Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-26, 10.40.48
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀՈՎՀԱՆՆէՍ ՇԻՐԱԶ
ՀՈՎՀԱՆՆէՍ ՇԻՐԱԶ
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.52.23 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀՐԱՇՔ

(3) և (4) պարբերությունները անտիպ են

Հովհաննես Շիրազ

(1)
Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»

(2)
Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»

(3)
Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Թքեմ թուրքի ճակատին,
Որ տենչում է իր դարավոր
Ոխը նորից հորձանել,
Նորափետուր Երևանս
Նորից գաղտնի կործանել,
Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,
Աստված ինքն էլ չգթա,
Յոթնահողով Հայաստանի
Տունդ կիսատ չի մնա...

(4)
Իմ նորակերտ Երևան,
Լույսի շքերթ Երևան,
Անիս ավեր չթողնես
Իմ լույսի բերդ Երևան:
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից
Իմ հողերի արցունքով
Երբ կազատվի լուրն ինձ բերեք
Ոչ թմբուկով, ոչ շուքով,
Քանզի սիրտս շատ է մաշել
Արարատիս կարոտից,
Որ չմեռնեմ խնդությունից
Լուրն ինձ բերեք շշուկով:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.53.20 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԷՐԵԲՈՒՆԻ
Հովհաննես Շիրազ

Իմ հուշերի մի աչքի մեջ Տրտադագետ չքնաղ Անին,
Էրեբունի բլրին կագնած ես նայում եմ Երևանին,
Մի աչքովս հետ եմ նայում, մի աչքովս նայում առաջ.
Կշռում եմ նորն ու հինը զույգ աչքերով, կշեռք դառած,
Վեր ու վար են անում սակայն երկու թաթերն իմ կշեռքի
Զույգն էլ քանի իրենց վրա հանճարն ունեն հայոց ձեռքի,
Օ՜ չեմ կարող ես մի աչքով նայել ընկած հին հրաշքին
Ում ավերակ մի տաճարն էլ հիացմունք է գոռոզ աչքին,
Նորի տուած պատառ հացս, թեկուզ լինի կաթն էլ իմ մոր,
Նորից հինը մորս կեսն է, մյուս կեսը, ելնոզն է նոր...
Ընկած մորից երես դարձնեմ, լավ է երես դարձնեմ կեանքից,
Լավ է թաղվեմ քան թե մի կեզծ շշուկ լսվի իմ շրթունքից:

Ու նայում եմ Երևանին կագնած բլրին Էրեբունի
Հին Անիս է վերածնվում բարուրի մեջ Երևանի
Վեր խոյանում ժայռաբարուր հազարաձև գմբեթներով,
Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով
Հազար ու մի եկեզեցիք փոխվում են ճոխ պալատների
Սուրբ զանգերի ղողանջի տեղ, ժխորն է բյուր Հայ մուրճերի,
Ելնում է նորն հնի ձևից Մասիսաչափ ձվից անմեռ
Մեծ Տերյանից Թումանյանը, Թումանյանից նորերը դեռ
Ասես Մեսրոպ Մաշտոցն ինքն է մոնումենտվում նոր արձանով
Մի նոր Հայոց հրաշք դառնում մայր Անիին նմանվելով:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.54.21 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՈԵՄԻՑ

Հովհաննես Շիրազ

Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝
Անին վիրավոր եղնիկ է կրկին,
Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝
Չեն թողնում անգամ լեզու տա վերքին:
Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր,
Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, -
Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս,
Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -
Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս,
Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին,
Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,
Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր..

2

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:

Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,
Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ:

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:

Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:

3

Ախուրյանն է քեզ մայրական օրոր,
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր,
Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´:

Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ,
Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի´,
Չի մնացել քարդ քարիդ վրա,
Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´:

Հայ արվեստի դու փշրված Մասիս՝
Անմահության աճյունն ես դու« Անի´,
Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝
Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի´:

Քո արծվազարդ մի խոյակից անգամ
Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ,
Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´:

Անի´, հայոց անսպին ես դու դեռ,
Հայոց վշտի անունն ես դու, Անի´,
Հորս կորած գերեզմանն ես անմեռ,
Անի´, մորս մրմուռն ես դու« Անի´:

Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝
Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացվե´ք-
Պապերիս հող մասունքն ես դու, Անի´:

Անի´, ողբ է օրորն Ախուրյանի,-
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Բա´վ է քնես քնով սրտակեղեք՝
Հազարամյա մեր քունն ես դու, Անի´...

Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,
Անի´, երգիս ղողանջն ես դու, Անի´,
Պիտի հնչես, շատ չես մնա վայոց,
Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի ...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.55.31 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
«ԲԻԲԼԻԱԿԱՆ»
(Դասական Ուղղագրութեամբ)

Ցաւը տւեց սարերին
Սարերը չտարան
Ցաւը տւեց մարդուն
Մարդը տարաւ...
Մօրս խօսքերից

Երբ անյայտ ոգին աշխարհն արարող,
Որ աստւած կոչւեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եւ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-
Լոյսի հրճւանքը տւեց երկնքին,
Կապոյտ ծիծաղը ծովին ծաւալեց...
Ճերմակ ժպիտը սփռեց ձիւներին,
Վեհութեան խինդը լեռներին տւեց:
Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
Դայլայլը տւեց հավք ու հաւերին:
Հողին՝ բերկրանքը տւեց մայրութեան
Սիրոj խայտանքը տւեց ամէնքին,
Ու բոլոր վարդերն իր ուրախութեան
Շաղ տւեց այսպէս նորաստեղծ երկրին:
Բայց վշտի փուշը իրեն մօտ թողեց՝
Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հանէր,
Ո՞վ ունէր մի սիրտ՝ այնքան լայն ու մեծ,
Որ վշտի խայթը անխռով տանէր:
Ու խորհեց խորին արարողը մեծ
Եւ անտեսօրէն երկրում թափառեց.
Տեսաւ ցնծում է սիրտը հաւքերի,
Խենթ համբուրում են գազաններն իրար,
Ու նրանց տւեց խայթը ցաւերի՝
Ցրելով նրանց խինդը խելագար:
Եւ իսկոյն աշնան տերևների պէս
Ցաւից սգացին հավք ու ծաղիկներ,
Եւ կակաչների սիրտը սևացաւ,
Այն օրից իրենց լեզուն կորցրին
Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
ազաններն իրենց անեծքը լուսնին:
Եւ գթաց նրանց արարողն, ասես
Նայելով երկրի խրոխտ լեռներին,
Լեռները, ասաց հզօր են ու վէս,
Գոռոզ է նրանց կեծւացքն իմ աչքին.-
Թող քիչ խոնարհւեն ու խորհեն ինձ պէս:
Ասաց ու վիշտը տւեց լեռներին
Եւ հառաչեցին լեռները ցաւից.
Անէծք ժայթքեցին հրաբուխներով,
Ցաւից լանջերին խոցեր բացւեցին՝
Դարձան անդունդներ ու խորանալով
Այն սէգ լեռների տանջանքը լացին:
Եւ արցունքները գետերի փոխւած՝
Իբրև լեռների լեզուն փրփրած՝
Խոցւած լեռների անէծքն են լալիս.
Իսկ գագաթներին՝ ձիւնն յաւերժացած
Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
Գթաց լեռներին արարողն ու մեծ
Ցաւն առաւ՝ անհոգ դաշտերին տւեց,
Վէրքեր բացւեցին դաշտերի կրծքին
Եւ հառաչեցին դաշտերը դարեր
Ու դեռ մնում են նրանց վէրքերից
Անապատները, որպէս սպիներ:
Գթաց դաշտերին արարողը մեծ՝
Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
Առաւ վշտի շանթն ու ծովը նետեց,
Ու ծովն անդնդից ելաւ կատաղի,
Մինչև աստղերը ծառս եղաւ ցաւից,
Այնպէս ծառս եղաւ, որ կոհակների
Մատները կարծես աստղերն հանեցին
Որպէս երկնքի աչքերը անգութ,
Որ նոյնպէս լացին...
Այնպէս ծառս եղաւ,որ յատակներից
Քարացած արցունք՝ աւազն երևաց,
Դարեր մոլեգնեց ու հետքը ցաւի
Ալիքների մառ կնճիռը մնաց
Եղծելով չքնաղ երեսը ծովի:
Ծովին էլ գթաց արարողը լուռ,
Ցաւն առաւ ծովից երկնքին տւեց,
Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
Ցաւից անձրևը կարկուտի փսխւեց,
Անէծք կայծակեց ու լացեց անյոյս,
Ու մնաց լուսինն աչքում երկնքի,
Որպէս մի շիթը սառած արցունքի:
Իսկ յաւերժական ցաւից հալածւած
Աստղերն այն որից ասուպներ դարձած
Թռան ու մեռան իրար գրկի մէջ,
Եւ դարեր ցաւը երկնքում մնաց՝
Ցրեց աստղերի դաշնութիւնը պերճ:
Ու ցաւն առնելով արարողն էլի
Խորհում էր՝ ում տար, որ գէթ մի գիշեր
Անխռով տանէր պարգևն ահալի,
Որ, աւա¯ղ ինքն էլ չէր կարող տանել:
Սոսկաց, թէ ցաւը կմնայ իրեն...
Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,
Երբ տեսաւ մօտիկ հովտում տարօրէն
Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,
Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում...
Տեսաւ, խաղաղւեց խռովյալ ոգին,
Եւ ասաց՝ լոկ սա կարող է տանել,
Ու մարդուն տւեց վիշտը երկրային
Եւ ինքը թեթև սլացաւ եթեր...
Եւ ծնւեց մարդու դեռ վայրի սրտին
Ցաւի զգացումն ու ահը մահւան.
Եւ մարդն այսույետ խեթ նայեց վագրին
Սրելով աչքը ժանիքի նման:
Այդ ցաւն էր մարդու աչքերը բացեց,
Եւ մերկ ուղեղը զգեցած ահով՝
Զգաց, որ մահն է վիշտն ամէնամեծ
Եւ կռւի ելաւ մահւան դէմ մահով,
երեզմանի դէմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր յոյսն օրօրեց,
Իր մահը դարձրեց գոյի հոլովում
Ու սերնդաշար ապրեց վերստին՝
Տանելով դժնի վիշտը մօր մահւան,
Դիմացաւ որդոց անհետ կորստին,
Տարաւ դառնանուշ տանջանքը սիրոյ,
Տոկաց բնութեան խօլ աղէտներին,
Ու լցւած կեանքի ծարաւոտ սիրով՝
Դիմացաւ այրող վէրքերի ցաւին:
Բայց իր թոյնի հետ վիշտն էլ մեղր ունի՝
Եւ առագաստը բացեց մտածման
Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
Վիշտը, որ դարձաւ յոյսի օթևան...
Ու երբ նորախոհ մարդը մի վայրկեան
Առաջին վշտերն յոյսի մէջ խեղդեց,
Ոգին հիացքով յայտնւեց անձայն՝
ոյութեան կռւի ցաւերն էլ տւեց:
Բայց մարդը կրա¯կ պոկեց ժայռերից
Լոյսի ծնունդով ցաւերը մեռցրեց.
Ու կենաց պտուղն հանապազօրեայ
Իր տառապանքի անտառում գտաւ,
Ու ոգորումով յաղթեց այն վշտին,
Որից խօլական մամոնտը կորաւ...
Եւ դարեր ծխաց սիրտը մարդկային,
Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
Բայց չկորցրեց իր յոյսն աստղային
Եւ իմաստութեամբ իր նորաբողբոջ
Դարեր գուպարեց ին նմանի դէմ,
Որ լուծ էր դարձել իր բիւր ուսերին,
Մարդը մարդուն գայլ ոսկորով դժխեմ...
Բայց անագորոյն ոգին նորից նոր
Մարդու մէջ քամեց գետերով պղտոր
Իր տիեզերքի ցաւերը բոլոր,
Եւ հրամայեց ապա մայր հողին,
Որ մարդու առջև բարիք չփռէ,
Եւ անապատի փոխւեց տխրագին
Մարդու աչքի դէմ՝ դաշտը զմրուխտէ,
Այնպէս տոչորւեց և հողն աշխարհի,
Որ անապատում օձն էլ իր ձագի
Աչքի արցունքը ծարաւից խմեց...
Այնպէս, որ ծովն էլ շոգից կարկամեց:
Բայց ինչքան շատ է մարդն իմաստանում՝
Իր ցաւերն այնքան հեշտ է դարմանում:
Ու մարդը խորհեց և մառ դաշտերից
Փախած գետերը ձորերից հանեց
Եւ անապատւած դաշտերում սփռեց՝
Եւ գինի քամեց դաժան դաշտերից...
Եւ մեղրագետեր քրտինքով քամեց:
Եւ դժնետեսիլ հոգսերով ելաւ
Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
Աստծոյ թաքցրած գանձերը գտաւ
Ու մտքի ձեռքը աստղերին մեկնեց
Եւ լուսնի վրայ մահեր նշմարեց...
Եւ կեանք նշմարեց աստղերի վրայ,
Եւ մահւան ահից իմաստնանալով՝
Գտաւ հիւլէի հոլովումն անմահ,
Շարժմունքն անընդմէջ ու նորից խորհեց,
Զգաց, որ երկու անգամ չի կարող
Անցնել նոյն ջրով նոյն գետի՝ անցնող:
Զգաց, որ մահը և կայ և չկայ,
Որ նիւթն, ինքնագոյ, շարժւում է նորէն,
Որ ոչ թէ Աստւած ստեղծեց մարդուն,
Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն,
Դարերի մթնում իր խարխափանքի,
Նիւթին անգիտակ՝ նա երկնեց ոգի
Եւ կոյր խնկարկեց պատրանքն իր ունայն,
Մարդը, որ ծնւեց ծովափնեայ տիղմից
Ու դարձաւ միակ խոհը բնութեան,
Կռահեց, որ հողն է աճիւնն արևի
Եւ եղել է, կայ, անստեղծելի,
Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
Եւ իմաստութեամբ իր լուսաբողբոջ՝
Իր արցունքի պէս սրբելով ընկճեց
Իր ցաւերի հետ ցաւերն ընկերոջ.
Եւ կործանելով իր մէջ գազանին՝
Նա իր մէջ զգաց երազներ վսեմ,
Լոյսը դարձնելով իր սպեղանին՝
Անցաւ ցաւերի ճամփէքը դժխեմ,-
Նոյն ծաղկից թէ´՝ թսյն, թէ´ մեղր քամեց,
Եւ աստծուց հզօր՝ ինքն էլ արարեց
Չեղած հրաշքներ աշխարհի վրայ,-
Իր արաչութեան խնդութեամբ խեղդեց
Մարդը բիւր դարեր բիւր ցաւերն իրա:-
Մարեց կրակով իր ստեղծագործ՝
Ցաւերի ծովը իր մի բուռ սրտում,
Եւ տիեզերքում լոկ մարդը՝ անեղծ
Վշտին յաղթելով՝ դարձաւ իմաստուն:-
Այդ աշխատանքն էր, որ ինչպէս դարբին
Կռեց ու կոփեց հոգսերի սալին
Բիրտ անբանից մարդ ու մարդուց Աստւած...
Եւ վերջին անգամ ոգին յայտնւեց՝
-Դու, ասաց մարդուն, վշտին յաղթեցիր,
Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,-
Քո մտքի թագով իր արքան դարձիր:
Վշտին յաղթողը՝ իշխանն է խինդի,
Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
Ինքդ ստեզծիր հողը դրախտի
Եւ սնիր որ յար վայելես նրան,
Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
Իշխիր ծովերի մռայլ յատակում,
Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,
Մրջիւնեց մինչև աստղերին իշխիր:
Եւ ինչ որ քո դէմ գաղտնիք թողեցի՝
Պեղիր տիեզերքն՝ յայտնութիւն դարձրու,
Դու՝ հրաշքներիս հրաշքն իմաստուն,
Թող վիշտ ու խինդդ անբաժան լինեն՝
Ինչպէս կակաչի կարմիրն ու սևը,-
Եւ թող յաւիտեան ախոյան՝ բախւեն
Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սէրը...
Եւ թող յոյսերս քեզ ապաւինեն,
Եւ թէ արտասւես՝ թող քո արցունքից
Գոհար խաղողի ողկոյզներ ծնւեն,
Թող նոր հրաշքներ ծնւեն քո ձեռքից...
Եւ իմաստնացած կգնաս այդպէս,
Դարերի անտես սանդուղքով կելնես
Դէպի կատարը կատարելութեան,
Որ միջօրէի արևի նման
Փարատես մութը ոգուդ չարութեան,
Եւ աղաւնանաս քո նմանի դէմ,-
Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես
Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպէս
Ազնիւ խտածւացքն ահեղ բնութեան՝
Հասնելով ոգու ներդաշնակութեան:
Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահութեան,
Որպէս նոր գինի, ի ցիւ դու գտնես,
Ըմպես, որ չիջնես ձորը ծերութեան,
Որ կեանքով լցւես ու նորից ելնես
Կանաչ սարերը քո պարմանութեան.
Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
Յաւերժ տիրական յավերժ բնութեան...»:
Եւ լռեց յաւէտ ու մարդու սրտի
Հովիտներն իջաւ, ընկնող աստղի պէս,
Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,
Որ մարդն հասկացաւ անբարբառ լեզուն
Մեծ իմաստութեան ու տիեզերքի:
Ու ողջ բնութիւնն ապշեց մարդու դէմ.
Ծովերն աչք դարձան մարդու դէմ ապշած,
Եւ դարեր ահա մնացել են բաց...
Երկնակամարն էլ յոնքն է՝ վեր քաշւած՝
Յաւիտեան ապշած մայր տիեզերքի
Արեգակնաբիբ կապուտակ աչքի...
Բայց իմաստնացած մի պարմանի պէս՝
Մարդն էլ իրենով հիացաւ կարծես,
Ու մեծ տենչանքի ու կրքի ճամբով
Ելաւ փնտռելու իր ստեղծողին,
Տիեզերախոյզ մտքով թափառեց,
Հիւլէից հարցրեց, հասաւ աստղերին,
Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
Չափւել նրա հետ,
Գտնել աստծուն՝
Պեղելով նրա առեղծւածը մեծ...
Կասկածեց, յուսաց ու դարեր փնտռեց,
Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝
(Իր վայրի քարայրն յավիտեան թողած
Այն վաղնջական խաւարի հովտում
Անբան գազանին՝ լեզուն կորցրած)...
Իսկ բարձունքներում լոյսերով լցւեց
Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային
Արևի ճամբին, ուր դարեր փնտռեց,
Ու երբ չգտաւ՝
Այն բիբլիական
Յարդագողն արած իր մտքի ճամբան,-
Ու երբ չգտաւ՝ ելաւ նորախոհ՝
Էլ չապաւինեց նա ոչ մի աստծոյ
Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
Տեսիլն էր անգոյ՝ այս տիեզերքում.-
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այնինչ նիրհում է աստւած իր հոգում:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.56.16 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
«ԲԻԲԼԻԱԿԱՆ»-Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ

1

Ոչ թէ աղջկա բախտն ես գուշակում,
Որպէս մի գնչու՝ ցնորք ափիդ մէջ,
Դու գիտես, թէ ծովն ինչ Է մտորում՝
Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մէջ:

2

Դու, որ դուրս ելար ցաւերի ծովից,
Կանչես՝ վար կիչնե գարունն արևից,
Եւ թէ գետերի վրայ որոտաս,
Գետերն հինաւուրց հունը կփոխեն,
Բաւ Է ճակատիդ ադամանդը տաս՝
Անապատները մեղր կբխեն:
Կանչես՝ ժայռերի կրծքերից յանկարծ
Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած:
Մինչև կոկոններն աչքերը բանան՝
Կանչես՝ ծովերը պիտի միանան:
Լեռներին մինչև դայակ չդառնաս՝
Յղի լեռները չեն ծնի գանձեր,
Քանի պատւաստն է ձեռքդ բնութեան՝
Կջահելանան անտառները ծեր:
Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝
Մի փունջ երկաթի մէջ կբանտարկես:
Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ
Քո շշուկն ահա՝ մի վայրկեանի մէջ:
Եւ ցած բերելով թևաւորներին՝
Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան,
Հրամայեցիր՝ քեզ առաւ թևին՝
Երկինք սլացաւ բրոնզն անկենդան:
Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի,
Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթութիւն:
Քնքշանքդ բացեց լեզուն գազանի,
Եւ հաւքերն ահա երգերդ են կրկնում:
Եւ միակ խինդդ է՝ ոչ թէ նմանիդ՝
Այլ խօլ հողմերին գրաստդ կանես,
Եւ օրօր կասես քեզ ծնած հողիդ,
Դու հող, բայց հողից դրախտ կծնես:
Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ
Եւ մարդուց բացի՝ ամէն գոյ՝ գերիդ,
Դու երկրէ-երկիր պճնողն աստղերի,
Դու դեռ խորտակողն անարգ թագերի:
Խօսքդ -բնութեան ճակատագիրը,
Գործդ -երազիդ գալոց երկիրը,-
Դու մարդը՝ խորհող հիւլէն բնութեան,
Հիւլէն՝ տիրակալն անսահմանութեան,
Տիեզերանիւթ շաղախից մի բուռ՝
Բայց մի տիեզերք՝ քանզի բիւրաղբիւր
էակների մէջ քո հին զուգընկեր՝
Լոյս ծնելն հողից քեզ է վիճակւել,
Եւ կգա դարը՝ կհրամայես՝
Գիշերն արևն էլ կզարթնի քնից
Եւ քեզ կնայէ նա էլ ապշադէմ,
Եւ կշշնջա՝ «Այս դու ես, որդի¯ս,
Ո´վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի,
Այնքան լուսաւոր թւացիր աչքիս
Թւաց թէ աչքս ես իմ դէմ բացի...
Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով,
Երբ բաց աչքերով աստղերն են քնել,
Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել
Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կայ նորից,
Երբ մի բուռ հողից վայրի բնութեան
Դու քեզ հասցրիր կատարելութեան,-
Ինչո՞ւ չես ննջում»:
-Չեմ ննջի երբեք,
Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝
Չի բացել իմ դէմ ծալքերն իր բոլոր,
Քանի դեռ մութն է ու խորհրդաւոր.
Քանի դեռ անդուռ առեղծւած մնան
ոյութեան գաղտնիքն ու քէնը մահւան.
Չե´մ ննջի երբէք՝ մահը կա քանի,
Քանի չեն դարձրել յաւերժ պատանի
Ինձ յայտնութիւններն իմ իմաստութեան.
Քանի գործս՝ յաւերժ, կեանքս է մի վայրկեան.
Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել,
Քանի լուսնից էլ մահը չեմ վանել,
Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին,
Քանի չեմ հասել լոյսերիս լոյսին՝
Անմահութեանը մարդկային կենաց,
Որին արժան է մարդը տառապած...
Քանի մի ձեռքս միւսիս համար
Կոթող է յղկում, կամ թէ շիրմաքար,
Քանի ագռաւն իսկ մարդուց շատ կապրի,
Կամ բաոբաբը՝ եօթն հաղար տարի,-
Մինչ մարդս... պիտի գերեզման իջնեմ՝
Չապրած փետրի չափ հաւքի մի նսեմ,
Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով,
ճանապարհորդը ծիր կաթինների,
Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝
նժարն անհամար մոլորակների,
Մարդն՝ յաւերժօրէն չարի դեմ հաստւած,
Մարդն՝ արարչությամբ՝ -Աստծոյ աստւած,
Բայց այս իր խոհն է՝ գործն յաւերժական,-
Իր կեանքով սակայն
Մարդն յաւերժի դէմ ի¯նչ է՝ մի վայրկեան,
Թիթէռի մի կեանք, մի բառ՝ մահւան դէմ՝
Որ չարտասանած գերին է մահւան...
Մինչդեռ մարդկային ծարաւն առաջին՝
Տիեզերասոյզ տենչն է իմ վերջին.
Յաւիտեան ըմպել երկինքն աստղալից,
Յաւերժ վայելել գգւանքը կնոջ,
Չհանգչի երբեք կիրքս մրրկալից,
Ոտքիս տակ բացւի լուսինը բողբոջ,
Նմանս ծնել - աստղերի մէջ,
Անմահ վայելել տիեզերքն այս պերճ,
Եւ սիրտս դառնայ բերդն անմահութեան,
Վայրկեանի սիրտս՝ դարեր տառապած...
Ու թէև ինչպէս կեանքը սխրալի՝
Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝
Առանցքը շարժմանը ներդաշնակութեան,
Բայց կեանքն Էլ ինչքան շատ գեղեցկանայ՝
Մահն աչքիս այնքան կըտգեղանայ,-
Կդառնայ վերջ(ին ոսոխս ամեհի...
Բայց ելնում ընդդէմ զառամեալ մահի՝
Եւ կռւելու եմ այնքան ժամանակ,
Մինչև՝ ինչպէս գահն իմ աստւածների՝
Թափուր գահ դառնայ մահն Էլ ոտքիս տակ...

(Շարունակելի)
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.56.49 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
3

Ու բազմալեզու դայլայլում Էին ծաղկունքն անհամար,
Ծաղկանց անուշ բոյրն ու քնքուշ լեզուն մրցելով իրար՝
Մեղրածով Էին ղարձընում Մասիսն ու հովիտն իր ծով,
Լոկ սատանան Էր ականջը գոցում իր չար նախանձով,
Որ Էլ չլսեր այս մեղրահամերգն իր ճամփամիջին,-
Աստծոյ ստեղծած շշուկն Էլ շանթ Էր թւում ականջին,
Քանզի, ասում են, Աստւած զրկել Էր դրախտից նրան,
Ահա թէ ինչու մերթ օձ Էր դառնում, մերթ կին՝ սատանան,
Փախչում Էր մարդու քարայրախորքը՝ դեռ վայրի ոգու,
Դրդում Էր մարդուն՝ աստծոյ ընդդեմ, ոխով ահարկու,-
Բայց մարդն ի նչ Էր որ, անլեզու, անբան, գորգից դեռ մի թէլ,
Նոր Էր չորեքթաթ գնալուց ելել, բառ չէր թոթովել:
Աստւածախանդը նենգ ու դիւային
Լսում լեզուներն այս աստւածային՝
Սև բիծ էր ուզում գցել աստծոյ հրաշքի վրայ,
Չար քրքջում էր, բայց թէ՝ անզոր էր քրքիջն էլ նրա,
Քանզի գոռում էր հազարալեզու ծովը ծաղկունանց,
Երբ կոխոտում էր վայրագ փղերի փաղանգը նրանց,
Կամ թէ՝ քայլող լեռ մամոնտն էր ճզմում ծաղկածովը նուրբ,
ճչում-մռնչում, վանում էր չարին ծաղկածովը սուրբ:

Այսպէս՝ էն գլխում՝ իր լեզուն ունէր ամէն մի ծաղիկ,
Ամէն ծաղկացեղ իր լեզուն ունէր,
Բայց աստծոյ գլուխգործոցը՝ համրիկ,
Վայրենամարդը: դեռ լեզու չուներ.
Համր ու ձիւնակերպ ծածկում Էր հովիտն Էակն առաջին
Իր մի բուռ վայրի թոռն ու ծոռներով, մայր լեռան լանջին,
Դեռ մանկաթոթով, անմարդալեզու, վայրենավոհմակ,
Խօսող ծաղկանցը՝ լուռ նախանձելով համր ու գլխահակ,
Համր ու անբարբառ, լուռ թափառում Էր անլեզուն անբան,
Քարայրամարդուկ մի կաթիլ աստւածն ու ծով սատանան:
Լուռ դեգերում Էր՝ տանելով անվերջ
Վայրենավագրին համր սրտի մէջ,
Մունջ ու անմռունչ վայրենին անբան,
Դեռ չէր էլ փնտրում մարդացման ճամբան,
Վայրենապտղած, մութ անտառներում,
Իր գանգի պէս լուռ մութ քարայրներում,
Համր ու անլեզու, համր ու անսփոփ,
Մի բուռ բազմութեամբ՝ բազմանում էր ցոփ,
Երգող հաւքերի, խօսող ձաղկանց մէջ
Լուռ բազմանում էր համրամունջ ու խեղճ,
Լցնում Մասիսի հովիտները նոր
Անլեզուներով, համրերով, սակայն
Հանապազօրեայ վշտից բազմախոր
Ուզում էր խօսել բնազդով մանկան,
Բերան էր բացում երազով լեզւի,
Ուզում էր խօսել, որ վիշտը կիսէր,
Որ փակ բերանով սիրտը չկիզւէր...
Մանուկ բնազդը օգնում Էր խօսել,
Ճգնում Էր, տնքում, բայց լեզու չուներ,
Ուզում Էր բանալ սիրտը նմանին,
Ցաւերը ցոյց տալ, իսկ ցաւն անհուն Էր:
Ու կափկափում Էր համր վա յրենին
Եօթանասունեօթ իր թոռն ու ծոռով,
Հազիվ թոթովում ձեռքի. . . բարբառով:
Անլեզու ձայնով, ձեռքով Էր խօսում
(Ինչպէս անբարբառ համրերը հիմա¤,
Լեզւի բնազդով խօսել Էր ոզում,
Կիսել էր տենչում իր վշտերն անմահ,
Աչքերի շանթով, ձեռքով Էր խօսում,
Բայց ձեռքով սրտի ամպը չես կիսի,
Այն Էլ անպտուղ լաբիրինթոսում՝
Քաղցի քաոսում երկրի քաոսի:
Եւ ծաղիկների լեզւաժխորում
Իր անդուռ բախտի մասին Էր խորհում,-
Երբ մեծ արարողն իր երկրին նայեց,
Տեսաւ՝ դեռ լուռ Է մարդն հազարացաւ:
-Լռեցե´ք յաւերժ, - խուլ հրամայեց,-
Ծաղիկների ծովն իսկոյն համրացաւ,
Սատանան ժպտաց, նրան թւաց թէ Աստւած սխալւեց,
Քանզի աշխարհի գեղեցկութիւնը իսկոյն մռայլւեց,
Երբ որ պապանձեց հազարալեզու համերգը ծաղկանց,
Ու մտքում մի պահ ծափ տւեց չարը սատանակաղկանձ,
Երբ Աստւած, իբր, իր ստեղծածը մեռցրեց, ցրեց,
Թւաց, թէ՝ իրաւ խելքը կորցրեց, ողջը մեռցրեց:
Բայց նորից մթնեց դժնի սատանան,
Նորից կորցրեց իր յոյսի ճամփան,
Եւ նախանձն յորդեց, իժ դարձաւ լորտուն,
Երբ Աստւած տեսաւ իր հազարավիշտ, բայց համր մարդուն,
Ասաց՝ «Իմ լեզւին պէտք չունեն անվիշտ ծաղկունքն հազարան,
Այս հազարացաւ մարդոց Է վայել լեզուներն համայն:
Իմ նուրբ ծաղկանցը պէտք չէ հուր լեզուն,
Անլեզու վիշտն է լեզու երազում երկրի քաոսում:
Մարդն համակ վիշտ է, և թող դարերում, երբ վիշտը սեղմի,
Թող խօսի մարդը, թող ցաւը պատմէ, որ ցաւը մեղմի,
Թող լեզւաւորւի, երբ ազատ խօսի՝ նոր իմաստանայ,
Իմաստնանալով ողջ տիեզերքի գաղտնիքը բանայ,
Բացի գաղտնիքից իմ աստւածային...
Թող ցեղաւորւի և լցնի հողագունդն այս դեռ դիվային»:
Ասաց ու մարդկանց պարգևեց ծաղկանց բիւրացեղ լեզուն,
Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խօսուն,
Բազմացեղւելով, - ամէն մի ցեղը մի ծաղկալեզւով,-
-Թող բազմախօսի, որ թէթևանան ցաւերն էլ իր ծով,
Թող երգի, խօսի, գեղգեղայ, հոսի գեղեցկութիւնը,
Թող ծիածանւի հազարախօսուն ողջ մարդկութիւնը:
«Զի պիտ մարդանայ ոչ միայն հացիվ,
Այլ բանիվ սրտի, այլ մտքի բանիվ...»: -
Ասաց արարողն ու ծաղկէ-ծաղիկ
Իջաւ, ման եկաւ՝ վերջին երկունքով,
Եւ աշխարհարար ձեռքով անմեղիկ
Սկսեց մէկ-մէկ պոկել հիացքով
Ծաղկանց բերանից հազարագոյնի լեզուներն այլ֊այլ,
Ծաղկանց բերանից ծաղկանց լեզուներն հազարադայլայլ
Իր հազարացեղ լեզուներն անբիծ
Մեկ առ մեկ պոկեց ծաղկանց բերանից,
Ինչպէս բերանից թոթով մանուկի՝
Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,-
Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու յաւէտ լռեց,
Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց
Մարդկանցից մէկի համր ու անլեզու բերանը դրեց,
Իր աստւածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու,
Մօր կաթնաոգով շունչ տւեց լեզւին իր ադամորդու,
Եւ իսկոյն խօսեց վայրենին՝ լեզւով հեգ ձնծաղիկի,
Հազիվ թոթովեց. «Մա´, մա¯յր՝ իմ կեանքի,
Մի՞թէ իմ վիշտը չպիտի կիսես,
Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պէս»:
Այս եղաւ մարդու առաջին խօսքը,
Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,-
Եւ աղօթքի պէս մարդն րնկաւ ոտքերն իր արարողի,
Այս մարդուն ճամբեց Աստւած հեռուներն իր ձիւնահողի,
Ուր մեղմ բազմացաւ ինքնաձև լեզւով՝ ուր էլ որ գնաց,
Խօսեց անխօսը... այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց,
Յաւերժ համրացաւ ապշած աչքի պէս:
Եւ հրամայեց արարողը մեծ.
- Քո այս նուրբ լեզւով բազմացիր դու հեզ,
Քանի ձնծաղիկն համր գայ աշխարհ,
Քո լեզուն թող քո բէրանում Խօսի,-
Դու, քո երգն ասա աշխարհին արար,
Որ քո խօսքն այլոց վշտերն Էլ կիսի:
Եւ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խօսում,
Որ ծւարել է մեծ հողագնղի ձիւնահիւսիսում:
Երբ այս արարեց՝ միւսին հակւեց,
Հրաշք մօր նման հուշիկ մօտեցաւ իր մանուշակին,
Մանուկ մանուշակն ահից թաքնւեց,
(Եւ յաւերժ մնաց թփերի տակին...¤:
Կուչ եկաւ ահից մանուշակն՝ աստծոյ լեզուն բերանում,
Թաքնւեց թփում, ինչպէս դեռակոյսն իր հօր վրանում:
Ասես չէր ուզում զրկւել իր լեզւից մանուշակն իմ հեզ,
Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես,
Եւ իսկոյն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն,
Հուշով նշխարեց, օձեց համբոյրով իր աստւածազուն,
Մի անշեջ ու հեզ, կապոյտ բոցի պէս
Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,-
Ինչպէս մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու:
Սա էլ թոթովեց և այնպէս խօսեց հետն իր արարչի,
Ինչպէս օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի.
-Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ,
Աստւած իմ, հայր իմ, որ ծով բազմանամ,
Եւ դեղին ծաղկից ծնւածն ինձ չուտէ.. .
Եւ այնտեղ ճամբեց այս նորաթոթով մարդուն բարբարոս,
(Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախօս¤,-
Ուր Կարմիր ծովն էլ ծափ տւեց անմարդ իր ափերի հետ,
Քանզի բազմանալ սկսեց խօսուն ցեղն այս նորակերտ,
Մանուշակագոյն, մանուշակաբոյր լեզւով իր միակ,-
Ահա թէ ինչպէս համրացաւ խօսող ցեղը մանուշակ:
Եւ հրամայեց լեզու առածին արարողը մեծ.
-Քանի լուռ մնան մանուշակներդ՝
Մանուշակ լեզւով բազմացիր անեղծ,
Ազգ դարձիր և թող ծնւեն երգերդ
Քո միակ լեզւով մանուշակագոյն,
Այն, որ ոչ մի ցեղ չունի աշխարհքում.
Դու էլ չունենաս բոյրը ոչ մեկի,
Բացի բուրմունքից քո մանուշակի:
Եւ մկրտելով մայր աւազանում նեկտար նեղոսի՝
Կնքեց, որ իր նուրբ մանուշակ լեզւով յաւիտեան խօսի:
Այնինչ՝ իր կողքին մանուշակ ծաղիկն յաւերժ համրացաւ,
Եւ դարեր անցան՝ ոչ մի խօսք չասաւ,
Եւ անեծքն անգամ շուրթին կարկամեց:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.57.41 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Եւ շարունակեց, արարողը մեծ,
Ոսկէ մեղւի պէս՝ մայիսեան դեղին ծաղկին մօտեցաւ,
Որ լեզու ունէր և սակայն չունէր սա էլ ոչ մի ցաւ:
-Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն,
երբ մարդոց մէջ են ցաւերը հոսում,-
Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսեան ծաղկի,
Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի:
Ու լեզուն դեղին մեղրի պէս բերեց ՝
Ուրիշ մի համրի բերանը դրեց,
Վայրենատեսիլ ուրիշ մի համրի:
Մարդն իսկոյն խօսեց՝ «էլ ի՞նչըս խամրի,
Աստւած իմ, մայր իմ», և իսկոյն ընկաւ ոտքերն աստծու,
Եւ Աստւած կնքեց. «Չես մնա ածու,
Քեզ եմ պարգևում լեզուն այս ծաղկի,
Որ քո բերանում յաւիտեան ծաղկի:
Ձմեռն էլ խօսի քո բերանի մէջ այս ծաղկի բոյրով,
Որ ցեղւես, ինչպէս այս ծաղիկն է ցեղ՝ իր լեզւաթոյրով:
Այնքան ժամանակ, քանի մայիսեան ծաղիկը մնա՝
Թող նրա լեզւով քո յաւերժացող եսը խոյանա:
Քուն թէ արթմնի քո գոյնը պահես՝ այս ծաղկի հանգոյն,
Քո շունչն ու հունչը, քո ձևն ու խորքը, քո եսն ինքնահուն:
Ոչ թէ դու այլոց երգածը կրկնես՝
Այլ, այս ծաղկի պէս, քո եսաբոյրով քո երգը երկնես:
Ոգորես դու էլ մանուշակ ցեղի, կակաչի նման,
Այս իսկ ծաղկի պէս քո միակ գոյնով ծաղկես յաւիտեան:
Յաւերժ բարբառես Աստւածապարգև միայն քո լեզւով,
Եւ թող բազմանայ իմ ստեղծածով՝ քո կաթիլը՝ ծով. . .
Ոչ թէ վայրենի մոլախոտախիտ դառնախռնւես,
Այլ քոնը ծնես, որ մնաս քոնը, որ չխառնւես:
Քո խորքով պեղես, քո խորք ու գոյնով,
Միայն մայիսեան ծաղկիս հանգոյնով...»,-
Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ,
Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ,-
Որ երթա՝ ծնի, որ ծաղկեցնի, այնքան բազմանայ,
Ինքն Էլ փոշմանի՝ գլուխ չհանի այս ծովայորձանք,
Հոլ բազմացումից, որ Չինն Է այսօր աշխարհափորձանք...
Ահա թէ ինչպէս մայիսեան ծաղիկն յաւերժ համրացաւ,
Իր լեզւով, ինչպէս համր անասուն մարդն՝ ասուն դարձաւ:
Այսպէս՝ մի մարդուց երբ չինածովն Էլ նա աշխարհ բերեց,
Մեծ արարիչը դարձաւ յասմիկի բերանն համբուրեց
Մի խօսքով աշխարհ ստեղծողն իր կոյս, անշոշափ շուրթով:
Եւ դեռ լեզւանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով,
Երբ, իսկոյն, որպէս գլուխ մի ծաղկի,
Պոկեց լեզուն Էլ խօսող յասմիկի
Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վայրենաթոթով,
Աշխարհ բերելով՝ լեզւով այս ծաղկի, այս ծաղկի հոտով,
Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ,
Եւ այս ցեղն իսկոյն ուղարկեց այնտեղ,
Ուր գահավիժում ծով Նիագարան՝
Մարդ Էր որոնում ափերին ունայն...
Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թէ՞ դեռ չի գտել՝
Զի մարդը ծաղկի սուրբ քնքշութեանը մնաց անընտել:
Լեզուն դարձրեց սրտի բանալին, բայց միայն գոցող,
Լեզուն՝ լաբիրինթն իր հազար ու մի միտքը թաքցնող...
Եւ ահա Աստւած իր եօթնագունեայ ծաղկանցից ջոկեց,
Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց,
Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խօսի,
Եւ իրաւ՝ խօսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի,
Ծաղկի բոյրի պէս բարբառեց մարդը,
Այնպէս, որ, կարծես, նախանձեց վարդը,
Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսւած,
Եւ իսկոյն պոկեց արարողն Աստւած
Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա,
Ու մեղմ թոթովեց այս նորախօսն Էլ՝ «Հայր, ալելուեայ»,
Դառնաբերանը մեղմօրէն ծաղկի նեկտարալեզուն,
Ու դարը դարի՝ դանդաղ մեղմացաւ այս Էլ գազազուն,
Պատմելով ցաւերն իր նրբալեզւով, ինչպէս մօտենաս՝
Խուփն առնես՝ վառւող-ծխացող թոնրի բերանը բանաս,
Որ ծուխը չքվի, թէկուզ դեռ մնա կրակը... վշտի,
Քանզի լեզուն էլ ցաւն է դուրս վանում բազմախոց սրտի,
Երբ լեզւի ձեռով իր սիրտն է բացում մարդ մարդու առաջ,
Թեթևանում է՝ խօսելով ցաւից իր մշտահառաչ.
Ահա թէ ինչպէս նուրբ նունուֆարն էլ, մի օր լեզւանի,
Յաւերժ համրացաւ, գեթ մի շշուկի լեզւակ էլ չունի,
Քանզի իր լեզւով ծնւեց մարդացեղն Իրանի անեղծ:
Եւ հրամայեց արարողը մեծ,
Որ յաւերժ բուրէ նունուֆար լեզուն,
Յաւերժ բուրվառէ երգերն իր խօսուն,
Քանի աշխարհում, սարում ու քարում այս ծաղիկը կայ,
Ամենայն գարուն՝ մի նունուֆար էլ էլի աշխարհ գայ,
Յաւիտեան պիտի խօսի ու հոսի
Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.58.28 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
5

Այս որ արարեց արարողը մեծ՝
Իր օշօշ ծաղկի լեզուն էլ պոկեց,
Դրեց բերանը վայրենամռունչ եօթերորդ թոռան,
Իսկոյն թւաց, թէ իր մռունչները մրմունջներ դառան:
-Աստւած իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս,
իտեմ՝ քո խօսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս,
Ներիր լռութիւնն համր բերանիս, որ չէր աղօթում,-
Այսպէս բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզւից կաթում:
Ժպտաց արարողն իմ Արարատի,
Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի,
Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ,
Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպէս վիրաւոր մի Հովբ,
Եւ հրամայեց յաւերժ թաքնւած արարողը մեծ.
-Դու էլ բազմացիր՝ յաւիտեան անեղծ,
Քանի այս օշօշ ծաղիկն էլ բացվի՝
Թող քո սուրբ լեզւով քո հողը լցւի,
Միայն քո լեզւով իմ նւիրական,-
Ասաց մեծ Աստւածն ու մի սուրբ վայրկեան
Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ,
Ապա համբուրեց բերանը բոցոտ,
Որ ցաւը չզգա, և իսկոյն պոկեց վարդաբոյր լեզուն,
Մեղրաբոցի պէս դրեց բերան մի՝ վայրենախօսուն:
-Մեղրածոր լեզուն մարդուն է վայել ու ոչ թէ վարդին,
Քանզի լեռնացած վիշտ չկա քնքուշ վարդենու սրտին:
Մարդուն է վայել վշտացիր լեզուն վարդաբոյր ու պերճ,
Քանզի սատանան ինձնից խռովել՝
Օձի է փոխւել խաբւած մարդու մէջ:
Վշտամբար մարդը թէ համր մնա, լեզու չունենայ՝
Անլեզուն ինչո՞վ իր սիրտը բանայ, որ թէթևանայ,
Լցնի գէթ շուրջը վարդաբոյր երգով իր ոգու անեղծ,-
Ասաց արարողն ու վարդալեզու այս ցեղն անդ յղեց,
Ուր փիղն է գոռում, բայց ասես յոյս էր կաթում լուսնյակից,
Եւ ուր կաղնին է վառւում առիւծի աչքի կայծակից...
Ու լեզու առած այս մարդն էլ Աստծուն ալելուեայ ասաց,
Եւ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,-
-Աստւած իմ, - ասաց այս մարդն էլ որպէս նորածին մի վիթ,-
Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մօրը մայր լեզւիդ:
Եւ հրամայեց գալիքնատեսիլ արարողը մեծ.
-Մի կաթիլ մարդուց ծով ծնիր անեղծ,
Որ քանի երկրում թէկուզ մի վարդի կոկոնիկ բացվի՝
Թող հնդկահողդ լոկ ու յաւիտեան քո լեզւով լցվի,
Որ երգի փոխես նուրբ խոյանքները վաղվայ մեծ ոգուդ,
Մարմնասով տեսնես, բայց ոչ ոգեսով, ո´վ իմ անհագուրդ:
Այս էլ որ երկնեց արարողը մեծ,
Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց
Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի,
Որ երբ մարդանայ՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խօսի,
Նրբանուշ խօսի, ինչպէս բուրմունքը շուշանի քնքուշ,
Մեղմանուշ խօսի, որ կիսէ վիշան էլ վարդի մշտափուշ:
Եւ այս ցեղն իսկոյն իր Սենա գետի ափերն առաքեց,
Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց
Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբոյր,-
Ահա թէ ինչու անլեզու մնաց շուշանն էլ իմ քոյր՝
Մարմարի նման յաւերժ կարկամեց:
Եւ հրամայեց յաւերժատեսիլ արարողը մեծ.
-Քանի աշխարհում շուշանները կան և համր են քանի՝
Շուշանալեզուդ մի սև շշուկ էլ մահի ահ չունի...
Բայց խելքդ գլխիդ դու թագ դարձրու՝ տիվ ու գիշերով,
Որ չփոշոտվի մայրենիդ՝ օտար լեզւափշերով. . .
-Ալելուեայ, -ձայնեց վայրենաթոթով այս մարդն էլ իսկոյն,
Ոտքն ընկաւ, իբր խնկեց աստըծուն:
Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առաւ,
Պատւաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզւածարաւ,
Սակայն սա հենց որ նուրբ լեզւաւորւեց՝ վեր նայեց խաբւած,
Չընկաւ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած:
Այս վայրենամարդն արևին նայեց հեգ Աստըծոյ տեղ,
Սատանայախաբ մեղքով էլ անմեղ:
Աոաջին բառը մանուկ բերանին աղօթքով դողաց.
-Դու ես Աստւածս, - ասաց արևին, Աստըծուն թողած:
Արևի առաջ երեսի վրայ ընկաւ, կարկամեց,
Բայց ժպտատխուր՝ խոժոռւեց պահ մի արարողը մեծ,
Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ,
Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես,
Իմ գլխից Էլ վեր, որ դու չգնաս դու ուրիշ լեզւաց...»:
Ասաց ու յղեց այս ցեղին այնտեղ, ուր հողն Է կիզւած՝
Երկնքում ծաղկող արևածաղկի համբոյրի բոցով,
Ուր պարսկածովն Է ծաղրում արևին՝ ծով մռնչոցով:
Եւ հրամայեց արարողը մեծ.
-Քանի անլեզու արեածաղիկն արևին նայէ՝
Քո մայր լեզւին Էլ թող գալիք բախտդ յաւերժ փայփայէ,
Որ լեզուդ դառնայ ոգուդ ու երգիդ բաժակը ոսկի,
Եւ թող հարբենայ աշխհարհն Էլ վաղը երգով քո խօսքի՝
Արևածաղկից մեղրաբուրեան...
Ասաց արարիչն ու սուրբ մօր նման կռացաւ իսկոյն,
Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի,
Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախօս դեռ համրախօսի:
-Ալելուեայ, հայր իմ, և խօսեց այս մարդն Էլ, երբ լեզու առաւ,
Եւ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառաւ,
Եւ յունաստանւեց մայր իմաստությամբ իր աստւածագեղ,
Նարգիզ ծաղկաբոյր ու գեղադայլայլ լեզւով իր շքեղ:
Ահա թէ ինչու անլեզու դարձաւ նարգիզն այն ծաղիկ.
-Լեզուն ի՞նչ կանէր վշտին անտեղեակ ծաղիկն անցողիկ:
Դառնավշտահեղծ սրտոց Է վայել լեզուն Էլ մեղրիկ,
Թող մարդը խօսէ, որ շաղ տայ ոգու գանձերն իր վաղվան,
Որ աշխարհ բերէ գանձերն իր մտքի, գանձերն հազարան,
Միակ գանձերը ողջ տիեզերքի:
աւից գաւաթը լցւող գինու պէս երբ մարդը երգի՝
Հարբի գանձերով անմարմին ոգու,
Որ գեթ մեղմանայ վայրագն ահարկու:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.59.18 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
6

Ասաց ու ելաւ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ,
Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թէ կարկամեց,
Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող.
-Գլուխս կտրէ, բայց լեզուս ինձ թող,
Անլեզու կեանքս ինչպե՞ս կարկաչի...
Բայց Աստւած պոկեց լեզուն կակաչի
Եւ ապա պոկեց լեզուն Էլ վարդի
Երկուսը մեկեց, որ երգր յորդի.
Մի նուրբ ու անմար բոցի պէս բերեց
Առաջին մարդու համր ու լեզւազուրկ բերանը դրեց,
Որ կակաչի պէս սա Էլ քնքշանայ և յաւերժ խօսի,-
Բայց այս մարդն իսկոյն վեր նայեց՝ դէպի ջահը Մասիսի,
Աստըծուն թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարէ,
Քո ձիւնն իմ սրտի սև կրակն արդեօք ե՞րբ պիտի մարէ».
«Մարէ» խօսքն այնքան սրտաձայն ասաց, այնպէս հառաչեց,
Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ,
Համբուրեց նոյնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրայ,
Մայր Արաքսն ի վեր և արմատւեց իմ ցեղն հնօրեայ,
Յաւերժ բազմացաւ, դարձաւ Հայաստան մշտամեղեդի:
Եւ հրամայեց արարողը մեծ.
-Ո´վ իմ վշտաշիվ.
Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիւ,
Որ քեզ Էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»:
Բազմացիր դու էլ քո անզոյգ լեզւով,
Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝
Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա:
-Ավա¯ղ... թոթովեց այս կակաչամարդն իր արարիչին,
Այս խօսքը եղաւ իր խօսքն առաջին...
Ահա թէ ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն,
Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խօսում:
«Յար-յաւիտեան է իր կակաչ լեզւով հայը խօսելու,
Լոկ իր լեզւով է իր գալիքների վիշտը կիսելու,
Միակ մայր լեզւով իր բիբլիական,-
Թէկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական
Աստւածընդդէմ էլ՝ սատանայախաբ անաստւածանան,-
Հայ լեզւով քնեն՝ հայ լեզւով պիտի հայերն արթնանան,
եղգեղան, ինչպէս իմ հաւքերի մէջ՝ սոխակն իր լեզւով,
Արծիվն՝ իր լեզւով, անգղն՝ իր լեզւով:
Թեկուզ կակաչի սրտի սևն յորդէ՝ ծածկէ իր կարմրին
Վերջ չի գայ, Հայկոս, քո կակաչախօս ազգին ու գրին,
Բարբառես պիտի կակաչի կարմիր և թէ թուխ լեզւով,
Թէպէտ շատ պիտի խոնարհւես, ինչպէս կակաչն իր սևով,
Եւ դարը մի հեզ դու պիտ մազէ կամուրջով անցնես,
Մերթ այս կակաչի թէրթիկների պէս դու հեշտիւ ցրւես,
Մերթ բացւես՝ իր քոյր վարդերի նման,
Մերթ գոցւես-բացւես, այսպէս՝ յաւիտեան:
Քո լեզւաբոյրով, զոյգը չունեցող քո լեզւով անզոյգ,
Ինչպէս անզոյգ է ամէն մի ծաղիկն աստւածամասունք,
Անզոյգ, ինչպէս վարդն, ինչպէս շուշաններն իմ այս ձիւնասիփ,
Ինչպէս յասմիկներն, ինչպէս շուշաններն իմ այս ոսկեբիբ:
Անզոյգ, ինչպէս ցեղն հօրոտ-մօրոտի այս իմ երկնագոյն,
Անզոյգ, աննման, ինչպէս մայիսեանն այս ոսկեհանգոյն,
Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման, , , »:
Այսպէս արարեց և յաւերժօրէն հայ կնքեց հային,
Հայ կնքեց յաւերժ հայ աւազանում իր աստւածային՝
Յաւերժամռունչ մայր Արաքսի մէջ,
Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 05.59.52 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
7

Այսպէս մտքի մէջ իմաստնաբանեց,-
Եւ բուսոց արքա այն լոշտածաղկի լեզուն էլ հանեց
(Այն, որ արմատն է մարդամարմնաձև),-
Հանեց ու դրեց վերենաբերանը հեգ մի մարդուկի,
Որ իսկոյն ասաց՝ «Ես քոյրն եմ, տերն եմ կակաչասուզի ,-
Ալելուեայ, ասաց, դու իմ Եհովան,
Քեզ կապաւինեն վշտերս վաղւան,
Ալելուեայ, տէր իմ, ես երկինք գետինք պիտի քննեմ,
Լուսնի վրայ էլ ինձ կարթնացնեմ...»:
Լսեց ու ժպտաց արարողը մեղմ,
Եւ այս՝ լոշտակի ցեղը ոսկեգեղմ
Ուղարկեց այնտեղ, ուր ծովն է Կարմիր,
Լոկ մի խօսք ասաց՝ «Կարմիր ծովն անցիր...»:
Այս պահից ահա, այն էլ յաւիտեան
Համրացաւ լոշտակ ծաղիկն էլ մեր տան:
Ժպտաց արարիչն ու դարձաւ մօր պէս ձեռքով մեղմակի՝
Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի,
Դրեց բերանը եօթանասունեօթ իր վայրի թոռան,
Եւ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կեանք առան
Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝
Հայ կակաչաքոյր, մեխակալեզու Քուռ գետի որդիք,
Այսպէս լեզւանի մեխակ ծաղիկն էլ յաւերժ կարկամեց:
Եւ հրովարտեց արև ու լուսնի արարողը մեծ.
-Քանի դեռ մեխակ ծաղիկն աշխարհ գայ՝ կծաղկես դու դեռ,
Թող ծիածանւի լեզւագոյներով աշխարհն իմ անմեռ:
Քեզ էլ մահ չկայ, ազգին էլ կակաչ,
Քանի ծաղիկներ բացւեն ձեր առաջ:

8

Այսպէս յաւերժ են երկրով անսահման
Ողջ բազմալեզու ցեղերն այս համայն՝
Այն հազար ու մի ծաղկունքից ծնւած,
Ու երկրէ-երկիր, ողջ աշխարհով մէկ վեր ծիածանւած:
Ամէն մայր լեզուն՝ ամէն մի ազգը մի գոյնն է նրա՝
Տիեզերական հրաշք են ցեղերն՝ աշխարհի վրայ:
Ծաղկանց ցեղերը, ցեղերը մարդկանց, ցեղերն հաւքերի,
Անզոյգ են բոլոր ցեղերն անհամար Աստծոյ ձիրքերի:
Ծառերի ցեղերն ու ձկնաթովի ցեղերը պէս-պէս,
Մանրէ, մրջիւնի ցեղերից մինչև փիղն ահեղատես,
Զարմանահրաշ մի մշտահանդէս՝ աստւածացոյցի,
Եղնիկից մինչև մամոնտը Մասիս և ծաղիկն ուրցի:
Գազանացեղի ու մարդացեղի պէս-պէս, բիւրարար,
Հազարահրաշ ինքնածին ցեղերն... Աստծոյ, անհամար:
Աննման, ինչպէս նման չէ արտոյտն ահեղ մամոնտին,
Եւ անզոյգ, ինչպէս նման չէ Վանա ծովն Արարատին:
Աննման, ինչպէս նման չէ տուղտը զմրուխտին իր քոյր,
Եւ անզոյգ, ինչպէս ամէն ազգ՝ իր մայր լեզւով ծաղկաբոյր:
Աննման, ինչպէս գահավիժումը Նիագարայի,
Եւ անզոյգ, ինչպէս լուսինն ամայի,
Աննման, ինչպէս աչքերդ կապոյտ,
Եւ անզոյգ, ինչպէս աչքերդ սևիկ,
Աննման, ինչպէս մահվան կամքն անփոյթ,
Եւ անզոյգ, ինչպէս վանքն իմ Տաթևիկ:
Աննման, անզոյգ, ինչպէս հրթիռը նման չէ վարդին,
Եւ անզոյգ, ինչպէս մարդուս գլուխը նման չէ սրտին:
Ինչպէս նման չէ կակաչր վարդին իմ հայոց լեզւով,
Այնինչ նման չեն ծաղկունքն իրարու՝ բիւր այլոց լեզւով:
Ինչպէս նման չէ շուշանը տուղտին, տուղտը կակաչին,
Այնինչ նման չէ նարգիզն յասմիկին, յասմիկն՝ արարչին:
Ինչպէս նման չէ քոյր մանուշակին նարգիզը եղբայր,
Քանզի անզոյգ են ծնւել մարդկութեան ցեղերն անհամար,
Հազարալեզու, բայց Աստւածային մի մօրից ծնւած,
Ծնւած մի մօրից, բայց երկրէ-երկիր՝ հազարացեղւած:
Ծնւած հրաշքով անիմանալի Աստծոյ անկաշառ,
Ամէն ցեղ՝ մի ծառ, մարդկութիւնն, ահա, ճոխ մի ծով անտառ:
Ամէն ազգ մի ծառ՝ բայց պտղաբոյսով՝ նման ոչ մէկին,-
Ինչքան պէս-պէս են, այնքան կախարդ են անտառն ու այգին:
Խաղողն անգին է, բայց թէ՝ անգին է դեղձն էլ խնկաթոյր,
Դեղձն հոյագեղ է, սակայն, շքեղ է սալորն էլ իր քոյր:
Սալորն անզոյգ է, բայց թէ՝ անզոյգ է կեռասն էլ վճիտ,
Կեռասն անուշ է, բայց մեղրանուշ է թուզն էլ սիրասիրտ:
Թուզը մեղրուն է, բայց ընկոյզն ինքն էլ մեղր է ու շաքար,
Ընկոյզն անզոյգ է, բայց աննման է նուռն էլ իր եղբայր:
Նուռն Էլ գինի է, բայց թէ գինի է անշուք թութն անգամ,
Թութը անզոյգ է, բայց թէ պակաս չէ խնձորն անթառամ:
Խնձորն հրաշք է, բայց աննման է տանձն էլ նոյն այգում,
Տանձը գանձ է միշտ, բայց շամամն ինքն էլ մի հատ է կեանքում:
Բանանն անուշ է, անուշ է նոյնքան արմաւն արաբի,
Սոխակն անզոյգ է, բայց և անզոյգ է ցեղն էլ կարապի:
Օշինդրի դեմ՝ արծաթ գարին էլ ցորեն է ոսկեայ,
Երբ իր բոյրն ունի՝ ձիւնակեչին էլ կաղնի է հսկա:
Դրախտ է բուրմունքն արևաքամուկ հայոց ծիրանի,
Բայց և սուրբ խունկ է բադամն Իրանի:
Մեկ մեկուց վեր չեն նուշն ու զկեռը,-
Այս է բնութեան՝ մեծ արարողի յաւերժ անմեռը:
Այս ամենով է այգին էլ աշխարհ մի բազմաբեղուն,-
Միանմանը մահն է գեղեցկի հազարագեղուն,
Հազարազեղուն մրցում է աշխարհն այս հազարացեղ,
-Բազմապտղանի այգին է դրախտն ամենաշքեղ:
Ես այգին ասի՝ աշխարհն հասկացիր, ով աշխարհաթաղ,
Վարդը չքնաղ է, բայց ծաղկեփունջն է բիւրահեղ չքնաղ:
Մի վանդակ վագրը գազանանոցի պերճանքը չունի,
Մի գոյնն անզոր է ծնել կախարդանք ճոխ ծիածանի:
Անգին է գորգը, թէ՝ բազմագոյն է, բազմածաղկաձև,
Աչքը չի հոգնում, երբ խայտաշխարհն է խայտում իր առջև:
Խաղողն անուշ է, բայց բիւր անուշ է բազմացեղ այգին,
Այգուց ո՞նց մտնենք վայրենամթար անտառը կրկին:
Մեծ, Աստւածային կշեռքի համար
Մի յոնքն էլ այն է՝ ինչ որ վիթխարի մի երկնակամար:
Չնաշխարհիկ է աշխարհն՝ հրաշքով,
Թէ նայես ոչ քո, այլ ցեղաց աչքով,
Թէ նայես աչքով դու աստւածային,
Քուրդ ծաղիկն ինքն էլ ազգ է աստղային:
Սադայելն ինքն է, Աստըծոյ ընդդէմ,
Երազում ամլել այգին այս եդեմ:
Նայիր ծառերի այս բազմամբոխին,-
Թխկին՝ ուրիշ բոյր, ուրիշ բոյր ունի իր կողքի բոխին:
Ուրիշ է կեչին, կաղնին ուրիշ է՝ իրենց բուրմունքով,
Բարդին՝ ուրիշ բոյր, ուրիշ է հացին՝ իր ցեղախունկով:
Խնձորենիներն ուրիշ բոյր ունեն, տանձենիք՝ ուրիշ,
Տուղտենիք ուրիշ խունկ են բուրվառում, վարդենիք՝ ուրիշ:
Չինարն ուրիշ է, ուրիշ է սոսին, էլ ո՞ր մեկն ասեմ,
Ամէն մէկն իր տեղն՝ իր սուրբ ցեղն ունի՝ նսեմ, թէ վսեմ:
Ներդաշնութիւնն այս է քաոսի,-
Մրջիւնն էլ պակսի՝ Աստւած էլ կասի
Թէ՝ պակասել է իմ ճոխ բնութեան
Սուրբ ծիածանից մի սուրբ գոյն, մի բան...
Մի գոյնից երբեք չի ծնվի, ո´վ կոյր, մի ճոխ ծիածան,
Փեթակներն ինչո՞վ մեղրի ծով դարձան,
Եթէ ոչ հազար գոյն ու նեկտարով ծաղկացեղերի,-
Միագունողին Աստւած չի ների:
Նուրբ է սոխակի գեղգեղանքն անուշ, բայց համերգ չի դեռ,
Համերգը՝ բազում հաւք ու թռչունի ցեղերն են անմեռ:
Հազարալեզու, հազարադայլայլ խորհուրդն է միայն,
Միակ անհեղլին՝ ողջ տիեզերքի ողջ գեղեցկութեան:
Եւ հուսկ մռնչաց, ընդդէմ ոսոխի,
Վերջնակնիքը մեծ արարողի.
-Թէկուզ աշխարհում այս իրարամերժ՝
Յաւերժ են բոլոր լեզուներն յաւերժ,
Իրենց նախամայր ծաղիկների պէս այն հազարագոյն,-
Յաւերժ է խօսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն,
Յաւերժ է, քանի կակաչները կան:
Յաւերժ է խօսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝
Ձնծաղիկները քանի աշխարհ գան:
Յաւերժ է իմ նուրբ նարգիզից ծնւած իմ յունաց լեզուն՝
Յաւերժ է, քանի նարգիզները կան:
Յաւերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խօսուն՝
Յաւերժ է, քանի նունուֆար բացվի:
Յաւերժ է խօսուն մանուշակածին լեզուն արաբի՝
Քանի մանուշակն արցունքը թափի...
Յաւերժ է լեզուն այս մարդացեղւած արևածաղկի՝
Քանի իր գոյնով արևը ծագի:
Յաւերժ է մեխակ ծաղկից էլ ծնւած լեզուն լեռնազուն,
Քանի դեռ համր մեխակները կան:
Յաւերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն,
Քանի կան հողը, արև ու օվկիան:
Թող յար խաղաղւեն, որ ինձ հասկանան,
Ու թէ դեռ ցեղ են՝ լոյսով ազգանան:
Ամենն իր լեզւով թող ծաղկի յաւերժ,
Յաւիտեան անեղծ, յաւերժ անհեղլի,
Անմերժ աշխարհում այս իրարամերժ,
Քանի չի փոխել կակաչն իր գոյնը
Այս մշտափոփոխ մայր բնութեան մէջ:
Քանի ճերմակ է Մասիսի ձիւնը,
Քանի արևի իմ աչքն է անշէջ,-
Ամենն իր լեզւով պիտի բարբառի,
Որ գեղեցկութիւնն յաւերժ բուրվառի,
Իմ գեղեցկութիւնն աշխարհասփիւռ,
Եւ քանի համր են ծաղիկներն իմ լուռ,
Կուլ չի գնալու ոչ ոք ոչ ոքին,
Ինչպէս կուլ չի տա‎յ ծաղիկը ծաղկին:
Յաւերժ են՝ քանի վարդն ու կակաչը աշխարհ գան այսպէս,
Վերջ չկայ յաւերժ, ո´վ գետակ ազգեր, ո´վ հայեր և ձեզ,
Քանզի գետակն էլ գանձ է բիւրակնեայ,
Ո´վ իմ գետ ազգեր, ո´վ ազգեր իմ ծով...
Ծաղիկներիս հետ յաւիտեան պիտի ցեղերն աշխարհ գան,
Ու ցեղաւորւած՝ ծիածանակերպ պաշտելի մնան,-
Ա´յս է գեղեցիկն Աստւածախորհուրդ՝
Յաւիտենութեան ծարաւն անհագուրդ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀՈՎՀԱՆՆէՍ ՇԻՐԱԶ
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz