ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
|
|
ARTARAMIS | Дата: Среда, 2014-10-29, 20.41.23 | Сообщение # 41 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ Նախորդ զրույցում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կներկայացնենք դարձյալ կենդանիների խումբ նշանակող բառՙ տավար : Տեսնենք, թե ինչ է նշանակում տավար բառը, արդյոք բնիկ հայերե՞ն բառ է. չէ որ շատ ու շատ լեզուներում էլ կա այդ բառը, ո՞վ է ումից վերցրել: Այս հարցերին է նվիրված մեր զրույցը:
Այսօր տավար -ը խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների (կով, եզ, գոմեշ, երինջ, մոզի, հորթ, արջառ) ընդհանուր անվանումն է: Բառի գրաբարյան գրելաձեւն է տուար եւ նշանակել է «արջառ»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի արջառ բառից: Այն սկզբնապես դիտվել է որպես «զոհի անասուն» եւ շատ լեզուներում հենց այդ իմաստով էլ կա մինչեւ օրս:
Այս բառը տարածված է Միջին Ասիայից մինչեւ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպա: Թուրքերեն տավար նշանակում է «արջառ, նախիր», թաթարերենՙ «գույք, ինչք», մոնղոլերենՙ «ինչք, հարստություն», քրդերեն ,լազերենՙ «արջառ», գնչուերենՙ «ձի, անասուն», ասորերենՙ «կով», կովկասյան լեզուներումՙ «արջառ, կով, նախիր»:
Սլավոնական լեզուներում. հին սլավոներենՙ «ապրանք, բեռ, ինչք», ուկրաիներենՙ «տավար, ինչք, ապրանք», ռուսերենՙ товар «ապրանք», товарищ «ընկեր»: (Ինչպես մեր բառըՙ ընկեր -ը, նշանակում է «միասին ուտող» ( ընդ + կեր ), այնպես էլ ռուսերեն товарищ -ը սկզբնապես նշանակել է «առեւտրային, ապրանքային ընկեր», հետո արդեն ընդհանրական իմաստ է ձեռք բերել):
Տավար բառը նույն հնչողությամբ եւ նույն իմաստով գործածում են նաեւ սերբերը, խորվաթները, ռումինները եւ այլ ազգեր: Բառը տարածված է նաեւ ուգրո-ֆիննական լեզուներումՙ ֆիններենում, հունգարերենում եւ այլն:
Անվանի սլավոնագետները վերոհիշյալ բառերը համարում են թուրքերենից փոխառյալ: Իսկ ի՞նչ կապ ունի մեր տավար -ը այս ամենի հետ: Բանն այն է, որ թուրքերենն էլ, իր հերթին, տավար բառը փոխառել է հայերենից: Դա առաջին անգամ ցույց է տվել դանիացի անվանի լեզվաբան Հոլգեր Պեդերսենը: Այդ փաստը հետագայում ընդունել են բոլոր նշանավոր լեզվաբանները:
Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մենք ժամանակին շատ հասկացությունների ու առարկաների ենք անուններ տվել, եւ մեր ստեղծածը ուրիշները տարածել են աշխարհով մեկ: Իսկ սրանից էլ հետեւում է, որ չպետք է մոռանանք մեր ստեղծածը, պետք է տեր կանգնենք մեր լեզվին, մեր հեռուստահաղորդումների անունները օտար լեզվով ու օտար բառերով չկնքենք, մեր քաղաքը «չզարդարենք» օտար ցուցանակներով, ի վերջո, մեր հոգին չպղտորենք օտար արժեքներովՙ մոռանալով մերը: Նման մարդկանց բնութագրելու համար մեր լեզուն ունի համապատասխան արտահայտություններ տավար բառով. տավարի հրեշտակ , այսինքնՙ «անբան, ապուշ մարդ», տավարի ցավ ՙ «անպիտան, վատ մարդ»: Ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2014-10-29, 20.45.55 | Сообщение # 42 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ Նախորդ զրույցներում խոսեցինք կենդանիների խմբերի մասին: Այս զրույցում կխոսենք որոշակի կենդանիներիՙ այծի եւ աքաղաղի մասին: Իսկ ինչո՞ւ հատկապես այս կենդանիների մասին: Սրանց անունները, թե՛ ստուգաբանորեն , թե՛ իրենց անցած ճանապարհով, թե՛ դարձվածներ ու արտահայտություններկազմելու առումով, թե՛ ուրիշ լեզուների հետ հետա-քրքրական զուգահեռներով անչափ զարմանալի են: Կարդացեք եւ կհամոզվեք:
Այծ -ը բնիկ հայերեն բառ է: Այծ կենդանին հայերի համար պաշտամունքի առարկա է եղել: Դա են վկայում ամբողջ Հայաստանով մեկ սփռված հնագույն (5-6 հազար տարվա) ժայռապատկերները (իծագրերը):
Այծերի վերաբերյալ բազմաթիվ ավանդություններ, զրույցներ, առասպելներ կան: Բայց այծերը պակաս զարմանալի չեն նաեւ լեզվական առումով: Դիտարկենք լեզվական շատ հետաքրքրական մի երեւույթ: Խոսքն այն մասին է, թե ինչպես երկու բոլորովին անջատ, իրար հետ գրեթե լեզվական առնչություն չունեցող ժողովուրդներ կարող են միեւնույն երեւույթին բառային նույն կերպարանքը տալ: Այսպես, Երեւանի, Մեղրու, Ղարաբաղի եւ Թիֆլիսի բարբառներով էծեր նշանակում է «բարկություն»: Էծերը (այծերը) գալ նշանակում է «չարությունը, բարկությունը բռնել, վատ տրամադրության մեջ ընկնել»: Այծերը ոչխարներից ջոկել «մեղավորին անմեղից ջոկել»: Մեկի էծերը քշել «մեկի բարկությունն իջեցնել, մեկին հանգստացնել»: Այծերով մարդ «ժամանակ առ ժամանակ տրամադրության համեմատ համառող, գժություններ անող»:
Այս ցանկը կարելի է բավականին երկար շարունակել: Բայց այսքանն էլ ցույց է տալիս, որ այծերը, որպես բարկության նշան, շատ խոր են նստած հայոց մեջ:
Որոշ լեզվաբաններ պնդում են, որ այծ բառին վերագրվող հատկանիշները փոխ են առնված այդ կենդանու համապատասխան վարքից: Իսկ ո՞րն է լեզվական հետաքրքրական երեւույթը: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիներն էլ այծերի նկատմամբ ունեն նման մոտեցում եւ ասում են caprice , որը նույնպես բարկություն, քմահաճություն է ցույց տալիս: Իսկ ֆրանսերեն բառը ծագում է լատիներեն capra «այծ» բառից, ճիշտ այնպես, ինչպես հայերեն բարբառային էծեր բառն է առաջացել այծ բառից:
Ռուսները, ֆրանսիացիներից փոխառելով, ստեղծել են каприз «քմահաճույք» բառը:
Հիմա զավեշտն այն է, որ մենք երբեմն գործածում ենք ռուսերենից փոխառած այդ բառըՙ կապրիզ , եւ նույնիսկՙ կապրիզնություն անել անճոռն իբառակապակցությունը, առանց խորամուխ լինելու, առանց երկար-բարակ մտածելու, թե ինչ ենք ասում: Իսկ ընդամենը ասում ենք էծություն անել :
Ըստ լեզվաբան Ներսես Մկրտչյանի, ակկադերենում կա esse (էծծ) բառը «զայրույթ, բարկություն» նշանակությամբ: Հնարավոր է, որ հայերենը փոխառել է այս էծծ բառը եւ հետագայում այս երկու էծերի իմաստները խառնվել են: Ըստ նրա, ընտանի կենդանիներից այծերիՙ այդ հատկանիշով առանձնացումը հիմնավորված չէ:
Նույնպիսի ուշագրավ երեւույթ ենք նկատում հայերեն մեկ այլ բառիՙ աքաղաղ -ի դեպքում:
Աքաղաղ բառը բնիկ հայերեն է: Առաջացել է հնդեվրոպական նախալեզվի kel «կանչել, գոչել» արմատից սկզբում քաղքաղ ձեւով, ապա ա -ի հավելումովՙ աքաղքաղ : Հայերենի մեջ արմատի կրկնությունը շատ տարածված է. օրինակՙ կկու (կու-կու), հոպոպ (հոպ-հոպ), ճնճղուկ(ճուն-ճուն) եւ այլն: Աքաղքաղ -ից ք -ի անկումով ստացվել է աքաղաղ : Հիմա տեսնենք, թե այսքանից հետո խեղճ աքաղաղն ինչպես է դարձել մի խեղճ ու կրակ աքլոր: Քանի որ հայերենում ղ -ն հաճախ դառնում է լ , ապա բնական է, որ աքաղաղ բառն արտասանվել է նաեւ աքալալ : Միջին ա -ի կորստով դարձել է նախ աքլալ , որից, տարանմանությամբՙ աքլար : Երկրորդ ձայնավորը դառնալով ո ՙ ստացվել է աքլոր :
Ընդհանրապես աքաղաղին տարբեր ազգեր զանազան անուններ են տվել. պարսիկներըՙ կռվող , հույներըՙ մարաստանցի , ռուսներըՙ երգող (петухՙ прть «երգել» բառից), գերմանացիներըՙ երգող եւ այլն: Մեր բարբառներում նույնպես կան նման բառերՙ լուսականչ, խոսող : Հայերենում աքաղաղի համար կան այլ բառեր եւս, օրինակՙ որձակ, ճետ, կուսող :
Աքաղաղ թռչունի բնույթը, համապատասխան վարքը նպաստել են, որ աքաղաղ բառն էլ այծ բառի նման զանազան դարձվածների ստեղծման հիմք դառնա: Օրինակՙ աքլոր կտրել, աքլորանալ , այսինքնՙ «գոռոզանալ, սնապարծել, նաեւՙ հոխորտալ»: Աքլորակռիվ տալ«կռվել, վիճաբանելով աղմուկ հանել»: Սա գրեթե մոտենում է էծերը գալ -ին, այսինքնՙ «բարկանալուն, կատաղելուն»:
Տարբեր կենդանիներ են, բայց, դրանց բնույթից ելնելով, ժողովուրդը ստեղծել է նույնանման դարձվածներ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2014-10-29, 20.56.54 | Сообщение # 43 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է «Հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ»: Ավետարան ըստ Մատթեոսի
Սա կարելի է թարգմանել այսպեսՙ «Հեծել էին էշեր եւ էշերի ավանակներ»: Ի՞նչ է նշանակում էշի ավանակ : Համենայն դեպս մեր այսօրվա մտածողությամբ առնվազն տարօրինակ է:
Ի՞նչ տարբերություն էշի եւ ավանակի միջեւ:
Նախ տեսնենք, թե ինչ է ավանակ -ը: Եթե բառն այս տեսքով փնտրենք դասական ուղղագրությամբ բառարաններումՙ չենք գտնի: Քանի որ այս բառի դասական գրության ձեւն է յաւանակ կամ յովանակ : Նշանակել է «չորքոտանիների ձագ, հատկապես էշի, ձիու, նաեւ եղնիկի»: Ահա թե ինչ է նշանակում էշի ավանակ -ը, այսինքնՙ էշի ձագ: Սա բնիկ հայերեն բառ չէ, այլ փոխառություն պահլավերենիցՙ յաւանակ, յովանակ :
Պարսկերենում բառը հնչում է ջուվան , նույն կերպ ՙաֆղաներենում, քրդերենում: Բոլորն էլ նշանակում են «մատաղատի, երիտասարդ»: Պարսկերենից փոխառել են նաեւ թուրքերը, որտեղ բառը հնչում է ջիվան եւ նշանակում է «երիտասարդ»: Բառը ռումիներենում հնչում է ջուբան եւ նշանակում է «սիրահար»: Ռուսերեն юный բառը նույն արմատից է: Դե, որտեղՙ երիտասարդը, այնտեղ էլՙ սիրահարը: Ահա թե կենդանու մատղաշի անունըՙ ավանակ -ը, ջիվան -ը, ինչպես է տարածվել մարդկանց վրաՙ նշանակելով «երիտասարդ» եւ «սիրահար»:
«Իմաստի զարգացումը ճիշտ այն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան ՙ «քուռակ»: Այսպիսով, մի կողմից սիրահար եւ մյուս կողմից քուռակ միեւնույն բաներն են», - գրում է Հր. Աճառյանը:
Այժմ դառնանք մեր էշ -ին: Ինչպես գիտենք, մի շարք լեզուներում էլ կա այս բառը. թուրքական, սեմական լեզուներում, ինչպես նաեւ եվրոպական լեզուներում ՙհունարենում, լատիներենում, գերմաներենում, ֆրանսերենում, անգլերենում, ռուսերենում եւ այլն: Այս բոլորի ծագումը նախապես սեմական էր համարվում: Երկարատեւ բանավեճերից հետո աշխարհի գիտնականները եզրակացրին, որ բառը փոխառված է փոքրասիական մի լեզվից: Հետագայում պարզվեց, որ այդ լեզուն հայերենն է, եւ հայոց էշ բառը դառնում է բոլոր այդ բառերի մայրը:
Հայաստանի մեջ էշն ու ջորին շատ ընդարձակ գործունեություն ունեին երկրի լեռնոտության պատճառով: Նրանց միջոցով վաճառականները երկրեերկիր առեւտուր էին անում, շենացնում երկիրը, կառուցում տուն ու եկեղեցի: Իշաբուծության զարգացման ապացույց է էշի ընտանիքին վերաբերող բառերի առատությունը հայերենում. այսպեսՙ ցիռ, ջորի, մտրուկ, իշայր, իշավայր, մուղ : Հետաքրքիր է, որ Հայաստանի Մոկք նահանգի երեք գավառները կոչվել են էշի անունովՙ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց : Հնարավոր է, որ սա եկած լինի վաղնջական ժամանակներից, երբ էշը համարվել է տոտեմ:
Այսօր էշը գրեթե իսպառ վերացել է մեր կենցաղից. նրան փոխարինել են մերսեդեսն ու ինքնաթիռը, գնացքն ու բեռնատարը: Բայց էշ -ը մնացել է մեր բառ ու բանի մեջ, եւ ոչ մի մեքենա նրան դուրս չի մղի այնտեղից: Երբեք « Էշ նստելը մի ամոթ է, իջնելըՙ երկու » առածի փոխարեն չենք ասելուՙ «Մերսեդես նստելը մի ամոթ է, իջնելըՙ երկու», կամ « Էշ-էշ խոսել »-ի փոխարենՙ « Մերսեդես-մերսեդես խոսել »: Չնայած « Էլի իր էշն է քշում » ասելու փոխարեն կարող է մի օր ասենք. « Էլի իր ջորին է քշում »ՙ նկատի ունենալով «Ժիգուլի» մեքենան:
Եվ մի բան էլ երբեք չի մոռացվի. Քրիստոսը էշ նստած մտավ Երուսաղեմ:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2014-10-29, 21.07.24 | Сообщение # 44 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ Ի՞նչ կապ կա այս բառերի միջեւ: Սրանք բոլորն էլ բնիկ հայերեն բառեր են: Կենդանիների այս երեք անուններն էլ արգելվել են դարերի ընթացքում: Զարմանալին այն է, որ այս երեք կենդանիների անուններով էլ հայերենում կան մաշկային հիվանդություններՙ գորտնուկ, օձիկ, մրջմնոց (մրջմուկ) :
Գորտ բառը հնդեվրոպական գրեթե բոլոր լեզուներում արգելված է եղել, որովհետեւ նրան վերագրվել են հմայական հատկություններ: Ինչպես արջ կենդանու անունը, որն ամենահին ժամանակներից սկսած արգելված է եղել. դրա պատճառով է, որ սլավոնական, բալթյան եւ գոթական ճյուղերը իսպառ ջնջել են նախալեզվի բառըՙ հնարելով նրա փոխարեն նոր անվանումներ. ինչպեսՙ մեղր ուտող (ռուսերենՙ մեդվեդ ), թուխ (գերմաներենՙ բեյր ) եւ այլն: Նման անվանումներ կան նաեւ հայերենումՙ քեռի, լեռան ծաղկակոխ, տանձակեր, ծուռթաթ եւ այլն:
Հայերենից գորտ բառը փոխառել են մինգրելերենը, թուշերենը, վրացերենը:
Հետաքրքիր են հայերենի բարբառներում գորտի անվանումներըՙ կոռտ, գէօրդ, գուրդ, կույդ, գորթընուկ, կէրթնուկ, գօյդօնօգ, քունթռուկ եւ այլն:
Ըստ հավատալիքների, գորտ կենդանուց մարդուն անցնում է գորտնուկ հիվանդությունըՙ մաշկի վրա բուսած ոսպաձեւ փոքրիկ միս, կոծիծ, մորվաբիծ: Բայց որտեղ հիվանդությունը, այնտեղ էլՙ բուժումը:
Նորալուսինը համարվում է ողջաբեր: Որպես Լուսո աստվածություն, նա բուժում է, օրինակ, գորտերիցՙ գիշերվա չարքերից, առաջացած գորտնուկը: «Լուսնի ծննդի» ժամանակ դեմքը դարձնում են նրա կողմը, հող վերցնում, դնում գորտնուկի վրա եւ աղոթում.
Նո՛ր, նո՛ր, նո՛ր թագավոր, Ես ալեւոր, դու թագավոր. Էն աշխարհքից ի՞նչ լուր ես բերել: Նո՛ր, նո՛ր, տե՛ս զիս, Կե՛ր գորտնուկին, չուտե՛ս զիս:
Մյուս բառըՙ մրջյուն -ը, ինչպես ասացինք, դարձյալ բնիկ հայերեն բառ է: Այդ կենդանին աշխատասիրության խորհրդանիշ է համարվում: Սակայն նրանից է ծագել նաեւ մրջմնոց կամ մրջմուկ մաշկային հիվանդությունը, որի ժամանակ մաշկը թեփոտվում է, բորբոքվում եւ սաստիկ քոր է գալիս: Ըստ Մանուկ Աբեղյանիՙ մրջյունը զրադաշտական կրոնի տեսանկյունից ընդունվել է իբրեւ Ահրիմանի ստեղծած չար արարած, որ մարդկանց վրա մրջմուկ հիվանդություն է բերում:
Մրջյուն բառը եւս բարբառներում բավականին հետաքրքիր ձեւեր է տալիս. մուռչում, մեյչում, մրչէմնը, վրչէմնը, մըրջջըմ, մօռճօմ, մօրմոնջ եւ այլն:
Բայց դե մրջյունն ինչքան պստիկ կենդանի է, այնքան էլ ճստիկ է: Տեսեք, թե նրանով կազմված ինչ բառեր կան. մրջնաթթու, մրջնառյուծ, մրջնասպիրտ, մրջնարջ :
Օձ եւ իժ բառերը, ըստ Հր. Աճառյանի, հնդեվրոպական նախալեզվի նույն արմատից ստացված երկու ճյուղավորումներ են մեր լեզվում: Որոշ լեզուներում փոխանակ բուն օձասելու, ասում են սողացող, ցամաքային, կանաչ, գարշելի եւ այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ օձ բառը եւս արգելված է եղել, եւ ամեն մի լեզու աշխատել է խուսափել բուն անունից կա՛մ այլափոխելով, կա՛մ նոր անուն հնարելով:
Սա էլ բարբառներում հետաքրքիր ձեւեր ունի. էօց, էօս, ուց, օխծը, աղձ եւ այլն:
Մի զարմանալի նմանություն կա հայերեն օձմանուկ եւ արաբերեն օսման բառերի միջեւ: Օսմանը Օսմանյան ցեղի նախահոր անունն է եւ բուն նշանակությունն է «օձի ձագ»:
Եվ վերջում ասենք, որ օձից օձիքներս չենք կարող ազատել, քանի որ, ըստ որոշ մեկնաբանողների, օձիքը նույն օձ բառից է: Այսինքնՙ ինչպես օձը մեղավոր դարձրեց մեզ Աստծու առաջ, մինչեւ հիմա էլ այդպես մեղքի պես փաթաթված մնացել է մեր օձիքին:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 03.21.38 | Сообщение # 45 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ Խոյը խորհրդանշական մեծ նշանակություն է ունեցել մեզ համար, ինչը նկատելի է թե՛ բանահյուսության մեջ, թե՛ հավատալիքների: Խոյը անմալ, այսինքնՙ չամորձատած, արու ոչխարն է: Խոյի եղջյուրների կլորավուն ձեւն է ծնել խոյակ ՙ «սյունագլուխ» բառը: Խոյերը էգերին տիրանալու համար կռվում են իրար հետՙ ճակատ ճակատի խփելովՙ խոյահարելով , միմյանց: Այստեղից էլ, փոխաբերաբար, առաջացել է պատերազմական մի մեքենայի խոյանվանումը: Խոյանալ նշանակում է «հարձակվել, խոյի պես վրա վազել»:
Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը, բայց բերում է շատ ուշագրավ ստուգաբանություններ: Օտարազգի լեզվաբաններից մի քանիսը պնդում են, թե Թալմուդի մեջ մտած եբրայերեն խոյ օտար բառը հայերենից է փոխառված: Մեկ ուրիշ նշանավոր լեզվաբան պնդում է, թե հնդեվրոպական նախալեզվում բառն ունեցել է ghotia ձեւը, որիցՙ հայերեն խոյ : Խոյ բառը անցել է թուրքական լեզուներին: Նախալեզվի արմատը տվել է խոչ , որից էլ փոխառյալ ե նօսմաներենՙ ղոչ , մոնղոլերենՙ խուչա : Հայերեն խոչ բառը ստանալով ն հոդըՙ դառնում է խոչն , որից էլ խաշն , այսինքնՙ ոչխար: Նույն խոչ -ից է խոչխար բառը, որից էլՙ հոչխար եւ ոչխար , թեեւ Հր. Աճառյանը պնդում է, որ ոչխար -ը կովկասյան փոխառություն է:
Այսպիսով, հայերեն էշ բառի նման խոյ բառն էլ է անցել բազմաթիվ հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական լեզուների, այնտեղ ծնել բազմաթիվ նոր բառեր:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 03.24.50 | Сообщение # 46 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում եռալ բառը։ Այժմ տեսնենք, թե ինչ կապ կա դրա եւ ճճի, սողուն, միջատ , մի բառովՙ զեռուն , բառերի միջեւ։
Եռ նշանակում է «եռալը, եփվելը, եփ, խմորվել, պղպջալ, խիստ տաք, եփուն»։ Միաժամանակ նշանակում է «մարմաջ, քոր գալը»։ Իսկ Ագաթանգեղոսը եռալ -ը գործածել է «սիրով միանալ, զոդվել» նշանակությամբ։
Եռ -ից է եռանդ(ն) բառը, որը նշանակում է «եռալը, եփվելը, ալիքների հուզմունքը, որդերի վխտալը եւ, վերջապես, ներքին հուզմունք, խանդ» (այսօրվա նշանակությամբՙ «էներգիա»)։
Հնում ունեցել ենք նաեւ եռանդնացեալ բառը, որ նշանակել է «ատրաշեկ, սաստիկ վառ, կիզիչ» եւ վերաբերել է մետաղին, կրակին: Ահա թե որտեղից է գալիս մեր այսօրվա եռակցում -ը, որ նշանակում է «մետաղյա մասերի կցումը իրար շփվող մակերեսների շիկացման եւ հալելով միաձուլման միջոցով», ռուսերենՙ сварка :
Ընդհանրապես, գրեթե բոլոր քույր լեզուներում պահպանված է այս բառի երկու իմաստը. մի կողմիցՙ «կռիվ, բարկություն, ոխ, նախանձ, հուզմունք», մյուս կողմիցՙ «շարժվել, տատանվել, երերալ»։ Հայերենում նույնպես եռալ բառի մեջ միավորվում են «շարժվել, երերալ» եւ «հոգեպես բորբոքվել, գրգռվել» նշանակությունները։ Ի դեպ, ձեւով այժմ եռանդն բառի հետ նույնն է եռանդ բառը, որը նշանակել է (հիմա էլ է նշանակում) «երեկ չէՙ նախորդ օրը»։ Սրա բացատրությունը դուրս է բերվում եռ - երեք եւ անդ բառերից. այսինքնՙ «երեք օր անդ (առաջ)»։
Նույն արմատից զ նախդիրով կազմված է զեռալ «սաստիկ եռալ, վխտալ, հուզվել» բառը։ Զեռուն բառի մի իմաստն է «եփուն, խիստ տաք», իսկ մյուսըՙ «սողուն, ճճի, միջատ», որոնք վխտում են, երերում, կարծես թեՙ եռում:
Ասենք, որ հայերեն չարաճճի բառը կազմված է չար եւ ճճի բառերից: Այսինքնՙ չարաճճի լինել նշանակում է «ճճվի, որդի նման անհանգիստ շարժումներ անել»:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 03.28.38 | Сообщение # 47 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ Դեռեւս վաղնջական ժամանակներից հայերս զբաղվել ենք խաշնարածությամբ, ոչխարաբուծությամբ: Եվ բնական է, որ ոչխարի տված բարիքների մասին բազմաթիվ բառեր պետք է ունենայինք: Մասնավորաբար, բարիքներից մեկիՙ ոչխարի մազի համար ունենք չորս անվանումՙ բուրդ, ասր, գեղմ, կիզ : Այս բառերը հոմանիշներ են:
Բուրդ բառը բնիկ հայերեն բառ է: Կազմվել է բրդել «կտրել» բայից:
Բրդել նշանակում է «ջարդել, պատառ-պատառ կտրատել, մաս-մաս լինել, կտոր-կտոր լինել»: Փոխաբերական իմաստով նշանակում է «բարկությունը գրգռել, սաստիկ զայրացնել, բարկությունից պատռվել»:
Այս բառից են բրդոն «հացի պատառ», բրդուճ «պատառ, լավաշով փաթաթված ուտելիք», բրդոշ «մեջը հաց բրդած մածուն» բառերը:
Վրացիները մեզնից վերցրել են բուրդ բառըՙ բուրդո, բուրդի «հարդ, կալի մնացորդ» նշանակությամբ:
Այս բառերըՙ բրդոն, բրդուճ, բրդոշ , մի տեսակ լայն գործածություն չունեն, չնայած բնիկ հայերեն բառեր են:
Այժմ անդրադառնանք ասր բառին:
Ասր -ը եւս բնիկ հայերեն բառ է: Նշանակում է «բուրդ», ինչպես նաեւ «ասրից պատրաստած կտոր, զգեստ»: Հին եւ ընտիր բառ է ասվե բառը, որ նշանակում է «ասրից, բրդից պատրաստած»:
Նույն նշանակությամբ մյուս բառըՙ գեղմ -ը, եւս բնիկ հայերեն բառ է: Դարձյալ գալիս է նախնական «գիշատել, պատառոտել, կտրատել, խուզել» իմաստից:
Ինչպես տեսնում ենք, հայերը նույն բանը նշանակող երեք տարբեր բառեր են ունեցել, եւ երեքն էլՙ բնիկ: Սա շատ հետաքրքիր եւ եզակի իրողություն է:
Ինչպես ասացինք, ունեցել ենք նաեւ կիզ(ն) բառըՙ դարձյալ «բուրդ, ասր, գեղմ» նշանակությամբ: Սակայն այս բառի ստուգաբանությունն անհայտ է:
Հիմա ամենագործածականը բուրդ -ն է, բայց մյուս երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն:
Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում բուրդը գզել դարձվածըՙ «մեկին խիստ քննադատել, վնասել, լավ ծեծել»: Այս դարձվածի մի բառիՙ բուրդ -ի մասին արդեն իմացանք: Իսկ ի՞նչ ծագում ունի գզել բառը: Պարզվում է, որ այն նույնպես նշանակում է «պատառոտել, ծվատել, մարմինը պատառ-պատառ անել, ճանկերով քերթել, կտրատել»:
Այսինքնՙ Աստված չանի, որ մեկի բուրդը գզեն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 03.32.15 | Сообщение # 48 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ Տեսնենք, թե հայերենում միանման նյութերի, իրերի, առարկաների խմբերի ինչ անվանումներ կան: Կենդանիների խմբերի ( ոհմակ, հոտ, նախիր, երամ, երամակ, ճահուկ եւ այլն) մասին մենք արդեն խոսել ենք:
Սկսենք բույսերից: Առաջինը անդրադառնանք տրցակ բառին: Գիտենք, որ տրցակնշանակում է «բույսերի կապոց, խուրձ, փունջ»: Հետաքրքիր ճանապարհ է անցել տրցակբառը, մինչեւ հասել է այս տեսքին: Նախնական ձեւն է տստակ ՙ պարսկերեն dastaՙ «փունջ, տրցակ, կապոց» բառից: Կազմված է dastՙ «ձեռք» բառից եւ նշանակում է «մի ձեռք, մի բուռ, մի ձեռքի մեջ հավաքելու չափ փունջ». սրանից է նաեւ հայերեն դաստակը : «Տստակից» շրջմամբ ստացվել է տտսակ , որիցՙ տցակ եւ ր-ի հավելմամբՙ տրցակ :Այս խմբի մեջ են օրան ը, որ նշանակում է «կալսելու համար հնձած հացաբույսերի, որաների դեզը», որան, որ նշանակում է «ցորենի կամ գարու խուրձ», ընդհանրապես «հացաբույսի խուրձ», ջովը , որը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է նաեւ «փունջ, տրցակ»: Այս շարքում է նաեւ փունջը , որ նշանակում է «խնամքով եւ որոշակի ձեւով դասավորված ու կապած ծաղիկների տրցակ», ինչպես նաեւ «կանաչեղենի կապուկ, խրձիկ, մազերի խոպոպ»: Բնականաբար, այստեղ է նաեւ խուրձը ՙ «հնձած խոտի, հացաբույսերի կապոցները, փնջերը»:
Բույսերի խումբ է նշանակում նաեւ դեզը ՙ «խոտի, հնձած հացաբույսի շեղջ»: Փոքր դեզը նաեւ կոլոն են անվանում:
Ընդհանրապես, հստակ սահմանագիծ չկա. տարբեր իրերի, առարկաների խմբեր նշանակող բառերը թե՛ ուղիղ եւ թե՛ փոխաբերական առումով «թափառում են» ոլորտից ոլորտ:
Ընդհանրական անվանում է կույտը , որ նշանակում է «իրար վրա դիզված կամ թափված իրերի շեղջ, դեզ, բարդ», ինչպես նաեւ «խումբ, բազմություն, կուտակ, կիտակ»: Բայց կուտակըունի նաեւ տերմինային նշանակություն. այն էՙ «օգտակար հանածոների հանքատեղ»: Զարմանալի բառեր են բարդը, բարդակը, բարդոցը ՙ բոլորն էլ «խումբ, դեզ նշանակությամբ»: Այս բարդ բառը նշանակում է «ոչ պարզ, բաղադրյալ»: Այստեղից էլ, փոխաբերական առումով, այսօրվա մեր բարդն ու բարդությունը : Բառի նյութական նշանակությունից վերացական նշանակություն ստանալը շատ սովորական է մեր լեզվում. հիշենք արդարը, ուղիղը եւ այլն:
Հողի, գաջի եւ այլ սորուն նյութերի համար ունենք կոլոն բառը, որ նշանակում է «տվյալ նյութի գունդ»: Այդ խմբում է նաեւ շեղջը ՙ «արմտիքի, հացահատիկի կույտը, դեզը, կուտակը»:
Մեծ ապրանքների համար ունենք հակ բառը, որը «մեծ կապոցն է, փաթեթը»: Կտորեղենը վաճառվում է փաթեթներով :
Խումբ բառը դարձյալ ընդհանրական նշանակություն ունի, սակայն առավելապես նշանակում է «իրար մոտ գտնվող, հավաքված բազմություն, առարկաներ կամ կենդանիներ»:
Նավերի խումբը տորմիղն է, ինքնաթիռներինըՙ եւս: Քարերի կույտի համար ունենք քարակույտ բառը, բայց նաեւ ավելի ընտիր մի բառՙ կարկառ : Մարդու ստեղծած իրերի ու առարկաների խմբերը հիմնականում արտահայտվում են հողի, բույսերի, կենդանիների, թռչունների խմբեր արտահայտող բառերով:
Իսկ մարդկային խմբերը մարդն ինքն անվանում է ըստ համապատասխան իրադրության, օրինակՙ ոհմակ, հրոսակախումբ, կուսակցություն, ամբոխ , կարող է ասել երամակ , արտագաղթողներին ասում են երամ , խորամանկ մարդկանց խմբինՙ ճահուկ , այսինքնՙ «աղվեսների խումբ»: Երթուղային տաքսու վարորդն ասում է. «Կանգառից ահագին մարդ բարձեցի», նկատի ունենալով, որ նրանք խուրձ են: Սրանք, իհարկե, հիմնականում փոխաբերական առումներով են, իսկ ուղղակի մարդկային խմբերին արդեն անդրադարձել ենք նախորդ զրույցներում:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 03.38.19 | Сообщение # 49 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ Բոլորս գիտենք, որ խաղողի տունկը կոչվում է որթ կամ վազ : Տեսնենք, թե ինչպես են առաջացել բառերի այս իմաստները: Նախ ասենք, որ որթ -ը բնիկ հայերեն բառ է եւ ծագել է հնդեվրոպական նախալեզվի por «ծնել, ձագ բերել» իմաստից: Որթ բառը նշանակել է կովի կամ եղնիկի ձագ, իսկ նոր գրական լեզու է մտել գավառական ձեւըՙ հորթ : Արդյո՞ք կապ կա կովի հորթի եւ խաղողի որթի միջեւ:
Պարզվում էՙ այո՛. խաղողի տունկ իմաստով որթ բառն առաջացել է նույն կովի ձագ որթ -իցՙ իմաստի ընդլայնմամբ: Այդպես է նաեւ երինջ բառի դեպքում, որ նշանակում է եւ՛ «երրորդ տարվա մեջ մտած էգ հորթ», եւ՛ «խաղողի երեք տարեկան մատ, որ փոխադրում են եւ տնկում»: Այսինքնՙ իմաստը տարածվել է թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհների վրա:
Բառիմաստի զանազան փոփոխությունները պատմական օրինաչափություններ են, եւ առարկաների, երեւույթների, հատկանիշների միջեւ եղած որեւէ կարգի նմանությունը առաջ է բերում տվյալ առարկայի անվանման գործածությունՙ որեւէ կողմով դրա նմանությունն ունեցող առարկայի համար: Այսինքնՙ «ծնել, ձագ բերել» իմաստը (կովը ծնում է, ձագ է բերում) տարածվել է նաեւ խաղողի վրա. խաղողն էլ է ծնում, ձագ բերում: Դա տեսանք նաեւ երինջ բառի դեպքում: Բայց, ամենազարմանալին այն է, որ այդ նույն օրինաչափությունն է գործում նաեւ խաղողի տունկի մյուս անվանմանՙ վազ -ի դեպքում:
Սա կազմված է վազել «ցատկել, դուրս ցատկել», «արագ հոսել» բայից: Այսինքնՙ խաղողի տունկն էլ է դուրս ցատկում, վազում, արագ հոսում: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ այդպիսի օրինաչափություն կա նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերենում побег(փախուստ) նշանակում է «նաեւ գլխավոր արմատի կողքից ծլած երկրորդական ճյուղ, ընձյուղ»: Իսկ դա էլ, իր հերթին, առաջացել է бегать (վազել) բառից: Ասենք նաեւ, որ վրացիները մեզանից են վերցրել վազի բառըՙ «խաղողի որթ» նշանակությամբ: Վերջում ավելացնենք, որ նախալեզվի por արմատից է նաեւ որդի բառը:
Սիրելի՛ ընթերցող, այս զրույցով եւս ծանոթացանք լեզվական մի հետաքրքիր իրողության, իմացանք, որ որդի, որթ, հորթ բառերը նույն ծագումն ունեն, իսկ խաղողի վազ -ը վազել բայից է:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Четверг, 2014-10-30, 04.06.21 | Сообщение # 50 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1409
Статус: Offline
| ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ Կտավ նշանակում է «1. վուշի բույսը, 2. նույն բույսից գործած կտոր, քաթան, 3. քաթանից հագուստ, 4. գեղարվեստական նկար, 5. գեղարվեստական ստեղծագործություն» եւ այլն: Հայերենում լայն գործածություն ունեցող այս բառը, կարելի է ասել, մի բազմազավակ բառամայր է:
Ի՞նչն է այսպիսի եզրահանգման հիմքը:
Բանն այն է, որ կտավ բույսի հայրենիքը Հայաստանն է, որտեղից այն տարածվել է Եվրոպա եւ Արեւելք: Կտավ բառը մեկնաբանվում է կուտ բառովՙ նրա պարունակած բազմաթիվ կուտերի (կտավատի) պատճառով, որոնցից, ի դեպ, պատրաստում են կտավաձեթը:
Ամենավաղ ժամանակներում հայերենից բառը փոխառել են աքքադացիները, շումերները, ասորիները: Այնուհետեւ այն տարածվել է բոլոր սեմական լեզուների մեջ եւ ամբողջ Եվրոպայում: Հրեաները մեզնից փոխառած բառը տվել են հույներին, արաբներըՙ պարսիկներին, իտալացիներին: Ֆրանսիացիներն ու անգլիացիները հիմա հիանալի վերնաշապիկներ են կարումՙ վրաները գրելովՙ coton կամ cotton : Դա մեր կտավ -ն է, որը ձեռք է բերել նաեւ բամբակ նշանակությունը այդ լեզուներում:
Հայերեն այս բառը եւս հպարտությամբ է լցնում մեր հոգիները, իր մեջ ծվարած պահում դարերի շունչը, հայ ցեղի երբեմնի հզորությունն ու գալիքի հույսը:
Փառք Աստծու, այսօր եւս մեզանում ստեղծված են հասկացություններ, եւ դրանց համապատասխան բառերը տարածվում են աշխարհով մեկ: Օրինակՙ «Նարինե», արմենիկում, նաիրիտ եւ այլն:
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|