Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-19, 23.19.28
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ
ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ
AdminДата: Понедельник, 2010-11-08, 20.21.12 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ժամանակով մի թագավոր ա լինում։ Սրա մեռնելու ժամանակը որ գալիս ա, կանչում ա որդուն.

— Հրես ես մեռնում եմ,— ասում ա,— թագս ու թախտս թողնում եմ քեզ։ Տարիքդ էլ հասել ա, կարգվելուդ ժամանակն ա։ Ման արի,– ասում ա,– ժողովրդի միջից նամուսով, համեստ աղջիկ ջոկի, պսակվի հետը։ Կնկա բերած բաժինքն ու հարստությունը ինչի՞դ ա։ Էս ա, սաղ աշխարքը մնում ա ձեռքիդ տակին։

Դե, էս թագավոր ա, խրատը տալիս ա որդուն, ձեռները ծալում ա դոշին, աչքերը երկինք ա գցում ու հոգին տալիս աստծուն։

Թագավորին տանում են առոք-փառոք թաղում, գալիս տուն։ Հիմի որդին ա նստում թագավոր։

Նազիր-վեզիրը գալիս են նորընծա թագավորի ձեռն ու ոտը պաչում.

— Թագավորս ապրած կենա,— ասում են,.— հիմի մնում ա, որ քեզ պսակենք։ Ի՞նչ ես ասում։

— Ի՞նչ պետք ա ասեմ,–– ասում ա թագավորը,–– հորս կամքն ա՝ պետք ա կատարեմ։

— Հայտնի բան ա,— ասում են նազիր-վեզիրը,— որդին ծնողի խոսքը գետնովը չի տալ, ամա դե օղորմածիկ հերդ մի բանում սխալվել ա էլի։ Քեզ ժողովրդի միջից առած աղքատ աղջիկը ի՞նչ սազական ա։ Հրեն ֆլան աշխարհի թագավորը մինուճար մի աղջիկ ունի մարդու տալու, իր թագավորության կեսն էլ բաժինք ա տալու վրեն։ Հրամայի, գնանք նրա դուռը խնամախոս։ Հազիր ունեցվածքիդ վրա մի կես թագավորություն էլ կավելանա: Հարստությունը էն ո՞ւմ փորն ա ծակել, որ քունը ծակի։

Դե, ջահել, անփորձ տղա, նազիր–վեզիրը որ մտնում ա նրա տամարը՝ համաձայնվում ա։ Գնում են, թագավորի աղջկանը բերում, պսակում սրա հետ։

Էս աղջիկն էլ շատ սիրուն ա լինում։ Էնքան սիրուն, որ արևին ասում ա, դու դուրս մի գալ, հրես ես էստեղ եմ։

Ախ անտեր լինի էդ սիրունությունը։ Մարդի քոռացնողը, խելքը շաղացնողը, հարստին աղքատացնողը՝ կնկա սիրունությունն ա էլի։ Էս թագուհուն տեսնողը հենց իմանում ա, թե սա տեղովը մեկ հրեշտակ ա, որ կա։

Ամա մարդու բախտը իր հետ պետք ա լինի։ Բախտ ասածը թագավոր ու ռամիկ չի ճանաչում։ Դրա համար են ասում էլի «քոռ բախտ»։ Էս թագավորի քոռ բախտիցը՝ էս սիրուն աղջիկը դուս ա գալի մի՛, մի՛, մի՛ անպետքի մեկը՝ իրա աած, էրես առած, մարդի պատիվ չիմացող։ Չէ՞, մինուճար աղջիկ ա ըլել, ինչ ուզեցել ա, արել ա, նրա ասածը օրենք ա եղել։ Հորանց տանը ո՞վ կարար ասի նրան՝ թե աչքիդ վերևը ունք ունես։

Թագավորն էլ սիրուց խելքը կորցրած, քոռացել ա, չի տեսնում, որ չէ թե հրեշտակ, տեղով մեկ՝ հրեշ ա իր խաս ու խասիաթով։ Թե հորանց տանը մարդ էր զարմացնում, հիմի թագուհի դառած՝ աշխարք ա զարմացնում իր արք ու արարմունքով։

Օրվա մի օրը, էս օձի կծած սիրուն թագուհին մարդուն ասում ա,
-— Դու ինձ իսկի էլ չես սիրում։

Թագավորը թե՝
— Ինչի՞, այ կնիկ, քեզ որ չեմ սիրում, բա ու՞մն եմ սիրում։

— Ինձ որ սիրելիս լինես,– ասում ա թագուհին,— իմ սրտի ուզածը կանես։

— Ի՞նչ ա սրտիդ ուզածը, ասա, էն րոպեին կատարեմ։

— Խոստանում ե՞ս, որ սրտիս ուզածը կատարես,— հարցնում ա թագուհին։ Թագավորական խոսք ես տալի՞ս։

— Էն ի՞նչն ա աշխարհի էրեսին, որ ես քու սիրուն մատաղ չանեմ։ Ի՞նչ ա ուզածդ, ասա։

— Ոչ մի բան էլ։ Ոչ մի բան աչքիս չի գալիս, ամեն ինչից բեզարել եմ,— տնքում ա թագուհին,— մեր կերած-խմածիցն էլ ա զահլես գնացել։ Հորանցս տանը, երբ ուզում էի, փլավ էին գցում ինձ համար, մսի տեղն էլ բլբուլի լիզուներ էին դնում գլխին։ Ամա բլբուլի լիզուներից էլ եմ բեզարել։ Հիմի ես ուզում եմ, որ դու հրամայես, ինչքան աշխարքիս երեսին տեսակ-տեսակ թև ու թռչունք կա, բռնեն բերեն, նրանց սրտերը հանեն, արդար եղի միջին տապակեն, տան ինձ, որ ես մի իշտահով հաց ուտեմ, վրեն էլ ջրի տեղը ծտի կաթ խմեմ։

Թագավորը կարծում ա, որ կնիկը պատճառավոր ա դրա համար ա չեղած բաներ պահանջում ուտելու ու խմելու համար.

— Էդ շատ լավ ա,— ասում ա,— ուրեմն կնիկ ջան` էրկու հոգիս ես...

— Լափ, հենց մի հոգիս եմ,— ասում ա թագուհին,— ես տռզած փորով ման էկողը չեմ։

— Էդ ի՞նչ ես ասում, այ կնիկ,– ասում ա թագավորը,– ո՞նց թե «տռզած փորով ման էկողը չեմ»։ Բա թագաժառանգ մեզ ո՞վ կտա։

— Իմ բանը չի,— ասում ա թագուհին,-— ով ուզում ա թող տա։

— Ինչ միամիտ ա մեծացել կնիկս,— մտածում ա թագավորը,— տեղով մեկ էրեխա յա։ Դե, հայտնի բան ա, առանց մոր, հոր ձեռի մեծացրածն էլ պետք ա էդ ըլի, էլի։ Դե լավ ա, լավ, ամեն ինչ լավ կլի,— ասում ա,— դու քեֆդ հեչ խարաբ մի անիլ։

— Հենց լափ խարաբ եմ անելու,— լաց ա լինում թագուհին,— բա ո՞ւր ա, ինչի թագավորական խոսքդ չես կատարում։

Խեղճ թագավորը մնում ա դարդոտած։

— Էս կնիկը յա խելքապակաս ա,— ասում ա,— յա չար սատանեն մտել ա փորը։ Ո՞վ կիմանա, թե աշխարքիս էրեսին ի՞նչ տեսակ-տեսակ թև ու թռչուն կա, որ բռնեն-բերեն։ Ծտի կաթ ո՞վ ա իմացել։

Թագուհին էլ հիմի ոտը գետնովն ա տալի՝ թե ուզածս չանես, հրես սոված կմնամ՝ կմեռնեմ։

— Ի՞նչ անեմ,— ասում ա թագավորը,— բալի ուրիշ երկրներումը կթվող հավ ու հավքեր կան, հենց ես ա, որ բանից բեխաբար եմ։ Բա էլ ի՞նչ թագավոր եմ, որ կնկանս ուզածն էլ չկատարեմ։

Տեղն ու տեղը հրաման ա տալիս, թե ինչքան իր երկրում խելոք, իմաստուն, գիտնական մարդիկ կան, խելք-խելքի տան, որ տեսնեն, թե ինչպե՞ս կատարեն թագուհու կամքը։

Գալիս են, հավաքվում են բոլոր խելոքները, իմաստուններն ու գիտնականները, ասում են խոսում, ամա դե, ոնց որ մաղով ջուր ըլեն կրելիս՝ բան չի դառնում։ Ոչ էլ համարձակվում են թագավորին հասկացնեն, թե ուր ես կնկանդ խելքին ընկած անկատարելի բաներ պահանջում։

Թագավորը հարցնում ա, թե բոլո՞ր գիտնականներն են եկել։

— Թագավորն ապրած կենա,— ասում են,— մի կենտ գիտնական ա մնացել տանը, ձեռից-ոտից ընկած ալևոր ա, ինքն էլ հիվանդ։

— Գնացեք բերեք էդ մարդուն։

Գնում են բերում։

— Էս հիվանդանալու վախտ ա՞,— ասում ա թագավորը,— ի՞նչ բանի էիր տանը, որ չեկար։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— հաշիվ էի անում, որ տեսնեմ, թե աշխարքիս էրեսին կնիկարմատն ա շա՞տ, թե տղամարդը։

— Մեր ինչի՞ն ա էդ քո հաշիվը,— բարկանում ա թագավորը,— մեր հարցի պատասխանը տուր, թե չէ թագուհին, հրեն ուզում ա սովամահ լինի։

— Համբերի, թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— ես տեսա, որ մարդկությունը որ ստեղծվել ա, մահն էլ հետն ա ստեղծվել, ինչքան ապրում են՝ բոլորն էլ մեռնում են։ Ուրեմն մեռածները ավելի շատ են, քան թե սաղ մնացածները։ Էս հո պարզ հաշիվ ա։ Ամա արի տես, որ ապրողների միջին հաշվի տախտակի վրեն կնիկարմատը տղամարդուց շատ ա դուրս գալիս։

— Էդ ո՞նց կլնի,— զարմանում ա թագավորը,— պետք ա, որ հավասար լինեն։

— Թագավորն ապրած կենա, կլինի,— ասում ա գիտնականը,— կլինի, քանի որ ամեն բեղ ու միրուք ունեցող դեռ հալա տղամարդ չի, ոնց որ, ասենք, ամեն թագավորի կնիկ դեռ թագուհի չի։ Թագուհին էն ա, որ իր թագավոր-մարդու հետ հավասար լուծ քաշի, ժողովրդի մասին մտածի և ոչ թե քու կնկա նման...

— Ի՞նչ «իմ կնկա նման», ասա, վախիլ մի,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա գիտնականը,— ես քեզ նման ոչ վախեցնող եմ, ոչ էլ վախեցող։ Հրետ դու էնպես ահ ու ղող ես գցել գիտնականների ջանը, որ մինն էլ սիրտ չարեց էրեսիդ ասի, թե ի՞նչը ընչոց ա։ Մի ոտս գերեզմանի միջին ա, կես մահը շալակիս՝ մի նոր քու տված ահը ինձ ի՞նչ կանի։ Ուզում ես, դե լսի։ Քու կնիկը իր թագավոր հորիցը բոլ ու բոլ էրես ա առել, դու էլ պակաս աստառն ես տվել գլխիդ նստացրել ու հենց գիտես, թե տղամարդ ես, քանի որ բեղ ու մորուք ունես։ Կնկադ գյամը քաշի քանի ուշ չի, թե չէ խամ, տրճիկ տվող կին քեզ էլ գետնովը կտա, իրան էլ կվնասի։ Հաշիվն անելու վախտը ես կնիկարմատ հաշվեցի էն տղամարդկանց, որ քեզ ու քեզպեսների պես կնանոց ձեռին խաղալիք են դառել, որ սիրուց քոռացած էլ չեն իմանում, թե ինչ են անում։

— Էլ սուս, իմաստուն մարդ,— ասում ա թագավորը,— աչքիս փառը վեր ընկավ։ Դրուստ որ՝ հոր խրատը չկատարողի ոտը քարին կդիպչի։ Ես ընչի՞ չառա մի աղքատ, նամուսով, համեստ աղջիկ։ Ախր, սա ի՞նչ սիրելու բան էր, որ ես սիրեցի սրան։ Էլ հերիք ա, կնկանս գյամը կքաշեմ, թե կարացի խելոքացրի, հու լավ, թե հու չէ՝ չկարացի, իմաց կաց, իմաստուն մարդ, բեղերս ու մորուքս կածիլեմ, որ իմ անումն էլ գրես կնիկարմատների հաշվի տախտակին...

— Էդ որ թագավորի խելքի գալը ասեցիր, մի խելքի եկողի պատմություն էլ ես անեմ։

* * *

... Տեսնես, էն թագավորը բեղ ու միրուքը ածիլեց, թե մնաց էրեսին։ Տո, դե ո՞վ գիտի՝ նայած մարդուն։ Թե՝ նայած կնկանը:... Հը՞...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԱՇԽԱՐՀՔԻ ԿՆԻԿԱՐՄԱՏՆ Ա ՇԱ՞Տ, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz