Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-06-20, 13.05.34
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ ՄԵՆԱԿ ՀՈՂԸ ԿԿՇՏԱՑՆԻ
ARTARAMISДата: Вторник, 2010-11-09, 08.12.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Լինում ա, չի լինում մի թագավոր։ Արի տես, որ թագավորի խազինիցը նրա ամենասիրած ու անգին քարը կորչում ա։ Սաղ պալատը տակն՝ ու վրա են անում, քանի անմեղ մարդու տուն քարուքանդ անում, ման գալիս չեն կարում գտնեն։

Թագավորը ոտը գետնովն ա տալի։

— Թե իմ սիրած անգին քարը չգտնեք՝ սաղ քաղաքը սրի կքաշեմ։ Էստեղ, պալատն՝ ա մտնում մի դերվիշ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— մթամ, որ սաղ քաղաքը սրի քաշեցիր, մեռածները քեզ անգին քար կդառնա՞ն։ Ես քու կորուստը կգըտնեմ, ամա ինչ ուզեմ, պիտի տաս ինձ,— ասում ա,— խոստանում ե՞ս։

— Խոստացա,— ասում ա թագավորը,— ինչ ուզես, կտամ։ Ասա քարի տեղը։

— Մորթեք վեզրի սև ղազը,— ասում ա դերվիշը։— Քարը սև ղազի փորումն ա։

Մորթում են, տեսնում քարը հրեն վեզրի սև ղազի փորումը։

Բռնում են վեզրին, թե՝ անգին քարը ի՞նչ գործ ունի քու սև ղազի փորումը։ Ինչ անում են, չեն անում, վեզիրը հանձն չի առնում։

— Կապեք վեզրի ձեռն ու ոտը,— ասում ա դերվիշը,— կախ տվեք դրան անտակ հորը, օձերին ու կարիճներին կեր՝ լիզուն կբացվի։

— Ամա՜ն,– լղապատառ ա լինում վեզիրը,— ազատեցեք ինձ, ես ճիշտը կասեմ։

Վեզրին վեր են քաշում հորիցը։

Դու մի ասի, քարը վեզիրն ա գողացել, մտցրել ղազի բերանը, որ հետո մորթի, քարը հանի տանի ուրիշ աշխարքի թագավորի վրա ծախի։

— Դերվիշ,— ասում ա թագավորը,— դու խելոք մարդ ես, սրան ի՞նչ պատիժ կհասնի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա դերվիշը,— քանի որ դա աչքածակ մարդ ա, դրա մի աչքը հանի, մեկելով թող տեսնի, թե ինչքան մարդու տուն ա քանդել։

Թագավորական դահիճը պալատ ա մտնում, միլը տալի վեզրի աչքին, աչքը հանում, գցում։ Դերվիշը վեր ա ունում էն աչքն ու ջեբն ա դնում։

Ուշք գնացած վեզրի թևերն են մտնում, տանում տուն։ նոր, էստեղ դերվիշը ասում ա,— թագավորն ապրած կենա,— ասում ա,— դու թագավորական խոսք ես տվել, որ ինչ ուզեմ, տաս։

— Ի՞նչ ա ուզածդ տվեցի։

— Էդ մարդու աչքի քաշովը մին ոսկի տու ինձ։

Բերում են ոսկու կշեռքը։ Դերվիշը, ջիբիցը հանում ա մարդու աչքը, դնում մի կողմ, մեկել կողմը լցնում են ոսկով, ամա աչքի կողմը տեղիցը չի բարձրանում։
Ճարները կտրում ա, բերում են մեծ կշեռքի վրա կշռում, մի կողմում աչքը դնում, մի կողմում լիքը ոսկի, ամա աչքի թայը տեղիցը չի շարժվում։

Այ քեզ օյի ն, էս ի՞նչ բան ա։

Ղանթարի մեծ կշեռք են բերում, մի թայը ոսկով լցնում, ամա էն թայը, որին աչքն ա դրած՝ ոնց որ գետնին կպած լինի։

Թագավորը կատաղում ա, փրփրում.

— էդ դերվիշը դիտմամբ ա անում,— ասում ա,— որ ինձ խաբի, էդ հո աչքակապություն ա։

Դահիճին կանչում ա, որ դերվիշի գլուխը կտրի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա դերվիշը,— իմ գլուխը կտրելով բան չես հասկանա, դու համբերի։

Վեր ա ունում մի բուռը հող, ածում էն աչքի վրա, կշեռքի նժարը, անմիջապես վեր ա թռնում, բարձրանում։

— Էս ի՞նչ բան էր,— զարմանում ա թագավորը,— էս ի՞նչ օյին էր։

— Օյին չէր,— ասում ա դերվիշը,— էս էն աչքածակ վեզրիդ աչքն էր։ Դու ինձանից լավ գիտես, թե ինչքան փիս մարդ էր վեզիրդ, թե ինչի՞ էիր դրան պահում, էդ քո գիտնալիքն ա, ամա հայտնի ա ամենին, որ սաղ աշխարքը գռփեց, կերավ էլ չդադարեց, էնքան անկուշտ, էնքան աչքածակն ա։ Աչքածակ մարդու աչքը,— ասավ դերվիշը,— մենակ հողից կկշտանա։ Հողը, որ ածեցի վրեն, աչքը կշտացավ։ Հիմի նրա իսկական քաշը մի քանի մսխալից ավել չի։

Պատահում ա, որ աչքածակ մարդը մեռնում ա, աչքերը բաց են մնում, փակելու ճար չի լինում, մինչև գերեզմանի հողը չածեն աչքերին։

— Դերվիշ-բաբա,— ասում ա թագավորը,— քու իսկական վարձը քաշովդ մին ոսկին ա։ Կանգնի կշեռքի մի թային, թող մեկելին ոսկի լցնեն։

— Թագավորն ապրած կենա,– ասում ա դերվիշը,— ոսկին իմ ինչի՞ն ա պետք։ Իմ օրվա հացը մարդիկ ինձ տալիս են, նրանց բարի բան սորվացնելու համար։ Ես ուզեցի, որ դու էլ քու նազիր-վեզիրների բանն իմանաս, իմանաս, թե ո՞նց են նրանք ժողովրդին գռփում ու թալանում...

Հեքիաթը, որ թամամեց.

— Ալևոր,— ասեց տատս,— էդքան էլ աչքածակ ու ագահ մարդ կլինի՞ աշխարքիս էրեսին, դու տեսած կա՞ս։

— Հերիքնազ,— ասեց պապս,— տեսած կամ։ Մեր գեղական քոխվեքն ու քեդխուդեքը էլ էն վեզիրնե՞րը չեն։ Ինչ շան օր քաշեցի ես դրանց դռներին մինչև մի կտոր հողի տեր դառա ու տուն դրեցի։ Բա միտդ չի՞...

Ամա աչքածակ մարդը շատ անգամ իր ագահության զոհն ա դառնում,— շարունակեց պապս,– էրկու էդպես աչքածակ մարդ են լինում։ Թագավորը դրանց ամեն ուզածը կատարում ա՝ ինչքան պահանջում են` մեկին երկուս են ստանում, ամա օր ու գիշեր տնքում են ու գանգատվում՝ էս ա պակաս, էն ա պակաս։

Թագավորի ճարը որ կտրվում ա, կանչում ա պալատ, ասում,— ինչ որ ուզեք, կտամ, մենակ թե ձեր գանգատները չհասնեն ականջիս։ Ինչքան որ ձեզանից մեկը ուզի` մեկելին էրկու անգամ ավել եմ տալու։

Ագահները մնում են շվարած, վերջը դրանցից մեկն ասում ա.– Թագավորն ապրած կենա, ես կուզեմ, որ իմ ընկերոջ մի աչքը հանես։

— Շատ լավ,— ասում ա թագավորը,— դրա մեկ աչքը որ հանիլ տամ, քու էլ էրկու աչքը պետք ա հանեմ։ Մեր պայմանն էդպես ա։

Ձեն ա տալիս դահիճին՝ առաջինի էրկու աչքն ա հանել տալիս, էն մեկելի՝ մի աչքը։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz