ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ - Страница 9 - Forum
Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСреда, 2017-02-22, 14.43.53
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 9 из 13«1278910111213»
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.11.52 | Сообщение # 81
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
Ո՞վ չի սիրում մածուն. երեւի չկա այդպիսի մեկը: Իսկ ո՞վ է առաջին անգամ մածուն մերել, եւ ո՞վ չի վախեցել ու այդ մերածը կերել է: Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն: Անշուշտ, հետաքրքիր հարցեր են. փորձենք խորանալ: Տեսնենք, թե որն է  մածուն բառի արմատը, բնիկ հայերե՞ն բառ է, թե՞ ոչ:

Առաջին իսկ հայացքից երեւում է, որ  մածուն բառի արմատն է  մած -ը:  Մած «կպած, կից, իրար միացրած» արմատով բազմաթիվ բառեր կան հայերենում. մածուցիկ «կպչուն հատկություն ունեցող եւ թանձր»,  մածվել «կպչել, մակարդվել»,  մածուկ «բջջանյութի լուծույթ, խմորանման զանգված, թանձրուկ», մածական, մածան «կպչուն», «մածիկ» «ճեղքերը փակելու, արանքները լցնելու նjութ» եւ այլն: Այս շարքին է պատկանում նաեւ  մածուն -ը:  Մած արմատը հանդես է գալիս նաեւ բառավերջում.  տախտակամած , այսինքնՙ «իրար կպած տախտակներ»,  փայտամած, թանձրամած«պինդ, անթափանց, թանձրորեն պատող», խավարամած, ծխամած եւ այլն:

Բնիկ հայերեն բառ էՙ ծագած հնդեվրոպական  մած արմատից, որը նշանակում է «շաղախել, խմոր շինել»: Այս արմատից բազմաթիվ լեզուներում առաջացել են իմաստով իրար մոտ շատ ու շատ բառեր: Օրինակՙ ռուսերեն  мазь, мазать, мажу, масло :

Մածուն բառով ունենք մի շարք դարձվածներ ու առածներ:

Մածնի աման լպստող ենք ասում ուրիշի մնացորդներով կերակրվողինՙ նկատի ունենալով, որ կատուն է լպստում
ամանները:

Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը . այսինքնՙ իմացած, փորձով արդեն հաստատված որեւէ բան ավելի նախընտրելի է, քան ավելի լավ, բայց չիմացած, չփորձած բանը:

Մածնին սեւ ասել . մեկի ասածը հաստատելՙ նույնիսկ բացահայտ սխալ կամ անիրավացի լինելը գիտենալով:

Մածուն բառը մեզնից փոխառել են հույները, վրացիներըՙ  մածոնի , թուրքերըՙ  մազուն : Վերջիններս ունեն նաեւ  յոգուրտ , որը նույնպես «մածուն» է նշանակում եւ այժմ լայն գործածում ունի: (Ամենայն հավանականությամբՙ այդ բառն էլ առաջացել է հայերեն  յուղ բառից:)

«Շատ հավանական է, որ մածուն բառի հետ ուրիշ ազգերը փոխառել են նաեւ  մածունպատրաստելու եղանակը», - գրում է Հր. Աճառյանը: Այդ բանը տեղի է ունեցել նաեւ վերջերս: Ռուսները, Կովկասում ծանոթանալով մածնին, վրացիներից փոխառել են  մացոնի բառը, որն, ինչպես տեսանք, վրացիները մեզանից էին վերցրել, իսկ Նոր Նախիջեւանում (այժմՙ Դոնի Ռոստով) անմիջապես հայերից փոխառել են  մածուն բառը ( мацун ):

«Կեսարացի մի հայ բժիշկ (դ-ր Տատրյան), վերջերս մածունը փոխադրելով ԱՄՆ, պատճառ եղավ անգլերեն  մազոոն (մածուն) եւ  մազոլ (յուղով խառնված մածունՙ թուլակազմ մարդկանց սննդի համար) բառերի փոխառության», - գրում է Հր. Աճառյանը դեռեւս 1898 թվականին:

Ինչպես տեսնում ենք, մեր բառը շրջում է աշխարհով մեկ ու նոր կերպարանք առած հետ վերադառնում, ինչպես մեր  կտավ -ը, որը դարձել է  քոտոն եւ հագուստի միջոցով հետ եկել: Նույն ճակատագիրն ունեն  տատմեր -ն ու  խաչերկաթ -ը,  բակ -ը,  միամիտ -ն ու  շուրջպար -ը (վրացերենՙ շուշպարի ): Հետաքրքիր է  թերմաշ բառը, որը նշանակում է «կիսամաշ, անտեր» ( թերմաշ դառնաս= «անտեր դառնաս»): Փոխառել են նաեւ թուրքերը, քրդերը, եւ հիմա, առաջին հայացքից, թվում է, թե մեր բառը չէ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.14.29 | Сообщение # 82
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
Տեսնենք, թե կա՞, արդյոք, որեւէ կապ  արդար, մակարդակ, զարդ, հարդարանք, արդուկ, արդյունք բառերի միջեւ: Ի՞նչն է ընդհանուր այդ բառերում: Պարզ տեսնում ենք, որ դա  արդարմատն է: Իսկ ի՞նչ է նշանակում  արդ - ը, որ արդարությունը կապում է… արդուկի հետ:  Արդնշանակել է «ձեւ, կարգավորություն, սարք»: Այդ արմատըընդարձակ գործածություն է ստացել մեր լեզվումՙ ներկայանալով բազմազան կերպարանքներով ու ածանցումներով, օրինակՙ  անարդ «անձեւ, անկազմ»: Շատ հետաքրքիր, փոխաբերական իմաստ է ստանում  -ակ վերջածանցովՙ  անարդակ ՙ «աննման, անհամեմատ, գերազանց»: Օրինակՙ  անարդակ ընտրություններ : Իսկ  մակ «վեր, վերեւ, վրա» նախածանցով կազմվել է  մակարդակ «բարձրանալու չափը» մեզ քաջ հայտնի բառը:  Արդ -ից է ծնվել նաեւ  խորանարդ բառը, որը նշանակում է «խորանաձեւ»: Իսկ ի՞նչ է խորանը: Խորանը եկեղեցու մեջ փոքրիկ սենյակ է բեմի երկու կողմերում, ինչպես նաեւ տաճարի բեմՙ քառակուսի սեղան: Խորանարդ բառն էլ, հավանական է, առաջացել է  խորան բառի «քառակուսի վրան, եկեղեցու քառակուսի սեղան» իմաստներից: Նույնն է  գմբեթարդ, ձվարդ եւ այլ բառերի դեպքում:

Ունեցել ենք մի հիանալի բառՙ  անարդի , որ նշանակել է «անհեթեթ»: Այժմ շատ են գործածում աբսուրդ, աբսուրդային օտար բառերը. դրանց փոխարեն կարելի էր գործածել լավ մոռացված անարդ, անարդի բառերը:  Անարդի իրավիճակ ՙ «աբսուրդային իրավիճակ, անհեթեթ իրավիճակ»:

Զրույցներից մեկում ներկայացրել էինք  զերդ եւ  զերթ բառերը: Հիշեցման կարգով ասենք, որ այստեղ էլ է  արդ բառի «մատը խառը».  զի՞արդ (ի՞նչ ձեւ, ի՞նչպես), որից համառոտելովՙ  զերդ կամ զերթ , հետագայումՙ  զեդ, զետ (իբր, որպես, նման):

Իսկ  արդու՞կը : Սա նույնպես  արդ -ից է:  Արդուկել նշանակում է «արդ, ձեւ տալ» եւ ոչ թե «հարթեցնել», ինչպես սխալմամբ ասում եւ գրում են ոմանք: Հիմա խոսակցականում տարածված է հարթուկ բառը, նկատի ունենալով արդուկի «հարթեցնող» իմաստը: Այս բառը, մերժվելով բոլոր բառարաններում, տեղ է գտել «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական» բառարանում որպես  արդուկ -ի նույնանիշ բառ. ճիշտ կլինի համարել  հարթոց, հարթիչ բառերի հոմանիշ, որպես «հարթեցնող»:

Շատ հաճախ, լեզվում բառերի ցույց տված ձեւական կարգավորությունը կամ նյութական ուղղվածությունը հիմք ընդունելով, ստեղծվում են փոխաբերական իմաստներ: Այսպես,  արմասնիկով  արդ -ից ստացվել է  արդար բառըՙ «ուղիղ, ճշմարիտ, ստույգ» իմաստներով: Այսինքնՙ արդ արմատի «կարգավորություն» իմաստը նյութական աշխարհից անցել է մարդկային փոխհարաբերությունների աշխարհ եւ տվել  արդար բառըՙ այժմյան իմաստներով: Այսինքնՙ «արդ (ձեւ, կարգ ու կանոն) արարող»: Սրան կասկածով է վերաբերվում Գր. Ղափանցյանը, նշելով, որ արդար բառի արմատը սանսկրիտերեն «սուրբ հրաման, իրավունք, ճշմարտություն» իմաստներից է գալիս:

Արդ արմատը  յ նախդիրով տվել է  յարդ «ողորկ, վայելուչ»,  յարդարել «ուղղել, կանոնավորել, կարգավորել», այժմյան ուղղագրությամբՙ  հարդարել, հարդարանք եւ այլն։

Զ նախդիրով տվել է  զարդ բառը եւ նրանից ածանցված մի ամբողջ բառաշարք.  անզարդ, ծաղկազարդ, զարդարուն եւ այլն: Հետաքրքիր բառ է  չզարդ -ը: Սա այսօր կարելի է կիրառել որպես զարդ բառի հականիշՙ անճաշակ զարդարված որեւէ բան որակելու համար. «Սրա վրա ոչ թե զարդեր են, այլ չզարդեր»:

Բայց ամենազարմանալին  արդ բառի  արդյունք (արդիւն) «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակությունն է: Այսինքնՙ որեւէ բան արդյունք է, եթե կարգավորված է. դարձյալ փոխաբերական իմաստ:  Արդիւն բառի գործիական հոգնակինՙ  արդեամբք , գործածվում է մակբայաբարՙ «իրոք, իսկապես» նշանակություններով: Բառի  արդեամբք գործիականը նույնանում է այսօրվա  արդյոք բառի հետ, որը հնում նշանակում էր «իրոք, արդարեւ, իսկապես, հիրավի», իսկ հարցականովՙ «միթե»:

Այսքան զարմանալի բառաբուն է  արդ բառըՙ իր բազմաթիվ ճյուղերով, ընտիր բառերով:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.25.03 | Сообщение # 83
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
Ի՞նչ կապ կա այս գերժամանակակից, բառարաններում դեռեւս չամրագրված  սղաճ -ի եւ ավանդական  սղոց -ի միջեւ։ Բոլորս գիտենք, որ  սղոց նշանակում է «փայտ, երկաթ, քար եւ այլն կտրելու գործիք»։ Փոխաբերաբար հնում նշանակել է նաեւ «ձկան մի տեսակ», այժմՙ  սղոցաձուկ ։

Այդուամենայնիվ, այդ ինչպե՞ս սղոցը մտավ մեր ազգային բյուջե եւ սկսեց սղոցել մեր միջոցները։ Վերջում կտեսնենք, որ  սղոց բառի բացատրության մեջ պետք է գրել, որ այն սղոցում է ոչ միայն փայտ ու երկաթ, քար ու ատամ, այլեւՙ փող, միջոցներ, հետեւաբարՙ նաեւ նյարդեր։  Սղոց բառը կազմված է  սուղ արմատից եւ ոց մասնիկից, ինչպես  խարտոց -ը։

Տեսնենք, թե ինչ է  սուղ -ը։  Սուղ ՙ «քիչ, համառոտ, կարճ»։ Որիցՙ  սղանալ «բարակել, կարճանալ»,  սղավաճառ «բարձր գնով ծախող»։

Այսինքնՙ  սղոց նշանակում է «սուղ դարձնող, քչացնող, համառոտող, կարճացնող»։  Սղագիր ՙ «համառոտ գրող, գրվածք»,  սղություն ՙ «քչություն» եւ այլն։

Դառնանք  սղաճ -ին։ Պարզվում է, որ  սղաճ նշանակում է «քչության աճ, պակասության աճ»։ Այսինքնՙ «փողի պակասության աճ»։ Միակ բանը, որ աճում է մեզ մոտ, պակասությունն է (ցավոք սրտի)։ Ասենք նաեւ, որ այս  սղաճ -ը գործածվում է  դեֆիցիտ բառի փոխարեն, որի համար ունենք մեկ այլ գեղեցիկ բառՙ պակասուրդ կամ  պակսուրդ, պակասություն ՙ հաստատված հայերենի բարձրագույն խորհրդի կողմից։ Հիմա որ բառը կհաղթիՙ  սղա՞ճ -ը , թե՞  պակսուրդ -ը, ժամանակը ցույց կտա։ Մի բան պարզ է. որն էլ հաղթիՙ պարտվողը բյուջեն է ու մեր կենսամակարդակը։ Կարեւորն այն է, որ օտար  դեֆիցիտ բառի փոխարեն գործածվի  պակասուրդ կամ  սղաճ բառերից մեկն ու մեկը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.28.05 | Сообщение # 84
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
Այս անգամ մեր զրույցը լինելու է  աջ բառի եւ նրա զանազան դրսեւորումների մասին: Մենք շատ հաճախ ենք գործածում այնպիսի բառեր, որոնք այս կամ այն կերպ առաջացել են  աջ բառից, եւ առաջին հայացքից այնքան էլ հեշտ չէ կռահել դա: Օրինակ, հենց նոր ես գործածեցի երկու բառՙ առաջանալ ու  առաջին , որոնք կազմված են  աջ բառից: Այդ մասինՙ քիչ ուշ:

Ընդհանրապես, բազմաթիվ ժողովուրդների պատկերացումներում  աջը համարվել է «լավ, բարեգուշակ, հաջողության» կողմ, իսկ ձախը` «անհաջողության, ձախորդության, չար» կողմ: Դա հայերենում շատ լավ արտահայտված է դարձվածներով: Բերենք մի քանի օրինակ` աջ բառով կազմված.

Ա՞ջ ես, թե՞ ձախ - հաջող է, թե անհաջող:

Աջ ձեռք - մեկի ամենավստահելի եւ ամենահավատարիմ օգնականը:

Աջը հասնի - Աստծո զորությունը օգնի

Գործը աջ գնալ - գործերը հաջող ընթանալ:

Աջն ու ձախը չգիտենալ - իր բարին ու չարը, լավն ու վատը չհասկանալ: Եվ այլն...

Քիչ չեն նաեւ  ձախ բառով կազմվածները.

Գործերը ձախ գնալ - գործերը անհաջողության մատնվել:

Ձախ ձեռքով գործ անել - անխնամ, անփույթ, անկատար անել որեւէ բան:

Ձախ ոտքի վրա վեր կենալ - վատ տրամադրություն ունենալ:

Ձախորդ Փանոս - անհաջողակ մարդ: Եվ այլն...

Մութ տարիներին հայ ժողովրդի մեջ շատ էին տարածված  ձախ գիծ, ձախ հոսանք, ձախ եկամուտ արտահայտությունները: Սրանք բնույթով չար են, բայց ունեցողի համար բարիք են: Այսօր ձախ գիծն ու ձախ հոսանքը վերացել են, իսկ ձախ եկամուտը եւ ձախ գնալը, երեւի, անմահ են: Այստեղ է, որ ձախն ու աջը խառնվել են իրար ու  աջը չգիտե, թե ձախն ինչ է անում : Թվում է, թե «ձախ» գնալը բարի է, բայց հո գիտենք, որ չար է:

Բայց վերադառնանք  աջ -ին: Այս բառից կազմվել են  աջող, հետագայում`  յաջող, յաջողակ , այժմ արդենՙ  հաջող, հաջողակ, հաջողություն բառերը: Այսինքն, եթե մեկին ասում ես  հաջող կամ հաջողություն , նշանակում է նրան մաղթում ես, որ գործերը աջ գնան, լավ, բարի կատարվեն:

Որտեղ հաջողություն, այնտեղ էլ առաջադիմություն: Այսինքն`  առաջ բառը նույնպես  աջ բառն է  առ մասնիկով: Հետեւաբար  առաջին բառն էլ  աջ բառի ճյուղերից է,  առաջնորդն էլ հետը: Եթե առաջնորդ ես, պետք է ժողովրդին աջ տանես, պետության գործերը աջ տանես. դա է պարտադրում նույնիսկ բառը` առաջնորդ : Ավա՜ղ, շատ են իշխանավորները, սակավ` առաջնորդները, այնքան սակավ, որ գրեթե չկան:

Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկաՙ Սասունցի Դավիթը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.30.33 | Сообщение # 85
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
Էսպես հանգիստ, էսպես սիրով,

Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ

Մի կաթիլ մեղր ծորում է ցած:

Հովհ. Թումանյան

Տեսնենք, թե ինչ է մեղրը, որի մի կաթիլի պատճառով պատերազմ սկսվեց երկու տերությունների միջեւ: Երեւի մեղուները շատ զարմանային, եթե կարդային Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»: Այնուամենայնիվ, տեսնենք, թե  մեղր բառը ինչ ծագում ունի, հայերս էն գլխից մեղրասե՞ր ենք եղել, թե՞ ուրիշներից ենք փոխառել թե՛ մեղրը եւ թե՛ բառը:

Մեղր- ը բնիկ հայերեն բառ է եւ հանդես է գալիս երկու ձեւով.

1.  Մեղր , որիցՙ  մեղրախորիսխ, մեղրյալ, մեղրակ (ծաղկի տեսակ է),  մեղրօղի եւ այլն:

2.  Մեղ , որիցՙ  մեղու, մեղվանոց, իշամեղու եւ այլն։

Հետաքրքիր է, որ «մեղր» նշանակող բառը հնդեվրոպական նախալեզվում ունեցել է երկու տարբերակ.  mel եւ  medhu : Առաջինը հատուկ է արեւմտյան լեզուներին, որոնց հետ է նաեւ հայերեն մեղր -ը, իսկ երկրորդը` արեւելյան լեզուներին (որոնց հետ է նաեւ ռուսերենը`  мед ): Ի դեպ, ռուսերեն медведь «արջ» բառը ստուգաբանորեն նշանակում է «մեղր ուտող, համտեսող, մեղրակեր»: Կար հավատալիք, որ եթե մարդ տվյալ կենդանու անունը տա, ապա կվնասվի: Այդ պատճառով  արջասելու փոխարեն ռուսներն ասել են  մեղր ուտող, мишка եւ այլն: Այդպիսի մի նախապաշարմամբ էլ մեղու բառի փոխարեն ստեղծվել է մեղրաճանճ -ը: Մինչեւ հիմա էլ կան մարդիկ, որ  օձ բառը չեն գործածում, խոսելիս  օձ -ի փոխարեն տարբեր բառեր են ասում:

Ինչպես արդեն ասացինք,  մեղու բառն առաջացել է  մեղ(ր) արմատից  ու մասնիկով, ինչպես` եղջերու : Քանի որ հնդեվրոպական նախալեզվում կար  medhu-մեդու , սրանից ազդվելովՙ հայերենի մեղ(ր) -ը դարձել է  մեղու :  Մեղր -ը հայերենից փոխառել են թուրքերը  մեղրիկ տանձբառակապակցության մեջ: Հայերեն մեղրամոմ բառը բազմաթիվ ձեւափոխումներով կա հույների եւ թուրքերի մոտ:

Մեղուն այն հազվադեպ կենդանիներից է, որի եւ իր տվածի անվանումները նույն արմատից են գոյացել:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.33.15 | Сообщение # 86
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ


Վերնագրում գործածված են  խանդ, խանձող, նախանձ, խանդաղատանք բառերը:

Ահա բառերի մի շարան եւս, որոնք հեռավոր անցյալում նույն արմատից են առաջացել, իսկ հետագայում ինքնուրույն կյանք են ստացել եւ հեռացել իրարից։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է եղել։

Այս բառերն առաջացել են  խանդ բառարմատից, որ նշանակում է «սրտի ուժգին բերմունքՙ սիրով, գութով եւ այլ կրքերով լեցուն»։  Խանդ բառի սկզբնական նշանակությունը ինչպես հայերենում, այնպես էլ այլ լեզուներում եղել է «վառել, բորբոքել, փայլել, լուսավորել, սպիտակ պայծառությամբ ցոլալ»։ Օրինակ ,լատիներեն  կանդելա «ջահ» (որից էլ, ի դեպ, հայերեն  կանթեղ ), կանդիդուս «սպիտակ, պայծառ, մաքուր» բառերից հետագայում առաջացել է կանդիդատուս«սպիտակ հագած, թեկնածու»,  кандидат (որոնք այդպես են կոչվել սպիտակ հագնելու պատճառով)։ Այսօրվա մեր թեկնածուներըՙ (գիտության, նախագահի, փեսայի եւ հարսի) բացի վերջինից, սպիտակ չեն հագնում, իսկ պայծառն ու մաքուրն էլ նրանց խղճի գործն է։

Խանդ -ից  աղ մասնիկի հավելումով առաջացել է  խանդաղյալ «նեղյալ, կարոտյալ»։ Սրան ավելացել է  ատ մասնիկը եւ ստացվել են  խանդաղատանք «գորով»,  խանդաղատել ՙ «սիրտը գորովել» եւ այլն։

Խանդ արմատի զուգորդն է  խանձ -ըՙ «այրված բանի հոտ»: Համեմատենքՙ  փոխինդ-փոխինձ, գինդ-գինձ եւ այլն:  Խանձ -ից ունենք  խանձել ՙ «այրել», արյունախանձ, հրախանձ, գիշախանձ, նախանձ բառերը (զուր չեն ասում, որ նախանձը ներքին այրման շարժիչ է)։ Հին մեկնիչներից ոմանք  նախանձ -ը դիտում են որպես  նա մասնիկով  խանձ . այսինքնՙ ներքին այրման շարժիչի ժամանակակից երգիծական մեկնությունը գուցեեւ իրական հիմք ունի։

Խանձ -ից են նաեւ  խանձող ՙ «կիսայրված փայտ, հրաբխի լավա»,  խանձրահոտ բառերը։ (Հիշենքՙ «Անալի էր, խանձրահոտն էլ վրա տվեց»։) Հետաքրքրական բառ է  խանձուրը  □այրված շոր, մազ, փետուրՙ վերքի վրա դնելու համար□: Հայաստանում սովորություն կար նորածին երեխային քնեցնել խանձած հողով լի օրորոցի մեջ: Գուցե այստեղի՞ց է խանձարուր բառը, որ նշանակում է □կրծքի երեխային փաթաթելու սավան□: Այսպիսով պարզվեց սկզբում նշված բառերի արյունակցական կապը, նրանց հարազատությունը։ Վերջում նշենք, որ նրանք ինչպես իրար են հարազատ, այնպես էլ մեզ։ Եվ, չնայած որ խանդաղատանքն ու նախանձը նույն արմատից են ծագում, այնուամենայնիվ, խանդաղատանքով նայենք միմյանց եւ ոչ նախանձով եւ խանդավառվենք միմյանց հաջողություններով:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.37.27 | Сообщение # 87
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
Ընդհանրապես, այո, խայթը, խայթելը մեկի համար խթան կարող է լինելՙ թե՛ ցավագին եւ թե՛ առաջմղիչ: Սաՙ բովանդակային առումով, իսկ զուտ լեզվական տեսակետից  խայթ եւ  խթան բառերը գրեթե նույնն են: Որովհետեւ  խայթ արմատի զանազան դրսեւորումներն են  խեթ, խէթ, խիթ, խութ, խոթ բառերը:

Նախՙ վերհիշենք բառերի նշանակությունները:  Խայթ ՙ «խայթոցով ծակելը, խոցելը»: Փոխաբերական առումովՙ «հոգեկան տվայտանք, որ առաջանում է վիրավորանքից, խղճահարությունից, զղջումից»:  Խայթոց ՙ «որոշ միջատների պաշտպանողական եւ հարձակողական գործարանի սուր ծայրը, կիճ, կնճիթ»: Խեթ ՙ «խոժոռ, խոլոր, խիստ»:  Խեթ նայել ՙ «խոժոռ, անբարյացակամ նայել»:  Խեթահար ՙ «չար աչքի եկած»:  Խիթ ՙ «ծակոց, ցավ, վերք, խոց»:  Խոթել ՙ «մտցնել, խթել»:  Խթել «մի բան առաջին անգամ ուտել, նուբար անել»:  Խութ ՙ «ճանապարհին դուրս ցցված քար, խոչ, ջրի մեջ կամ նրանից դուրս ցցված ժայռ», փոխաբերական առումովՙ «արգելք, խոչընդոտ»:

Խայթ բառը իր զանազան դրսեւորումներով ծագում է հնդեվրոպական նախալեզվի «հրել, ճնշել, պատռել» իմաստներից: Իսկ մյուս նշանակություններըՙ «խոժոռ, խոլոր, խիստ, խղճի խայթ, առաջին անգամ ուտել, խոչընդոտ» եւ այլն, կազմված են փոխաբերաբար:

Հետաքրքիր է  խիթ արմատից կազմված  կաշառ խթել արտահայտությունը, որ նշանակում է «կաշառք կերցնել»: Նույն  խիթ արմատից են  խթել «խայթել, մշտել, բոթել» եւ  խթան «խթելու գործիք» բառերը: Քանի որ  խիթ բառի նախնական եւ հիմնական իմաստն է «փորի, կողի կամ ոտքի ցավ», ապա պարզ է  խթել եւ  խթան բառերի կազմությունը:

Անչափ հետաքրքիր կազմություն է  գաղտախթել բառը, որը նշանակում է «ծածուկ կաշառել»: Ըստ դրա կարելի է լավ բառ ստեղծել այսօրվա  կոռուպցիա բառի համար:

Ինչեւէ: Ինչքան աներեւույթ խորություններ կան բառերի ներսում, ինչքան հետաքրքիր է բառի վրայից թզենու տերեւը վերցնելը եւ էությունը բացելը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.39.29 | Сообщение # 88
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետեւ սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել, այսինքնՙ կորցնել հիշողությունը եւ լեզուն: Տարօրինակն այն է, որ բառային առումով եւս  սփյուռքը փրփուր է : Տեսնենք, թե ինչպես:

Արդի բառարանները  սփյուռք բառի համար տալիս են հետեւյալ նշանակությունը. «Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը», եւ երկրորդ իմաստովՙ «այդ վայրերի հայերը»:

Բայց ի՞նչ էր նշանակում բառը նախքան վերոհիշյալ իմաստներն ստանալը, ի՞նչ կազմություն, ի՞նչ ծագում ունի:

Սփյուռք բառը կազմված է  սփյուռ -ից եւ  ք հոգնակերտից:  Սփյուռ նշանակում է «ցրված, տարածված, ցիրուցան»:  Սփյուռ- ն ինքը կազմված է  ս սաստկական ածանցով  փռել բնիկ հայ բառարմատից:

Փռել բառը գործածվել է  զ սաստկական ածանցովՙ  զփռել , հետո  զ -ն դարձել է  ս ՙ հաջորդ  փ -ի պատճառով: Արմատն է  փիր , եւ այստեղ է թաքնված սփյուռքի փրփուր լինելը, որովհետեւ նույն  փիրարմատից է  փրփուր բառըՙ  փիրփուր - փրփուր :

Ճակատագրական է, որ  սփյուռք- ն ու  փրփուր -ը նույն արմատից են, եւ մեր դարերի պատմությունը ցույց է տվել, որ սփյուռքը, իրոք, ցավոք սրտի, փրփուրի նման վերանում էՙ ձուլվելով տվյալ երկրի ժողովուրդների մեջ:

Այնուամենայնիվ, իմացանք, որ  սփյուռք բառն անցել է  փիր - փռել - զփռել - սփռել - սփյուռ - սփյուռք ճանապարհը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 08.54.45 | Сообщение # 89
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
Կխոսենք հայերեն մի բառի մասին, որը, ի զարմանս մեզ, արմատ, կարծեք թե, չունի: Խոսքը չքանալ բառի մասին է: Անմիջապես ենթադրում ենք, որ բառի արմատն է  չիք -ը: Բայց  չիք բառում  չ-ն ժխտական է: Մնաց  իք -ը, սա էլ նշանակում է «մի բան»: Բայց սրա մեջ էլ  ք -ն է ածանց: Մնաց  ի -ն: Պարզվում է, որ  ի- ն արմատ է եւ նշանակում է «մի բան»: Սրանից են  իք, իմն, ինչ, իր բառերը:  Չիքբառից ունենք  չիք լինել «անհետանալ, աներեւութանալ»,  չքաստան , եւ մեր չքանալ -ը: Փաստորեն, չքանալ բառի մեջ  ի -ն հնչյունափոխվել է եւ դարձել գաղտնավանկ  ը : Այսինքնՙ այդ բառում արմատի դերը գաղտնաբար տանում է ը-ն:

Բայց հայերենում, որքան էլ դա զարմանալի է, իրոք կան անարմատ բառեր: Օրինակ, շատ է խոսվել  համույթ բառի մասին: Մի մասն ընդունում է այս բառը, մի մասը մերժումՙ որպես անարմատ, արհեստական բառ: (Կարծես թե բառերը բնական էլ են լինում:) Բայց մերժողները մոռանում են, որ կան  համայն, համայնք, համայնական եւ այլ բառեր, որոնք նույնպես կազմված են միայն ածանցներից:

Թեեւ հայերենում  համ -ը նաեւ արմատ է, որի նշանակություններից են «չափավորություն, բարեկարգություն, կարգ-կանոն» իմաստները: Այնպես որ  համույթը կարող է համարվել այս  համ -ից կազմված բառ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.01.20 | Сообщение # 90
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
Հետաքրքիր է եւ զարմանալի, որ նշված  բաղեղ, բաղաձայն, զբաղվել, բաղդատել եւ մի շարք այլ բառեր կազմված են նույն  բաղ արմատից:

Առաջին հայացքից իրար հետ բոլորովին կապ չունեցող բառեր ենՙ  բաղեղ եւ  բաղաձայն,զբաղվել եւ  բաղադրատոմս : Բայց միայն առաջին հայացքից: Եթե մի քիչ խորազնին ենք նայում բառերին, ապա բոլորի մեջ տեսնում ենք  բաղ արմատը, որ նշանակել եւ նշանակում է «կից, միասին, համա»: Մե րմատենագիտության մեջ ավանդված է երկու ձեւով.  բաղայք «սուտ պատճառ, բարուրանք» եւ, կրկնված,  բաղբաղայք «իրար կցմըցած սուտ պատճառներ, մեղադրանք»: Սրանց շարքում է նաեւ  բաղաբաղել -ը «սուտ պատճառներ բռնել»: Երբ նախարարը չի կատարում իրեն հանձնարարված աշխատանքը, սուտ պատճառաբանություններ է անում, ապա վարչապետը կարող է ասել. «Մի՛ բաղբաղիր»: Զարմանալի է, որ  բաղ -ի վերացական «կցել, միացնել» իմաստը տարածվել է նաեւ առարկայական աշխարհի վրաՙ արտահայտելով, իրոք, կցված, միացված, միասին գտնվող առարկաներ: Օրինակ, այդ արմատից է  բաղել բառըՙ «կցորդել, միացնել»: Հիմա, երբ գիտենք ընդհանուր արմատը, վերծանենք նշված բառերից մի քանիսի կառուցվածքը:

Բաղկանալ - կազմված է  բաղ եւ  կայանալ բառերից, սկըզբումՙ  բաղկայանալ , այնուհետեւՙ բաղկանալ , այսինքնՙ «միա
սին, կից լինել»:

Զբաղվել - կազմված է  զ մասնիկով  բաղ արմատից: Նշանակում է «որեւէ գործ անել, պարապել, որեւէ մեկին հարել»:

Բաղեղ - կազմված է  բաղ արմատից կրկնությամբ, ինչպես  պատ-ատ-ել, փաթ-աթ-ել, պատ-ատ-ուկ : Հետաքրքիր մի փոխառություն կա պարսկերենումՙ շանբալիլ , որ նշանակում է «բազմաճյուղ եւ սպիտակածաղիկ փաթաթվող բույս»: Այս բույսը պարսիկները, ծեծելով յուղի մեջ, տապակում եւ ուտում են: Ըստ Հր. Աճառյանիՙ սա հայերեն  շնբաղեղ բառն է, որ պարսկերենում դարձել է շանբալիլ :

Բաղաձայն - կազմված է  բաղ եւ  ձայն արմատներից: Նշանակում է «ձայն, հնչյուն, որի մեջ գերիշխում է աղմուկը»: Պատճենվել է հունարեն  կոմֆոնոս ձեւիցՙ (բառացիՙ բաղաձայն):

Բավարարվենք այս օրինակներով: Եվ մեկ անգամ էլ հիշենք մեծն Թումանյանին. « Մի բառը մի աշխարհ է »: Իրոք, առաջին հայացքից բառերը փակ են, ոչինչ չի երեւում նրանց ներսում: Բայց բավական է ուղեկից ունենաս ստուգաբանությունը, եւ նա քեզ կտանի «բառերի կախարդական ու հմայիչ աշխարհը»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Страница 9 из 13«1278910111213»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz