Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2021-03-01, 05.13.22
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՐԴ ԻՐԱ ԿՅԱՆՔՈՎԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ
ՄԱՐԴ ԻՐԱ ԿՅԱՆՔՈՎԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ
ARTARAMISДата: Вторник, 2010-11-09, 08.12.57 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
Աստվածը եդեմական բաղ ու բաղչի ծաղիկների միջին թինկը տված, կյանք ա բաժանելիս լինում իրա ստեղծած շունչ արարածներին։ Կանչում ա մարդուն.

— Մարդ արարած,— ասում ա,— քեզ տալիս եմ քսան տարվա կյանք։ Գնա,— ասում ա,— քեզ համար ազատ, ուրախ, անդարդ մարդավարի ապրի։

Մարդը` դե, ագահ, աչքը ծակ, սիրտը նեղ խռովում ա աստծուց, թե քիչ ա կյանք տվել իրեն, ունքերը կիտում, մի կողմ քաշվում նստում։

— Շուն-արարած,— ասում ա աստվածը,— դե, հիմի դու մոտ արի։ Դու շատ հավատարիմ կենդանի ես, ես քեզ տալիս եմ քառասուն տարվա կյանք։ Գնա, քու շան օրը քաշի։

— Տեր աստված,— ասում ա շունը,— ես քառասուն տարի էս մարդի դռանը հաչա՞մ, ոսկոր կրծե՞մ։ Ինձ քսան տարին էլ բոլ-բոլ ա։ Մնացած քսան տարին էլ ավելացրու հրեն, նեղացած տիրոջս կյանքին, գուցե աչքը կշտանա։

Աստված տեսնում ա, որ շունը խելքի մոտիկ բան ա ասում, վեր ա ուն ում շան քսան տարին, տալիս ա մարդուն։ Մարդը դառնում ա քառասուն տարեկան։

Շունը վեր ա կենում, աստծու ձեռը լիզում, գնում իր բանին։ Ամա անկուշտ մարդը, էլի վիզը ծռած նստած ա էնդեղ։ Չի հեռանում։

Շանից հետո աստված էշին ա կանչում։

— Էշ արարած,— ասում ա,— Քեզ էլ եմ քառասուն տարվա կյանք տալիս։ Գնա,— ասում ա,— էշավարի՝ ապրի։ Կուզես մոխրումը թավալ տու, կուզես,— ասում ա,— ինչքան կուզես զռա, փառք տու քու ստեղծողին։

Դե, էշը՝ էշ ա էլի։ Ի՞նչ հասկանա թե աստված նրա լավն ա ուզում։

— Տեր աստված,— ասում ա,— իհարկե, որ քու միրուքի մի մազը ավել խելք ունի, քան իմ էս եքա գլուխը։ Ամա թե,— ասում ա,— ես ո՞նց քառասուն տարի, սրա-նրա դռանը քարշ գամ, բեռները կրեմ, դագանակի ծեծ ուտեմ։ Ինձ քսան տարին էլ բոլ-բոլ ա։ Էն մնացած քսանը էդ անկուշտ մարդին տուր գուցե աչքը կշտանա։

— Սա, ճիշտ որ էշ ա,— մտածում ա աստված,— իսկական ավանակ։ Շունչ արարածը ավել կյանքից կհրաժարվի՞։

Խլում ա էշի քսան տարին՝ տալիս մարդուն։ Մարդը դառնում ա վաթսուն տարեկան։

Էշը, ուրախությունիցը տրճկի տալով զռում ա, աստծուն փառք ա տալիս, գնում, փալանն առնում մեջքին, ամա մարդը՝ սոված, անկուշտ, աղքատի նման վիզը ծռած, նստած ա էնտեղ, չի հեռանում։

Էշից հետո, աստվածը կանչում ա կապիկին։

— Արի, արի,— ասում ա,— արի, այ մեյմուն, արի քեզ տամ մի քառասուն տարի։ Գնա մեյմունություն արա։

Մեյմունը ահիցը դես ա թռչում, դեն ա թռչում, բարձրանում ծառին, պոչը ոլորում ծառի ճղիցը, գլխիվեր կախ ընկնում։

— Տեր աստված,— ասում ա,— իմ մեղքը ի՞նչ ա, որ ես քառասուն տարի ուրիշի տնազ անողը լինեմ։ Մեծ ու պստիկին ինձ վրա ծիծաղեցնող լինեմ։ Քսան տարին ինձ էլ ա բոլ, իմ պապերին էլ։ Հրեն էն մարդու սիրտը էնքան կոտրած ա, որ ինձ վրա էլ չի ծիծաղում։ Իմ մնացած քսան տարին նրան տուր, գուցե աչքը կշտանա՝ մի հետ էլա ծիծաղի։

Ասում ա մեյմունը, լիզուն հանում ա, շանց տալիս մարդուն, դունչը ծռմռում, հետո ծառի կոտրած ճյուղը ձեռնափետի պես թաթն ա առնում, կուզեկուզ գնում։ Մին էլ շուռ ա գալի, պոչը վեր քաշում, քամակը շանց տալի աստծուն, փախչում, գնում։

— Այ, սատկես ոչ, մեյմուն,— ասում ա աստված,— ծիծաղու սպանեցիր ինձ։ Դե, լավ, թող քու ասածը լինի։

Վռազ վեր ա ունում մեյմունի մնացած քսան տարին, ավելացնում մարդու վաթսուն տարուն։ Մարդը դառնում ա ութսուն տարեկան։

* * *

Պապս էս հեքիաթը որ թամամացրեց.

— Էս ամենը,— ասեց,— մարդու վրա ա ասված։ Իրա իսկական կյանքով մարդս քսան տարի ա ապրում։ Քսան ու մեկից մինչի քառասունը՝ շան կյանքով, յանի թե՝ շնություն ա անում։ Քառասուն ու մեկից մինչև վաթսունը՝ իշի կյանքով, յանի թե՝ շատ ա աշխատում, չարչարվում։ Հազարիցը մեկ ա վախտ գտնում թավալ տալու՝ հանգստանալու։ Հազարից մեկ էլ՝ ձենով երգելու, ուրախանալու։ Վաթսունից ութսունը մարդու մեջքը ծռվում ա, փետը ձեռին կռացած ա ման գալի։

Ամա ծերությունն էլ,— ասեց պապս,— իր համն ու լազաթն աւնի։ Խելք բաժանելու վախտը աստված մարդուն չի մոռացել, մարդն ինչքան էլ մեծանա, ինչքան էլ ալևոր դառնա՝ ապրած տարիքն ու կյանքի փորձը նրան ավելի իմաստուն են դարձնում։ Սրա համար ա, որ մեծի պատիվը շատ ա մեր ժողուվրդի մեջ։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՐԴ ԻՐԱ ԿՅԱՆՔՈՎԸ ՉԻ ԱՊՐՈՒՄ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz