Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-12-21, 17.57.10
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Պարույր Սևակ, 1924-1971
AdminДата: Понедельник, 2009-12-14, 11.15.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Մոր ձեռքերը

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

30. X. 1955




Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.23.15 | Сообщение # 171
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՃՇՄԱՐԻՏ ԵՐԳԸ

Ճշմարիտ երգը ծնվում է,
Ինչպես կրակը զենքի մեջ.
Ետհարվածով ետ է մղում կրակողին,
իսկ ում դիպավ ` տեղնուտեղը սպանում է :
11.07.61
Մոսկվա



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.24.10 | Сообщение # 172
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սերգեյ Եսենին

Ահա նա ` հիմար երջանկությունը,
Որ այգուն նայող մի ճերմակ տուն է:
Մեղմ վերջալույսը լճակում հիմա
ԼՈղում է կարմիր կարապի նման:

Ողջո~ւյն քեզ ,ողջո~ւյն ,լռությո՛ւն ոսկե `
Ջրի մեջ ընկած ստվերով կեչու:
Աստղին է ուղղում աղոթքի խոսքեր
Տանիքին թռած ագռավների չուն:

Ինչ-որ տեղ հեռվում ,այգու հետևում,
Ուր արդեն ծաղկած փռնչենի կա ,
Նուրբ երգն է հիմա անվստահ թևում
Սպիտակ հագած նրբին աղջկա:

Վիթխարի կապույտ սքեմի նման
Գիշերվա ցուրտն է փռում արտերն ...
Օ~, երջանկություն հիմա՛ր ու հիմա՛ր ,
Օ~,թարմ վարդագույն անբիծ արտերի:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.25.06 | Сообщение # 173
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Էդուարդաս Մեժելայտիս

Կինը
(չորս դիմանկար)

Դու , իմ մտքի մեջ ,այսպիսին ես դու .

Մի լայնատարած կանաչ ծառի տակ ` մերկ բոլորովին,
լոկ մի տերևով ծածկված արձան ,արձան մի անտիկ ,
ճերմակ ձկան պես բարեկազմ ես դու ,և ինչպես
ծառն իր կանաչ ճյուղերով ` դու էլ մատներով
քո սքանչելի ,բարակ ու երկար ,դու էլ պահում ես
մի խնձոր ` ասես մի փոքրիկ արև ,ասես մի կլոր
ոսկեղեն կծիկ ,կարծես թե լռին առաջարկելով ,
որ հենց այդ կլոր կծիկով հյուսվի թելը գոյության:
Օ~ երջանկություն ստեղծագործման և արարչության:
Սկզբում նա էլ ,նա էլ է փոքրիկ ,ինչպես հատիկը կակաչի
սերմի ,բայց նույնպես կլոր ` խնձորի նման :
Իսկ այդ խնձորը ,ինչպես աշխարհը ,կլորացված է:
Եվ այդ մանրագույն ու փափուկ սերմի թելն սկսում է
ինքն իրեն մանել և ինքն իրենով սարքել մի կծիկ,
ստեղծել մի գունդ ` ծանոթ խնձորի մեծությամբ միայն ,
հետո աճում է վերաճում է մմի ողջ աշխարհի ,
ինչպես այս մեկը ,որ քո ձեռքին է,թելից ստեղծված
այս կծիկն ահա ` վիթխարի ,ինչպես Երկրագունդը մեր:
Այսպես – Դյուերի կտավի վրա –
լուռ կանգնած ես դու `
հողեղեն որքան ,նույնքան մեղսական ,պարզորեն ազդու:
Իմ մտքի մեջ էլ այսպիսին ես դու :

Դու , իմ մտքի մեջ ,այսպիսին ես դ ու .

Երկնային կապույտ ` պարզ ու լուսավոր :Անբացատրելի
մաքրության խորունկ գույներ թափանցիկ :
կապույտ երազներ աչքերիդ խորքում ` դու կանգ ես առել.
մանուկդ մեկնած այնպես ,որպեսզի նա կարողանա
այս ճառագայթող մշուշի միջից տեսնել այն ճամփան ,որ դեպի մոտիկ
պուրակն է տանում :Իսկ դեմքիդ վրա `
Անդորր ու Շնորհ –ուղեկցուհիններն ինչպես քո ,
այնպես ամեն մի կնոջ ,որ պատրաստ է միշտ թե՛ տառապելու ,
թե՛ սպասելու ,երբ իր երեխան առաջինն իրեն ,հենց
իրե՛ն պիտի այն կենտ աբռն ասի,որ որտեղ որ է կծնվի
հիմա:Եվ հենց ինքը նա ` մեկը մայրերից ,ինչպե՞ս պիտի նա
չհպարտանա նախնական սերմով այն հսկա կյանքի ,որ
ինքն է ծնել .ինչպես աշխարհում յուրաքանչյուր մայր ,որ
այս աշխարհին մանկություն է միշտ պարգևում սիրով ` երկունքի
ցավն իր արհամարհելով :Այդպես արևն է վաղ
առավոտյան աշխարհին տալիս շողն իր առաջին ` երկրային
օրվա երեխան նորոգ:Եվ ով իր ափով կարող է կշռել ավազների մեջ անշմարելի մի հատիկ ավազ,ընդունակ է նա զգալ կշիռը ողջ մոլորակի:Այդպես էլ մայրը
իր երեխային գրկի մեջ պահած ` ողջ Երկրագունդն `
իր գրկում պահում :Եվ այս պատճառով թույլատրված է
նրան սուրբ կոչել:
Այսպես `ծագելով անջինջ գույներից ԱՌֆայելի,
հավասարապես և՛ հողագունդը,
և՛ փոքրիկ գունդը
հաստատ պահելով ձեռքերում քո թույլ`
դու ,իմ մտքի մեջ,այսպիսին ես դու:

Դու , իմ մտքի մեջ,այսպիսին ես դու.

Քո կիսով բացված նրբին շուրթերից ոսկե քմծիծաղն
ինքն իրեն սահում ու հասնում է ինձ,կարծես թե
բացված ամպերի միջից արևի տաքուկ շողն է ճառագում `
ջերմացնելով իմ սիրտը սառած,
իմ սիրտը կլոր է ասես մի Երկիր խաղալիքային , և նրա
փոքրիկ ու տաք ծոցիկում աչում են հունդեր ,
որ լավ ու բարի կարիքների մեջ մոռացված էին:
Քո շրթունքներից աննվաճորեն ոսկե քմծիծաղն ինքն է սահում դուրս,
ինչպես ծիծեռնակն ` իր լռին բնից,որ ծվարել է տաք
կտուրի տակ :Ու թռչում է նա ` թևերը բացած ,որ հաշիվ տեսնի
մժղուկների հետ ` ահաբեկելով ճղճիմ մտքերի
երամներն ամեն:
Այսպես դու ` նման Մոննա Լիզային,
մեր մանր ու խոշոր թուլությունների վրա ես խնդում,
և իմ մտքի մեջ այսպիսին ես դու:

Դու,իմ մտքի մեջ ,այսպիսին ես դու.

Մշուշի նրբին ու թխակապույտ մարմաշի միջից,վաղ առավոտյան,
իմ առջև տեսա մի բոլորովին նոր Աֆրոդիտե:
Անշարժ ու ճերմակ ` ոչ վաղուց ինքը մարմար էր մի պաղ,
սակայն դիցուհուն իր պատվանդանից ցած բերին ահա,
և նա թափանցիկ –կապույտ սենյակում դարձավ կենդանի
և ապրող մի կին:Ու հավերժական իր անշարժությունն
ընդմիշտ մոռացած ` մարմարը դարձավ նուրբ – ճերմակ
մարմին . որից գալիս է վաղ գարնանային յասամանի բույր:
Դեմքը` մտախոհ ու նույնքան լուսե :Ու շրթունքները ` կիսաբաց ծաղիկ:
Կուրծքը ` կենդանի շնչառությամբ լի:
Թխաբախումի նմանվող ձեռքեր ,ու սառցակապույտ ձյունը մարմնի,-
ես ցանկանում եմ նրան բաղդատել լճային ճերմակ այն թռչունի
հետ ,որ լճափյան մշուշ է հագնում և կոչվում կարապ,-
անդրայստեղյան ,անդրհողային և մեզ անհրաժեշտ,
հավե~րժ անհրաժեշտ ` հանուն գեղեցիկի:
Այսպես ` նկարում Ռենուարի
գծագրում ես մի գեղեցկություն,որ երկրային է և ոչ երկնային:
եվ իսկապես էլ այսպիսին ես դու ,
նույնն ես քնի մեջ ու նույնը ` արթուն :
Տարբեր լինելով ` դու միևնույնն ես:
Ինչքան օր ` այնքան ուրիշ մի գույն ես:
Դու ` ամբողջական բանականություն,
Դու ` գեղեցկություն ,բանականություն
Երկնային ու նուրբ,
Սեղավոր ու սուրբ:

Այսպիսին ես դու,
Ու լոկ այսպես էլ,
Միա՛յն այսպես էլ հարկավոր ե ս ինձ:



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.25.58 | Сообщение # 174
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Խաղալիք սարքողը

Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ «ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
ՈՒ չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ՝
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
ՈՒ երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝
Այլևս չասել չեմ կարողանա
ՈՒ կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:

...Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ին՞չ արժի» ես ինձ
Լուռ կասեմ «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ...
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասե՛ս»:
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր,
«Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»...
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը:
ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:

Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի... անցած մի կյա՜նք»...

Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:

Եվ ամեն անգամ
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հարց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»:
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
ՈՒ...հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
ՈՒսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում են ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
ՈՒրեմն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ...վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:

ՈՒ պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր՝
ՈՒր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
ՈՒ խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ՝ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի մի...անցած մի կյա՜նք»...

...ՈՒ պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտրով:
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ...համերգի տոմս առնեմ ու...
...Գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով...
Իսկ թե այդ պահին
Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ,
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ կարճ կոչվում են «տերև»...

ՈՒ տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:

Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
ՈՒմ իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՛նչ լինելը:
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկըրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.27.07 | Сообщение # 175
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ա

Մենք կայինք նաեւ նրանից առաջ,
Եւ դարեր առաջ:

Մենք բռնութիւնից խոյս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ,
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եւ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայք ...

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՜ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկնքից անջուր
Գոնէ անձրեւի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կաւին տալիս էինք մենք
Ձեւը վարսանդի
Եւ կոչում կարաս,
Որի մէջ յետոյ լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եւ մկրտութեան այդ ջուրը դեղին
Հարբածութիւնից նոյնիսկ առաւել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդգնում կոչել «բարբարոս»:

Մենք յամառ ոսկուն ստիպում էինք նաեւ մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եւ այդ հլութիւնն անձնատուր ոսկու
Անւանում էինք Մայր զգաստութեանց՝ Մեծն Անահիտ:

Մենք տալիս էինք անյատակ վիհին մի նոր խորութիւն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրութիւն մի նոր
Եւ ...կոչում առնի ...

Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ:
Մեր արքաների եւ իշխանների արածի վրայ չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրայ բամբ բամբիռների
Եւ ...դա անւանում Երգ Վիպասանաց ...

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփւելով,
Լոկ հպարտութեան խօսքերով էին շուրթերը բանում
Եւ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝
Օտար զօրութեանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով եւ ոչ մի կնոջ՝
Առնականութեան եւ վեհանձնութեան դաս էին տալիս,
Այնպիսի մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում ...

Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ:
Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալոյս էինք թելերով հինում.
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաեւ հաճոյքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքաւողների,
Որոնց մարմինը նւագ էր լռած
Եւ որոնք նաեւ «երգեին ձեռամբ» ...

Բ

Այո՛, մենք կայինք նրանի՛ց առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնւած մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քշւած իր երկրից,
Օտարականի ու հիւրի տեսքով,
Ինքն իրեն տարաւ աշխարհից-աշխարհ:

Զորաւոր էին աստւածները հին,
Այնքան զօրաւոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկաւ շաղ տալու խօստումներ օդում,
Եկաւ զինավառ գեղեցիկ ստով ...

Միամիտ էին աստւածները հին,
Միամիտ այնքան,
Որ ծարաւն իրենց յագեցնում էին լոկ արեամբ զոհի
Եւ իրենց քաղցը նոյն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկաւ ասելու,
«Այս է մարմինն իմ, առէք ու կերէք:
Այս է արիւնն իմ ըմպեցէք սիրով» ...

Ուղղամիտ էին աստւածները հին.
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պէս.
Իրենց հաւատի հանդերձը նրանք
Միշտ ձեւում էին ճիշտ կեանքի վրայ:

Իսկ եբրայեցին եկաւ կարելու,
Մի համընդհանուր կախարդիչ հանդերձ,
Որով որ պիտի հաւասարւէին
Ե՛ւ վտիտ ու գէր,
Ե՛ւ հաստ ու բարակ ...

Ճշտախօս էին աստւածները հին,
Ճշտախօս էին՝
Երեխայի պէս.
Մարդկանց մարդ էին նրանք անւանում,
Իսկ իրենց՝ աստւած:

Իսկ եբրայեցին ասաց, «Մարդ եմ ես»,
Եւ ...դարձաւ աստւած՝
«Մարդ եմ» ասելով ...

Զօրաւոր էին աստւածները հին,
Այնքա՛ն զորաւոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմութեան մէջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում՝ պիտի կործանւի՜ ...

Գ

Եւ կործանւեցին աստւածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունէին տարբեր աստւածներ բազում,
Պարտաւոր էին հիմա ունենալ
Միայն մի աստւած,
Բոլո՛րը լոկ մի՛, միայն մի՛ աստւած:
Եւ չգիտէին,
Թէ ո՞վ է այդ Մին
Եւ ի՞նչ է ուզում ...

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմօրուք շէկ Վահագներին փոխարինելու
Եկաւ մի հրեա սեւմօրւք-սեւբեղ,
Եւ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկւայ տեղում այսօր հաստատեց
Իր մօրը դալո՜ւկ, թէ՞ ամօթահար:
Եւ խօսում էին նրանք մի լեզւով,
Որ չէ՜ր հասկացւում:

Մեհեանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրայ,
Հասակ նետեցին
Դեռեւս անծեփ եւ փայտակտուր աղօթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մէջ,
Ապա՝ երկնքի՛ ...
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատութեան տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատութեամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հաւատի,
Որ իրեն կոչում կամաւորութիւն,
Բայց տարածւում է պչնութեամբ տքնող ...

...Առանց հաւատի կեանքում դիւրին չէ նոյնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն ...արդէն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հաւատը հին,
Իսկ հաւատը նոր հաստատւեց խօսքո՜վ,
Մի՛միայն խօսքով,
--Դեռ նորը չկա՜ր:

Աւերւեց հինը ու փլատակւեց,
Իսկ նորը միայն կառուցւեց խօսքո՜վ,
Մի՛միայն խօսքով
-- Դեռ նորը չկա՜ր:

Եւ այսպէս՝
Յանկարծ Ու դանդաղօրէն
Ամէ՜ն ինչ շրջւեց,
Տակն ի վեր եղաւ,
Եւ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
-- Ինքը շրջողն իսկ չէ՜ր կարող էլ, չէ՜:

Եւ այսպէս՝
կեանքից մնաց մի «մեղայ»,
Որ պիտի նաեւ ... բարձր չհնչէր:
Եւ այսպէս՝
Անցաւ ողջ հարի՜ւր տարի,
Որ կարճ է թւում. երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես եւ ամէն րոպէ
Զգում ես մաշկի՜դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
այնժամ ...

Դ

Հէնց այսպէս էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչւած աշխարհն էլ արդէն
Լոկ անունով էր Հայաստան կոչւում:

Զոհւած արջառի տաքուկ սրտի պէս
Մեր հողն էր կիսւած
Ու բռնի քաշւած
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մէկը պարսիկն էր բռնել կրակի վրայ,
Միւսը բռնել էր մոմերի վրայ նենգ բիւզանդացին:

Խորովւում էինք,
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Աակայն ճենճերից--այդ ո՞վ չգիտի-- չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքւում է մոլութեամբ մի նոր:

Մե՛ր հողի վրայ,
Մե՜ր երկնքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ,
Նոյնիսկ մեր հօրը երկրպագելու,
Եւ կամ թէ որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրէինք մի թոյլտւութիւն,
Որ եթէ հասնէր՝
Պարտաւոր էինք համարել շնորհ
Եւ շնորհակալ մնալ յաւիտեան:

Հայաստան կոչւած աշխարհը կիսւած
Նստել էր արդէն
Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացւում,
Իսկ մեր մարմնաւոր տէրերը բոլոր
Ունէին լոկ մի մտահոգութիւն,
Լոկ մի խոհ բարձր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՞յքը իրենց
Եւ իրենց բա՜րձը:

Միա՛յն չզրկւել իրենց վերադաս տիրոջ շնորհից,--
Զսպանակի պէս
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճօճում:
Միա՛յն թէ կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ վիհն էր որոճում ...

Աւերակւել էր երկիրը հայոց,
Ու եթէ նրա տէրերը տանու
Գէթ ունենային ազնւութիւնը իրենց նախորդի՝
Նրա պէս պիտի մռռային նորեն,
«Աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» ...

Ե

Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց,
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զէ՜նք է հարկաւոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պէտք է ասպարէ՜զ,
Որ նո՜յնպէս չկար:

Կար միայն պարի՜սպ,
Որ տարածւում էր աշխարհից աշխարհ,
Եւ կային նաեւ ազնիւ ճակատներ,
Որոնցով երբէք պարիսպ չե՜ս քանդի ...
Աշխարհի վրայ արդէն իշխում էր մի ճշմարտութիւն,
Որ հարիւո՜ւր տարի,
Հարիւր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտութիւնը կարգին հաստատել.
Մի ճշմարտութիւն,
Որ ամէն վայրկեան
Կամայ-ակամայ հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկութիւնը
Եւ իսկութիւնը:

Յիսուսը,
Որ մի հրեա էր ազնիւ,
Արդէն շա՜տ վաղուց դարձել էր իրօք
Մի բիւզանդացի խորամանկ ու նենգ,
Եւ նոր հաւատի եդեմ դրախտի պաճուճանքի տակ
Հին բիւզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մէջքին,
Այն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցաւից նոյնպէս տնքալու իրաւունք չունէր,
Եւ տնքոցի տեղ
Դեռ «ալէլո՜ւ ա» պիտի որոտար:

Իսկ իսկութի՜ւնը ...

Հաւասարութեան ու եղբայրութեան ազնիւ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք
Օտար ծէս ու կարգ:

Իսկ իսկութինը չէ՞,
Որ զօրքից յետոյ
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եւ ինչ չի կարող ո՛չ մի զօրք անել՝
Լեզուն է անում:

Իսկ իսկութի՜ւնը ...

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՜ղ կաղապար,
Որ արդէն հարիւր տարի էր տեւում,
Ո՛չ թէ գաղափար
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մէջ էր ձեւում.
Ո՛չ թէ գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛ւ մարմնի համար,
Որ շնչակտուր հեւում էր, հեւում,
Ե՛ւ հոգու համար:
Որ վաղուց արդէն ազատ չէր թեւում.
Ե՛ւ լեզւի համար ...

Գէթ լեզո՛ւն գործէր,
Մինչդեռ մեր լեզո՜ւն ...

Զ

Իրաւունք չկար երգել երգը մեր,
Որ դարեր ի վեր
Հնչել էր լեզւով մեր ոսկեղենիկ,
Ե՛ւ մեն ու մենիկ՝
Սիրոյ խօսքերով,
Ե՛ւ որւախութեան տաճարների մէջ՝
Գինու հոսքերով,
Ե՛ւ մեր եօթնօրեայ հարսանիքներին՝
Մեր փակ բակերում,
Բաց տանիքներին:
Իրաւունք չկար նաեւ նւագել՝
Ո՛չ վինի վրայ,
Ո՛չ էլ բամբիռի:
Այս կեանքի համար հոգացի՞ր՝
Պիղծ ես,
Ե՛ւ անօրէն ես,
Ե՛ւ բանագրւած:
«Ամէ՜ն ինչ արա յանուն ա՛յն կեանքի,
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ...

Թատրո՞ն ես գնում՝
Ուրեմն պիղծ ես.
Կեր ու խո՞ւմ անում՝
Ուրեմն պիղծ ես:

Պարի՞ նայեցիր
Եւ կամ պարեցի՞ր՝
Ուրեմն պիղծ ես:
Սիրասթա՞փ եղար,
Նոր սէ՞ր արեցիր՝
Ուրեմն պիղծ ես:
Այս կիանքի համար գէթ մի՞տք արեցիր՝
Ուրեմն պիղծ ես:
«Ամէ՛ն ինչ արա ա՛յն կեանքի համար,
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ...

Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ
Իրաւունք չկար մինչեւիսկ լալու:

Որդո՛ւդ ես սգում՝
Ուրեմն պիղծ ես:
Ողբում ես մօ՞րդ՝
Ուրեմն պիղծ ես:
Իրենց իսկ տւած ցաւի՞ց ես լալիս՝
Անօրէն ես դու,
Արժանի մահւան:
Դաւանանք կոչւած դաւի՞ց ես լալիս
Անօրէն ես դու,
Արժանի մահւան:
«Մտածիր միայն ա՛յն կեանքի մասին
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու» ...

Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ
Իրաւունք չկար մինչեւիսկ լալու:

Է

Իրաւունք չկար
Արեան փոխարէն գէթ արցունք ոթիլ:

Եւ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թէ աղօթել:
Աղօթել նրան՝
Այն նոր աստծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՞ղ,
Բայց ողջը՝ յետո՞յ,
Եւ ոչի՜նչ հիմա,
Եւ ոչի՜նչ ցածում:

Այլ բան չէր մնում,
Քան թէ աղօթել:

Բայց նրանք նոյնիսկ իրենց աստծուն
Աղօթում էին օտար խօսքերով,
Խօսքեր ոչ պակաս անհասկանալի
Քան ինքն այդ աստւած:

--Եւ մարդկանց յոգնած սրտերի վրայ,
Որ երեկ այնպէ՜ս յուզառատ էին,
Այնպէ՛ս զգալի,
Իջել էր արդէն անտարբերութիւն մի կործանարար
Ե՛ւ վաղվայ հանդէպ,
Ե՛ւ ապագայի:

Ոչ ոք չգիտէր վաղն ի՞նչ կբերի:
Եւ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նոյնիսկ խոստացեալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ -- անկենդան նկար:

Անդնդանում էր մի անյայտութիւն,
Անորոշութիւն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշեալ մահից:
Մի անյայտութի՛ւն որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եւ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաեւ օդի՛ց ու քամո՜ւց անգամ:
Պէտք էր, շա՜տ էր պէտք ինչ-որ բան անել.
Սակայն ի՞նչ անել եւ ինչպէ՞ս, ինչպէ՞ս:

Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր ...

Ը

Եւ այդ պահին էր, որ աշխարհ եկաւ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկաւ,
Ի՞նչ ակից բխեց:
Եւ ինչպէ՞ս եկաւ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպէս՝ արցունքն է ծնւում աչքի մէջ,
Երբ որ աչքի մէջ ընկնում է աւազ:
Այդպէս դառնում է աւազն ապակի,
Եւ ապակին է հայելի դառնում:

Այդպէս՝ արեւը ամէնից առաջ
Լուսաւորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բոյնը:

Այդպէս՝ գոյութեան ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գոյնը,
Եւ դա թւում է անսպասելի ...

Նրանց ծնունդը միշտ էլ թւում է անսպասելի
Եւ յետոյ մարդկանց դարեր շարունակ զարմանք
պատճառում,
Բայք նրանք կեանքում միշտ էլ ծնւում են լոկ այն
պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց:

Ժողովրդի մէջ ննջում են նրանք,
Ինչպէս ջրի մէջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպէս ընտանի աքաղաղի մէջ՝
Իր իսկ երբեմնի թռչունութիւնը,
Ինչպէս մանուկի պարապ բերանում՝
Ակռայ- ատամը:

Նրանք ծնւում են իրենց ծնողի անօգնութիւնից,
Որպէսզի դառնան նոր զօրեղութիւն:
Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի հոգնութիւնից,
Որպէսզի դառնան հանճարեղութիւն:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն
Թէ վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնւում են որ ապացուցեն,
Թէ հրաշք չկա՜յ,
Կայ միայն կարի՜ք:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէն մի հնար ...

Թ

Այդպէս էլ ծնւեց մէկը նրանցից,
Ծնւեց նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:
Եւ նա չծնւեց, որ աւելացնի
Հարց տւողների բանակն անպակաս,
Նա եկաւ աշխարհ՝ պատասխանելու,
Եւ պատասխանը գտաւ իսկապէս ...

Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զէնք է հարկաւոր:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Պէտք է ասպարէ՛զ:

Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց
Մի զէնք ժանգախոյս,
Եւ ծովաւորեց
Ասպարէզ մի նոր:
Որ թոյլ-ուժեղի,
Շատ ու սակաւի,
Քիչ ու բազումի
Մրցութիւն չկայ՜:
Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ
Այրուձիի տեղ մտքերն են կռւում,
Թանաք են յեղում արեան փոխարէն,
Եւ յաղթանակը կոչւում է մատեան ...

Մենք կայինք այո՛, նրանից առաջ:
Սակայն նա ծնւեց,
Որ գայ ու դառնայ ինչ-որ մի Սկիզբ:

...Նրանից առաջ կային աստւածներ՝
Երկնքի, սիրոյ, պտղաւորումի.
Ինչպէս փոթորկի, նաեւ ...դպրութեան:

Եթէ բոլորը՝ մինչեւիսկ ստոյգ,
Վերջինս սուտ էր, սուտ ստուգապէս,
--Աստւած կար, սակայն դպրութիւն չկա՜ր:
Նա՝ հաւատաւորն իր նոր հաւատի,
Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնդեց
Եւ ինքը մնաց նրա փոխանակ:
Բայց մինչ դպրութեան հին աստւածը մեր
Շարունակ միայն մի գործ էր անում՝
Մարդկանց հոգին էր առնում ու տանում:
Նա եկաւ, որ մեզ հոգի պարգեւի ...

Այո՛, մենք կայինք նրանից առաջ.
Հզօր թէ տկար՝
Մարմին էինք մենք:

Սակայն նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ.
Շոշափւո՜ղ հոգի,
Եւ անմե՜ռ հոգի:

Այո՛, մենք կայինք նրանից առաջ
Քիչ թէ շատ կար հաց,
Եւ ունէինք ջուր:

Սակայն նա ծնւեց, որ Սնո՜ւնդ դառնայ:

Ծնւե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛ւ, որ լինե՛նք,
Եւ անմահացա՛ւ,
Որ անմահանա՛նք ...

Ժ

Կիսւած էր արդէն հայրենիքը մեր,
Եւ յետոյ պիտի այդպէս էլ մնար.
Դարերով հեղւած մեր արիւնը սուրբ
Պիտի ապարդիւն կորչէր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահաւոր.
Մեր հողը պիտի մեզ կարօտելուց
Պատւէր եղինջով ու փշով խայթիչ.
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկւած,
Պիտի որ ինքն էլ իր զուքսից զրկւէր.
Յետոյ մեզ պիտի խաբէին այնպէ՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բիւզանդացին,
Զարմանար ինքը:
Յետոյ պիտի մեզ ...
Միջահատւած էր մեր հողը բնիկ,
Ճեղքւած էր արդէն հայրենիէը մեր:

Եւ նա չծնւեց ինչ-որ մի մօրից:
Նա հէնց այդ ճեղքից ծառացաւ յանկարծ,
Որ ճեղքը լցնի գէթ ինքն իրենով,
Եւ այդ ճեղքը նա լցրեց իսկապէս,
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ նա էր միայն, որ բերեց իրար
Եւ միաւորեց ...արդէն մեր մտքո՜ւմ:
Եւ այդ օրից վեր
Ու մինչեւ այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդէմ ճչացող այն խախտումների,
Որ բախտն է անում սուսոփո՜ւս այնպէս,
Եւ անում անձայն մի քմծիծաղով,
Որի տակ պիտի ամօթն իր ծածկի,
Բայց իզո՜ւր.
Ծածկել չի՛ կարողանում,
Ինչպէս չի ծածկում ծածկոյթը խոտի
Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամօթի ...

ԺԱ

Չունէինք արդէն պետ ու պետութիւն.
Ծաղրանկար էր եղածը արդէն՝
ծւած ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թէ մենք իրենց:

Յետոյ մենք պիտի գաղութ դառնայինք՝
աղութի մարզպան-կառավարիչով:
Յետոյ մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից-անկում,
Մեր մէջքի վրայ երկանք աղային
Եւ ստիպեին, որ ժպտանք նաեւ:

Յետոյ մենք պիտի մեր շէնից զրկւած՝
Քաղաք շինէինք աւերն ուրիշի:
Յետոյ մենք պիտի մեր հերկից զրկւած
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Յետոյ մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած իւրովի դրօշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրայ
Երկիր կոչեցեալ այն կլոր գնդի,
Որտեղ որ պիտի ամէն ճանապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ ...հայրենիք չբերե՜ց երբէք ...

Չունէինք արդէն պետ ու պետութիւն,
Հայրենեաց գահը փլւածք էր տւել:

Եւ այն չծնւեց ինչ-որ մի մօրից.
Նա այդ փլւածքից բուսնեց սխրանքով,
Որ այդ փլւածքը ողջանայ նորից:
Եւ այդ փլւածքը իրօք ողջացաւ:
Այն ինչ որ անել չկարողացան
Արշակ-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշէ,
Սա՛ արեց միայն՝ անզէն ու անզօրք.
Մեզանից խլած մեր պետութեան տեղ
Ստեղծեց մի նոր՝
Չեղեա՜լ պետութիւն,
Թագաւորութիւն մի հզօրազօր՝
Ո՛չ թէ մեզանից խլւած հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրայ,
Այլ մի անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛
Երբէ՜ք չխլւող հոգիների մէջ:

Եւ այնուհետեւ անվախճան եղաւ
Թագաւորական նրա տունը մեծ,
Եւ մեր հոգեւոր թագաւորութեան
ահին բարձացող ամէ՜ն թագաւոր
Ծնւե՛ց նոյն տնից,
Նո՛յն ցեղից սերեց
Եւ պատւով-փառքով-վեհութեամբ կրեց
Նո՜յն տոհմանունը՝
Մեսրոպ Մաշտոցեանք ...

ԺԲ

Այսպէ՛ս ծնւեց նա:
Բախտի հակառա՞կ,
Թէ՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկաւ, որ մեզ վերադարձընի
Այն, ինչ խլել էր նոյն բախտը երեկ:

Առանց հաւատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն ... արդէն անտանելի է:

Եւ մեր կործանւած հին հաւատի տեղ
Մեզ նո՜ր հաւատով զինեց վերստին:
Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
Բերեց չքերւող-անջինջ-հաւատքին:
Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տւեց անցամաք ստինք,
Որով եւ նրանք կրկնամայր եղան.
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,--
Եւ բիրտութդան տեղ փռւեց կրթութիւն,
Պարապմունքներով պարապը լցւեց,
Ու մէկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտն կայտառ քերթութիւն
Ընդոստնեց մէկէն ու վազքի լծւեց:

Մեր փլատակւած--փլուզւածի տեղ
Նա նորը կերտեց, նորը կառուցեց.
Նաւաբեկւածի ու սուզւածի տեղ
Անտակ յատակից նորը յարուցեց
Արգելւած երգի զւարթ գոյնի տեղ
Խորունկի վրայ տրտումը հինեց.
Անմիտ միտումով քանդւած բոյնի տեղ
Հոգեբնակման մեր տունը շինեց.
Օտարի զէնի ու զօրութեան դէմ
Նո՛ր հզօրութեա՜մբ-նորութեամբ զինեց՝
Զէնքով մի նորոգ եւ սքանչելի,
Որի դէմ պիտի դառնային անզօր
Նետ ու եաթաղան,
Փղեր ու տանկեր,
Եւ որ մեր ոգու անբան կանչերին
Պիտի որոտով միշտ արձագանգէր:

Դա զէ՞նք էր արդեօք,
Թէ՞ լոյս էր, մի լո՜յս,
Որ օտար հողմից երբէք չհանգաւ,
Այլ քանի գնաց՝ պիտի որ յանգէր
Անծուխ-զտաբոց անշէջ կրակի
Եւ տառապալից մեր օրերի մէջ
Լինէր կենարար զւարթ կիրակի:

Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
Եւ այդ վտանգից նաեւ ահագին՝
Նա օտար հրի ճարակի դիմաց
Մեր ինքնութիւնը կոփեց ու կռեց.
Օտար եկամուտ վարակի դիմաց
Մահ համտես արած մեր ամէնիմաց
Առողջութիւնը որմի պէս դրեց.
Դրեց խարդախւած կաթի դէմ՝ մերան,
Քանակի դէմ՝ թիւ,
Թւի դէմ՝ թռիչք,
Արեան դէմ՝ թանաք,
Սրի դէմ՝ գրիչ,
Եւ դարանի դէմ՝ Մատենադարան ...

Եւ մենք նրանով միշտ զինավառւած,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արւած,
Անվերջ կրելով զարկեր ու հարւած
Նաեւ յաղթւելով ժանտ բանակներից՝
Ժանտերից ժանտին յաղթեցինք կեանքում--
Յաղթեցինք դաժան ժամանակներին.
Կանգուն առ կանգուն թաղւելով հողում՝
Յառնեցինք դարձեալ,
Մնացինք կանգուն.
Անվերջ ընկնելով՝
Վերաթեւեցինք.
Մեռնելով անվերջ՝
Գոյատեւեցինք ...
Եւ հիմա արդէն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՜զ չեն յիշում.
Այլ մենք ենք յիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների,
Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
Հպարտ ենք արդէն մեր նոր որակով.
Մենք՝ բռնադատւած արբանեակութեան,
Հպարտ ենք հիմա այս արբանեակով,
Որի ծիրի մէջ կայ եւ վաղը մեր.
Եւ հպարտ՝ նաեւ հրթիռով այն նոր,
Որի թիռի մէջ կայ հրաշքը մեր ...

Այսպէ՛ս ապրեցինք
Եւ այստե՛ղ հասանք:
Այսպէս շիթւելով՝
Դարձանք գոռ հոսանք:

Մենք՝ հինը հնից,
Նորացա՜նք նորից.
Եւ այս ամէնը՝
Նրա՛ շնորհիվ ...

Ժ

Այսքանից յետոյ ի՞նռ կոչել նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրայ
Մի նշանացի՞ց,
Մի սի՞ւն,
Կամ թէ ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

Ու եթէ պիտի գիր ու տառ յիշւի,
Ապա նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է-- հասնում խորհրդանիշի,
Եւ ...մարդը ձգւում ու դառնում է Մարդ.
Անցողիկ մարտը՝ յաւերժական Մարտ,
Խեղճ տքնութիւնը՝ զօրեղ Տքնութիւն,
Ինքնութիւնն անուժ՝ հուժկու Ինքնութիւն,
պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝ ...Մաշտոց:

Մաշտո՜ց ...
Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկաւ ապացուցելու,
Թէ մի տեղ վերջը դառնում է սկիզբ:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թէ հրաշք չկա՜յ,
Այլ կայ լոկ կարի՛ք:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եւ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէն մի հնար ...

Պարոյր Սեւակ
1962, փետրւար
Երեւան



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.27.51 | Сообщение # 176
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Եվ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր էին հիմա ունենալ
Միայն մի' աստված,
Բոլո՜րը` լոկ մի', միայն մի' աստված:
Եվ չգիտեին,
Թե ո՞վ է այդ Մին
Եվ ի՞նչ է ուզում...

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ խոսում էին նրանք մի լեզվով,
Որ չէ՜ր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանք դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք`
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ` սրտերի՜ մեջ,
Ապա` երկընքի'...
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող...

...Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի'միայն խոսքով.
– Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի'միայն խոսքով.
– Դեռ նորը չկա՜ր:

Եվ այսպես`
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ շրջվեց,
Տակն ի վեր եղավ,
Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
– Ինչը շրջողն իսկ չէ'ր կարող էլ, չէ՜:

Եվ այսպես`
Կյանքից մնաց մի §մեղա¦,
Որ պիտի նաև... բարձըր չհնչեր:
Եվ այսպես`
Անցավ ողջ հարյո՜ւր տարի,
Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաշկի'դ, զգում ես սրտո'վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով`
Այնժամ...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.28.32 | Сообщение # 177
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,-
Նրան ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար.
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

Ա'յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա'յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա'յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.29.02 | Сообщение # 178
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ

Ես կարող եմ ենթադրել,
Թե այս ջուրը ոչ թե պղտոր, այլ վճիտ է,
Ես կարող եմ ենթադրել,
Թե հոյակապ ապարանք է այս խրճիթը:
Ես կարող եմ ենթադրել,
Թե այս ծուխը
Գոլորշացող քարածուխ է,
Եվ այս կարմիր ճոթը բարակ
Ոչ թե լաթ է, այլ բոց-կրակ...

Ես կարող եմ ենթադրել, թե ինձ մոտ ես,
Թեպետ և մեզ սար ու ձորեր են անջատում:
Ես կարող եմ ենթադրել,
Թե դու համեստ-ամաչկոտ ես,
Մինչդեր իրոք՝
Ինձ պարզապես չ՜ես նկատում...

Ես կարող եմ ենթադրել,
Թե այս քունը արթնություն է,
Եվ այն ծանր պարտությունը
Չտեսնված հաղթություն է.
Թե այս տանձը... մեծ սափոր է,
Եվ հանդես է այս... թափորը.
Թե այս լեռը... մի շուռ տված հսկա փոս է,
Եվ մի փոքրիկ ինքնահոս է
Իմ այն մատը,
Որ կոչվում է կարծես ճկույթ...

Ես կարող եմ ենթադրել,
Բայց ի՜նչ օգուտ...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.29.22 | Сообщение # 179
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՄԻԱՆԳԱՄԻՑ

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում,
Միանգամից ո'չ մի կարպետ և ո'չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մ'իրգ չի հասնում միանգամից, ու՜ր մնաց թե ՝ խելոքանան,
Զու'յգ չեն կազմում միանգամից, ու՜ մնաց թե ՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո'չ այսօրն է անցյալ դառնում, ո'չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա'վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի' անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
ՈՒ երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է ՝ թող որ լինի միանգամի՜ց...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Понедельник, 2009-12-14, 14.29.59 | Сообщение # 180
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ջամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք:
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում՝
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
ՈՒրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

"Անջատվա՜ծ է":
Այս բառն ինձ դարձըրել կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն...

ՈՒ՞ր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա'շտ կա: Անջատվա՜ծ ենք:
Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա... անջատվա՜ծ ենք...

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի'նձ հետ, լռությա'ն հետ և մեր անջատմա'ն հետ...

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է ՝ ճյուղի նման ջարդված...

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությու'ն չէ: Համատարած Ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե'կ բառով է լցված ՝ "անջատվել"-ով:

Եվ մեկ միտք է հիմա մեջս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե'նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս "անջատվել" բայը:
Թե կա ՝ ես փոխում եմ ազգությու՜նըս...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz