ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ #6
|
|
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.44.59 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ (Դասական Ուղղագրութեամբ) I. ՑԱՅԳԱԼՈՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ ՂՕՂԱՆՋ ԱՒԵՏԻՍԻ Հազար ութ հարիւր վաթսունինն թւին Հայոց այգիերն ի՞նչ պտուղ տւին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել, – Դժւար է ասել: Սակայն այդ թւին Մայր Հայաստանի Արգանդը եղաւ սրբօրէն բեղուն, Մի մանուկ ծնւեց Լօռւայ Դսեղում... Նա յետոյ պիտի դառնայ պատանի, Եւ երիտասարդ, և այր իմաստուն, Անբախտ Մարոյին լացով սպանի, Մեր հառաչանքը հասցնի Աստծուն, Մրմուռից դաղւած նրա բերանով Սարոյի նանը պիտի ողբ ասի, Մսրա զօրքի հետ Դաւիթը խօսի, իքորը կանչի, «Էստի՜ համեցեք...»: Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել Իր մոխրակալած-հրակէզ հոգին Եւ՝ որքան տրտում-նոյնքան կենսագին՝ Տարիներ յետոյ նա պիտի դառնայ Մի ժողովրդի ազնիվ կենսագիր... Միևնոյն թւին, Լոռուց շատ հեռու՝ Անատոլուի խաւար խորքերում Մէկ ուրիշ մանուկ լոյս աշխարհ եկաւ, Մինչ հայրը նրա՝ Գևոն կօշկակար, Գոգնոցը հանեց, արխալուղ հագաւ, Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝ Նրա տուն մտան՝ աչքալուսանքի, Յետոյ հերթն եկաւ կանանց հոսանքի. Մի թաս խաւիծով կամ ձւածեղով՝ Ծննդկանի շուրջ նստեցին նրանք՝ Որդուն մաղթելով արևշատութիւն, Նորատի մօրը՝ շուտ ապաշխարանք, Աղւորիկ մի հարս, Բարի տատութիւն... Երևի այդօր- Եթէ ոչ մարդկանց, Գէթ ամենալուր և ամենազօր բնութեան համար... Տօն էր անսովոր. Չէ՞ որ նա գիտէր, թէ ում է ծնել, Լսում էր չէ՞ որ, Թէ ի՜նչ նւագներ և ի՜նչ անհամար, Ի՜նչ հայաշխարհիկ երգեր են հնչում Այդ երկու թխլիկ նորածինների Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում... Երևի այդօր ցերեկը ձգւեց՝ Քնից նոր զարթնած կտրիճի նման, Իսկ ստւերները՝ Հարւած սպասող շնիկների պէս Պոչերը քաշած՝ լուռ կծկւեցին... Երևի ահեղ ջրվէժներն այդօր Հոսեցին անձայն, ինչպէս նկարում, Եւ լոյսը երգեց, Քարը պար եկաւ... Անատոլուի աւազուտներում երևի այդօր Մարդիկ – քնի մէջ – ըմպեցի - զովը Լօռւայ ձորերի, Ջահէլ այրու պէս ծարաւ արտերը և այգին պապակ Յագուրդ ստացան կրքոտ Դեբեդի ջրից անապակ... Եւ Լօռւայ ձորում քուն մտած մարդկանց Երազ այցելեց, Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ. Հարաւից չւած հազարան մի հաւք, Սոխակի ձայնով-ուժով անգըղի, Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար, Յետոյ դարաւոր կաղնու փչակը կտցով քչփորեց Եւ մէ՜կ էլ յանկարծ – Իր կտցի վրայ այնտեղից հանեց Շողեր ծալծըլւած, Շողեր դարսիդարս՝ Օձունի վանքի Շարակնոցի պէս... Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացւելով, Հէնց այն է պիտի – ծլընգ հա՜ ծլընգ – զնգային կարմիր, Հազարան հաւքը հրթիռւեց-գնաց՝ Վերև սուրացող ասուպի նման, Եւ... թառե՞ց արդեօք Լուսաստղի վրայ, Թէ՞ ինքը դարձաւ Լուսաստըղ մի նոր... ...Երևի այդօրևքանի՜ դար յետոյ – Երկինք ու երկիր հաշտւեցին նորից... ... Երևի այդօրևքանի՜ դար յետոյև «Հայաստան» բառից պոկւեցին-ընկան «Ռուսան ու Տաճկա»-ն... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.45.45 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ՈՐԲՈՒԹԵԱՆ Իր ժողովրդի զաւակն իսկական՝ Ժողովրդի պէս ինքն էլ որբ մնաց, Նա նոյնիսկ չկար և մի տարեկան, Երբ...մայրը գնաց: Ա՜խ, եթէ գնաց՝ Նրա լոյս հոգին թող որ համբառնայ, Արժանի դառնայ Իր հաւատացած երկնային գահին, Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին: Մնար Ու ծիծ տար Իր Սողոմոնին – մեր Կոմիտասին, Մնար Ու հոգար Մեր մինուճարի՜– իր որդու մասին: Մնար ու նրան մայրութիւն անէր, Յուսահատութեան, տրտմութեան պահին Նրա ճակատի ամպերը վաներ, Նախ՝ նրա ոտի Ու յետոյ՝ սրտի փշերը հանէր: Մնար, որ յետոյ, Շա՜տ ու շա՜տ յետոյ, Երբ որդին քայլեց մութ արահետով, Որ անդարձ եղաւ ու եղաւ անել, Թերևս նա իր մայրական սրտով Իր մինուճարի ու մեր հանճարի Սև ցաւը տանէր... Մնար, Որ նրան մի ողջ ժողովուրդ «Մեծ Մա՜յր» անւանէր, «Վէհամա՜յր» կոչէր. Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա Իր բերնին տանէր, Փէշերը պաչէր... Մնա՛ր... Չմնա՜ց: Գէթ հայրը մնար... Բայց նա էլ գնաց, Երբ որդին չկար տասը տարեկան, Իր ժողովրդի զաւակն իսկական՝ Ժողովրդի պէս նա որբուկ մնաց: Նա մնաց անտուն, մնաց բնաւեր... – Տո լա՜ճ տնաւեր... Եղաւ անդադար, եղաւ բնաւեր, – Տո լա՜ճ տնաւեր... Գրկանոց հասակ, վիրաւոր սրտիկ, Աչքերում՝ արցունք, ճակատին՝ քրտինք, Աշնան պաղ քամուն ու ձմրան ցրտին Որբուկն ո՜ւր մնայ, որբուկն ո՜ւր գնայ. Որտե՞ղ տաքանայ, ո՜ւմ թոնրան շրթին. -Տո լա՜ճ տնաւեր... Որբուկի սիրտը՝ ապակի փշուր, Ա՜խ դրսից կարմիր-ներսից փուշ մասուր. Որբը՝ մոլոր գառ, աշխարքը՝ մսուր, – Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տայ նրան Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր, – Տո լա՜ճ տնաւեր... Դռնեդուռ երգեց-ձայնը՝ կլկըլան, Բերանն էր կ'երգեր, իսկ աչքը կուլար, Դունչիկից կելներ ծխի տաք քուլան, Սրտիկն էր էրւում, որտիկ սևաւո՜ր, Ցաւերն էին փուքս, անձիկն էր քուրան... – Տո լա՜ճ տնաւեր... Երկու ձիգ տարի նա այսպէս պիտի Ման գայ երգելով ու շուրջը դիտի Մի հացի յոյսով կամ մի հաւկիթի, Միտքը՝ հազար տեղ, աչքը՝ մի կէտի... Սկիզբըդ խոց էր, վերջըդ՝ ո՞վ գիտի... -Տո լա՜ճ տնաւեր... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.46.37 | Сообщение # 3 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ՑՆԾՈՒԹԵԱՆ Գևոն չթողեց որդուն ապարանք, Ոչ էլ Թագուհին թողել էր գանձեր, Բայց ինչ ունէին-չունէին նրանք՝ իրենց որբացած որդուն էր անցել: Իսկ ի՞նչ ունէին: Լոկ ձայն կլկըլան, – Մերթ այնպէս մեղմիկ, Ասես թէ գինով լցնում են կուլան, Մերթ այնպես զնգուն, Ասես թէ կիրճում հովն է շնկշնկում. Մերթ այնպես խաղաղ, կաքաւն է ասես սաղմոսում «կղա». Մերթ այնպէս յորդուն, Ասես ընկել ես ջաղացի ջրտուն... Նրանք գիտէին իրենց Կուտինան՝ Անատոլուի խաւար խորքերում: Բայց նրանք, դիցուք, և գիտենային, Թէ իրենց պապի պապին ու քեռուն Գաղթի ճամփան է բերել հասցրել ինչ որ Ցղնայից այս Կուտինային: Այսքանը թէկուզ և գիտենային: Ո՞վ պատմէր սակայն, որ գիւղն այդ Ցղնայ Եւ Մասեաց փէշը Գողթանն է չքնաղ: Արդէն կիսակոյր՝ տաճկախաւարից, Ո՞վ պատմէր նրանց Գողթան գաւառից. Գողթան գաւառի երգասաններից՝ Վիպող-վիպասան մեր գուսաններից: ... Փանդիռը գրկած ու վինը ծնկան, Իրենք իրենցով ու դիցով լեցուն՝ Դուռ-դարպասների սալքարին նստել, Երգել են նրանք վէպը Սաթինկան, Աչքերն են գովել Ալանաց դստեր, Եւ խօսքը խելօք, և մէջքը բարակ, Եւ Արտաշիսի սիգալը արագ՝ Ձեռքին շիկափոկ-ոսկեօղ պարան... Իսկ Արտաւա՜զդը, որին և տարան Քաջքերը ի վեր Ազատն ի Մասիս... Իսկ հապա հպարտ Տրդատի՜ մասին, Որ սեգ սիգալով՝ Իր հուժկու քայլով Գետերի թմբեր և ամբարտակներ Ավիրեց տարաւ... Իսկ Շամիրա՜մը պագշոտ Ու տաքշող, Գեղեցիկ ապրած-գեղեցիկ մեռած Գեղեցիկ Արա՜ն... Յաճախ կոյր ծնւած, անուս ու թերուս, Բայց միշտ ողողւած կրակով ներքին, Իրենց եօթնաղի տաւիղը ձեռքին՝ Նրանք են երգել ծնունդն այն աստծոյ, Որ հուր հեր ուներ, բոց ունէր մորուս, Երբ երկնում էր ծով, երկիր ու երկին, Երբ ծուխ էր ելնում եղեգան փողից, Երբ բոց էր ելնում եղեգան փողից... Երգել են նրանք մեր պտղած հողից, Գինուց, խաղողից, Մեր սրտի դողից. Երգել են նրանք մեր ցորեն հացից, Մեր խինդ ու լացից, Մարտում ընկածից. Խորհել՝ երգելով, Նւագով ցաւել, Երգել ձեռքերով՝ Պարել-կաքաւել... Ո՞վ է մեզ տվել, եթէ ոչ նրանք՝ Փող ու թմբուկին խաղացող մատներ, Լեռն ի վար վարգող եղնիկի ոտներ, Եւ Նաւասարդեան թարմ առաւօտներ, Եւ առաւօտներ վառ Վարդավառի, Եւ ծուխ ծխանի՝ հայրենի կրակ, – Ո՞վ է մեզ տւել, եթէ ոչ նրանք՝ Վիպասանները Գողթան գաւառի: ... Ո՞ւմ մտքով կանցնէր, թէ Գողթնից գաղթած, Գերանը ջարդած ու սիւնը խախտած Ինչ-որ տնակի կիսախաւարում, Գողթնից շատ հեռո՛ւ, մի խորթ գաւառում, Որտեղ վարակը օտար շարաւի՝ Ուտում էր մարմին ու հոգի կրծում, – Ո՞ւմ մտքով կանցնէր, և ո՞վ էր կարծում, Թէ պիտի շողայ Գողթան շառաւիղ, Պիտի բոցկլտայ Գողթան Պայազատ՝ Նոյնքա՛ն հարազատ, Նոյնքա՛ն հա՛յ ազատ, Որքան և նրանք, Արժանի ժառանգ Գողթան գաւառի հայ գուսանների, Փողհար-փանդռահար վիպասանների՝ Օտարի շնչից զանազանելի, Այդքանով՝ նաև անհասանելի... Ո՞վ է հասկացել քմայքը բախտի, Եւ այն էլ... հայոց. Յանկարծ կեռմանը ազգաւեր գաղթի՝ Կածանը վայոց, Դառնում է ճամփայ համահաւաքման, Խոյանք է դառնում թռիչքը անկման... Ո՞վ է հասկացել քմայկը բախտի, Եւ այն էլ... հայոց: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.47.15 | Сообщение # 4 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ՅՈՒՍՈՅ Ութսունմէկ թիվ: Վազարշապատ: Էջմիածին: Միրգ ու փոշի: Անխիղճ արև: Շողամրցում Մասիսների, Արագածի: Սրբագործւած հին-հին քարեր: Եւ Մայր Արաքս: Եւ Մայր Տաճար: Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր, Հնչող, Շնչող, Կանչո՜ղ զանգեր... Եւ ճեմարան՝ մտքի կաճառ: Ճեմարանի բակում արձակ, Որտեղ էլ որ աչք ես ածում՝ Զարմանալի հաւաքածու Խօսւածքների, տարազների: Ու բոլորի դէմքի վրայ՝ Վա՛խ, սպասո՛ւմ, անքնութի՛ւն, Խօսուն հետքեր երազների: Ամէն մէկը՝ մի գաւառից, Եւ բոլորը՝ դեռ աղւամազ: Ամէն մէկը խիտ խաւարից՝ Երզաում է լոյսի մի մաս, Նոյնն է ուզում. Ուոո՛ւմ, ուսո՜ւմ... Եւ նրանց մէջ՝ սրան նայիր, Հագին տարազ տաճկահայի. Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝ Վրան պնդաց մազէ գոտիկ, Նախշուն գուլպայ՝ վրան զոլեր, Ու պոչաւոր մաշւած սոլեր: Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ, Իսկ հայեացքը՝ քէլէ՜ր-ցոլէ՜ր... Ամէնքն՝ իրար մօտիկ-մօտիկ, Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ: Թե զարնէին սրտին դանակ՝ Մի պուտ արիւն դրւրս չէր հոսի: Ո՞նց չմնայ նա մեկուսի, Ո՞նց խառնւի, ասի-խօսի, Թէ... հայերէն վատ է խօսում: Բայց նա, մեկ էլ Աստւած գիտի, Թե ինքն ինչպէ՜ս, ոնց է ուզում Ուսո՜ւմ, ուսո՜ւմ: Սակայն նրան Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ – Մի հոգևոր ուսումնարան, Որի սանը մի օր պիտի Հագնի սքեմ վարդապետի: Իսկ նա.... Եւ նա վաղը պիտի Երգի ի լուր և ի վճիռ Համայն Հայոց Հայրապետի... ՂՕՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ Ու նա սկսեց... թուրքերէն երգել: Մանկական ձայնը՝ սկզբում կերկեր, Վայրկեաններ յետոյ ինքն իրեն գտաւ, Հունի մեջ մտաւ Ու գնա՜ց-գնա՜ց: Կաթողիկոսը մթագնեց մնաց: Մինչ յանկարծահաս զայրոյթի ծնած Կրակը վառւեց ծեր աչքերի մէջ՝ Հէնց նոր սկսւող ժպիտը հանգաւ: Առաջի՛ն անգամ, Առաջի՜ն անգամ Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ, Սրբապղծօրէն թուրք երգ է մխում... Ա՛ստ՝ հայոց հօտի այս սուրբ փարախում, Հովւապետն ինքը ականջ է կախում Ինչ-որ մի մանկան անօրէն երգի... Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի՝ «Հայր մեր», «Միայն սուրբ», «Արեգակն արդար», «Ով զարմանսլի» Կամ «խորհուրդ խորին», Ուր զրաբարն է հնչել դարէդար Եւ շարականն է յուզել բոլորին, - Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մէջ, Առաջի՛ն անգամ, Առաջի՜ն անգամ Սրբապղծութեան մանանեխ ընկաւ... Բայց Վեհափառը իր վեհ դերի մէջ՝ Ինչպես վայել է՝ անայլայլ մնաց: Իսկ մանկան երգը... թա՛փ առաւ գնաց: Գնա՛ց-բարցրացա՜ւ, Ընկա՜վ-ցածրացա՛ւ, Քարէքար ընկաւ, պատէպատ խփւեց, Եւ յետոյ՝ կրկին պոկւե՛ց ու գնա՜ց, Մի վայրկեան օդում կախ ընկաւ մնաց, Մի անտես թելով կարծես թէ կապւեց Եւ, մի պահ յետոյ յանկարծ ցած թափւեց, Թափւեց՝ նշենու ծաղկաթերթի պէս, Հին վանքի ծեփի ճաքած շերտի պէս... Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձա՜յնը... զուլա՛լ. Այդպէս լեռնային վտակն է կարող Քարերի վրայ ծիծաղել ու լալ: Բառե՛րը... եղո՜ւկ: Իսկ ձայ՜նը... գերո՛ղ. Մերթ բողոքում է ու գանգատ անում, Մերթ՝ դառնում այնպէս վսեմ ու բարի, կարծես հինաւուրց այս Մայր Տաճարի Երկինք խոյացած զանգակատնում կախել են մի նո՛ր-անլեզւա՜կ մի զանգ՝ Մի համակ յուզանք... Թւաց՝ ամպերն են բացխուփիկ խաղում, Թւաց՝ երկինքն է կապոյտ ծիծաղում, Թւաց՝ թէ շոգը յանկարծ կոտրւեց, Թւաց՝ թէ մի հին երդում կատարւեց... Կաթողիկոսը մի պահ մոռացաւ, Թէ ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում, Ովքե՞ր են շուրջը՝ իր Վեհարանում, – Եւ այդքանի մէջ, Ասես քնի մէջ, Նա դանդաղ ժպտաց Աչքերով իր թաց: Յետոյ ժպիտը սկսեց հալւել Ու հետզհետէ անհետ վերացաւ, Մինչդեռ աչքերի թացն աւելացաւ Թացն աւելացա՛վ ու աւելացա՜ւ... Փղծկացող Վեհը հազիւ բարբառեց. - Որդեա՜կ իմ, ո՜րբ իմ... Ու ձայնը մարեց: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.48.03 | Сообщение # 5 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹԵԱՆ Եւ վարանումից, վԷճերից յետոյ Իբրև եզակի մի բացառութիւն. Կանոնագրքի մի զանցառութիւն, Անյայտ օրէնքի չգրւած կէտով՝ Լոկ ձայնի՛ համար Համարւեց նա սան: Այդ կիզիչ ամառ Նոր բօթեր հասան: Սուլթան Համիդը, ի փառս ալլահի, Ի նշան ահի Ամէն մի հայի Եւ ի գիտութիւն Իր երկար քթով ամէն տեղ մտնող Այդ Եւրոպայի, – Սուլթան Համիդը տարաւ ու բերեց Եւ Ապտակի տեղ, Ապտակի նման – Շրը՛խկ՝ «Հայաստան» բառը արգելեց, Լեզւից, քարտէզից, գրքերից, քերեց. - Ջնջում եմ, չկա՛յ, Ալլա՛հը վկայ: Եւ չի՛ էլ եղել, Եւ չի՛ լինելու. Քանդողը ես եմ, Ո՞վ է շինելու... Իսկապես. քանդածն ո՞վ պիտի շիներ, Թէ Ալեքսանդըր ցարն էլ իր հերթին՝ Սուրբ խաչելութեան նշանը սրտին, Քրիստոնէական ժպիտը շրթին՝ Իր «ամենագութ» ձեռքով ցարական Հայոց պատմութիւնն, իբրև առարկայ, Արգելեց բոլոր հայ դպրոցներում. - Չկայ՛, չի՜ եղել... Սուլթանն ու արքան Ձեռք-ձեռքի տւին Միևնոյն թւին... Իսկ ճեմարանո՛ւմ... Թուրքախօս սանի կարօտ բերանում, Անուշ մրգի պէս, բայց չհալւելով, Ինչ բառեր էին հիմա քաղցրանում, Անյատութիւնից յանկարծ բարձրանում Քաջն Հայկ, Արամ, Տիգրան Մեծ, Արա, Մաշտոց, Եղիշէ, – Ո՞ր մեկին յիշել... Եւ չժանգոտած հին բանալիքը մերոպեան տառի, Նախ՝ դժւարութեամբ, Բայց հետզհետէ մի լուրջ բարութեամբ, Ուրախ զնգոցով անվերջ պտըտւեց կողպէքում բառի Ու բացեց դռներ՝ Սխրագործութեան, Դարպասներ բացեց՝ Ահեղ փորձութեան, Եւ զարմանալի՛, անհաւատալի՛, ճշմարի՛տ դէպքեր՝ Մահադարձութեա՜ն... Իր այդ բանալուն յաւէտ պարտական՝ Ընկել էր տղան մի կախարդական, Մի հեքիաթային վիթխարի դղեակ, Որին մինչև այդ ինքն էր անտեղեակ: Ե՛ւ սերտարանում, և՛ իր պաղ խցում՝ Աղոտ լոյսի տակ իր նաւթաւառի, Մինչևիսկ եթէ ականջն էր խցում՝ Փանդիռն էր հնչում Գողթան գաւառի Մարտ ու սէր երգող ձայնեղ գուսանաց. Ե՛ւ խրախճանքը հին Վարդավառի, Ե՛ւ մեհեաններում մորթւող տաւարի Բառաչը խռպոտ, բոռոցը յորդուն Տարաձայնում էր արդէն կուսանաց Քրիստոսասէր թախծոտ մեղեդուն. Յետոյ խուժում էր, մեղեդուն խեղդում Վայրի աղմուկը վայրի քուշանաց, Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց Ու քաղաքակիրթ - Նոյնքան բիրտ - Յունաց... Թէ՛ խժաձայն սոյլ հռովմէական մարտափողերի, Թէ՛ բութ խռխռոց պարսից ահաւոր մարտափղերի. Թէ՛ սելջուկական սրերի շառաչ, Թէ՛ կտրիճների մահազդու հառաչ, Թէ՛ մոնղոլական աղեղից պոկւած երկաթէ նետեր՝ Ասես թշնամու հեռաւոր մատեր, Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ. Թէ՛ վահանների ծնծղան անծիծաղ, Թէ՛ շեփորումը զօրապետերի, Խօլ ելևէջը արեան գետերի, Հրդեհի ձեռքում հողմերն անսահման, Արձագանքում են նրա ականջում, Եւ ինքնամոռաց՝ «Մարէ՛ ջան, ամա՜ն», – Տեղից ցատկելով ակամայ կանչում, Ճչում է ձայնով փոքրիկ գազանի Եւ արթնացընում մի քնած սանի, Որ վեր է թռչում, նոյնպէս վախեցած, Աչքերն է ճմլում, մազերն է խառնում, Վերակացուի անւամբ սպառնում Եւ, մինչևանգամ իր տւած հարցի Պատասխանի դէմ ականջը խցած՝ Հակում է նորից իր գլուխը ցած՝ Մագնիսի նման ձգող չոր բարձին... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.48.56 | Сообщение # 6 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ՀՍԿՄԱՆ Ամիսներն են դանդաղ հոսում, – Ու կարդում է նա Մանրուսում: Թո՛ղ օրերը տրւեն վազքի, – Նա զննում է մեռեալ Խազգիրք: ...Գանձե՜ր, գանձե՜ր՝ փականքի տակ, Իսկ գանձերի տէրն՝ անգիտակ: Անբանալի-գոց գանձարան... Կեանքդ լինի թող տանջարան. Թէկուզ մեռնես, բայց ման արի, Փնտրիր, գտիր այդ բանալին: Եւ աչքերն է ցաւով թարթում: - Տարիները թող որ վազեն: Աչքերի դէմ, քուն թէ արթուն, Չվերծանւած խազե՜ր, խազե՜ր. Մեղեդիներ ու սաղմոսներ՝ Ոչ թէ մինչև վանքի գմբէթ Սուրբ խորանից երկարացած, Այլ բրածոյ և քարացած. Աստւածային վսեմ «Տաղ»-եր, Որ ծալքերում մագաղաթի Ժամանակն է փոշով թաղել. Գանձի նման անգին «Գանձ»-եր, Բայց ի՞նչ օգուտ, երբ չեն կարող Կիզել անձեր, Հոգի խանձել. Արձանացած-անշարժ «Փող»-եր, – Ինչխպե՞ս շարժել, տեղից փոխել. Դիակնացած «Քարոզ» ու «Ճառ», – Ի՞նչպես գտնել յարութեան ճար. «Եղիցի»-ներ, «Աւետիս»-ներ, – Ա՛խ, թէ նրանց հնչող տեսնէր... Տարիներն են նորից հոսում, Իսկ նրա դէմ՝ միշտ Մանրուսում, Իսկ նրա դԷմ՝ անվերջ Խազգիրք, – Շո՛ւնչը, հոգի՛ն, տրո՛փն ազգի, Որ դարձել է խաղ ու նշան, Մագաղաթի թերթեր խշշան: Կարծես թէ մարդ յանկարծակի Ընկել է լուռ մի շիրմատուն, Ու լեզւազուրկ շիրմաքարե՛ր, Նախանձով են նայում մարդուն: Շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, շիրմաքարե՛ր, Եւ մամուռի ու փոշու տակ՝ շիրմագըրե՛ր, Եւ ի՛նչ խօսուն շիրմագըրեր. – Արծիւ , Աղաւնեկ , Բազէ , Վարուժնակ , Տանուտրակ , Ծիծեռն ու Տիրոցի ձագ., Իւրաքանչիւրը ինչպէ՞ս է ճախրել , Եւ ո՞ւր է իջել, ինչպիսի՞ թևով... Աղաչանք ,Հիւանդ , Տժգոյն ու Լալկան. Իւրաքանյիւրը ինչպէ՞ս է տխրել, Ինչպէ՞ս հառաչել, լացել ի՞նչ ձևով... Դարբին ու Երկաթ , – Ինչպէ՞ս էր զնգում, Ինչպիսի՞ սալի, Ինչպէ՞ս էր մարդու հոգին պար ածում... Հովիւ ու Ոչխար., – Ո՞նց էր շնկշընկում, Ի՞նչ քար ու սարի, Ի՞նչ շշուկով էր հօտը արածում... Եւ նա վիրաւոր աչքերն է թարթում: - Թո՛ղ ժամանակը անշտապ վազէր: Իսկ աչքերի դեմ՝ քնած թէ արթուն՝ Նորի՛ց բերանփակ խազեր ու խազեր: Խազեր Ձայնուժի. Աստւած չի՛ յուշի... Խազեր Բանալի. Ի՛նքըդ ման արի... Խազեր Կոչական ու Կէտադըրող. Մի՛ յուսահատւիր, կարո՛ղ ես, կարո՛ղ... Խազեր Կիսանիշ և Ամանակի. Կարիք ես զգում Լոկ... ժամանակի՛...
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.49.40 | Сообщение # 7 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՁ ՄԵՂՍԱԿԱՆ Իսկ ժամանակը իրենն էր անում: Ամիսներն ամսին՝ անցնում են տարիք, Եւ զգում է նա... այդ ինչի՞ կարիք... Դեղնած գրքերի փոշին բերանում՝ Նա դուռն է բանում իր խոնաւ խցի Ու դուրս է գալիս՝ փոքր-ինչ օդ ծծի: Կանաչ բնառւից անվայել թռնում Եւ այգիների ճամփան է բռնում: Ճամփան տանում է դԷպի Արարատ, Դեպի Մայր Արաքս՝ ճոխ դաշտի միջով: Գարուն է գալիս: Օդը՝ անարատ, Բոյրով ու թոյրով, լոյսով է առատ Ու նրա ջահել սրտի պէս ՝ ճիչով: Գարուն է գալիս: Ձներն են լալիս: Որ առու-առու՝ Կրքից պղտորւած, Իրար գիրկ վազեն: Բացւող գարնան հետ վերադառնալիս՝ Զոյգեր են կազմում տատրակը, բազեն: Ծառեր ու խոտեր ծաղիկ են տալիս, Որ բնազդական-բուսական սիրով Իրար փոշոտեն: Որսի դուրս գալիս՝ Քիչ է մնում թէ գազաններն անգամ Իրար յօշոտեն: Իսկ սի՛րտը, սի՜րտը... Իսկ սիրտը մարդու, Սիրոյ հովերից այլևըս արթուն, Գարնան գետի պէս մերթ՝ վարար յորդում, Մերթ անձրևի պԷս լալիս է-լալի՜ս, Ուզում է մէկին ասել, «Ցանկալի՜ս», Ուզում է մէկին խեղդւելով ասել. «Իմ երա՜զ ու սէ՛ր, Դու ե՞րբ ես գալու»... Գարուն է, գարուն: Դաղձի բուրմունքից հարբել է առուն Եւ ափերին է մի գլուխ զարկւում ութաձև քայլով, Ինչպէս գինովն է Խփւում պատերին: Նայողի աչքը խտուտ են ածում գոյնով ու փայլով Խլվլան փնջեր կարմիր պուտերի, Կապոյտ անմոռուկ ու խորոտ-մորոտ: Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ՝ Բարեգութ դահճի ձեռքով գլխատւած շարքն է թթերի, Որ արդէն խուրձ-խուրձ շիվեր են տվել՝ Մէկի տեղ քսան ու դեռ աւելի, Եւ հեռւից հիմա Նման են արդեօք... մի փայտէ պոչով մեծ ցախաւելի՞, Որ բիլ երկնքից պիտի որ ա՜յ ա՜յ-ամենավերջին Ամպերը ջնջի, Թե՞ կոթի վրա տնկւած վրձինի, Որ բիլ երկինքը ուր որ է պիտի կանաչ դարձընի... Նա ինքնամոռաց գնում է առաջ: Հրաւիրականչ շեփորի նման՝ Հնչում է ցուլի կարօտի բառաչ... Եւ ջրից թափուր սափորի նման՝ Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի: Այգիների մեջ թաղւած Տաճարի Գմբէթն է միայն հեռւից երևում Ծաղկած ծառերի գլխավերևում՝ Անյայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բոյնի նման: Մի վաղուց ջարդւած կաւէ հին աման, Նա՛ էլ չի փրկւել գարնան վարակից. Նրա շուրջ բոլոր Մամուռն է քաշել կանաչ պարագիծ: Վիրաւոր սնձի բացւած երակից Տաք արեան տեղակ պաղ կաթ է ծորում: Դեղձենիների անբոց կրակից Կայծեր են թռչում դիմացի ձորում: Իսկ մամռակալած վիրաւոր գուռին Մի հին փճակւած-բնաքանդ ուռի Ծեր մուրացկանի ձեռքերի նման Իր կոշտուկապատ ճիւղերն է մեկնել Ու սրթսրթում է կարծես թէ քաղցից... Եւ դաշտն են ելել հարս ու աղջիկներ, Որը՝ սիբեխի, իսկ որը՝ դաղձի: Մերթ հեռանում են Ու մերթ՝ կուտակւում, Մէկ կռանում են Ու մէկ՝ շիտակւում, Մերթ՝ ուրախ ճիչով, ասես կարօտով՝ Իրար են պարզում լխտիկ թևերը, Ցուցադըրում են, կարծես թէ դիտմամբ, փակ մարմինների բոլոր ձևերը, Որ... աբեղայի սիրտը խռովեն, Որ... աբեղային անհուր խորովեն, Որ... աստւած ու նա կռւեն-խռովեն... Եւ մի անօրէ՛ն, Մի անվանելի՛, Անանւանելի՜ ինչ-որ զգացում Կպչում է նրա սրտին ու անձին՝ Կաթի պէս սնձի: նա շրթունքներն է ակամայ կրծում, Որ ցաւը օգնի: Իզուր է կարծում, Թէ ամենազօր գարնան դաւերին Կյազթի ուժովն ինչ-որ ցաւերի: Եւ, ճարահատեալ, աչքերն է գոցում, Որ սատանեկան տեսիլքն աւերի, Բայց մթութիւնը... սա էլ իր սևով Նրանց վառվռուն ձևերն ընդգծում, Մաքրագըրում է, շեշտում աւելի: Խաչակնքել է ուզում աբեղան Բայց նրա աջը շարժւել չի ուզում, Ոզում է կանչել մի բերան «մեղայ», Բայց... կապ է ընկնում և խօսնակ լեզուն: Եւ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ, Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք, Որ չտրոփի այդպես խենթօրէն, Որ չտրոփի և... չտրաքի՝ Պղպջող գինու ափէափ լեցուն սափորի նման: Մինչդեռ անվտանգ խուցի դարակին Ննջում են տաղեր՝ կարօտ յօրինման, Մինչդեռ անփորձանք խուցի դարակին Կարօտով նրա ճամփան են պահում Անլեզու խազեր: Նա ետ է դառնում, ուզում է վազել, Գնալ ու նորից վերծանել յամառ, Որ ցաւն աչքերի թերևս մի օր Փոխարկի մի նոր Ցնծուն հանդէսի՝ Իր, ուրիշների... ականջի համար: Նա ետ է դառնում իր ճամփի կէսից, Որ գնայ կրկին աչքի լոյս մաշի Եւ մի կերպ պրծնի իր սրտին կպած Այդ կաթից սնձի, Սոսնձից, Խեժից, – Եւ այդ վայրկեանին յանկարծ՝ Սոնա՜ եար, Սոնա՜ եար, – Թնդում, Ու երգը խնդուն Ընկնում է ետքից ու հետապնդում, Կախվում է նրա փիլոնի փէշից, Թառում է նրա փակւած կոպերին, Հալչում է նրա այրւող ափերին, Ոտքերի առաջ թաւալ է տալիս՝ Ճամփան է փակում և յիշեցնում, Թե Վարդավառն է վերստին գալիս. Սոնա՜ եար, Սոնա՜ ... Ցնծութեամբ օծված ծաղիկ է ծնում, Ծաղիկնեի պէս դաշտերով ցանում Ջանգիւլում կանչող հարս-աղջիկներին. Սոնա՜ եար, Սոնա՜ ... Քայլը հնչում է նո՛յն չափով՝ Սոնա՜ ... Կուրծքը շնչում է նո՛յն չափով՝ Սիրո՜ւն... ... Ու երբ, յոգնատանջ, աքլորականչին Նա լուռ ննջում է, Ինչ-որ մի Սոնա Գալիս է թեքւում նրա ականջին Ու շշնջում է, Թե սարալանջին Պառկած է քոյրը՝ անունը Խումար Ու երեսն էլ բաց՝ տեսնելու համար: ...Շողերով հինւած իր գորգը թողել, Առվի արծաթով երեսը ցօղել, Կանգնել է ճամփին մի շաղոտ Շողեր՝ Բոլոր գլուխը պսակած ծամով, Աչքերը նման սուրբ աստւածամօր: - «Իսկ դու՝ անխելքըդ, վախենամ քնես, Վախենամ քնես, քնով ընկընես՝ Արտերըդ մնան առանց հերկելու, Ու երբ վեր կենաս, Վազելով գնաս՝ Հա՛ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս, – Խումար-իդ առան, Սոնա-իդ տարան, Շողեր-դ մնաց առանց գրկելու»... Մի խառնակ երազ տանջում է նրան մինչև լուսադէմ: Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթօ թևերը կանթել, Կանգնել է իրենց կալի պռնկին: Քամին խլում է նրա մինթանան, Որ նրա թմփլիկ ծնկները բանայ Ու ցոյց տա խալը՝ ծալի մեջ ծնկի: Յետոյ այդ խալը դառնում է յանկարծ մւ պուտ սև՛ թանաք՝ Այն Շարակնոցում Սաղմոսավանքի, Ու այդ կաթիլից իրար են ձուլւել զարդախազերը... ... Ու մեկ էլ քամին քանդում է հարսի դեղձան մազերը, Եւ այդ մազերը - լարերի նման - Ձգվում են մինչև ոտքերը նրա, Ու շէկլիկ-մէկլիկ, աչքերով ծաւի Այդ հարսը յանկարծ... դառնում է տաւիղ, Եւ այդ ոսկելար, և այդ մսեղեն տաւիղի վրայ Քամին նվագում ու... վերծանում է մեռած խազերը: Ուզում է որսալ ու ձայնագըրել (Ա՛յ, հիմա՜ – հիմա՜ լռած խազերի Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի Եւ իր մեծ գիւտով աշխարհը սարսի), Բայց մինչ այդ արդէն նախանձոտ քամին այնպէս է փչում, Որ կտրատելով լարերը բոլոր՝ Վերև է ցցում. Հիմա ո՛չ տաւիղ, Ո՛չ էլ վերծանւող մեռած խազերը: Հիմա հուրհրան բոցեր են թւում դեղձան մազերը, Դեղձան մազերը թւում են հուր վառ՝ Բարակ ծխի հետ պարզւած երկնքին: Եւ հարսը հիմա դառնում է բուրվառ, Ու շուրջը փռում բուրմունքը խնկի: Աղջիկը բուրվա՞ռ, – որտե՞ղ է լսւած... Բայց յանկարծակի քամին դադարում Եւ, գունդուկծիկ, բարդուն է թառում (Ի՜նչ անտանելի շոգ է , տե՛ր աստւած)... Ու դարձեալ նրա մազերը դեղձան, Որ ծուփ-ծուփ էին՝ ծալեծալ դարձան. Բուրվառ չէր արդէն, Այլ կրկին Մի կին, Բոցավառ մի հա՞րս, Թե՞ խարտեաշ աղջիկ, Եւ տղամարդու հայացքից ազդւած՝ Պտոյտ է գալիս, որ թողնի փախչի (– Էդ ո՞ւր, անհոգի՛, էդ ո՞ւր, անաստւա՛ծ)... Մինչ տեսիլքով է աչքը հիանում՝ Սուրացող հարսը մինթանի փէշով Պտտահողմի պէս սիւն փոշի հանում Եւ թէպէտ – շո՜գ է – քիչ զով է անում, Բայց մի սեղան բուռ փոշի է ցանում Խեղճի աչքերը... Ու նա քնի մեջ Ձեռն ակամայից աչքին է տանում, Որ կսկըծում է ու մրմըռում է: Աչքերը ձեռքով նա ճմըռում է, Քնից արթնանում...՛ __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.50.22 | Сообщение # 8 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ Հետևում է տարին տարուն, միտքը՝ մտքին, Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին: Ապրում է նա աչքը՝ գրքին, Ուշքը՝ երգին: Ե՜րգ և ուսո՜ւմ, Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՛ւմ... Մինչ օրերն են համըր հոսում՝ Մտքի հետ է միտքը խօսում. - Խազե՜ր, խազե՜ր, - թող փորձ անի, Գուցէ՝ մի օր և վերծանի, Ու ժողովուրդն ապերջանիկ Նախանձելի բախտ ստանայ, Աղքատացած մի ընտանիք Ծով գանձերով հարստանայ: Բայց խազն է խազ ու գիրքը՝ գիրք: Իսկ գրքից զատ կայ կեանք և գիրկ, Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ՝ Կենսաթրթիռ, լուսաթաթախ, Որ ապրում են, շնչում-հնչում Մարդկանց շրթին, իր ականջում. Որ կենդանի մարդն է հիւսում Ու կենդանի մարդին յուզում. Որ հոսել են ու տեղ հասել Ու չեն դարձել դեռ Մանրուսում, Ու չեն դարձել մեռած խազեր... Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն: Այսօր թէ կան՝ Վաղը չկան. Շուրջն ամէն տեղ Երգւում են դեռ, Բայց երգւելուց թէ դադրեցին, Խազերի պէս, մէկ էլ տեսար, Համրացան ու քար կտրեցին: Որտեղի՞ց են դրանք գալիս, Եւ ի՞նչ ճամփով ո՞ւր են գնում, Ի՞նչն է անցնող փրփուր տալիս, Եւ ջրի պէս ի՞նչն է մնում: Ի՞նչն է այնտեղ ոգևորիչ, ինչո՞վ է խորթ և հարազատ, Ինչո՞վ մօտիկ, ինչո՞վ է զատ Աշխարհիկը հոգևորից: ի՞նչն է պայծառ, ի՞նչը՝ մթար, Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար, Ի՞նչն է եղծւած կամ անվթար, ի՞նչն է կոպիտ կամ նազելի... Իսկ թէ յանկարծ այդտեղ գտար Բանալիքը մունջ խազերի՞... ՂՕՂԱՆՋ ՕԾՄԱՆ Եւ որտեղ երգն էր՝ Այնտեղ էլ նա էր... ...Ուրա՞խ է կեանքը, Տխո՞ւր, դաժա՞ն է. Միշտ ժողովրդից երգն անբաժան է. Նա միշտ երգով է բանում ու դատում Սիրում ու ատում, Վիշտը փարատում. Երգով է ուրախ, Երգով է տխուր, Երգով է վառւում, երգով է մխում. Երգով է նա միշտ վարում ու հերկում, Մանում ու ներկում, Երեխայ գրկում, Երգով քաղում է, Աղում-մաղում է. Երգով է կնունք, հարսանիք անում, – Երգով է օրը բացւում-տաքանում, Երգով է նորից օրն իրիկնանոմ... Իսկ նա՞... Այդ ե՞րբ էր, Այդ ե՞րբ էր, Ե՞րբ էր. Տասներկուամեայ թշւառ մի որբ էր, Երբ ձեռքից բռնած ճեմարան բերին, Եւ որբուկ Սողոն Սողոմոն դարձաւ: Ու չար թէ բարի այդ ճանապարհին Ե՛ւըս տասներկու բոլորակ տարի Ճեմարանի մէջ եկաւ ու անցաւ, Ու Սողոմոնը... Կոմիտաս դարձաւ՝ Ի խոր յարգանըս Այն հոգեզւարթ կաթողիկոսի, Որ տասներկու դար դրանից առաջ Ապագայ հունձի հունդերը ցրած՝ Ծիրը բաց արեց Հայոց մեղեդու անթաղ ակօսի: Նա բանաստեղծ էր Ու երգաստեղծ էր. Նա ունէր վառ ձայն Ու նւագման ձիրք. Եւ իր անվան հետ թողեց մի արձան՝ Խօսուն, Բայց անձայն՝ «Նւիրեալք անձինք»: Ձգւել էր դարը, ու երկարաձիգ Դարի ետևից նորն էր սողացել. Եւ հայ մեղեդին Դար-դարի վրայ Կրակի նման վառ փողփողացել, Տարուբերւել էր ծփան գետի պէս, Շեշտւել նետի պէս, Մխւել սրտերում Ու դողդողացել: Աշխարհասըփիւռ հայոց թեմերին Պատարագատու բոլոր բեմերին Քանիսնե՜րն էին մի պահ շողացել, Քանիսներն էին... Եւ սակայն ոչ ոք Հայոց հինաւուրց կաթողիկոսի անունը երբեք Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծայ, Ո՛չ էլ գողացել: Եւ հիմա - յանկա՛րծ - հայոց նորընծայ Երկրո՛րդ Կոմիտաս. Որ Հայրապետի Անւանը պիտի Ամենայն ինչում Տա նո՛ր մի հնչում, Սուրբ յիշատակը մշտավառ պահի: Ո՞ւմ մտքով կանցներ այդ վսեմ պահին, Թէ այդ նորընծայ-նոր Կոմիտասը Պիտի մոռանայ իր պարտաւորիչ Անխօս ստացած պատւիրան դասը՝ Պիտի նա մի օր երախտաւորից Իւրովի դառնայ մի չար ապերախտ՝ Պիտի կողոպտի մի թափուր դրախտ. Հոգևոր պապի՝ Իր անւանատուր Կաթողիկոսի անունն ստւերի, Հակառակ անխօս տրւած պատւէրի՝ Եւ յիշատակը մոռացութեան տայ, Իր շենշող կեանքի կարմիր բոցերով Մատիտի նման թաւ ընդգծելով Իր մեծ նախորդի մեռածութեան տակ... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.51.04 | Сообщение # 9 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ԱՄԱՌՆՕՐԵԱՅ Եւ որտեղ երգը՝ այնտեղ էր հիմա և Կոմիտասը: Նա՛, որ դեռ երեկ, իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու, Երգչախմբի մէջ մեներգ էր միայն վսեմ տարածում Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը, – Հիմա դարձել էր խմբավար վանքի, Դարձել էր հիմա երգի դասատու: Թեթևանում էր երբ աշխտանքից, Ծառայութիւնից օձիքն ազատում, Հեռանում էր նա խուցից ու վանքից, Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում: Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ, Ամենո՛ւր ու միշտ, Ուր հայն էր շնչում: ...Ինչպէս աղջիկն է յանկարծ հարսնանում՝ Գարունն էլ այդպէս դառնում է ամառ. Համբարցման տօնը պաղ հովն է տանում Ու տեղ է բանում, Որ գայ Վարդավառ: Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր, Կանաչ ու ծաղիկ, Գերանդիներն են սրւում-բթանում, Եւ ծլարձակման յաղթ օրէնքի դէմ Կարճ յաղթանակ է վերստին տանում Ոգին խոտքաղի: Բայց քիչ առաջւայ մարտում կատաղի Իւրաքանչիւրը մի անգութ մարտիկ՝ Հիմա տմարդի Նոյն տղամարդիկ Ասես գթութեան եղբայր են դառնում՝ Իրենց աւշաքամ զոհերին առնում Իրենց իսկ ուսին, իրենց շալակին. Խնամքով դարսում սայլ-պատգարակին, Ջորուն են բառնում Կամ աւանակին, – Եւ մեռած խոտեր, ծաղկունք մահացող Գերեզմանի տեղ մարագ են գալիս, Որ այնտեղ դառնան բոյրի պահածոյ: Շոգը, որ մինչ այդ հիւր էր ցանկալի, Աներեսօրէն դառնում է տանտէր Ու խռովեցնում կնկան ու մարդուն: Անբոց վառւում են արոտ ու հանդեր, Արծաթ է հալում վաղահաս գարին, Այնինչ հաճարի, Ցորենի արտում Հասկերը հասուն, Հասկերը հոսուն, Իւրաքանչիւրը մի հրէ լեզու, Ձգւում են վերև, կարծես թէ ուզում Մօտիկ երկնքի կապուտակ ծովից Զովութիւն ըմպել, (Ինչպէ՜ս չէ՝ կըմպես), Չեն ըմպում սակայն, այլ միայն լիզում Եւ անմիջապէս քաշում են լեզուն, Երբ հասկանում են բուսական խելքով, Որ մինչև անգամ երկինքը ծաւի Նո՛յնպէս կապտել է անյագ ծարաւից... Ամառվայ արփին այնպէս է կիզում, Որ արևի տակ, Թէկուզ անկրակ, Եթէ ուզում ես՝ «իշխան» տապակիր. Անշարժանում են լճեր ու լճակ, Դառնում են կարծես կապոյտ ապակի, Մինչդեռ նրանց տեղ օդն է ծփծփում ալիքով հրէ, Եւ օդի հետ էլ երգն է ալիքւում. - Հո՛վ արէք, սարեր... Սարերը սակայն Հովը պահում են հօտերի համար և սարւորների, Որ գիւղը թողած՝ սար են բարձրանում: Ու երգն էլ հիմա Աղօթքի նման, Երկինք է թռչում. Ամպերին կառչում. - Մի քիչ զո՛վ արէք. . . Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն Եւ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն, Եթէ բովանդակ երկնակամարին Դեղի համար էլ ամպիկ չես ճարի: Եւ աշխատանքի ոգին է կրկին Խելահեղօրէն տիրում ամենքին: Գւղացիները, տղամարդ թէ կին, Հաւ-աքլորի պէս զարթնում են հիմա Գիշերը դեռ կէս և ոչ թէ ծէգին Եւ, աքլորների-հաւերի նման, Իրիկնանալիս՝ դեռ հացը բերնում՝ Չե՛ն թառում - օ չէ՜ - յոգնած ու դադրած Ոչ թէ քնում են, այլ կարծես մեռնում, Իրենց խշխշան անկողիններին Քրիստոսի պէս Խաչւում են այնպես, Որ կրկին շուտով Յարութիւն առնեն Եւ կիսամութով Վերստին բռնեն Նոյն աշխատանքի Վառվռուն պոչը Ու նորից խառնեն Հրդեհին ծէգի Իրենց աչքերի հրավառ բոցը, Եւ որ քրտինքի շիթը ծորացող Անվերջ շտկւող-անվերջ կորացող Իրենց թիկունքին վազի մանեման՝ Ճամփան կորցըրած մրջիւնի նման... Եւ աշխատում են մրցման մեջ մտած, Աչքերը յոյսից ու երազից թաց, Ու հետն էլ երգում. - ...Զո՜վ արէք մի քիչ... Հովից են երգում, Զովից են երգում, Որ շուտ չդադրեն տաքից ու շոգից: Իսկ շո՛գը, տա՜քը, Իսկ տո՛թը, տա՜պը... Թո՛ղ որ շները՝ Բները մտած, Շոգից շնչասպառ՝ լեզուն դուրս գցեն, Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն. Կարծես սխալմամբ կրակ են կրծել Եւ հիմա, իզո՜ւր, Ործկալ են ուզում... Շոգի սիրահար դդումներ ցմփոր Թո՛ղ որ թխսի պէս նորից ետ տանեն Փարթամ թևերը իրենց թաղերի Եւ ճտերն իրենց ետևը գցած՝ Ցանկապատն ի վեր արևկող անեն, Թառեն էյվանի փայտէ ճաղերին... Ուրիշի աչքին խիստ ծիծաղելի Արևածաղկի մի պուճուր գնդիկ, Կապելով հսկայ մեր երկրագնդին՝ Երկրագնդի պէս ծանրօրէն ու լուրջ Թո՜ղ որ պտտւի ինչպէս արևի, Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ՝ Անշարժ պահելով ծաղկատերևի Դիրքը նախնական... Թո՛ղ որ շոգն իրօք չարամտօրէն Մարդկանց խեխդելու մահափորձ անի, Եւ շուք ու շւաք տան վկայութիւն, – Միևնոյնը չէ՞ գիւղացու համար, Թէ նա մեռնի էլ՝ պիտի գործ անի, Քանի որ ամա՛ռ, ամա՛ռ է, ամա՜ռ... Խեղճ այրի կնոջ անծեփ-անսւաղ տանիքի նման՝ Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում. Պիտի հաւաքել-փռել տանիքին Շէկ ծիրանները՝ Մանրակոտորակ արևների պէս , Սև սալորները՝ Եզան աչքերի միամիտ փայլով, Եւ կորիզահան դեղին դեղձերը՝ Անանուն ծաղկի փերթերի նման... Սայլը բեռնաբարձ՝ Ծանր խրձերից խղճուկ ճռռալով՝ Անիւի կունդից իր մաշված սռնու Քիթն է մերթ հանում Ու մերթ՝ ետ տանում, Աղուրի փոշում, լորձունքի նման, մազութ ծորալով: Իսկ ջառջառների սեպերը երկաթ, Քար ատամները գիշատիչ կամի (Ծամի հա՛ ծամի) Հաշանն են ծանում, հաշանը ոսկէ, Որ չուզենալով դարմանը խառնել Սրսուռ ցորենի արևահամին, Մի բան է տենչում՝ Էրանի քամի. - Սարե՜ր ջան սարե՛ր, Մի քիչ հո՛վ արէք... Իսկ քամին Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել Քանի ամիս է՝ հէրանց չի գալիս, Իսկ եթէ եկաւ՝ չի ուզի գնալ. - Օտար դո՞ւռն ընկնեմ, Լաւ է ջո՜ւրն ընկնեմ... Մղեղն է թառում պատահած տեղում և ամէն ինչի, Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող Աստւածաշնչին. - Մեղա՜ քեզ... Աստւած բարին կատարի: Իսկ բարին՝ Թառած դէզի կատարին, (Պարզ խրտւիլակի ծիծաղկոտ տեսքով) Ծտի պարսերն է շեղջերից քշում. Իսկ բարին՝ Մաղւած ցորեն-գարու հետ Փայտէ ամբարի դռնով է խշշում: Մեծ կարասները Ծոյլ յօրանջում են դատարկ մառանում, Բայց վնաս չունի՛, Խաղողի վազն է կրկին մայրանում. Ճութը, ծոցի պէս , ուռչում է հիւթից Եւ օգոստոսեան եռացած օդից Ու խեղդող տօթից Շնչահատ արդէն, Մի պահ զրկւելով աբուռ-ամօթից, Անզգուշօրէն կոճակն է բացում զմրուխտ թփերի. – Հէրն էլ անիծած. - Ի՞նչ անեմ, Մարէ՛, Արևն ինձ կերէ՜... __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 07.52.20 | Сообщение # 10 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ՂՕՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ Բայց ահա Նաև շոգն է կոտրւում՝ գոռոզութեան պէս, Եւ տեղը զիջում իր գինն իմացող համեստութեանը: Կապող անձրևի միջամտությեամբ Երկիր ու երկին Գրկւում են կրկին՝ Վերջ տալով իրենց սուր գժվածութեանը: Եւ աշունն էլի, Չարչիների պէս ու բոշաների, Տեղից-տեղ գնում, Դռներ է ընկնում Եւ զբաղւում է իր ներկարարի սիրած փեշակով: Չարչին բարձրականչ կհպարտանայ Իր յուլունքների հազար տեսակով, Ասեղ ու շիւղեր, ծամոն կծախի Պառաւ տատերին, հարսներին շարմաղ: Բոշան ցորենով զամբիւղ կփոխի Եւ ինչով ուզես՝ մեծ ու փոքր մաղ: Մինչդեռ աշո՜ւնը... Նա բա՛ն չի ծախում, Օդ ու եղանակ, գոյներ է փոխում: Մինչդեռ աշո՜ւնը... Միայն բաշխում է՝ Ցորեն ու գարի, Խմիչք ու փշատ, Հազա՜ր մի բարիք Եւ, ամենից շատ, Անվարձ ու ձրի Միայն նախշո՜ւմ է... Եւ այնպես դանդաղ, որ չես նկատի, Աւելուկների ծամերը կանաչ Էյվանի դէմքին ու տան ճակատին Դեղնում են յանկարծ, դառնում անճանաչ: Ու քաղցրութիւնից ճաքող սեխերի Անուշ բուրմունքով Օծւում են կրկին բոստան-բաղերը, Իսկ ձմերուկի կերւած ճաղերը – Լուսնի հաստ-բարակ փուլերի նման – Հող ու փոշով են ամպոտւում հիմա: Ընկուզենիներն իրենց սաղարթով Այնպէս են մէկից դառնում հուրհուրան, Կարծես թէ լինեն հսկայ ծխամորճ, Եւ որպես ծխի առկայծող քուլայ՝ Մշուշն է սողում դաշտերի վրայ Ու պտոյտ տալիս Ծերուկների պէս պպզած լեռների Սանըր չտեսած-փոշոտ գլխի շուրջ: Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ Իրենց սաղարթն են աշխատում կոճկել լիրբ քամու հանդէպ, Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին Պատրաստ են իսկոյն իրենց լաչակը գլխներից քանդել՝ Մարդաթող հարսի, Լաչառ կնկայ պէս : Նորից, իսկապե՛ս, Աշուն է, աշու՜ն: Նորից սանդի մէջ ծեծում են կորկոտ, Չաւար են խաշում, Տաք հնձաններում ճմլում են խաղող Ու գինի քաշում: Նորից արիշտան, Որ ձողերին են շարէշար փռել, Թաց՝ օրօրւում է լուռ ու անշշուկ, Չորացած՝ խշշում Ու փշուր-փշուր Թափվում է գետին՝ Խսիր-կարպետին: Քամին կարծես թէ բան է կորցրել Եւ որոնելով աւլում է գետինն Ու տեղից-տեղ է խաշամը քշում: Եւ տերևների հաստ ծածկոյթի տակ Առվակ ու վտակ Հոսում են ոչ թէ խշշոցով ջրի, Այլ կարծես անվերջ տժտըժում-թշշում՝ Իրենց մէջ ընկած բոց տերևների Չմարող հրից: Սերկևիլները սրտի թրթիռով Վերջինն են լքում անխռով այգին Ու տեղափոխւում-մտնում են սնդուկ, Որ հաստակաշի ու կողքապնդուկ, Զառ խնձորների հարևանութեամբ Պլըլւեն սիրով ու գորովագին Կանանց պահուսոի շորերին փոթ-փոթ Եւ իրենց բոյրը խենթօրէն խառնեն Նրանց մարմնային բուրմունքին տարփոտ: Աշուն է, աշո՜ւն: Լուսաստղը հիմա Նոյնիսկ ցերեկւայ դռներն է մաշում Եւ ճառագայթուն ու մեծ է այնքան, կարծես թէ բացւած հովհար է որ կայ: Հովհարը սակայն Ո՞ւմ է հարկաւոր, երբ շոգ չէ արդէն, Երբ եղանակը այնքան է ցրտել, Որ նորից ահա տան խոնաւ օդից Մինչ աղը լալիս՝ լաւաշն է ծաղկում, Իսկ պաղ եղեամի հալւելուց յետոյ Կալում մնացած կոյտը ծղօտի Կպչում է իրար, Կարծես թէ թաղքում Մազերի նման շեկլիկ աղջըկայ: Անցած ձմրանը նշանւածների կոպերի տակով Անհամբերութեամբ սահում է հիմա երազանքն այրող Այն հարսանիքի, Որ պիտի լինէր, բայց դեռ, ա՜խ, չկայ: Գիշերւայ կէսին ոռնոցն է լսւում Հօտ ու նախրի հետ սարից գիւղ իջած անկուշտ գայլերի, Իսկ նոյնքան անկուշտ ջրաղացների անխոնջ չախչըխկան կոչնակի նման կանչելով անվերջ՝ Ճամփան է պահում աղունով բարձւած սողուն սայլերի: Եւ ահա՛ – Կամաց քշէք սելերը... Եւ ահա՛ - Աշուն եկաւ սարիցը Եւ ահա՛, Այստեղ՛ – Երկինքն ամպել է... Եւ ահա՛, Այնտե՜ղ – Էս լուսնակ գիշեր... Եւ ահա՛ – Այնպէ՜ս՝ Միշտ նա է ներկայ, Նա՛ ՝ Շինականի յար հաւատարիմ, Յաւէտ անբաժան Մեծ օգնականը. Նա՛ ՝ Շինականի համկալ-ընկերը, Հոտաղ-մշակը Ու... երրորդ ձեռքը. Նա՛ ՝ Ինքը... ե՜րգը: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|