Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 03.15.58
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 13
  • 1
  • 2
  • 3
  • 12
  • 13
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 02.56.37 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline

Поделиться в соц. сетях:!

data-yashareType="button" data-yashareQuickServices="yaru,vkontakte,facebook,twitter,odnoklassniki,moimir" >


«Հայերենը ափի մեջ»

2005 -ին  «9-րդ հրաշալիք» հրատարկչության կողմից տպագրած Վաչագան Սարգսյանի հեղինակած գիրքը, որը վերաբերում է  հայերենի ստուգաբանությանը : Գիրքը նվիրված է Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: Խմբագիր`  Հրանտ Վարդանյան :
Գրքի հանձնարարականը
Գիրքը հետաքրքրաշարժ ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողությունների շտեմարան է, որտեղ ներկայացված է հայերենի պերճաշուք գաղտնարանների, հայերեն բառերի խորախորհուրդ աշխարհի մասին 125 զրույց: Այս զրույցների նպատակն է մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնել հայերենի զարմանահրաշ ներկայությանըՙ անցյալում եւ ապագայում միաժամանակ: Սեր արթնացնել, խլրտում առաջացնել պարմանուհիների ու պարմանիների սրտերում արարչական լեզվի նկատմամբ. ահա գրքի գերագույն նպատակը:Գրքի յուրաքանչյուր էջի վերեւի մասում տրված են օտար եւ հայ մեծերի, նշանավոր եւ ճանաչված մարդկանց շուրջ 300 ասույթներ հայերենի մասին:Գիրքը կհետաքրքրի դպրոցականին եւ ուսանողին, հայոց լեզվի ուսուցչին ու դասախոսին եւ, ընդհանրապես, լեզվի հարցերով հետաքրքրվող ընթերցողներին:

Երկու խոսք
Սիրելի՛ բարեկամ, այս գիրքը գրվել է երկար ու ձիգ տասը տարիների ընթացքում: Գրվել է, որովհետեւ ինձ միշտ զարմացրել ու հիացրել է հայոց լեզուն, ոգեւորել եւ հույս տվել տրտմալի օրերին: Աստվածային մի լույս կա մեր լեզվի մեջ, որն զգում եմ ամբողջ էությամբ, զգում եմ ֆիզիկապես: Անվերջ բերկրանք եմ ապրել ու սքանչացել հայոց լեզվի ներդաշնակությամբ, նրա հինավուրց շնչով ու ապագան իր մեջ պահած զորեղ երիտասարդությամբ:Ինձ թվում էՙ հայերենը լեզուների լեզուն է, արարչական մի պարգեւ հայ ժողովրդին: Հայերենը անցյալում է եւ ապագայում միաժամանակ: Հայերենը սերն էՙ կատարյալ, հրապուրող անսահման եւ ժամանակի քայքայմանը անենթակա:

Հայերենը խաչվել է հայի հետ, զոհաբերվել, եղծվել, բայց միշտ արեւի նման դարձյալ ծագել է մեր հոգիների վրա մայրական գորովով ու ներողամտությամբ նայել իր մոլորված որդիներին: Հայերենի մի բառի մեջ հազար ներում կա: Այդպես է եղել երեկ, այդպես է այսօր եւ այդպես կլինի վաղը: Բայց, մեկ է, մենք տալիս ենք ու չենք սպառվում, այրվում ենք ու չենք վերջանում, լույս ենք դառնում, երբեմն` կայծակ. վկաՙ Սասունցի Դավիթը:Սիրելի՛ պարմանիներ եւ պարմանուհիներ, հազարամյակների ընթացքում մենք կրթել ենք մեր շրջապատի ազգերին, ինչպես նաեւ օգտվել նրանց ստեղծածից, այնպես որ մեր լեզուն ոչ միայն մերն է, այլեւ ամբողջ աշխարհինը:

Մեր լեզվի միջոցով շատ շատերն են վերագտնում իրենց կորցրածը, վերականգնում գրեթե անվերականգնելի իրողություններ, խորանում պատմության ծալքերում: Զարմանալի է, թե ինչքան աներեւույթ խորություններ կան բառերի ներսում, ինչքան գրավիչ է բառի վրայից թզենու տերեւը վերցնելը եւ էությունը բացելը: Այս գրքում փորձ է արվել հետաքրքրաշարժ ու հանրամատչելի ձեւով ներկայացնել հայերենի պերճաշուք գաղտնարանների մի փոքրիկ մասը, ընթերցողին ցույց տալ, թե որքան խորախորհուրդ է հայոց բառերի աշխարհը:Զրույցների ընթացքում կբացահայտենք այդ բառաշխարհներից մի քանիսը, կտեսնենք, կհիանանք, կզարմանանք այդ կախարդական աշխարհներով, կգնանք մինչեւ լեզվի ակունքները, կտեսնենք, թե ինչպես է առաջացել այս կամ այն բառը, որ լեզուներին ենք մենք բառեր տվել եւ որ լեզուներից փոխառել, կտեսնենք, թե ինչ խորքեր ունի հայոց յուրաքանչյուր բառ. պետք է պարզապես բացել նրա թերթերը եւ տեսնել նրա ներսում բաբախող, դարերի խորքից եկող լույսը:Մենք ամեն օր հարյուրավոր, եթե չասենքՙ հազարավոր, բառեր ենք գործածում, օգտվում նրանցից ու շատ հաճախ չենք էլ իմանում նրանց տոհմաբանությունը, չգիտենք նրանց ծագումը, չենք հետաքրքրվումՙ «ով ում բարեկամն է»: Եվ դա բնական է: Ի՞նչ կարիք կա հիշելու, թե այսօրվա մեր լեզվում ամուր նստած այս կամ այն բառը որտեղից է եկել, ինչպես է ստուգաբանվում:

Բայց սա առաջին, սովորական հայացքի դեպքում: Իսկ երբ որոշ չափով խորանում ենք բառերի ստուգաբանության մեջ, պարզում նրանց ծագումն ու հարազատությունը այլ բառերին, դրանք դառնում են ավելի հետաքրքրահարույց, ավելի իմաստալի ու, որքան էլ զարմանալի է, ավելի սիրելի: Նրանք դառնում են ժամանակի յուրօրինակ մեքենաներ, որոնք մեզ դարերով ու հազարամյակներով հետ են տանում, հասցնում նախապատմական ժամանակներ, ցույց տալիս այն ժամանակվա մարդկանց փոխհարաբերությունները, ազգերի շփումներն ու առնչությունները: Չէ՞ որ լեզուն է կապում իրար անցյալը, ներկան ու ապագան, չէ՞ որ լեզուն է ազգի գոյության փաստացի վկայությունը. կա լեզուՙ կա ազգը, չկա լեզուՙ չկա ազգը:

Բառի ծագումն ու ստուգաբանությունը սոսկ լեզվաբանական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իմանալով բառերի կենսագրությունըՙ իմանում ես, թե ինչպես են մտածել քո նախնիները, պատկերավոր մտածողության ինչ արդյունք է այս կամ այն բառը: Այդ ամենի մեջ խորհրդավոր եւ սիրելի մի բան կա:Այս զրույցների նպատակն է այդ ամենին մեր պատանիներին ու երիտասարդներին ինչ-որ չափով հաղորդակից դարձնելը: Չէ՞ որ սիրում ես միայն ճանաչածդ, իմացածդ: Մենք մեկ անգամ եւս կհամոզվենք, որ հայոց լեզուն, իրոք, շատ, աներեւակայելիորեն զարմանալի իրողություններ է պարունակում իր ծալքերում, որ, իրոք, ժամանակի մեքենա է լեզունՙ հազարամյակների խորքերը տանող անմար ջահ, եւ, միաժամանակ, ապագա տանող մշտնջենական լույս:

Գիրքը հետաքրքրաշարժ ստուգաբանությունների, լեզվական նրբությունների, զարմանալի իրողությունների շտեմարան է, որն անպայման կհետաքրքրի պատանի ընթերցողին, դպրոցականին ու ուսանողին, հայոց լեզվի ուսուցչին ու դասախոսին, եւ, ընդհանրապես, լեզվի հարցերով հետաքրքրվող ընթերցողներին: Չէ՞ որ յուրաքանչյուր զրույց մի հրապուրիչ պատմություն է, առասպելական մի իրողության, զարմանահրաշ մի եղելությանՙ հայերեն բառի մասին:Սեր արթնացնել մեր լեզվի նկատմամբ պատանիների սրտումՙ ահա գրքի գերագույն նպատակը, լեզու, որի դեմ անզոր են եղել միլիոնավոր վայրենիների սվիններն ու յաթաղանները, լեզու, որը դարձել է մեր ազգի հայրենիքը, նրա հոգին է ու ինքնության հիմնասյունը:Այս գիրքը գրելիս իմ մշտական ուղեկիցներն են եղել Հրաչյա Աճառյանը, Ղեւոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Էդուարդ Աղայանը ,Ստեփանոս Մալխասյանցը, Գեւորգ Ջահուկյանը, Ներսես Մկրտչյանը եւ ուրիշներ:Գրքի յուրաքանչյուր էջի վերեւի մասում տրված են օտար եւ հայ մեծերի, նշանավոր եւ ճանաչված մարդկանց ասույթներ հայերենի մասին, որոնք հավաքել եմ տարիների ընթացքում:

Ներկայացված է մոտ 160 հեղինակի շուրջ 300 ասույթՙ տրված ժամանակագրական կարգով: Այսպիսի համալիր ներկայացումը հայ իրականության մեջ առաջին անգամն է: Այդ ասույթներից յուրաքանչյուրը սրտի խոսք է, դիպուկ ու արտահայտիչ գնահատական, հակիրճ բնութագրություն մեր աստվածատուր լեզվին: Կարդում ես 1-ին դարից մինչեւ մեր օրերը հայերենին տրված 300 գնահատականները եւ 300 անգամ եւս համոզվում, որ լեզուն է մեր գոյատեւման երաշխիքը եւ փաստը, որ ունենք կատարյալ լեզու, որ մենք պիտի հասնենք մեր լեզվինՙ անընդհատ կատարելագործելով ինքներս մեզ:Մեծարգո՛ ընթերցող, հուսով եմ, որ այս գիրքը հաճելի պահեր կպարգեւի քեզ եւ ավելի կմտերմացնի հայերենին:Հեղինակ

ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է

ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ

ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է

ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ

ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ

ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ

ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ

ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ

ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է

ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ

ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ

ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ

ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ

ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է

ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ

ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ

ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն

ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ

ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ

ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞

ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ

ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր

ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ

ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ

ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ

ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ

ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ

ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ

ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ

ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ

ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ

ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ

ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ

ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ

ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ

ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ

ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ

ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ

ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ

ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ

ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ

ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է

ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ

ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ

ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ

ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ

ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ

ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ

ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ

ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ

ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է

ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ

ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ

ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է

ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ

ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ

ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ

ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ

ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»

ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ

ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ

ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ

ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է

ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ

ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ

ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ

ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ

ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ

ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ

ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ

ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ

ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ

ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ

ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ

ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ

ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ

ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ

ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է

ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է

ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ

ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ

ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ

ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ

ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ

ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ

ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ

ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ

ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ

ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ

ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]

ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ

ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ

ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ

ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ

ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ

ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ

ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ

ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ

ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ

ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ

ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ

ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ

ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ

ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ

ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ

ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

http://www.azg.am/AM....0010563


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 06.02.20 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ստուգաբանությունն ուսումնասիրում է բառերի ծագումնային կապը այլ բառերի հետՙ լինի տվյալ լեզվի բառ, թե այլ:Աշխարհում կան շատ ու շատ բառարաններ` ուղղագրական-ուղղախոսական, բացատրական, բառակազմական, բազմալեզու եւ այլն: Բայց կա մի բառարան, որը եզակի է, որը պարունակում է ամեն ինչ քեզ հետաքրքրող որեւէ բառի մասին: Այդ բառարանում ընդգրկված են հայերեն մատենագրության մեջ հանդիպող բոլոր բառարմատները, տրված են դրանցից կազմվող բառերը, բացատրությունները, բարբառային ձեւերը: Ուսումնասիրելով որեւէ բառահոդվածՙ ընթերցողը կարող է իմանալ, թե բառը որ լեզվից է փոխառել հայը, հայերենից որ ազգերն են փոխառել, նախալեզվում ինչպես է հնչել այն, որ ազգը ի՛նչ փոփոխության է ենթարկել նախալեզվի այդ բառը` հարմարեցնելով իր արտասանությանը: Ընթերցողը կիմանա, թե որոնք են բնիկ հայերեն բառերը, ի՛նչ զարմանահրաշ փոփոխությունների են ենթարկվել, մինչեւ հասել են մեզ: Ընթերցողն, իհարկե, կռահեց, որ խոսքը Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» մասին է, մի հրաշալի գանձարանի, անսպառ շտեմարանի մասին, որի ուսումնասիրությունը տանում է դարերի խորքը, բացահայտում անչափ հետաքրքիր իրողություններ, զարմացնում եւ հիացնում: Այս գրքի զրույցների ստուգաբանական հենքը հիմնականում այդ բառարանն է: Հրաչյա Աճառյանն այդ բառարանը ստեղծել է 1926-35 թվականներին:

Այդպիսի բառարան կա նաեւ ռուսերենի համար. այն գերմաներեն գրել է Մաքս Ֆասմերը: Հետագայում (1964 թ.) թարգմանել են ռուսերեն: Բնականաբար, այլ լեզուների համար էլ կան ստուգաբանական բառարաններ: Հայերենը բացառիկ դեր ունի այլ լեզուների բառերի ստուգաբանության համարՙ որպես հնագույն եւ, միաժամանակ, կենդանի լեզու: Ընդհանրապես, ստուգաբանությունը մի գործիք է, որով պրպտող մարդը կարողանում է հազարամյակներով հետ գնալ, տեսնել հնագույն, վաղնջական մարդուն, իմանալ նրա վերաբերմունքը աշխարհի եւ այլ մարդկանց նկատմամբ:

Նորին մեծություն Ստուգաբանությունը, օրինակ, շատ վճռական դեր կարող է ունենալ պատմական կնճիռները հարթելու, ազգերի նախահայրենիքի տեղը ճշտելու, նրանց «ծննդյան վկայականի» հարցը պարզելու գործում: Մի օրինակով պարզաբանեմ միտքս: Գիտնականների մի մասը պնդում է, որ հայերը անմիջական շփումներ են ունեցել մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությանՙ շումերական քաղաքակրթության հետ: Որպես փաստ նշվում են նաեւ լեզվական առնչությունները. հայերենում եւ շումերերենում կան բազմաթիվ բառեր, որոնք թե՛ հնչողությամբ, թե՛ իմաստով նույնն են եւ, ամենակարեւորը, այդ բառերը չկան ուրիշ լեզուներում: Դա նշանակում է, որ հայերն ու շումերները հարեւաններ են եղել, դա նշանակում է, որ հայերը որպես ցեղային միություն գոյություն են ունեցել առնվազն 5-6 հազար տարի առաջ: Իսկ եթե նկատի ունենանք, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, իսկ հնդեվրոպերենը ձեւավորվել է նոր քարի դարաշրջանում, նշանակում է նախահայերեն խոսել են անհիշելի ժամանակներից:

Հայերենի եւ շումերերենի ընդհանուր բառերից թվարկենք մի քանիսը.  ագի (պոչ),  գին, ցեց, օդի (ոչխար),  տի (կյանք, տարիք),  ծագ եւ այլն:

Ստուգաբանությունը շատ ուշագրավ իրողություններ է բացահայտում: Օրինակՙ հույները բարբարոս էին անվանում այն ցեղերին, որոնք հունարեն չգիտեին: Եթե նկատի ունենանք, որ բարբարոս -ը կարող է ստուգաբանվել հայերեն  բարբառ ՙ «խոսք, բառ» նշանակությունից, ապա կարող ենք ուշագրավ հետեւություններ անել:

Մեկ այլ օրինակ. առաջին հայացքից էլ երեւում է, որ ռուսերեն  улица եւ հայերեն  ուղիբառերը նույն ծագումն ունենՙ  ուլի -  ուղի : Հայերենում կա  խռիկ տալարտահայտությունը, որը դարձյալ կապ ունի ուղի բառի հետ: Ինչպե՞ս: Դիմենք ստուգաբանությանը:

Խռիկ տալ , կամ  խռկել նշանակում է «վանել, վռնդել, քշել»:  Խռկելը նույն  խրկելն է, իսկ խրկել -ը  ղրկել բառն է. հաճախ է բառասկզբի  ղ -ն դառնում  խ : Ղրկել -ը կրճատված է  ղարկելձեւից, որն առաջացել է  ուղարկել բայից:  Ուղարկել նշանակում է «ուղի արկանել», այսինքնՙ «ուղի ձգել, ուղի նետել, ուղու մեջ գցել»: Այսինքնՙ  ուղի բառից առաջացած  ի ուղի արկանելարտահայտության ձեւափոխման ընթացքը եղել է այսպիսին.  յուղարկել > ուղարկել > ղարկել > ղրկել > խրկել > խռկել > խռիկ տալ ։

Երբ միանգամից ասում ենք, թե հայերեն  խռիկ -ը եւ ռուսերեն  улица -ն գրեթե միեւնույն բառերն են, մարդ չի ուզում հավատալ: Բայց երբ հնչյունափոխությունների շարքը ճշտությամբ եւ կետ առ կետ հաստատում է նույնը, այլեւս կասկած չի մնում։

Ի դեպ,  հուղարկավորություն բառը ժողովրդական ստուգաբանությամբ մեկնում են իբր «հող ուղարկել», որը, բնականաբար, ճիշտ չէ: Հուղարկավորություն, յուղարկաւորութիւն կամ յուղարկութիւն , ինչպես արդեն կռահեցիք, նշանակում է «ի ուղի արկանել», այսինքնՙ վերջին ուղու մեջ գցել, ճանապարհել:
 
Եթե ասենք, որ հայերենում սովորական դիմելաձեւ դարձած  ապ եւ ռուսերեն  брат բառերը ծագել են հնդեվրոպական նախալեզվի նույն արմատից, անհավանական կթվա: Բայց տեսնենքՙ իրո՞ք մենք բոլորս եղբայր ենք:

Ռուսերեն  брат եւ հայերեն  եղբայր բառերը «երկվորյակ եղբայրներ են», իսկ  ապ -ը նրանց «ծոռն է»:
Այս երկու բառերն էլ ծագում են նախալեզվի  bhrater (բրատեր) բառից: Ինչպես առաջին հայացքից պարզ երեւում է, ռուսերեն  брат -ը եւ նախալեզվի  bhrater -ը գրեթե նույնն են, եւ դրա վրա չարժե կանգ առնել:

Բայց ինչպե՞ս է  bhrater բառը հայերենում դարձել  եղբայր : Առաջին հայացքից անհեթեթություն կարող է թվալ դա եւ կամայական ստուգաբանություն: Բայց դիմենք ձայնական օրենքներին, ինչպես որ դա արել է Հրաչյա Աճառյանը:

Bh -ն հայերենում դառնում է  բ ,  r -ն հայերեն  ր -ն է,  a -նՙ  ա -ն: Երկու  ձայնավոր ների միջեւ t -ն հայերենում դառնում է  յ : Սա կարող էր կասկածելի թվալ, եթե բազում այլ օրինակներով հաստատված չլիներ: Այսպես,  pater - հայր, mater - մայր, ater - այրել եւ այլն:

Եվ վերջինը. հայերենում վերջնավանկի ձայնավորը ջնջվում է: Ձայնական այս օրենքներով bhrater -ը հայերենում պիտի դառնար  բրայր : Բայց հայերենն էլ ունի իր ներքին ձայնական օրենքները, որոնք պիտի փոփոխեին այս  բրայր -ը եւ դարձնեին  եղբայր :

Այժմ դիտարկենք այդ օրենքները: Երկու իրար հաջորդող  ր -երից մեկը դառնում է  լ ՙ բրայր - բլայր :  Բլ -ն կարող է շրջվել եւ դառնալ  լբ ՙ  բլայր - լբայր : (Համեմատելՙ  դգալ -  գդալ , խստոր -  սխտոր եւ այլն): Բաղաձայնից առաջ գտնվող  լ -ն առանց բացառության դառնում է  ղ , որը նույն  լ -ն է, բայց թավՙ  լբայր - ղբայր : Ղ-ն բառասկզբում ստանում է  ե կամ  ա հենարանը: (Համեմատելՙ պարսկերեն  րագ , հայերենՙ  արագ ,  րանգ -  երանգ եւ այլն:) Հայերենի այս օրենքների գործադրմամբ  բրայր -ը դառնում է  եղբայր կամ  աղբայր :

Այս ամենը կատարվել է մինչեւ V դարը: Եթե շարունակենք, կստանանքՙ  եղբայր - աղբայր - աղբար - աղբեր - ախպեր - ախպար : Ահա թե որտեղից է գալիս  ախպար -ը: Իսկ  ախպեր -ից ապեր, ապե եւ  ապ փոփոխությունը մեր աչքի առաջ է տեղի ունեցել:

Այս օրինակը այսքան մանրամասնորեն ներկայացնելովՙ ցույց տվեցինք, որ հնչյունական օրենքները գործում են առանց բացառությունների, գիտականորեն հիմնավորված են եւ ստույգ: Սա, կարելի է ասել, «ցուցադրական» օրինակ է. պետք չէ կարծել, որ մնացած զրույցներում եւս հնչյունական զանազան օրենքների այսքան մանրամասներ կան, որոնք ընթերցողին կարող են անհետաքրքիր թվալ: Մնացած զրույցներում աշխատել ենք խուսափել ավելորդ մանրամասնություններիցՙ զրույցը ավելի մատչելի եւ դյուրըմբռնելի դարձնելու միտումով:

Բերենք մի քանի օրինակ եւս:

Հայերենում կա  չմակեր բառը, որը նշանակում է «քիչ ուտող, շատ վատ ուտող»: Շատ դժվար է գլխի ընկնել, թե ինչպես է առաջացել բառը, ինչ կազմություն ունի:

Պարզվում էՙ  չմակեր -ը կրճատված է  չմչմակեր բառից: Իսկ  չմչմակեր բառի նախնական ձեւն է  չնչնակեր : Այստեղ արդեն զգացվում է  չինչ, չնչին բառը: Այսինքնՙ  չմակեր նշանակում է «չնչին ուտող»: Խոստովանենք, որ շատ հետաքրքիր է:

Նույն ստուգաբանությամբ ցույց է տրվում, որ ռուսերեն  кочерга -ն առաջացել է հայերեն խաչերկաթ -ից, որ զանազան լեզուներում գործածվող  կոտոն -ը հայերեն  քաթան -ից է, որ իշակ -ը մեր հայերեն  էշ -ից է սերվել, որ մեր  պարոն -ը գերմաներեն  բարո ն բառից է, որ  կրոն եւ կիրք բառերը նույն արմատից են, որ երեխա նշանակել է «չմկրտված անձ», որ  քավոր բառը կրճատվել է  կնքավոր բառից, որ  ճանաչել բառի սկզբնական ձեւն է  ծանաչել եւ  ծանոթ բառի հետ նույն  ծան արմատից է սերում, որ  ինքնահող բառը  այգողբք բառի աղավաղված տարբերակն է եւ այլն, եւ այլն:

Ահա թե ինչու ենք զրույցներում անդրադառնում բառերի հետաքրքաշարժ ստուգաբանությանը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 06.11.53 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է

Շարունակենք նախորդ զրույցը: Շարունակենք թեթեւակիորեն բացել բառերը, նայել բառերի ներսը:

Առաջին հայացքից էլ բառերի մեջ երեւում են զանազան իրողություններ, որոնք ավելի ու ավելի հետաքրքիր ու զարմանալի են դառնում, երբ ակոսը ավելի խորքից ենք բացում: Հայերեն բառը հարազատ է մեզ, նա իր մեջ պահած տեղեկույթը սիրով տալիս է մեզ, մենք պետք է պատրաստ լինենք ընկալելու դա: Օրինակ, առաջին հայացքից էլ երեւում է, որ հայերեն դեղատուն բառը կազմված է  դեղ եւ  տուն բաղադրիչներից. դա միանգամից աչքի է զարնում: Նույնը` ջրկիր . այսինքն` «ջուր կրող»: Նման հազարավոր բառեր կան, որոնց բաղադրիչները շատ հեշտ է առանձնացնել: Բայց կան բազմաթիվ այլ բառեր, որոնց բաղադրիչները շատ դժվար է զանազանել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում մի շարք փոփոխություններ են կրել: Օրինակ.  այժմ բառի մեջ որեւէ մեկը, եթե չունի լեզվաբանական հատուկ կրթություն, դժվար թե կարողանա առանձնացնել բաղադրիչները

Իսկ դրանք կան`  այս եւ  ժամ : Տարիների ընթացքում հաճախակի գործածության եւ շեշտը առաջին վանկի վրա լինելու պատճառով միաձուլվելովՙ  ս բաղադրիչը եւ  ա ձայնավորը կրճատվել են, եւ բաղադրիչները տվել են այսօրվա այժմ բառը:  Տեր բառի մեջ դա նկատելը առավել եւս դժվար է: Պարզվում է, որ  տեր բառը առաջացել է  տի եւ  այր բառերի ձուլումից:  Տիայր . այսինքն` «մեծ այր», ինչպես  տիկին ` «մեծ կին»,  տիեզերք ` «մեծ եզերք»: Հնչյունափոխվելովՙ  տիայր -ը դարձել է  տեր : Իսկ ի՞նչ է  տիար -ը, որն այժմ առաջարկվում է  պարոն ոչ հայեցի ձեւի փոխարեն: Դա նույն  տիայր -ն է` այլ փոփոխմամբ: Այսինքնՙ բնիկ հայերեն բառ է եւ արժե գործածել  պարոն -ի փոխարեն: Իսկ ինչպե՞ս է առաջացել  ամուսին բառը, որը, ինչպես գիտեք, նշանակում է «կնոջ մարդը եւ մարդու կինը»: Սա նույնպես բնիկ հայերեն բառ է, որը կազմված է  ամ «կից, միասին» եւ  ուս«վարժվել, սովորել» արմատներից եւ  -ին մասնիկից: Այսինքն`  ամուսին նշանակում է «միասին կամ հետը վարժված, մեծացած»:

Մեզ բոլորիս քաջ ծանոթ ընկեր բառը կազմված է  ըն(դ)նախդիրով  կեր արմատից եւ նշանակում է «միասին ուտող, հացակից, ճաշակից»: ( Ընկեր բառն ունի մեկ այլ մեկնություն. ըստ դրա, ընկեր բառի բաղադրիչներն են ընդ «միասին» նախդիրը եւ կար կամ  կեր արմատը, որը պարսկերեն է եւ նշանակում է «գործ, արարք»: Այսինքնՙ  ընկերնշանակում է «միասին գործող, միասին մի բան անող»): Սրան նման է  ընտանի բառը, որը կազմված է դարձյալ  ընդ նախդիրից եւ  տուն բառից, այսինքն` «տան մեջ եղած, տնային»: Բառերի այս շարքից է նաեւ  ընտիր բառը` կազմված  ընդ նախդիրից եւ  դիր (դնել) արմատից, հին ձեւն էՙ  ընդիր : Նշանակում է «մի կողմ դնել, ջոկել, առանձնացնել»:
Պարզ բառ է թվում նաեւ  մյուս բառը: Բայց արդյո՞ք այդպես է: Պարզվում էՙ ոչ:  Մյուս -ը բարդ բառ էՙ կազմված  մի + եւս բաղադրիչներից: Սկզբնական  միեւս բառը ժամանակի ընթացքում դարձել է  միւս եւ հիմաՙ  մյուս :

Նույն երեւույթը կա նաեւ այլ լեզուներում: Օրինակ, ռուսերենի  нет բառը  не եւ  есть բառերի միաձուլումից է առաջացել. не есть - несть - нет: Իսկապես, դժվար է առաջին հայացքից գտնել բաղադրիչները: Դիտարկենք մի հետաքրքրական օրինակ եւս` неделя բառը: Բանից պարզվում է, որ շատերիս ծանոթ այս բառը կազմված է не дело բառակապակցությունից, որը նշանակում է «աշխատանքից ( дело ) ազատ օր, գործ չանելու օր»:

Անշուշտ, մյուս լեզուներում էլ կան հետաքրքրաշարժ նման օրինակներ: Բավարարվենք այսքանով ու մեկ անգամ եւս համոզվենք, որ մի բառը մի աշխարհ է:

Իսկ հետագա զրույցների ընթացքում կբացահայտենք այդ աշխարհներից մի քանիսը, կտեսնենք, կհիանանք, կզարմանանք այդ կախարդական աշխարհներով, կգնանք մինչեւ լեզվի ակունքները, կտեսնենք, թե ինչպես է առաջացել այս կամ այն բառը, որ լեզուներին ենք մենք բառեր տվել եւ որ լեզուներից փոխառել:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 06.18.26 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ

Քանի որ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն», ապա մեր զրույցները կսկսենք Աստծու անունից:

Մենք երբվանի՞ց ենք Արարչին կոչել Աստված, արդյո՞ք հայերեն է հայ Աստվածը, ի՞նչ են ասում այս մասին տարբեր գիտնականներ:

Աստծուն սեմական ազգերը կոչում են  Էլ, Ելոհիմ, Ալլահ , հնդիկները, հռոմեացիները, հույներըՙ  Տեա, Տեուս, Թեոս, Զեւս , պարսիկներըՙ  Խյարա , գերմանացիներըՙ  Գոթ , սլավոններըՙ  Բոգ եւ այլն: Տեսնենք, թե որտեղից է գալիս մեր  Աստված բառը, բնիկ հայերե՞ն է, փոխառությու՞ն, որքա՞ն հին է:

Հայերեն  Աստված անունը գալիս է խոր անցյալից: Կարծիքներ կան, որ Աստվածը եղել է մեր գլխավոր եւ ամենահին աստծու անունը: Հետագայում այն դադարել է հատուկ անուն լինելուց: Հայկական պանթեոնում  Աստվածի տեղը գրավել են հետագայում հայտնված աստվածներըՙ ասորական  Բարշամը , պարսկական  Արամազդը , հրեական  Եհովան եւ այլն: «Աստուածը կամ Աշտուաշը պարզ երեւում է հայասական Աշտուաշ դիցանվան մեջ», - գրում է Մ. Գավուգչյանը: Այսինքնՙ դեռեւս հայ ժողովրդի կազմավորման փուլում նա մեր աստվածն էր: Այնուհետեւ Աշտուաշ - Աշտի - Արդի - Արա անցումով համարում է, որ մեր գլխավոր աստվածը Արան է եղել: Ի միջի այլոց, նշենք, որ  Աստված բառը, գրված բոլոր տառերով, երբեւէ չի հանդիպել մեր հին մատենագրության մեջ, այլ միայն պատվանշանովՙ ԱԾ: Դա է նաեւ պատճառներից մեկը, որ ոմանք համարում են, թե մեր աստծու անունը կարող էր հնչել Ազդուած :

«Շատ իմաստասիրական եւ ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ  ած մասնիկը չլիներ, եւ ապա  ու մասնիկը բացակայեր, որովհետեւ  ազդ -ը եւ  ազդու -ն ավելի հզոր են կամ ներգործող են հասկացվում, քան  ազդված -ը», - գրում է Ղ. Ալիշանը:

Իսկ հայտնի բանասեր Մկրտիչ Էմինը համարում է ոչ թե «աստ ածող», այլ «հաստատող եւ հաստատված» լինելը: «Հաստված, իբրեւ անփոփոխ հաստատություն»: Իսկ ի՞նչ են ասում սեպագրերը:

Վանի հարավ-արեւմտյան կողմում, Խորխոր ժայռի հարթեցված երեսին պահպանվել է Բիայնա-Նաիրի երկրի ամենախոշոր սեպագիր արձանագրությունըՙ գրված Արգիշտի Ա-ի կողմից: Մինչ ինքը եղած ընթերցումներին կասկածելովՙ արեւելագետ Գ. Ա. Մելիքաշվիլին վերականգնում է բնագրի անհասկանալի մի բառակապակցությունՙ  astiu ziirbilani : Երկրորդ բառի առաջին  zi վանկը միացնելով առաջին բառին (հիշենք, որ սեպագրերը հիմնականում վանկագրեր են) ստանում է  astiuzi irbilani եւ վերականգնում ճիշտ տեսքըՙ «Արգիշտին ասում է. ես լսեցի, թե, իբր, Էտուինի երկրում գողացել են Արդինի քաղաքի astiuzi-ին»: Այսինքնՙ գողացել են աստվածին, նրա կուռք արձանը: Մելիքաշվիլին համարում է, որ  astiuzi -ին հայերեն  աստուած բառն է:    

Աստուած բառի գործածության օրինակն առկա է նաեւ Մենուա արքայի մի սեպագիր արձանագրությունում, որը գտնվել է Վանում: Այստեղ վիմագիրը կրկնված է երեք անգամ. երեքի մեջ էլ  աստված -ը կա նույն ձեւովՙ  asihuse . «Իշպուինիի որդի Մենուան asihuse-ի այս տունը կառուցեց»: Այսինքնՙ աստծու տունը կառուցեց:

Կան նաեւ հարեւան երկրների աստվածանուններից փոխառություններ համարողներ: Ըստ Մառիՙ հայերեն աստուած-ը փռյուգիական հայտնի աստված Sawazios-ից է փոխառված: Սա նախապաշարված այն տեսության հետեւանքն է, ըստ որի հայերը Բալկաններից են գաղթել: «Փռյուգիական Սաբաձիոսի անունից են բխեցնում

Մառը եւ, նրա հետեւողությամբ, Աճառյանը, հայերեն աստուած բառը, որ հնչյունապես քիչ հավանական է», - գրում է Գ. Ջահուկյանը:
Մառը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում, թե արդյո՞ք հաբեթական չէ  աստված բառը, որ հետո Փռյուգիա եւ այնտեղից էլ Թրակիա է անցել. հայերենի մեջ  տ ձայնը համարում է հետո ավելացած, հին արմատական ձեւըՙ ասված: Գեղեցիկ վարկած, եթե հիշենք, որ ի սկզբանե էր բանը եւ բանն Աստված էր, այսինքնՙ ասվածն էր, խոսքն էր Աստված:

Դարձյալ ամեն տեղ փնտրում ենք մեր Աստծու արմատները, բացի մեր միջից: Ով էլ պնդում է, թե  աստված բառը հենց բնիկ հայերեն է, նրան տարբեր պիտակներ են կպցնում:

«Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ երկինքն է, եւ Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջըՙ Երկրին» , - վկայակոչում է Ղ. Ալիշանը եւ շարունակում. «Եթե Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական եւ ստույգ էլ է, որ մինչ նահապետների մի քանի սերունդ, ցեղերի մոտ տեղ-տեղ ուղիղ աստվածապաշտություն կար: Նախ Բելը մտցրեց կռապաշտությունը կամ պատկերապաշտությունը, իսկ ըստ ոմանցՙ Սեմի ցեղից Աբրահամի հայրը կամ պապը»:
Այսինքնՙ հայերս պաշտել ենք Նոյի աստծուն, հետո Բելը կամ Աբրահամի հայրը ստեղծել են կռապաշտությունը, Հայկը ընդդիմացել է, հավատարիմ մնացել իր Աստծուն: Բայց, ի վերջո, օտար աստվածները գրավել են նաեւ Հայոց երկինքը: Իսկ հրեաները աշխարհին են տվել իրենց աստծունՙ Եհովային, իբրեւ միակ աստծու:
Հայերը նորից վերադարձել են իրենց միակ աստծուն Քրիստոսի միջոցով: Այս առիթով արժե հիշատակել Արտակ Մովսիսյանի մի ուշագրավ դիտարկում. «Ինչպես տեսանք, Հին Կտակարանի կարեւորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ եւ այլն) Հայաստանը հանդես է գալիս իբրեւ «արեւելք»: Ելնելով դրանիցՙ չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր Կտակարանում եւս հիշատակվող մոգերն արեւելքից, որոնք առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին...»:
Ահա մինչեւ ուր է առաջնորդում մեզ մեր Աստվածըՙ դեպի անհիշելի ժամանակներ եւ անտեսանելի ապագա:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 06.56.13 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է

Հավատն առ Աստված հետագայում դարձավ կրոն, այսինքնՙ աշխարհը կառավարող գերբնական ուժերի պաշտամունք, դավանանք: Կրոնը հզորագույն կիրք է:
Տեսնենք, թե այսպես ասելու ինչ հիմք կա:

Նախ հիշենք, թե ինչ է կիրքը: Բառարաններն այսպես են բացատրում  կիրք բառը. «զգացմունքի հախուռն արտահայտություն, որ գիտակցությամբ դժվար է ղեկավարվում, այսինքնՙ զգացողություն, որ մարդ կրում է յուր մեջ (քաղց, ծարավ, հոգնածություն եւ այլն), ներքին զգացում ուրիշի վերաբերմամբ (մայրական, ծնողական, հայրենասիրական եւ այլն), հոգեկան հուզմունք, գրգիռՙ ծնված սաստիկ զգացումից, հատկապեսՙ բարկություն եւ, վերջապես, սեռական տարփանք, ցանկություն» եւ այլն:

Իսկ ի՞նչ է կրոնը, որ գրաբարում ավելի շատ գործածվել է կրոնք ձեւով. «կարգ, կանոն, վարք, կենցաղավարություն, ծես, արարողություն, աստվածապաշտության կարգ, մարդու հավատը առ Աստված եւ այն ծեսը, որով արտահայտվել է այդ հավատը տարբեր ազգերի մեջ»:
Առաջին հայացքից թվում է, թե որեւէ կապ չկա  կրոն եւ  կիրք բառերի եւ հասկացությունների միջեւ: Բայց այդպես չէ: Բանն այն է, որ թե՛ կրոն բառը, թե՛ կիրք բառը ծագել են  կիր (կրել) արմատից,  կրոն -ըՙ  ոն մասնիկով, իսկ  կիրք բառը  կիր -ի հոգնակին է:  Կիր -ը կենսունակ արմատ է, եւ նրա նախնական իմաստը եղել է «բեռնելով տանել, կրել»: Ծագել է հնդեվրոպական նախալեզվի «ծանր» իմաստից: Այսինքնՙ  կրոն -ը եւ  կիրք -ը ծագել են նույն  կրել բառից:Ահա թե այս մասին ինչ է գրում Ղ. Ալիշանը. «Մեր ունեցած այս անունը (կրոնը) մեծապես եւ սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը, թերեւս ավելի լավ, քան այլ լեզուները: Լատիներենը (եւ նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել». համեմատիրՙ մարդկանց Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանցՙ իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապանք, քան կրոնն է, չկա... Այսինքնՙ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետեւում է նրա եւ նրան հավատացողների կապը: Իսկ մեր  կրոն բառը դրսեւորում է ինքնաբերություն: Ով գրաբար հայերենը փոքր-ինչ գիտե, գիտե նաեւ, որ  կիր -ը  կրել -ի արմատն է, եւ ինչպես  կրոնք -ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում է ու ասվում է կիրք… Ամենքն էլ գիտենՙ ինչ ասել է  կիրք , թեեւ գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին բուռն ինքնաբեր զգացումը. այս անունով են իմացվում նաեւ այլեւայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ.  կրոնքանունը վերապահվել է հավատի զգացողությանը… Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին եւ հզորագույն կիրքը:
…Իր նշանակությամբ այս բառը, արդարեւ, շատ գեղեցիկ, փիլիսոփայական եւ նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է: Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կրող բառ ունի:

…Մեր երկրի դիրքը, ազգային եւ հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, եւ դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը»:

Ահա թե ինչ հետեւություններ է անում Ղեւոնդ Ալիշանը մեն մի հատիկ բառը քննելով, ինչ ընդհանրացումներ կատարումՙ երկյուղածորեն մոտենալով հայերեն բառին:

Մեն մի հատիկ բառից տրամաբանորեն բխեցնում է հայերի միաստված լինելը հնագույն ժամանակներումՙ կրոնը համարելով մարդու գերագույն կիրքը:
Մնում է ավելացնել, որ Էդ. Աղայանը այս նույն կիր արմատից է բխեցնում նաեւ կարիք, կարոտ, կարեւոր բառերը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 07.02.45 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ

Նախորդ զրույցում խոսեցինք կրոնի մասին: Իսկ ինչ կրոն առանց ծեսերի, այսինքնՙ առանց պաշտամունքային արարողությունների ամբողջության:

Այս զրույցում կխոսենք այդ արարողություններից մեկիՙ զատիկի մասին:
Զատիկ բառն առաջացել է  զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել».  զատել = զ + հատել :

Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) եւ Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն  պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց եւ անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար:

Զատիկ է կոչվում նաեւ այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, եւ հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, եւ մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին:
Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու եւ մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր եւ, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարեւաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է:
Հիշենք, որ առաջին մատաղը Աբելն արեց:
Զատիկ է նաեւ քրիստոնեական տոնըՙ ի հիշատակ Քրիստոսի հարության, որ տեղի ունեցավ հրեական զատկի օրը եւ փոխարինեց այդ հին զատկին:

Հիշենք, որ Քրիստոսը իր կյանքի վերջին տարում զատիկը կատարեց իր աշակերտների հետ այն օրը, երբ պետք է սկսվեր իր խաչելությունը: Քրիստոսը զատկական գառ համարեց իր անձը, եւ հրեաները որպես Աստծու գառ զոհաբերեցին, մատաղ արեցին Քրիստոսին: Զատկի օրերին քրիստոնյա սպանելու սովորույթը մինչեւ վերջերս պահպանված էր հրեաների մեջ:

Հացն ու գինին, որ կային վերջին ընթրիքի ժամանակ, խորհրդանշում էին Քրիստոսի մարմինը եւ արյունը, որ Քրիստոսը տվեց հրեաներին ի մահ մատնելու:

Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսը իր մարմնով մեղքից զատեց աշխարհը եւ մարդկանցՙ հանուն փրկության:

Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է թե՛ Կարմիր ծովը, թե՛ Քրիստոսի արյան գույնը:

Փաստորեն, քրիստոնեական զատիկը ինչ-որ իմաստով պատվաստ է հրեական զատկի տոնին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 07.06.48 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ

Այս զրույցը եւս առնչվում է հավատին եւ կրոնին: Այս անգամ եւս ստուգաբանություն-բանալին պտտենք  երեխա բառի փականքի մեջ, բացենք բառի դռները եւ ներս մտնենք, տեսնենք, թե ինչ խորհուրդ ունի իր մեջ պարփակած առաջին հայացքից ամենասովորական երեխա բառը:

Թվում էՙ բոլորս գիտենք, թե ինչ է երեխան. «նորածին աղջիկ կամ տղա, փոքրահասակ աղջիկ կամ տղա»:

Այժմ տեսնենք, թե սկզբնապես ինչ է նշանակել  երեխա բառը: Նախՙ բառը գրվել եւ հնչել է երախա եւ, որքան էլ զարմանալի է, նշանակել է «անկնունք, քրիստոնեական մկրտություն չստացած, չմկրտված անձ»: Երախայությունը, այսինքնՙ անկնունք լինելը, կապ չուներ տարիքի հետ. կային չափահաս երախաներ, որոնց մկրտությունը կատարվում էր չափահասության ժամանակ: Այսինքնՙ կարող էր լինել վաթսունն անց երախաՙ դեռեւս չմկրտված մարդ: Հնում ունեինք  երախայացուցանել բառը, որը նշանակում էր «մկրտել»: Հետագայում, երբ սովորություն դարձավ մկրտությունը կատարել մանուկ ժամանակ, երախա (երեխա) բառն էլ ստացավ իր «մանկիկ, նորածին» նշանակությունը:

Սրանից էլ առաջացան «երեխայամիտ», «տղայամիտ» նշանակությունները, այսինքնՙ «երեխայի պես մտածող, մանկամիտ, անփորձ, միամիտ»:

Այժմ  երախա բառը գրվում եւ արտասանվում է  երեխա , երկրորդ ձայնավորը նմանեցվել է առաջինին, չնայած մի շարք բարբառներում պահպանվել է արտասանության  երախա ձեւը:

Որոշ մեկնիչներ ուզում են բառի ծագումը կապել  երախ բառի հետ: Այսինքնՙ «կաթնկեր, որ չունի բերան խոսելու համար»: Հր. Աճառյանը մերժում է դա եւ համարում փոխառություն ասորերենից: Սա ավելի հավանական է թվում, որովհետեւ մինչեւ գրերի գյուտը քրիստոնեական ծիսակարգը կատարվում էր ասորերեն կամ հունարեն:

Այնուամենայնիվ, երախան երեխա է, եւ կարեւորը բառի ծագումը չէ, այլ բուն նշանակությունը: Կարեւորը այսօր այն է, որ Հայաստանում ծնվեն շատ երեխաներ եւ ստանան հայեցի կրթություն ու դաստիարակություն, որ պաշտոնյաները երեխայամիտ չլինեն, այլ լինեն երեխայասեր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 07.11.53 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ

«Կնքվա՞ծ ես, թե՞ չէ»: Հաճախ այսպիսի հարց ենք տալիս միմյանց: Բայց մենք գիտենք, որ կնքվում են փաստաթղթերը: Փաստորեն իրար հարցնում ենք. «Կնիք դրվա՞ծ է քեզ վրա, թե՞ չէ»: «Խաչակնքիրՙ չարը կխափանվի», մեզ սովորեցնում են հոգեւոր հայրերը: «Ո՞վ է կնունքիդ քավորը», հարցնում ենք միմյանց: Ի՞նչ կապ կա  կնիք, կնունք, կնքել, խաչակնքել, քավորբառերի միջեւ:

Առաջին չորս բառերը ակնհայտորեն պարունակում են  կնիք արմատը, իսկ  քավո՞րը :

Լեզվաբանների մի մասը պնդում է, թե  կնիք բառը մենք փոխառել ենք աքքադերենից, մի 4-5 հազար տարի առաջ: Մի մասը պնդում է, թե բառը իր ներկա իմաստն ստացել է հայերեն  կնիք«ոտքի ներբան, հետք» բառից: Սա շատ տրամաբանական է թվում, բայց շատ լեզվաբաններ չեն ընդունում:

Բայց լեզվաբանների մեծ մասն ընդունում է, որ մեր  կնիք բառը թուրքերը տարածել են աշխարհով մեկ, ինչպես  խաչերկաթ բառը, որը ռուսերենում դարձել է кочерга : Սլավոնական գրեթե բոլոր լեզուներում կա մեր  կնիք բառը, որը դարձել է  книга : Այսինքնՙ ռուսերեն  книга -ն մեր  կնիք բառից է:

Իսկ ի՞նչ է  կնիքը : Շատ վաղ ժամանակներում կավե սալիկների գրվածքները վավերացվում էին հատուկ կնիքներով: Քրիստոնեության ժամանակաշրջանում կնքում, մկրտում են երեխային, քրիստոնեական կնիք են թողնում նրա վրա: Ահա այստեղից էլՙ  կնունքբառը: Իսկ  քավո՞ր -ը: Ունեցել ենք  կնքավոր «մկրտյալ» բառը, որը տարբեր բարբառներում համառոտվելով տվել է  քավոր բառը: Այս բառը մեզնից փոխառել են բոշաներն ու քրդերըՙ քիրվա ձեւով:
Կնքել բառի հոմանիշն է  մկրտել -ը: Այս բառը, ըստ Հր. Աճառյանի,  մխրճել բառի մի ուրիշ ձեւն է, որ նշանակում է «սուզվել, ջրի տակ գնալ»: Ամենայն հավանականությամբ, բառն առաջացել է գետի ջրում կամ որեւէ ավազանում երեխաներին սուզելով, ջրի մեջ մկրտելով քրիստոնեական կնիք դնելու սովորույթից: Թեպետ բառն ունի նաեւ կենցաղային նշանակություն, պարզապեսՙ «լվացվել», եւ, հնարավոր է, որ շատ ավելի հին ժամանակներից է գալիս: Չէ՞ որ հայերս շատ ծեսեր ունենք ջրի հետ կապվածՙ Վարդավառ եւ այլն:
Այո, թուրքերը մեզանից փոխառել են  խաչերկաթ -ն ու  կնիք -ը, իսկ մենք նրանցիցՙ յաթաղան -ն ու  զուլում -ը: Մե՛նք ինչ ենք տալիս աշխարհին, նրա՛նքՙ ինչ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 07.53.24 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ

Հայերս զարմանալի ենք. երեւի միակ ազգն ենք, որ ունենք գրի աստվածՙ  Տիր : Ունեցել ենք նաեւ մեր ամսանունները, որոնց շարքում է նաեւ  տրե ամսանունը:
Տեսնենք, թե այս  տրե բառն ինչպես է մեկնաբանվում հայոց լեզվի բառարաններում եւ առանձին մեկնիչների կողմից։

Նախ ասենք, որ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», տարօրինակորեն, այս բառն ընդհանրապես չկա։

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի,  տրէ -ն հայոց ամսանուն էՙ նոյեմբեր-դեկտեմբերի միջեւ։ Այստեղ ստուգաբանությունը կապվում է ցերեկները կարճանալու եւ գիշերները երկարելու հետ։
Ըստ Գրիգոր Տաթեւացու,  տրէ բառը պարունակում է տիրոջ խորհուրդը. այդ ժամանակ Աստված տիրեց արարածներին։

Ստ. Մալխասյանցն իր «Հայերեն բացատրական բառարանում» գրում է, որ  տրէ բառն առաջացել է պահլավերեն  tir բառից, որն այնտեղ նշանակում է արեգակնային չորրորդ ամիսը։ Ըստ անշարժ տոմարի, համապատասխանում է նոյեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամանակամիջոցին։
Հայկական հանրագիտարանում կարդում ենք.

ՏՐԵ -  հայկական հեթանոսական տոմարի չորրորդ ամիսը։ Կապվում է Տիր աստծու անվան հետ ։

Ինչպես գիտենք, Տիր աստվածը հայոց մեջ դպրության, պերճախոսության, գիտությունների եւ արվեստների աստվածն էր։ Համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը, ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցողը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը։ Տիրի տաճարը գտնվում էր Վաղարշապատի եւ Արտաշատի միջեւ: Նա գրող էր. մատյանում գրում էր մեռնողների անունները: Եվ երբ ասում ենքՙ  գրողը քեզ տանի , ցանկանում ենք, որ Տիրը մարդու անունը գրի իր մահվան մատյանում:

Աստծու անունը ծագում է հնդեվրոպական նախալեզվի  տիրէ բառից. այն նշանակել է «փայլել, երեւալ», որից ցեղակից լեզուների մեջ զարգացել են «օր, երկինք, աստված» իմաստները: Հայերենում այդ արմատից են ծագել նաեւ  տիվ բառը եւ Տիր աստծու անունը: Տիրը նախապես եղել է ընդհանրապես աստված, բայց հետագայում ավելի հզոր աստվածներիՙ Հայկի, Արամազդի պաշտամունքի հետեւանքով դարձել է գիտության եւ ճարտարության աստված:
Տեսնենք, թե ինչ կապ կա Տիր աստծու եւ հին հայկական  տրէ ամսանվան միջեւ, որը հայոց չորրորդ ամսվա անունն է: Կարծիք կա, որ դեռեւս հեթանոս Հայաստանում դպիրները կախարդական, մոգական բանաձեւեր էին գրում, գիր էին անում, գրող էին: Այդտեղից էլ առաջացավ ժողովրդի վախն ու ակնածանքը գրողների նկատմամբ, նրանց ամենազորության նկատմամբ. չէ՞ որ նրանք կարող էին գիր անելով տնօրինել բախտն ու ճակատագիրը: Այդպես գրողները աստիճանաբար ժողովրդի աչքում աստվածացվեցին: Եվ դարերի ընթացքում առաջացան  գրողը քեզ տանի, գրողի ծոցը գնաս դարձվածները:

Տիր աստծու եւ  տրե ամսանվան կապը դեռեւս 19-րդ դարում նշել է անվանի հայագետ Հյուբշմանը, սակայն այդ ստուգաբանությունը մերժվել է Հր. Աճառյանի կողմից։ Ըստ նրա «Հայերեն արմատական բառարանի»ՙ  տրէ բառն առաջացել է պահլավերեն  tir բառի գավառական մի ձեւից։
Իսկ Էդ. Աղայանը դժվարընդունելի է համարում այդ ստուգաբանությունը, պատճառաբանելով, որ հին հայոց ամսանունները սեռական հոլովով են կազմվածՙ քաղոց, մարգաց եւ այլն: Այսպես պետք է մտածել նաեւ  տրէ ամսանվան մասին եւ համարել այն սեռական հոլով: Այսինքնՙ Տրէ ամսանունը ներկայացնում է մեր Տիր աստծու անվան սեռականը, եւ նշանակել է «Տիրի ամիս»:

Տիր աստծու անունից են առաջացել նաեւ հայերեն  Տիրիդատ (Տրդատ) «Տիրի ընծա»,  Տիրան«Տիրից ծնված» եւ այլ անուններ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Понедельник, 2014-10-27, 07.57.36 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է

Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, կամ ի՞նչ նոր բան կա ասվածի մեջ: Տարօրինակն այն է, որ գործածված  մարդ, մահ, մեռնել բառերը նույն արմատից են, իսկ նորն այն է, որ այդ ամենը շա՜տ հին է:

Մարդ բառն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի  mrto «մեռնել» ձեւից, որն էլ իր հերթին առաջացել է  mer արմատից: Նույն արմատից են նաեւ զանազան լեզուներում պահպանված նույնիմաստ բառերը. հին հնդկերենՙ մարտա, պահլավերենՙ  մարտ , պարսկերենՙ  մարդ , հունարենՙ  մորտոս , լատիներենՙ մորտիս : Բոլոր լեզուներում  մարդնշանակում է  մահկանացու : Զարմանալի է, որ մարդն ինքն իրեն անվանել է մեռնող: Թվում էՙ այդպես կարող էր նրան անվանել մեկը, որը մեռնող չէ, ասենքՙ Աստված: Ապշեցուցիչ է, որ մարդն ինքն իրեն վերեւից է նայել ու բնորոշել որպես մեռնող:  Մեռնել հասկացությունը եւս գալիս է հնդեվրոպական նախալեզվի  mer արմատից, եւ նշված լեզուներում նույնպես արտահայտվում է գրեթե նույն բառերով. գերմաներենՙ  մորթ , լատիներենՙ  մորիոր , պարսկերենՙ  միրադ , ռուսերենՙ  умереть եւ այլն:

Մահ բառը նույնպես  mer «մեռնել» արմատից է: Բառի հնագույն ձեւն է  մահր :

Կարծիքներ կան, որ  մահիճ բառը կամ  մահ բառից է եւ նշանակում է «մահ իջնել», կամՙ մահ եւ  նինջ բառերից:
Ինչ էլ լինի, հիշենք մեծ Թումանյանին.

«Մահը մերն է, մենքՙ մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
  • Страница 1 из 13
  • 1
  • 2
  • 3
  • 12
  • 13
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz