Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-12-22, 05.36.24
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 5 из 5
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Միսաք Մեծարենց, 1886-1908
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.38.47 | Сообщение # 41
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀԵՏԱՄՆԱՑ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ[1]

Փայլակ անունով գրիչ մը,– պիտի տեսնենք, ավա՜ղ, թե «գրիչ»են «գրչակո՜թ» միայն կա,– «Նոր Տաղեր»ուս մասին գրվածք մը սապես կը վերջացնե.–

Ամեն մարդ ալ կարող է հրատարակության մը վրա իր անկախ կարծիքներն հայտնելու հրապարակավ` ինչպես պատիվն ունեցա ընելու:

Իսկ ես կ’ավելցնեմ. այո́, ամեն մարդ. այսինքն ամեն ճշմարիտ Փայլակ[1], որ երկինքն ու մեծությունն ու կապույտը կը հիշեցնե, որ լույս ու էլեկտրականություն է, այսինքն ամեն բնազոր մարդ, ոչ թե ածուխով բնագրված փայլակներ…

Փայլակ բեմասացի հատկություններ ունենալ կը կարծե, և այս հավակնությունը կը բավե որ փայլատակելու տխուր փորձեր ընե. ուրեմն Փայլակ կ’ելլե ամպիոն, բարձրավիզ սիգանքով ու գոհունակությամբ կը վճռե.–

…Ուրիշին ըրածը չընելու տեսակ մը մտքի չքավորություն կը հայտնե ըստ իս:

Այս տողերը կը գրե ոտանավորներս գլխագիրերով չսկսելուս պարագան հիշելով, և այս իրողության խորը մարմաջ և անտրամաբանություն նշմարել կարծելով.–

…Նորություն մը իր շեղումին մեջ պզտիկ տրամաբանական հենակետ մը պետք է ունենա…

Իսկ ես կը հարցնեմ. ի՞նչ տրամաբանական հենակետ կա ոտանավորին բոլոր տողերն ալ գլխագրով սկսելուն մեջ. և միևնույն ատեն կը պարզաբանեմ թե, ըստ կետադրության, վերջակետեն վերջ միայն պետք է գլխագրել (զանց ընելով կարգ մը իմանալի բացառություններ), այս օրենքն հարկ է գործադրել անխտիր, արձակին ու ոտանավորին համար. քանի որ ոտանավորի այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանության: Խնդիրն ինքնն ոսպի մը չափ արժեք չունի, և ես արդեն այդ նորությամբ պանծալու ո́չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ: Բայց կ’ուզեի հասկցնել Փայլակին թե ի́նչ ձախող բան է «մտքի չքավորություն» և անտրամաբանություն տեսնել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիույն կատարած է:

Փայլակ կը բարբառի դարձյալ.–

Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ առհասարակ բոլոր կտորներուն մեջ… ու կը կարծե, չէ́, կը հաստաբանե, թե դիրքին քսան ոտանավորներ չեն վերջացած. ի՞նչ կ’ուզեր Փայլակ իբրև վերջավորություն. սա տեսակ տողե՞ր արդյոք,–

Ու կը խորհիմ թե, պաշտելի սիուհիս,

դուն ալ վարդին ու շուշանին կը նմանիս…

կամ,

կյանքն ալ այս է, առվակին պես կը սահի,

անձրևներով կը մատնի ան զիս ահի:

Անշուշտ «Նոր Տաղերուն» մեջ կան զուտ նկարագրական ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա. այսինքն ընթերցողին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաստասիություն մը` որ դյուավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը:

Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ լուրջ մասը կը կազմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե. զբաղինք քիչ մ’ալ այդ լուրջ (~) մասով:

Փայլակ չի́ հասկնար սա տողը.

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ.

որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո́ւր կը մնա նախընթաց տունը.

Ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ`

Ուր հեշտորեն կը հածի եռ իմ մենիկ

Սիրտըս` բո՜ց մը` մթընշաղին մեջ անհետ…

Փայլակ ո́չ միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտանավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակելի՜է. երբի մը պոչին կապված են, կ’ըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի:

Փայլակ չի́ հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր է «հոյ-հո՜յ» բացագանչությունը` որ Արտաշես Հարությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով զանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր` կամ հասարակ բեռնակիրներ[2]: Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ’է. այդ բացագանչության «հո́» կ’ըսեն, անհասկացո́ղդ Փայլակ, «հո́» իսկ «հոյհո՜յ»ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ’է:

Փայլակ չի հասկանար նաև «կարմիր կարոտ»ը. պիտի հասկնար անշուշտ եթե ըսեի «հրավառ կարոտ». իսկ «հրավառ»են «կարմիր» մեկ քայլ միայն կա` զոր առնել տալու համար անպատճառ տատի՞ս ըսել պետք էր:

Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին. ազատ էր այդ բանին` եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՜զը, պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթթել զայն):

Մինչև ո՜ւր կ’իջեցնե Փայլակ քննադատությունը` զոր հայտնաբառ տգիտությամբ պղծելե վերջ, չի́ վարանիլ զայն շրջեցնել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել կեսարական ապուխտին ու բանջարանոցին կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.–

«Համբույրն անձրևին կը թրջե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ չըսենք. «Ձին կը վազե` բաթ բաթ, դուռը կը զարնվի չաթ չաթ. շունը կը հաչե` հա́վ հա́վ. էշը կը զռա…»:

Հետո կըսե անպառկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«Լուրջ» իբր «անուրջ»-ին հանգ կ’երթա, բայց շուշանին ածական տալ ուզելնուդ պես, լրջության վերակուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարա» կ’ըլլա կարծես:

Պիտի չշիկնի՞ս, ո՜վ Փայլակ, եթե թևերդ վեր առնելով անոնց պարտկած դդումներն անութեդ վար ձգելե վերջ` հարկադրեմ քեզ խաղալ ու տխրեցնել մեզ` ոևէ բարեկենդանական մասխարայի խամաճիկությամբ` սա́ քեզի անծանոթ երգին եղանակով.–

Լուրջ` կը նշանակե երկնագույն, իսկ լուրջ շուշան` հիրիկ զամբագ, iris:

Փայլակ կը կրկնե, միևնույն անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ.–

«…Ցնծապատար»ը (այսինք` ցնծպա«տ»ար) «լեղապատառ»ին վրա ձևեր ես (այսինքն` լեղապա«տ»ա«ռ»ին) դերձակի մը պես որ կյանքին մեջ առաջին անգամ «ֆրագ» մը կը շինե ինչ որ «էնթարի»[3] մը կը նմանի:

Հոս Փայլակ դպրոցականե մը շա՜տ վար կը մնա, դպրոցական մը բառարան նայիլ գիտե, իսկ Փայլակ… իր տգիտությո՜ւնը մինակ: Ուրեմն նոր եղանակ.–

Ցնծապատարին պատարը պատարիմ բային արմատն է. պատարիմ կը նշանակե լեցուն ընել, առատացնել. ուրեմն` ցնծապատար` կը նշանակե ցնծությամբ պատարուն, լեցուն. եթե Փայլակ դասառության պետք չունենար` ավելորդ պիտի ըլլար ըսել թե ո́չ մեկ առնչություն կա ցնծապատարին պատար վերջավորության և լեղապատառին պատառին հետ, Ռայով` պատառ` իր պարզագույն նշանակության մեջ, որով լեղապատառ կը նշանակե լեղին պատառ պատառ եղած:

Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’է Փայլակ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներու մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը. ի՜նչ կրնայի ակնկալել արդարև, եթե ոչ ավելի բարդ ու թանձրամած տգիտություն: Դժբախտաբար Փայլակ չի կրնար արդեն այդ ակնկալությունը դերևել, դժբախտաբար իրեն ու գրականության համար` Փայլակ կ’ըսե, կը վճռե՜.–

«Նայ շոգոլի»ն անճաշակ է, «փողփողենէջ»ը նմանատիպ «լռարան»ը` նույնպես.

Այս վերջինին առթիվ անգիտակից համեստություն մը չէ Փայլակինը, երբ կը հարցնե.–

Հոգի՜դ սիրես, Պ. Մեծարենց, աս ի՞նչ ըսել է… այլ նորեն, ավա՜ղ, փայլատակելու ունայնատենչությունը. այլապես իր մյուս տգիտություններն ալ նույն հարցական կաղապարին մեջ պիտի ձուլեր, որով գեթ կ’ըլլար պարկեշտ տգետ մը. ինչ որ գրականություն մը պիտի սեպվեր հավակնոտ ու անհամեստ տգիտության մը բացասության դեմ: Ուրեմն նորագո՜ւյն եղանակ:–

Լռարան, տղա́ս, կը նշանակե լուռ կենալու տեղ. (ի՜նչքան շահած կ’ըլլար Փայլակ, եթե գիտնար ու հարգեր լռարանին նշանակությունը` լուռ կենալու տե՜ղ…):

Դիտելի է որ Փայլակի իբրև անճաշակ դատապարտված բառերը` առավելապես նախնյաց մատենագրության մեջ գործածվածներն են. նույն բառերու առատությունն է որ ըսել կու տա «սիրունատենչ» պարոնիկին.–

Իրիկունը` էջ 56` գլուխ գործոց մ’է անճոռնի, անճաշակ խժալուր բառերու:

Այդ անճոռնի, անճաշակ ու խժալուր բառերն են «փողփողենէջ», «ճաճանչավուխտ», «լռարան», «կղկաթիմ», «վարսադիտակ», «զարմանուհի», «բազմաբեղուն».– այս խոսուն, հնչուն, բզզուն բառերն` ասոնք ամենք ալ գեղեցկության քվեն չեն ստանար Փայլակի կողմեն, վասն զի «շիք» չեն, «սիրուն» չեն, «moderne»[4] չեն, այլ նախնի մատենագրության մեջ հաճախած, բրածո բառեր են. բայց ինչո՞ւ բանտել Գեղեցիկը սիրունին սահմանափակության մեջ. ինչո՞ւ չխոստովանիլ թե տգիտությունն այդ բառերը ծամածռող շրթունքին, և անոնց ուժեղ մերձեցումին տոկալու անկարող` իգացյալ, ուժասպառ լսելիքին մեջ է. այդ բառերը գործածող նախնի մատենագիրներ` մենե շա́տ ավելի լավ կ’ըմռնեին լսելության ու առոգանության Գեղեցիկը.– գիտեին վեհաշուրթ արտասանել բառերը ու լսել անոնց վեհանդորր ձայնը. իսկ ի՞նչ գիտեին փայլակներ. ոչի́նչ, ո́չ իսկ իրենց տգիտությունը: Նախնի մատենագիրը գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը.–

Զիա՞րդ բաւեսցէ դոյզն ինչ աղջամուղջ` մեծիդ ճառագայթից, զիա՞րդ համաբրձցի կշռեսցի ընդ խաչի քո կրից` խակութիւն հեշտութեան մարմոյս տկարութեան…

– Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս…

Գիտեր ծիծաղախիտ ժպտեցնե՜լ բառերը.–

Աչքն ծով’ի ծով ծիծաղախիտ ծաւալանայ…

(Եթե գիտնար Փայլակ Նարեկացիին այս նմանաձայնությունը, գուցե չծաղրեր իմինս` որ չքնաղ բան մ’ըլլալու հավակնությունը չունի, բայց ունի՜անճաշակ որակումին դեմ բողոքելու արժանապատվությունը).–

Արև ծիծ«աղ»ի, ծ«աղ»իկ ծամերու.

Այս ցուցումներեն վերջ ո՜վ կը զարմանա եթե Փայլակ դատապարտե.

«Ծիածան աչքեր»ը, «ատրուշան բերնակ»ն ու «չարանճար հովիկ»ը` որ «պզտիկ երգեր կը կարդա» (եթե գիտնար խեղճը թե Սիպիլ գործածած պիտի ըլալր «հովերը կը խոսակցին» բացատրություը, գուցե չդատապարտեր զիս):

Ով կը պշնու թե Փայլակ Սենպելիզմի Մեծարենցյան դպրոցի գյուտեր անվանե զանոնք: Հոս Հարցում մը կը ծագի,– ի՞նչ է այս դպրոցը կազմողի պիտակը` զոր նկնահասակ afficheur**-ներ կ’ուզեն փակցնել ճակտիս` որ շա՜տ բարձր կը մնա իրենց հասակեն: Ի՞նչ են այն խոշոր բառերը` (ռահվիրա, ռահահորդ, առաջնորդ, առաքյալ) զորս անունիս կցելու տխրահռչակ պատիվը կ’ընեն. չէ՛, ես լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն*** կը թողում այդ բոլոր լպրծուն տիտղոսները, ու կը դառնամ ըսել ու պնդել թե ես երբե՜ք դպրոցի մը հետևելու կանխակալությունը կամ նոր մը հիմնելու ունայնափառությունը չեմ ունեցեր: Ամեն մարդ որ իր անհատականության և արժանապատվության գիտակից է, ինքնին դպրոց մը կը կազմե արդեն: Հետո տեղն է ըսել նաև թե ես երբեք խորհրդանշանակության ստրուկ մը չեմ: Փոխաբերությանց ու նմանությանց ուժգնություններ ու նորություններ` զորս կը սիրեմ գործածել` կարծել տվին թե սենպոլիստ մ’եմ. բայց ադոնցմով կը հիշեցնեի միայն սենպոլիզմը` որուն բոլորանվեր ուխտադիր մը չ’ըլլալե զատ` հակընդդեմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդեպ. այսինքն կը նախընտրեմ ճաճանչավետ Կյանքը, բաբախուն ու եռուզեռ Բնությունը` խորհրդանշական զուսպ ցրտություններեն:

Գեղագիտական հասկացությունն ալ զննելե վերջ պետք է որ հանգեինք Փայլակի բանաստեղծական անհասկացողության: Օրինակի համար Փայլակ Հովհաննու Հայտնության* չափ անմեկնելի կը գտնե հետևյալ տողերըորոնց մեկնությունը պիտի տամ, (ի՜նչ մեկնություններ տվինք որ) առանց Հովհաննու Հայտնությունը հայտնագրելու հավակնոտ մ’ըլլալու.–

Օ՜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա`

Ընձյուղներով, շաքիլներով անհամար.

Օ՜հ, արևոտ խայտա՜նք արբուն աղջըկա`

Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,

Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ`

Տարփո՜տ հյուղին կը պըլլվի, ու հեղեղ

Կանաչով մը կու տա համբույրն իր դալար:

Մեկնությունը.–

Հողին գաղջ ավիշը` որ անհամար ընձյուղներու և շաքիլներու (չգիտցած բառերնիդ բառարանը նայեցեք, պ. Փայլակ) ձևով կը պոռթկա ամեն կողմե. օ՜հ, այդ գաղջ ավիշը, վարար աղջկան այդ արևոտ խայտանքը` որ գարնան կուրծքեն կը զեղու արբշիռ, խոլ ու բորբոքուն, ու տարփանքով կ’ընգրկե հյուղը` զոր կանանչի հեղեղով մը կը համբուրե կարծես: (Կը կրկնե՛մ, պ. Փայլակ, չգիտցած բառերնիդ…):

Փայլակ «Հովվերգություն Մը» վերնագիրը նյութին անհամապատասղան կը գտնե շուկայիկկ սրամտության մը առիթին հետ. մերինները` Մոտեռնության այս կեղևանքները մամռարմատ ավանդամոլներ են էապես. կ’ուզեն որհովվերգություն մը երբեք չշեղի բորբոսած բանաձևին մատնանշած ուղղությունեն.–

Սիրախանձ հովվուհի մը կար, օձի նման մազերով, մարմարյա ծիծերով, ու սարսուռ պարգևող բումբերով: Հեշտախանձ հովիվ մ’ալ կար. որ զայն տեսավ, ահավոր սարսուռով մը գալարեցավ: Ըրին չըրին` գիրկընդխառնվեցան և երջանիկ ժամեր անցուցին: Անողոք բախտը սակայն զանոնք անջատեց:

Կ’ուզեն մեր պարոնիկները որ այսպես գրված ըլլա որ և է հովվերգությու. այլապես քիթ պոչ կ’ընեն, նորեն կը ծամածռե՜ն իրենց պաշտելի շուրթերը…

Փայլակ կրնա հանգստանալ այլևս, պիտի չզիջանիմ իր խոհարարիկ սրամտություններուն ալ գարշահոտությենեն աղաղակելու: Հանգիստ կը թողում գրականության այս cordon-bleu-ն** իր լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե*** պսակներուն հետ…

Հ. Գ. – Վերջին հանձնարարություններս են.– Սիրելի՜ Փայլակ, չգիտցած բառերդ բառարան նայելու չմոռնաս. բայց մոռցի՛ր խոհանոցի, բանջարանոցի ախորժակներդ: Ու մանավանդ կարդա՛, կարդա՛, կարդա՛, բան մը զոր կը հանձնարարեր Գոլանճյան` մեկ բարեկամիդ ու բախտակիցիդ****: Այն ատեն եթե դարձյալ փայլակ, գոնե չես ըլլար այլայլակ:

[1] Իրապես` մարդը փայլակներու խուրձ մ’է: Էմըրսըն – (Էմերսոն Ռալֆ (1803-1882) – անգլիացի արձակագիր, թատերերգակ և քննադատ):

[2] Բառերը գաղափարի ձիեր են, կ’ըսե Էմըրսըն, հայ բանաստեղծ մ’ալ, անկե անկախաբար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիրնե՜րն են: Պետք է նայի՜լ այս խոսքերուն խորը

[3] «էնթարի» – կնոջ կամ տղամարդու երկար վերնազգեստ:

[4] Moderne (ֆր.) – նոր, նորագույն, մոդեռն:

** Afficheur (ֆր.) – հայտարարություններ և ազդագրեր փակցնող:

*** Լեզվական առաքելության փառատենչիկ ցանկացողներուն – հեգնանքն ուղղված է Ե. Արմենի դեմ, որը իր որոշ գեղարվեստական երկեր գրում էր «ապագա աշխարհաբարով»:

* Հովհաննու Հայտնություն – Նոր կտակարանի գրքերից մեկը, որի հեղինակն է համարվում Հովհաննես առաքյալը, ուր նկարագրվում է նրա տեսիլը:

** Cordon-bleu (ֆր.) – հմուտ խոհարարուհի

*** Լահանայե, ապուխտե, յալանճի տոլմասիե – Փայլակի բառերն են: Նշանակում են` կաղամբով, ապուխտից, թփով (պասուց) տոլմա:

**** Կը հանձնարարեր Գոլանճյան մեկ բարեկամիդ… – Էդ. Գոլանճյանը Մ. Պարսամյանին «Պատրանքի ծաղիկներ» ժողովածուի առիթով խորհուրդ էր տվել անկեղծ ու ինքնատիպ գրել չկարողանալու դեպքում կարդալ ու վայելել ուրիշների գրածը («Լույս», 1908, թիվ 9, էջ 309):

[1] Հետամնաց բարեկենդան – տպագրվել է` «Բյուզանդիոն», 1908, մարտի 13, թիվ 3488: Հոդվածը պատասխան է «Նոր տաղերին» նվիրված մի գրախոսականի, որի հեղինակն է բանաստեղծ ու արձակագիր Ժակ Սայապալյան-Փայլակը (1880-1915):



Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.40.24 | Сообщение # 42
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Սա Մեծարենցի վերջին հոդվածն է, շուտով կանցնեմ Նամակներին. դրանք շատ չեն բայց կարծում եմ, որ կհետաքրքրի Մեծարենց սիրողներին...

ԱՂԵՂ ՈՒ ԿԱՊԱՐՃ

Ենովք Արմենի դեմ.– Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Եվ հարվածը, արդար ու անհաժեշտ հարվածը, դպա՜վ իր թիրախին:

Վրեժ մւ չէ ասիկա,– ո՛չ մեկ դրդապատճառ ունիմ այդ բանին համար,– և որքա՜ն ծիծաղելի ասպետականություն մը պիտի ըլլար ատ` եթե ունենայի իսկ,– հապա` արդարության գործ մը:

Ոչ ոք կ’անգիտանա թե գրականության կապիկներու այսօրվան տիրող, խաժամուժ, այլանդակ, աղմկահարույց բազմության մեջ Ենովք Արմեն… աննշան դեմք մը չէ: Ոչ ոք կ’անգիտանա այլևս իր ամեն մեկ շարժուձևին հոգեբանությունը, ոչ ոք այլևս կը տարակուսի իր ապիկարությանց, իր նենգությանց, իր շահախնդրոթւթյանց, իր գրական մեղքերուն վրա, բացի տակավին երկու գավառացիներե, պ. պ. Արտ. Հարությունյանե և Հովհ. Գազանճյանե:

Իր գրակա մեղե՜րը… ի՞նչ հարկ սակայն մանրամասնել, միայն կարելի է երկու մասի բաժանել զանոնք. նախ իր գռեհիկ բամբասանքները, զորս պ. Գազանճյան (կը զարմանամ, արդարև թե ինչո՛ւ տակավին պ. Գազանճյան կը համառի կրել գրագետի վերարկուն, որ ա՜յնքան չի վայելեր իրեն) իր տարեկան տեսության մեջ «կուռ քննադատականներ» անվանած էր, փոխանակ այս ածականը ինք իր վրա կրկնելու` զատված նյութին ճշգրիտ որակումը ունենալու համար. հետո` իր գրական մաքսանենգությունները, որոնց վրա ոչ ոք անդրադարձած է, և որոնց ամենեն վերջիններեն ու վավերականներեն հատ մը մանավանդ մատնանշեց ինծի բարեկամ մը:: Բարեկամս, առանց որևէ դիտողության մը, ինծի ներկայացուց Le Journal թերթին կտրոն մը, «Illusion…» վերնագրով և Maurice Level ստորագրությամբ, որպեսզի կարդամ. հետո, առանց բան մը ավելցնելու դարձյալ, «Մասիս»ի Բ շրջանի վեցերորդ թիվը, զոր ատենին տեսնելու պատեհությունը չէի ունեցած: Կը խոստովանիմ որ ես, ընթերցող մը, ե՜ս ամչցա այն հոդվածեն («Երկու Մուրիկ») զոր ստորագրելու չէր ամչցած պ. Ենովք Արմեն: Աս ի՜նչ հացկատակություն և,– աս ի՜չ կրկնակ աներեսություն. մարդ մը, որ առանց որևէ զգացումի կրնա հանդուրժել իր գոյության պայմանը ուրիշին քսակին մեջ փնտրելու նվաստության, և որ կրնա՜ հրապարակավ անվանարկել իրական քրտինքներու վաձքը եղող արդար վաստակներ, բայց ասիկա տրված է միայն Ենովք Արմենի պես նկարագրի մը, որ անամոթաբար պաղատագին ու բաց ափը կ’երկարե դեպ ի անկորով կարեկցություններ.

«Ա՜հ, գնահատությո՜ւն մը ողորմեցեք թշվառիս…»:

Դառնանք սակայն մեր խնդրին. ահավասիկ` երկու բառով` Երկու Մուրիկին պատմությունը. ծերունի մուրացկան մը, որ գեշ աղեկ, ավելի գեշ` քան թե աղեկ, «ավուրչեք»-ը հանած է, իր ճամբուն վրա կը հանդիպի կույր բաղդակիցի մը, բոլորովին լքված, որուն ողորմելու սրտառուչ բարությունը կ’ունենա: տարբեր բան մը չէ պատմած նաև` ընթացիկ արվեստով մը Մոռիս Լըվել, որ գթած մուրացկանին անհատականությունը ավելի կնճռոտ ու վերլուծելի դարձնելու համար թերևս, անձնասպանության ավելորդ պարագա մըն ալ ավելցուցած է: Այս պարզ ու հուզիչ պատկերը, որ այնքան տպավ<որ>ող պիտի ըլլար զգայուն ռամիկի մը բերնին մեջ, ամենեն անհամ քաշքշուկներու ենթարկված է պ. Ենովք Արմենի մոտ: Անդուր, անգույն, անկենդան նախադասություններ` տգիտություններով համեմված (՜՜), որոնց վրա ավելցուցեք նաև այն տեսակ մը անհավատալի կերպով գոռոզ և ինքնահավան պչրանքը(՞), այն եզական (՞) հանգրիճումը, զոր պիտի ներկայացներ բազմագույն, բազմազան գրգլյակներով… պճնված գլթիկ մը. ահավասիկ Երկու Մուրիկիարվեստը (՜) և ընդհանրապես պ. Ենովք Արմենի գրականությունը (՜՜՜): Թող չկարծվի, սակայն, թե «եկամուտ»ի կամ «փոխառության» այս դրությունը կամ սովորությունը նոր է պ. Ենովք Արմենի մեջ. չէ՞ որ Հավատք վերնագրով իր մեկ արձակը Սիպիլի Ծաղկազարդի հիշատակն էր, ուր պարոնը` իր չտեսած բաներուն վրա կխոսեր, ուր չէր կրնար ծածկիլ իր անվարտի տգիտությունը. չէ՞ որ, ավելի կամ նվազ հեռավոր, Թլկատինցիի և Արամ Անտոնյանի մեկ հետևականությունն էր թատերախաղաձև իր ուրիշ մեկ էջը, որ հրատարակած էր Մասիսի վերջին թիվերեն մեկուն մեջ: Եվ տակավին ըսե՜լ թե պ. Հարությունյան, որուն ճաշակներն ու դատաստաններն ընդհանրապես վստահելի էին, ասյ տեսակ հեղինակի մը մոտ «իսկատիպ բաներ» տեսնելու պատրանքը, ակմ ավելի ճիշտը` ճարպիկությունն ուներ: Այս հորջորջումը, սակայն, ճշմարիտ քննադատության մը արժեքը ունենալե ավելի – իրականություն, զոր պ. Հարությունյան ինքն ալ չ’անգիտանար հարկավ,– «պարտավորված» ու փոխադարձ մեծարանքի այն տկարություններեն է, որոնցմե պ. Հարությունյան ա՜յնքան ունեցավ վերջերս` զինքը գետնամած բարևողներուն հանդեպ, որոնցմե է Ենովք Արմեն:

Ավա՜ղ, արգահատեցե՛ք, արգահատեցե՛ք այս ինքնագոհ և անդարմանելի միջակություը ու ծիծաղեցե՛ք իր մեջ մեծամի՜տ ամբարտավանը, պարզամի՜տ կեղծարարը, տգետ ու տղայամիտ պոռոտախոսը, բայց մանավանդ, հտպի՛տը, հտպի՜տը…



Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 07.41.19 | Сообщение # 43
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՆԱՄԱԿՆԵՐ

1907

< ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ>

<Կ. Պոլիս, 25 Հունիս, 1907–Մալկարա >

Կը տեսնեմ որ «Ծիածան»ը նշմարելի խոստում մը եղած է բոլոր գրախոսներուս համար ալ ու կը դողամ մտածելով թե այդ խոստումը պիտի կրնար գուցե լուսավոր խաբուսիկ պատրանք մը ըլլալ` մեր գրական նորածագ բոլոր երևույթներուն պես: Բայց ուրախությունը ունիմ վստահեցնելու ձեզ թե` բավական արիություն ունեցեր եմ սնապարծության ու վատորեն գոհունակ ծուլանքի ճահիճներուն մորին մեջ բռնված չմնալու, և թե` «Նոր Տաղեր»ս առանց ծարավիս հագեցումն ու փառքիս լրումն ըլլալու, պիտի կարենա սակայն կատարված խոստումին ճակատաբաց շարժուձևը զգացնել:

Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության մը գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասիս, անհրաժեշտությու-նը կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու:

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ազնիվ ու սիրելի Օֆելիա,

Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ, քու գաղափարիդ լույսը` ու մոտենամ քաղցր ու սփոփարար հոգիիդ, ո՜վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտվան բոլոր արփային ճառագայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի,– ամենն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայեն. և որովհետև բոլոր քույրերուն մեջեն ալ ճառագա՜յթ մը չգտա որ հոգվույս մթությունը լուսավորեր… Թղթիկ մը ծրարեմ ըսի. որովհետև պետք ունեի որ մանիշակագույն տողերուս ընդմեջեն քու պատկերիդ կենսավետ ճառագայթո՜ւմը տեսնեի. չպիտի մոռնա թե դուն հավատքի մը չափ քաղցր ու ամոքիչ կորովի նեցուկ մը եղար իմ գաղափարիս` որ կը գահավիժեր հայ աղջիկներուն ապագային մասին կազմած հուսահատությանս փոսին մեջ. դու ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրա նշուլող ճառագա՜յթ մը:

«Լույս»ի հոդվածդ* կարդացի. օ՜խ, ի՜նչ հանգիստ` վերջապես հայ աղջի́կ մը` որ լուրջ ու գաղափարական բան մը գրելու կորովը կ’ունենա, փոխանակ մեղկ սարսուռներու մեջ օրորվելու, փոխանակ հեշտախտավոր թարգմանություններ ընելու և պչրասիրական խտղտանքներ պտտեցնելու հոգիներուն մեջ այն աղջիկներուն` որոնց իտեալն է պուպրիկներ ըլլալ. ո՞րն է այսօրվան քաղքենիներուն հատկանիշը. հագվի՜լ, երևալ-չըլլալ. քիչ մնացեր էր որ շնչահեղձ ըլլայինք այդ վատառողջ կազերեն. վերջապես այս հոսանքին մեջ ըլլալուն ջատագով մը կը հանդիսանաս դուն` ու ճիշդ վայրկյանին կը հասնիս բժշկելու:

Չկարծես թե միակ հոդվածդ բավական եղավ ինծի` տպավորությանդ ենթարկվելու. այդ հոդվածը ինծի կը խոստանար և երևակայել կու տար. նմանօրինակ գրություններու ամբողջ շարք մըն է որ կ’երևակայեմ ու մանավանդ իրավունք ունենալ կը կարծեմ սպասելու մեկեն` որուն մեջ բանականին զորավոր մնացած են բնազդները` հակառակ կարծեցյալ քաղաքակրթական շոշափումներու և փայփայանքներու:

«Ծիածան»ի կույսը, ավա՜ղ, չէ կրցած փարատել հոգիիս վրա ամպացող մթությունը` զոր ես կենսաբաղձությամբ ուռճացած ու ու տարածված պատռտեցի նեղ վերարկուի մը պես. իսկ դուն, օ՜հ, ինչպե՞ս կրնայիր նախանձիլ անոր` որ իրեն վիճակված խողճ դեր մը նույնիսկ չկրցավ կատարել, դուն` որ եթե «Ծիածան»իս վրա պտղող սև մելանի կաթիլը շոգիացող ճառագայթը պիտի չըլլայիր, եղար այն կենսավետ ճառագայթը` որ անդադար «ծիածան»ներ կը հորինե հոգիիս արցունքներով` որ կը շոգիանա՜ն. ի՜նչ փույթ թե ալ ծիածան չպիտի ունենամ` արցունք ունենալով. կը բավե ճառագայթ մը ունենալ` արևին հասնելու:

Որքա՜ն տխուր կու գան ինծի քու և Տիգրանին համակրությունները` բանաստեղծությանս մասին. ինծի` որ թերևս հոգեկան շրջափոխումի վայրկյանի մը մեջ կըզգամ թե ապաժամ ունայնություն մըն է անիկա, զվաճասիրության վայրկյանի անպտուղ ծաղի՜կ մը, ավա՜ղ:

Կ’երևա անհասկանալի բաներ կ’ըսեմ. գիրս ալ չի՞ հայտներ արդյոք մտքիս տենդային վիճակը. անհասկանալի բաներ. զարմանալի չէ, որ «Ծիածան»իս մեջ ալ գտած ըլլաս անոնցմե. որովհետև «Ծիածան» չէ ունեցած բավականաչափ հասկնալի հանգամանք, այսինքն կենսական, հանրամատչելի, հոգեգրավ հատկություններ. կա «Ծիածան»ի մեջ ջերմություն մը` որ սակայն ամպերուն տակեն շողացող արևին ջերմությունն է` ցուրտը զգացնող ավելի: Իսկ Տիգրաննիս հեշտակասիրտ կ’անվանե զիս, հրեշտակասի՞րտ. եթե ուզեի ըլլալ` պիտի չկարենայի, եթե կարենայի ըլլալ` պիտի չուզեի՜:

Անհասկանալի բանե՞ր. շատ ըսի՞ արդյոք. մեկ վայրկյանով հասկցանք զիրար` ու այդ մեկ վայրկյանն է զոր կ’ապրինք տակավին. ապրելու համար այդ վայրկյանը բավական է թեև, բայց ինչո՞ւ չոսկեզօծել ու շուրջանակի չլուսավորել զայն, ինչո՞ւ հոգեկան աչքին հետ մարմնավոր աչքին ալ նայվածքներով չպայծառանալ – կը խորհի

Շավասպը

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ազնի՜վ Օֆելիա,

Նամակիդ թվականին կը մտածեմ. Հունի՞ս. –երկու ամիս մը եղավ: Անտարբերություն չէ, անհոգություն ալ չէ, ծուլություն ալ, այս հիվանդությունը. հապա, ինձի համար գոնե գեղեցիկ քերթված մը գրելու իտեալիս մեջ, լայն ու հանդարտ տրամադրության մը ապավինելուս նմանող բան մը` պատասխանի այս ձգձգումը: բայց հարկ կա՞ր, սիրելի՜, լեղի դեղատով մը դարմանել փորձել այս հիվանդությունը: Բայց կ’ընդունեմ… բժիշկ ես, ուրախանալով նաև որ առանց ատոր իսկ, քանի օր առաջ պատրաստեր էի նամակս: Այսքանը գոնե ըսել ու շեշտել ուզեց`

Շավասպը

< ՕՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

< 1907 >

Ատաբազար*

Ազնի՜վ Օֆելիա,

Մեղք, որ չպիտի կարենամ գալ հոդ` օդափոխության համար, որովհետև «Նոր Տաղերս» ալ հրատարակելու ձեռնարկով զբաղած եմ:

…Վարդը հոտոտեցինք, վարդին հետ Վարդ բանաստեղծը` Պեյպին**. մեռնիմ իր գեղեցկության ծարավ աչքերուն` ուր ամեն ձև ու գույն, ամեն տերև ու ծաղիկ իր լուսատիպ պատկերը կը գծե, և իր լսելիքին` որ մայրիներու կատարներեն անցնող գետին` հովին ձայնովը կ’օրորվի, և ռնգունքին ուր բարակ բուրումները կը հանգչին վայրի անանուխներու, և քաղցրագին հոտը` ընտանի կարմիր վարդերուն. համբույր իր բանաստեղծ հոգիին` որ շատ կանուխ գեղեցիկին ծարավը ունի:

Շավասպ

< ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

Տիգրա՜ն,

Ա՜խպըրուկ,

Ուրեմն ահավասիկ կյանքը, ուրեմն ահավասիկ կյանքը` զոր կ’ապրիս ու կը տժգունիս ա՜լ անով, մինչև մենք, սենյակի ապրողներ` տակավին մեր պատուհաններեն կը դիտենք զայն ու կ’իմաստասիրենք:

«Տժգույն է» կը գրե Օֆելիան. ինչպե՜ս չտժգունիլ հիվանդներուն հետ, քանի որ լերան քարերն անգամ հոգեքաղ վերջալույսին հետ կը դալկանան: «Իմ գեղջուկներս», «իմ հիվանդներս»… կ’ըսես անշուշտ յուրովի և իտեալներդ շոշափելու հազվագյուտ երջանկությունը կ’ունենաս: Ու հետո կը փայփայես ծաղիկներդ ալ, ու վարդը` էն առաջ. ո՞ր դյութաշխարհի վարդենիքեն ծնած արդյոք. և միթե իր հոպոպիկներուն, իր այտերուն բույրնուերանգը չծծեցի՞նք միասին հոս, Օֆելիային նամակին մեջեն. որքա՜ն կը ճանչնամ զինքը:

«Պիտի ջանամ կազդուրիլ» կը գրե Օֆելիան. բաժակին դառնութենեն հետամնաց համագրավ քացրությո՜ւնը ուրեմն` որ վերստին տոչորել տա շրթունքները` լեղի բաժակին ծարավով. բայց ինչո՞ւ լեղի բաժակ անվանիլ կյանքը` որ աչքդ պարտականության կը բանա` լուսոռոգ պատուհանի պես` փոխանակ «երջանիկ կուրության» մը մեջ զայն փակելու: Կյանքը միշտ պիտի ունենա իր հիվանդները, իր տառապողները, և անձնական երջանկություն մը, հետևաբար, մեծագույն անիրավությունը պիտի ըլլար միշտ: Հիվանդի խուցերուն տխրությունով սարսռա՜լ, ու բազուկը բազուկի՜ն երկարել քիչ մը կյանքի հույզ ու հույս ներարկելու բաղձանքով և հետո սփոփի՜լ. պիտակված դարմաններուն հետ մանավանդ ալ անպիտակ ու հարազատ դարմանները, հոգիի՜ն դեղերը,– հույսի ճառագայթալիր վիրակապեր, համակրության գորովի բալասանին վրա. օ՜հ, այս ամենը, ամե՜նը… ու պզտիկ լռություն մը, սիրտերու համատրոփ զարկը, ու գորովով եղբայրացած աչքերուն աննյութ ու հոգեշոշափ վճա՜րը… բայց ուրիշ ո՜ւր կարելի է փնտռել երջանկությունը, միակ ու հարազատ երջանկությունը` պարտականության կատարումին գոհունակ ճառագայթումը. ուրիշ ո́ւր կարելի էր փնտռել ու գտնել զայն… առանց ամպերու տակ սքողելու այն այգաստղը` որ խիղճ կը կոչվի: Կը քակեմ փունջդ****. կ’ուզեմ գգվիլ ծաղիկներդ, ինծի անծանոթ սիրականներ.– Խաչածաղի՜կդ, հի՜ն հավատալիր ժողովուրդ` որ իր նայվածքները ժամուն արծաթ ու ոսկի խաչերուն պատկերովը ողողած, կը ցանե զանոնք դաշտերուն ու բլուրներուն վրա ալ. հողին հեթանոսությունը կ’առնե, ժամուն մեջ զետեղելու, և հոգիին քրիստոնեությունը կը նվիրե անոր իբրև փոխընծա: «Առյուծաբերան»ը շա՜տ կւ խոսի ինծի, հակադարձաբար «Լադենի»ն, համր ու համակրելի՜ անծանոթ` որ ոչինչ ունի ըսելիք եթե ոչ իր սիրելիությունը: Որքա՜ն կ’ուզեի հիմակ արևակեզ «թավշածաղիկ»ին բույրը, ու զույգ ձեռքերուս մեջ բռնել «մոմածաղիկ»ներ բոլոր ժամվոր բլուրներուն ու դաշտերուն հետ` այն պատարագին մեջ` որ արևներով կենսավետ տիեզերքին շարժումն ու ուժը կը կազմե:

Քափուրը***** այդ անծանոթ մանուկը` զոր կը գրկես վեր կ’առնես աչերս համբուրել տալու համար, պիտի դարձնե քեզի այն համբույրները` զոր շրթունքներս կը հորինեն ճերմակ ճակտիդ համար, դեղին ու ճերմակ ու կարմիր վարդերով երջանկացա՜ծ ճակտիդ:

Շավասպ

< ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

Սիրելի Տիգրան,

Կարդացի թոքախտի վերաբերյալ գիրքը. թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական ելավ. արդեն կը քրտնեի, արյուն ալ փսխեցի, ուրեմն ամեն ինչ կատարյալ է. հազս շատ է, մեղմացուցիչ դեղ մը կ’ուզե նորեն…

Շավասպ

Կ. Պոլիս, 14 սեպտեմբերի, 1907

Զիմառա******

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՔՀՆ.

ԱՍԼԱՆՅԱՆ

Սիրելի Տեր Հայր,

«Ծիածան»ի առթիվ գրված նամակը անգամ մըն ալ կը կարդամ զգածվելով. «Ինչո՞ւ տիեզերքի հոգիին հետ չես խոսակցիր» կը գրեք. բայց դիտելի է որ իմ գրեթե բոլոր քերթվածներս այդ մեծ խոսակցության կը նկրտին, որքան որ ալ իմինս չըլլա Աստուծո հետ դեմ հանդիման խոսակցություն, բայց ո՞չ ապաքեն Աստված ամեն տեղ է. Ձմրան Պարզ Գիշերվան մեջ հծծածս աղոթքս ու Արևին ուղղածս պաղատանքս իրեններուն, հետևաբար և իրեն համար էր. ի՜նչ երջանկություն, տերևին մը խարշափին մեջեն տեսնել տիեզերական զորության գաղտնիքը ու այդ փոքրիկ մասնավորեն մեկնիլ դեպ ի անհունը. «իրերը անհունության վրա բացվող պատուհաններ են իմաստասեր աչքին համար» (Քարլայլ)******* ու զարմանա՜լի չէ, որ Էմըրսըն «ժամադրած ըլլա Աստուծո հետ` մացառի մը ծոցին մեջ»: Ուրախ եմ որ երկրորդ հատորիս մեջ լայնորեն տեղ տված եմ այս գաղափարիս, հունավորը կը բարձրանա ու կ’երկարաձգվի դեպի անհուն, ինչպես արահետ մը` որ լերան կողն ի վեր մինչև կատարը կը հասնի. ինչո՞ւ սպասել ստորոտը ու կատարին գովքը կարդալ, փոխանակ հանձնվելու արահետին որ պիտի բարձրանար:

Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքա՜ն կը ցավիմ որ էապես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ. այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կ’ըլլայի: Անշիջանելի բաղձանքս եղած է վերստին տեսնել ու ապրիլ գյուղիս ծոցը` նորոգվիլ իր տեսարաններուն ու գեղեցկություններուն ավիշով, ֆիզիկաքան վիճակս որ արդեն թելադրիչ է այս բաղձանքին, ծննդավայրիս գգվական օդը թերևս, բժիշկս ալ այս պատվերը տվավ. շատ հետաքրքիր կ’ըլլայի իմանալ Զիմառայի աշխարհագրական դիրքը, ծովեն ունեցած բարձրույթունը, օդին վիճակը. թերևս կարենամ հոն վերջնապես կազդուրվիլ մարմինով ու միտքով ալ:

Սիրալիր կ’ոջագուրեմ քրորդիներս, քրոջս ձեռքը կը համբուրեմ և Ձեր սուրբ աջը:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

* «Լույս»ի հոդվածդ… – Խոսքը Օ. Ներկարյանի «Հալքիի մեջ» հոդվածի («Լույս», 1907, օգոստոսի 25) մասին է, որով հեղինակը հորդորում էր հայ կնոջը աշխատել ու օգտակար լինել հասարակությանը:

** Ատաբազար – հայաշատ քաղաք Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, Օ. Ներկարյանի ծննդավայրը: Հաստատվելով Ատաբազարում` Գասապյան ամուսինները Մեծարենցին հրավիրել են իրենց մոտ:

*** Պեպի – Օ. Գասապյանի մորեղբոր զավակը:

**** Փունջդ – Գասապյանները Ատաբազարից Մեծարենցին են ուղարկել թաղարով ծաղիկ:

***** «Քափուր» – անուշաբույր մուգ կարմիր վարդ:

****** Զիմառա – գյուղ Սեբաստիայի նահանգում, Եփրատի աջ ափին:

******* Քարլայլ (Կարլեյլ) Թոմաս (1795-1881) – անգլիացի հրապարակախոս, պատմաբան, փիլիսոփա:

ՆԱՄԱԿՆԵՐ

Պահպանվել է յոթ նամակ: Սրանցից հինգն ուղղված են Տիգրան և Օֆելյա Գասապյան ամուսիններին, մեկը` Արտաշես Հարությունյանին և վերջինը` Վարդան Ասլանյանին:

Տիգրան Գասապյանը (?-1915) մասնագիտությամբ բժիշկ էր, բայց զբաղվում էր գրականությամբ, գրել է բանաստեղծություններ ու հոդվածներ: Օֆելյա Ներկարյան-Գասապյանը (մհց. 1954) բժշկական կրթություն ստացել էր Ամերիկայում, վերադարձել Կ. Պոլիս, ուներ գրական հետաքրքրություններ: Գասապյանները Մեծարենցի մտերիմներն էին, հաճախ են այցելել նրան ու ցույց տվել մասնագիտական ու բարոյական օգնություն: Վարդան Ասլանյանը (մհց. 1915) Մեծարենցի քրոջ ամուսինն էր, հետաքրքրվել է գրականությամբ, մամուլում հաճախ է հանդես եկել հոդվածներով:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
  • Страница 5 из 5
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz