Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-19, 03.10.00
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՐՏԻՐՈՍ ԲԻՁՈԻ ՈԻԶԱԾԸ
ՄԱՐՏԻՐՈՍ ԲԻՁՈԻ ՈԻԶԱԾԸ
ARTARAMISДата: Вторник, 2010-11-09, 08.13.47 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Հայտնի բան ա, որ տարիքի բեռը ծանր ա գալիս մարդ արարածի վրա։ Ամեն մարդ չի կարենում դիմանա էդ բեռին։

Մարտիրոս բիձեն, որ ութսունվեց տարեկան դառավ, գլխացավից էր գանգատվում, ասում էր՝ ականջներս դժժում են, ոտներս թուլացել են, դողում են, ասում էր։

— Բան չկա, պապի,— ասում էին,— ծերությունից ա:

— Հրես, կերածս չեմ կարում ծամեմ, աչքերս էլ շաղվում են, բան էլա չեմ տեսնում։

— Էդ էլ,— ասին,— ծերությունիցն ա։ Մարտիրոս բիձեն նեղացավ։

— Բա ինչի՞ հրոխպորս տղա Հաբեթը, որ ինձանից մի քանի տարով մեծ ա, ասում ա, որ իրա ամեն բանը կարգին ա։

— Մարտիրոս բիձա,— ծիծաղեցին հարևանն՛երը,— Հաբեթը ասո՞ւմ ա, դե դու էլ ասա, որ լավ լինի։

Մարտիրոս բիձեն դառնացած գլուխը տարուբերեց.

— Ձեզ համար ի՞նչ կա,— ասեց,— ձերն էնա, որ սեպներդ բաց անեք, մարդի վրա ծիծաղեք։ Դուք գիտե՞ք,— ասեց,— որ հեռ լսողաց, ինձ չեմ կարում պահեմ, գիշերները տակս թրջում եմ։

— Այ տղա, Մարտիրոս,— ձեն տվեց նրա մանկության ընկերներից մեկը,— օրորոցը միտդ ա ընկե՞լ։

Էս խոսքի վրա ջահելները ծիծաղեցին, ամա մի ուրիշ տարիքով մարդ (չէ՞ տարիքովը խելոք կլինի)— ձեններդ կտրեք,— ասեց,— Մարտիրոս հեչ դարդ մի անի,— ասեց,— հրեն Քոթակլի գեղումը մի հայտնի գիր անող կա, քանի-֊քանի մարդ ա սաղացրե, բերեք էստե, թող գա, գիր անի։

Կանչեցին էդ գրբացին, էկավ գիր արեց, ամա արի տես, որ գիրը շատ զոռ էր արել, խեղճ Մարտիրոսի վիճակը ավելի վատացավ։

Բանը հասավ տերտերին,

— Մարտիրոս,— ասեց,— օրշնյալ, ժամ ու պատարագ, աղոթք ու աստծու անունը մտահան ես արել։ Վեր կաց, արի ժամը, մատաղ արա, խունկ ու մոմ վառի, գիշեր-ցերեկ աղոթի աստծուն, որ ցավերից ու տանջանքներից ազատվես։

Ու Մարտիրոս բիձեն սկսեց աղոթել, օր ու գիշեր էն էր խնդրում աստծանից, որ հոգին առնի, ազատվի ցավերից։

Մարտիրոս բիձու աղոթքը հասավ երկինք։ Աստված տեղն ու տեղը Գափրել հրեշտակին ուղարկեց ներքև։

Մարտիրոս բիձեն աչքը բաց ա անում՝ Գափրել Հրեշտակը հրեն գլխավերևը կանգնած։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— աստված լսել ա քու աղոթքը, հրես ուղարկել ա ինձ, որ հոգիդ առնեմ։

— Գափրել հրեշտակ,— կմկմում ա Մարտիրոս բիձեն,— ես հո չասի, որ հենց էս սհաթին ուղարկի հոգիս առնելու։ Էդ ինչի՞ ա էդքան վռազել աստված։ Խոսք էր ասեցի էլի։ Ամեն ասածի, որ ուշ դնես, էդ ո՞ւր կհասնի։ Ես փորձել եմ աստծուն, մեռնեմ նրա զորութենին, ես գիտեմ, որ նա իմ խնդիրը կատարողը չի։ Հազար անգամ ժամ եմ գնացել, մոմ եմ վառել, խունկ եմ ծխել, արտասուք եմ թափել, աղաչել-պաղատել մի հետ էլա ուզածս չի կատարել։ Հենց հիմի՞ ա վռազ ուղարկել, որ հոգիս առնե՞ս։

— Մարտիրոս բիձա,— ասում ա Գափրել հրեշտակը,— վերնային աստվածը գիտի իրա անելիքը։ Հիմի քանի՞ կոպեկ արժի քու էդ խոսքերը։

— Մեռնեմ նրա զուրութենին,— էրեսը խաչ ա հանում Մարտիրոս բիձեն,— ամա դե ասում էի՝ թոռներիս մեծանալը տեսա, ծոռներիս մեծանալն էլ տեսնեի, նոր գայիր հոգիս առնեիր։

— Քանի տարի ես ուզում էլի ապրես,— հարցնում ա Գափրել հրեշտակը։

Մարտիրոս բիձեն սուս ա արել։ Ձեն չի հանում։

— Բավականն ա քեզ մի քսան-երեսուն տարի,— հարցնում ա Գափրել հրեշտակը։
Մարտիրոս բիձեն էլի սուս ա կացել։

— Դե, ասա, ինչքա՞ն ես ուզում։

Մարտիրոս բիձեն ասես պապանձվել, լիզուն կուլ ա տվել։

Գափրել հրեշտակը, որ տեսնում ա ալևորին էդպես խեղճացած, նեղն ընկած, սիրտը ճմլվում ա, արտասուք ա գալիս աչքերիցը։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— մենք էլ ժամանակին մարդ ենք էլել մեզ համար։ Մարդահաշիվ էինք, մինչև որ աստված, մեռնեմ նրա զորութենին, իրա վերնային հրամանով ինձ կարգեց հոգեառների գլխավոր նաչալնիկը։ Հիմի խիղճս միտս ա էկել։ Ես քեզ կօգնեմ։ Տեսնում ե՞ս դռանը կանգնած ուղտը։ Վեր կաց տեղիցդ, բութ մատդ դիր ուղտի մարմնի որ տեղին կուզես։ Ինչքան մատիդ տակին մազ լինի, հաշվենք, էնքան տարի էլ ապրես։

Մարտիրոս բիձեն վեր ա թռչում տեղիցը, սաղ իր ջանով, փորով, պորտով, կպչում ա ուղտի մարմնին, պոկ չի գալիս։

Գափրել հրեշտակը մնում ա շվարած, չի իմանում ի՞նչ անի։ Գալիս ա տեսածը աստծուն պատմում։

— Տեր աստված,— ասում ա,— վերնային արդար ու իմաստուն դատավորը դու ես,— ասում ա,— հիմա ո՞նց կհրամայես։ Ես նրան խոսք եմ տվել, որ մազի համբարքի չափ տարի էլի ապրի։

— Գլուխդ մեծ քարովն ես տվել, որ էդ տեսակ խոսք ես տվել։ Դու քանի՞ գլխանի ես, որ ուզում ես ինձանից ավել իրավունք բանացնես։

Էս րոպեին գնա, էդ Մարտիրոսի հոգին առ, բեր տուր իմ ձեռը, ես դրա դատաստանը կանեմ։ Մեղավորը ես եմ։ Շատ էրես տվի մարդ-արարածին, ասի ինձ նման ստեղծեմ, որ բալի լավ ըլնի, ամա տեսնում եմ, քիչ էլ որ մնա՝ անմահություն կպահանջի ինձանից։

Աստված էս խոսքր վերևում ասում ա թե չէ, Մարտիրոս բիձեն ներքևումը իր մնացած արևը ձեզ ա բախշում՝ հոգին փչում։

* * *

Պապս հեքիաթը որ թամամացրեց, մեր տան պուճուր հարսը ասեց.

— Աստված տեղին ա չարացել, Մարտիրոս բիձու ապրածը իրան բոլ ու բոլ էր։ Էլ ինչի՞ էր ուզում ավել ապրի։

— Ջահել ես, հարսի ջան,— ասաց պապս,— կյանքը որ կա՝ ամենաքաղցր բանն ա աշխարքիս էրեսին, նրանից կշտանալ չկա։ Ինչքան էլ մարդ բեզարի կյանքից, ինչքան էլ ձեն տա, կանչի մահին՝ խոսքով կասի, ամա տեղն ընկած վախտը՝ մեռնիլ չի ուզում։ Բա ձեզ չեմ պատմե՞լ։

Մի ալևոր անտառումը ցախ հավաքելիս շատ բեզարած վախտը, նստում ա ծառի քոքին.

— Տեր աստված,— ասում ա,— էս ի՞նչ շան կյանք ա, որ ես քաշում եմ, էն լավ կլինի մահը միանգամից ինձ տանի։

Էս խոսքը դեռ թամամ ասած-չասած մահը գալիս ա ալևորի գլխավերևը կանգնում.— կանչել էի՞ր,— ասում ա,— հրես էկել եմ, արի տանեմ։

— Ո՞ւր տանես,— ասում ա ալևորը,— ես գալու ժամանակ ունե՞մ, որ գամ։ Հրեն մեր տանը անտեր ու սոված իմ պառավն ու թոռները սպասում են, որ էս ցախը ծախեմ, հաց տանեմ տուն, համ էլ մի քիչ կրակ անեմ, տաքանան։ Հորդ օղորմի, Մահ ախպեր, մի օգնի ինձ, էս ցախի կապոցը շալակիս դիր, հենց դրա համար էի քեզ կանչում։

— Հա, դե որ էտենց ա, հմի քեզ չեմ տանի, գնա քու բանին։ Ամա մեկ էլ որ ձեն ես տվել, կգամ հոգիդ կառնեմ։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՄԱՐՏԻՐՈՍ ԲԻՁՈԻ ՈԻԶԱԾԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz