Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 12.38.12
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՀԱԼՎԱՉՈԻ ԱՇԿԵՐՏԸ
ՀԱԼՎԱՉՈԻ ԱՇԿԵՐՏԸ
AdminДата: Понедельник, 2010-11-08, 20.17.46 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ժամանակով մի թագավոր ա լինում։ Էդ թագավորը հլա պսակված չի լինում։
Օրերից մի օր միտք ա անում`

— Մի գնամ,— ասում ա,— իմ աշխարհը ման գամ, տեսնեմ իմ ժողովուրդը ո՞նց ա ապրում, ոնց ա յոլա գնում, քյասիբ-քյուսուբը հո ոտի տակ չի տրորվում, մենձավորները հո չեն նեղում դրանց։

Վեր ա կենում, դերվիշի շոր ա հագնում, իրա թախտը էրկու ամիս ժամանակով տալիս ա վեզիրին, ինքն ընկնում ա ճամփա։

Շատ տեղեր ա ման գալի, շատ բաներ ա տեսնում, վերջը գալիս ա մի ցեղապետի տան ղոնաղ ա ընկնում։

Էստեղ մտնելուն պես աչքը ընկնում ա մի աղջկա վրա, էդ աղջիկն էլ ցեղապետի քիրն ա լինում։

Իրիկունը հաց են գցում, համեցեք են անում դերվիշին, որ հաց անուշ անի.

Դե էն ժամանակ էլ էնպես էր, որ թե ղոնախը հաց չուտի, տանտիրոջ համար անպատվություն ա։

Հիմի էդ դերվիշն էլ սատանի ձին ա նստել, թե՝

— Ես ձեր հացը չեմ ուտի, մինչև իմ խնդիրը չկատարեք։

— Ախր, այ դերվիշ բաբա,— ասում են,— դու մեր հացը խի՞ պիտի չուտես, ախր չէ, էդ մեզ համար, մեր անունի համար լավ չի։ Ի սեր աստծու, արի հաց անուշ արա։

— Հա, որ իմ խնդիրքը կատարեք,— ասում ա,— ես ձեր հացը կուտեմ։ Հիմի դու արի տես, որ էդ դերվիշի խնդիրն էլ ցեղապետի քիրն ա։

— Կամ պիտի ձեր աղջիկը ինձ տաք,— ասում ա,— կամ պիտի ես ձեր հացը չուտեմ։

Վերջը, որ ճարները կտրվեց, տեսան խնդրելով բան չի դուրս գալի, դա իրանց հացը ուտում չի, ասին թե՝ կտանք։

Նոր էդ դերվիշը հացին մոտեցավ, էդ աղջիկն էլ դառավ դերվիշի կնիկը։

Դերվիշն էստեղ էրկու ամիս իր կնկա հետ ապրեց։ Մին էլ միտն ընկան իր թախտն ու թագավորությունը։

— Այ հա՜յ,— ասեց,— ես էստեղ էկել եմ մի կնկա խելքի ընկել, էնտեղ անտեր անտիրական թողել իմ տերությունը։ Ես պիտի գնամ։

— Այ տնաշեն, — ասում ա կնիկը,— դու որ գնում ես, էգուց-էլօր հրես էրեխա եմ ունենալու, ես նրան ո՞նց պահեմ։

Դերվիշը ձեռը տարավ ջեբը, հանեց մի ոսկե ապարանջան։

— Առ,— ասեց,— թե աղջիկ էլավ, կծախես, դրանով կպահես ու մարդու կտաս։ Թե որ տղա էլավ՝ աչու թևից կկապես, ճամփու կդնես, թող գա։ Կասես հերդ սպահանցի էր, անունն էլ Արաս։

Դերվիշի գնալուց հետո, յոթ ամիս անցավ թե չէ, կնիկը ծունկը տվեց գետինը, մի սիրուն տղա բերեց։

Ցեղապետը շատ ուրախացավ`

— Էս լավ էլավ,— ասեց,— ես տղա չունեմ։ Քվորս տղեն ո՞րն ա, իմը ո՞րն ա։ Մեռնելուցս հետո ունեցած-չունեցածս կմնա սրան։

* * *

Խալխի տղերքը տարով են մեծանում, սա` օրով։ Տասը տարեկանումը էնքան սիրուն էր ու լիքը, որ կասենաս մի թավադ լիներ։

Մի օր վեգ խաղալուս մի պառավի տղի վեգերը խլում ա, գլխին խփում ։ Պառավը գալիս ա, սկսում անիծել`

— Տո բիճ լակոտ,— ասում ա,— ուժդ եթիմիս ա՞ պատում։ Նրա վեգերը խլում ես։ Որ էդպես ուժով ես, գնա մի իմացի թե հերդ ո՞վ ա, նոր ուժդ բանացրու։

— Ինչ պետք ա իմանամ,— ասում ա տղեն,— իմ հերը ցեղապետն ա,— ասում ա,— հրեն իմ մերն էլ տանը՝ նստած։

— Այ բիճ-սարսաղ,— ասում ա պառավը,— քու հերը մի թափառական դերվիշ էր. ցեղապետը քու քեռին ա։

Խեղճ էրեխեն լաց լինելով գալիս ա մոր մոտ։

— Ո՞ւր ա իմ հերն,— ասում ա,— ինձ ինչի են բիճ ասում։— Նոր էստեղ մերը մին-մին պատմում ա, թե՝ էսպես, էսպես, քո հերը էսպես մի մարդ էր, հիմի էլ չկա։

— Որ էդպես ա, ես պիտի գնամ իմ հորը գտնեմ։

Էստեղ մերը բերում ա իր մարթի ապարանջանը, կապում ա տղի թևիցը՝

— Գնա,— ասում ա,— որդի, աստված քեզ հետ։ Քու հերը սպահանցի էր, անունն էլ Աբաս։

Տղեն մոր ծիծը պաչում ա ու ճամփա ընկնում։

* * *

Գնում ա գնում, շատ ու քիչն աստված գիտի, հասնում ա մի քաղաք։ Ձեռը ծոցին դրած կանգնած ա լինում իր մտքերի հետ։ Սրան մոտկանում ա մի վաճառական, հարց ու փորձ ա անում՝ ո՞վ ես, ի՞նչ ես, վերջը որ իմանում ա, թե եթիմ տղա ա,

— Արի,— ասում ա,— դու դառի իմ հոգևորդին, ես էլ քեզ հեր։

Չունքի էդ վաճառականը անհիշատակ ա լինում։

Արի տես, որ մի չելած տղա ա մեծանում էդ տղեն՝ էնքան սիրուն, էնքան խելոք, որ տեսնողի խելքը գնում էր։

Էդ մարթն էլ՝ էնպես ա սիրում էդ տղին, որ մարդ իրա իսկական հալալ տղին էլ չէր սիրի:

Օրերից մի օր էդ վաճառականը էրկու ամսով պիտի գնար ուրիշ քաղաքից ապրանք բերելու։ Կանչում ա տղին, ունեցած չունեցածը հանձնում նրան ու ինքը վեր կենում դնում։

* * *

Թող սա գնա իրա ճամփովը, մենք գանք խաբար տանք վաճառականի կնկանիցը։ Էս կնկա խելքը գնում էր էդ տղի համար։

— Էս լավ էլավ,— ասեց,— մարդս էստեղ չի, բանը հեշտ գլուխ կգա։ Կկանչեմ, կհամոզեմ, սեր կտամ, սեր կառնեմ։

Չունքի խեղճ կնիկը ջահել-ջահել էր էդ մեծ մարթին առել, սիրտն էրված էր, մի ջահել տղամարդի կարոտ։

Իրիկունը, որ տղեն դուքանիցը տուն էկավ, կնիկը կանչեց իրա օթախը։

— Հալ-հալբաթ, էսպես, էսպես,— ասեց,— թե որ էսպես չանես, մարդուս քեզանից սուտ բաներ կասեմ, քեզ դուրս կանի տանից։

Տղեն թե՝

— Շատ լավ, մենակ թե մի օր ինձ ժամանակ տու։

Գնաց, մտավ դուքանը, դախլիցը իրեք հարիր մանեթ փող հանեց դրեց ջեբը, մի նամակ էլ դրեց էնտեղ։

Մարդը որ ետ էկավ, իմացավ հոգևորդին չկա, գնացել ա, ընկավ մտքի ծովը, թե ախր էդ տղեն խի՞ պիտի գնար, ինքն էնքան սիրում էր նրան, ամեն դուռը առաջին բաց էր, քեֆին դիպչող չկար։ Կնկանը հարցրեց։

— Ես խաբար չեմ,— ասեց,— իրիկունը գնաց դուքանը՝ էլ ետ չեկավ։ Մարդը մոլորված մտավ դուքանը, փողի դախլը բաց արեց տեսավ, որ փողերը տեղումն են, մի նամակ էլ կա։ Բաց արեց կարդաց՝

«Անուշ հայրիկ ջան, ես եթիմ եմ։ Ինչ փիս բան արել եմ՝ բախշի, ամա մեղավորը ես չեմ։ Մայրիկն ինձ էսպես փիս բան ասեց, ես էլ չուզեցա իմ կերած հացը հարամ անեմ։ Թողում եմ ու գնում, հետս էլ վերցնում եմ իրեք հարիր մանեթ փող, որ ճամփին խեղճություն չքաշեմ։ Մնաս բարին»։ Էս որ կարդաց, հենց իմացավ թե աշխարհը գլխին փուլ էկավ։

— Հեյվա՜ խ,— ասեց,— դրա համար են ասում՝ հում կաթնակերին էհտիբար չկա։ Էն տեսակ տղեն որ կորցրի, էլ ինձ ոչ կնիկ ա հարկավոր, ոչ դոլվաթ, ոչ տուն։

Լաց լինելով գնաց տուն, ասեց՝

— Այ կնիկ, որ դու իմ գլուխ էդ օյինը հանիր, էսօրվանից էս տանիցը դուրս արի, որ աչքիս չերևաս։

Էդ կնիկն էլ ամոթու գլուխն առավ ու մի դհով գնաց։

* * *

Գանք, հիմի խաբարը ումի՞ց տանք՝ խաբարը տանք տղիցը։ Էդ տղեն էր` շատ գնաց, թե քիչ, աստված գիտի, վերջը հասավ Սպահան։

Դես ու դեն թամաշ անելով մոտկացավ մի հալվաչու դուքանի։ Տեսավ, որ հալվաչին հրես հալվեն էփում ա ու տաք-տաք ծախում։ Կանգնեց երկար թամաշ արեց՝ հալվաչին իր հորացուին էր նման, ուզում էր կարոտը առնի։

Հալվաչին որ տեսավ դա շատ ա կանգնում, ասավ՝

— Այ տղա, թե որ փող չունես, առ մի կտոր հալվա՝ կեր ու գնա։ Աստված քեզ հետ։

— Չէ,— ասեց տղան,— ես սոված չեմ, ամա էթալու տեղ չունեմ։ Իմ խնդիրքը էս ա, որ ինձ վերցնես աշկերտ։

Հալվաչին տեսավ, որ դա եթիմ տղա ա, ինքն էլ շատ սիրուն, խելոք էլ երևում ա՝

— Լավ,– ասեց,–— արի, ես քեզ իմ արհեստը կսովորացնեմ, վերջը դրանով գլուխդ կպահես։

* * *

Արի տես, որ էդ տղեն դրա մոտ աշխատելուն պես ամեն բան կարգի գցեց։ Հալվաչին տեսավ, որ էդ տղի ձեռիցը ամեն բան գալիս ա, ասեց`

— Այ որդի, էս դուքանը քեզ եմ տալիս։ Դու գիտես, ոնց ուզես, էնենց յոլա տար։ Ասեց ու ինքը քաշվեց իր տունը։

Էս տղի գործը էնքան աջ գնաց, որ մարդիկ սկսեցին մենակ դրանից հալվա առնել։ Որը գալիս էր դրա կարգ ու սարքը տեսնելու, որն էլ սիրունությունը։ Էն տեղը հասավ, որ էդ քաղաքի հալվաչիք սկսեցին գանգատվել, թե դա մեր բոլորի հացը կտրեց։

Վերջը էս խոսքերը հասան թագավորի պալատը։ Էդ թագավորին մի վեզիր ուներ, վեզիրն էլ մի շատ սիրուն աղջիկ, էդ աղջկանն էլ քառասուն աղախին։
Արի տես, որ աղախիններից մինը լսում ա էդ տղի անունը, վազելով գնում ա խանումի մոտ՝

— Այ՛ խանում,— ասում ա,— ֆլան հալվչու դուքանը մի տղա ա էկել աշկերտ, որ չուտես, չխմես, դրա շենք ու շնորքին կանգնես թամաշ անես։

Էս խոսքերը վեզրի աղջկա գլուխն ա մտնում, ասում ա.

— Ես պիտի գնամ, էն տղին տենամ։

Էգսի օրը վեր ա ունում իր քառասուն աղախիններին, ու ընկնում քաղաքի քուչեքը։
Հալվաչու դուքանի մոտով անց կենալիս, հանկարծ աչքն ընկնում ա էդ տղին ու ուշքը գնում ա։

Աղախինները վրա են հասնում, ուշքի բերում.

— Ախր ի՞նչ էլավ, էդ խի՞ նվաղեցիր։

— Ոնց ուզում ա լինի,— ասում ա վեզիրի աղջիկը,— ես էդ տղին պիտի առնեմ, թե որ չառնեմ,— ասում ա,— կմեռնեմ։

Կանչում ա աղախիններին։

— Աղջկերք,— ասում ա,— ով որ կարենա էդ տղին մի հանգով բերի ինձ մոտ, նրան քաշովը մին ոսկի կտամ։

— Խանում,— ասում ա աղախիններից մեկը,— իմ հերը ջրանցք փորող ա, նա էստեղից մինչև էդ տղի դուքանը կփորի։

Ի՞նչ երկարացնեմ, հայտնի բան ա՝ ոսկին մթի միջին լիս կտա։ Մի քանի օրվա միջին էդ մարդը իր գործը պրծնում ա, տղի օթախի տակն էլ ծակում ա, վեզրի աղջկա աղախինը հանկարծ որ դուրս ա գալի տղի օթախի մեջը, տղեն հենց իմանում ա սատանա յա։

— Մի վախենա,— ասում ա աղախինը,— էկել եմ, որ քեզ տանեմ վեզրի աղջկա մոտ։

Գետնի տակի ճամփովը, քաշում ա տղին, բերում իր խանումի օթախը։

Վեզրի աղջիկը ընկնում ա տղի վզովը։

— Ես քոնն եմ,— ասում ա,— դու՝ իմը։

Ջահել սիրուն աղջիկ, ջահել սիրուն տղա։ Կրակն ընկնում ա դրանց սիրտը էրում, փոթոթում։

Էդ օրվանից հետո էդ տղեն ցերեկը հալվայա ծախում, գիշերը գնում իր սիրեկանին տեսության։

* * *

Հալվաչոնց գանգատը վերջը հասնում ա թագավորին։ Սա վերցնում ա իրա վեզրին, դերվիշի շորեր են հագնում, թե՝

— Հապա գնանք տեսնենք, էդ ի՞նչ տղա ա, որ էդքան վրեն խոսում են։ Իրիկունը գալիս են էդ տղի մոտ, որ գիշերը ղոնախ մնան՝ տղեն ուզում ա տանի սրանց խազեինի տուն, գլուխն ազատի, համա չի լինում՝ ուզում են մնան էստեղ։

Տղեն էլ ի՞նչ անի, ղոնախն աստծունն ա՝ հո դուրս չի անի...

Էդ խոսք ու զրիցի մեջ, մին էլ բիրդան օթախի մեջտեղիցը մի աղջիկ դուրս էկավ`

— Խանումս ասում ա,— ասեց,— էսօր խի՞ ես եդացել, խի՞ չես գալիս։ Էդ աղջկան որ տեսավ` վեզիրը ռանգը գցեց, չունքի ճանաչեց իր աղջկա աղախնին։

— Էսօր ես չեմ կարա գալ,— ասեց տղեն,— ղոնախներ ունեմ։ Աղախինը էլի էն ճամփովը ետ դառավ, համա չանցկացավ մի քիչ ժամանակ, մին էլ էկավ թէ`

— Խանումս ասում ա «Քեզ էլ ղուրբան, քու ղոնախներին էլ, ամենքդ էլ էկեք»։

Տղեն ճարը կտրած, վեր կալավ ղոնախներին, էդ գետնի տակովը բերեց վեզիրի տունը։

Թե ճամփին էդ դերվիշները ի՞նչ հալի էին՝ ասելու չի, համա որ վեզրի սրտին դանակ խփեիր՝ արին չէր կաթի։

Վեզրի աղջիկը դերվիշներին թե՝

— Դերվիշ բաբեք, ինչքան չլինի, դուք էլ հողածին եք։ Թե ուզում եք էդ աղախիններիցը ջոկեք, գնացեք, ժամանակ անցկացրեք։

— Չէ, — ասին դերվիշները,— մեզ մի ջոկ օթախ տվեք, մենք պետք ա աղոթք անենք։
Հենց որ թագավորն ու վեզիրը մենակ մնացին, վեզիրն ասեց՝

— Այ-հա՜յ, թագավոր, ես քո պես թագավորի վեզիրը լինեմ, դա իմ աղջկանը էդ օրը գցի՞։ Էգուց դրանց դատը ինձ պետք ա տաս։

Թագավորն էլ, դրուստ ա, տղին մեղք էր գալիս— ախր շատ ջահել-ջիվան ու սիրուն տղա էր— համա վեզիրի խաթրը չկոտրեց՝ էգցվա դատը տվեց նրան։

Էգսի օրը էդ տղին կանչեցին թագավորի մոտ։ Էդ տղեն մատը կծեց ասեց էն դերվիշները որ կային, իսկական դերվիշներ չէին` էստեղ մի բան կա։

Վեզիրը նստած էր թագավորի թախտին, իսկ թագավորը՝ վեզիրի տեղումը, թախտի կողքին էր կանգնած։

Տղի գալուն պես, բերին վեզրի աղջկան՝ գույնը գցած, դողդողալեն, քիչ էր մնում, որ ուշքը գնար։ Էստեղ վեզիրը թե՝

— Դու էլ իմ աղջիկը չես։ Դու որ իմ նամուսը ոտնատակ տվիր, պետք ա գյուլլախորով լինես, իսկ քու սիրեկան, էն փչացած գյադին ցցին պետք ա բարձրացնիլ տամ։
Ուզեցին հրամանը կատարեն, թեկուզ մեղք էին գալիս աղջկանն ու տղին։ Մանավանդ թագավորը՝ մղկտալով լաց էր լինում, ամա որ իրավունքը տվել էր վեզրին, ի՞նչ կարար աներ։

Աղջկան տարան որ՝ գյուլլեն, տղին էլ որ՝ ցիցը բարձրացնեն։ Տղի շորերը որ վրից պոկում են, տեսնում են, որ՝ աջ թևին ապարանջան կա կապած, վազում են՝

— Թագավորն ապրած կենա,— ասում են,— էն քո անգին ապարանջանը որ էսքան տարի կորած էր հրեն էն տղի թևին կապած։

Տղին բերում են թագավորի մոտ։ Սա որ իր ապարանջանը ճանաչում ա, քիչ ա մնում ուրախությունից ուշքը գնա։ Ընկնում ա որդու վզովը, պաչում-պաչպչում։ Շուտ կանչում ա վեզիրի աղջկան, տեղն ու տեղը դրանց նշան դնում։

Էրկու շաբաթ հետո հարսանիքն են անում։

Էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն՝ աշխարքումը էլ մարդ չի մնում, որ չլիանա էդ հարսանքիցը։

Թագավորն էլ իր թախտը տալիս ա որդուն, ու իր համար հանգիստ ապրում։

Նրանք հասան իրանց մուրազին՝ դուք էլ հասնեք ձեր մուրազին։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՀԱԼՎԱՉՈԻ ԱՇԿԵՐՏԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz