Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզ։ Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզ չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
— Հեյ, աչքդ լուս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել, սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է.
— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել՝ իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի։ Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում՝ ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ... Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։
— Չէ՛, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերը,— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն։ Մարդիկ գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է.— երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր։ Վեր է կենում մին էլ գնում։
Կարասը բաց է անում, դարձյալ մեջը լիքը օձ։
Էս ի՛նչ հրաշք է, ի՛նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։
— Բացատրեցեք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հոդում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու։
— Լա՛վ,— ասում է,— դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհարկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ, վարողինն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։
— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք՝ տղա կամ աղջիկ։
Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ։