Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-04-25, 23.59.14
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 5 из 6
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Դանիել Վարուժան, 1884-1915
Դանիել Վարուժան, 1884-1915
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.44.28 | Сообщение # 41
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
7. ՕՁԸ
Իսկ ապրող Հայերն ալ` այսպես ապրեցան

Լերան կողին, նըման վերքի մը լայնշի
Հեղեղատն այն կը տեսնա՞ք.
Ջուրեն բացված, այսօր ջուրի ծարավուտ
Ան ճամբա մ'է կարմրորակ:

Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով,
Կ'ելլեի ես անկե վեր,
Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ`
Ուրկե ինծի դյուրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակվիլ,
Շընչել ամե՛ն երկրի հով,
Եվ հետևիլ արծիվներուն ընթացքին
Մատղաշ հոգիս պարզելով:

Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն...
Հոն ո՛չ սյուք կար և ո՛չ խոտ.
Թիթեռնիկներն այտեղ ինկած դիպվածով`
Կը փախչեին հևհևկոտ:

Արևն էր լոկ, իմ ուղեկիցս արև՜ն էր`
Որ մըխած գլուխն հըրաբոց
Ավազին մեջ` կը խըմեր հողն, ու հազար
Պատիճներովն ոսկեզօծ``

Կը ճաթեցներ ապառաժները` սնելով
Անոնց ծածկած տամկությամբ:
Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն
Շուքս ետ թողած, միակ ամպ:

Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ
Խարըսխըված գըլխուս վրա.
Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ`
Վա՛ր կու գար օձ մը հըսկա:

Ալիք ալիք օղակներով իր ճապուկ
Դահանակի և լալի,
Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ`
Ան կ'իջներ, ես կ'ելլայի:

Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք...
Իր բոլոր զենքը անի
Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս,
Ես, դեռ անզեն պատանի:

Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ`
Զերդ շանթը դեպ լըսնոսկին`
Որուն վախճանն հորն է մաքո՜ւր և նվաճո՜ղ...
Ոստում մ'ըրավ մոլեգին,

Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս
Իբրև բաղեղ` վարդենվույն,
Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս
Կոր գըլուխն իր լիաթույն:

Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ
Մահվան դողով դողացի.
Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
Թովչանքն հոգվույս մըտացի.

Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ
Իմաստությունը մարդուն,
Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց
Բընազդը նենգ կենդանվույն:

Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ,
Կյանքի, մահվան արցունքով
Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն
Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես,
Քամեց բիբերըս բերրի,
Եվ մարեց մեջն օգոստոսի արևն հուր
Օձն այդ ծարավ արտոսրի:

Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով
Շուրջը վըզիս` զայն սեղմեց.
Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն`
Կը ջախջախեր քար մը մեծ:

Քընթըռնոցներն ամփոփելով իրար մեջ`
Կոկորդըս պինդ պըրկեցին,
Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված
Չորս ճամբաները կյանքին:

Ու ունչերես ու աչքերես բըխեցավ
Արյունըս դուրս սորսորուն,
Եվ ըզգացին, կարծես, շըրթունքըս դողդոջ
Սըրտիս ամբողջ ջերմությունն:

Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս
Խըմեց արյունս անդեղյա:
Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի
իր մարմնույն մեջ, մարմնույս վրա:

Ինչպես շողերը արևուն կը սուզին
Հին ջըրհորներուն մեջ ցամքած`
Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան
Որկորեն վար թըխպամած:

Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես
Լուծեց օղերն համրաբար,
Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով
Շուրջն իրանիս դալկահար:

Կըշտացած էր իմ արցունքով, արյունով...
Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,
Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն`
Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի....

8. ԹԻԱՊԱՐՏՆԵՐԸ

Պատերազմ է հըռչակված: Թընդանոթի մը պողպատ
Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան.
Անհեթեթ բեռը պետք է մինչև գագաթը տանին
Սա դիմացի խրոխտ լերան` որ իր գլուխն է մըխըրճեր
Կապույտին մեջ արևոտ` իբրև հալած կապարի:
Անկե ո՛չ ես, ո՛չ գոմեշ ելավ, և ո՛չ ալ ջորին.
Սեպերեն վար սահեցան պճեղներն անոնց կըրկաճիղ.
Ծալլըվեցան ուժասպառ և դողահար ծունկերնին,
Կամ թե երբուծը անոնց հանկարծակի պայթեցավ
Բուռըն հևքեն զըսպըված թոքրենուն մե տապահեղձ:
Եվ արդ մընաց կըրելու հերոսներո՛ւն մըկնագեղ
Բեռը ձուլված արյունով, բեռը մահվամբ ծանրակիր:
Ետևեն բիրտ զինվորներ կը մըտրակեն անխընա
Թիապարտները բոպիկ, մերկ կըռնակով, գըլխեբաց,
Որոնց մարմինն` որ ուներ անբըծություն մարմարի,
Այսօր թուխ է իբրև պղինձ քուրա մը միշտ հըրամերձ:
Կը տոչորե անդադար սևցած հըզոր ծոծրակնին
Ամրան արևն ու հանկարծ կը կեցընե, կը խըմե
Քըրտինքի շիթ մը մարգրիտ` ողնաշարնեն վար սահող…
Վե՜ր, վե՜ր. Փոկերը ճարպոտ դժնե հարված մըտրակին
Կը շառաչեն կըռնակնունյ, մեջքերնուն շուրջ կ’ոլորտին,
Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց սողալով`
Կը գալարվին լըզվըռտվող օձերու պես քըստմնելի.
Եվ թողված հետքը կապույտ, կաղապարով խոտորնակ,
Կամաց կամաց կը սկըսի սրյան ծիլեր դուրս բըխել:
Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Ու պարանը անճոռնի, հաստաբեստ,
Մարմինն իրենց կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի.
Նյարդերու բեկտումին, ոսկորներու փըշըրման
Աղաղակն է` որ կարծես իրենց ճիգեն կը լըսվի:
Դեմքերուն վրա՛ թափված են խառնափընթոր մազերնին`
Որոնց ծայրեն կը թորի առատ քըրտինք մ’հողին վրա:
Շունչերնին դուրս կը պոռթկա ընդհատ ընդհատ ռունգերնեն`
Եվ միացած կուռ սայլին երկրասասան դըղըրդյունին
Վայրենի նըվագը կ’ըլլա աշխատանքին այդ դաժան:
Ահավասիկ կը կաթի խարազանված ուսերնեն
Արյունն արդար, սուրբ գինին մարտիրոսված այդ Ուժին,
Որով խըխում` կ’արբենա ամուլ լերան ճերմակ հողն
Ուրտեղ նույնիսկ չի գըտներգաղտնամես օձը սընունդ:
Ո՛չ ալ կյանքն իր բաշխելու համար արևն հունտ մը էգ:
Այդ կատաղի վերելքեն` անոնց ոտքի տակ լայնշի
Հանկարծակի կը փըրթին լայնաձեռեկ ճեղքվածքով
Ժայռեն մեծղի կըտորներ. և ձորին մեջ թավալող
Պայծառահունչ կրանիդի յուրաքանչյուր կոշտ հարված
Ներբաններուն վիրավոր վարդագույն դրո՛շմը ունի:
Հոլա՛, վե՜ր, վե՜ր: Այդ մահվամբ հըղի հրանոթն ուռնակուռ
Միջօրեի անողորմ ամառնաբորբ տոթին տակ
Ճաթելու չափ տաքցած է, շիկնալու չափ` հրազօծ.
Երբ կ’ընկըղմի մերթ արևն երախին մեջ լայնաբաց`
Ան վիշապի մ’աչքին պես կը ժայթքե թուխ փայլակներ:
Մինչ խարազանն անընդհատ եղեռնաբար կը շաչե`
Թիապարտները կարծես, գլուխնին հակած անմըռունչ
Թանձր ու կախ հոնքերուն տակ մըտասույզ, ինքնամփոփ,
Դեռ կը խորհին լեռներու իրենց ազատ կյանքին վրա,
Ո՜հ, այն լայն կյանքն` ուրկե շեշտ կայծակներու պես անցան
Մահ և փայլակ դրոշմելով ամեն հինցած շենքի վրա.
Ամեն պայծառ կյա՜նքն` որ իրենց կամքին թռիչքովը միայն
Գաղափարին աստղալից խորաններուն կը սուրար:
Ո՛չ մեկ մտածում պահպանող, ո՛չ մեկ հեշտանք, ո՛չ մեկ կույս
Կըրցավ վայրկյան մ’օդին մեջ բըռունցքն իրենց կեցընել,
Որ շեշտակի թագերուն և գահերուն վրա կ’իջներ:
Իրենց ճակտին շողացող երկնային մե՛ն մի ճաճանչ
Սանձակոտոր եռանդի մը փոխվեցավ մրըրկահույզ.
Իրենց մեջ ոսկր ու արյուն դարձավ ամեն գաղափար.
Եվ այսպեսով մկանունքներուն ամեն մեկ բուռն հաղթանակ
Մեկ հայակապ հաղթանակն էր մարդկային մեծ Մըտքին:
Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ,
Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.
Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ
Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով
Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր…
Սակայն հի՞մա. Ա՜հ, հիմա բըռնադատված են քաշել
Կույր հըրանոթն` որ պիտի վաղն արձակվի կույրերե:
Պարանն` որ ձիգ կըռնակնեն կաշկանդումով մը կ’անցնի
Կը պըղծի սուրբ ուսերնին` որոնք էին արժանի
Լոկ փառքը կրել մազերնուն արփվույն շողով սանտըրված:
Հոլա՛, վե՜ր, վե՜ր. Բայց ահա խրոխտ խոյանքով մը վերջին
Թընդանո՜թն այն տըղըդեր լերան կատարն հանեցին
Այն թընդանոթն` որուն շունչը պիտ’ երթա լափլիզել
Կատաղաշարժ բանակներ, կամ քաղաքներ մարմարե.
Խաղաղ գյուղեր` որ ցանված բըլուրներուն լանջքին վրա`
Արեգակին տակ կ’օծվին, կամ լուսնին տակ կ’աղոթեն:
Թիապարտներն ավասիկ հառաչակուլ հևալով
Լերան վըրա լուսողող կոթողվեցան գըլուխնին վեր.
Իրենց աչքերն, որոնց մեջ արյուննին է խըռնըվեր.
Արևուն տակ, պըղինձին մութ ու կարմին փայլին պես,
Ըսկըսան շող մ’արձակել: Անոնք տեսան իրենց շուրջ
Հորիզոններն` որոնց վըրա բերդեր էին կառուցված,
Պատերազմի ճամբաներ` բանակներու իբր ուռկան,
Եվ հասկըցան` որ աշխարհն իրենց թողած օրեն վեր
Մընացեր է միշտ զառամ, միշտ մեղքին տակ կորակոր.
Այն ատեն դող մը անցավ ոսկորներուն մեջ հոգնած.
Սըրտերնուն մեջ հին մոլուցքն ու մըռընչյուններն արթընցան,
Եվ զինվորները մինչդեռ կը սկըսեին վերստին
Դառնակոշկոճ, արյունոտ կրունկներն անոնց շըղթայել,
Անոնք իրենց չհասկըցված, հոգնությամբ լի հոգիով
Երեք անգամ օրհնեցին լերան գագաթը հանած
Ինքնափճացման կույր գործիք, թընդանո՛թն այն եղեռնի:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.45.20 | Сообщение # 42
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
9. ՎԱՂՎԱՆ ԲՈՂԲՈՋՆԵՐ

Երբ արտին մեջ երգելով,
Խաղա՛ղ հոգի, կ’աշխատեր,
Ըսպաննեցին: Տարին եզները ջուխտակ:
Վըկա չըկար: Պիտի վրեժն ո՞վ կըշռե. Դո՛ւ,
Ո՛վ շանթ, անոնց ետևեն շուտ դու հասիր,
Որ լերան վրա ամպամած
Խոժոռադեմ կը հըսկես.
Անշուշտ տեսար ամպի մը մութ բացվածքեն`
Թե ինչպես վարը բըռնի,
Յաթաղանին տակ սըրբազան բահն ինկավ,
Եվ պոռթկաց խոնջ ճակատեն
Արյունը տաք, վարդերուն պես հունիսի:
Գայլի՜ եղեռն: Մըթընշաղին մեջ հիմակ
Ակոսներուն վըրա լուռ
Բըզիկ բըզիկ կը պառկի:
Գյուղացիի խորշոմներուն մեջ աղվոր`
Ուր արեգակն առողջ արյունն եռեփեց
Քըրտինքը ա՛լ սառած է.
Աշխատանքի քըրտինքը սուրբ ու բեղուն
Որ մինչ այսօր, ինչպես արյունը, եղավ
Մըկըրտությունն Արարատյան մշակներուն:
Հերկե խոնջած բազուկներն ա՛լ անգործ են.
Կուրծքը մըռայլ, թավամազ,
Դեպի աստղերը, արձակ,
Շեջ հրաբուխ մ'է որ կ'ուզե բոց երկընքեն
Դեպ Անհունին սև սառնության ժայթքելու.
Կողը տված է հողին
Զոր մըշակեց ամրան դեղին հասկերուն
Երազանքեն ժըպտելով:
Շարժմամբ աճած, աղվոր, զորեղ իր մարմնեն
Արյունը խուլ դըղըչյունով կը հոսի.
– Կարմի՜ր հեղեղ, սըրտի խորեն վար իջած –
Տափանն ու թին ներկելով
Կ'երթա գուղձերն ողողել.
Ակոսներուն մեջ զետեղել լիազոր
Կարողություն մ'արեգակի, անձրևի.
Թափանցել մութ ծոցն երկրին,
Իբրև ըլլար մարգարեի մըտածում,
Եվ հոն ճըռզած հունտերուն մեջ ներշընչել
Ուռչում մ'ատոք և առույգ,
Դարձընելով կյանք մ'իր առջի օրոցքին,
Նոր ծաղկումի մը համար,
Եվ հոն հըծծել նախնիքներու փոշիին
Թե – մինչ ե՞րբ իր արյամբ
Հայ գյուղացին պիտի արտն իր ոռոգե:

Կը լըռե շուրջն ամեն իր:
Լուսնին լացող աչքերուն
Ամպերը թուխ թաշկինակներ կը դառնան.
Խավարն հոծ է, սև պատանք:
Հեռուն կնոջ մ'հոգին տարտամ կասակծով
Գիշերվան մեջ կը սպասե.
Ջուխտ որդիներն ինկած ծունկին գըգվանուշ
Հույսի մը մեջ վաղամահ, զերդ ծիածան,
Հեծկըլտանքնին կը խեղդեն:
... Ահե՜ղ հանգիստ. դիակին քով արյունոտ
Կյանք մը ծաղկի, աստղի առկայծ ճաճանչներ,
Զույգ մը բիբեր, զույգ մ'հոգեվարք կայծոռիկ,
Արտին մեջ շունչ մ'հովերու
Մեռնող սուրբի մ'հուսկ սաղմոսին պես տըխուր,
Խորշոմներուն և իր գեղջուկ լոիկին
Ծալքերուն մեջ արևու
Ջերմություն մ'հուր, երգ մը հովեն սորվեցված,
Քըրտինքի շիթ մը սարսռուն,
Հողի բույրեր, կըծու բույրեր ծոթրինի,
Այլևս անդարձ, անվըրեժ, լուռ կը մեռնի՜ն...
Ո՛չ, հանուն հայ մռունչներուն,
Թափված արյունն անմեղին չի՛ մեռնիր. Ո՛չ...
Վաղն հողը դուրս պիտ’ պոռթկա
Արևուն տակ հասկեր առլի, կյանք մը նոր,
Նոր և հըսկա, հըսկայացած դիակով,
Բողբոջ մ’առույգ, գեղեցիկ,
Վաղն այս բարի արյունեն վեր պիտ’ ելլեն
Խառնըվելով ցորենին
Նոր Սերունդի կարմիր կարմիր կակաչներ,
Որոնց արմատը կը դըպչի, պայթման մոտ,
Վարն հրաբուխի մ’ապագա…


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.46.29 | Сообщение # 43
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
11. ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ

Դեռ փոքր էի. եկա քեզի մինավոր,

Մութ զընդանիդ մեջ այցի:

Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ե՛ս ազատ

Մեջտեղ բանտի և մահճի:

Լուր տըվին քեզ. եկար առջևը դըրան

Վանդակապատ` որ – ոճի՜ր –

Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:

Եկար անխոս, վըշտակիր:

Ո՜րքան նիհար էիր և որքա՜ն աչքերդ

Ծարավ էին արևու.

Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած,

Ո՛վ հայր, մեռել մ’էիր դու:

Նըշմարելուդ պես զիս ժըպտիլ ըսկըսար.

Բայց այդ ժըպիտը բարի,

Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած

Լըճի մը վրա արտոսրի:

Կարկառեցիր սև վանդակին ետևե

Շըրթունքներդ իմ շըրթներուն.

Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չհասած`

Մեր համբույրին դողդոջուն`

Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:

Ոհ, պիտի ո՜րչափ քեզի

Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք`

Ազատ աշխարհը դուրսի,

Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ

Տեղալ երկինքն անսահման,

Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն

Որ արևու տակ անցան:

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ

Պիտի լեցնել ուզեի,

Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս

Պիտ’ հոն թաղել ուզեի:

Ո՜վ տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի

Սև վիպակները մեր տան,

Հանիիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ

Լըռության մեջ գիշերվան.

Ըսի թե մեր տանիքին վրա, լուսնին տակ,

Բուերը պար կը բըռնեն,

Թե այս տարի մեր վարդնին չորացավ

Գերեզմանատան խորշակեն:

Կը լըսեիր զիս և հարցում կ’ընեիր,

Երբ հըրաման մը վայրի,

Կույր հըրաման մ’եկավ ըզմեզ բաժնելու…

Դարձա՜ր… առանց համբույրի…

Ու ես երկա՜ր ետևեդ պիշ նայելով,

Հա՛յր իմ, մինակ, հոն լա՜ցի.

(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր)

Սիրտս աչքերես քամեցի:

…Ո՜վ կյանք սիրո, լանջ քըրտինքի, սիրտ փուշի,

Ցեխին նետվա՜ծ սըրբություն,

Արևուն բորբ հոսանքներուն դմ գոցված,

Ո՛վ երակներ ազազուն:

Տեսա` որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան

Եղեռնի մեջ արտալած,

Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ

Եվ Հիսուսներ թըքընված:



Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.47.32 | Сообщение # 44
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
12. ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

Կը գըրե մայրս. «Ո՛վ իմ որդյակըս պանդուխտ,

Դեռ մինչև ե՞րբ պիտ’ անծանոթ լուսնի տակ

Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ

Ես չըսեղմեմ լանջքիս տաք:

Հերի՛ք օտար սանդուղներեն ելլեն վեր

Ոտքրեդ` որ օր մ’ափերուս մեջ տաքցուցի.

Հերի՛ք ալ աիրտս` ուր իմ ծիծերս եմ պարպեր`

Դատարկ սըրտես դուրս հյուծի:

Ջահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.

Կ’հուսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ.

Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ’աչքերս ու փակեն

Թող հոգիս ա՛լ իրենց տակ:

Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր

Լուր կ’ուզեմ վրադ ամեն կռունկե` որ կ’անցնի.

Այն ճյուղն ուռի` զոր քու ձռքով տընկեցիր,

Վըրաս կ’ընե հովանի:

Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ.

Կու գան կ’անցնին գյուղին քաջերը համակ.

Մշակը կ’անցնի, կ’անցնի կովարծը վըսեմ.

Կը մնամ լուսնին հետ մինա՜կ:

Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,

Մերթ շիրիմիս, մերթ օճախիս ծարավի.

Կրայի մը պես` որուն աղիքն իր կոտրած

Պատյանին հետ կը կըցվի:

Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր.

Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր.

Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր

Գարնան ամբողջ ծիծառներ:

Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,

Մընացեր է խոյ մը միայն քաջարի`

Որուն մայրն օր մ’ – հիշե՛, որդյա՛կ– դեռ գառնուկ

Կերավ ափիդ մեջ գարի:

Թեփով բրընձի և առվույտով պատվական

Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.

Տոսախ սանտրով կը սանրեմ բուրդն աղվական.

Ան զոհ մըն է թանկագին:

Դարձիդ` պըճնած վարդերով գլուխն իր համակ`

Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի.

Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՛ղցր որդյակ,

Ոտքերդ հոգնած պանդուխտի»:

13. ԹՈՂԵՔ ՄԵԾՆԱՄ

Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի.

Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի`

Դեռ ամեն վիհ չըչափած.

Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն,

Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն`

Աստուծո հետ դեմ դիմաց:

Ո՞ւր կը քաշեք զիս, ապրուստի՛ պահանջներ,

Ո՜վ սև երամ ագռավներու, որ հրավեր

Կու տաք կյանքի դեպ կըրկես,

Որ ձեր դժոխքի երգերով երգը քնարի

Խեղդել կուզեք: Հեռո՜ւ, բուեր գիշերի,

Արշալույսի մեջ եմ ես:

Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ,

Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ

Ապառաժի վրա կ’իյնա,

Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան`

Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան,

Ծո՜վ` դիմող իր ափը, շահ:

Բայց քաշողն ո՞վ է զիս շողեն` ալիքին`

Բարձրացումեն` ընկլուզումի. ո՞վ լըռին,

Քաշված բախտիս մութին մեջ,

Միշտ կը կոփե – նայվածքն հառած նայվածքիս –

Գերեզմանին քարը մատաղ Մուսայիս

Վըրան գրելով. Քուն անվերջ:

Ո՜հ, աչքերս այս ծածկե կուպրի սևությամբ,

Ո՛վ շիրմի մութ, կամ կարկուտի մըռայլ ամպ.

Ծածկե, ծածկե նայվածքս, ո՛վ

Թանձըր խավար ծընընդական կույրերուն`

Զի ես տեսա ապագայիս մեջ տըմույն

Հա՜յրըս ճերմակ մազերով…

Ես գերին եմ իմ գոյութան պատճառին.

Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին

Զինքը լեցնող սըրտին տա:

Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան,

Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան

Զորավոր է և անքակ:

Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին

Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին.

Քընարն Հայուն չունի բաստ»:

Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր.

Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր…

Եթե հաճույ է երազդ`

Հաճույքն իժի թույն պիտ՚ ըլլա քեզ համար.

Երազդ եթե սերմընցան է, ցանքըդ հար

Պիտ՚ կոխոտվի ծըլած կես:

Վա՛ր նայե, վա՛ր. Ալ բավական է` խոկուն`

Գըլուխ գըլխի Անծանոթին հետ տըժգույն`

Կյանքը մոռնաս, մոռնաս քեզ:

Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ.

Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ:

Ըստվերին մեջ կը տեսնե՞ս.

Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա

Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա

Գաղափարին լուսերես:

Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս.

Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս:

Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ:

Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ.

Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ

Կաթն` որ Աստված է կըթեր,

Երբ կը խըմեմ, դըրած կըզակս հոր՚՚զոնին,

Երկընքի լայն դախուրանեն բոց գինին,

Բերք աստղերու ողկույզին,

Ո՛հ, մի՛ ընեք ձեր խոսքերովը լեզի.

Շըրթունքներս հոն կը սուզին:

Երբոր սըրտիս ըսկիհին մեջ լեցուցած

Ճառագայթներ և ծաղիկներ և Աստված

Օվկիանոսներ, հերոսներ,

Երբ այդ տիտան տարըրներով կը շաղվեմ

Մարդուն համար Օրհնըված հացը վըսեմ,

Մի՛խորտակեք, անգութնե՛ր,

Սեղանիս վրա սըրտե սկիհն այդ լեցված`

Տակավին, ո՛հ, առեք կերե՜ք մ՚ իսկ չըսած:

Թողեք աստղե՜րը ափեմ:

Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով,

Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով,

Որպեսզի Մա՛րդը չափեմ:

Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան –

Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան

Մյուս սըլաքեն Մարդկությունն:

Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման,

Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան,

Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.48.36 | Сообщение # 45
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՎԱՐՈՒԺԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ

Խոսել արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի մասին, նշանակում է նկատի ունենալ մի աշխարհ` իր ուրույն կերպարանքով, երևույթների և նրանց շարժման իր օրենքներով, անհրաժեշտորեն սկզբնավորված և բնականորեն դեպի ավարտում ձգտող մի ուժ, որի առաջընթացը, վայրիվերումն կամ խանգարումն օրգանապես պայմանավորված է արվեստագետի, տվյալ դեպքում բանաստեղծի պոետական ամբողջ նատուրայի հետ` մի կողմից և նրա ապրած դարաշրջանի և միջավայրի փոխազդեցության հետ` մյուս կողմից:

Յուրաքանչյուր բանաստեղծ, յուրաքանչյուր իսկական բանաստեղծ ինքնին ներփակ մի ամբողջություն է, ինքն իր մեջ յուրահատուկ մի աշխարհ, որտեղ առերևույթ չպայմանավորված, ավելորդ կամ պատահական թվացող ամեն մի երևույթ, ըստ էության, սերտորեն առնչված է այդ յուրօրինակ աշխարհին և գործում է նրան հատուկ օրենքներով:

Այս տեսակետից բանաստեղծական այդ յուրօրինակ աշխարհը նման է մի զարմանալի ամրոցի, որին մոտենալ կարելի ամեն կողմից, բայց նվաճել` միայն մի կողմից:

Խոսել բանասեղծի մասին նշանակում է ըմբռնել հենց այդ աշխարհը, հասկանալ այդ աշխարհի ներքին այն օրենքները, որոնք պայմանավորում են տվյալ բանաստեղծի ստեղծագործության շարժումն ու զարգացումը անպայման ա՛յս և ո՛չ այլ կերպ, անպայման ա՛յս և ո՛չ այլ ուղղությամբ, նշանակում է գտնել այն միակ ուղին, որով հնարավոր է գրավել նրա բանաստեղծական ամրոցը:

Արդ` ո±րն է այն ընդհանուր օրենքը, որով որոշվում և պայմանավորվում է բանաստեղծի ստեղծագործությունը ընդհանրապես առած, իր` թեկուզ և տարբեր էտապների մեջ, իր այլազան արտահայտությունների, առերևույթ իրար հետ չառնչված երևույթների մեջ. այն հիմնական ուժը, որ յուրահատուկ կերպ, տարբեր առանձնահատկություն և որոշիչ բնություն է տալիս այս արվեստագետին մյուսի նկատմամբ:

Դժվար չէ նկատել,, որ աշխարհի, կյանքի և մարդկանց նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքով, որպես հիմնական օրենքով են պայմանավորված, ասենք և՛ Իսահակյանի, և՛ Թումանյանի ստեղծագործությունների իրե՛նց համար միայն տիպական առանձնահատկությունները, նրանց բանաստեղծական աշխարհի զարգացման էությունները և այն որոշիչ հանգամանքները, որոնք Թումանյանին տարբերում են Իսահակյանից և ընդհակառակը:

Բացահայտած լինել այդ հիմնական օրենքը, այլ կերպ` կյանքի և աշխարհի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքը, նշանակում է բռնած լինել այն հիմնական օրենքը, որոփվ շարժվում և պայմանավորվում են նրանց ստեղծագործական ներքին աշխարհները, նշանակում է գտած լինել այն առանձնահատուկը, որը հատուկ է միմիայն նրանց, և որը կազմում է նրանց պոետական բնավորությունը, նշանակում է բռնած լինել ամրոցի նվաճման միակ ուղին:

Այսպիսով` արվեստը, տվյալ դեպքում բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ստեղծագործ անձնավորության վերաբերմունքի արտահայտությունը` աշխարհի, կյանքի և նրանց բազմազան երևույթների նկատմամբ:

Այսպիսով` արվեստի ծնունդ ենթադրվում է միայն այն հանգամանքներում, երբ հանդիպակադրված են մի կողմից արվեստագետը, ստեղծագործող, այսինքն վերաբերմունք արտահայտող անձնավորությունը և մյուս կողմից` նրանից` արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, կյանքը` իր բազմազան երևույթների մեջ, այն հասարակական միջավայրում, որի մեջ ապրում, որի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում ստեղծագործողը:

Այսպիսով` արվեստը ոչ այլ ինչ է, քան արվեստագետի, ինքն իր մեջ ունեցած ներհակությունների արտահայտություն, հոգեկան մի վիճակ, երբ ստեղծագործողը պատրաստի հասարակական հողի վրա, լայն ընդգրկումների հնարավորության մեջ կարող է կամ անկարող է դրսևորել իր վերաբերմունքը տիրապետող միջավայրի, հասարակական մտայնության և այլնի հանդեպ:

Այս հանգամանքներում ամբողջ վճռական դերը մնում է իրեն` ստեղծագործողին, նայած ինչ ընթացք և ինչ ուղղություն է ստանում նրա երկպառակտումը «ինքն իր մեջ», նայած թե ինչպես է լուծվում այդ երկպառակտումը, այդ հոգեկան ներհակությունը, ըստ այդմ էլ այս կամ այն բնույթ է ստանում նրա ստեղծագործությունն` իր ամբողջությամբ առած:

Սակայն կյանքի, հասարակական երևույթների, տիրող միջավայրի դերը ոչ միայն այն է, որ նա հիմք է ծառայում իր նկատմամբ վերաբերմունք առաջ բերելու, ոչ միայն արվեստի նախապայմաններից մեկն է իբրև կրող խնդիր, որի նկատմամբ արվեստագետն իր վերաբերմունքն է արտահայտում, այլև հենց նրանով է պայմանավորված և նրանից է բխում այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է արվեստագետի կողմից նրա իսկ նկատմամբ: Այստեղ է, որ ելման և հանգման կետերը նույնանում են: Այլ կերպ ասած` օբյեկտիվ, արվեստագետից դուրս գոյություն ունեցող աշխարհը, հաս[արակական]-քաղաքական միջավայրում ոչ միայն վերաբերմունք արթնացնողներ են, այլև վերաբեմունք ծնողներ:

Այս տեսակետից ելնելով` հայ գրականությանը մոտենալիս երբեք չի կարելի նույն կանխակալ կարծիքը ցուցաբերել, ինչ-որ եվրոպական գրականության նկատմամբ: Կա առերևույթ փոքր, բայց ըստ էության խիստ վճռական մի հանգամանք, որ ճակատագրական նշանակություն է ունենում հայ գրողի կյանքում:

Որևէ եվրոպական հայտնի բանաստեղծի բանաստեղծական ներքին աշխարհը հասկանալու և այն գնահատելու մեջ բավական է նկատի ունենալ այն վիթխարի տեսադաշտը, որի վրա նրանք բարձրացնում են իրենց համամարդկային խորհերն ու ապրումները, որպեսզի պայծառ կերպով դրսևորվի տվյալ բանաստեղծի և՛ տաղանդի բնույթը, և՛ ընդգրկման լայնությունը: Այստեղ ընդգրկման լայնությունը, համամարդկային խոհերի և ապրումների այս կամ այն չափի առկայությունը ոչ այնքան պայմանավորված են բանաստեղծի մեծությամբ և տաղանդով, որքան այն միջավայրի լայնությամբ, որի մեջ ապրել և ստեղծագործել են նրանք:

Մեկընդմիշտ, երբ նրանց ստեղծագործությունը դրված է ռեալ հասարակական հողի վրա, մեկընդմիշտ, երբ նրանք գործում են հասարակայնորեն կայուն և որոշակի միջավայում, նրանց ստեղծագործության համար բնորոշը և վճռականը դառնում է հենց իրենց, որպես անհատականության վերաբերմունքի հարցը` դեպի այդ իրականությունը և միջավայրը: Նայած թե ինքը` բանաստեղծը, ինչպիսի հայացք և վերաբերմունք ունի կյանքի, տվյալ հասարակական միջավայրի նկատմամբ, ըստ այդմ էլ որոշվում է նրա արվեստի բնույթը, նրա բանաստեղծական աշխարհի ինքնատիպությունը ու դեմքը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.49.27 | Сообщение # 46
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Այս հանգամանքների մեջ վճռական դերն ու նշանակությունը պատկանում է հենց իրեն` արվեստագետին, այն իմաստով, որ տվյալ հաս[արակական]-քաղաքական միջավայրի նկատմամբ ցուցաբերած նրա վերաբերմունքը հաստատուն և որոշակի է դառնում այնքանով, որքանով հաստատուն և որոշակի է այդ միջավայրը, այնքանով խոր կամ լայն ընդգրկումով, որքանով այն միջավայրը իր մեջ պահած ունի հակում դեպի համամարդկայինը և լայն ընդգրկումների հնարավորությունը:

Այլ կերպ և ավելի կոնկրետ արտահայտվելու դեպքում այստեղ ամբողջ խնդիրը կախված է բանաստեղծի` ինքն իր մեջ ունեցած ներհակությունների ելքից, նրանց լուծումից. նայած թե ինչպես է լուծվելու այդ ներհակությունը, ըստ այդմ այս կամ այն բնույթ է ստանալու նրա ստեղծագործությունը:

Սակայն որքան էլ հայ գրողը իր ստեղծագործական կարողություններով ընդունակ լինի արտահայտելու համամարդկային լայն ընդհանրացումներ, որքան էլ նա խորապես զգա արվեստի մնայնության և մեծության գաղտնիքը, և աշխատի հասնել դրան, միևնույն է, նա անկարող է հասնել այն բանին, ինչին կարող են հասնել, կամ ավելի ճիշտ հասել են եվրոպական և ռուս հեղինակները:

Տոլստոյի կամ Բալզակի մեծության գաղտնիքը ոչ միայն նրանց տաղանդի մեծության մեջ է թաքնված, այլև այն միջավայրի և այն պայմանների մեջ, որտեղ ապրել և ստեղծագործել են նրանք:

Մի Րաֆֆի, որքան էլ մեծ լիներ իր տաղանդի ուժով և զարմանալի վառ երևակայությամբ, երբևէ չէր կարող հասնել այն վիթխարի ընդգրկումներին, որին հասել են մի Տոլստոյ կամ մի Բալզակ, և այդ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ խաթարող հանգամանք է եղել Րաֆֆու ռոմանտիզմը: Եթե երբևէ Րաֆֆուն մտատանջեր Բալզակի կամ Տոլստոյի մեծ ընդգրկումները դրսևորելու իղձը, ապա, անշուշտ, Րաֆֆին շատ ավելի ռոմանտիկ կդառնար, քան մենք գիտենք նրան:

Մի Ռաստինյակ կամ մի Վոտռեն Հայաստանի պայմաններում շատ ավելի անիրական, կամ որ ավելի ճիշտ է, շատ ավելի բացառիկ հերոս կդառնար, քան մի Կարո, Ֆահրադ կամ Ասլան:

Հայ գրողը չէր կարող պատկերել մի երևույթ, որի գոյությունը չէր զգում ոչ միայն այն պատճառով, որ դժվար է անիրականը իրական դարձնել, այլև այն պատճառով, որ հայ գրողը այդ դեպքում կդադարեր արվեստագետ լինելուց, կդադարեր շահագրգռություններ ունենալուց, մի բան, առանց որի հնարավոր չէ արվեստ և ստեղծագործություն պատկերացնել: Մի ժողովուրդ, որը մաքառում էր ոչ միայն իր հոգեկան, այլև իր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար, մի ժողովուրդ, որին օրըստօրե սպառնում էր իսպառ բնաջնջվելու վտանգը, բնականաբար, չէր կարող թելադրել այլ մի շահագրգռություն, քան պատկերելու մի Ֆահրադի, մի Կարոյի, մի Ասլանի, քան թելադրելու օրհասական խոսքեր ու գործողություններ այդ հերոսներին:

Այդ պարագաներում Րաֆֆու մեծությունը և արվեստագետի խիղճը այլ տեղ էլ հնարավոր չէ երևակայել, քան հենց իր ժողովրդի օրհասական պահը ապրող և այդ ժողովրդի վիճակով տառապող թեկուզև ռոմանտիկ այնպիսի հերոսների պակերմամբ, ինչպիսիք են Րաֆֆու հերոսները:

Եթե հնարավոր լինել երևակայել Րաֆուն Բալզակի ու Տոլստոյի, կամ Բալզակին ու Տոլստոյին Րաֆֆու պայմանների մեջ, ապա դժվար չէ երևակայել, որ մի Րաֆֆին Բալզակին շրջապատող պայմաններում միգուցե մի նոր Բալզակ դառնար, և Բալզակը Հայաստանում` մի նոր Րաֆֆի:

Որքան էլ Թումանյանն իր վառվռուն ու լուսավոր տաղանդով, իր պայծառ ու խորին իմաստությամբ ընդունակ լիներ վերարտադրելու կյանքը` իր բարդությունների մեջ, մարդկանց` իրենց խոր ապրումներով, միևնույն է, նա այդ խոհերն ու ապրումները այլ կերպ չէր կարող պատկերել, քան մի հովիվ Սաքոյի կամ մի Սարոյի կերպարներով, քան մի լոռեցի ծերունու հառաչանքով: Երևակայեցեք «Ֆաուստը» Թումանյանի գրչի տակ, կամ «Անուշը» Գյոթեի մոտ, և ահա պարզ կդառնա տիրապետող միջավայրի և պայմանների վճռական գործոնը պոեզիայի մեջ և բանաստեղծի կյանքում:

Այստեղ է, որ բանաստեղծի ներհակությունները «ինքն իր մեջ» ոչ միայն իրենց լուծումով ամեն ինչ վճռել չեն կարող, այլև նրանցից բացի բանաստեղծի ճանապարհին երևում են այլ հակասություններ` հակասություններ «իրենից դուրս», մի վիճակ, երբ բանաստեղծը խորին երկընտրանք է ապրում ոչ միայն «ինքն իր մեջ», տվյալ երևույթի կամ տվյալ իրականության նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելու գործում, այլև առավել խորին երկընտրանք` «իրենից դուրս» հենց հաս[արակական]-քաղ[աքական] միջավայրի մեջ, որպես այդ միջավայրի մասնակիցներից մեկը:

Եթե առաջին դեպքում (երկընտրանք «ինքն իր մեջ») վճռական գործոնը պատկանում էր հենց իրեն` արվեստագետին այն իմաստով, որ նրանից էր կախված իրերի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտելը, երբ նրանից էր կախված հասարակական այս կամ այն երևույթը պատկերելու վերաբերմունքը և պատկերման խորությունը, ապա երկրորդ դեպքում (երկընտրանք «իրենից դուրս») բանաստեղծը դրվում է ճակատագրական խաղի մեջ, մի տանջալից կացություն, ուր իր սեփական երկընտրանքից դուրս գալուց առաջ և դուրս գալու համար նա ստիպված է սպասել իրենից դուրս և իր հետ չպայմանավորվող խնդիրների լուծմանը:

Փորձենք այս միտքը շոշափելի դարձնել հենց նույն Րաֆֆու օրինակով:

Ինչպես հայտնի է, նա իր գրական գործունեությունն սկսեց ռեալիզմով` տալով իրական կյանքի այնպիսի ռեալ արտադրություններ, ինչպես «Զարհումարը», «Ոսկի աքաղաղը» և այլն, որոնց մեջ ցայտուն կերպով դրսևորվեց գրողի այն վիճակը, որ մենք կոչեցինք երկընտրանք «ինքն իր մեջ» այն իմաստով, որ հեղինակն իր սեփական երկընտրանքից, իր հոգեկան երկպառակտումից դուրս եկավ իբրև կապիտալիստական կարգերը մերկացնող, որ այդ կարգերի նկատմամբ ընդունեց և արտահայտեց իր վերաբերմունքը` նրան տալով գեղարվեստական երանգավորում:

Հարց է ծագում. ինչո±վ բացատրել հապա Րաֆֆու հետագա անցումը ռեալիզմից ռոմանտիզմ, «Զարհումարից» դեպի «Խենթ», և «Ոսկի աքաղաղից» դեպի «Կայծեր»:

Ինչ ասել կուզե` ոչ այն պատճառով, որ դա պայմանավորված էր ռոմանտիզմի հաղթանակով ռեալիզմի նկատմամբ և այն ժամանակ, երբ իսկապես, ճիշտ հակառակը, եվրոպական և ռուս գրականությունների մեջ վերջնականապես ռեալիզմը փայլուն հաղթանակ էր տանում ռոմանտիզմի նկատմամբ:

Դժվար չէ նկատել, որ Րաֆֆու նմանօրինակ անցումը ռեալիզմից դեպի ռոմանտիզմ, «Ոսկե աքաղաղից» դեպի «Կայծեր» ոչ այլ ինչ էր, քան «իրենից դուրս» ունեցած երկպառակտման հաղթանակը «ինքն իր մեջ» ունեցած երկպառակտման նկատմաբ, որ ուղղությունների այս փոփոխությունը պայմանավորված էր և լուծվում էր ոչ թե Րաֆֆու` իբրև անհատ ստեղծագործողի երկընտրանքով, այլ նրանից դուրս և նրանից անկախ գոյություն ունեցող միայլ երկընտրանքով, «իրենից դուրս» եղած երկպառակտմամբ, այսինքն` հաս[արակական]-քաղաքական այն վիճակով, որ այդ շրջանում դարձավ հայ ժողովրդի գոյության հիմնական օղակը, այն իրադարձություններով, որոնք հայտնի են աշխարհին «հայկական հարց» անունով, մի վիճակ,, որն իր կարևորությամբ և ուժով ետ մղելով անհատական ամեն մի նախասիրություն` դարձավ տվյալ ժամանակաշրջանն արտահայտող գրողի համար վճռական իմպերատիվ:

Այս վիճակը խիստ տիպական է հայ գրողին և հայ գրականությանը առհասարակ, և հայ գրականության մասին խոսել առանց այդ հանգամանքը հաշվի առնելու նշանակում է անվերապահորեն սխալ ուղու վրա լինել և թույլ տալ անուղղելի սխալներ:

Հայ գրականության և հայ գրողի այս ճակատագրական վիճակը ամբողջ խորությամբ զգաց իր ժամանակին Վահան Տերյանը:

Նրա հայտնի դասախոսությունը («Հայ գրականության գալիք օրը») հենց այդ ճակատագրական վիճակի օրհասականությունը դրսևորելու և պարզ կացուցանելու խնդրին էր նվիրված, այն փակուղին ցույց տալու, որի մեջ, հիրավի, ընկած էր հայ գրականությունը մինչխորհրդային շրջանում:

Տերյանի հիմնական թեզը «ազգային կուլտուրա» ստեղծելու հարցն էր, որը նա այլ կերպ չէր պատկերացնում, քան «կուլտուրական ազգի» հողի վրա:

«Ազգային կուլտուրա» և «կուլտուարկան ազգ» դիլեմատիկ հարցը նա դնում էր ոչ այլ ինչ, քան իբրև ելք` դուրս գալու նեղ-ազգային, իր տերմինով ասած «սեմինարիստական», «տիրացուական» մտայնությունից դեպի համաշխարհային թատերաբեմը, ոչ այլ կերպ, քան տեղական, նեղ-ազգային գրականությունը հանել համաշխարհային գրականության ասպարեզ, այսինքն` որ հայ գրողիկերտած հերոսը նույնքան հասկանալի ու հարազատ լինի իր ապրումներով, իր հակումներով և խոհերով, որքան հային, նույնքան և այլ ժողովուրդներին, ճիշտ այնպես, ինչպես եվրոպական ամեն մի նշանավոր գրողի հերոսը հասկանալի է հենց մեզ` հայերիս: Ելնելով համաշխարհային գրականության տեսադաշտից և բարձրացնելով միանգամայն ճշմարիտ և հայ գրականության համար ճակատագրական նշանակություն ունեցող նմանօրինակ մի հարց` Տերյանը, սակայն, հասավ ծայրահեղության:

Նա հասավ այնտեղ, որ ժխտեց ամբողջ արևմտահայ գրականությունը այն պարզ պատճառով, որ այնտեղ ավելի ցցուն կերպով, քան արևելահայ հատվածում, երևան էին գալիս նեղ-ազգային հատկանիշները:

Պատահական չէ, որ Տերյանը առանձնապես սուր և հականե հանվանե արտահայտվեց Վարուժանի նկատմամբ` գտնելով, որ Թումանյանի մի «Փարվանա» չի փոխի «հանկարծակի հեթանոսացած» արևմտահայ բոլոր բանասեղծների հետ` առաջին հերթին նկատի ունենալով Վարուժանին:

Խնդիրն այն է, որ Տերյանը այս դեպքում մոռացության էր տալիս հենց այն վճռական հանգամանքը, որ մեր գրականությունը դնում էր ճակատագրական վիճակի մեջ: Բանաստեղծից պահանջելով մեր տերմինով ասած «ինքն իր մեջ» ունեցած երկընտրանքը լուծել համաշխարհային գրականության տեսադաշտը նկատի ունենալով` Տերյանը պահանջում էր անհնարինը այն իմաստով, որ մոռացության էր տալիս «իրենից դուրս» գոյություն ունեցող ահավոր ներհակությունը:

Այնուհանդերձ, հիրավի, Վարուժանի մոտ, իբրև կիզակետում, առավել թանձրությամբ է դրսևորվում հայ բանաստեղծի տրագեդիան իր երկմիասնական պառակտությունների մեջ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.50.21 | Сообщение # 47
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
*

* *

Վարուժանի պոեզիայի համար ընդհանուր առմամբ բնաբան կարելի է ծառայեցնել նրա մի բանաստեղծությունը, իր ձեռքով հրատարակած երկերի ամենավերջին ոտանավորը` «Մատյանն ահա զոր խոստացա»...

Նրա պոեզիայի ամբողջ էությունը ամփոփված է իր իսկ երկտողի մեջ.

Ո՛վ բարեկամ, խորհե թե երգս է պատմած

Ցավն հաճույքին և հաճույքները ցավին:

Հիրավի, նրա ողջ պոեզիայի մեջ այս միտքը արտահայտվել է շոշափելի ցցունությամբ:

Մի կողմից` «Հիսուսի պես կարեվեր», «արշալույսի մը երկունքեն բռնված» իր դարի պատկերը, «Ճրագներու պես մարող» սրտերով, «երկաթներուն ու մարդուն» մաքառումներով, որտեղ «ցեխեն կանգնած ոճիրը խեթ կըկմե արյունն անմեղ վարդերուն». մի կողմից` իրենց գոյությունը քարշ տալու համար իրենց մարմինը ծախող կանայք, որ, իրենց ընկեցիկ մանկանը օտարի դռանը թողնելով, «շտապ կը փախչին... սիրտը հոն թողած»,− այլ կանայք, որոնք «զիրենք սիրողը կըսպառեն, և իրենք տան շնիկեն կըսպառին», մի կողմից` ծանրահակ և ծյուրվող մահամերձ բանվոր, դժգույն և հյուծախտավոր բանվորուհի, երկաթի դեմ մարտնչող հազարավորների բանակ, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը անվանում է «ցավ» և մյուս կողմից` հին հեթանոսական դարերի.

...Կյանքին երազն անհատակ,

Եվ բագոսի քըրմուհիներ վարդերես

Որ կըպարեն բըլուրին վրա, Լուսնին տակ.

Եվ Աստվածներ` որ կուզեն սիրտն Հոմերին

Դեռ ողջակեզ կամ Մեսալին մ’Հրաչյա

Ուր պատրանքին տեղ կըսըփռե ծիրանին

Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա...

Մյուս կողմից` ասպետական դարեր.

Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն

...Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նման գինիին,

Ուր տիրում էին հոլանի (մերկ) տեգերը փոխանակպատենավորված դաշույնների, ուր չէին գործում մեղքերն այնժամ, երբ ննջում էր արեգակը, այլ բացեիբաց, հանուն Գեղեցկության և Զորության, մի խոսքով այն, ինչ բանաստեղծը «հաճույք» է անվանում:

Վարուժանի ամբողջ պոեզիայի էությունը հենց այդ երկու հակադիր ծայրերի միասնական արտահայտությունն է` հաճույքի զգացումը ցավի զգացման հետ և ընդհակառակը: Այս այլ բան չէ, քան արտահայտություն բանաստեղծական երկփեղկված հոգու, քան արգասիք այն երկընտրանքի, որ ապրում է բանաստեղծը «ինքն իր մեջ»և որը, ինչպես քիչ հետո կտեսնենք, բխում է «իրենից դուրս» եղած ներհակություններից:

Այս գիծը Վարուժանի մեջ սկզբնավորվում է նրա առաջին իսկ ստեղծագործություններից` «Սարսուռներ» գրքից (տես «Գեղունի», 1905, առանձին գրքով` 1906 թ. Վենետիկ): Նրա առաջին իսկ բանաստեղծության մեջ («Մուսային») հոգեկան այս երկփեղկումը ցցուն կերպով է դրսևորված: Բանաստեղծը դիմում է Մուսային` ասելով.

Երգե՜լ կ’ուզեմ. թող սարսըռա բընությունն

Մատերուս տակ, ինչպես մոր ծիծն հոլանի`

Մանկան առջի բընազդական դըպչելուն.

Եվ կյանքը թող շըրթունքիս վրա լուծանի:

................................................................................
.

Կ’ուզեմ ծովուն հետ սիրտ սըրտի ես հարիլ,

Իմ անհունիս մեջ այդ անհունը թաղել,

Բուռն իղձն ունիմ մըրըրկին հետ մաքառիլ,

Եվ գլուխս` Էին գաղտնիքներուն դեմ բախել:

...............................................................................

Պիտի այդ քնարը կապե իմ շըրթներուն

Ժողովուրդին շըրթունքը հուր, սիրագին,

Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհուն,

Համբույրին պես` տըրված ծովեն եզերքին:

Սա բանաստեղծական սրտի իսկական պոռթկումն է, բանաստեղծական հոգու իսկական, անաղարտ ներշնչանքը, միասնական հոգու պաթոսը` դեռ հեռու հոգեկան երկփեղկումից, հեռու երկընտրանքից:

Բայց ահա Մուսան պատասխանում է.

– «Տենչիդ ըզգո՜ւյշ, այս քընարս է շիված, տե՛ս,

Սև նոճիե, փթթում մահվան ավիշի:

Թըշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված

Փետըռտըված գանգուրներեն որբերուն.

Կ’երթան երգերն, հևհևալով, սըրընթաց,

Ուր որ կ’երթա ոտքը բոպիկ` խեղճությունն:

................................................................................
..

Ժողովուրդի՞ն ըլլալ կ’ուզես մո՜րդ չեղած.

Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կը սպասե.

Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած

Պիտի խորշակն Արևելքի ազազե:

Մըտածումի, ըզգացումի այս ճամբուն`

Խընդի արևը չէ սըփռած իր շեկ բաշ.

Հոն կը շըրջի Աբովյանի մ’հեգ ուրուն,

Հոն Դուրյանն է լացած, տըխրած Պեշիկթաշ:

...............................................................................

Ի՛նչ, այս քնա՞րը կ’ուզես, քնար սև փայտե՜.

Այս` վերքերու գործի մըն է, այս է հուր.

Ապագադ է, այս` դագաղդ է, անո՜ւնդ է»:



Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.51.23 | Сообщение # 48
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ահա այսպես է եղծվում անաղարտը: Ահա այստեղ է սկսվում բանաստեղծի տրագեդիան. այսպես է առաջանում նրա հոգու երկպառակտումը:

Այսպես` Մարդկության մասին երազող, համամարդկային իղձեր փայփայող, բնությունը սարսռեցնել կամեցող, ընդհանրապես ժողովրդին ծառայել կամեցող բանաստեղծը դեմ է առնում ինքն իրեն, կանգնում է, ինչպես Տերյանը կաեր, «ինքն իր դեմ», քարանում է համատարած խեղճության ու որբության առաջ, իր ծնողների արտասուքի հանդեպ, իր բնաջնջվող ցեղի, իր մորթվող հայրենակիցների օրհասի առաջ:

Հետաքրքրականն այն է, որ բանաստեղծը ինքը հենց շոշափելի կերպով զգում է, որ իր սեփական ներհակությունները բխում են նախ և առաջ «իրենից դուրս» եղած ներհակություններից. նա հասկանում է, որ «Արևմուտքի (իմա՛ Եվրոպայի) մեջ ընձյուղված ծաղիկները «պիտի ազազեն» Արևելքի (իմա՛ Հայաստանի) խորշակից:

Այսպես` համամարդկային և ազգայինը, տիեզերականը և տեղականը, ընդհանուրը և մասնավորը, «Մտածումի, զգացումի ճամբան» ընդհանրապես և «Աբովյանի հեգ ուրուն», «լացած Դուրյանն» ու «տխրած Պեշիկթաշը»− ահա այսպես է սկսվում բանաստեղծի հոգու երկփեղկումը:

Եվ հատկանշականն այն է, որ Մուսայի նման պատասխանից հետո, բանաստեղծը, այնուամենայնիվ, համաձայնվում է նրա հետ.

Ես, անհողդողդ, ըսի անոր.

– Ըլլա՛, տո՜ւր:

Հենց այդ քնարն է, որ Վարուժանը այնուհետև, մինչև իր ողբերգական մահը պահեց իր ձեռքում, իր երկփեղկված հոգու մեջ` նրա ամենավառ արտահայտությունները ցուցաբերելով «Ցեղին սրտի» և «Հեթանոս երգերի» մեջ:

Եվ այդ միանգամայն բնական է:

Եթե Վարուժանը փորձեր խուսափել իրեն շրջապատող կոնկրետ միջավայրից, տվյալ դեպքում հայ ժողովրդի օրհասական ճակատագրից, եթե նա հանուն համամարդկայինի մոռանար մարդկայինը (եթե հնարավոր է այսպես ասել), եթե նրան չհուզեր իր ամբողջ կուլտուրական և ազնվական ժողովրդի իսպառ բնաջնջումը, անգամ եթե նա իր սեփական ժողովուրդը չլիներ, մի օրհասական վիճակ, որին արձագանքեցին ժամանակակից բոլոր, նույնիսկ օտար բանաստեղծները (Է. Վերհարն, Բրյուսով, Վեսելովսկի և այլն), ինչ խոսք, նա կդադարեր բանաստեղծլինելուց, հնարավոր չէր լինի նրա մոտ բանաստեղծի դյուրաբեկ և զգայուն հոգին, բանաստեղծի խիղճը, երբ իր հոգու ամբողջ էությամբ նա բանաստեղծ էր:

Հետաքրքրական է, որ Վերհարնը իր աշխարհըմբռմամբ և մտահոիզոնով,անշուշտ, ավելի բարձր կանգնած լինելով Վարուժանից և շատ կետերում նրա ուսուցիչը լինելով, անգամ առաջին իմպ[երիալիստական] պատերազմի տարիներին, երբ գերան[ական]զավթիչները ավերեցին նրա հայրենի Բելգիան, մոռացած իր հակապատերազմական-դեմոկրատական կողմնորոշման մասին, զայրութի քինոտ մարտակոչեր հնչեցրեց Գերմանիայի դեմ ևայդ այն ժամանակ, երբ Բելգիայի ավերումը կամ բելգիական ժողովրդին սպառնացող վտանգը համեմատել չէր կարելի հայ ժողովրդի կրած քստմնեցուցիչ տառապանքների հետ, երբ մի ամբողջ ժողովուրդ փաստորեն մորթվեց սրով կամ խեղդվեց Եփրատի հորձանուտներում:

Ահա թե որտեղ էր Տերյանը սխալվում ևահա թե Վարուժանը ինչպես կարող էր պատասխանել նրան.

Ի՜նչ, տեսնել որ խըխունջ մ'այսօր կը չափե

Հըսկա շենքերն այն` երկու թել լորձունքով,

Եվ խորանի խորշին մեջ լոկ կ'ապրի

Բուն, սևազգեստ ճըգնավոր,

Տեսնել, որ լուռ կը փըտին

Ավերներու տակ հերոսի բազուկներ,

Գանկեր, սըրտեր` որոնց արյունը եղավ

Թույն` իժերուն, ա՛յնչափ որ լի էր ոխով...

........................................................................

Հողն` հերկըված միայն սողովն օձերուն`

Իր աղտաղտուկ խավերուն մեջ կը պահե

Պաղլեղ, և իր սև տափերուն վրա` ոքոզ.

Կը մընան մեր այգեստանները` առանց

Շերտափակի, և կարասները` առանց

Հայրենական գինիին.

Եվ մեր խոյերն ըսպիտակ`

Չըգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ`

Նոթութենե մոլեգնած`

Մըսուրներուն դեմ կը ջարդեն եղջյուրնին:

Իսկ որդիները թըշվառ

Կամ հեռացած հորենական երկըրեն

Կը խառնակին ազգերու խորդ արյունով...

..........................................................................

... Օ՜հ, ի՜նչ. ի՜նչ

Առջևը այս ամենուն

Մնալ կանգո՜ւն, միամորի՜կ, անկարո՜ղ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.52.29 | Сообщение # 49
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Բայց դրանով ամեն բան չի վերջանում. սա ոչ թե վերջ է, այլ սկիզբ: Սա հոգեկան երկպառակտումից դուրս գալու մի այնպիսի ելք է, որ կրկին փակուղու է հանգեցնում: Սա ինքնահաշտեցման մի վայրկյան է, որին անպատճառ հաջորդելու է ինքնահոշոտումը, մի անցողիկ հաճույք (հոգեկան երկընտրանքից դուրս գալը նկատի ունենալով), որին կրնկակոխ հետևելու է ցավը (կրկին անգամ հոգեկան ավելի ծայրահեղ երկընտրանքի մեջ ընկնելու իմաստով):

Իր ավերված հայրենիքից, իր կործանվող ժողովրդից զատ, կամ որ ավելի հավանական է` նրա ասոցիացիայով բանաստեղծին հուզում է մարդու և մարդկության վիճակն առհասարակ, նրան հալածում են որբերը, սովյալներն առհասարակ: Նա արդեն դիմում է սովյալին, հայ լինի նա, թե թուրք, հրեա, թե հույն, կարծես մեղապարտորեն արդարանալով, որ այլևս ոչ մի գրոշ չունի նրան տալու. վերջին լումայով այսօր թույն է գնել, և ապա`

Վա՛ղը եկուր... (ո՛վ անոթի)... պիտի ես

Շիրմիս մեջեն, իբրև հաց

Քերթողի սիրտս այդ մախաղիդ մեջ ձգեմ...

Նրան հետաքրքրում է ոչ միայն հայ նահատակը` իր զարհուրալի տանջանքներով, այլև թիապարտը, աններելի հանցագործը, որին լծել են թնդանոթին` այն լեռան գագաթը հանելու և այնտեղից մարդկանց բնաջնջելու համար: «Արյունով ձուլված» և «Մահով ծանրակիր» բեռը` թնդանոթը, նրանք են լեռն ի վեր հանում, որոնց բռունցքը մի օր «շեշտակի թագերու ու գահերու վրա կիջներ», որոնք

Երբոր անոնք կ’անցնեին հորիզոնեն արփամուտ,

Աշխարհ վախով և հույսով տեսավ կարմիր շուքն անոնց.

Եվ արյունի մեջ մեռնող շողերուն տակ լըռավետ

Իրենց զենքերը բահեր կը թըվեին` որոնցմով

Խուզարկելու կ’երթային արշալույսներ նորանոր…

Նրան հուզում է թշվառ մայրը, որ հայ լինի, թե այլազգի, նա, որի

Սրտին մեջ բորբ հաղթահարել չէ կրցած

Մայրությունն իր կուսության...

Նրա, որ

Մարդը սիրո՛ կհրավիրե, տղան` կաթի

Իր մատղաշ ծոցը բուրյան:

Նա, որը սակայն ստիպված է տքնորեն աշխատել, տների կեղտաջուրը թափել, աղտեղությունները մաքրել, որպեսզի մի կտոր հաց վաստակելով իր մայրական կաթը բեղուն դարձնի և այդ այն ժամանակ, երբ «անդին, մինակ, իր երեխան արթընցած օրոցքին մեջ, անոթի»

Կու լա, ողի՜կ, ողի՜կ կուլա և հուսկ խոնջ

Նույն իր լացով կը խեղդի:

Սակայն բանաստեղծի հոգեկան այս վիճակը ևս երկար չի տևում: Հոգեկան երկպառակտման ժամանակավոր դադարը, փոթորկին նախորդող օվկիանոսային լռության նման, նրան շատ ավելի տրագիկ վիճակի մեջ է նետում, շատ ավելի է խորացնում նրա հոգու երկփեղկումը:

Նրան ներկայանում է բանտի խավարի մեջ խարխափող իր կորաքամակ հայրը, մահվան մահիճ ընկած իր թշվառ մայրը, և ինքը տառապում է «մեջտեղ մահվան և բանտի»:

Թիապարտների փոխարեն նա այժմ միայն իր հորն է տեսնում, նրան, որի քրտինքից է գոյացել իր արյունը, որի հոգնության ծիլն է ինքը. նա չի կարող ամեն ինչ մոռացած` այցելել նրան մութ զնդանի մեջ, բաղձալով նրան

...տալ ընդգրկումի մը մեջ տաք`

Ազատ աշխարհը դուրսի,

Եվ իմ փոքրիկ բիբերս քու բիբերուդ

Տեղալ երկինքն անսահման,

Սըրտես սըրտիդ պարպել բոլոր օրերս այն

Որ արևու տակ անցան:

Եվ այս հոգեկան անխռով հորձանքի մեջ, համամարդկայինի և հայրենականի, տիեզերականի և տեղականի այս տրագիկ տուրևառության մեջ նայեցե՛ք, թե ինչպես է ներկայացնում նա իր սեփական վիճակը, իր սեփական հոգու երկընտրանքը` անզոր լինելով դուրս գալ այդ անելանելի դրությունից.

Սիրտս երազի ծովուն մեջ նո՛ր նետեցի.

Զայն մի՛ փըշրեք եզերքին վրա զերդ խեցի`

Դեռ ամեն վիհ չըչափած.

Թողեք մեծնամ: Ի՜նչ կենսավետ է բնությունն,

Հոգիս թողեք անոր ծոցին մեջ` տրոփուն`

Աստուծո հետ դեմ դիմաց:

...Ո՜րքան մութ է. ո՛հ, կյանքն է այս. խո՜ր անդունդ,

Ուր ամեն շող, գաղափարի ամեն հունտ

Ապառաժի վրա կ’իյնա,

Մետաղի՜ հնոց, որուն ծուխին մեջ` ցիրցան`

Լոկ արծաթի ձայնով զիրար կը ճանչնան,

Ծո՜վ` դիմող իր ափը, շահ:

...Ես գերին եմ իմ գոյութան պատճառին.

Կը խոնարհի սիրտս իր արյամբ միասին

Զինքը լեցնող սըրտին տա:

Քնարիս լարին մորըս մազերն կառչեցան,

Եվ սիրո մազն երգի լարեն, ա՜հ, ո՜րքան

Զորավոր է և անքակ:

Ինծի կ՚ըսեն. «Չի՛ ամփոփվիր հայ գըրչին

Մեջ հայ գրողին անձնական կյանքն իսկ մըթին.

Քընարն Հայուն չունի բաստ»:

Ինծի կ՚ըսեն. «Աչքերըդ վա՛ր իջեցուր.

Վերացումդ այդ պիտի հասնի մինչև ո՞ւր…

...Եղծե՛ բնության պատկերն, եղծե՛ հոգվույդ մեջ.

Թռիչքըդ փետե՛. Գըրքիդ ներքև գըրե՛. Վերջ:

Ըստվերին մեջ կը տեսնե՞ս.

Ծնողքըդ ուղղած է թըշնամի շունչն ահա

Այն ջահին դեմ` զոր վառեցիր բագնին վրա

Գաղափարին լուսերես:

Երթա՜նք, երթա՜նք»: – Ո՛չ, ո՛չ, հեռո՞ւ. Թողեք զիս.

Կը ծաղրեմ կյանքն. ի՜նչ կառչեցաք հոգիիս:

Կ՚ուրանամ հա՜յրս. այո՛. – դե՞ռ:

Թողեք մեծնամ, հըսկայանամ մըտքիս հետ.

Կոկորդըս մի՛ թողուք բնության խընկավետ

Կաթն` որ Աստված է կըթեր...

...Կարկնիս մեկ ծայրն հաստատեցի կորովով,

Հավերժորեն խաչված Սերին վրա` մյուսով,

Որպեսզի Մա՛րդը չափեմ:

Մի՛ վերցընեք – այդ արարք մ՚է անպիտան –

Անոր դողդոջ մեկ սըլաքեն Գողգոթան

Մյուս սըլաքեն Մարդկությունն:

Այսպես արփվույն տակ, Աստուծո հանդիման,

Ըրած Բնությունն ինձ մայր, Անհունն` օրրան,

Թողե՜ք, թողե՜ք զիս խոկուն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2009-11-28, 09.53.23 | Сообщение # 50
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
14. ԾԵՐ ԿՌՈՒՆԿԸ

Գետափին վրա, կռունկներու շարքին մեջ,

Ան իր գլուխը ծռեց.

Դըրավ կըտուցը թևին տակ, ու ծեր, խոնջ,

Նըվաղկոտ բիբով ըսպասեց

Իր վերջին սև վայրկյանին.

Երբ իր ընկերները ա°լ մեկնել ուզեցին`

Ան չըկըրցավ անոնց թռիչքին միանալ.

Հազիվ բացավ աչքն ու դիտեց օդին մեջ

Խըմբակին չուն` որ կ’երթար

Երդերեն վար կըրկռալով

Հանձնված լուրեր, բարևներ,

Եվ արցունքներ պանդուխտի:

Ա¯հ, խեղճ թըռչուն. Այդ դալկահար գըրկին մեջ

Աշնանային ցուրտ լըռության` կը մեռնի:

Փո¯ւճ է այլևս երազել

Գարուն մ’հեռուն, գաղջ հոսանքները օդին

Ճախրող թևին տակ զորեղ,

Կամ սրունքներով ջըլեբաց

Անցքը պաղուկ առվակներե, մեծ վըզին

Մըխըրճումները շամբերուն մեջ կանանչ,

Փուճ է այլևս երազել:

Թևերը հայ կըռունկին

Ա°լ հոգնած են ճամբորդելե: Ան եղավ

Հավատարի°մ սըրտաճըմլիկ պաշտոնին,

Փոխադրեց շա¯տ արցունքներ.

Ո¯րչափ հարսեր իրենց սըրտերը հըրատապ

Իր քըքշական փետուրներուն մեջ դըրին.

Ո¯րչափ մայրեր և որդիներ բաժնըված

Անոր թևերը բեռցուցին համբույրով…

Արդ սարսուռով մ’օրհասի

Ան վըրայեն կը թոթվե

Մեծ վիշտն Ազգի մը նըժդեհ,

Ուխտեր հանձնված, լացեր գաղտ

Նըշանածի մ’որ տեսավ ա°լ իր հետին

Վարդի թոշնումը դեռ բընա°վ չհամբուրված,

Տըրտում օրհնենք մը մամու,

Սերեր, իղձեր, կարոտներ

Ա°լ վըրայեն կը թոթվե:

Եվ գետափին գորշապատ

Ամայության մեջ բանալով վերջին հեղ

Հոգնած թռիչներն ուղղաբերձ`

Հայ բլուրներուն, գյուղերուն վրա կիսավեր,

Կըրկռոցովն օրհասի

Գաղթումը ան կ’անիծե¯:

Եվ կ’իյնա, լուռ: Խիճերուն վրա գետափին

Կ’որոշե իր գերեզմանն,

Ու մըխելով կըտուցն հիր

Քարի մը տակ, բընակարան դոդոշի,

Քարշ ձգած վիզն իր ճապուկ,

Ալիքներուն երգին մեջ

Դողով մը վեհ կը մեռնի¯…

Հոն օձ մ’որ լուռ, երկա¯ր ատեն կը դիտեր

Այդ ճըգնաժամն ակընկառույց բիբերով`

Գետեզրեն վեր կը սողա

Ու վրեժե մ’հին օրերու,

Վատ ոստումով մ’հապըշտապ

Անոր մեռած պարանոցին կ’ոլորվի…

15. ՀԱՅ ԲԺԻՇԿԸ

Բարեկամիս` տոքթ. Ռ. Պազարճյանին

Իրա՞վ. գիտե՞ս ըսպաննել Մահը, խեղդել

Ոսկըներու, ջըղերու մեջ, զետեղել

Գլուխդ հեգերուն խոթ կուրծքին.

Հանդուգն գործ` ուր կա վըտանգն ահարկու

Խաբված սիրո ըմբոստության դիպելու,

Կամ հյուծախտի մը հորձքին:

Գիտե՞ս համրել բաբախումները սըրտին,

Կյանքին քայլերն` որոնց ներքև կը թափին

Մեռած կրակներն այտերե:

Հին սուրբի պես դու բարի ես ու կարո՞ղ.

Զերդ մանգաղված կակաչներու ինկած շող`

Սիրտըդ վերքե՞ր կ՚համբուրե:

Արդ, եկո՛ւր, ո՜վ եղբայր, ծընած` չըգիտեմ

Արգանդեն ո՛ր հղի վարսամին լուսադեմ:

Եկո՛ւր, թռիչքիս վրա զերդ ճայ`

Քեզ պիտ՚ տանիմ Աշխարհ մ՚անհո՜ւն գերեզման,

Որուն վերև կախված արփին, լուսընկան

Դամբանի միշտ կ՚ըլլան ջահ:

Հոն հյուղե հյուղ տըրտում քալես պիտի դուն`

Բանալով խուլ ողբի դըռները զաղփուն.

Վերմակներե դուրս` նիհար

Թևեր քեզի պիտ՚ երկըննան վերամբարձ.

Պիտի շողա մըրոտ խըրճիթը հանկարծ

Իբրև ոսկվո հանք մ՚ըլլար:

Ու առջևդ հոն պիտի տեսնես մահահոտ

Էակներու գարավող կույտ մ՚հիվանդոտ,

Թաց խորշերու մեջ` տըժգույն

Դեմքեր վըտիտ, բիբեր ջերմի վառարան,

Որ փոխանակ արեգակին կը տեսնան

Հըրդեհն իրենց գյուղերուն.

Լանջքեր վիրոտ, վիրոտ սըրտեր` լի արդար

Վըրեժներով, սարսափներե խելագա՜ր,

Ճակատներ` ուր թըշնամվույն

Անարգ սուրերը կ՚արձակեն բոց և ահ,

Հոն կը գըրեն – ըստ կամքի – կյանք, վաղը` մահ,

Ճակատագիր անկայո՜ւն...

Ջարդված կողեր` որ կը դողդղան սվիներեն`

Ինչպես եզ մ՚իր անդեորդին խըթանեն.

Ցուրտի, սովի մեջ` դեղին

Ծյուրախտ թոքեր, աղիքներ չոր ու ցամքած`

Որոնց միջև Քաղցն, երիզորդ մարմնաքանց,

Կը քաշե մորթը ոսկրին:

...Ահա – ո՜վ վրեժ – եղբայրներուդ այս անվերջ

Քայքայումին առջև` սըրտմիտ հոգվույդ մեջ

Խեղդած պաշտոնդ, ընդվի՜զ, վե՜ս,

Շանթի նըման` որ կ՚երկըննա պողպատին,

Գուցե՛, գուցե՛, ո՜վ եղբայր, դու մոլեգին

Նըշտրակին տեղ սո՜ւրն ուզես:



Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » Դանիել Վարուժան, 1884-1915
  • Страница 5 из 6
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz