Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-12-22, 08.54.36
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 23.06.03 | Сообщение # 31
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
Գրաբարից մեզ ժառանգություն մնացած բազմաթիվ բարդ բառեր լեզվաբանական հատուկ կրթություն չստացած մարդկանց համար այլեւս բարդ բառեր չեն ընկալվում, մանավանդ եթե նրանց մեջ ինչ-որ հնչյունօրինաչափորեն արդեն «մաշվել» է: Նման բառերի շարքում է հայերենի  ընկճել բառը, որն ընկալվում է «ենթարկել, հաղթել, հնազանդեցնել, զսպել, ծնկի բերել» նշանակություններով:  

Ընկճել բառը կազմված է  ընդ եւ գուճ եզրերից:  Ընդ -ը բազմիմաստ նախադրություն է, որ հայերեն շատ բառերի սկզբում է կցվում, ինչպես օրինակ` ընդամենը, ընդհանուր, ընդգրկել եւ այլն, իսկ  գուճ նշանակում է «ծունկ»: Օրինակ, « ի գուճսիջեալ աղաչէին» (աղաչում էին ծնկաչոք),  ի գուճս հարկանել (ծնկի բերել):  Ընդգճել -ը աստիճանաբար սկսեց հնչել ընդճել եւ  ընկճել , քանի որ երկու «պայթական» ձայնեղ հնչյուններ դ -ն եւ  գ -ն միմյանց մոտ հնչելը բավական դժվար է:

Հիմա շատերը բառը սխալմամբ հնչեցնում են  ընկճըված , փոխանակՙ  ընկըճված : Բառ իստուգաբանությունը ճշգրիտ ցույց է տալիս, թե որտեղ պետք է դրվի  ը հնչյունը. իհարկեՙ  գուճ -ի սղված  ու հնչյունի տեղը, այսինքնՙ  ընկըճվել: Եվ այսպես,  ի գուճս հարկանել , կամ  ընկճել միեւնույնն է թե`  ծնկաչոք անել կամ  ծնկի բերել ՙ մեր օրերի խոսակցական արտահայտություններով: Ի դեպ, չենք նկատում, որ երբ մեր խոսակցական լեզվում եւ գրական լեզվում գործ ենք ածում  ծնկաչոք բառը, ապա գործ ենք ածում  ծունկ բառը երկու անգամ, քանի որ թուրքերեն  չոք -ը նշանակում է «ծունկ»: Այնպես որ ծնկաչոք բառի փոխարեն ճիշտ կլինի ասել  ծնկած, ծնկի եկած :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2014-10-28, 22.56.43 | Сообщение # 32
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ

Մարդկանց խմբերի բաժանելը բարդ է: Բանն այն է, որ մարդիկ բաժանվում են զանազան խմբերի ըստ որեւէ հատկանիշի: Օրինակ, մարդկանց կարելի է բաժանել  ըստ մասնագիտությունների . զինվորականներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, դերձակներ, մարդասպաններ, պատգամավորներ, սուտասաններ, փաստաբաններ եւ այլն:

Հնարավոր է բաժանել  ըստ բնակավայրի . ղարաբաղցիներ, ապարանցիներ, գյումրեցիներ, սեւանցիներ, քյավառցիներ եւ այլն,  ըստ հակումների . կնամոլներ, ամուրիներ, փողամոլներ, խաղամոլներ, ազգամոլներ, բամբասողներ, գարեջրասերներ եւ այլն,  ըստ կրթության . անգրագետներ, կիսագրագետներ, գրագետներ, բուհավարտներ, հայկական կրթությամբ, ապազգային կրթությամբ եւ այլն,  ըստ տարիքի . նորածիններ, մանկամսուրականներ, մանկապարտեզականներ, դպրոցականներ, ուսանողներ, պատանիներ, երիտասարդներ, ծերունիներ եւ այլն,  ըստ հավատի . քրիստոնյաներ, մուսուլմաններ, բուդդայականներ, ավետարանչականներ, հիսունականներ, եհովականներ, չեհովականներ եւ այլն:

Բնականաբար, ըստ այսպիսի հատկանիշների բաժանումները կարելի է անվերջ շարունակել: Սակայն կանգ առնենք մարդկանց անփոփոխ խմբեր նշանակող մի քանի անվանումների վրա: Դրանց ամենափոքր միավորը  ամուսիններն են :  Ամուսին -ը բնիկ հայերեն բառ է, կազմված է ամՙ «համ, կից, միասին»,  ուս ՙ «վարժվել, սովորել» արմատներիցՙ  -ինմասնիկով:

Հաջորդ միավորը  ընտանիքն է :  Ընտանիք բառը կազմված է  ընդ նախդիրով,  տուն բառից, իբրեւ  ընդտանի , այսինքնՙ մի տան մեջ, միասին: Անչափ հետաքրքրական է, որ հնում  տուննշանակել է նաեւ  կին :  «Տուն ունե՞ս: Տուն առե՞լ ես» նշանակել է  «Կին ունե՞ս: Կին առե՞լ ես» : Քանի որ առանց կնոջ ավեր է տունը, տուն չկա:

Ընտանիքից հետո  գերդաստանն է :  Գերդաստանը բնիկ հայերեն բառ է. նախնական իմաստն է «ծառաների եւ գերիների ամբողջությունը», ինչպես նաեւ «ինչքը, ունեցվածքը, կալվածքը, հողերը»: Նորովի նշանակում է «մեծ ընտանիք»:

Գերդաստանից հետո  տոհմն է :  Տոհմ նշանակում է «զարմ, ցեղ, ազգատոհմ»: Փոխառություն է պարսկերենից:  Տոհմ -ին զուգահեռ եւ ավելի մեծ միավորում նշող բառ է  ցեղբնիկ հայերեն բառը, որի սկզբնական նշանակությունն է «բաժանմունք»: Ունենք  երկցեղ բառը, որ նշանակում է «երկպառակտված, երկփեղկված»:

Հաջորդը  ժողովուրդն է:  Ժողովուրդ բառը կազմվել է  ժողով բառից, որ նշանակել է «հավաքում, հավաքույթ, աղմուկ, կռիվ, եկեղեցի, ամփոփ, կծկված»: Ժողովուրդը դառնում է ազգ :  Ազգ -ը, ըստ Հր. Աճառյանի, փոխառյալ է պարսկերենից, թեպետ կան այլ մեկնաբանություններ եւս:

Մարդկանց կարեւորագույն խմբերից է, ցավոք սրտի,  կուսակցությունը : Բառի հիմքում կույս -ն է, որ նշանակում է «կողմ»: Այսինքնՙ կուսակցություն նշանակում է «կողմնակցություն, կողմնապահություն»: Ցավոք, բոլոր կուսակցություններն իրենց կուսակցական շահերը վեր են դասում ազգի շահերից. այլ կերպ չես բացատրի մեր կուսակցամոլությունը: Վերջում անդրադարձանք այս խմբին, որպես ոչ մի հատկանիշով չբնորոշվող խմբի: Այս խմբի մեջ կարող է լինել ամեն տիպի մարդՙ տգետ, անգրագետ, մարդասպան, նախկին պատգամավոր, դավաճան, սուտասան, ստամտավորական եւ այլն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2014-10-28, 23.00.25 | Сообщение # 33
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
Տատը, ինչպես գիտենք, մեծ մայրն է:  Տատ -ը բնաձայնական բառ է, որն ավելի հատուկ է մանկական լեզվին: Ուշագրավ է, որ այս բառը կա հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական շատ լեզուներում: Օրինակՙ հին հնդկերենՙ  տատա , հունարենՙ  տատա , լատիներենՙ  տատա , սերբերենՙ  տատա , չեխերենՙ  տատա ,գերմաներենՙ  tate , եւ այս բոլորը նշանակում են ոչ թե «մեծ մայր», ինչպես հայերենում, այլ «հայր, հայրիկ»:

Ռուսերենում կա  тетя բառը, որ նույն ծագումն ունի, ինչ մեր  տատ բառը: Հիմա ռուսերենից մենք վերցրել ենք այդ բառը եւ դարձրել դիմելաձեւՙ  ծյոծյա, տոտա : Այսինքնՙ եթե մեկին ասում ենք  տյոտյա , ապա իրականում ասում ենք  տատիկ : Այնպես որ, սիրելի ոչ տատիկներ, թույլ մի տվեք, որ ձեզ ժամանակից շուտ տատիկ դարձնեն: Ուշագրավ է, որ ռուսերեն  дед «մեծ հայր, պապ»,  дядя «մորեղբայր, հորեղբայր» բառերը նույն ծագումն ունեն: Ոչ հնդեվրոպական լեզուներից վրացերենում կա  դեդա բառը, որ նշանակում է «մայր»:

Հետաքրքրական է, որ նույն  մայր կամ  հայր գաղափարն արտահայտելու համար նույն լեզվում բառերը տարբեր են. օրինակՙ հնդեվրոպական լեզուներում մեծահասակների լեզվի համար սովորական են  պատեր «հայր»,  մատեր «մայր» բառերը: Իսկ մանուկներն իրենց լեզվով ասում են  ապպա , որ հայերենում դարձել է  ափու, ապի ՙ «հայր, հայրիկ», ասում են  ամմա, մամա , որ հայերենում դարձել է  մա, մամ, մամի , ասում են  նանա, նենա, որ հայերենում դարձել է  նան, նանա, նանե, նանի ՙ «մայր, մայրիկ» նշանակությամբ: Հիշենք մեր Նանե դիցուհուն: Այնուամենայնիվ, քանի որ բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ երեխաներ են եղել, ապա բոլորն էլ ասել են եւ ասում ենՙ  մամա, պապա :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2014-10-28, 23.08.22 | Сообщение # 34
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
«Թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ» , - ասել է Ավ. Իսահակյանը: Իսկ մի՞թե միայն մենք ենք մորը  մայր ասում: Տեսնենքՙ ինչ գիտենք մայր բառի մասին:

Մայր -ը բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվի  mater ձեւից է: Այս նույն ձեւից են ռուսերեն  мать , գերմաներեն  Mutter , հին հնդկերեն  mater , որից ՙիտալերեն, իսպաներեն madre , ֆրանսերեն  mere , անգլերեն  mother բառերը եւ այլն: Այս բոլորըՙ «մայր» նշանակությամբ:

Ինչպես տեսնում ենք, բոլոր հնդեվրոպացիները մի մորից են ծնվել, մայրը բոլորի համար էլ մայր է:

Մեր  մամ բառի հետ, որը նախապես նշանակել է «մայր, մեծ մայր», համեմատելի են հունարեն  մամմա , լատիներեն  մամա , ռուսերեն  մամա , ֆրանսերեն մաման , պարսկերեն  մամբառերը: Այս բոլորը փաղաքշական ձեւեր ենՙ կազմված  մայր բառից: Կա  մամա բառի միավանկ ձեւըՙ  մա : Հիշենք  Մա դիցամորը: Մամա բառը կա նաեւ ոչ հնդեվրոպական լեզուներում. ֆիննական լեզուներումՙ  մամ , թուրքերենՙ  մամա , նույնիսկ չինարենՙ  մա-մա :

Հետաքրքիր է, որ աշխարհի բոլոր երեխաների առաջին բառերից մեկը  մա (մամա) բառն է: Հնարավոր է, որ դա լինի բնաձայնական բառ:

Մենք ունենք  մամա բառը նաեւ  ուտել նշանակությամբ: Հիշենք, թե ինչպես փոքրիկին կերակրելիս մայրը ասում է. «Ճաշիկն ո՞վ ուտի, ո՞վ մամա»: Իսկ փոքրիկը պատասխանում է. «Մամա, ես մամամ»: Այսինքնՙ երբ երեխան կուրծք է ուտում, ապա ուտելու գործողությունըՙ մամա եւ «ուտվողը»ՙ մայրը, արտահայտվում են նույն բառովՙ  մամա : Այդպես է նաեւ  պապաբառի դեպքում. երեխաները հացին փափա են ասում, հաց բերողինՙ պապա: Այսինքնՙ ուտելը («մամա») կապվում էր մոր հետ, իսկ հացը («փափա») հոր հետՙ  պապա , որը նույնպես բնաձայնական է:

Մայր բառից է նաեւ  մորու բառը, որ նշանակում է «խորթ մայր»: «Մածնի կամ պանրի մակարդ» նշանակող  մերան բառը նույնպես  մայր բառից է: Կոճակամեր, մերակ բառերըՙ նույնպես: Կարծիք կա, որ  մարի բառը «էգ թռչուն» նույնպես գալիս է  մայր բառից: Վրացիները պատրաստի վերցրել են մածնի մերան արտահայտությունըՙ  մածվնիսդեդա «մածնի մայրիկ»: Վերցրել են նաեւ մեր  տատմեր բառըՙ  տատբերի , ուտիներըՙ  տատմեր :

Կա մեկ այլ  մայր բառ եւս, որ նշանակում է «մթություն, խավար», որն ավելի ուշՙ բառերի նմանությունից ազդվելով, կապվեց  մայր-մայրիկ բառին, եւ ստեղծվեց ժողովրդական այն հավատալիքը, որ Արեգակը գնում է մոր մոտ հանգստանալուՙ  մայր է մտնում : Այդպես էլ ծագելու համար ասում էին.  Արեւը մոր ծոցից ելավ : Այս երկրորդ իմաստից է  մարել -ըՙ «հանգչել, նվաղել, ուշքը գնալ, մարմրել, առկայծել»:

Ժամանակակից հայերենում կա  մառ «մառախուղ» բառը, որ գործածվում է «մութ, մթագույն, մթամած» եւ փոխաբերաբարՙ «մռայլ, խոժոռ» նշանակություններով:  Մառ -ը եւ  մայր-ը նույնանիշ եւ նույնարմատ բառեր են:  Մռայլ բառի արմատն է  մուռ , որը  մայր, մուր, մրուրբառերի հետ ծագել է նույն «սեւացնել, սեւ, մութ գույն, կեղտի բիծ» նշանակող արմատից:

Այսինքնՙ Արեւը մայր մտավ նշանակում է «արեւը խավարեց, սեւացավ, մթով պատվեց»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2014-10-28, 23.11.57 | Сообщение # 35
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
Այս զրույցում կպարզենք, թե ինչ է  ներ -ը եւ ինչու կռվեցին երկու տեգրակին (հիշենք հայտնի երգը):

Ի՞նչ է նշանակում այս մոռացված բառը: Դիմենք գրքերի օգնությանը.

«ՆԵՐ - կնոջ ամուսնու եղբոր կինը, կամ ամուսնու մյուս կինը (Հր. Աճառյան, «Արմատական բառարան»):

ՆԵՐ - տայգեր կինը (Գր. Ղափանցյան, «Հայոց լեզվի պատմություն»):

ՆԵՐ (նէր) - հարսնակից կանայք երկուց եղբարց, կամ միեւնույն առն ի հին օրենս («Նոր բառգիրք հայկազեան լեզուի»):

ՆԵՐ - մի եղբոր կինը մյուս եղբոր կնոջ նկատմամբ (Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան»):

ՆԵՐ - տեգրակին, եղբայրների կանայք միմյանց նկատմամբ (Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»)»:

Ինչպես տեսնում ենք, մեր գրեթե բոլոր բառարաններում կա այս բառը, որը դուրս է մղվել բանավոր խոսքից, տեղը զիջելով  տագերկին, տեգրակին ձեւերին:

Հր. Աճառյանը այս բառը ներկայացնում է որպես բնիկ հայերեն բառ, որն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի  ienter ձեւից, որիցՙ  ինեյեր - նեյեր - նեյր - նէր :

Գր. Ղափանցյանը, մանրամասն ներկայացնելով հնագույն  սեպագիր վկայությունները, պնդում է, որ ոչ մի կասկած չկա, որ խուռիտական  nera բառը նշանակում է երկու եղբայրների կանայք միմյանց նկատմամբ, ինչպես հայերեն նույնահունչ եւ նույնանիշ  ներ բառը: Նա նշում է, որ այս ստուգաբանությամբ միանգամայն ջուրն է ընկնում հայոց այդ բառի բռնի կապակցությունըՙ հնդեվրոպական վերը նշված ստուգաբանությունը: Ըստ Գ. Ջահուկյանիՙ հնդեվրոպական ընտանիքը բնութագրվում է նրանով, որ ամուսնացած զույգը դեռեւս ինքնուրույնություն չունի: Ավելի ամուր է ամուսնական կապը համայնքի, քան իրար հետ: Այս է պատճառը, որ չկան «ամուսնություն» եւ «կին-ամուսին» հասկացությունների հատուկ անվանումներ: Կինը բերվում է դրսիցՙ այլ համայնքից, ուստի շատ են կնոջ այր-ամուսնու ազգականներին նշանակող տերմիններըՙ  սկեսուր, տալ, տայգր, տագերկինՙ ներ , եւ գրեթե չկան կին-ամուսնու ազգականներին նշանակող ընդհանուր տերմիններ: Ինչ վերաբերում է  ներբառի ծագմանը, ապա Գ. Ջահուկյանը եւս Հր. Աճառյանի պես մերժում է դրա խուռիտական ծագումը եւ ընդունում հնդեվրոպականը:

Այնուամենայնիվ, հետաքրքրականն այն է, որ այս կարճ ու բարեհունչ բառը դուրս է մղվել տագերկին, տեգերակին ավելի երկար բառերի կողմից:

Դե, եթե խոշոր լեզվաբաններն են իրար հետ վիճում  ներ բառի կապակցությամբ, ապա տեգերկանայք, պարզ է, կկռվեն:Երգում պարզվում է, որ մեկը մյուսին ասել էր  ներ : Նա էլ պատասխանել էրՙ  ները դու ես: Եթե բառի իմաստն իմանային, չէին կռվի եւ երգն էլ, երեւի, կհնչերՙհամերաշխ են երկու ներ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2014-10-28, 23.15.33 | Сообщение # 36
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ

Մինչեւ վերջերս բանավեճ կար. ասել եւ գրել  կանացի՞ կոշիկ, թե՞  կանանց կոշիկ: Տղամարդկանց գործը հեշտ էր. ասում էինք եւ ասում ենքՙ տղամարդու կոշիկ եւ վերջ: Ոչ մեկի մտքով չի անցնում ասելՙ տղամարդկային կոշիկ, ինչպես ասում ենքՙ կանացի կոշիկ:

Այժմ ոչ միայն ցուցանակների վրա, այլեւ զանազան հրապարակումներում, բանավոր եւ գրավոր խոսքում մի մասն ասում է կանացի, մյուս մասըՙ կանանց: Օրինակՙ  կանացի սրահ - կանանց սրահ, կանացի գուլպա - կանանց գուլպա :

Մեր կարծիքովՙ հարցը կարելի է լուծել այլ կերպ: Նախ տեսնենք, թե ինչպես է առաջացել կանանց բառը:

Հայտնի է, որ գրաբարում  այր բառի հոգնակի սեռականն է  արանց : Իսկ  կին բառի հոգնակի սեռականն է  կանաց : Բայց հետագայում  արանց բառի նմանությամբ,  արանց եւ կանաց դարձվածի հաճախակի գործածությունը պատճառ է դարձել, որ  կանաց ձեւը դառնա կանանց :

Այսօր, եթե վերականգնենք չհնչյունափոխված  կանաց ձեւը, կարծում ենք, ամեն ինչ տեղը կընկնի. կասենք եւ կգրենքՙ  կանաց կոշիկ, կանաց հագուստ, կանաց սրահ : Չնայած ժամանակակից բառարաններում  կանացի բառի համար տրվում է նաեւ «կանանց եւ աղջիկների համար պիտանի, նրանց համար նախատեսված» նշանակությունը: Այս իմաստով կիրառությունը շփոթ է առաջացնում, քանի որ  կանացի բառի հիմնական իմաստն է «կնոջը հատուկ, իգական»: Այնպես որ, եկեք ասենքՙ  կանաց հիվանդություններ եւ ոչՙ  կանացի հիվանդություններ ,  կանաց թուլություններ եւ ոչՙ  կանանց կամ  կանացի թուլություններ :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2014-10-29, 20.12.47 | Сообщение # 37
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
Այս անգամ կանդրադառնանք մեր մեջ ընդունված եւ չընդունված դիմելաձեւերին, կներկայացնենք դրանց ծագումը: Հետեւությունները պետք է միասին անենք: Եվ այսպես, այսօր ամենատարածված դիմելաձեւիՙ  պարոնի մասին:

Հայոց մեջ առաջին անգամ  պարոնը գործածվել է Կիլիկյան Հայաստանում: Նշանակել է «իշխան, մեծավոր»: Առաջացել է ֆրանսերեն  բարոն «իշխանավոր» բառից, որը գալիս է գերմաներեն  բարո «ազատ մարդ» նշանակությունից: Արեւմտահայերը հետագայում գրել են պարոն , որ կարդան  բարոն : Մենք հիմա պարոն գրում,  պարոն արտասանում ենք: Հարց է առաջանումՙ ինչու՞, երբ մենք ունենք մի քանի հիանալի բառ: Դրանցից առաջինը  տիար բառն է:

Տիար բառը ծագում է  տիայր կամ  տէայր ձեւից, որը կազմված է  տէ - մեծ եւ  այր - մարդ բառերից: Այսինքնՙ «մեծ մարդ»: Հետագայում  տիայր -ի  յ -ն ընկել է, եւ ստացվել է  տիարհիանալի դիմելաձեւը, որը թե՛ հնչողությամբ, թե՛ ստուգաբանորեն խիստ հայեցի է եւ հանձնարարելի:

Ընդ որում, այս բառը ժամանակին հաստատել է տերմինաբանական կոմիտեն, հետագայումՙ նաեւ լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհուրդը:

Տիայր -ի հնչյունափոխված մեկ այլ ձեւն է  տէր -ը:

Այստեղ միանգամից ասենք նաեւ  տիկին բառի մասին, որը, նախորդի նմանությամբ, նշանակում է «մեծ կին»:

Այժմ  տեր -ը դարձել է միայն հոգեւոր դասի ներկայացուցիչներին դիմելու ձեւ:

Մյուս հիանալի դիմելաձեւը  ընկեր բառն է, որը հիմա, ցավոք, կիրառվում է միայն մի շերտի կողմից: Ըստ Հր. Աճառյանիՙ առաջացել է  ընդ կեր «միասին ուտող, հացակից, ճաշակից» ձեւից: Ինչպես  ընտիր -ըՙ «ընդ դիր» ձեւից եւ այլն: Կա նաեւ «միասին գործող, գործակից» մեկնաբանությունը: Ինչ էլ լինիՙ  ընկեր բառը մնում է հիանալի դիմելաձեւ:

Հաջորդ դիմելաձեւը, որն այժմ բավականին տարածում է գտնում եւ շատ խրախուսելի է, եղբայր ձեւն է: Դուք, իհարկե, հիշում եք  եղբայր բառի ծագումնաբանությունը: Հիշում եք, թե ինչպես ռուսերեն  բրատ , հայերեն  եղբայր բառերը ծագել են նախալեզվի  բհրատեր բառից:

Եղբայր -ից ստացվել է  աղբայր - աղբեր - աղբար - ախբեր - ախպեր : Ահա թե որտեղից է ախպար -ը: Իսկ  ախպեր -իցՙ  ապեր, ապե եւ  ապ : Այսինքնՙ  ապ -ը նույն  եղբայր բառի կրճատված ձեւն է:Հաջորդը  հորեղբայր -ն է, որն իր երկարության պատճառով կարծեք թե չի դառնում հաճախ գործածվող դիմելաձեւ: Փոխարենը մեր լեզու մուտք է գործում հոպարը , որը հորեղբայր -ի հնչյունափոխված ձեւն է: Թող մուտք գործի, ինչ կա որ:  Ձյաձյա -ից,  ձաձա -ից, դյադյա -ից,  դյադ -ից հաստատ որ լավն է:

Եթե խոսք բացվեց  ձյաձյա -ի մասին, նշենք նաեւ  քեռի դիմելաձեւը: Կարծիք կա, որ առաջացել է  քույր բառի սեռական հոլովիցՙ  քեռ : Ինչպես, օրինակ, քեռայրը , որը նշանակում է «քրոջ մարդ, ամուսին»:  Քեռի -ն, որպես դիմելաձեւ, հայերենին խորթ պատճենում է, ռուսերենից եկող, այդ պատճառով էլ չի մտնում մեր լեզվի շատ գործածական շերտի մեջ:

Որոշ շրջաններում կիրառում են  հարգելի դիմելաձեւը:  Հարգելի -ն առաջացել է  արգ պարզ արմատից, որ նշանակում է «պատվական»: Ունենք  մեծարգո , այսինքնՙ «մեծապատիվ», անարգ ՙ «նվաստ, ստորին»:

Մի քանի խոսք էլ կանանց դիմելաձեւերի մասին:  Տիկին բառի մասին արդեն խոսեցինք: Այսօր, ցավալիորեն, մեր լեզվում  տիկին բառի փոխարեն արմատացել է մի ժարգոնային անճոռնի բառՙ  տյոտյա, (տոտա, ծյոծյա) , որը, ինչպես ասացինք նախորդ զրույցներում, նշանակում է «տատիկ»:

Ունենք  օրիորդ գեղեցիկ բառըՙ «կույս աղջիկ» նշանակությամբ, կամ, ավելի լայն իմաստովՙ «ընդհանրապես կին»: Կարծիք կա, որ առաջացել է շումերերեն օար «էգ» բառից, կամ ուրարտերեն «տեր» նշանակությունից:

Մորաքույր դիմելաձեւը նույնպես դուրս չմղեց օտար  ծյոծյա -ին: Երկար է, կարճացնում են, դառնում է  մորքուր կամ  մոքիր , որոնք արդեն ծաղրական իմաստ են ձեռք բերել:

Մայրիկ բառը մնում է անգերազանցելի ծեր կանանց դիմելու համար, ինչպես որ  հայրիկ -ըՙ տարիքով տղամարդկանց:

Մյուս դիմելաձեւը  աղջիկ -ն է:  Աղջիկ բառը առաջացել է  աղիջ կամ  աղիճ բառից, նշանակում է «կույս, մանկամարդ կին, դուստր, դիցուհի»: Հետաքրքիր է, ո րկոչական ձեւըՙ աղջի, ախչի , լայն տարածում ունի, բայց համարվում է ոչ հանձնարարելի: Դա, ամենայն հավանականությամբ, երկրորդ նշանակությունից է գալիս, որ էՙ «անբարո»:

Այդպես է նաեւ վրացերենում, թուրքերենում, ֆրանսերենում, երբ  աղջիկ բառի երկրորդ իմաստն «անբարո կին»-ն է: Ժողովրդական ստուգաբանությամբՙ Ադամը կենդանիների մեջ երբ չգտավ կին, գոչեց. «Ա՜հ, չիք», ասել կուզերՙ  աղջիկ : Եվ աստված ստեղծեց Եվային:

Իհարկե, կան նաեւ բարբառային դիմելաձեւերՙ  նան, նանի, անա , որոնք գալիս են շատ հին լեզվաշերտից:

Վերջում ավելացնենք մի քանի բարբառային դիմելաձեւեր, որոնք կրճատվել են գոյականներից:

Ծո ՙ արական կոչական ձայնարկություն: Վրացերեն  ծուլի ՙ «տղա» բառից: Նույնն ենՙ  ձո, ձա :

Ատա, ադա կամ  արա ՙ կրճատված է  այ տղա ձեւից.  այ տղա - այ տա - ատա : Իսկ  տ -ն  րհաճախ է դառնում: Չնայած կարծիք կա, որ արա դիմելաձեւը գալիս է Արա աստծու պաշտամունքից:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2014-10-29, 20.18.53 | Сообщение # 38
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
Այս զրույցում կխոսենք զրուցակցի որպիսությունն իմանալու դիմելաձեւերից մի քանիսի մասին: Եվ այսպեսՙ  իմա՞լ ես, ի՞նչղ ես, ո՞նց ես, ինչպե՞ս ես :

Նախ տեսնենք, թե ինչեր կան թաքնված  ինչպես բառի մեջ, երբ իրար հարցնում ենքՙ ինչպե՞ս ես:Պարզ է, որ կազմված է  ինչ եւ  պես բառերից: Իսկ ի՞նչ է  ինչ -ը:  Ինչ բառի արմատն է ի , որ նշանակում է «մի բան»: Հայցական հոլովովՙ  զի «ինչու»: Ի արմատից  ք, մն, նչ, րածանցիչներով կազմված են  իք, իմն, ինչ, իր բառերը:  Ինչ նշանակում է «մի բան, բան», ինչպես նաեւ արտահայտում է հարցում:  Ինչ -ից է նաեւ  ինչք -ըՙ «ունեցվածք, ստացվածք», որիցՙ ընչաքաղց -ն ու ընչասիրություն -ը:

Երկրորդ բաղադրիչըՙ  պես -ը, նշանակում է «իբր, հանգույն, նման»: Համարվում է փոխառություն իրանյանից: Չնայած ո՛չ պահլավերենի, ո՛չ պարսկերենի մեջ չի պահպանված: Մի խոսքով,  ինչպես նշանակում է «մի բանի նման, ինչի պես, ինչի նման»: Այս վերջին արտահայտությունըՙ  ինչի նման , արագախոսության հետեւանքով դարձել է մեր բարբառային իմալ -ը: Այնպես որ  իմալ -ը նույն  ինչպես -ն է,  ինչի նման -ը: Այդպիսի զարմանալի կրճատման օրինակ են նաեւ չումար, չում բառերը, որոնք առաջացել են  ինչու համար ձեւից: Այսօր մեր աչքի առաջ կրճատվում է  որովհետեւ բառըՙ դառնալով  որտեւ , այստեղըՙ  ստե եւ այլն:

Որպիսությունը իմանալու մյուս ձեւերից է  ինչղ -ը կամ  ինչխ -ը:

Այժմ տեսնենք, թե  ինչղ բառն  իմալ է կազմվել: Դրա համար նախ տեսնենք, թե ինչ է նշանակում  ցեղ բառը: Ինչի՞ համար` վերջում պարզ կլինի:

Ցեղ - ազգատոհմ, սեռ, տոհմ: Հնուց ի վեր ավանդված ունենք  ցեղապետ, ցեղընտիր ընտիր բառերը:  Ցեղել (սերել, աճել),  ցեղակից, բամացեղ եւ այլն: Գոյություն ունի նաեւ  երկցեղ բառը, որը նշանակում է ոչ թե «երկու ցեղից բաղկացած», այլ «երկփեղկ, պառակտված»:

Ցեղ բառը բուն նշանակում է «բաժանություն»,  երկցեղությունը ՙ «անմիաբանություն, պառակտում»: Ի՞նչ կապ ունի այս ամենը  ինչղ բառի հետ: Պարզվում է, որ  ցեղ հնում նշանակել է նաեւ «պես, նման, կերպ»: Օրինակՙ հնում գրում էին. Դու իմ ցեղ չես ապրի, այսինքնՙ «դու ինձ պես չես մեծացել», այսցեղ քաջություն, այսինքն` այսպիսի քաջություն: Պարզ է, որ այսցեղի կողքին պիտի լինի  ինչցեղը , որիցՙ  ինչեղ , իսկ դրանից էլ`  ինչղ :

Այսինքն, երբ ախալքալակցին կամ գյումրեցին ասում ենՙ ի՞նչղ ես, գավառցին ասում էՙ իմա՞լ ես, նրանք պարզապես ուզում են ասել` ինչպե՞ս ես: Պատասխանենք, որ լավ ենք եւ նույնը ձեզ ցանկանանք, սիրելի՛ ընթերցողներ:

Մյուս տարածված ձեւն է  ոնցը : Ամենայն հավանականությամբ  ոնց -ը կազմվել է  ոհարցական անորոշ դերանունիցՙ  նց ածանցիչով: Այնպես, ինչպես  ք, մն, ր ածանցիչներով  ոք, ոմն, որ բառերը: Ո-ն հետագայում իր տեղը զիջել է  ով ձեւին: Միայն Ղարաբաղում է, որ պահել է իր նախնական  հո՞ւ «ով» ձեւը:  Ոնց -ը այնտեղ տվել է  հունց , մեկ այլ բարբառումՙ  վունց եւ այլն: Կա նաեւ  որման ձեւըՙ «որպես, ինչպես» իմաստով: Սա եւս, ամենայն հավանականությամբ, կրճատմամբ առաջացել է  որի նման ձեւից:

Այսինքնՙ  ինչպե՞ս ես, ո՞նց ես, իմա՞լ ես, ի՞նչխ ես, հո՞ւնց ես, վո՞ւնց ես, որմա՞ն ես ձեւերը բոլորն էլ մերն են, բնիկ հայերեն են:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2014-10-29, 20.30.50 | Сообщение # 39
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
Մեր լեզվում հարցին դրական պատասխան տալու եւ, առհասարակ, առանց հարցումի իր կամ ուրիշի մտքի հաստատումը դրական խոսքով արտահայտելու համար գործածում ենք  այոկամ  հա բառերը: Նույն բանը ժխտականի, բացասականի դեպքում  ոչ կամ  չէ բառերով է արտահայտվում:

Տեսնենք, թե ինչ ծագում ունեն այս բառերը, ինչ ճանապարհ են անցել, սրանցից որոնք են հանձնարարելի: Սկսենք  այո - հա զույգից: Գիտենք, որ այո նշանակում է «հա, այդպես է»:

Դեռեւս Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ, Ագաթանգեղոսի մոտ,  այո բառը կար, իսկ 12-րդ դարում զարմանալիորեն արդեն գործածական չէր մեր ժողովրդի մեջ: Այդ է պատճառը, որ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հարկ է համարում բացատրել բառը, ասելով, որ  այո -ն  հա -ն է:

Հրաչյա Աճառյանը  այո -ն համարում է բնաձայնական բառ, որը կապ չունի լատիներեն  ajo«ասեմ», անգլերեն  ay, yes , ֆրանսերեն  oui , գերմաներեն  ja եւ այլ բառերի հետ:  «Զարմանալի է, որ այսպիսի մի բառ, որ մեր արդի լեզվի ամենասովորական մի ձեւն է, գոյություն չուներ ոչ միայն ընդհանուր հնդեվրոպական նախալեզվի մեջ, այլեւ հունարենում եւ լատիներենում» , - գրում է Հ. Աճառյանը:

Եվ, որպես ապացույց, բերում է Պլատոնիՙ երկխոսությունների ձեւով կառուցված աշխատություններից օրինակներ: Այնտեղ, երբ հարց է տրվումՙ «Ասացի՞ր», պատասխանը լինում էՙ ասացի, կամՙ ես եմ, կամՙ անշուշտ, բայց ոչՙ այո:

«Հնդեվրոպական նախալեզվի մեջ  այո բառը չլինելու պատճառով է, որ այժմ էլ մի ընդհանուր բառ չկա լեզուների մեջ, նույնիսկ ռոմանական լեզուները իրենց մեջ, սլավոնական լեզուներն իրենց մեջ չունեն ընդհանուր մի բառ այս իմաստով» , - կարդում ենք «Արմատականում»:

Սա ցույց է տալիս, որ այս գաղափարը ուշ է կազմվածՙ զանազան լեզուների մեջ զանազան միջոցներով: Աճառյանը մի այդպիսի հետաքրքրական կազմության օրինակ է բերում: Սուչավայի բարբառում կի եւ պի բառերը գործածվում են «այո» նշանակությամբ:  «Կի բերե՞ս» , պատասխանըՙ կի, այսինքնՙ այո:  «Պիտի բերե՞ս» ՙ պի:

Հիշենք, որ բարբառներում դրական պատասխան տալու համար ասում են նաեւՙ խ: Որտեղի՞ց է եկել այս տառ-բառը:

Ինչպես ասացինք,  այո -ին փոխարինել է  հա -ն, հիմա էլ  հա -ին փոխարինել է  այո -ն:  Հա -ն եւս բնաձայնական բառ է, որը կա հայերենի գրեթե բոլոր բարբառներում եւ շատ լեզուներում: Վանա բարբառում  հա -ն դարձել է  խա , որից էլՙ  խ :

Այժմ անդրադառնանք  ոչ բառին:

Սա բնիկ հայերեն բառ է, նշանակել է «ոչ մի»: Կազմված է  ո բուն բացասականից եւ անորոշի  չ նշանից:

Ինչպես  այո -ն դարձել է  հա , այնպես էլ  ոչ -ըՙ  չէ :  Ոչ բառից են  ոչինչ, չինչ, չնչին բառերը: Հետաքրքրական է  չնաշխարհիկ բառը, որ նշանակում է «արտակարգ լավ, գեղեցիկ, անզուգական, աննման»: Այս բառը բացատրում են որպես «չին աշխարհից», իբրեւ արտասովոր մի բան նշանակող: «Բայց այդ դեպքում պիտի ունենայինք  ճենաշխարհիկ », - առարկում է Աճառյանը: Այսինքնՙ  չնաշխարհիկ , ըստ Աճառյանի, նշանակում է «ոչ աշխարհային, աշխարհից դուրս»:

Ինչպես տեսանք, մարդը սկզբում սովորել է ասել  ոչ, չէ, հետո միայն  այո կամ  հա : Այսինքնՙ առանց մտածելու ասել էՙ  ոչ , իսկ  այո ասելու համար երկար դարեր մտածել է: Դրա համար են ասում, որ  տեղ կաՙ մի չէ-ն հազար հատ հա արժե:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2014-10-29, 20.35.46 | Сообщение # 40
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
Զանազան կենդանիների խմբերը նշելու համար հայերենն ունի բազմաթիվ բառեր: Ընդ որում, շատ հաճախ, այդ բառերի նշանակած իմաստների սահմաններն այնքան էլ հստակ չեն: Օրինակ,  վտառ նշանակել է ընդհանրապես անասունների խումբ, այժմՙ գերազանցապես վերաբերում է ձկներին:

Սկսենք թռչունների խումբ նշանակող բառերից: Գիտենք, որ թռչունների խումբն ընդհանրապես կոչվում է  երամ : Բայց անվանումները զանազանվել են նաեւ ըստ տեսակների. օրինակ,  աղավնաբույլ ՙ «աղավնիների խումբ»,  խորդապար «կռունկների խումբ»: Թռչունների խումբ է նշանակել նաեւ  տարմ բառը: Ուշագրավ է, որ այս  տարմ բառից են նաեւ  տորմ -ը, տորմիղ -ը, որոնցից էլՙ  նավատորմ, նավատորմիղ , այսինքնՙ նավերի խումբ: Նոր բառեր են կերտվում հայերենում այս արմատովՙ  օդատորմ, օդատորմիղ ( ավիացիա բառի փոխարեն):

Թռչող միջատների խումբը անվանում ենք  պարս. մեղվապարս, ճանճերի պարս, մոծակների պարս եւ այլն: Հետաքրքրական է, որ  պարս բառի արմատը պար -ն է, որ նախապես նշանակել է «շուրջ, շրջան»: Հետո իմաստն ընդլայնվել է եւ նշանակել է «խումբ, հավաքույթ, աստղերի հույլը եւ նրանց ուղեծիրը»: Մեղվախումբը եւս կոչվել է  պարս , որից էլ տարածվել է մյուս միջատների վրա:

Ջրում ապրող կենդանիների խումբն անվանում ենք  վտառ , հատկապեսՙ  ձկների վտառ : Ասվում է նաեւ  օձերի վտառ , նույնիսկՙ  օձերամ : Ուշագրավ մի փաստ.  վտառ է կոչվում նաեւ մարմնի անցքերի խումբըՙ աչքերը, ականջները, ռունգները, բերանը, ստինքները, պորտը, միզուկը, սրբանը (ընդամենըՙ 12 անցք):

Քանի որ մարդը հիմնականում ցամաքային կենդանի է, ապա, բնականաբար, ցամաքում ապրող կենդանիների խմբերի անվանումներն ավելի բազմազան են: Չորքոտանի, խոշոր եղջերավոր անասունների խումբը մարդն անվանում է  նախիր . թեեւ անարգաբար  նախիր է անվանում նաեւ մարդկանց որոշակի խմբին: Խոզերի խումբն անվանում է  բոլուկ կամ խոզերամակ :  Նախիր բառի հոմանիշներից է նաեւ  անդյա բառը, որը նշանակում է նաեւ «խոշոր եղջերավոր անասուն»:

Աղվեսների խումբը կոչվում է  ճահուկ , չնայած այս բառը գործածվել է նաեւ մարդկանց որոշակի խումբ նշելու համար:

Ոչխարների, այծերի, ուլերի խումբը կոչվում է  հոտ (դասական ուղղագրությամբՙ  հօտ , որով տարբերվել է  հոտ «բուրմունք» բառից): Նույնն է դասական ուղղագրությամբ գրված հօրան բառը, որով տարբերվել է  հորան «հանքահոր» բառից:

Ոչխարի հոտ է նաեւ  խաշն -ը կամ  խաշինք -ը, որից ունենք  խաշնարած «հովիվ» բառը: Բնականաբար, ոչխարի համար ամենաշատ բառերը պետք է ունենայինք, որոնցից մեկն էլ  օդիբառն է, հոգնակինՙ  օդիք, որ դարձյալ նշանակում է «ոչխարների խումբ»: Գեղեցիկ բառ է օդենի բառը, որ նշանակում է «ոչխարի մորթուց պատրաստված»:

Ձիերի խմբին ասում ենք  երամակ : Կան  երամվազ «սմբակավոր կենդանիների խումբ», ուղտերամակ, փղերամ բառերը:

Հետաքրքրական բառ է  ջոլիր -ը, որը դարձյալ «կենդանիների խումբ» է նշանակում, ընդ որումՙ նաեւ մարդկանց: Դրանից է  ջոլորել բառը, որ նշանակում է «հավաքվել, խմբվել, իրար միանալ»:

Գիշատիչների խմբի համար ունենք  ոհմակ բառը, որը գրաբարում գրվել է  վոհմակ : Հիմնականում նշանակում է «գայլերի, շների խումբ»: Թեպետ լինում են նաեւ մարդկային ոհմակներ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz