Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2020-10-22, 13.29.46
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՏՆԻՔԻ ԱԿԸ
ՄԱՏՆԻՔԻ ԱԿԸ
ARTARAMISДата: Вторник, 2010-11-09, 08.08.22 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1402
Статус: Offline
Մի խեղճ պառավ կնիկ ա լինում, սրան ունենում ա մի տղա։ Շատ աղքատ են ապրում։ Տղեն ամեն օր գնում ա անտառ, շալակով փետ ա բերում, ծախում, հացի փող շինում, դրանով յոլա դնում։

Մերը տղին փոքրուց միշտ խրատում ա, որ մարդու չվնասի, կենդանի ու հավք չսպանի։

Մի օր էս տղեն տեսնում ա, որ գեղի էրեխեքը մի կատու են բռնել, ծեծում են, չարչարում։ Անլեզու կատվի աղեկտուր մլավոցը բռնել ա աշխարքը։ Պառավի տղի սիրտը մղկտում ա.

— Էրեխեք,— ասում ա,— բաց թողեք էդ կատվին, մեղք ա, խեղճ ա։

— Դե, որ էդքան խղճում ես, հանի մեզ փող տուր, կատվին թողնենք։

Կատուն էնպես ա մլավում, ասես լաց ա լինում։ Էս տղի սիրտը փուլ ա գալիս, էդ օրվա ծախած փետի գինը տալիս ա էրեխանցը, կատվին ազատում, հետը տանում տուն։ Էդ իրիկունը մեր ու տղա սոված են մնում։

Մեկել օրը տղեն որ գնաց փետ անելու, կատուն էլ հետը գնաց։ Էն օրվա բերած փետը ծախեց քառասուն մանեթի, քսանը տվեց հացի, քսանը ձեռին տուն էր գալիս, տեսավ գեղի էրեխեքը հիմի էլ մի շուն են բռնել կապ-կապել, չարչարում։ Նրա կլանչոցի ու ոռնոցի վրա ծիծաղում, հռհռում։ Պառավի տղեն ձեռի մնացած քսան փարեն տվեց շանը ազատեց, բերեց տուն։

Էն մեկել օրը տղեն, Շունն ու Կատուն, իրեքով են գնում փետի։ Էդ օրվա արած փետը ծախում են վաթսուն մանեթի։ Քսանը տալիս ա տղեն ու մոր համար հաց առնում, քսանով էլ շանն ու կատվին կերակրում, մնացած քսանը ձեռին տուն ա գնում։ Մին էլ տեսնում ա, որ գեղի էրեխեքը հիմի էլ
օձ են բռնել, տանջում, չարչարում են։ Պառավի տղեն մնացած քսան մանեթը տալիս ա օձին ազատում, բերում տուն։

Էգսի օրն էլ չորսով են գնում անտառ փետի։ Պառավի տղեն, Շունը, Կատուն, Օձն էլ մի պուլիկի մեջ դրած։ Որ գալիս են անտառը, բարեսիրտ տղեն օձը պուլիկիցը հանում ա, որ ազատ բաց թողնի, ամա օձր չի հեռանում նրանից։ Կես օրվա հացին նստում են մի սառն աղբրի գլխին, տղեն իր հացն ա ուտում, Շունն ու Կատուն իրանց բաժինը։ Պառավի տղեն մի կտոր հաց էլ իրա ձեռովը դնում ա Օձի բերանը։ Ու էստեղ, մին էլ ի՞նչ ա տեսնում՝ փառքդ շատ լինի տեր աստված, մի արմանալի ու զարմանալի, մի չտեսնված բան, Օձը իր կաշվիցը դուրս սողաց, կանգնեց տեղումը մի սիրուն, ջահել տղա։ Մեր պառավի տղեն, շունը, կատուն մնացին զարմացած, բերանները բաց։ Էստեղ օձի շապկիցը դուրս էկած տղեն ասավ.

— Մի զարմանաք, ես էս՝ երկրի թագավորի տղեն եմ։ Չար կախարդները թշնամացել էին հորս հետ, նրանք ինձ գողացան, օձ դարձրեցին ու ասեցին, թե ես նորից տղա կդառնամ, եթե մի մարդ իր ձեռքովը ինձ հաց տա։ Ես հենց դրա համար էի մարդամեջ եկել, որ բալի մեկը ինձ իր ձեռովը հաց տար։ Դու ինձ ազատեցիր չար էրեխանց ձեռիցը, դու քանդեցիր կախարդանքը։ Հիմի ինչքան էլ լավություն անեմ քեզ, մինչև մահ հավիտյան քու պարտքիցը չեմ կարա դուրս գա։

Նոր էս տղեն գնաց իր թագավոր հոր մոտ ու.

— Բա չե՞ս ասի, այ հեր,— ասեց,— էսենց, էսենց, էսենց բան։— Ու պատմեց հորը, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Թագավորը կանչեց պառավի տղին, ճակատը պաչեց, շատ սիրեց, շատ պատվեց, ասեց.

— Դու փրկել ես իմ որդուն, իմ աչքի լուս, իմ հույս ու թագաժառանգ տղին, ասա ինչ որ սիրտդ կուզի, ինչ որ լեզուդ ասի, էն րոպեին կստանաս։

— Թագավորն ապրած կենա,— ասեց պառավի տղեն,— բան էլ ա չեմ ուզի դու ողջ ու առողջ լինես։

Վերջը, թագավորը որ շատ զոռեց, պառավի տղեն ասեց,— ուրիշ բան չեմ ուզի, մատիդ էդ մատնիքը տու ինձ։

Էդ էլ թագավորի տղի սովորացրածն էր, ամա թագավորը ի՞նչ իմանար։

— Վա՜յ, քու սովորացնողի վիզը կոտրվի,— ասեց թագավորը, ամա էլ ուր, հո ետ չէր կանգնի իր խոսքիցը, հանեց մատիցը ավեց տղին։ Հետն էլ հրամայեց՝ մի խուրջին ոսկի, մի խուրջին արծաթ տան։

Բարի պառավն ու նրա բարեսիրտ տղեն հիմի թագավորից պակաս չէին հարուստ։ Տղեն էլ հասակն առել էր, կարգվելու ժամանակն էր։ Պառավն ասեց,

— Այ որդի, ես գնամ թագավորի աղջիկը քեզ համար ուզեմ, ի՞նչ կասես։

— Դու գիտես, այ մեր, ոնց որ հարմար կտեսնես՝ էնպես արա։ Պառավը վեր կացավ գնաց նստեց թագավորի խնամաքարին։ Թագավորն էլավ ասեց,

— Ի՞նչ ա ուզածդ, այ պառավ։

— Թագավորն ապրած կենա, — ասեց պառավը, — էկել եմ, որ խնամի դառնանք, աստծու հրամանով քու աղջիկը ուզում եմ իմ տղի համար, պետք ա, որ տաս։

— Կտամ,— ասեց թագավորը,— թե որ կարենաս իմ ուզածը տալ։ Քեզանից կուզեմ խազինա, կուզեմ իմ պալատների պես տուն ու տեղ, կուզեմ իմ տնից մինչև քու տունը էրկու շարք ծառեր տնկած, մեջտեղը գլխե-գլուխ խալի փռած, երկու կողմերից սպիտակ ձիավոր կանգնած։

— Հա՜յ, հա՜յ,— ասեց պառավը,— թող քու ասածն լինի։ Էկավ պատմեց տղին թագավորի ուզածը։ Տղեն չէ՞ որ գիտեր մատնիքի զորությունը, ակը շուռ տվեց թե չէ՝ երկու արաբ կանգնեցին տղի առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա շինե՞նք, թե քանդենք։

— Շինեք,— ասեց պառավի տղեն,— հրամայեց, որ կատարեն թագավորի պահանջածը։ Առավոտը վեր կացան տեսան ամեն ինչ շինած պատրաստ ա։ Հարկ ու հարսանիք կապեցին։ Թագավորի աղջիկը դառավ պառավի համար խելոք, համեստ հարս, պառավի տղի համար՝ սիրուն, հավատարիմ ամուսին։ Ուրախ սրտով, լիացած աչքով մտան իրանց պալատը ու քաղցր ապրեցին, իրանց աստծուն փառք տալով ու իրարով ուրախանալով։

Անց կացավ մի առ ժամանակ։ Պառավը մնացած իր ումբրը որդուն տվեց, օրշնեց տղին ու հարսին, մեռավ։ Մորը տարան պատվով թաղեցին, տղեն իր գործերով դուրս էլավ տանից։ Կնիկը մնաց տանը մենակ։

Հենց էդ վախտը, մի ակնավաճառ, որ գիտեր մատնիքի զորությունը, էկավ սրանց տուն, իբր թե մատնիքներ ա ծախում.

— Այ լավ մատնիք, այ լավ ուլունք, այ լավ ականջի օղ։ Թագավորի աղջիկ, վեր կալ, որը ուզում ես։

Թագավորի աղջիկը ջոկեց իրեք մատնիք, միտք էր անում, թե դրանցից որը վերցնի։ Ակնավաճառն ասեց.

— Էդ իրեքն էլ թող քեզ լինեն։ Քու չարը տանեն։ Քու սիրունությանը սազական են։ Դրանց տեղակ ինձ տուր էն մի մատնիքը, ես մի տեսնեմ էդ ի՞նչ շենքի մատնիք ա։

Թագավորի աղջիկը միամիտ, մատնիքը մեկնեց ակնավաճառին։ Սա վերցրեց ու ակը շուռ տվեց, երկու արաբ կանգնեցին սրա առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա.— շինե՞նք, թե՞ քանդենք։ Ակնավաճառը ասեց.

— Էս պալատները, մենք էլ մեջը, հասցրեք յոթը ծովի կղզու մեջտեղը։ Տղեն որ ետ եկավ տուն, տեսավ, ոչ պալատ կա, ոչ թագավորի աղջիկը, իրա հին ու աղքատ տնակն՝ ա մնացել։ Ինքը մնաց մեն-մենակ, ոչ մեր, ոչ կնիկ։ Սևը սիրտը պատեց, ընկավ սար ու ձոր իր օրը վայ տալով։

Շունն ու կատուն շատ ցավեցին իրանց բարերարի համար։ Խոսքը մեկ արին, որ գնան, ընկնեն ծով ու ցամաք, մատնիքը գտնեն՝ բերեն։ Գնացին, գնացին, վերջը հասան Մկների թագավորությունը։

Սահմանի գլուխ պահող ու պահպանող զորքերը, ահ ու սարսափով փախան, թաքնվեցին։ Կատվի գալը հայտնի ելավ թագավորության չորս կողմը։ Մկնաց թագավորը մեծ ժողովք հավաքեց, հրամայեց, որ բերդերը ամրացնեն, թոփ ու թվանքը պատրաստ պահեն։ Գիր գրեց Կրիաստան, Կրիայի թագավորին, որ մի քանի հազար զրահապատ զորք ղրկի, որ ծովի կողմից Կատվին պաշարեն, առաջն առնեն։ Հետո գրեց Ոզնիստանի թագավոր Ոզնուն, որ մի քանի հազար տեգավոր զորք էլ նա ղրկի։ Պայման դրեցին, որ եթե նրանց քաջությամբ փրկվեն Կատվի ձեռիցը, Մկնաց ազգը տասը տարի խարջ տա Կրիայի ու Ոզնու թագավորներին։

Դեռ պայմանը չգրված, չկնքված, Մկնաց թագավորի դուռը հասավ Շունը, երկու թաթը դոշին դրեց՝ պատիվ բռնեց, գլուխ տվեց ու ասաց.

— Մկնաց թագավորը ապրած կենա, ես Անհաղթ Կատվի կողմից պատգամավոր եմ էկել. Եթե կուզեք, որ ամենազոր Կատուն ձեր ազգը չջնջի հրամայեք, որ մի քանի հայտնի լողորդ՝ իշխանազուն մկներ, քու որդու հրամանի տակ մեզ տանեն հասցնեն կղզիները։

Թագավորը ջոկեց յոթը փառավոր իշխան ու կտրիճ լողորդ։ Շունն ասեց,

— Էդքանը մեզ հերիք ա։

Մկները լող տվին առաջից, Կատուն էլ թռավ Շան շալակը, գնացին, ծովե-ծով կտրեցին անցան, մինչև որ հասան Յոթ ծովի մեջտեղի Կղզին, տեսան՝ հրեն պալատը երևաց։

Կատուն մռռաց, բաշի մազերը կանգնեցին սուր-սուր, աջու թաթը բարձրացրեց ու զարզանդ ազդող ձենով մլավեց.

— Մկներ, շուտ արեք, ներս մտեք, ակնավաճառի ձեռիցը մատանիքը բերեք։

Մութ զարզանդ գիշեր ա, խավարը պատել ա երկինք ու երկիր, մատդ որ մարդի աչքը կոխես՝ չի տեսնի, ամա դե Կատուներն ու Մկները մութ տեղն էլ են տեսնում, ոնց որ ցերեկը։

Մկները պատը ծակեցին, ներս մտան, տեսան ակնավաճառը քնած ա, դես դեն ման էկան, ամեն քունջ ու պուճախ նայեցին՝ չկա ու չկա։ Մկների մեծ իշխանը, որ շատ փորձված ու ամեն տեսակ նեղ տեղից ազատված էր, ասեց.

— Կա-չկա, ակնավաճառը մատնիքը բերանն ա դրել, որ գողացող չլինի։ Բաց արեց ակնավաճառի կողքին դրած բռնոթու ղութիկը, կանչեց իր որդուն, ասեց,— պոչդ թաթախի բռնոթու միջին, տար կոխի ակնավաճառի քիթը: Հը՞, էդ ինչի՞ ուշացրիր, վախու՞մ ես մարդուցը, իշխան մուկը վախլուկ չի լի, իմ ջահել ժամանակը, ես պատահել ա, քնած մարդու ականջը կծել եմ: Վախիլ մի, ես էստեղ եմ, դու գնա։
Իշխանազուն մուկը բռնոթոտ պոչը որ կոխեց ակնավաճառի քիթը, ակնավաճառը հենց փռշտաց, ասես թոփ կրակեցին։ Մատնիքը վեր ընկավ բերնիցը, Շունն ու Կատուն մատնիքը վեր կալան։ Մկները սրանց հասցրին ցամաքը։ Նոր էստեղ Կատուն ազատություն տվեց էս մկներին։

Շունն ու Կատուն էկան հասան իրանց տունը, մատնիքը դրին պառավի տղի առաջ, էնպես ուրախանաք դուք, ձեր որդիքն ու թոռները, ինչ նա ուրախացավ։ Մատնիքի ակը շուռ տվեց, էն երկու արաբը կանգնեցին տեղնուտեղը առաջին, ասին.

— Մեր տեր ու տիրական, ասա, շինե՞նք, թե՞ քանդենք։

Ասեց.

— Ամեն ինչ առաջվա պես լինի։ Հենց էդ ասելն էր՝ պալատները կանգնեցին իրանց տեղումը, թագավորի աղջիկն էլ մեջը։ Ակնավաճառը որ տեսավ պառավի տղին, ահ ու սարսափից տեղն ու տեղը փետացավ` մեռավ։

Մնացին մարդն ու կինը, իրանց հավատարիմ, բարին չմոռացող, չարը խափանող Շունն ու Կատուն։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՏՆԻՔԻ ԱԿԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz