում: Այդ պատճառների հետ, իշխանի կարծիքով, անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին:

Բարեսիրտ Վահրամը զարմացավ` տեսնելով, որ ինքն այնքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ-Ամրամին ապստամբեցնողը Սևադան է եղել:

Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից` բերդակալի մտերմությունն ավելի վաստակելու համար:

— Ի՞նչ ես կարծում, բարեկամ, — ասաց նրան ծիծաղելով, — եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ` այդ պաշտոնում:

— Ի՞նչ, մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին:

— Նա ամեն բան գիտե. բայց նա ճանաչում է քեզ:

— Ինչպե՞ս թե ճանաչում է ինձ:

— Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող:

— Ինչպե՞ս թե չեմ կարող, քաջությունն է իմ մեջ պակաս, թե՞ բազուկներս են ծերությունից թուլացել, — ջերմությամբ հարցրեց բերդակալը:

— Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե, — հարեց Մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը:

— Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ, — հուզված հարցրեց Վահրամը:

— Ո՛չ, հայտնապես ոչինչ չասաց...

— Հայտնապես ոչինչ չասա՞ց. հասկանում եմ. բայց ակնարկությունից դու այդ գուշակեցիր... Լա՛վ, ես կստիպեմ այդ մարդուն հարգել ինձ... Գևորգ իշխան, ես այժմ քեզ հետ եմ, — դիմեց նա Մարզպետունուն վճռական եղանակով: — Գնա՛, աշխատի՛ր, որ նախ հաշտությունը կայանա, իսկ եթե այդ չի հաջողիլ, անմիջապես սուրհանդակ ղրկիր ինձ, հետևյալ օրը ես քո մոտ կլինեմ: Այս սուրը ճանապարհ կբանա իմ թագավորի համար ինչպես Ուտիքը, նույնպես և Գարդմանը նորից գրավելու: — Այս ասելու ժամանակ նա բացավ լայնադրոշ այծենակաճը և զորեղ ձեռքը դրավ վաղակավորի երախակալի վրա:

Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին և այդ խոստումն առնել նրանից: Թագավորը, արդարև, կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության: Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց մի անգամ մոտենալուց հետ` այլևս չեն վախենում նրանից:

— Տո՛ւր ինձ քո ձեռքը և երդվի՛ր, որ ո՛ւր որ էլ լինեմ` պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար, — ասաց Մարզպետունին, յուր թափանցող հայացքը, սևեռելով բերդակալի աչքերին:

— Երդվում եմ Լուսավորչի սուրբ աջովը... — հարեց իսկույն Վահրամը և ձեռքը տվավ Մարզպետունուն:

Վերջինս սեղմեց նրան ջերմությամբ և ասաց.

— Շնորհակալ եմ, Վահրամ իշխան, մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի և հայրենիքի սիրույն: Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա...

— Այո՛, Վահրամ սեպուհը նույնպես քեզ է պատկանում, զոհի՛ր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա:

— Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, և ահա՛ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը և հավատը...

Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ և մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով, աշտանակեց յուր նժույգը և սրարշավ դուրս եկավ ամրոցից:

Իշխանի թիկնապահը, որ Գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, և այդ պատճառով գրեթե ամբողջ գիշերն անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով` ուղղվեցավ դեպի ամրոցը: Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով` թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից:

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ Գարդմանա գետակը չանցած` տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից:

— Ո՞ւր և ինչո՞ւ այդպես վաղ, Եզնիկ, — հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց:

— Տե՛ր իմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, — պատասխանեց թիկնապահը, — բայց գիտեի, որ Գարդմանը անմատչելի է ծակամուտների համար:

— Ի՞նչ կա, ինչո՞ւ էիր շտապում:

— Նորություններ իմացա, գալիս էի քեզ մոտ. վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից:

— Ես, փառք աստուծո, ահա ողջ-առողջ նստած եմ Սևուկիս վրա. բայց դու ի՞նչ նորություններ լսեցիր:

— Անախորժ նորություններ: Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել:

— Հետո՞:

— Բոլոր փողերս նրա տանը թողեցի: Մի մասը աջհամբույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնլվայի նվեր:

— Իսկ աղջիկը գեղեցի՞կ էր:

— Ո՛հ, տեր իմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ Եզնիկի հետ կատակ ես անում, և իրավ շատ գեղեցիկ էր. սևաչյա, կարմրաթուշիկ, երկայնահեր...

— Ինչո՞ւ չնշանվեցար:

— Հա՛, քահանային կաշառելո՞ւ համար... Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի. խոստացա, թե «կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա Դվին»:

Զարմանալի է. այդ գեղջուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում.

— Դու չէի՞ր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք:

— Ինչո՞ւ չէ, բայց ես կարող էի առյուծի պես կռվել:

— Է՛հ, քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել. մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում ու մեռնում, ինչպես և գյուղերում:

— Այդպես է, տե՛ր:

— Բայց դու ի՞նչ իմացար քահանայից:

— Արքայից ապստամբած են նաև աղվանցիք ու գարդմանացիք. և այդ արել է Սևադան: Տեր հայրը պատմեց, թե «Մի օր մեր գյուղապետն եկավ և իշխանի հրամանով հրավիրեց բոլոր գյուղացիներին եկեղեցվո բակը և երդվեցրավ նրանց զենք առնել թագավորի դեմ: Բոլորը երդվեցան: Մյուս գյուղերում ու ավաններում էլ նույնն են արել: Երեք օրվա ընթացքում, ասում էր տեր հայրը, չորս հազար մարդ է հավաքվել Դավիթ իշխանի դրոշակի տակ: Այդ բանակով նա գնացել է Ուտիք: Իսկ գյուղերում մնացող ժողովուրդը երդվել է` չոր հաց անգամ չտալ արքայական զորքին»:

— Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել. — ասաց իշխանը: Ապա հաղորդելով նրան մի քանի կարևոր նորություններ, հարցրեց: — Ի՞նչ իմացար դու բանակի շարժման մասին, արդյոք ապստամբները մինչև ո՞ւր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտե՞ղ պիտի միանան ուտիացիներին:

— Այդ մասին ոչինչ չիմացա, չնայելով, որ հենց այդ նպատակով երկու ժամ էլ գինետանն անցրի: Միայն թե այդտեղ պատահեցի մի դասալիք զինվորի, որ փախել էր Տավուշի ձորից: Նա պատմում էր, թե Ամրամի մի քանի խմբերը շրջում են Կուրի եղեգնուտներում և նպատակ ունին նետահար անել արքային, հենց գետի վրայից անցնելու ժամանակ, որովհետև Ամրամը վախենում է եգերացիներից և չի կամենում ազատ դաշտի վրա ճակատել նրանց դեմ:

— Այդ նրանց չի հաջողիլ, — նկատեց իշխանը հանգստությամբ, — թագավորի թիկնապահները վանանդացիք են. նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցել, ուր մնաց ուտիացիների նետերը:

— Բայց եթե ափխազաց զորքերը հասնեն, — ասում էր դասալիքը,-այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ:

— Ի՞նչ, ափխազաց զորքե՞րը, — կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը:

— Այո՛, ափխազաց զորքերը: Ցլիկ-Ամրամը խոստացել է Գուրգենին Ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրան այս ապստամբության գործում:

— Որտեղի՞ց գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը:

— Նա մի քանի օր շարունակ Ամրամի հետամուտների հետ միասին շրջել է եղեգնուտներում: Նրան ուտիացիք խոստումներ են արել, թե Ամրամ իշխանը նրան էլ իրանց հետ կտանե Ափխազիա, ուր ինքը` Ցլիկը պիտի տեղափոխվի` Ուտիքը Գուրգենին հանձնելուց և նրա փոխարեն Ափխազիայում ուրիշ երկիր ստանալուց հետ: Հենց այդ խոստումն էլ պատճառ է դարձել, որ այդ զորականը հեռացել է նրանից: Պատվական հայ էր այդ դասալիքը: «Եթե Ամրամը պիտի հեռանա Ափխազիա, մենք ինչո՞ւ նրա պատճառով կռվենք մեր թագավորի դեմ», — ասում էր նա ինձ:

Իշխանի դեմքը մռայլվեց: Թիկնապահի հաղորդածը երկյուղ ազդեց նրա սրտին: Մինչև այդ` նա պարուրում էր իրան այն հուսով, թե գուցե արքայի մեծ զորքով երևալն ստիպե Ամրամին հետ քաշվել յուր ամրոցը, և պատերազմը տեղի չունենա: Բայց այժմ, երբ իմացավ, թե ափխազաց Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց: Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին:

Իշխանին մնում էր մի նվազ հույս, այն է` ապավինել յուր կորովին և պերճախոսությանը` ապստամբի սիրտը կակղացնելու համար: Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել:

— Տե՛ր իմ, ափխազաց այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան, — հարցրեց Եզնիկն իշխանին:

— Երբ որ աստված կամենա, — անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել:

— Բայց մենք ո՞ւր ենք գնում,-հարցրեց թիկնապահը` իշխանին հետևելով:

— Մենք այսօր ևեթ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար:

— Կերթանք առանց հանգստանալու: Բայց ձիաների ուժը չի բավիլ այդքան ճանապարհը մի օրում կտրելու:

— Ինչո՞ւ, քանի՞ փարսախ է այստեղից մինչև Տավուշ:

— Հարյուրից ավելի: Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել:

— Իսկ առավո՞տը:

— Այո՛, լուսածագին կմտնենք Տավուշ:

— Այդ էլ բավական է. շտապենք, — ասաց իշխանը և մտրակը շարժեց: Սևուկն սկսավ սուրալ հողմի պես. թիկնապահը հետևում էր նրան:

Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում: Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ ու Գրիգոր իշխանների բանակը չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում են այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ:

— Ցանկալի էր իմանալ, թե ինչո՞ւ Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, — հարցրեց Եզնիկն իշխանին, երբ նրանք գետն անցնելով` դեմ դրին դեպի դաշտավայրը:

— Այդ նշան է, որ ափխազցիները մոտենում են նրան: Ահա գարդմանացիք էլ այստեղից են չվել: Կնշանակե նրանք միացնում են բանակները:

— Ուրեմն թագավորի գալստյան մասին լո՞ւր ունին առած:

— Անշո՛ւշտ, ապա թե ոչ, ինչո՞ւ այդքան զորքերը միասին կխմբեին, չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջակաների պաշարը կարող էին նրանք սպառել:

— Տե՛ր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը մի առանձին անհանգստությամբ:

— Այդ աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ի՛նչ օր կծագե մեզ համար, — պատասխանեց իշխանը, ըստ երևույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից: Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը:

Իշխանն ու թիկնապահը անցուցեն այդ գիշեր Սևորդյաց ձորի գյուղերից մինում: Այդտեղ իմացան, որ Ցլիկ-Ամրամը յուր և իրան հետ եղող ապստամբ իշխանների ընտանիքներն ամրացրել է Տավուշ բերդում, իսկ ինքը առաջացել է դեպի Աղստև, որպեսզի թագավորին հանդիպե ամրոցից հեռու: Այդ նրա համար էր, որ նախ` պատերազմի արհավիրներով չահաբեկե ամրոցաբնակ տիկնանց, և երկրորդ` որ ինքն ավելի ազատ լինի յուր գործառնությանց մեջ. այսինքն` եթե պարտություն կրելու լիներ, կարող էր քաշվել լեռները, մինչև որ նորից կկարգավորեր յուր բանակը, իսկ եթե թագավորը որոշեր պաշարել յուր բերդը, այն ժամանակ նա կհարձակվեր ետևից և այդպիսով կազատեր բերդը պաշարումից:

Այդ բոլոր ծրագիրները հայտնի դարձան Մարզպետունուն, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ:

— Ուրեմն մենք գործ չունինք նրա ամրոցում, — ասաց իշխանը թիկնապահին. — առավոտն արդեն պիտի հասնինք Աղստև:

— Դեռ արևը չծագած կարող ենք Հասանի ջուրն անցնել, — պատասխանեց թիկնապահը:

Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար:

Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտը հասան:

Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը` սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյաց վրանները: Նրանցից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանացիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և ներկայացնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ, որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավարի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու:

Նոր էին հասել և դաշնակից ափխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրանց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա:

Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով` Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց.

— Ինչպե՜ս լավ համախմբվում են` իրանք իրանց կործանելու համար:

— Չէիր սպասում այսպիսի կազմության, տեր իմ, այնպես չէ՞, — հարցրեց Եզնիկը ժպտալով:

— Բնա՛վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում... կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել...

— Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, — հարցրեց թիկնապահը:

Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած` դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը: Երկար դիտելուց հետ, նա դարձավ թիկնապահին.

— Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը:

— Ա՞յն, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ:

— Այո՛. Ամրամ սեպուհինն է այն, գնա անցիր ուղղակի բանակի միջով...

— Ավելի լավ չէ՞ հովտի եզերից մոտենալ:

— Ո՛չ, սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի՛ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցի՛ր իշխանի վրանին, ներս մտիր... ճանաչո՞ւմ ես դու իշխանին:

— Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել:

— Հա՛, նե՛րս մտիր և հայտնիր իմ կողմից, որ եկել եմ և կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա՛, որ կարևոր գործի մասին է խոսելիքս:

— Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի:

— Ո՛չ. պատճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա՛, մի՛ ուշանար:

— Իսկույն, տե՛ր իմ: — Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ:

Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկած էր մյուսի հանդեպ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող երրյակ սյուների վրա, որոնք զարդարված էին պղնձե փայլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է` արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ ու ասպարներ, նետալից կապարճներ, արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ:

Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ-Ամրամը, միայնակ և մտախոհ:

Սա մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լայն ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավամազ և գրեթե միավորյալ հոնքեր, մեծ և արծռունգն քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապանակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին` փայլուն լանջապանակ, կռներին` բազպաններ, ոտքերին` սռնապաններ, իսկ ազդրին` ծանր, արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որը զարդարված էր սև, թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանակի վրա:

Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ:

— Ո՞վ է այդտեղ, — գոչեց նա ներսից հզոր ձայնով:

— Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե՛ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, — պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին:

— Ո՞վ է այդ համառը, թողե՛ք որ գա, — հրամայեց սեպուհը:

Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրանը, խորը գլուխ տվավ իշխանին:

— Ո՞վ ես դու, — հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով:

— Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը, — պատասխանեց Եզնիկը:

— Դու չգիտե՞ս, որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու:

— Երբե՛ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ:

— Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած:

— Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, — պատասխանեց Եզնիկը փոքր-ինչ այլայլված:

Սեպուհը ժպտաց:

— Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, — հարցրեց նա:

— Իշխանը հրամայեց ինձ` ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր սեպուհի հետ:

— Գևորգ իշխանն այստե՞ղ, մեր բանակո՞ւմն է:

— Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին:

— Գնա՛, ասա՛, թող շնորհ բերե, — պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին` հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին` ընդառաջել իշխանին:

Իսկույն մի խումբ զրահավորներ, պատրաստ ձիանը աշտանակելով` դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը:

— Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարմին, երբե՛ք...-ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամեցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ:

— Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, — ժպտալով պատասխանեց իշխանը:

— Բարեբախտաբա՞ր, ի՞նչ կնշանակե այդ:

— Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին:

— Բարեկամներին, այո՛, բայց դու թշնամու վրանումն ես:

— Ո՛չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. Նա այդպիսի թշնամի չի ճանաչում:

— Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն:

— Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինիս...

— Բարեկա՞մ... դժոխքը տանե նրան... իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան` երբեք, — ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին:

Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից:

— Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ... այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ... — մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը:

— Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից, — խոսել սկսավ սեպուհը` նույնպես մեղմությամբ, — վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել:

— Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից...

— Ես չեմ ապստամբել իմ թագավորից, — ընդհատեց սեպուհն իշխանին.-հիշում ես, թե ինչպե՛ս անձնվիրաբար էի ծառայում նրան: Քանի՛-քանի՛ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՛ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ի՛նչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ...

— Եվ նա քեզ պարտապան չմնաց, իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ... Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից և, ապստամբության դրոշակ բանալով` սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ:

— Երբե՛ք իմ թագավորի, մի՛ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու...

— Անձնական թշնամի՞... մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, — նկատեց իշխանը` իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով:

— Իշխա՛ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով` ինչ որ ես քեզ ասացի, ավելին խոսել չեմ կարող:

— Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի՛նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրա դեմ...

— Գիտես, այնպես չէ՞, — ընդհատեց հանկարծ սեպուհը, — փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն, ի՛նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին...

— Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես:

— Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխա՛ն:

— Ո՛չ, այլ լոկ խնդիր, աղաչանք...

— Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին... Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները... Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այդ խնդրարկության մեջ.

— Լսի՛ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար:

— Բնա՛վ. երա՛նի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

— Եվ, ահա՛, հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ:

— Ո՛չ:

— Ուրեմն լսի՛ր ինձ. կակղացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից հետո:

— Չեմ կարող:

— Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն:

— Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը:

— Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված:

Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները: Ապա մի վայրկենից հետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով` մեղմ ձայնով ասաց.

— Տե՛ր Մարզպետունի, շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը: Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ: Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՛նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է...

— Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես:

— Մի՛ ընդհատիր, իմ խ՛իղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև, անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ են նաև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրանց դաշնակիցներով: Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկած բազմաթիվ վրանները, այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունին թագավորի հետ վերջացնելու: Եթե ես ամփոփեմ ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո՛չ սևորդները, ո՛չ գարդմանացիք, ո՛չ աղվանք, ո՛չ տայոց իշխանը, ո՛չ ափխազաց արքայորդին:

 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz