ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
|
|
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 21.18.59 | Сообщение # 21 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞ ՆԱՆԵՆ իմաստության եւ ողջախոհության աստվածուհին է հայոց դիցարանում: Ամենայն աստվածների հայ րԱրամազդի դուստրը. այսպես է բնորոշում Նանեին Ագաթանգեղոսը: Այս անունով հույները ունեին մի հավերժահարս, սկանդինավյան ազգերն էլ ունեն Նաննա անունով դիցուհի: Նանեն, կամ Նանան, կամ Նինեն, որպես աստվածների մայր, ծանոթ էր նաեւ ասիացի այլ ազգերի, որոնց լեզվով այս անունը նշանակում է «մայր» կամ «տատ»: Հիշատակվում են նաեւ շումերական Նիննի, ասորական Նանա կամ Նինա աստվածուհիները:
Ըստ Հ. Աճառյանիՙ Նանան լատիներեն nonna «մայր իմ, մայրիկ» բառից է:
Նանե անունով նշանավոր էր Իվանեի եւ Զաքարեի քույրըՙ Աբաս թագավորի կինը, որն իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին Ձորագետի վրա կառուցում է (1192 թվականին) մի հոյակապ կամուրջ, Հովհաննավանքի պարիսպը, բազմաթիվ խաչքարերՙ սրտառուչ մակագրություններով:
Հիանալի է, որ այս անունը այժմ նորից սկսել է տարածվել հայերի մեջՙ դուրս մղելով զանազան Սվետաների, Կատյաների, Կլարաների, Ժենյաների եւ այլն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 21.24.01 | Сообщение # 22 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ Հայերեն արական անուն է. կազմված Աստված եւ տուր բառերիցՙ իբրեւ «Աստծու տվածը»: Այս անունը մեր մեջ ձեւափոխվելով ու կրճատվելովՙ ստացել է զանազան ձեւեր, երբեմն փոխվելով մինչեւ անճանաչելիություն: Այսպեսՙ Ասծատուր, Ասվատուր, Ասպատուր, Ասատուր, Աստուր, Աստիկ, Ասպա, Ասո, Ծատուր, Ծատի , նաեւ Տատուր , եւ, վերջապես, Տատ : Այս անունները հայերի մեջ ավանդված են 14-րդ դարից:
Հետաքրքրական է, որ «Աստծու տվածը» գաղափարը կա նաեւ հայերեն այլ անուններումՙ Խաչատուրՙ «Խաչի տվածը», Տիրատուրՙ «Տիրոջ տվածը», Քրիստոսատուրՙ «Քրիստոսի տվածը» եւ այլն:
Համապատասխան անուններ կան նաեւ այլ ազգերի մեջ, օրինակՙ ասորականՙ Իլի-Վահաբա, եբրայականՙ Նաթանայել, պարթեւականՙ Բագարատ, թուրքականՙ Խուդավերդի, Ալլահվերդի, հունականՙ Թեոդորոս, լատինականՙ Դեոդատուս, գերմանականՙ Գոթգիբ, ռուսականՙ Բոգդան եւ այլն: Այս բոլոր անուններն էլ նշանակում են «Աստվածատուր, Աստված է տվել»:
Հրաչյա Աճառյանն իր «Հայոց անձնանունների բառարանում» հիշատակում է 190 նշանավոր Աստվածատուրի:
Նրանցից մեկի մասին կա մի այսպիսի պատմություն:
Աստվածատուր Խթայեցի: Մանուկ էր, որին Խթայի հեծյալները գերելովՙ վաճառքի հանեցին: Բաղիշեցի Մխիթար անունով վաճառականը, որ Ատրպատականի, Ղումի, Շիրազի, Խորասանի, Սամարղանդի, Բուխարայի վրայով մինչեւ Հնդկաստան եւ Խթայ էր հասել, գնեց նույն մանուկին եւ հետը Բաղեշ բերավ, ուր, իբրեւ իր որդուն, պահում էր: Երեխան մեծացավ եւ ընդունեց քրիստոնեությունը, մկրտվեց եւ կոչվեց Աստվածատուր: 18 տարեկան պատանի էր արդեն: Թուրքերը չարախոսեցին, թե նա մահմեդականի որդի է եղել եւ պահանջեցին, որ ուրանա քրիստոնեությունը: Նա մերժեց: Սկսեցին տանջել. ծեծեցին, սառած գետնի վրա կապեցին, մեջքին կրակ վառեցին, կրակե հողաթափեր հագցրին, մարմինը սրով ծակոտեցին, ձեռքերի մեջ կրակ լցրին, հետո մոլլային հանձնեցին, որպեսզի կրթի, խրատի ու համոզի: Ամեն ինչ զուր անցավ: Ութ ամիս տանջելուց հետո քարկոծելով սպանեցին 1519 թ.: Նրա նահատակության վրա 30 տուն մի տաղ գրեց Գրիգորիս Աղթամարցինՙ հայերեն, պարսկերեն եւ թուրքերեն լեզուներով:
Այսինքնՙ հավատից եւ անունից չի կարելի այդքան հեշտությամբ հրաժարվել եւ հայկական անունների փոխարեն Այբբենարանները լցնել Օֆիկ-Սոֆիկներով, Ռաֆիկ-Պետիկներով, Վալերիկ-Անժիկներով եւ այլն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 21.27.17 | Сообщение # 23 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր Ինչո՞ւ ենք առանձնացրել Մխիթար անունը: Պարզվում է, որ շատ հետաքրքրական կազմություն եւ իմաստ ունի իր մեջ պահածՙ առաջին հայացքից չերեւացող:
Մխիթարը հայերեն արական անուն է: Նշանակում է «սփոփանք, մխիթարանք, ամոքանք»: Առաջացել է հայերեն մի՛ խիթար ձեւից: Իսկ խիթել (կամ խիթալ ) բառի արմատն է խէթ , որը նշանակում է «խղճի խայթ», «կասկած, վախ»: Խիթալ նշանակում է «հոգս անել, վախենալ, մտատանջվել»: Ու երբ ասում ենքՙ մի՛ խիթար, ապա ասում ենք. «Հոգս մի՛ ունեցիր, մի՛ մտատանջվիր, մի՛ վախեցիր»: Ահա թե ինչ խորհուրդ ունի իր մեջ Մխիթար անձնանունը, որը ինչ-որ չափով բարեմաղթանք է, ինչ-որ չափով օրհնանք: Շատ նշանավոր Մխիթարներ ենք ունեցել. թվենք մի քանիսին:
Մխիթար , նշանավոր ճգնակյաց, Թանահատի վանքի հիմնադիր:
Մխիթար Հերացի, բժիշկ եւ աստղաբաշխ, գիտեր արաբերեն, հունարեն, պարսկերեն, նշանավոր գործերից մեզ է հասել «Ջերմանց մխիթարություն» բժշկական աշխատությունը, որը գրել է կաթողիկոս Գրիգոր Տղայի պատվերով եւ աջակցությամբ: Նրա խնդրանքով Ներսես Շնորհալին գրել է իր տաղերից մի քանիսը: Ահա թե ինչ «Վերնատուն» ենք ունեցել ժամանակին:
Մխիթար Գոշ , նշանավոր առակագիր: 1184 թվականին գրել է իր նշանավոր Դատաստանագիրքը, որը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Մխիթար Սեբաստացի , Մխիթարյան միաբանության հիմնադիրը, միաբանություն, որը հայ գիտության եւ մշակույթի փարոս է աշխարհում: Այնտեղ հայերեն են թարգմանել օտար հին եւ նոր գրականության բոլոր նշանավոր երկերըՙ 1000 հատոր, կազմել ամբողջ հայ հին մատենագրությունը, գրել բառարաններ, հայոց պատմություն, գրականություն եւ այլն, եւ այլն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 21.31.54 | Сообщение # 24 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ Այս անգամ կզրուցենք մատ բառի եւ նրանով կազմված մի քանի դարձվածների մասին: «Մատն ի՞նչ է, որ մատի մասին էլ զրուցենք», - կմտածի ընթերցողը: Բայց հիշենք, որ մի բան անելու համար պիտի մատը մատին խփենք :
Նախ նշենք, որ մատ -ը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվի mat արմատից եւ կարող է դարձվածներ կազմելու եւ փոխաբերական իմաստներով գործածվելու առումով մրցել մարմնի մյուս մասերիՙ քթի, գլխի, աչքի, ձեռքի հետ:
Օրինակՙ մատը կծել նշանակում է «գլխի ընկնել, կռահել»: Իսկապես, երբ մեկը հանկարծակի, անակնկալ կերպով որեւէ բան է կռահում, գլխի ընկնում, իմանում, ակամայից մատը կծում էՙ իրեն չմատնելու, զարմանքն ու հուզմունքը ցույց չտալու համար: Սակայն հենց մատը կծելով էլ ցույց է տալիս իր հուզմունքը: Գրեթե նույնն է սաստիկ զարմանքի դեպքում. անակնկալից կորցնում են վերահսկողությունը, նյարդերը թուլանում են, ծնոտը կախվում է, բերանը բացվում է, եւ մարդն ակամայից ձեռքի ափով փակում է բերանը, այսինքնՙ ափիբերան է մնում ՙ սաստիկ զարմանում է: Ու հենց այդ զարմանքը թաքցնելու, սթափվելու համար մատը կծում է, ինքն իրեն հետ է բերում :
Եթե մեկին ուզում են ցույց տալ, ուշադրություն հրավիրել մեկի վրա, նշել եւ, նույնիսկ, նշավակել, ապա մատնացույց են անում : Եթե դավաճանությամբ մեկին թշնամու ձեռքն են հանձնում, ապա ասում ենք, որ մատնեցին նրան: Մատնել նշանակում է «մատով ցույց տալ մեկին ի վնաս»: Այսինքնՙ մատնությունը սկսվում է մատով ցույց տալուց, եւ մատնել բառի արմատը մեր սովորական մատ բառն է: Հուդան Քրիստոսին մատով ցույց չտվեց, այլ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով, համբուրելով մատնեց: Ամենայն հավանականությամբ, Քրիստոսի ծննդից շատ ու շատ առաջ մարդիկ իրար մատնում էինՙ մատով ցույց տալով: Օրինակ, հրեաների մեջ ամլությունը խայտառակություն էր համարվում, եւ անզավակ ամուսիններին մատով էին ցույց տալիս , դարձնում էին մատի փաթաթան , այսինքնՙ անվերջ երեսով էին տալիս, կըշտամբում, խոսում նրանց մասին:
Մատ բառից է նաեւ մատանի -ն, որը, բացի իր կենցաղային սովորական իմաստից, ուներ նաեւ «կնիք» իմաստը. դա որեւէ փորագրությամբ մետաղյա օղ էր, որով կնքում էին փաստաթղթերը: Մատանի բառից հնում ունեցել ենք մատանել բայը, որը նշանակել է «կնքել»:
Շատ ուշագրավ մի բառ էլ կա մատ արմատովՙ մատնաշունչ , որը նշանակում է «մատի ծայրին, եղունգի մոտ գոյացող ցավագին վերք»: Այս բառը բավականին հետաքրքրաշարժ ձեւափոխության է ենթարկվել: Նախնական ձեւն է մատնաշուրթ ՙ «մատի ծայրին դուրս եկած պալար» նշանակությամբ: Շուրթ -ն այդ բառի մեջ նշանակում է «եզերք, եզր, պռունկ»: Այս իմաստը մոռացվել է, եւ մատնաշուրթ -ը դարձել է մատնաշուրջ , սա էլ բարբառներում տվել է մատնաշունչ : Իսկ ժամանակակից բառարաններում եւ գրական լեզվում պահպանվել է միայն մատնաշունչ ձեւը:
Մատ բառով, բացի արդեն նշվածներից, ունենք մի շարք ուշագրավ դարձվածներ եւս. մատ թափ տալ «սպառնալ», որպես զարմանքի, ապշանքի արտահայտությունՙ մատը բերանում մնալ (այսինքնՙ այնքան է ապշած, որ մոռանում է նույնիսկ մատը կծել կամ արդեն կծած մատը բերանից հանել), մատների վրա խաղացնել «ճարպկորեն խաբել, մոլորեցնել» (սա, երեւի, եկել է մատների վրա տիկնիկներ խաղացնելուց, այսինքնՙ մատների վրա խաղացնելով մեկին խամաճիկ դարձնել, տիկնիկի պես իր ուզած բաներն անել տալ):
Երկու դարձվածների միավորումով այս գրքի հեղինակը ստեղծել է բազմաթիվ երկդարձվածներ : Մեջբերենք մատ բառով կազմվածներից մի քանիսը. «Մի ձեռքը ծափ չի տա, բայց մատ թափ կտա», «Մատի փուշը հանելՙ աչքն էր կոխում», «Մատը մատին չէր խփել ու հիմա ծնկներին էր խփում» եւ այլն:
Այս ամենը ցույց է տալիս, որ չպետք է մատների արանքով նայել եւ ոչ մի բառի, պետք է մատին թել կապել չմոռանալու համար, որ որեւէ բանի հասնելու համար անհրաժեշտ է մատը մատին խփել :
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 21.38.36 | Сообщение # 25 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ Ե՛տ եկեք… Գարնան վարար գետ եկե՜ք, Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր, Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք: Հովհ. Թումանյան
Մեծն Թումանյանը գործածել է հետ եւ ետ բառերը, ընդ որումՙ իմաստային տարբերություն դնելով դրանց մեջ. հետ եկեք ՙ «միասին եկեք», ետ եկեք ՙ «վերադարձեք»: Տեսնենք, թե սրանք ի սկզբանե՞ տարբեր բաներ են եղել:
Նախ տեսնենք, թե որտեղից են եկել մեր այս հետ -ն ու ետ -ը: Հնդեվրոպական նախալեզվի ped արմատը տվել է հետ, յետ, ետ , իսկ նույն նշանակության pod արմատըՙ ոտ, ոտն : Այսինքն, որքան էլ զարմանալի է, հետ բառը սկզբնապես նշանակել է «ոտք»: Այս նշանակությունը, հետո տեղի տալով ոտք բառին, ջնջվել է, բայց մնացել են նրանից ածանցված նշանակություններըՙ «հետք» (ոտքի կոխած տեղի նշանը), «ճանապարհ», «հետեւից», «միասին», «միատեղ», «հետը»:
Օրինակ, արահետ լայն առումով նշանակում է «ճանապարհ»: Կազմված է այր եւ հետքբառերից: Գիտենք, որ այրը տղամարդն է, իսկ հետքըՙ մարդու ոտք կոխած տեղը: Այր բառը բարդվելիս տալիս է ար , ինչպեսՙ արու, արի, արական : Իսկ երկրորդ բաղադրիչըՙ հետ , այստեղ իր սկզբնական իմաստով է հանդես գալիս, այն էՙ «ոտք»: Այսինքնՙ արահետնշանակել է «տղամարդու ոտքի տեղ»: Հետ -ը ստացել է նաեւ ժամանակ արտահայտող նշանակություն. այսպեսՙ առաջին հետ ՙ «առաջին անգամ», միահետ ՙ «մի անգամ», հետագա ՙ «հետո եկող» եւ այլն: Այս զանազան առումներով են կազմված հետազոտել, հետամուտ, հետամտիկ ՙ «փախչող թշնամու հետեւից հետապնդելու համար ուղարկված զինվոր»: Այս վերջին բառը, կարծում եմ, պետք է իր լիիրավ տեղը զբաղեցնի ժամանակակից հայոց բանակի բառապաշարում, ինչպես նաեւ հետարածի բառը, որ նշանակում է «լրտեսելու համար գաղտնի հետեւից գնալով»: Ինչպես ասացինք, հետ արմատի տարբեր ձեւեր են ոտն, յետ, ետ : Ոտնարմատից է մեզ քաջածանոթ հետիոտն բառը, ինչպես նաեւ հոտնկայս ( յոտնկայս ) բառը:
Վերջինս, ինչպես գրաբարյան մեկ այլ բառ եւսՙ յոտնկելեաց -ը, նշանակում է «ոտքի կանգնած»: Սակայն մեր խոսակցական լեզվում շատ են չարչարում այս բառըՙ աղավաղելով մինչեւ անճանաչելիության աստիճանՙ ոտնկույս, ոտնկուց, հոտնկույս, ոտնկաց եւ այլն:
Յետ արմատից ունենք հիանալի մի բառՙ հետուստ , որ նշանակում է «հետեւը, կռնակը, հետեւից, հետո, վերջը»: Նմանությամբ կարելի է ներուստ բառը գործածել ինտերիեր օտար բառի փոխարեն:
Հետաքրքիր է, որ վերնագրում նշված հետաքրքիր բառի կազմության մեջ նույնպես հետ(ոտք) արմատն է:
Ասվածից հետեւում է, որ թե՛ ի սկզբանե եւ թե՛ այժմ երկվությունն առկա է, եւ հնարավոր էլ չէ իմանալ, թե երբ պետք է գրել հետ , երբՙ ետ : Մնում է մի ճանապարհՙ հետեւել տերմինաբանական կոմիտեի որոշմանը, չնայած, այնուամենայնիվ, մի նրբերանգ կորչում է:
«Գրաբարի բառասկզբի յ հնչյունիՙ հետագայում հ -ի փոխվելու հետեւանքով համանունների թվում առաջացել են նաեւ ետ նախադրության եւ յետ -ից առաջացա ծմակբայի արտասանական համանուններ»:
«բարբառների ու արեւմտահայերենի ազդեցությամբ վերջերս հետ (ետ) արմատը նաեւ գրվում եւ արտասանվում է ետ »:
«Այսուհետեւ հետ (ետ) արմատը ամենուրեք, անջատ թե բաղադրյալ, գրել եւ արտասանել հետ »:
Սրանք մեջբերումներ են տերմինաբանական կոմիտեի 1986 թ. սեպտեմբերյան որոշումից:
Այսինքնՙ մոտ երկու տասնամյակ է անցել այս որոշումն ընդունելուց հետո, բայց գրականության մեջ, մամուլում, բանավոր խոսքում դեռեւս տարբերակվում են հետ -ը եւ ետ -ը:
Ինչպես ասացինք, այս բառը տարբեր լեզուներում առաջացել է հնդեվրոպական նախալեզվի pedo ձեւից, որը ձայնային զանազան փոփոխություններով մտել է հնդեվրոպական լեզուների մեջ:
Այսպես. անգլերենում դարձել է foot , որիցՙ ֆուտբոլ «ոտքի» գնդակ: Եթե մենք այսօր ֆուտ -ը փոխենք հայերեն ոտ -ով, կստանանք ոտբոլ , եւ քանի որ բոլ -ը նշանակում է նաեւ «կլոր, գունդ», ապա կարող ենք ոտբոլ -ը համարել հայերեն բառ եւ ֆուտբոլ -ի համարժեքը:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 22.47.56 | Сообщение # 26 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ Լեզուն մարդու բերանի խոռոչում գտնվող գործարան է, որն օգնում է սնունդը ծամելուն, կուլ տալուն եւ այլն: Լեզուն մարդու խոսելու կարեւորագույն գործարաններից մեկն է:
Մարդկային լեզվի ծագման մասին կան զանազան վարկածներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը նա է, ըստ որի լեզուն մարդն ստացավ Արարչից միանգամայն պատրաստի վիճակում, երկրորդը նա է, ըստ որի մարդը ծամելու, կուլ տալու համար նախատեսված լեզուն, ինչպես նաեւ զանազան ճիչեր արձակելու համար նախատեսված կոկորդը հազարամյակների ընթացքում կատարելագործեց եւ դարձրեց խոսելու գործարան:
Այս զրույցում կխոսենք լեզու բառի ծագման մասին: Բառը հնդեվրոպական նախալեզվից է գալիս, արմատն է լէզ , որից լէզել , հետագայումՙ լիզել : Քույր լեզուներում էլ կան նույն հնչողությամբ եւ նույն նշանակությամբ բառեր, օրինակՙ ռուսերեն лизать , պարսկերեն լիզտան եւ այլն:
Լեզ արմատից են կազմված նաեւ առլեզ եւ հարալեզ բառերը: «Հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզըՙ արալեզը, որի անունը գրված է քիչ-շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուր գրածի համեմատ մեկնաբանված է: Առլեզը իբր առնող եւ լիզող, հարալեզըՙ իբր հար (միշտ) լիզող, արալեզըՙ Արային լիզող» , - գրում է Ղեւոնդ Ալիշանը:
Իսկ Հրաչյա Աճառյանը գրում է. «Բառի բնիկ ձեւը անստույգ լինելովՙ ստուգաբանությունն էլ կասկածական է. արդի ձեւի տակ թվում է, թե լեզ ծագում է լիզել բայից, բայց կարող է լինել, որ դա ժողովրդական ստուգաբանության արդյունք լինի»:
Կա մի հետաքրքրական բառՙ լպստել , որ նշանակում է. «1. լիզել, լիզելով ուտել, 2. լիզելով մաքրել, 3. փոխաբերաբարՙ ջերմագին ու շատ համբուրել, պաչպչել»: Այդ բառի մասին Գեւորգ Ջահուկյանը գրում է, որ խեթերենում էլ կա այդ նշանակությամբ բառՙ lip - «լիզել, լպստել (անհագաբար ուտել)»: Հիշենք մեր լափել -ը:
«Իսկ մարմնի մասերի, մարմնական գործառույթների եւ պայմանների հնդեվրոպական ծագման բարբառային անվանումների մեջ հատկապես շատ ե նգռեհկաբանություններն ու անպատշաճ բառերը, մանկական ու պատկերավոր բառերը», - շարունակում է նա եւ որպես օրինակ բերում լպստել բառը:
Լեզու բառով բազմաթիվ դարձվածներ են կազմվել դեռեւս անհիշելի ժամանակներից. լեզուն կծել ՙ «խոսելու միջոցին հանկարծ լռել, մի բան գլխի ընկնել, հիշել»: Հիշենքՙ մատը կծել-ը: Լեզուն կծողներն ավելի խորամանկ են. զարմանքը թաքցնելու համար նրանք ոչ թե մատն են կծում, որ բոլորը տեսնեն, այլ լեզուն, որ ոչ ոք չիմանա, որ ինքը հասկացավ, գլխի ընկավ:
Լեզու հանել ՙ «1. խոսել սովորեցնել, 2. լեզուն բերանից հանելՙ աղաչելու նպատակով»: Այս նույնՙ միայն մարդուն վերաբերող, գործողությունը ժողովուրդը տարածում է նաեւ որոշ կենդանիների վրա, մասնավորապեսՙ օձերի: Երբ օձերը ջերմային ռեժիմը կարգավորելու, ջերմությամբ կողմնորոշվելու կամ մի այլ պատճառով լեզուն դուրս են հանում, ասում ենՙ աղաչում է, ձեռք մի տվեք:
Լեզու դնել մեկի բերանը ՙ «մեկին ներշնչել, խրախուսել այսպես կամ այնպես խոսելու»: (Ինչպես Աստված Ադամի բերանը լեզու դրեց:):
Այսքանով լեզվին փակ դնենք , այսինքնՙ էլ չխոսենք եւ հիշենք, որ թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածըՙ ոչ :
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 22.51.40 | Сообщение # 27 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ Ինչպես գիտենք, թուշ նշանակում է «այտ» եւ փոխաբերական առումովՙ «առարկայի փափուկ եւ ուռուցիկ կողմ»: Թուշ -ը լայն տարածում ստացած բարբառային, ժողովրդախոսակցական մի բառ է, որին ամենուրեք գրեթե դուրս է մղել այտ բառը:
Տեսնենք, արդյոք թուշ -ը նույն իրավունքները չունի՞, նույնքան հին եւ ընտիր բառ չէ՞, ինչպես այտ -ը: Թուշ բառի համար «Արմատական բառարանը» որեւէ ստուգաբանություն չի տալիս:
Իսկ այտ բառի համար Հր. Աճառյանը գրում է, որ առաջացել է հնդեվրոպական նախալեզվի ուռչել արմատից: Բուն եւ նախնական նշանակությունն է «ուռուցք»: Դա են վկայում այտնուլ (ուռչել) եւ այտուց (ուռուցք) բառերը:
Էդ. Աղայանը ցույց է տալիս, որ թուշ բառը եւս այտ բառի նման ծագել է հնդեվրոպական ուռչել, ուռուցք բառից եւ բնիկ հայերեն բառ է: Որ թուշ բառը կապված է «ուռուցիկություն, ուռչել» իմաստի հետ, լավագույնս ցույց է տալիս այն փաստը, որ հայերենում երաստանի փափուկ եւ ուռուցիկ մասերը եւս կոչվում են թուշ : Իսկ ի՞նչ է երաստան -ը: Սա եւս բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «նստուկ, նստատեղ»: Հետաքրքիր է, որ թուշ, այտ բառերի կողքին նույն իմաստով հայերենում կա նաեւ թուռ բառը: Հնդեվրոպական արմատի «ուռչել» նախնական իմաստից բազմաթիվ աճականներով առաջացել են բազմազան նոր իմաստներ տարբեր լեզուներում: Օրինակ, ռուսերենումՙ тылՙ «հետեւի կողմը, թիկունք», толстыйՙ «հաստ» եւ այլն:
Այնպես որ, թուշ -ը հայոց բառապաշարի լիիրավ անդամ է եւ արժանի է պաչելու:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 22.55.51 | Сообщение # 28 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ Ինչքա՜ն գեղեցիկ տողեր են նվիրվել կնոջ անրակներին, ինչքա՜ն նկարագրություններ կան դրանց հմայքի վերաբերյալ: Երեւի թե ուրիշ ոչ մի ոսկոր չի արժանացել այդ բախտին, չհաշված, իհարկե, դիմոսկրերը:
Այս անգամ կխոսենք անրակ բառի մասին: Նախ հիշենք բառի նշանակությունըՙ «ուսի այն ոսկրը, որը թիակը միացնում է կրծոսկրին»: Տեսնենք, թե տղամարդկանց խելքամաղ անող այդ ոսկորի անունն ինչ ծագում ունի, ինչ արմատից է առաջացել: Պարզ է, որ անրակ -ը փաղաքշական ձեւն է, իսկ արմատն է անուր -ը: Անու ր-ի համար Հր. Աճառյանը տալիս է «օղակ» նշանակությունը: Սակայն Էդ. Աղայանը, վկայակոչելով դասական շրջանի մատենագրության մեջ բառի գործածությունները, ցույց է տալիս, որ այն սովորական օղակ չէ, այլ վզին ագուցվող ծանր փայտե կամ երկաթե օղակՙ այսօրվա ռուսերեն хомут բառի իմաստով: Իսկ անուր այսօր նշանակում էՙ
«1. Լծասարքի օղակաձեւ մասը, որն անց են կացնում լծկանի վիզը. 2. Նույնպիսի օղակ, որն անց էին կացնում անասունի, մարդու վիզըՙ զսպելու նպատակով. 3. Ամրացնող օղակապ»:
Հիշենք մեր փականագործների ժարգոնային խամութ դնել -ը, որը նշանակում է «որեւէ խողովակի ճեղքը փակել, որեւէ բան ամրացնել օղակապովՙ անուրով»: Այնպես որ, խամութ դնել արտահայտության փոխարեն կարող ենք ասելՙ «անուր դնել, անուրել, օղակապել»:
Բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի «ուռչել» իմաստիցՙ անցնելով ուռչել - ուռուցիկ - կորաձեւ - օղ ճանապարհը:
Հետաքրքիր է, որ բառի նախնական ձեւը եղել է անդուր -ը, որիցՙ անդրվար : Նախնական անդուր բառի հետ համեմատելի է ռուսերենՙ ядро «կորիզ, միջուկ» բառը: Անդրվար բառը կազմված է անդուր եւ վար «տանել, կրել» արմատներից եւ նշանակում է «կառքի կամ պատգարակի լծված կենդանի, կառք, սայլ»:
Ահա թե մեզ ուր է հասցնում անրակի հմայքըՙ թե՛ որպես բառի, թե՛ որպես ոսկորի:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 23.00.25 | Сообщение # 29 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ Դունչն ու հատկապես դնչիկը նույնպես շատ են գովերգվել բանաստեղծների ստեղծագործություններում, որքա՜ն գեղեցիկ դնչիկներ են նկարել նկարիչները:
Կխոսենք հայերեն դունչ, ունչ, ընչացք եւ բեղ բառերի մասին:
Այժմ տեսնենք, թե ինչ է նշանակում դունչ բառը:
Ըստ «Արմատականի»ՙ «երեսի ցածր մասն էՙ քիթը, բերանը եւ ծնոտը միասին», ինչպես նաեւ կզակ բառի հոմանիշն է:
Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի»ՙ դունչը «անասունների կզակն է, կնճիթը, քիթ-բերանը: Ինչպես նաեւ, անարգական առումով, մարդու քիթ ու բերանը»:
Ի՞նչ ծագում ունի այս բառը, արդյո՞ք հայերեն բառ է եւ կապ ունի՞, արդյոք, ունչ, ընչացքբառերի հետ:
Իսկ ի՞նչ է նշանակում ունչ բառը: «Հայկազյան» բառարանը ունչի համար տալիս է «շնչառության եւ հոտառության զգայարան, ռունգեր, քիթ եւ քթի ստորին մասը, որտեղ մազեր են աճում տղամարդկանց մոտ»: «Արմատական» եւ «Արդի հայերենի բացատրական» բառարանները որպես իմաստներից մեկը նշում են նաեւ «բեղեր» իմաստը:
Դունչ բառը Հր.Աճառյանը համարում է գավառական բառ: Այնուհետեւ գրում է, որ գավառական բարբառներում բառասկզբում գտնվող ը -ն ջնջվում է: Օրինակՙ անկողին - ընկողին - կողինք, ընկույզ - կույզ - կուզ, ընդ ո՞ր - դոր, ինձի - ընձի - ձի , նույնիսկՙ ընկեր - գերեւ այլն:
Այս օրենքի համեմատ կարող ենք, ուրեմն, դունչ բառի ծագումն էլ ընդունել ընդ ունչ ՙ «քթի տակի մասը»: Իսկ եթե ընդունենք «հետը» իմաստով, կլինիՙ «քիթն էլ հետը»:
Այսօր կարող ենք ասել, որ ունչ հայերեն բառի դիմաց մենք ունենք բեղ օտար բառը: Ունչ -ից ծնվել է ընչացք -ը, որն ավելի երկար է եւ, ցավոք, քիչ գործածական: Երբեմն ընչացք բառի փոխարեն սխալմամբ ասում եւ գրում են ընչանցք , կարծելով, թե խոսքը քթանցքերի մասին է: Ցավոք, այդպես էլ է պատահում: Սակայն, ամենայն հավանականությամբ, այժմ ունչ -ն էլ, ընչացք -ն էլ վերջնականապես դուրս կմղվեն բեղ -ի կողմից:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Понедельник, 2014-10-27, 23.03.18 | Сообщение # 30 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ Տեսնենք, թե ինչ կապ կա շրջան, շրջել, շուրջ եւ շուրթ բառերի միջեւ։ Առաջին երեք բառերի ցեղակցությունն ակնհայտ է. առաջին երկուսը կազմված են երրորդՙ շուրջ , բառով։ Շուրջնշանակում է «բոլորտիքը, չորս կողմը», ինչպես նաեւՙ «գրեթե, մոտավորապես»։ Բաղադրյալ բառերում հանդես է գալիս երկու ձեւովՙ շրջ եւ շուրջ ՙ շրջել, շրջանակ, շրջմոլիկ եւ այլն, շուրջանակի, շուրջկալ, շուրջպար, շուրջօր, շուրջառ, վայրաշուրջ (պարապ ման եկող, դատարկապորտ) եւ այլն։
Իսկ ի՞նչ կապ ունի դրանց հետ մեր սիրելի եւ համբուրելի շուրթ -ը։ Պարզվում է, որ շուրթ եւ շուրջ բառերը ծագում են շուռ արմատից։ Իսկ ինչպե՞ս։ Շուռ արմատից թ աճականով կազմվել է շուրթ -ը, այնուհետեւ թ -ն դարձել է ջ , եւ ստացվել է շուրջ (համեմատել լուրթ-լուրջ )։
Հետաքրքիր է, որ սկզբնապես եղել է մատնաշուրթն (մատի ծայրին դուրս եկած պալար) բառը, որը հետո դարձել է մատնաշուրջ , ապա բարբառներումՙ մատնաշունչ ։
Ի՜նչ խորքեր ունի հայոց յուրաքանչյուր բառ. պետք է պարզապես բացել նրա թերթերը եւ տեսնել նրա ներսում բաբախող, դարերի խորքից եկող լույսը, իսկ վայրաշրջիկները թող իրենց շուրթերը չպղծեն անհարկի օտար բառերով։
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|