Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 14.35.33
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.28.22 | Сообщение # 101
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
Ընդհանրապես 1 - 10 թվերն արտահայտող թվականները գալիս են հնդեվրոպական նախալեզվից եւ բնիկ հայերեն բառեր են, ինչպես նաեւ տասնյակների անուններըՙ  քսան, երեսուն եւ այլն:  Մեկ թվականի մասին զրուցել ենք: Իսկ ինչով են նշանավոր  ինը, տասը, հարյուր եւ  երեք հարյուր թվականները : Ոչ մի բանով: Սակայն հիշենք. արդեն 10 տարի է, որ կա «9-րդ հրաշալիքը», լույս է տեսնում նրա 300-րդ համարը: Իսկ 100-ը՞: Սա եւս հոբելյանական է. շատ շուտով եթերում կլինի « Զարմանահրաշ հայերեն » հաղորդաշարի 100-րդ թողարկումը: Սա է 9, 10, 100 եւ 300 թվերի առանձնացման պատճառը:

Ինչպես նշեցինք,  ինը կամ  ինն բառը բնիկ հայերեն է. նրա ցեղակիցներն են սանսկրիտերեն nava , պարսկերենՙ  nuh , լատիներենՙ  novem , գերմաներենՙ  neun ,ռուսերենՙ  девять , անգլերենՙ nine եւ այլն: Ըստ որոշ հնդեվրոպագետներիՙ  ինը բառը առաջացել է հնդեվրոպական նախալեզվի nevo «նոր» բառից: Հնդեվրոպական թվարկությունը հնագույն ժամանակ քառյակներով էր. ութից հետո գալիս է նոր քառյակ, եւ այդտեղից էլՙ 9:

Տասը կամ  տասն թվականը բնիկ հայերեն բառ է. ցեղակիցներն են պարսկերենՙ  dah , օսերենՙ das , լատիներենՙ  decem , գերմաներենՙ  zehn , ռուսերենՙ десять , անգլերենՙ  ten եւ այլն:

Ենթադրում են, որ հնդեվրոպական նախալեզվում տասը նշանակել է «երկու ձեռք», բայց կարեւոր է, որ այսօր ճիշտ գրեն եւ ճիշտ արտասանեն բառը: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում տասը, տասն բառի  ը, ն տառերը հաճախ անտեսում ենՙ ասելով եւ գրելով  տաս, տասամյակ, տասմեկ, տասյակ եւ սխալ այլ ձեւեր:

Հաջորդ թվականը, որ ներկայացնում ենք,  հարյուր -ն է, որն, ինչպես նշեցինք, «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարին է առնչվում:  Հարյուր բառի նախնական ձեւն է  հարեւր : Հր. Աճառյանի «Արմատականում» որեւէ ստույգ բացատրություն չկա բառի ծագման վերաբերյալ: Իսկ ահա Էդ. Աղայանը իր «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում մանրամասն ստուգաբանում է  հարյուր բառը եւ տալիս հետեւյալ սպառիչ բացատրությունը. «Հայերեն հարյուր բառը ծագել է հնդեվրոպական նախալեզվի  ar արմատից  aro մասնիկով: Իսկ  ar նշանակել է նաեւ «հաշվել, համրել»: Այդպես է նաեւ գերմաներենումՙ  hun dert , որ նշանակում է «հարյուր հաշիվ» կամ «հաշիվը հասավ հարյուրի»: Հնդեվրոպական «հարյուր» նշանակող բառը հայերենում պետք է տար  սան կամ  սուն , որը նույնն է տասնավորների  սան (սուն) բաղադրիչների հետ եւ նշանակում է «տասն»: Օրինակՙ  երեսուն («երեք տասն»),  քառասուն («չորս տասն») եւ այլն: Սա է պատճառը, որ բառը չի պահպանվել եւ փոխարինվել է «թիվ, հաշիվ» նշանակող բառով»:

Մնաց վերջինՙ 300 թիվը, որը մեր թերթի հոբելյանական համարը նշող թիվն է: Սրա կառուցվածքը բավականին պարզ էՙ երեք հարյուր:

Այսքանըՙ «9-րդ հրաշալիքի» բազմահոբելյանին առնչվող թվերի մասին:[1] Այս զրույցը տպագրվել է «9-րդ հրաշալիքի» 300-րդ համարում (2004 թ. նոյեմբերին):


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.31.19 | Сообщение # 102
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
Այսօր մեր լեզվի մեջ իր քիթն է փորձում խոթել  իմիջ բառը իր բավական անճոռնի  իմիջմեյքեր«զարմիկի» հետ: Տեսնենք, թե ինչ են նշանակում այս բառերը, եւ հայերենն արդյո՞ք սրանց նշանակած հասկացությունների համար համարժեք բառեր չունի:

Դեռեւս 1996 թ. Հայերենի բարձրագույն խորհրդի որոշմամբ  իմիջ բառի փոխարեն որպես հայերեն համարժեք հաստատվել է  կերպար բառը, որը պարտադիր է գործածության համար: Այս բառը հորինել եւ մեր լեզվ իբառապաշար է ներմուծել Մանուկ Աբեղյանը որպես ռուսերեն  образ(տիպար) բառի համարժեք դեռեւս 20-րդ դարի սկզբին:  Կերպար բառը նա կազմել է  կերպարանքբառիցՙ կրճատելով  անք մասը, իբրեւ թե դա հոգնակիինշան լիներ: Բայց  կերպարանք բառը կազմված է  կերպ (ձեւ, արտաքին տեսք) արմատիցՙ  արան մասնիկով,  ք հոգնակերտով:  Կերպ բառից կերպարել բայ չի կազմվում, ուստի չէր կարող լինել նաեւ  կերպար բառը, բայց Աբեղյանը ստեղծեց այն եւ ներածեց մեր լեզվի մեջ: Եվ այսօր  կերպար -ը հիանալիորեն մտած է մեր լեզվի բառապաշարի մեջ:

Տիպար եւ  կերպար բառերի իմաստային դաշտերը մեզ հետաքրքրող առումով ունեն հատում. երկուսն էլ նշանակում են «արտաքին կերպարանք, պատկեր», ընդ որում,  տիպար -ը բացատրվում է նաեւ որպես «մարդու բնորոշ կերպարը»: Որեւէ անձի համար  իմիջ ստեղծել նշանակում է ստեղծել նրա բնորոշ կերպարըՙ կապված նրա սոցիալական պատկանելության, պաշտոնավարության կամ մասնագիտության հետ: Իսկ  իմիջմեյքեր -ը այդ կերպարն ստեղծողն է: Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն որեւէ անձի, այլեւ որեւէ երեւույթի, մարդկային խմբի, քաղաքի, պետության եւ այլն:

Այսպիսով,  իմիջ բառի համար մենք ունենք  կերպար համարժեքը, որը լիիրավ կերպով կատարում է իր գործառնությունները, եւ չարժե դրա փոխարեն մեր լեզվի մեջ խցկել իմիջ օտար բառը: Ինչ վերաբերում է  իմիջմեյքեր -ին, ապա, օգտվելով հայերենի բառաբարդման հիանալի հնարավորություններից, կարելի է ստեղծել համապատասխան բառը: Առաջինը, որ ինքն է ընդառաջ գալիս,  կերպարար բառն է, այսինքնՙ «կերպար արարող, կերպար ստեղծող, կերպար կերտող, կերպար գոյացնող»:

Ամփոփելովՙ ասենք, որ  իմիջմեյքեր երկար, ոչ բարեհունչ բառի փոխարեն առաջարկում ենք կերպարար բառը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.16.42 | Сообщение # 103
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես  ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել  դիմություն ձեւը: Այսպիսի բառ չկա հայերենում եւ, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի  ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ  դիմադիր -ը ընդդիմադիր -ի հականիշը չէ, այ լհոմանիշն է, նույնիսկՙ նույնանիշը:

Նախ տեսնենք, թե ինչ կազմություն ունի  ընդդիմություն բառը: Պարզ է, որ արմատն է  դէմ(երես, կերպարանք) բառը, որ նշանակել է «առարկայի ճակատը, առջեւի կողմը, երեսը», ինչպես նաեւՙ «անձ, մարդ» (այսօրվա իմաստովՙ դեմք): Սրանից ունենք բազմաթիվ բառերՙ դիմել (վրան գնալ, ուղղվել),  ապադեմ (տգեղ),  դիմագրավել, դիմադրել եւ այլն: Ինչպես գիտենք,  ընդ -ը լայն գործածություն ունեցող ածանց է եւ ցույց է տալիս «տակը, ստորին, ցածր, փոխարեն, հետ, միասին, դեպի, առ» եւ այլ նշանակություններ: Օրինակՙ  ընդգծել «տակը գծել», ընդդեմ «դեպի, առ դեմը»:  Ընդ -ը երբեք չունի «հակառակ, ներհակ» իմաստը: Այսպես, դիմադիր եւ  ընդդիմադիր բառերը նշանակում են «դիմադրող, հակառակորդ»: Այսինքնՙ դիմադիր եւ  ընդդիմադիր գործիչները նույնն ենՙ երկուսն էլ դիմադրում են, դեմ են, հակառակ են ընդհանուր գծին:  Ընդդեմ բառից առաջացել է  ընդդիմություն բառը, որը նշանակում է «ընդդեմ, հակառակ լինելը, հակառակություն, ներհակություն, դիմադրություն»: Իսկ վերջերս ընդդիմություն -ը գործածվում է որպես այն կուսակցությունների, հասարակական-քաղաքական այն ուժերի միախումբը ցույց տվող բառ, որոնք դեմ են, ընդդեմ են, հակառակ են իշխանության վարած քաղաքականությանը, իշխանության կողմը չեն:

Եթե  ընդդիմություն բառի առջեւից պոկենք  ընդ նախածանցը, ապա ստացված  դիմություն-ը, արդեն հասկանալի է, ոչ մի կերպ չի կարող արտահայտել «մի բանի տրամադիր, մի բանի կողմը հակված» իմաստ, այլ դարձյալ կնշանակի այն, ինչ  ընդդիմություն -ը: Հայերենում որեւէ բանի կողմ լինելու իմաստն արտահայտելու համար ունենք բազմաթիվ այլ բառեր.  հակամետ, համամիտ, համախոհ, գաղափարակից, ընդմիտ եւ այլն:

Ընդմիտել նշանակում է «մի բանի տրամադրվել, մի բանի կողմը միտվել, մտադրվել»: Այսինքնՙ  ընդդեմ բառի հակառակ իմաստն է ցույց տալիս.  ընդդեմ գործիչներ եւ  ընդմիտ գործիչներ , այսինքնՙ  դեմ գործիչներ եւ  կողմ գործիչներ ,  ընդդիմություն եւ նրա հակառակըՙ ընդմիտություն : Հնարավոր են նաեւ այսպիսի տարբերակներ.  իշխանախոհ, իշխանաբան, իշխանադաշն, իշխանադաշնություն , կամ, պարզապես,  իշխանությանը կողմ : Ընդդիմությունը եւ իշխանադաշնությունը կամ ընդմիտությունը միավորվում են, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում:

Ամփոփելովՙ ասենք, որ երբեք չի կարելի ասել  ընդդիմություն եւ  դիմություն ՙ «իրար հակառակ ուժեր» իմաստով: Առաջարկում ենք, եթե այդքան դրա հարկը լինում է, գործածել ընդմիտություն, իշխանադաշնություն բառերից մեկն ու մեկը, կամ, պարզապես,  իշխանության կողմնակիցներ :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.19.53 | Сообщение # 104
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
Բոլորս գիտենք, որ  մազապուրծ նշանակում է «հազիվ-հազ պրծած, մի կերպ փորձանքից, աղետից պրծած, ազատված»: Իսկ ինչպե՞ս է առաջացել այս բառը, ի՞նչ արմատներից է կազմված: Առաջին հայացքից թվում է, թե կազմված է  մազ եւ  պրծնել բառերից: Բայց կա մազապուրծ բառի ավելի հին եւ ընտիրՙ մազապուր , ձեւը: Այստեղ արդեն երկրորդ արմատիՙ ապուր -ի հարցը այնքան էլ պարզ չէ: Պարզվում է, որ  ապուր -ը  ապրել բառի արմատն է եւ նշանակում է «կերակուր կյանքի, ապրելու համար»: Իսկ  ապրել , որքան էլ այսօր զարմանալի թվա, նշանակել է «ճողոպրել, ազատվել, փրկվել, ողջ մնալ»: Այսօր  ապրել նշանակում է «կյանք ունենալ, կենդանի լինել, կյանք վարել, լինել, գոյություն ունենալ»: Այսինքնՙ ապրել սկզբնապես նշանակել է «գոյության համար ուտելիք ունենալ, կերակուր ձեռք բերելով փրկվել, ողջ մնալ»:

Այսինքնՙ մի բան ճարեցիր, կերար, նշանակում էՙ ապրեցիր: Հետագայում է, որ ապրելու մեջ մարդիկ վսեմ գաղափարներ են դրել: Սրանից է  ապրանք -ը, որ նշանակել է «ապրուստ, փրկություն, կյանք, կենսակերպ»: Ըստ Աճառյանիՙ  ապուր -ից ա-ի անկումով ստացվել է  պուր , եւ  ծ -ի ավելացումովՙ  պուրծ , որիցՙ պրծնել «ճողոպրել, խույս տալ, ազատվել»: Այսինքնՙ ապրել եւ  պրծնել բառերը ինչ-որ տեղ նույնացել են: Այսպես կարելի է բացատրել  մազապուր եւ մազապուրծ զուգահեռ ձեւերի գոյությունը: Փաստորեն,  մազապուր բառը կազմվել է  մազ եւ ապուր ( ապրել բառի արմատը) բաղադրիչներից. չիմանալով այդ, կապել են  պրծնել բառի հետ եւ դարձրել  մազապուրծ :

Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ  մազ բառը: Ինչպես գիտենք, մազը «թելի նման շատ բարակ, նուրբ եղջերային գոյացություն է»: Մազի շատ բարակ, նուրբ լինելը, գրեթե հաստություն չունենալու հատկանիշը փոխաբերական առումներով գործածվել է ծայրահեղ իրավիճակներ պատկերավոր նկարագրելիս:

Այսպեսՙ  մազից կախված լինել դարձվածը նշանակում է «խիստ վտանգավոր, օրհասական վիճակի մեջ գտնվել»: Սա այն դեպքն է, երբ դարձվածային կապակցության բաղադրիչները պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, այսինքնՙ եթե  մազից կախված լինելըդիտենք որպես սովորակա նբառակապակցություն (ոչ փոխաբերական իմաստով), ապա իսկապես շատ դժվար է այն մարդու վիճակը, որը անդունդի վրա կախված է ընդամենը մազից: Նույնն է  մազի չափ դարձվածի դեպքում, որը նշանակում է «շատ քիչ, աննշան, չնչին չափով», եւ նույնիսկՙ «բոլորովին, բնավ, մազաչափ չեմ կասկածում»: Մազ մնալ ՙ «քիչ էր մնում, քիչ բան էր պակասում». օրինակՙ « Մազ էր մնացել, որ դանակը դիպչեր զինվորի սրտին »:

Հնարավոր է, որ այս դարձվածները գալիս են ժողովրդական շատ հին հավատալիքներից: Այսպեսՙ  մազե կամուրջ նշանակում է «վտանգավոր փորձություն, դժվարանցանելի տեղ, դժվար հաղթահարելի խոչընդոտ»:  Մազե կամուրջը մազի նման բարակ այն կամուրջն է, որով վերջին դատաստանի օրը հոգիները պետք է անցնեն: Արդար հոգիները հեշտորեն կանցնեն այդ կամրջով եւ կգնան արքայություն, իսկ մեղավոր հոգիները ցած կընկնեն դժոխք: Այնպես որ,  մազից պրծնել դարձվածը կարող է ծագած լինել նաեւ  մազե կամրջից պրծնելարտահայտությունից, քանի որ  մազից պրծնել նշանակում է «մեծ վտանգից հազիվհազ ազատվել, մազապուրծ լինել»:

Ինչպես տեսնում ենք,  մազապուր եւ  մազապուրծ բառերը նույն բանն են նշանակում, կարեւորը  մազե կամրջից անցնելն է , այսինքնՙ արդար հոգի լինելը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.22.11 | Сообщение # 105
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
Ի՞նչ է նշանակում  հակամետ, հակամիտություն :

Այս բառը վերջերս սկսել են գործածել իր իմաստի լրիվ հակառակ նշանակությամբ, կարծելով, թե բառը  համամիտ բառի հականիշն է, այսինքնՙ «մի բանի նկատմամբ հակառակ կարծիք ունեցող, ոչ միատեսակ մտածող, հակառակ մտածող»: Այնինչ  հակամետ նշանակում է «մի բանի տրամադիր, մի բանի կողմը հակված»: Բանն այն է, որ այս բառում  հակ -ը ոչ թե նախածանց էՙ «դեմ, ընդդեմ, հակառակ» նշանակություններով, այլ հակում բառի արմատն է, որ նշանակում է «թեքել դեպի մի կողմ», եւ, փոխաբերական առումով, «տրամադրել մի բան անելու»:

Իսկ ի՞նչ է նշանակում  մետ բաղադրիչը:

Մետը կշեռքի լծակի միջին կետն է, ապաՙ կշեռքի նժար, թաթ, որից ծագել է  միտել «հակել, թեքել, ծռել» եւ, փոխաբերական առումով, «հարել, կողմնակցել, ձգտել, տրամադրվել», որիցՙ միտում «որեւէ բանի զարգացման ուղղություն»:

Մետ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագում է հնդեվրոպական նախալեզվի  med «չափել, կշռել» արմատից: Հետաքրքիր է, որ այս նույն արմատից է ծագում հայերեն միտք «խելք, բանականություն, ուշադրություն, իմաստ եւ այլն» բառը: Մետ արմատի «չափել, կշռել» իմաստից փոխաբերական առումով առաջացել է «դատել, խորհրդածել» իմաստը: Տեսնու՞մ եք, կշեռքից մինչեւ դատողությունՙ կշռադատում: Ուրեմն, եթե որեւէ մեկն ասում է, թե ինքը հակամետ է այսինչ բանը անելու, ապա նա ուզում է ասել, որ ինքը տրամադրված է, հակված է դա անելու, եւ ոչ թե հակառակը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.25.17 | Сообщение # 106
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
Վերնագրի  ցանկապատ, առեւանգել, տնանկ եւ զանգվածեղ բառերը, ինչպես կռահում եք եւ զարմանում, ծագում են նույն արմատից`  անկանել կամ անգանել : Այս բառի նախնական նշանակությունն է «ընկնել, ցած ընկնել», որից`  անկում բառը: Այս նախնական նշանակությունից հետզհետե բխում են այլ իմաստներ`«ցած կախվել», այնուհետեւ` «գնալ, դիմել, ապաստանել, մի տեղ հասնել»: Եթե ընկնում ես, հասնում ես գետնին, կամ ասում ենք, չէ՞ՙ էս ո՞ւր ընկանք: Այսինքնՙ «ուր հասանք»: Հիշենք մեծն Թումանյանին.

Ո՜վ իմանաՙ ո՛ւր ընկանք,

Քանի օրվա հյուր ընկանք,

Սերն ու սիրտն էլ երբ չկաՙ

Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք:

Փոխաբերաբար ձեռք է բերել նաեւ այս իմաստները. «հափշտակել, առնել փախչել, առնել անկանել», մի խոսքով` «առեւանգել», հիմնականումՙ կին, աղջիկ: Հասնելու գաղափարին հետեւում է վերջանալու գաղափարը, որն արտահայտվում է հետեւյալ բառերովՙ  հանգ հանել, հանգ տանել, հանգել «վերջացնել, վերջին հասցնել»: Հիշենք նաեւ հանգավոր գրվածքները, այսինքնՙ գրվածքներ, որոնք հանգ «վերջ» ունեն, չափածո գրվածքներ են: Ց նախդիրով ստացվել են ցանկ, ցանգ բառերը, այսինքնՙ «մինչեւ անկ, մինչեւ վերջ, մինչեւ վերջանալը, սպառվելը»: Այստեղից`  ցանկ -ի մեկ այլ նշանակություն` «ճյուղերով հյուսված պատ, պատնեշ` իբրեւ վերջ կամ սահման», որտեղից էլ մի ընտիր բառ`  ցանկել , այսինքն` «պարսպել, ցանկապատել»: Կարծիք կա, որ  ցանկություն բառի ցանկ արմատը եւս  անկ արմատից է, որպես «բաղձանքի եզր, սահման, ցանկ, ցանկապատ»: Ստացվում է, որ  ցանկություն -ը «անկում» է նշանակում, ցանկանալ ՙ նշանակում է «ընկնել»: Այսինքնՙ չլինենք ցանկասեր: Հետաքրքրական մի բառ է  անգուրդ -ը, որ նշանակում է «վերջ, կտարելություն»:  Հասնել անգուրդին , այսինքնՙ «հասնել կատարելության, հասնել վերջին», որից այն կողմ ոչինչ չկա: Ասում ենք, չէ՞ՙ հասար, իջիր:

Բառը մի զարմանալի նշանակություն էլ է ձեռք բերել.  անկ է նշանակում է «պատշաճ է, հարմար է», որից  յ -ի հավելումով`  յանգ, յանկ ` «հարմար, պատշաճավոր»:

Մեր զարմանալի բառը ստացել է նաեւ «իրար հետ հարմարվել, միանալ, ընկերանալ, ժողովվել» իմաստները: Որից`  հանգչել, հանգուցանել կամ  հանկչել ` «սիրով կապվել, կապել, սիրտը գրավել»: Իսկ  հանկակից կամ  հանգակից նշանակում է «մերձավոր»: Զ նախդիրով  անկ -ից ունենք  զանգել , որ հնում նշանակել է «խառնել, միավորել, շաղել»,  զանգված ` «բաղադրություն, խմոր,  զանգություն ` «խառնուրդ»: Այժմ ունենք զանգվածային տեղեկատվությանմիջոց արտահայտությունը:Բառի այլ իմաստներ`  անկած «դիակ»,  յարեւէ անկանել , «մեռնել»,  անկյալ, անգյալ «թույլ, տկար, խեղճ»: Հետաքրքիր է  տնանկ բառը, որը նշանակում է «աղքատ, տնից տեղից ընկած» (տուն + անկ):

Անկանել բառը բազմաթիվ այլ ածանցյալ իմաստներ էլ ունի, բայց բավարարվենք այսքանով: Ավելացնենք, որ  անկ արմատն այժմ էլ կենսունակ է եւ նրանով նորանոր բառեր են կազմվում, օրինակՙ  անկարգել (պարաշյուտ), այսինքնՙ «անկումն արգելակող»:

Ինչքա՜ն զարմանալի է. մեկ հատիկ բառ եւ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում «արյունակից» բառերի մի բազմություն, մի «տոհմ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.28.29 | Сообщение # 107
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ

«Բերդ ու պատվար զերդ կուռ ասպար»:

Ավ. Իսահակյան

«Հողմը մեգով երկինքն առնում,

Գալարում է բուքը ձյան,

Մինՙ մանկան պես լաց է լինում,

Մինՙ ոռնում է զերթ գազան»:

Ա. Պուշկին, «Ձմեռվա իրիկունը»:

Թարգմ.ՙ Հովհաննես Թումանյանի

Եվ այսպես. ո՞վ է ճիշտ. Ավ. Իսահակյա՞նը, որ գրել է  զերդ , թե՞ Հովհ. Թումանյանը, որ գրել է  զերթ :

Բառը շատ հետաքրքրական պատմություն ունի: Նախ ասենք, որ բառը բարդ բառ է, ինչքան էլ դա զարմանալի է. առաջացել է  զիարդ բառից:  Զիարդ բառի առաջին բաղադրիչ  զի -ն նշանակում է «որովհետեւ, որպեսզի, որ, այնքան որ, մինչեւ իսկ, թե ինչու, ինչ, ինչպես, որքան, ինչքան»: Որքան իմաստներ ունի երկտառանի այս բառիկը: Իսկ երկրորդ բաղադրիչըՙ  արդ , նշանակում է «ձեւ, կարգավորություն, սարք»:

Ահա այս երկու բազմիմաստ, բազմադեմ եւ բազմաշխատ բառերը միացել են եւ կազմել զիարդ բառը: Այս ամենն ի՞նչ կապ ունի մեր  զերդ կամ  զերթ բառի հետ:

Պարզվում է, որ  զիարդ բառը, հետագայում համառոտվելով, դարձել է  զերդ կամ  զերթ : Ինչպես, օրինակ,  իբր բառը, որը կազմված է  ի «ինչ» +  բար «բարք, եղանակ» բառերից: Սկզբնապես եղել է  իբար , այնուհետեւ, քանի որ շեշտը եղել է առաջին վանկի վրա, հաջորդ վանկի  ա ձայնավորը կորել է: Այսինքնՙ շեշտը շատ զորեղ բան է: Ահա ամբողջ պատմությունը: Զերդ -ից ու  զերթ -ից հետագայում առաջացել են  զեդ եւ  զետ բառերը «իբրեւ, որպես, նման» նշանակություններով:

Այսպիսի բաներ եւ այսպիսի բառեր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.36.06 | Сообщение # 108
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
Տեսնենք, թե ծիածանի յոթ գույներըՙ  կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կանաչը, երկնագույնը, կապույտը եւ  մանուշակագույնը ինչ ծագում ունեն, դրանցից քանիսն են բնիկ հայերեն բառեր, քանիսըՙ փոխառություն:

Սկսենք թվարկած հերթականությամբ: Հենց ա՛յս հերթականությամբ են գույներն իրար հաջորդում ծիածանի մեջ: Հիշելու համար կա մի այսպիս ինախադասություն. « Կատուն նստած դռան կողքին երազում է կերի մասին »: Առաջին տառերով հնարավոր է վերականգնել գույների անունները ( կ -կարմիր,  ն -նարնջագույն,  դ -դեղին,  կ -կանաչ,  ե -երկնագույն,  կ -կապույտ,  մ -մանուշակագույն:)

Եվ այսպեսՙ  կարմիր : Հր. Աճառյանը սա համարում է փոխառություն պահլավերենից: Այս բառի արմատով կազմված շատ բառեր տարածված են աշխարհի շատ լեզուների մեջՙ եբրայերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, ալբաներեն եւ այլն: Հնդեվրոպական լեզվում արմատն է  կրմի , որ նշանակում է «որդ»:

Որդ -ի «կարմիր» նշանակության զարգացման պատճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գույնը պատրաստում էին մի տեսակ որդից, որը կաղնի ծառի վրա աճող մի մակաբույծ էր: Կարծիք կա նաեւ, որ կարմիր որդանը հայկական արտադրություն է եղել, եւ բառն էլ, բնականաբար, հայերենից է անցել աշխարհի մյուս լեզուներին:

«Արնագույն կարմիր» իմաստի համար ունենք  բոսոր բառը: Հր. Աճառյանը սա համարում է եբրայերենից փոխառություն, Գ. Ջահուկյանը համարում է բնիկ հնդեվրոպական ծագումով բառ: Իսկ Պետերսոնը բառը կցում է հայերեն  բոց բառինՙ կազմված  որ մասնիկով: Պայծառ կարմիրի համար ունենք  ալ բառը, որը համարվում է փոխառություն թուրքերենից: Կան նաեւ հնդեվրոպական ծագման կողմնակիցներ: «Բաց կարմիր, վարդագույն» իմաստով ունենք հալոզի բառը: Սա Գ. Ջահուկյանը համարում է հնդեվրոպական  el արմատից ծագած, որ նշանակում է «կարմիր»:  Հալոզի նշանակում է նաեւ «խաղողի մի տեսակ»: «Մութ կարմիր» իմաստի համար ունենք  շառ բառը, որի ծագումն անհայտ է:

Նարնջագույն: Նշանակում է «նարնջի գույն ունեցող»:  Նարինջ բառը մենք դարձյալ փոխառել ենք պարսկերենից, պարսիկներըՙ հնդիկներից: Հին հնդկերենում բառն ունեցել է նագառանգա ձեւը.  նագա ՙ «պղինձ»,  ռանգ ՙ «երանգ, գույն»: Այսինքնՙ  նարինջ նշանակում է «պղնձագույն»:

Դեղին : Բնիկ հայերեն բառ է եւ առաջացել է  դեղ արմատից, որի հիմնական նշանակությունը եղել է «խոտ»: Այնուհետեւ նշանակել է «բժշկական խոտ», հետագայումՙ «ներկատու խոտ», եւ  ին աճականով տվել է դեղին գույնը: Նույն արմատից է նաեւ մեր  դեղձ -ը:

Կանաչ: Գույնի այս անվանման համար որեւէ մեկնաբանություն չկա: Կանաչի զանազան դրսեւորումներ են  փիրուզագույնը, խակին, դահանակագույնը, զմրուխտագույնը, պիստակագույնը, մանանեխագույնը եւ այլն: Իսկ  խաժ նշանակում է «կապտականաչ»:

Երկնագույն: Նշանակում է «երկնքի գույն ունեցող»: Երկինքն, իհարկե, տարբեր գույներ է ունենում, բայց նկատի է առնվում  բաց կապտավունը :

Կապույտ: Փոխառություն է պահլավերենից: Բայց այս գույնի համար մենք ունենք նաեւ  բիլբառը: Հր. Աճառյանը սա, ինչպես նաեւ  սղոց, դալ, լոք, կապույտ բառերը համարում է ձկան անվանումներ: Էդ. Աղայանը ցույց է տալիս, որ, ճիշտ է, դրանք ձկան անվանումներ են, բայց ձկներն այդ անվանումներն ստացել են իրենց գույնի պատճառով: Ըստ նրաՙ  բիլ -ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «բաց կապույտ», եւ առաջացել է հնդեվրոպական նախալեզվի պլուզ, բլուզ «կապույտ» ձեւից:

Մանուշակագույն: Առաջացել է  մանուշակ ծաղկանունից:  Մանուշակ -ը դարձյալ փոխառություն է պահլավերենից: Ընդ որում, հայերենում բառը պահպանվել է երկու ձեւով. մանիշակ ՙ փոխառություն ասորերենից, եւ  մանուշակ ՙ պարսկերենից:

Այսքանը ծիածանի յոթ գույների մասին:

Ինչպես գիտենք, բնության մեջ սեւ գույն չկա, իսկ սպիտակը բոլոր գույների միախառնումն է. սպիտակից են ծնվում լուսակի (սպեկտրի) բոլոր գույները:

Սեւ : Գրաբարյան գրելաձեւն է  սեաւ : Բառը փոխառյալ է պարթեւական պահլավերենից: Նույն արմատից է  Շավարշ անձնանունը: Խիստ սեւի համար գործածվել է  ճնդիկ (ճնդրիկ)բառը, որի ստուգաբանությունն անհայտ է: Վաղ ժամանակներից ավանդված ունենք  թուխբառը, որ նշանակում է «սեւին տվող մուգ գույն»: Սեւի համար կա նաեւ  արջն բառը, որ համարվում է կովկասյան կամ իրանական լեզուներից փոխառություն: Իսկ սեւի եւ սպիտակի խառնուրդը  գորշն էՙ «մուգ մոխրագույնը»:

Սպիտակ: Նույնպես պահլավերենից է, ինչպես նաեւ նույնանիշ  ճերմակ -ը, որը հին հայերենում գործածվել է միմիայն ձիու համար, իսկ արեւմտահայերենում ձեռք է բերել ընդհանրական իմաստ: Սպիտակ գույնը արտահայտող հայերեն անվանումները եւս հայերենում չեն պահպանվել:

Ինչպես տեսնում ենք, գրեթե բոլոր գլխավոր գույների անվանումները փոխառություններ են: Ի՞նչն է պատճառը. չէ՞ որ մենք, երբ բացել ենք աչքներս, աշխարհը բազմագույն ենք տեսել: Ինչո՞ւ ենք մերը թողել եւ վերցրել ուրիշինը: Սա մեկնաբանվում է նախ եւ առաջ տաբուով: Այսինքնՙ ինչ-ինչ նկատառումներով արգելանք է դրվել բառերի վրա, եւ մենք սկսել ենք կիրառել օտարինը: Արգելանքը դրվում է որեւէ գործողության, բառի վրա. դրա խախտումը, ըստ նախնադարյան մարդու սնոտիապաշտական պատկերացումների, պատժվում էր գերբնական ուժերի կողմից: Թեեւ, կարծում եմ, քիչ դեր չեն խաղացել նաեւ մեր անտարբեր վերաբերմունքը մեր լեզվի նկատմամբ, օտարասիրությունը, օտարամոլությունը, որոնք այսօր էլ իրենց սեւ գործն անում են:

Հեռու չգնանք. մի քանի տասնամյակ առաջ տաբու էր դրված մեր  կուսակցություն, հեղափոխություն, հանրապետություն բառերի վրաՙ կուսակցական, պետական արգելանք: Եվ պատժողներն էլ գերբնական ուժերը չէին, այլ անբնական մարդիկ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.38.47 | Сообщение # 109
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
Հարցը վերաբերում է այս բառերի գործածության ոլորտներին. արդյո՞ք երկուսն էլ ճիշտ են, եթեՙ այո, ապաՙ ո՞ր բառը ե՞րբ է գործածվում:

Նախ տեսնենք, թե ինչ են ասում այս մասին մեր հին ու նոր բառարանները:

Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» կարդում ենք. « Բացօթեայ - բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող, դուրսը, դրսում մնացած»: Իսկ  բացօդյա բառը այդ բառարանում չկա, որից կարելի է ենթադրել, թե գրաբարում չկար  բացօդյա ձեւը: Սակայն այդպես չեն կարծել «Հայկազյան բառարանի» հեղինակները (այդ մասինՙ քիչ հետո):

Հրաչյա Աճառյանի «Արմատականում» կարդում ենք, որ  բացօթեայ բառի արմատն է  օթ , այսինքնՙ «գիշերը մի տեղ անցկացնելը, գիշերելը, օթեւանելը»: Այնուհետեւ շարունակում է. «Կա եւ սխալ գրչությամբՙ  բացօդեայ , իբր թե  օդ բառից, որ եւ այժմ բավական ընդհանրացել է տգետների մոտ»: Այսինքնՙ Աճառյանը մերժում է  բացօդյա բառը: Հիշեցնենք, որ դա 20-րդ դարի 30-ական թվականներին էր: Ժամանակագրորեն դրանից մի հարյուր տարի հետ գնանք, դեպի 1837 թվական, երբ լույս տեսավ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կոթողային աշխատությունը:

Այնտեղ  բացօթյա բառահոդվածում բերված օրինակներից մեկում կարդում ենք. «Ո՞ւր արդեօք օթեւանեալ իցես, որդեակ, ի փողոցի՞, թեՙ ի բացօթեայ (կամ բացօդեայ)»: Այս օրինակից երեւում է, որ Մխիթարյաններին ծանոթ էր բառի  բացօդեայ գրությունը, ընդ որում, բառը գործածվել է «բաց երկնքի տակ գիշերելու, օթեւանելու» առումով: Սա շատ կարեւոր է հետագա շարադրանքի համար:

Ստեփանոս Մալխասյանցը 1944 թվականին լույս տեսած իր «Հայերեն բացատրական բառարանում» ընդգրկել է երկու բառն էլ, գրելով. « Բացօդեայ -( արմատն է օդ )  բաց օդում, բաց երկնքի տակ: Բացօդեայ ճաշ, պարապմունք »: Բերում է նաեւ օրինակ. «Հիւանդ երեխաների հետ բացօդեայ են պարապում»: Ուշադրություն դարձնենք, որ այստեղ գիշերելու, օթեւանելու մասին խոսք չկա, այլ միայնՙ բաց օդում ճաշելու, պարապելու, հավաքվելու: « Բացօթեայ - (արմատն է օթ), բաց տեղ, բաց երկնքի տակ գիշերող»: Այսինքնՙ գիշերելու, օթեւանելու դեպքում արդեն պետք է կիրառվի բացօթեայ բառը (ըստ Ստ. Մալխասյանցի): 1974 թվականին լույս տեսած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» կարդում ենք. « Բացօդյա - 1. անծածկ, բաց» (Հետո անցավ ծովածավալ շուկայի ուղիներովՙ ծածկված եւ բացօդյա /Ա. Ի./): 2. Բաց օդում, բացՙ ազատ օդում:  Բացօդյա զբոսանք,  բացօդյա խաղալ»: Դարձյալ գիշերելու, օթեւանելու մասին խոսք չկա: Իսկ  բացօթյա -ի դիմաց կարդում ենք. «բաց երկնքի տակ», որը ոչինչ չի ավելացնում արդեն ասվածներին:

1976 թվականին լույս տեսած «Արդի հայերենի բացատրական բառարանում» Էդուարդ Աղայանը գրում է. « Բացօդյա - 1. բաց օդում, շենքերից դուրս: 2. Տե՛ս Բացօթյա »: Իսկ բացօթյա բառը բացատրում է այսպես. «բաց օդում, բաց երկնքի տակ»:

Ի՞նչ կարելի է եզրակացնել:

Բացօդյա բառը սկզբում հայերենի բառապաշարում չի եղել: Հետո մուտք է գործել բառապաշար, բայց որոշակի իմաստով: Եթե խոսքը վերաբերում է բաց երկնքի տակ գիշերելուն, օթեւանելուն, ապա գործածվում է  բացօթյա բառը, իսկ բաց օդում, բաց տեղում, բաց երկնքի տակ պառկելու, խաղալու, հավաքվելու, խնջույք անելու դեպքում գործածվում է բացօդյա բառը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.41.08 | Сообщение # 110
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
Հայերենում որեւէ մեկին որեւէ բան անվերապահորեն հատկացնելու, սրտանց տալու, ընծայելու, զոհաբերելու, նվիրաբերելու, ձոնելու գաղափարն արտահայտելու համար կան բազմաթիվ բառերՙ  ընծա, նվեր, պարգեւ, շնորհ, ձոն, ձիր : Տեսնենք, թե այս բառերը որտեղից են եկել եւ ինչ իմաստային տարբերություններ ու նմանություններ ունեն:

Հոմանիշների այս շարքում  ընծա բառը բնիկ հայերեն բառ է, որի զանազան նշանակություններից են «ձոն, նվեր, ապացույց»:  Ընծայվել նշանակել է նաեւ «ծնվել»: Միայն մարդկանց համար է ասվել.  ընծայում ՙ «ծնունդ»: Բարձր ոճի արտահայտություններ են ընծայումն լուսնի «լուսնի ծնունդ»,  առաջնորդ ընծայման ՙ «կնքահայր»:

Նվեր սկզբնապես նշանակել է «տաճարին ընծայված որեւէ բան, երախայրի պտուղ, նուբար, զոհ, ձոն, գինու բաժակ կամ Աստծուն ձոնելու համար կաթեցրած գինի»: Փոխառություն է պահլավերենից: Բարբառներում  նվերք ձեւը նաեւ նշանակել է «չար աչքից, հիվանդություններից ազատվելու համար եղած բոլոր կախարդական միջոցները»:

Պարգեւ նշանակել է «մեծից տրված նվեր, ընծա, ինչպես նաեւՙ ռոճիկ, թոշակ, ուտելեղեն, մրցանակ»:

Շնորհ սկզբնապես նշանակել է «ձրի բաշխված պարգեւ», ինչպես նաեւՙ «վայելչություն, գեղեցկություն, հաճություն, գոհունակություն»: Դարձյալ փոխառություն է պահլավերենից, թեպետ կան նաեւ այլ մեկնաբանություններ:

Ձոն ՙ «աստվածներին ձոնված նվեր, ընծա, պարգեւ»: Ի պատիվ աստվածների կամ մահացածների հոգուՙ ըմպում էին գինի, որը  ձոն էր կոչվում: Ձոնելի գինին կամ մի ուրիշ հեղուկ թափում էին ողջակիզումից առաջ, կամ կաթիլ-կաթիլ ծորում մեռելի գերեզմանի վրա:

Որքան էլ զարմանալի է, հեթանոսական այդ հնագույն սովորույթը պահպանվել է մինչեւ այժմ. գերեզմանոցներում թե՛ խմում են գինի եւ թե՛ գինին թափում են գերեզմանի վրա:  Ձոնել ՙ «ընծայաբերել» գաղափարը հեթանոսական աստվածներից անցել է քրիստոնեական աստծուն, այնտեղից էլՙ հասարակ մահկանացուներին:

Այժմ անդրադառնանք այս շարքի վերջինՙ  ձիր , բառին: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակել այս մոռացված բառը եւ ինչով է արժանահիշատակ:

Ձիր -ը բնիկ հայերեն բառ է եւ դարձյալ նշանակել է «պարգեւ, ընծա, նվեր, շնորհ», իսկ արժանահիշատակ է նրա սեռական հոլովըՙ  ձրի :

Ձրի ՙ իբրեւ «ձիր, պարգեւ կամ շնորհ առնելով, առանց փոխարինի, անվարձ, անվճար, անպարտ»: Ահա թե որտեղ է թաղված  ձրի բառի արմատը:  Ձրի ՙ այսինքնՙ «իբրեւ ընծա, պարգեւ ստացած»:

Կա  ձիրք ձրի արտահայտությունը, որ նշանակում է «շնորհ անվարձ»: Ինչպես տեսնում ենք,  ձիր բառի հոգնակինՙ  ձիրք բառը, եւս այս շարքում է: Եվ ձիրքը մարդուն ձրի տալիս, ընծայում ու պարգեւում է Արարիչը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz