Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-12-22, 05.31.50
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 3 из 5
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • »
Միսաք Մեծարենց, 1886-1908
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.08.43 | Сообщение # 21
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1901

ԵՐԳԸ

Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ
Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե,
Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ
Գունդեր հըսկա` կազմակերպված ծառերե:

Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ,
Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն,
Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ,
Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն:

Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի,
Խորհրդավոր լռության մեջ գիշերին,
Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի
Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին:

Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,
Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի,
Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի
Մասնակցելով մարդուն երգի սև սուգի:

1901, օգոստոս, Սվազ, Ս. Հակոբ

ՄՈՒԹԻՆ ՏԱԿ

(Սոսկում)

Կիսալուսինն հազիվ թե շող մը արձակած,
Թաղվիլ կ’երթա մութ-գույն ամպերուն ետին,
Տարտամություն մը կը պատե խորհրդազդած,
Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին:

Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ
Գորշ ցցունք մը կողին վրա սեգ սարերուն
Կը ներարկե երակներուս դող մ’անշեջ,
Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն:

Ու կ’ունենամ անդրադարձում մը կյանքիս,
Լույսերն երկնի կ’ըսեմ հույսերս էին վառ,
Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ,
Անհետացան` թողլով միայն մո՜ւթ` սիրտիս:

Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ,
Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ,
Բաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ
Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ:

190<1>, Սվազ

1902

ԻՐԻԿՎԱՆ ԴԵՄ

Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ,
Վառ գույներով դրասանգված երգը կյանքին.
Եվ դողդոջուն ծիածաններ մետաքսառէջ
Ու փաղփածոպ, կ’երկարեին աշխարհ մ’անգին:

Օրվան կյանքի տըվայտանքներ` իմ հորձանուտ
Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին.
Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծէ օատրանուտ
Խոլ խաղերե,– կոտտանքներով դաժան խոցին:

Իրիկվան դե՜մ… Ըստվերները կ’իյնան արագ:
Զուր առտըվան երազանքներս ես կ’որոնեմ.
Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ.
Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո́ն եմ…

1902

ՀՈՒՇԱՊՍԱԿ

Թուղթին վրա ճերմակ
Էջ մը սարսըռուն,
Կամ գանկերուն տակ
Հույլերն հուշերուն,
Կը ձուլեն հըստակ`
Հիշատակն անհուն…

Եվ թող անապակ`
Նկարն այս սիրուն,
Ձոն ըլլա` շիտակ
Թարգման սիրտերուն.
Ձոնը` հիշատակ`
Անձայն, բայց խոսուն:

1902, Սվազ


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.09.35 | Сообщение # 22
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

< 1 > ՓՈՇԻՆ

Ռուբեն Զարդարյանին

Շարքովն եզերված բարտիներու հոծ
Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,
Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ,
Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ:

Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր
Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա.
Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա
Նենգություններուդ, դավերուդ անլուր:

Եվ ինչպես հովը կը քալե արագ,
Փոշիի անթիվ ամպերուն բոլոր
Ցրվելով խառնակ տարրերը մոլոր,
Տիրապետումի հույզերով վայրագ:

Արհամարհանքիս հովն ալ անխընա
Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ,
Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ
Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա:

< 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ

Քերթողի վառ խանդով գրված
Քառյակներեն ավելի,
Ես կը սիրեմ նրբակազմած,
Գունեղ քառյակը ծաղկի:

Նկարագեղ ոճով գծված
Պատկերն հուզիչ է նվազ,
Քան դաշտերե լայնատարած
Քաղված ծաղիկն հեշտանազ:

Հո́ն, բաժակին մեջ ծաղիկին
Ոսկեփոշի թևով գեջ,
Սիրով պատած սիրտի մ’անգին
Կ’առնե պատկերն ելևէջ:

Այդ պատկերը շատ ավելի
Հուզիչ է` քան քերթողին
Հույզով մ’անհուն, անպատմելի
Գրած տողերն քառյակին:

< 3 > ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ,
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,
Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր.
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ
Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ
Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.
Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե «ոչ»ըդ թքիր ինծի անտարբեր,
Այդ «ոչ»ըդ սուր սիրտես սորեց արյուններ.
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին
Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.
Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի
Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:

1902, Սվազ

1903

ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ

Դեղին վարդեր մայիսի,
Բուրումներով խնկավետ,
Թալկության մը մեջ հավետ
Կը տժգունին մեկուսի:

Հեք սիրտերու մըտերիմ,
Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի,
Հեշտ նազանքով մը կույսի,
Ու, հատնումեն ոխերիմ,

Կու լան: Հևքով նըվաղկոտ
Եղկ բուրում մը կը խուսի
Տժգույն վարդեն մայիսի.
Ու կանգ կ’առնե իսկույն հոտ:

Լըքված հոգին մեկուսի
Որ կը մըխա անտերունջ,
Մինչև խամրի ալ անշունչ
Վարդերուն պես մայիսի:

ՀԻՇԱՏԱԿ

(Սիրերգ)

Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան`
Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված,
Հըպումով մը ազդու` եկան ու անցան,
Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած:

Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ,
Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին,
Անէացած, խելահեղած հեղակարծ`
Պըլլվեցա հիշատակիդ առանցքին:

*
* *

Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող
Ասղընտունքը տագնապահույզ լըքումիդ.
Բոց սերեն վերջ` լըքումի վիշտը մրրկող:

Չէ́, մի́ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր`
Սըրտիս` որ դեռ չէ́ վարժըված աներկմիտ
Մոռացոնքին: Ան չի կըրնար սառիլ դեռ:

ՏՂՈՒ ՄԸ ՄԱՀԸ

Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,
Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.
Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար`
Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա́լ հիմակ:

Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ.
Աղետաբեր խորշակով մը խամրեցար.
Մանուկ հոգիդ ալ – հեշտ բուրում մը – հածիլ
Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր:

Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք
Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին,
Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք

Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ `
Չըխորհելով թե անըստվեր քու հոգին
Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ:

ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ

Հևքոտ շունչեր կու գան ման,
Ու հըրճվանքով կը ժըպտինք.
Կ’երկնեն կապույտ մ’աննըման
Բիլ ծովն անհուն ու երկինք:

Եվ բուրումներ կու գան ման,
Ոգևորում մը հեշտին
Արբշըռանքվ մը հուզման
Կ’ամոքե վերը վըշտին:

Հոգիս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Սիրտըս քընար մ’է անքուն
Որուն երգեր ցավ չունին:

*
* *

Երազի մը պես գացին,
Տարիներըս սահեցան
Այն օրեն` երբ ըզգացին
Սիրտեր ցունցը բաժանման:

Երբեմն արցունք մը ցավի,
Զիս վըրդովեց խըռովքով.
Երբեմն ալ հույս մը ծավի
Շողաց հոգվույս մութին քով:

Բաժանումեն վերջ, իրա́վ,
Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով
Կը փարին սիրտեր, ծարավ`
Միացումին հեշտանքով:

*
* *

Երազանքներ զիս կ’օրրեն
Օրորումով մը հանդարտ.
Հեռուն լոռնեն, ձորերեն,
Միշտ կը հառիմ ես անթարթ,

Ծածանումիդ մոտալուտ
Հույսերովը մոլորուն,
Տենդով կըսպասեմ գալուդ,
Ցընծումին մեջ երգերուն:

Ալ սիրտս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Հոգիս քընար մ’է անքուն
Որուն երգեր ցավ չունին:

Կ. Պոլիս


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.10.43 | Сообщение # 23
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն,
Հանճարի աչքերն անքույթ կը նային,
Լույս հոգիներուն կյանքովն երկնային,
Ա́լ մեկուսացած ունայն ժըխորեն:

Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն`
Ու պիտի հավետ միտքերն հըմային
Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն:

Հույզով մեռա́վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,
Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,
Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:

Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:

< 8 հուլիսի, 1903 >

ՍԻՐՈ ՈՒՂԻՆ

Ուղի մ’ունիմ ես նրբանույշ,
– Սիրույս ուղին մետաքսավետ,–
Որուն հըմայքն երջանկահուշ`
Կ’ոգևորե զիս առ հավետ:

Քընքույշ հյութեր կը փթթին հոն,
Ու հարսնուկներ հըրահոսան.
Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն,
Ե́ս, սիրավառ, խանդո՜տ գուսան:

Իսկ երբ օր մը խըլեն աչքես
Իմ պաշտելի ուղիս` անհետ,
Մութ գիշերներն` ու ոսկեգես
Չըցոլա ա́լ արևն հավետ,

Նորեն գըտնեմ պիտի ես հար
Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր.
Բավ է անոր ես անդադար
Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր:

ԱՇՆԱՆ ԾՈՎ

Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն,
Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան.
Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն,
Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան:

Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն,
Իր դողահար նայվածքները կը հառե ան.
Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն,
Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան:

Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն,
Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր,
Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն:

Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ.
Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր.
Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ…

< 1903, հունիս >

ՀԻՇԱՏԱԿԴ

Փըրփուրները քարափին
Կ’երկնեն երազն հեշտավետ
Իմ խոնջ հոգվույս մըրափին.
Հույսի շող մը զիս հավետ

Կը կապե նուրբ կապույտին.
Կը պոստանա ծովն անհուն.
Ու ալյակներ կը ժըպտին
Հոգվույս տենդոտ իղձերուն:

Անույշ արցունք մը սըրտիս
Քուն կը բերե զովասուն,
Ու դուն ինծի́ կը մոտիս
Ջինջ նըկարով մը խոսուն:

Ու սիրավառ, ես հանկարծ
Աննյութ տեսքեդ խելահեղ,
Կը պըլլըվիմ մըշտարծարծ
Հիշատակիդ, ամեն հեղ:

ԱՉՔԵՐԴ

Փոքրիկ Արշալույսին

Սընդուսե գըգվոտ եթերն աչքերուդ
Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ,
Գոհարատուփն է հըմայքով ջերուտ,
Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ:

Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն,
Արցունքի երբոր շիթն հոն չի́ դողար,
Թովանքը կապույտ այդ երկինքներուն
Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար:

Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն,
Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար,
Արևակին կամ թոշ սուտակներուն,
Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար:

ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Լըքված, անտերունջ հոգիներուն պես.
Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես,
Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն:

Գոս տերևներուն հետ, արագ արագ,
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն,
Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ:

Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ
Կը մարին գոգը ամպին մըթագույն.
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,
Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ:

Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն
Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,
Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ
Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…

< Բերա, 1903 >

ՄՇՈՒՇԻՆ ՄԵՋԵՆ

Բամբ սույլ մըն է` ո դեռ կը տառաքպի
Այս գորշ առտվան մշուշին մեջեն.
Տարտամ նայվածքներ դեռ կը դանդաղին
Մըշուշին մեջեն, որ դեռ կը խոպոպի:

Խոլ հսկան է ան` որ կը տառապի
Հառաչ մը թողլով իր հիամր կողեն.
Ձայնը` որ կու լա մըշուշին մեջեն
Կարծես հոգեվար երգ մ’է կարապի:

Թոշ ամպիկներեն դեռ կը վարանի
Բոց տարփանքներու ցանցերովն հյուսված,
Երազը կապույտ, հույսը ծիրանի:

Հուրի մը սերըս անոր կը տանի.
Թույլ մըշուշներուն մեջեն թանձրամած,
Մինչդեռ կը հեծե սույլը տիտանի:

< 1903 >

ՔՈՒՆ

Ցուրտ Աշուն մը սարսռագին
Կը հևա իմ հոգվույս մեջ.
Կ’իջնե գիշերը. Կյանքին
Գիրքը կու լա էջ առ էջ:

Սրսփանքներ տենդագին,
Ու հծյուններ հիվանդոտ
Հոն կը հածին, կը հանգին
Եղերերգի մը տենդոտ:

Ու, – Ձյունապատ հե՜ք քընար, –
Իմ վես սիրտըս կը լըռե.
Ու հոն հեծքն ալ չի մընար.
Լոկ սարսուռն հոն կը բերե

Իր վիշտերը խոլական,
Ու տենչանքիս իմ հիվանդ`
Ծաղիկները ա́լ չըկան,
Չըկա՜ն անոնց բույրն ու խանդ…


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.21.05 | Сообщение # 24
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
< 1901 – 1903 >

ԵԿՈՒՐ
(Սիրերգ)

Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,
Ըզգալ տո́ւր ինծի գորովանքն ու հույս.
Պիտի գա օր մ’որ հոգիդ ավաղե
Արագ խուսափումն երազին այս լույս:

Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,
Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,
Մի́ խամրեցըներ հույզը պաշտումիս:

Թո́ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,
Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.
Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ:

Ա՜հ, այս կյանքն աղվո́ր որքա՜ն դանդաղ է:
Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս.
Լույս երազի մը մեջ զիս թաղե,
Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս:

Սկյուտար

ՄԱՀԸ

(Մանուկնեը կը խոսակցին)

– Հիմա աղբյուրեն անցան:
– Հիմա այգիե՜ն ալ անցան:
– Հիմա գերեզմանատո՜ւնն են:
– Հիմա թաղեցի՜ն…
– Հիմա կը կարդան վրան. կը լսե՞…
– Հիմա ա՜լ չի լսեր:
– Հիմա ա՜լ չի տեսներ:
– Հիմա թուքը չի́ կրնար կլլել:
– Հիմա չի կրնար պոռալ:
– Հիամ ահլվեցա́վ…
– Հիամ կը դառնան:
– Հիմա մի՜ս մինակ է…
– Հիմա ալ չը՜ պիտի գա:
– Հիմա ալ չը՜պիտի գա:
– Հիմա ալ չը՜պիտի գա:
– Հիմա ալ չը՜պիտի գա…
1904

ՑԱՅԳԵՐԳ

Դադրեցան ձայներն ամեն,
Ցերեկվա ժըխորներուն,
Կը հընչեն բայց հոգվույս մեջ
Դեռ սիրույդ երգերն անհուն:

Կը հյուծին ցոլքերն հիվանդ,
Գիշերվան մեղկ լույսերուն.
Կը փայլի հոգվույս մեջ վառ
Տարփանքիդ բոցը սիրուն:

Կը նիրհեն քունի մեջ խոր
Թմբիրով իրերն ամեն.
Կը հուզվի հոգին արթուն,
Քու սիրույդ թունդ պաշտումեն:

Թո́ղ մարին լույսերն ամեն,
Ու մեռնին հույզ ու ժըխոր,
Կ’ուռճանա, կյանքոտ հավետ,
Սերդ անջինջ իմ հոգվույս խոր:

ԵՐԱԶ ՕՐԵՐ
(Քանթիլեն)

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու ինծի նըվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ` ուր
Դողաց սիրո սարսուռն անցավ`
Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեք հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

ՍՊԱՍՈՒՄ

Բողբոջ տենչեր բյուրավոր,
Արագ արագ կ’անհետին,
Ըսպասումեն` մինչև որ
Մինակ մընամ ես մըթին
Խոհերուս մեջ տարուբեր:

Եվ ալեկոծ, փոթորկոտ
Մըտածումներ զիս հանկարծ`
Հորձանքներով, հիվանդոտ
Երազանքով մըշտարծարծ,
Կը պաշարեն տըխրաբեր:

Հևքոտ ծովուն փըրփուրին,
Կամ եզերքին ես հառած,
Հորիզոնե՜ն ալ անդին,
Սիականիս հեռացած
Ուրվականը կը տեսնեմ:

Բայց կ’ուշանա́, ան չի՜ գա,
Ինչպես այսօ ու վաղն ալ,
Եվ հատնումով ցավագար,
Կը թըվիմ խոնթ մը դառնալ
Ցընորքներու մեջ դըժխեմ:

ԻՐԻԿՈՒՆԸ

Ածունեուն մեջ հիրերուն քընքույշ
Կը վարանի հուսկ հըմայքն հոտևան.
Պերճ ցոլք մ’արևեն կը գըգվե անույշ
Փայփալանքներով ծաղիկն իրիկվան:

Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ,
Բաժանումներու ցավին անգիտակ,
Արբշիռ փարումով սիրո խաղաղիկ
Վայելքին թովքը կ’ըմպեն անուշակ:

Ու մեկը չ’ըսեր անոնց. «Իրիկուն
Պիտի ընե ձեր գըգվանքին վրան».
Կ’անհետի ցոլքը մութին մեջ, նըկուն,
Ու կը թարշամի ծաղիկն հոտևան:

Բերա

Ա́Ն ԻՄ ՍԻ՜ՐՏՍ Է…

Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին,
Որ կու լա խոլ, թրթըռուն,
Ինչպես տավիղն եվոլական,
Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան
Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու,
Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ`
Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին:

Գիշերն անվերջ կ’անցնի տըխուր ու թունոտ.
Դեռ լարերը կը դողան,
Ըմպած անդոիլ հույզերն` ուժգին պոնդերուն.
Խավարին մեջ մոլորուն
Կարծես Տենչը միջոցին մեջ կը թևե,
Մինչ գիշերը կ’անցնի տըխուր ու թունոտ:

Ա՜հ, սի՜րտս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին,
Աշնան գիշերը լացող,
Ուր կը դողա անհուսության հովն ուժգին,
Մինչ անձրևին կ’իջնե ցող,
Մինչ ես կու լամ` կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր
Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող…


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.22.01 | Сообщение # 25
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
1905

ԱՂԵՐՍԱՆՔ

Կաթեցուր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո՜ւն, երազնեու ծաղիկ դողդոջուն.
Դո՜ւն` որ գիշերին մեջեն մըթագին
Հծծեցիր պարերգն իմ տենչանքներուն:

Դո՜ւն` որ ժըպտեցար, դուն` որ կը ժպտիս,
Ինծի տուր կաթը խանդաղատանքին.
Կիքե́ր տո́ւր հոգվույս, հըրայրքներ սրտիս,
Տենդոտ պահերու հուզմունքեն հեշտին:

Նոր բարբառումներ ու հոգվո համբույր,
Նոր նոր կսկիծներ ու ցա́վ տուր ինծի.
Վարդավետ ցոլքով ծաղկին հեշտաբույր
Թող որ շուրջն հըրուտ երազանքս հածի:

Պահե́ր մոլուցքի, տենդի վայրկյաննե́ր,
Տո́ւր ինձ երազին ոսկելար նարոտ.
Երջանիկ ըրե սիրտս` որ լըռին էր,
Եվ կյանքս` որ հիմակ հույզի է կարոտ:

Կաթեցո́ւր հոգվույս մեջ հույզը կյանքին,
Դո́ւն եազնեու ծաղիկ հեշտալիր,
Դո́ւն` որ գիշերուն մեջ հեծեծագին
Կյանքի վարդենիքն ինծի ցուցուցիր…

ՍԻՐԱՁԱՅՆ ՀԾԾՅՈՒՆՆԵՐ

Տո́ւր համբույրիս խանդոտ` շըրթունքըդ բուստե
Հուրի՜ աննյութ, փաղփուն ծաղիկ երազի,
Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՜,
Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե:

Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ.
Ջինջ նայվածքիդ զույգ եթերներդ ինծի՜ տուր,
Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր
Եվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ:

Սև սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր,
Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,
Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,
Թո́ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսորվոր:

Ա́լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ.
Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի
Ինծի համար իրեն թովանքն երբեմնի.
Եկո́ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ:

1906

ՏԵՍԻԼ

Երբեմն ամպոտ երկինք մը` շո՜ւտ կը պարզըվի,
Ու լեղակի լիճ մը կ’ըլլա`
Հոգվույս շլացիկ ծովուն դիմաց:
Եվ իրարու կը ժպտին
Լիճն այն լեղակ ու ծովն հոգվույս,
Քույր ծաղիկներ անեկրային`
Զոր մերթ հովի հոսանք մը կույս`
Անզսպելի ինչպես ալիք գորովի`
Կը խոնարհե իրարու դեմ:

Ու լիճին վրա կապույտի,
Կը բողբոջի հանկարծ կղզյակ մը բուստե.
Ու կըղզյակին վրա, երփներփուն
Ամպիկ մըն ալ կը ցայտե,
Անջրածին ամեն գույնով կը ծպտի,
Ծաղիկ կ’ըլլա, թռչուն կ’ըլլա, կ’ըլլա նայվածք ու ժըպիտ:

Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթև,
Կը թըռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ:
Ու գունագեղ ամպին ետև
Բուստ կղզյակին վրա ծըուն`
Չքնաղակա՜ն, կ’երևաս դուն:

Ու տեսլական ձևեր կ’առնե դեմքդ համբուն.
Մազերդ` անթոշ նաչկիս կ’ըլլան.
Ճակատըդ` ձյուն կատարներուն`
Զոր վարդագնեց արփն իրիկվան.
Եվ աչքերըդ կ’ըլլան զույգ մը ծառուղիներ`
Ուր կը ճըչե թռչնակն արձակ ու ճռվողուն
Իմ խայտանքիս. ու շուրթերդ ալ`
Ոսկեզօծ եզրը բաժակին`
Ուր կը հակին,
Վարդ ու հարսնուկ, կակաջ, նարդոս, գարնածաղիկ, նունուֆար…

10 ապրիլ, 1907

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,
Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան
Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,
Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան:

Անդոհության ալիք մը ներս կը խուժե
Պիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց.
Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած`
Թռչնիկ մըն է` որ իր ցավը կը գուժե:

Եկքանիկ մը` դեղնակիտված, հողմահար
Թևիներով` իրիկվան մեջ մոլորուն.
Անծայրածիր իրիկվան մեջ դողահա́ր`
Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն:

Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.–
Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար:
Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար.
Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց:

Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,
Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն,
Լույսեու մեջ ընկողմանած` մեկնումեն
Վերջ իրիկվան` ժպտող, անտես մեկ խուցե:

Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,
Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.
Թռչնակն` հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե`
Անծանոթին մեջ որոնել իր Աստված:

Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ,
Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան,
Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,–
Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար:

Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե
Մեռածներու հուշքին` հոգիս իմ հանգիստ.
Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.
Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե:

Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.
Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն` օրհնական
Այս վայրկյանին` զոր կ’արծաթե լուսինկան`
Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե:

< 16 օգոստոս, 1907 >

ԿԱՂԸ

Նոր պտղեր է լիալուսնակը բուստե,
Որ կ’ընկղմե մեջն իր շառայլ անդոհին,
Կապույտներով պատարուն կաղ մանկուհին`
Որ մարգին վրա թռչնիկին պես կ’ոստոստե:

Թռչնիկի պես կ’առնե թևթափն իր ուժգին,
Կ’ըլլա ծաղիկ, կախված անտես մեկ ոստե,
Մատն անծանոթ` արարչության մը ձեռքին`
Որ համաչափ քայլեն անոր կը շեշտե:

Շուտ, կորագի քայլե՜րն անոր կշռական.
Ո՜վ դաշնավոր չափակցություն, ուր կու գան
Թռչունին սլացքն ու ջրվեժի մեջ վայրէջ:

Եվ անծանոթ գրքի մը զերթ անծայր էջ,
Մարգն` երկյուղած` ու լսնազօծ քւ կանանչ`
Պահեց աղջկան քայլին դըրոշմն անճանաչ:

ԽՈՒԼԸ

Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ,
Իր նայվածքին մեղուն` տափոտ, հև ի հև.
Օ՜հ, շարժո́ւմ մը, որ ընտանի ձև́ը տար,
Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև

Ու փախըստյա փըսփըսո́ւք մը` մերթ օտար
Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ` և
Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար
ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև:

Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար.
Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր.
Կը թևածե լոկ անուրջին բոցը` որ

Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար,
Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով
Կը բերե բոցն` ըղձալի բառը փութով:

ՀԱՄՐԸ

Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին,
Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.
Բայց անհունը գեթ չըլլար վա́նկ մը չնչին.
Ջուրն` իրեն տեղ` կ’երկնե սիրերգն այդ անգին:

Իր խո́կն է ծներ բառն` որ հծծյունն է սյուքին:
Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,
Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին`
Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին:

Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ…
Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին.
Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ,

Քանզի բնությունն ալ` պարզ ու մեծ` միշտ կ’ըսե,
Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին`
Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե:

1907, օգոստոս


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.22.39 | Сообщение # 26
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜

ԱՌՏՈՒՆ
Սա առտուն ես ըլլայի,
Թույր ու ճառագայթ հոսելու համար
Խոռոչներու մեջ մըթին, ամայի:

Լուսաժպիտ մոմեր վառելու համար
Սեղանին վրա հոգիներուն վըշտահար,
Սա առտո՜ւն ես ըլլայի:

Վարդ պարեգոտով ու խարտիշագես
Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես.
Ու կաթիլ մը տայի աննյութ նեկտարես,
Ու գեթ ցոլք մը տայի ոսկի իմ հուրես
Մութ հոգիի ճըրագներուն ցրտահար:

Ա՜հ, սա առտո՜ւն ըլլայի ես:

ԹՂԹԻԿԸ

Ամառ գիշերն` անույշ մեղր ու կաթի պես`
Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով.
Այծտերևին շուլլըվեր է որմեն վե՜ր`
Պատուհանեն ներս նայելու ըղձանքով.
Իր տարփանքը բույր` հովիկին պինդ փարած`
Կ’երթա մինչև շուքին անկյունը լըճակ`
Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ
Մահիճին մեջ ընկողմանած` աչքը բաց`
Ձեռքը թուղթին` թուղթը սրտին` կ’երազե…

Տա́ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ
Ու կը հանե շապիկն ալ` գաղջ ու ճերմակ
Ու կը նային հոն, հերարձակ, հոլանի,
Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն,
Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորեն.
Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն…
Թղթիկին` զոր դեռ իր կուրծքեն չէ́ բաժնած
Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած:

Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե,
Իր ծիծերուն մինչև ծմակը շուշան.
Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
Ու թղթիկը իր բոց բառերը կ’ըսե,
Իր տառերը կը տըրոփե մութին մեջ…
Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկա
Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե`
Որ շեշտ կ’իյնա ձեռքերուն մեջ աղջկան`
Լուսավորել թղթիկն` որ դեռ կը հծծե…

1908

ԱՐԴԻ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՅՐ ՄԵՐԸ
ՏՈ՜ՒՐ ԻՆԾԻ, ՏԵՐ…
Դուրյան սրբազանին

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`
Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,
Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,
Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկան
Եսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`
Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,
Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,
Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.
Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,
Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,
Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.23.31 | Сообщение # 27
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՄԱՆԻՇԱԿ ՈՒ ՄԱՄՈՒՌ

Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար`
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ:

Ինքը ցողի́ պետք ուներ,
Որ գույներով զանազան
Կարմիր ծաղիկ, ծիածան`
Երբոր արևը փայլեր:

Քարն երջանիկ էր ո՜րքան…
Առանց ցողի ալ` գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ`
Շողերուն մեջ օգնական:

*
* *

Խոտին խուրձը բարձրացավ
Քիչ մ’ամեն օր քարն ի վեր,
Որուն` սրտիկն իր բացավ,
Պատմեց բաղձանքն ու ցավեր:

Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ,
Տայիր գույներ անուշակ
Ու նըվերիդ փոխանակ`
Գույնիս ընծա՜ն այս խաժուկ:

Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան
Կ’ուզես գույնես և ընծան
Տուր կանանչիդ կենսական`
Երակներուս անկենդան:

*
* *
Գիշերն համբուն քաղցրացան
Քարն ու խրձյակը խոտին…
Եվ երբ շողերն ավոտին
Հորիզոնեն բարձրացան`

Ժայռի շուքին տակ գըտան
Խոտին ծաղիկն ու բաժակ,
Եվ երբեմնի անկենդան
Քարն ալ` ժպտուն ու խաժակ:

Եվ այն օրեն մանիշակ
Ծաղկեցավ թուփն, ու դաժան
Ժայռեն եղավ անբաժան`
Մամուռին գույնն անուշակ:

ՀԱՆԳԱՊԱՏՈՒՄ
«ՍԵՆՊՈԼԻԶՄ»Ը
Ա ր փ ա ս լ ա ն ի ն`
Հանգական խոնարհությամբ

Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս…
Օր մ’Հալ Դպրության մտա սեմեն ներս.
– Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի,
Բախտ` զոր քիչերուն պիտի մաղթեի…–
Արդ, Հայ Դպրության մտա սեմեն ներս
– Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս…
Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար,
Սանդուխներեն վա՜ր` ուր չկա՜ր սենյակ.
Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնակ,
Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ,
Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ,
Քար քարի վըրա դըրի ես հարմար.
Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար`
Թե քար շարեին հազար հավիտյան
Դավիթ Կուլանն իսկ և Առյուծն Ալփյան…

*
* *
Հանկարծ ուրիշ դուռ մ’երևաց աչքիս.
Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս:
Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր,
Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ’ելլեր,
– Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ’ըսավ ներսես–
Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես,
Պարտեզին մեջ կար… սոխ, սխտոր, բանճար,
Նրեցե́ք… կաղամբ ալ, և անպատճառ
Ամեն ինչ` որուն կ’ըլլար միշտ վըճար,
Զոր կողովալիր ծախելուն կար ճար:
Կար քիչ մ’ամեն բան, ածու մ’ալ ծաղիկ
Զոր կը հոտոտենք, թե չըսրդողիք:

*
* *
Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ,
Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ:
Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ,
Ըսավ. – Ըզգացումդ` հըրա՜շք. ու չէ խակ
Երբեք լեզո́ւն ալ զոր կը գործածես,
Համբավիդ պիտի կատարեմ ես ծես:
Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ,
Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր:
Նովիք Առմանին փսփսաց Մեռճան,
– Ո́չ Չագմագճըլար, և ո́չ ի Մեռճան,
Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավառաճ
Պետք չէ́ այս գիրք հանե ի վաճառ:
Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար,
Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր.
Ես ժանյակներու անհուն կրպակն եմ,
Եվ ազնըվական կըրունկ կը պագեմ.
Մինչ անոնք կ’երգեն գորտ, շերամ, պաճար,
Ամեն ինչ` որ է գռեհիկ, անհանճար,
Անոնց գրչակը կ’եղծե չարաչար:
Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր.
– Նովիք Առմանն էր որ կը փըրփըրեր. –
Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր.
Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր.
Դուն երազանք ես, անոնք` զառանցանք,
Դուն` ծաղիկ, պատրանք, իսկ անոնք` փորձանք,
Դուն դարիճենիկ` անոնք… քարմարցանկ:
Ու Նովիք Առման, ճիգելով դժվար,
Լոլիկի գույնով բըլուրե մը վար
Գըլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ.
Ու գինով անոր աղմուկեն վայրէջ,
Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ:
Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր,
Կ’ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր:
Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ Ճրագ
Կը հծծեր. Ավա՜ղ, ի́նչ աղբյուր ճրճրակ,
Ե́ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ.
Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազակ:
Ճաճանչ Եկույան շուտ արձագանգեց.
– Ճիշդ է, մե՜ծ մասը անկե́ց է, անկե́ց:
Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜,
Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜:
Օհան Ապտակցին հնչեցուց իր փող.
– Կ’արժե որ կարդանք մենք ասոր ներբող.
Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն,
Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն:
Այս պահուն մեկն` որ խիստ ըզբաղված էր,
Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր:
Ի՞նչ, ի՞նչ «Սենպոլիզմ». խե՜նթ է, ո՜վ դիք, է՞ր
Դուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր.
Մանավանդ… ջեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր,
Որ կը հանդգնին ութ հարյուր տողով
Առուն գլտորել իմ կութքիս կողով:
Դավիթ Կուլանյան կըսեր` – Պո՜շ, չա́րժեր…
Է՜հ, գեշ չէ… շա՜տ լավ… սակայն իր ույժեր
Հանճարի հըզոր կամք մը չէ́ շարժեր:
Երամ Տևտոնյան կ’ըսեր. Արշալույս
Ու արև ծագեց ձեզ և… եղկելույս:
Ու Զանդիկ Քոշյան. Լա́վ է, գեղեցիկ
Քայլերնիդ դեպի ի Պառնաս ուղղեցիք.
Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝
Ես կարավանին առջևեն կ’երթամ:
Եղյամ Պարստեղյան դատած էր. Կեցցե՜…
Տաղարանդ, իրա́վ, մեզ համար գա́նձ է.
Նոր քերթողության ռահահորդն ես դուն.
Ճակատագի́րդ իսկ՝ լուտանքը մարդուն:
Եդուարդ Արփիյան. «Լա́վ է, լա́վ,–ըսավ–
Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ.
Զի հեղինակն ալ պետք չէ́, որ հա՜րկավ,
Իր ջանքին ի վարձ կ’ըլլե հող ու… կավ:
Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ.
Դուն՝ բո՜ց մը մաքո՝ւր ծախի՜չ, խորամո՜ւխ:
«Խո՜սք կ’ուզեմ, պոռավԳիստրոս Փաթեթյան՝
– Հապա ուրեմըն ե́ս ալ գամ ատյան. –
Որ մեծ գիրքերու ետին ապաստան,
Կը շիներ իմս ու իսթերու լիսթան:
Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով.
Ու խոսք չըտվին իրեն… ամիսով:

*
* *
Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա,
Մեկը կը հծծեր. Ի́նչ քաղցրիկ լիլա.
Մյուս մըն ալ. «Ո́վ Տե՜ր, ի՜նչ… խատա-պելա…
Մեծարենցի տեղ գտավ`
ՀՐԱՉՅԱ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.24.37 | Сообщение # 28
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՍԻՐԵՐԳ

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,
Քայլիդ չափն է կոչնակին ձայնը ժամուն,
Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն,
Սիրտդ` ուխտադիր սրբության մը խաղաղիկ:

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,
Մնջելով ունկն ի վար աղոթք անծանոթ,
Ու շփելով շուրթիս սյուք մը մյուտոնհոտ,
Հիմա կ’երգեն, օ՜հ, «Զարթի՜ք, փառք իմ, զարթի՜ք…»:

Ձյունին վրայեն կ’երթաս, արև՜ ձյունածաղիկ,
Կ’երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս,
Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ.
Իմ տաղարանս` ուր դուն կ’երգես, կը ժպտիս:

ՄԻՏՔ ՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Միտքս անդադար պատճառներու կը կանչեր,
Ինչպես շան մը լիալուսնին դեմ հաչյուն,
Կամ կոհակին ամբարտակին դեմ շողյուն.
– Մեկուն պես շփոթ, մյուսին պես լե՜ռ մըռունջե:

Փյունիկ մըն է միտքըս, իր թևերն են «ի́նչ է»,
Որ կը սլանա դեպի «քանզի»ին լույս հնչյուն,
Հոն տատրա՜կ մը կը վերածնի իր աճյուն`
Զույգ թևերով ծիածան ու ճաճանչե:

Աղաղակի կ’ըլլա մըրրիկ ամպաթև,
Միտքս` որ հասնող «ինչու»ներուն հնձանն է.
Զոր կաթոգին ձեռք մը հանկարծ կը բռնե,

Կը պարուրե՜ խաղաղությամբն իր թեթև,
Հրաշալիո՜վն արեգակ ու կապույտի`
Որ համասփյուռ ամեն բանի կը ժպտի՜:

ԻՐԻԿՆԱՎԵՐՋ

Կը ցնծա ուտն ալյակին հետ,
Ճարճատելով ճիչ մը զըվարթ,
Զի կը սփռե հարսն արփավետ`
Համայնին վրա` մազերն իր վարդ:

Կը ցնծա́ ուտն ալյակին հետ,
Երբ կանգ կ’առնե կույսին նավակ.
Ու բզզալով ջուրն ու նըվագ`
Կ’երթան հոգվույն այն ծաղկավետ:

Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ,
– Օդն է քաղցրիկ զերթ մանանա,–
Երկուքին վրա երբ կը բանա
Լույսին աղեղն` արծաթ իր նետ…

ՍԻՐԵՐԳ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
Կ’ըլլամ շիկնոտ ու թըռվռուն`
Ինչպես կ’ըլլա բուրումնավետ
Վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թռվռուն,
Քու նախընծա գրկանքիդ հետ,
Մոլորելով կ’ըլլա անհետ`
Գետ հոգվույդ մեջ` սրտիս առուն:

Ու գետին պես` սրտիս առուն
Կը տանիս քու մահվան ճամբեդ`
Զարնելով զայն մերթ ծաղկավետ
Ափունքներուն` մերթ քարերուն:

ԽՈՒՆԿ ՈՒ ԱՐՑՈՒՆՔ

Շիթ մ’արցունքով` կաթիլ մը խունկ
Սրբանոթին մեջ կը ցանե
Մայրս` որ կ’անցնի անտես դռնե,
Եվ երջանիկ` կը դնե ունկ

Անդրաշխարհեն եկող ձայնին:
Աչքերուն` որ զինք կը դիտեն
Կիրակմուտքի խունկին ատեն`
Ձեռքն անընդհատ կու տա խա՜չն հին:

Եվ ամենուն կու բաժին`
Ծուխեն ծաղիկ մը ծափելի:
Ու ցայգամուտն է հայելի`
Ուր կը ցոլա բոցն աշխուժին`

Լուսահոգի զվարթուններուն`
Զորս արբեցուց այս իրիկուն
Շաբաթօրյա խունկն ու արցունք:

Մայրս ալևոր չոքեր է ծո՜ւնկ…


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.25.36 | Сообщение # 29
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ

ՏՎԱՅՏԱՆՔ

Անոր ցավը` հո́ւր է վառող ինձ համար,
Ինչպես սերն է` կյանք հորդաբուխ և անշեջ…
Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մարմար,
Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ:

Թարշամներ է կաթնաբուխ ցո́լքը բերնին,
Իր ժըպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,
Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,
Լի հըրայրքովն հուզումնալից իր գարնան…

Եվ գլխիկոր` ինչպես եղնիկ վիրավոր,
Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծաղիկ,
Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,
Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…

ԽԵՆԹԵ՜Ր

Ա

Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն,
Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույն
Կ’ուզե բռնել` հասկերուն վրա ցորենի`
Փախչող լույսին թռչնակները ծիրանի:

Կ’ուզե թրջել ճակատն` ինչով բոցարծարծ`
Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն.
Վարազի պես կը խոյանա վրդովուն`
Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ:

Խե՜նթն է, կ’ըսեն, անխի́ղճ գութով, և հանգույն
Ասուպներու` իրենց խոկին կը դառնան.
Հորիզոնի դալկության մը պես տժգույն`
Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան:

Մայրը կու լա երջանկությունն իր զավկին.
Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր,
Արձակունակ ծաղիկներու քաղցրագին
Եդեմներ նոր` տըղուն անուրջն է գըտեր:

Տըղուն` որ գո՜հ փակեց թևերն ու կարծես
Կը հավատա անհունություն մը գրկել:
Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել
Անրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես…

Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ,
Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ,
Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն,
Երկու թևը պարզած` խաչի մը հանգույն:

Խա՜չ` որուն ցավն ու ըստվերները գորշգույն
Կ’ադրադառնան` ինչպես մըռայլ ուրվական`
Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական,
Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն:

Բ

Մութնուլուսուն պատըշգամբին վրա է.
Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց.
Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած,
Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե:

Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացած
Հորիզոնին. կը կարծե ի́նք կերպեր է,
Իր անանուն սրինգով` բոլոր դաշն ու ցած
Ձայնաշարը` զոր սյուքն հեզիկ կը բերե:

Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով,
– Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով,
Որ կը պատե գրկած արևը ծագող:

Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող,
Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի
Մարդաձայնեն ինք զինքն հիշած` կը փախչի…

Գ

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,
Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին.
Կ’ուզե նայիլ անգա́մ մըն ալ իր չորսդին,–
Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն:

Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ,
Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ`
Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին, հոգ չէ́, ա́յսքան ուշ…

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան
Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն
Զինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական.
Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան…

Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր.
Թողե́ք անկյունն` ամուլ ձեր գութն ու մատյան.
Աստվածն ա́ն է, ա́ն` որ արցունք է սրբեր,
Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն:

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,
Նըշույլներո́ւն դեռ` դեռ սիրաշարժ շրթունքին,
Դեռ սիրածագ բոցին` աչքի մը անգին…
Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան:

Սև լաթի մը պես կը նետեն երեսին
«Խենթ» բառն անհուն. բառ անգորով ու դաժան.
Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին,
Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան:

Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ,
Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ
Դեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…

ԵՐԳ

Քո́ւյր, մոտեցի́ր կըրակին,
Ծըխե տերևն այս բուրյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե հոտն արյան:

Քո́ւյր, մոտեցի́ր դարակին
Ու բեր հեղուկն հընծանյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե համն արյան:

Քո́ւյր, մոտեցի́ր ճըրագին,
Մարե́ զայն, թո́ղ լուսինկան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե գույնն արյան:
Քո́ւյր, մոտեցի́ր նըվագին,
Երգե́ դաշտերն ու ցորյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե ձայննն արյան:

Քո́ւյր, մոտեցո́ւր իմ ձեռքին
Աստվածաբոցն հըացան,
Զի ամե՜ն բան ինձ կրկին
Կը հիշեցնե վրե́ժն արյան…


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.26.58 | Сообщение # 30
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՄԵԾՄԱՅՐԻԿԸ

Ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը: Դուրսը գարնային անձրևը կը հոսեր լիատարափ. դուրսը գաղջությունն ու մութը ծովացեր էին: Հերաձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա:
Ծերուհին լուսակալի վրա դրավ ճրագը ու գնաց պատուհանին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին:
Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շաղեր սալարկին սպիտակ քամակին վրա, և հետո չարաճճի ձեռքի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին:
Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամ` մերթ` կայծակներու քրքում և օձագիծ խաղերեն լուսավառած: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված:
Անձրևի հոսքերը կը վերսկսեին խաղալ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ: Ու կը վերադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա. և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերուհիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն: Եվ երկնային ջուրը հմայական ձեռքի մը պես` լուսեղեն տեսլիլ մը կ’առկախեր հանկարծ խավարին մեջ. քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոռնուհիին: Եվ ի±նչ տեսիլ կրնար թելադրել իրեն գիշերային այս մենությունը, եթե ոչ անորը: Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր...
Տեսիլքը` վայրկենական` ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսը լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը. ու ծերուհին հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով: Երբեմն կը ցնցվեր թեթևակի. կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը` հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կ’ընկղմվեին մութին մեջ...

*
* *

Աշտանակին մոմը սպառելու մոտ էր. սենյակին լույսը հետզհետե կ’անոսրա-նար, քանի մը նշույլներ տակավին կ’ոգևորեին: Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածությանց քունեն. որքա¯ն ատեն մնացված կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև. ո՜վ գիտե:
–Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև¯ մը... Վաղը սու¯րբ, սու՛րբ օր մը տայիր...
Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կ’ըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշանական փրփուրովը կը ծաղկեր իր շուրթերուն վրա...
–Հիսո՜ւս Քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամայր, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ...
Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հոգին թեթևցեր, այսքան տարիե ի վեր ուրիշ ի±նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին:
Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամպարը վառեց ու սեղանին առջև նստավ. դեմքեն կը զգացվեր գոհունակությունը, իր դեմքեն` որ գրեթե կը ճառագայթեր այլևս: Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին. մեռած աղջկանը պատկե՜րն էր: Կաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, աչքերը` թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ` առույգ ու տխրագին բոցով: Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ:
Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը. նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դառնորեն կը ժպտեր, ցավագին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ’ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գիշեր: Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը կը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
  • Страница 3 из 5
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz