Օգտվելով իմ այս նոր վեպը լույս ընծայելու պատեհությունից, պարտք եմ համարում հրապարակավ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Խոդեդան» վեպիս առթիվ ինձ ժամանակին շնորհավորած բոլոր ընթերցողներին ու բարեկամներին, որոնց ի վիճակի չեմ եղել աոանձին նամակներով իմ երախտիքը հայտնել: Շնորհակալություն նաև աոանձին արժեքավոր դիտողությունների համար, որոնք սիրով ի նկատի են առնված այս վեպը գրելիս:
Նոր վեպի համար օգտագործել եմ մայր հայրենիքում և սփյուռքում լույս տեսած որոշ հուշագրություններ, ականատեսների վկայություններ և պատմական ու աշխարհագրական աշխատություններ, դրանցից իբրև ատաղձ ընտրելով բացաոապես այն դրվագները կամ եղելությունները, որոնք առնչվում են իմ ընտրած նյութին:
1952 թվականին, երբ ես Իրինղ գյուղում էի, երևելի շինական Գալուստ Քոթանյանր (ափո Գալուստ) իր հարկի տակ դիմելով ինձ՝ ասաց.
— Շատ ուրախ եմ «Խոդեդանի» համար: Շատ ձորերի գլուխը մի ձոր է, շատ խոսքերի գլուխը՝ մի խոսք. էնպես արեք, որ մեր հետքերը չըկորչեն:
1963-ի հունիսի 2-ին Ներքին Թափն գյուղում ես հանդիպեցի «Խոդեդան» վեպիս հերոսներից մեկին՝ Գոմսա Մելիքի կնոջը: Նա ասաց. «Մելիք հարիր տարեկան կեղներ, որ մեոավ։ Թալինու բժիշկ մեկ օր Մելիքին տեսնելով՝ ասաց. «Մելիք ջան, դու քու ուժից ես էսքան երկար ապրել: Չաթալ օսկոր կա քու սրտի մեջ ու չորս պլոհիկ»:
Իմ այս վեպը իրենց սրտի մեջ «չաթալ օսկոր» և «չորս պլոճիկ» ունեցող այդ սերնդի մասին է:
Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի:
Այնքան արտասովոր և առասպելական էին այդ սերնդի մարդիկ և իրենց գործերը, որ թեև այս վեպի ամբողջ նյութը իրական է, կատարված եղելություն, բայց ոմանց կարող է թվալ անիրական և. հեքիաթային:
Այդ մարդկանց անուններն ու գործերը հյուսվել են լեգենդին, հեքիաթին, առասպելին և սերնդե-սերունդ անցնում են բերնեբերան:
Նրանք խումբ-խումբ եկան և լցվեցին այս վիպասանության մեջ, ոմանք իրենց անուններով, մի քանիսն էլ անունները փոխած: Ու դարձյալ հին, չարքաշ, բայց տոկուն հայ շինականն էր, որ ելավ իմ աոաջ: Ամեն մեկը բերեց մի հերոսական դրվագ կամ եղելություն իր կյանքից և հյուսեց այս գիրքը: Գրքի ամեն մի գլուխը մի աոանձին պատում է կամ պատմվածք, իսկ բոլորը միասին՝ մի ամբողջական վեպ:
Սակայն ավելի լավ է խոսքը տանք վեպի գլխավոր հերոսին. «Այսպես ուրեմն, ես ձեգ կպատմեմ իմ և իմ սերնդի կյանքը, ինչպես nr եղավ և ինչպես nr անցավ: Ես ձեզ կտանեմ այնպիսի վայրերով, ուր չեք եղել: Իմ ետևից եկեք: Ես մերթ թամբին նստած կերթամ, մերթ թամբից իջած: Որտեղ հոգնեցինք՝ այնտեղ կանգ կառնենք:
Այդ ո՞վ է բռնել նժույգիս սանձը: Ա՜, բոնաշենցի, դու նորի՞ց հայտնվեցիր Սիմ լեոան լանջերին: Ուղղակի խենթ ես դու, nr այդքան կանուխ շտապել ես ինձ մոտ: Լուսաբացի ցողը ոտքերիս վրա է, և դեմքիս փչում է մի հահելի զեփյուռ: Եկ գնանք ինձ հետ: Հոգ չէ, մենք երկուսով ճանապարհ կմեկնենք, մինչև հաջորդաբար հանդես կգան ինքը Շապինանդը և Պայթող աղբյուրի հերոսները:
Գոնե թույլ տուր ինձ վերջին անգամ Մելքոն վարժապետի դասը լսեմ»:
Երևան, 1972, 10 օգոստոսի