Մի աղքատ մարդ ա լինում՝ անունը Շաբո։ Սրա ունեցածը՝ հագի շորն ա լինում, մի կացին ու մի կատու։ Էս Շաբոն ամեն օր անտառն ա գնում, մի շալակ փետ կոտրում, բերում ծախում, իրա գլուխը պահում։ Կատուն էլ՝ մուկ բռնելով ա կշտանում։ Մի անգամ էլ, կատուն հետևիցը գալիս ա ծմակը փետ անելու։ Մի ծառ ա գտնում, սկսում ա ճղատել, ամա ծառը խլոտ ա լինում, դժվար ա ճղվում, շատ ա չարչարվում էս խեղճ Շաբոն, բայց դե փորձված մարդ, սեպեր խփելով, իրա բանը առաջ ա տանում։
Սրա կատուն էլ, դես դեն ընկած, քոլի մուկ ա բռնում ուտում։ Էսպես, մկների բներ ման գալով, կատուն հեռանում ա մարդուց։ Մին էլ տեսնում ա հրեն, դեմը կանգնած ա մի առյուծ։
Էս առյուծը, զարմացած նայում ա կատվի գլխին, ոտներին, ջանին, ու ասում,
— Կատու ախպեր, դու ոնց որ մեր ազգիցը լինե՞ս։
Կատուն, թե,
— Հա, ձեր ազգիցն եմ։
— Բա որ մեր ազգիցն ես, էդ ո՞նց ա, որ էդքան պուճուր ես։
— Առյուծ ախպեր,— ասում ա կատուն,— գիդում չեմ, բանն ինչումն ա, ամա, տր դու էլ մարդու ճանկը ընկնես՝ դու էլ կպուճուրանաս։
— Կատու ախպեր,— ասում ա առյուծը,— մարդը էդ ի՞նչ բան ա, որ քեզ էդքան պուճուրացրել ա։
Կատուն թե՝ թե ուզում ես տեսնես, արի գնանք, տես։ Էրկուսով գալիս են Շաբոյի մոտ։
— Բարի օր, մարդ ախպեր,— ասում ա առյուծը։ Մարդը թե,
— Աստծու բարին։
— Մարդ ախպեր,— ասում ա առյուծը,— լսել եմ, շատ ուժով ես, արի կոխ բռնենք։
Շաբոն մին վախում ա, թե՝ ո՞նց ազատվեմ սրա ձեռիցը, մին էլ միտք ա անում, թե՝ բա խելքը մարդուն ինչի համար ա տված։
— Առյուծ ախպեր,— ասում ա Շաբոն,— դու ուժով ե՞ս։
— Հա, շատ ուժով եմ,— ասում ա առյուծը։
— Դե, որ ուժով ես,— ասում ա Շաբոն,— մի ոտդ դիր էս ծառի ճեղքումը, տեսնեմ ուժդ ինչքան ա։
Առյուծի ոտը դնում ա էն դժվար ճղվելիք ծառի ճեղքի մեջը թե չէ, Շաբոն սեպին խփում ա, սեպը դուրս ա պրծնում, առյուծի ոտը պինդ հուպ տալիս։ Դես ա ընկնում գազանը, դեն ա քաշում՝ բան չի դառնում։
Մարդը կացինն առնվում ա՝ տուր թե կտաս գազանի գլխին։
Առյուծը ձեն ա տալիս։
— Կատու ախպեր, որ քու չափ պուճուրանամ, բաց ա թողնելո՞ւ ինձ։
— Քու տունը քանդվի,— ասում ա կատուն,— որդիան ա բաց թողնելու, էնա սպանել ա պրծել։
Էսպես, մարդը իրա խելքի շնորհիվ համ գազանի ձեռիցն ա ազատվում, համ էլ կաշվիցը քուրք կարում, ձմեռները ջանը տաքացնում։